Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

24) ՆԷՈՅԿԵՍԱՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ (314-315 ԹԹ. )

 

Նէոյկեսարիան (Նորկեսարիա) գտնւում է Պոնտացւոց աշխարհում` Կապադովկիայում. այստեղ եղաւ 314-315 թուականներին տեղական ժողով նոյն Անտիոքի եպիսկոպոսի նախագահութեամբ, ուր սահմանեցին 15 կանոն հոգեւորականների բարոյական կարգապահութեան եւ ուրիշ խնդիրների վերաբերմամբ: Հայոց ձեռագրերում այս ժողովին վերագրած է 20 կանոն՝ փոխանակ 15-ի. աւելորդ կանոնները կը զետեղեմ ի գիտութիւն եւ ի տեղեկութիւն:

1. Եթէ քահանան կը պսակուի, կարգազուրկ լինի: Եթէ անառակութիւն կամ շնութիւն կ’անի, բոլորովին կը մերժուի եկեղեցուց եւ ապաշխարողների կարգը կը մտնի:

 

Շնութիւն ասելով հասկացւում է ամուսնացած կնոջ հետ յարաբերութիւն ունենալը, իսկ անառակութիւն` ոչ ամուսնացած անձի հետ: Բարսեղ Մեծը 32 կանոնով այս յանցանքի համար սահմանում է նոյն պատիժը` կարգալուծութիւն, բայց չի մերժում եկեղեցուց (տե՛ս Բ առ. 25, 26, Բարս. 3, 32, 51, 70, Անկ. 10):

 

Մեր ձեռագրերում 1 կանոնը խօսում է նոյն նիւթի մասին քիչ տարբերութեամբ. «Եթէ երէցը ամուսնացած է, ընդունելի լինի իւր կարգում, եթէ շնութիւն կամ պոռնկութիւն անի, մերժուի եւ ապաշխարանքի ենթարկուի»:

 

2. Այն կինը, որ կը պսակուի երկու եղբօր հետ, մինչեւ մահ կը մերժուի եկեղեցուց: Եթէ մահուան ժամանակ կը խոստանայ առողջանալու դէպքում պսակը լուծել, մարդասիրաբար կարելի է թոյլ տալ ապաշխարելու, իսկ եթէ այդպիսի պսակում կը մեռնի, ողջ մնացողին դժուար է ապաշխարանքի թոյլ տալ (տե՛ս Բարս. 68, 76, 77, 78, 23, 39):

 

Մերոնց մէջ գրուած է. «Եթէ կինը երկու եղբարց գնայ, միմեանցից բաժանուեն. երկուսն էլ ցմահ ապաշխարեն. եթէ ապաշխարեն եւ ողորմութիւն տան, մեռնելիս հաղորդուեն: Եթէ զուգութեան մէջ մնան, մահուան ժամանակ էլ Հաղորդութիւն չառնեն. յամենայն դէպս վարդապետից է կախուած ապաշխարութեան ժամանակը կարճել»: Շատ երկարացրած է եւ ձգձգած բացատրութիւններով:

 

3. Բազմամուսնութեան մէջ ընկնող մարդկանց ապաշխարութեան ժամանակը յայտնի է. բայց եւ այնպէս նրանց հաւատը եւ զղջումը կարճացնում են ժամանակը:

 

Եռապսակների եւ բազմապսակների ապաշխարանքը ցոյց է տուած Բարսեղի 4 եւ 80 կանոնների մէջ: Եռապսակի համար` 5 տարի մերժւում է պսակողը եկեղեցուց, երկրորդ եւ երրորդ տարին թոյլ է տրւում ապաշխարելու: Բազմապսակի համար աւելի խիստ է (Բարս. 4, 6, 80, 50):

 

Մերոնց մէջ նոյն կանոնը ճշտութեամբ կրկնւում է:

 

4. Ում մէջ ցանկութիւն է առաջանում մի որեւէ կնոջ հետ մեղանչելու եւ չի յաջողւում, երեւում է Աստուծոյ շնորհիւ ազատւում է մեղքից:

 

Բարսեղ Մեծը 70 կանոնով համբոյրով մեղք գործող սարկաւագին պատուիրում է միառժամանակ պաշտամունք չկատարել: Այս կանոնս պատիժ չի նշանակում մտադրուած ցանկութեան համար, թէեւ ըստ Աւետարանի այսպիսի ցանկութիւնը շնութիւն է, թէեւ բարոյապէս պիտի պատժի ենթարկուի բայց  եկեղեցական   կանոնով   իրաւաբանական  տեսակէտից  պատժել չի կարելի՝ գործողութեամբ յանցանք չգործելուն համար:

 

5. Երախան (չմկրտուածը) եթէ չոքող ապաշխարողներին է պատկանում եւ մեղք է գործում, իւր դասից կը հանուի եւ ունկնդիրների կարգին կը յարուի. եթէ այստեղ էլ կը մեղանչի, եկեղեցուց բոլորովին կը մերժուի:

 

Մկրտութեան համար պատրաստուողները երկու խմբի էին բաժանւում, նորերը կարդացած գրքերը լսում էին եւ Աւետարանից յետոյ դուրս գնում, իսկ հիները աղօթում էին եւ ծունկ չոքում եւ «Մի՛ ոք յերախայից... » ասելուց առաջ դուրս գալիս:

 

6. Յղի կինը մկրտւում է, երբ ցանկանում է. ոչ մի կապ չկայ այս բանում ծնողի եւ ծնուողի մէջ. սբ. խորհրդով սրբուելու համար անհրաժեշտ է ամէն մի անհատի ջերմեռանդ ցանկութիւնը:

 

Կային այն ժամանակ անձինք, որոնք ասում էին, թէ յղի կինը չպիտի մկրտուի, որովհետեւ մկրտութիւնը անցնում է եւ չծնուած երախային, իսկ ոմանք էլ պնդում էին, թէ ծնուածը չպիտի մկրտուի, որովհետեւ արգանդում եղած ժամանակ մօրը մկրտուելովը ինքն էլ մկրտուել է: Ժողովը որոշում է, որ Եկեղեցու անդամ լինողը պիտի խորհուրդները ընդունի ինքը անձամբ եւ ո՛չ ուրիշի միջոցով:

 

7. Քահանան երկապսակի (երկրորդ անգամ պսակուողի) խնջոյքի չպիտի մասնակցի: Երկապսակները պիտի ապաշխարեն, իսկ քահանայի մասնակցութիւնը այդպիսի խնջոյքում թուլացնում է ապաշխարանքի ոյժը:

 

Զոնարաս եւ Բալսամոն ասում են, որ այս կանոնը մնաց իբրեւ անգործադրելի կարգ. իրենք` պատրիարքները եւ մետրոպոլիտները, երկապսակ թագաւորի հետ խնջոյք էին անում հարսանիքի ժամանակ: Երկրորդ ամուսնութիւնը համարւում էր մեղք ժուժկալութեան դէմ եւ մի տարուայ ապաշխարանքի էր ենթարկւում (Բարս. 4):

Մեր ձեռագրերում 7 կանոնի մէջ նոյն բանը կրկնւում է, միայն ասւում է՝

երկապսակների խնջոյքին գնացողը չպիտի ապաշխարութեան ժամանակը կարճացնի, հապա 2 տարի դրսի եւ 1 տարի ներսի ապաշխարողի պատիժը պիտի կրել տայ երկապսակին:

 

8. Աշխարհականը, որի կինը շնութիւն է անում, չի կարող հոգեւորական դառնալ: Եթէ ձեռնադրութիւնից յետոյ կինը կը մեղանչի, մարդը պիտի պսակը լուծի կամ հեռանայ քահանայագործութիւնից:

 

Այս կանոնը մեր ձեռագրերում ԺԳ-ն է, իսկ մերոնց մէջ 8, 9, 10, 11, 12 կանոնները զանազան տեղերից քաղուած են, որոնց մասին վերջը կը խօսեմ (տե՛ս Բ առ. 18, Բարս. 6, 8):

 

9. Քահանան եթէ ձեռնադրութիւնից առաջ կը խոստովանի իւր մեղանչած լինելը, նա իւր քահանայական պատիւը կը պահի, բայց կը զրկուի քահանայագործութիւն անելուց: Ինչպէս ասում են` ձեռնադրութիւնը սրբում է նրան միւս մեղքերից: Իսկ եթէ իւր մեղքը չի խոստովանիլ եւ ոչ մէկի կողմից չի ամբաստանուիլ, նա իւր խղճի տէրն է. կամ քահանայութիւն անի, կամ հրաժարուի:

 

Այս մեր ձեռագրերի ԺԴ կանոնն է (տե՛ս Բ առ. 25, 61, Նէո. 1, Նիկ. 2, 9,

10, Բարս. 27, 89):

 

10. Նոյնպէս եւ սարկաւագը եթէ նոյնպիսի մեղք կը գործի, իւր կարգից իջնի եւ Եկեղեցու ստորին սպասաւորների կարգը դասուի:

 

Մեր ձեռագրերում ԺԵ կանոնն է. նոյն բանն է ասում, միայն ձգձգւում է խրատական բացատրութեամբ:

 

11. Քահանայ ձեռնադրուի 30 տարեկան մարդը. եթէ արժանաւոր կը լինի, թող սպասի մինչեւ տարիքի լրիւ լինելը, որովհետեւ Քրիստոս 30 տարեկան մկրտուեց եւ քարոզել սկսեց:

Մեր ձեռագրերի ԺԶ կանոնն է:

 

12. Եթէ մէկը հիւանդութեան ժամանակ մկրտուի, քահանայ լինել չի կարող, որովհետեւ նրա հաւատը լուսաւորուել է հարկից ստիպուած եւ ո՛չ իւր ցանկութեամբ. գուցէ միմիայն նրա առաքինութիւնների ու հաւատի եւ ուրիշ արժանաւոր քահանայացու չգտնուելուն պատճառով կարելի կը լինի քահանայ ձեռնադրել նրան:

 

Մեր ձեռագրերում ԺԷ կանոնն է:

 

13. Գիւղական քահանայք չեն կարող քաղաքի եկեղեցիներում եպիսկոպոսի եւ տեղական քահանաների ներկայութեամբ քահանայագործութիւն անել, իսկ եթէ միւսները բացակայ են եւ ինքն է հրաւիրուած աղօթելու, այն ժամանակ կարող  է:

 

Մեր ձեռագրերում ԺԸ կանոնն է (տե՛ս Բ առ. 14, 31, 35, Նիկ. 15, 16, Անկ. 13, Անտ. 40, Բարս. 89):

 

14. Քորեպիսկոպոսները, որոնք ըստ օրինակի եւ ըստ կարգի Քրիստոսի 72 աշակերտներն են, իբրեւ եպիսկոպոսի ծառայակիցներ քահանայագործութիւն են անում եւ քաղաքի Եկեղեցում. այդ պատիւը արւում է նրանց եւ իբրեւ աղքատների  համար  հոգացողների:

 

Մերոնց մէջ ԺԹ կանոնն է:

 

Քորեպիսկոպոսների համար տե՛ս մանրամասն՝ սբ Սահակի կանոններ, Անկ. 13, Անտ. 10:

 

15. Նախկին կանոնով սարկաւագները 7 պիտի լինեն թուով, եթէ մինչեւ իսկ քաղաքը մեծ լինի: «Գործք Առաքելոց»-ից այս բանիս համար կարող ես տեղեկանալ:

 

Մեր ձեռագրերի Ի կանոնն է:

Հին տարեգիրների կարծիքով` սբ Մարկոս 7 սարկաւագ նշանակեց Աղեքսանդրիայի Եկեղեցում: Սոզոմենոսը գրում է, որ իւր ժամանակ Հռոմում 7 սարկաւագ կար միայն: Յուստինիանոսը հրամայեց, որ մեծ քաղաքի Եկեղեցում 100 սարկաւագ, 60 քահանայ, 40 սարկաւագուհի լինի: Հինգ-վեցեան ժողովի 16-րդ կանոնը նկատում է, որ զուր են հարկից չստիպուած աւելի սարկաւագներ կարգում:

Մեր մէջ հէնց հնուց գիւղերում սարկաւագներ պահելու [հարկ] չէ եղած, երեւի արդիւնքների քիչութեան պատճառով:

 

Սրանով վերջանում է Նէոկեսարիայի 15 կանոնների արձանագրութիւնը: Հայոց ձեռագրերում 8, 9, 10, 11, 12 կանոնները նոր են մուծուած եւ խօսում են միեւնոյն նիւթի մասին՝ կազմում են շարունակութիւն 7-րդ կանոնի: Ներմուծողը, կարդալով 7-րդ կանոնը, որը արգելում է քահանային երկակների ամուսնական խնջոյքին երթալ, եւ չգտնելով եռապսակների ու քառապսակների համար շարունակաբար գրուած կանոններ քաղելով  Բարսեղ Մեծի եւ այլոց կանոններից այդ մասին գրուածները, բերել 7-րդ կանոնի շարունակութիւն է կազմել: Այս մուծուած կանոնները չկան իսկականի մէջ: 7-րդը խօսում է երկակներին ապաշխարանքի ենթարկելու մասին: 8րդը ասում է. «Եթէ մէկը կուսան է, միւսը՝ երկակ, Գ տարի ապաշխարեն»: Այսինքն՝ եթէ մէկը կոյս է, միւսը` երկրորդ անգամ պսակուող, թող ապաշխարեն. այս կանոնը բառացի կերպով կրկնուած է Լուսաւորչի 5 եւ Ներսէսի երկու կանոններում:

 

9-րդը խօսում է եռապսակների մասին՝ համարելով երրորդ պսակը յարատեւ պոռնկութիւն. 15 տարուայ ապաշխարանքի է ենթարկում եւ աղքատներին ողորմութիւն տալով` մեռնելիս միայն Հաղորդութեան արժանացնում: 10-րդը խօսում է քառապսակների մասին, նոյնպէս եւ հինգերորդ պսակի մէջ մտնողների մասին. նրանց համարում է օրէնքից դուրս, Եկեղեցին չի ընդունում, «բայց եպիսկոպոսն գիտասցէ»: Շատ տարօրինակ է այս կանոնս. երրորդը յարատեւ պոռնկութիւն է համարում, չորրորդը եւ հինգերորդը թէեւ օրէնքից դուրս է համարում, բայց վերջում աւելացնում է, թէ եպիսկոպոսի կամքին է թողած, այսինքն՝ կարող է եւ թոյլ տալ այդպիսի պսակը: Այս կանոնները վերցրած է Բարսեղ Մեծի եւ Ներսէսի կանոններից եւ փոփոխած:

 

11 եւ 12 կանոնները խօսում են ամուսնալուծութեան վրայ, որ միմիայն մի տարուայ ապաշխարանքի ենթարկելով կարելի է պոռնկութեան եւ «չարագործութեան» համար արձակել կնոջ. իսկ ուրիշ  պատճառներով, օրինակ՝ ուրիշ մարդու վրայ աչք ունենալուն պատճառով, չի կարելի, մեղաւորին ենթարկում է պատիժների: Այս երկու կանոնը քաղած է Շահապիվանի ժողովի կանոններից, պատժի ձեւը նոյնութեամբ կրկնութիւն է: Այս 8, 9, 10, 11, 12 կանոնները անվաւեր են. բովանդակութիւնը դրեցի ի տեղեկութիւն: