Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

45) ԴՈՒԻՆԻ Բ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ 555 ԹՈՒԻՆ

 

Յովհան Օձնեցու «Սակս ժողովոց որ եղեն ի Հայս» N530 ձեռագրում` գրուածքի մէջ կարդում ենք` Ներսէս կաթուղիկոսը իւր կաթուղիկոսութեան չորրորդ տարում եւ Պարսից Խոսրովի թագաւորութեան 24-րդ տարում եւ Յուստինիանոսի 14-րդ տարում ժողով արաւ Դուինում Քաղկեդոնի ժողովի հակառակ, որոշեց Ծննդեան եւ Մկրտութեան տօնը մի օր կատարել. մի բնութիւն ի Քրիստոս սահմանեց եւ խաչեցարը երեք սրբասացութեամբ ասել կարգադրեց:

 

N58 եւ N100 ձեռագրերում Մխիթար Գօշի մի նամակն է տպած Քաղկեդոնի ժողովի մասին, յիշում է այնտեղ այն ժողովները, որոնք մերժել են Քաղկեդոնի ժողովը, վեցերորդ տեղում զետեղում է այս 555-ինը այսպէս. «Ի սկզբան  թվականութիւն  Հայոց  արարեալ ժողով  վեցերորդ  Տէր  Ներսէսի  ի Դուին ի Դ ամի կաթուղիկոսութեան իւրում եւ ԺԴ ամի Յուստինիանոսի կայսեր»:

 

Իսկ «Թղթոց գիրք»-ի մէջ կայ «ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս ի ձեռն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի, եւ Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի, եւ այլոց աթոռակցաց եւ տանուտէրանց եւ ազատաց եւ համաւրէն ժողովրդականաց»: Խոսրով արքայի թագաւորութեան 24-րդ տարում եղած այս ժողովում որոշել են նզովել աղանդաւոր պաւղիկեանց եւ հաստատ մնալ ճշմարիտ հաւատոյ մէջ (Արարատ, 1900, յուլիս):

 

Վերոյիշեալները ցոյց են տալիս որ Ներսես Բ Աշտարակեցի կաթուղիկոսը 555 թուին, Խոսրովի 24-րդ տարում (Խոսրով թագաւորեց 531-ին, 531+24=555) ժողով արաւ Դուինում եւ որոշեց մերժել Քաղկեդոնը, տօնել Ծննդեան եւ Մկրտութեան տօնը յունուարի 6-ին, ինչպէս տօնում էին հայերը առաքեալներից սկսած, դաւանել ի Քրիստոս մի բնութիւն եւ Ս. Աստուածը խաչեցարով երգել:

 

Մեր բոլոր կանոնագրքերում կան այս ժողովի կանոնները թուով 38, վերագրած Ներսէս կաթուղիկոսին, Ներշապուհ եւ Պետրոս եպիսկոպոսներին, բայց ոչ մի յիշատակութիւն չեն պարունակում այդ կանոնները վերոյիշեալ որոշումների մասին, այլ խօսում են եւ սահմանում եկեղեցական կանոններ: Այնպէս որ դժուար է դրական կերպով պնդել, որ այս ժողովը որոշել է դաւանաբանական հարցեր, եթէ դաւանաբանական խնդիրների մասին կանոններ են սահմանել, ի՞նչու չեն մտել մեր կանոնագրքերը նոյն ժողովի սահմանադրութիւնների մէջ. թէեւ «Արարատի» 1900 թ. յուլիսի վերոյիշեալ յօդուածագիրը դաւանաբանական խնդիրների որոշումը հաստատ է համարում այս ժողովում, բայց փաստօրէն չի ապացուցանում:

 

Բացի ա՛յդ, պիտի ի նկատի ունենալ եւ այն, որ Ներսէս Բ-ի յաջորդից յետոյ կաթուղիկոս եղաւ Մովսէս եւ ապա Աբրահամ, երկուսիս օրով սկսուեց Վրաց բաժանումը: Երկու կաթուղիկոսները յիշեցնել են տալիս Կիւրոնին, որ Բաբգէնի ժամանակ Քաղկեդոնի ժողովը մերժուել է, եւ ոչ մի խոսք չեն ասում իրանցից 17 տարի առաջ կաթուղիկոսութիւն արած Ներսէս Բ-ի ժողովի մասին: Իսկ Մովսէս կաթուղիկոսի մեռնելուց յետոյ, երբ ժողով է լինում կաթուղիկոս ընտրելու, Սմբատ Վրկան մարզպան «հաւատոյ ձեռնարկ» է խնդրում ժողովից: Ահա այդ ձեռնարկի մէջ ոչ մի խօսք չէ յիշւում Ներսէս Բի մտցրած դաւանաբանական կէտերի մասին: Ահա ձեռնարկի խօսքերը 530 ձեռագրից հանած. «Սոսկալի նզովիւք մերժեալ ի բաց ընկեցեալ զամենայն հերձուածողս զԱրիոս եւ զՄակեդոն, զանյիշելին Նեստոր, եւ զԵւտիքէս, եւ զժողովն Քաղկեդոնի եւ զպիղծ տումարն Լեւոնի, եւ հեռանամք ի հաղորդութենէ նոցա ճշմարտութեամբ: Ապա եթէ խաբէութեամբ ինչ են բանքն մեր նզովեալ եղիցուք յԱմենասուրբ Երրորդութենէն: Նոյնպէս եւս Սմբատ Վրկան մարզպան եւ տէրանց տէր... նզովեմք զնզովեալդ ի ձենջ, որպէս հարքն մեր երանելիք նզովեցին զնզովեալսն ի ձերոնց հարաց»:

 

Ոչ մի խօսք չի ասում «մի բնութիւն» դաւանելու մասին: Եզրի համար պատմիչները ընդհանրապես գրում են. «տգիտութեամբ» ընդունեց քաղկեդոնականութիւնը, որ ըստ իս` պիտի հասկանալ, թէ Եզրը նախ որ ծանօթ չէր դաւանական խնդիրների հետ, եւ երկրորդ` ձեռքի տակ չունէր «հաւատոյ ձեռնարկ», որտեղ որոշած լինէր պարզաբար Հայոց եկեղեցու հայեացքը այդ խնդրի վերաբերմամբ. ճարտարալեզու մարդկանց ազդեցութեամբ ընդունել է կայսրի առաջարկը: Եթէ Ներսէս Բ-ի օրով սահմանուած կարգեր լինէին այդ խնդիրների մասին, կգրէին, որ Եզրը քանդեց ժողովի կարգադրութիւնը եւ վճիռը, այլ միաձայն բողոքում են, թէ հայրենի ցանկը քակեց եւ ոչ մի խօսք Ներսէսի մասին չեն արտասանում:

 

Մեզ համար փաստական է այն, որ այս ժողովում որոշուեց 38 կանոն եւ մուծուեց բոլոր կանոնագրքերը, որոնց արձանագրութիւնը եւս կանենք, մնացածները (դաւանաբանականը) կհամարենք անորոշ եւ ենթադրական մինչեւ դրանց փաստագրելով ապացուցուելը:

 

Ենթադրելի է, որ այս ժողովում քննուած եւ որոշուած լինի եւ հայոց տումարը, որի հաստատութիւնը վերագրւում է սովորաբար այս ժամանակներից 20 տարի յետոյ ապրող Մովսէս կաթուղիկոսին: Ներսէս Բ կաթուղիկոսութիւն արաւ 548-557, Մովսէսը` 574-604 (թուականները որոշելիս հետեւում եմ «Արարատի» 1889-ի դեկտեմբերում տպուած ցուցակին, որը յունաց եւ պարսից թագաւորների թագաւորութեան տարիների համեմատութեամբ կազմած է եւ աւելի ճիշտ, քան հին կարծածը): Ներսէսի անունով մեր կանոնագրքերում կան եւ բացի այդ 38-ից, 43 կանոն. Բաստամեան վարդապետը Մխիթար Գօշի յառաջաբանում խօսելով այս կանոններիս վրայ` կարծում է, որ 43 կանոնը Ներսէս Բ-ինն է եւ ենթադրում է, որ դրանց գոյութեան մասին Չամչեան եւ Աբէլ եպիսկոպոս տեղեկութիւն չեն ունեցել:

 

Երկրորդ` 43 կանոնը վերագրել Ներսէս Բ-ին ոչ մի փաստ չկայ. երեւի թէ Հ. Բաստամեանը տեսնելով մի քանի ձեռագրերում դրանց միմեանց ետեւից յաջորդաբար դրուած լինելը` կարծել է, թէ երկու տեսակն էլ Ներսէս Բ-ին են վերագրած: Ձեռագրերի մեծամասնութեան մէջ 43 կանոնները բոլորովին յետ ընկած են եւ շատ հեռու Ներսէսի ժողովի 38 կանոններից. իսկ մի քանի ձեռագրերում բոլորովին չկան 43 կանոնները: Ամենալաւ փաստը, որ դրանք անվաւեր են եւ ներմուծուած են 997-թուից յետոյ, այն է, որ 43 կանոնները մեծամասն ձեռագրերի մէջ միշտ զետեղւում են այն կաթուղիկոսական ցանկից յետոյ, որ սկսուած Լուսաւորչից, անուն-անուն յիշատակելով, հասցրած է մինչեւ 997 թիւը: 997 թուի այս ցանկից յետոյ մտածները անվաւեր են, այսինքն յաւելուածներ են 10-րդ, 11-րդ եւ այլն դարերի. այս յաւելուածների մէջ մտած են չեղած ժողովների կանոններ, օրինակ` այստեղ յիշւում է Կարինի անունով ժողով 9 կանոն սահմանող` ուղղուած նորաձեւութիւն մտցնողների դէմ, որ ամենեւին գոյութիւն չի ունեցել մեր մէջ, բացի Եզրի ժամանակ ենթադրեալ հակահայկական ժողովը: 43 կանոնները շատ ձեռագրերի մէջ հետեւում են Կարինի չեղած ժողովին: Այնպէս որ ոչ մի փաստով չի կարելի ապացուցանել, որ 43 կանոնները սահմանել են Ներսէսներից մէկը, իսկ մասնաւորապէս պնդել, թէ Ներսէս Բ-ի կանոններն են, շատ մեծ րիսկ կը լինէր: 43 կանոնները մի առանձին բովանդակութիւն էլ չունին, վայր ի վերոյ, կցկտուր կարգադրութիւններ եւ բոլորը կրկնութիւններ նախկին ժողովների, կանոնների մինչեւ անգամ միեւնոյն նիւթի վրայ կանոն է գրում տարբեր սահմաններով. օրինակ` 5 կանոնը` «եթէ մէկը կուսան է եւ միւսը երկակ եւ ամուսնանան, երեք տարի ապաշխարեն». իսկ 37-ը` «եթէ մէկը կուսան է, միւսը երկակ, թող բաժանեն, ապա թէ ոչ` մէկը մեռնի, միւսը տասնհինգ տարի ապաշխարի». բոլորովին տարօրինակ հակադիպութիւններ են: Իսկ Ներսէս Բ-ի իսկական 38 կանոնների 25-ը էլի խօսում է նոյն նիւթի մասին եւ պատիժ չի նշանակում: Եթէ, ըստ Հ. Բաստամեանի, 38 եւ 43 համարենք Ներսէս Բ-ի կանոններ, կունենանք մի նիւթի մասին 3 միմեանց խառն-շփոթող կանոններ: Բացի այդ կան եւ վայր ի վերոյ կանոններ. օրինակ` 32-ը` «ով մուկն ընկած գինի կխմի, 40 օր ապաշխարի»: 33-ը` «օձահարները՝ օձը կծած տարին կաթը չխմեն եւ ոչ էլ 3 տարի միս ուտեն»: Նոր  բան եթէ  կայ`  22-ն  է «5-րդ  աստիճանում  չհամարձակեն  ազգականն առնել. չորրորդում ապաշխարեն, իսկ երրորդում պսակւողները բաժանուեն միմեանցից եւ ապաշխարեն»:

 

Որովհետեւ ոչ մի փաստ չունենք ժողովի կամ մի որեւէ կաթուղիկոսի կանոններ համարել 43-ը, ուստի եւ բոլորովին կհանենք եկեղեցական իրաւունքի աղբիւրների մէջից:

 

Ներսէս Բ-ի ժողովի մասին կանոնագրքերում կարդում ենք. «Կանոնք տեառն սրբոյն Մեծին Ներսէսի Հայոց կաթուղիկոսի, եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի», ոմանց մէջ էլ աւելացնում է` «եւ Պետրոսի քերթողի Սիւնեաց   եպիսկոպոսի»:

 

Իսկ անվաւերների համար գրած է կանոնագրքերում. «Կանոնք Ներսէսի», ուրիշ ոչինչ. կամ աւելի երկար` «Սահմանք եւ կանոնք կարգի եկեղեցւոյ սրբոյն Ներսէսի Հայոց հայրապետին, գլուխք ԽԳ:

 

ԱՀԱ ԵՒ 37 ԻՍԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Զի ոչ է պարտ բաժանել զժողովուրդ, վասն պտղոյ եւ մտից սրբոյ եկեղեցւոյ, յորմէ համարձակեցան բաժանել զպատարագս անառակութեամբ ըստ տունս յանդգնել բաժանել լրբաբար. եւ զհաց սեղանոյ ի տունս իւրեանց ոչ թողացուցեալ զժողովրդականսն տանել յեկեղեցի զի աւրհնեսցեն:

 

Առաջին կանոնս ասում է. չպէտք է ժողովուրդը զանազան մասերի բաժանել ս. եկեղեցու մուտքի եւ պտղի պատճառով, որից առաջանում է այն, որ քահանաները սեղանի հացը եւ ընծայաբերութիւնները փոխանակ եկեղեցի ուղարկելու օրհնութեան համար, ուղղակի տանում են իրանց տները:

 

2. Այլ ի նոյն ինքն ի սուրբ եկեղեցւոջն վասն նորին կռիւս եւ խոցոտմունս ընդ միմիանս զոր մեք իսկ տեսաք զոր պարտ էր ահիւ եւ դողութեամբ կատարել զխորհուրդ սրբոյ պատարագին. այլ ոչ յորովայնամոլութեամբ եւ ժլատութենէ թշնամանել զսրբութիւնս. խափանեցին քահանայքն եւ զպատարագն որ բաժանեն դպրաց, զի առցեն ի նոցանէ գինս վասն ս. պատարագին:

 

Երկրորդս աւելի պարզում է առաջինը, թէ՝ մինչեւ անգամ այս պատճառով եկեղեցու մէջ կռիւներ եւ վիրաւորանքներ պատահեցին մեր իսկ ներկայութեամբ, այն ինչ սուրբ պատարագի խորհուրդը ահով եւ դողով պիտի կատարեն եւ ոչ որովայնամոլութեամբ եւ ժլատութեամբ. մինչեւ իսկ քահանաները խափանում են պաշտամունքը, որպէս զի դպիրներին տալիք բաժնից իրանց բաժինը իբրեւ պատարագի վարձ վերցնեն:

 

Այս երկու կանոններից իմանում ենք, որ վեցերորդ դարում դեռ եւս պատարագը շարունակւում էր կատարուել այնպէս, ինչպէս I   եւ II դարերում: Այսինքն իւրաքանչիւր ծխական պատարագին տանում էր եկեղեցի ցորեն կամ ջերմ հաց եւ անապակ գինի, ու զանազան ընծայաբերութիւն, որպէսզի մի մասը իբրեւ «մարմին եւ արիւն» մատուցանուի հաղորդութեան ժամանակ, իսկ մնացած մասը բաժանեն քահանաները, դպիրները իրանց մէջ եւ բաժին հանեն կարօտեալներին: Շատ քահանաներ իրանց կողմը քաշելով հարուստ ծխականներին, թոյլ չեն տալիս նրանց պատարագիքը եկեղեցի բերեն, այլ խնդրում եւ պատուիրում էին, որ իրանց տունը տանեն, որպէս զի եկեղեցի բերելով` բաժին չհանեն մնացած քահանաներին եւ չզրկուեն աւելորդ բաժիններից: Պատահում էլ էր, որ ագահ քահանաները պատարագը չվերջացած, արարողութիւնը ընդհատում էին եւ նուէրները բաժանում եւ դպիրների մասից իրանց բաժինը վերցնում իբրեւ պատարագն անելու վարձ` վախենալով, որ մի գուցէ պատարագից յետոյ դպիրները իրանց բաժինը վերցնեն եւ շուտ դուրս գան եկեղեցուց: Այդպիսի գործողութիւնները երեւի շատ կռիւներ եւ խռովութիւններ առաջ բերին, որոնց հետեւանքը եղաւ վերացնել պատարագի ժամանակ հաց, գինի եւ այլ նուէրներ տալու սովորութիւնը. եւ մտաւ այն կարգը, ինչ որ մինչեւ այսօր գոյութիւն ունի (տե՛ս ս. Սահակի   կանոնները):

 

3. Եդին եւ ոմանք վաշխս վասն դահեկանաց իւրեանց:

 

Այս նշանակում է, թէ քահանաներից ոմանք էլ վաշխ են առնում իրանց դրամների համար: Սա չի նշանակում, որ քահանաները իրանց դրամները շահով են տալիս, սրա համար առանձին կանոն կայ այս ժողովի որոշումների մէջ. այլ նշանակում է, որ երբ տուրքը ծխականը չի կարողանում հատուցանել, ապառիկ է մնում, այդպիսի դէպքերում, քահանան ասում է` «լաւ, թող քեզ մօտ է տալիքդ, միայն թէ շահը եկ վրան, եւ շահն ու փողը միասին տուր»:

 

4. Կէսք վաճառեցին ընկերաց որպէս ծառայս, եւ այլքն ետուն վարձանս կանանց իւրեանց ամբարշտեալք. ամենեւին վստահացեալք ի բռնութիւն անարժանութեամբ անձանց իւրեանց մեղան. եւ ժողովրդականք այնպիսի պատճառաւ բաժնոց կերեալ առանց աւրհնութեան զհաց պատարագին. եւ ոչ կամեցան տանել զքահանայս եւ զպաշտաւնեայս ի տուն, զմատուցողս պատարագին. այլ զերկկանայս եւ զանդպիրս այսպիսի անարժանիւք հաճոյ թուեցաւ նոցա առնել զտուն իւրեանց թերակատար յաւրհնութենէ քահանայից. անմիտ ագահութեամբ զրկեալ զպաշտաւնեայս սեղանոյն ի հացէ ուխտին. եւ զրկեցան ինքեանք յաւրհնութենէ Աստուծոյ: Կարգեցաք եւ սահմանեցաք յայսմհետէ հրաժարեսցին քահանայք եւ ժողովրդականք յայսպիսի անառակ մահաբեր սովորութենէ:

 

Քահանաների կէսն էլ վաճառում են ս. սեղանից ստացուած նուէրները իրանց ընկերներին, իսկ ուրիշները անզգամ կանանց են վճարում վարձի փոխարէն. ա՛յդ ժողովրդականք տեսնելով, սկսեցին առանց օրհնել տալու պատարագի հացը ուտել եւ չկամեցան ոչ ոքի, թէ քահանաներից, թէ պաշտօնեաներից եւ թէ պատարագ մատուցողներից, իրանց տուն հրաւիրել. հապա դրանց փոխարէն իրանց տուն հրաւիրեցին պատարագի հաց ուտելու երկկին մարդկանց եւ ոչ դպիրներին: Մենք սահմանում ենք, որ թէ ժողովրդականք, թէ քահանաներ հրաժարուեն իրանց անառակ եւ մահաբեր սովորութիւններից (տե՛ս Բ. առ. 3, 4, Գանգ. 7, 8):

 

5. Եւ երկկանայսն թէ եւ գրակարդացք իցեն եւ պաշտաւնեայք ընդ զինուորս կացցեն. վասն ուխտազանցութեանն եւ ի պտղից եւ ի մտից սրբոյ եկեղեցւոյ, եւ ոչ միում մասին արժանի մի լիցին. զի չէ պարտ ապաշխարողաց, առաջնորդութիւն առնել, պտուղս եւ զուխտս  պահանջել  ընդ  քահանայս նոյնպէս եւ տգէտ, մի իշխեսցեն մտից եկեղեցւոյ, զի անիրաւ է. վասն անուսումնութեանն ընդ զինուորս կացցեն եւ զհայրենի հող եւ զջուր կալցին. եւ յարքունիս հարկ տացեն եւ զորդիս ի դպրոց տացեն զի ուսցին:

 

Երկրորդ անգամ ամուսնացողները՝ թէեւ գրակարդացներ եւ թէ ուրիշ պաշտօնեաներ լինեն, եկեղեցում զինուորների հետ կանգնեն ուխտազանց գտնուելուն համար եւ եկեղեցու մուտքից եւ պտղից էլ մասն ու բաժին չստանան. նոյնպէս եւ տգէտները (այսինքն պաշտօնեաները) եկեղեցուց բաժին չստանան եւ անուսումն ու տգէտ լինելուն համար զինուորների հետ կանգնեն, հայրենի հողին ու ջրին դառնան, արքունական հարկը վճարեն եւ իրանց որդիներին դպրոց ուղարկեն ուսումն առնելու:

 

Բ առ. 17-կանոնը պատուիրում է, որ ոչ ոք երկրորդ ամուսնութեան մէջ մտածներից չի կարող հոգեւորական լինել, այս կանոնս նոյնը արգելում է, մինչեւ անգամ պատժում, թոյլ չտալով եկեղեցում հաւատացեալների հետ կանգնելու, այլ զինուորների, բացի այդ հանում է այդպիսի անձանց հոգեւոր կոչումից եւ մտցնում է հարկատուների շարքը: Կանոնիցս երեւում է, որ գրակարդացները (ընթերցողը), դպիրը, երդմնեցուցիչը եւ առհասարակ ստորին պաշտօնեաները հոգեւորականների ցանկում էին համարւում եւ ազատւում էին հարկից. նոյնը հաստատում են եւ այժմեայ ռուսաց օրէնքները: Բացի ա՛յդ, կանոնս սահմանում է մի փառաւոր սկզբունք, որ ոչ միայն տգէտը իրաւունք չունի հոգեւորականութեան մէջ մտնելու, այլեւ եթէ սխալմամբ լինի էլ, պիտի տուժի նրանով, որ նախ իսկոյն պիտի կոչումից զրկուի եւ հարկատուների շարքը մտնի, երկրորդ` եկեղեցում, ի պատիժ, զինուորների հետ պիտի կանգնի եւ երրորդ` պիտի նախկին պարապմունքով զբաղուի, եթէ երկրագործ էր, էլի պիտի երկրագործութեան դառնայ. եւ չորրորդ՝ եթէ շատ է ուզում հոգեւորականութեան մէջ մտցնել իւր որդիներին, պիտի նրանց ուսումնարան ուղարկի կարդալու համար (տգէտների մասին տե՛ս եւ ս. Սահակի կանոնները):

 

6. Քահանայք զշաբաթու եւ զկիւրակէի պատարագ մի իշխեսցեն խափանել որպէս եւ տեսաք ի բազում տեղիս, այլ մատուսցեն անսխալ, սաղմոսիւք եւ մարգարէիւք եւ առաքելաւք եւ Աւետարանաւք կարգաւորաբար, եւ զբաժակ սուրբ հաղորդութեանն մի իշխեսցեն խափանել քահանայքն պատճառանաւք չքաւորութեան որպէս ամբաստանեցին ժողովուրդք ի բազում տեղի, որ արարեալ բազմացան, խնամով հոգւոյ իւրեանց, ալ մի եւս լիցի. զի մի գուցէ պարտաւորեալք պատուհասեսցին, եւ տուժեսցին յԱստուծոյ, այդ պատրաստեցին կատարել զսուրբ խորհուրդն անխափան հարկաւորապէս ամենայն զգուշութեամբ:

 

7. Եւ ի սրբոյ բաժակէ երկիւղիւ տացեն ժողովրդականացն. ոչ թերացուցանել նոցա զսրբութիւնն եւ զանմատոյցն չխառնել զի մի դատապարտեսցին. եւ ի պատարագէ կիրակէի եւ տաւնից մի իշխեսցեն ծուլանալ մնալ ի տունս իւրեանց. այլ եւ յամենայն պաշտամանց թէ ծուլասցի ոք յանդիմանեսցի, եւ ի մասնէ մտից աւուրն զրկեսցի եւ ընկերաց իւրոց որոշեսցի, եթէ քահանայ իցէ եթէ դպիր:

 

6 եւ 7 կանոնները խօսում են նոյն նիւթի վրայ, եթէ պարզենք` կստանանք այս: Քահանաները շաբաթ եւ կիրակի օրերը անխափան պատարագ պիտի անեն, այն էլ սաղմոսներով, մարգարէական ու առաքելական գրքերի եւ Աւետարանի ընթերցմամբ. ով այս պաշտամունքները կատարելուց կխուսափի՝ կզրկուի օրուայ մուտքից, կյանդիմանուի եւ կմերժուի եկեղեցուց, կանոնս դրուած է թէ քահանայի եւ թէ դպրի համար:

Չքաւորութեան պատճառով քահանաները չհամարձակեն ս. հաղորդութեան բաժակը խափանել, կամ սրբութիւնը պակասեցնել եւ կամ (նոր գինի) խառնել սրբութեան հետ (զանմատոյցն չխառնել):

«Զանմատոյցն չխառնել» նշանակում է չխառնել բաժակի օրհնած՝ մատուցուած գինու հետ նորը, որ նոյն կարգով չի օրհնուած (տե՛ս Ա. առ. 2, 5):

 

8. Եւ զԿտակարանս եւ զմարգարէս, եւ զառաքեալս, եւ զԱւետարանս բովանդակ ուտասցի սրբոյ եկեղեցւոյ ի պտղոյ եւ ի մտից, եւ հանդերձս բովանդակ սրբոյ սեղանոյ եւ զեկեղեցւոյ յառագաստ տանց փեսայից եւ հարսանց. զոր այլ մի իշխեսցեն առնել. զոր թէ ոք գտցի արարեալ, թէ քահանայ, լուծցի, թէ դպիր, նզովեսցի:

 

Ս. Սեղանի հանդերձները, վարագոյրը չտան հարսն ու փեսայի առագաստի համար, եթէ քահանան կտայ՝ կարգալոյծ լինի, եթէ դպիրը՝ նզովուի (տե՛ս. Բ. առ. 73 եւ ս. Սահակի կանոնները):

 

9. Լուաք լուր ծանրագոյ հասեայ ի վերայ եթէ քահանայք ի տեղիս տեղիս ինքեանք մկրտութիւն չառնեն (միայն) բայց ջուր իմն աւրհնեն եւ տան ցմանկամարդն, հրամայեալ նոցին իսկ ի նոցին տունս մկրտել զմանկունս իւրեանց. վասն որոյ պատուհասեցան աներեւոյթ տանջանաւք, եւ այժմ թէ գտցի ոք արարեալ ի նմին վնասու, ի բաց որոշեալ լիցի յամենայն տամբ իւրով ի քահանայական ժառանգութենէն ամենեւին:

 

Շատ ծանր լուր հասաւ մեզ, իբր թէ մի քանի տեղերում քահանաները մկրտութիւն չեն անում, հապա մի ինչ-որ ջուր են օրհնում եւ տալիս են կանանց, որ իրանց տներում նոյն ջրով մկրտութիւն անեն, այդ անողները աներեւոյթ տանջանքներով պատժուեցին, ով այդ բանում կբռնուի, մերժուի եկեղեցուց եւ իւր ամբողջ տնով քահանայական ժառանգներից հեռացնուի:

 

10 Քահանայք  գահասիրութեամբ  մի  հակառակեսցին  ընդ  միմեանս զի զոր շնորհն Աստուծոյ ընտրեաց նախ ի քահանայութիւնն, այն է նախաթոռ յեկեղեցւոջ:

 

Եկեղեցու մէջ նախաթոռ է այն քահանան, որ առաջ է ձեռնադրուած:

 

11. Դպիր պաշտաման եկեղեցւոջ առանց քահանայի մի իշխեսցեն կալ:

 

Առանց քահանայի դպիրը եկեղեցու պաշտամունք չի կարող կատարել:

 

Դպիր ասելով մենք հասկանում ենք չորս աստիճանաւոր, կամ ջահընկալ, օտարները ստորին պաշտօնեայ ընդունում են օրհնելով, ձեռքը գլխին դնելով, մեր մէջ դպրութիւն անում են շատ անգամ ոչ մի աստիճան չունեցողները. իսկ երբ ձեռնադրութիւն է կատարւում, այն ժամանակ դռնապանութիւնից սկսած, սաղմոսասացը, երդմնեցուցիչը, ջահընկալը ստանում են աստիճան օրհնութեամբ եւ ձեռք դնելով:

 

12. Եւ մի զձեւ զինուորաց հանդերձի ունել եւ ի կարգէ պաշտաւնէից կալ այլ ընդ զինուորս կացցեն, այլ զձեւ եկեղեցականաց ունել իւրոյ կարգին վայել է ըստ քահանայական աւրինի:

 

Զինուորների շոր հագնել եւ հոգեւորականների շարքում կանգնել չի կարելի, այլ հոգեւորականները քահանայական տարազով պիտի լինեն:

 

Թէ ե՞րբ է մտել հոգեւորականների տարազը, յայտնի չէ, միայն Ա, Բ դարերում նոր զգեստ առանձնապէս յատուկ հոգեւորականներին չկար, միմիայն պատուիրւում էր հագնուել պարկեշտ, համեստ, սովորական շորեր:

Դ դարում հագնում էին նոյն շորը միայն երկար եւ սեւ գոյնով, մասնաւորապէս եպիսկոպոսները: Երբ մանիքեցոց մեղադրում էին սպիտակ նոր ձեւի շոր հագնելուն մէջ, նրանք պատասխանում էին, թէ «ի՞նչու ձեր եպիսկոպոսները սեւ երկար շոր են հագնում, որտե՞ղ է գրուած»: Մեր այս կանոնից երեւում է, որ Զ. դարում մեր մէջ կար որոշուած եկեղեցական տարազ, որով տարբերւում էին հոգեւորականները աշխարհականներից: Դ. դարում հէնց, ինչպէս Փաւստոսի վկայութիւնից երեւում է, մեր հոգեւորականները հագնում էին երկար շոր, մինչեւ իսկ հակաեկեղեցական տարրը ծաղրում էին, անուանելով «կանացազգեստ» մարդիկ: Նոյնպէս յիշւում է, որ Լուսաւորչի ժամանակ եկած կուսակրօնները կնկղաւոր էին, երկար շորերով: Մինչեւ այսօր Սիւնիքի եւ Ղարաբաղի յետ ընկած գիւղերում պատահում են քահանաներ, որ դնում են մեծ, վերեւ բարձրացող, տափարակ վերջաւորութեամբ՝ եպիսկոպոսական թագի ձեւով փափախներ, հագնում են բրդէ չուխաներ աշխարհականների չուխայի կտորից, միայն երկար` մինչեւ սրունքները, ինչպէս ծեր պատկառելութեան աստիճանի հասած մարդիկ:

 

13. Եւ ժողովրդականք մի հրապուրեսցին ի նոցանէ ի բաժանումն սրբոյ եկեղեցւոյ, զի պատճառ խռովութեան բերէ. այլ զպտուղս եւ զմուտս ժողովրդականք ի սուրբ եկեղեցին մատուսցեն յամենայն յաւժարութեամբ անխափան. եւ մի ըստ դասուց բաժին եւ երգոց որ եղեւ վնաս, եւ քահանայից առեալ սրբոյ եկեղեցւոյ բաժանեսցին կարգաւորաբար որպէս աւրէն է:

Գլխաւոր քահանայիցն. Բ մասունք եւ կէս մասին, եւ այլ քահանայքն մէն. Բ մասունս, եւ սարկաւագունքն մի մասն, եւ կէս մասին, եւ դպիրքն եւ այրի կանայքն թէ իցեն պարկեշտք մի մասն առանց հակառակութեան: Ապա եթէ իցէ ոք որ հակառակիցէ եւ առնիցէ խռովութիւն, այնպիսին դադարեալ լիցի իւր կարգէն, եւ ընկերք իւր մի իշխեսցեն ընդ այնպիսումն հաղորդել, եւ ժողովրդանք առ քահանայս ունել զնա:

 

Ժողովրդականք  չընդունեն  քահանաների  առաջարկը ծխերը  բաժանելու պտղի համար, որովհետեւ խառնակութիւն է ընկնում, այդ բոլորը բերեն եկեղեցի եւ քահանաները այնտեղ կարգով բաժանեն այսպէս. գլխաւոր քահանային տան 2 1/2 մասն, մնացած քահանաներին` երկու մասն, սարկաւագներին` 1 1/2 մասն, եւ դըպիրներին ու այրի կանանց՝ եթէ պարկեշտ են` մի մասն առանց հակառակութեան: Ով կհակառակի այս կարգիս, թող դատապարտուի իւր ընկերներից եւ յարաբերութիւն չունենայ, կարգ կատարելուց հեռանայ եւ ժողովրդականներից իբրեւ քահանայ չընդունուի:

 

Արտաքուստ կարծես կանոններս հակառակ են ծխաբաժանութեան, բայց ներքուստ ո՛չ, հակառակ են այն ծխաբաժանութեան, որ լինում է որկրամոլ եւ ագահ քահանաների ցանկութիւններին յագուրդ տալու համար. ծխաբաժանութիւնը վերջացնում է՝ սահմանելով աւելի փառաւոր սկզբունք, այն է` ժողովել բոլոր տուրքերը եկեղեցի եւ այնտեղ ըստ սահմանուած կարգի` բաժանել բոլորի մէջ առանց աչառութեան:

 

14. Պաշտաւն եւ պատարագիք եւ սպասք սրբոյ եկեղեցւոյն ի գլխաւոր քահանային տան եղիցի, որպէս յառաջագոյն կարգեալ, եւ ինքն գլխաւոր քահանայն զեկեղեցին մի իշխեսցէ թողուլ եւ գործոց տան պարապել. այլ մշտնջենաւոր ի սուրբ եկեղեցւոջն կացցէ, զի պաշտաւն եւ աղաւթքն տուընջեան եւ գիշերոյ ժամուցն եւ զտեսչութիւն ժողովրդոյն մի խափանեսցէ, իսկ այլ ընկերքն զամառն փոխանակաւ կացցեն ընդ նմա անպղերգաբար, ապա եթէ իցէ որ սխալիցէ ի պաշտամանէն, պղերգութեամբ կամ երկրական հոգւովք ի մտիցն մի իշխեսցէ մասն առնուլ, քահանայք միակամք չիցեն աւրհնել միաբանութեամբ զժողովրդականսն եւ զորս որոշեալ ի սրբոյ եկեղեցւոյ:

 

Եկեղեցու   սպասները   եւ   նուիրուած   անօթները գլխաւոր   քահանայի տանը լինեն, ինչպէս առաջուց կարգուած է. գլխաւոր քահանան էլ չհամարձակի եկեղեցին թողնել եւ ուրիշ տեղ ապրել իւր գործերով զբաղուել, հապա միշտ եկեղեցում ապրի, որպէս զի ժամերգութիւնը մշտական կատարուի եւ ժողովուրդը չսառչի. իսկ մնացած քահանաները ամառը հերթով օգնեն նրան. ով կծուլանայ իւր հերթին գալ` պտղի բաժնից թող զրկուի:

 

Եկեղեցու բակում լինում են շէնքեր. որոնց մէջ կանոնս պատուիրում է աւագ քահանային բնակուել եւ միշտ ժամերգութեան հսկել. այդ շէնքերը ձրի տրւում էր միմիայն աւագներին, որոնց մահից յետոյ շէնքը չէր մնում մեռնողի ժառանգներին, հապա իբրեւ եկեղեցական շինութիւն յատկացնւում էր յաջորդ աւագ քահանային, ուր եւ իջնում էին կուսակրօնները, օտարական հիւրերը, որտեղ եւ պատսպարւում էին այրիները եւ աղքատները: Այսպիսի շինութիւններ եկեղեցիներին կից ամէն տեղ չկայ, բայց դրանց կարեւորութիւնը շատ զգալի է ամէն տեղ, մանաւանդ մեծ քաղաքներում: Շատ անգամ յանկարծակի պատահների դէպքում անհրաժեշտ է լինում քահանայի դիմել, ծխական քահանան չգտնելով, իսկոյն յարմար է լինում դիմել եկեղեցի աւագ քահանային, կարծելով, որ հերթապահութեան շնորհիւ կարելի է եթէ ոչ աւագին, մի որեւէ ուրիշ քահանայ գտնել: Կանոնս պատուիրում է ճշտութեամբ հերթակալութիւնը անպակաս անել եկեղեցուց:

 

15. Մկրտութիւնս ոք ծուլութեամբ մի իշխեսցէ առնել որպէս լսեմք, այլ երկիւղիւ եւ զգուշութեամբ, բուրվառաւք եւ ճրագովք եւ առագաստեաւ վարագուրաւք, որպէս վայել է լուսաւորութեամբ սրբոյ աւազանին եւ աւազանն կանգնեսցի յեկեղեցւոջն կամ ի տան պաշտամանն. թէ քարեղէն իցէ թէ զինչ եւ իցէ երկիւղածութեամբ արժանի եւ բաւականութեամբ գործոյն լուսաւորութեան, լայնութեամբ եւ խորութեամբ, զի բաւականաբար ծածկեսցէ ջուրն զհասակ մանկանցն որք մկրտեսցինն, եւ ի տունս շինականացն քահանայք մկրտութիւն մի իշխեսցեն առնել. բայց վասն երկիւղի մահու թէ վտանգ ինչ իցէ:

 

Մկրտութիւնը կատարուի բուրվառով, ճրագներով եւ վարագուրով. աւազանը եկեղեցում լինի կամ պաշտամունքի տանը. գիւղացիների տանը քահանան չհամարձակի մկրտութիւն անել, բացի մահուան վտանգի դէպքից:

 

16. Եւ կանայք առ քահանայս մի իշխեսցեն կալ, բայց սարկաւագունքն սպասաւորեսցեն, եւ կանայքն իւրեանց տեղին աղաւթեսցեն, եւ մի եղիցին գործակիցք քահանայիցն որպէս լսեմք ունելով զտեղիս սարկաւագացն:

 

Մկրտութեան ժամանակ կանայք քահանայի մօտ չկանգնեն սպասաւորութիւն անելու, կամ սարկաւագի պաշտօն կատարելու, ինչպէս լսել ենք, հապա իրանց տեղում կանգնեն եւ աղօթեն, եւ սարկաւագը միայն սպասաւորի (տե՛ս ս. Սահակի կանոնները):

 

17. Զգուշասցին եւս առաւել սարկաւագունք, մի գուցէ մկրտութիւն առնիցեն յանդգնաբար ի կորուստ:

 

Սարկաւագները զգուշանան եւ յանդգնաբար մկրտութիւն չանեն (տե՛ս Ս. Սահակի կանոնները):

 

18. Եւ քահանայք զապաշխարութիւն վաճառականութեամբ մի իշխեսցին տալ, այլ դաստիարակութեամբ հոգասցեն, խրատել իբրեւ զկարեկիցս զի ապրեսցին, եւ հաս մի առցեն մաքսաւորաբար ի նոցանէ. այլ ձրի առեալ եւ ձրի տամք:

 

Քահանայք չհամարձակեն ապաշխարութեան խորհուրդը վաճառականութեամբ (տուրքով) կատարել, հապա ձրի խրատելով եւ դաստիարակելով:

 

Այս կանոնս ենթադրել է տալիս, որ եկեղեցու խորհուրդների կատարման համար քահանաները տուրքեր ստացել են, մինչեւ այսօր էլ խոստովանութիւնը եւ հաղորդութիւնը ձրի է բաշխւում եւ կատարւում, իսկ պսակի, մկրտութեան, ձեռնադրութեան եւ միւս ծէսերի՝ թաղման, տնօրհնէքի եւ այլն՝ համար տուրք է տրւում կամաւոր կերպով:

 

19. Եթէ ոք ի քահանայից յայտնեսցէ երբէք զբանս ապաշխարութեան ապաշխարողացն նզովիւք լուծցի. եւ ամեն իրաւք ջնջեսցի ի քահանայական ժառանգութենէն:

 

Եթէ քահանան համարձակուի խոստովանութիւնը ուրիշին հաղորդել, կարգալոյծ լինի նզովքով եւ ամէն բանով զրկուի քահանայական ժառանգութիւնից:

9-րդ յօդուածում էլ պատժում էր քահանային` զրկելով քահանայական ժառանգութիւնից, որ նշանակում է, թէ պատժուողը զրկւում է նիւթական օգտից` եկեղեցական եկամուտներից եւ իրանց տանից քահանայ ձեռնադրել տալու  իրաւունքից-արտօնութիւնից Թէեւ  քահանայական  կարգի  ժառանգութիւն գոյութիւն չի կարող ունենալ եկեղեցու կարգադրութիւնների մէջ, որովհետեւ միայն արժանաւորութեամբ են քահանայ ընտրում եւ ոչ ժառանգութեամբ, բայց որովհետեւ քահանաների որդիները փոքրուց քահանայի ձեռքի տակ կրթուելով եւ իբրեւ բուրվառակիր նրա հետ շրջելով` վարժուած են լինում եկեղեցական արարողութիւնների մէջ, ուստի եւ ընտրութիւնները միշտ կատարւում էին յօգուտ պատրաստի տիրացուների՝ քահանաների որդոց, այս կարգը մի տեսակ ժառանգական սովորութիւն էր դարձել քահանայութիւնը որդոց որդի անցնելու:

 

20. Գերեզմանս յեկեղեցիս մի իշխեսցեն առնել ապա թէ գացի ոք արարեալ, յեկեղեցւոջն պատարագ մի ոք իշխեսցէ մատուցանել մինչեւ մաքրեսցին զտեղիսն:

 

Եկեղեցում մեռել չպիտի թաղել, որտեղ գերեզման կայ, այնտեղ պատարագ չպիտի անել այնքան ժամանակ, մինչեւ որ եկեղեցուց գերեզմանը կհանուի եւ կտեղափոխուի ուրիշ տեղ (տե՛ս եւ ս. Սահակի կանոնները):

 

21. Քահանայք դահեկանս վաշխել ամենեւին մի իշխեսցեն, լուան ի գրոց սրբոց ատել զվաշխողսն, փախիցեն յարբեցութենէ յիշելով զսահմանս արբեցողաց:

 

Քահանայք չհամարձակեն իրանց փողերը վաշխով տալ եւ հեռու մնան արբեցութիւնից (տե՛ս Ա. առ. 18, Բ. առ. 44, Նիկ. 17, Լաւ. 4, Բարս. 14):

 

22. Յագապս մասունս մի բարձցին, ըստ սրբոյ կանոնին, այլ աղքատաց տացցեն ի նմին ժամու յանդիման ագապատանն:

 

Քահանաները ագապը (աղքատներին տրուելիք նուէրը, սիրոյ երեկոյեան ճաշերը) իրանց մէջ չբաժանեն, հապա նուիրատուի ներկայութեամբ աղքատներին բաժանեն:

 

Ագապը այն ճաշն էր, որ նախկին դարերում լինում էր ամէն պատարագից յետոյ, որին մասնակցում էին անխտիր ամենքը, մասնաւորապէս աղքատները, այդ «սիրոյ երեկոյ» էր կոչւում ի յիշատակ եւ ի յարգանս Քրիստոսի երեկոյին: Մինչեւ այսօր էլ գիւղերում պատարագ ասելով հասկանում են բացի եկեղեցու ժամերգական պատարագից եւ քելեխը, մեռելի համար տրուած ճաշը. օրինակ` ասում են` «նա հօրը պատարագը չտուաւ», որ նշանակում է հաց չտուաւ, թէեւ պատարագով թաղուել է հայրը: Ագապը մնացել է նաեւ իբրեւ տէրունական մատաղ ծննդեան եւ զատկի տօներին, որտեղ մասնակցում են բոլորը անխտիր թէ մատաղ տալուն եւ թէ ստանալուն մէջ (տե՛ս Գանգ. 11, 2, Լաւ. 27, 28, տե՛ս եւ Բ առ. 3, 4):

 

23. Եւ ժողովրդականք հրաւիրեալք ի հաց պատարագի մի իշխեսցեն ճաշակել ի տունս իւրեանց պատճառաւ հիւրոց կամ գործակալաց, որկորստութեամբ. եթէ իցէ ոք որ կերիցէ ի հաց պատարագին մի իշխեսցէ երթալ. եւ քահանայք եւ ժողովրդականք ի ներքս մի իշխեսցին թողուլ զայնպիսին, զի անառակութիւն է եւ խիղճ հոգւոց, ապա եթէ իցէ ոք որ բռնաբար մտցէ քահանայքն գնասցեն արտաքս եւ զհացն մի իշխեսցեն աւրհնել:

 

Պատարագի հացին հրաւիրուած անձինք պիտի հաց չուտեն իրանց տներում որկրամոլութեամբ հիւրերի պատճառով. եթէ մէկը կուտի եւ կգայ հաց ուտելու պատարագատիրոջ տանը, ժողովուրդը եւ քահանաները այդպիսի մարդուն չընդունեն, եթէ զօրով կմտնեն, քահանան պիտի դուրս գայ եւ հացը չօրհնի:

 

Այս կանոնս մինչեւ այսօր շատ գիւղերում պահպանւում է այսպէս՝ պատարագին գնացողները անօթի են մնում եւ պատարագից յետոյ մեռելատուն գնում, կամ եթէ տարէլից է, կամ այնպիսի մարդ է, որ ամէն տարի ի յիշատակ իւր հօր, մօր, պատարագ է անում եւ հաց տալիս ժողովրդին, այդպիսի պատարագատիրոջ տունն են գնում եւ հացը ուտում: Այս կանոնս ճշտութեամբ դժուար է պահւում, որովհետեւ չի կարելի ստիպել, որ հաց չուտեն եւ հսկել ուտողների վրայ էլ դժուար է. հներում հեշտ էր այս կանոնս գործադրել, որովհետեւ ամէն պատարագի ժամանակ հաղորդւում էին, երեւի թէ հաց ուտողները պարտաւոր էին ամբողջ պատարագին ներկայ լինել, հաղորդուել եւ ապա գնալ քելեխ ուտելու:

 

24. Տղայոց մի իշխեսցեն պսակ աւրհնել, եւ մի կարելոցն երկոցունց, առանց զմիմիանս տեսանելոյ. զի այսպիսի անժամ հարսանեաց գնացին վնասք մահաբերք, եւ ժողովրդականք զայսպիսի հարսանիս մի իշխեսցին առնել զի նոցունց իսկ է կորուստ:

 

Տղաներին–անչափահասներին ոչ ոք չհամարձակի պսակել, իսկ հասակաւորներին միայն այն դէպքում ամուսնացել, երբ միմեանց տեսել են եւ հաւանել  (տե՛ս  ս Սահակի կանոնները):

 

25. Չէ պարտ զկուսանսն այրեաց ամուսնացուցանել, եւ ոչ զայրիս զկուսանացն զի աննման է:

 

Չպէտք է կոյս մարդկանց այրի կանանց հետ եւ ոչ այրիներին կոյս անձանց հետ ամուսնացնել, որովհետեւ համեմատ չեն միմեանց:

 

Լուսաւորչի 5-րդ կանոնը եւ մի քանի անվաւեր համարուած կանոններ խօսում են այս նիւթիս վրայ, ընդհանուրի կարծիքով պէտք է կոյսը կոյսի հետ եւ երկեակը երկեակի հետ պսակել. մինչեւ այսօր էլ ժողովրդի մէջ աղջիկը կոյս տղի (ազապ) տալ աւելի գերադասելի է, քան ամուրի մարդու, եւ կոյս աղջիկ առնելը գերադասելի է համարւում, քան այրի կին: Եկեղեցական կանոնները երկրորդ ամուսնութիւնը համարում են ապաշխարանքով թոյլատրելի եւ պսակում են այդպիսիներին ուռով եւ խաչակնքելով:

 

26. Ձեռնադրութիւն ոք արջառոց մի իշխեսցէ առնել:

 

Կանոնս կարճ է եւ անորոշ. մի քանի ձեռագրերում գրած է «զձեռնադրութիւն». իսկ կանոններիս համառօտագիր վերնագրում գրուած է` «Զարջառ ոչ ձեռնադրել»: Որ նշանակում է, թէ քահանայք իրաւունք չունեն անասունի, կամ, այսպէս ասած, մատաղացու կենդանու վրայ ձեռք դնեն եւ ասեն` «այս արջառս պիտի մատաղ անես». այն նպատակով, որ լաւ արջառ եկեղեցուն նուիրելու դէպքում իրանք՝ քահանայք, լաւերը վերցնեն եւ իրանց սեպհականացնեն: Այս կանոնս արգելում է, որ քահանան չընտրի մատաղացուն, այլ անասունի տէրը: Գիւղացիների մէջ սովորութիւն կայ մատաղացու գառան, արջառի ականջը քիչ կտրում են եւ նուիրում Աստուծոյ, կամ մատաղ են անում, կամ նուիրում վանքին ողջ-ողջ իբրեւ վանքին պատկանող անասուն: Եթէ կանոնս պարզ թարգմանենք ընդհանուր մտքով` կստանանք. «Ոչ ոք (քահանաներից) չհամարձակի մատաղացու ընտրել»:

 

27. Քահանայք ի պուտանց աւրհնել մի իշխեսցեն երթալ զի զաւշաքաղութիւն է, զի սուրբ պատարագն աւրհնութեանց զարջառ եւ զոչխարս:

 

Համառօտ վերնագրում գրուած է` «զպուտուն ոչ աւրհնել»:

Քահանաները  չգան  պատարագից յետոյ  պատարագատիրոջ պտուկները (ամանները) օրհնելու, աչքածակութիւն է, որովհետեւ պատարագը արդէն օրհնել է նրա ոչխարները եւ արջառը:

 

Երեւի աչքածակ քահանաները պատարագից յետոյ սովորութիւն էին արել գնալ երկրորդ անգամ պատարագատիրոջ տունը նրա մսի ամանները օրհնելու եւ դրա վարձն էլ ստանալու, այդ բանը կանոնս արգելում է: Մինչեւ հիմա էլ գիւղերում սովորութիւն է մատաղը մորթելու ժամանակ մի քանի մսացու կենդանիներ մորթել, պտուկները լցնել տապակած մսով ձմեռուայ գործածութեան համար. մատաղի երին ուղարկում են քահանային, բայց միւս մսից չեն ուղարկում, ահա այս երկրորդ մսից են կամեցել օգտուել քահանաները, որը եւ արգելում է կանոնս:

 

28. Քահանայք ի տունս իւրեանց կենդանի մի իշխեսցեն առնուլ, զի ագահութիւն է. եւ թողուլ զտունն անպատարագ, ամբարըշտութիւն է. եւ ժողովրդականք կենդանիս մի իշխեսցեն տալ զնոսա. ինքեանք արասցեն կարգաւորութեամբ ի տունս իւրեանց, զի աւրհնութեան սրբոյ պատարագին արժանի լիցին ծախուն եւ վաստակովքն:

 

Քահանաները իրանց տունը զոհի կենդանի չհամարձակեն տանել, ագահութիւն   է.   ժողովրդականներն   էլ   անասունները   չտան  քահանաներին, այլ իրանց տանը մորթեն, պատարագ անեն եւ բաժանեն աղքատներին ու դրանով իրանց ծախքն ու վաստակը օրհնեն:

 

Այս կանոնս շարունակութիւն է նախորդ 26-ի, արգելում է քահանաներին մատաղացուները կենդանի իրանց տունը բերելու եւ իւրացնելու. ժողովրդականներին էլ պատուիրում է պատարագի հացից չխուսափել եւ մատաղը առանց մորթելու ու առանց պատարագ անելու (կենդանի) ողջ-ողջ չտալ քահանային:

 

29. Ի սուրբ քառասներորդացն պահսն, եւ կամ առաջաւորս նորին մի ոք իշխեսցէ լուծանել ըստ սրբոյ կանոնին. եթէ լուծցէ ոք ի քահանայից կամ աշխարհականաց զաւուրցն կերակուր, պատճառաւ հիւրոց կամ գործակալաց, յեկեղեցի մի իշխեսցի մտանել մինչեւ տուժեսցի աղքատաց ապաշխարութեամբ:

 

Ոչ ոք չհամարձակի քառասնորդական կամ առաջաւորաց պասը լուծել հիւրերի պատճառով, պասը ուտողը եկեղեցուց հեռանայ եւ աղքատներին ողորմութիւն տալով ապաշխարի:

 

30. Եւ մեծի շաբաթուն ճրագալուցին թէ մշակք՝ թէ տղայք՝ ծերք ի տըւընջեան աւրինաց մի հաղորդեսցին, ապա եթէ իցէ ոք որ հաղորդեսցի վասն տկարութեան մարմնոյն թան եւ գինի մի իշխեսցին ճաշակել ցժամն կատարելոյ սրբոյ պատարագին:

 

Ոչ ոք չհաղորդուի աւագ շաբաթ օրուայ ճրագալուցից առաջ. հիւանդութեան պատճառով հաղորդուողը թան եւ գինի չխմի մինչեւ պատարագի վերջանալը:

 

31. Եւ քահանայական հրամանի ժողովրդականք հրաման մի տացեն, զի նոքա են առաջնորդք ձեր, եւ նոցին եղբայրքն ընդ նոցին ձեռամբ են, եւ ոչ մարթի ընդդէմ դառնալ զի անկարգ է, զի իշխան է կապել եւ արձակել:

 

Ժողովրդականները պիտի պատուեն քահանաներին եւ նրանց դէմ հակառակ հրամաններ չարձակեն:

 

32. Քահանայք մի արբեցողք, եւ մի հանգանակողք, եւ մի արծաթագին աղախնայս ստանալ՝ եւ կամ ի կապենից պոռնկաց ի տունս տանել զգարշելիսն զոր ոչ հրամայեն աւրէնքն եւ վանականքն որ ի շէնս բնակեալ են, պարսպեալ զանձինս պահովք եւ աղաւթիւք եւ անվեհեր հիւրասիրութեամբ որչափ Աստուած պատրաստ է բաւական համարել որպէս Քրիստոսի զինուոր:

 

Քահանաները չպիտի արբեցող եւ հանգանակող լինեն, եւ կամ հակառակ օրէնքի անառակ կանանց պահեն կամ տուն տանեն:

Գիւղերում ապրող վանականները պասով եւ աղօթքներով պիտի անցնեն իրանց կեանքը եւ հիւրասէր լինեն (տե՛ս ս. Սահակ 8, Նիկ. 3, Բարս. 88, Շահ. 14):

 

33. Եւ մի ամենեւին որպէս լուաք հացարար եւ կովկիթ կամ խնեցահար ի վանսն տանել կին մարդ, զի թէ ուր չէր նմայ հնար մտանել կործանեաց զմարդն ապայ զիւրսն զինչ իսկ առնէ:

 

Ոչ ոք չպահի վանքերում կով կթող, հաց թխող եւ կամ խնոցի հարող կանայք:

Նոյնը արգելում է Է. տիեզ. ժող. 18, 47 կ.:

 

34. Եւ որ յանապատս բնակեալ ուխտաւորք յառաջ քան զմտանել արեգական գնասցեն. եւ յորժամ ծագէ արեգակն երթիցեն գուցէ ի սխալանս անկանիցեն: Իսկ մոնազունք եւ վանաց մանկունք վասն մի ոք իշխեսցեն ուրեք ունել բայց ի վանս ապա եթէ վանք չկան, յաւագ երիցուն տուն երթիցեն զի չէ իշխանութիւն այլ տան աւթել, եւ մի լիցի լսել թէ մի վանք բազում վանք որ չէ հասարակ ըստ առաքելոցն կարգի:

 

Անապատականները արեւը մայր մտնելուց առաջ գնան իրանց տեղերը: Իսկ վանականները երթան իրանց վանքերը, ուշանալուս կարող են միայն օրհնել աւագ երէցի տանը:

Մի քանի ձեռագրերում 34-րդ կանոնը երկուսի է բաժանած:

 

35. Այլ ձիաբոյծք եւ վաճառականք եւ վաշխառուք փոխանակ կրաւնաւորութեան շահաժողովք, յայսմհետէ դադարեսցեն եւ ապաշխարեսցեն զմեղսն զոր մեղան, ապա եթէ ոչ յանդիման արժանի գործոցն պատիժս կրեսցեն:

 

Վանականները չհամարձակուեն ձիաբուծութեամբ, վաճառականութեամբ եւ վաշխառութեամբ պարապել, թողնելով իրանց կրօնաւորական պարտաւորութիւնը. այլապէս պատիժ կստանան:

 

36. Եւ մի աղանդաւորաց երբէք վանս տալ, զի ոչ հրամայեն կանոնքն առաքելականք:

 

Առաքելական կանոնների համաձայն աղանդաւորներին չպէտք է օթեւան տալ տներում:

 

37. Արդ՝ զպատուիրեալս ձեզ առ ի մէնջ փութապէս կատարել ահիւն Աստուծոյ յորում կայ մեծաց վարձուց հատուցումն. եւ պատուիրեցաւ ձեզ յամենայն յամսեան պարապել խնդրուածոց, զաւուրս շաբաթու, միոջ խնդրել յԱստուծոյ զմարմնոյ առողջութիւն եւ հոգւոյ փրկութիւն:

 

Համառօտ վերնագրում գրուած է` «Յամենայն ամսեան շաբաթ մի պահել»:

 

Պատուիրում ենք ձեզ ամէն մի ամիս մի շաբաթ հոգու փրկութեան վրայ մտածէք, եւ  պատուիրածներս ճշտութեամբ կատարէք:

Այստեղ 37 կանոն է, որովհետեւ 34-ը երկուսի չէ բաժանած. միւս ձեռագրերում 34-րդ կանոնը երկու է դարձրած, ուստի եւ ստանում ենք փոխանակ 37-ի 38 կանոն. բովանդակութեան տարբերութիւն չունին: