Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

3) ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ  ԴԱՒԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

 

Եկեղեցու կրօնական-բարոյական մասը անփոփոխ է եւ ընդհանուր, եկեղեցական կանոնները մասնաւոր են եւ փոփոխական. առաջինն եկեղեցու դաւանութիւնն է, երկրորդը՝ եկեղեցական վարչական կազմը: Այս վարչական ձեւի վրայ իրենց կնիքը թողնում են շատ պայմաններ` ազգային բնաւորութիւնը, կեանքի պայմանները, ժողովրդի կացութիւնը, տնտեսական վիճակը: Այդ դարերի ընթացքում, պատմական կեանքի շրջանում  փոփոխվում է դատական, իրաւական, օրէնսդրական ձեւերով, իւրաքանչիւր ժամանակի պահանջների եւ կարգերի համաձայն: Շուլտէն ասում է` անարդար է մի որեւէ ժամանակի կանոնաչափը անփոփոխ համարել ուրիշ ժամանակի  իրաւունքի  ճշտութիւնը  կամ  անճշտութիւնը  կշռելու  եւ գնահատելու համար. Եկեղեցին չի կարող մատնուել անշարժութեան, որովհետեւ այդ պայմանում անհնարին կը լինի նրան ծառայել իւր կոչման, իրագործել իւր վրայ վերցրած պարտաւորութիւնները ժողովրդի վերաբերմամբ, ուստի եւ չի կարելի կեանքի պայմաններից առաջացած փոփոխութեան կարիքը անհնարին համարել՝ նախկին ժամանակներում կազմած իրաւական սահմանադրութեան հակառակ համարելով: Միայն դաւանութիւնը իւր անվթարելիութեամբ եւ էութեամբ կազմում է իրաւունքի զարգացման եւ Եկեղեցու օրէնսդրութեան սահմանը (տե՛ս Соколовь, ц. п., 18 եր. ):

Այդ պայմանների շնորհիւ ահա եւ առաջին 5 դարերի ընթացքում կազմակերպուեցին անկախ, ինքնուրոյն Եկեղեցիներ՝ տարբեր սովորութիւններով եւ արտաքին կարգ ու կանոնով՝ հայոց, ասորոց, ղպտաց, հաբէշների, յունաց եւ հռոմայեցոց: Անգլիացի յայտնի եկեղեցական պատմագիր Ռոբերթսոնը ասում է. «Հայաստանը պատիւ ունեցաւ առաջին երկիրը լինելու քրիստոնէութիւնը իբրեւ ազգային կրօն ընդունելու մէջ»:

Բացի վարչական ձեւի տարբերութիւնից, փոփոխութիւններ մտան եւ դաւանաբանական մի քանի կէտերում, որոնք շատ առիթներ տուին բազմաթիւ վէճերի եւ տարաձայնութիւնների առաջանալուն: Հռոմէական Եկեղեցու որոշման մէջ մտաւ պապի գլխաւորութիւնը իբրեւ Քրիստոսի փոխանորդի (տե՛ս Գորչակով, ц. п., 22 եր. ): Ուրիշ դաւանաբանական խնդիրներում՝ Հոգւոյն Սրբոյ բղխման, Հաղորդութեան եւլն, եւլն, տարբերութիւններ մտան մեր, Յունաց եւ Կաթոլիկ Եկեղեցիների մէջ: Մի քանի ռուս ուսուցչապետների կարծիքով (Գորչակով, Տրոիցկի, Բերդնիկով եւլն), բացի Գետտէ յայտնի աստուածաբան քահանայից, որը հայերին ուղղափառ է համարում, հայերը միաբնակ են եւ ուղղափառ Եկեղեցուց հեռացած:

Դրանց կարծիքով՝ ուղղափառ Եկեղեցուց նոյնպէս հեռացան ասորիները` նեստորականութիւն ընդունելով, հաբէշները` միաբնակութիւն, ղպտիները` յակոբականութիւն, եւ 9-րդ դարում` Հռոմի  Եկեղեցին: (Այս մասին կը խօսենք յետոյ իւր տեղում):