Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԺԱ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐԻ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փառավորվեց Օհանավանքի հրաշափառ ու գերահռչակ Սուրբ մենաստանը մեծամեծ իշխաններ Վաչեի ու Քրտի ձեռքով, ամեն հոգեւոր ու մարմնավոր կարգերով, պաշտամունքով, պատարագներով, սաղմոսերգությամբ եւ ամեն բարեձեւությամբ:

Եվ ահա ամեն մեկը ցանկանում էր շտապել գալ եւ տեսնել վանքի կարգավորությունը, բազմաթիվ եղբայրների (միաբանների) միաբանությունը: Այս ամեն ուղիղ կարգերը տեսնելիս ամեն ոք ցանկանում էր տալ ինչք ու ստացվածք, բերք, ոմանք՝ այգի, ոմանք՝ հող, ոմանք՝ բերք, ոմանք՝ գյուղ, ոմանք՝ անասուն, ոմանք՝ դրամ, ոմանք՝ իրենց, ուրիշները՝ որդիներին, ոմանք՝ եկեղեցու անոթներ, այլք՝ նյութական հարստություններ: Եվ այսպես հրաշափառորեն մեծացավ փարթամացավ Օհանավանքի սուրբ ուխտը: Իսկ նրանք, որ ինչքեր տվեցին, եկեղեցիների որմերի վրա եւ գրքերի հիշատակարաններում գրեցին: Ահա դեռեւս գոյություն ունեն ու երեւում են դեռ արձանագրությունները եւ պատերի վրա տրված հիշատակարանները, ուստի մենք առնելով դրանք գրեցինք կոնդակի մեջ, թե արձանագրությունները, որ պատերի վրա են եւ թե գրքերի հիշատակարանները արտագրեցինք: Նրանց, որոնց թվականը արձանագրության վերեւում էր, մենք նույնպես վերեւում գրեցինք, եթե սկզբում էր, թե սկիզբն էր, թե մեջը, թե վերջը, նույնպես էլ մենք գրեցինք, իսկ որտեղ չկար (թվականը), նույնն էլ մենք չգրեցինք, որպեսզի կարդալով արձանագրությունը եւ կոնդակը, չհամապատասխանեն իրար, մեզ չանարգեն, ստախոս համարելով մեզ: Իսկ նրանք, որոնք ինչք էին տվել, մենք այն չգրեցինք, որովհետեւ նրանք կյանքի գրքի մեջ գրված են: Իսկ ինչ որ գրեցինք, կարգով գրեցինք նաեւ թվականը, որպեսզի հետ ու առաջ չլինի թվականը, այլ ամենը կարգով, թե տաճարի, թե գավթի կարգը ուղղեցինք: Նույնպես նշանակեցինք նաեւ տեղը, թե այսինչ բանը գրված է այսինչ տեղը, թե գավթում է, թե տաճարում, տեղը նշանակեցինք, որպեսզի կոնդակը ընթերցելիս հեշտությամբ գտնեն պատերին եւ չվրիպեն: Նաեւ թեեւ նկարագրությունը խիստ աշխարհիկ էր ու անհարմար, մենք նույնը գրեցինք, շարադրությունը չփոխեցինք, որպեսզի ընթերցողները մեզ չպարսավեն եւ իմ աշխատանքը չարհամարհեն: Այլ որպես եւ էր, նույնպես գրեցինք, որ հետեւյալներն են

Տաճարում ավանդատան գլխին

Վեց հարյուր վաթսունհինգ (1216) թվին բարերար Աստծու շնորհներով, ես Վահրամ՝ Եղբայրիկի որդին, եւ իմ զուգակից Թայիկը այս եկեղեցու շինության սկզբում մեր ամբողջ ունեցվածքը տվինք սրա ծախսի համար, նաեւ դպրավանքի այգին: Իսկ Սուրբ ուխտի առաջնորդները սահմանեցին, որ ամեն տարեպտույտին երեք օր ժամ նոր եկեղեցիները ճրագալույցին, Զատկին, Հոգեգալստին հանուն մեզ պատարգեն Քրիստոսին՝ մի օր ինձ համար, մի օր Թայիկի, մի օր մեր ամբողջ տոհմի համար: Այս գրության կատարողները թող օրհնվեն Քրիստոսի կողմից, իսկ նրանք, որ կխափանեն ինը եկեղեցիներում, թող դատվեն Աստծուց եւ նրա բոլոր սրբերից, ամեն:

Հյուսիսային կողմի տաճարում

Վեց հարյուր վաթսունվեց (1217) թվին Աստծու շնորհների սկզբից, երբ Արարատյան գավառի եկեղեցիները հիմնադրվեցին ու լուսավորվեցին երկու հարազատ եղբայրներ Զաքարիայի եւ Իվանեի եւ նրանց արդարածնունդ զավակների՝ Շահնշահի եւ Ավագի ձեռքով, ես իշխանաց իշխան Վաչես՝ Վաչուտանց Սարգսի որդիս, մեծ պատվով սիրված սրանց կողմից, իմ հավատարիմ ծառայության համար նշանակվեցի այս գավառի վերակացու, իմ կողակից Մամախաթունի հետ միաբանվեցի Օհանավանքի ուրբ ուխտին, բազմաթիվ տուրքերով ու ընծաներով օգնական եղանք այս մեծափառ նորակերտի շինությանը: Եվ Սուրբ ուխտի առաջնորդները որոշեցին ամեն տարի պատարագել Քրիստոսին հանուն ինձ՝ Ղազարի տոնը բոլոր եկեղեցիները՝ հին ու նոր (պատարագեն): Խաչգյուտի օրը Մամախաթունի համար պատարագեն Քրիստոսին հին եւ նոր եկեղեցիները անխափան` մինչեւ Աստվածորդու գալուստը: Նրանք, որ չանեն, թող դատվեն Քրիստոսի կողմից:

Տաճարից դուրս արեւմտյան դռան վրա

Բարերար Աստծու շնորհներով տեր Կոստանդին Ա կաթողիկոսը 692 (1243) թվին՝ Շահնշահի՝ Զաքարիայի որդու, մեր նահանգում Վաչեի որդի Քրտի իշխանության օրոք, միաբանվեցի Օհանու այս սուրբ ուխտին եւ տվի Անբերդի երկիրը իբրեւ սեփական վիճակ Սուրբ Կարապետին՝ Ապարանից, որից Քասաղ գետը բաժանվում է մինչեւ Աշնակ: Եվ սրա սպասավորներ Մկրտիչ եպիսկոպոսը եւ եղբայրները )միաբանները( խոստացան կատարել մեր հիշատակը մեր մահից հետո երկու քառասունք ամենը ըստ կարգի: Եվ ինը խորանով Սուրբ Կաթողիկեն ամեն տարի պետք է պատարագի Քրիստոսի Տերընդառաջի տոնին: Եթե որեւէ մեկը ազատներից կամ իշխաններից ձգտի այս վիճակները խլել Սուրբ Կարապետից, Աստծուց եւ երեք սուրբ ժողովներից, Սուրբ Լուսավորչի աջից, մեզնից անեծք առնի. ամեն:

Գավթում հյուսիսային կողմը

Վեց հարյուր իննսուն ինը (1250) թվին Մեծ Զաքարիայի որդի Շահնշահի տերության ժամանակ, ես` Վաչեի որդի Քուրտս, Մարծպանի եւ Մաքանի դուստր իմ կին Խորիշահը, Աստծու խնամքներով հաճո եղանք այլազգի նետողների զորքին, իմ անձը նվիրեցի հայոց եկեղեցիներին: Դեպի Աստված ունեցած մեր սիրո համար կրկին հաստատեցինք մեր միաբանությունը Սուրբ Կարապետի նկատմամբ եւ սկիզբ դրինք մեծափառ տանը եւ բազում ծախսերով ի կատար հասցրինք: Այս սրբի սպասավորները նշանակեցին տարվա մեջ քսան օր ժամ: Տասը ինձ՝ Քրտիս, իսկ տասը՝ Խորիշահին. քանի կենդանի ենք՝ տասը՝ Վաչեին, իսկ տասը՝ Մամախաթունին*: Մեր մահից հետո մեզ նոր կիրակիին սկսում են եւ անպակաս կատարում: Ով խափանի, մեր մեղքերին պարտական է:

Գրությունս կատարողները թող Աստծուց օրհնվեն. ամեն:

Գավթից դուրս դռան գլխին

Յոթ հարյուր յոթ (1258) թվին հզոր Աստծու կամքով այս իմ հրամանը եւ արձանագրությունը հաստատվում է Շահնշահի, մանավանդ Զաքարիայի որդի՝ Մեծ Հայքի եւ վրաց Ամիրսպասալար Թայխուցեսի (արձանագրությունը Մանդանադոր Թայխուցես) կողմից: Ինչպես գրեցի, իմ շինած ժամտունը, Շալվաշեն գյուղը տվի Սուրբ Կարապետին իմ ու Խոշաքի հոգու հիշատակի ու մեր որդիների արեւշատության համար: Եվ կրկին հաստատեցի իմ հոր հրամանները՝ գրությունը, որ գրել են: Նաեւ ժամտունը, որին ես տվել էի, Որցկան գյուղը եւ Տաճկամարգը, ազատ էի արել սրանց ամբողջ ժառանգությունը, որ այս գավառում է եւ հաստատեցի, որ եթե որեւէ աբեղա գրգռվի ու աղաղակ բարձրացնի, գիշերաքունի ապաստան չտան, ունեցվածքը տերունի լինի: Արդ՝ եթե թագավորներից կամ իշխաններից մեկը հանել ջանա, մեր մեղքերին պարտական լինի, ամեն:

Գավթում հարավային որմին

Յոթ հարյուր քսանութ (1279) թվին բարերար Աստծու շնորհներով Հասանի տերության ժամանակ մենք՝ Վարդան վարդապետը եւ Մխիթարիչ ծառաներս, Քրիստոսից շատ արդյունքներ ստեղծեցինք մեր հոգիների փրկության համար՝ եկեղեցուն տվինք Կոնթեղուտը, որ Սուրբ Կարապետի ժառանգությունն էր: Մեծածախս հնձաններ շինեցինք, շինեցինք արծաթյա ոսկեպատ քշոցներ: Իսկ այս սրբի սպասավորները՝ տեր Համազասպը եւ այլ եղբայրներ խոստացան տարին տասներկու ժամ Անդրե Առաքյալի տոնին վեցը ինձ՝ վարդապետիս համար, վեցը Մխիթարիչին (պատարագ մատուցել):

Արդ, եթե առաջնորդներից կամ պարոններից որեւէ մեկը խլել ջանա մեր՝ եկեղեցուն տված ընծաները, նզովվի այդ մարդը Աստծուց, երեք սուրբ ժողովներից եւ մեր ամբողջ ազգի մեղքերին պարտական լինի ահեղ դատաստանին: Գրությունս կատարողները թող Աստծու կողմից օրհնվեն, իսկ ով խափանի, թող Տիրոջից դատվի:

 

Տաճարում հարավային որմը

Յոթ հարյուր երեսուներկու (1283) թվին բարերար Աստծու կամքով իշխանաց իշխան Քրտի եւ մոր` Խորիշահի, որ Մամիկոնյան տոհմից էր, որդի Հասան Իշխանը` մեծ Վաչեի թոռը եւ իմ բարեպաշտ կին Արուս Խաթունը` Ուքանանց տոհմից անժամանակ եւ կես տարիքով ելանք այս աշխարհից, ավանդեցինք մեր հոգիները, մեր եւ մեր հարազատ եղբայր աստվածասեր Դավթի ժառանգությունն ու զավակները Աստծու սիրո եւ մեր հոգիների փրկության համար տվինք Սուրբ Կարապետին: Ես եւ իմ Դավիթ եղբայրը գանձով գնված Վահրամագեղ գյուղը եւ Ղամազանցը իրենց բոլոր հող ու ջրով, բնիկ մարդկանցով, Կարբիի մեր գնած ու մեր ձեռատունկ այգին, Բաբկենց փոսը, Որցկանը, որ եկեղեցու սեփական ժառանգությունն էր, ժամանակի չար ու դառն բերմունքով վանքից ելել էր, ծանր չարչարանքով ու մեծ ծախսերով վերադարձրինք Սուրբ ուխտին: Ընծայեցինք նաեւ ոսկով ու արծաթով զարդարված պահարան:

Իսկ Սուրբ ուխտի առաջնորդ տեր Համազասպը եւ եղբայրները որոշեցին կատարել մեր հիշատակը` մի քառասունք անգամ հանուն մեզ պատարագել Քրիստոսին` քսանը Հասանի համար, քսանը Արուս Խաթունի:

Արդ, եթե թագավորներից ու իշխաններից որեւէ մեկը` մերոնցից կամ օտարներից, որեւէ պատճառով ջանա հանել մեր հիշատակը Սուրբ Կարապետից ամբողջ վերոգրյալը, այն մարդը ամենասուրբ Երրորդության, երեք սուրբ ժողովների եւ բոլոր սրբերի կողմից նզովվի:

Տաճարում ավազանի վերեւը

Յոթ հարյուր քառասունինը (1300) թվին Բարերար Աստծու շնորհիվ, ես Հեճուպ Դավիթս` Հոնայի որդին, Ալվեցխի թոռը եւ իմ կինը Նանան` Տուտիկի դուստրը, դեպի Աստված մեր ունեցած սիրո համար վերստին Սուրբ Կարապետում հաստատեցինք մեր հայրերի միաբանությունը: Մեր հոգիների փրկության համար Ձորագեղի շինությանը տվինք շինական Ավետիսին` մականունով Կոնկիկ: Արինք նաեւ այլ օգուտներ: Վանքի առաջնորդ տեր Համազասպը եւ այլ եղբայրներ խոստացան պատարագել հանուն մեզ տարեկան վեց պատարագ Կոստանդիանոս թագավորի տոնին, չորսը` Հեճուպին, երկուսը` Նանային: Քանի կենդանի ենք, թող հարցնեն Խոնային եւ Գելին: Աշխարհից մեր ելնելուց հետո մեր անունով թող կատարեն անխափան: Գրությանս կատարողները թող օրհնվեն Աստծուց, իսկ խափանողները` թող դատվեն Քրիստոսից, ամեն:

Գավիթում հյուսիսային որմին

Ութ հարյուր յոթանասունչորս (1325) թվին անմահ Աստծու կամքով, ես` Զաքարիաս, Գամրիկելի, պարոն Ազիզբեկի որդու թոռս, գնեցի Մուղնի [1] գյուղը իմ արդար արդյունքով: Սուրբ Գեորգի եկամուտը Սուրբ Կարապետին էր պատկանում, իմ բաժինն էլ տվի այս Կարապետին իմ եւ իմ ծնողների հիշատակի համար: Եթե մեկը խափանել ջանա, մեր մեղքերին պարտական լինի:

Տաճարում ավագ խորանի որմին

Ութ հարյուր յոթանասունվեց (1427) թվին Բարերար Աստծու շնորհներով, ես` օտարական վարդապետ Սիմոնս, ընծայեցի իմ նորաստեղծ Հայսմավուրքը այս Սուրբ Կարապետին իմ հոգու փրկության ու հանցանքների քավության համար: Քանի իմ այս գիրքը կա, մշտապես այս թող կարդան եկեղեցում*, մեզ հիշեն Քրիստոսով` իմ հույսով, իրենց աղոթքներում:

Գավթում հարավային որմին

Հազար երեսուներեք (1584) թվին ես Դովլաթբեկս` Մալխութի թոռս, գնեցի իմ արդար եկամուտով` ոսկով հող, տվի Սուրբ Կարապետին ի հիշատակ ինձ: (Վանքի) սպասավորները խոստացան տարին մեկ պատարագ Կարմիր կիրակի օրը:

Տաճարում արեւմտյան որմին

Հազար ութսունութ (1639) թվին Սուրբ հոգու զորությամբ ես` երեւանցի Ավագս` Աղաբաբի որդին, եւ իմ ամուսին Դաստագյուլը միաբանվեցինք ու գնեցինք մեկ ստակ այգի (մուլք) Փարպիում եւ տվինք Սուրբ Կարապետին իբրեւ հիշատակ մեր հոգիների, հանցանքների փրկության եւ մեր զավակների արեւշատության: Եվ սրա առաջնորդ Զաքարիա վարդապետը վաթսուն միաբաններով խոստացան պատարագել Քրիստոսին մեզ համար ամեն տարի մեծահրաշ տոնի օրը:

Արդ` եթե որեւէ մեկը մերոնցից կամ օտարներից, տղաներից կամ աղջիկներից հանել ջանա մեր տված տասանորդը, Աստծուց եւ նրա բոլոր ընտրյալներից դատվի: Որոնք հակառակվեն, հարյուր ոսկի տուգանք տան: Իսկ կատարողները Տիրոջից օրհնվեն. ամեն:

Ավետարանի հիշատակարանից

Մենք օհանավանեցիքս` ես` Շահվելիս, ես` Զաքարես, Միրզես, ես` Ամրումս, ես` Քեչիս, ես` Զաքարի տղա Միրզես, ես` Ավետիսս, ես` Հուրիի տղա Հանեսս, ես` Ղոչիս, ես` Մկրտիչս, համաձայնության եկանք, Դիլանչու Ամրումի այգին տվինք իբրեւ հիշատակ Սուրբ Կարապետին: Ինչ մարդ էս բանի մեջ այլեւայլ խոսք, հետո կամ առաջ բան ասի, կտրի-կապի, Սուրբ Կարապետը նրա հիշատակը ջնջի: Մենք` սպասավորներս խոստացանք տարեկան երկու ժամ Վարդավառի տոնին, Սուրբ Խաչին (պատարագ մատուցել):

Գրությանս աղաչանքների կատարողները Աստծուց եւ բոլոր սրբերից թող օրհնվեն հավիտյանս հավիտենից. ամեն: Հայր մեր... 1058 (1609) թվին:

Անթվական արձանագրություններ

Այն արձանագրությունները, որոնք թվական ունեն, դրանք արտագրեցինք ըստ խոսքի ու գրի: Այժմ կարտագրենք նույն ոճով ու գրով եւ տեղերի նշումով այն արձանագրությունները, որոնք թվական չունեն: Նրանց, որոնց շարքը իմանամ, կարգով կարտագրեմ, իսկ որոնց կարգը չիմանամ, հետ ու առաջ լինելու համար դուք ներեցեք:

Գավթում հյուսիսային որմին

Աստծու շնորհիվ պարոնուհի Դդոփալ Թամարի, իր թագավորական որդու` մեծ Մելիքսեդեկ Գեորգի, տերության ժամանակ ես Գրիգորի որդի Ամսաջանս եւ իմ կին Բեսուճը (գրեցինք այս արձանագրությունը): Այնպես եղավ, որ պարոնների ձեռքից երկիրը խլեցին, ես չհեռացա ծառայությունից: Աստված պարոններին հաջողություն տվեց, երկիրը վերագրավեցին: Օհանավանքը ինձ տվին իբրեւ ժառանգություն: Ժողովրդի տները խլված էին, այգիների, հողերի վրա տասանորդ էր դրված:

Մենք էլ ընդհանրապես Սուրբ Կարապետին հանձնեցինք վանքի այգիների հողի տասանորդը, վերցրինք մեր պարոնների արեւաշատության եւ պարոն Աթաբեկի Շահնշահի եւ Շրվանշահի հոգու համար եւ հավիտենական արձանագրություն գրեցինք:

Ես` Ամսաջանս, վերցրի եւ հաստատեցի պարոնների հրամանով: Ով այս արձանագրությունը ջանա խափանել, պարոնների ու մեր մեղքերին պարտական լինի, Աստծուց դատվի, Հուդայի եւ Կայենի վարձերը առնի, երեք սուրբ ժողովներից նզովված լինի:

Այս Սուրբ ուխտի սպասավորները խոստացան տարեկան տասներկու պատարագ Հոգեգալստյան տոնին` երեքը Շահնշահի, երեք Շրվան շահի, երկուսը Ջանի, երկուսը Ամսաջանի, երկուսը Բեսուճի համար: Այս արձանագրությունը կատարողները թող Աստծուց օրհնվեն. ամեն:

Մատուռի խաչի վրա

Ես Նանաս` Ավագ Սարգսի որդի, Զաքարեի որդու մեծ հավատապետ Սարգսի դուստր Նանաս, այս աստվածաբնակ խորանը եւ տերունական խաչը կանգնեցրի վարդապետ Մարգարեի նորակերտ (գերեզմանի) վրա: Իր աշակերտության սկզբից (Մարգարեն) որդիացավ ինձ եւ ավելի եղավ քան որովայնի ծնունդն է լինում: Նա հոգում էր իմ հոգու օգուտը, եւ ես տեսնելով նրա սրտի հոժարությունը, կպա պարսպի շինությանը նրա առաջնորդությամբ: Եվ մինչդեռ նա այս բարեգործության վերակացությամբ էր զբաղված, մոտեցավ նրա կյանքի վախճանը, եւ մանկահասակ` հող իջավ, իսկ նրա փոխադրումը (մահը) անմխիթար սուգ եղավ մեզ համար: Եվ ես` Նանաս, նրա սիրուց աղեխարշ ինձ համար սփոփանքի այս հնարը գտա` այս փոքր հիշատակը նրա գերեզմանի վրա հաստատեցի, որպեսզի նրա հիշատակը անմոռանալի լինի Աստծու առջեւ եւ անվախճան նրա որդիական սերը: Արդ` Նոր Սիոնի ով մանուկներ, սիրով ու ցավակցությամբ հիշեցեք անժամանակ փոխադրվածին` ամեն շնորհներով օժտված Մարգարեին, որպեսզի պայծառ ու զվարթ երեսով տեսնի Քրիստոսին եւ մեր հավատարմությունը Սուրբ Կարապետի դռան վերաբերությամբ եւ հանդերձյալում Աստծու առջեւ անխախտ մնա. ամեն:

Տաճարի հարավային որմին

Բարերար Աստծու Հոր եւ Որդու եւ սուրբ հոգու կամքով ես` Թեոդոսս, Չրքին մականունով, իշխանաց իշխան` որդի անբերդցի Քրտին իշխանաց իշխանի, Տայիրի որդու անբերդեցի Քրտի Որդիս, արի եւ քաջ Վաչեի որդի մեծ Քրտի թոռս, այս հաստատուն արձանագրությունը գրեցինք եւ տվինք մեր պապերից (մնացած) արդար գանձագնով գնված կալվածքը Սերկեւիլի հանդից մինչեւ Սուրբ Կարապետ ու Սուրբ Կաթողիկեն, ուր իր դամբարանն է դրել իմ հայր պարոն Այրարատը` տեր Խոռն Կարծակովից Գութանավի գլխով, որ ճանապարհն է դեպի Գուբթայիս Սերկեւիլի ծովը Սաչնի գիծը եւ կավանոցը Սուրբ Կարապետի կալվածքներն են, այս իմ տված հանդերը Սերկեւիլի հանդից էլ հենց հաստատ Սուրբ Կարապետի կալվածքն է:

Եվ ես Խվանդ Խաթունս` անբերդցի Քրտի կինս, Չրքինի եւ Թայիկի մայրս, կրկին հաստատեցի վերոգրյալները:

Միաբանները խոստացան ամեն տարի քառասուն անգամ պատարագել Քրիստոսին տարի առ տարի: Արդ` եթե իմոնցից կամ օտարներից մեկնումեկը ջանա մեր ընծան Սուրբ Կարապետից առնել, այդ մարդը նզովվի Աստծուց, երեք Սուրբ ժողովներից: Հուդայի եւ Կայենի բաժինն առնի եւ մեր մեղքերին պարտական մնա:

Գրությանս կատարողները թող Աստծուց ու սրբերից օրհնվեն:

Գավթում արեւելյան որմին

Աստծու ողորմությամբ ես` Վախթանգի որդի եւ Ջալալի եղբայր Զաքարիաս եւ իմ կին Վասակի դուստր Խորիշահը համաձայնվեցինք այս Սուրբ ուխտի հետ եւ գնեցինք Աշտարակի Նորքը )Նորատունկ այգիները( եւ տվինք սրբերին, եւ սրանք խոստացան վեց օր ժամ` Թեոդոս թագավորի տոնին: Ով խափանի, թող Տիրոջից դատվի:

Գավթում արեւմտյան որմին

Հանուն Աստծու ես` Երեւանի տեր Հուսիկս եւ ին կին Սոլթան Խանումը համաձայնվեցինք եւ տվինք մեր արդար գանձագին հայրենի այգին Սուրբ Կարապետի դռանը: Ապա սպասավորները խոստացան մի տարում չորս պատարագ` երկուսը ինձ համար, երկուսը` իմ կողակցի: Ով խափանի, Կայենի վարձը առնի. ամեն:

Տաճարում ավանդատան գլխին

Ես` Թայիկս, իմ այգին, որ (կոչվում է) Աթաբեկենց, տվի սրբերին, իսկ սրանք նշանակեցին տարին ութ օր ժամ (պատարագ) Բարսեղի տոնին` երկուսը ինձ, երկուսը Կիմաթի, երկուսը Մխիթարի, երկուսը Աթարիկի համար: Ով չանի, Քրիստոսի կողմից դատապարտվի:

Տաճարում հյուսիսային որմին

Աստծու օգնությամբ ես` մեծ Ռուփին քահանայի աշակերտ Մխիթարս, իմ այգին, որ Տանձուտն է, տվի Սուրբ ուխտին, եւ սրա սպասավորները տարին չորս օր ժամ-պատարագ սահմանեցին Սուրբ Հակոբի տոնին` մեկը ինձ, մեկը Խաչիկի, մեկը Ռատինիկի, մեկը Գինեվարդի համար: Ով չանի` երեք հարյուր տասնութ հայրապետներից նզովվի:

Տաճարում հարավային որմին

Անմահ Աստծու հույսով ես` Ավագ պարոնի եւ Թաքան Խաթունի դուստր Ջանխաթունս, համաձայնվեցի Սուրբ Կարապետի հետ, տվի իմ կես այգին, որ Խութուխտից գնել էի Ուսուփանց փոխարեն:

Եվ տեր Համազասպը եւ միաբանները խոստացան տարեկան 4օր ժամ (պատարագ) Թեկղեի տոնին: Քանի կենդանի ենք իմ մոր համար պիտի անեն, իր մահից հետո` ինձ համար: Ով խափանի, թող դատվի Տիրոջ կողմից:

Տաճարում հարավային որմին

Անմահ Աստծու կամքով մենք` Մխիթար եւ Պետրոս քահանաներս, համաձայնվեցինք Սուրբ ուխտի հետ եւ տվինք կորնկանի մեր բաժինը եւ այլ արդյունքներ այս եկեղեցու շինության համար, իսկ սրանք հաստատեցին երեք օր ժամ (պատարագ) երկուսը մեզ համար, մեկը Հովհաննես Սարկավագի կենդանության համար Դավթի ու Հակոբի տոներին, ով չանի, Քրիստոսից նզովվի:

Տապանատան հարավային որմին

Ես` Երկաթի որդի Աշոտս, անժամանակ ելա աշխարհից, իմ այգին տվի Սուրբ Կարապետին, իսկ սրանք խոստացան տարեկան չորս պատարագ (Սուրբ Կյուրեղի տոնին)` երկուսը ինձ, մեկը իմ հոր, մեկը մորս: Իսկ ես` Աշոտի մայր Ռուզաքանս, իմ կալվածքների ինչքը տվի Սուրբ Կարապետին իմ մահից հետո: Կատարողները թող օրհնվեն Աստծուց:

Տաճարից դուրս հարավային կողմը

Քրիստոսի շնորհներով ես` Մնդարի որդի Արենու երեց Աղայդոնս, համաձայնվեցի Սուրբ ուխտի հետ, գնեցի Խարաբելանց այգին եւ տվի սրբերին, իսկ սրա սպասավորները տարին չորս ժամ (պատարագ) սահմանեցին Կյուրեղի տոնին: Ով չանի, նզովվի Քրիստոսից:

Օշականի եկեղեցու հյուսիսակողմում

Յոթ հարյուր երեսունյոթ (1288) թվին տեր Համազասպի առաջնորդության Սահմանդինի եւ իր որդիներ Ամիրբեկի ու Հազարբեկի պարոնության ժամանակ ես` Գելմարդս, ամիրա էի, իսկ Հավիկը իշխանավոր, թողինք Սուրբ Կարապետի այգիների Օշականի ամիրի ու իշխանավորի հարկը, ինչ որ կար մեր հոգու փրկության համար եւ արեւշատություն պարոնների: Արդ նա, որ ժամանակներ հետո մեր ընծաները խափանել ջանա, երբ հարյուր տասնութ հայրապետներից նզովված է եւ Հուդայի վարկը թող առնի, օրհնյալ հող թող նրան չծածկի: Գրությանս կատարողները թող օրհնվեն Աստծուց, ամեն:

Անգիր հիշատակարաններ

Ինչ որ եկեղեցիների պատերի վրա արձանագրությունների մեջ կամ գրքերի հիշատակարաններում գտանք, դրանք այստեղ գրեցինք: Այժմ կգրենք նրանք, որոնք որեւէ տեղում գրված չեն եւ նրանց անունները կհայտնեմ, թե այսինչ գյուղը, այսինչ անունով այգին կամ պարտեզը, կամ հողը այսքան օր: Իսկ նրանք, որ գրված են արձանագրությունների մեջ, դրանք եւս կնշանակեմ, որ կրկին վկա լինի:

Նախ Կարբիում տեր Մխիթարի այգին, տեր Ղազարի այգին, Տանձուտ այգին, տեր Հուսիկի պարտեզը, Ծովի խոտհարքը, Կոնթեղուտ հողը երեք օր (պատարագ), Նաղարաչին մեկ օր, Ծովը երկու օր, Գիլեպատը (Գիլապատ նշանակում է գլահողով պատված կամ խճաքարերով պատված) մեկ օր, Հովիտի պարոնենց հողը երեք օր:

Օհանավանքում

Դիլանցոց այգին, Խուտիկենց այգին, Գաֆարի պարտեզը, Թեինենց պարտեզը, Վանքի տակի դեմը, * գետափի ծանծաղուտը, Մեծ առվույտանոցը` չորս օր, Չախմախենց հողը` հինգ օր, Փշուտը, որ Ջաֆարենցն է, մեկ օր, Ուռետակը, որ կավանոցն է` չորս օր, Խոջենցը` երկու օր, Թեինենց հողը` երկու օր, Կնգուղանցը մեկ օր, ղռերը` երեք օր եւ այլ մանրերը Սերկեւիլում, Վասակամուտը` 7 օր եւ անապատը այգիով ու թեմերով, Հուշիի Սերմակորուսը երկու օր, Ովսում Քառենց հողը` երկու օր, ընկուզենիներով պարտեզը, Փարպիում Թարաղուլու պարտեզը հնձանով ու կալով, մեծ այգին, որ Կարբի գնացող պողոտայի վրա է, Ջանբաբենց հողը մեկ օր, ներքին խոպանը, որ պատկանում է Թորոսենց, երեք օր, մեկ բրնձահան, երկու ջրաղաց Փարպիում, մեկ ձիթհան Կարբիում կալերի մոտ, մեկ ձիթհան, մեկ ջրաղաց Օհանավանքում, մի ձիթհան երկու կալով, երկու դրգատնով (բրուտանոց) եւ մի ջրաղաց, որ կոչվում է Խրխնջան, Ապարանում Քասաղ գյուղում, վեց ստակ մուլք Որդկանում, վեց ստակ Օհանավանում (գյուղում), մեկ ստակ եւ կես Սերկեւիլում, մեկ ստակ Փարպիում*: Սրանք բոլորը առանց արքունական հարկի, առանց հնգորդի ու տասանորդի եւ մի գութան, որ տարին ի բուն ինչքան վարի ջրովի, թե անջրդի: Ինչ որ գրեցինք ազատ է արքունական հրամանով` թե այգի, թե պարտեզ, թե հող, թե բերքեր, թե ձիթհան, թե ջրաղաց, թե բրնձաղաց, թե ուտելի անասուն, թե անուտելի, բոլորն էլ ազատ են (հարկերից): Ինչ որ հանդում սերմանում ենք, ինչ որ քաղում ենք այգիներից, հավաքում ենք շտեմարաններում եւ վայելում ի փառս ամենքի ստեղծողին, նրան գոհություն ենք մատուցում, որ հավիտյանս օրհնված է. ամեն: Ահա ավարտվեցին բոլոր արձանագրություններն ու հիշատակարանները:

Եվ այսուհետեւ կգրենք առաջնորդների անունները:

 

*Արձանագրված է Մամքանայ, տե՛ս ռուսերեն հրատարակության 248 էջը:

* Արձանագրությունն ունի նաեւ` որք կարդան զգիրքս եւ զարձանս, երկրպագեն Սուրբ նշանիս, եւ չունի ոք իշխանություն, որ զգիրս հանէ Վանիցս, եւ որք յանդգնին, դատին յԱստուծոյ, ամէն, տե՛ս ռուսերեն հրատարակության 251 էջը:

* Դէմ-ը պետք է դեմի-ն (անջրդի հող) լինի:

ԳԼՈՒԽ ԺԲ
ԹԵ ՈՎՔԵՐ ԷԻՆ ԱՅՍ ՎԱՆՔԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Իսկ Օհանավանքի բոլոր առաջնորդներին որոնեցինք գտնելու, չկարողացանք վերահասու լինել ամենքին, սակայն ինչ որ ի լրո եւ պատմագիրներից, գործերի հիշատակարաններից ու արձանագրություններից իմացանք, նրանց գրեցինք ու նշանակեցինք, թե որտեղից գտանք: Նաեւ նրանց վարքն ու գործերը այստեղ կբացահայտեմ, նաեւ նրանց անվան սկզբում (կնշանակեմ) թվականը, որպես թե այնքան տարի այս անունով այսինչ վանահայրն էր: Իսկ նրանց, որոնց թվականը չգտա, էլ չեմ գրի, այլ միայն կնշանակեմ, իսկ թվականը եւ որքանության տեղը կթողնեմ, որ ով ոք մեզնից հետո գտնի, նա թող գրի թվի որքանությունը: Իսկ որ գտնեմ որտեղացի լինելը, կհայտնեմ, թե այսինչ վանահայրը այսինչ տեղացի է: Իսկ որոնց տեղը չգտնեմ, կթողնեմ տեղը, որ ովքեր մեզնից հետո գտնեն, գրեն: Իսկ թվականը ոչ թե նրա վանահայր լինելու սկիզբը, այլ ինչ ժամանակ որ պատահեցինք, այն գրեցինք: Հետեւյալներն են առաջնորդները եւ վանահայր կոչվածները:

Ա. Նախ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ շինեց Սուրբ Կարապետը եւ այնտեղ դրեց նրա մասունքներից եւ ինքը ապահով կերպով այնտեղ էր լինում իր կենդանության օրոք վանահայր ու վերակացու նշանակեց իր

Բ. աշակերտներից Սյուղոս անունով մեկին, որից վանքը կոչվեց Սյուղի վանք եւ մինչեւ այսօր էլ կոչվում է Սրբոց վկայաբանություն Ճառընտիրի մեջ:

Գ. Ղազար Փարպեցին ելավ վանահայր Սուրբ Սահակի ու Մեսրոպի հրամանով: Նա եղավ դպրապետ ու թարգմանիչ եւ գրեց պատմությունը:

Դ. Իր կենդանության ժամանակ Ղազարը վանահայր ու վերակացու նշանակեց ոմն Հոհանի, որով անվանվեց Հոհանու վանք եւ անվանվում է մինչեւ այսօր: Սրանք լսեցինք Առաքել վարդապետից, որը նախապես հայտնեցինք:

Այսքանը մեր (հայոց) թվականությունից առաջ: Այսուհետեւ կգրենք թվականով, որ հետեւյալն է:

Ե. Երկու թվին (553) վանահայր եղավ Աշոտ Դվնացին: Սրա ժամանակ քարով շինվեց Սուրբ Կարապետի գմբեթը, որովհետ առաջ փայտից էր: Այս սովորեցինք գրքերի հիշատակարաններից:

Զ. Հարյուր հիսուներկու (703) թվին վանահայր եղավ Հոհանը: Սրա օրերում մարտիրոսվեց Գողթանի տեր Վահանը: Այս Հոհանը կրկնեց նրա հետ միայնակեցությունը նրա գալուստին (միտքը պարզ չէ): Այս սովորեցինք սրբերի վկայությունների Ճառընտիրից ու Հայսմավուրքից:

Է. Չորս հարյուր ութսուներկու (1033) թվին վանահայր եղավ Մխիթարը. սրա օրերում եկավ Մարմաշենի վանահայր Երեմիան եւ եղեւ կրոնավոր եւ միաբանություն ստեղծեց Օհանավանքի ու Մարմաշենի միջեւ: Այնտեղ մեռավ սքանչելի Երեմիան, եւ ահա նրա գերեզմանը գոյություն ունի, իսկ սրա այլ խոսքերը նախապես ենք գրել: Այս սովորեցինք Սանահինի Սուրբ ուխտում` պատմագրից:

Ը. Վեց հարյուր քսան (1171) թվին վանահայր եղավ Խաչիկը:

Այս իմացանք խաչի արձանագրությունից, որ հասարակաց գերեզմանատանն է:

Թ. Վեց հարյուր իննսուներկու (1243) թվին վանահայր եղավ Մկրտիչը: Սրա ժամանակ կաթողիկոս էր Կոստանդինը: Սրա օրերում շինվեց գավիթը: Այս իմացանք արձանագրություններից: Սրան կաթողիկոսը աղերսագիր ուղարկեց:

Ժ. Յոթ հարյուր քսանութ (1279) թվին վանահայր եղավ Համազասպը:

Այս Համազասպը մեծ գործեր արեց, բազմացրեց աստվածային (կրոնական) գրքերը, որոնցից շատերը կան դեռեւս: Սա էր իշխան Քուրտի որդու օրերում եւ վարում էր մարմնավոր իշխանության առաջնորդությունը, իսկ ինքը Մամիկոնյան տոհմից էր, փառահեղ եւ տեսնողներին ահազդու մարդ էր: Այս իմացանք բազմաթիվ գրքերի հիշատակարաններից եւ բազմաթիվ տեղերի արձանագրություններից:

ԺԱ. Յոթ հարյուր վաթսուն (1311) թվին վանահայր եղավ Վասիլը: Այս սովորեցինք խաչի արձանագրություններից, որի վրա գրված էր` Օհանավանքի վանահայր Վասիլը` Շիրակի եւ ամբողջ Անբերդի առաջնորդը, հիշեցեք Քրիստոսով յոթ հարյուր վաթսուն (1311) թվին:

ԺԲ. Յոթ հարյուր վաթսունյոթ (1318) թվին վանահայր եղավ Ներսեսը: Սա Համազասպի ազգականն էր: Այս իմացանք գրքերի հիշատակարաններից, գրքեր, որոնք ինքը գրել տվեց, եւ նրա գրքերից շատերը մեզ մոտ կան:

ԺԳ. Ութ հարյուր մեկ (1352) թվին վանահայր եղավ հայր Աբրահամը: Սրա օրերում ամեն ինչ ընդհանուր էր, ոչ ոք առանձին բան չստացավ: Այս իմացանք եկեղեցու արձանագրություններից: ԺԴ. Ութ հարյուր իննսուն (1441) թվին վանահայր եղավ Կարապետը: Սրա օրոք Սուրբ Էջմիածինը նորոգվեց: Կաթողիկոս դարձավ Կիրակոս Վիրապեցի ճգնավորը: Սրա օրերում Օհանավանքի վանահայր Հովհաննեսը հաստատվեց Սուրբ Էջմիածնի աթոռակալ եւ ամեն ինչից տասանորդ էր հանում եւ տալիս Օհանավանքին: Այս իմացանք Թովմա պատմագրից եւ Առաքել վարդապետից: Մենք նրան օգնում էինք սրբագրելիս եւ գրքեր կարդալիս, այդ պատճառով հարցնում էինք նրան, իսկ նա պատասխանում էր:

Այս էլ իմացանք նրանից, թե տասանորդը եկել է Օհանավանք: ԺԵ. Ութ հարյուր իննսուներկու (1443) թվին վանահայր եղան Գաբրիել Վաղարշապատեցին եւ Հոհան վարդապետը: Սրանք Սուրբ Էջմիածնում աթոռակալներ էին: Սրանք անմարդկայնություն արին ուխտավորների նկատմամբ, այդ պատճառով դժգոհ մնալով դրանցից՝ մեծ բազմությամբ ժողով արին եւ հալածեցին սուրբ կաթողիկոս Կիրակոսին եւ կաթողիկոս դրին Մակվեցի Գրիգոր եպիսկոպոսին: Այս իմացանք Թովմա պատմագրից: Այս Գաբրիելը գրչագիր էր, գրեց բազմաթիվ գրքեր՝ Հայսմավուրք, Ճաշոց, Գանձարան, Շարակնոց: Նրա գրած գրքերը ահա շատ տեղերում երեւում են:

ԺԶ. …Թվին (թիվը պակասում է) վանահայր եղավ Օհանավանքի եւ Բջնու Գրիգորը. սա նույն Բջնի գյուղից էր եւ վանահայր էր երկու վանքերի: Սա բազմաթիվ գրքեր գրել տվեց, ահա այս իմացանք գրքերից:

ԺԷ. …Թվին (պակասում է թիվը) վանահայր եղավ հայր Խաչատուրը, որի մականունն էր Ալթիղոլաջ: Սա մի ջրաղաց շինեց եւ երկու ձիթհան մի տան մեջ իր Քասաղ գյուղում եւ հիշատակ տվեց Սուրբ Կարապետին: Այժմ ջրաղացը շեն է եւ կոչվում է Խրխնջան:

Այս իմացանք Գայլ եպիսկոպոսից, որ նախապես գրել ենք:

ԺԸ. …Թվին (պակասում է թիվը) վանահայր եղավ Նահապետը: Նա Նիգից էր, բայց եղավ Օհանավանքի, Սաղմոսավանքի, Ուշու վանքի վանահայր: Սա շատ գրքեր ավելացրեց Սաղմոսավանքում: Այս իմացանք նույն Գայլից:

ԺԹ. ... Թվին (պակասում է թիվը) վանահայր եղավ Մկրտիչը. սա գտանք բանադրանքի թղթից, բայց չգիտենք որ ժամանակ:

Ի. Հազար տասնինը (1570) թվին վանահայր եղավ Գրիգոր վարդապետ Կարբեցին: Սա այն Գրիգորն էր, որին առաջինը հիշատակեցինք: Այս իմացանք Գալուստ անունով մի բարեպաշտ քրիստոնյայից, որ հիշեցինք նախապես այս Գրիգորի համար եւ քննեցինք թիվը, այն էր, ինչ գրեցինք:

ԻԱ. Հազար քառասուներկու (1593) թվին վանահայր դարձավ Մատթեոսը. սա եկեղեցու գավթում մի խաչ կանգնեցրեց. խոհեմ ու երկյուղած մարդ էր: Այս իմացանք Ավետարանի հիշատակարանից:

ԻԲ. Հազար քառասունութ (1599) թվին Օհանավանքի, Տեղերի վանքի վանահայր եղավ Ղուկասը: Սա մի ավետարան գրեց եւ իբրեւ հիշատակ դրեց Օհանավանքում, այժմ (այդ ավետարանը) Փարպի գյուղում է: Այս իմացանք նույն Ավետարանից:

ԻԳ. Հազար վաթսունհինգին (1616) վանահայր եղավ Հովասափը՝ բնիկ վանքիս գյուղացի (Օհանավանից). եւ ահա դրանք կոչվում են Սեթենք: Սա կազմել տվեց մի հաշիվ. այստեղից իմացանք նրան եւ նույնիսկ թվականը: Գիրքը ահավասիկ գոյություն ունի:

ԻԴ. Հազար յոթանասունութ (1629) թվին վանահայր եղավ Հովհաննես Կարբեցին, որ Գայլն է, որին բազմաթիվ անգամ հիշատակել ենք: Սա լավատեղյակ էր տոմարի: Սրա օրոք Ջալալի կոչված ելուզակների կողմից այս Սուրբ ուխտը ավարվեց, ինչպես պատմում է Առաքել վարդապետը: Այս իմացանք նույն Գայլից:

ԻԵ. Հազար ութսուն թվին (1631) վանահայր եւ դպրապետ եղավ Ղուկասը` բազմահմուտ վարդապետը Մովսես կաթողիկոսի հրամանով: Այս իմացանք նրա աշակերտներից:

ԻԶ. Հազար ութսուներեք (1634) թվին վանահայր եղավ Հովհաննես եպիսկոպոս Կարբեցին՝ մի ճգնավոր ու սուրբ մարդ, գիտակ ամբողջ Հին ու Նոր կտակարանների ու պատմությունների: Սա այն Հովհաննեսն է, որ յոթ տարի պայքարել է դեւերի հետ եւ հաղթել նրանց Լիմի անապատում: Այնտեղ վախճանվեց եւ թաղվեց   Սաղմոսավանքում:

ԻԷ. Հազար ութսունհինգին (1636) վանահայր եղավ Առաքել վարդապետ Դավրիժեցին: Սա այն է, որ բազմաթիվ անգամ հիշատակել եմ եւ ամեն բան սրանից եմ հարցրել ու իմացել: Սա մնալով առաջնորդ մի տարի՝ թողեց, գնաց Էջմիածին եւ Հակոբ կաթողիկոսի հրամանով գրեց պատմությունը, մեռավ ու թաղվեց Էջմիածնում:

ԻԸ. Հազար ութսունվեց թվին (1637) վանահայր եղավ քաջ ու արի, չափազանց խելոք, գիտակ Հին եւ Նոր կտակարաններին Զաքարիա վարդապետ Վաղարշապատեցին՝ ճոխաբան ամեն բանի վերաբերմամբ եւ արդյունավոր խոսքով: Սրա պատմությունը հետո կարգով կգրենք ծնունդից մինչեւ մահ:

ԻԹ. Հազար հարյուր (1651) թվին վանահայր եղավ Կարբի գյուղաքաղաքից Հովհաննես վարդապետը՝ մի խոհեմ եւ հեզ մարդ: (Սա վանահայր նշանակվեց) Զաքարիայի հրամանով, որը (Զաքարիան) ամեն ինչ լավ կարգավորեց: Սրա որպիսության մասին նույնպես հետո կխոսեմ:

Լ. Հազար հարյուր քսանութ (1679) թվին վանահայր եղավ Սարգիս վարդապետը Հովհաննես վարդապետի հրամանով: Սա եւս Կարբի քաղաքից էր: Սրա մասին էլ հետո կխոսեմ, որ այժմ գոյություն ունի եւ վարում է առաջնորդությունը ըստ ժամանակի թելադրանքի. թող տերը սատար ու օգնական լինի սրան, իսկ ինքը օրհնյալ լինի ամեն ժամ. ամեն:

ԳԼՈՒԽ ԺԳ
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՐՔԸ

Սա Վաղարշապատ քաղաքից Հովհաննես քահանայի որդին էր, որ ծնվել էր նույն քաղաքում: Երբ դեռեւս ծծկեր էր, իր մոր գրկում, պարսից թագավոր Շահ Աբաս Առաջինը, այն որ Արարատյան ողջ երկիրը գերեվարեց եւ տարավ Պարսկաստան, ժողովրդի հետ ամբողջ ընտանիքով գնաց նաեւ տեր Հովհաննեսը: Սրա որդի Զաքարիան սնվեց ու զարգացավ: Նրան տվին Աստվածաշնչի ուսման ջուղայեցիների մոտ: Սա չափազանց սուր միտք ուներ եւ խիստ ջանասեր էր, քան իր դասընկեր մանուկները, ուստի արագ սովորեց Սաղմոսը, Շարականը, ապա առաքելական ու մարգարեական մատյանները ու բովանդակ Աստվածաշունչ գիրքը. սովորեց նաեւ բոլորգիրն ու նոտրգիրը: Հինգ ազգի լեզու էր իմանում՝ այսինքն հայերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն ու հնդկերեն, ճարտարախոս էր ու արագախոս, ճոխաբան էր ու լավ զրուցող, ամեն բանում հաջողակ էր ու բախտավոր, բեմբասաց էր ու ամրասիրտ:

Երբ Դավիթ կաթողիկոսը եկավ Սպահան, Զաքարիան գնաց եւ միացավ նրան, դարձավ նրա քարտուղարը: Միառժամանակ մնաց նրա մոտ, հետո քահանայության աստիճան ընդունեց մանուկ հասակում ու կուսակրոնի մաքրությամբ Քրիստոսն էր պատարագում: Այդպես մնաց մի որոշ ժամանակ, մինչեւ որ այնտեղ եկավ երկրորդ լուսավորիչ Մովսես վարդապետ Տաթեւացին բազմաթիվ աշակերտներով: Զաքարիան լսելով նրա բարի համբավը՝ գնաց նրա մոտ ու աշակերտեց նրան, միշտ նրա հետ էր շրջում, նրա լավ քարտուղարն էր, մինչեւ Մովսես վարդապետը ստացավ կաթողիկոս դառնալու հրաման, եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին: Նրա հետ էր նաեւ Զաքարիան: Նրանից վարդապետության իշխանություն ընդունելով, ծառայում էր նրան:

Մովսեսը կաթողիկոս մնաց չորս տարի ու երեք ամիս: Ապա կաթողիկոս եղավ տեր Փիլիպոս Աղբակեցին, որ Զաքարիային դարձրեց եպիսկոպոս, գավազան տվեց եւ նրան ուղարկեց Հունաստան նվիրակության: Եվ վերադարձավ Սուրբ Աթոռ Էջմիածին: Կաթողիկոսից պարտադրվելով՝ գնում է Օհանավանք եւ նստում է իբր առաջնորդ հազար ութսունվեց (1637) թվին:

Վերստին հաստատեցին, որ ամենի տասանորդը տրվի Օհանավանքին, որպես էր նախապես՝ սահմանված առաջին կաթողիկոսների կողմից: Եկավ տիրեց վանքերը եւ սկսեց շինություն անել: Հին պարսպի մեջ շինեց պարիսպ եկեղեցու հարավային կողմում, տնտեսատունը, սեղանատունը, խուցերը, հոյակապ աղյուսաշեն պատշգամբներ:

Հավաքեց բազմաթիվ անասուններ՝ ձիեր, ջորիներ, մատակ ձիերի երամակներ, եզներ, գոմեշներ, ոչխարներ, (ձեռք բերեց) հողեր, այգիներ, վեց ստակի մուլք Օհանավանքից, վեց ստակի մուլք Որդկանից, մեկ ստակի ու կեսի Սերկեւիլից, մեկ ստակի Փարպիից, մեկ ստակի բրնձաղաց:

Օրհնության թուղթ ուղարկեց Ջուղայի մեծամեծներին, որ արքունական հրաման ստացան պարսից փոքր Շահ Աբասից, զի արքունի հարկերից ազատ լինեն թե այգի, թե հող, թե այլ ամեն բան, ինչ որ վարում, ցանում ենք առանց հնգորդի ու տասանորդի բոլորը հավաքենք շտեմարաններում եւ վայելենք առանց չարչարանքի: Նաեւ հավաքեց շատ գրքեր, ընդունեց բազմաթիվ աշակերտներ, որոնց հետ էի եւ ես՝ խեղճ Զաքարիաս: Հաստատեց նաեւ դպրատներ եւ իմ նվաստությանը նշանակեց մանուկների ուսուցիչ: Բերեց ջուղայեցի Սիմեոն վարդապետին, որ մեզ սովորեցրեց փիլիսոփայական ուսմունքը: Իսկ լվովցի Նիկողայոս վարդապետին բերեց, որ մեզ երաժշտություն սովորեցրեց: Եվ նա ամեն տեսակ այլ բարեկարգություն մուծեց այնտեղ, ամեն ինչ ընդհանուր էր, ոչ ոք առանձին որեւէ բան չստացավ: Եվ այսպես ամեն ինչ բարեկարգությամբ հաստատվեց՝ աղոթքներով, պատարագներով: Օհանավանք Սուրբ ուխտը զարդարվեց հոգեւորներով ու մարմնավորներով ամենայն պարգեւողին ի փառս: Նաեւ ինքը` Զաքարիան, ամեն ինչով հաջողակ էր, քանի որ մարմնավոր իշխանների առջեւ խոսքը գետին չէր ընկնում, այլ այոն այո էր եւ ոչը՝ ոչ: Նաեւ առատաձեռն էր, որովհետեւ խոհարարներին պատվիրեց, որ աղքատներին առանց կերակուրի ճամփու չդնեն, այլ ինչ որ եփվի (նաեւ), տրվի աղքատներին: Եվ այսպես սուրբ տունը ուղղեց ամեն կարգի բարեձեւությամբ:

Եվ հազար իննսունհինգ (1646) թվին իր ձեռնասուն աշակերտ Հովհաննես վարդապետ Կարբեցուն ձեռնադրել տվեց եպիսկոպոս եւ նշանակեց իր տեղը, իսկ ինքը գնաց Պարսկաստան՝ Սպահան քաղաքը, ջուղայեցիների մեջ: Այնտեղ մնաց երկու տարի, նրանցից մեծ գումար դրամ առավ եւ հազար իննսունյոթ թվին (1648) նորից վերադարձավ եւ հազար հարյուր (1651) թվին ձեռնարկեց եկեղեցիները նորոգել: Բազմաթիվ քարհատներ բերեց եւ վեց ամսում ավարտեց չորս եկեղեցիներ: Սրանից հետո կրկին իր տեղը հաստատեց Հովհաննես վարդապետին, իսկ ինքը հրաժարված շրջում էր այստեղ-այնտեղ:

Հազար հարյուր հինգ (1656) թվին գնաց Երուսաղեմ, դարձյալ եկավ: Ապա Սուրբ Էջմիածնի բոլոր միաբանները գնացին, բերին Սուրբ Աթոռ Էջմիածին նրա կարեւորության համար: Նրան պահում էին այնտեղ, որպեսզի երթեւեկողներին գրավի ու չարագործների բերանը փակի: Եվ նա այնտեղ մնում էր որպես ամենքի հայր ու դաստիարակ:

Իր գերեզմանը փորեց զանգակատան առջեւ եւ տեղը սալահատակեց. եւ երբ ավարտեց սալահատակումը, նույն օրը տկարացավ եւ մյուս օրը փոխվեց ամենքի հույս Քրիստոսի մոտ` հազար հարյուր ութ (1659) թվի հունիս ամսի երեսունին՝ Վարդավառի օրը: Դրվեց իր փորած տապանում: Այստեղ վախճանվեց, բայց կենդանի է Քրիստոսի մոտ, որ օրհնված է հավիտյան, ամեն:

Իսկ Հովհաննես վարդապետը, որ նրա փոխանորդն էր, Կարբի գյուղաքաղաքից էր. սա մի հեզ ու հնազանդ, խոհեմ, կարեւոր, ողորմասիրտ, հյուրընկալ, անհիշաչար, ամենքին հաճելի մարդ էր: Նրա բարի վարքի համար ամեն մարդ գալիս էր նրա մոտ եւ հարցնում, մխիթարվում, հեռանում: Սա իր ամբողջ կյանքով ապրեց պարկեշտությամբ, շինեց Քասաղ գետի վրա Սերկեւիլի ձորում գտնվող անապատը, պարիսպը, տնտեսատունը, սեղանատունը, խուցերը, փայտե ժամատունը: Տնկեց շատ այգիներ տեսակ-տեսակ անուշահամ ու քաղցրաբույր մրգերով, բազմացրեց միաբանները, որ ահա մշտապես փառքով բարձրյալ Աստծու պաշտամունքիս. փառաբանության մեջ են: Կարբի գյուղում շինեց մի ձիթհանք կալերին մոտիկ. նույնպես իր հայրենի այգում շինեց մի վայելուչ հովանոց, որ կոչվում է Տեր Մխիթարի այգի: Միաբանները շատացրեց ավելի քան քառասուն, որոնք բոլորը միակամ ու միասիրտ էին: Նա շինեց մի գավիթ տապանատան վրա արեւմտյան կողմում, մեծ գավթին կից հյուսիսային կողմում կոփածո քարերով:

Դեռեւս չէր ավարտված, իր տեղը նշանակեց Սարգիս վարդապետին, որ իր ձեռնասուն աշակերտն էր, հազար հարյուր քսանութ (1679) թվին: Իսկ ինքը վախճանվեց բարի մահով նոյեմբերի տասնչորսին՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի տոնի օրը: Թաղվեց իր շինած գավթում: Մեռավ այստեղ, կենդանացավ Քրիստոսի մոտ. մեզ համար իր բարի անունը թողեց:

Իսկ Սարգիս վարդապետը եւս Կարբի գյուղաքաղաքից էր, որդին էր բարեպաշտ ու երկյուղած հարուստի, որ կոչվում էր Կարապետ. սա տոհմով Մսրեցի էր, որ մանուկ հասակում նրան )որդուն( տվեց Օհանավանքի Սուրբ ուխտին: Սա ապրեց համեստությամբ եւ պարկեշտ վարքով, սովորեց բարի վարք ու հոգեւոր կրոն: Հովհաննես վարդապետը տեսնելով նրա ազնիվ վարքը՝ մանուկ հասակում նրան կուսակրոն քահանա դարձրեց ու տվեց տաճարապետության պաշտոն: Միառժամանակ պարկեշտությամբ մնալով նրան վարդապետության իշխանություն տվեց հազար հարյուր քսանութ (1679) թվին: Տեսնելով նրա հավատարմությունը եւ ազնիվ ծառայությունը՝ նրան տվեց այս սուրբ տան վերակացությունը:

Այդ ժամանակ նա քսանութ տարեկան էր: Իսկ ինքը՝ Հովհաննես վարդապետը հրաժարված շրջում էր այստեղ-այնտեղ մինչեւ Եղիազար կաթողիկոսի գալը, որպեսզի եպիսկոպոս ձեռնադրել տա: Դեռեւս կաթողիկոսը չէր եկել, ինքը մեռավ: Ինչպես ասացինք, Սուրբ Էջմիածնում տեղապահ էր լվովցի Ստեփանոս վարդապետը, որ բազմաթիվ վարդապետներով ու եպիսկոպոսներով եկավ թաղման:

Բայց նրան, որ ի սկզբանե չար էր, սատանան գրգռեց Սարգիս վարդապետի դեմ, ինչես Երոբովանը Սողոմոնի* դեմ, եւ քանի որ նա ուներ շատ նախանձողներ, որոնք նրան հակառակ էին եւ ահա վեր կացան եւ տվին շատ կաշառք շատերին եւ ոմանց հաջողեցրին: Սակայն նրանց կամքով չեղավ, որովհետեւ Կարբի գյուղի ռամիկները գրոհեցին եւ հալածեցին նախանձորդներին եւ դարձյալ Սարգսին հաստատեցին: Բայց նրանք չհանդուրժեցին, ինչպես որ երբեմն եղավ Ակռականդցու** նկատմամբ, նույնպես արին սրա հանդեպ: Սովորեցրին մի կնոջ եւ մատնեցին նրան աշխարհիկ դատավորներին, սակայն դրանով էլ չկարողացան վնասել, քանզի Կարբիի ռամիկները, որոնք գիտեին նրա մաքրությունն ու պարկեշտությունը, հարձակվեցին իշխանի (փաշայի) վրա եւ խլեցին նրա ձեռքից եւ տարան հաստատեցին իր տեղում: Եվ քանի որ իրենք չար էին, մատնեցին միմյանց հենց նույն իշխանին: Ըստ Սողոմոնի՝ արդարը որսողներից ազատվում է, նրա փոխարեն մատնվում է հանցավորը, քանի որ ընկերոջ համար խորխորատ փորեցին, իրենք ընկան մեջը: Եվ ահա մատնվեցին բանտի, շղթաների, կապանքների ու ծաղրի: Սարգիս վարդապետը նրանց եւ նրանց տանջանքները տեսավ, հիշեց Ավետարանի սուրբ խոսքերը, թե բարի արեք ատելիներին եւ ըստ Պողոսի կերակրեք թշնամուն (Հռոմ. ԺԲ 20), ուստի վարդապետը նրանց համար գնաց խոշոր պարտք արեց, տուգանք տվեց, ազատեց նրանց: Դեռ պարտքը տոկոսներով մնում է, իսկ հակառակորդները ցրվեցին եւ ոչինչ դարձան: Իսկ վարդապետը հաստատվեց ինչպես հողի մեջ հիմնավորված անշարժ վեմ: Այդ պատճառով աղաչում ենք Տիրոջը, որ սրան երկար օրեր կյանք տա՝ ասելով, թե նրանք քո ձեռքից մերժվեցին (Սաղմ. ՁԷ 87), բայց մենք քո փրկությամբ կցնծանք եւ ուրախ կլինենք քեզնով: Երեք տարուց հետո եկավ Եղիազար կաթողիկոսը Հունաստանից եւ մեծ փառքով կաթողիկոս նստեց Սուրբ Էջմիածնում եւ Սարգիս վարդապետին օրհնեց եպիսկոպոս հազար հարյուր երեսուն մեկ (1682) թվին, նրան կոնդակ տվեց եւ ուղարկեց գերափառ ուխտ՝ Օհանավանք: Ահա առաջնորդ է իր ժողովրդին եւ վարում է իշխանությունը ըստ ժամանակի թելադրանքի եւ ինչպես արժան է, կրել է տալիս: Սրա տերը կլինի առաջնորդ այստեղ ըստ մարմնի, իսկ հանդերձյալում` ըստ հոգու: Նրան փառք հավիտյանս. ամեն:

Մինչեւ այստեղ գրեցինք արձանագրությունները եւ առաջնորդների կարգը, թուղթ թողեցինք` մեզնից հետո եկող եպիսկոպոսներ, գրեցեք նրանց վարքը հիշատակարանի հետ միասին:

 

* Գ Թագ. ԺԱ 26:

**Ակռականդցին (Սիցիլիայի Ակրականդա քաղաքից) եպիսկոպոս էր, մի կնոջ կողմից մեղադրվեց 11-րդ դարի 2-րդ կեսին:

ԳԼՈԽ ԺԴ
ՍՈՒՐԲ ԳԵՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Կգրեմ նաեւ Սուրբ Գեորգի մասին, թե որտեղից եկավ Հայաստան եւ կամ թե ինչպես գնաց Վրաստան: Ինչպես որ շատ անգամ հարցրինք Առաքել վարդապետին եւ նա շատ բաներ մեզ հայտնեց, այնպես էլ հարցրինք Սուրբ Գեորգի մասին: Եվ նա ասաց, թե երբ նահատակվեց Գեորգը Գամիրքում [2], եւ պահպանվում էր մարմինը մինչեւ մեծ Ներսեսի օրերը: Սա նրա մարմինը բերել տվեց եւ դրեց Օհանավանքում: Այդ պատճառով հավաքեց բորոտներին ու քոսոտներին երկար ժամանակ, երբ հայոց ազգի իշխանությունը տկարացավ եւ ընկավ այլ ազգերի ձեռքը: Սակայն Շիրակը եւ Կարբիի գավառը վրաց թագավորների ձեռքում էր:

Այդ ժամանակ վրաց արքայի որդին բռնվեց գոթության հիվանդությամբ, բայց բուժում չգտավ: Ապա նրան պատմեցին, թե քո իշխանության ներքո Կարբի գավառում մի վանք կա, որ կոչվում է Օհանավանք: Այնտեղ է Սուրբ Գեորգի մարմինը: Այնտեղ են հավաքված բոլոր ուրուկներն ու գոթիները եւ բուժում են ստանում Սուրբ Գեորգից: Արդ, որդուդ ուղարկիր այնտեղ, նա այնտեղ կառողջանա: Թագավորը այս լսեց, ուրախացավ: Մեծ պատրաստությամբ պատրաստեց իր որդուն, որպեսզի ուղարկի այնտեղ: Թագավորի կինը հակառակվեց, չէր կամենում՝ ասելով, նախ՝ թագավորի որդի է, դրա այնտեղ գնալով, երկիրը կվրդովվի, երկրորդ՝ թե ինձ համար միամոր է, գուցե մահանա, եւ ես աղեխարշ տոչորվեմ: Իսկ թագավորը տարակուսանքի մեջ չգիտեր ինչ անել: Ապա մտածեց մարդ ուղարկել եւ Սուրբ Գեորգի ոսկորները բերել:

Պատրաստեցին խելոք մարդիկ մեծ աղերսանքով եւ աղերսագրով, նաեւ սպառնալիքներով: Եվ քանի որ Էջմիածնում կաթողիկոս չկար, (ուղարկեց) Օհանավանքի եպիսկոպոսի եւ Կարբիի իշխանների մոտ: Դեսպանները եկան Սուրբ ուխտը եւ արքունի հրամանը ցույց տվին, բայց Կարբիի իշխանները դժկամեցին եւ արհամարհեցին արքունի հրամանը: Իսկ նրանք անճարացած արագընթաց սուրհանդակներ ուղարկեցին թագավորի մոտ եւ տեղեկացրին իրականությունը: Իսկ թագավորը հավաքում է ազատների բազմաթիվ պատանիներ եւ ուղարկում է իբրեւ պատանդներ: Այդ ուղարկված պատանիների մասին ոմանք քառասուն, ոմանք երեսուն էին հաշվում, իսկ ուրիշները այսքան ու այնքան, բայց որ ճշմարիտն է, նրանք տասներկուսն էին, որ եկան Օհանավանքի դուռը: Իսկ նրանք պատանիներին պահելով այնտեղ, Սրբի մասունքներից՝ ատամներից եւ արյունը թողին այստեղ, ամբողջ մարմինը պատրաստեցին ուղարկել: Երկու աբեղա, չորս քահանա, ութ աշխարհականներ մարմնի հետ ուղարկեցին, ուղարկեցին նաեւ սիրալիր նամակ եւ աղերսագիր: Եվ պայմանով առաքեցին բոլոր ոսկորները:

Երբ հասան Թիֆլիս քաղաքը, լսեցին արքայորդու մահը, որի անունը Բեժո էր, իսկ թագավորի անունը՝ Դաթո: Կամեցան այնտեղից հետ դարձնել սրբին, սակայն վրաց անամոթ ազգը չկամեցավ թողնել, մինչեւ հայտնեն թագավորին, որովհետեւ նա Կածարեթում էր: Իրենք )վրացիք( եկեղեցի շինեցին ու այնտեղ դրին սրբի ոսկորները:

Թագավորը եկավ, ոչ միայն չթողեց այնտեղ դառնալ, այլեւ պատվիրակներին մեղադրում էր, թե դուք իմ որդուն սպանեցիք, դրա համար տեղի ունեցավ իմ որդու մահը: Եվ ծեծով արձակեց նրանց, իսկ նշխարը ուղարկեց Կածարեթի երկիրը, որ այժմ կոչվում է Չխար: Այժմ (նշխարը) այնտեղ է մինչեւ այսօր: Իսկ երբ պատվիրակները դատարկ վերադարձան եւ պատմեցին եղածը: Եվ մինչեւ այդ ժամանակ պատվով ընդունում էին վրաց ազատների որդիներին, այժմ նետեցին բանտ ու կապանքների մեջ եւ տառապեցրին նրանց, որ թերեւս նրանց ծնողները բողոքելով պահանջեն իրենց որդիներին, դարձնեն նշխար, բայց չեղավ: Եվ այն մնաց Վրաստանում, իսկ վրացիների որդիները մնացին հայոց աշխարհում մինչեւ այսօր:

ԳԼՈՒԽ ԺԵ
ՍՐԲԻ ՄՆԱՑԱԾ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օհանավանքում մնացին սրբի մասունքները մինչեւ վրաց իշխանությունը Հայաստանից վերացավ, Հայաստանին տիրեցին տաճիկները, այսինքն՝ օսմանցիները: Երբ ուխտավորները սրբի (Գեորգի) տոնի օրը գալիս էին, խուռնամբոխ ժողովրդի շատությունից մանուկները քարերից վայր էին ընկնում, իսկ տեղերի տերերը բռնելով վանականներին՝ տուգանում էին, որից նեղվելով, նրանք Սրբի տոնի օրը սուրբը տանում էին Կարբի: Այնտեղ նույնպես նեղություն էր լինում, որովհետեւ ուխտավորների համար տեղ չէր մնում: Ապա կարբեցիք մտածեցին եւ շինեցին մի փոքրիկ մատուռ Մուղնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին եւ նրան կից փայտյա գավիթ եւ Սրբի տոնի օրը )նշխարը( տանում էին այնտեղ: Ուխտը ավարտելուց հետո դարձյալ տանում էին Օհանավանք:

Եվ հետո նեղվեցին տանել բերելով, մտածեցին այնտեղ թողնել սուրբ մասունքները եւ վանքի մի աբեղա այնտեղ մնա եւ սպասավորի, իսկ մուտքը ուղարկել Օհանավանք մինչեւ շատ տարիներ: Հետո նա եղավ վանք, գոթիները ելան Օհանավանից եւ գնացին այնտեղ, ուխտավորների տված մուտքը երկու բաժին էին անում, որովհետեւ Օհանավանքի միաբաններից մեկը տարին բուն այնտեղ էր նստում, որ ինչ )եկամուտ( գալիս էր, երկու բաժին էին անում երկու վանքերի վրա: Եվ քանի եկող-գնացողը վանքի հաշվին ուտում-խմում էին, իսկ Օհանավանքը չէր օգնում նրան, եւ Մուղնու վանքը մեծ պակասություն ուներ, ուստի մեծ դժվարությամբ տրտնջում էին:

Ապա Կարբու մեծամեծների խորհրդակցությամբ որոշեցին աշնան ուխտին ինչ եկամուտ որ գա, դրա կեսը տան Օհանավանքին եւ ոչ էլ աշնան ուխտի ծախսածին ընկեր լինեն, այլ միայն ինչ հասնում է աշնան ուխտին, նույնի կեսը տանեն առանց ծախսի: Այս որոշումն է մինչեւ այսօր. հինգշաբթի Օհանավանքի միաբանները գնում են, նստում այնտեղ, երկուշաբթի ամենը կիսում, բերում են Օհանավանք: Այնտեղ ես շատ անգամ գնացել եմ եւ արել այնպես, ինչպես գրեցինք: Իսկ մեր ժամանակ Մարտիրոս անունով մի եպիսկոպոս մատուռն ու գավիթը քանդեց, կոպիտ քարով շինեց մի հոյակապ եկեղեցի եւ շուրջանակի պարսպեց: Հետո նրա եղբոր որդի Հովհաննես վարդապետը քանդեց այն եւ կոփածո քարերով մի հրաշալի եկեղեցի սարքեց, իսկ արեւմտյան դռանը շինեց զանգակատուն: Բայց դեռեւս տանիքի շարքերը չվերջացրած, մեռավ. իր եղբորորդի Դավիթ վարդապետը ավարտեց այն: Այժմ այդ հրաշափառ եկեղեցին կա, իսկ Դավիթ վարդապետը նրա առաջնորդն է:

ԳԼՈՒԽ ԺԶ
ԹԵ ԻՆՉ ԵՂԱՆ ՎՐԱՑ ԱԶԱՏՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Առաքել վարդապետին հարցրի վրաց (ազատների) որդիների մասին, թե ինչ եղան: Եվ ասաց, գիտեմ, որ մնացին այստեղ՝ այս երկրում, բայց չգիտեմ, թե ինչ եղան: Բայց իմ հայրը՝ Զաքեի Մկրտիչը վրաց (ազատների) որդիներից էր եւ չափազանց ճոխաբան ու ճարտարախոս էր. սովորել էր պարսից ու գաբրերի լեզուները, կարդացել էր Սաղմոսը եւ անգիր գիտեր: Նա մի գիրք ուներ, որ վաղուց գրել էր իբրեւ ժողովածու բազմաթիվ բաների, նաեւ գրված կար խոսք որդուց որդի մինչեւ իմ պապ Խաչատուրը: Իսկ իմ հայրը գրել էր հոր, իր եղբայրների եւ իր մասին: Այդ գիրքը գտնվում էր մեզ մոտ, երբ ահավոր երկրաշարժը եղավ, այդ գիրքը անհայտացավ:

Բայց վրաց (ազատների) որդիների կարգը գրված էր հետեւյալ կերպ. ես կարդացի այն, ինչ գրված էր, իսկ վրաց զավակները մնացին Օհանավանքում: Երկու տարի հետո հրաման տվին գնալ, ուր կամենում են: Երկուսը գնացին իրենց երկիրը, մեկը մեռավ Օհանավանքում, մեկը դարձավ վարձու մշակ մի ոմն վրացու եւ գնացին Հունաստան: Մեկը կապանքներից ազատվեց, երբ բանտում էին եւ փախավ: Իսկ յոթը գնացին իրենց երկիրը ասելով` գնանք մեր երկիրը, մեզ պատանդ կուղարկեն Պարսկաստան եւ մեզ նրանք մեր հավատքից կհանեն, մեզ համար լավ է մնալ այս բարի ու գովելի երկրում: Եվ այսպես բոլորը ցրվեցին:

Մի ոմն` Թեին անունով, մնաց Օհանավանքում եւ այժմ կոչվում են Թեինենք: Մեկը Ազիպե անունով, գնաց Եղվարդ եւ այժմ (տոհմը) կոչվում է Ազիբեկենք: Մնուցա անունով մեկը գնաց Քանաքեռ եւ ահա կոչվում են Մոծակենք: Խաչո անունով մեկը գնաց Մուղնի, եւ ահա կոչվում են Խաչիկենք: Ստեփան անունով մեկը գնաց Բյուրական եւ մի որդի ուներ Բարաջան անունով, եւ ահա կոչվում են Բարաջանենք: Շալովե անունով մեկը գնաց Ղազարավան եւ մի որդի ունեցավ Բաբա անունով, եւ ահա կոչվում են Բաբենք, Ղաբո անունով մեկը Աղուտա անունով իր քրոջը առավ գնաց Քանաքեռ, եւ ահա կոչվում են Ղապոնք: Բայց նրա քույրը ոչ հորից էր, ոչ մորից, այլ նրա (Ղաբոյի) մայր Մարիամը Վրաստանում մեռավ, իսկ նրա հայր Գալիկը գնաց Թիթո անունով ուրիշ կին բերեց, որի հետ էր Աղուտա օրիորդը: Եվ երբ Ղապոյին պատանդ ուղարկեցին Օհանավանք, նրա հետ դրեցին իր քույրացու Աղուտային, իսկ սա ամուսնացավ սրա հետ Քանաքեռում, եւ ահա կային Աղուտենք՝ մականունով Բոնկանք:

Իսկ Ղապոն մտերմանում է գյուղի ավագի հետ, իսկ սա ամուսնացնում է նրան Բուրսա անունով իր աղախնի հետ, եւ սա ծննդաբերում է Գալիկին ու Մովսեսին: Այս Մովսեսը քաջ ու կորովի եւ ուժեղ (մարդ է լինում): Սրա քաջությունից պատմվում է: Եվ որովհետեւ գյուղատերը հրամայում է սայլը լծել երկու գոմեշ եւ գնալ հանդը, որ կոչվում է Ավանափոս, եւ բերել օրանը: Նա այդպես էլ անում է: Բարձած գալիս էր: Չարի ներգործությամբ մի գոմեշի ոտքը կոտրվում է, եւ Մովսեսը արձակում է ոտքը կոտրված գոմեշը, ինքը լծվում է մյուս գոմեշի հետ եւ օրանը բերում թափում է կալը:

Ապա գնում է գոմեշը շալակում եւ բերում է գյուղը: Այնտեղ պատահում են վրաց սուրհանդակները, որոնք Պարսկաստան էին գնում, տեսնելով այդ՝ նրան ոտքից գլուխ հագցնում են )թանկագին հագուստներ( եւ գալով պատմում են ամենուրեք:

Մեծ պասի օրերին շալակում է հաց, պուտուկով ուտելիք, ավելի քան քսան մարդու կերակուր եւ տանում իր տիրոջ այգեփորներին այն ձորը, որ այժմ կոչվում է Ամիրդատենց ձոր՝ Հրազդան գետի ափին: Եվ երբ հասնում է բարձր քարափների գլուխը, ահա նրա դեմ դուրս է գալիս մի արջ եւ հարձակվում նրա վրա. նա շտապ իր գլխի վրայից վայր է դնում պուտուկն ու հացը: Արջը բռնում է նորակար պատմուճանի (արխալուղի) կուրծքը եւ երկու թաթերով փաթաթվում է մեջքով: Իսկ Մովսեսը աջ ձեռքով բռնում է արջի ականջը, իսկ ձախ ձեռքով պոչը եւ ոտքին հենարան դարձնելով քարը՝ հիշում է Աստծու անունը եւ ուժ առնելով ցնցում է, եւ արջը պոկվելով նրանից, պատմուճանի երիզը առած ընկնում է քարերի բարձրությունից եւ սատկում: Նա վերցնում է հացը, տանում մշակներին: Նրանք տեսնելով հարցնում են, իսկ նա պատմում է, ինչ որ արել էր: Նրանք չհավատացին, մինչեւ որ գնացին տեսան սատկած արջը բերանում պատմուճանի փրթիկը: Այս բաները նրա տերը տեսնելով, քրոջը տալիս է նրան կնության, որի անունն էր Խաթիջա Սուլթան:

Մովսեսը սերում է Սուքիասին, Սուքիասը սերում է մյուս Մովսեսին, Մովսեսը սերում է մյուս Սուքիասին, Գալիկին, Միրզային եւ Խաչատուրին, նաեւ մի դուստր, որին իր տատի անունով Խաթիջա Սուլթան են կոչում: Միրզային ես՝ Զաքարիաս, տեսա:

Այսքան էր գրված այն գրքում, որը ես կարդացի: Այս է վրաց պատանիների պատմությունը, եւ այս է իմ հայրերի շարքը: Իսկ ինչ շարք, որ իմ պապ Խաչատուրը եւ իր որդիները ունեն, այն գրել էր իմ հայր Մկրտիչը, որ հետեւյալն է:

Եվ Խաչատուրը սերեց Զաքարիային, Մարգարեին, Օղլան-փաշա դստերը եւ ինձ՝ Մկրտչիս: Մարգարեին տալիս է գրքերի ուսման Քանաքեռի վանքում: Նա սովորելով, տասներկու տարեկանում աբեղա են դարձնում: Մեծ ուրբաթ օրը նրան հրամայում են պատարագել: Նա օրվա նշանակությունը չիմանալով՝ պատարագ է անում: Այս լսելով Առաքել կաթողիկոսը նրան բանադրում է: Իսկ նա գնում ընկնում է կաթողիկոսի ոտքերը եւ ասում է, թե իմ եպիսկոպոսի հրամանով արի: Կաթողիկոսը արձակում է նրան եւ ասում՝ Քանաքեռում մի մնա, այլ գնա Օհանավանք եւ այնտեղ մնա: Նա եկավ Օհանավանք, այնտեղ մնաց, այնտեղ մեռավ, այնտեղ էլ թաղվեց: Նա տասնինը տարեկան էր, երբ մեռավ:

Իսկ Զաքարիան քանի դեռ ամուսնացած չէր, այգին էր պահում, որ Հրազդան գետի ափին կամուրջի ներքեւում էր. դեռեւս այն մերն է եւ կոչվում է Ղապոնց ձոր. նա ուներ նաեւ մի զորեղ շուն՝ Ուրտիա անունով: Զաքարիան այգին պահում էր շան հետ միասին: Մի գիշեր վեց գողեր գալիս Ղզղալա [3] գյուղից, կամենում են սպանել Զաքարիային: Շունը իմացնում է նրանց գալը: Զաքարիան շունը առնում, գնում, գտնում է նրանց: Նրանք կամենում են փախչել, իսկ Զաքարիան հետամտելով հարվածում է երկաթապատ մահակով եւ սպանում մեկին: Շունը նաեւ մեկին դնում է տակը եւ լափելով սպանում է: Մեկը կամենում է փախչել, քարերի բարձրությունից ընկնելով սատկում է: Մեկն էլ կամենում է գետը անցնել ու փախչել, ինչ-որ եղեգ փաթաթվում է ոտքին, մնում է կախված գետի մեջ եւ սատկում է: Մեկն էլ պատահում է իր ընկերոջը, սա կարծելով, թե Զաքարիան է, կացնով խփում, սպանում է ու ինքը փախչում է միայնակ:

Մյուս օրը հայտնում են օսմանցիների փաշային, նա տանում է Զաքարիային, մեծարում է նրան եւ Քանաքեռ գյուղը հանձնում է նրան:

Երբ ջալալիները շատացան Երեւանի երկրում, Զաքարիան թաքուն վեց հոգու հետ մտնում է մի տուն` գինի խմելու: Ջալալիները իմանալով՝ քսան հոգով կտրում են դուռը: Իսկ Զաքարիան քաջաբար դուրս է գալիս նրանցից երկուսին սպանում է: Ապա իրեն շրջապատում են եւ ընկերներով սպանում:

Նրա հայր Խաչատուրը լսելով՝ կսկծից նեղսրտելով մեռնում է: Մնում է Մկրտիչը իր մոր՝ Շահնաբաթի եւ իր քրոջ՝ Օղլանփաշայի հետ: Եվ Կոտայքի նահանգապետը՝ մելիք Դավուդ անունով, իր մոտ է կանչում Մկրտչին եւ նրա հմտության պատճառով նրան նշանակում է իր տան վերակացու եւ ամեն ինչ հանձնում է նրան եւ դարձնում է իրեն քարտուղար:

Մարդ է ուղարկում Պարսկաստանի Գուլփեքան գավառը եւ այնտեղից բերում է իր քենի Խոսրովին ամուսնու եւ դուստրերի հետ միասին եւ բնակեցնում իրենց Արծնի (Արզնի) գյուղում: Նրա Խանաղա անունով դստերը ամուսնացնում է Մկրտչի հետ: Խանաղան ծննդաբերում է Խաչատուրին ու ինձ՝ Զաքարիային: Խաչատուրը ամուսնացավ` սերեց Կյուրեղին: Իսկ Զաքարիան լսեց, որ Սուրբ Կարապետի պատանդներ ենք, եւ իմ հորեղբայրը այնտեղ է մեռել եւ ինքը եկել այնտեղ անհաճելի վարքով բնակվում է հիսուն տարի: Որ եւ կոնդակ արեց:

Ահա այսպես ու այսքան: Արարողին եւ ստեղծողին ամեն փառք հավիտյանս. ամեն:

Սրա համար աղաչում եմ Սուրբ ավազանի լուսածնունդ զավակներիդ, որ որդեգրվել եք երկնավոր հորը Սուրբ Լուսավորչի բազմաչարչար նահատակությամբ, համակրոն եք ու միադավան Ասքանազյան շառավիղից գոյացած եւ մակաղած գտնվում եք այս Սուրբ Կարապետի գոգում ու ծոցում, զուր մի համարեք ձեր ցած խորասուզված ու գետնամած ծառայի աշխատանքը. ձեր բազմաթիվ երախտիքների հետ ընդունեք նաեւ իմ քիչը: Քանզի շատերը, որ շատերից շատ են նվիրաբերում, իսկ ես փոքրս փոքրերից փոքրը նվիրեցի, ինչպես նկարում սեւն են գործածում՝ մեծի հետ մանրերը կարգելով, ուստի ընդունեք այս խեցեղենը արտաքուստ լավերի համար իբրեւ անհրաժեշտ, որպեսզի անհրաժեշտ ժամին լավը վատթար չհամարվի: Ողջ եղեք ամեն ինչով ամեն բանում:

1136 (1687) թվին (ՆՆ, ՃՃ, ԾԾ, ԺԺ, ԵԵ, ԳԳ): (Արտագրված բազմամեղ Գրիգոր Երեւանցու ձեռքով):

 

 



[1]            Մուղնին Աշտարակի շրջանի գյուղերից է: Հայտնի է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին, կառուցվել է 14-րդ դարում, վերակառուցվել է 1664-69 թվերին:

[2]            Գամիրքը Կապադովկիայի հնագույն անունն է, գտնվում է Փոքր Ասիայի կենտրոնական մասում: Կենտրոնը Կեսարիա քաղաքն է:

[3]            Ղզղալան Կոտայքի շրջանի գյուղերից է, Աբովյան քաղաքից արեւելք` 20 կմ հեռավորությամբ: Այժմ խոտհարքային վայր է եւ պատկանում է Կոտայք )Երկավան, Ելկավան( գյուղին: