ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

I

Մի ծաւալով փոքր եւ կուլտուրական մակարդակով աննախանձելի ազգութիւն, որպիսին էր հայութիւնը բռնապետական Ռուսաստանում, խիստ ծանր աշխատանքի էր լծւել՝ պայքար սկսելով իր ինքնութեան պահպանման համար։ Նրա ինքնագործունէութեան եւ անկաշկանդ զարգացման վազքը կաշկանդւում էր երկու եղանակով կամ պարզ հալածանքով ու բռնութեամբ, կամ գայթակղութեամբ։ Հալածանք ու բռնութիւն էր, երբ վիրաւորում էին նրա կրօնական զգացումները, խոչընդոտներ յարուցանում դպրոցական եւ այլ կուլտուր-լուսաւորական հաստատութիւնների դէմ։ Գայթակղութիւն էր, երբ նրա աճող սերունդի համար փաստաբանւում էին միմիայն տիրող ազգի դպրոցը կամ պետական վարչական հաստատութիւնները, բանակը, գրականութիւնը եւ այլն։ Պետութիւնն իւրաքանչիւր քայլափոխում կամ պարզ ասում էր կամ անուղղակի հասկացնում հային, որ նա գոյութիւն ունի իբրեւ ռուսացման առարկայ եւ որ նման կերպարանափոխութեամբ միայն հպատակը կարող է մարդու շար դասւել։ Այս անողոք քաղաքականութիւնն իր հերթին մղում էր հպատակին, ներկայ դէպքում հային, ինքնապաշտպանութեան դիմել եւ այս կամ այն ձեւով կուլտուրական ոգորման ուղին բռնել։

Հայկական կուլտուրական ինքնապաշտպանութեան ձեւերը մշակւել էին 60-ական թուականներին։ Դա նախ եւ առաջ քաղաքական պայքարի եւ առանձնապէս անջատողականութեան սրտաբաց եւ անկեղծ մերժումն էր։ «Հայը քաղաքական իմաստով ռուս է», ձեւակերպել էր Ստ. Նազարեանը։ Բայց քաղաքականօրէն ռուս լինել՝ դեռ չէր նշանակում ռուսանալ հոգեւոր բովանդակութեամբ։ Այստեղ պիտի շեշտւէր, հրահրւէր ու պահպանւէր հայի ազգային ինքնութիւնը նախ եւ առաջ նրա լեզուն, որովհետեւ միայն հայրենի կրթութեամբ նա կարող էր հեշտ եւ լիաբուռն տիրանալ դարի գաղափարներին ու կանգնել քաղաքակրթական զարգացման ուղիղ շաւղի վրայ։ Ինչպէ՞ս պահպանել այդ լեզուն։ Հարկա՛ւ, դպրոցի եւ լուսաւորական կազմակերպութիւնների միջոցով։ Անջատ-անջատ գործել թէ՞ համախմբւած։ Ի հարկէ վերջին եղանակով։ Բայց բռնակալ կառավարութիւնը հայութեան համար չէր ճանաչում իրաւունք համազգային կազմակերպութիւններ ստեղծելու։ Շատ-շատ նա հանդուրժում էր, որ հայերը, իբրեւ պարզ քաղաքացիներ, ստեղծեն այստեղ կամ այնտեղ «աստուածահաճոյ» հաստատութիւններ կամ նեղ ծրագիր հետապնդող լուսաւորական ընկերութիւններ, ստորադրելով նրանց իր խիստ հսկողութեան ու խնամակալութեան։ Նման պայմաններում հպատակը եւ մասնաւորապէս հայը պիտի որոնէր թոյլ պատնէշներ պետական կառուցուածքի եւ օրէնքի մէջ, որպէսզի ճմռելով այդ երերուն արգելարանը՝ մի այլ յարկի տակ, կառավարական աչքից հեռու՝ կարողանար բաւարարութիւն տալ իր հասարակական եռանդի փթթման։ Հայութեան համար այդպիսի թագստարան հանդիսացաւ եկեղեցու կազմակերպութիւնը։ Նա օժտւած էր ինքնօրէնութեամբ եւ հօտի հոգեւոր-բարոյական զարգացման կարիքները հոգալու իրաւունքով։ Աշխարհիկ հայութիւնը կամովին հագաւ հօտի շապիկ եւ ձգտեց իր աշխարհիկ զարգացման պահանջն իրագործել եկեղեցու կրօնա-կղերական վարագոյրի տակ։ Ժողովրդական կրթութեան ասպարէզում դրսեւորած իր ամբողջ եռանդը եւ նիւթական զոհաբերութիւնները նա առերեւոյթս տրամադրեց եկեղեցուն։ Կուլտուրական-լուսաւորական հաստատութիւնները (Մարդասիրական Ընկերութիւն Բագւում, Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութիւնը եւ այլն) նա պահպանեց իբրեւ մասնաւոր հասարակական ընկերութիւններ, բայց նրանց վարած քաղաքականութիւնը (մանաւանդ դպրոցական խնդրում) ամբողջովին համաձայնեցրեց եկեղեցու բռնած ընթացքին։ Ընդհանուր հալածանքի մթնոլորտում այդ ընկերութիւնները չէին կարող աններդաշնակութիւն մտցնել ազգի ոգորման մէջ եւ ներհակ կանգնել խոշորագոյն կազմակերպութեան եկեղեցու քաղաքական վարքագծին։ Հալածողը մի ճակատ էր ճանաչում ազգային խտրականութեան ճակատ։ Բնական էր, որ դիմադրողներն էլ դարձեալ մի ճակատի ոյժեր դառնային, մանաւանդ որ նրանք այդպիսին էին գործնական աշխատանքի մէջ։ Ի՞նչ գործառնութիւններ էին յանձն առել հայկական բարեգործական-լուսաւորական ընկերութիւնները։ Նրանք զբաղւում էին քրիստոնէական բարեգործութեամբ։ Այդ նոյնն էր անում եկեղեցին։ Նրանք դպրոցներ եւ թօշակառու ուսանողութիւն էին պահպանում, օգնութիւն հասցնում գրականագէտներին եւ ուսուցանողներին։ Այդ միեւնոյնը կատարում էր եկեղեցին։ Այստեղ խօսք կարող էր լինել այն մասին, թէ ով ինչպէս էր կատարում իր յանձն առած աշխատանքը, ի՞նչ հմտութեամբ կամ ի՞նչ բովանդակութեամբ։ Սակայն բռնապետութեան ծանր թաթն այնպիսի աւերածութիւններ էր կատարում, որ այլեւս աղօտանում էին այդ հարցերը։ Խիզախ միտքը թուլանում էր անվերջ յարուցւող խոչընդոտների դէմ եւ բռնում միաձեւութեան փրկարար փէշը։ Այդ միաձեւութիւնն ամենուրեք էր, թէ մասնաւոր լուսաւորական ընկերութիւններում եւ թէ եկեղեցու հովանաւորած հաստատութիւններում։ Աւելին։ Եկեղեցու կազմակերպութեան համեմատական հզօրութիւնն ու հեղինակութիւնը դեռ եւս փրկում էր իր հովանաւորեալին ձանձրալի հսկողութիւնից եւ փափկանկատ վերաբերմունք ստեղծում դէպի այն։ Դա էր, որ պակասում էր մասնաւոր լուսաւորական ընկերութեանը, որի իւրաքանչիւր գործին հսկում էր նահանգապետը։ Այս պայմաններում, կրկնում ենք, լուսաւորական ընկերութիւնները չէին կարող ներհակ ընթանալ եկեղեցուն։ Նրանք կամայ թէ ակամայ պիտի դառնային եւ դարձել էին եկեղեցուն օժանդակող հաստատութիւններ, տրամադրելով իրանց նիւթական միջոցների խոշորագոյն մասն այն դպրոցներին, որոնց իրաւական տէրն եկեղեցին էր ճանաչւած։ Կատարւում էր մի ինքնօրինակ հաւաքումն հայկական ինքնապաշտպանողական ոյժերի։ Նրանք պարզում էին եկեղեցական խաչվառ, որ աշխարհիկ դրօշակի դեր էր կատարում։ Արտաքինը կրօնա-կղերական, միջուկն՝ աշխարհիկ ըստ ամենայնի։

Աշխարհիկ միջուկը հայ հասարակութիւնը նուաճել էր 60-ական թուականներին, նուաճել էր երկարատեւ եւ յամառ պայքարով։ Թէ եկեղեցին եւ թէ ժողովուրդն այն համոզմանն էին եկել, որ առանձին-առանձին իրանք անոյժ են բռնապետական կառավարութեան դիմաց։ Եկեղեցին մասնակից էր դարձրել աշխարհականներին դպրոցական գործի կառավարութեանը, ստեղծելով հոգաբարձուների հաստատութիւն, իսկ ժողովուրդը յօժարակամ հարկատւութեան էր ենթարկել իրան յօգուտ դպրոցների, ուժեղացնելով նիւթապէս եկեղեցու կազմակերպութիւնը։ Սա սահմանադրական մի երեւոյթ էր. փոխադարձ պարտաւորութիւններով ու երաշխիքներով։ Եւ թէ խախտւում էր հայ դպրոցական սահմանադրութիւնը, եթէ պատահում էր, որ հոգեւորականութիւնն ինքնագլուխ կարգադրութիւններ էր անում, ջանալով անտես անել աշխարհականների կարծիքն ու ձայնը, կամ եթէ նման վերաբերմունքի դիմաց դժգոհութեան ալիք էր անցնում հայ հասարակութեան մէջ եւ վերջինս թուլացնում էր իր կամաւոր տուրքերի աղբիւրը ապա այս բաղխումների պատճառը բղխում էր ոչ թէ հայկական երկու կողմերի չար կամքից կամ թէ իշխանատենչութնիւց, այլ արտաքին, կառավարական պահանջներից կամ ներշնչումներից։ Սահմանադրական ներդաշնակութիւնը խախտւում էր բռնապետական խստութիւնների շնորհիւ, այլ ոչ թէ հայկական ներքին ոյժերի այս կամ այն գերակշռութիւնից։ Հայ դպրոցական կառավարութեան կանոնադրութիւններն այդ են ապացուցում։

Չպէտք է առանձին թանձրացեալ կղերականութիւն որոնել հայ հասարակական այս կամ այն գործչի կամ նոյնիսկ ճանաչւած հոսանքի արտայայտութիւնների մէջ։ Եթէ Կար. Եզեանը գրում էր, թէ՝ «Արտաքոյ Հայաստանեայց Առաքելական սուրբ Եկեղեցւոյ չիք Հայութիւն» կամ թէ Ս. Մանդինեանը յայտարարում, որ «ինչ ծածկենք, մենք ամենքս մոլեռանդ լուսաւորչականներ ենք. Ով որ այս դաւանութիւնը չունի, նրան դժուարանում ենք հայ անուանելու, մանաւանդ եթէ նա հաւատափոխ է եղել», եթէ դարձեալ վերջինս յայտնում էր, թէ «Հայութիւն եւ Լուսաւորչի դաւանութիւնը մենք մի ենք համարում, որովհետեւ դա մեր ազգային յատկութիւնն է» [1], այս յայտարարութիւններն ամենեւին չեն վկայում, թէ Եզեանն ու Մանդինեանը համոզւած կղերականներ լինելով՝ կամենում էին հայ աշխարհիկ միտքը ներքինացնել կրօնական հաշիշով։ Ամենեւին։ Այդ յայտարարութիւնները լոկ վկայում են, որ յիշեալ գործիչները ձգտում էին բարձր պահել եկեղեցու հեղինակութիւնը եւ այն դարձնել ապահով փարախ ազգի համար։

Նոյն մտահոգութեամբ չափաւոր պահպանողականների բերան «Փորձը» գրում էր 1876 թ. «Հայոց ազգը իւր քաղաքական ինքնուրոյն գոյութիւնը կորցնելուց յետոյ պահպանեց իւր ազգութիւնը գլխաւորապէս Սուրբ Գրիգոր Լուսաւորչի հիմնած եկեղեցու շնորհիւ ով որ պատկանել է այդ եկեղեցուն, համարւել է եւ մինչեւ այժմ էլ համարվում է հայ, թէեւ իրօք նա այլ ծագումից եւս լինէր, եւ միւս կողմից՝ այն հայը, որ ուրիշ եկեղեցու գիրկն է մտել, դադարել է իւրան հայ անուանել, շփոթելով ուրեմն եկեղեցու գաղափարը ազգութեան գաղափարի հետ։

Եկեղեցին է այն կենտրոնատեղը, որի շուրջը համախմբվում է հայ ազգը իբրեւ այնպիսի ազգ, որ վայելում է մի քանի առանձին իրաւունքներ, եւ որ կազմում է մի տեսակ ինքնուրոյն իրաւաբանական միութիւն։ Այս առանձնութիւնը եւ ինքնուրոյնութիւնը արտայայտվում են առանձին իրաւունքների մէջ , որոնք տրուած են մեր ազգի հոգեւորականութեան զանազան պետութեանց մէջ»։

…«Անյաղթելի հանգամանքների բերմամբ՝ հայոց թագաւորութիւնը կորցրեց իւր քաղաքական գոյութիւնը եւ Հայաստանը բաժանուեցաւ երեք տէրութեանց մէջ. այդ ժամանակ հայոց ազգի մի մասը սկսեց գաղթել դէպի Ասիայի եւ Եւրոպայի զանազան երկիրները։ Կարելի էր կարծել որ Ազգի միութիւնը կորցրեց իւր իսկական կայունութիւնը։ Եւ այդպէս էլ կըլինէր, եթէ հայոց ազգը չպահպանուէր Սուրբ Գրիգոր Լուսաւորչու եկեղեցու շնորհիւ»։

…«Եւրոպայում զարթնած խնդիրը, թէ եկեղեցին պէտք է բաժան լինի ժողովրդից, մեզ համար, մեր ազգի վերաբերութեամբ, ինքնասպանութեան հաւասարազօր մի գործ է» [2] ։

«Փորձը» գտնում էր, որ հայերը կղերականութիւնը չունին, որովհետեւ եկեղեցու պաշտօնէութիւնն ընտրովի է, իսկ հոգեւորականութիւնը՝ զբաղւած լինելով լուսաւորական աշխատանքով՝ չի հակառակում գիտութեան։ Արտաքին կեղեւը չպէտք է խուսափէ դիտողի աչքից։ Եւ դրա համար է, որ բռնութեան դէմ պէտք է արծարծել, ջատագովել ու պաշտպանել եկեղեցու հեղինակութիւնը։

Խօսք չկայ, որ բոլոր հայերը չէին մտածում Եզեանի, Մանդինեանի կամ «Փորձի» ձեւով։ Կար «Մշակի» հոսանքը, լիբերալ-ժողովրդապահ, որ ձգտում էր ըստ չափու կարողութեան աշխարհիկ տարրն ուժեղացնել թէ դպրոցների կառավարութեան եւ թէ դասաւանդւող առարկների մէջ։ Այս հոսանքն իր քննադատութեամբ նսեմացնում էր հոգեւորականութեան հեղինակութիւնը, հոգեւորականութեան եւ ոչ եկեղեցու։ Եւ նման քննադատութեան առթիւ էր, որ Էջմիածնի պաշտօնական «Արարատը» գրում էր, թէ ազգային դպրոցները ստորադրւած են «ուղղակի հայոց հոգեւորականութեան, եւ յատկապէս Հայոց Պատրիարք-Կաթուղիկոսին՝ իբրեւ Ծայրագոյն Գլխոյ Եկեղեցւոյն Հայոց» եւ որ այն հայերը, որոնք կրօնականն ու դպրոցականը, «Հայոց կաթուղիկոսն ու հայկական լեզուն» տարբեր բաներ են համարում, նրանք «առիթ եւ պատճառ» են ընձեռում օտարներին «սխալ կերպով ըմբռնելու մեր Եկեղեցւոյ եւ ազգի կրօնական եւ բարոյական դիրքը, կապն ու պայմանը»։ Այդ հայերը «Արարատի» լեզւով «տգէտ եւ օտարաուսումն գրագէտներն» են [3] ։ Քաղաքական բռնութիւնն այսպէս էր թելադրում խօսելու հայ ազգասէրներին։ Նա միաժամանակ փականք էր դնում կրօնի եւ եկեղեցու համոզւած հակառակորդների շրթունքներին եւ նրանց ստիպում իրար հետ հաշտեցնել հակոտնեայ հասկացողութիւններ։ Ազգը կրօնական հօտ էր դառնում, որ վերջնականապէս փետրազուրկ չդառնայ բռնաւորների ձեռքով։ Նրա ճանաչւած բանաստեղծը, որ քաղաքական վերածնութեան քարոզներից մէկն էր առաջինների շարքում, չէր քաշւում գրելու հետեւեալը։

…«Մեր եկեղեցին ազատ է, մեր հոգեւորականութիւնը ներողամիտ է, մեր առտնին օճախը սուրբ է, մեր հայերուս գանգի ուղեղը զարգացած ու հասուն է, հայի լեզուն ճկուն, հարուստ եւ դիւրին է։ Հայը դրսի անտանելի հալածանքին չդիմանալով միայն եւ այդ՝ հազարումէկ ներքին ոգորմամբ, ուրանում է իւր եկեղեցին եւ ազգութիւնը. եթէ հայը ակներեւ հալածանքի մէջ անգամ գիտէ զարգանալ ազգովին, ապա որքա՞ն նա պիտի բարգաւաճէր բարոյապէս եւ նիւթապէս, եթէ ունենար ազատութեան նման մի բան իւր քանդքանդած, բայց հարազատ Հայաստանի մէջ [4] ։ Եւ Գամառ-Քաթիպան «հարազատ Հայաստանի» գաղափարի յաղթանակի ու իրագործման մէջ պակաս տեղ չէր յատկացնում «ազատ եկեղեցուն» մանաւանդ «ազգովին զարգանալու» խնդրում։ Դարձեալ հին խորհուրդն էր հնչւում. ով կստորացնէ իւր անձը՝ նա կբարձրանայ. կրօնական հօտի վիճակի հետ հաշտւենք, որ նուաճենք ազգութիւնը։ Այս մտածողութիւնը բղխում էր յարմարեցման թելադրանքից եւ նա «ազգովին զարգացումը» ամուր կապերով կցորդեց եկեղեցու գործառնութիւններին։

Առանձին տարբերութիւն չունէր այս խնդրում պահպանողական «Մեղու Հայաստանիի» տեսակէտը։ Վիճելով Գր. Արծրունու հետ՝ թերթը գրում էր. «Մշակը չէ ճանաչել հայ ազգային եկեղեցու նշանակութիւնը հայ ազգութեան համար ներկայումս. «Մեղուն» հայ ազգութեան տարր համարել է հայրենիք, լեզու եւ եկեղեցի, որոնցից առաջինը դեռ հայ ազգը չունի, երկրորդը շատ թերի է եւ շատ հայերի մէջ բոլորովին պակաս ուստի եւ եկեղեցին մնացել է մինչեւ ցայժմ եւ ներկայումս գլխաւոր պահապան հայ ազգութեան։ Բայց այս գաղափարի սխալ լինելը չապացուցեց պ. Գր. Արծրունին, եւ եկեղեցին ազգութեան հետ գործ չունի ասելով միայն թեւ տուեց կրօնափոխութիւն քարոզող մարդորսներին» [5] ։

Այսպէս բոլոր պայմաններում եկեղեցին իբրեւ ազգութեան սիւն եւ ոչ թէ հոգեւոր որոնումների ու հաւատի անօթ։ Բնականաբար այս ձեւով եկեղեցին դառնում էր քաղաքական գործիք, ինքնապաշտպանութեան զէնք, որի անգիտացումը հրապարակ էր հանում կուսակցական ներհակութիւն ու պայքար։ Եւ ի՞նչ է իրօք եօթնասնական եւ ութսունական թուականների հայ կուսակցութիւնների անհաշտութեան կէտը, եթէ ոչ ազգային եկեղեցու ստանձնած դերը, նրա կազմակերպութեան այս կամ այն կոչումն ու պահանջը։

Հայ մատաղ սերնդի դաստիարակութիւնն ու կրթութիւնն ընթացաւ երկու տարբեր դպրոցներում պետական եւ ազգային։ Մէկն այդ կրթական օջախներից ջանում էր հային խորթացնել հարազատ հաւաքականութիւնից, միւսն ամուր կապել նրան հայրենի յիշատակներին ու մարմնին։ Երկու օջախներն էլ այլանդակւել էին քաղաքական հալածանքի ու հետապնդումների շնորհիւ։ Առողջ դաստիարակութիւնը տեղի էր տւել ազգային մրցման հզօրի ու թոյլի միջեւ։ Հզօրն այսպէս թէ այնպէս միշտ շահում էր, թոյլը կորցնում։ Առաջինը, համոզւած նորակոչներ չնուաճելով, ստեղծում էր հպատակների մի բազմութիւն, որն իր հոգեւոր ներքինացման պատճառով անայլայլ վիճակ էր պահում այն հարուածների հանդէպ, որոնք տեղում էին ոչ-տիրող ազգերի գլխին։ Սեռի տեսակէտից նա անվնաս էր դարձել, նոյնիսկ հաջում էր տիրող ազգի բակում։ Երկրորդը՝ թոյլը՝ օրնիբուն ականատես էր, թէ ինչպէս է առաջինը յափշտակում կամ կազմալուծում նրա ոյժերը։ Նա ալիւր էր մաղում հոսուն ջրի վրայ։ Հաւաքում էր, կարծում էր թէ պատուար է կանգնեցրել հեղեղատի դէմ, բայց փչում էին քամիները, գործի կանգնում բիւրոկրատական գրիչները եւ ահա ծանր տքնութեամբ կառուցածը տապալւում եւ փոշիանում էր։ Նոր ջանքեր, նոր միջոցներ եռանդի նոր վատնում, որ դիմազրկութեան արատը չխեղէ, չխանգարէ մարդու դէմքը եւ նա իրաւունք ունենայ բաց ճակատով ասելու, թէ ինքն այր է այս խօսքի լաւագոյն իմաստով եւ գիտէ յարգել կամ ատել գիտակցելով։

Ի՞նչ ելեւէջ ունէր հայ դպրոցական սերունդի թիւը տարբեր շրջաններում եւ տարբեր դպրոցների մէջ։ Խօսքը Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին ենթակայ վարչական միաւորին է վերաբերում։ Թւերը քաղում ենք նրա տարեկան հաշիւներից։

1. Հայ դպրոցականների քանակը (երկու սեռի)

 

Պետ. միջնակարգ դպրոցներում

Պետական ստորին դպրոցներում

 

Տարի

Դպրոցների թիւը

Աշակերտների թիւը

Դպրոցների թիւը

Աշակերտների թիւը

Աշակերտների ընդհանուր թիւը

1878

24

1257

583

2037

3294

1880

28

1237

730

5317

6554

1884

39

1910

850

4808

6718

1890

41

2298

951

7476

9774

1895

43

2869

1039

7795

10664

1900

51

5250

1693

23218

28468

 

Այս թւերին կարելի է կցել մասնաւոր անձանց դպրոցներում սովորողներին, նկատի առնելով, որ այդ դպրոցներն աննշան հանգամանքներով են տարբերւել պետականներից։ Մասնաւոր դպրոցների եւ նրանց մէջ սովորող հայերի թիւն եղել է 1880 թ. 72 դպրոց՝ 1538 հայ աշակերտ, 1884 թ. 97 դպրոց. 1225 աշ., 1890 թ. 98 դպր., 1107 աշ., 1895 թ. 99 դպր., 1721 աշ., 1900 թ. 157 դպր., 2640 աշակերտ։

Տւեալները մատնանշում են, որ 1880 թ. պետական եւ մասնաւոր 830 դպրոցում սովորել է 8092 աշակերտ, իսկ 1900 թ. 1901 դպրոցում 31108 աշակերտ։ Տոկոսական աճումը քսանամեակի ընթացքում դպրոցների համար 229, աշակերտների՝ 384։ Այս պատկերի դիմաց ի՞նչ էր ներկայացնում հայոց ազգային դպրոցը (միջանակարգ եւ ծխական-տարրական).

2. Հայ դպրոցականների քանակը (երկսեռ)

 

Ազգային միջնակարգ դպրոցներում

Ազգային ստորին դպրոցներում

 

Տարի

Դպրոցների թիւը

Աշակերտների թիւը

Դպրոցների թիւը

Աշակերտների թիւը

Աշակերտների ընդհանուր թիւը

1878

?

2166

207

7899

10065

1880

19?

2981

220

7969

10950

1883

?

?

200?

12263

?

1890

4

1068

147

10733

11801

1895

4

1589

240

19235

20824

1898

4

2024

2024

 

Ազգային դպրոցների եւ նրանց աշակերտութեան վերաբերեալ թւերը պակասաւոր են։ 1880 թ. համար յիշւում են «Էջմիածնի Սինօդին ենթակայ» 19 դպրոց, որ մենք դասել ենք միջնակարգների շարքում, նկատի ունենալով Սինօդի առանձին իրաւունքները թեմական դպրոցների նկատմամբ։ Հայոց դպրոցները ռուսական կառավարութեան կողմից փակւել են երկու անգամ 1885 թ. եւ 1896 թ. ։ Այդ փակումները դպրոցական կեանքի խանգարումով եւ հասարակական շուարումով հանդերձ քայքայել են ազգային կրթարանների աստիճանական կանոնաւոր զարգացումը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ համեմատելով 1895 թ. եւ 1878 թ. տւեալները՝ գտնում ենք դպրոցականների աճում 207%։ Սա 18 տարւայ ժամանակամիջոցի համար, նկատի առնելով աննպաստ պայմանները, պակաս առաջադիմութիւն չէ։

Ի՞նչ տիպի էին հայոց դպրոցները, ի՞նչ թիւ պաշտօնէութիւն ունէին եւ ի՞նչ տարեկան բիւջէ։ Տւեալներ կան 1890, 1895 եւ 1898 թուականների համար։ Նրանք տրւած հարցերին պատասխանում են հետեւեալ կերպով. 1895 թ. 4 միջնակարգ դպրոցներն ունէին միասին 95990 ր. բիւջէ, իսկ 147 տարրական դպրոցները 178092 ր., որ միջին հաշւով մի ծխական դպրոցի համար անում էր 1211 ր. ։ Ծխական դպրոցները ստորաբաժանւում էին՝ տղայոց երկդասեան 17, աղջկանց երկդասեան 14, խառն 3, միդասեան՝ տղայոց 84, աղջկանց 25, խառն Պաշտօնէութիւնն էր —կրօնուսոյց՝ 79, ուսուցիչ՝ 278, վարժուհի՝ 104։ Պետական դպրոցից ուսուցչութեան իրաւունք ստացած ուսուցիչներ՝ 29 կամ 10, 4%, վարժուհիներ 6 կամ 5, 8%։ Ծխական դպրոցների սաները՝ տղայ 6873, աղջիկ 3873։ Մի դպրոցին 73 սովորող։ 1895 թ. տւեալները հետեւեալն էին. միջնակարգների բիւջէն 107420, ծխականներինը 263015 ր. ։ 240 ծխական դպրոցները ստորաբաժանւում էին՝ երկդասեան՝ տղայոց 26, աղջկանց 23, խառն 10, միդասեան՝ տղայոց 130, աղջկանց 28, խառն 23։ Պաշտօնէութիւնը՝ կրօնուսոյց 69, ուսուցիչ 330, վարժուհի 128, միասին 527։ Պետական դպրոցից ուսուցչութեան իրաւունք ունեցող 96 կամ 29, 1%, վարժուհի 43 կամ 33, 6%։ Ծխական դպրոցների սաները՝ տղայ 12616 կամ 65, 6%, աղջիկ 6619 կամ 34, 4%։ 1898 գոյութիւն ունէին Գէորգեան Ճեմարանը եւ 3 թեմական դպրոց 121348 ր. բիւջէով։

Առ 1-ն յունւարի 1895 թ. հայոց տարրական դպրոցների թիւն էր 242։ Յետագայ 1895 թ. նորից բացւեցին 18 դպրոց, այնպէս որ դպրոցների թիւը հասաւ 260։ Հետաքրքրական է իմանալ, թէ ինչ թափ ունէր դպրոցների աճումն ըստ տարիների։ Մեր կազմած աղիւսակը ցոյց է տալիս տարրական դպրոցների բացում։

 

 

1836 թ.

2

1858 թ.

1

1860 թ.

1

1861 թ.

1

1862 թ.

1

1863 թ.

3

1864 թ.

1

1865 թ.

1

1866 թ.

3

1867 թ.

1

1868 թ.

2

1870 թ.

8

1871 թ.

3

1874 թ.

1

1875 թ.

2

1876 թ.

2

1877 թ.

2

1879 թ.

1

1880 թ.

1

1881 թ.

1

1883 թ.

1

1885 թ.

1

1886 թ.

59

1887 թ.

24

1888 թ.

20

1889 թ.

7

1890 թ.

29

1891 թ.

7

1892 թ.

15

1893 թ.

22

1894 թ.

19

1895 թ.

18

Ընդամենը՝

260

 

Թւերից նկատելի է դպրոցների դանդաղ, ապա արագ աճումը 1886 թ. սկսած։ Այս հանգամանքը շփոթութիւն չպիտի առաջացնէ։ 1886 թ. վերաբացւել են 1885 թ. փակւած դպրոցները եւ ապա Կովկասի Ուսումնարանական Շրջանի Հոգաբարձուին հաղորդած տեղեկութիւնների մէջ մատնանշւել իբրեւ նոր հիմնարկած։ Կարելի է աներկբայօրէն ասել, որ 70-ական եւ 80-ական թուականներին հայերը հիմնարկել էին մօտ 100 տարրական դպրոց։

260 ժողովրդական դպրոցներն ըստ վայրի ստորաբաժանւում էին՝

Հիւսիային Կովկասում 9

ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄՈՒՄ՝

 

 

Թիֆլիս քաղ. 16

Ախալքալաք քաղ. —2

Բաթում քաղ. 2

Թիֆլիս գաւ. 4

Ախալքալաք գաւ. 3

Բաթում շրջ. 1

Թելաւ քաղ. 2

Դուշէթ քաղ. —1

Արդուին քաղ. 2

Սղնախ քաղ. 2

Դուշէթ գաւ. 2

Սուխումի շրջ. 1

Սղնախ գաւ. 4

Զաքաթալա քաղ. 2

Գանձակ քաղ. 5

Գօրի քաղ. 2

Բորչալուի գաւ. 12

Գանձակ գաւ. 5

Գօրի գաւ. 8

Քութայիս քաղ. 2

Ղազախի գաւ. 13

Ախալցխա քաղ. 2

Քութայիս գաւ. 1

Ընդամենը՝ 97

Ախալցխա գաւ. 1

Շորապանի գաւ. 1

 

ԵՐԵՒԱՆԻ ԹԵՄՈՒՄ՝

 

 

Երեւան քաղ. 3

Ալէքսանդր. քաղ. 5

Նոր-Բայազէդ քաղ. 2

Երեւան գաւ. —10

Ալէքսանդր. գաւ. 16

Կարս քաղ. 2

Շար. -Դար. գաւ. 7

Էջմիածնի գաւ. 10

Կարս շրջ. 9

Նախիջեւ. քաղ. 2

Սուրմալուի գաւ. 7

Կաղզուան քաղ. 1

Նախիջեւ գաւ. 21

Զանգեզուրի գաւ. 9

Արդահան քաղ. 1

 

 

Ընդամենը՝ 106

ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄՈՒՄ՝

 

 

Շուշի քաղ. 2

Նուխիի գաւ. 7

Արէշի գաւ. 1

Շուշի գաւ. 11

Ջիւանշիրի գաւ. 1

Ընդամենը՝ 27

Նուխի քաղ. 2

Ջիբրայէլի գաւ. 3

 

ՇԱՄԱԽՈՒ ԹԵՄՈՒՄ՝

 

 

Բագու քաղ. 4

Շամախի քաղ. 2

Դերբենտ քաղ. 1

Ղուբա քաղ. 1

Շամախի գաւ. 5

Լենքորան քաղ. 1

Ղուբա գաւ. 2

Գէոքչայի գաւ. 5

Ընդամենը՝ 21

 

Դպրոցական ցանցը համատարած էր, բայց նա ունէր մի ինքնայատուկ կերպարանք։ Տեսնում ենք, որ Ախալքալաքի եւ Նոր-Բայազէդի հայաշատ գաւառները համարեա զուրկ են ազգային դպրոցից, այն ինչ մի Գօրի քաղաք ու գաւառ ունին 10 դպրոց, Նուխին իր գաւառով 9 դպրոց եւ այլն։ Դպրոցը հայացման գործիք էր։ Ախալքալաքցուն եւ բայազէդցուն ապազգայնացման վտանգ այնքան չէր սպառնում։ Նրանք կարող էին սպասել, այն ինչ գօրեցուն պէտք էր փրկել վրացանալուց, նուխեցուն թուրքանալուց։

Թւերը միաժամանակ յայտարար ու վկայ են, թէ դպրոցական գործի ասպարէզում հայութիւնն որպիսի ինքնագործունէութեան էր ընդունակ։ Դպրոցը սիրւած հիմնարկութիւն էր, որ շինարար եռանդ էր ներշնչում նրան։ Այդ դպրոցական շինարարութիւնն ունեցաւ մի փայլուն արտայայտութիւն եւս յանձին առաջին ընդհանուր ուսուցչական համագումարի։

Համագումարը բացւեց Թիֆլիսում 1882 թ. Օգոստոսի 20-ին եւ տեւեց մինչեւ սեպտեմբերի 12-ը։ Մասնակցողներն էին Վրաստանի թեմից 109 հոգի, Ղարաբաղի 15, Շամախու 5, Երեւանի 36, Աստրախանի 6, Բեսարաբիայի 3, առանձին պագամաւորներ 7, Թիւրքիայից հիւրեր 5, նոր ուսուցչացուներ 5, ընդամենը՝ 193 հոգի, բացի մասնաւոր հիւրերից ու այցելուներից։ Համագումարի պարապմունքներին անմիջական մասնակցութիւն էին ցոյց տալիս հայ մանկավարժութեան եւ մտաւորականների լաւագոյն ներկայացուցիչները Ս. Մանդինեան, Ղ. Աղայեան, Առ. Բահաթրեան, Ս. Բէկնազարեան, օր. Գայիանէ Յովհաննիսեան, տիկ. Ս. Բաբայեան, Ն. Խոսրովեան, Գաբրիէլ Խատիսեան, Գր. Արծրունի, Աբգար Յովհաննիսեան, Ս. Սպանդարեան, Հ. Առաքելեան, Գէորգ Բարխուդարեան, Աբիսողոմ Յովհաննիսեան, Պ. Պռօշեան, Ալ. Երիցեան, Սիմ. Հախումեան, Ս. Արծրունի, բժ. Աւ. Բաբայեան եւ այլն եւ այլն [6] ։

Ուսուցչական համագումարը զբաղւեց ոչ միայն մասնագիտական եւ ընդհանուր հարցերի քննութեամբ, այլ եւ յատուկ մասնաժողովի միջոցով (բաղկացած 35 հոգուց) մշակեց ծխական դպրոցների ծրագիրը։ Այդ նոյն մասնաժողովին յանձնւեց մշակելու նաեւ ծրագիր միջնակարգ դպրոցների համար։ Այսպիսով համագումարն իր խօսքն էր ասում մի գործի նկատմամբ, որի իրաւական տէրը հոգեւորականութիւնն էր։ Բնական էր, որ աշխարհիկների համագումարն աշխարհիկ աչքով էլ նայէր դպրոցին եւ աշխարհիկօրէն էլ ձեւակերպէր իր խօսքը։ Սրա մէջ մեղադրելի ոչինչ չկար, եթէ Ռուսաստանի քաղաքական պայմաններն այլ լինէին։ Բայց ուսուցչական համագումարն եւ իր որոշումները յանցաւոր երեւոյթներ էին այն Ռուսաստանում, որը ձգտում էր դիմազուրկ դարձնել մանր հպատակ ազգերին։ Նրանց հետ չէր հաշտւում բռնապետութեան ողջ գործելակերպը։ Եւ նա պիտի իր թաթի մէջ առնէր հայ դպրոցը, որպէսզի թողնելով անունը՝ դատարկէր անօթը։ Այդ եւ աւելի վատթարն արաւ նա։ Հայ մատաղ սերունդի լուսաւորութեան գործը դարձաւ մի ասպարէզ, ուր բութ պաշտօնեաներն առիթներ գտան դրսեւորելու իրանց սեւ հոգին։



[1] Գ. Էդիլեան՝ «Ս. Մանդինեան», Թիֆլիս, 1916, էջ 17։

[2] «Փորձ», 1876, գիրք I, էջ 414-415-418։

[3] «Արարատ», 1877, թիւ Բ., էջ 67-73։

[4] «Փորձ», 1879 Գ. X, էջ 95-96, Սիւլիւկ՝ «Ճանապարհորդութեան տպաւորութիւններ»։

[5] «Մեղու Հայաստանի», 1880, N63։

[6] Յովհ. Նազարեանց՝ «Հայոց Առաջին Ընդհանուր Ուսուցչական ժողովի պատմութիւնը», Թիֆլիս, 1883։