ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

III

Թւում էր, թէ մեր պետական յորջորջւած շինականը, որ նստած էր գանձարանի հողի վրայ, պիտի ազատ լինէր բարձր դասի դիմազուրկ դարձնող ազդեցութիւնից։ Սակայն ազնուական-ոստիկանական պետութեան մէջ դա կը լինէր երջանիկ բացառութիւն եւ այն տեղի չունեցաւ։ Սակաւահողութիւնը պետական շինականին մղեց կալուածատիրոջ դուռը։ Միւս կողմից պետական ողջ ապարատը, որ շարժւում էր ազնուականների ձեռքով, գալիս էր ծեծելու նրա սեփական դուռը։

Դժնդակ պատմութիւնը տեղահան էր արել մեր գիւղացուն։ Գետերի բարեբեր հովիտներից ու դաշտերից նա մղւել էր դէպի լեռներն ու լեռնադաշտերը, ուր բնութեան համեմատական ապահովութեանը կցորդւել էր չքաւորութեան աննախանձելիութիւնը գիշատողների աչքում։ Ռուսական ապահովութիւն խոստացող իշխանութեան տակ բնական էր, որ մեր գիւղացին ձգտէր թողնելու իր լեռնային որջը եւ իջնէր այն հովիտները, ուսկից նրան վտարել էր թուրք նուաճողը։ Դժբախտաբար այդ բարեբեր հովիտներին տիրացան թուրք արտօնեալները, որոնք թիկունք ունենալով հզօր պետութեան ոյժը, զգաստացնող հարուած տւին հող որոնող հայի ճակատին եւ շատ-շատ վերապահեցին նրան մանր կապալառուի իրաւունք։ Ռուսական իշխանութիւնը երբէք լրջօրէն եւ սրտացաւութեամբ չզբաղւեց պետական շինականների հողային հարցով։ Նրանց, ինչպէս եւ ժամանակաւոր-կախեալ շինականներին, նա ամփոփեց շինական հասարակութիւն կոչւած կազմակերպութեան մէջ, ստորադրեց այդ կազմակերպութիւնը գանձարանային նպատակներին եւ գիւղական աշխարհի նեղ հորիզոնը աւելի նեղացրեց համայնական հողատիրութեան կաշկանդիչ կապերով։ Մեզ մօտ ընդհանուր կանոն էր տոհմական-ժառանգական հողատիրութիւնը, ըստ որում գիւղացիները իրար մէջ կիրառում էին ե՛ւ հողավաճառութիւն ե՛ւ կապալի սիստեմ։ Օրէնքը անգիտացող էր ձեւանում այդ բոլորին եւ հողաշինութեան միջոցներ չէր ձեռնարկում, թէ ընդարձակելու գիւղացիական հողաբաժինները եւ թէ ժամանակի ոգով կանոնաւորելու նրանց օգտագործման եղանակը։ Հողաշինութեան նա ձեռք զարկեց այն ժամանակ, երբ յարմար դատւեց Այսրկովկասը բնակեցնելու ռուս գաղթականներով, որ նշանակում էր տեղացիների շահը զոհաբերել ռուսացման գործին։

Թէ հողաշինութեան տեսակէտից մեր երկրում որքան էր անհոգ ռուսական իշխանութիւնը այդ ցոյց է տալիս վաչկատունների հարցը։ Նախորդ դարի վերջին տասնամեակներում Այսրկովկասը մտել էր կապիտալիստական զարգացման հունը, սակայն վաչկատունների մասսայական տեղաշարժումը շարունակում էր առտնին երեւոյթ լինել։ 1884 թ. յունիսի 29ի օրէնքով մեր երկրի ամարային արօտատեղիները ճանաչւեցին պետական սեփականութիւն, որ կապալավարձով պիտի տրւէր կարիքաւոր անասնապահներին։ Այդ օրէնքով պետութեան ձեռքն անցաւ հողի հսկայական տարածութիւն (Գանձակի նահանգում 424269 դես. [1], Երեւանի նահ. 353755 դես. [2], որի վրայ նա խրախուսեց թափառիկ անասնապահութիւնը կցորդւած անկայուն քաղաքացիական վարք ու բարքի հետ։

Այսպէս Ղարաբաղի արօտատեղիները (307135 դես. ) կեր էին մատակարարում 26038 ծխի խաշներին։ Այդ ծխերը ըստ ազգութեան ստորաբաժանւում էին՝ թուրք 18919, քուրդ 3510, հայ 3408, թաթ 201 [3] ։ Դարավերջի տեղեկութիւններով Գանձակի նահանգում իսկական վաչկատուններ հաշւում էին 3208 ծուխ (11661 արական), իսկ Երեւանի նահանգում 2652 ծուխ (11292 արական)։ Ժողովրդական այս բազմութիւնը դանդաղ էր նստում հողի վրայ։ Նա հարիւրաւոր վերստեր էր կտրում իր ձմերային բնակավայրից (օր. Բագուի նահ. Ջեւաթի գաւ. թուրքերը Մուղանլու, Հաջի-Քերիմբէկլու գիւղերից 240-290 վերստ ճանապարհ էին անցնում) Զանգեզուրի արօտատեղիները հասնելու համար։ Կառավարութիւնը չէր աջակցում, որ երկրի տափաստանները կարգաւորւեն (ճահիճների չորացում, ոռոգում, ուղիներ, մաքառումն ջերմ ու տենդի դէմ) նստակեաց կուլտուրական կեանքի համար։ Եւ քանի անտես էր առնւում կենցաղի ու տնտեսութեան բարձր ձեւերը, ապա ծաղկում էր նրա ստորին տեսակը, որ երջանկութիւն չբաշխելով թափառիկ անասնապահներին՝ նաեւ թունաւորում էր նստակեաց հարեւանների կեանքը։

«Ուրիշների արօտատեղիների զաւթումը եւ արտերի ոտնակոխումը յաճախակի են Ջիւանշիրի գաւառում», գրում է հետազօտողը։ «Հետեւանքը ոչ սակաւ դէպքում լինում է սպանութիւն։ Վաչկատունները սակաւ են յարգում ուրիշի սեփականութիւնը եւ խիստ նեղացնում են նստակեաց լեռնցիներին։ Լեռնային գիւղերից քանիսը իրանց վնասները հաշւում են հարիւրաւոր րուբլիներով եւ յաճախ աչքաթող են անում որոշ դաշտեր, որոնք ընկած են վաչկատունների ճանապարհին եւ սիստեմատիկօրէն կեր են դառնում սրանց անասուններին։ Ամենամեծ վնասը վաչկատունները հասցնում են ամարային արօտատեղիները չուելիս։ Մենք այստեղ կը մատնանշենք այն գիւղերը, որոնց շահերի պաշտպանութիւնը խթան կը լինէր կուլտուրայի զարգացման եւ կայուն տնտեսութեան հաստատման։ Այդ գիւղերը հետեւեալներն են. Ավրայեան, Ասրիք, Բաշտիբել, Գերավենդ, Հաթամբէկլի, Հաթերք, Կարաբալու, Քոլատակ, Մոխրաթաղ, Քոթուրլու, Քարամլու, Մաղաւուզ, Տրուզ, Մեծ-Շէն, Վերին-Չայլու։ Վնաս գլխաւորապէս հասցնում են բէկական շինականները, որոնք յանձին իրանց բէկերի ունեն ուժեղ հովանաւորներ» [4] ։

Թափառական խաշնապահութիւնը հակահասարակական բնազդների աղբիւր է։ Նա կայուն նկարագիր չի պատուաստում վաչկատունին եւ ոչ կայուն բարեկեցութիւն նրա ընտանիքին։ Եթէ մեր երկրի շինականը սրտացաւ հոգացողութեան առարկայ լինէր, ապա բանական միջոցներ կը գործադրւէին թափառականին նստակեաց դարձնելու եւ մեր լեռներում խրախուսելու ալպիական տնտեսութիւնը, որ կը նշանակէր՝ թուրքին ընտելացնել հողին, իսկ լեռնակողերի հայկական անարդիւնաւէտ երկրագործութիւնը փոխարինել արդիւնաւէտ անասնապահութեամբ։ Ոչ այս եղաւ, ոչ այն։

Հողակարգաւորումը մեր երկրում կապւեց Ռուսաստանի ներքին նահանգների հողային քաղաքականութեան հետ, որ նշանակում էր չդիպչել ռուս կալուածատէր-ազնուականների հողերին եւ հողածարաւ կամ հողազուրկ ժողովրդական աւելցուկը ուղղել կայսրութեան ծայրգաւառները։ Այս դրութեամբ մենք պիտի սպասէինք այնքան ժամանակ, որ ռուսական տարրերքը յորձանք տար դէպի Այսրկովկաս եւ իր ներկայութեամբ ստիպէր մտահոգելու բնիկների հողային կարիքների եւ առ հասարակ հողաշինութեան մասին։ Բնական էր, որ մեր գիւղացին քիչ բան պիտի շահէր ազգային խտրականութիւնից բղխող հոգացողութիւնից։

Ռուս գաղթականութեան հոսանքը դէպի Այսրկովկաս սկիզբն է առնում նախորդ դարի առաջին տասնամեակներից, երբ 1830 թ. կառավարութիւնը մեր երկիրը նկատում է իբրեւ աքսորատեղի աղանդաւոր գիւղացիների համար։ Առաջին գաղթականները դուրս եկան Օրէնբուրգի նահանգից եւ պատկանում էին մոլոկան աղանդին։ Յետագայում գաղթականներ են տալիս նաեւ միւս նահանգները։ 1846 թ. Այսրկովկասում տեղաւորւած աղանդաւորների (մոլոկան, դուխոբոր, սուբբոտնիկ, հնաւանդ, սկոպեց) քանակը հասնում էր 15751 հոգու (երկսեռ)։ Առաջին գաղթականները յարմարութիւններ չէին գտնում։ Նրանք աքսորականներ էին, որոնց համար կառավարութիւնը հալածանք ունէր պահած միայն։ Գաղթականները մահանում էին ջերմ ու տենդից։ Նրանք ապահովութիւն չունէին աւազակներից։ Պիտի յարմարւէին տեղական գիւղատնտեսական պայմաններին, որոնք տարբեր էին Ռուսաստանի հետ համեմատած։ Չնայած այդ բոլորին՝ նրանց թիւը տարէցտարի աւելանում էր։ Նրանք տոկունութեամբ տեղ էին բռնում նոր երկրում եւ առ 1-ն յունւարի 1864 թ. արդէն հաշւում էին 29487 հոգի (երկսեռ)։ Առ 1-ին յունւարի 1866 թ. նրանց քանակը բարձրացել էր 31223 հոգու [5] ։ Հետզհետէ բազմացող ռուս գաղթականների գիւղերն իրանց բնակիչների կազմով բաժանւում էին երեք կարգի. 1. կազմւած պաշտօնաթող զինւորներից, 2. աղանդաւորներից եւ 3. ուղղափառներից։ Ժամանակի ընթացքում կառավարական հալածական քաղաքականութիւնն սկսեց փոխւել հովանաւորականի, որովհետեւ, ինչպէս դատում է ռուս բարձր պաշտօնեաներից մէկը, ռուսական կոլոնիզացիան իրական օգուտ է բերում երկրին եւ բացայայտ կերպով յօգուտ այդ միջոցին խօսում։ «Սակայն ափսոսանքով պիտի նկատել, ասում է նոյն պաշտօնեան, որ ռուսական տարրը իր քանակով այնքան է թոյլ, որ չի կարող ձուլող ազդեցութիւն անել բնիկների վրայ, այլ ստիպւած է կանգնել անձնական շահերի տեսակէտի վրայ, պաշտպանողական դիրքում» [6] ։ Այստեղից էլ բղխում էր, որ պէտք էր հզօրացնել ռուսական տարրը, որպէսզի եթէ նա պաշտպանողականից յարձակողականի չանցնի՝ գոնէ յենւելով նրա վրայ՝ այդ անի դիմազրկութեան համար ջանացող բիւրոկրատիան։

1898 թ. Այսրկովկասում գոյութիւն ունէին գաղթականների գիւղեր հետեւեալ քանակով. Թիֆլիսի նահանգում 23 գ., որոնցից 14 գիւղ կազմւած պաշտօնաթող զինւորներից եւ 9 գիւղ գլխաւորապէս աղանդաւորներից (մոլոկան եւ դուխոբոր)։ Վերջիններիս կենտրոնն էր Վորոնցովկա գիւղը Բորչալուի գաւառում։ Բաթումի շրջանում կային 3 ռուսական գիւղ, որ հիմնարկւել էին1881-1883 թ. թ. ։ Գանձակի նահանգում գոյութիւն ունէին 14 գիւղ, որից 4 դուխոբորական։ Նահանգի 10 ոչ- դուխոբորական գիւղերում հաշւում էր 936 ծուխ՝ 5417 հոգի ընդհանուր բնակչութեամբ։ Ամեն մի գիւղին միջին հաշւով գալիս էր 541 հոգի։ Գիւղացիների 90% աղանդաւոր էր։ Գիւղերը հիմնարկւել էին դարի առաջին կիսում եւ 50-ական թւականներին։ Երեւանի նահ. կային 11 աղանդաւորական գիւղ (676 ծուխ 3888 հոգի) ըստ մեծի մասին բաղկացած մոլոկաններից։ Բագուի նահանգում՝ 32 գիւղ։ Կարսի շրջանում՝ 19 գիւղ, որից 2-ը բաղկացած պաշտօնաթող զինւորներից եւ ուղղափառներից, 2-ը ուղղափառ ուկրայինցիներից, 1-ը ռուսներից ու էստօնացիներից, մնացած 14-ը աղանդաւորներից, որոնք Կարսի շրջանն էին տեղափոխւել Այսրկովկասի այլ եւ այլ շրջաններից [7] ։ Այսպիսով 1898 թ. Այսրկովկասում գոյութիւն ունէին102 գիւղ, առաւելապէս աղանդաւորական։ Աքսորի մէջ համարւող նրանց բնակչութիւնը թողնւած էր իր ճակատագրին, ստէպ-ստէպ ենթարկւում էր հալածանքների ու բռնութիւնների, օրինակ, 1896 թ. Ախալքալաքի գաւառում ու Կարսի շրջանում։ Այդ հալածանքների երեսից գաղթականների մի մասը նոյնիսկ չուեց Ամերիկա (Կանադա)։

Բայց ռուսացման քաղաքականութիւնը ուշադրութեան արժանացրեց նաեւ աղանդաւոր գաղթականներին։ Կառավարական խստութիւնները դադար առան։ Իշխ. Գոլիցինը, որ 1898 թ. Կառավարչապետի պաշտօն ստացաւ մեր երկրում, եւ ռուսացման մոլի կողմնակից էր, եռանդուն վերաբերմունք ցոյց տուաւ դէպի գաղթականական գործը, սակայն նրա ձեռնարկներն այս խնդրում զուրկ էին նպատակայարմար ծրագրից եւ կոպտաբար գալիս էին տրտունջ եւ անբաւականութիւն ցանելու տեղական ժողովրդի մէջ։

Ի՞նչ հողային քաղաքականութիւն էր վարում Գոլիցինը։

Ֆինանսների նախարարի անունով գրած դիմումի մէջ (1898 թ. օգոստ. 6) իշխ. Գոլիցինը կարծիք էր յայտնում, որ անհրաժեշտ է կառավարական աջակցութիւն ցոյց տալ ռուս մարդկանցով բնակեցնելու մասնաւոր կալուածատիրողական հողերը Այսրկովկասում։ Նա մատնանշում էր, թէ յարմարագոյն ձեւը այդ աջակցութեան այն է, որ Հողային Բանկն իր գործառնութիւնները բանայ Այսրկովկասում եւ բացառաբար ծառայէ ռուսական կոլոնիզացիային։ Միաժամանակ Գոլիցինը ուշադրութիւն էր հրաւիրում այն բանի վրայ, որ կալուածատէր դասը խրւած է պարտքերի մէջ, իսկ դրամական միջոցները կենտրոնացած են հայ կապիտալիստների մօտ, որոնք անխուսափելիօրէն պիտի իրանց ձեռքը հաւաքեն կալուածատիրական հողերը։ «Հողերի նման փոխանցումը հայերի ձեռքը, նկատի առնելով այդ ազգի տնտեսական ու քաղաքական բացասական յատկութիւնները, իշխ. Գոլիցինի կարծիքով չի համապատասխանում մեր կառավարական նպատակներին այդ երկրում»։ Պէտք է բանալ Հողային Բանկի բաժանմունքը եւ վարկաւորել բացառապէս ամեն կողմից բարեյոյս ռուս մարդկանց, որոնք Այսրկովկաս գաղթելու համար ստանում են թոյլտւութիւն [8] ։

Եթէ ռուս կառավարութեան ձեռնարկելիք միջոցները ուղղւած լինէին հայ կապիտալիստների դէմ, որոնք իբր թէ ձգտում էին իրանց ձեռքը ժողովել սնանկացող կալուածատէրերի հողերը, գուցէ եւ առարկութեան տեղ չլինէր, թէեւ նոյն այդ կառավարութիւնը պարտաւոր էր նախ եւ առաջ կալուածատիրական հողերով բաւարարել սակաւահող բնիկներին։ Բայց ինչ էլ որ լինէր՝ հայ կապիտալիստները անխոցելի պիտի մնային ռուս բիւրոկրատիայի կողմից եւ հայահալածութիւնը պիտի փլւէր մեր աշխատաւորների գլխին։ Այդ էլ երեւում է Հողային Բանկի բացումը ջատագովող բիւրոկրատի գրչից։

«Հայ գիւղացիները յայտնի են իրանց աշխատասիրութեամբ, որը սակայն արտայայտւում է երկրագործութեան եւ անասնապահութեան մէջ, որոնց անձնատուր են լինում խիստ յափշտակութեամբ։ Նրանց ցեղային առանձնայատկութիւնը ծածկամտութիւնն է, հաշւարարութիւնը ամեն բանում եւ դրամապաշտական խորամանկութիւնը։ Խիստ ձեռներէց լինելով՝ նրանք իրանց ձեռքումն են պահում համարեա քաղաքների ողջ առեւտուրը եւ շրջանառութիւնները ոչ միայն իրանց բնակած վայրերի, այլ նոյն իսկ ողջ Այսրկովկասում։ Տնտեսական տեսակէտից՝ Այսրկովկասի միւս ժողովուրդների հետ համեմատած՝ գերազանցութիւնը հայերի կողմն է։ Հայերի գիւղերը իրանց հողային հասոյթաբեր աղբիւրներով լաւագոյն գրութեան մէջ են, քան թուրքերինը, քրդերինը եւ միւսներինը (?! Դ. Ա. ) , բայց չնայած դրան հայերի կողմից արտայայտւում է ուժեղ ձգտումն վրաց ազնուականների եւ թուրք բէկերի հողերի գնումով ընդարձակելու իրանց կալուածները։ Այսրկովկասում այժմ սովորական երեւոյթ է, որ աւելի ձեռներէց ու հարուստ հայերը ձեռք են բերում կալուածներ, որոնց տէրերը չեն կարողանում օգուտ քաղել նրանցից։ Սեփականութեան այդ ուժեղ հաւաքմանը մի կողմից նպաստում է այն, որ հողատէրերը կատարելապէս եւ համարեա գլխովին խրւած են պարտքերի մէջ, իսկ միւս կողմից էժան վարկը կենտրոնացած է հայերի ձեռքում, որոնք իրանց յատուկ աչքաբացութեամբ արդէն հասկացել են, որ ապագայում ճանապարհների կառուցմամբ եւ երկրի արդիւնաբերական զարգացմամբ՝ հողը պիտի անհամեմատ թանգանայ եւ նշանաւոր օգուտներ բաշխէ իր տիրողին։ Այսպիսով հայերը հողեր գնելով այդ չեն անում տնտեսական շահագործման նպատակով, այլ աչքի առաջ ունեն բարձր տոկոսներ գանձել գործադրւող կապիտալից։ Օգտւելով հողատէրերի կարիքից ծախելու հողը եւ տեղական գիւղացիների պահանջից այն վերցնելու կապալով՝ հայերը բարձրացնում են գնած հողերի կապալավարձը եւ այնտեղ, ուր առաջ վերցնում էին 4 ր. դեսեատինին, այժմ գանձում են 10-15 րուբլի։ Թէ ինչ նշանաւոր չափով է արտայայտւում հայերի կողմից հողեր գնելու ձգտումը՝ դրան կարող են ի միջի այլոց պատկերացում ծառայել Թիֆլիսի Նոտարական Արխիւի տեղեկութիւնները, որոնք վերաբերում են 1895-1900 թ. թ. ընթացքում Բորչալուի եւ Թիֆլիսի գաւառներում հայերի գնած հողերին։ Այդ հինգ տարիներում հայերը առաջին գաւառում ձեռք են բերել մօտ 10000, իսկ երկրորդում մօտ հազար դեսեատին զանազան հողաբաժիններ, ընդարձակութեամբ 26 մինչեւ 2054 դեսեատին իւրաքանչիւրը։ Այս թւերը ի հարկէ, չեն սպառում յիշեալ գաւառներում հայերի կողմից գնւած հողերի բոլոր դէպքերը, որովհետեւ իրականութեան մէջ ոչ սակաւ դէպքերում հայերը հողեր են գնում տնային գործարքով, յաճախ չծրած եւ նոյնիսկ վիճելի։ Սովորաբար հայերը նման հողերը գնում են աժան եւ հաշւի առնելով, որ եթէ յետագայում որոշ քանակի հող խլւի էլ նրանցից՝ մնացած մեծ մասը շահով կը ծածկի բոլոր ծախքերը։

Այսպիսով վերջին ժամանակների տուեալների հիման վրայ կարելի է ենթադրել, որ կալուածատիրական եւ բէկական հողերի նշանաւոր մասը ոչ-հեռու ապագայում կարող է անցնել հայ-կապիտալիստների ձեռքը, եթէ այս կամ այն եղանակով աջակցութիւն չլինի այդ կալուածները սեփականացնելու ռուս կամ տեղական գիւղացիներին։ Եթէ հարուստ հայ կապիտալիստները՝ առեւտրական ճարպիկութիւն ունենալով՝ ձգտում են հողերը ժողովել իրանց ձեռքը, ապա հայերի աղքատ դասակարգը, զբաղւելով երկրագործութեամբ, անկասկածելի օգուտ է բերում հարեւան երկրագործներին, օրինակ ծառայելով նրանց գիւղատնտեսութեան գործում։ Նշանաւոր բարձրութեան հասցնելով տնտեսութեան տեխնիկան՝ հայ գիւղացիները հասարակական կեանքում այնուամենայնիւ չեն մշակել որոշ կայուն հիմքեր։ Իբրեւ առաւելապէս առեւտրական մարդիկ՝ նրանք մեծ անհատապաշտներ են եւ չեն փայլում համերաշխութեամբ։ Կուսակցականութիւնը Այսրկովկասի ոչ մի ժողովրդի մօտ այնպիսի դեր չի խաղում, ինչպէս հայերի մէջ։ Վէճերը, յաճախ դատարկ, երկարում են տասնեակ տարիներ, քայքայելով երկու կողմը։ Բայց միաժամանակ չի կարելի չմատնանշել, որ հայ ընտանիքի բազմանդամութիւնը (մինչեւ 45 հոգի) նրա աշխատասիրութեան ու եռանդի շնորհիւ նոյնիսկ անբարեպատեհ պայմաններում ուժեղ դիմադրութիւն է ցոյց տալիս հայերի քայքայման, պահպանելով նրանց տնտեսական կայունութիւնն ու ինքնորոշութիւնը։ Ձեռներէցութեան, տոկունութեան եւ ճարպիկութեան մէջ հայերը շատ նման են հրէաներին։ Այնտեղ, ուր գործում են հայերը ասպարէզ չկայ հրէաներին։ Եւ իրաւ, Երեւանի նահանգում, ուր հայերը բնակչութեան կէսից աւելին են, համարեա հրէայ չկայ» [9] ։

Միայն զսպւած կատաղութիւնը կարող է այսպէս խօսել մի ժողովրդի դէմ։ Թւում է, թէ ռուս բիւրոկրատի գրիչը շարժումներ է գործում լոկ հայ բուրժուազիայի դէմ, բայց իրականութեան մէջ նրա սլաքները հարուածում են մի ուրիշին հայ աշխատաւոր գիւղացուն։ Նոյնիսկ վերջինիս ընտանիքի բազմանդամութիւնը դառնում է ցաւալի երեւոյթ այդ հայակերի աչքում։ Իր բերանով նա խոստովանում է, որ հայ գիւղացին նշանաւոր բարձրութեան է հասցրել տնտեսութեան տեխնիկան, որ նրա երկրագործական զբաղմունքը կարող է օրինակելի լինել հարեւանների համար, բայց նման խոստովանութիւնից յետոյ նորից հեծնում է հալածանքի նժոյգը եւ երկրագործին խառնում առեւտրականի հետ ու կանգնեցնում հրէայի կողքին։ Եւ ինչո՞ւ համար այս բոլորը։ Որպէսզի ստախօսէ, թէ ռուս գաղթականները մաքառում են «տեղական բնակչութեան անբարեացակամութեան դէմ, որը հայերի կողմից արտայայտւում է իբրեւ ցածր աշխատավարձ եւ խիստ բարձր հողային կապալավարձ ռուսների համար, իսկ թուրքերի եւ միւս մուսուլման ժողովուրդների կողմից իբրեւ ապահովութեան ու կարգի բացակայութիւն [10] ։

Երբ այսպիսով ռուս բիւրոկրատիան մտացածին հայերի ու թուրքերի շլինքին էր փաթաթում իր ցեղակիցներին հալածելու արհեստը՝ բնական էր, որ նա ազատութիւն տար իր խտրականութեան բնազդին եւ ընկոյզ ջարդէր հայ եւ թուրք գիւղացիների խոնարհած գլխին։ Եւ նա այդ արաւ։ Մի երկու օրինակ բերենք նրա խտրական քաղաքականութիւնից։

1898 թ. Գանձակի նահանգի Ջիւանշիրի գաւառի հայ Ջանեաթաղ եւ Գիւլեաթաղ գիւղերի մօտ հիմնւում է ռուս գաղթականների Օրլօվօ-Դենիսօվօ գիւղը։ 1899 թ. նոյն այդ գաւառի Մեծ-Շէն եւ Մաղաւուզ գիւղերի մօտ հիմնւում է ուրիշ գաղթականական գիւղ՝ Մինգրելսկոյէ։ Ի՞նչ հողեր էին, որ յատկացրւին նորեկ ռուսներին։ Առաջ այդ գիւղերի մօտ երկու ազատ հողաբաժին կար, որ՝ իբրեւ խոտատեղի՝ գտնւում էր պետական ախոռատան իրաւունքի տակ։ Յետագայում ախոռատունը փոխադրւեց Թիֆլիս։ Պարապ մնացած հողերը՝ իբրեւ պետական հասոյթաբեր աղբիւր՝ մտան կապալային շրջանառութեան մէջ եւ օգտագործւելու էին տրւում յիշեալ շրջակայ գիւղերին։ Այդ գիւղերը իրանց սակաւահողութիւնը ամոքում էին կապալային սիստեմով եւ չէին էլ ենթադրում, թէ երբ եւ իցէ նրանց կարելի է զրկել նախկին ախոռատան հողերից։ Նրանք խոտատեղիները մաքրել էին մացառներից ու ծառերից եւ դարձրել վարելահող։ Դրա համար գործադրել էին եւ նիւթական միջոցներ եւ մեծաքանակ բանւորական ոյժ։ Բայց գալիս են 1898 եւ1899 թուականները եւ գիւղացիներին հնարաւորութիւն չի տրւում վայելելու իրանց քրտինքի պտուղը։ Գանձակի նահանգապետն առաջարկում է հայ գիւղերին տարւայ բերքը կիսել նորեկ ռուս գաղթականների հետ։ Այդ առաջարկը նա անում է համեմած բանտի եւ աքսորի սպառնալիքով։ Գիւղացիները ճարահատեալ ընդունում են առաջարկը։ Նրանք ոչ միայն պատրաստի վարելահողերն են զիջում գաղթականներին, այլ եւ հացը։ Աւելին։ Նրանց ստիպում են ճանապարհներ եւ բնակարաններ կառուցանել նորեկների համար [11] ։

Մի այլ օրինակ։ Շուշւայ գաւառի Խոնաշէն վայրում կառավարութիւնը խլեց թուրք Թեաքլիա I, Թեաքլիա II, Չամանլի, Հալաչ եւ Վելի-Աղա-Լեոնգոլա գիւղերի մշակած դաշտերը, այգիներն ու քեահրիզները եւ այն յանձնեց ռուս գաղթականներին։ 2000 ծխից բաղկացած թուրքերը քշւեցին Միլի տափաստանը, ուր նրանք մասամբ մահացան, իսկ մասամբ ստիպւած եղան թափառական դառնալ՝ անկարող լինելով առանց կառավարական օգնութեան որեւէ զբաղմունքի դիմել այդ անջուր անապատում [12] ։

Այս օրինակները կարօտ չեն լուսաբանութեան։ Նրանք խօսում են իրաւունքի խախտման եւ բռնութեան մասին։ Բայց ռուս կառավարութիւնը կամեցաւ նաեւ իրաւականութեան վարագոյր նետել իր գործադրած միջոցների վրայ։ Դրանից բղխում էր այն, որ նա պիտի կարգաւորէր բնիկների հողային գործերը՝ աշխատելով «ազատ» հողեր գջլել ներքին նահանգներից հանած գաղթականների համար։

Այդ գջլման գործը յանձն առաւ (1896 թ. ) Երկրագործական նախարարութեան լիազօրը Կովկասում գաղտնի խորհրդական Մեդվեդեւը։ Նա առաջարկում էր չափի տակ դնել (նորմա) տեղական գիւղացիների հողաբաժինները եւ աւելցուկը (նրա ենթադրութեամբ 600000 դես. ) յատկացնել ռուս գաղթականներին։ Մեդվեդեւի ծրագրով տեղական գիւղացիները պիտի ստանային մարդագլուխ հետեւեալ հողաբաժինները.

ա. Բարձր լեռնային ցուրտ շրջանում՝ Արեւելեան Այսրկովկասում 4 մինչեւ 6 դես. իւրաքանչիւր շնչին երկու սեռից, Քութայիսի նահ. 3-4 դես., եւ 5-6 դես. (Սվանեթիայում)։

բ. Միջին, բարեխառն կլիմայ ունեցող շրջանում՝ Արեւելեան Այսրկովկասում 2-4 դես., իսկ Քութայիսի նահ. 1, 5-3 դես. իւրաքանչիւր շնչին երկու սեռից։

գ. Տափաստանային, տաք շրջանում Արեւելեան Այսրկովկասում 0, 73-2 դես., իսկ Քութայիսի նահ. 0, 5-1, 5 դես. նոյնպիսի շնչին։

Այս առաջարկի հեղինակը միայն խորհում էր գջլել, ինչ հնարաւոր է։ Նրա համար գոյութիւն չունէր տեղական բնակչութեան աճեցման փաստը։ Պէտք էր փրկել ներքին նահանգների կալուածատէրերին գիւղացիական պահանջներից եւ դրա համար պատասխանատու էր կանչւում օտարացեղ գեղջուկը։ Մեդվեդեւի ծրագիրը չանցաւ Պետրոգրադում։ Նրա փոխարէն հրատարակւեց 1900 թ. մայիսի 1-ի հրովարտակը, որով հրամայւում էր գանձարանի հողի վրայ նստած շինականների հողակարգաւորումը կատարել հետեւեալ հիմունքներով. հողաբաժիններ յատկացւում են շինական հասարակութիւններին, շէներին ու գիւղակներին, պահպանելով գոյութիւն ունեցող օգտագործման կարգը. պետական շինականների ժողովին իրաւունք էր տրւում համայնական հողատիրութիւնը փոխարինել ծխա-ժառանգականով, եթէ համաձայն են ծխերի երկու երրորդը. յատկացրւած հողերին տիրութիւն անելու համար տրւում էր առանձին ակտ, որ կոչւում էր յատկացման գիր. պետական շինականները, տիրելով յատկացման գրերով տրւած հողերին, պարտաւոր էին ամեն տարի գանձարան մտցնել օրէնքով որոշւած վճար, պետական հասոյթաբեր հարկի անունով (оброчная подать). հասարակութիւնները, շէներն ու գիւղակները, որոնց յատկացրւած էին հողաբաժիններ անհրաժեշտ վաւերացումով եւ յատակագծերով, սոյն յատակագծերի հման վրայ պահպանում էին բոլոր իրանց կողմից օգտագործւող հողերը, եթէ նոյն իսկ նման հողերը ծրւած չլինէին բնականում. հողաբաժինների մէջ պարտադրաբար մուծւում էին՝ ա) տնատեղերն ու բակերը, բանջարանոցները, պարտէզները, այգիները, մշտական վարելահողերը, արհեստականօրէն ոռոգւող հասոյթավայրերը, մշտական արօտատեղիները, ջրարբը, շինականների ձեռքով տնկուած անտառները, նրանց կողմից չորացրւած ճահիճները, արտերը քամիներից պահպանող անտառները եւ այն հողամասերը, որոնք յատկացրւած էին տնտեսական ու արդիւնաբերական ձեռնարկութիւնների բ. ) առհասարակ բոլոր հողերն ու հասոյթավայրերը, որոնք գտնւում էին շինականների տնա-բաժան (ծխական) շահագործման մէջ. եւ գ. ) բոլոր մնացած հողերը, որոնք վաղուց գտնւում էին նրանց իրական օգտագործման մէջ։ Այն հասարակութիւնները, շէներն ու գիւղակները, որոնք գանձարանի անտառներից տնային կարիքների համար բաց էր թողնւում անտառանիւթ պահպանում էին այդ իրաւունքը, իսկ հնարաւոր դէպքում նրանք ստանում էին յատուկ անտառամաս։ Անտառից օգտւելու համար շինականները վճարում էին առանձին անտառի հարկ։ Հասարակութիւններին եւ այլոց յատկացրւած հողերը չէին կարող օտարացւել կամ պարտքի ենթարկւել։ Այն հողամասերը եւ հասոյթավայրերը, որոնք գտնւում էին առանձին շինականների տնաբաժան վիճակում, նրանց կողմից կարող էր օտարացւել այն անձանց, որոնք գրւած էին կամ գրւում էին անդամ շինական հասարակութեան։ Յիշեալ հողամասերն ու հասոյթավայրերը դատարանական որոշումով բռնագանձման չէին ենթարկւում։

1900 թ. մայիսի օրէնքով մեր գիւղը սեփականութեան խնդրում պահպանում էր իր դասային էութիւնը։ Իրանք գիւղացիները դառնում էին գանձարանի մշտական կապալառուներ եւ նրանց հողաբաժինները չէին ենթարկւում հարկադրական չափածրման։ Այդ օրէնքը նպատակ ունէր փակել գիւղական համայնքների հողային վէճերը իրար հետ, ցոյց տալով ամեն մի համայնքի իր սեփականութեան տարածութիւնն ու սահմանները, եւ ապա նախապատրաստական աշխատանքներ տեսնել յետագայում փրկագործման ենթարկելու շինականների հողերը, որ նշանակում էր նրանցից յատուկ վճարներ գանձել յօգուտ պետութեան եւ ճանաչել գիւղացիների մասնաւոր սեփականատիրական իրաւունքներն ունեցած հողամասերի նկատմամբ։ Օրէնքից բղխող երկրաչափական աշխատանքները շնորհիւ յետագայ հասարակական բարդութիւնների մնացին անաւարտ։ Օրինագծի վիճակում մնաց եւ պետական շինականների հողերի փրկագործումը։ Եւ բնականաբար ոստիկանական պետութեան խնամակալութիւնն անսասան եղաւ մեր գիւղական համայնքից ու նրա բնակչից։ Մեր գիւղացին ազատ արտադրող եւ չափահաս, բոլոր իրաւունքների տէր քաղաքացի չդարձաւ ռուսական տիրապետութեան ներքոյ։ Նա նեղւեց ու շահագործւեց հողային սեփականութեան խնդիրներում, ենթարկւելով բարձր դասի ու պետութեան կաշկանդող խնամակալութեան։ Նա շահագործւեց իբրեւ հարկատու եւ բնական մշակ։ Վերջապէս նա եղաւ գլխաւոր զոհը օրաւուր զարգացող միլիտարիզմի՝ իր զաւակներին տարէցտարի ուղարկելով զօրական հանրակացարանները։

Եւ այս պայմաններում սակաւահողութեան, բնական մշակութեան, բարձր դասի սպասաւորման եւ սննդեան, հարկատւութեան, պարտադիր զինւորական ծառայութեան նրա նիւթական ոյժը նուազելով նուազեց եւ նա հարկադրւած զգաց դրսի աշխարհում որոնել իր բերանի հացը ու պետութեան պահանջած հարկը։ Վաշխառուական դրամագլուխն ամուր ցանցեր հիւսեց գիւղում եւ շինականին դարձրեց իր հլու սպասաւորը։ Թէ տուեալ պայմաններում ինչ խնայողութիւնների տէր էր մեր գիւղացիութիւնը՝ դրան պատկերացում կարող են ծառայել հետեւեալ տեղեկութիւնները խնայողական դրամարկղների եւ նրանց մէջ կենտրոնացած միջոցների մասին։

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՐԿՂՆԵՐԻ ԹԻՒԸ

 

Թիֆլ. նահ.

Բագուի նահ.

Գանձ. նահ.

Երեւն. նահ.

Կարսի շրջ.

Առ 1-ն յունւարի 1891 թ.

26

15

6

5

2

Առ 1-ն յունւարի 1901 թ.

68

34

26

26

12

 

Յիշեալ դրամարկղներում (աւելացրած Քութայիսի նահ. 30 եւ Դաղստանի շրջանի 16 դրամարկղները) առ 1-ն յունւարի 1901 թ. բնակչութեան երկրագործական մասը ունեցել է 1466, 5 հազար խնայողութիւն (4834 գրքոյկով)։ Ըստ նահանգների յիշեալ խնայողութիւնը ստորաբաժանւել է։

 

Թիֆլ. նահ.

Բագուի նահ.

Գանձ. նահ.

Երեւն. նահ.

Կարսի շրջ.

Գրքոյկների թիւը

2146

463

546

352

84

Գումարը (հազարով)

623

161, 4

198, 5

147

26, 5 [13]

 

Այս թւերը խիստ արտայայտիչ են իրանց աննախանձելի քանակական մեծութեամբ եւ պարունակած դրամական կշիռով եւ նրանց տէրերը չէ, որ ռուս հովանաւորւած գաղթականի քթի տակ պիտի տիրանային սնանկացող ազնուականութեան հողին կամ նեղը պիտի լծէին աշխատանք որոնողներին, ինչպէս սիրում էր հաւատացնել ռուս բիւրոկրատիան։ Բայց նրանք ցոյց են տալիս նաեւ, որ դրամը դարձել էր գիւղական աշխարհի նիրհը վրդովող եւ հիմքերը փորփորող գործօն։ Եւ քանի որ կալուածատիրական, պետական-հասարակական պատուհասներին աւելացել էր նաեւ դրամի խարազանը՝ մնում էր, որ մեր գիւղացին իր մոռացւած վայրերից լոյս աշխարհ ելնէր, մասամբ եւ գլխաւորապէս ստիպողաբար, մասամբ էլ ընտանիքներում կիտւած աւելցուկ ձեռքերի շնորհիւ։ Սկսւեց մեր հասարակական զարգացման այն շրջանը, երբ քաղաքական ապահովութեան միջոցին լայն հոսանքով ծայր առաւ այսպէս կոչւած պանդխտութիւնը։    

Պանդխտութիւնը մեզ մօտ էջեր է գրաւել գրական բոլոր տեսակների մէջ։ Այդ գրականութեան եւ նրա խորհուրդներին մենք կը դառնանք յետագայում։ Այժմ պէտք է մատնանշել որ գիւղական աշխարհի կայունութեան խախտումը քաղաքները շպրտեց բազմաթիւ պարապմունք որոնող ձեռքեր։ Եւ այս հանգամանքը զուգադիպեց Այսրկովկասի կենտրոնների (Թիֆլիս, Բագու եւ Բաթում) արդիւնաբերական ու վաճառականական զարգացման հետ։ Դրամագլուխը եւ բանւորական ոյժը լայն հունով հոսեցին այդ կենտրոնները, նոր հասարակական փոխյարաբերութիւններ դարբնեցին նրանց մէջ եւ նուաճեցին քաղաքի համար՝ հանդէպ գիւղական աշխարհին՝ գերակշռող ու թելադրող դեր։ Դերակատարը կապիտալիզմն էր՝ շահագործող եւ ազատագրող միանգամայն, ներհակ ոյժերի մայր, որ աջով հաւաքում ու կաշկանդում է, ձախով ցրում ու լուծում։



[1] Обзоръ Елисавет. губ. за 1895 г., Тифлисъ, 1896, էջ 28։

[2] Памятная Книжка Эриванск. губ. на 1906 г. от. II, էջ 33։

[3] М. А. Скибицкій, Карабагскія казенныя лѣтнія пастбища, Тифлисъ, 1899, էջ 37։

[4] Матер. для изуч. эк. быта госуд. кр. Зак. Края, т. VI, ч. II, էջ 377։

[5] Матерiалы по воп. о разспр. дѣйств. Кр. Поз. Банка на Зак. Кр., էջ 129։

[6] Кучаевъ, чл. Сов. Главн. на Кавказѣ отъ М. В. Д. "Отчетъ на ревизіи адм. учрежд. въ Елиз. Губ. ", Тифлисъ, 1885, էջ 246։

[7] Матеріалы и пр., էջ 133-134։

[8] Անդ, էջ

[9] Անդ. էջ 84-86։

[10] Անդ, էջ 138։

[11] «Մուրճ» 1899, N4-5, էջ 551։

[12] Госуд. Дума, 3-ій Созывъ Стеногр. Отч. 1908, Сессія Iая, ч. II, էջ 1244։

[13] Матеріалы и пр., էջ 249, 250, 251։