ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Այս աշխատութեան առաջին հատորում խօսել ենք բարձր դասի՝ իբրեւ շահագործող, անբարոյացնող եւ դիմազուրկ դարձնող ոյժի մասին։ Դարձեալ գրել ենք, թէ բարձր դասը այն միջնորդներից մէկն էր, որ յանձն էր առնում ժողովրդական մասսաներին ընտելացնելու ռուսական ազնուական-ոստիկանական պետութեան ձգտումներին ու ծրագիրներին։ Նա էր, որ ազնուականութեան մարմաջ ներարկեց աչքաբաց հայերին, ըստ որում վաճառականներն անգամ հետամուտ էին աստիճաններ ու շքանշաններ ձեռք բերելու, որ յարգ ու պատիւ վաստակեն հասարակութեան աչքում։ Պետական ծառայող եւ աստիճանաւոր լինելու ձգտումը երկար ժամանակ տիրական էր հայերի մէջ։ Ազնուական պետութիւնն էր, որ իր ներկով գունաւորում էր փառատենչներին։ Եւ բարձր դասի ու ծառայողների շնորհիւ դալկանում էր քաղաքական մտածողութիւնը հայերի մէջ ու հայ ժողովուրդը շղթայւում ցարերի յաղթական թափօրին։ Միայն ցարիզմի հայահալած քաղաքականութիւնը սթափեցրեց նաեւ բարձր դասին ու պաշտօնէութիւնը եւ նրանց հարազատացրեց ժողովրդական զանգուածներին։ Մի քանի թւեր ցոյց են տալիս, թէ ինչ տեղ էր բռնում հայ պաշտօնէութիւնը Կովկասի փոխարքայութեան մէջ եւ ինչպէս էր ազդում նրա քանակի վրայ ազգային հալածանքը։ 1877թ. (փոխարքայութիւն մեծ իշխ. Միխայիլ Նիկոլայեւիչի, երբ հայերի նկատմամբ զուսպ էր խտրականութիւնը) եղել է 523 հայ պաշտօնեայ կամ բոլոր պաշտօնեաների (2365) 22, 1%, 1886 թ. (կառավարչապետ իշխ. Դոնգուկով-Կորսակով, հալածանքի առաջին շրջանը հայերի դէմ) եղել է 661 հայ պաշտօնեայ կամ բոլոր պաշտօնեաների (3217) 20, 5%, 1897 թ. (նոր պաշտօնի անցած իշխ. Գոլիցինի ժամանակ) եղել է 719 հայ պաշտօնեայ կամ բոլոր պաշտօնեաների (4065) 17, 6%, իսկ 1901 թ., երբ իշխան Գոլիցինը նորանոր չարիքներ էր նիւթում հայերի դէմ, եղել է 617 հայ պաշտօնեայ կամ բոլոր պաշտօնեաների (4917) 12, 5%։ Այսպէս՝ 1877 թ. 22, 1%, իսկ 1901 թ. 12, 5% [1] ։ Վարէջքը ակնբախ է, մանաւանդ եթէ նկատի առնենք, որ տարէցտարի ոչ միայն նուազում էր հայ պաշտօնեաների թիւը ընդհանուրի մէջ, այլ եւ նսեմանում էր նրանց պաշտօնների բովանդակութիւնը, ըստ որում նրանք հետզհետէ բռնում էին բիւրոկրատական նուիրապետութեան ստորին աստիճանները։

Հայ ազնուականութիւնը եւ նրա հետ հայ պաշտօնէութիւնը ամուր էին կոխել ապազգայնացման ուղին։ Նրանք իրանց ծագումը եւ կապը հայ ժողովրդի հետ յիշում էին այն ժամանակ, երբ կարիք էր զգացւում ինքնակալութեան այս կամ այն կարգադրութիւնը փաթաթել այդ ժողովրդի շլինքին կամ նրան մղել արտաքին թշնամու, մանաւանդ Թիւրքիայի դէմ։ Ռուս ազնուականի կոչման ու պատւին հասնելը մեր բարձր դասի նուիրական ձգտումն էր։ Արդէն գիտենք [2], որ 1865 թ. սկսած ստեղծւեցին բէկական յանձնաժողովներ, որոնք պիտի պարզէին հայ եւ թուրք բարձր դասի պատկանելիութեան ու քանակական խնդիրները։ Յանձնաժողովները հրահանգ ունէին հաւաստի տուեալներ համարել թէ ներկայացրւած վաւերագրերը եւ թէ արժանահաւատ վկաների ցուցմունքները այս կամ այն տոհմի արտօնեալ անցեալի մասին։ Վկաներ հրաւիրւում էին բարձր դասի երկբայութիւն չյարուցող տոհմերի ներկայացուցիչներից։

Թիֆլիսի եւ Երեւանի նահանգների բէկական յանձնաժողովները իրանց զբաղմունքները աւարտեցին 1867 թ., ըստ որում պարզւեց, որ առաջին շրջանի յանձնաժողովը քննել է 340 տոհմերի (հայ, թուրք, քուրդ) իրաւունք եւ նրանցից 184 տոհմի իրաւունք ճանաչել վաւերական եւ 156 տոհմի համար անբաւարար գտել ներկայացրւած հաստատութիւնները։ Երեւանի յանձնաժողովը քննել էր 586 տոհմի իրաւունք, ճանաչելով 282 տոհմի իրաւունքը, մերժելով 304 տոհմի։ Մերժուածները դատարանական կարգով պիտի ապացուցանէին իրանց պնդումների իրաւացիութիւնը։ Բէկական յանձնաժողովներ հաստատւեցին նոյնպէս Շուշիում (1869 թ. ) եւ Բագւում (1871 թ. Առաջինն իր զբաղմունքներն աւարտեց 1876 թ., իսկ երկրորդը 1882 թ. ։ Մեր ձեռքի տակ տուեալներ չկան, թէ քանի տոհմերի իրաւունք քննեցին վերոյիշեալ յանձնաժողովները։ Նրանց զբաղմունքի տեւականութիւնը ենթադրել է տալիս, որ այդ տոհմերը խիստ բազմաթիւ էին։ Գանձակի եւ Բագուի նահանգները իրաւամբ բէկականի հռչակ ունին։ 1886 թ. ընտանեկան ցուցակները այդ նահանգների համար ցոյց են տալիս բարձր դասի հետեւեալ բազմութիւն. Գանձակի նահանգում՝ մելիքներ (երկսեռ) 4757, բէկեր 19374, ազնուականներ 419, Բագուի նահանգում՝ մելիքներ 13, բէկեր 12610, ազնուականներ 1574։ Երկու նահանգում բարձր դասի եւ ազնուականների թիւը եղել է 38747 (բոլոր ազգերի)։ Երեւանի նահանգում այդ նոյն ժամանակ եղել են՝ մելիքներ 6, բէկեր 3917, ազնուականներ 1978, միասին 5901 (բոլոր ազգերի)։

Հայ եւ թուրք ազնուականութեան մասին աւելի ստոյգ տեղեկութիւններ է տալիս 1897 թ. Համառուսական մարդահամարը։ Այդ թուականին հայ ու թուրք տոհմական ազնուականները ունեցել են քանակական հետեւեալ պատկերը։

 

Հայ ազնուականներ

Թուրք ազնուական.

ԳԱՆՁԱԿԻ ՆԱՀԱՆԳ

Արակ.

Իգակ.

Արակ.

Իգակ.

 

2183

2127

12644

10886

 

4310

23530

ԵՐԵՒԱՆԻ ՆԱՀԱՆԳ

283

315

3040

2828

 

598

5868

ԲԱԳՈՒԻ ՆԱՀԱՆԳ

480

311

7414

6208

 

791

13622

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ

1279

1484

 

 

 

2763

 

 

ԿԱՐՍԻ ՇՐՋԱՆ

52

37

 

 

 

89

 

 

Ընդամենը՝

8551

43020

               

 

Հետաքրքրական պատկեր ունի հայ ազնուականութեան ստորաբաժանումը ըստ գաւառների։

ԳԱՆՁԱԿԻ ՆԱՀԱՆԳ

Ար.

Իգ.

ԵՐԵՒԱՆԻ ՆԱՀԱՆԳ

Ար.

Իգ.

Գանձակի գաւ.

58

68

Երեւանի գաւառ

21

36

Արէշի գաւ.

51

38

Ալէքսանդր. գաւառ

14

11

Ջիբրայէլի գաւ.

45

44

Նախիջեւանի գաւառ

17

16

Ջիւանշիրի գաւ.

123

123

Նոր-Բայազ. գաւառ

8

6

Զանգեզուր. գաւ.

467

437

Սուրմալուի գաւառ

8

8

Ղազախի գաւ.

214

179

Շարուրի գաւառ

13

17

Նուխւայ գաւ.

40

44

Էջմիածնի գաւառ

21

28

Շուշւայ գաւ.

585

603

Երեւան քաղաքում

117

132

Գանձակ քաղաք.

197

195

Ալէքսանդր. քաղաքում

35

39

Շուշի քաղաք

403

396

Նոր-Բայազ. քաղաքում

6

12

 

 

 

Նախիջեւան քաղաքում

23

11

 

2183

2127

 

283

315

ԲԱԳՈՒԻ ՆԱՀԱՆԳ

Բագուի գաւ.

71

12

Լէնքորանի գաւ.

7

4

Գէոքչայի գաւ.

7

8

Շամախի գաւ.

24

14

Ջեւաթի գաւ.

21

3

Բագու քաղաք

281

204

Ղուբայի գաւ.

19

22

Շամախի քաղաք

50

44

 

 

 

 

480

311

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ

Գաւառներում

318

325

յատկ. Բորչալու գ.

206

227

Քաղաքներում

961

1159

Թիֆլիս քաղ.

882

1072

 

1279

1484

 

 

 

 

Տանք թւեր եւ գաւառաբնակ (այսինքն գիւղական տնտեսութեան հետ կապւած) ու քաղաքաբնակ (որ ըստ մեծի մասին նշանակում է յարած լինել կապիտալիզմի ընթացքին կամ պետական ապարատին) հայ, ինչպէս եւ թուրք ազնուականութեան շերտաւորման մասին։ 1897 թ. ազնուականութեան շերտաւորումը այդ իմաստով եղել է.

 

Հայ ազնուականներ

 

Թուրք ազնուականներ

 

Արակ.

Իգակ.

Արակ.

Իգակ.

Գաւառաբնակ

1996

1888

19891

17123

Քաղաքաբնակ

2281

2386

3207

2799

 

4277

4274

23098

19922

 

Այս վերջին թւերը վկայում են այն մասին, որ քաղաքաբնակ հայ ազնուականները գերակշռում են գիւղաբնակներին։ Թուրքերի մէջ տեղի ունի դրա հակառակը։ Երեւոյթի իմաստը կը շօշափենք յետոյ։ Դառնանք մոր պատմութեան թելին։

Բէկական յանձնաժողովները ցուցակագրած տոհմերը բաժանում էին երկու կարգի։ Առաջին կարգում դասւում էին տոհմական բէկերը, աղալարները, վէքիլները, սուլթանները, հայկական մելիքներն ու քալանթարները եւ այլ կոչումի անձինք, որոնք ժառանգաբար օգտուել են բէկական կամ աղալարական իրաւունքներով։ Երկրորդ կարգը բռնում էին անձնական բէկերը եւ ոչ-տոհմական աղալարները։ Բագուի յանձնաժողովը ներկայացրել էր եւ մի առանձին ցուցակ երեք խանական տոհմի, որոնք այդ շրջանի խանութեան տիրողներն էին եղել։ Ցուցակները եւ առհասարակ բոլոր թեր ու դէմ եղած գրագրութիւնները ներկայացնւում էին Կովկասի բարձր իշխանութեան քննութեան ու վաւերացման [3] ։

Կովկասի բարձր իշխանութիւնը 1888 թ. աւարտեց բէկական յանձնաժողովների ներկայացրած ցուցակների քննութիւնը եւ վաւերացումը։ Նիւթերի հաւաքումն այսպիսով աւարտւած էր։ Մնում էր նրանց կարգի բերել եւ որոշել, թէ բարձր դասը ինչ անձնական եւ խմբակցական իրաւունքներով պիտի լինի օժտւած։ Այս գործը 1891 թ. յանձւեց Կովկասի կառավարչապետի Խորհրդի անդամ Պրիբիլին, որը խնդրի մասին զեկուցում ներկայացրեց միայն երեք տարուց յետոյ։ Նա հրապարակ հանեց բարձր դասի երեք ցուցակ։ Առաջին ցուցակում զետեղել էր Բագուի խանական երեք տոհմը։ Երկրորդ ցուցակը պարունակում էր 850 ժառանգական բէկական տոհմ, բէկական յանձնաժողովների ցուցակներից պակաս164 տոհմով։ Երրորդ ցուցակը պարունակում էր անձնական բէկերի եւ ոչ-տոհմական աղալարների 302 տոհմ, պակաս բէկական յանձնաժողովների ցուցակներից 165 տոհմով։ Բարձր դասի իրաւունքների նկատմամբ Պրիբիլը առաջարկում էր խանական տոհմերի շառաւիղներին դասել պետութեան տիտղոսաւոր ազնուականների շարքում, վերապահելով նրանց «խան» կոչումը եւ բարձրաստիճանութեան տիտղոսը։ Ժառանգական բէկերը (աղալարներ, մելիքներ եւ այլն) պիտի հռչակւէին տոհմական ազնուականներ։ Անձնական բէկերը եւ ոչ-տոհմական աղալարները պիտի օժտուէին տոհմական պատւաւոր քաղաքացու իրաւունքներով։

Կառավարչապետի Խորհուրդը Պրիբիլի կազմած տոհմերի ցուցակը գտաւ ընդունելի, բայց չհամաձայնւեց նրա երկու առաջարկի հետ։ Խորհրդի եզրակացութեամբ խաները պիտի ստանային իշխանական կոչում եւ պայծառափայլութեան տիտղոս։ Նպատակայարմար դատւեց վերացնել հին կոչումները եւ ամբողջ կայսրութեան մէջ պահպանել նրանց միօրինակութիւնը, որ ծայրերկրները սերտօրէն ձուլւեն կենտրոնի հետ։ Խորհուրդը համաձայնւեց Պրիբիլի հետ, որ ժառանգական բէկերը, աղալարներն ու մելիքները դասւեն կայսրութեան ազնուականների շարքում։ Թէ խաների եւ թէ ժառանգական բէկերի ցուցակը պիտի ներկայացնւէր կայսեր բարձրագոյն հաստատութեան։ Այն տոհմերը, որոնք չէին մտել Պրիբիլի ցուցակը կամ առհասարակ արտօնեալ չէին ճանաչւել Խորհրդի կողմից, կարող էին իրանց իրաւունքը հետապնդել դատարանական կարգով։ Գալով անձնական բէկերին եւ ոչ-տոհմական աղալարներին՝ Խորհուրդը մերժեց ճանաչել նրանց իբրեւ արտօնեալ դասի անդամներ եւ յատկացնել պատուաւոր քաղաքացու կոչումն եւ համապատասխան իրաւունքներ։ Խորհուրդը գտնում էր, որ այդ կարգի անձինք պարսկական տիրապետութեան օրով օժտուած են եղել անձնական արտօնութիւններով։ Նրանք բոլորը վաղուց մեռել են, իսկ տոհմերը խառնւել գիւղացիութեան հետ։ Այսպիսով ինքնին փակւում էր նրանց դասային իրաւունքների խնդիրը։ Հաւասարեցնելով բարձր դասին ռուս ազնուականութան հետ եւ ստորաբաժանելով այդ դասը տիտղոսաւոր եւ ոչ-տիտղոսաւոր ազնուականների՝ Կառավարչապետի Խորհուրդը գտնում էր, որ Երեւանի, Գանձակի եւ Բագուի նահանգներում ազնուական դասի գործերը վարելու համար պիտի կազմակերպել պատգամաւորական ժողովներ, իսկ Թիֆլիսի նահանգի Թիֆլիսի, Բորչալուի, Ախալքալաքի եւ Ախալցխայի գաւառների բարձր դասի գործերը պիտի վարէր այդ նահանգի ազնուականութեան պատգամաւորական ժողովը։

Խորհրդի որոշումները 1897 թ. յունւարի 20-ին արժանացան Կառավարչապետի պաշտօնակատարի վաւերացման։

Հինգ տարի անցաւ, բայց բարձր դասի իրաւունքների խնդիրն ընթացք չստացաւ, այսինքն այն չներկայացրւեց բարձրագոյն հաստատութեան։ Կառավարչապետ իշխ. Գոլիցինը 1901 թ. զբաղմունքի նիւթ դարձրեց այդ խնդիրը եւ կանգնեց նոր տեսակէտի վրայ։ Նա չէր հաշտւում այն մտքի հետ, որ բարձր դասը կարող է հաւասար ճանաչւել ռուս ազնուականութեան, մի դասի, որն իր նախնիքների ջանքերով հաւաքել է Ռուսաստանը եւ խոշոր ծառայութիւններ մատուցել պետութեան։ Ի՞նչ է արել այս իմաստով պարսկական բարձր դասը։ Ոչինչ։ Նա Ռուսաստանի թշնամին է եղել անցեալում։ Պետութեան հպատակ դառնալով՝ հասարակական առանձին բարեմասնութիւններ չի ցուցահանել։ Եւ այդ դասը, որ ոչ մի երախտիք չունի Ռուսաստանի վրայ, յանկարծ արժանանում է բարձր շնորհների ու արտօնութիւնների։ Գոլիցինը գտնում էր, որ տոհմական ազնուականութիւն կարելի է շնորհել միմիայն նախկին տիրողների շառաւիղներին, այսինքն խանական սերունդներին, եւ նրանց, որոնք ռուսական ծառայութեան մէջ ստացել են աստիճաններ ու շքանշաններ, համեմատ այդ շնորհների էլ արժանի են ազնուականի կոչման։ Բարձր դասի մնացած անդամները պիտի խառնւէին հասարակ ժողովրդի հետ։ Չպիտի արգելւէր նրանց իրար մէջ ու տեղական ժողովրդի շրջանում պահպանել իրանց հին կոչումները՝ իբրեւ տոհմական պատուանուններ։

Պետրոգրադում իշխ. Գոլիցինի տեսակէտը հաւանութիւն գտաւ Ներքին եւ Արդարադատութեան նախարարների կողմից (Սիպեագին եւ Մուրավիով)։ Բայց Սիպեագինը սպանւեց յեղափոխականի ձեռքով, իսկ նրան փոխարինող Պլեւէն ներհակեց Գոլիցինի ծրագրին։ Պլեւէն ընդունելի չէր գտնում, որ Անդրկովկասում ռուս իշխանութիւնը հրաժարւի իր նախկին խոստումներից։ 1846թ. դեկտ. 6-ի հրովարտակը մի հանդիսաւոր խոստում էր բարձր դասին՝ անխախտ պահելու նրա իրաւունքները։ Այնուհետեւ բարձր դասը միշտ արժանացել է յատուկ ուշադրութեան՝ Անթոյլատրելի է իշխանութեան վարկը կոտրել փոփոխական որոշումներով։ Պէտք է հաշտւել իրերի ընթացքի հետ եւ չզրկել բարձր դասին իր առանձնաշնորհումներից։

Գոլիցինը առարկեց Պլեւէին (1904 թ. ) բայց ստիպւած եղաւ որոշ զիջումն անել հզօր նախարարին։ Նա համաձայնւեց եւ առաջարկեց, որ ժառանգական բէկերին ու աղալարներին տրւի պատուաւոր քաղաքացու կոչումն եւ իրաւունքներ։ Ռուսաստանում այդ կոչումը տրւում էր քաղաքացիներին, այն ինչ բէկերը գերազանցապէս գիւղական դաս էին։ Մարմնական պատժի վերացումից յետոյ պատուաւոր քաղաքացիութիւնը մի առանձնաշնորհում էր տալիս իր կրողին, այն է՝ մշտական անցագիր ստանալու իրաւունք։ Իշխ. Գոլիցինը սրանով էր կամենում փակել տասնեակ տարիների ընթացքում ծեծւած խնդիրը։

Հարցը այս դրութեան մէջ էր, երբ յեղափոխական շարժումը ասպարէզից հեռացրեց եւ Պլեւէին եւ Գոլիցինին։ Յեղափոխութիւնն ինքը վերցրեց լուծելու հողային ու դասային հարցը։ Եւ այն լուծեց առանց ծխսակատարութեան ու նրբամտութիւնների։ Մասսայական գրոհով նա տիրապետեց կալուածատէրերի հողերին։ Խարխլելով նրանց նիւթական պատուանդանը՝ դատարկ հնչիւն դարձրեց եւ նրանց տիտղոսներն ու կոչումները։ Քաղաքացիական իրաւահաւասարութեան հռչակումով՝ ազնուականին ու գիւղացուն նա օժտեց միեւնոյն իրաւունքներով եւ վերացրեց քաղաքացիների բաժանումը ըստ «ազնիւ» եւ ոչ-ազնիւ արիւնի եւ «սպիտակ» եւ ոչ սպիտակ ոսկրի։ Սա ռամկավարութեան տարրական պահանջն էր, որ յաղթանակեց [4] ։

Այսպիսի անցեալ ունի բարձր դասի իրաւունքների խնդիրը։ Նա սեփականատէր չէր պարսկական խանութիւններում։ Ռուսաստանը նրան սեփականատէր ու ճորտատէր դարձրեց։ Սեփականատէր ու ճորտատէր բարձր դասը ձգտեց ռուսական ազնուականութեան եւ փաստօրէն այդ նրան յաջողւեց։ Բայց փաստը չնուիրագործւեց օրէնքով եւ դարձաւ երկարատեւ գրագրութիւնների, մտքերի փոխանակութեան ու քննութեան առարկայ վարչական հաստատութիւններում։ Յեղափոխութիւնը՝ իբրեւ գերագոյն օրէնք՝ արձակեց իր հեղինակաւոր որոշումը, որ արդարութիւնն էր միանգամայն։

Բարձր դասը՝ իբրեւ անաշխատ խաւ՝ իր ապրուստի պահանջներով ամբողջովին ծանրանում էր գիւղացիութեան վրայ։ Եթէ նրա կարիքները, որոնք օրէցօր բազմանում էին, չէր բաւարարւում օրինականացրած դրամական տուրքով եւ բնական բերքերի տասանորդով (բահրա կամ մալջէհաթ), ապա տնտեսական կեանքում հրապարակ էր քաշւում հողերի կապալային ձեւով օգտագործումը, մի միջոց, որ զարկում էր թէ ժամանակաւոր-կախեալ եւ թէ պետական շինականին։ Բարձր դասի անդամներից սակաւներն էին իրանց հողերի վրայ սեփական տնտեսութիւն ստեղծում։ Կապալով հող տալը գլխացաւանք չէր պատճառում եւ ձեռնտու էր այն պատճառով, որ երկրագործը սակաւահողութեան երեսից ստիպւած էր լինում կալուածատիրոջ զիջել բերքի ¼, 1 / 3, անգամ ½-ը։ Հողաօգտագործման այս եղանակը, ի հարկէ ազդակ չէր ներկայացնում կատարելագործումներ մտցնելու գիւղատնտեսութեան մէջ, իսկ միւս կողմից դաստիարակելով խոնարհ գեղջուկներ՝ թեւաւորում էր պորտաբոյծ մի դաս, որը հետամուտ էր արկածախնդրութիւնների, աւազակութիւնների եւ առհասարակ այնպիսի վարք ու բարքի, որ փորփորում էր քաղաքացիականութեան հիմքերը։ Կովկասում այնքան հռչակ ստացած աւազակութեան հրահրիչը տեղական բարձր դասն էր եւ հողաշինութեան անկարգ վիճակը [5] ։          

Նիւթական շահագործմանը եւ դրանից բղխող դիմազրկութեանն աւելանում էր եւ այն, որ հայ գիւղացիութեան գլխին առաւելապէս նստած էին թուրք եւ վրացի արտօնեալներ։ Հարկաւ, կարելի է ասել, թէ շահագործողը շահագործող է եւ ազգային պատկանելիութիւնը նշանակութիւն չունի։ Բայց նման պատասխանով կարող են գոհանալ միայն գռեհիկ գլուխները։ Նկատւած երեւոյթ է, որ ուր շահագործողն ու շահագործւողը տարբեր ազգութիւնների են պատկանում՝ այնտեղ դասակարգային ուղղագիծ պայքարը տեղի է տալիս ազգային գժտութիւնների եւ թունաւորում հասարակական ողջ մթնոլորտը։

Հայ կիսաճորտ գիւղացու մէջ անկասկածօրէն ատելութեան թոյն է մթերւել դէպի շահագործող արտօնեալը, մանաւանդ դէպի թուրք արտօնեալը, որի քաղաքական եղջիւրները փշրւել էին ռուսական տիրապետութեան շնորհիւ, բայց որը աջողել էր պահպանել իր նիւթական ոյժը հողն ու ջուրը։ Բայց ժողովրդի համար եռանդ վատնող մեր հասարակական գործիչներն՝ անտես առնելով հայկական կիսաճորտութիւնը՝ միտք չեն յոգնեցրել եւ այն մասին, թէ որքան աղէտալի հետեւանքներ կարող է տալ նման դրութիւնը։ Այդ աղէտները բուռն թափով արտայայտւեցին աւելի ուշ, 1905-1906 թ. թ. հայ-թրքական տնաւեր ընդհարումների ձեւով, բայց նրանց հիմքը դրւել էր 1846 թ. եւ1870 թ. ճորտատիրական օրէնսդրութեամբ։ Գր. Արծրունին, որ ժամանակի մտաւոր առաջնորդն էր, անտես արաւ մեր գիւղացիութեան կիսաճորտութիւնը։ Պաշտպանելով համայնական հողատիրութիւնը՝ նա ձայն չբարձրացրեց հողի եւ հողագործի վաստակը յափշտակողների դէմ։ Սակաւահողութեան դէմ նա առաջարկում էր մաքառել համայնական հողագնումներով։ Եւ դա այն ժամանակ, երբ ինքը քարոզում էր վարկային ընկերութիւններ հիմնարկելու անհրաժեշտութիւնը եւ գիտէր, որ հայ գիւղը փող չունի։ Հայ գրողներից միայն մէկն է հասկացել այն անաղմուկ պայքարը, որ տասնեակ տարիներ վարել է մեր գիւղը։ Այդ գրողը Գաբրիէլ Մնացականեանն է, երկրորդական, նոյնիսկ անյայտ մի գրիչ։ Նա գրած ունի «Գեղը կանգնի գերան կը կոտրի» պատմուածքը («Մուրճ», 1894 N5) եւ «Նորեկ» վէպը (1896 թ. ), որոնց մէջ նկարագրել է հայ գիւղացու վարած հողի ու ջրի կռիւը ընդդէմ թիւրք կալուածատիրութեան։ Այդ կռւի մէջ յաղթանակում է թուրք արտօնեալը, որովհետեւ՝ ինչպէս տրամաբանում է նրա ներկայացուցիչներից մէկը՝ անգամ ուսում առած գիւղական ծագումով հայը «իր մտածածը ասող, խօսքը չկշռող, վռազող եւ անլանգառ» (այսինքն առանց նեցուկի Դ. Ա. ) արարած է»։ «Եւ այլ կերպ չէր կարող լինել», շարունակում է նա։ «Բոլոր հայերը այդպէս են, որովհետեւ ի՛նչ են տեսել իրենց անցեալում։ Նրանց հայրերը եղել են հասարակ մշակներ՝ սրանք նրանցից սովորել են աշխատասիրութիւն. եղել են խեղճ ու համեստ քրիստոնեաներ՝ սրանք էլ այդ բանում լաւ են. բայց նրանց հայրերը չեն տեսել իշխանութիւն, ուստի նրանք կառավարել չգիտեն, նրանց հայրերը չեն մտածել ազգութեան ու պետութեան մասին՝ սրանք էլ քաղաքական մտքեր ունենալ չեն կարող։ Հողագործի որդին չի կարող կեղծաւորութիւն անել, որովհետեւ կեղծաւորութիւնը քաղաքավարութեան ամենաբարձր աստիճանն է եւ կարելի է սովորել միայն ազնուական ընտանիքում ու շրջանում եւ ոչ թէ գռեհիկ հայերի մէջ։ Ժողովրդի հետ վարուել կարողանալը, նրան իրեն ձեռքում գործիք շինելը, հակառակորդին լաւ ճանաչելը, տակը ջուր կապել եւ վայր ձգելը, ուր հարկաւոր է կռանալը, ուր հարկաւոր է գլուխ բարձրացնելը, որտեղ սպասելը եւ որտեղ դէպքը ձեռքից բաց չթողնելը, որտեղ երկար ժամանակ «այո» ասելը, որ մի օր մի լաւ «ոչ» ասես, եւ վերջապէս երբ եւ ինչ ասելը այս բոլորը սովորովի բաներ են եւ ուսանւում են ազնուական ընտանիքում։ Առանց այս բաների կեանքում գործել անկարելի է։ Ե՞րբ է ունեցել հայը ազնուական ընտանիք, որ այսպէս բաներ լսած, տեսած եւ սովորած լինի։ Ուսումնարանում լաւ կարդալով՝ աշխարհի բանը չես սովորի եւ հայը, ինչքան էլ ուսում առնի, առաջ գնայ, դարձեալ նոյն անհեռատես, թեթեւ, օտարի ստրուկ հայն է [6] ։

Թուրք կալուածատիրոջ դիտողութիւնները հայի նկարագրի մասին զուրկ չեն հիմքից։ Բարձր դասը ոչ միայն կեղեքում էր մեր գիւղացիութեան մարմինը, այլ եւ ստրկութեան ուղիներում պահում նրա մտաւորը։ Այս էր դժնդակը։ Այս էր, որ չէին տեսնում մեր ամեն կարգի հասարակական գործիչները, որոնք օրնիբուն ճգնում էին կրթութեան աւազանում վերամկրտել հայի հոգին, բայց չէին հոգում նախ եւ առաջ ազատել նրա մարմինը ճորտական մնացորդների ազդեցութիւններից։ Աւելին։ Երբ դարի վերջում վրացական ազգայնամոլ մամուլը սկսեց կռկռալ հայ բուրժուազիայի կեղեքող դերի մասին, երբ "Кавказъ" պաշտօնական թերթում սրտագին միութիւն կազմեցին Վելիչկօն, Իլ. Ճավճավաձէն, Ակ. Ծերեթելին եւ Ահմէդ բէկ-Աղայեւը, սրտագին միութիւն, որ նպատակ ունէր ցոյց տալ, թէ հայ տարրը իր տնտեսական գործառնութիւններով ծանրանում է վրացի ու թուրք աշխատաւորների շլինքին, այդ պահուն մեր հրապարակախօսութիւնը շնորհիւ իր անտեղեակութեան խօսք չասաց այն մասին, թէ հայ գիւղացիութեան մի խոշոր հատուածը ապրեցնում է վրացի ու թուրք պորտաբոյծ ազնուականներին։ Մեր հրապարակախօսները մնացին պաշտպանւողի խղճուկ դերում եւ գերագոյն իմաստութիւն համարեցին ճամարտակել ազգերի համերաշխութեան ու եղբայրութեան մասին, այն ինչ դրութիւնը պահանջում էր ռմբակոծութիւն բանալ առ հասարակ ամեն կարգի եւ ամեն ազգի շահագործութեան դէմ։



[1] Տեղեկութիւնները մշակելով քաղել ենք պաշտօնական "Кавк. Календарь"-ից։

[2] Առաջին հատոր, էջ 151։

[3] В. Линденъ, "Высшіе классы коренного населенія Кавказского Края и правительственныя мѣропріятія по опредѣленію ихъ сословныхъ правъ", Тифлисъ, 1917. Բարձր դասի իրաւունքների վերաբերեալ յետագայ փաստական պատմութիւնը պիտի անենք համաձայն այս պաշտօնական հրատարակութեան։

[4] Ռուսական յեղափոխութիւնը տեւական ընթացք ստացաւ, որով երերուն քաղաքականութեան կնիք դրեց բարձր դասին վերաբերեալ խնդիրների վրայ։ 1905 թ. վերականգնւեց Կովկասի փոխարքայութիւնը եւ կոմս Վորոնցով-Դաշկով իշխանութեան գլուխ կանգնեց մեր երկրում։ Իր վերաբերմունքով դէպի բարձր դասի իրաւունքների խնդիրը նա վերադարձաւ նախորդ դարում կաղապարւած տեսակէտներին։ Արդարադատութեան նախարարին ուղղած 1906 թ. իր գրութեան մէջ նա այն կարծիքն էր պաշտպանում, որ բարձր դասը փաստօրէն օգտւում է ազնուականութեան իրաւունքներով եւ այժմ խնդիրը նրա մէջ է, որ «բէկ» բառը փոխարինւի «ազնուական» բառով։ Այդ կոչումը փոխարինել «պատուաւոր քաղաքացի» կամ «գիւղացի» կոչումներով՝ նշանակում է բարձր դասին զրկել ազնուականութիւնից եւ արտօնութիւններից, որ ինքնին հակաօրինական է, քանի որ իրաւազրկումն թոյլատրելի է միմիայն դատարանով։ Դա նաեւ անարդարացի է, քանի որ բարձր դասն իր գործելակերպով առիթ չի տւել նման պատժի։ Չնայած Վորոնցով-Դաշկովի կողմից բարձր դասին ցոյց տւած այս պաշտպանութեան՝ Պետրոգրադի բիւրոկրատիան յանձին Արդարադատութեան նախարար Շչեդլովիտովի լրացած չհամարեց բարձր դասին վերաբերեալ տեղեկութիւնների ժողովումը եւ որոշեց շարունակել գործավարութիւնը, յանձնելով այն Կովկասի փոխարքային (1908 թ. մարտի 10)։ Վորոնցով-Դաշկովը 1913 թ. փորձեց խնդիրը փակել (հարկաւ, դրական իմաստով) կայսերական շնորհի միջոցով, իբրեւ մի պարգեւ, որ տրւում էր բարձր դասին Րոմանովեան տան 300-ամեայ յոբելեանի պատճառով, սակայն նախարարների խորհուրդը մերժեց փոխարքայի առաջարկը, գտնելով, որ խնդիրը օրէնսդրական բնոյթ ունի եւ անկարելի է լուծել առանց օրէնսդրական հաստատութիւնների քննութեան եւ հաւանութեան։ 1917 թ. նոյեմբերի վերջին Անդրկովկասի Կոմիսարիատը —յեղափոխական մի կառավարութիւն հրատարակեց հրաման, որով հաւասարեցնում էր քաղաքացիների իրաւունքները եւ դասերը հռչակում վերացրած։

[5] Այս մասին տե՛ս Առաջին հատոր, էջ 150-165։

[6] Գ. Բաբկենց . Մնացականեան), «Նորեկ», վէպ, Թիֆլիս, 1896, էջ 120-121։