ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

I

Ի՞նչ պայմանների մէջ որոնել հայութեան կազմակերպւած գոյութիւնը եւ առհասարակ արժէ՞ այդ ուղղութեամբ միտք ու եռանդ վատնել։ Այդ հարցը միշտ ծառացած էր տասն եւ իններորդ դարի բոլոր մտածող հայերի առաջ, ինչ հասարակական դաւանանքի էլ պատկանելիս լինէին նրանք։ Հայ առաջին ուխտի աշխարհիկ մտաւորականները (Խաչ. Աբովեան, Ստ. Նազարեան, Միք. Նալբանդեան, Ռափ. Պատկանեան եւ միւսները) դրւած հարցի երկրորդ մասին տւել էին դրական պատասխան։ Ոչ միայն արժէ միտք ու եռանդ վատնել հայութեան ազգային գոյութիւնը պահպանելու համար, այլ եւ դա մտաւորական դասի գերագոյն կոչումն էր։ Կազմակերպւած գոյութեան մասին էլ՝ ժամանակի հանգամանքները նկատի առնելով՝ նրանք ասել էին իրանց ուղիղ խօսքը։ Հայութիւնը՝ նոր միայն ազատւած պարսկական ու թիւրքական դաժան իշխանութիւնից՝ դեռ ամուր չտեղաւորւած Հայաստանի ռուսական բաժնում, չսրբւած դարաւոր ստրկութեան արատներից, խոնարհ, ստրկամիտ, երկչոտ եւ ընչաքաղց՝ այն ժողովուրդը չէր, որ կարողանար ըմբռնել ու խանձարուրել իր մէջ քաղաքական ծրագիրներ։ Նրա համար ընտանի էր այն քարոզը, որ կոչում էր դէպի մաքրագործում ասիական աղտեղութիւններից, դէպի լուսաւորութիւն եւ եւրոպականացում։ Սրբւել պարսկա-թիւրքական ժառանգութիւնից՝ դա մի այնպիսի խոշոր նուաճում կը լինէր, որ հայ գործիչների 50-ական եւ 60-ական թուականների սերունդն աւելին չէր ցանկանում։ Սրբւած ժողովուրդն իր գոյութեան համար նոր ուղիներ կը փնտրէր։ Ամենից կարեւորը սրբող աւազանի ստեղծումն էր, որ իբրեւ դպրոց, մամուլ, թատրոն, բարեգործական լուսաւորական ընկերութիւն՝ պիտի լուսողող անէր հային եւ նրա նկուն հոգուն յարատեւելու նոր մղումներ հաղորդէր։ Այս հասարակաշէն ծրագրով մօտեցաւ հայը 80-ական թուականներին։

Հայ գործիչների 80-ական եւ յետագայ թւականների սերունդները հայութեան հաւաքական գոյութեան խնդրում անկարող եղան խուսափել իրանց նախորդների առաջ ծառացած հարցերից։ Նախ եթէ ազգային լուսաւորութեան աղօտ եւ երերուն ճրագը մէկին առաջնորդում դէպի տուն, դրա դիմաց պետական ողջ կառուցուածքը եւ նրա դպրոցը տասին պոկում եւ օտարացնում էին այդ տնից։ Այդ մենք տեսանք՝ ծանօթանալով հայկական կուլտուրական ոգորման հետ։ Միւս կողմից բարդացել էր տնտեսական ու հասարակական կեանքը։ Քայքայւում էր գիւղական համայնքը եւ հազարաւոր պանդուխտներ շպրտում քաղաքները։ Մեռնում էին համքարական կարգերը, արհեստը կորցնում էր իր հացատու բնոյթը եւ գոյութեան խնդիրը թափառման մէջ էր դնում նաեւ քաղքենիական խաւերը։ Հայ նահապետական մեծատների փոխարէն, որոնք եկեղեցու կամ ընդհանուր քաղաքական վշտակրութեան պատճառով կապւած էին մնում ազգային ընդհանրութեան՝ հրապարակ էր եկել կապիտալի նախնական կուտակման խստաչար հաւաքողը կամ նրա եւրոպականացած ներկայացուցիչը, որը կենտրոնախոյս ոյժ էր ըստ ամենայնի, իր համար նեղ էր համարում ազգային կեղեւը եւ առիթ չէր փախցնում հարկ վճարելու ապազգայնացման երեւոյթին։ Այդ էլ տեսանք մենք, երբ հետազօտում էինք հայ առեւտրա-արդիւնաբերական դասի զարգացումը։ Դրութիւնը սպառնական էր մի մանր հպատակ ազգի համար։ Նրա գոյութեան ու յարատեւման խնդիրը դառնում էր տարակուսանքի առարկայ։ Լինել թէ՞ չլինել, եթէ այո, ապա ո՞ր նեցուկների վրայ խարսխւած։

«Ի՞նչ հարկաւոր է ազգութիւնը», հարց էր տալիս Գր. Արծրունին 1876 թ., կարդալով Թիֆլիսի ռուս մամուլի մէջ (“Тифл. Вѣстникъ”) մի յօդուած, որը ժխտում էր մանր ազգերի գոյութիւնը։ «Այս յօդվածը կարդալով, գրում է Արծրունին, մենք ակամայ յիշեցինք Պրուդօնի նշանաւոր խօսքերը թէ տգէտներին որք չեն հասկանում մարդկութեան օրգանական կազմակերպութիւնը, միշտ յատուկ է ցանկանալ միակերպութիւն, միշտ յատուկ է ցանկանալ միակերպեցնել ամեն բան, որ մին միւսից տարբեր է։ Որքան վնասակար է միակերպացնել անհատութիւնները հասարակութեան մէջ, ստիպել իւրաքանչիւր անհատին մի հասարակութեան մէջ զրկւել իր անհատական գաղափարներից, կարծիքներից, համոզմունքներից, ուղեղի սեփական մտաւոր գործակատարութիւնից. այնքան էլ ամբողջ մարդկութեան բազմակողմանի զարգացման համար, բացի վնասից, ուրիշ բան չէ կարելի սպասել, եթէ կըստիպէք իւրաքանչիւր ազգութեան (որ մարդկութեան մէջ նոյն անհատ է, ինչ որ մի անձն հասարակութեան մէջ), հրաժարւել իրան յատուկ մտաւոր գործակատարութիւնից, իր անհատական մտաւոր, բարոյական, հոգեւոր կեանքից եւ կըստիպէք նրան ընդունել ուրիշի, աւելի ուժեղի, գուցէ եւ աւելի զարգացածի մտաւոր պատրաստ կեանքը, իր բոլոր գործիչներով, իր լեզուով, իր մտածելու եւ խորհելու եղանակով, միայն այն պատճառով, որ մեծ ազգութեան այն մտաւոր գործիչները արդէն պատրաստ են, իսկ փոքր ազգութիւնը դեռ իր գործիչները պէտք է մշակէ» [1] ։

Հակառակ լինելով ազգի բռնի հոգեւոր ներքինացման՝ Գր. Արծրունին չէր մեղանչում գիտութեան եւ առաջադիմութեան դէմ։ Ազգային գոյնի փոփոխումը հեշտ պրոցէս չէ։ Նա խորտակում է կեանք ու հոգի, այլանդակում է թէ զոհին եւ թէ բռնացողին։ Եթէ հպատակ մանր ազգութեան ունեւոր խաւերը կատարելագործւած միջոցներով (ծծմայր, դայեակ, դպրոց եւ այլն) կարողանում են առանց ցաւերի լեզուով եւ նիստ ու կացով հարազատանալ տիրողին, այդ չի կարող անել գիւղացին կամ բանւորը։ Պահանջել վերջիններից ձուլւել տիրողի երամակին՝ նշանակում է երկար ժամանակ նրանց պահել հոգեւոր խղճուկ շապկի մէջ, խոպանացնել նրանց մտաւորը եւ նոր հերկումով հունձ սպասել։ Սա տառապանքի միջոց է, զզւելի բռնութիւն։ Երբ այս հեռանկարի դէմ Գր. Արծրունին ազգութեան ջատագով էր հանդիսանում՝ նա իր դերի մէջ էր իբրեւ դեմոկրատ եւ լուսաւոր մտածող։ Նա խտրականութիւն չէր պաշտպանում, մեկուսացում չէր քարոզում, այլ հարուածում էր թէ մէկը եւ թէ միւսը։ Եւ նա հպարտանալու իրաւունք ունէր, երբ գրում էր «Իմ խոստովանութիւնը» յօդուածի մէջ, թէ ինքը ազգութիւն է քարոզել հայերին։

…«Ինչով կարող է մի ազգ մի ուրիշ ազգից ջոկվել, որպէսզի պահպանի իր անհատական ազգային գոյութիւնը», հարցնում է Արծրունին եւ պատասխանում. «Երկու բանով. կրօնով կամ ազգութեամբ։ Առաջին միջոցը ջոկւելու տեւողական չէ. կարելի աղանդ մնալ, բայց կորցնել իր հայրենիքը, իր մայրենի լեզուն, եւ այն ժամանակ ոչինչ չի մնայ որ ջոկի այդ ազգը մի ուրիշ ազգից։ Այդ ազգը այն ժամանակ, թէեւ կըմնայ առանձին աղանդ, բայց ազգի անդամները կըդառնան մի այլ աւելի մեծ, աւելի ուժեղ, աւելի զարգացած ազգի անդամներ։ Եւ հայը կը դառնայ այն, ինչ որ դարձել է արդէն շատ երկիրներում։ Հնդկաստանում հայը Գրիգորեան աղանդի անգլիացի է, Ունգարիայում նա Գրիգորեան աղանդի ունգարացի է, Լեհաստանում նա Գրիգորեան աղանդի լեհացի է… Ահա, որքան վտանգաւոր է հիմնել մի ազգի տարբերութիւնը մի ուրիշ ազգից միմիայն աղանդի զանազանութեան վրա, առանց ջանալու պահպանել եւ զարգացնել ազգի բուն ազգային առանձնութիւնները, այսինքն հայրենիքը եւ մայրենի լեզուն։

Միայն այդ երկու վերջին յատկութիւններն են, որոնք կարող են պատնէշ դառնալ մի ազգի համար մի ուրիշ ազգի մէջ կուլ չըգնալու համար։ Միմիայն ազգութիւն դառնալով, կարելի է մի ազգի համար ապահովել իր անհատական առանձնագոյութիւնը, իսկ աղանդ մնալով ոչ մի ազգ երբէք իրան ապահոված չէ կարող համարել մի ուրիշ ազգի մէջ կատարելապէս լուծվելուց։

Այդ համոզմունքն էր պատճառը որ ես իմ ամբողջ կեանքի, իմ գրական ամբողջ գործնէութեան նպատակը դրած էի քարոզել հայերին, որ նրանք աղանդի սկզբունքը թողնելով, ազգութեան սկզբունքը իւրացնէին, որ նրանք աղանդից ազգութիւն դառնային» [2] ։

Բայց ի՞նչ միջոցներով։ Այստեղ է, որ թոյլ է Գր. Արծրունու միտքը։ Հեշտ էր ասել համադարման մի համարէք կրօնի կապը։ Հեշտ էր ակնարկել եւ հասկացնել տալ այն, ինչ 1847 թ. Ստ. Նազարեանը գրել էր Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցին, թէ «ուրեմն ոչ այլ ինչ մնայ Հայոցս ի Ռուսաստանեայս բայց մերկացեալ յանձանց զամենայն հայութիւն, կլեալ ի մի կուլ ի վիթխարի հսկայէն, զի չեմք արժանի սեփական կենաց նոյն եւ անարգեալ եւ խայտառակեալ զյիշատակ նախահարց մերոց՝ դարձուք ի Ռուսս. այսմ ցանկան պատուական հայրենասէրք Հայոց առ մեզ, զայս հոգան զտիւ եւ զգիշեր խաւարեալ մտօք իւրանց, եւ ա՛յս լիցի վախճան կատարածի մերոց ի Ռուսաստանեայս. որ ոչ կամի պահպանել զկենդանութիւն իւր ի շարս կենդանի էակաց, մեռցի՛ խորտակեալ ի սրոյ ամենածախ ծերունւոյն Կռոնոսի՝ որ սովոր է միշտ կլանել եւ մարսել զանպիտանացեալ որդիս մարդկութեան» [3] ։ Քաղաքական հեռատեսութիւն ունեցող հայերի համար, կրկնում ենք, ռուսացման վտանգը գաղտնիք չէր։ Բայց ինչպէ՞ս դիմադրել այդ վտանգին սա էր, որ մնում էր ծանր մտահոգութիւնների առարկայ։ Կրօնն ու լեզուն, որոնցով Ստ. Նազարեանը կամենում էր կռւել այդ վտանգի դէմ, այժմ կամ անզօր էին կամ անբաւարար։ Դարի լուսաւորութեան հետ կրօնը մատնւում էր անուշադրութեան։ Միայն կառավարական հալածանքներն էին, որ ստիպում էին հայերին պայքարի դրօշակ դարձնել կրօնը եւ եկեղեցու կազմակերպութեամբ դիմադրել ազգի փոշիացման։ Ինչ վերաբերում է լեզուին՝ տեսանք որ նա տկար գործիք էր հայերի ձեռքին։ Նախ այն պատճառով, որ դեռ չէր կատարելագործւած պահանջին համեմատ եւ կատարելագործման պահանջն էլ նոյնիսկ վէճի առարկայ էր հայկական տարբեր հատուածների համար (աշխարհաբարի ու գրաբարի խնդիրը)։ Երկրորդ՝ լեզուն պիտի պահպանւէր ու խրախուսւէր հաստատութիւնների միջոցով, իսկ այստեղ նրա դէմ անպակաս էին մեծ ու փոքր որոգայթները «վիթխարի հսկայի», այսինքն ռուս տիրող ազգի ու նրա պետականութեան կողմից։ Խօսք չկայ, որ դրութիւնը ծանր էր ըստ ամենայնի եւ «ազգութեան» քարոզն այս պայմաններում պարապ զրոյց պիտի մնար, եթէ քարոզողը չմատնանշէր եւ ազգութեան նուաճման միջոցները։ Հարցը վերաբերում էր միջոցներին եւ ոչ նրան, թէ կրօնն ինքնին եւ առանձին ազգութեան յատկանիշը չէ, որ ազգը պիտի հայրենիք եւ զարգացած լեզու ունենայ եւ այլն։

80-ական թուականներին միմիայն Գր. Արծրունին չէր, որ այդպէս էր մօտենում հայերի ազգութեան խնդրին։ Սպ. Սպանդարեանը, Յարոն, Րաֆֆին եւ միւսները նոյնչափ սուր էին զգում ստեղծւած կացութեան անբնականութիւնը եւ թփրտում հակասական դատողութիւնների, խորհուրդների, խրատների, անգամ նզովքի ոլորտում։

Լսենք, թէ ինչ ջերմութիւն է պատճառում Ս. Սպանդարեանի գրչին ազգութեան խնդիրը։ …«Հայ ազգի մէջ երկու դասեր կան, որոնք նշանաւոր են, միւսները կամ չըկան, եւ եթէ կան, խիստ աննշան են, ձայն չունին։ Այս երկու դասեր են՝ առեւտրական (բուրժուա) եւ հոգեւորական (կղերական) դասերը։ Կալուածատէրերը, իբրեւ դաս մասնաւոր տեղ չեն բռնում, չըկան. դորանցից կըկազմուէր արիստօկրատիան։ Հին ժամանակներում հայոց արիստօկրատիան արեւելքում առաջինն էր իւր կազմակերպութեամբ եւ ուժով։ Արհեստաւոների դասը չնչին է եւ իբրեւ մի մասնաւոր դաս, ազգային գործքում նշանակութիւն չունի։ Երկրագործական, ուրեմն գիւղացիների դասը, բոլորովին ձայն չունի ազգային գործքում, նրա ձայնը կտրած է, նա ծառայում է իբրեւ առարկայ երկու վերոյիշեալ դասերի ինտերէսներին։

Հայոց ազգի վերա խօսելով, ունինք մեր առջեւը երկու առաջնորդող դասեր միայն. առեւտրական եւ հոգեւորական դասերը։ Այս երկուսի ձեռքն են ազգային, ազգութեան բոլոր գործքերը։ Ազգի յառաջադիմութիւնը, յետադիմութիւնը, ազգին լաւն ու վատը, բարին եւ չարը… բոլորը սոցանից է կախւած, ուղղակի սոցանից կախումն ունի։ Ինչ ենք տեսնում այս երկու դասերի մէջ։ Հոգեւորականութիւնը հեռու մեր նախահարց հիմնած առաքելական սուրբ եկեղեցու սկզբունքներից, օտար եւ թափուր ամեն բարձր, վսեմ մտքերից, նպատակներից, ծառայում է միայն իւր նիւթական շահերին եւ իւր բարքով ու վարքով գայթակղեցնում է ժողովրդին։ Հոգեւորականութեան համար եկեղեցին փոխանակ նպատակ լինելու, միջոց է իւր ծակ աչքը կշտացնելու։

Առեւտրական դասը զուրկ մարդկային ամեն ազնիւ մտքերից ու զգացմունքներից, ցանկանում է շքեղ ապրել, ուտել եւ ըմպել։ Որովհետեւ նա կարծում է, որ մարդս միայն ուտելու համար է ստեղծուած, լաւ գիտէ, որ փողի միջոցով միայն կարելի է այդ անել։ Ուստի այդ երկրորդական ցանկութիւնը, որ է փող ձեռք բերելը, այնչափ քաղրացել է նորա համար, որ բուն նպատակը մոռացած, միջոցը դառել է նորա համար նպատակ։ Նորա համար ուրիշ ոչինչ չըկայ աշխարհումս, նա աշխատում է շուտ եւ ինչ միջոցով եւ լինի փող, հարստութիւն դիզել— այդ հաւաքելումն է կայանում նորա նպատակը։ Առեւտրական դասի համար վաճառականութիւնը փոխանակ միջոց լինելու, է նպատակ։ Երկու դասերն էլ ծոյլ են, երկուսն էլ ուզում են հեշտ, թեթեւ, առանց աշխատանքի, այսպէս ասենք, ուրիշի հաշվովն ապրել։

Բնականապէս առեւտրականները կարող չեն միմիանց մօտ ապրել եւ միմիանցից շահւել, ուրեմն պէտք է հեռանան, ցրուին, հեռու աշխարհներ թափառեն, օտար ազգերի մէջ մտնեն, որ կարողանան իրանց նպատակին հասնել։

Հոգեւորականներն էլ կախուած լինելով առաջիններից, պէտք է նոցա հետեւեն, որտեղ որ նոքա են, իրանք էլ այնտեղ լինեն, որ կարողանան ապրել։ Երկուսն էլ կրում են իրանց դրօշակի վերա հետեւեալ խօսքերը՝ որտեղ փորս կուշտ է, այնտեղ է իմ հայրենիքը։

Երկուսն էլ իրանց գործունէութեամբ եւ նպատակներով բացասում են ազգութեան միտքը, հայրենիքը։ Երկուսն էլ իրանց ուշքը, միտքը դարձած բոլորովին արտաքին, նիւթական բարիքների վերա, բոլորովին անուշադիր եւ անզարգացած են թողել հոգեկան եւ մտաւոր կարողութիւնները։ Մենք տեսնում ենք, որ այս երկու դասերը դրսից զանազանվում են միմիանցից, բայց ներքուստ շատ նմանում են միմիանց։

Այսպէս հայը մէջքը դարձրած Մասիսին, աշխարհիս ամեն կողմերը ցրւում է, նորա համար ազգութիւն, հայրենիք, մարդկային, կամ անձնական իրաւունքներ, պարտաւորութիւններ, պատւազգաստութիւն, ազնիւ հպարտութիւն… չըկան. նա այդ ամենի համար անզգաստ է։ Ինչ որ ուզում են, թող անեն, միայն առեւտրականից փողը չըխլեն եւ հոգեւորականից գաւազանը։ Ազգին միւս մասն էլ հետեւում է սոցա։ Երկրագործը թողնում է իր ազնիւ պարապմունքը եւ գնում է օտարութիւն, հեշտ ու թեթեւ հարստանալու համար։

Մի ազգի առաջնորդող եւ գործող դասերը թէ այսպէս են, մի ազգ որ սոցա հոգւով մտքով է մկրտւած, ինչ զարմանք, որ թոյլ, երկչոտ եւ տմարդ է։ Ինչ զարմանք, որ ոչինչ քաղաքական, ազգային կենաց նշոյլ չէ ցոյց տալիս, այլ ամեն մէկ քուրդի, թուլամորթ պարսկի. դատարկապորտ թուրքի առջեւը կռանում է, վիզը կախ է գցում։

Մեզ կասեն, եկեղեցին է, որ ազգութիւնը պահպանում է։ Այդ էր, հիմա չըկայ։ Հիմա եկեղեցին չէ կարողանում մինչեւ անգամ հաւատը ժողովրդի մէջ պահպանել։ Եթէ ազգութիւնը, հայոց լեզուն մի կերպով հոգեւորականութիւնից պահպանուել է, այդ ոչ թէ եղել է իբրեւ նպատակ, այլ միջոց հոգեւորականութեան ինտերէսների համար։

Արդարեւ, եթէ դորանից հայերէն լեզուն, գրաբարը խլեն, էլ ինչ կըմնայ նորան, երբ ինքը, ինչպէս վերը ասացինք, իւր կոչումից, նպատակներից հեռացել է։ Այդ է բուն պատճառը որ մինչեւ վերջումս հոգեւորականութիւնը գրաբար լեզուն պինդ էր բռնում եւ աշխարաբարին ընդդիմանում էր։ Այս մտքով միայն ազգութեան եւ լեզուի պաշտպանութիւն գտնելով հոգեւորականութեան մէջ, մինչեւ օրս էլ ժողովրդական մէջ ընդհանուր կարծիք կայ, որ հայերէն կարող է լինել միայն աղօթքների լեզու, եւ առեւտրական դասի առջեւը՝ քաղցած, ազգասէր եւ տիրացու բառերը համանշան են։ Ուրեմն երիտասարդ ուսեալները թող չըզարմանան, երբ առեւտրականը դժուարանում է հայերէն խմբագրած լրագրին գինը վճարելու։ Այդ շատ պարզ բան է. հայը մտածում է, որ նշխարքը եկեղեցում ձրի է ստանում եւ գանձանակ գցելը կախուած է իւր ազատ կամքից, նա կարծում է, որ հայերէն խմբագրած լրագիրն էլ եկեղեցուն է պատկանում, ուրեմն նորա վճարելն էլ իւր կամքիցն է կախուած։

Ինչ կարող ենք եւ ինչ իրաւունք ունենք լաւը սպասելու մի ազգից, որի գործքը յիշեալ երկու դասերի ձեռներումն է, որի առաջնորդները սոքա են։ Բացի ազգի քարուքանդ լինելուց, ուրիշ բան սպասելը ցնորք, իլուզիա է։ Սոցա շնորհիւը մեր ազգի մէջ միայն այն ժամանակին է կեանք երեւում, երբ նորա մէջ յարուցանւում է կրօնքի, հաւատի խնդիրը կամ լաւ եւս ասել, երբ այդ երկու դասերը միմիանց հետ անհամաձայն են եւ կռւում են միմիանց դէմ ունեցած իրաւունքների եւ պարտաւորութիւնների մասին։

Ազգային գործքը առաջ տանելու, թշուառ հայերին Թիւրքիայում մահմետական բռնութիւնից ազատելու, գաղթականութեան ընդդիմանալու, հոգեւորական, մանաւանդ առեւտրական դասի ազգակործան ձգտումներից փարատելու, եւ այսպէս հայ ազգը պատրաստելու իբրեւ մի առողջ եւ պիտանի անդամ մարդկութեան, կամ մի որեւիցէ պետութեան մէջ, հարկաւոր է հիմնաւոր փոփոխութիւնների։ Եկեղեցին պէտք է յետ դառնայ իւր առաջւայ պարզ եւ սուրբ սկզբունքներին, իւր միջից հեռացնէ ամեն անպէտք եւ վնասակար անդամներին։ Եկեղեցին պէտք է լինի հոգեւորականների համար նպատակ, ոչ թէ միջոց։ Առեւտրական դասը պէտք է բոլորովին սահմանափակուի եւ հայերի համար առեւտուր լինի միջոց, ոչ թէ նպատակ կեանքի։

Այս ամենը կարելի է իրագործել, երբ ճշմարիտ եւ տարրական կրթութիւն մտցնուի ժողովրդական մէջ, երբ կազմուի եւ զարգանայ երկրագործների, կալուածատէրերի եւ արհեստաւորների դասերը, որոնց վերա կը հիմնուի եւ կը գտնէ իւր ուժեղ նեցուկը գիտնական, ուսումնական դասը։ Մենք հաւատացած ենք, որ ամեն ազնիւ հայ, լինէր նա հոգեւորական, առեւտրական, սիրով կը համաձանուէ մեզ հետ։ Ինչ որ յիշեալ երկու դասերը ազգի համար գործեցին, գիտենք. ժամանակ է որ դոքա իրանց հրաժարականը տան եւ միւս դասերին թողնեն գործելու։ Մենք մերը ասացինք. մէկ խօսք էլ աւելացնենք։ Թէպէտ եւ գիտութիւնը աշխատում է օդագնացութիւնը կատարելագործելու, բայց ազգերը դեռ օդում չեն ապրում։ Թող գիտենան հայերը, որ պէտք է ամենից առաջ մի ազգ իւր ոտքի տակը ունենայ հող» [4] ։

Մի այլ յօդուածում նոյն Ս. Սպանդարեանը դարձեալ կանգ առնելով ազգութեան խնդրի վրայ՝ հայրենիքի նուաճման խորհուրդն է տալիս հայերին։ Ո՞ւր է թագնւած հայերի դժբախտութեան գաղտնիքը։ «Չէրնօգօրցիները թէպէտ եւ քարքարոտ, այնուամենայնիւ ունին հայրենիք, իսկ հայերը ուրանում են, թողնում են իրանց հայրենիքը. այս խօսքը բացատրութեան հարկաւորութիւն չունի, այս մէկ խօսքը ամեն բան պարզում է», պատասխանում է Ս. Սպանդարեանը։ «Հարցմունք է, շարունակում է նա, թէ ապագայում հայրենի լեզուն, ազգային կրօնը կըմնան, որ ազգութիւնը պահպանեն կորուստից։ Մենք պատասխանում ենք։ Մայրենի լեզուն եւ ազգային կրօնը իրանց մայր հողից հեռացրած՝ որտեղ նոքա ծնվել, օրօրվել, սնունդ են ստացել, օտարութեան մէջ, ուրիշ երկնքի տակ, օտար կլիմայում, պայմաններում դրած, —տարակոյսը չըկայ նոքա արհեստական կեանք պիտի վարեն, մայր հողից նոր սնունդ չըստանալով, վաղ թէ ուշ պէտք է մեռնեն։ Եթէ այդպէս չէ ուր են հայ գաղթականութիւններ։ Խեղճերը գաղթականութեան գաւազանները ձեռներին աչքերը լիքը արտասուքով վերջին մնաս բարեւն էին ասում մայրենի հողին, սիրած, քաղցր Հայաստանին եւ միմիանց մխիթարում էին «թէ ուր որ գնանք պինդ պահենք մեր լոյս հաւատը, մեր քաղցր լեզուն, օտարների հետ չըխառնուենք, օտար սովորութիւններ չընդունենք, ամեն տեղ մեզ համար Հայաստան կըդառնայ»։ Լաւ Հայաստան դառաւ, ո՞ւր են հայ գաղթականութիւնները… Եւ կան հիմայ ես խելօք գլուխներ, որոնք այս պատերազմի առթիւ (ռուս-թիւրքական, 1877-1878 Դ. Ա. ) Հայաստանում մնացած հայերին արդէն աշխարհիս չորս կողմն են ուղարկում։ Ստրկութեան մէջն էլ որ ապրում լինէին հայերը միացած, մէկ հողի վերա, կրկին ապագայ կունենային (ընդգծումը մերն է Դ. Ա. Ամեն բան իզուր է, քանի որ մայրենի հողը չէ միացնում հայերին, քանի որ հայերը մէկ հայրենիք չունեն՝ չեն կարող անհատական կեանք ունենալ, ազգութիւն, մայրենի լեզու, ազգային հաւատ, սովորութիւններ չեն մնայ… Իլուզիա է սպասել առանց հայրենիքի լեզուի միութեան, ազգային գրականութիւն, բանաստեղծութիւն եւ այլն։ Եթէ հայերը հայրենիք չունեն, ուրեմն եւ ոչինչ չունեն եւ մինչեւ անգամ այն որ անկարող են իրանց կեանքը գազանաբարոյ, վախկոտ եւ ցած քրդերի դէմ պաշտպանելու, այդ ամենը պարտական են գաղթականութեան սկզբունքին։ Գաղթականութիւնները հայ ազգութեան գերեզմաններն են եւ գաղթականները ազգութեան գերեզմանափորերը»։ [5]

Որպէսզի հողի եւ հայրենիքի միջոցով ազգութիւնը կենդանի մնայ, Ս. Սպանդարեանը հաշտւում էր նոյնիսկ ստրկութեան հետ մայր հայրենիքում։ Միաժամանակ նա զգուշացնում էր հայերին կոյր գործիք չդառնալ ռուս քաղաքականութեան ձեռքում։ «Ի՞նչ կըլինէր, գրում է նա, որ հայերը պատմութիւն սովորէին եւ հայոց անցեալից խրատներ վեր առնէին ներկայի, ապագայի համար։ Միթէ պարսից եւ յունաց մէջտեղն ընկած եւ նոցա ձեռքերին խաղալիք դարձած ժամանակները մոռացել են, չեն յիշում։ Ի՞նչ կըլինէր, որ հայերը շատ ընդունակութիւնների տեղ, քիչ մի տակտ ունենային եւ բերանները բաց չը պահէին» [6] ։

Անպայման ուժեղ եւ սրամիտ է Ս. Սպանդարեանը, երբ քննադատում է հայերի հաւաքական գոյութեան պայմանները կամ նրանց ախտաւոր նկարագիրը։ Միանգամայն ուղիղ եւ տեղին է նաեւ նրա խորհուրդը հայրենիք նուաճել։ Բայց ի՞նչ միջոցներով ահա այստեղ է սայթաքում նրա գրիչը։ Կարելի էր խորհուրդ տալ հայերին, որ նրանք զգուշաւոր լինեն իրանց քաղաքական արտայայտութիւնների մէջ դէպի կռւող երկու կողմերը։ Սա պատիւ է բերում նրա հեռատեսութեան։ Բայց պահանջել հայերից, որ նրանք սրբակեաց լինեն կրօնի մէջ կամ հրաժարւեն առեւտուրից, որովհետեւ իբր թէ կրօնի եւ առեւտրի հետ կապւած վատ գործառնութիւններն են հայրենազուրկ դարձնում հային դա առնուազն միամտութիւն էր։ Եթէ անգամ ուղիղ լինէր երեւոյթի այդ բացատրութիւնը՝ չէր կարելի պահանջել, որ հայը զարգացած տնտեսական կեանքից (առեւտուր, արդիւնաբերութիւն) վերադառնար դէպի նահապետական գիւղը, որպէսզի կպած մնար հայրենիքին, չգայթակղւէր արտաքին աշխարհով եւ չլքէր հայրենիքը։ Ս. Սպանդարեանն ինքն էր ասում, որ երկրագործ դասն անմասն է ազգային կեանքին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բուսական կեանք էր վարում եւ հասարակական լայն հարցեր չէին կարող յուզել նրա միտքը։ Եթէ ազգութիւն պահպանելու համար պէտք էր վերադառնալ բուսական կեանքին, ապա դա բարձր նպատակի մի երթ չէր լինի, այլ յետադիմութիւն ու կուրութիւն։ Ազգի գոյութիւնը փաստաբանել նման ապագայի համար՝ ուղղակի անճարակութիւն ու խելագարութիւն էր։ Ազգի զարգացումը եւ հաւաքումը պիտի արդարանար յառաջդիմութեան դատաստանի առաջ։ Եթէ չկար այդ արդարացումը, ապա եւ աւելորդ էր միտք ու սիրտ մաշել նրա գոյութեան հարցերի առիթով։ Նա մի գօսացած պտուղ էր, որ պիտի ընկնէր պարարտացնելու ուրիշ աւելի կենսունակ ազգերի գոյութեան հողը։

Ս. Սպանդարեանն անկարող եղաւ ստեղծւած վիճակից մի նոր ելք ցոյց տալու գոյութեան իր իրաւունքն որոնող հայութեան։ Վերջի վերջոյ եկեղեցին հանդիսացաւ նրա աչքում այն նեցուկը, որ պիտի ամրացնէր հայի թիկունքը։ Ռուս եւ թիւրք վիթխարի ոյժերի բաղխումը հայ փոքր ժողովրդի պատմական հայրենիքում, ռուսական անսանձ քաղաքականութիւնը հայկական կուլտուրայի հալածման գործում, հայութեան վերի խաւի առեւտրա-արդիւնաբերական դասի ախտաւոր նկարագիրը, այս բոլորը նրան դարձրին քաղաքականօրէն երկչոտ եւ խոհեմ։ Եկեղեցին պայքարի մէջ փորձւած զէնք էր եւ նրան դիմեց հրապարակախօսը, նրա օգնութեամբ կամեցաւ ամրացնել հայութեան քաղաքական ու բարոյական դիրքերը։ Բայց սա ուշացած մի միջոց էր եւ հայութիւնն իր ոգորումները, իր ակնկալութիւններն առաջ տարաւ առանձնապէս ուշադիր չլինելով Ս. Սպանդարեանի «նոր-դարականութեան»։

Այլ եզրակացութիւն արաւ ստեղծւած վիճակից Գր. Արծրունին եւ այդ եզրակացութիւնը տուեալ պայմաններում իրաւ որ բանական էր պատմութեան դատաստանի առաջ։ Արծրունին հայի բնական յատկութիւնն էր համարում հարստութիւն ժողովել։ Բնական համարելով այդ յատկութիւնը՝ նա սխալւում էր անպայման։ Բայց երեւոյթը նա ուղիղ էր նշմարել։ Այդ երեւոյթի հիմքը պատմական էր։ Քաղաքականապէս իրաւազուրկ հայը միայն նիւթական հզօրութեամբ կարող էր տեղ գրաւել իր համար եւ բնականօրէն նա թէ ընչաքաղց էր եւ թէ ձեռք բերածը պահող։ Արծրունին նաեւ տեսնում էր, որ Այսրկովկասում ինչ մեծութիւն էր ներկայացնում հայկական նիւթական ոյժը առեւտուրը, արդիւնաբերութիւնը, ֆինանսական դրամագլուխը։ Պահանջել, որ բարձր առաքինութիւն համարւող այս կամ այն հասկացողութեան պատճառով հայը ձեռնթափ լինի իր հարստութիւնից եւ ազգութեան սիւն դառնալու համար մտնէ գիւղական փարախը՝ նա այդ չէր կարող անել։ Դա կը լինէր կատարեալ խաւարամտութիւն, որ չէր պատշաճում նրա մտաւոր պաշարին։ Բայց Գր. Արծրունին նկատում էր, որ հայկական հարստութիւնը կանոնաւոր հիմքերի վրայ չէ դրւած, այսինքն չի ներդաշնակում ժամանակի տնտեսական բարգաւաճման հետ կապւած հասկացողութիւններին։ Հայ դրամատէրը կապալառու էր, վաշխառու, ճարպիկ վաճառական, որ գործադրում էր եւ կեղծ սնանկութիւն եւ մաքսանենգութիւն, բայց նա եւրոպական իմաստով արդիւնաբերող չէր, առեւտրական հռչակւած Ֆիրմայի տէր չէր։ Գր. Արծրունին պահանջում էր, որ նա այդպիսին դառնայ։ Նա պահանջում էր, որ հայն այդպիսին դառնայ հաւաքականօրէն, այսինքն մանր միջոցներից խոշոր դրամագլուխներ գոյացնելով եւ շահը մասնադրելով անդամների մէջ։ Գր. Արծրունու այդ պահանջը մանր-բուրժուական միամտութիւն էր եւ նա արձագանք չգտաւ։ Բայց այդ պահանջն իրագործւեց այն իմաստով, որ հայ առեւտրա-վաշխառուական դրամագլուխը նստեց հողի վրայ եւ սկսեց արգասաւորել երկիրն արդիւնաբերական զանազան ճիւղերով։ Մենք տեսանք այդ, երբ խօսում էինք առեւտրա-արդիւնաբերական դասակարգի զարգացման մասին։

Գր. Արծրունին իր քննադատութիւնների մէջ չխնայեց հայ առեւտրականին ու արդիւնաբերողին։ Այս խնդրում համերաշխ եղաւ իր ժամանակակիցներին։ Բայց նա առաքինութիւնների կամ ամօթխած ազգասիրութեան անունով չի էլ հրաժարւեց հայկական հարստութիւնների կրողներից։ Ընդհակառակը, նա խրախուսում եւ պահանջում էր, որ հայերն իրանց ձեռքը հաւաքեն Այսրկովկասի առեւտրա-արդիւնաբերական բոլոր գործառնութիւնները։

«Ամեն տեսակ արհեստների մէջն է մեր երկրի փրկութիւնը, մեր երկրի ապագան, գրում էր Արծրունին, հայը պէտք է իր համար նպատակ դնէ ամբողջ երկրի բոլոր արհեստները իր ձեռքը գցելու այն ժամանակ նա համ ինքը կըհարստանայ, համ էլ երկրի տնտեսական կեանքի տէրը կըդառնայ։

Եւ որքան կըբազմանան այլ եւ այլ անկախ պարապմունքներ, այնքան զօրեղ եւ բաղդաւոր կըլինի ազգը, այնքան եւ երջանիկ եւ ծաղկած կըլինի երկիրը։ Եւ որովհետեւ հայի անուրանալի յատկութիւնն է հարստանալուց յետոյ, այսպէս թէ այնպէս, նիւթապէս օգնել իր ազգին, ուստի յոյս պէտք է ունենանք, որ նոր ճանապարհի վրա ընթանալով եւ հարստութեան նոր աղբիւր իր համար գտած լինելով, հայը նոյն եռանդով կըշարունակէ նիւթապէս օժանդակել իր ազգային բոլոր հիմնարկութիւններին, ինչ եռանդով նա այդ անում էր եւ անցեալ դարերում եւ ներկայ դարի սկզբներում» [7] ։

Ուրեմն հարստութիւնը, նիւթական հզօրութիւնն իբրեւ թիկունք ազգային գոյութեան։ Սա միամիտ ծրագիր չէր։ Ընդհակառակը տուեալ պայմաններում նպատակայարմարագոյնն էր։ Ռուսաստանում հայը հայրենիքի, այսինքն անկախութեան ու անջատման պահանջ չէր դնում։ Նա քաղաքականապէս ռուս էր, բայց կամենում էր միւս բարեմասնութիւնների մէջ (լեզուի, կրթութեան եւայլն) հայ մնալ։ Ունէր դպրոց եւ ուրիշ լուսաւորական հաստատութիւններ, որոնց վրայ անպակաս էր կառավարական սպառնալիքը։ Եթէ այդ հաստատութիւններին գար նեցուկ լինելու եւ նիւթականը՝ այն ժամանակ նրանք կը դառնային ոգորման եղջիւրներ եւ գուցէ չափաւորէին հալածողի եռանդը։ Այսպէս էր զուգորդում Գր. Արծրունին կուլտուրական գործօնների ու հայկական դրամի դաշնակցութիւնը։ Լոյսը եւ դրամը ճակատած ռուսացման մարմաջի դէմ ահա հայկական դիմադրական ոյժը։

Բայց այսպէս վերաբերելով հայկական նիւթական ոյժին՝ Գր. Արծրունին աչքաթող էր առել նրա դիալեքտիկական միւս ձգտումը։ Նիւթական ոյժը ձգտում էր միջազգայնութեան, իսկ հպատակ, մանր ազգի կարողութիւնը նաեւ գունազրկման։ Այս հանգամանքը խուսափել էր մեր հրապարակախօսի աչքից։ Եւ հէնց դա էր, որ փշրում էր նրա կառուցած լաւ ծրագիրը։

Կարիք չկայ նորից ծանրանալու հայ բուրժուազիայի ապազգայնացման ձգտող բնաւորութեան վրայ։ Այդ մասին շատ ենք խօսել այս գրքի միւս էջերում։ Քաղաքականօրէն երկչոտ, ազգայնօրէն դիմազուրկ այդ դասակարգը չարդարացրեց Գր. Արծրունու սպասելիքները։ Ինչ որ արաւ նա՝ մանր բարեգործութեան շրջանակից դուրս չեկաւ։ Եւ եթէ մի ձեռքով դրամ էր նետում ազգային հաստատութիւններին, ապա իր ողջ հասակով եւ աջ բազուկով իմաստազուրկ էր դարձնում նրանց գոյութեան բովանդակութիւնը։ Ինքը հանդիսաւոր երթ էր սկսել դէպի ռուսական փարախը՝ իր ետեւից տանելով բուրժուական մտաւորականութիւնը եւ երերուն ու նկուն քաղքենիութիւնը։ Նա ռուսական ջրաղացի ջուրն էր, իսկ հայոց դաշտերից բարձրացող գոլորշին։ Եթէ նրան մնար՝ այդ դաշտերը վաղուց կը լինէին փոխւած ու խանձւած։ Գր. Արծրունու լաւ մտածւած ծրագիրը կենսական չեղաւ։ Ռուսաստանի ներքին կեանքում նրանով չէր կարելի ոչ պաշտպանւել եւ ոչ եւս յարատեւել։ Բայց այդ ծրագիրը հրապարակախօսի ինքնուրոյն խօսքն էր, որ ասաց։ Պատմական-քաղաքական պայմանները շատ շուտ խունացրին նրա վառ գոյները։

Երջանիկ չեղաւ Գր. Արծրունին եւ իր մի ուրիշ ծրագրի մէջ, որը նրա համոզմունքով հայերին հայրենիք պիտի բաշխէր։ Այդ ծրագիրը եւ նրա կրքոտ փաստաբանութիւնը հրապարակ ելաւ ռուս-թիւրքական պատերազմի պահուն։ Արծրունին տեսնում էր, որ հայկական ներքին ոյժեր չկան ինքնուրոյն դերի համար։ Կային ազգային-եկեղեցական հաստատութիւններ, որոնց հեղինակութիւնն օգտագործում էին կռւող կողմերը։ Այս պայմաններում նա իրան եւ իր խմբագրած «Մշակ» թերթը տրամադրեց ռուսական յաղթանակի գործին։ Նա համբերատար չեղաւ դէպի միւս քաղաքական կարծիքներն ու խորհուրդները։ Թէ Պօլսի հայ ղեկավար շրջանները Ներսէս պատրիարքի գլխաւորութեամբ, թէ Թիֆլիսի «Մեղու Հայաստանին» եւ թէ զգուշաւոր Էջմիածինն արժանացան բուռն քննադատութեան ու զայրոյթի։ Փրկութիւնը ռուսական զէնքի յաջողութեան մէջ էր տեսնում նա։ Արտաքին այդ ոյժն էր, որ հայրենիքի տէր պիտի դարձնէր հալածական հային։ Եւ ով այդպէս չէր դատում՝ նա թիւրքի կամ նրա թիկունքում կանգնած վատագործ անգլիացու դաշնակիցն էր։

«Եթէ Թիւրքիան, գրում էր Արծրունին, կանհետանայ աշխարհի երեսից որպէս պետութիւն, Թիւրքիայի հայերը պէտք է ամեն ջանք գործ դնեն Ռուսաստանին միանալու։ Բայց եթէ ասում ենք, նուաճումներ անելը Ռուսաստանի քաղաքականութեանը եւ սկզբունքներին հակառակ է, հայերը ամեն ջանք պէտք է գործ դնեն որ չընկնեն նենգաւոր, եսական Անգլիայի ճնշող եւ հարստահարող ձեռքը, որ վերեւ յիշած դիպուածում, Թիւրքիայի ընկնելուց յետոյ, կըդառնայ Թիւրքիայի նախկին ասիական նահանգների տիրապետող…           

Այն ժամանակ Թիւրքիայի հայերին կըմնայ միակ ելք՝ այն է ձգտել դէպի անկախութիւնը, եւ այդ հանգամանքի մէջն էլ նորա միակ յոյսը պէտք է լինի միմիայն Ռուսաստանի օգնութեան վրա։

Եւ Ռուսաստանի համար էլ աւելի լաւ է ունենալ որպէս հարեւան մի փոքրիկ անկախ Հայաստան, Ռուսաստանին միշտ հաւատարիմ եւ երախտագէտ Հայաստան, քան թէ Անգլիայի պէս նենգաւոր, եսական, հարստահարող եւ միշտ թշնամի հարեւան» [8] ։

Այս քաղաքականութիւնն, ինչպէս յայտնի է, այն հետեւանքն ունեցաւ, որ Ռուսաստանին կցւեց Հայաստանի մի մասը (Կարսի նահանգ), իսկ միւս խոշորագոյն մասը դարձեալ մնաց հին տիրապետողի, Թիւրքիայի ձեռքին։ Հայ ժողովուրդը միջազգային դաշնագրով ստացաւ մի նուաճում, Ս. Ստեփանոյի ռուս-թիւրքական պարտաւորագրութեան 16-րդ յօդուածը, որով նրան խոստացւում էին բարենորոգումներ Հայաստանում եւ ապահովութիւն քիւրդերի ու չէրքէզների խժդժութիւնների դէմ, իսկ Բերլինի 61-րդ յօդուածով դարձեալ նոյնը, միայն այն տարբերութեամբ, որ Թիւրքիան մտցնւելիք բարենորոգումների մասին պարբերաբար պիտի ծանուցէր մեծ պետութիւններին, իսկ վերջիններս էլ պիտի հսկէին նրանց գործադրման վրայ։ Թէ մասնաւորապէս Ռուսաստանն ինչպէս էր նայում հայկական հարցին՝ այդ երեւում է Կ. Պօլսի ռուսական դեսպան կոմս Ն. Պ. Իգնատիեւի Սան-Ստեփանոյի 16-րդ յօդուածի ուշագրաւ մեկնաբանութիւնից։ «Յօդուած XVI-ը, գրում է նա կանցլեր իշխ. Գորչակովին, կատարեալ բաւարարութիւն պատճառեց հայերի ընդհանուր ցանկութեան։ Առաջին անգամ Հայաստանի անունն արտասանւած է միջազգային պայմանագրում, եւ այն պարտաւորութիւնները, որ յանձն է առել Բ. Դուռը, կարող են հիմունք ծառայել, որ մենք մեր խնամակալութեան տակ առնենք Փոքր Ասիայի քրիստոնեայ ազգաբնակչութեան մեծագոյն մասը։ Այդ յօդուածը կապացուցանէ Եւրոպային, որ Ռուսաստանը բացառապէս սլաւոնների եւ իր դաւանակիցների մասին չէ հոգում, այլ որ նա, դրդւած մարդասիրութիւնից, նկատի է ունեցել ապահովել Թիւրքիայի ողջ քրիստոնեայ ազգաբնակչութեան բարօրութիւնը։ Որովհետեւ թիւրք լիազօրները յամառօրէն ու ջերմ ծառանում էին մեր առաջարկի դէմ յիշել Էջմիածնի կաթողիկոսի անունը եւ անուանել նրան Ծայրագոյն գլուխ բոլոր հայերի, ապա ռուս լիազօրները աւելի զգոյշ դատեցին չպնդել դրա վրայ։ Իսկապէս կաթողիկոսին միջազգային աւելի մեծ նշանակութիւն յատկացնել՝ կարող է հէնց մեզ համար որոշ վարչական դժուարութիւններ ստեղծել Կովկասում եւ նոյնիսկ հայերի մէջ պահպանել ցանկութիւններ ու ձգտումներ, որ համապատասխան չեն մեր շահերին» [9] ։

Իգնատիեւի մեկնաբանութիւնից պարզ է, թէ ռուսական արտաքին քաղաքականութիւնն ինչ աչքով էր նայում հայոց հարցին ու Հայաստանին։ Դրանք նրան հարկաւոր էին նախ այն իմաստով, որ Ռուսաստանի բարոյական վարկը բարձրանայ Եւրոպայում։ Ապա հայն ու Հայաստանը պիտի պատրուակ դառնային, որ նրա նուաճողական երթը ծաւալւի Փոքր-Ասիայում։ Երբ խնդիրը գալիս էր իսկապէս հայերի շիտակ հասկացւած շահերին՝ այստեղ առաջ էին մղւում ռուսական պետական ներքին հարցերը, ըստ որում այն վարքագիծն էր տարւում, որ հայ տարրը չօրօրւի իր քաղաքական արժէքով եւ միշտ կքած մնայ ռուսական խնամակալութեան ներքոյ։ Այս մտայնութիւնը արգելք չեղաւ Գր. Արծրունուն պատրանքնր ստեղծելու ռուսական մարդասիրութեան եւ անշահասիրութեան մասին։ Բնական էր նաեւ, որ Ռուսաստանն ուժեղ բազուկով կասեցնէր ամեն մի իրական միջոց, որ նպատակ ունէր հայերին հայրենիքի տէր դարձնելու։ Յետագայ դէպքերը, մանաւանդ ռուսական արտաքին քաղաքականութիւնը 900-ական թւականներին, միայն այդ ապացուցեցին։ Հայաստանը Ռուսաստանին, բայց հրաժարիմք հայ տարրից։ Գր. Արծրունու երկրորդ հայահաւաքման ծրագիրը, որ ամբողջովին կախւած էր արտաքին բարեացակամ ոյժի օգնականութիւնից, այսպիսով ջուրն ընկաւ։

Ասացինք, որ հայրենիքի որոնումը 80-ական թուականների հայ մտածողների խոհերի գլխաւոր առարկան էր։ Նա ներքին խնդիր էր դարձել ռուսահայերի համար։ Այդ հայրենիքն որոնւում էր Հայաստանի թիւրքական բաժնում։ Նախ այն պատճառով, որ Թիւրքիան այն երկրներից էր, որի համար կարելի էր ասել, թէ՝

Չար սուլթանի ոսկի թախտը ջարդւեցաւ, վար ինկաւ,

Թախտի տակէն հազար ազգաց ազատութիւն ծագեցաւ,

ապա եւ այն նկատառումով, որ չափազանց ակնբախ էր Ռուսաստանի հզօրութիւնը եւ թոյլ ու մասամբ երախտապարտ հայութիւնը չէր, որ նրա դէմ քաղաքական ծրագիրներ որոճար այստեղ։

Զարմանալի է, որ այս խնդրում տարակարծութիւն չկար հայ մտածող մարդկանց մէջ, ինչ բանակի էլ նրանք պատկանելիս լինէին։ Մի Մարկոս Աղաբէգեան, օրինակ, դաւանում էր, որ «Հայոց աշխարհն որ կայ՝ Հայոց ազգին պիտի փրկէ, Հայոց ազգն էլ որ կայ՝ Հայոց աշխարհին պիտի փրկէ» [10] ։ Եւ պահանջում էր, որ թիւրքը, պարսիկը եւ ռուսը հայոց աշխարհին տան իր Հայաստան անունը, յարգեն «պատմական եւ աշխարհագրական ճշմարտութիւնը»։ Նոյնն էր պահանջում «Փորձն» իր շուրջը խմբւած չափաւոր-պահպանողականների բերանով։ «Թիւրքիայի հայերի վերայ խօսելիս, ասւած է «Փորձում», պարտաւորութիւն ենք համարում այստեղ մի բանի վերայ ուշք դարձնել։ Մենք հայերի բարօրութիւնը, օսման տէրութեան մէջ, ոչ մի այլ տեղ չենք ուզում որոնել, բայց եթէ Հայաստանում… Հայաստան ասելով մենք չենք հասկանում հայերի բնակած այն տեղերը ubi bene նոցա համար, այլ հասկանում ենք աշխարհագրական Հայաստանը։ Այդ երկրի վերայ պիտի դառնայ բոլոր հայերի ուշադրութիւնը, նորա բնակիչների համար պիտի մտածեն խոհական հայերը, նոցա դրութիւնը պիտի աշխատեն բարւոքել։ Այն ազգը որ իւր երկիրը չունի (մանաւանդ Թիւրքիայում), նա ազգ չի համարվում… Քանի որ մեր հայ մտածողները եւ գործ կատարողները իրանց նպատակին հասած պիտի համարեն, երբ Պօլսում եւ Զմիւռնիայում մի վարժատուն են բաց անում եւ միեւնոյն ժամանակ մոռանում են որ կայ Էրզրում, Վան… երբ այս տեղերը իրանց համար կարծես թէ օտար են համարում, իբրեւ լոկ օսմանեան տէրութեան մի գաւառ, մենք իրաւունք չունենք մեր ազգը ազգութեանց կարգը դասել եւ նորա համար քաղաքական իրաւունքներ պահանջել։ Հայաստանը Բարձրագոյն Դռան առաջ պիտի Հայաստան ընդունուի եւ հայերի մասին խօսելիս՝ այդ երկիրը նոցա հայրենիքը պիտի համարուի եւ նոցա իրաւունքների բունը» [11] ։

Փաստաբանելով հայերի տերրիտորեալ իրաւունքը Հայաստանի նկատմամբ՝ «Փորձը» հրաւիրում է նրանց «կեանքի ու կայքի» պաշտպանութեան գործում նոյնիսկ «սուր եւ կրակ» գործադրել։ Սակայն քաղաքական կռւի յայտարարումից նա զգուշանում է։ Ընդհակառակը խորհուրդ է տալիս ձեռնամուխ լինել կուլտուրական գործունէութեան, նպաստել հայ-քրդական մերձեցման եւայլն։ Օսմանեան Սահմանադրութեան հռչակումն արժանանում է նրա ջերմ վերաբերմունքին։ Նա չէ կարծում, որ այդ ակտը «անարգ կատակ է» եւ յարձակւում է նման տեսակէտ դաւանող հայերի վրայ («Փորձ», 1876, Գիրք III)։ Հաւանօրէն այս մտայնութեան դէմ էր արտայայտւում Գր. Արծրունին, երբ արծարծելով հայկական խնդիրը, գրում էր, թէ «եւ կան դեռ բթամիտ մարդիկ, որք քարոզում են հայերին համբերութիւն, յափշտակվում են անիրագործելի ցնորքներով որ մի անգամ հայը առաջին դէր կըխաղայ Թիւրքիայում, կամ գոնէ իրագործված կըտեսնեն մի հայոց-թիւրքաց պետութիւն»… [12] ։

Կարելի էր եւ պէտք էր տարբեր տեսակէտներ ունենալ հայ-թուրքական քաղաքական յարաբերութիւնների նկատմամբ, բայց տարակարծութիւն չկար այն մասին, որ հայ-հայրենիք պէտք էր որոնել Թիւրքիայի սահմաններում։ Ս. Սպանդարեանն այն որոնում էր հողի պաշտամունքով եւ ինքնակատարելագործման քարոզով առանց ձեռնամուխ լինելու քաղաքական պայքարի։ Գր. Արծրունին արտաքին ռուսական ոյժով էր կամենում նուաճել այդ հայրենիքը։ «Փորձի» չափաւոր պահպանողականներն առաջ էին մղում կուլտուրական զարգացումն եւ հայ-քրդական ու հայ-թիւրքական մերձեցումն ու քաղաքական գործակցութիւն։ Սրանք ծրագիրներ էին, որոնք կամ հայի կորովը լծում էին յամառ ու տոկուն աշխատանքի կամ նրա միտքը թափառ պահում ակնկալութիւնների անպտուղ դաշտերում։ Եւ ահա այս ծրագիրների դիմաց երեւան եկաւ մի ուրիշը, որ հայ-հայրենիքի գոյութեան եւ հայերի քաղաքական ազատագրութեան հարցերը կապում էր նրանց յեղափոխական ներգործօն աշխատանքի հետ։

Յեղափոխական պրոպագանդն էջեր գրաւեց «Մշակում», թէեւ ըստ երեւոյթին ինքը Գր. Արծրունին համոզւած կողմնակիցը չէր պայքարի այդ ձեւին։ «Մշակի» խրախուսական վերաբերմունքը դէպի հայ երիտասարդութեան յեղափոխական որոնումներն ու ոգեւորութիւնը բուռն զայրոյթ էր առաջացնում պահպանողական բանակի մէջ եւ «Մեղու Հայաստանին» հետեւեալն էր գրում Հայաստանում իբր թէ նկատւող ապստամբական շարժումների առիթով. «Կրակն այրող է եւ պէտք է միշտ հանգցնել, մանաւանդ երբ նա հէնց քեզ է վտանգ սպառնում։ Մենք երբէք չենք քարոզել, որ հայը ստրկանայ գող եւ յափշտակասէր քրդին կամ տաճկին, այլ եթէ ոյժ ունի պաշտպանէ իւր պատիւն էլ, ընտանիքն էլ, մինչեւ իսկ սպանելով նրան. բայց իւր ոյժը քրդին նման ի չարը գործ չդնէ յափշտակութեանց եւ աւազակութեանց համար։ Բայց մեր խօսքը, ըստ պ. Բ. («Մշակի» Մոսկւայի թղթակիցը, որի յօդուածի առիթով խորհրդածում է «Մեղուն» Դ. Ա. ) մեր սառը ջուրն, եղել է ստութեամբ կամ արհեստական կերպով տարածվող ապստամբութեան համար, որոյ մասին մենք զգուշութեամբ եւ խոհեմութեամբ վարվել համոզել ենք մեր եղբարց այդ հարցի մէջ։ Մենք այնպէս ենք հասկանում մարդասէր Եւրոպայի հայոց հարց զարթեցնելու հիմն, թէ հայոց ազգն արժանաւոր ազգ է, ապագային մեծ դեր կարող է խաղալ ասիական ազգերի քաղաքակրթութեան համար, բայց չունի ոչ ոյժ, ոչ դիրք եւ ոչ էլ միջոց անձամբ ձեռք բերելու իւր իրաւունքն ու իւր ձիրքերը զարգացնելու թէ յօգուտ իւր եւ թէ յօգուտ մարդկութեան, նա որոմնի մէջ խեղդուող ցորեն է, պէտք է զգուշութեամբ որոմն քաղել եւ նրան աճեցնել։

Այդ ցորենի աճման կարօտ է եւ տաճիկ ազգն, որ հային պատկանելիքը հային տալով ինք էլ պիտի աճի եւ զօրանայ։ Տաճկի անհասկացողութեան, կուրութեան դէմ պէտք է մաքառէ եւրոպական քաղաքագիտութիւնը իւր ամեն միջոցներով, նայելով ո՞րն է հարկաւոր գործ դնել տաճկին իւր շահը հասկացնելու համար»։

Հայաստանում ապստամբութիւն քարոզող «Մշակի» խմբագիրն ու նրա նմանները, «Մեղուի» ասելով, փամփուշտներ են արձակում իրանց ապահով անկիւնից։ «Գիտե՞ն արդեօք հայոց ոյժը, հարց է տալիս թերթը, մանրամասն տեղեկութիւն ունի՞ն Տաճկահայաստանի մասերի դիրքի վերայ, որքան զէնք են պատրաստած ու պատերազմական մթերք, քանի՞ միլիոն պատրաստի դրամ ունեն։ Խելք, ոյժ եւ միջոցներ են հարկաւոր. ո՞ւր են դոքա կենտրոնացած եւ ո՞րքան են։ Պատմութեան մէջ քիչ օրինակներ կան, որ կառավարութիւնք ապագայի համար պատրաստվող եւ ինքնաճանաչութեան հասնող ազգերին դրդում են դէպի ապստամբութիւն, որպէսզի նորաբողբոջ բոյսը խամրեցնեն, ո՞վ է երաշխաւոր, որ տաճիկ կառավարութիւնն էլ այս նպատակը չունի, միթէ՞ հայերիս այս դէպքում խոհեմութիւն հարկաւոր չէ։

…Այդ բոլորովին իրանց տեղական ժողովրդոց գործն է իրանց հաշիւը տեսնել իրանց վատթար կառավարութեան հետ, առանց խտրութեան թէ հայ, թէ ասորի, թէ քուրդ եւ թէ տաճիկ անդամ. իսկ այդ միասին բնակվող եւ գրեթէ ամենքն էլ ճնշված տարրերը մոլեռանդութեամբ իրար դէմ գրգռելը կնշանակէ հէնց նոյն վատթար վարչութեան հացին եղ քսել, գուցէ եւ ուրիշների էլ նպատակին ծառայել։ …Իւր տանը նստած ուրիշի տանը կարգադրութիւն անելն եւ պահանջներ ունենալն նրանից առանց նորա դրութիւնն իմանալու եւ նրան գրգռելն իւր լեհերից աւելի ոտք ձգելու մենք աւելի քան անխոհեմութիւն ենք համարում եւ մինչեւ անգամ եղբօր շահերի դէմ անհաւատարմութիւն։ Ի՞նչ իրաւունք ունինք մենք տաճկահայերից արիւն պահանջել, նոցա ներկայն ու ապագայն խաղի հանել, երբ իրանքս մեր կոպէկների վերայ դողում ենք եւ մեր կեանքի յարմարութեանց ամենաչնչին մասն անգամ զոել չենք ուզում։ Ամբողջ Տաճկահայաստանը սովից ազատելու համար միայն 50 հազար տուինք, իսկ նորա լուսաւորութեան համար մի քանի տարուան ընթացքում միայն 10-15 հազար, որ մեր հարուստներից մէկի միայն տարեկան ծախսն է։ Կան ոյժեր, որ աւելի ահարկու են եւ արդիւնաւոր, քանի որ նոքա դեռեւս գործ չեն դրած եւ մինչեւ վերջը պահպանում են իրանց եւ չեն սպառվում. այդպիսի ոյժ մեզ հարկաւոր է» [13] ։

«Մեղուի» դատողութիւններն անխոցելի էին։ Պահպանողական հոսանքը զգուաշաւոր էր, ճանաչում էր մեր ազգային տարերքի թափը։ Եւ նա չէր կամենում վտանգի ենթարկել այն ոյժերը, «որ աւելի ահարկու եւ արիդւնաւոր են», երբ դեռ գործադրութեան չեն դրւած։ Այդ ոյժերը, աւելի ուղիղն ասած, այդ ոյժը հայ ժողովրդի մերկ ֆիզիքականն էր, նրա քանակական մեծութիւնը հայրենի երկրում։ Ամեն մի սխալ շարժում կորուստ պիտի պատճառէր այդ ոյժին, պիտի նօսրացնէր նրան, իսկ դա հեշտութեամբ վերականգնելի կապիտալ չէր։

Խոհեմ էր «Մեղուն», բայց նրա համադարմանը հայկական խակ միջավայրի համար չէր ասւած։ Ի՞նչ էր նշանակում զէնք բարձրացնել քրդի կամ թիւրքի դէմ ինքնապաշտպանութեան անունով, երբ դժուար էր անգիտանալ, որ թիւրքական պայմաններում անհատի թիկունքում կանգնած էր ցեղը, իբրեւ զօրավիգն կամ վրիժառու։ Անհատները չէին, որ բաղխւում էին Թիւրքիայում, թէեւ անհատներ լինէին վիճողները, գողերը յափշտակողները կամ առեւանգողները։ Անհատների թիկունքից բարձրանում էր ցեղի կամ կրօնական համայնքի բռունցքը։ Ե՛կ այսպիսի պայմաններում բռնիր մեղաւորի օձիքը եւ համոզւած եղիր, թէ օրէնքի կամ ինքնադատաստանի առաջ երկու կողմերն են, որ չափւում են իրար հետ իրաւունքով կամ ոյժով։ Նման բան գոյութիւն չունէր։ Վերջապէս «Մեղուն» մոռանում էր, որ կան ժամանակներ, երբ մատաղ մարմինները հրաժարւում են խոհականութիւնից եւ իրանց համար գերագոյն օրէնք են ընտրում վառ ըմբոստացումը, թո՛ղ դա լինի խարոյկի թոյլ կպչան անգամ…

Դէպի ըմբոստացում մղել հային՝ դա մեր վերածնիչներից շատերի ջերմ ցանկութիւնն է եղել։ Ըմբոստացում մտաւոր խաւարի եւ ընտանեկան կաշկանդումների դէմ՝ սա հասարակական գործունէութեան ամբողջ ծրագիր էր։ Բայց քաղաքական ըմբոստացում՝ սա նոր երեւոյթ էր։ Նախ ըմբոստացող հայը պիտի վերամկրտւէր առնականութեան աւազանում։ Այս աշխատանքին կցորդ էին դառնում բոլոր մտածող հայերը, աջից մինչեւ ձախը։ Բնածին իրաւունք էր պաշտպանւել քրէական յանցանքներ գործող քրդի կամ թիւրքի դէմ։ Միայն քաղաքական աչառու կարգերը կարող էին արգելել հային սուր բարձրացնել իր վրայ սրով խոյացողի դէմ։ Բայց հայ ժողովուրդն այնպիսի հոգեկան յատկութիւնների տէր էր, այնքան նկուն եւ դիմազուրկ, որ կարիք էր զգացւում ժողովրդականացնել նոյնիսկ այս տարրական ճշմարտութիւնը։ Խիզախութիւն ներշնչել հային եւ սուր դնել նրա ձեռքը՝ փոխարէն մաճի, արշինի ու կշեռքի՝ սա ազնուացնող աշխատանք էր, որին, ինչպէս ասացինք, մասնակցեցին բոլորը, բայց առաւելապէս Գամառ-Քաթիպան եւ Րաֆֆին։ Առաջնի «ազատ երգերը», որքան էլ նրանք անկատար լինին գեղարուեստականի կողմից, գաբրիէլի փողի պէս յարութեան կոչն էին փչում։ Երկրորդն իր վէպերով նոր արիւն եւ աւիւն էր մատակարարում հայի սրտին։ Սակայն առաջինը լոկ ըմբոստացնող էր, երկրորդը թէ այդ եւ թէ գործնական խորհուրդների եւ ծրագրների յղացող ու առաջադրող։ Րաֆֆին կարող էր պաշտօնապէս որեւէ յեղափոխական կուսակցութեան անդամ չլինել, եւ այդպիսին էր իրօք, բայց նա մեր յեղափոխական սերունդի նախահայրն էր, նրա ընդգրկած ծրագրի թելադրողը։ Հայրենիքի նուաճումը նրա հոգու սրբութիւն սրբոցն էր, որի համար նա ծառայեցնում էր թէ պատմական եւ թէ ժամանակակից միտումաւոր վէպը, արձակն ու բանաստեղծութիւնը, պատմական ուսումնասիրութիւնը, ճանապարհորդական նկարագրութիւններն եւ այլն։ Այդ մարդը հայրենիքի պաշտամունքի մարմնացած քուրմ էր։ Հայրենիք եւ նրա նուաճումն հայկական յեղափոխական ճիգերով, ազգային եռանդի սպառումով։

Հայրենիքի ապագայի անունով Րաֆֆին լցւում էր զայրոյթով, երբ Ծերենցն անտանելի քաղաքական պայմանների երեսից պաշտպանում էր գաղթականութիւնը։ «Անգլիացին, Ֆրանսիացին եւ Գերմանացին ուր եւ գաղթում են, գրում է այդ առիթով վիպասանը, իւրեանց հետ տանում են՝ գիտութիւն, արհեստ, ճարտարութիւն, եւ վերջապէս իւրեանց սուրը եւ քաղաքական դրօշը։ Նոքա նուաճում են մի երկիր, հիմնում են այնտեղ ազատ գաղթաշէնք, եւ սկսում են օգուտ քաղել երկրի բնական հարստութիւններից։ Բայց ի՞նչ է տանում իւր հետ դէպի օտար աշխարհ հայ գաղթականը։ Նա տանում է իւր հետ իւր անկիրթ գլուխը, իւր պանդխտութեան թոյլ գաւազանը եւ իւր ամեն զօրութեան դէմ խոնարհւող ստրկական ոգին… Ուր եւ գնում է նա հպատակ է։ Նա պէտք է գտնէ իրանից մի աւելի թոյլ, թշուառ ու տգէտ ժողովուրդ, որ կարողանայ նորան հարստահարել, նորանից օգուտ քաղել… Այո՛, այս բախտին հանդիպեցաւ մի ժամանակ հայ գաղթականը։ Նա գտաւ Գանգէսի ափերի մօտ իրանից աւելի մի թշուառ ժողովուրդ։ Բայց այն դարն անցաւ։ Այժմ այնտեղ անգլիացին հրեղէն սուրը ձեռին հրեշտակի նման հսկում է, եւ ոչ ոքին թոյլ չէ տալիս մօտենալ իւր զոհին…

Չընայելով այն բոլոր վնասներին, որ հայի առջեւ դնում է իւր անցեալի պատմութիւնն նա դարձեալ ձգտում է գաղթել… Հայը իւր հանգստութիւնը եւ իւր բարօրութիւնը միշտ երեւակայում է հայրենի երկրի սահմանների դրսում… Կարծես, նորա բնիկ երկրի հորիզոնը իւր համար թունաւորւած լինի…

Եւ այժմ շատերն մտածում են, թէ հարստահարութիւնն է, որ ստիպեցնում է հային թողնել իւր բնիկ երկիրը։ Այո՛, ասիական Տաճկաստանում քուրդերն հարստահարում են։ Բայց ո՞վ է մեղաւոր։ Կառավարութիւնը, պատասխանում են, որովհետեւ այնքան թոյլ է, որ չէ կարողանում զսպել իւր վայրենի հպատակները։

Դիցուք թէ կառավարութիւնը թոյլ է, բայց հայը, իւր անձի, ընտանիքի եւ սեպհականութեան տէրը, միթէ պարտաւոր չէ՞ նոցա պահպանութեան համար ընդդիմանալ իւր թշնամուն եւ թոյլ չըտալ որ կողոպտեն իւրեան։

Գոյութեան կռւի մէջ ամեն թոյլ ոյժերը դատապարտւած են ոչնչութեան։ Ցանկանում ես ապրել, սովորի՛ր դէմ դնել այն արգելքներին, որ խանգարում են քո բարօրութիւնը։ Իսկ հայը իւր կեանքում միշտ կրաւորական դեր է խաղացել…

…«Արեւելեան Մամուլի» պ. յօդուածագիրն գաղթականութեան շահերը ցուցահանելու համար՝ օրինակ է բերում հրէաները, որոնք թէեւ աշխարհի ամեն անկիւններում ցրւած են, այսուամենայնիւ, ունին փառաւոր դրութիւն եւ կատարեալ երջանկութիւն են վայելում…

Որպիսի՜ նախանձելի վիճակ…

Բայց միթէ՞ հրէան ազգ է, միթէ՞ նա կեանք եւ ապագայ ունի…

Այո՛, համեմատութեան մէջ պ. յօդուածագիրն չէ սխալւած։ Եթէ այսօրուայ օրս հայերին կամէինք համեմատել որեւիցէ ազգի հետ, նոցա զուգակշիռը կըգտնէինք միմիայն հրէաների մէջ —- մի թափառական ժողովուրդ, որ երկրի վերա ոչինչ հիմք չունի, որպէս այն բոյսերը, որոց արմատները խորին կերպով դրւած չեն հողի մէջ եւ հողմի ամենաթեթեւ փչելուց տարուբերվում են մի կողմից դէպի միւս կողմը…

…Մարդոյ կեանքը կապւած է բնութեան հետ, եւ նորա մայրը է հողը։ Եթէ հայը կամէր կեանք եւ ապագայ ունենալ, նա պէտք է իւր ապրուստը հիմնէ հաստատուն հողի վերա, եւ այդ հողը թող լինի այն, որ սրբւած է եւ գնւած է մեր նախահարց արիւնով» [14]

«Նախահարց արիւնով» սրբագործւած հողը ճանաչում էին, ինչպէս տեսանք, նաեւ միւսները։ Ճանաչում էին եւ գիտէին ստուգապէս, որ այդ հողը նուաճւած է մի հզօր ոյժի ձեռքով եւ որ նա իր համար առանձին պարտաւորութիւններ չի ընդունում հանդէպ այդ հողի նախկին տէրերի շառաւիղների։ Զէնքը դարեր առաջ լուծել էր այդ հողի պատկանելիութեան հարցը։ Նա լուծել էր ոչ յօգուտ բնիկ տէրերի։ Կամ պէտք էր, որ վերջիններս տոգորւէին այն հաստատ որոշումով, թէ

Վիզերս ճկած՝ սրտով խոնարհ ենք,

Տիրասէր հպատակ լինինք ու ծառայ,

Նորա անունը աղօթքով յիշենք,

Խղճուկ հայ ազգիս գուցէ մեղքանայ,

կամ թէ դատէին Րաֆֆու պէս, որ գրում էր. «Երբ մի ժողովուրդ այնքան զարգացած է, որ հասկանում է իւր իրաւունքները, եւ հասկանում է, որ ինքը բռնարարւում է, եւ միեւնոյն ժամանակ այնքան պատրաստւած է, որ կարող է ընդդիմադրել բռնակալի կամայականութեանը, ժողովուրդն ինքն է բողոք բարձրացնում թէ՛ զէնքով եւ թէ՛ խօսքով։ Այդ լինում է յեղափոխական ցոյցերով, եւ դրան ասում ենք, թէ ազատութեան զգացմունքն արմատիցն է ծագում, ամբոխի սրտիցն է բղխում ցածից դէպի վեր է բարձրանում» [15] ։

Պէտք էր ուրեմն յեղափոխական դալարութիւն պատուաստել այդ «արմատին», սթափեցնել նրան ստրկութեան խոր քնից, որը եւ անում է Րաֆֆին։ Կարիք չկայ շողոքորթ լեզու բանեցնել Թիւրքիայի համար եւ նրանից քաղաքացիական ու քաղաքական առաքինութիւններ սպասել։ Պէտք է ասել ահաւոր ճշմարտութիւնը եւ ապաւինել ազգի ոգորման։

«Հաւատարիմ հպատակութիւն, ասում է Րաֆֆին, մի այնպիսի պետութեան վերաբերութեամբ, որպէսին է Թիւրքիան, նշանակում է կոյր հնազանդութիւն, այսինքն անտրտունջ տանել բռնակալի բոլոր բարբարոսութիւնները։ Եւ հայերը մինչեւ այսօր իրանց հաւատարիմ հպատակութեամբ ոչինչ չշահեցին, միայն ծանրացրին իրանց ստրկութեան շղթաները։ Որովհետեւ բռնակալ պետութիւններն աւելի ակնածութիւն են ունենում դէպի այն ազգերը, որոնք անհաւատարիմ կամ կասկածաւոր են, եւ այդպիսիների ձայնը կտրելու համար միշտ աշխատում են գրաւել՝ նրանց այս եւ այն պահանջները կատարելով։ Իսկ հաւատարիմների վրայ նայում են՝ որպէս մորթւած զոհերի վրայ… Այս խօսքերը ապացուցանելու համար բաւական է՝ օրինակ, վեր առնել Թիւրքիայի յոյներին, որոնք միշտ կասկածելի են եղել կառավարութեան աչքում, եւ միշտ աւելի պատուաւոր են եղել ու յառաջադէմ քան թէ հայերը» [16] ։

Րաֆֆին նախատեսում է հայկական կոտորածների վտանգն ու հնարաւորութիւնը։ Այս դէպքում նա սրտապնդում է նրանով, որ «Անգլիայի նաւատորմը կանգնած է Կ. Պօլսի պարիսպների տակ՝ քրիստոնեաներին մահմեդականների բարբարոսութիւնից զերծ պահելու նպատակով։ Բայց եթէ պատահէր եւս մի այդպիսի անցք՝ որ հայերին կոտորէին, նոյնիսկ կոտորածի միջից կըբարձրանար նրանց ազատութիւնը, որովհետեւ առանց արիւնի, առանց զոհերի փրկութիւն չէ լինում» [17]

Րաֆֆու ցանկութիւնը կատարւեց։ Հայկական հաւատարմութեան քօղը Թիւրքիայի նկատմամբ պատռւեց ու ոտքի տակ ընկաւ։ Հայը նոյնիսկ գետերով արիւն թափեց, այսինքն թիւրքերը քամեցին նրա երակները։ Բայց Կ. Պօլսի պարիսպների տակ անշշուկ կանգնած մնաց Անգլիայի նաւատորմը, իսկ դրա փոխարէն հայութեան գլխին փլւեց նաեւ Ռուսաստանի բռունցքը։ Ցանկալի ազատութիւնը չնուաճւեց, որովհետեւ այնուամենայնիւ թոյլ էր հայկական տարերքը եւ հզօր էին նրան շրջապատող անբարենպաստ պայմանները։ Ազգային այդ թուլութիւնը գիտէր եւ Րաֆֆին, երբ իր յօդուածը վերջացնում էր նման մտորումով. «Միթէ՞ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը պէտք է անտարբեր մնայ»։

Այժմ, քառասուն տարի անց, իմաստուն դարձած այն ժողովրդասպան փորձանքներից, որ եկաւ հայերի գլուխ՝ դժուար չէ ահեղ դատաւորի շապիկ հագնել եւ հողին հաւասարեցնել մեր ողջ ազատագրական շարժումը։ Բայց դա կը լինի եթէ ոչ գերագոյն անարդարութիւն՝ յամենայն դէպս գերագոյն միակողմանիութիւն։ 90-ական թուականների սկզբին Թիւրքիայի քաղաքական վիճակը յամենայն դէպս այնպիսին էր, որ Րաֆֆին չէր հրաժարւում յեղափոխական ըմբոստացման քարոզից։ «Թիւրքիայի հայերը, գրում էր նա, մինչեւ այսօր իրանց բոլոր յոյսը դրել էին դիւանագիտական բանակցութիւնների վրայ, ամեն ինչ սպասում էին Եւրոպայից եւ իրանց փրկութիւնը միայն Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածի մէջ էին որոնում։ Բայց Անգլիայի պետական մարդիկներից մէկը, միստր Բրայս, այս օրերում (1880 թուին) խիստ ճիշտ կերպով նկատեց Կ. Պօլսի հայերին. «Աշխատէք չձանձրացնել Եւրոպային»…

Մենք կաւելացնենք հայասէր անգլիացու խօսքերին, ոչ թէ Եւրոպան, այլ Աստուած ինքը չի օգնի Թիւրքիայի հայերին, եթէ նրանք ինքները իրանց օգնելու մէջ ծոյլ կըլինեն» [18]

Թիւրքահայերի յեղափոխական ինքնօգնութեան Րաֆֆին աւելացնում էր ռուսահայերի վարկաւորումը։ «Ռուսաստանի հայերը, գրում էր նա, այժմ պէտք է կատարեն տաճկահայերի վերաբերութեամբ նոյնը, ինչ որ մի ժամանակ իրանց ոսկիներով անում էին Հնդկաստանի հայերը ամբողջ ազգի համար։ Ռուսաստանի հայերը, բնակուելով մի բարեկարգ պետութեան հովանաւորութեան ներքոյ, նիւթապէս աւելի բարեբախտ վիճակի մէջ են գտնվում, քան իրանց տաճկահպատակ եղբայրները» [19] ։

Այսպիսով Րաֆֆին թիւրքահայ դատը դարձնում էր ռուսահայերի ներքին խնդիր։ Հայրենիքի որոնումը, ազգութեան բարեմասնութիւնների նուաճման անհրաժեշտութիւնը մեր հասարակական միտքը բերել ու կանգնեցրել էր այդ կէտի վրայ։ Ռուսահայութիւնը դառնում էր թիկունքի ոյժ, որ ճակատ էր բանում Հայաստանի թիւրքական բաժնում։ Եւ ճակատի բոլոր անցուդարձերը կամ ուրախութեան փայլ էին նկարում նրա դէմքին կամ խորին տրտմութիւն բաշխում նրա սրտին։ Այդ ճակատի անունով մարդիկ մօտենում էին իրար, նահատակութիւն էին յանձն առնում, գժտւում, պայքարում, մի խօսքով նրանով լիաբուռն ապրում եւ այդ կեանքի մէջ գտնում իրանց գոյութեան գերագոյն իմաստը։ Գաղափարի մէջ ռուսահայ եւ թիւրքահայ բառերը ջնջւել էին։ Կար մի հայկական հարց, մի հայրենիքի կարիք ու պահանջ։ Արտաքին բռնաւոր ոյժերն էին, որ իրանց կարգերով ծռում էին գործիչների ուղին եւ նրանց ստիպում յարմարւել իրական պայմաններին։ Գաղափարը յաղթանակել էր մտքի մէջ. նա ուղիներ էր որոնում մարմնաւորւելու համար։

Գաղափարը պիտի իջնէր դէպի մասսաները։ Եւ նա իջնում էր, որովհետեւ այդ մասսաների շահերից էր բղխում։ Ո՞ւր է «ազգը» ահա այդ մասսաների մտահոգութիւնը։ «Ամեն տեղ, ասում է հայրենիքի ջատագովներից Ա. Թոխմախեանը, շրջապատում էին եւ հազար ու մի հարցումներ տալիս, բոլորը ազգի վրա, բոլորը ազգի համար. օրինակ «ի՞նչ է մտածում ազգը մեզի համար, ի՞նչ է նրա կամքը, ի՞նչ հրամայում է մեզ անել. մենք գիտենք, որ այժմ մի պաշտպան ազգ ունենք եւ նորան ենք պարտական մեր կեանքը եւ այդ կեանքը մենք պատրաստ ենք ամեն րօպէ նորան զոհելու»։ Առաջին անգամ ճանապարհորդը շփոթվում է. նա տեսնում է պարզ, որ այդ ազնիւ հոգիք այնքան մեծ համարմունք ունեն ազգի վրա, որ նորան երեւակայում են մի հզօր եւ կատարելապէս կազմակերպված մի մարմին, գիտնական, հարուստ, անձնազոհ անդամներից բաղկացած։ Չը հաստատել նոցա համարմունքը, չըտալ ազգին այն կատարելատիպը, որ նա չունի, դա նշանակում է սպանել նրանց սրտի նորաբողբոջ կենդանութեան յոյսը, խախտել այդ յաւերժական գիւղացոց հաստատութիւնը, որ տասն եւ չորս դարերի բարբարոսական ժամանակամիջոցը ոչինչ չէ կարողացել առնել։

Շատ ժամանակ չէ որ մեր գիւղացիները ազգային մտքերով ոգեւորվել են, սիրտ առել, եւ սկսել են պաշտպանել իրանց կայքը եւ կեանքը։ Սովից առաջ այդ զգացմունքը չէր նշմարւում. այդ միջոցին նրանք իրանց ընկճած գլուխը խոնարհած անտարբեր նայում էին յափշտակութիւններին եւ զրկանքներին, ինչպէս մի ամենօրեայ պատահարի վրա։ Այժմ գիւղացին հասկացաւ, որ իր գոյութիւնը նշանակութիւն ունի, նա այնքան հողին հաւասարւած չէ, նա բարձր է իր հարեւան ազգերից, նա մի հզօր պաշտպան ունի, որ նրան կփրկէ վտանգից, ինչպէս որ փրկեց սովից. նորա աչքի առաջ մեռան իր դրացի քրդերը, տաճիկները, որոնք թագաւորութիւն ունէին։ Այդ իրական դէպքով նա համոզվեց, որ իր ազգը, թագաւորական ազգիցն էլ հզօր է եւ դրանով ակնածելի դարձաւ դրացիների աչքում» [20] ։   

Երեւոյթը ճիշտ է դիտւած։ Հայ գիւղացին դուրս էր գալիս բուսական կեանքի պատեանից։ Եւ հասարակական ինքնագիտակցութիւնը նրան մղում էր դէպի քաղաքական մտորումներ իր եւ իւրայինների վիճակի մասին։ Լինել համատարած հարազատների տէր, որոնք սովի պահուն օգնութեան են գալիս եւ փրկում նրա կեանքը, գիրք ու դպրոց ունենալ, իր ձեռքին պահել արհեստն ու առեւտուրը եւ այնուամենայնիւ դասւել երկրորդական ցեղի շարքում, որի վրայ տնօրէնութիւն է անում կուլտուրապէս մի աւելի ստոր տարր՝ այդ երեւոյթի գաղտնիքը չէր պարզւում նրա համար։ Պապերի տանուլ տւած զէնքի վէճը յայտնի չէր նրան իր մանրամասնութեամբ։ Թիւրքի տարերքի մեծութիւնը նոյնչափ անշօշափելի էր նրա կղզիացած վիճակում։ Եւ բնական էր, որ կամաց-կամաց նրա հոգին սողոսկէր մի զգացում, թէ տիրողն անպայմանօրէն ստոր է հպատակից։ Դա նշանակում էր, որ հպատակն իր հերթին սովորէր վերից վար նայել տիրողի վրայ։ Հասկացողութիւնների այս կերպարանափոխումը եւ բաղխումը պիտի առաջ բերէր նաեւ ֆիզիքական բաղխում տեղի ու իրաւունքի մասին։ Այդ գալիքը գաղտնիք չէր Ա. Թոխմախեանի համար։ Եւ նա հարցնում էր իրան ունկնդրող հասարակութեան, թէ նա պատրաստ է զոհաբերութեան, որով միայն հնարաւոր էր ներդաշնակութիւն ստեղծել հայ գիւղացու հասկացողութիւնների եւ իրական կացութեան միջեւ։

«Զոհաբերութիւնը, գրում էր նա, մարդկային կեանքի անբաժանելի ընկերն է. առանց դրան չէ ապրիլ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ։ Իմ ասած զոհը այն զոհ չէ, որ հնդիկները մարդերի, իսկ մենք ոչխարների վրա ենք կատարում։ Այդ իդէալական զոհերը այն բարձր սկզբանց վեր թափած փշրանքներն են միայն։ Իմ խօսքը այն զոհաբերութեանց համար է, որ անհատները ընդհանրութեան, աստուածացրած հայրենիքի համար են անում։

Միայն այն հայրենիքը, ազգը բարեբաղդ է, որ որդիք մեռնել գիտեն, բարի սկզբունքների համար, որոնց համար մահը կեանքի սկիզբ, անմահութիւն է։

Մեզանում մահը սուգ է, դժբախտութիւն է. արդարեւ այդ այդպէս է։ Մենք իրաւունք ունենք լալու մեր մեռելները, որովհետեւ նրանք իսկապէս մեռնում են… Այդպէս մեռել են միլիօնաւոր մարդիք առանց աշխարհին յայտնի լինելու նրանց գոյութեան համար մի բան. մենք էլ կըմեռնենք եւ կըթաղվենք դրանց կողքին անյայտութեան մէջ։

Զարմանալի է թէ ինչի են պէտք հարստի կարողութիւնը, երբ այդ մետալի կտորները նրան չեն անմահացնում։

Ինչի են պէտք երիտասարդի եռանդն ու տաք արիւնը, երբ նա սառչելու է ոչ թէ գերի վիրաւորված հայրինքի արիւն եւ արտասուք սրբելու համար, այլ շռայլութեան եւ զեխութեան անկողնի մէջ։

Եղիշէն դրա համար ասում է. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն է»։ Իսկ ես ցանկանալով հայրենիքի համար անմահ հարուստներ եւ անմահ երիտասարդներ, վերջացնում եմ իմ հրապարակախօսութիւնը Աստուածային խօսքերով «մինչեւ որ ցորենի հատիկները չըմեռնեն, ոչինչ արդիւնք չեն կարող տալ» [21] ։

Երբ Ա. Թոխմախեանը կարդում էր այս հրաւէրը՝ Րաֆֆին արձանագրում էր. «Հայերն այժմ լաւ են հասկացել այդ։ Հասկացել են, որ հասել է մի վճռական րոպէ, երբ կամ պէտք է յանձն առնել ստրկաբար ոչնչանալ, կամ եթէ ցանկանում են իրանց գոյութիւնը պահպանել, հարկաւոր է միացած ուժերով ընդդիմադրել քրդերի վայրենի յարձակումներին։ Ուրիշ ճար չկայ։ Այդ իսկ պատճառով կազմուեցան հայերից զինեալ խմբեր, որոնց նպատակն է ոչ թէ ապստամբութիւն, ոչ թէ պատերազմել թիւրքաց կառավարութեան դէմ, այլ պատժել քրդերին, եթէ նրանք յանդգնեն խռովել երկրի խաղաղութիւնը եւ կողոպտել անզէն հայ գիւղացիներին։ Այդ զինեալ խմբերը, որոնց թիւը փոքր չէ, շրջում են հայկական լեռների վրայ, դիտում են շարժումը եւ ամեն տեղ վրէժխնդիր են լինում, երբ նկատում են քրդերի կողմից որեւիցէ անգթութիւն»։ [22]

Ո՞ւր է, դու գիտես, բաղտդ ու փառքդ

Ու ազատ կեանքդ։ Ի ծայր քո սուրին։

Այսպէս էր դուրս գալիս։ Պատմութեան անողոք դատավճիռն էր այս։ Եւ ո՞վ էր գլուխ խոնարհում այս դատավճռի առաջ, ո՞վ էր կատարում նրա թելադրանքը։ Պատմութեան ձայնին ունկնդրում էին թէ գիտունը եւ թէ անուսը, արիները հոգով ու սրտով։ Մի Յովհաննէս Ագրիպասեան, մի Վարդան Գօլօշեան [23] եւ հարիւրաւոր անյայտ արիներ, ազգի ցաւերի երեսից «ղաչաղ» դարձած մարդիկ՝ Աւետարանի այն հատիկներն, որ կեանք էին տալիս միմիայն մեռնելու պայմանով։ Դրանք քրդերի շարժումներին հետամտող զինեալ խմբերն էին։ Րաֆֆին նրանց քաղաքական ապստամբներ չի անուանում։ Չվիճենք։ Բայց նրանք խմորում եւ պատրաստում էին այդ անխուսափելի ապստամբութիւնը։ Դեռ քաղաքական ծրագիր չունէին նրանք։ Նրանց առաջնորդում էր մերձաւորի սէրը եւ խայթւած ազգային արժանապատւութիւնը։ Բայց այդ տարերքներից էլ պիտի կազմւէին յետագայ ծրագիրները։ Եւ նրանց իւրացումը պիտի դառնար քաղաքական կազմակերպութիւնների նպատակ։

  Րաֆֆին հոգեւոր սնունդ մատակարարելով յետագայ յեղափոխական կազմակերպութիւններին՝ մարգարէական հեռատեսութեամբ բնոյթագծեց եւ այն մարտական բազուկը, որ գաղափարը գործ պիտի դարձնէր։ «Հայդուգներ» հատուածի մէջ նա հետեւեալ կերպով է պատկերացնում յեղափոխական մարտիկներին. «Հայդուգը բնական արտայայտութիւն է բռնակալութեան լծի տակ ճնշուած, հարստահարութիւններից տանջուած եւ իր մարդկային բոլոր իրաւունքները կորցրած ժողովրդի կեանքի։ Հայդուգը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսութեան դէմ։ Նա թողնում է ընտանեկան օջախը, որ իր համար պղծուած էր, նա թողնում է իր հասարակութիւնը, առանձնանում է մթին անտառների խորքում, սարերի անմատչելի փապարներում, եւ այնտեղ, որպէս մի փոքրիկ թագաւոր, լեռների ազատ որդին, սկսում է տիրել ամայութեան վերայ։ Բնութիւնը մեռնում է յաջող ձեռքի հետ, եւ հայդուգը իր որջից մահ եւ սարսափ է սպառնում իր շրջակայքի վրայ։ Իրաւ, նա մորթում է, կողոպտում է, այրում է մարդկանց բնակարանները, բայց այդ բոլորը գործում է, որպէս նեղուած ժողովրդի բարկութեան ոգին, որ վրէժխնդրութեան մէջ բաւականութիւն է գտնում։

Հայդուգը հասարակ աւազակից որոշվում է գլխաւորապէս նրանով, որ նա ոչ թէ յափշտակութեան ագահութիւնից դրդուած, կամ հանգամանքներից ստիպուած է գործադրում իր արիւնահեղ արհեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք եւ ազատութեան բաղձանք։ Հայդուգի գործունէութիւնը յեղափոխական բնաւորութիւն է ստանում այս կողմից, որովհետեւ նա իր սիրով պաշտպան է հանդիսանում նեղեալին, եւ ուխտում է անգթաբար պատժել անիրաւութիւնը։ Իր սիրելի հայրենիքը ազատուած տեսնել տիրանի ճնշումից, իր արիւնակից եղբայրներին փրկել բարբարոս ձեռքից ահա դրանք են նրա ցանկութիւնները. սրանց հասնելու համար նա չէ խնայում ամեն սարսափելի միջոցներ» [24] ։

Րաֆֆին ռուսահայերի հին քաղաքական գծի կատարեալ բացասումն էր։ Ռուսահայերին նա նկատում էր առ այժմ իբրեւ պահեստի ոյժ, որի բախտն որոշւում էր սահմանի այն կողմը։ Հայկական օջաղ Հայաստանի թիւրքական բաժնում դա նրա մտորումների սրբութիւնն էր։ Այստեղ նա հարազատանում էր հայ պահպանողականներին։ Եւ իմաստից զուրկ երեւոյթ չէ, որ նա գրականապէս «Մշակից» փոխադրւում է «Արձագանքի» էջերը։ Բայց հայրենաշէն հեռանկարներով մօտ գալով պահպանողականներին՝ գործնական միջոցներով Րաֆֆին հեռու էր այդ բանակից։ Այդ գործնականի մէջ նա ապստամբութեան քարոզիչ է, կերտում է հայ վրիժառու հայդուկի պատկերը։ Ապստամբութեան քարոզն ու հայդուկը չէին կարող ջերմացնել ոչ Պետրոս Սիմէօնեանցի, ոչ Ծերենցի եւ ոչ էլ անգամ Աբգար Յովհաննիսեանի սրտերը։ Շատ-շատ այդ գործօններն հեռաւոր ընտանիութիւն ունէին Գր. Արծրունու գրական օջախի հետ, որ կամենում էր Թիւրքիայի ներքին ներհակութիւններն ու դժուարութիւններն օգտագործել Ռուսաստանի համար։ Ինքը Րաֆֆին անպարտ էր այստեղ։ Նա «նոր ճշմարտութեան» առաքեալ էր։ Հայաստանը հայաստանցիների համար եւ ոչ օտար ոյժի կոխան մի երկիր։

Երբ այս գետնի վրայ էր կանգնում հայ հասարակական առաջաւոր միտքը՝ բնականաբար նա յարուցանում է մի յոյժ կարեւոր հարց՝ ո՞վ է հայը քաղաքականօրէն, նա գտե՞լ է իր ազգային դէմքը թէ շարունակում է ռուս լինել այն իմաստով, որ ձեւակերպել էր Ստ. Նազարեանը։ Յեղափոխական գաղափարների ծաւալումը եւ յաղթանակը հայերի մէջ՝ այս հարցը լուծեց առաջին իմաստով։ Քաղաքական ռուսութիւնը մերժւեց եւ մեծարւեց քաղաքական հայութիւնը։ Եւ այս հանգամանքը ծւէն-ծւէն արաւ նաեւ հայերի հաւատարմութեան քօղը Ռուսաստանում։ Դա մանաւանդ այն պատճառով, որ Ռուսաստանը՝ իբրեւ միջազգային ժանդարմ՝ սկսեց խանդաղատանք եւ առանձին սէր ցոյց տալ դէպի Թիւրքիան։

Աւարտւեց մեր հասարակական մտքի զարգացման մի փուլը։ Հայ ժողովուրդն ամուր ոտքով կանգ առաւ յեղափոխութեան հողի վրայ։ Ըմբոստացման ելեւէջները նրա օրօրօցի երգը դարձան…



[1] «Մշակ», 1876, N5։

[2] «Մշակ», 1880, N161։

[3] Ար. եպ. Սեդրակեան «Յովհաննէս եպ. Շահխաթունեանցի կենսագրութիւնը», Ս. Պ. Բ., 1898, էջ 204։

[4] «Մշակ», 1876, N25։

[5] «Մշակ», 1877, N57։

[6] «Մշակ», 1877, N12։

[7] «Մշակ», 1890, N64։

[8] «Մշակ», 1877, N35։

[9] “Истор. Вѣстникъ”, 1915, СХ, II, էջ 85.

[10] Թուղթ Մարկոսի Աղաբէգեան՝ Հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցւոյ ազգայնութեան մասին. Կ. Պօլիս, 1878, էջ

[11] «Փորձ», 1876, Գ. II, էջ 406-407։

[12] «Մշակ», 1876, N27։

[13] «Մեղու Հայաստանի», 1880, N71։

[14] «Մշակ», 1876, N14, Րաֆֆի՝ «Գժատուն»։

[15] Րաֆֆի՝ «Տաճկահայք», Թիֆլիս, 1895, էջ

[16] Անդ, էջ 18-19։

[17] Անդ, էջ 19։

[18] Անդ, էջ 72-73։

[19] Անդ, էջ 75։

[20] Ա. Թոխմախեան՝ «Հայրենիքի պահանջներ եւ հայ գիւղացին», Թիֆլիս, 1881 , էջ 9-10։

[21] Անդ, էջ 88-89։

[22] Րաֆֆի՝ «Տաճկահայք», էջ 52-53։

[23] Գօլօշեանի վերջին նամակն իր հօրը մի սքանչելի վկայութիւն է արիների մտայնութեան մասին։ Ահա երկու հատւած այդ նամակից։

…«Պատանեկութեան հասակումս մեր հասարակական ասպարիզում փայլում էր Րաֆֆին, այդ համակրելի մարդու նշանաւոր գործունէութիւնը ղեկավարում էր մի մեծ գաղափար՝ Հայաստանի ազատութեան գաղափարը։ «Մշակի» մէջ եւ յետոյ առանձին տպւած նրա վէպերը ես կարդացի։ Այդ հեղինակի ընթերցանութիւնը ներշնչեց մէջս մի վառ ու ազնիւ սէր դէպի ազգ ու հայրենիք. դէպի տառապեալ հայութիւնը։ Ես վճռեցի մինչեւ մահս գործել հայրենիքի փրկութեան համար, նրա բարօրութիւնը իմ երջանկութիւնը համարել։ Եւ այդ վճիռը չէր այն վաղանցուկ կրքերից մէկը, որ քամու պէս ծնւում ու կորչում են. ոչ, նա աւելի խոր արմատ ունէր։ Եւ զգում եմ, որ առանց հայրենիքի ես ոչինչ եմ. առանց նրա բարօրութեան ես թշւառ եմ, վերջապէս զգում եմ, որ անկարելի է ինձ մի այլ նպատակի ծառայել։ Ես տեսայ մեր հայրենիքի թշւառ կացութիւնը, նրա ժողովրդի անտանելի դրութիւնը, ես այդ երկրի, այդ ժողովրդի մէջ ապրեցի եւ իմ վճիռս աւելի եւս հաստատուն եւ անքակտելի եղաւ։ Այդ գաղափարն էր, որ փախցրեց ինձ տնից։

…Ես երկար ժամանակ եմ ապրել տնից դուրս, ես շատ քիչ եմ մնացել Ձեզ մօտ, որ ինձ ի մօտոյ ճանաչել կարողանայիք, եւ իհարկէ չէք կարող իմանալ, թէ ինչ եմ արել թէ որքան վատ կամ լաւ եմ ես։ Այնուամենայնիւ վստահ եղէք, որ ես կեղտոտութիւնից հեռու կկենամ, որ ոչ մի վատ բան անելու չեմ։ Որովհետեւ այնպիսի մի գաղափար, որպիսին է հայրենիքի ազատութիւնը, մի վահան, ապահով ապաստարան եւ բարոյական դաստիարակ է, որ մարդուն ամեն փորձանքներից կպահէ, եթէ մարդ հասկանայ նրա բոլոր վեհութիւնը։ Ես միշտ ձգտել եմ այդ վեհութիւնը հասկանալ եւ յոյս ունիմ, որ այդ գաղափարը պիտի իմ գործերովս ազնւացնեմ սրտիս մէջ։

Ես չգիտեմ, թէ որքան կյաջողւի մեր նպատակը, գուցէ մենք կընկնենք շուտով եւ շատ շուտով։ Բայց մեր անկումը պիտի այլոց գրգռէ եւ մենք շատերին օրինակ կըլինենք մեր գործունէութեամբ։

Համոզւած եղէք, հայր իմ, թիւրքութեան կորստի մէջ, Թիւրքիան պիտի ընկնի եւ տառապեալ Հայաստանը ոտի կանգնէ. դա մի ճակատագրական գաղափար է, մի իդէալ, որի անկասկածելի իրականանալը մօտիկ ապագայում տեսնելու է հայութիւնը»։

 

1889 ամի, մարտի 19-ին

Սալմաստ-Հաֆտվան

(«Հորիզոն», 1913, N101)

[24] «Արաքս», 1892, Գիրք Ա, էջ 91-92։