Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

16) Բ-ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Թէ՛ այս 85 կանոններիս համար եւ թէ՛ բոլոր ընդհանուր կոչուած մնացած աղբիւրների համար ունինք երկու տեսակ մատեաններ. առաջին` մեր ձեռագիր կանոնագրքերը եւ երկրորդ` յունա-սլաւոնա-ռուսական տպուած գրքերը: Երկուսի աղբիւրն էլ յունական ձեռագրերն են, միայն այս տարբերութեամբ, որ Ե դարում հայ թարգմանիչների ձեռքով գրուած թարգմանութիւնները մինչեւ մեզ հասնելը ահագին փոփոխութիւններ են կրել, խանգարուել, կանոնները աղաւաղուել մինչեւ այն աստիճան, որ բոլորովին հեռացել են բնագրից եւ դարձել նոր կանոն, երկարաբանութիւններով ձգձգուել եւ իւրաքանչիւր արտագրողի քմահաճոյքին ենթարկուել, այնինչ յունա-սլաւոնառուսականը կազմուել է երկար ժամանակուայ մշակութեամբ, զանազան ձեռագրերի համեմատութեամբ, իսկական եւ բուն բնագրի որոշմամբ: Որովհետեւ այս երկրորդն է բունը եւ իսկականը եւ ա՛յդ ընդունում է եւրոպական-գիտնական եկեղեցագէտ աշխարհը, ուստի եւ սրանց կանոնների թուահամարը կ՚ընդունենք մեզ ուղեցոյց եւ շարունակաբար կը դնենք այն տարբերութիւնը, որ նկատւում է մեր ձեռագրերի կանոնագրքերի մէջ: Փակագծի մէջ դրուածները մեր կանոնագրքի թուահամարներն են, իսկ միւսը` յունա-սլաւոնականի: Այս կանոնների բացատրութիւնների համար օգտուել եմ՝ «Правила св. Апостоловъ, св. отецъ и вселенских соборов съ толкованиями. Москва, 1876», , որի մէջ դրած է յունական բնագիրը, մօտը` սլաւոնական թարգմանութիւնը եւ ռուսական մեկնութիւնը. մեկնութիւնները քաղուած են միջնադարեան յոյն յայտնի մեկնիչների` Արիստենոսի, Զոնարասի ու Բալսամոնի բացատրութիւններից  եւ  երկրորդ` «Опыт церковнаго законоведения, Архим. Иоанна, 1851» լուրջ աշխատութիւնից, որտեղ պատմական կարգով բացատրուած են բոլոր կանոնները:

 

Յունա-սլաւօնական թուահամարը

Մեր ձեռագիր կանոնագրքերի թուահամարը

 

1

(1. )

Եպիսկոպոսը ձեռնադրուի երկու կամ երեք եպիսկոպոսից:

 

 

Այս նոյն պատուէրը դրւում է եւ «Առաք. կարգադրութիւններ»-ի մեջ: Առաքեալների ժամանակ եպիսկոպոս կարգում էին ձեռնադրութեամբ եւ աղօթքով` խնդրելով Աստծուն, որ Հոգին Սուրբ իջնի ձեռնադրուողի վրայ: Առաքեալները այս իրաւունքը եւ շնորհքը ստացան Քրիստոսից. «Եւ զայս իբրեւ ասաց, փչեաց ի նոսա եւ ասէ՝ առէ՛ք զՀոգի Սուրբ» (Յովհ. Ի 22): Առաքեալները այդպէս էլ վարուեցին իրենցից կարգուածների` Պօղոսի եւ Բառնաբասի հետ. «Յայնժամ պահեալ եւ աղօթս արարեալ` եդին զձեռս ի վերայ նոցա եւ արձակեցին» (Գործք ԺԳ 3, Բ Տիմ. Ա 6, Գործք Զ 6, ԺԴ 22):

Կղեմէս  Աղեքսանդրացու  վկայութեամբ՝  Տեառնեղբայր   Յակոբը եպիսկոպոս ձեռնադրուեց Երուսաղէմում Պետրոս, Յակոբոս եւ Յովհաննէս առաքեալների ձեռքով:

Այս սրբազնախորհուրդ ձեռնադրութիւնից զանազանւում է եկեղեցական կանոններով միւս տեսակը, որը տալիս է միայն իրաւունք եկեղեցում հասարակ պաշտօն կատարելու. այս երկրորդ տեսակը լինում է օրհնութեամբ եւ աղօթքով, բայց առանց առանձին խորհրդի. այսպէս է կիսասարկաւագների, գրակարդացների, երգիչների (սաղմոսերգու) նշանակումը: Կար եւ երրորդ տեսակ ձեռնադրութիւն, որ կատարւում էր ապաշխարողների վերաբերմամբ՝ ձեռք դնելով նրանց գլխին, աղօթքով եւ օրհնութեամբ մեղքերին թողութիւն տալով: Յունաց «խիրոտոնիա»  (ձեռնադրութիւն)  բառը ըստ մեկնիչ  Զոնարասի, գործ էր ածւում եւ այն դէպքում, երբ ժողովուրդը ձեռամբարձութեամբ, այսինքն ձեռքը վեր բարձրացնելով, հաւանութիւն էր տալիս մի որեւէ անձի` եպիսկոպոսական աստիճանին արժանի լինելուն եւ ընտրուելուն: Այս մտքով էլ պիտի հասկանալ Լաւոդիկիայի 4 կանոնը, որ ասում է. «Ձեռնադրութիւնը ունկնդրողների առաջ չպէտք է անել», որ նշանակում է, թէ ունկնդրողները (ապաշխարողները) ձայն տալու իրաւունք չունին եպիսկոպոսի ընտրութեան ժամանակ (տե՛ս Чтение дух. прос. 1875 г. ):

 

2 (2). Երէցը, սարկաւագը եւ մնացած ժառանգաւորները (կղերը) ձեռնադրւում են մէկ եպիսկոպոսից:

 

Նոյն  պատուէրը  կրկնւում  է  եւ  «Առաք կարգադրութիւններ»-ի մէջ: Սարկաւագների ձեռնադրութիւնը եղաւ հաւատացեալների մասնակցութեամբ, իսկ ձեռնադրութիւնը` առաքեալների ձեռքով. «Զորս կացուցին առաջի առաքելոցն եւ աղօթս արարեալ՝ եդին ի վերայ նոցա զձեռս» (Գործք Զ 6): Նոյնպէս եւ քահանայի ձեռնադրութիւնը եղաւ առաքեալների ձեռքով. «Մի՛ անփոյթ առներ զշնորհացդ որք ի քեզ են, որք տուան քեզ մարգարէութեամբ ի ձեռնադրութենէ երիցութեան» Տիմ. Դ 14, Գործք ԺԴ 22): Պօղոս առաքեալը պատուիրում է Տիտոսին քահանաներ կարգել. «Եւ կացուսցես ըստ քաղաքաց երիցունս, որպէս եւ ես քեզ պատուիրեցի» (Տիտ. Ա 5):

«Ժառանգաւոր» ասելով պիտի հասկանալ կղերական, Եկեղեցու ստորին պաշտօնեայ, կիսասարկաւագից մինչեւ դռնապան եւ հասարակ պարզ միաբան (տե՛ս այս մասին եւ Ա առ. 6):

 

3 (3). Եթէ մէկը՝ եպիսկոպոս կամ երէց, բացի պատարագի համար Տիրոջ կարգադրածից, Սեղան կը հանի ուրիշ բաներ` մեղր, կաթ, կամ գինու փոխարէն ուրիշ ըմպելիք, կամ հաւ (թռչուն), կամ ուրիշ կենդանիներ, թող կարգալոյծ լինի: Հապա Սեղան տարուի միայն նոր արմտիքից հասկ (ցորեն) եւ խաղող, ձէթ` աշտանակի եւ խունկ` պատարագի համար:

 

Առաքեալները վերջացնելով, ըստ Հին ուխտի, արիւնոտ մատաղը Տաճարում, մտցրին Քրիստոսի հաստատած անարիւն զոհը հացով եւ գինով, երախայրիքով (թարմ պտուղ): Հաւատացեալները հներում՝ հէնց առաքեալների ժամանակ, կատարում էին ուրիշ տեսակ. իւրաքանչիւր հաւատացեալ բերում էր գինի եւ հաց գլխաւորապէս եւ ապա զանազան ուտելեղէն եւ խմիչքներ, մեղր, կաթ, թռչուններ, կենդանիներ, բանջարեղէն, հացահատիկ: Հաղորդութեան խորհուրդը կատարելուց յետոյ բոլորը` հարուստ թէ աղքատ, մեծ թէ փոքր, նստում էին միասին եւ ճաշում ի յիշատակ Քրիստոսի երեկոյին. այդ կոչւում էր «ագապ» (սէր), «սիրոյ ճաշ», «սիրոյ երեկոյ»: Իսկ սեղանի համար բերածներից ինչ որ մնար, բաժանում էին եկեղեցականները իրենց մէջ, ինչպէս նկարագրած է «Առաք. կարգադրութիւններ»-ի մէջ: Դժբախտաբար այդ ճաշերը իրենց նպատակին չծառայեցին. հարուստները դժկամութեամբ էին նստում աղքատների հետ եւ իրենց բերածը զլանում էին աղքատներին բաժանել. շատ անգամ խմում հարբում էին եւ աղքատներին քաղցած թողնում: Շատ անգամ վերջանում էին (սիրոյ երեկոները) կռուով, աղմուկով: Այդ բանը տեսնելով` առաքեալները խստիւ արգելեցին. դրանց է վերաբերում Պօղոս առաքեալի կշտամբանքը. «Միթէ տունս ո՞չ ունիք ուտելոյ կամ ըմպելոյ, եթէ զեկեղեցեա՞ւ Աստուծոյ արհամարհիցէք եւ յամօթ առնէք զչքաւորսն. յայդմ ոչ գովեմ զձեզ» Կոր. ԺԱ 22): Այս կանոնս արգելում է Սեղան տանել այնպիսի բաներ, որոնք պատարագի ժամանակ եւ եկեղեցում գործ չեն ածւում. հապա միայն հաց, գինի, ջահերի համար ձէթ եւ բուրվառի վրայ խունկ: Բայց որովհետեւ մնացած տուրքերով էին ապրում եկեղեցականները, ուստի եւ հետեւեալ կանոնս կարգադրում է այդ կարեւոր խնդիրը:

 

4 (4). Մնացած ուրիշ մրգերը (երախայրիք) ուղարկուեն եպիսկոպոսի եւ քահանաների տները եւ ո՛չ սեղանը: Դրանք սարկաւագներին եւ մնացած ժառանգաւորներին բաժին կը հանեն իհարկէ:

 

Այս երկու կանոնը` 3 եւ 4, եկեղեցականների տնտեսական դրութիւնը ապահովում են. առաջին օրէնսդրական կանոնները սրանք են, որոնցով պարտաւորւում են ժողովրդականք պահպանել տուրքերով իրենց հոգեւորականներին: Առաքեալների ժամանակ վաճառում էին ամէն ինչ եւ յանձնում դրամը առաքեալներին՝ կազմելով ընդհանուր գանձարան, որով եւ կերակրում եւ խնամում էին բոլորին անխտիր եւ աղքատութեան առաջն առնում (Գործք Դ 32-37): Բայց ստացուածքը վաճառելու խնդիրը, քրիստոնեաների շատանալը դժուարութիւններ էին առաջացնում դրանց նիւթականը հոգալու վերաբերմամբ, ուստի եւ սահմանեցին առաքեալները, որ կիւրակի օրերը իւրաքանչիւր հաւատացեալ իւր կարողութեան չափով յետ ձգի մի որոշ գումար եւ միացնելով ժողովուածները` ընտրեալ մարդկանց ձեռքով ուղարկեն Երուսաղէմի Եկեղեցուն Կոր. ԺԶ 1-4): Եւսեբիոսը պատմում է, որ շատ տեղերում ամիսը մի անգամ էին դրամ եւ ընծայաբերութիւն ժողովում: Երախայրիքը տանել օրհնել տալ եւ բաժին հանել երէցներին շատ վաղուց էր. այդ մասին վկայում են Որոգինէսը, Իրենէոսը, Գրիգոր Աստուածաբանը. իսկ «Առաք. կարգադրութիւններ»-ի մէջ մանրամասն գրւում է իւրաքանչիւր եկեղեցականի որ մասն ստանալը եւ օրհնութեան աղօթքը (եպիսկոպոսը` 4 մաս, երէցը` 3 մաս, սարկաւագը` 2 մաս. մնացածները, նոյնպէս եւ այրիք, որբեր` մէկ մաս):

 

5 (5). Եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը չհեռացնեն իրենց կնոջ երկիւղածութեան պատճառով. եթէ կը հեռացնեն, մերժուեն եկեղեցուց, իսկ եթէ յամառեն, թող կարգալոյծ լինեն:

 

«Եպիսկոպոս» բառը մեր բոլոր ձեռագրերում էլ չկայ, բացի N749 կանոնագրքից: Այդ չլինելը ապացուցանում է, որ կանոնները գրուած կամ թարգմանուած են այն ժամանակ, երբ եպիսկոպոսական ամուսնութիւնը բոլորովին վերացած էր հայոց մէջ, կամ թէ չէ վերջին արտագրողներն են հանել: Մեր մէջ եպիսկոպոսական ամուսնութիւնը վերջացած պիտի համարել սբ Սահակի ժամանակներում. գոնէ Շահապիվանի 447 թուի ժողովի կանոններից կարելի է ենթադրել. թէեւ բացորոշ արգելական կանոն, ինչպէս Տրուլլի ժողովում սահմանուեց, մեր կանոններում չկայ: Այդ սովորութիւնը մեր մէջ օրէնքի ոյժ է ստացել ոչ ուշ, քան Ե դարու առաջին կիսում եւ շատ տարիներ առաջ, քան տիեզերական ժողովի վճիռը:

Այն ժամանակները հոգեւորականներից շատերը բարեպաշտութեան պատրուակով, առանց կնոջ համաձայնութեան, արձակում էին կանանց՝ հակառակ գնալով Յիսուսի յայտնի պատուէրին. «Ով առանց բանի պոռնկութեան արձակէ, տայ նմա շնալ» (Մատթ. Ե 32):

Առաքեալի պատուէրը` «եպիսկոպոսին անարատ լինել, միոյ կնոջ այր», «սարկաւագունք լինիցին միոյ կնոջ այրք» Տիմ. Գ 12), խախտում էին եւ շատ անբաւականութիւնների տեղիք տալիս: Այսպէս վարուեց Տերտուղիանոսը: Այս կանոնը չի հակասում այն աւանդական կարգին, որ հէնց առաքեալներից սկսած` ով ցանկանում էր, կարող էր ցմահ կուսակրօն մնալ:

Առաջին պատիժը՝ եկեղեցուց մերժել կամ, ըստ ձեռագրաց, «ի բաց որոշել», նշանակում է հեռացնել հոգեւորականին պաշտօնակատարութիւնից եւ թոյլ չտալ եկեղեցի մտնել՝ առանց կարգալոյծ անելու. երկրորդ պատիժը` կարգալոյծ անելը, զրկում է քահանայական կարգից եւ աշխարհականների դասը նշանակում (այս մասին տե՛ս Բ առ. 23, Բարս. 3, 32, 51):

 

6 (6). Եպիսկոպոս կամ երէց, կամ սարկաւագ, չընդունեն իրենց վրայ աշխարհային հոգսեր, եթէ ոչ` կարգալոյծ լինեն:

 

Թէ հոգեւորականը ինչ յատկութիւններ պիտի ունենայ եւ ինչ անի, երեւում է Պօղոս առաքեալի պատուէրից Տիմ. Գ 8-13):

Այս կանոնը արգելում է հոգեւորականներին պարապել այնպիսի զբաղմունքներով, որոնք ստորացուցիչ, պախարակելի կարող են համարուել ժողովրդի աչքում եւ անպատուաբեր՝ հոգեւորականի կոչման (օրինակ` գինեվաճառութիւն, վաշխառութիւն, առեւտուր անել, խանութ դնել, եւլն, եւլն): Պատուաւոր զբաղմունքներով պարապելը պիտի այն չափով լինի, որ չխանգարի նրա հոգեւոր պարտաւորութիւնները կատարել:

 

7 (7). Եթէ եպիսկոպոս կամ երէց, կամ սարկաւագ, Զատկի սուրբ օրը կը կատարեն հրեաների հետ գարնանային գիշերահաւասարից  առաջ, կարգալոյծ լինեն:

 

Հրեաները  իրենց  Զատիկը այսինքն  Եգիպտոսից  ազատուելու օրուայ յիշատակը (Ելից ԺԳ 4), տօնում էին նիսան ամսի 14-ին, որը տարուայ առաջին ամիսն էր եւ համապատասխան մեր մարտին եւ մասամբ՝ ապրիլին, որովհետեւ իբրեւ լուսնական ամիս փոփոխական էր: Հրեաները նիսան ամիսը սկսում էին գարնան գիշերահաւասարի մօտ լուսնի ծնունդով, իսկ Զատկի տօնի շրջանը որոշում էին նոյն ամսի լրումով: Որովհետեւ Զատկի տօնի կատարումը միշտ յետ ու առաջ էր ընկնում լուսնի լրման հետ, ուստի Զատիկը միշտ փոփոխւում էր, մինչեւ իսկ պատահում էր մի տարուայ մէջ երկու Զատիկ (լուսնական տարին արեգակնային տարուց 11 օրով պակաս է):

Արեւելքում, Յովհաննէս եւ  Փիլիպպոս առաքեալներից աւանդութիւն ստացած լինելով, Զատիկը կատարում էին նիսանի 14-ին՝ հետեւելով հրեաների սովորութեան եւ օրէնքներին, զատկական գառը ուտում էին երեկոյեան, այդ օրը պասը բաց էին անում, այդ երեկոյով յիշատակում էին Քրիստոսի չարչարանաց երեկոն, իսկ Յարութիւնը տօնում էին նիսանի 14-ից հաշուած երրորդ օրը, ինչ օր էլ լինի՝ երկուշաբթի, երեքշաբթի..., թէ կիւրակի:

Իսկ Արեւմուտքում, հետեւելով Պօղոս եւ Պետրոս առաքեալներին, ինչպէս Եւսեբիոս ասում է 23, 24, 25), կատարում էին գարնան գիշերահաւասարից յետոյ՝ կիւրակի օրը: Այս մասին արեւելեան եւ արեւմտեան եպիսկոպոսների մէջ վէճեր առաջացան Գ, Դ դարերում, որի մասին վերեւում խօսեցինք (Աւանդութեան մասին գլխում): Կանոնս միանգամ ընդմիշտ վերջացնում է խնդիրը՝ որոշելով Զատիկը կատարել գարնան գիշերահաւասարից յետոյ:

 

8 (8). Եթէ եպիսկոպոսը կամ երէցը, կամ սարկաւագը, կամ ժառանգաւորներից մէկը, պատարագի ժամանակ չի հաղորդուիլ, թող պատճառն ասի. եթէ ընդունելի է, կը ներուի. եթէ պատճառը չասի, թող մերժուի եկեղեցուց, որպէսզի ժողովուրդը չգայթակղուի՝ կարծելով, թէ չհաղորդուելու պատճառը պատարագիչի անարժան լինելն է:

 

Մեր բոլոր ձեռագրերում «եթէ այլ ոք ի քահանայական կարգէն ժողովելոց ոչ հաղորդեսցի» նախադասութիւնը գրուած է այսպէս` «որ ժողովոց ոչ հաղորդեսցի», N740-ում` «որ ժողովրդոց ոչ հաղորդեսցի», որ բոլորովին անմիտ խօսք է դուրս գալիս: Միմիայն N749-ի մէջ գրուած է յունա-սլաւոնականի նման, պարզ եւ հասկանալի:

Սկզբներում շաբաթը 4 անգամ հաղորդւում էին, ինչպէս Բարսեղ Մեծը յիշատակում է՝ չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիւրակի: Չորեքշաբթի եւ ուրբաթ օրեր պատարագ չանելը յետոյ է մտել, առաջները անում էին: Յաճախ հաղորդելու կարգը հետագայ դարերում վերացաւ. հաղորդութիւնը իբրեւ ներքին խորհուրդ, խղճի գործ համարուելով՝ թոյլ տրուեց իւրաքանչիւրին հաղորդուել այն ժամանակ, երբ իրեն պատրաստ կը զգայ այդ սբ խորհուրդը կատարելու եւ Հաղորդութիւն ընդունելու:

 

9 (9). Այն բոլոր հաւատացեալները, որոնք եկեղեցի են մտնում, Գրքերը լսում եւ սուրբ հաղորդութեան չեն սպասում, իբրեւ անկարգութիւն անողներ եկեղեցուց մերժուեն:

 

Այս պատիժը կը նշանակի եպիսկոպոսը այնքան ժամանակով, որքան ապաշխարանքով մեղքը քաւած կը համարի: Հիմա այս բանի վրայ ոչ ոք ուշ չի դարձնում, նոյնիսկ հոգեւորականները զանցառութեան են տալիս այդ կարգը:

10 (10). Ով եկեղեցուց մերժուածի հետ կ՚աղօթի, թէկուզ տանը, նա էլ նոյն պատժին  կ՚ենթարկուի:

 

Մեր ձեռագրերում գրուած է` ով «անհաղորդ» (առանց Հաղորդութեան) մարդու հետ կ՚աղօթի, որ միեւնոյն միտքն է արտայայտում, ինչ որ 9-ումն էր, որովհետեւ մերժւում էր եկեղեցուց նա, ով հաղորդութեան չէր սպասում:

Կարճ ժամանակով եկեղեցուց մերժելու պատիժը երեք տեսակ էր. 1) մերժուածը զրկւում էր Հաղորդութիւնից, 2) կամ Հաղորդութիւնից եւ աղօթքներից, եւ 3) կամ ամէն բանից, այսինքն` եկեղեցի մտնելու իրաւունքից:

Պատիժները նշանակում էր եպիսկոպոսը` նայելով մեղքի աստիճանին, կամ նրա հրամանով` քահանան (տե՛ս Նիկ., Նէո., Բարս. ):

 

11 (11). Եթէ կղերականը կղերականութիւնից զրկուածի հետ աղօթի, ինքն էլ կը զրկուի այդ կարգից:

 

Մեր  ձեռագրերում  գրուած է`  եթէ  քահանան աղօթի  կարգալոյծի հետ, ինքն էլ լուծուի կարգից:

«Կղերական» եւ «ժառանգաւոր» հոմանիշ բառեր են. ընդհանուր առմամբ նշանակում են հոգեւորական, իսկ մասնաւոր` նշանակում են Եկեղեցու ստորին պաշտօնեայ:

 

12 (12). Եթէ ժառանգաւորներից մէկը կամ եկեղեցուց մերժուած աշխարհականը, կամ հոգեւոր կոչման անարժան անձը առանց ընծայական թղթի ուրիշ քաղաքում ընդունուի, եկեղեցուց մերժուեն ընդունողը եւ ընդունուողը:

13 (12). Իսկ եթէ ընդունուողը (ժառանգաւորը) եկեղեցուց մերժուածներից լինի, թո՛ղ այժմ երկարի այդ պատիժը իբրեւ Աստուծոյ Եկեղեցուն ստողի եւ պատրողի:

 

Հայոց բոլոր ձեռագրերում 12 եւ 13 կանոնը միացրած է. 12-ը ճիշտ է թարգմանած, իսկ 13-ը՝ բոլորովին անմիտ կերպով. ինձ թւում է, որ 13-ի թարգմանողը չի հասկացել բնագիրը եւ չի կարողացել իբրեւ առանձին կանոն գրել, միացրել է 12-ի հետ, որ տգիտութիւնը անորոշ մնայ: Միմիայն N749 ձեռագրում ճիշտ է թարգմանած, նման յունա-ռուսականին: Ահա այդ կտորը N749-ի մէջ այսպէս է. «Իսկ եթէ ընդ բանիւ որոշմամբ էր, առաւել եւս դիցի ի վերայ նորա որոշումն». ռուսականը` «Аще жр будетъ отлученный: да продолжится ему отлучение... »: Իսկ 40-աչափ ձեռագրերում այսպէս է գրած նոյն բանը. «Թէպէտ եւ էր ընդունելի, առաւել եւս երկարեսցի որոշումն», եւ որից ոչինչ չի հասկացւում:

Հներում ոչ քրիստոնեայ կամ կիսաքրիստոնեայ անձինքներից՝ ունկնդրողներից, մերժուածներից, չմկրտուածներից, թերահաւատներից շատերը, օգուտ քաղելով հաւատացեալների հիւրասիրութիւնից եւ փախչելով պատժից, գնում էին ուրիշ տեղ եւ իրենց հաւատացեալ ձեւացնելով`  ապրում  էին  եկեղեցական տուրքերի  հաշուով  եւ  ազատւում կրելի պատժից. կամ մի տեղ անարժան համարուած անձը ուրիշ տեղ գնում եւ թեկնածութիւնը դնում էր եկեղեցական լինելու. բացի այդ, զանազան աղանդաւորներ նոյն դիմակով գալիս հաւատացեալ համարւում եւ ծածուկ սկսում էին իրենց գործունէութիւնը: Այդ բոլորի առաջն առնելու համար կանոնս պատուիրում է, որ եթէ հաւատացեալներից մէկը կամենում է գործով ուրիշ տեղ գնալ եւ ընդունուել նոր տեղի եկեղեցում, պիտի անշուշտ տեղական եպիսկոպոսից  վկայաթուղթ ստանայ. վկայաթուղթը կը ներկայացնի, ուր  որ գնալու լինի, այնտեղի եպիսկոպոսին կամ քահանային եւ ապա իրաւունք կ՚ունենայ եկեղեցի մտնելու: Ով կը հակառակի այս կանոնիս, թէ ընդունողը եւ թէ ընդունուողը առանց վկայաթղթի (կամ ընծայական թղթի), մերժուեն եկեղեցուց: 13 կանոնը ասում է՝ եթէ ժառանգաւորներից մէկը, որը արդէն մերժուած է եկեղեցուց, գնայ օտար տեղ եւ առանց ընծայական թղթի ընդունուի, այն ժամանակ նրա պատիժը շատ ու շատ երկարի, որովհետեւ Աստծուն խաբեց եւ ստեց: Ընծայաթուղթ տալը սկսուած էր նոյնիսկ առաքեալների ժամանակուանից Կոր. Գ 1):

 

14 (13). Թոյլատրելի չէ, որ եպիսկոպոսը թողնի իւր թեմը եւ ուրիշ թեմ գնայ. եթէ շատ յարգելի պատճառ ստիպի նրան ուրիշ թեմ գնալ, այդ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ շատ եպիսկոպոսների համաձայնութեամբ եւ վճռով լինի:

 

Եպիսկոպոսները շատ անգամ զանազան անձնական, շահասիրական նպատակներով թողնում են իրենց թեմը եւ անցնում ուրիշինը. այս կանոնս պատուիրում է, որ իւրաքանչիւր եպիսկոպոս ըստ իւր քմահաճոյքի, առանց եպիսկոպոսական ժողովի, իրաւունք չունենայ տեղափոխուել ուրիշ տեղ: Անտիոքի ժողովը որոշեց (16 կ. ), որ առանց մետրոպոլիտի հաստատութեան առաջնորդ չնշանակուեն (տե՛ս Նիկ. 15, Սարդ. 1, Անտ. 21):

Մեր մէջ, հէնց Լուսաւորչից սկսած, առաջնորդ հաստատողը միմիայն Ամենայն հայոց կաթուղիկոսներն են եղել՝ ընտրութեամբ ժողովրդի. այնպէս որ այս կանոնս մեր մէջ բառացի ճշտութեամբ չի գործադրուել:

 

15 (14). Եթէ երէցը, սարկաւագը կամ ժառանգաւորը առանց եպիսկոպոսի հրամանի կը տեղափոխուեն ուրիշ տեղ, կը զրկուեն սպասաւորելու իրաւունքից. իսկ եթէ կը յամառեն, չեն լսիլ եպիսկոպոսի յորդորը, կ՚ընդունուեն իբրեւ աշխարհական:

16 (14). Իսկ եթէ եպիսկոպոսը, ոչինչ համարելով այս կանոնը, նորից կ՚ընդունի պատժուածին իւր ծառայակիցների շարքերում, ինքն էլ իբրեւ անկարգութեան վարդապետ մերժուի եկեղեցուց:

 

Մեր ձեռագրերում այս երկու կանոնը միացրած է:

Երկու կանոնս որոշում են մի կարգ, որը մինչեւ այսօր սկզբունքով գործադրւում է. այն է, որ ծխական քահանան ծուխը թողնել հեռանալ առանց առաջնորդի կամքի չի  կարող. պատժուած քահանային եւ առհասարակ եկեղեցականին ընդունող եպիսկոպոսը, այսինքն պատիժը ներող կամ բանի տեղ չդնողը, զրկւում է եկեղեցի մտնելու իրաւունքից: Այս վերջին պատիժը մեր մէջ միշտ նշանակել է կաթուղիկոսը, իհարկէ խորհրդակցութեամբ ուրիշ եպիսկոպոսների հետ:

 

17 (15). Ով մկրտութիւնից յետոյ երկու անգամ պսակով կապուած լինի կամ հարճ ունենայ, նա չի կարող եպիսկոպոս, երէց, սարկաւագ եւ քահանայական կարգի անդամ լինել:

 

Մկրտութիւնը անհաւատի կրկնակի ամուսնութիւնը սրբում է, իսկ մկրտութիւնից յետոյ  կրկնակի ամուսնացածը չի կարող եկեղեցական լինել: Նոյնը ասում է Բարսեղ Մեծը (12 կ. ): Յուստինիանոսի 137 նովելլան արգելում է երկակներին հոգեւորականութեան մէջ մտնել:

 

18 (16). Ով կ՚ամուսնանայ այրու, արձակուած կնոջ, անառակի, ստրկուհու կամ անարգուածի հետ, չի կարող ո՛չ եպիսկոպոս, ո՛չ երէց, ո՛չ սարկաւագ եւ ո՛չ էլ քահանայական կարգի անդամ լինել:

 

Այս երկու կանոններս պահանջում են խստիւ ամուսնական մաքրութիւն. առաքեալի տուած պատուէրի համաձայն` ոչ միայն հոգեւորականները, այլեւ նրանց կանայք պիտի լինեն մաքուր եւ վստահելի անձինք, որպէսզի օրինակ լինեն ժողովրդին Տիմ. Գ 11):

Անարգուած համարւում  էին  այն  կանայք որոնք  մասնակցում էին ժողովրդական զբօսարաններում, զուարճութեան տեղերում, եւ որոնց վրայ ժողովուրդը նայում էր իբրեւ ոչ բարոյական կանանց վրայ:

Մեր ձեռագրերում «անարգուած եւ ստրկուհի» չկան, այլ «աղախին»:

 

19 (17). Ով ամուսնացած է երկու քրոջ կամ քրոջ որդու հետ, չի կարող ժառանգաւոր (եկեղեցական) լինել:

 

Այս կանոնս ասուած է կռապաշտների համար, որոնք քրիստոնէութիւնից առաջ այդպիսի ամուսնութեան մէջ լինելով՝ յետոյ էլ շարունակում էին անկանոն կենակցութիւնը: Թէոփիլոս Աղեքսանդրացու 5-րդ կանոնը այդպիսիներին թոյլ է տալիս կղերի մէջ մտնել, եթէ միայն մկրտուելուց յետոյ այդ կենակցութիւնից կը հրաժարուեն, որովհետեւ կռապաշտութեան մեղքը մկրտութեամբ սրբւում է: Այս կանոնս առաջինն է, որ խօսում է չհասների մասին՝ թոյլ չտալով երեք աստիճանի ամուսնութիւն: Ա առ. 33 կանոնը ի նկատի է առել այս որոշումը:

 

20 (18). Եթէ ժառանգաւորը մի որեւէ անձի փոխարէն երաշխաւոր կը լինի, կարգալոյծ լինի:

 

Այս կանոնս գրուած է այն դէպքերի համար, երբ շահասիրական միտումներով երաշխաւոր դարձող հոգեւորականը ստիպուած է լինում այնպիսի դրութեան մէջ ընկնել, որ բոլորովին արատաւորում է հոգեւորականի կոչումը. փող չտալու դէպքում երաշխաւոր հոգեւորականը պիտի  հատուցանի տունը գրաւ դնի  կամ քրէական յանցանքի դէպքում ենթարկուի բանտարկութեան եւ այլ խիստ պատիժների, որոնք բոլորովին արատաւորում են հոգեւորականի կոչումը եւ վարկը նսեմացնում: Իսկ եթէ շահասիրական ոչինչ չկայ, երաշխաւոր պիտի լինի աղքատի, որբերի համար, այն դէպքում թոյլատրւում է. նոյնը հաստատում է եւ Յուստինիանոսի 123 նովելլան:

 

21 (19). Եթէ մէկը ներքինի է կամ բնականից, կամ բռնութեամբ ներքինիացած է, կամ հալածանքի ժամանակ պատահած, եւ արժանաւոր է, կարող է եպիսկոպոս լինել:

22 (20). Ինքն իրեն ներքինի դարձնողը չի կարող կղերական լինել, որովհետեւ անձնասպան է եւ Աստուծոյ ստեղծածին թշնամի:

 

Մեր ձեռագրերում «կղերականի» փոխարէն «քահանայ» է գրած:

 

23 (21). Եթէ ժառանգաւորներից մէկը իրեն ներքինիացնի, լուծուի կարգից, որովհետեւ անձնասպան է:

24 (22). Աշխարհականը եթէ ներքինիացնի իրեն, 3 տարի եկեղեցուց որոշուի, որովհետեւ իւր կեանքի թշնամի է:

 

Ներքինիացման այս 4 կանոնը առաջացել են նրանից, որ II դարում, I դարից սկսած, ինչպէս վկայում են սբ. Եպիփանը եւ Օգոստինոսը, առաջացել էր աղանդաւորների մի խումբ, որոնք առաքինի վարք ունենալու եւ գայթակղութեան չենթարկուելու համար իրենց ներքինիացնում էին: Մատթէոս աւետարանիչը վկայում է. «Եւ են ներքինիք, որք զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեան երկնից» (ԺԹ 12): Եւսեբիոսը 8) պատմում է, որ Որոգինէս Աղեքսանդրիայում ուսուցիչ էր կարգուած չմկրտուածների դպրոցում, որտեղ քարոզում էր մեծ ճարտարութեամբ մարդկանց եւ թէ կանանց: Նրա թշնամիները զանազան լուրեր տարածեցին նրա բարոյական կողմը շօշափելով, ստիպեցին Որոգինէսին ներքինիացնել իրեն՝ զրպարտութիւններից ազատելու համար: Երուսաղէմի եպիսկոպոսը, վաղուց նրա մասին լսած լինելով, ուշք չդարձրեց նրա ներքինիացման վրայ, քահանայ ձեռնադրեց: Այս ձեռնադրութիւնը մեծ վէճ բարձրացրեց Երուսաղէմի եւ Աղեքսանդրիայի եպիսկոպոսների մէջ:

Այս կանոնների որոշմամբ կ՚ընդհատուեն այդպիսի վէճերը:

 

25(23). Եպիսկոպոսը կամ երէցը, կամ սարկաւագը, եթէ պոռնըկութեան մէջ կամ երդմնազանցութեան, կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն. բայց եկեղեցուց չմերժուեն, որովհետեւ Սուրբ Գիրքը ասում է՝ երկու անգամ վրէժ մի՛ հանիր: Նոյնպէս եւ բոլոր ժառանգաւորները:

26 (24). Կուսակրօն հոգեւորականութեան մէջ մտածներից ամուսնանալ կարող են միմիայն գրակարդացները եւ սաղմոսերգուները:

 

Ինչո՞ւ  այս  կանոնը  թոյլ  չի  տալիս  միւս  հոգեւորականներին ամուսնանալ. նախ` որ գրակարդացները եւ սաղմոսերգուները, թէեւ եպիսկոպոսի օրհնութեամբ էին մտնում եկեղեցականների շարքը, բայց նրանք իբրեւ ստորին սպասաւորներ` համարեա աշխարհականի իրաւունքներ էին վայելում, եւ այսօր էլ մեր Եկեղեցում ամէն կարդալ եւ գրել իմացող առանց իրաւունքի էլ կարող է եկեղեցում երգել եւ կարդալ. բ) որպէսզի հոգեւոր կոչումն ստացողը, եթէ միանգամ մտել է կուսակրօնութեան մէջ, մինչեւ վերջը մնայ այդ դրութեամբ՝ թէ՛ ժողովրդին բարոյական ողջախոհութեան օրինակ լինելու եւ թէ՛ այն կանոնով, որ կուսակրօնութեան մէջ մտնելու քայլ անողը պիտի նախօրօք խորհի, փորձուի եւ եթէ հնարաւոր է գտնում ժուժկալ կեանք վարելու, մտնի այդ կարգը:

 

27 (25). Եթէ եպիսկոպոսը կամ երէցը, կամ սարկաւագը, կը ծեծեն մեղաւոր հաւատացեալին կամ կը վիրաւորեն անհաւատին՝ երկիւղ տալու նպատակով, թող կարգալոյծ լինեն, որովհետեւ մեր Տէրը հարուած ստացաւ եւ ո՛չ Ինքը խփեց, չարչարուեց եւ սպառնալիք չտուաւ:

 

Այս կանոնը ամենափառաւոր սկզբունքն է սահմանում Աւետարանի ոգու համաձայն, որ  եկեղեցականը  մարմնաւոր  վիրաւորանքներ հասցնելու ո՛չ մի իրաւունք չունի:

 

28 (26). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը յայտնի յանցանքների համար կարգալոյծ եղած լինեն եւ երկրորդ անգամ յանդըգնին նախկին պաշտամունքը կատարել, թող բոլորովին մերժուեն եկեղեցուց (Անտ. 4, 12, 15):

29 (27). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը փողի միջոցով` կաշառով ստանայ իւր կարգը եւ աստիճանը, կարգալոյծ լինեն թէ՛ իրենք, թէ՛ ձեռնադրողը եւ մերժուեն բոլորովին եկեղեցուց, ինչպէս Սիմոն մոգը` Պետրոսից:

 

Այս  հրաշալի  կանոնով  կարգալոյծ  են  արւում  եւ  բոլորովին զրկւում եկեղեցի մտնելուց եւ հաղորդուելուց այն եպիսկոպոսները, որոնք կաշառքով ձեռնադրութիւն են անում, եւ այն անձինք, որոնք կաշառքով ձեռնադրուել են: Սիմոն մոգը առաքեալների ժամանակ յայտնի մարդ էր, կախարդութեամբ հրաշքներ էր անում եւ իրեն Աստուած անուանում, շատ հետեւողներ ունեցաւ, նոյնիսկ Հռոմում: Այս Սիմոնը առաքեալներից մկրտուեց եւ ապա խնդրեց` նախօրօք իւր ինչքը յանձնելով նրանց, որ իրեն սովորեցնեն, թէ ինչպէս ձեռք դնելով Հոգին Սուրբ պիտի իջեցնել: Պետրոս առաքեալը ասաց. «Քո արծաթը քե՛զ լինի ի կորուստ, «զի զպարգեւսն Աստուծոյ համարեցար ընչիւք ստանալ» (Գործք Ը 9-25):

 

30 (28). Այն եպիսկոպոսը, որ բռնութեամբ` աշխարհական իշխանների միջոցով կը ստանայ եպիսկոպոսական իշխանութիւն Եկեղեցու մէջ, թող կարգալոյծ լինի եւ եկեղեցուց մերժուի իւր բոլոր կողմնակիցներով:

 

Այս կանոնը որոշում է հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութիւնների յարաբերութեան հարցը: Անարժան մարդիկ, յոյս չունենալով ժողովրդի եւ հոգեւոր իշխանութեան ընտրութեան վրայ, դիմում էին մարմնաւոր իշխանութեան եւ զանազան միջոցներով իրենց կողմը ձգելով նրանց`   անկանոն   կերպով   եպիսկոպոսական   աթոռ   էին   ստանում. այս կանոնս կարգալոյծ է անում այդպիսի անձանց:

 

31 (29). Այն երէցը, որը արհամարհելով իւր եպիսկոպոսին եւ չկարողանալով մեղադրել նրան դատի միջոցով ոչ մի անարդար եւ ամբարիշտ գործի մէջ` նոր ծուխ կը կազմի, կարգալոյծ լինի իբրեւ իշխանութեան յափշտակող: Նրան յարած ժառանգաւորները նոյնպէս կարգալոյծ լինեն, իսկ աշխարհական կողմնակիցները մերժուեն եկեղեցուց, եթէ երեք անգամ եպիսկոպոսից յորդոր կը լսեն եւ չեն ուղղուիլ:

32 (30). Եթէ երէցը կամ սարկաւագը բանադրւում են իրենց եպիսկոպոսից, նրանից էլ պիտի արձակումն ստանան. ուրիշ եպիսկոպոսից կ՚արձակուեն բանադրանքից միայն այն դէպքում, եթէ բանադրող եպիսկոպոսը մեռած լինի (տե՛ս այս մասին Ա առ. 23):

33 (31). Օտար եպիսկոպոսներից կամ երէցներից, կամ սարկաւագներից, ոչ մէկին չընդունել առանց ընծայական թղթի. եթէ թղթաբերը բարեպաշտութեան քարոզիչ կ՚երեւայ, ընդունուի, եթէ ոչ՝ տրուեն նրան պէտքական իրերը, եւ հեռացուի իրենցից, որովհետեւ շատերը խաբէութիւն եւ կեղծութիւն են անում (տե՛ս եւ Բ առ. 12, 13):

34 (32). Թեմի եպիսկոպոսը պիտի կառավարի իւր վիճակը եւ վիճակին պատկանելիք տեղերը իսկ  մնացած բաներում  ոչինչ  չպիտի անի  առանց գլխաւոր եպիսկոպոսի, վերջինս էլ պիտի գործի եպիսկոպոսի խորհրդով: Որովհետեւ այս ձեւով միայն կարելի է համաձայնութիւն պահպանել եւ փառաբանել  Աստծուն:

 

Այս կանոնովս որոշւում են, թէեւ մութ կերպով, թեմական առաջնորդների   եւ   գլխաւոր   եպիսկոպոսի   իրաւունքները:   Գլխաւոր եպիսկոպոսները նստում էին գլխաւոր քաղաքներում եւ մայրաքաղաքներում: Առաջին գլխաւոր եպիսկոպոսներ համարւում էին Երուսաղէմում սբ Յակոբը, որը կոչւում էր քահանայապետ ըստ հրէից եւ մեծ յարգանք էր վայելում բոլոր հրեաներից անխտիր, Փոքր Ասիայի Եփեսոսում` Տիմոթէոսը, Կրետէում` Տիտոսը, գլխաւոր եպիսկոպոսներ կային եւ Կորնթոսում, Թեսաղոնիկէում եւ այլ տեղերում: Դանիէլ կաթուղիկոսը, երբ 1806-ին կոնդակով հրամայեց Սինոդ հաստատել գործակից կաթուղիկոսին, յենուեց առաքելական այս կանոնիս վրայ` ցոյց տալով, որ կաթուղիկոսը առանց եպիսկոպոսական խորհրդի բան չպիտի անի:

 

35 (33). Եթէ եպիսկոպոսը կը համարձակի իւր թեմից դուրս` իրեն չստորադրուած գիւղերում եւ քաղաքներում, ձեռնադրութիւններ անել առանց տեղական եպիսկոպոսի թոյլտւութեան, կարգալոյծ լինեն ինքը եւ իւր ձեռնադրուածները:

36 (34). Եթէ եպիսկոպոսը չընդունի իւր պաշտօնը եւ չհովուի իւր հօտը, թող մերժուի եկեղեցուց, մինչեւ որ կ՚ընդունի, նոյնպէս էլ երէցը եւ սարկաւագը: Իսկ եթէ ժողովուրդը չընդունի իւր վրայ ձեռնադրուած եպիսկոպոսին, այն ժամանակ վերջինս կը մնայ իւր աստիճանում, եւ կը մերժուեն քաղաքի ժառանգաւորները, նրա համար, որ չեն կարողացել խրատել ժողովուրդը (տե՛ս Անտ. 17, 18, Անկ. 18, Բ առ. 58):

 

Հներում եպիսկոպոսների ընտրութիւնը լինում էր ժողովրդի մասնակցութեամբ. շատ անգամ կուսակցութիւնների բաժանուելով ընտրում էին մի քանի թեկնածուներ մէկի փոխարէն: Ձեռնադրուածը գալիս էր եւ ընդունւում իւր կուսակիցներից, իսկ հակառակորդներից մերժւում, կամ եպիսկոպոսը, տեսնելով այդպիսի խռովութիւններ, ինքն էր հրաժարւում. այս դէպքերը ի նկատի ունենալով է գրուած այս կանոնը: Այս առթիւ խօսում են եւ վերոյիշեալ ժողովների կանոնները:

 

37 (35). Տարուայ մէջ երկու անգամ եպիսկոպոսների ժողով լինի` բարեպաշտական խնդիրների  վրայ  խորհրդակցելու  եւ  եկեղեցական  պատահած գժտութիւնները վերջացնելու համար. առաջինը` յիսնակի չորրորդ շաբթում, երկրորդը` աշնան (հոկտ. 12-ին):

 

Ժողովներով եկեղեցական խնդիրները որոշելու կարգը սահմանեցին առաքեալները, որոնք Երուսաղէմում ժողովուելով` վճռեցին քրիստոնեաներին թոյլ տալ չկատարել մովսիսական ծէսերը եւ սովորութիւնները (թլփատութիւնը եւլն) (Գործք ԺԱ 1-18): Նոյնպէս եւ սարկաւագների ընտրութիւնը եւ ձեռնադրութիւնը եղաւ ժողովի միջոցով. սբ հարք, հետեւելով առաքեալներին, որոշում են տարին երկու անգամ` գարնան եւ աշնան, ժողով անել՝ առկախ խնդիրները քննելու: Այս կանոնը ժամանակի վերաբերմամբ փոփոխութեան ենթարկուեց Նիկ. 5 կանոնով, Զ եւ Է տիեզերական ժողովներով եւ Յուստինիանոսի նովելլայով. պատուիրուեց միայն մի անգամ անել ժողով` հոկտեմբեր ամսին: Այս կանոնս ճշտութեամբ մեր մէջ չի գործադրուել, գուցէ նրա համար, որ մեր կաթուղիկոսները, գոնէ մինչեւ սբ Սահակ, միշտ շրջում էին, տարին մէկ անգամ Շահապիվանի եւ մէկ անգամ էլ սբ Կարապետի ուխտին ներկայ լինում, ուր ժողովուած էին լինում բոլոր իշխանները, եպիսկոպոսները, որտեղ եւ ընհանուր խորհրդակցութեամբ խնդիրները վճռում էին:

 

38 (36). Եպիսկոպոսը պիտի հոգ տանի Եկեղեցու իրերի վրայ եւ կարգադրի ինչպէս Աստծուն հաճելի է. բայց չպիտի գողանայ կամ ազգականներին ընծայի. հապա միայն աղքատներին օգնի եւ այս բանը պատճառ բռնելով` ինքն էլ մէջից մի բան չպոկի:

 

Եպիսկոպոսներին յանձնելով եկեղեցապատկան գոյքը՝ արգելում է նրան գողանալ կամ ազգականներին ընծայել, ինչպէս անում էին անհաւատարիմ եպիսկոպոսները, որոնցից մէկն էր Եդեսիայի եպիսկոպոս Իբասը, որի դէմ բողոքեցին տիեզերական ժողովին իբրեւ կողոպտողի եւ յափշտակողի: Նոյն բանը արգելում է եւ Յուստինիանոսի նովելլան:

 

39 (37). Երէցները եւ սարկաւագները առանց եպիսկոպոսի կամքի ոչինչ չանեն, որովհետեւ պատասխանատուն եպիսկոպոսն է:

40 (38). Պէտք է պարզ յայտնի լինի` ո՛րն է Եկեղեցու սեպհականութիւնը եւ ո՛րն է եպիսկոպոսի անձնական գոյքը, որպէսզի նրա մեռնելուց յետոյ, եթէ կին, որդիք, ազգականներ կամ ծառայ կը թողնի, նրանք իրաւունք ունենան ստանալու եպիսկոպոսի սեպհականութիւնը եւ անձեռնմխելի թողնեն եկեղեցապատկան ինչքը. այսպիսով ոչ Եկեղեցին կը վնասուի եւ ոչ ազգականները կը տուժեն, որով կ՚ազատուէր եպիսկոպոսը վատ անուն թողնելուց:

 

Մեր  ձեռագրերում  ոչ  միայն  այս  յօդուածը այլ  շատ-շատերը ճիշտ թարգմանելու ոչ մի հնար չկայ առանց օտար բնագրի:

 

41 (39). Հրամայում ենք եպիսկոպոսին իշխանութիւն ունենալ եկեղեցապատկան իրերի վրայ: Ինչպէս հոգիները, նոյնպէս եւ ինչքը նրան է յանձնւում. նա պիտի երէցների եւ սարկաւագների ձեռքով խնամի աղքատներին, կարօտեալներին, եւ իրենց պէտքերը հոգան, որովհետեւ ըստ առաքելոյն` սեղանի ծառայողը սեղանից պիտի ուտի:

 

Այս մի քանի կանոններով մի քանի սկզբունք են որոշւում. 1) Եկեղեցու ինչքը եպիսկոպոսի իրաւասութեան է ենթարկւում, 2) որ եպիսկոպոսը սեպհականութիւն կարող է ունենալ, 3) որ բոլոր ինչքը պիտի ցուցագրուած լինի, 4) որ տնանկ եւ աղքատ պիտի կերակրուեն այդ ինչքերով, 5) որ առանց քահանայի եւ սարկաւագների ինչքը իրաւունք չունի կարգադրելու, 6) բոլորի պէտքերը հոգացւում են այդ ինչքերով:

 

42 (40). Եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը, եթէ խաղի, արբեցողութեան անձնատուր լինեն, կա՛մ հեռանան այդ ախտերից, կա՛մ կարգալոյծ լինեն:

43 (41). Եթէ կիսասարկաւագները կամ գրակարդացները, կամ սաղմոսերգուները, նոյնը կ՚անեն, կա՛մ դադարեն, կա՛մ մերժուեն եկեղեցուց, նոյնպէս եւ աշխարհականները:

44 (42). Փոխատուներից վաշխ եւ տոկոս պահանջող եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը կա՛մ դադարեն, կա՛մ կարգալոյծ լինեն (տե՛ս Ա առ. 18):

45 (43). Եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը, եթէ հերետիկոսների հետ կ՚աղօթեն, թող մերժուեն եկեղեցուց, իսկ թէ կը հրամայեն նրանց իբրեւ Եկեղեցու սպասաւորների աղօթք անելու, թող կարգալոյծ լինեն Կոր. Զ 14-18):

46 (44). Եպիսկոպոսը կամ երէցը (կամ սարկաւագը), եթէ կ՚ընդունեն հերետիկոսների (թերահաւատների) մկրտութիւնը կամ պատարագը, կարգալոյծ լինեն. ի՞նչ կապ կայ Քրիստոսի եւ Բելիարի կամ հաւատացեալի եւ անհաւատի մէջ Կոր. Զ 15):

 

«Այս  հերետիկոսները  առաքեալների  ժամանակն  էին որոնք վնասում էին Հօր Աստուծոյ, Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ եւ Որդու մարդեղութեան գլխաւոր դաւանանքը: Մնացած հերետիկոսների մասին որոշումներ արել են Նիկ. 19, Լաւ. 7, Բարս. 47» (ԽվՌչՈ տՐՈՉՌս):

Մեր ձեռագրերում աւելի է «կամ սարկաւագը» եւ սխալ է, որովհետեւ մկրտութիւն չեն անում նրանք: Մերոնց մէջ գրած է «թերահաւատների» եւ սխալ է, որովհետեւ այս կանոնը շարունակութիւն է 45-ի, որտեղ խօսում է հերետիկոսների մասին:

 

47 (79). Եթէ եպիսկոպոսը կամ երէցը ճշմարիտ մկրտութիւն ունեցողին նորից կը մկրտի կամ անմաքուրներից անարգուածին չի մկրտիլ, թող կարգալոյծ լինի իբրեւ Քրիստոսի խաչի եւ մահուան վրայ ծիծաղող եւ քահանային սուտ քահանայից  չզանազանող:

 

Մեր ձեռագրերում բոլորովին սխալ է թարգմանուած այս կտորը` «կամ անմաքուրներից անարգուածին չի մկրտիլ». «Или аще отъ нечестивых оскверненнаго не окреститъ», որ նշանակում է` սուտ քահանաներից մկրտուածին (անարգուածին) չի մկրտիլ: Մերոնք այդ նոյն բանը այսպէս են թարգմանել. «Կամ զպղծեալն ամբարշտութեամբ մկրտեսցէ»: N740-ում` «կամ զպղծեալն յամբարշտութենէ մկրտեսցէ», N746-ում` «զպղծեալն յամբարշտութեանց մկրտեսցէ». բոլորովին հակառակ եւ անմիտ բան է նշանակում. պիտի գրէին` «կամ զպղծեալն յամբարշտաց ո՛չ մկրտեսցէ»: Թէ յունա-սլաւոնականն ճիշտ է, այդ երեւում է եւ նրանից, որ պատժի արդարացման մէջ ասում է, թէ քահանան սուտ քահանայից չկարողացաւ զանազանել:

 

Այս մկրտութեան խնդիրը ծագեց III դարում՝ 256 թուին, Ափրիկայի Եկեղեցիներում. կրկնակնունքի վէճը դարձաւ կռուապատճառ մասնաւորապէս Կիպրիանոսի եւ Հռոմի Ստեփանոս եպիսկոպոսի մէջ: Վէճը կտրելու համար այս կանոնս որոշեց, որ ուղղափառ քահանայի մկրտութիւնը ընդունելի է, իսկ սուտ քահանայի մկրտութիւնը անվաւեր է, ուստի պիտի նորից մկրտել: Այս պնդում էր Կիպրիանոսը Ափրիկայի եպիսկոպոսների հետ միասին: Հռոմի Ստեփանոս եպիսկոպոսը պնդում էր, որ չպիտի մկրտել ընկղմամբ, այլ միայն ձեռք դնելով սուտ մկրտուածի վրայ: Թէեւ Ստեփանոսը սխալւում էր, բայց այնքան իրեն արդար էր համարում, որ մտադրուեց բանադրել Ափրիկայի եպիսկոպոսներին, մինչեւ անգամ Կիպրիանոսի ուղարկած մարդկանց չընդունեց: Այս կանոնը հաստատում է Կիպրիանոսի որոշումը եւ ժխտում է Ստեփանոսի կարգադրութիւնը (տե՛ս Творения св. Киприана спис Кар. 1861. Киевъ):

 

48 (45). Եթէ աշխարհականը իւր կնոջ արձակի եւ ուրիշին առնի կամ արձակուածին, թող մերժուի եկեղեցուց:

 

Հրէից  մէջ  սովորութիւն  էր  զանազան  պատճառներով  արձակել կնոջ. արձակելիս տալիս էին վկայաթուղթ, որ կոչւում էր «արձակման»: Հեթանոս ազգերի մէջ արձակելու եւ ամուսնանալու կանոնները շատ վայրիվերոյ էին նրանք նայում էին կնոջ վրայ իբրեւ ստրկի, որին կարելի էր ենթարկել ամէն տեսակ վարմունքների: Կանոնս սահմանում է, որ ոչ ոք իրաւունք չունենայ առանց պատճառի, կամ թեթեւ պատճառով, ըստ րոպէական տրամադրութեան, արձակել կնոջ. այդպիսին եկեղեցուց որոշւում է, մինչեւ որ էլի յետ կը կանչի կնոջը: Մանաւանդ որ այդ բաները ի նկատի առած, Յիսուս պատուիրում է առանց պոռնկութեան դէպքի չարձակել (Մատթ. Ե 32) (տե՛ս Բարս. 21):

49 (80). Եթէ եպիսկոպոսը կամ երէցը չի մկրտիլ Տիրոջ հաստատած կարգով՝ յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, այլ յերիս Անսկիզբս, յերիս Որդիս, յերիս Մխիթարիչս, կարգալոյծ լինի:

 

Մեր ձեռագրերում «Անսկիզբն»-ի փոխարէն «Հայր» է, «Մխիթարիչն»-ի փոխարէն` «Հոգի»:

Կային հերետիկոսներ, որոնք մկրտում էին ո՛չ ուղղափառ Եկեղեցու դաւանութեամբ, այլ բոլորովին տարբեր ձեւով՝ երեք Հօր, երեք Որդու եւ երեք Հոգու անունով (տե՛ս Պոլս. 1, Սաբբեղեան հերետիկոսներ):

 

50 (81). Եպիսկոպոսը կամ երէցը, եթէ չի կատարիլ մկրտութիւնը երեք ընկղմումով, այլ միայն մի ընկղմամբ, որ Քրիստոսի մահուան օրինակն է, թող կարգալոյծ լինի. որովհետեւ Տէրն ասել է. «Մկրտեցէք յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ» (Մատթ. ԻԸ 19) եւ ո՛չ «ի մահն Իմ մկրտեցէք»:

 

Կային եւ հերետիկոսներ (եւնոմիոսականք), որոնք զանազան վերացական դատողութիւններով մերժում էին երեք ընկղմումը (տե՛ս Բ տիեզերական ժողովի կանոնները):

Հայոց բոլոր ձեռագրերում շատ երկարացրած է մկրտութիւնը երեք ընկղմումով անելու բացատրութիւնը: Այս 81-ին յաջորդող 82 կանոնն էլ շարունակում է նոյնը՝ ցուցնելով, թէ հերետիկոսները մի ընկղմումով են մկրտում, որ նրանք ասում են, թէ Հայրը չարչարուել է, կամ Որդին Միածին չէ, կամ Սուրբ Հոգին Հայր են անուանում. բոլորին էլ սխալ են համարում եւ նզովում: 81-ի շարունակութիւնը եւ 82-ը կանոն չեն, հապա բացատրութիւն 50-ի կամ (81)-ի առաջին կէսի բովանդակութեան: Մեր ձեռագրերում սովորութիւն է մտած գլխատառով սկսած նախադասութիւնը ջոկ կանոն համարել, կամ պատահմամբ եթէ երկու կանոն միմեանց յաջորդելիս մեծ գլխատառով բաժանուած չեն եղել, նրանք մի կանոն համարուեն եւ արտագրուեն:

Ձեռագրերի 81-ի կէսը եւ 82-ի երկար բացատրութիւնները չկան յունա-սլաւոնականում1:

51 (46). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը, կամ քահանայական կարգից որեւէ մէկը կը հրաժարուի ամուսնութիւնից, մսից, գինուց ոչ թէ ժուժկալութեան պատճառով, այլ պիղծ համարելով եւ անարգելով ստեղծագործութիւնը, դրանք կամ ուղղուեն կամ կարգալոյծ լինեն եւ մերժուեն եկեղեցուց: Նոյնպէս եւ աշխարհականը:

 

Այս կանոնը   ուղղուած   է   գնոստիկեան   աղանդաւորների   դէմ, որոնք մերժում էին ամուսնութիւնը, միս ու գինի գործածելը` իբրեւ անմաքուր եւ պիղծ բան, նրանք անարգանքով էին վերաբերւում դէպի ամուսնութիւնը եւ քարոզում էին ամուրի կեանք` իբրեւ կատարելատիպ մաքրութեան  եւ  անարատութեան:

 

52 (47). Եթէ եպիսկոպոսը, երէցը չի ընդունիլ զղջացող մեղաւորին եւ կմերժի, թող կարգալոյծ լինի (Ղուկ. ԺԵ 7):

53 (48). Եթէ եպիսկոպոս, երէց կամ սարկաւագ տօն օրերին չեն ճաշակել միս, գինի ո՛չ ժուժկալութեան, այլ արհամարհելուն պատճառով, թող կարգալոյծ լինեն իբրեւ ուրիշի գայթակղութեան պատճառ դարձող:

54 (49). Եթէ ժառանգաւորներից մէկը գինետնում    կապելւոջ)  բռնուի, թող մերժուի եկեղեցուց. ճանապարհ գնալիս միմիայն կարող են հանգստանալ պանդոկում  (հիւրանոցում):

55 (50). Եթէ ժառանգաւորը թշնամանի եպիսկոպոսին, կարգալոյծ լինի.

«Զիշխանս ժողովրդեան քո ո՛չ հայհոյեսցես» (Ելից ԻԲ 28)։

56 (51). Ժառանգաւորը, եթէ թշնամանի երէցին կամ սարկաւագին, մերժուի եկեղեցուց:

57 (52). Եթէ ժառանգաւորը կը ծիծաղի կաղի, կոյրի, խուլի, դէմքը վնասուածի (ոտը վնասուածի) վրայ, մերժուի եկեղեցուց. նոյնպէս եւ աշխարհականը:

58 (53). Եպիսկոպոսը կամ երէցը, եթէ անփոյթ է դէպի Եկեղեցու դասը եւ ժողովուրդը, բարեպաշտութիւն չի սովորեցնում, մերժուի. իսկ եթէ ծուլութեան եւ անփութութեան մէջ կը մնայ, կարգալոյծ լինի:

59 (54). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ ժառանգաւորներից մէկը կարօտեալի պէտքը չի հոգալ, մերժուի եկեղեցուց. եթէ մշտապէս կը յամառի այդ բանում, կարգալոյծ լինի իբրեւ եղբօր սպանող:

60  (55) Եթէ  մէկը  Սուրբ  Գրքի  փոխարէն  ստութեամբ  ամբարիշտների գիրքը կը բերի եկեղեցի՝ ժողովրդին եւ հոգեւորականութեան վնասելու, թող կարգալոյծ լինի:

 

Նախկին  դարերում  զանազան  աղանդաւորներ  չէին  ընդունում Աւետարանը, առաքելոց թղթերը. նրանք ունէին առանձին աւետարան, որ կոչւում էր «Աւետարան երկոտասան առաքելոց», եւ այլ կեղծ թղթեր, որոնք ընդունուած էին նրանց կողմից իբրեւ վաւերական գրուածքներ: Ահա այս գրուածքները բերում էին եկեղեցի եւ իսկականի փոխարէն կարդում բացատրում: Կանոնս խստութեամբ արգելում է այդ:

61 (56). Եթէ հաւատացեալը կը մեղադրուի շնութեան կամ պոռնկութեան կամ մի որեւէ յանցանքի մէջ, եւ կը հաստատուի, հոգեւորականութեան մէջ չի կարող ընդունուել:

 

Մեր ձեռագրերում թէ՛ այս, թէ՛ նախընթացները շատ կցկտուր եւ անճիշտ են գրուած, որ առաջացել է արտագրիչների աղաւաղումներից:

 

62 (57). Եթէ ժառանգաւորը, վախենալով հրեայից, յոյնից կամ հերետիկոսից, կը հրաժարուի Յիսուսի անունից, թող մերժուի եկեղեցուց: Իսկ եթէ կը հրաժարուի Եկեղեցու սպասաւորի կոչումից, թող մերժուի սպասաւորների դասից. եթէ ապաշխարի եւ զղջայ, կ՚ընդունուի իբրեւ աշխարհական:

 

Մեր ձեռագրերում շատ անիմաստ է գրուած, մինչեւ անգամ հակառակ մտքով. օրինակ` «Եթէ զանուն Յիսուսի ունի, լուծցի եւ որոշեսցի. իսկ եթէ զանուն ժառանգաւորի՝ լուծցի». բոլորովին անմիտ բան է:

 

63 (58). Եթէ եպիսկոպոսը, երէցը, սարկաւագը կամ քահանայական կարգից մէկը կ՚ուտի արիւնոտ, գազանաբեկ կամ մեռոլոտի միս, թող կարգալոյծ լինի: Որովհետեւ օրէնքն է այդ արգելել (Գործք ԺԵ 29): Եթէ աշխարհական կ՚անի, թող մերժուի եկեղեցուց:

 

Այս արգելական կարգադրութիւնը սահմանուած է հեթանոսների սովորութեան դէմ, որ նախատեսուել է Հին ուխտի մէջ (Ծննդ. Թ 1-6, Ղեւտ. ԺԷ 11). նոյնը հաստատեց առաքելական ժողովը, որ եւ կրկնւում է այստեղ:

 

64 (59). Եթէ ժառանգաւորը շաբաթ եւ կիւրակի օրերը պաս կը պահի (բացի Աւագ շաբաթ օրուանից), կարգալոյծ լինի. եթէ աշխարհական է, մերժուի:

 

Շաբաթ եւ կիւրակի օրերը ծոմ պահելը լինում էր մինչեւ պատարագը, յետոյ թոյլատրւում էր պասը լուծել գինով, ձէթով եւ կերակրով եւ չմնալ անօթի մինչեւ երեկոյ (книга правилъ):

 

65 (60). Եթէ ժառանգաւորը կամ աշխարհականը մտնի հրէից կամ կռապաշտական աղօթատունը, թող կարգալոյծ լինի եւ մերժուի:

 

Այս կանոնը չի հակասում այն վարմունքին, որին հետեւում էին առաքեալները ամէն օր ժամի 9-ին գնալով սինագոգա աղօթելու եւ քարոզելու: Առաքեալները մտնում էին քարոզելու եւ քրիստոնեայ դարձնելու հրեաներին. իսկ այստեղ կանոնադիրը երկիւղ է կրում թերուս քրիստոնեաներից, որոնք ճարպիկ քարոզիչների ձեռքը ընկնելով` կարող էին մոլորուել, եթէ նրանց աղօթատները յաճախէին:

 

66 (61). Եթէ ժառանգաւորը կռւում մէկին խփի եւ մէկ հարուածով սպանի, կարգալոյծ լինի, իսկ աշխարհականը մերժուի (տե՛ս Բարս. 55, Գր. Նիւս. 5):

  67 (62). Ով չնշանուած աղջկան կը բռնաբարի, մերժուի եկեղեցուց. ուրիշի հետ պսակուել չի կարող նա, այլ միայն  այս աղջկայ հետ, թէկուզ  աղքատ տնից լինի սա:

68 (63). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը երկրորդ անգամ ձեռնադրուեն, թող կարգալոյծ լինեն թէ՛ ձեռնադրողը եւ թէ՛ ձեռնադրուողը. իսկ եթէ կ՚ապացուցեն, որ ձեռնադրութիւնը թերահաւատից են ստացել, որոնց ձեռնադրութիւնը եւ մկրտութիւնը անընդունելի են համարւում հաւատացեալների կողմից, այն ժամանակ կ՚ազատուեն պատժից:

69 (64). Եթէ եպիսկոպոսը, երէցը, սարկաւագը, կիսասարկաւագը, ընթերցողը, երգողը Քառասնորդական պասը, չորեքշաբթին եւ ուրբաթը չեն պահիլ, բացի մարմնական անկարողութեան դէպքից, կարգալոյծ լինեն. եթէ աշխարհական է` մերժուի եկեղեցուց (պասի մասին տե՛ս Ա առ. 8 եւ 2, 3):

70 (65). Եթէ եպիսկոպոսը, երէցը կամ ժառանգաւորներից մէկը պաս կը պահի հրեաների հետ, նրանց հետ կը տօնի կամ նրանց տօնի ընծաներ կը ստանայ, օրինակ` բաղարջ կամ նման ինչ, թող կարգալոյծ լինի, իսկ աշխարհականը մերժուի եկեղեցուց:

71 (66). Եթէ քրիստոնեան ձէթ կը տանի կռապաշտական մեհեանը կամ հրէից սինագոգան տօն օրերին եւ կը վառի, մերժուի եկեղեցուց:

72 (67). Եթէ ժառանգաւորը կամ աշխարհականը սուրբ եկեղեցուց մոմ կամ ձէթ գողանայ, մերժուի եկեղեցուց եւ 5 անգամ աւելի վճարի վերցրածից:

73 (67). Օրհնած ոսկէ կամ արծաթէ անօթը կամ վարագոյրը  ոչ  ոք  գործ չածի իւր հարկաւորութեան համար. օրինազանցութիւն է այդ. ով կը բռնուի, թող մերժուի եկեղեցուց:

 

Մեր ձեռագրերում 72 եւ 73 կանոնները միացրած է:

 

74 (68). Եթէ եպիսկոպոսը արժանահաւատ մարդիկներից մեղադրուի, պիտի կանչուի եպիսկոպոսներից քննութեան. եթէ կը գայ եւ կը խոստովանի յանցանքը, կը յանդիմանուի, եւ պատիժ կը նշանակուի նրան: Եթէ առաջին կանչելուն չգայ, երկրորդ անգամ երկու եպիսկոպոսի ձեռքով կը կանչուի. եթէ այս անգամ չգնայ, երրորդ անգամ կը կանչուի էլի երկու եպիսկոպոսի ձեռքով. երրորդ հրաւէրով չգնալուց յետոյ, եպիսկոպոսական ժողովը իւր բարեհայեցողութեամբ վճիռ կը կարդայ նրան, որպէսզի չկարծի, թէ դատից փախչելով իրեն օգուտ կարող է բերել:

 

Այս կանոնիս վերջին կտորը մեր տգէտ ձեռագրողները կտրել են եւ տարել-կցել են յաջորդ (69) յօդուածի սկզբին մեծ տառով եւ մի անմիտ բան են առաջացրել. երեւում է՝ մեծ տառով սկսուած են տեսել, կարծել են՝ նոր կանոն է: Միմիայն N740 ձեռագրում ճիշտ է արտագրած:

 

75 (69). Եպիսկոպոսի դէմ հերետիկոսին վկայ չընդունել, իսկ հաւատացեալ վկայ ընդունել թուով ո՛չ մէկ հոգի, այլ երկու կամ երեք (Մատթ. ԺԸ 16, Ա Տիմ. Ե 19):

76 (70). Եպիսկոպոսը չպէտք է եղբօրը կամ որդուն, կամ ուրիշ ազգականին, ի հաճոյս նրանց եպիսկոպոս ձեռնադրի, որին եւ կամենայ, որովհետեւ եպիսկոպոսութիւնը եւ Աստուծոյ Եկեղեցին ժառանգաբար յանձնել մէկին իրաւացի չէ: Ով այդպէս կ՚անի, ձեռնադրութիւնը կը լինի անվաւեր, ինքն էլ կը մերժուի եկեղեցուց:

 

Այս կանոնս ի նկատի ունի այն որկրամոլ եւ շահասէր անձանց, որոնք Եկեղեցու սեպհականութիւնը իրենցը համարելով եւ այդ ստացուածքը  տոհմային  ժառանգութիւն  անելու  դիտմամբ  ձեռնադրում էին մօտիկ ազգականներին իրենց փոխանորդ: Բայց եթէ մօտիկ ազգականների ձեռնադրութիւնը արւում է ի փառս եւ ի պայծառութիւն Եկեղեցւոյ, այն ժամանակ Եկեղեցին ոչ մի արգելք չի դնիլ այսպիսիների համար. օրինակ` Հիպպոյի եպիսկոպոս Վաղերիոսին իւր կենդանութեան ժամանակ յաջորդ կարգեց երանելի Օգոստինոսին, մեր Լուսաւորիչը իւր որդոց ձեռնադրեց իրեն յաջորդ, Ներսէս Շնորհալին եղբօր տեղը ժառանգեց:

 

77 (71). Աչքով խեղը, անդամներով վնասուածը, եթէ արժանի է եպիսկոպոսութեան, թող լինի, որովհետեւ մարմնական արատը նրան չի պղծում, այլ հոգեկանը:

78 (72). Խուլը եւ կոյրը եպիսկոպոս չեն կարող լինել, ո՛չ արատաւորութեան, այլ  եկեղեցական պաշտամունքը կատարել չկարողանալուն համար:

79 (73). Այսահարը հոգեւորական լինել չի կարող. եթէ առողջանայ, իբրեւ հաւատացեալ ընդունուի (եկեղեցում). եթէ արժանաւոր համարուի, թող լինի եկեղեցական:

80 (74). Կռապաշտութիւնից նոր դարձածին եւ մկրտուածին կամ յանցաւոր կեանքը թողածին արդարացի չէ իսկոյն եպիսկոպոս ձեռնադրել: Որովհետեւ անարդարացի է անփորձ մարդուն ուսուցիչ լինել. գուցէ թէ միայն աստուածային շնորհքով հնարաւոր լինի այդ:

 

Կանոնս ի նկատի ունի առաքեալի պատուէրը Տիմոթէոսին գրած Տիմ. Գ 6). բացառութիւն թոյլատրւում է, երբ ընտրելին աստուածային շնորհքով լի անձն է ներկայացնում. օրինակ` Մեդիոլանի եպիսկոպոս ընտրուեց սբ Ամբրոսիոսը մինչեւ իսկ չմկրտուած ժամանակից:

 

81 (75). Ասացինք, որ վայել չէ եպիսկոպոսին կամ քահանային ժողովրդական կառավարութեան գործերում խառնուել, այլ եկեղեցական կարգերը ժրաջանութեամբ կատարել: Կամ պիտի դադարեն, կամ կարգալոյծ լինեն, որովհետեւ երկուց տերանց ծառայել չի կարելի (Մատթ. Զ 24) (տե՛ս Բ առ. 6):

 

6 կանոնի ծանօթութեան մէջ նկատումներ արինք հոգեւորականների տնտեսական զբաղմունքների վերաբերմամբ. այս կանոնս շեշտում է ժողովրդական կառավարչական գործերում չխառնուելու համար: Այս իմաստով մեր ազգային կանոններում էլ ունինք պատուէրներ, որոնք իւր տեղում կը տեսնենք: Կանոնս պահանջում է, որ հոգեւորականը  քահանայ  լինելու  հետ  միասին  հարկահան գիւղապետ, դատաւոր, զինուորական եւ այլ պաշտօնակատարութիւններ չանի եւ մոռացութեան տայ հոգեւոր պարտքերը:

Եկեղեցին հրճուանքով է խրախուսում այն հոգեւորականներին, որոնք ազգի փրկութեան համար ախոյեան են հանդիսացել հէնց իսկ պատերազմի  դաշտում Ներսէս  Մեծ Ներսէս  Ե, Տէր  Աւետիք Գրիգոր եպիսկոպոս եւլն, եւլն:

 

82 (76). Չենք թոյլատրում ստրուկներին առանց իրենց տէրերի համաձայնութեան հոգեւորական լինել, որ չլինի թէ գժտութիւններ ծագեն դրանից: Եթէ ստրուկը արժանի կը լինի հոգեւոր աստիճանին, ինչպէս մեր Ոնեսիմոսն էր, եւ եթէ տէրերը կը համաձայնին ու կ՚ազատեն ստրկութիւնից, թող լինեն հոգեւորական:

 

Այս կանոնս գրուած է այն ժամանակուայ համար, երբ ստրկութիւնը շատ տարածուած էր, երբ ստրուկների արձակումն, կեանքը եւ մահը կախուած էր տիրոջ կամքից. շատ ստրուկներ, ազատուելը ի նկատի ունենալով հոգեւորականութեան մէջ մտնելով, ծածուկ փախչում էին ու զանազան միջոցներով հագեւորական դառնում եւ ահագին աղմուկի պատճառ դառնում տէրերի կողմից: Այդպիսի բան պատահեց Պօղոս առաքեալի հետ, որը Փիլիմոնին գրած թղթով խնդրում է ներել իրենից փախած ստրուկ Ոնեսիմոսին եւ ընդունել ո՛չ իբրեւ ստրուկ, այլ համահաւասար եղբայր եւ սիրելի, որովհետեւ թէեւ ստրուկ, բայց շատ մեծ արժանաւորութիւն ունեցող անձն է Փիլիմ. ):

 

83 (77). Եպիսկոպոսը, երէցը կամ սարկաւագը, եթէ զինուորութեամբ պարապելով կամենայ հռոմայական իշխանաւորութեան եւ միեւնոյն ժամանակ քահանայութեան մէջ մնալ, թող կարգալոյծ լինի. որովհետեւ՝ «Տուք զկայսերն՝ կայսեր եւ զԱստուծոյն՝ Աստուծոյ» (Մատթ. ԻԲ 21):

84 (78). Եթէ մէկը կը նախատի թագաւորին կամ իշխանին ո՛չ ճշմարիտ պատճառով, պատժուի: Հոգեւորականը կարգալոյծ լինի, աշխարհականը մերժուի եկեղեցուց (Հռոմ. ԺԳ 1, Ա Պետ. Բ 17, Ա Տիմ. Բ 1-2):

85 (85). Ձեզ բոլորիդ` եկեղեցականներիդ եւ աշխարհականներիդ համար պարտաւորական լինեն հետեւեալ գրքերը Հին եւ Նոր Կտակարանից. Մովսէսի Հնգամատեանը` Ծննդոց, Ելից, Ղեւտացւոց, Թուոց, Երկրորդ օրինաց, Յեսու Նաւեայ 1 գիրք, Դատաւորաց 1, Հռութ 1, Թագաւորաց 4, Մնացորդաց 2, Եզրի 2, Եսթեր 1, Մակաբայեցւոց 3, Յովբ 1, Սաղմոս 1, Սողոմոնի 3 առակներ, Իմաստութիւն, Երգ երգոց, Մարգարէք 12: Մանուկներին խրատելու համար կարդացէք Սիրաք: Նոր ուխտից` 4  Աւետարան, Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յովհաննէս. թղթերից` Պօղոսի 12, Պետրոսի 2, Յովհաննէսի 3, Յակոբի 1, Յուդայի  1 Կղեմայ  2  եւ  իմ`  Կղեմէսի  ձեռքով  ձեզ`  եպիսկոպոսներիդ  տուած 8 գրքի մէջի հրահանգները եւ մեր առաքելական գործքերը (որոնք բոլորի համար  հրատարակել հարկաւոր  չէ որովհետեւ  գաղտնախորհուրդ  է):

 

Մեր համարեա բոլոր ձեռագրերում չկայ այս 85-րդ կանոնը գրքերի մասին, միմիայն N740-ում կայ այս կանոնը, այն բացառութեամբ, որ N 740-ում չկայ Եսթեր, Մակաբայեցիք, Նոր Ուխտից ոչինչ չկայ, ոչ էլ վերջին Կղեմայ յիշատակածը:

N740-ում եղածը կրկնուած է «Հարանց հետեւողաց» կանոնների 27-ում: Բայց թէ ինչո՛ւ մեր ձեռագրերից միայն 740-ում կայ այս 85-րդ կանոնը, միւսներում չկայ, պատճառը ճշտութեամբ որոշել չի կարելի. միայն նկատելի է, որ գոնէ Առաքելական կանոնների համեմատութեան մէջ N740 ձեռագիրը ամենաճիշտն է մնացած բոլոր ձեռագրերի մէջ եւ շատ համապատասխան է յունա-սլաւոնականին: Ինձ թւում է, որ մեր ձեռագրերից դուրս է ձգուած այս կանոնը նրա համար, որ յիշուած գրքերից մի քանիսը դեռ կասկածելի էին համարւում 4-5 դարերում: Օրինակ՝ Յովհան Սքոլաստիկոսի, Գրիգոր Աստուածաբանի, Եպիփանի, Աթանասի, Ամփիւղոքոսի, Յովհան Դամասկացու կանոններում չկայ Մակաբայեցւոց գիրքը: Եւսեբիոսի ժամանակ (+340)

«Յովհաննու յայտնութիւն»-ը վէճի մէջ էր. ոմանք ընդունում էին, ոմանք` ոչ»: Ամփիւղոքոսի թղթում կարդում ենք. «Ոմանք ասում են, որ 7 թուղթ պիտի ընդունել, ոմանք՝ միայն երեքը` Յակոբի 1, Պետրոսի 1 եւ Յովհաննէսի 1: Ոմանք էլ ընդունում են 3 Յովհաննէսի, 2 Պետրոսի եւ Յուդայի 1: «Յայտնութիւնը» ոմանք ընդունում են, ոմանք անվաւեր են համարում»: Արդեօ՞ք այս կասկածները չէին պատճառ, որ մերոնք չեն զետեղել այս կանոնս:

Մեր ձեռագրերում, ուշիուշով կարդացողը տեսած պիտի լինի, որ երեք կանոն միացրած է նախորդ կանոնի հետ, եւ փոխանակ ստանալու յունա-սլաւոնականի 85 հատ կանոնը, ունենում ենք 3 կանոն պակաս այդ երեք հատ երկերկու կանոնների միացման պատճառով. պակաս է նաեւ 85-րդը. ուրեմն ընդամէնը պակաս է 4 կանոն մեր ձեռագրերի մէջ. մենք պիտի ունենայինք 81 կանոն, բայց ունենք Առաքելական կանոններ 85 հատ: Մերոնք բերել են եւ 4 կանոն միացրել եղածների հետ եւ դարձրել 85: 82-րդը է շարունակութիւն եւ բացատրութիւն 81-ի Հօր Աստուծոյ, Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյ վարդապետութեան  վրայ որ  ամենեւին  կանոն  չէ  կարելի  համարել հապա երկար բացատրութիւն: 83-րդը խօսում է եպիսկոպոսների մասին, որ իրաւունք չունին ուրիշ թեմի եպիսկոպոսի իշխանութիւն խլել, որ բոլորովին համապատասխան է 35 կանոնին. ուրեմն նոր բան չի ասում, այլ կրկնում է 35-ի բովանդակութիւնը: 84-րդը ասում է, որ եպիսկոպոսը՝ իբրեւ գլուխ եւ հրամանատար, պիտի հսկի գիւղի եւ ագարակի երէցների վրայ. այս էլ կրկնում է այն, ինչ որ մի քանի կանոններով պատուիրւում է: 85-րդը կանոն չէ, հապա «փառք յաւիտեանս»-ով վերջացող մի խրատ է: 82, 83, 84, 85 յետոյ աւելացրած են. այդ երեւում է նրանից, որ նոր բան չեն ասում, երկրորդ` որ չկան յունա-սլաւոնականում, եւ երրորդ` չկան N740-ում: Իսկ N740-ը դրանց փոխարէն 81-րդում դնում է այն վերջաւորութիւնը, որը կայ միւս ձեռագրերի 85ում: Այդտեղ վերջացնելուց յետոյ եւ մի ինչ-որ վարդապետի յիշատակարանից յետոյ զետեղում է 6 ուրիշ աւելի կանոններ, որոնք նոր բաներ չեն, կրկնութիւններ են. սրանց համար ուրիշ թանաքով այնտեղ գրած է. «Այս Զ գլուխս ոչ կայ յայլ յաւրինակ». այս վեց գլուխներից 85-ում գրուած են Հին եւ Նոր Կտակարանների գրքերը: Պէտք է այս ի նկատի ունենալ, որ բացի յունա-սլաւոնական պաշտօնական վաւերական ընդունուած  Առաքելական կանոնների  ձեռագրից կան եւ զանազան յունական ուրիշ ձեռագրեր, որտեղ նոյն կանոնները զետեղուած են լինում այլեւայլ քանակութեամբ՝ 76, 81, 84 կամ 85, լատինականում 50 հատ են, արաբական ժողովածուներում` 82, ասորականում` 81, եթովպականում` 30 եւլն, եւլն: Հինգ-վեցեան Տրուլլի 692-ի ժողովում այս կանոնները ընդունուեցին, բացի Կղեմէսի վերջին յիշատակարանից՝ 8 գրքի մասին գրած:

Հին եւ Նոր Կտակարանների գրքերի մասին տե՛ս Աթանասի, Ամփիւղոքոսի կանոնները:

Այստեղ վերջանում է  «Առաքելական»  անուամբ  եղած  կանոնների եւ թէ «Կարգադրութիւններ»-ի վրայ ասելիքը:

Ա-առաքելական կանոններ՝ թուով 34, Բ-առաքելական կանոններ՝ թուով 85, ընդամէնը 119 առաքելական կանոններ ունինք, որոնց համառօտութեամբ յիշելիս պիտի նշանակենք Ա-առ. եւ Բ-առ.:

Սրանից յետոյ կը զետեղենք այս երկու կանոնների գրաբար բնագիրը՝ արտագրած նոյնութեամբ ձեռագրերից, որով դիւրութիւն տուած կը լինենք համեմատողներին աւելի մօտից ծանօթանալու խնդրի հետ: