ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՒԱՔԱԿԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Սկզբունքի հռչակումը դեռ յաղթանակ չի նշանակում։ Քաղաքականօրէն հայանալը ձգտումն էր, որ պիտի մարմնանար հայրենիքի ու պետականութեան նուաճման մէջ։ Տեսանք այդ նպատակի համար գործադրւած հայկական ջանքերի բովանդակութիւնն ու թափը։ Ծանօթացանք եւ այն արտաքին ոյժերին, որոնք ջրում ու փլում էին հայերի կատարածը։ Դու կառուցիր՝ ես փլեմ այս էր միշտ հնչւում հայի ականջին։ Եթէ կառուցողն ուժեղ լինէր, հարկաւ, նա կը սաստէր փլողին եւ անգործութեան կը մատնէր նրա աւերիչ բազուկը։ Այս էր, որ պակասում էր հաւաքական հայութեան։ Պակասում էր այն պատճառով, որ գաղափարը չէր տիրել բոլորի հոգուն եւ նիւթական ոյժ դարձել իր մասսայացունց էութեամբ։ Հայկական ել ու մուտը չէր դադարել ռուսական համարեա մօտ մի դարեան տիրապետութիւնից յետոյ։ Կենտրոնախուսութիւնը մեր ամենից ակնբախ յատկանիշն էր։ Եւ դա բնական էր, որովհետեւ հայութիւնն իր բոլոր հատուածներով այդ ժամանակաշրջանում չկոչւեց մի այնպիսի մեծագործութեան, որ ձուլւէր՝ իբրեւ մի կարծր մարմին՝ եւ ինքնաճանաչութեան բարձր աստիճանի հասնէր։ Նպաստել, որ ռուսական տիրապետութիւնը ծաւալւի Արեւելքում եւ հայութիւնն էլ ընդունւի ռուսական պետական յարկի տակ՝ դա իսկապէս եթէ մեծագործութիւն չէր, բայց մեծ նպատակի սպասաւորման մի ուղի էր։ Այդ ուղին բռնեցին հայերը դարի սկզբում եւ այստեղ թանձրացաւ նրանց հաւաքական կամեցողութիւնը։ Բայց ռուսական նուաճողական ծրագրի իրագործումից յետոյ այլեւս մի ուրիշ սկզբունք ծայրայեղօրէն չլարեց հայկական ոյժերն ու միտքը։ Թւում էր, թէ ռուսական նուաճումը յաջողեցնելուց յետոյ հայերը կանգնել են դէմ առ դէմ եւ ջոկում են իրանց յետագայ անցնելիք ճանապարհը —դո՛ւ աջ, ե՛ս ձախ։ Մինչեւ այժմ միասին էինք, այսուհետեւ խախտւում է այդ միութիւնը եւ ամեն ոք ազատ է իր ընտրած ուղղութեամբ ընթանալու։ Որքան էլ տարօրինակ թւայ այս, բայց պէտք է ասել, որ ռուսական տիրապետութեան ներքոյ միայն հալածանքն էր հային հայի դուռը ցոյց տալիս։ Հալածանքի շնորհիւ էր, որ հայը փարում էր ազգային կապին։ Մնացած պայմաններում նա անսանձ էակ էր, որ քմահաճօրէն կամ մօտենում էր ընդհանուրին կամ ցուրտ հրաժարիմք ասում նրան։

Այն հայահաւաք գաղափարները (կուլտուրական վերածնութիւն, նիւթական հզօրութիւն, հայրենիքի նուաճում), որ յայտնաբերեցին 19-րդ դարի ընթացքում հայ առաջաւոր մարդիկ, երբէք մի մեծագործութիւն պսակելու չափով չտոգորեցին հայերին։ Եւ դա այն պատճառով, որ ինքնօրինակ կերպով էր դասաւորւած հայ ժողովրդի տնտեսական կեանքը եւ դասակարգերի փոխ-յարաբերութիւնն այդ կեանքում։ Հայութիւնը չէր ապրում ինքամփոփ տնտեսական կեանքով։ Նրա տարբեր դասակարգերի շահերը բացառաբար չէին խաչաձեււում կամ անջատւում միեւնոյն տնտեսական պատուանդանի կամ երեւոյթի շուրջը։ Եւ այս պատճառով հայ հասարակական դասակարգը դէմ առ դէմ չէր կանգնում իր հայկական հակոտնեային։ Հաշտութիւնն ու բաղխումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, որ ազգային հանգամանքը բռնում էր ետին տեղը։ Այսրկովկասի խայտաբղէտ ազգաբնակչական կազմը, հայկական դրամագլխի գաղութայնութիւնն ու թափառասիրութիւնը, պետականութեան ստեղծած հարստացման հնարաւորութիւնները առանց հայկական տարրի որեւէ մասնակցութեան, Հայաստանի անջատւած լինելը մեծ ուղիներից ու զարգացած տնտեսական կենտրոններից, այս բոլորը չէին վկայում ու խօսում այն մասին, թէ հայութիւնը տնտեսապէս ինքնամփոփ է եւ նրա դասակարգերը շահագրգռւած իրար գոյութեան այս կամ այն վիճակով։ Այո, տնտեսական կապը հայերի, իբրեւ ազգութեան մէջ, չափազանց թոյլ էր եւ այդ պատճառով էլ տկար էր ազգային մարմինը, համարեա զօռով շաղախած եւ նախատինքի գնով ու ամօթահարութեամբ կաղապարած։ Հայութիւնը գերազանցապէս կօօպերատիւ ազգ էր։ Նրա անդամը կարող էր յարել միութեան կամ բաժանւել նրանից։ Դա նրա բարի կամ չար կամքից էր կախւած, որովհետեւ ազգի ընդհանրութիւնը գերազանցօրէն չէր տոչորւում մի տնտեսական մեծագործութեան ծարաւով։ Ռուսաստանը հնարաւորութիւն էր տալիս հային իր տնտեսական կամքն արգասաւորելու ընտրած վայրում եւ կամեցած բանւորական ոյժերի միջոցով։ Սա ցրելու մի նպատակայարմար ձեւ էր։ Ո՞վ եւ ինչ պիտի հարկադրէր հային որ նա փարէր ազգային խեցիին եւ իւրայինների շրջանում ու իւրայինների միջոցով դրսեւորէր իր տնտեսաշէն ձիրքը։ Ո՛չ ոք։ Ռուսաստանն այն լայն հրապարակն էր, որ տարերայնօրէն բռնում էր հայի ձեռքից եւ նրան թափառման հրաման տալիս։ Աշխարհը դմակ՝ տղան դանակ։ Սահման քաջաց՝ զէնն իւրեանց դրամն ու գջլելու ձիրքը։

Հայութեան ազգային կառուցուածքն այլանդակւած դուրս եկաւ թիւրք-պարսկական տիրապետութիւնից։ Այդ այլանդակութիւնը նոր բովանդակութիւն ստացաւ ռուսական տիրապետութեան ներքոյ, երբէք ձգտումների ու գործի ներդաշնակութիւն չստեղծելով հասարակական դասակարգերի միջեւ։ Մեր երկրագործը բուսական կեանքի մարդ էր մահմեդական իշխանութեան օրով։ Նրան յատկացրւած էր լեռնաստանը։ Արգաւանդ դաշտերն ու հովիտները բռնել էր թիւրք նուաճողը։ Աղքատ լեռնաստանում իսկ հայ շինականը հանգիստ շունչ չունէր։ Կամ պետութիւնն էր գիշատում նրա վաստակը կամ պետական պաշտօնեան, որ մեծաւ մասամբ տիրող ցեղին էր պատկանում։ Ռուսական տիրապետութիւնը շատ քիչ բան փոփոխեց այստեղ։ Հայ շինականը լեռներից դաշտերն ու հովիտները չիջաւ։ Պետական գիշատչութիւնը նոյնպէս չպակասեց նրանից, այլ խստացաւ։ Բնական տուրքին ու հարկին աւելացաւ եւ զինւորակոչութիւնը, որ հայ աշխատաւորին զրկում էր արդիւնաւէտ աշխատանքից ու հայրենիքից։ Պարսկական պաշտօնեան ռուսների օրով կալուածատէր դարձաւ ու խլեց շինականի հողը։ Նոր տիրապետութեան բարիքն այն էր, որ գիւղացին ազատ էր հաւատի գործերում, անփորձ տեղափոխութեան իրաւունք ունէր, որից օգտւում էր շռայլօրէն եւ հեռու վայրեր պանդխտում նիւթական բարեկեցութեան ետեւից։ Զրկելով գիւղացուն մայրենի կրթութիւնից՝ ռուսական տիրապետութիւնը խաւարի ու փոշիացած վիճակի մէջ պահեց նրան։ Շահերի ընդհանրութեան գիտակցութիւնը, ազգային հաւաքման հասկացողութիւնն անմատչելի բարեմասնութիւներ մնացին նրա համար։ Անձեւ, անորոշ տենչեր անպակաս եղան նրա խրճիթից։ Տէր, պաշտպան ունենալու փափագն էր, որ սողոսկում էր նրա սիրտը։ Ո՞վ պիտի տար, ո՞րտեղից պիտի գար հեքիաթօրէն զբաղեցնում էր նրա սակաւապահանջ մտաւորը։ Երբ Հայաստանի թիւրքական բաժինն «Աւետեաց երկիր» նկատւեց՝ մեր գիւղացին երազական յոյսեր կապեց նրա հետ։ Մանկական խանդավառութեամբ նա յափշտակւեց հարազատ անկիւնի հեռանկարով, պաշտպանի ու հովանաւորի գաղափարով եւ կրաւորական ձեւով սկսեց նիւթական ու մարդկային տուրք տալ նոր կուռքին։ Մեղքը նրանը չեղաւ, որ այդ տուրքը ծով չդարձաւ եւ սրբազան ջրերով չողողեց ու չսրբեց հայ-հայրենիքը։ Քաղաքականօրէն այնքան միամիտ մնաց մեր գիւղացին, որ հայրենաշէն ձեռնարկի անաջողութիւնները յուսալքում չառաջացրին նրա մէջ։ Նա շարունակեց անմռունչ զոհ լինել եւ նոր միջոցներ ու նոր արիւն մատակարարել հռչակւած սկզբունքին։ Ոչ ոքի շրթունքներ չեն բացւի մեղադրելու մեր գիւղացուն հասարակական դաւաճանութեան մէջ։ Եւ եթէ ապարդիւն են անցել նրա զոհաբերութիւնները՝ դրա համար մեղաւոր են առաջնորդները, որ նպատակայարմար ձեւով չեն օգտագործել եղած նիւթը։ Մեր գիւղացին բնազդօրէն զգացել է, որ հայրենիքի պահանջն ամենից աւելի ծառայում է նրա շահերին։ Նա կարող էր այդ գործի յաջող պսակման համար ատաղձ մատակարարել, որը եւ արաւ։ Եթէ ատաղձագործներն անշնորհք էին կամ անկարող գիւղացիների բացառական աջակցութեամբ գլուխ բերել երկնած ծրագիրը դրա յանցանքը, կրկնում ենք, գիւղացունը չէր։ Պատմականօրէն հայրենիքի նուաճումը գիւղացուն չէ վերապահւած։ Դրա համար կան ուրիշ դասակարգեր։ Բայց այդ դասակարգերն էին, որ կամ պակասում էին հայութեան կամ թէ այլանդակօրէն էին կցանւել նրա մարմնին։

Ազնուականութիւնը հայութեան մէջ նօսր խաւ էր։ Նա իր դերը կատարեց դարի առաջին մասում, երբ հոգեւորականութեան հետ ռուսական տիրապետութեան ջատագովն ու պաշտպանն էր։ Այսրկովկասը կապիտալիստական զարգացման հունի մէջ մտնելով մեր ազնուականութեան առաջ դրաւ մի երկընտրանք ռուսական գիշատող պաշտօնեայի վիճակ կամ առեւտրա-արդիւնաբերական հրապարակի հարստութիւն ու փափուկ կեանք։ Մեր ազնուականութիւնն ընտրեց վերջին ուղին, մանաւանդ որ պետական խտրական քաղաքականութիւնն իր հերթին նրան վտարում էր կառավարական հաստատութիւններից։ Դարավերջի երեք տասնամեակներում ազնուականութիւնը, բացի գիւղական աննշան թւով մանր կալուածատէրերից, քաղաքաբնակ էր ըստ մեծի մասին, մակարդւել էր բուրժուազիային եւ իւրացրել այն բոլոր արատներն ու առաքինութիւնները, որ այդ դասակարգի յատկանիշն էին կազմում։

Առանձնայատուկ եղաւ բուրժուազիայի տեղն ու դերը հայ կեանքում, առանձնայատուկ այն իմաստով, որ այդ դասակարգը դարբնեց ազգային ինքնուրացման մի սկզբունք, շարունակելով վայելել ազգի հովանաւորողի հռչակ։ Ամբողջ մեր տնտեսական կեանքը զարգացաւ այնպիսի պայմաններում, որ արտադրութեան պրոցէսի մէջ բուրժուազիան կամ սակաւ էր շահագրգռւած հայկական միւս խաւերի գործակցութեամբ, լինի դա մասնակցութիւն նպաստաւոր թէ դիմադրական իմաստով կամ թէ բնաւ չէր զգում այդ գործակցութեան կարիքը։ Այս երեւոյթն աւելի էր ակնբախ դառնում, քանի խոշորանում էին բուրժուազիայի նիւթական միջոցները։ Նրանց ծագման եւ ուռճացման աղբիւրը հայկական լեռնաստանը չէր կամ բացառաբար հայ շինականի բանւորական ոյժը։ Ո՛չ։ Հայ բուրժուազիայի նիւթական պատուանդանն ամրանում էր Բագւում, Թիֆլիսում եւ Բաթումում, ուր շեշտւած միջազգայնութիւնը եւ ռուսական պետականութիւնն էին գունաւորում իրերն ու երեւոյթները։ Հայ բուրժուազիան շատ վաղ բռնեց միջազգայնութեան, աւելի ճիշտը ռուսական քաղաքացիութեան եւ դիմազրկող կուլտուրայի թեք ուղին։ Ապահովութիւն եւ հարստանալու երաշխիքներ՝ այս դարձաւ նրա քաղաքական իմաստութիւնը։ Հարստութիւն եւ խժռելու անդորրութիւն՝ սա էր նրա առտնին կենցաղային վարքագիծը։ Ո՛չ մրրիկ, ո՛չ յուզմունք, մանաւանդ յուզմունք ինչ որ անջատ ազգային իդէալների ու հայրենիքի համար։ Հայ բուրժուազիայի ընդարմացած ուղեղն այնքան էր կամենում յոգնութիւն յանձն առնել, որքան այդ պահանջում էին հաշւեգրքերն ու համրիչը։ Աւելին ի չարէն էր, որից նա հրաժարւելով հրաժարւում էր։ Ի զուր չէր, որ մեր հրապարակախօսութիւնը մտրակի լեզուով էր խօսում բուրժուազիայի հետ եւ «ազգի կատաղի թշնամի» հռչակում նրան։

Դարավերջին մի ամբաստանութիւն բարդւեց բուրժուազիայի վրայ։ Ամբաստանողները հայ մարքսիստներն էին, որոնք աննախանձելի ծանօթութիւն ունենալով մեր միջավայրի մասին, դատում ու դատապարտում էին ուրիշ իրականութիւնների կշռաչափով։ Որովհետեւ հայ գաղափարականութեան մէջ տիրաբար բազմած էր հայրենիքի նուաճման պահանջը եւ դա կապւած յեղափոխական պայքարի հետ Թիւրքիայում, ապա մարքսիստները, առանց թափանցելու մեր պատմական ժառանգութեան խորքը, առանց հետամտելու, թէ ինչ եղանակով էին կաղապարւած դասակարգային յարաբերութիւնները հայութեան ծոցում, վեր կացան ու յայտարարեցին, որ հայկական ազատագրական շարժումը շուկաների նուաճման մի մարմաջ է։ Շուկան ամենից առաջ եւ աւելի շատ հարկաւոր է խոշոր բուրժուազիային՝ ուրեմն եւ հայ յեղափոխական շարժումը կամ բուրժուական է իր էութեամբ կամ թէ տարւում է բուրժուազիայի գործօն աջակցութեամբ ու օրհնութեամբ։ Աւելի գռեհիկ եւ միաժամանակ անարդար դատողութիւն չէին կարող յայտնաբերել մեր առաջին մարքսիստներից ոմանք։ Վերագրել հայ բուրժուազիային նման քաղաքական միտում ու թռիչք՝ նշանակում էր ծիրանի հագցնել խոզին։ Բուրժուազիան ոչ մի կարիք չէր զգում գաղութներ նուաճելու Հայաստանի թիւրքական բաժնում։ Լայնածաւալ Ռուսաստանն այնքան ընդարձակ շուկայ էր, որ շատ ու շատ կը բաւէր թէ հայ եւ թէ միւս ազգերի բուրժուական ողջ բանակին։ Երկչոտ, մտաւորի բոլոր յոյսերը հանգցրած հայ բուրժուազիան չէր, որ քաղաքական ռոմանտիզմով գրգիռ պատճառէր իր ուղեղին։ Չենք վիճում, եթէ նուաճւէր հայ-հայրենիքը դէպի նրա նիւթական հնարաւորութիւնները կուղղւէին եւ բուրժուազիայի ճարպողող աչքերը։ Բայց դա յետագայի գործ էր, երբ որսը հայ ժողովրդի ձեռքին կը լինէր։ Հարցը վերաբերում էր յաջող որսորդութեան եւ այստեղ էր, որ բացակայում էր բուրժուազիան։ Բացակայում էր ֆիզիքականով, նիւթականով եւ անգամ հասարակ բարեմաղթութեամբ։ Շահն ու եսապաշտութիւնը նրա կուռքերն էին, որից նա չէր կամենում հրաժարւել ոչ լիբերալ հրապարակախօսութեան շոյանքի ու անէծքի ազդեցութեան տակ եւ ոչ յեղափոխականի մահառիթ գնդակի տժժոցից։

Եթէ խոշոր բուրժուազիան բացակայում էր այնտեղ, ուր ազգն ու ազգայինն էր, այդ դեռ չէր նշանակում, թէ վերջի վերջոյ այդ նօսր խաւի դաւաճանական ուղին պիտի բռնէր եւ ազգի ողնաշարը կազմող ժողովրդական բազմութիւնը։ Դա կը լինէր մեր հասարակական զարգացման վերջին արարը, երբ մի հաւաքականութիւն ինքնուրացումով վերջ էր տալիս իր ուրոյն գոյութեան։ Կարո՞ղ էր դա տեղի ունենալ եւ կա՞ր իմաստ նման մի վախճանի մէջ։ Ո՛չ։

Մանր-բուրժուազիան, ժողովուրդը (խանութպան, արհեստաւոր, գիւղացի) տնտեսական «անկախութեան» սիրահար է, իր օջաղը, իր բաժինը, տունը, դազգեահը, դաշտն ու այգին եւ ծխական զանգակատունը ահա նրա արշաւակէտը։ Կապիտալիզմը կատարեալ շուարումն է մանր-բուրժուազիայի համար, գլխակորուսութիւն եւ անիմանալի երկիւղ։ Նրա մի թեւը քաղաքներում ճգնում է իր երջանիկ հարազատի, խոշոր բուրժուազիայի կոխած ճանապարհը կտրել, գոնէ նիստ ու կացի, ճաշակի ու հասկացողութիւնների մէջ։ Եւ նա կամ սայթաքւում է խորխորատը կամ իրօք եզակի դէպքերում լայն ուղին ելնում։ Այս տեսակէտից քաղաքների հայ մանր առեւտրականութիւնը կարող էր դասական համարւել։ Առակի եզն ու գորտը հէնց հայկական այդ բազմութեան մասին էր ասւած։ Անպայման քաղաքականօրէն արատաւոր էր հայ խոշոր բուրժուազիան։ Մանրը գնաց նրա ճանապարհով։ Նոյն ընչաքաղցութիւնը, նոյն եսապաշտութիւնը, նոյն ցաւագին ձգտումը գունաւորւել ռուսական ներկով եւ նոյն անտարբերութիւնը դէպի հաւաքական գոյութեան իմաստն եւ ուղիները։ Այսպէս չէր հայ արհեստաւորը։ Ֆիզիքական աշխատանքը նրա հոգին ընդունակ էր դարձնում խանձարուր լինելու բարձր մղումների։ Կապիտալիզմն աւելի շատ հարուածում էր նրան։ Արհեստը կորցնում էր իր ոսկէկաթ բնոյթը։ Նա տեղահան էր լինում եւ չգիտէր, թէ ուր կարող է արգասաւոր աշխատանքի կոչել իր հմտութիւնն ու ձեռքերը։ Նրան միանում էր հաց ու բախտ որոնող շինականը պանդխտի ցուպով եւ կեանքի անորոշ հեռանկարներով։ Հայրենիքի կարօտն ու պաշտպանութիւնն այն զգացումներն էին, որ բնազդօրէն ծագում էին նրանց մէջ։ Հայրենիքի գաղափարը կար, նուաճւել էր առաջաւոր մտաւորականութեան կողմից։ Մնում էր իրականութիւնը բարձրացնել մինչեւ գաղափարը։ Արհեստաւորին, պանդխտին, մանր առեւտրականին մասնակից անել քաղաքական որոճումներին, հայրենիքի նուաճման ծրագրին։ Այս դէպքում, հայրենիքի նուաճումով միայն, մանր բուրժուան կարող էր ապահով զգալ իրան, «անկախ» լինել իր տնտեսական գործառնութիւնների մէջ։ Կիրականանար Վարդանի «երազը» («Խենթ»)։ Ժողովուրդը չէր դաւաճանիլ ազգային ինքնութեան եւ իր մասին կարող կը լինէր ասել, թէ գոյութեանս ոչ գոյ վախճան։ Ձուլման ցաւերը, տնտեսական փոշիացման ու կրկին հաւաքման տառապանքները հեռու կը լինէին նրանից։ Ինքնամփոփ տնտեսութիւն, անկարօտ կեանք ինքնամփոփ հայրենիքում հարազատ ճառագայթների տակ ահա թեւաւոր միտքը, հոգին սուրբը, որ պիտի թուխս գար գորշ ժողովրդական զանգուածի մէջ, ուռճանար այնտեղ եւ մրրկէր բազմութիւնները դէպի հայրենաշէն աշխատանք ու յոգնութիւն։ Հայկական դարաւոր մեսսիանիզմը Հայաստան էր փնտրում եւ իր շօշափուկները տարածում ժողովրդական խաւերի մէջ։ Իրականութիւնը, ինչ էլ որ լինէր, պիտի բարձրանար մինչեւ գաղափարը եւ ներդաշնակւէր նրա հետ։ Աշխատանքի ծանրութիւնն այսպիսով ընկնում էր գաղափարակիրների վրայ։ Հայ կեանքում նրանք պիտի դառնային մարգարէներ ու առաքեալներ, որ իրանց կիզող խօսքով այրէին ազգային արատները, հալածէին դարաւոր նինջը, սթափեցնէին, կորով մատակարարէին երկչոտներին, առնականութիւն պատուաստէին բազմութիւններին եւ իրանց առաջնորդութեամբ ազգն առաջնորդէին ստրկութեան «Կարմիր ծովից», քաջ իմանալով, որ ցերեկւայ զովացուցիչ ամպը եւ գիշերւայ լուսատու սիւնն իրանց գիտակցութիւնը եւ խիզախութիւնը պիտի լինի միայն։

Կարծում ենք, որ հայ յեղափոխական շարժման պատմութիւնն այդ խիզախութեան փայլուն վկայութիւնն է։ Չի կարող այն հերքել եւ գիտակցւած անձնուրացութեան ճոխութիւնը։ Քաղաքական իմաստութիւնն էր, որ բացակայեց։ Հակառակորդի հզօրութիւնը թեթեւ վերաբերմունքի արժանացաւ, սեփական ոյժերը գերգնահատւեցին։ Այս սխալանքներով անգամ հայ գաղափարակիրները մասսայաշարժ դարձան։

Մեր տնտեսական ու հասարակական կեանքի զարգացման ինքնայատուկ երեւոյթն այն եղաւ, որ հաւաքական հայութեան դրօշակակիրը ժողովրդական մտաւորականութիւնը դարձաւ, իր հայրենաշէն որոնումների ու փորձերի համար պատուանդան ընտրելով բուն ժողովրդին։ Ուսուցիչ, գրող, քահանայ, վարդապետ, հայ հոգեւորականութիւնը համարեա իր ամբողջութեամբ, քանի որ վերջինս նոյն մտաւորականութիւնն էր, ահա այն խիզախները, որ ձեռնամուխ եղան վերամկրտել հայի հոգին եւ նրան հայրենիքի տէր դարձնել։ Այս խաւն էր, որ տեսք էր պարգեւում հաւաքական հայութեան եւ գօտեմարտի ելնում բռնութեան դէմ սահմանի այն ու այս կողմը։ Նուազ էր նա թւով, աւելի նուազ աջակիցներով ու նիւթականով։ Սկսած պայքարին նա տուաւ համապատասխան բնոյթ, որ ընտրեալների ողջակիզումն էր եւ դաւադրական ըստ էութեան։ Նա ճգնեց երազուն եւ ակնկալող քաղքենիներից հերոսներ պատրաստել եւ նրանց ոգորումով պայծառ արեւ բանալ հայութեան գլխին։ Քաղքենին լսեց առաքեալների քարոզը եւ մնաց կրաւոր։ Նա ոչ ազնուականի իշխանատենչութիւնը, սուրը եւ պատւի ըմբռնումն ունէր, ոչ խոշոր բուրժուազիայի նուաճողական ձգտումը եւ կազմակերպական ձիրքը եւ ոչ բանւորութեան մասսայական գրոհը։ Իր երդիկի սպասաւոր՝ օջաղի կողքից նա դիտեց լուսնի պտոյտն երկնակամարի վրայ, հայրենիքի գաղափարը ծորած մթնոլորտում, բայց անշարժ մնաց տեղում։ Սահմանափակութիւնը նրան առաջնորդում էր դէպի մուրացիկ վիճակ։ Հայրենիքն էլ պիտի մուրացւէր։ Կամ օտարներից կամ ընտրեալներից։ Եւ վերջիններս, որ հարազատ էին հայ ժողովրդին, նրա համար եւ նրա անունով վարած կուլտուրական ու յեղափոխական ոգորումից յետոյ կարող էին հաշւեյարդարի նստել եւ ասել իրանց մասին. «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ոչ ընկալան»։ Գոնէ դարավերջին։

 

ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ