Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

28) ՕՏԱՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՑ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 

Մեր եկեղեցական իրաւունքի ընդհանուր աղբիւրների մէջ են մտնում եւ օտար սբ հարց կանոնները: Օտար Եկեղեցիները Հինգ-վեցեան 692 թուի ժողովում ընդունեցին սուրբ հարց կանոններ: Մեր 1179 թուի ժողովում պարզօրէն որոշում չի եղած այդ մասին, այլ առուած է ընդհանուր խօսքերով, թէ` «Այլ զի՝ զմերս ծանիջիք կամս, թէ ոչ խորշիմք յաստուածախօս բանից սուրբ հարցն, որք աւանդեցին սրբոյ Եկեղեցւոյ զուղղափառ հաւատոյ դաւանութիւն»: Իսկ այս ժողովի ուրիշ արձանագրութեան մէջ, որ գտնւում է Էջմիածնի N58 ձեռագրի մէջ, յիշուած են մի առ մի այդ սուրբ հայրերի անունները՝ Աթանաս, Գրիգոր Նիւսացի, Բարսեղ Մեծ, Գրիգոր Նազիանզացի Կիւրեղ  Աղեսանդրացի Միայն  այստեղ  շեշտւում  է  գլխաւորապէս այն բանի վրայ, որ հայերը ընդունում են այդ սուրբ հայրերի դաւանութիւնը, իսկ նրանց սահմանած կանոնների վերաբերմամբ ոչ մի խօսք չի ասւում: Նոյնպէս էլ Բաբգէն, Ներսէս Բ, Ներսէս Շինող, Յովհան Օձնեցի, Խաչիկ կաթուղիկոս, Շնորհալի, Գրիգոր եւլն, եւլն, բոլորը իրենց ճառերի, ժողովով կազմած հաւատոյ ձեռնարկների մէջ յիշատակում են վերոյիշեալ սուրբերի անունները՝ յենուելով սրանց խօսքերի եւ վարդապետութեան վրայ: 648-ի Դուինի ժողովի հաւատոյ ձեռնարկի մէջ յիշատակւում են հետեւեալ օտար սուրբ հայրերը իբրեւ հայոց «մի բնութիւն» դաւանութեան ջատագով, այն է` Դիոնեսիոս Աղեքսանդրացի, Աթանաս, Կիւրեղ Աղեքսանդրացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Սքանչելագործ, Գրիգոր Նիւսացի եւ «այլ անթիւ հովիւք ուղղափառութեան համաբարբառք նոցին, որոց պատմութիւնքն յայտնի են» (տե՛ս Սեբէոս, [128 եր. ]): Այսպէս միւս ժողովներում. Ներսէս Շնորհալու կռուաններն էին մեծ մասամբ Աթանաս, Կիւրեղ, Ոսկեբերան եւլն, եւլն: Սբ Սահակ իւր վանական կարգերը եւ կանոնները վերցրել է Բարսեղ Կեսարացուց. մեր պատարագի սկզբնական ձեւը առնուած է Երուսաղէմից՝ Յակոբ Տեառնեղբօրից, ապա Բարսեղի եւ Ոսկեբերանի յաւելումներով լրացրած է: Սերմնօրհնէքի, կալի, հնձանի կանոնները Գրիգոր Աստուածաբանինն են, ջուր օրհնելու կանոնը` Բարսեղ Մեծինը, մատաղօրհնէքի` Յուստոսինը եւլն, եւլն: Մեր կանոնագրքերում բերուած են 18-19 օտար հարց կանոններ. այն է` Աթանասի 88 կանոն, Բարսեղ Մեծի 51 եւ ապա 271 կանոն, Գրիգոր Աստուածաբանի 30, Կիւրեղ Աղեքսանդրացու 5, Եպիփան Կիպրացու 5 եւ էլի 3, Յովհան Երուսաղէմացու 1, սուրբ Հիպողիտոսի 1, Նեկտառի (Նեկտարիոս)՝ Հռոմի եպիսկոպոսի եւ Մելիտոսի 1, Աթանաս Մեծի էլի 1, Սեբերիանոսի 1, Սոկրատի 1, Դիոնեսիոս Արիսպագացու 1, Մանուէլի 1, Դիոնեսիոս Արիսպագացու էլի 1, Եփրեմի 8, Սեւանտեայ 14: Իսկ օտար Եկեղեցիների 692-ի ընդունած 13 սուրբ հայրերի ընդունածն են. 1) Դիոնեսիոս Աղեքսանդրացի (+264), որ թողել է 4 կանոն, 2) Պետրոս Աղեքսանդրացի (270-304)` 4 կանոն, 3) Գրիգոր Նէոկեսարացի (+272)` 12 կանոն, 4) Աթանաս (326-371)` 3 կանոն քաղուածք, 5) Բարսեղ Մեծ (370-378)` 92 կանոն, 6) Գրիգոր Նիւսացի (354)` 8 կանոն, 7) Գրիգոր Աստուածաբան եւ 8) Ամփիւղոքոս (394), 9) Տիմոթէոս Աղեքսանդրացի (380-385), 10) Թէոփիլոս Աղեքսանդրացի (385-412), 11) Կիւրեղ Աղեքսանդրացի եւլն, եւլն:

 

Արդեօ՞ք վերոգրեալների հիման վրայ իրաւունք ունինք այդ բոլոր օտար սուրբ հայրերի կանոնները իբրեւ աղբիւր ընդունելու մեր եկեղեցական իրաւունքի համար: Իհարկէ ո՛չ, որովհետեւ մեր ոչ մի ժողովում անուն-անուն չի յիշատակւում իւրաքանչիւրին յատկացուելիք կանոնների ընդունման մասին, աւելի պարզ ասած՝ մեր ոչ մի ժողովը չի որոշել, թէ ընդունում ենք այս սուրբերի հետեւեալ կանոնները: Գուցէ առարկուի, թէ եթէ այդ հայրերի դաւանութիւնը մեր բոլոր ժողովները ընդունել են եւ մենք մինչեւ այսօր էլ ընդունում ենք, մանաւանդ որ բոլորը Քաղկեդոնի ժողովից առաջ են եղել, երբ բոլոր Եկեղեցիները մի դաւանութեամբ էին առաջնորդւում, այդ բաւական չէ՞, որ այդ նոյն հայրերի գրած կանոններն էլ ընդունուած համարուեն բոլորիս կողմից, թէեւ պաշտօնական ժողովով չեն վաւերացրած: Իրաւաբանական տեսակէտից մեր եկեղեցական իրաւունքի աղբիւր կը համարուեն միայն այն կանոնները, որոնք ընդունուած են ազգային ժողովով կամ կաթուղիկոսների այնպիսի հրամաններով, որոնք անտրտունջ եւ սիրով ընդունուած են բոլոր ազգից. եւ որովհետեւ 13 սուրբ հարց կանոնները այդ երկու պայմանի տակ չեն մտնում, ուստի եւ իրաւունք չունինք դրանց ընդունելու մեր Եկեղեցու պաշտօնական-վաւերական աղբիւրների շարքում, մինչեւ որ նոր ազգային ժողովով պարզ կ’որոշուեն այդ անորոշ կէտերը: Մեր իրաւաբանական այս սկզբունքի դէմ մեղանչում ենք մի բացառութիւն թոյլ տալով Բարսեղ Մեծի վերաբերմամբ. Բարսեղ Մեծի կանոնները պիտի ընդունենք մեր եկեղեցական իրաւունքի աղբիւրների մէջ հետեւեալ հիմունքների համաձայն.

 

1) Բարսեղ Մեծի լրացուցիչ պատարագը ընդունել ենք:

 

2) Նրա ջուր օրհնելու կանոնն ընդունել ենք:

 

3) Նրա նախորդներից սկսած մինչեւ ինքը՝ ձեռնադրել են հայոց կաթուղիկոսներին եւ իրենց Եկեղեցու կարգ-կանոնը մտցրել մեր Եկեղեցու մէջ:

 

4) Նրա կանոնները հիմք են դարձել սբ Սահակի վանքերի կանոնադրութեան:

 

5) Նա բոլոր Եկեղեցիներում մեծ հեղինակութիւն է ունեցել, մասնաւորապէս արեւելեան. նրա կանոնները սրբութեամբ ընդունել են բոլոր Եկեղեցիները:

 

6) Զ դարում Սքոլաստիկոսի ժողովածուի մէջ մտան 4 տիեզերական, 6 տեղական, առաքելական եւ բոլոր սուրբերից միմիայն Բարսեղ Մեծի 68 կանոնները՝ իբրեւ եկեղեցական ծանրակշիռ կարգադրութիւններ:

 

7) Թէ՛ մերոնք, թէ՛ օտարք կանոններ կազմելիս միշտ յենուել են Բարսեղ Կեսարացու կարգերի վրայ:

 

Այս հիմամբ բացառապէս ընդունելով Բարսեղ Մեծի կանոնները իբրեւ աղբիւր մեր եկեղեցական իրաւունքի՝ կ’արձանագրենք յունա-սլաւոնականի բաղդատութեամբ՝ դուրս ձգելով մեր կանոնագրքերից այն, ինչ որ իսկական չի համարւում. իսկ միւս օտար հայրերի կանոնները համառօտակի կը յիշենք իբրեւ կողմնակի հնապատմական բացատրող աղբիւր, մինչեւ որ պաշտօնական որոշում կ’ունենանք դրանց մասին: