Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

10) ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ

 

«Եկեղեցական իրաւունքի աղբիւրներ» ասելով հասկանում ենք այն հիմունքները, որոնք Եկեղեցին ընդունում է իւր գործավարութեան մէջ իբրեւ ուղեցոյց ոյժ, որպիսի են Քրիստոսի պատուէրները, Եկեղեցական աւանդութիւնը, յիշատակարաններ եւ  ժողովածուներ, որոնց մէջ պատկերանում է Եկեղեցու իրաւունքը իւր սահմաններով:

Եկեղեցական իրաւունքը, յենուած զանազան տեսակէտների վրայ, մի քանի տեսակ բաժանմունք ունի: Բովանդակութեան եւ հեղինակութեան կողմից բաժանւում է` 1) Աստուածայինի, 2) Առաքելականի եւ 3) Եկեղեցականի: Ծաւալի կողմից՝ ընդհանուրի` բոլոր Եկեղեցիներին պատկանող, եւ մասնաւորի` ինքնավար Եկեղեցիներին յատուկ: Ռուս Յովհաննէս վարդապետը եւ ուսուցչապետ Սոկոլովը բաժանում են ըստ նշանակութեան եւ հեղինակութեան` 1) հիմնականի կամ կանոնիկականի՝ ընդհանուր բոլոր Եկեղեցիների համար, 2) պատմականի, որոնք անցեալի յիշատակարաններ են եւ պատմական նշանակութիւն ունին եւ 3) գործնական աղբիւրների, որոնք պատկերացնում են գործադրուող իրաւունքը:

Մեզ` հայոցս համար յարմար է բաժանել մեր եկեղեցական իրաւունքի աղբիւրները երեքի, այն է` ընդհանուրի, մասնաւորի կամ ազգայինի եւ պետականի: 1) «Ընդհանուր» ասելով հասկանում ենք այն աղբիւրները, որոնք ընդունում է մեր Եկեղեցին, նոյնպէս եւ օտար Եկեղեցիները. այսպէս են Սբ Գիրքը, Աւանդութիւնը, Առաքելական կանոնները, 3 տիեզերական ժողովները, 6 տեղական ժողովները, սբ հարց կանոնները: 2) «Ազգային» կամ «մասնաւոր» ասելով հասկանում ենք այն աղբիւրները, որոնք զուտ ազգային են, հայկական հողի վրայ սահմանուած. այն է` հայոց եկեղեցական ժողովները, հայոց սբ հարց կանոնները, կաթուղիկոսական կարգադրութիւնները եւ  զանազան յիշատակարաններ (ժողովածուներ): 3) Պետական աղբիւրները նրանք են, որոնք սահմանուած են տիրապետող պետութեան միջամտութեամբ եւ հաստատութեամբ, այն է` յունա-հռոմէական, ռուսաց, տաճկաց եւ պարսից հաստատած սահմանադրութիւնները եւ օրէնքները: