Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ) ՆԱԽԱՍԱՀԱԿԵԱՆ ԵԿԵՂԵՑԻ

 

Հայոց եկեղեցու երկրորդ շրջանը կազմում է Լուսաւորչից սկսած մինչեւ Սահակ, կամ աւելի ճիշտ` Մեսրոպ եւ թարգմանիչներ, այսինքն մինչեւ այն ժամանակ, երբ հայոց գիրը գտնուեց, Սուրբ Գիրքը թարգմանուեց հայերէն, եւ Հայոց եկեղեցու մէջ հնչեց հայերէն ժամերգութիւն` 300 թուից մինչեւ 440 թուականները: Այն նախասահակեան շրջանը բոլորովին տարբերւում է յաջորդող շրջանից, նա կառավարւում էր ընդհանուր եկեղեցու կանոններով, եկեղեցիներում ժամերգութիւնը կատարւում էր անհասկանալի լեզուներով, յունարէն, ասորերէն, նոյն իսկ պարսկերէն, Աւետարանը կարդացւում, թարգմանւում եւ բացատրւում էր շատ անգամ երկու-երեք թարգմանիչների ձեռքով, հայոց եկեղեցիների վարիչներն էին մեծ մասամբ յոյներ, ասորիներ, կաթուղիկոսները եւ եպիսկոպոսները ժառանգաբար նստում էին իրանց հայրենական աթոռների վրայ, կաթուղիկոսների ձեռնադրութիւնը մեծ մասամբ լինում էր Կեսարիայի եպիսկոպոսից, այս ամենը միանգամից վերացաւ  Սահակից  յետոյ ամէն  բան  դարձաւ  ազգային լեզու մարդիկ, գրքեր, եկեղեցի, կարգ կանոն, կառավարիչներ, վանականներ: Ի հարկէ սրանով չէնք նսեմացնում Լուսաւորչի եւ Տրդատի ահագին օգուտը, որ տուին հայոց՝ քրիստոնէութիւնը քաղաքացիական կրօն դարձնելով Հայաստանում, նրանք դրանով միացրին հեռու ընկած նահանգները միմեանց հետ, կապ հաստատեցին Քրիստոսի միութեամբ բոլոր հայոց ցրուած մասերի հետ, յունական կուռքերը` արեւմուտքից, ասորական կուռքերը` հարաւից, կռապաշտական խառնուրդ մեհեանները` հիւսիսից ջնջելով, վերացնելով՝ խաչ տնկեցին, եւ հայութեան մտածողութիւնն ուղղեցին դէպի մի միացման կէտի, այն է` քրիստոնէութեան կեդրոնին՝ Էջմիածնին, դրա հետեւանքը այն եղաւ, որ նոյն իսկ Վրթանէս՝ Լուսաւորչի որդին, եկեղեցի եւ ազգութիւն, քրիստոնէութիւն եւ հայոց աշխարհ միացրեց եւ պարսիկների դէմ մղած պատերազմում մեռածներին հրամայեց նահատակ համարել եւ տօնել եկեղեցում նրանց յիշատակը. «Վասն զի որք մեռանն՝ մեռան յաղագս աշխարհի եւ եկեղեցեաց եւ աստուածագործ օրինաց տուչութեան... »... «որք այսմ ամեայնի փոխանակ զանձինս իւրեանց ոչ խնայեցին՝ ընդ վկայս Քրիստոսի է նոցա համար պատուոյ» (Բիւզ., 24 երես), բայց եւ այնպէս նախասահակեան շրջանը մի քանի առանձնայատկութիւններով տարբերւում է բուն ազգային շրջանից, որ սկսուեց Սահակից, Մեսրոպից յետոյ:

 

1) Այդ շրջանի առաջին աչքի ընկնող երեւոյթն այն էր, որ ամէն տեղ տիրապետողն օտարն էր, յոյնը եւ ասորին, եկեղեցում, վանքերում, եպիսկոպոսների աթոռների վրայ: Լուսաւորիչ «գունդս գունդս» առնելով յոյներից բերաւ մեր աշխարհ. Լուսաւորիչ, իւր երկու որդիքը հայոց թագաւորների ցեղակից էին` պահլաւ ցեղից, Մծբնայ հայրապետը, որ այնքան մեծ հռչակ ունէր Հայաստանում, «ազգաւն պարսիկ կոչէր» (Բիւզ., 19), Լուսաւորչի նշանակած յայտնի Դանիէլ քորեպիսկոպոսը` կառավարիչ եւ գլուխ ամենայն եկեղեցեաց, «էր ազգաւ ասորի» (Բիւզ. 31): Սրա աշակերտները` Վաղիտա, Եպիփան, Եփրեմ, Գինդ, յոյներ էին եւ գլուխ բոլոր վանականներին, օտարանոցների, բարեգործական հիմնարկութիւնների (Խոր. Բ, գլ. Ի). Լուսաւորչի ութ նշանակած եպիսկոպոսները յոյն էին` Եւդաղիոս, Բասոս Մովսէս Եւսեբիոս Յովհաննէս Ագապէս, Արտիթէս Արսուկէս Անտիոքէս, Տիրիկէս, Կիւրակոս (Ագաթ., ՃԻԱ), որոնք անունով մինչեւ իսկ տարբեր են ազգային շրջանի գործիչներից` Յովսէփ, Ղեւոնդ, Եզնիկ, Յովհան, Կորիւն, Եղիշէ, Դաւիթ, Տիրայր եւ այլն, եւ այլն:

 

Եւ այլապէս էլ չէր կարելի, ի՞նչու, որովհետեւ եկեղեցու լեզուն օտար էր, հայերը յունարէն, ասորերէն չգիտէին, պէտք է հոգեւորականները կարդային օտար լեզուներով. եւ ահա առաջ է գալիս այդ շրջանի միւս գլխաւոր առանձնայատկութիւնը` լեզուն:

 

2) Լուսաւորիչ հրամայեց դպրոցներ բանալ եւ սովորեցնել յունարէն եւ ասորերէն, «եւ զնոսա յերկուս բաժանեալ, զոմանս յասորի դպրութիւն կարգեալ, եւ զոմանս հելլէն» (Ագաթ., 484 երես), այն ինչ արքունիքը իւր գործերը վարում էր պարսից լեզուով, Մեհրուժանի ժամանակ հրամայուեց ամէն տեղ գործածել պարսկերէն: Թէ ինչ սարսափելի գործ էր կարդալ օտար լեզուով եկեղեցում գիրք եւ հասկացնել ժողովրդին, այդ երեւում է Մեսրոպի կրած տառապանքներից եւ Ե դարու պատմիչների նկարագրութիւններից, մէկը կարդում էր յունարէն կամ ասորերէն Աւետարանը, երկրորդը թարգմանում էր, երրորդը` մեկնում: Փարպեցին դառնութեամբ է յիշում այն օրերը, երբ հարկից ստիպուած հայ պատանիները չւում էին դէպի Եդեսիա դժուարամատչելի ասորական լեզուն սովորելու: Լեզուն պատճառ էր, որ օտար հոգեւորականութիւնը տիրապետում էր Հայոց եկեղեցուն այդ շրջանում:

 

3) Երրորդ կէտն է, որ այդ շրջանում կաթուղիկոսները մինչեւ Արշակ եւ Պապ ստանում էին ձեռնադրութիւն Կեսարիայում եւ այսպէս ասած` կանոնական տեսակէտով կապուած  էին  Կեսարիայի  արքեպիսկոպոսի  հետ. թէեւ Լուսաւորիչը՝ ինքը առաջինը քանդեց այդ սահմանը` ձեռնադրելով իւր որդւոց կաթուղիկոս իւր փոխարէն հայոց վրայ, բայց Յուսիկին ուղարկեցին Կեսարիա, թէեւ Արշակ եւ Պապ վերացրին իսպառ կաթուղիկոսների` Կեսարիա գնալը, բայց էլի արեւմտեան հայոց եպիսկոպոսացուները գնում էին Կեսարիա ձեռնադրուելու` ըստ Բիւզանդի. Ագաթանգեղոս եւ Բիւզանդ կեսարական էին եւ հակառակ Արշակի եւ Պապի կարգադրութիւններին (տես Բիւզանդ): Ազգային շրջանում իսպառ վերացաւ այդ:

 

4) Չորրորդ առանձնայատկութիւնը նախասահակեան շրջանի այն էր, որ կաթուղիկոսու եւ մասնաւորապէս առաջնորդութիւնը ժառանգական էր: Լուսաւորիչ, Արիստակէս, Վրթանէս, Յուսիկ, Ներսէս Մեծ, Սահակ, բոլորը պարթեւական ցեղից, Լուսաւորչի շառաւիղներից էին, երկրորդ ցեղն էր Աղբիանոս քրմինը, որը մեծ տուն էր եւ յայտնի քրմական տոհմ, քրիստոնէութեան ժամանակ եպիսկոպոս ձեռնադրուած Եփրատի կողմերում` նախկին քրմական շրջանում, Լուսաւորչի սիրելին եւ ազդեցիկ անձն, ահա դրա տոհմն էր առաջ բերւում կաթուղիկոսական ընտրութեան ժամանակ, երբ Լուսաւորչի ցեղից արժանաւորն չէր երեւում. Աղբիանոսի տոհմից եղան Շահակ, Զաւէն, Ասպուրակէս (Բիւզանդ., 31, 223-224 երես), Մելիտէ եւ Մովսէս (Փարպեցի), կոչւում էին նոյնպէս Մանազկերտցոց ցեղ, կամ ըստ Բիւզանդի` «Մանազկերտեայց»: Ժառանգական կաթուղիկոսութիւնը հետեւանք էր հին քրմապետութեան, որի համար ընտրւում էին Վահէվահեան ցեղից կամ թագաւորական տանից: Երբ նախարարները համոզում էին Սուրմակին հակառակ խօսել Սահակի դէմ, խոստանալով եպիսկոպոսութիւնը «ազգաւ» տալ նրան, նոյնպէս եւ երդւում էին վերջը Սահակին «ազգաւ» տալ նրան կաթուղիկոսութիւնը, որ նշանակում է ժառանգաբար տալ, յանձնել նրան այդ պաշտօնները: Այս բանը վերջացաւ ազգային շրջանում, Սահակից յետոյ` թեթեւ բացառութիւններով (Շնորհալու տոհմ):

 

5) Ինչպէս էր այդ շրջանի Հայոց եկեղեցու կառավարութիւնը: Ասացի, որ թէեւ կային տեղական սովորութիւններ մտած Հայոց եկեղեցու մէջ, բայց որովհետեւ ամբողջ կազմը գտնւում էր օտարների ձեռքը լեզուի եւ գրերի պատճառով, ուստի եւ ամէն կառավարչական կարգ ընդ օրինակութիւն էր օտարի, յոյնի. Լուսաւորչի կարգերը, վանական կանոնները բոլոր Յունաստանում տեսած եւ սովորած էին, Մեծն Ներսէսի բարեգործական հիմնարկութիւնները, նրանց ձեւը, կառավարութիւնը, կառավարիչները յունական էին եւ յոյներ. «Ի Բիւզանդիոյ դարձեալ ի Կեսարիա եւ եկեալ ի Հայս, զամենայն կարգս ուղղութեանց հարցն իւրոց նորոգեաց, այլ եւս առաւել եւս, քանզի զբարեկարգութիւնն, զոր ետես ի յունաց աշխարհի, մանաւանդ ի թագաւորեալ քաղաքին, ի նմա նկարագրէ... » (Խորեն., Բ գլ. Ի): Ահա Խորենացու վկայութիւնը, որ նա ինչ որ տեսել էր Պօլսում, մտցրեց հայոց երկրում. նոյնը ասում է Բիւզանդ 58 երեսում: Ներսէսի` 12 եպիսկոպոսներով շրջապատուելը իբրեւ խորհրդակիցներ, դրան եպիսկոպոս եւ մակդիրներով, արխիդիակոնի կառավարչական-վերահսկողութիւն նշանակելը, վանքերի շատացումը եւ վարչական ձեւը յունաց երկրի օրինակներն էին, որոնք բուն երկրում համակրութիւն չգտնելով` լուռ տրտունջ էին առաջացնում եւ հակաեկեղեցական  կուսակցութիւն   առաջացնում Սահակի`  60   լռակեաց աշակերտներով շրջելով քարոզելը յունականի օրինակն էր: Այս բոլորը վերացաւ ազգային շրջանում, երբ գիրը գտնուեց: