Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Ա
ՕՀԱՆԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻ ԿՈՆԴԱԿԸ

Ժամանակների ի հայտ բերելը եւ նրանց պատմությունը գրվեց առաջին պատմագիրների կողմից, որոնք գրեցին ժամանակների ու դարերի մասին, ինչպես որ իմացան ըստ իրենց գիտության՝ երեք ժամանակների մասին՝ այսինքն անցյալը կարդալով, ներկան գրելով, ապագայի մասին հիշատակելով հայտարարեցին: Ոմանք երկարաբանությամբ, ոմանք համառոտելով, ոմանք անցյալի վերաբերյալ գրեցին, ոմանք ժամանակագիրներ էին, ինչպես որ ցույց է տալիս իրենց պատմությունը ըստ իրենց ոճի: Ոմանք գրեցին փիլիսոփայական ճարտասանությամբ, ոմանք աստվածաշնչական գիտությամբ, ոմանք լի իմաստությամբ, ոմանք էլ ընդհանուր կերպով: Եվ ինչ-որ ձեւով մեզ ճանաչեցրին անցյալը, որ մենք ներկայումս ուսանելով եկող սերունդներին իմացնենք: Ինչպես ես՝ եկեղեցու ծնունդներից վերջինս, Քրիստոսի քանքարաթաքույց ծառա Զաքարիաս՝ լինելով հարուստ ավան Քանաքեռից, եկա բնակվեցի Օհանավանքի աստվածաբնակ ու հրաշափառ Սուրբ մենաստանը՝ Հովհաննես Կարապետ մեծ ամլորդու* դռների մոտ, երիցս Երանելի առաքինի րաբունապետ Զաքարիայի եւ նրա հաջորդ Հովհաննես վարդապետի մոտ 47 տարի, ստացա սարկավագապետության աստիճան: Ամեն օր մտատանջվում էի, թե ինչո՞ւ վանքս հաստատուն կոնդակ չունի, որպեսզի որմերի բոլոր արձանագրությունները գրվեն նրա մեջ. այդ մասին միշտ մտածում էի: Նաեւ մտածում էի անել, սակայն ձեռնհաս չէի երկու պատճառով` նախ որ տերերի էի ենթակա եւ երկրորդ` աշխարհիկ գործերով էի զբաղված:

Սակայն վերոգրյալ իմ տերերի վախճանից հետո հարկադրվեցի այժմյան առաջնորդից` խոհեմ ու պատմասեր Սարգիս վարդապետի կողմից, ինձ օգնական արի սուրբ հոգին ու ամենամաքուր կույս Մարիամը, միջնորդ անելով ողջախոհ տատրակ ու անմեղ աղավնի Սուրբ Կարապետը եւ սկսեցի անել իմ ծերության ժամանակ, իմ կյանքի վաթսուն տարում 1136 (1687) թվին: Եթե նույն Սուրբ հոգին ինձ կարողություն տա ձեր աղոթքներով կհայտնեմ, որպես եւ իմանում ենք, թե պատմագիրներից, թե հիշատակարաններից, թե արձանագրություններից, թե իմաստուն մարդկանց տեղեկությունից եւ գիտուն ծերերից, կնշանակեմ բոլորը ստուգությամբ, որպեսզի մեզնից հետո եկողները կարդալով սովորեն: Ինչպես Մովսեսն է ասում` հարցրու քո հայրերին, եւ ծերերից քեզ կպատմվի, կսովորես ամենը, ինչպես կամենում ես:

Այդ պատճառով, ով դու մտերիմ հարազատ, երբ կարդում ես, մի արհամարհիր, քանզի իմ կարողությունը այսքան է, ամեն ինչով ողջ եղիր:

 

* Ամլորդի է կոչվում Հովհաննես Մկրտիչը, որ ծնվեց պառավ Եղիսաբեթից եւ ծերունի Զաքարիայից:

ԳԼՈՒԽ Բ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԹԵ ԵՐԲ ՇԻՆՎԵՑԻՆ ԵՎ ՈՎՔԵՐ ԷԻՆ ՇԻՆՈՂՆԵՐԸ

Թեեւ շատերը հայոց ազգի մեջ շատ տեղերում բազմաթիվ եկեղեցիներ շինեցին. բայց մենք կնշենք. թե երբ կամ ում ձեռքերով հայոց աշխարհի եկեղեցիները շատացան։ Ինչ որ գրքերից իմացա. կհայտնեմ։ Արդ` Քրիստոսի համբառնալուց հետո աշխարհը բաժանվեց առաքյալների. Հայաստանը բաժին ընկավ Թադեոսին։ Սա եկավ հայոց ու ասորիների արքա Աբգարի [1] մոտ եւ նրան բժշկեց վերքերից. ինչպես համեղ ոճով պատմում է Խորենացին։

Թագավորի եւ բոլոր զորքերի քրիստոնեությունը ընդունելուց հետո նախ այնտեղ Թադեոսի ձեռքով եկեղեցի շինվեց. ուստի առաջին հավատացյալը մեր հայոց ազգն է։ Եվ առաջին կառուցված եկեղեցին այն է. որը շինեց Թադեոսը*. իսկ հետո այլ տեղերում բազմացան եկեղեցիները։ Երկրորդ` մեծազոր Քրիստոսապսակ արքա Տրդատի հավատալուց հետո Սուրբ Լուսավորչի եւ քաջ Տրդատի ձեռքով շինվեցին բազմաթիվ եկեղեցիներ` նախ Վաղարշապատ քաղաքում` Սուրբ Էջմիածինը. Շողակաթը. Սուրբ Գայանեն եւ Սուրբ Հռիփսիմեն. ինչպես պատմում է առաքինի քարտուղար Ագաթանգեղոսը [2], որ ազգով լատին էր։

Երրորդ` Մեծ Ներսեսը` Լուսավորչի թոռի թոռը. բազմացրեց եկեղեցիները. եւ այս էլ ահա պատմում է Բուզանդը [3]:

Չորրորդ` թարգմանիչներ Սահակն ու Մեսրոպը բազմաթիվ տեղերում շինեցին եկեղեցիներ. որ պատմում են բոլոր պատմագիրները։

Հինգերորդ` Ներսես Շինողը [4], արդեն պարզ է. որ գործով անվանվեց Շինող` բազմաթիվ եկեղեցիներ շինելու համար։

Վեցերորդ` Մեծ Հայաստանի ու Վրաստանի սպասավոր Զաքարիան**։ Սա զորանալով բոլոր ազգերի վերաբերությամբ. որ պատմում է Կիրակոսը. իսկ մենք իր տեղում կպատմենք, սա բազմաթիվ վանքեր. եկեղեցիներ շինեց գյուղերում ու իր ամբողջ իշխանության մեջ։ Ահա եկեղեցիների մասին ասացինք. ինչ որ գիտեինք. ամենը գրեցինք։

 

* Էջմիածնի մայր եկեղեցին:

** Զաքարիա Սպասալար` զորավար հայ-վրաց միացյալ բանակի 1213-րդ դարերում:

ԳԼՈՒԽ Գ
ՕՀԱՆԱՎԱՆՔԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամեն ինչ. որ գրեցինք այս վանքի մասին է. որի մասին պատրաստվել ենք խոսելու։ Քանզի շատ պատմագրքեր կարդացի. չկարողացա իմանալ. թե ում կողմից է կառուցվել այս։ Սույն պատճառով իմաստուն վարդապետներից որեւէ մեկին. որ տեսնում էի. սրա մասին հարցնում էի. ասում էին. թե մենք հնախոսներից իմանում ենք. որ Լուսավորչի կողմից է շինվել Սուրբ Կարապետը։ Սրանց հետ թավրիզեցի Առաքել վարդապետը. որ ծանոթ էր բոլոր պատմագիրներին. որը եւ մեծ Շահ Աբասի կողմից Արարատյան աշխարհի ավերման պատմությունը գրեց, սա պատմեց` թե մեր երկիրը լուսավորելուց հետո, Սուրբ Լուսավորիչն ու բարեպաշտ Տրդատը շինեցին Սուրբ Կարապետը եւ այնտեղ դրին նրա նշխարներից. իսկ իրենք այնտեղ էին ապաստանում ամառային եղանակներին:

Նաեւ ասաց իբրեւ քեզ վկայություն, որ ունի չորս դռներ: Հույները նույնպես են անում` չորս դուռ հարավային կողմում են անում, փայտե գավիթ են շինում վրան` ռամիկների աղոթքի համար: Մեկ դուռը արեւմտյան կողմում, որով քահանաներն են մտնում:

Այսքանը լսեցինք Առաքել վարդապետից, իսկ ունենք եւ այլ վկա, քանզի մեր օրերում Կոստանդնուպոլսից ուխտավորներ եկան եւ բոլոր սրբությունները համբուրելուց հետո ասացին` ո՞րն է Լուսավորչի խաչը: Մենք ցույց տվինք նրանց արեւմտյան դուռը գավթում, խաչը, որ կառուցված է, եւ ասացինք` սրան Լուսավորչի խաչ ենք ասում: Նրանցից մեկը իր գրպաններից հանեց պարան եւ չափեց խաչի երկայնությունն ու լայնությունը: Մենք հարցրինք պատճառը, եւ նա ասաց` գնացինք Թորդան [5] մեզ մի խաչ ցույց տվին եւ ասացին` այս Լուսավորիչն է շինել եւ հաստատված է իր հասակի չափով. սրա նման մի հատ էլ կա Կարբի գավառում` Օհանավանքի Սուրբ ուխտում: Մենք չափեցինք այն ու այս, ահա ստույգ նման են իրար չափով ու տեսքով: Ուստի եւ մենք այս լուրով իմանում ենք, որ սա շինված է Սուրբ Լուսավորչի եւ Մեծ Տրդատի կողմից: Ահա այսքանը ի լրո լսեցինք:

ԳԼՈՒԽ Դ
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐՔԵՐԻՑ

Թեպետ ի լրո ստույգ գիտենք, որ սա կառուցվել է Սուրբ Լուսավորչի կողմից, սակայն գրքերից նույնպես փոքրիշատե իմանում ենք, ուստի չնչին խոսքով կգրեմ այն եւս, քանզի Տաթեւի կոնդակում գրված է, թե «Մեծ կաթողիկոս Մուշեն [6] գնաց, համբուրեց Տաթեւի եկեղեցու դուռը եւ նստեց: Օհանավանքից, որ Արագածոտնում է, այրու որդուն, որ իր քարտուղարն էր ու գրագիրը, ուղարկեց Երիցակի [7] մոտ»:

Այս Մուշեն Լուսավորչից հետո 60-րդ կաթողիկոսն էր մեր թվականությունից առաջ (խոսքը վերաբերում է 551 թվից առաջ. մեր թվականությունը սկսվում է 551 թվից): Ուստի գիտենք, որ Օհանավանքը շինվել է Սուրբ Լուսավորչի կողմից: Ուրիշ վկայություններ էլ գրքերում գտա: Վանքում (Օհանավանքում) կա Թագավորությանց ու Մնացորդաց մի գիրք, որի հիշատակարանում նմանապես գրված է. «Այստեղ վերջանալով ավարտվեցին Աստվածաշնչի գրքերը, որ պատմում են Իսրայելի ամենաառաջին ընտրյալ ազգի անցյալ ժամանակի պատմությունները, թագավորների հաջողությունները եւ ի ծնե սուրբ մարգարեների կոչումը եւ անվանում է Թագավորության գիրք: Սրա մոտ դրած է Մնացորդների գիրքը եւ մնացորդների մնացորդները, որ խիստ ցանկացավ Աստծու ընտրյալ քահանաներից Աշոտ կոչված մեկը, որ հետամուտ եղավ իբրեւ թանկագին քարի, գրել տվեց այս իր արդար վաստակով: Քանզի սույն այս այրը ընտրյալ լինելով ըստ մարմնական քաղաքացիության հռչակավոր մայրաքաղաք Դվինից, քիչ տարիներ ապրելով ամուսնական վիճակով, մնալով այրի, չունենալով մարմնավոր զավակ, շտապեց անապատ` զավակ ստանալով Աստվածաշնչի գրքերը, որոնք ստանձնեց խեղճ ու աղքատ Գեորգ կոչվածի` մականունով Մանկիկ, ձեռքով, որ մանուկ հասակում Անի մայրաքաղաքից պանդխտացած եկավ այս Սուրբ Կարապետ: Այս բանի գործառնությունը տեղի ունեցավ այս տարի, երբ վերստին նորոգվեց մեծահռչակ Սուրբ Կարապետը նրբատաշ քարերով, քանզի նախապես փայտով էր ծածկված սրա գմբեթը: Այս Աշոտը ծանր աշխատանք հանձն առավ, կիսատ թիակներով կիրը բարձրացնում, տալիս էր եղբայրների (միաբաններին) շալակները տանելու:

Արդ` այս Սուրբ Կարապետի հովանու ներքո գրվեց այս քաղցրաճաշակ պատմությունը` բազմախոսուն միանձնացած եղբայրության մեջ եւ տրվեց սույն Սուրբ եղբայրանոցին ի հիշատակ իր հոգուն:

Հետո եղավ վանահայր հայոց թվականության տարին, որ նոր էր փոխվում երկրորդ տարվան` տեր Մովսես կաթողիկոսի օրերում, որ Վաղարշապատում էր: Բոլոր բարիքների շնորհողին` Աստծուն հավիտյան փառք, ամեն: Սրա հետ նաեւ անտես մի անեք ձեր աղոթքներում հիշելու Գեորգ Մանկիկին: Այսքանը գրքերից գիտենք, որ Սուրբ Կարապետը շինված է Սուրբ Լուսավորչի կողմից:

ԳԼՈՒԽ Ե
ԹԵ ԻՆՉՈՒ ՍԱ ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ ՈՒՆԻ

Ինչպես որ շատ անգամ հարցրել ենք Առաքել վարդապետից եւ սովորել նրանից, այս էլ հարցրինք, թե Մարտիրողէք (Վկայաբանություններ, Հայսմավուրք, Ճառընտիր եւ այլն), սրան Սյուղի վանք կամ Սովի վանք են կոչում, իսկ Տաթեւի կոնդակը, Կիրակոսը, Թոման, Հայսմավուրքը եւ այլ Օհանավանք են կոչում: Վարդապետը պատասխան տվեց եւ ասաց. «Երբ Սուրբ Լուսավորիչը այս շինեց, Սյուղոս անունով մի վերակացու նշանակեց, եւ նրա անունով կոչվեց Սյուղի վանք, իսկ թարգմանիչների օրերում Ղազար Փարպեցին էր առաջնորդ եւ գրում էր իր պատմությունը: Հովան անունով մեկին նշանակեցին տեսուչ, ուստի կոչվեց Հովանավանք: Մեծ Ներսեսի օրերում բորոտներ ու քոսոտներ, որոնք սովից հյուծվել էին, հավաքվեցին այնտեղ, անվանվեց Սովի վանք: Ահա հաղորդեցինք երկանուն լինելու մասին, ինչ լսեցինք Առաքել վարդապետից: Բայց Սովի վանք շատ տեղերում չի հիշատակվում»:

ԳԼՈՒԽ Զ
ՎԱՆՔԻ ԹԵՄԻ ՈՒ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ջանասիրությամբ ու հոժարությամբ մտել եմ խոսքի ասպարեզ, որպեսզի ցույց տամ եւ հայտ բերեմ (իրողությունները) այս առջեւս դրված գործի համար, որովհետեւ փոքրիշատե ծանուցեցինք վանքիս շինողներին եւ նրանց անուները, այժմ կամենում եմ հիշեցնել սրա թեմն ու վիճակը, թե պատմական գրքերից, թե արձանագրություններից, թե ի լրո կհամառոտեմ, որ անտեղի չլինի իմ աշխատանքը:

Նաեւ կխոսեմ ի լրո (լսածներիս մասին), որ լսել եմ նույն Առաքել վարդապետից: Սա ասում էր, թե Սուրբ Կարապետը շինելուց հետո Սուրբ Լուսավորիչը կոնդակ գրեց եւ կանոնով հաստատեց, որ Երասխաձորից [8] մինչեւ Հրազդան գետը վանքիս բաժնի թեմն էր: Վանքում կար նաեւ մի ծեր կարբեցի եպիսկոպոս, որի անունն էր Հովհաննես` Գայլ մականունով. սա մի ժամանակ վանքի առաջնորդ էր եղել, ճարտար տոմարագետ էր: Նա ասում էր, թե վանքում մի մեծ հիշատակարան գիրք կար, որ սուրբ թարգմանիչներից մինչեւ մեզ` բոլոր առաջնորդների անուններն ու արարմունքները, եւ ինչ որ նրանց ժամանակներում հիշատակված էր, բոլորը գրված էր այնտեղ: (Հիշատակարանի) կեսը անգրել թուղթ էր, որպեսզի հետագա առաջնորդները գրեն իրենց անուններն ու արածները: Ասում էր, որ այս կոնդակը (հիշատագիրքը) մինչեւ մեր ժամանակը գոյություն ուներ: Երբ ջալալիները վանքը ավարեցին, այդ կոնդակը անհետացավ:

Այն գրքում գրված է, թե Քասաղ գետից մինչեւ Ախուրյան գետը Սուրբ Կարապետի թեմն ու վիճակն էր եղել. այսքանը՝ Գայլից: Նիգ գավառից Վարդան անունով մի քահանա՝ Վարդաբլուր գյուղից, արհեստով քարհատ, ասում էր. «Ես ուսանում էի Օհանավանքում, բազմաթիվ անգամ գնացի Շիրակավան [9], հասն ու իրավունքը* հավաքած բերում էի Օհանավանք: Այս Վարդան քահանան Ապարանի բոլոր գյուղերի հայերեն անունները ասաց, եւ ես գրի առա»:

Ապարան գավառի Վարդեն գյուղից Գալուստ անունով մի բարեպաշտ մարդ ասաց. «Ես Գրիգոր վարդապետի հետ, որ Օհանավանքի առաջնորդն էր, Շիրակից բերել ենք պտղին, սրբադրամը, յուղն ու պանիրը եւ վանքի ամբողջ հասը Օհանավանք` սայլով մինչեւ Որդկան, որ կոչվում է Սելախրամ, իսկ այդտեղից գրաստով տարել ենք վանքը, որովհետեւ ես վանքի մշակն էի»: Նիգից Մարգարե անունով մեկը՝ Աբնագեղ [10] գյուղից, ասում էր, թե մենք բնակվում էինք Ճարճակիս [11] գյուղում, իմ հայրը այնտեղ մեռավ, իսկ նրա հոգեբաժինը տարանք Օհանավանք, դա մի հինգաչքանի ճրագակալ էր, տվինք Գրիգոր վարդապետին, այն դեռեւս գտնվում է վանքում, դա պահում են վկայության համար: Նիգից ոմն Թորոս Խոտավիտ գյուղից՝ մի բազմագետ ու ճարտարախոս (մարդ կար): Սա շատ բան պատմեց՝ թե մենք եւս բնակվում էինք Ճարճակիսում, ես մաքսավորների մոտ փոքրավոր էի, որոնք (նստում էին) Քասաղում: Երբ Գրիգոր վարդապետը կամ միաբաններից (մեկը) գնում էր Շիրակավան, որպեսզի վանքի հասը հավաքելով տանեն Օհանավանք, մեզ գինի, միրգ էին բերում, իսկ մենք մաքսի սակը չէինք առնում:

Թորոսի որդի տեր Կիրակոսը, որ դարձավ եպիսկոպոս եւ նստեց Տեղերի [12] առաջնորդ, ինչ որ իր հայր Թորոսից լսել էր Օհանավանքի մասին, ձեռագրով տվեց մեզ, իսկ մենք ահավասիկ այն ունենք այժմ: Մի ոմն Հովհաննես նույն Խոտավիտ գյուղից, ասում էր. «Երբ Փիլիպոս կաթողիկոսը գնաց Արագած, որպեսզի ցրված ջրերը խառնի Քասաղ գետին, իսկ ապարանցի մելիք տեր Հովասափը եւ ես նրա հետ էինք: Կաթողիկոսը մելիքին հարցրեց, թե այս երկիրը ո՞ր վանքի թեմն է: Մելիքն ասաց Քասաղ գյուղից մինչեւ Ղփչաղ, Սուրբ Կարապետի թեմն է, իսկ Շիրակավանը Մարմաշենի հետ միասին երկու վանքի էր պատկանում՝ Սուրբ Կարապետին եւ Մարմաշենին»: Այսքան եւ այլ շատ վկայություններ ի լրո, բայց չգրեցինք, որ շատախոսություն չլինի: Այսուհետեւ ինչ գրքերից գիտենք, այն կգրենք:

 

*Եկեղեցական տուրքեր են:

ԳԼՈՒԽ Է
ԳՐՔԵՐԻՑ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ՈՐՆ Է ՍՐԱ ԹԵՄԸ

Որովհետեւ հանձն առանք հայտնել սուրբ մենաստանիս մասին, եւ ինչ որ գիտենք գրքերից թեմի մասին, ցույց կտամ այն առանց ձանձրանալու: Ես գնացի Սուրբ ուխտը Սանահին [13] ինչ-որ պիտույքների համար: Առաջնորդ էր Սարգիս եպիսկոպոսը ազնվական տոհմից, խոհեմ ու չափազանց խելոք մի մարդ էր: Նրա հետ գրքերից խոսեցինք, եւ նա խոսքի ընթացքում ասաց՝ մենք մի հին գիրք ունենք, բազմաթիվ տեղերում հիշատակում է Օհանավանքը: Մենք այն խնդրեցինք, որը բերեց ինձ տվեց. Սա հին ու վաղեմի փտած գիրք էր եւ այնքան մեծ, որ չկարողացա ամբողջը կարդալ: Ինչ որ փտած չէր, այն սկսեցի կարդալ մինչեւ վերջ, պիտանի բաները արտագրեցի եւ վեր առա հետեւյալը. «Եվ մեռավ Մարմաշենի [14] վանահայրը եւ տեղը նստավ զարմանալի ու սքանչագործ Աստծու այր Երեմիան՝ պարկեշտ ու սուրբ մի մարդ, գիտուն ու զարդարյալ բոլոր առաքինությամբ, կրկին մարդով՝ ներքինով ու արտաքինով: Նաեւ հրաշքներ էր գործում, մեկը շատերից կասեմ:

Վանքին մոտիկ մի լիճ կար (փոքրիկ լճակ), սուրբը գնաց ծովակի կողմը եւ ձայն էր տալիս հորը: Նա աշակերտի ձայնը չէր լսում, որովհետեւ բազմաթիվ գորտեր աղմկում էին, իսկ սքանչելի այր Երեմիան սաստեց գորտերին եւ ասաց՝ լռեցեք: Գորտերը իսկույն լռեցին եւ մինչեւ այսօր լուռ են ու չեն կռկռում»: Շատ բաներ կան գրված, իսկ մենք այսքանը կարեւոր համարեցինք արտագրել: Շատ բաներից հետո եւ այս նույնպես գրված էր. «Սույն ժամանակ սքանչելի Երեմիան՝ Մարմաշենի վանահայրը, իր տունը թողեց իր ձեռնասուն աշակերտին՝ Սոսթենեսին, ինքը գնաց սուրբ հռչակավոր մենաստանը՝ Օհանավանքի անապատը, անապատի զարմանալի Մխիթար վանահոր մոտ եւ այնտեղ ճգնեց, այնտեղ մեռավ ու այնտեղ թաղվեց: Մահվան ժամին եկավ Սոսթենես աշակերտը, նրա հետ նաեւ Գրիգոր վարդապետը (Առստակա*) որդին, եւ նրան թաղեցին Մխիթար վանահոր հետ միասին: Դարձյալ դաշն կապեցին իրենց միջեւ, որ սիրով կլինեն միմյանց նկատմամբ եւ երկու վանքերին վիճակված թեմերը միասին լինեն, միմյանց չհարստահարեն Քասաղ գետից մինչեւ Կարսի ու Ծաղկոցների դռները. եւ Օհանավանքի վանահայրը իշխող լինի Մարմաշենի նկատմամբ: Օհանավանքի կոնդակը գրեցին, Սոսթենես եւ Գրիգոր վարդապետները կնքեցին, որը գրեցին Վախթանգ իշխանը Արուճի [15] ու Թալինի ազատները եւ այլք, որոնք այնտեղ գտնվեցին, խաչ կանգնեցրին, Երեմիայի գերեզմանի վրա արձանագրեցին, յուրաքանչյուրը գնաց իր տեղը: Այն գիրը, որ գրված էր գերեզմանի վրա, հետեւյալն է. չորս հարյուր ութսուներկու (1033) թվին ես՝ հայր Երեմիաս` Սուրբ ուխտ Մարմաշենի առաջնորդս, սիրեցի միաբանական վանքը, ավանդեցի իմ ուխտի վերակացությունը իմ անդրանիկ Սոսթենեսին, իսկ ես եկա բնակվեցի այստեղ` անապատում:

Այստեղ ընդունեցի փոխումը (մահը), աղաչում եմ հիշեցեք Քրիստոսով:

 

*Բնագրում առ Սկայորդին: Ձեռագրում առ սկա որդին: Առսկա մենք կարդում ենք Առստակա, որ է Արիստակես սեռ. Արիստակայ:

ԳԼՈՒԽ Ը
ԶԱՔԱՐԻԱ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Քանզի նախապես խոստացանք Զաքարե զորավարի պատմությունը անել, թե որտեղի՞ց կամ ինչպիսի՞ն էր, որ համառոտակի պատմում է Կիրակոսը:

Բաբելացիների երկրում Զաքարիա անունով քրիստոնյա մի մարդ իշխանակարգվեց մարերի ազգի կողմից. նրանցից վիրավորված չկարողացավ մնալ այնտեղ. ժամանակ գտավ, առավ իր բոլոր ընդոծիններին՝ ծառաներ, աղախիններ իր տան (բանակի, գուցե բնակի՞) ունեցվածքը, հեռանալով բաբելական երկրից, հասավ պարսից տերությունը: Այնտեղից դանդաղ գալիս, մտնում է Հայաստանի սահմանները եւ գնում է Վրաստան: Այնտեղ վրաց թագավորներից իշխանություն ստանալով խիստ բարձրանամ է: Նրանից հետո (նրա տեղը գրավում է) իր որդի Վահրամը, սրանից հետո՝ սրա որդի Սարգիսը, որ եղավ մեծ իշխան: Սա ունեցավ երկու որդի, առաջինի անունն էր Զաքարե, իսկ երկրորդինը՝ Իվանե: Սրանք վրաց թագուհու կողմից սիրվեցին, որ կոչվում էր Թամար: Սա քաջ Գեորգի՝ Դեմետրեի դուստրն էր: Սա սիրեց նրանց եւ Իվանեին դարձրեց աթաբեկ*, իսկ Զաքարիային նշանակեց զորավար սպարապետ Մեծ Հայաստանի եւ Վրաստանի եւ նրա ձեռքը տվեց իր զորքերը: Նա արագ հզորացավ մեծ ուժով: Իսկ ինքը՝ Զաքարեն, հավաքեց հայոց ու վրաց բոլոր զորքերը ու գնաց, գրավեց բազմաթիվ քաղաքներ թուրքերից, պարսիկներից: Բաղեշից միչեւ Արտաբիլ հնազանդեցրեց վրաց թագավորությանը, հարկադրեց նաեւ Կարնո սուլթանին: Ինչ երկիր որ գրավեց, այնտեղ եկեղեցի շինեց, մանավանդ Արագածի եզերքներում: Նախ Օհանավանքը, Հառիճա վանքը [16], Տեղերի վանքը, Ուշիի վանքը [17], Սաղմոսավանքը [18] եւ այլ շատ վանքեր ու եկեղեցիներ գյուղերում: Ապա ինքը՝ Զաքարեն վախճանվելով փոխվեց անանց թագավորություն եւ թաղվեց Սանահինում: Նրա տեղը գրավեց նրա Շահնշահ անունով որդին:

 

*Աթաբեկ բառացի նշանակում է հայր իշխան: Այստեղ նշանակում է գլխավոր նախարար:

ԳԼՈՒԽ Թ
ՕՀԱՆԱՎԱՆՔԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես ասացինք, բոլոր ծառաներով՝ առաջին Զաքարիայի գալուստի մասին: Սա Սարգիս անունով մի ծառա եւս ուներ Աժդահակի ցեղից, որին Վաղուտանց էին կոչում: Եվ նա սերեց մի որդի, որ անվանվեց Վաչե: Սա սերվեց Զաքարեից: Այս Սարգիսը ապրեց մինչեւ վերջին Զաքարիան: Նա Զաքարիայի եւ նրա տան հավատարիմը եղավ: Եվ իր հավատարիմ ծառայության համար նրան նշանակեց իշխանաց իշխան եւ տվեց նրան մեծություն եւ ամբողջ Արագածոտնի, Շիրակի, Նիգի, Անբերդի եւ նրա ամբողջ եզերքների իշխանությունը մինչեւ Երասխաձոր: Հրամայեց շինել եկեղեցիներ ու վանքեր, որ վերեւում ասացինք:

Նախ եւ առաջ (շինեց) Օհանավանքի հրաշափառ մենաստանը՝ կից Սուրբ Կարապետի անունով հին եկեղեցին: Իսկ մեծն Վաչեն քանդեց փայտե գավիթը հարավային կողմից, երկու դուռը խցեց եւ մեկը՝ թողեց: Ապա սկսեց շինել հաստ ու երկայն քարերով՝ կարմիր ու սեւ կոփածո: Չորս սյուներ չորս կողմերում, որոնց վրա չորս կամարներ՝ սեւ եւ երկայն, եւ կամարները՝ նրանց վրա սեւ ու կարմիր: Հարավային կողմում երկու գեղեցկաշեն գրաբեմեր: Ավագ խորանի գլխին մի շարք կարմիր քար, մի շարք սեւ քար: Բեմի մեջտեղում աստղանման խորաքանդակ: Իսկ արեւմտյան թեւում եւ առաստաղում մի շարք սեւ, մի շարք կարմիր (քարեր)՝ փառավոր ագուցված, գեղեցիկ հարմարված: Չորս լուսամուտ կա հարավային կողմում՝ երեքը բոլորակ, մեկը` երկայն: Մի լուսամուտ ունի ավագ խորանը եւ երեքը արեւմտյան կողմում՝ մեկը բոլորակ, մյուսը երկայն, չորս լուսամուտ ունի գմբեթը: Երկու խորան կա ավագ խորանի աջից ու ձախից, ուր քարե աստիճաններով են բարձրանում: Երկու ուրիշ նրանց ներքեւում, երկու արեւմտյան կողմում դռան աջից ու ձախից: Երկու այլ լուսամուտներ նրանց վերեւում են, ուր բարձրանում են տասնմեկ քարե աստիճաններով: Իսկ ավազանը ըստ պատշաճի հյուսիսային կողմում է: Մի դուռը արեւմուտքում է, մյուսը հին եկեղեցու մեջ, հյուսիային կողմում:

Բոլոր խորանները յուրաքանչյուրը ունի մի լուսամուտ, իսկ սեղանը կառուցված է պատարագի տեղում: Դրսի կողմից երկու քիվ, հարավային կողմից գեղեցիկ տաշված: Երկու (լուսամուտ) էլ արեւելյան կողմում, արեւելյան թեւում աղյուսաձեւ կարմիր եւ սեւ քար, սրա ներքեւը ինչպես կշեռք լուծը եւ թաթերը միաչափ են: Հարավային կողմում լուսամուտի վրա կա խաչ, արեւմտյան կողմում նույնպես: Սալաթոռները փորած նկար են, թե չորս թեւերը, թե չորս սրունքները, թե գդակի տակը (փորած նկարներ են): Իսկ բոլորքով քարերը տափակ, իսկ գմբեթի պարանոցն ունի տասնմեկ սյուն: Նույնպես գլխարկը ունի տասնմեկ ելեւէջ, իսկ խաչաթոռը նման է կենդանիների չորս կերպերին, նրա վրա աստվածընկալ խաչն է մեր հոգիների փրկության համար: Ավարտվեց վեց հարյուր վաթսունվեց (1217) թվին եւ օրհնվելով անվանվեց Սուրբ Կաթողիկե՝ գեղեցիկ ու հիացնող տեսնողներին եւ խորան ու տաճար բնակարան Աստծու որդու փառքին, որտեղ պատարագվում է Աստծու գառ Քրիստոսը:

Ինքը իշխան Վաչեն վախճանվելով դրվում է եկեղեցում՝ գրաբեմի առաջ, խորանի դռանը, հարավային կողմում, որին թող հանգիստ ու արքայություն պարգեւի հավիտյան օրհնյալ Քրիստոսից, ամեն: Նրա աթոռը գրավեց նրա որդի Քուրդը Շահնշահի հրամանով:

ԳԼՈՒԽ Ժ
ԳԱՎԹԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այն օրը հոների երկրից ելավ նետողների ազգը, որ կոչվում են թաթարներ եւ տիրեցին Հայաստանին ու Վրաստանին: Նվաստացավ նաեւ վրաց թագավորությունը, որ մի կնոջ ձեռքում էր, որի անունն էր Ռուզաքան: Սա վերեւում հիշված Թամարի եւ Լաշայի եղբոր դուստրն էր՝ վրաց Գեորգի թագավորի թոռը: Երբ տեսավ, թե չի կարող դիմադրել նրանց, իր երկիրը հանձնում է Շահնշահին, իսկ ինքը փախչում է Աբխազիա: Իսկ Շահնշահը կամա թե ակամա հնազանդվում է նետողների ազգին եւ հաճոյանում է նրանց:

Եվ իսկույն հրամայում է իր ծառա Քրտին, որ նրա կողմից իշխան էր նշանակված հոր տեղը, որպեսզի գավիթ շինի եկեղեցիներին կից, որ իր հայրը շինել էր:

Իսկ իշխան Քուրտը, երբ այս հրամանը ստացավ, իսկույն հավաքեց բոլոր քարհատներին եւ սկսեցին գավիթ շինել Կաթողիկեին կից՝ արեւմտյան կողմում, վեց հարյուր իննսուինը (1250) թվի հրաշափառ ու մեծածախս, ինը խոյակներով չորս սյուների վրա, զանազան հորինվածքներով, սեւ քարով, հրաշալի խաչաձեւ լուսանցույցներով: Տանիքի վրա տասներկու սյուն, սյուների վրա գդակը, բոլոր քովթարները, գդակի գլխին խաչաթոռը, սրա վրա մարդաչափ երկաթյա խաչ: Սյուների միջեւ կախված է զարթուցիչ զանգակ:

(Շինարարությունը) ավարտվեց մի տարում` յոթ հարյուր (1251) թվին: Ինքն իշխան Քուրտը թողեց մարմնավոր փառքերը, հետեւեց անանց փառքին: Գնաց Սեւան կղզին, հագավ մենակյացի հանդերձ, եղավ կրոնավոր եւ վախճանվեց այնտեղ, կենդանացավ Քրիստոսի մոտ: Թաղվեց եկեղեցու գավթում, որ Սուրբ Կարապետի անունով էր, որպեսզի հառնի փառքով ու պսակվի Քրիստոսով: Նրա հիշատակը թող օրհնությամբ լինի: Նրա փոխարեն (իշխան) նստեց նրա Հասան անունով որդին:

 



[1]            Աբգարը Քրիստոսի ժամանակ Եդեսիայի (ասորիների) թագավորն էր: Եդեսիայում անչափ շատ հայ կար, եւ Աբգարը կոչվեց հայոց եւ ասորիների թագավոր:

[2]            Ագաթանգեղոսը 5-րդ դարի հայ պատմիչ է, որ գրել է հայերի քրիստոնեություն ընդունելու պատմությունը, Գրիգոր Լուսավորչի կյանքը, եւ քրիստոնեական վարդապետությունը պարունակող գիրքը:

[3]            Բուզանդը (Փավստոս) 5-րդ դարի հայ պատմիչ է: Գրել է հայոց պատմության մի կարճ շրջանի պատմությունը, սկսել է Խոսրով Կոտակից (338) եւ ավարտել է 387 թվին Հայաստանի բաժանումով:

[4]            Ներսես Գ կաթողիկոսը Շինող մականունով հաջորդել է Եզրին 641 թվին, մեռել է 661-62 թվերին: Կառուցել է Դվինի Սուրբ Սարգիսը, Արտաշատի Սուրբ Գրիգորը, Վաղարշապատի Սուրբ Աստվածածին, Վասպուրականի Ձորո վանքը եւ վերջապես Վաղարշապատի հրաշքը` Զվարթնոցը 643-652 թվերին:

[5]            Թորդանը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի ավան էր Սեպուհ լեռան արեւելյան լանջին:

[6]            Մուշեն կաթողիկոս էր 526-534 թվերին:

[7]            Երիցակը Մուշե կաթողիկոսի կողմից եպիսկոպոս է ձեռնադրվել Սյունիքում իբրեւ Մուշեի հաջորդ` 6-րդ դարի սկզբում:

[8]            Երասխաձորը Արշարունիքն է, որ հյուսիսից սահմանակից է Վանանդին (Կարսի շրջան) եւ Շիրակին:

[9]            Շիրակավանը Երազգավորս քաղաքն է Մեծ Հայքի Արարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից հյուսիս-արեւելք` Ախուրյանի աջ ափին: 9-րդ դարում Բագրատունիների թագավորանիստն էր:

[10]          Ափնագեղ, Ապարանի առաջին գյուղն է Աշտարակի կողմից, այժմ կոչվում է Ափնա:

[11]          Ճարճակիս եւ Խոտավիտ գյուղերը Ապարանի գյուղերից են, այժմ չկան:

[12]          Տեղերը Աշտարակի շրջանի հին գյուղերից է:

[13]          Սանահին ասելով պատմիչը հասկանում է Սանահինի վանքը (Ալավերդու շրջանում), կառուցվել է 966 թվին:

[14]          Մարմաշենը վանքային համալիր է, որ գտնվում է Շիրակում, Ախուրյանի աջ ափին, Վահրամաբերդ գյուղի մոտերքը: Կառուցվել է 988-1029 թվերին:

[15]          Արուճը Թալիշն է Թալինի շրջանում:

[16]          Հառիճա վանքը գտնվում է Արթիկի շրջանի Հառիճ գյուղում, մինչեւ 1946 թիվը գյուղը կոչվել է Ղփչաղ: Վանքը կառուցվել է 7-րդ դարում, իսկ գլխավոր եկեղեցին 12-13-րդ դարերի կառույց է:

[17]          Ուշին Աշտարակի շրջանի գյուղերից է` Աշտարակից հյուսիս:

[18]          Սաղմոսավանքը Աշտարակի շրջանի վանքերից է, գտնվում է Ախուրյանի աջ ափին, Աշտարակ քաղաքից հյուսիս` 12 կմ հեռավորության վրա: Հիմնական եկեղեցին Ս. Սիոնն է, կառուցվել է 13-րդ դարում: