Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Է. ՍՍԻ ԵՒ ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

 

  Աղթամարում նստեցին 10-րդ դարում քաղաքական դժբախտ պատահարների պատճառով 4-5 կաթուղիկոսներ, որոնք Բագրատունեաց ուժեղանալուց յետոյ տեղափոխուեցին Անի եւ Անու մօտ՝ Արգինա: Աղթամար գնացող առաջին կաթուղիկոսն էր Յովհաննէս պատմաբան (899-931), որը տեսնելով Արարատեան աշխարհի՝ Դուինի կործանումը եւ աւերումը, անցաւ Արծրունեաց  թագաւորների  մօտ  եւ  Աղթամարում  նստեց  մի  առժամանակ. ապա Ստեփաննոս, Թէոդորոս, Եղիշէ, Անանիա, սրա յաջորդ Վահան Սիւնին տեղափոխուեց Արգինա (Անի), դրանից յետոյ Աղթամարում այլեւս հայոց կաթուղիկոս չնստեց: Աղթամարի միաբանութիւնը, չկամենալով անհետացնել կաթուղիկոսական աթոռի յիշատակը իրանց վանքում, շարունակեցին ընտրած առաջնորդ-վանահօր կաթուղիկոս ձեռնադրել եւ համարել նրան իրանց թեմի գլուխ՝ անկախ Ամենայն հայոց կաթուղիկոսից: Աղթամարի կաթուղիկոսութիւնը շարունակւում է մինչեւ այժմ եւ ենթարկւում է Պօլսոյ պատրիարքի ու ազգային ժողովի իրաւասութեան, ո՛չ մի քաղաքացիական եւ կրօնական առանձնակի նշանակութիւն չունի. նա ձեռնադրում է իւր թեմի համար եպիսկոպոս եւ եփում մեռոն նոյն նեղ շրջանի համար. նա ունի երկու թեմ, Աղթամար եւ Խիզան:

 

Աւելի մեծ դիրք եւ նշանակութիւն ունի Սսի կաթուղիկոսութիւնը:

 

Բագրատունեաց թագաւորութեան վերջանալուց յետոյ, երբ հաստատւում է Կիլիկիայում Ռուբինեան հարստութիւնը 11-րդ դարու վերջերում, կաթուղիկոսական գահը ապահով վիճակում պահելու դիտաւորութեամբ փոխադրւում է Կիլիկիա 1105 թուին, թէ եւ 1065 թուից սկսած արդէն Գագիկ թագաւորի միջոցով տեղափոխուած էր Ծամնդաւ դղեակը, որ Փոքր Հայքումն էր: Ծամնդաւում, Սեւ լեռում, Հռոմկլայում եւ Սիսում մնաց կաթուղիկոսական աթոռը մինչեւ 1441 թիւը, երբ արդէն ջնջուած էր Ռուբինեան թագաւորութիւնը եւ չկար այն հեռու երկրում պաշտպան եւ ոյժ ու նեցուկ տուող այդ գահին, որը բուն երկրից հեռու լինելով՝ չէր կարողանում ունենալ այն նշանակութիւնը եւ ազդեցութիւնը Հայաստանի մասերի վրայ, որոնք զանազան գիշատիչների ձեռք ընկած գերփւում էին, 1441-ին Էջմիածնի համազգային ժողովը որոշեց տեղափոխել գահը Էջմիածին եւ հրաւիրել Սսի վերջին կաթուղիկոս Մուսաբէկեանին գալ Կիլիկիայից Արարատեան աշխարհը: Սսի կաթուղիկոսը մերժեց գալ, եւ ազգային ժողովը կաթուղիկոս ընտրեց Կիրակոսին, որը 1441-ին օծուելով Ամենայն հայոց կաթուղիկոս, նստեց Էջմիածնում: Այսպիսով Կիլիկիայի կաթուղիկոսութիւնը վերջացաւ 1441 թուին: Այդ թուականից սկսած Սսի միաբանութիւնը, չկամենալով կաթուղիկոսական գահի նշանակութիւնը կորցնել, շարունակեց յաջորդաբար մինչեւ այսօր ընտրուած առաջնորդին կաթուղիկոս օծել Սսի թեմի վրայ: Սսի կաթուղիկոսը ձեռնադրում է եպիսկոպոս իւր թեմի համար եւ եփում մեռոն նոյն շրջանի համար, ինչպէս եւ Աղթամարինը: Այս առթիւ Էջմիածնի եւ Սսի կաթուղիկոսների մէջ համաձայնութիւն եղաւ Երուսաղէմի ժողովում` 1651 թուին (տե՛ս Ա գիրք, 323-328 երես): Այս երկու կաթուղիկոսների յարաբերութեան եւ նշանակութեան մասին Պօլսոյ ազգային ժողովների նիստերում երկար վիճաբանութիւններ եղան, մանաւանդ Գէորգ Դ կաթուղիկոսի օրով, որը Սսոյ կաթուղիկոսին համարում էր հակաթոռ եւ ազգային նուիրապետութեան գաղափարին վնասակար եւ վերցնելու արժանի. ազգային ժողովը տարբեր կարծիք ունէր եւ քաղաքական հեռատեսութիւն էր համարում Սսոյ կաթուղիկոսութեան պահպանումն. ահա այդ կարծիքներից երկուսը. «Էջմիածնայ կաթուղիկոսը հեղինակութիւն չունի Հայաստանեայց եկեղեցւոյն վերայ, վասն զի Հայաստանեայց եկեղեցւոյն հեղինակութիւնն աշխարհական եւ եկեղեցական ժողով է եղած եւ կլինի, այդպէս կուսուցանէ պատմութիւնը: Վեհափառ կաթուղիկոսը միմիայն ծայրագոյն գործադիր իշխանութիւն ունի եւ առանց աշխարհական եւ եկեղեցական ժողովոց կարող չէ գործել»: Մի ուրիշ երեսփոխան ասում է ժողովում. «Չէ, մեր մէջ չկայ այնպիսի քաղաքականութիւն մը՝ որ Սիսը բարձրացնէ եւ Էջմիածինը նուաստացնէ. բայց այս խնդրոյն մէջ ազգային քաղաքականութիւն մը կայ՝ չը բարձրացնել Սսոյ աթոռը, այլ եւ չը վերցնել, հապա պահել ժամանակ մը եւ օր մ՚ալ վերցնել... » (տե՛ս «Փորձ», 1877 թիւ):

 

Գէորգ կաթուղիկոսը որոշում արաւ՝ «միմիայն անկէ ընդհանուր ժողովոյ, ըստ եկեղեցական օրինի գումարելոյ ընդ նախագահութեամբ կաթուղիկոսի Ամենայն հայոց» եւ Սսոյ խնդիրը վճռելու:

 

Սսոյ կաթուղիկոսութիւնը եւ ընտրութիւնը լինում է պատրիարքարանի գիտութեամբ, մասնակցութեամբ եւ հովանաւորութեամբ. թէ 1871-ին, 1895 եւ 1900-ի ընտրութիւնների ժամանակ ընտրութիւնը կատարուեց պատրիարքարանի կողմից ուղարկուած պատգամաւոր եպիսկոպոսի նախագահութեամբ, որը նախօրէն հրաւիրելով Սսոյ 13 թեմերի (Հաճըն, Զէյթուն, Մարաշ, Կիւրին, Դիվրիկ, Մալաթիա, Եօզղատ, Հալէպ, Այնթափ, Անտիոք, Դարէնդէ, Սիս եւ Ադանա) հոգեւորական եւ աշխարհական ընտրուած պատգամաւորներին եւ Սսոյ վանքի կողմից նշանակուած «յարմար դատած թուով» միաբան պատգամաւորներին Ադանա, նրանց պատգամաւորական թղթերը ստուգելուց յետոյ, նախագահ եպիսկոպոսը կհրաւիրի նրանց Ադանայի Ս. Աստուածածին մայր եկեղեցին, կկարդայ պատրիարքի այդ առթիւ գրած պաշտօնական գիրն ու հրահանգները, կընտրի ատենադպիր եւ քուէտուփի վրայ հսկող երկու պատգամաւոր, ապա բարեմաղթութիւններ կանի սուլթանի, Վեհափառ կաթուղիկոսի արեւշատութեան համար, հոգեհանգիստ նախորդ Սսոյ կաթուղիկոսի համար, շարականներ երգել կտայ, եւ կսկսի քուէարկութիւնը. 6 առաւելագոյն քուէ ստացող անձանց ցուցակը կուղարկի պատրիարքարան, ուր «յարմար դատած ձեւովը սրբագրութիւն» անելուց յետոյ կդարձնուի նախագահ եպիսկոպոսին, որը ժողովին յանձնելով սրբագրուած ցանկը քուէարկելու, նրանից մեծագոյն թուով անունը՝ կհռչակի կաթուղիկոս Սսոյ եւ հեռագրով իմացում տալով պատրիարքարան, կխնդրուի կայսերական իրադէ («Նոր Դար», 1900 թ., 11 մարտի, N 47, քաղած «Արեւելքից»):