Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

8) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԱՅԺՄԵԱՅ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ

 

Նախկին դարերում եկեղեցիները կառավարւում էին առաքելական, սուրբ հարց եւ ժողովների կանոններով, որոնք տարածուած էին բոլոր քրիստոնեաների մէջ՝ բերանացի աւանդական եւ գրաւոր առանձին կանոնների ձեւով: Գրաւոր կերպով եւ կանոնաւորուած 500 թուականներին հռոմայեցի Դիոնեսիոս Կրտսերը կազմեց կանոնների առաջին ժողովածուն՝ թարգմանելով յունարէնից լատիներէն 10 ժողովների կանոններ՝ 4 տիեզերական եւ 6 տեղական, սկզբում էլ գրեց 50 առաքելական կանոններ: 565-ին Յովհան Սքոլաստիկոսը հրատարակեց նոյն ժողովածուն աւելի կարգաւորած եւ յաւելուածով:

Բացի եկեղեցական հրատարակութիւններից, սկսեցին դուրս գալ եւ քաղաքացիական օրէնքներ Եկեղեցու կառավարութեան վերաբերեալ: 438-ին Կոստանդիանոս Մեծից սկսած մինչեւ Թէոդոս Մեծը հրատարակուած բոլոր օրէնքները համախմբուեցին Թէոդոսի օրէնսգրքի մէջ, որ կոչւում է Codex Theodosianus, ապա 534-ին դրանք մուծուեցին Յուստինիանոսի օրէնսգրքի մէջ` Codex Justinianeus, որ բաժանուած է 12 գրքի: Թ դարում դուրս եկաւ Փոտ պատրիարքի ժողովածուն, ԺԱ դարում՝ Միքայէլ Պսելլի, ապա Արսէնի, Մատթէոսի եւ 1345-ին՝ Կոնստանդին Արմենոպուլի այբբենական ժողովածուն:

Արեւմուտքում Դիոնեսիոսից    յետոյ յայտնի եղաւ Մարտին Բրագացու ժողովածուն Զ դարում, Իսիդոր Սեւիլացունը` Է դարում, Ափրիկայում Փուլգենցիա Փերրանդի ժողովածուն Զ դարում եւ Կրեսկոնիայի ժողովածուն` Է դարում: Հայոց մէջ առաջին ժողովածուն կազմուած պիտի լինի Ե դարում Թարգմանիչների ձեռքով. գոնէ երեք տիեզերական ժողովների եւ առաքելական կանոնների թարգմանութեան համար գրաւոր փաստագիր ունինք. այդպէս են կարծում եւ Հ. Տաշեան եւ Հ. Գաթրճեան (տե՛ս «Վարդապետութիւն Առաքելոց Անվաւերական կանոնաց» մատեանը): Երկրորդ ժողովածուն կազմեց Յովհան Օձնեցին Ը դարու առաջին կէսին, որը դժբախտաբար մաքուր բնագրով մեզ չի հասել: Երրորդ ժողովածուները անյայտ հեղինակների կողմից կազմուած են մինչեւ 997 թիւը. այդ ժողովածուները, որոնք Սբ. Էջմիածնի գրադարանում լրիւ եւ կիսատ 40 հատ են, ըստ իս, Յովհան Օձնեցու ժողովածուն են խոշոր փոփոխութիւններով եւ յաւելումներով. դրանք արտագրած են երեք տեսակ բնագրից եւ ունին այբբենական կանոնացոյց. դրանց վրայ հետագայ դարերում շինծու կանոններ են աւելացրած յաւելուածներով:

Չորրորդ ժողովածուն պիտի կազմած լինի Ներսէս Լամբրոնացին (ԺԲ դարում)՝ եկեղեցական կանոններից եւ քաղաքացիական օրէնքներից քաղուած, որը դժբախտաբար մեզ չէ հասած: Հինգերորդ ժողովածուն կազմել է Մխիթար Գօշը (ԺԲ-ԺԳ դարերում)՝ քաղուած շատ աղբիւրներից, մինչեւ իսկ մահմեդական, եւ դասաւորուած է ըստ բովանդակութեան՝ ձեռնարկի համար: Վեցերորդ ժողովածուն կազմել է Սմբատ Գունդստաբլ սպարապետ-պատմիչը` «Ծաղկաքաղ ի դատաստանագրոցն Մխիթարայ Գօշի եւ բիւզանդական օրինագրոց, որ արդէն ծանօթք էին յազգին թարգմանութեամբ Լամբրոնացւոյն» (Պատմ. հայ. դպ., 774 եր. ): Ժողովածուների գլխաւոր նպատակն էր տալ պատրաստի կանոններ կառավարելու համար, որի գործը դիւրացնում էին մանաւանդ զանազան անձանց մեկնութիւնները այդ կանոնների վերաբերութեամբ:

Եկեղեցական  իրաւունքի  կանոնաւոր  դասակարգութիւնը  եւ  համադրութիւնը սկսուեց միայն ԺԲ դարում: Գրացիանի Decretum-ը դուրս եկաւ 1150 թուերին, որով բաժանում էր բոլոր եկեղեցական իրաւաբանական նիւթերը երեք կարգի՝ 1) Եկեղեցու օրէնքների, 2) Եկեղեցու իշխանութեան եւ դատավարութեան, 3) ժամերգութեան գործողութեան:

Ապա իտալական համալսարաններում մտաւ եկեղեցական իրաւունքի դասաւանդութիւնը եւ մշակումը՝ Յուստինիանոսի օրէնսգրքի հետեւողութեամբ երեք բաժնով՝ 1) անձինքների մասին (de personis), 2) իրերի մասին (de rebus), 3) դատավարութեան մասին (de actionibus): Վերջերումս արդէն կամաց-կամաց նոր հեղինակների շնորհիւ մտաւ պատմական մշակման ձեւը, եկեղեցական իրաւունքը ստացաւ նոր զարկ, նամանաւանդ գերմանական եւ կաթոլիկ գրականութեան մէջ:

Եւրոպայում եկեղեցական իրաւաբանական գրականութեամբ պարապող եւ այդ ճիւղը մշակող յայտնի անձինքներից նշանաւոր են Ռիխտեր՝ Բերլինի համալսարանի ուսուցչապետը, Հինշիուս, Ֆրիդբերգ, Ֆիլիպս, Բուսս, որի մշակումը հիմնաւոր եւ գիտնական արժէք ունեցող է, Վալտեր, Մասսեն, Մեյեր, Լենինգ, Ցորն, Վուլտէ. վերջինիս վրայ երկար կանգնում է Սոկոլով՝ համարելով նրա եղանակը ամենալաւ, որովհետեւ իրաւաբանական նիւթը բաժանել է աստուածաբանականից եւ պարզաբանել է եկեղեցական իրաւունքը խիստ իրաւաբանական եղանակով: Վուլտէի մշակման ընդհանուր ձեւն այսպէս է. առաջ նա ներածութեան մէջ խօսում է եկեղեցական իրաւունքի, նրա խնդրի, ուսումնասիրութեան եղանակի եւ այլն մասին, ապա I մասում խօսում է եկեղեցական իրաւունքի աղբիւրների մասին երեք բաժնով, II մասում եկեղեցական իրաւունքի դաւանանքի մասին երկու բաժնով՝ ա) հանրային իրաւունք եւ բ) մասնաւոր իրաւունք  (Публичное и частное пр. ) (տե՛ս  Соколов, 57-60 երես):

Ռուսաց եկեղեցագիտութեան մէջ  աչքի ընկնողն է  Մոսկուայի համալսարանի նախկին ուսուցչապետ Սոկոլով, որը Վուլտէի հետեւողութեամբ մշակել է ռուսաց եկեղեցական իրաւունքը, տալով միանգամայն ազատ, ինքնուրոյն եւ հետեւողական գոյն իւր առարկային: Դժբախտաբար նրա մահով ամբողջ գրուածքը չհրատարակուեց, միայն երկու գրքոյկը դուրս եկաւ: Լուրջ է նոյնպէս իւր պատմական եւ մեկնողական ուղղութեամբ Յովհաննէս վարդապետի գրուածքը` «опытъ цер. законов. 1851թ. երկու հատորով, որը էլի թերի է: Մնացածներից կարելի է յիշել Շագունա, Սուվորով, Բերդնիկով, Գորչակով, Սկվորցով, Լաշկարիով, Մոգիլեւ եւ այլն, եւ այլն: Հայոց մէջ լուրջ ուսումնասիրութիւն սկսեց հանգուցեալ Վահան վարդապետ Բաստամեանը, որը բացի Մխիթար Գօշի ուսումնասիրութիւնից, ուրիշ խոստացած երկերից ոչինչ լոյս չհանեց: Ինչպէս Հ. Տաշեանը վկայում է, հայոց կանոնների համար ունի եւ աշխատութիւն   Հ.   Գաթրճեան,   տակաւին   անտիպ:   Գէորգեան ճեմարանում հայոց եկեղեցական իրաւունքի դասաւանդութիւնը սկսուել է միմիայն 1899 թուից: Իսկ կանոնաւոր աշխատասիրութիւն հայոց եկեղեցական իրաւունքի մասին մինչեւ այժմ չունինք. մեզ համար բոլորովին մութ են այն խնդիրները, որոնք վաղուց պարզուած են միւս ազգերի համար: Ի՞նչ ժողովներ ենք ընդունում, ի՞նչ կանոններ, որո՞նք են մեր եկեղեցական իրաւունքի աղբիւրները, ինչո՞վ է ղեկավարւում մեր Սինոդը եկեղեցական խնդիրները որոշելիս, ինչո՞վ են առաջնորդւում կոնսիստորիաները պատիժներ նշանակելիս, դատերը ի՞նչպէս պիտի վարել եւլն եւլն, այդ բոլորը մթութեան եւ խաւարի քօղով պատած է, որի ստուերի մէջ էր եւ Կարբեցին, երբ 1841-ին գրում էր Նիկոլայ Ա կայսեր. «Ընդ սմին Հայաստանեայց Եկեղեցին, ընդունելով 5, 6 եւ 7 տիեզերական ժողովները, որոնք, որպէս յայտնի է, ընդունեցին եւ հաստատեցին Քաղկեդոնական ժողովի վճիռները, դորանով իսկ բնականապէս ընդունած է եւ յիշեալ ժողովը» (իմա` Քաղկեդոնի) (տե՛ս [Աղ. Երիցեանց], Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը, Բ գիրք, 538 եր. ): Մխիթար Գօշը իրաւաբանական արժէք շատ քիչ ունի, նրանով ղեկավարուել չի կարելի: Մեր ձեռագիր կանոնագրքերը մի կատարեալ քաոս են, որտեղ ժողովել գրել են ամէն ինչ՝ թէ լսած, տեսած, ինքնահնար բաներ, եւ թէ միեւնոյն ժամանակ կանոնական հրահանգներ եւ եկեղեցական  վաւերական  կանոններ: