Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

49) ՊԱՐՏԱՒԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ 771 ԹՈՒԻՆ

 

  Մեր կանոնագրքերում գրուած է` «Կանոնք Սիովնի Հայոց կաթուղիկոսի, ունի գլուխս ԻԴ»: Սրանից յետոյ գալիս է նախադրութիւնը, որ սկսւում է Սիոն կաթուղիկոսի խօսքով: «Ես, Սիոն, ողորմութեամբ Աստուծոյ եպիսկոպոսապետ Հայոց, յիշելով Մեծն Պօղոսի խօսքը, թէ տարին մի անգամ պիտի ժողովուել եւ քննել մեր գործերը, ես էլ մտածեցի ժողով անել, հաստատել սուրբ հայրերի աւանդեալ օրինադրութիւնները, իսկ թերին լրացնել միաբան ժողովով. բայց որովհետեւ բոլոր եպիսկոպոսները չկարողացան բռնակալ իշխանների խափանման պատճառով գալ մեզ մօտ, ուստի ուղարկեցին իրանց համաձայնութիւնը թղթով. իսկ որոնք կարողացան գալ, սրանք են (յիշում է եպիսկոպոսների եւ իշխան-նախարարների անունները) Դուինում  չկարողացանք  ժողով  անել  բարբարոսների  պատճառով, գնացինք Պարտաւ` Աղուանից մայրաքաղաքը, ուր մասնակից եղան ժողովին Աղուանից կաթուղիկոս Դաւիթը եւ նրանց իշխանները. ժողովում միաձայնութեամբ կարգեցինք հետեւեալ կանոնները առաջնորդների եւ նրանց ժողովրդի  բարեկարգութեան  համար:

 

1 Եպիսկոպոս կամ քորեպիսկոպոս, կամ երէց  մի  ստասցի ի  պատճառս փառաց մարմնոյ զփառս շնորհաց հոգւոյ զպատիւ սրբութեան աւծմանն որպէս ըստ մարմնական զբաւսման ունել, անփոյթ առնելով զժողովրդոցն հիւանդութեանց եւ որ ի նոսա են հոգեկան ցաւոց վէրք, իսկ եթէ ծուլասցի լուծցի:

 

Եպիսկոպոսը, քորեպիսկոպոսը, կամ երէցը եթէ անփութութեան կտայ ժողովրդի ցաւերը, նրա հոգեկան պիտոյքները, իրան նուիրելով անձնական զուարճութեան եւ փառքի, այնպիսին պիտի կարգալոյծ լինի (տե՛ս Բ առ. 58 կ. ):

 

2. Եպիսկոպոսաց մի լիցի համարձակութիւն յայլ եպիսկոպոսի ի վիճակէ քահանայ ձեռնադրել, ապա թէ ոչ լուծցի ինքն եւ ձեռնադրեալն:

 

Եթէ եպիսկոպոսը (առաջնորդը) ուրիշի թեմի համար քահանայ ձեռնադրի, կարգալոյծ լինի ինքն էլ, ձեռնադրուածն էլ (տե՛ս, Բ առ. 35, Անտ. 9, 13, Սարդ. 1, 2, 11, 15, Դ Դւ. 2, Նիկ. 16):

 

3. Եպիսկոպոս մի իշխեսցէ առնուլ ինչ յանցաւորաց եկեղեցւոյ, այլ յանցաւորին իւր ձեռաւք հրամայեսցէ տալ ի ձեռս աղքատաց զի խաւսեսցէ զյանցանս իւր:

 

Եպիսկոպոսը յանցաւորներից չպիտի տուգանք վերցնի եւ աղքատներին բաժանի, այլ պիտի ստիպի որ յանցաւորը իւր ձեռքով բաշխի չքաւորներին:

Կանոնս պարզ ցոյց է տալիս, որ եպիսկոպոսները նշանակուած տուգանքները փոխանակ աղքատներին բաժանելու, իրանց քսակն էին դնում, կանոնս դրա առաջն առնում է նրանով, որ խստիւ պատուիրում է նուէրները իբրեւ տուգանք վերցրած բաշխուեն հէնց դրամատու յանցաւորի ներկայութեամբ եւ իրա ձեռքով:

 

4. Եպիսկոպոսունք մի իշխեսցեն քորեպիսկոպոսաց կամ քահանայից սեղան տալ հաստատել, կամ եկեղեցի աւրհնել:

 

Եպիսկոպոսները չհամարձակւին թոյլ տալ քորեպիսկոպոսներին կամ քահանաներին սեղան հաստատել, եկեղեցի օծել:

 

5. Եպիսկոպոսունք մի իշխեսցին միւռոնն աւրհնել, կամ յաւելուած առնել եւ  տալ  քահանայից այլ  ամ  յամէ  ի  հայրապետանոցէն  ըստ  կանոնական հրամանի սրբոց հարցն:

 

Եպիսկոպոսները չհամարձակւին միւռոն օրհնել, կամ միւռոնի մի բան աւելացնել, այլ ստանան միմիայն հայրապետից` սուրբ հայրերի կանոնական հրամանի համաձայն (տե՛ս Ե Դւ. 9, Մակար, Սահակ):

 

6. Եւ վարդապետ կարգեսցեն անխափան յեկեղեցիսն. զի մի շնորհ աստուածգիտութեանն խափանեսցին եւ  ճարակող  աղանդք  հերձուածոյն  ի ներքս մտցեն:

 

Եկեղեցիներում վարդապետներ կարգուեն քարոզելու եւ չթողնելու, որ հերձուածողական մտքեր ներս մտնեն:

 

7. Վանք շինեցան ի գիւղս, զի անդ հանգիցեն առաջնորդք եկեղեցւոյ եւ հիւրք եւ աղքատք, եւ զհաց նըւիրացն աւրհնութեան ի տաւնսն յերից եղբարցն տանցն եւ ի քահանայից զոր անդր կարգեալ եղեւ. եւ զմատաղենիսն եւ զհասն ի վերայ առնուն գիւղականքն եւ վարձ տան նահապետի եւ աւերեն զվանսն եւ զլոյս զպաշտաւն զխնկարկութիւնս ի վանացն եկեղեցւոյ խափանեն զայնպիսիսն ծանր նզովիւք կապեալ եմք եւ բանիւն Աստուծոյ, մի ժողովրդականին այնմ շնորհի, թողի վանս երթայ ամենայն հասն ըստ առաջին կարգաւորութեան հարցն եւ վանական մի իշխեսցէ տանել ինչ անտի ի տուն իւր, իսկ եթէ յանդգնեսցի ի մեղս եղիցի նմայ:

 

Գիւղերում վանքեր շինուեցին եկեղեցու առաջնորդների, հիւրերի եւ աղքատների իջեւանելու համար, այդ հիմամբ էլ նուէրներ որոշուեցին յօգուտ վանքերի. բայց գիւղացիք մատաղները եւ հասը չտալուց զատ, իշխանաւորներին կաշառելուց յետոյ աւերում են վանքերը, խափանում են պաշտամունքը, լոյսը, խնկարկութիւնը. այդպիսիներին ծանր նզովներով եւ Աստուծոյ խօսքով կապել ենք. բոլոր հասը թող վանքերին գնայ նախկին կարգերի համաձայն, եւ ոչ մի վանական չհամարձակի իւր տունը մի բան տանել, եթէ ոչ մեղք կհամարուի տանողի վերաբերմամբ (տե՛ս Ներսէսի (Աշտիշ. ) Սահակի  կանոնները):

 

8. Եւ տեսանեմք ի տեղիս տեղիս անարգեալ զսուրբ աւազանն մկրտութեան ի չպետս համարեալ ի տգէտ եւ անմիտ քահանայից, եւ զջուր աւազանին լըւացման հանեն արտաքս հեղուն ի կոխումն եւ յապականութիւն, յայսմ հետէ մի իշխեսցեն զնոյն անպատւութիւն առնել սուրբ աւազանին. այլ ընդ այլ սրբութիւնսն պատուով կալցին որպէս զսեղանն եւ զխաչ վերարկուաւք ծածկեսցեն եւ խնկարկութեամբ պատուեսցեն եւ զջուրն անդէն ի նմին աւազանին կորուսցեն եւ քահանայ որ անցանէ ըստ այս հրաման լուծցի:

 

Այն քահանան, որ մկրտութեան աւազանի ջուրը դուրս կթափի եւ ոչ աւազանի բացուածքով ցած կթողնի, սեղանը եւ խաչը պատուով չի պահիլ ծածկոցի տակ, թող կարգալոյծ լինի (տե՛ս Բ Դւ. 15, Ե Դւ. 13):

 

9. Քահանայ որում հասեալ է կարգ տարեկան սպասաւորութեան եկեղեցւոյ սրբութեամբ եւ արդարութեամբ կալցին զեկեղեցին. եւ անխափան ի տուէ եւ ի գիշերի կատարեսցէ զԱստուածային աղաւթս:

 

Քահանան հերթակալութեան ժամանակ սրբութեամբ պաշտօնակատարութիւն անի եւ Աստուածային օրէնքները անխափան կատարի:

 

10. Երկրորդ ամուսնացելոցն մի թողացուսցէ ի կարգէ ապաշխարութեան. ինքն պարկեշտաբար արբցէ, ապա եթէ ի զեղխ արբեցութիւն գտցի լուծցի:

 

Աբէլ եպիսկոպոսը, հետեւելով Չամչեանին, բոլորովին սխալ է հասկացել այս կանոնը եւ փոխել է այսպէս. «Քահանայ եթէ ամուսնասցի, կամ եթէ երկրորդ ամուսնացեալն ձեռնադրեսցի, մի իշխեսցէ քահանայութիւն առնել, այլ յապաշխարութեան կացցէ»:

 

Այս կանոնը ճշտութեամբ հասկանալու համար, պէտք է ի նկատի ունենալ նոյն խնդրի մասին գրած նախկին ժողովների կանոնները. եթէ ազատ թարգմանենք, կստանանք այսպիսի կանոն. «Քահանան երկրորդ անգամ ամուսնացող անձանց ապաշխարութեան կարգից չհանի՝ չհեռացնի, (այսինքն ապաշխարութիւն կրելուց չազատի, որովհետեւ հին կանոններով երկակները պսակուելու իրաւունք ունէին միայն մի, կամ երկու տարի ապաշխարանք կրելով), եթէ երկակների հարսանիքին գնայ՝ պարկեշտաբար խմի, եթէ արբենայ` կարգալոյծ պիտի լինի». նախկին կանոններով քահանաներին արգելւում էր երկակների հարսանիքին ներկայ լինել, երեւի թէ այս կանոնս սահմանած ժամանակ նախկին կանոնը մոռացութեան էր տրուած, եւ քահանաները ոչ միայն ներկայ էին լինում հարսանիքի խնջոյքին, այլ եւ հարբում էին. կանոնս զիջում է, վերացնում է նախկին արգելքը, թոյլ է տալիս երկապսակների հարսանիքին ներկայ լինել միայն չհարբելու պայմանով, այլապէս կարգալոյծ անելու սպառնալիքով արգելում է (տե՛ս Բ Դւ. 5):

 

11. Քահանայք պատուէր արասցեն արանց եւ կանանց եւ դստերաց նոցա զի ոչ արասցեն ընդ հեթանոսի զուգաւորութիւն, զի չէ ամուսնութիւն այլ անաւրէն եւ զպիղծ խառնակութիւն. զի զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին, զի չար է քան զշնութիւն, եւ որ գարշագոյնն է քան զշնութիւն բնական յանցանք:

 

Քահանաները պատուիրեն, որ ոչ ոք չհամարձակի հեթանոսի հետ ամուսնանալ, որովհետեւ անհաւատի հետ ամուսնանալը շնութիւնից ծանր է (տե՛ս Ա առ. 16, Լաւ. 10, 31, 37, 38, 39):

 

12. Քահանայք մի իշխեսցեն զնշխար կենաց հացին մանկանց կամ զինուորաց տալ եւ առնել, այլ ինքեանք արասցեն եւ ի սրբութեան բաժակն բաւական արկցեն զբաժակին, եւ մի խառնեսցին այլ գինի յետոյ:

 

Քահանաները չհամարձակեն ս. խորհրդի նշխարքը մանուկներին կամ զինուորներին տալ պատրաստելու, այլ իրանք անեն եւ բաժակի մէջ նոր գինի չաւելացնեն:

 

13. Երրորդացն զուգութիւն խառնակութիւն է, պղծագործ շնութիւն, անքաւելի յանցանք, այնպիսիսն եթէ ապաշխարութեամբ կամին ջնջել զմեղս, նախ որոշեսցին ի միմեանց իսպառ, եւ ապա եղիցին արժանի ապաշխարութեան, եւ քահանայ որ զուգութեանց պատճառ լիցի լուծցի եւ նզովեսցի:

 

Եռակների ամուսնութիւնը խառնակութիւն եւ պղծագործ շնութիւն է, անքաւելի յանցանք, դրանք եթէ կամենում են մեղքերը քաւել, նախ՝ թող բաժանուեն միմեանցից եւ ապաշխարեն, իսկ նրանց միացնող քահանան կարգալոյծ լինի եւ նզովուի:

 

Երրորդ պսակը եկեղեցին մեղք է համարում իբրեւ անժուժկալութիւն, Բարսեղ Մեծը անմաքրութիւն է համարում, բայց պոռնկութիւնից թեթեւ է դասում (8 կանոն). եռականայք ենթարկւում են ապաշխարութեան (4, 80 կ. ). ապաշխարանքից յետոյ երրորդ պսակը թոյլ է տրւում: Այս կանոնովս բոլորովին արգելւում է եւ պսակադիրը կարգալոյծ է լինում: Բայց այս կանոնս իւր խստութեամբ չգործադրուեց, յետոյ մտաւ սովորութիւն երրորդ պսակ անել երկակների օրհնութեամբ (տե՛ս եւ Նէո. 3):

 

14. Որք չեւ հասեալ ի ժողովրդականաց յայն որ ի նեղութենէ հարկաց անձինք հասանեն վաճառ, եւ սակաւ ինչ ի գոյութենէ լինի, եւ վաճառեսցէ զեկեղեցի կամ սպաս սրբութեան, կամ ի կարասւոյ կամ յանդաստանաց եկեղեցւոյ նզովեսցի յԱստուծոյ եւ ի մէնջ եւ զայնպիսին մի ոք կոչեսցէ քրիստոնեայ:

 

Եթէ  ժողովրդականներից   հարկի  նեղութիւնից  ստիպուած  վաճառքի կհանեն եկեղեցու սրբութիւնը, կարասին, անդաստանը, նզովեալ լինի մեզնից եւ քրիստոնեայ այլ եւս չկոչուի (տե՛ս Բ Դւ. կանոնները (4):

 

15. Կրաւնաւոր ուր առեալ է զկաւնս սրբութեան, եւ տեղափոխ լինի ուխտէ յուխտ, արգելեալ լիցի եւ մի ոք իշխեսցէ զայնպիսին ընդունել, այլ ուր ընծայեցաւն Քրիստոսի ի նմին տեղ կատարեսցէ զառաքինութեան իւրոյ զհանդէս եւ կատարեսցի, բայց եթէ առաջնորդաց կոչեսցի յառաջնորդութիւն եկեղեցւոյ եւ կամ վարդապետութիւն ունիցի ի լրումն Աստուածեղէն ուսման առաջնորդին:

 

Կրօնաւորը իրաւունք չունի մի ուխտից (վանքից) միւսը տեղափոխուել, միմիայն եթէ առաջնորդութեան կամ վարդապետութեան է կանչւում-հրաւիրւում:

 

Նոյնը հաստատում են IV եւ VI տիեզերական ժողովները:

 

16. Յառաջին սուրբ հարքն իւրեանց ժամանակս արգելեն զազատս եւ զանազատս յարեան մերձաւորութենէ, այժմ առ մենք լուծեալ տեսանեմք մանաւանդ ազատաց զկանովն հարցն զի անխտիր խառնեն առ իւրեանց մերձաւորսն, անկարգ ամուսնութեամբ: Յայսմ հետէ ի ցըչորրորդ զարմ մի իշխեսցեն ամուսնութեամբ զուգել, ապա թէ ոչ նզովեսցին ի մէնջ եւ ինքեանք տացեն պատասխանի Աստուծոյ ի մեծութեան Նորա դատաստանին:

 

Առաջ մեր սուրբ հայրերը իրանց ժամանակ ազատներին եւ անազատներին արգելեցին արեան մերձաւորութիւնից, այժմ տեսնում ենք, որ լուծուել է այդ կարգը, մանաւանդ ազնուականների մէջ, որոնք անխտիր խառնակւում են միմեանց հետ մերձաւոր ամուսնութեամբ: Սրանից յետոյ մինչեւ չորրորդ զարմ չհամարձակին ամուսնանալ, ապա թէ ոչ` մեզնից կը նզովուեն:

 

Շահապիվանի ժողովում արգելուեց մինչեւ չորրորդ զարմը, այս ժողովս արգելում է նոյնպէս մինչեւ չորրորդը` յիշելով Շահապիվանի ժողովի որոշումը, որից կարելի է ենթադրել, որ այստեղ մի աստիճան էլ աւելացնում է` արգելելով չորրորդ ծնունդի պսակը, այլապէս չէր ասել, թէ` «յայսմ հետէ ցըչորրորդ  զարմ  մի  իշխեսցեն»  ամուսնանալ Այս  ենթադրական կարծիքը առաջանում է  կանոններիս անորոշ գրուածքից, մինչեւ  չորրորդ ասելով` արդեօ՞ք հասկանում է չորրորդն էլ հետը, թէ ոչ (տե՛ս Բարս. 68, Շահ. 12, 13):

 

17. Տկարքն քանզի ի տանց յընտանեաց եւ ի քաղաքաց իւրեանց մերժեալ եղեն, առաջին սուրբ հարքն բարեպաշտ իշխանքն անկելանոցս շինեցին ուր զնոսա ժողովեսցին եւ վիճակս կարգեսցին, գաւառաց գաւառաց անդր տալ զտուրս ողորմութեան ի մխիթարութիւն նոցա. այժմ ի տեղիս տեղիս այն աւերեալ է, եւ ելանեն տկարքն այլ մուրացողացն վիճակաց առնուն զմուրողին, նոքա զրկին ի միմեանց եւ չքաւորեալ շրջին. յայսմ հետէ հոգ լիցի եպիսկոպոսաց եւ նոցին ազատաց եւ այլ գլխաւորացն հաստատել զաւերեալ ու յարկսն շինութեամբ ժողովել զանկեալսն եւ պատուէր առնել ժողովրդոցն որք վիճակաւն են հաստատեալ նոցա առնել ողորմութիւն եւ յաւտար վիճակաւորացն չտալ ինչ եւ մի ոք իշխեսցէ անցանել ընդ այս հրաման:

 

Նախկին ժամանակների շինած անկելանոցները եւ այդպիսի հաստատութիւնները, որոնց համար գաւառներից տուրքեր էին ժողովւում, մասամբ քայքայուել են: Սրանից յետոյ եպիսկոպոսները, ազատները եւ գլխաւորները հոգ տանեն աւերուած շէնքերը նորոգելու եւ նշանակուած տուրքերը ժողովրդից առնելու եւ կարօտեալներին խնամելու (տե՛ս Աշտիշ. կանոնները):

 

18. Ի յիշատակ վախճանելոցն ի յընտանեաց նոցա որ ինչ ըստ կարգի աւրինաց քրիստոնէութեան զոր հրամանաւ սուրբ հարցն կատարեն զմխիթարութիւն հոգւոց նոցա, կամ զքառասունս, եւ զագապս ի հանգիստ նոցա. կամ զայլ տուրս զոր ինչ եւ հրամայեսցէ վախճանեալն հոգւոյ իւրոյ. մի իշխեսցեն յայլ եկեղեցիս, կամ ի կրաւնաւորս տալ այլ անդէն գեւղք եկեղեցւոյն երիցուն լիցին եւ վանացն այսպիսեացն հասք եւ իւրեանց տան երիցուն ուր շնորհաւք սուրբ աւազանաւն վերստին եղեւ ծնեալ եւ պսակեալ, եւ կենացն հացիւ կերակրեալ, ուստի եւ յուղարկեալ առ Աստուած երթայ, իսկ յորժամ հարկաւորն յիւր եկեղեցին կատարեալ լինի եւ կամեսցի աւելորդս ինչ առնել այլ եկեղեցիս կամ ի կրաւնաւորս կամ աղքատս ապա լիցի համարձակ առնել ինչ:

 

Հանգուցեալի յիշատակը յարգող մերձաւորները պարտաւոր են քառասունքը կատարել, ագապ բաշխել աղքատներին եւ ուրիշ տուրքեր տալ այն եկեղեցուն եւ քահանային, որը մկրտել եւ պսակել է: Եթէ իրանց եկեղեցուն եւ քահանային կգոհացնեն, այն ժամանակ կարող են ուրիշ եկեղեցու, վանքի քահանաների եւ աղքատների էլ բաժին հանել:

 

19. Ժողովրդական ոք որ յաղագս պէս պէս ինչ սխալանաց բանադրեալ լինի յեպիսկոպոսէն թէ մեռեալ թող չթաղէ նմա քահանայ եւ ոչ երախայ մկրտել, եւ դէպ լիցի երախայի հասանել այնպիսւոյն կամ մեռանել քահանայն մկրտեսցէ զերախայն եւ թաղեսցէ զմեռեալն եւ զայլ կապանս բանին պնդութեամբ անլոյծ պահեսցէ:

 

Եթէ եպիսկոպոսից բանադրեալը առանց արձակուելու կմեռնի, քահանան իրաւունք չունի նրան թաղելու. իսկ եթէ նրան մահամերձ չմկրտուած երախայ լինի, քահանան թող մկրտի, եւ մահուան դէպքում թաղի (տե՛ս Առ. 23, Բ առ. 32, Անտ. 6, Սար. 13, 14, Շահ. 18, Բ առ. 12, 13):

 

20. Իսկ եթէ դիպեսցի երախայի հիւանդանալ եւ քահանայն հեռի իցէ եւ ընթանան յընտանեացն առ քահանայն ի կոչել: Անդէն ուր դիպու քահանայն սկսցի զկարգ մկրտութեանն անուն երախային, եւ եթէ դէպ լիցի երախային մեռանել յորժամ եկեսցէ քահանայն եւ կնքեսցէ սուրբ նշանաւն զգլուխն, եւ թաղեսցէ ընդ Քրիստոսի  ընդ  մկրտեալսն  այդ  կանոն  ի  վերայ  ակամային  դիպեսցի:

 

Եթէ  երախան մահամերձ  է  եւ  գնում  են  քահանայի  ետեւից որ  գայ մկրտի, քահանան ճանապարհին եթէ լսի, այնտեղ էլ թող սկսի մկրտութեան կարգը կատարել մինչեւ տուն հասնելը, եթէ տուն կգայ եւ մեռած կգտնի երախային, թող սուրբ նշանով գլուխը կնքի եւ երախային թաղի:

 

21. Քորեպիսկոպոսունք մի իշխեսցեն զդուռն եկեղեցւոյ փակել եւ խափանել զԱստուածային աղաւթիցն ժամ, վասն աւր ընթրեաց, կամ վասն միոյ ուրուք յանցանաց՝ բայց զպարտաւորս աւր ընթրեացն եւ զմեղուցելոցն անձինս բանադրեսցին:

 

(22). Գեւղջ աւագ որ յաղագս արքունի հարկաց զդուռն եկեղեցւոյն փակել տայ բռնաւորին, եւ Աստուածային ժամուն աղաւթիցն խափան արասցէ նզովեսցի ի կեանս եւ ի մահ:

 

Քորեպիսկոպոսները չհամարձակեն եկեղեցու դռները փակել եւ ժամերգութիւնը խափանել օրահական հասի կամ մի որեւէ մէկի յանցանքի պատճառով: Բայց կարող է օրաթոշակ չտուողին եւ յանցաւորին բանադրել:

Գիւղի տանուտէրը եթէ արքունի հարկերի պատճառով բռնաւորին կդրտի եկեղեցու դռները փակել եւ ժամերգութիւնը խափանել, մինչեւ մահ նզովեալ լինի:

Ուրիշ ձեռագրերում «գիւղի տանուտէր»-ից սկսուած նոր կանոն է համարւում՝ այն է 22-րդ, այստեղ միացրած է երկու կանոնը:

 

22 (23). Որք գերավար լինին յանաւրինաց, եւ ակամայ առ քաղցի, կամ ի հարկէ նոցա կերիցեն՝ յանսուրբ եւ ի պիղծ մսոյ, յորժամ դարձ արասցէ նոցա Աստուած իւրեանց տեղիս, ամ մի ջերմեռանդ սրտիւ ապաշխարեսցէ արտասւաւք պահաւք եւ աղաւթիւք արտաքոյ եկեղեցւոյ, եւ եթէ սխալանք այն իսկ իցեն նմա հաղորդեսցի աւրինաց, եւ զուրբաթ եւ զչորեքշաբաթ իսպառ պահեսցէ: Նոյն կանոնդ եղիցի եւ առ կանայս որք ակամայութեամբ պղծին ի հեթանոսաց:

 

Եթէ գերի ընկածներից՝ հարկից, քաղցից ստիպուած կուտեն անսուրբ եւ պիղծ մսից, դառնալուց յետոյ մի տարի ամենայն ջերմեռանդութեամբ ապաշխարեն եւ հաղորդուեն: Նոյն կանոնը լինի եւ հեթանոսներից ակամայ անպատիւ եղած կանանց համար:

 

23 (24) Աղջիկ  խաւսեալ  թէ  ապարահի իցէ  մի  իշխեսցեն  քահանայքն այնպիսւոյն պսակ դնել կամ զուգել ընդ առն ամուսնութիւն մինչեւ սրբեսցի յապարահէն եւ ապա ամուսնասցի: Եւ եղիցի ամենեցուն ձեզ եկեղեցականաց եւ աշխարհականաց պաշտել ի Գիրքս Սուրբք ի Հին եւ Նոր Կտակարանաց: Մովսէսի գիրք Ծննդոցն, Ելիցն, Ղեւտականն: Թիւք՝ Երկրորդ աւրէնք, Յեսու Նաւեայ, Դատաւորացն եւ Հռութոյն, Թագաւորութեանց Դ Մնացորդացն գրոց աւուրք երկու. Եզրի Բ բանք, գիրք Յովբայ, Սաղմոսացն, գիրք Ա Սողոմոնի, Դ գիրք ԲԺ-ան մարգարէքն, Եսայի, Երեմեա, Եզեկիէլ, Դանիէլ: Եւ արտաքուստ պատգամաւորեսցի առ ի ուսուցանել զձեր մանկունս զուսումնաբազումսն Սիրաքայ իմաստութիւնն:

 

Քահանաները նշանուած աղջկան չպսակեն մինչեւ որ ամսական արիւնից չմաքրուի:

 

Այս կանոնս ոչ մի յարաբերութիւն ու նմանութիւն չունի մնացած երկրորդ կէսի հետ, այն է` գրքերի յիշատակութեան, որից եւ կարելի է ենթադրել, որ յետոյ աւելացրած է: Գրքերի յիշատակութիւնը թերի է` «Նոր Կտակարանից» ոչ մի գրքի անուն չէ տալիս, թէեւ վերնագրում գրուած է. թէ այս, թէ Առաքելական կանոնների 85-րդում կամ մեր 740 ձեռագրի մէջ, թէ «Հարանց հետեւողաց» կանոններում յիշուածները վերցրուած են մի աղբիւրից եւ գրուած են ոչ լրիւ, այլ թերի եւ պակասաւոր (տե՛ս Բ առ. 85, Լաւ. 59, 60, Աթանաս):