Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ. ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

 

Եկեղեցու անդամները բաժանւում են երկուսի` աշխարհականների եւ հոգեւորականների. հոգեւորականներն էլ ըստ իւր կարգի՝ հասարակ պաշտօնեաների, եկեղեցական-վարչական իշխանութիւն ունեցողների եւ վանականների:

 

Աշխարհականների պարտք եւ իրաւունքի մասին արդէն խօսուեց նախորդ գլուխներում իբրեւ եկեղեցու անդամի:

 

Հներում հոգեւորական ընդհանուր բառի փոխարէն գործ էր ածւում կլիրոս բառը, կղեր, կղերական, ըստ մեր կանոնների` յունական այդ բառը նշանակում է վիճակ, բաժին. այդպէս յիշւում է Գործք առ., Ա գլ., 17, 25 (Մադաթիայի ընտրութիւնը Յուդայի փոխարէն):

 

Այդ բառը գործ էր ածւում երկու նշանակութեամբ. 1) իբրեւ հոգեւորականների համախմբումն եւ 2) այն դրութիւնը, որը բռնում է հոգեւորականութեան մէջ որ եւ է անձը (Սօկօլով, 221 երես): Յունական կլիրոսի փոխարէն հռոմայեցիք գործ էին ածում օրդօ բառը, որ նշանակում է դաս, կարգ, այն մտքով, թէ եկեղեցում սպասաւորողների որ դասին է պատկանում հոգեւոր անձը: Ա դարում, առաքեալների ժամանակ հոգեւոր դասակարգը կար երեք աստիճանով` սարկաւագ, քահանայ եւ եպիսկոպոս (Գործք. ԺԶ 18, Ի 17, 28, Զ 3, Փիլիպ. Ա գլ., 1-3): Գ դարում սկսում են աւելանալ նոր պաշտօններ` սարկաւագի օգնականներ` կիսասարկաւագներ, սաղմոս երգելու համար` սաղմոսասացներ կամ երգիչներ, առաքելական թղթերը կարդացողընթերցողներ, ջահ վառողներ` ջահընկալներ, այսահարներին երդմնեցնող` երդմնեցուցիչներ:

 

Հոգեւորականութեան մէջ մտնելու համար, եկեղեցում ծառայելու, սպասաւորելու եւ ժողովրդականների հոգեւոր պէտքերը հոգալու համար պէտք է ընդունել ձեռնադրութեան կարգը, առանց որի ոչ ոք չի կարող վայելել այն իրաւունքները, որոնք յատկացուած են այդ դասակարգին: