Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

62) «ՍՐԲՈՑ ՀԱՐՑ ՀԵՏԵՒՈՂԱՑ» ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Թադէոսի, Փիլիպպոսի կանոնների հետ համարեա զուգընթացաբար տրւում են «Հարց հետեւողաց» կոչուած կանոնները: Բառացի թարգմանելով նշանակում են` այն սուրբ հայրերի կանոնները, որոնք առաքեալներից յետոյ են կարգուել, որովհետեւ պարզ գրւում է. «Յետ առաքելոց սրբոց հարցն հետեւողաց», այսինքն առաքեալների յաջորդ սուրբ հայրերի կանոններ, որ պարզ ապացուցանում է, թէ մէկի գրածը չէ, հապա շատ հայրերի գրածներից ծաղկաքաղ արած:

 

Կանոններս թուով 27 են եւ բոլորովին տարբեր են թէ ձեւի, թէ ոճի, թէ բովանդակութեան կողմից  Փիլիպպոս առաքեալի կանոններից, իրանց խառն բովանդակութեամբ յիշեցնում են թէ առաքելական, թէ Թադէոսի, թէ Սահակի եւ թէ Բարսեղ Մեծի կանոնները, իսկ պատիժ նշանակելու կողմից միմիայն նման են Շահապիվանին եւ հետեւում են մովսիսական օրէնքին: Մեր կանոնների մէջ այս ծայրայեղութիւնը միշտ նկատւում է, կամ կանոնները դրւում են խրատական ձեւով` առանց պատժի, կամ ընդհակառակն` մարմնական, նոյն իսկ մահուան պատիժ, ինչպէս, օրինակ, այս կանոններումս, Շահապիվանի ժողովում, Մխիթար Գօշում, որոնք միանգամայն հակառակ են քրիստոնէութեան սկզբունքներին: Իրաւաբանական տեսակէտից ոչ մի հիմք չունինք այս ծաղկաքաղ կանոնները մեր եկեղեցու իրաւունքի իսկական աղբիւր համարելու, ինչպէս չհամարեցինք Թադէոսի եւ Փիլիպպոսի կանոնները, միայն համառօտ աշխարհաբար բովանդակութիւնը կդնենք իբրեւ հնապատմական նիւթի, գրաբառ բնագիրը` յետոյ:

 

1. Ով կամաւոր կերպով կխեղդի երեխան իբրեւ խեղի կամ թէ շնութիւն գործելու ժամանակ, թող մեռնի, որովհետեւ ապաշխարանքով մեռելը յետ բերել չի կարելի:

Այս կանոնս ոչ միայն հակաեկեղեցական է, հապա եւ հակաքաղաքացիական է, ոչ մի օրէնք այս ձեւի կարգ սահմանած չունի:

 

2. Անասնապիղծը մահուան պատիժ ստանայ, ինչպէս Մովսէսն է հրամայում:

 

3. Պոռնիկը հեռու մնայ եկեղեցուց:

 

4. Գողը եւ նրա հիւրընկալը մահուան պատժի ենթարկուեն:

 

5. Քահանային պաշտօնազուրկ են անում միայն ժողովը եւ վարդապետները, իսկ լուրերի հիման վրայ եկեղեցուց հեռացնել չի կարելի:

Մի քանի ձեռագրերում այս 7-րդ կանոնն է:

 

6. Արուագէտը մահուան պատիժ ստանայ:

Մի քանի ձեռագրերում 8-րդ կանոնն է:

 

7. Կնոջ արձակել չի կարելի ամլութեան, ծախողութեան, վատութեան պատճառով, այլ միայն բորոտութեան, պիսակութեան, դիւահարութեան, գիջութեան, կամ մշտական պոռնկութեան համար:

Այս ուրիշ ձեռագրերում 5-րդ կանոնն է:

 

8. Մուկն ընկած բանից ուտողը կամ խմողը 7 օր հաղորդութիւն չառնի:

Ուրիշ ձեռ. 9-րդ կանոնն է:

 

9. Քահանայի մեղք իմացողը միայն վարդապետին, եպիսկոպոսին կամ քորեպիսկոպոսին յայտնի եւ փողոցներում մեղաւորին չծաղրի:

Ուրիշ ձեռ. 6-րդ կանոնն է:

 

10. Եթէ մէկը յարաբերութիւն ունենայ քրոջ կամ աղջկայ կամ քրոջ որդու կամ եղբօր որդու հետ, եկեղեցուց բոլորովին հեռանայ: Իսկ եթէ մեղանչի հօր կնոջ, եղբօր կնոջ կամ հօրեղբօր կնոջ հետ, մահուան պատիժ ստանայ:

 

11. Ուրուկ կանանց հետ պղծութիւն ունեցողը անասնապիղծ է (մահուան պատիժ):

 

12. Եթէ մէկը (քահանան) սպանողին ապաշխարութեան չի ենթարկում, արիւնը նրա հոգուց պահանջուի:

 

13. Հերձուածող հոգեւորականից հեռու կաց, նրանցից կաշառ առնելով` մատնութիւն մի անիր:

 

14. Եթէ մէկի կանայք մինչեւ երրորդը միմեանց ետեւից մեռնում են ծննդաբերութեան ժամանակ կամ տնարարութեան պատճառով, եկեղեցին ապաշխարանքի թող ենթարկի, իսկ եթէ տնտես ունենայ եւ որդիք բերի (ծնի), մերժուի իբրեւ ամենաչար պոռնիկ:

 

15. Եթէ առեւանկութիւնից յետոյ աղջիկը որդիք է ունենում, բայց ծնողները եւ ինքը չեն կամենում պսակուել, թող յետ դառնայ առեւանկողից:

 

16. Կրօնաւորը եթէ կամաւոր ուխտած է եւ ոչ հարկից ստիպուած եւ եթէ կամենայ ամուսնանալ, նա իւր քահանայական կարգը ուրացող կհամարուի:

 

17. Դի կողոպտողը մահով մեռնի:

 

18. Ինքնապաշտպանութեան համար սպանութիւնը մեղք չէ:

 

19. Պսակից առաջ նշանածները եթէ յարաբերութիւն ունենան, պոռնիկի ապաշխարանքին ենթարկուեն եւ ապա պսակուեն:

 

20. Այդպիսին երէց կամ սարկաւագ լինել չի կարող:

 

21. Անարժան մարդիկ չհաղորդուեն:

 

22. Երկու եղբօր հետ յարաբերութիւն ունեցող կինը մեռնի. եթէ կհեռանայ եւ կամուսնանայ, ցմահ ապաշխարի, նոյնպէս եւ եղբայրները: 23. Սերմնահոսութեան մասին (թարգմանելը անյարմար է):

 

24. Քահանայի կինը իբրեւ երէցուհի աշխարհականների գլխին խրատ կարդալը իրաւունք չհամարի:

 

25. Եկեղեցու հիմքը ծրագրելու իրաւունքը պատկանում է եպիսկոպոսին, կամ քորեպիսկոպոսին եւ կամ եպիսկոպոսի հրամանով պերետուտին (այցելու հովիւ-գործակալ), եթէ հակառակ այս կարգին գնան, հիմքը պիտի քանդել եւ թոյլ չտալ եկեղեցի շինել:

 

26. Եկեղեցու հաւատքը իմանալի է եւ ոչ քննելի, իսկ կրօնքը` ամբողջովին քննելի:

 

27. Եկեղեցում լուռ լինել. Հին եւ Նոր Կտակարաններից ձեզ համար սուրբ գիրք համարուեն հետեւեալները. Մովսէսի Ծննդոց, Ելից, Ղեւ., Թուոց, Բ օրինաց, Յեսու, Դատաւորաց, Հռութի, 4 թագ. մնացորդաց, Եզրի, Յովբ, Սաղմոս, Սողոմ. Դ, 12 մարգ.: Մակաբայեցիք եւ իբրեւ խրատ` Սիրաք կարդալ (նորից՝ ոչինչ չի յիշում, համեմատիր Բ առ. 85-ի հետ):