Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵՒ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

  (Озложение каноническихъ постановлений... - Христ. Чтение 1865 г. )

 

Թէ ինչպէ՞ս պիտի ապրէին հոգեւորականները, եկեղեցու սպասաւորները, այդ ցոյց տուաւ Յիսուս իւր կեանքով եւ օրինակով, ուր գնում էր, մտնում էր մէկի տունը, հաց ուտում եւ դուրս գալիս, կամ սպասում էր ունկնդիրներից մէկն ու մէկի հրաւէրին, կամ ընդունում էր յօժարակամ նուէրներ, որոնցով հոգալ էր տալիս իւր եւ իւրայինների պէտքերը, եւ մինչեւ իսկ աղքատների. նոյն ձեւով էլ պատուէրներ տուաւ իւր աշակերտներին ապրել ժողովրդի մէջ, քարոզելով եւ շրջելով, առանց մտածելու հացի վրայ. (Ղուկ. Է, Ժ գլ., Մատթ. Ժ գլ. ): Նոյն ձեւով վարուեցին եւ առաքեալները, ստանում էին յօժարակամ նուէրներ եւ ուտում ու հանգստանում ամէն մի տան, ուր սիրով ընդունում էին եւ հիւրասիրում: Պօղոս առաքեալը շնորհակալութիւն է յայտնում փիլիպեցիներին նրանց ուղարկած նուէրների համար (Փիլ. Դ 10), Փիլիմոնին առաջուց գրով յայտնում է իջեւանելու տեղի համար (Փիլիմ. 22): Իսկ առաջին շրջանում մինչեւ իսկ քրիստոնեայ դարձածները վաճառում էին ամէն ինչ եւ յանձնում առաքեալներին ընտրուած անձանց՝ հոգալու բոլորի կարիքները եւ պէտքերը. (Գործք Բ) առաքեալները նոյնը պատուիրում էին իրանց յաջորդներին, հրահանգելով՝ սեղանի ծառայողը սեղանից ուտի, տաճարի ծառայողը՝ տաճարից Կոր. Թ): Առաջին շրջանում քրիստոնեայ-հրէաները հետեւելով Հին Ուխտի կարգերին (Ղեւ. 27 գլ., 30, 32, Թուոց. 18 գլ., 24, 26, 28, 31), տանում էին փող, հաց եւ գինի հաղորդութեան համար, խունկ` բուրվառի, ձէթ` կանթեղների համար, պաշտամունքից յետոյ, մնացած ուտելիքով կերակրւում էին քահանաները, եկեղեցու սպասաւորները եւ ժողովուրդը, աւելին տարւում էր քահանաներին եւ բաժանւում աղքատներին: Այդ որոշում է Բ առ. կանոնները գիրք, 69, 79, 83 երես): Թէոփիլոս Աղէքսանդրացին իւր 8 կանոնով որոշում է պատարագի մնացորդը հանձնել հոգեւորականներին եւ չունեւորներին գ., 179): Հոգեւորականների այդ ձեւով սննդուելու վերաբերմամբ խօսում են Յուստինոսը, Տերտուղիանոսը, Առաք. կարգադրութիւնները գիրք, 51 երես): Պատարագը, ընծայաբերութիւնը, սիրոյ ճաշերը լինում էին ամէն օր, Պօղոս առաքեալը շատ գանգատներ լսելով կերուխումի ժամանակ եղած անկարգութիւնների վերաբերմամբ, որոշեց ընծայաբերութիւնները կատարել միմիայն կիւրակի օրերը Կորնթ. ԺԶ), իսկ մի քանի տեղերում նուիրատւութիւնները ժողովում էին ամսէ ամիս (Կիպրիանոսի թուղթ. ): Այս ձեւով կառավարւում էր եկեղեցին եւ հոգեւորականութիւնը մինչեւ Դ դարը. այդ դարում, երբ Հռոմում քրիստոնէութիւնը քաղաքացիական կրօն դարձաւ, եկեղեցու եւ նրա պաշտօնեաների ապահովութեան խնդիրը բոլորովին այլ կերպարանք ստացաւ, Կոստանդիանոս Մեծը իրաւունք տուաւ եկեղեցուն ստանալ նուէրներ դրամով, կալուածքով թագաւորներից, իշխաններից` կտակի միջոցով. Թէոդորոս եւ ապա Յուստինիանոս որոշեցին՝ անժառանգ անձանց գոյքը եւ ինչքը յանձնել եկեղեցուն. ամէն մի քաղաքում որոշուեց տէրունական հողերից որոշ մասն յատկացնել եկեղեցուն, եւ նրա արդիւնքով ապահովել եկեղեցականների տնտեսական կեանքը (Սոզոմենոս, Ա, Ե): Կոստանդիանոս Մեծը Նիկիայի ժողովին մասնակցող եպիսկոպոսների գնալ գալու համար հրամայեց բոլոր կուսակալներին, տալ առատութեամբ ամբողջ ճանապարհի ընթացքում նրանց ծախսը հոգալ  պէտքերը  արքունական հարկերի հաշուից (Եւսեբիոս, Թէոդորէտ): Յուստինիանոսը հրամայեց, որ իւրաքանչիւր մարդ, որ իւր յիշատակին եկեղեցի է կառուցում, պէտք է անպայման ապահովացնի նրա գոյութիւնը՝ հոգալով եկեղեցու սպասաւորող հոգեւորականների պէտք եղած կարիքները:

 

Նոյնպէս եւ իրաւունք էր տրւում հոգեւորականներին ազնիւ աշխատանքի միջոցով հայթայթել իրանց ապրուստը` առաքեալի օրինակին հետեւելով (Գործք Ի 34): Հայաստանը բոլոր ազգերից առաջ շնորհիւ Լուսաւորչի եւ Տրդատի ընդունելով քրիստոնէութիւնը իբրեւ քաղաքացիական կրօն, հոգ տարաւ ապահովեցնելու եւ եկեղեցիների, եւ հոգեւորականութեան տնտեսական դրութիւնը. 1) թագաւորական հրամանով յանձնուեցին եկեղեցիներին եւ հոգեւորականներին բոլոր մեհեանների կալուածքները, ոսկէ եւ արծաթի իրեղէնները, 2) թագաւորական հրամանով ամէն մի եկեղեցի ստացաւ հող ի մշտական սեպհականութիւն, 3) մասնաւոր եկեղեցիներ եւ վանքեր շինող իշխանները յատկացնում էին կալուածքներ ի մշտական սեպհականութիւն, 4) Լուսաւորչի եւ Տրդատի կարգադրութեամբ թէ եկեղեցիները եւ վանքերը եւ թէ հոգեւորականները ստանալու էին ամէն մի տնից յօժարակամ եւ պարտաւորական տուրք, 5) եկեղեցիները իրաւունք ունէին փողով գնելու կալուածքներ, 6) եկեղեցիները իրաւունք ունէին կտակով ստանալու  շարժական  եւ  անշարժ  գոյք մանաւանդ  անժառանգութեան դէպքերում, 7) գոնէ մինչեւ Ե-Զ դարը կաթուղիկոսները եւ առաջնորդները ունէին սեպհական ժառանգական գիւղեր եւ հողեր:

 

1. Եկեղեցիների առաջին ապահովողը եղաւ Տրդատ թագաւորը, որը հրամայեց մեհեանների ոսկին ու արծաթը եւ կալուածքները յանձնել եկեղեցիներին. այս մասին ունինք Ագաթանգեղոսից վկայութիւններ: «Եւ զդաստակերտն (Անահտին պատկանող) հանդերձ գետնովքն եւ սահմանօք նուիրեցին եկեղեցւոյ ի սպասաւորութիւն» (ՃԸ): Նոյնպէս եւ Անի ամրոցինը. «Եւ զաւանն ամրաւն հանդերձ ի ծառայութիւն եկեղեցւոյ նուիրէին». «Եւ զգանձս երկոցուն մեհենացն աւարեալ ժողովեալ, ի նուէր սուրբ սպասու եկեղեցեաց Աստուծոյ թողին տեղօքն հանդերձ» (ՃԹ): «Եւ զգիօղն ամ դաստակերտօքն եւ գետնովքն հանդերձ սահմանօքն յանուն Աստուծոյ նուիրէին» (ՃԹ): «Շինեցին կազմեցին զտեղիսն (վկայարանսն) եւ զարդարեցին ոսկի եւ արծաթի կանթեղամբ լուցելովք, եւ լապտերաւք վառելովք, եւ աշտանակօք բորբոքելովք»: «Նոյնպէս եւ զոսկին եւ զարծաթն եւ զկտաւսն փութով կուտէին առ դուրս հնձանին... եւ այդ ամենայն (հրամայում է Լուսաւորիչ) ի սպաս փառաւորընկալ սեղանոյն ի քահանայապետին կացելոյ» (433 երես): Յունաց Կոստանդիանոս Մեծի տուած ընծաները, բոլորը` ոսկի, արծաթ, յանձնեցին եկեղեցիներին. «Եւ բերէին զպարգեւս բերեալս անդստին, զոսկին եւ զարծաթն, եւ զպատուական կարասին, ի նուէրս սպասու Աստուծոյ եկեղեցւոյն եւ ի տունս նուիրաց սրբոց վկայիցն դնէին, նաեւ զտուեալ զոսկի սպասս կայսերն ի նոյն հանգիստ սրբոցն դնէին» (506 երես, ԱԳ):

 

2. Տրդատ հրամայեց բոլոր աւանների եւ գիւղերի եկեղեցիներին հող հատկացնել հոգեւորականութեան ապահովութեան համար` կարգադրելով, որ աւանը տայ եկեղեցուն 7 ծխի հող, իսկ ագարակները (գիւղերը)` 4. «Սոյնպէս եւ թագաւորն յամենայն իշխանութեան իւրում առ հասարակ՝ դրեաց չորս չորս հողս յամենայն յագարակ տեղիս, իսկ յաւանսն եւթն եւթն երդոյ հող, ի ծառայութիւն սպասաւորութեան եկեղեցւոյ նուէր պտղոյ Տեառն մատուցանէր» (443 երես, ԱԳ): Այդ կարգադրութիւնը տեւեց մինչեւ Պապ թագաւորը, որը քիչացրեց հողերի քանակութիւնը. «Եւ հատ եւս յարքունիս Պապ թագաւոր զհող եկեղեցւոյն, զոր տուեալ էր թագաւորին Տրդատայ առ մեծաւն Գրիգորիւ քահանայապետին ի սպաս պաշտաման եկեղեցւոյ ընդ ամենայն երկրին Հայոց: Զի յեւթն հողոյն զհինգն հատանէր յարքունիս, եւ զերկուսն միայն թողոյր երկուս հողս: Եւ ըստ հողոյն թողոյր երկուս երկուս առ գեւղ մի երէց եւ մի սարկաւագ, եւ զայն ի սպասաւորութիւն կացուցանէր յիտ ի ծառայութեան զեղբարս եւ զորդիս երիցանցն եւ սարկաւագաց» (Բիւզ., 194 երես): Եղիշէն յիշում է, որ Վասակը «օրէցօր եկեղեցիների ռոճիկը շատացնում էր» , 81 երես):

 

3. Մասնաւոր անձինք ապահովեցնում էին իրանց կառուցած եկեղեցիները թէ կենդանութեան ժամանակ, թէ մահուան դէպքում` կտակների միջոցով: Դեռ եւս Ե դարում, ինչպէս վկայում է Ղազար Փարպեցին, Վահան Մամիկոնեանը եւ եղբայրները ոչ միայն նուէրներ էին տալիս Էջմիածնի կաթուղիկէի վանքին, այլ եւ ռոճիկ, կանոնաւոր եւ ժամանակին: Մխիթար Գօշին պահողը, վանքին օգնողը եւ ամէն պակասութիւն հոգացողն էր խնամակալ իշխանը: Բագրատունեաց, Արծրունեաց թագաւորները, Սիւնեաց իշխաններով գիւղերով կտակներ էին անում եւ կալուածքներով նուէրներ տալիս: Ստեփաննոս Օրբելեանը (ԺԳ դար) այդպիսի կտակների շատ փաստեր է բերում. «Կամաւն Աստուծոյ ես Սուփան՝ Սիւնեաց իշխան, շինեցի  զՄաքենոցաց  եկեղեցիս  եւ  անխնայաբար  զարդարեցի  պատուական սպասուք եւ Աստուածային կտակարանօք, եւ ետու զսեփական տեղն մեր ի սա, որ ընդ անուան եկեղեցւոյն Աստուածածին ասի, ամենայն սահմանօք, լերամբ եւ դաշտիւ, եւ ետու որս ձկանց զԲողաշեն սեղանոյն եւ եօթն հարիւր դրամ ի դեղկանայ գետոյ ղապալէն, երկու հարիւր դրամ ի կաթկայ, 350 յԱնմեռէն, որ լինի 1250 դրամ, ետու եւ 5 կուղպակ ի յԱնի եւ 5 այգի յԵրեւան եւ հինգ հարիւր առու այգի ի գիւղաքաղաքն Գառնի, եւ 2 այգի յԵղիկիս... ետու եւ ջոլիրս եզանց եւ ջոկս զուարակաց եւ անդեայս եւ հօտս ոչխարաց» (131 երես):

 

Նոյն ձեւով Փիլիպպէ Սիւնեաց իշխանը 844 թուին նուիրում է Տաթեւ

գիւղի վանքին «ամենայն սահմանօք, լերամբ եւ դաշտիւ, այգօքն եւ ընկուզենօք, մարգագետնովք եւ ջաղացանով եւ որ ինչ համօրէն սահմանք են... » այն պայմանով, որ ոչ ոք իրաւունք չունենայ «հեռացուցանել, մի՛ վաճառել, մի՛ փոխել, մի՛ գրաւական դնել, այլ որ եկեղեցւոյ սպասաւորք լինին՝ իշխան լիցին ամենայն սահմանացն... Վայելեցէք ցգալուստն Քրիստոսի»: Փառաւոր է 906-ի կտակը Տաթեւու վանքի նաւակատեաց տօնին հայոց թագաւորի, կաթուղիկոսի կնքով եւ վկայութեամբ. «Ահա այս իսկ են սահմանք զոր մեք ոտիւք մերովք կոխեալ եւ աչօք մերովք տեսեալ եւ ձեռօք մերովք նշանեալ՝ առանց զրկութեան եւ յափշտակելոյ գրեցաք եւ կնքեցաք մատանեաւ մերոյ արքայիս եւ կաթուղիկոսիս եւ մեր իսկ» (168 երես):

 

4. Եկեղեցիները եւ վանքերը հողերը ձեռք են բերում նաեւ դրամով, գնելով. դրա բազմաթիւ փաստերը կարելի է գտնել ի միջի այլոց եւ Ս. Օրբելեանի պատմութեան մէջ, նոյնպէս եւ  այդ  հաստատութիւնների  «ղապալաների» մէջ, որոնք ձեռագրերով գտնւում են հին գործերի մէջ:

 

5. Վանքերի եւ եկեղեցիների արդիւնքների աղբիւրներից գլխաւորն է յօժարակամ նուէրներ, տուրքեր, պտուղներ, տասանորդներ, խաչահամբոյրներ: Բիւզանդ 218 երեսում յիշում է Մանուէլ սպարապետի տուածների մասին. «Բազում մասունս յընչից իւրոց տայր եկեղեցիս եւ ի վկայանոցս, եւ բազում գանձս տայր ցքահանայապետսն եւ ապա մեռանի»: Աշոտ Ա-ի համար յիշատակում է Յովհաննէս կաթուղիկոս 80 երեսում. «Այլ եւ ի ձեռս հայրապետին (Գէորգ) հաւատայր զլիակատար գանձարանացն մթերս՝ եւ

զերամակս ձիոց եւ զդասակս անդէոց եւ զհօտս ոչխարաց, ամենեւին բաշխել յեկեղեցիս ուղղափառաց ի նուիրումն պատարագին սրբութեամբ»:

 

Բացի նուէրներից կային եւ նշանակած տուրքեր, որոնք պարտաւոր էր ժողովուրդը վճարել: Ներսէս Մեծը 2000-աչափ վանքերից զատ շինեց բազմաթիւ օտարանոցներ, աղքատանոցներ, ուրկանոցներ, որոնց պահպանութեան համար որոշ գիւղերի վրայ տուրքեր նշանակեց. Սահակը, թարգմանելով Լուսաւորչի կանոնները պտղի եւ տասանորդ տուրքերի վերաբերմամբ, պարտաւորական դարձնելով հրամայեց գործադրել իբրեւ Լուսաւորչաւանդ կարգ: Փաւստոսն ասում է Պապի համար. «Եւ զկարգս պտղոյն եւ զտասանորդացն՝ որ ի նախնեացն կարգեալ սովորութիւն էր տալ յեկեղեցին, վասն այնորիկ հանէր հրաման ընդ աշխարհ, զի մի՛ ոք տացէ» (92 երես):

 

Փարպեցու թղթից երեւում է կամաւոր տուրքերի եւ նուէրների տալու ձեւը եւ քանակը. «Բայց երեք եղբարքն էլ սիրում էին Ս. Կաթուղիկէի վանքը ընծաներ եւ ամէն հարկաւոր բաներ նուիրելով, որոնցից ամէն մէկի տուածը յայտնի էր եւ գրով մնաց վանքում, եւ ճշմարիտ որ Տիրոջդ կամքի կատարողները դրանք եղան: Որովհետեւ... դրանք եղան քո խօսքի հրամանը կատարողները, առանձին առանձին, իրենց կամեցողութեամբ վանքի պտղաբերութիւնը հատուցանելով»: «Իսկ ինչ որ կարգել էին ինձ տարեկան տէր Ներսէհը եւ Հրահատը` կերակրի, հանդերձի եւ ձիու համար, յայտնի է, նոյնպէս եւ Տիրոջդ եղբօրորդիներից նշանակուածը, այն էլ դեռ հերիք էր լինում ինձ, եւ երբեմն իմ աւելորդներից վանքի պէտքերի համար էր գործ դրւում»: Թէ իւրաքանչիւր գիւղ պարտաւոր էր հարկ ու կամաւոր տուրք տալ եկեղեցիներին, վանքերին եւ հոգեւորականութեան, այդ երեւում է եւ յետագայ դարերի գրողների յիշատակութիւններից, որոնցից կարելի է յիշել Սիւնեաց   աշխարհի   պատմագիր   Ստեփաննոս   Օրբելեանի   (ԺԳ   դար)   12 գաւառների 677 առաջ բերած գիւղերի ցուցակը եւ ամէն մի գիւղի տալիք հարկի քանակը Տաթեւու վանքին. «Սիւնեաց երկոտասան գաւառաց հարկք եկեղեցւոյ ըստ հին սահմանին այս են. Ա. Ծղուկք գաւառ (այժմեայ Սիսիան). Նորիք 12. Տաթեւ 10. Ցուր 6. Ծացարտ 10. Խովիտ 8. Տաշու 5. Հարժիք 10. Արիտ 6. ... » եւ այլն: Այժմ նոյն գիւղերը ինչպէս եւ բոլոր այլ թեմերի գիւղերը տալիս են նոյն տուրքերը` պտղեղէն, ցորեն, գարի, իւղ, ձու, աղ: Սուրբ Սահակին վերագրած կանոններում մանրամասն գրուած է, թէ մատաղներից, տուրքերից ո՞ր բաժինը պիտի հասնի քահանաներին, ո՞ր բաժինը` եկեղեցիներին (քահանայից) եւ ո՞ր բաժինը` վանքերին (տե՛ս մանրամասն Ա գիրք, 368 երես): Վանքերը սկզբից հէնց իրանց ապահովեցրին կալուածքներով, դրամով եւ շարժական այլ կոյքերով, անասուններով: Էջմիածինը ունէր 15 գիւղ, Ս. Կարապետի վանքը` 12 գիւղ, որոնցից մէկը ուներ 1040 հեծեալ, 840 աղեղաւոր, 680 տիգաւոր, 280 պարսաւոր: Տաթեւու վանքը ունէր մօտ 30 գիւղ, ահագին անտառներ, Գիւտայ վանքը` 5 գիւղ, 1000 արջառ, 12000 ոչխար, 700 ուղտ, 600 ձի, 400 էշ եւ 170 կատեպան այգիների համար: Խոթայ վանքը ունէր 150000 դեսիադին անտառ եւ արօտատեղի: Նոյնպէս եւ միւս վանքերը:

 

6. Կաթուղիկոսները եւ առաջնորդները նախկին վեց դարերում ունէին սեպհական գիւղեր, կալուածքներ, որոնք յետոյ դարձան սեպհականութիւն կաթուղիկոսարանի, որ է` Մայր Աթոռի, եւ առաջնորդարանների:

 

Լուսաւորչից մինչեւ Սահակ կաթուղիկոսութիւն արաւ Պարթեւական տոհմը, որի կալուածքները 15 գիւղ էին կազմում եւ մեծ մասամբ գտնւում էին Տարօն գաւառում, այդ գիւղերի արդիւնքով ապրում էին թէ կաթուղիկոսները, թէ նրանց ընտանիքները եւ թէ ամբողջ իրանց տոհմը: Բիւզանդ ասում է Գ գլխում. «Իսկ սոցա (Գրիգոր եւ Արիստակէս) պատրաստեցան տեղիք բնակութեան եւ շիրիմք հանգստեան մեծին Գրիգորի՝ ի Դարանաղեաց գաւառին, ի գիւղն որ անուանեալ կոչի Թորդան եւ սրբոյն Արիստակեսայ որդւոյ նորա՝ յԵկեղեաց գաւառի, ի Թիլն աւանի, ի կալուածս Գրիգորի` հօրն իւրոյ»: Յովհաննէս կաթուղիկոսը 59 երեսում մինչեւ իսկ գրում է. «Այս գիւղ (Արամոն) սեպհական էր տան կաթուղիկոսարանի նախ քան զչարչարանս սրբոյն Գրիգորի յարքայէն Տրդատայ նմա իսկ հոգեցատուր պայմանաւ ընձեռեալ, որոյ եւ յետ կար վճռան պահի մինչեւ ցայսօր ժամանակի»:

Բիւզանդ Դ, 97 երեսում մինչեւ կաթուղիկոսարանին յատկացնում է ոչ թէ 15 գիւղ, այլ 15 գաւառ` «Այրարատ, Դարանաղէ, Եկեղեաց, Տարօն, Բզնունիք, Ծոփք, եւ որ ընդ մէջ նոցա եւ որ շուրջ զնոքօք»: «Թաղեցին ի բուն գեւղն հայրապետին Ներսէսի, որում անունն Ամօքն կոչի» (225 երես): Լուսաւորիչ այդ գիւղերի կառավարիչ նշանակել էր Դանիէլ քորեպիսկոպոսին: «Վերակացու եւ գլխաւոր եկեղեցեաց նահանգին Տարօնոյ, Գրիգորի ձեռական իշխանութեանն կողման մասին գործակալութեանն... »:

 

Ներսէս Մեծի ժամանակ նոյն կալուածքների կառավարիչն էր Խադ սարկաւագապետը: Հայոց կաթուղիկոսարանի Դուին փոխուելուց յետոյ Տարօնի կալուածների մասին յիշատակութիւն չենք գտնում, յիշւում են կալուածներ կաթուղիկոսարանին պատկանող Դուինի շրջակայքում՝ Արարատեան աշխարհում, որպիսի են Արտաշատ, Կաւակերտ, Հոռոմոց Մարգ: Յովհաննէս կաթուղիկոսը պատմում է 63 երեսում. «Ոստիկան ոմն՝ Խուզիմա անուն, եկեալ ի Դվին քաղաք՝ զընդ իւրեւ կացեալն նուաճէր: Եւ տեսեալ զգեղեցկութիւն մեծամեծ դաստակերտիցն տան կաթուղիկոսարանին՝ զԱրտաշատն եւ զԿաւակերտն եւ զՀոռոմոց Մարգ հանդերձ նոցունց ագարակօք եւ դաւաճանեալ ի չար ցանկութենէ... ի հայրապետէն Յովսէփայ խնդրէր տալ նմա զմեծ դաստակերտս իբր ի պատճառս գնոյ արծաթոյ», ապա զօրով խլում է Արտաշատը: Այդ շրջանից յետոյ արդէն, երբ կուսակրօնութիւնը դարձաւ ընդ հանուր օրէնք, գիւղերն այլ եւս չէին մնում կաթուղիկոսական տոհմի սեպհականութիւն, այլ համարւում էին Մայր Աթոռի, կաթուղիկոսական Աթոռի սեպհականութիւն: Առաջի շրջանում ինչպէս կալուածքները պատկանում էին կաթուղիկոսական տոհմին, նոյն ձեւով թեմերի կալուածքները պատկանում էին առաջնորդական տոհմին: Սեպհականութիւնը ժառանգաբար մնում էր նոյն տոհմի մէջ եկեղեցու առաջնորդութեան հետ միասին, արդիւնքները գործադրւում էր թէ եկեղեցու պէտքերի եւ թէ առաջնորդի եւ նրա տան պէտքերի վրայ:

 

Փաւստոս 228 երեսում յիշում է մի անկարգ Յովնան անունով եպիսկոպոսի մասին, որը խեղկատակութիւններով եւ ծամածռութիւններով թագաւորի սիրտը շահում էր եւ փոխարէնը ստանում գիւղեր եւ մուրհակներ. «Իսկ թագաւորին զմուրհակս գեւղաց կամ զագարակաց գրեալ եւ կնքեալ դնէին ի վերայ ողինն Յովհաննու փոխանակ ընդ մեղաց իւրեանց, եւ ի թագաւորացն հայոց ստացաւ իւր գիւղս եւ ագարակս եւ գանձս յուղդն լինելոյ եւ զմեղսն բառնալոյ ըստ բանիցն»: Թէ որքան հողեր եւ կալուածքներ ունէին եկեղեցիները, առաջնորդութիւնները, այդ երեւում է Արշակի եւ Պապի հակաեկեղեցական կարգադրութիւններից, Մարդպետի բացարձակ բողոքից, Փարպեցու ժամանակ աբեղաների գործ դրած միջոցներից, որ անպատճառ վանահայրութիւնը ձեռք ձգին: Առաջնորդները եւ առաջնորդական եկեղեցիները ստանում էին թագաւորներից ոչ միայն գիւղեր, այլ եւ գաւառներ. Փաւստոս ասում է, որ թագաւորը հրամայեց տալ Աղբիանոս եպիսկոպոսին. «Եւ ետ զաւանն եւ զբուն գահոյից գեւղն նահապետին Մանաւազենից եպիսկոպոսին Աղբիանոսի յեկեղեցի, զՄանաւազկերտ ամենայն սահմանօքն եւ կաւառակաւն հանդերձ, որ շուրջ զնոքօք էր, որ կայ ի կողմանս գետոյն Եփրատայ: Եւ ետուն զբուն գեւղն Որդունւոց որոց անունն էր Որդորու, ուստի եպիսկոպոս Բասանու»:

 

Խորենացին Սուրմակ քահանայի համար ասում է, «որ ապա զիւրոյ գաւառին զԲզնունեաց զեպիսկոպոսութիւնն ի Պարսից արքայէն եդիտ ունել ազգաւ»: Առաջնորդ-եպիսկոպոսները Զ դարից սկսած, երբ կուսակրօնութիւնը պարտաւորական դարձաւ, այլ եւս ժառանգաբար չէին յանձնում թէ առաջնորդական պաշտօնը եւ թէ կալուածքները իրանց ժառանգներին, հապա ընտրուած յաջորդ եպիսկոպոսին:

 

Ծխական եկեղեցիները եւ ծխական քահանաները ապահովուած էին Տրդատի հրամանով հողաբաժիններով, մեծ գիւղերը պիտի յատկացնէին եկեղեցիներին 7 տան հող, փոքր գիւղերը` 3 ծխի հող: Պապ թագաւորը քիչացրեց այդ քանակը կէսից պակաս: Լուսաւորչի աւանդական գրից երեւում է, որ քահանան պիտի ստանայ «մատաղներից կաշին, աջերին ճրագուն,

դմակը, սիրտը, լերդաբոյթը, երիկամունքները ճարպով, կողերի մի մասը, լեզուն եւ աջ ականջը, շրթունքը հոտոտելիքով, աջ ականջը եւ բոլոր խորհրդական մասերը: Իսկ կալից եւ հնձանից եւ ուրիշ արմտիքներից տասանորդ... » գիրք, 371 երես):

 

Դուինի Բ ժողովի կանոններում գտնում ենք քահանայական արդիւնքների բաշխման համար կարգեր գ., 260-272 երես): Առաջին կանոնը թոյլ չի տալիս քահանաներին բաժանել ծուխը պտղի եւ մուտքի համար, հապա բոլոր արդիւնքը ժողովել եկեղեցի եւ գլխաւոր քահանայի նախաձեռնութեամբ բաժանել այս կարգով. 2 1/2 մասը տալ գլխաւոր քահանային, քահանաներին` 2 մասը, սարկաւագներին` 1 1/2 մասը, դպիրներին եւ պարկեշտ այրի կանանց` մի մասն: Ժողովի կանոնները սահմանուեցին Զ դարու կէսերին: Դուինի 648 թուի ժողովի կանոնները գ., 273-285): Թոյլ չեն տալիս ծխաբաժանումն կատարել, հապա իրանց հայր քահանաների բաժնով բաւականանալ իբրեւ ժառանգութիւն, նոյն ժողովի 8-րդ կանոնը բաց է ի բաց խօսում է քահանայական պաշտօնի եւ կալուածքների ժառանգաբար քահանայի տոհմին պատկանելու մասին, մինչեւ իսկ իրաւունք տալով քահանային ժառանգ չունենալու դէպքում որդեգրել մէկին եւ իւր «օջաղի» վրայ ժառանգ կարգելով՝ ծուխը, եկեղեցու հողը նրան յանձնել: Այս տարօրինակ եւ հակաաւետարանական կարգը տիրում էր մինչեւ 19-րդ դարը շատ տեղերում, Տփխիսի առաջնորդ Ներսէս Աշտարակեցու դէմ բողոքող նոյն քաղաքի իշխանները, պաշտպանելով իրանց քահանայացուին, գրում են. «Ահա հինգ հարիւր տարի է, որ մեր տան քահանայն Տէր Յակոբի օջախն է եղեալ եւ այժմ նրա ժառանգ Տէր Գաբրիէլին ենք ճանաչում... » (տե՛ս «Ամենայն հայոց կաթ. », Երիցեանի): Վերոյիշեալ ժողովի կանոններից պարզ երեւում է, որ հայոց եկեղեցիները ունէին սեպհական հողեր, մնացած Տրդատի կարգադրութեամբ մինչեւ Է, Ը դարերը, որպիսի հողերին ժառանգաբար տիրում էին քահանաները, որոնք ամէն ճիգը գործ էին դնում իրանց որդիներին քահանայ ձեռնադրելով թողնել իրանց տոհմի մէջ որդէ ցորդի այդ հողերը: Վերջերումս քահանաների արդիւնքը կազմում են` պսակադրամ, նշանադրամ, կննքադրամ, թաղմահարկ գերեզման  օրհնէքի հարկ, տնօրհնէքի հարկ, կալօրհնէքի հարկ (կալամուտ), այգեհնձանի օրհնէքի հարկ, գանձանակադրամ, կողոպուտ, մատաղներից կաշի եւ երի եւ այլն: Ներսէս Ե սահմանեց, որ իւրաքանչիւր 80 տուն ունենայ մի քահանայ, որ կարողանայ այդ արդիւնքներով ապրել: Գէորգ Դ սահմանեց բազմամարդ գիւղերի ամէն մի 100 տան մի քահանայ, իսկ փոքր գիւղերում` մի-մի քահանայ: Էջմիածնի Սինոդը ռուսահայոց գիւղական եկեղեցիների համար որոշել էր` ամէն մի համախօսական կազմող ծխական ժողով պարտաւոր էր գրաւորապէս խոստանալ որոշ չափով հող յատկացնել ընծայացու անձին ցմահ՝ ձրիապէս, տալով պետական գանձարանին պատկանելիք հարկերը եւ կոռ ու բեկարը: Նախկին կարգը Տրդատի ժամանակից, որով տրւում էր ագարակների եկեղեցիներին 7 ծխի հող, գիւղերին` 3 ծխի հող, գոյութիւն ունէր մինչեւ Թ, Ժ դարերը, այդ թուերից յետոյ ժառանգական քահանայութիւնը սեպհականացրեց եկեղեցական հողերը եւ դարձրեց քահանայական տան սեպհականութիւն, որով եկեղեցիները զրկուեցին սեպհական հողերից: Ռուսաց տիրապետութեան օրով, երբ ազնուականների եւ վանքերի հողերի չափումն սկսուեցին, քահանայական հին տները մէջ ընկան իբրեւ հողատէրեր եւ խնդրեցին հողաչափներին իրանց հողերը ազնուականների հողերի իրաւունքներով չափել իրանց վրայ, այդպէս էլ եղաւ եւ նախկին եկեղեցիներին պատկանող հողաբաժինները շատ տեղեր պետական օրէնքի ոյժով դարձան վերջնական սեպհականութիւն հին քահանայական տների: Այժմ ընդհանուր սովորութիւն է դարձել գիւղերում ընծայացուին յատկացնել ձրի մի գլխի հող, կամ մի ծխի հող ցմահ վայելելու, իսկ քահանայի որդւոց տրուած հողերից իբրեւ հասարակութեան անդամ պահանջել համահաւասար միւսներին հարկ: Ծխական քահանաների թէ ընտրութեան եւ թէ ապահովման խնդիրը կանոնաւոր մշակման ենթարկուեց Մկրտիչ Ա-ի ժամանակ` 1901 թուին, առանձին յանձնաժողովի ձեռքով, որի կազմած կանոնադրութիւնը տպուեց «Արարատի» 1902-ի թուի համարներից մէկում ի փորձ, բայց վերջնական դրական հաստատութիւն չստացաւ:

 

Վանքերը եւ Մայր Աթոռի տնտեսական ապահովութիւնը հիմնուած է այժմ գլխաւորապէս սեպհական գիւղերի, հողերի, անտառների արդիւնքների վրայ: Մայր Աթոռի նախկին նուիրակութիւնը վերացել է, այժմ ստանում է կանոնաւորապէս ռուսահայոց թեմերից հոգեբաժին, պսակահարկ, պտղի (ցորեն, գարի, իւղ, ձու, աղ) եւ մասնաւոր նուէրներ: Պարսկաստանի եւ Տաճկաստանի թեմերի արդիւնքը գնում է իրանց կեդրոնական վարչութեան պահպանութեան վրայ, իսկ Էջմիածնի անունով նուէրները եւ գանձանակադրամները ուղարկւում են Մայր Աթոռ, այս արդիւնքները կոչւում են ընդհանուր անուամբ աթոռահասներ:

 

Տաճկաստանում դրամական բոլոր հաշիւները գտնւում է թաղական խորհրդի ձեռքում, ռուսահայոց եւ պարսկահայոց մէջ` ընտրեալ երեցփոխի ձեռքում, որոնք առանց ծխական ժողովի ոչինչ չեն կարող անել: Իւրաքանչիւր գաւառակ ունի իւր գործակալը, որ հսկում է բոլոր գաւառակի եկեղեցիների բարեկարգութեան վրայ, նախկին քորեպիսկոպոսների պաշտօնով. նա տալիս է պսակի հրամանը ծխական քահանաների վկայականի վրայ յենուած, ժողովում է աթոռահաս արդիւնքները, պտղի, պսակադրամ, հոգեբաժին: Գործակալները ենթարկւում են հոգեւոր կառավարութիւններին եւ կամ կոնսիստորիաներին: Տաճկահայաստանում թաղական խորհուրդը հաշուետու է գաւառական ժողովի առաջ:

 

Վանքերի հսկողութիւնը յանձնուած է վանահայրերին, որոնք կառավարում են բոլոր վանքական հողերը, դրամները եւ գործերը եւ հաշիւ տալիս բարձր իշխանութեան: Վանահայրերի եւ մայրապետների ընտրութիւնը լինում էր վանական միաբանութեան համաձայնութեամբ եւ կաթուղիկոսի ու Պօլսոյ   կեդրոնական  վարչութեան  հաստատութեամբ Ռուսահայոց  մէջ Գէորգ Դ-ից սկսած վանականութիւնը համարուեց մի դասակարգ, որ իրաւունք չունի սեպհականութիւն ունենալու եւ մահից յետոյ իւր ազգականներին թողնելու ստացուածքը, (տե՛ս Ա գիրք, 441-442 երես): Տաճկահայոց մէջ այդպիսի որոշումը պետական օրէնքի միջոցաւ տեղի չունեցաւ:

 

Հներում մեծ մասամբ վանքերում նստում էին առաջնորդ եպիսկոպոսները, կամ փոխանորդ եպիսկոպոսներ, որոնք անսահման տէր էին իրանց վանքերի կալուածական եւ այլ արդիւնքների. միւս վանքերը, ուր առաջնորդներ չէին նստում, նրանք նոյնպէս անմիջապէս գտնւում էին իրանց առաջնորդների կարգադրութեան տակ, իսկ առաջնորդների աջ թեւ կազմում էին տեղական իշխանները, մինչեւ իսկ վճռական ձայնով (տե՛ս Ա գ., Սահակի կանոնները, 332, 369): Թէ առաջնորդները վանքական արդիւնքներից որ մասը պիտի բաժին հանէին Մայր Աթոռին, անորոշ է, թողնուած էր իւրաքանչիւրի կամքին (տե՛ս Ա գիրք, 320):