Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա) ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արհեստների զարգացման խափանող ազդակները։ Արհեստների տեսակները։ Արհեստների զարգացման աստիճանը։ Աշխատանքի բաժանումը արհեստի ներսում։ Արհեստների տեղաբաշխումը քաղաքում։ Համքարությունները։ Արհեստավորներից գանձվող հարկերը։

 

Ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի նման, քաղաքային արհեստագործությունը նույնպես XVII-XVIII դարերում չուներ զարգացման նպաստավոր պայմաններ։ Արտաքին նվաճողները՝ սկսած Լենկ-Թեմուրի ժամանակներից երկիրն ամայացնելու հետ միասին գերեվարում եւ իրենց պետությունների խորքերն էին քշում տասնյակ հազարավոր գերիներ, որոնց թվում նաեւ արհեստավորներ։ Հայտնի է, որ Լենկ-Թեմուրը իր աշխարհավեր արշավանքների ընթացքում Հայաստանում, Վրաստանում, Ասորիքում եւ այլուր գերեվարած բազմահազար արհեստավորների քշեց դեպի իր մայրաքաղաք Ա ամարղանդ եւ պետության կենտրոնական շըր֊ ջանները։ Այդ նույն կերպ էին վարվում նաեւ հետագա թուրքմեն, պարսիկ եւ թուրք նվաճողները։ Արեւելյան Հայաստանի արհեստագործության կենտրոնները՝ Երեւանը, Հին Ջուղան եւ մյուս քաղաքներն ու ավաններն առանձնապես մեծ հարված ստացան պարսից Շահ-Աբաս I-ի 1604 թվականի արշավանքի ժամանակ։ Նրա հրամանով Պարսկաստանի խորքերը քշված տասնյակ հազարավոր բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ արհեստավորները, որոնց մի զգալի մասը գաղթեցվել էր Երեւանից։ Միանգամայն ճիշտ է նկատում Վ. Աբրահամյանը, Շահ-Աբասի այդ արշավանքի հետեւանքով քայքայվեց «Երեւանի եւ Հին Ջուղայի առեւտրա-արհեստավորական դասը» [1] ։ Քաղաքային զբաղմունքներին՝ արհեստագործությանը եւ առեւտրին պակաս հարված չեն հասցրել նաեւ Շահ-Աբասի արշավանքին նախորդած թուրքական հարձակումները եւ թուրք-պարսկական հետագա պատերազմները։ Սակայն, եթե նույնիսկ խաղաղ պայմաններ էլ լինեին, այնուամենայնիվ ֆեոդալական հետամնաց Պարսկաստանում ու Թուրքիայում արհեստագործության բուռն զարգացման համար չկային սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմաններ։ Այդ է պատճառը, որ հակառակ եվրոպական պետությունների քաղաքային արհեստագործության, որն այդ դարերում նախ թեւակոխեց արդյունաբերության զարգացման մանուֆակտուրային, իսկ XVIII դարի վերջերից՝ մեքենայական արդյունաբերության շրջանը, Պարսկաստանի, Թուրքիայի ու դրանց ենթակա երկրների քաղաքներում քաղաքային արտադրությունը մնաց արհեստի համեստ մակարդակի վրա։ Այդպիսի վիճակ ուներ նաեւ Երեւանի արհեստագործությունը եւ այդպիսին էլ մնաց գրեթե մինչեւ XIX դ. 80—90-ական թվականները։

Երեւանում քաղաքային տնտեսության՝ արհեստագործության եւ առեւտրի համար շատ թե քիչ նորմալ պայմաններ են ստեղծվում միայն 1639 թ. թուրք-պարսկական հաշտությունից հետո, երբ Հայաստանից բռնի կերպով Պարսկաստան քշված բնակչության մի մասը, դրանց թվում նաեւ արհեստավորներ, վերադարձան ու տեղում մնացածների հետ միասին նպաստեցին քաղաքի արհեստագործության աշխուժացման գործին։ Սկզբնաղբյուրների վկայություններից երեւում է, որ Երեւանում արհեստագործությունը բավական զարգացել էր XVII դ. երկրորդ կեսին եւ հաջորդ դարի սկզբներին։ Երեւանի ամբողջ տնտեսական կյանքի հետ միասին քաղաքային արհեստագործությունն էլ պարսից տիրապետության շրջանում իր զարգացման բարձր կետին հասավ վերջին խանի՝ Հուսեին-Ղուլի սարդարի օրոք՝ XIX դ. առաջին քառորդում [2] ։

Սկզբնաղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ XVI-XVIII դարերում Երեւանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ։ Տարբեր առիթներով հիշատակված են քարտաշներ, հյուսներ, ոսկերիչներ, պղնձագործներ, արծաթագործներ, դերձակներ, գլխարկ կարողներ, բրուտներ, ժամագործներ, դրամահատներ, որմնադիրներ եւ այլ «ուստա»-ներ [3] ։ Այլ կերպ ասած, XIX դ. սկզբներին քաղաքում եղած ավելի քան 40 արտադրական եւ ոչ արտադրական արհեստների [4] մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ նախորդ ժամանակներում եւ չնայած քաղաքի բնակչությունն ուներ ազգային խառը կազմ, բայց արհեստավորները գրեթե բացառապես հայերից էին։ Հիշատակություններից երեւում է, որ Երեւանի նշված շրջանի արհեստավորները միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման իրենց արհեստը ժառանգել են որդիներին։ Ուշադրության արժանի է, որ որոշ խաներ հետաքրքրվել են քաղաքի արհեստագործության զարգացմամբ կամ տեղի կարիքները հոգալու համար հրավիրել նոր արհեստավորների։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մի ձեռագրից երեւում է, որ XVIII դ. վերջին քառորդում քաղաքում կենցաղի մեջ էր մտել ժամացույցը եւ կարիք էր զգացվում ժամագործի։ Սակայն, քանի որ քաղաքում ժամագործ վարպետ չի եղել, ուստի սկզբում հրավիրել են Ախալցխայից։ Ժամանակավորապես Երեւան եկած ախալցխացի ժամագործին աշակերտում է ոմն Գեւորգ, որը ոսկերիչ Իսրայելի եղբոր որդին էր։ Որպեսզի վերջինս կատարյալ տիրապետի այդ արհեստին եւ կարողանա ինքնուրույն կերպով վերանորոգել ու սարքի բերել քաղաքի բնակիչների ժամացույցները՝ խանը խնդրում է Ղուկաս Կարնեցի կաթողիկոսին (1780-1799) Գեւորգին հատուկ հանձնարարական նամակով ուղարկել Կարին՝ ժամագործ վարպետների մոտ այդ արհեստում լավ մասնագիտանալու համար։ 1787 թ. Կարինի մեծամեծերին ուղղած իր նամակում կաթողիկոսը գրում է. «Մանաւանդ սրբոյ Տանս եւ մեզ եւս օգուտ է, որ յերկրոջս սահաթ սարքող գտանիցի։ Քանզի մեծամեծ տաճկաց շատոցն՝ մինչեւ սահաթքն սախաթին, առ մեզ ձգեն եւ ի մէնջ զնորն խնդրեն, բայց թէ սահաթսազ գտանիցի, փոքր մի սակաւք լինելոց են խնդրակքն» [5] ։ Իսկ այդ նամակից դժվար չէ եզրակացնել, որ ժամացույցը Երեւանի կենցաղում թեեւ դեռ նոր էր մտել, բայց բավական տարածված էր։

Երեւանում կային նաեւ մեծ թվով դինգեր եւ ջրաղացներ։ XIX դ. առաջին քառորդում քաղաքում եղած մի քանի տասնյակ ջրաղացների մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ մեզ հետաքրքրող նախորդ շրջանում։ Հաքստհաուզենի հիշատակության համաձայն քաղաքի մոտ հանված միայն երկու առուների վրա կային 38 ջրաղացներ [6] ։ Երեւանի այդ ժամանակների ջրաղացների մասին արժեքավոր հիշատակություններ ունի հատկապես Աբրահամ Երեւանցին՝ Երեւանի 1724 թվականի հերոսական պաշտպանության ականատես պատմագիրը։

Երեւանում տարածված արհեստներից մեկը կավագործությունն էր։ Տեղում եղած հումքը՝ կավը եւ գինեգործությունը, որն այնքան մեծ դեր էր խաղում քաղաքի բնակչության զբաղմունքի մեջ, խթանում էին կավագործության զարգացումը։ Այդ արհեստով գրեթե բացառապես զբաղվում էին ոչ թե բուն քաղաքացիները, այլ նորքի բնակիչները [7] ։ Նորքը չնայած առանձին գյուղ էր, բայց բոլոր թելերով կապված էր Երեւանի հետ եւ իրականում կազմում էր նրա թաղերից մեկը։ Հիշատակություններից եւ անուղղակի տվյալներից երեւում է, որ բրուտությամբ զբաղվողների թիվը հասնում էր հարյուրավոր մարդու։ Ըստ երեւույթին XVII-XVIII դդ. Երեւանի արհեստավորների մեջ ամենաբազմամարդը հենց Նորքի (Չոլմաքչի = «կավագործ», «բրուտ») բրուտներն էին։

Երեւանի արհեստավորների արտադրած ապրանքները հիմնականում սպառվում էին տեղում։ Դրանցից այլ վայրեր ու քաղաքներ գրեթե չէին արտահանվում, եթե բացառելու լինենք գինին, օղին եւ մի քանի այլ ապրանքներ, որոնք ամբողջապես չէին կարող սպառվել տեղում եւ դրանց համար մեծ պահանջարկ կար հարեւան ու հեռավոր շրջաններում։

Մեզ հասած կցկտուր տեղեկություններից երեւում է, որ XVII-XVIII դարերի Երեւանում արհեստներն իրենց զարգացման աստիճանով բավական բարձր էին կանգնած։ Արհեստավորներն ընդհանուր առմամբ լավ էին տիրապետում իրենց արհեստներին եւ տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։ Իրերի բերումով Վաղարշապատցի Հարություն Արարատյանը ուղղակի վկայություն ունի հատկապես Նորքի կավագործների մասին։ Նա գբում է, որ Նորքում եղել են «շատ հմուտ բրուտագործներ» [8] ։ Ամբողջ Երեւանի խանությունում գինու ամենարնտիր կարասներն ու կավե այլ անոթներ տալիս էին Նորքի կավագործները։ Այդ տեսակետից նորքերի բրուտներին զիջում էին խանության մյուս բնակավայրերի՝ Յուվայի (այժմ Շահումյան ) եւ այլ տեղերի կավագործ վարպետները։ Նույն Հարություն Արարատյանի մի այլ վկայությունից իմանում ենք, որ Երեւանում XVIII դ. վերջերին կային նաեւ իրենց արհեստը շատ լավ տիրապետող պղնձագործներ եւ արծաթագործներ։ Նա վկայում է, օրինակ, որ Կոնդում ապրող ոմն Ռեւազ, որը համարվում էր Էջմիածնի հավատարմատարը, լինելով շատ լավ պղնձագործ, տիրապետում էր նաեւ այլ արհեստների [9] ։ Իրենց արհեստներին լավ էին տիրապետում նաեւ քարտաշները, որմնադիրները, զինագործները, դրամահատները, մանածագործներն ու ջուլհակները, մաշկակարները, գդակ կարողները եւ այլք։ Արհեստավորների համեմատաբար բարձր վարպետության մասին է վկայում նաեւ ժամագործ Գեւորգի վերաբերյալ վերը բերված փաստը։ Չնայած նա Ախալցխայից եկած ժամագործի մոտ բավական սովորել ու մասնագիտացել էր այդ գործում, այնուամենայնիվ, խանի խնդրանքով, Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը հանձնարարական նամակով նրան ուղարկում է Կարին (Էրզրում) ավելի կատարելագործվելու եւ վարպետանալու։

Հարություն Արարատյանի նշված վկայությունից երեւում է, որ արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված։ Նույն արհեստավորը կատարում էր աշխատանքային բոլոր պրոցեսները՝ հումքի նախնական վերամշակումից մինչեւ պատրաստի արտադրանք տալը ներառյալ։ Ավելին, նրա այդ հիշատակությունը գալիս է ասելու, որ միեւնույն անձնավորությունը կարող էր տիրապետել եւ զբաղվել մի քանի արհեստներով, ինչպես նրա հիշատակած Ռեւազն էր, որը լավ տիրապետում էր ոչ միայն պղնձագործությանն ու արծաթագործությանը, այլեւ գիտեր նաեւ ուրիշ արհեստներ [10] ։ Չնայած դաժան պայմաններին, հայ ժողովուրդը չէր կորցրել իր հմտությունը արհեստների բնագավառում։ Այդ ժամանակներում իրենք գործին գերազանց տիրապետող բազմաթիվ հայ վարպետներ կային նաեւ Թիֆլիսում, Բաքվում, Շամախիում, Նուխիում, Ախալցխայում եւ Արեւմտյան Հայաստանի տասնյակ մեծ ու փոքր քաղաքներում [11] ։ Այնպես որ Հայկական մարզի արհեստների մասին Ի. Շոպենի այն արտահայտությունը, թե «արհեստներն այստեղ, դեռեւս կիսավայրենի երկրում, ամեն քայլափոխում հիշեցնում են այն ժամանակները, երբ մարդը հենց նոր էր... թողել իր անտառներն ու քարանձավները (ընդգծումները մերն են— Թ. Հ. [12] 3, պատմական իրականության խեղաթյուրում ու գռեհկացում է։ Ինչ խոսք, որ պարսկա-թուրքական երկարատեւ տիրապետությունը ողբալի հետեւանքներ է ունեցել հայ ժողովրդի համար։ Սակայն ցարական աստիճանավորի խոսքը վերաբերում է ոչ թե դրան, այլ մի հին, քաղաքակրթված ժողովրդի ունակություններին, ժողովուրդ, որն օտարի ծանր լծի տակ երկար ժամանակ հեծել է, բայց չի կորցրել իր վարպետությունն արհեստների մեջ։ Անժխտելի է, որ պարսկական տիրապետության շրջանում որոշ արհեստներ հետադիմել են, մի քանիսը՝ դադարել գոյություն ունենալուց, իսկ որոշ արհեստներ էլ բավական ետ են մնացել ժամանակաշրջանի ընդհանուր մակարդակից, բայց եւ այնպես շատ արհեստներ սովորույթի անհաղթահարելի ուժով եւ համքարությունների առկայության պայմաններում մնում էին բարձր մակարդակի վրա [13] ։ Ընդ որում չպետք է շփոթել գործիքների կատարելագործման աստիճանը, աշխատանքի բաժանման խորությունն ու արտադրողականության մակարդակը արհեստավորների անձնական հմտությունների հետ։ Արհեստավորական գործիքները անհամեմատ հասարակ էին, անմրցակից իշխում էր ձեռքի աշխատանքը, արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված կամ իսպառ բացակայում էր, աշխատանքի արտադրողականությունը շատ ցածր էր, սակայն վարպետները բազմագործունյա էին, լավ տիրապետում էին իրենց արհեստին, եւ նրանց ձեռքի աշխատանքը ուներ համեմատաբար բարձր որակ [14] ։ Անդրկովկասի արհեստների պատմության լավագույն մասնագետ Ս. Ա. Եղիազարովը փաստական հարուստ նյութերի հիման վրա ցույց է տվել, որ XIX դ. եւ դրան նախորդած շրջանում անդրկովկասյան քաղաքների (որոնց թվում նաեւ Երեւանի) արհեստները գտնվում էին «զարգացման շատ թե քիչ բարձր աստիճանի վրա» [15] ։ Նույնն են հաստատում նաեւ Ի. Շոպենի հաղորդած տեղեկությունները, թեպետ նա մոռանալով դրանց մասին հայտնել է վերը նշված պատմական իրականության հակառակ կարծիքը, որը հետագայում տարածվեց ու ընդունելություն գտավ ցարական պաշտոնական շրջաններում։ Մեր միտքը հաստատելու համար մեջ բերենք նույն Շոպենի մի կարեւոր վկայությունը Հայկական մարզի ատաղձագործների բարձր վարպետության, աշխատանքային մեծ հմտության եւ նրանց արտադրած ապրանքների որակի մասին։ Ահա նրա խոսքերը. «Այստեղի բոլոր արհեստավորների մեջ առանձնապես ուշագրավ է ատաղձագործը. նրա ոտքերը վարժված են աշխատել գրեթե այնպիսի վարպետությամբ, ինչպես եւ ձեռքերը, եւ, նայելով նրան, թե ինչպես նա գետնին նստած ոտքերով պահում է՝ ձեռքերով պատրաստվող իրը, կարելի է նրան անվանել քառաձեռ մարդ։

Երեւանի ատաղձագործների արվեստը ասիական մեծ պատուհաններ պատրաստելու մեջ հաղթանակում է։ Այդ պատուհանները, որոնք բաղկացած են ամենատարբեր եւ գեղեցիկ նախշերով հավաքված ձողիկներից, գույնզգույն ապակիներ դնելու համար ունեն մանր եզրանախշեր, որոնք կազմում են հիանալի պատկերներ, ճիշտ այնպիսիները, ինչպիսիք ներկայացնում են կալեյդոսկոպները» [16] ։

Նույնպիսի վարպետություն ունեին նաեւ մյուս շատ արհեստների ներկայացուցիչներ։ Ս. Ա. Եղիազարովը գրում է, որ, օրինակ, արծաթագործները (զարգարներ) ու ոսկերիչները իրենց արհեստներով հաջողությամբ զբաղվելու համար պետք է գիտակ լինեին նրանց տեխնիկական բոլոր մանրամասնություններին, որ ոսկերիչն ու արծաթագործը կատարում էին «ոսկերչության» եւ «արծաթագործության» բարդ արհեստների մեջ մտնող ամենազանազանակերպ աշխատանքները սկսած իրերի ձեւերի պատրաստումից մինչեւ թանկարժեք քարերի ընտրություն կատարելն ու հարգի (проба) որոշելը [17] ։ Նույնպիսի բարդ արհեստ էր եւ զինագործությունը։ Անդրկովկասի զինագործ հայ արհեստավորը պատրաստում էր հրացանի ու ատրճանակի բոլոր մասերը եւ ամեն տիպի սառը զենքեր։ Ս. Եղիազարովի ասելով, տեղացի-արհեստավոր զինագործները XIX դարում իրենց արհեստն այնքան էին կատարելագործել, որ նույնիսկ «այնպիսի ոչ մեծ գավառական քաղաքում, ինչպիսին Նախիջեւանն էր, զինագործները պատրաստում էին նորագույն սիստեմի զենքեր... » [18] ։

Արհեստանոցները հիմնականում գտնվում էին շուկա-հրապարտկում, նրա շուրջը կազմելով մանր կրպակ-արհեստանոցների գոտի։ Այստեղ առանձին շարքեր կամ մասեր էին զբաղեցնում միեւնույն արհեստով զբաղվողները։ Հին Երեւանի գլխավոր շուկա-հրապարակի արհեստավորական աշխատանքային եռուզեռը բավական տպավորիչ է նկարագրել Միքայել Մանվելյանն իր «Երեւան» վեպում [19] ։

Նախկինում էլ մեծ ու փոքր բոլոր արհեստանոցները հիմնականում գտնվում էին շուկայի (Ղանթարի) շուրջը։ Իսկ կաշեգործական արհեստանոցներն (դաբաղխանաներ) եւ ջրաղացները գտնվում էին Հրազդանի եւ Գետառի ափերին։

Արհեստավորները, առեւտրականները եւ քաղաքային այլ զբաղմունքների տեր մարդիկ մտնում էին առանձին համքարությունների մեջ։ Վերջնականապես հաստատված կարելի է համարել, որ մեզ մոտ՝ Հայաստանի քաղաքներում, համքարությունները ծագել են X-XI դարերում [20] ։ Սակայն հետագայում, երկրի ելեւէջներով լեցուն քաղաքական պատմության հետեւանքով համքարություններն էլ անցել են անհամաչափ զարգացման ուղի։ Երբեմն երկրի այս կամ այն քաղաքում դրանք առաջադիմել, երբեմն երկրի մեծագույն մասում զգալիորեն հետադիմել են, իսկ երբեմն էլ ամբողջական համքարություններ վերացել են ասպարեզից։ Ամենայն հավանականությամբ Երեւանի համքարությունների մեծ մասը առժամանակ վերացել էր Շահ-Աբաս I-ի կատարած զանգվածային բռնագաղթի ժամանակ։ Սակայն 1639 թվականի հաշտությունից հետո քաղաքի տնտեսական կյանքի որոշ կայունացմամբ նորից բավական բազմամարդ են դառնում արհեստավորները, առեւտրականները՝ նորից կյանքի կոչելով իրենց եղբայրություններին՝ համքարություններին։ Դժվար է որոշել, թե Երեւանում հատկապես երբ են ծնունդ առել համքարությունները, որովհետեւ այստեղի համքարությունների վաղ ժամանակների մասին չեն պահպանվել գրավոր տեղեկություններ եւ դրանք չեն ունեցել իրենց գրավոր կանոնադրությունը, ինչպիսին ունեին Էրզրումի դարբինների էսնաֆությունը եւ Ախլցխայի մի քանի համքարություններ [21] ։

Ս. Ա. Եղիաղարովի կարծիքով Էրզրումի դարբինների համքարությունն այդ տեսակետից բացառություն չէր կազմում։ Նա ենթադրում է, որ նույնպիսի կանոնադրություն-սահմանադրություններ ունեին նաեւ այլ քաղաքների ուրիշ համքարություններ [22] ։ Սակայն այդ նույնը չի կարելի պնդել Երեւանի համքարությունների համար։ Աղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւանի համքարությունները կառավարվում էին ոչ թե գրավոր կանոնադրության հիման վրա, այլ սովորույթով (ադաթով), որը մշակվել եւ սերնդից սերունդ էր հաղորդվում ավանդաբար։

Մեր հավաքած տեղեկությունների համաձայն, XIX դ. սկզբներին Երեւանում կային ավելի քան 30 արհեստավորական, առեւտրական եւ այլ կարգի համքարություններ [23] ։ Դրանց մեծ մասը գոյություն ուներ նաեւ նախորդ ժամանակներում, հատկապես XVII-XVIII դարերում։ Առանձին համքարություններ էին կազմում ատաղձագործները, մաշկակարները, կաշեգործները, դարբիններ, ներկարարները, քարտաշները, ճոները, դերձակները, վարսավիրները, բազազները, ջուլհակները, թամբագործները, պղնձագործները, բախկալները, որմնադիրները եւ այլն [24] ։

Համքարությունները կազմված էին ըստ զբաղմունքների, եւ նրանց մեջ սովորաբար մտնում էին միեւնույն զբաղմունքն ունեցող անձինք։ Դրանք արհեստավորների, առեւտրականների եւ նույնիսկ բանվորների եղբայրություններ էին, որոնք ղեկավարվում էին համքարության անդամների կողմից ընտրվող գլխավոր վարպետի (ուստաբաշու) կողմից [25] ։ Համքարության անդամները կաշկանդված չէին միշտ միեւնույն համքարության մեջ մնալու պարտավորությամբ։ Նրանք ազատ կերպով կարող էին թողնել իրենց հին զբաղմունքը եւ ընտրել նոր զբաղմունք՝ մտնելով այդ նոր մասնագիտությանը համապատասխան համքարության մեջ [26] ։ Մենաշնորհի ենթարկելը խորթ էր համքարությունների համար։ Համքարությունները արհեստավորների եւ առեւտրականների համար ծառայել են միջոց մրցակցության դեմ պայքարելու։ Այդ նպատակով նրանք կիրառում էին մի քանի կանոններ՝ նյութի հավասարաչափ բաշխումը համքարության անդամների միջեւ, առանց ուստաբաշու գիտության ու համաձայնության մասնավոր գործարքների խստիվ արգելումը, արտադրության որակի կանոնավորումը, մրցակցության դատապարտումը եւ այլն [27] ։

Համքարություններում օրվա աշխատանքի որոշակի ժամանակամիջոց չէր սահմանված։ Աշխատանքը սովորաբար սկսում էին արեւածագին եւ դադարեցնում մայրամուտին։

Երեւանի համքարություններն՝ ըստ իրենց արհեստի եւ զբաղմունքի, շուկաներում եւ «չարսուներում» ունեին իրենց խանութաշարքերը։ Բացառություն էին կազմում միայն կապույտ ներկողները, կաշեգործները եւ կարմիր ներկողները։ Դրանցից առաջին երկուսի արհեստանոցները՝ բոյախանաներն ու դաբախանաները, շատ ջուր պահանջելու պատճառով, կենտրոնացել էին Զանգվի ափին, իսկ շիլաչիների ներկատները գտնվում էին քաղաքի Շիլաչի մահլայում [28] ։

Միջնադարյան Եվրոպայի ցեխերի նման՝ համքարություններն էլ ենթարկվում էին քաղաքային իշխանություններին, իսկ ներքին կյանքում նրանք ունեին նշանակալի ինքնուրույնություն [29] ։ Համքարություններն օգնում էին իրենց հիվանդ, անդամալույծ, աշխատանքի համար անընդունակ դարձած ընկերներին, համքարի մահվան դեպքում իրենց ուժերի ներածին չափով նյութապես ապահովում էին նրա ընտանիքը՝ այն փրկելով սովից ու մուրացկանությունից։ Նրանք օգնում եւ հոգ էին տանում քաղաքի բարեկարգման ու պաշտպանության մասին [30] ։ Նշված բարեգործությունները կատարելու եւ զանազան կարգի օգնություն ցույց տալու համար համքարություններն ունեին իրենց դրամական միջոցները, որոնք ստեղծվում էին վարպետներից վերցվող անդամավճարներից, տուգանքներից եւ այլ աղբյուրներից։

Համքարությունների ներքին ու արտաքին ամբողջ կյանքը գլխավորում էին համքարական օրգանները։ Համքարական ղեկավար կազմը բաղկացած էր ուստաբաշուց (գլխավոր վարպետի նրա մեկ կամ երկու օգնականից, որը կոչվում էր աղսախկալ, գանձապահից (խազնադար) եւ սուրհանդակից (իգիթբաշի) [31], որոնցից յուրաքանչյուրն ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։

Համքարության գերագույն օրգանը համարվում էր ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին եւ այնտեղ ձայն ունեին բոլոր լիիրավ անդամները։ Ընդհանուր ժողովի պարտականությունների մեջ էին մտնում համքարության պաշտոնյաների հաշվետվությունները լսելը, նրանց ընտրությունները, համքարության մեջ ընդունվելու կամ դրանից հեռացնելու հարցերը, հարկերի ու տուրքերի բաշխումն ըստ անդամների, վարպետացուների ստուգողական աշխատանքների վերջնական քննարկումն ու գնահատումը, համքարական պաշտամունքի հետ կապված զանազան խնդիրներ եւ այլն [32] ։

Երեւանում տարբեր համքարություններ ընդհանուր ժողովի են հավաքվել տարբեր տեղերում։ Կաշեգործներն իրենց ժողովներն անց էին կացնում Զանգվի ափին՝ տարվա տաք ու արեւոտ եղանակներին [33], մյուս համքարությունների ժողովատեղիներն էին գերեզմանոցները, եկեղեցիների բակերը եւ այլն։

Յուրաքանչյուր համքարություն ուներ իր դատարանը («դատաստան»), որի կազմի մեջ մտնում էին գլխավոր վարպետն ու նրա օգնականները (աղսախկալները)։ Համքարական դատարանի իրավասությանը ենթակա գործերը բազմազան էին։ Դրանցից էին՝ վարպետների եւ նրանց վարպետացուների ու աշակերտների միջեւ ծագած վեճերը, համքարության վարպետների միջեւ եղած գործերն ու հարաբերությունները, ընտանեկան վեճերը, համքարության անգամների դեմ կողմնակի անձանց հարուցած գործերը եւ այլն [34] ։ Համքարական կարգը ժամանակի ընթացքում ստեղծել էր տարբեր բնույթի ու չափի պատիժների մի ամբողջական սիստեմ, որը բխում էր համքարության տնտեսական ու իրավական շահերից եւ սերնդե-սերունդ անցնում էր բանավոր կարգով, ժամանակի ընթացքում ենթարկվելով որոշ փոփոխությունների։ Պատիժների մեջ էին մտնում դրամական եւ բնամթերային տուգանքները, հանցավորի արհեստանոցի ժամանակավորապես փակելը, արհեստի գործիքները խլելը, բանադրանքը, համքարությունից վտարելը եւ այլն [35] ։

Համքարություն ընդունվելու հիմնական նախապայմանն արհեստին տիրապետելն էր։ Վարպետացուի՝ արհեստին տիրապետելու եւ ինքնուրույն գործունեության համար պիտանի լինելու առաշին վկայությունը տալիս է նրան սովորեցնող վարպետը՝ երդման միջոցով, ցույց տալով վարպետացուի կատարած ինքնուրույն աշխատանքի նմուշը։ Վարպետացուի ստուգողական աշխատանքի քննարկման եւ գնահատման վերջին աստիճանը համքարության ընդհանուր ժողովն էր, որտեղ գնահատման հետ միասին վճռվում էր վարպետացուին համքարության մեջ իբրեւ ինքնուրույն վարպետ ընդունվելու կամ չընդունվելու հարցրը [36] ։ Համքարություն ընդունվելու համար բավարար չափով գիտելիքների ու գործիմացության պահանջն Անդրկովկասի քաղաքներում, այդ թվում եւ Երեւանում, ելնում էր համքարության տնտեսական շահերից եւ նպաստում էր արհեստների կատարելագործմանը, նրանց պատշաճ բարձրության վրա պահելուն։ Իսկ այդ հանգամանքը գալիս է ասելու, որ XIX դ. սկզբներին եւ դրանից առաջ Երեւանում արհեստներն այնպիսի հասարակ վիճակում չէին, ինչպես Ի. Շոպենը փորձում է ներկայացնել։ Համքարություն ընդունվելու համար որեւէ նշանակություն չունեին տնտեսական դրությունը, գույքային ցենզը, ազգային պատկանելությունը, նստակյացությունը եւ այլն։

Համքարության կազմը միատարր չէր։ Նա իր մեջ ընդգրկում էր տարբեր աստիճանի վրա գտնվող եւ տարբեր իրավական վիճակ ունեցող մարդկանց։ Լայն առումով համքարության կազմի մեջ մտնում էին ոչ միայն ինքնուրույն վարպետներն ու առեւտրականները, այլեւ նրանց աշակերտները, վարպետացուները, գործակատարները, վարպետների ու առեւտրականների ընտանիքների անդամները։ Սակայն ավելի նեղ առումով համքարությունը կազմված էր միայն ինքնուրույն վարպետներից եւ առեւտրականներից, որոնք եւ համարվում էին համքարության լիիրավ անդամներ [37] ։ Համքարության ընդգրկած կամ որեւէ չափով նրան հարող ամբողջ անձնակազմը տնտեսական եւ իրավական առումով բաժանվում էր իրարից խիստ կերպով տարբերվող երկու խմբի՝ ինքնուրույն վարպետների եւ աշակերտների, աշխատողների ու վարպետացուների։ Ինքնուրույն վարպետներն ու առեւտրականներն ունեին իրենց արհեստանոցներն ու կրպակները, համարվում էին համքարության լիիրավ անդամներ եւ մասնակցում էին համքարության բոլոր գործերին։ Աշակերտները, աշխատողներն ու վարպետացուները համքարության գործերում իրավազուրկ էին եւ ամբողջապես ենթարկվում էին վարպետների ու առեւտրականների իշխանությանը։ Նշվածներից բացի, համքարության աշխատանքներին (հատկապես մանածագործության եւ ջուլհակության գծով) մասնակցում էին նաեւ կանայք, որոնք, սակայն, համքարության ներքին գործերին ոչ մի մասնակցություն չունեին [38] ։

Հսկայական էր համքարությունների դերը արտադրության եւ արտադրանքի վաճառահանման գործում։ Ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ արտադրության կազմակերպման մեջ համքարությունը հանդես էր գալիս իբրեւ միասնական մի կազմակերպություն։ Համքարության համերաշխությունը հետեւանք էր նրա տնտեսական, վարչա-ֆինանսական-հարկային, հասարակական շահերի միասնության [39] ։

Համքարություններն իրենց անդամների անխափան աշխատանքն ու դրանից կախված ապրուստն ապահովելու համար միջամտում եւ կանոնավորում էին նույն համքարության անդամների, տարբեր համքարությունների ու նրանց անդամների եւ համքարության անդամների ու մեծածախ առեւտրականների միջեւ եղած տնտեսական հարաբերություններն ու առեւտրական գործարքները։ Այնպես որ, համքարությունների մեջ խիստ կերպով զարգացած էին համագործակցությունը, շահերի փոխադարձ պաշտպանությունը եւ միասնական պայքարը համքարության ու նրա առանձին անդամների նկատմամբ կատարվող հարձակումների եւ անարդարությունների դեմ։ Այդ պայքարում հանդես էին գալիս ոչ թե համքարության անդամներն առանձին-առանձին, յուրաքանչյուրը միայն իր անձնական շահի համար, այլ համքարությունն ամբռղջությամբ վերցրած՝ հանուն ե՛ւ յուրաքանչյուր անդամի, ե՛ւ ամբողջ համքարության շահերի։ Սակայն, ինչպես նշում է համքարության պատմության մեծ գիտակ Ս. Ա. Եղիազարովը, միշտ չէ, որ ներքին պայքարը խորթ էր համքարությունների համար։ Համքարությունների ներքին պայքարը տեղի էր ունենում շուկայական գների առնչությամբ. դրանով նրանք չէին հետապնդում ինչ-որ մենաշնորհ դիրք ձեռք բերելու, այլ նպատակ ունեին կանոնավորելու շուկայական գները։ Այդպիսի պայքար տեղի էր ունենում գլխավոր վարպետների եւ շուկայի պետի միջեւ [40] ։

Իրենք նշանակությամբ եւ ազդեցությամբ բոլոր համքարությունները հավասար մակարդակի վրա չէին։ Վաճառականական համքարություններն առհասարակ ունեին ավելի մեծ ազդեցություն։ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Անդրկովկասի քաղաքներում բարձրաստիճան վաճառականությունը՝ սովդաքյարները, որոնք գրեթե բացառապես զբաղված էին արտաքին առետրով, հավասարեցված էին ազնվականոլթյանը եւ, բացի դրանից, ազատված էին ամեն տեսակի հարկերից, տուրքերից եւ հարկադրական աշխատանքներից [41] ։

Երեւանում ամենաազդեցիկը բազազների համքարությունն էր, որն այդպիսին մնաց նաեւ հետագայում՝ մանավանդ XIX դ. 60-70-ական թվականներին [42] ։ Հիշատակություններից պարզ երեւում է, որ բազազները հիմնականում զբաղվում էին մեծածախ արտաքին առեւտրով եւ նրանց հսկողությանն էր ենթակա մաքսային գործր։ XVI-XVIII դարերին վերաբերող մեր ձեռքի տակ եղած տվյալները ցույց են տալիս, որ բազազները, որպես մի համքարության անդամներ, Երեւանի տնտեսական կյանքում սկսել են կարեւոր դեր խաղալ ոչ թե XIX դ. 60-ական թվականներից, ինչպես մենք ենթադրել էինք սույն աշխատության 1801-1879 թվականներն ընդգրկող գրքում [43], այլ XVII-XVIII դարերից։

Իրենց տնտեսական վիճակով, քաղաքի ներքին կյանքում խաղացած դերով եւ տնտեսության մեջ գրաված տեղով զգալի տարբերություններ կային նաեւ արհեստավորական համքարությունների միջեւ։ Տնտեսական ապահովվածությամբ ավելի բարձր էին կանգնած արծաթագործների, կաշեգործների եւ մի քանի այլ համքարություններ [44] ։

Սակայն ոչ բոլոր արհեստավորներն էին ընդգրկված համքարություններում։ Բավական մեծ թվով վարպետներ ու առեւտրականներ համքարություններից դուրս էին եւ գործում էին առանձին-առանձին [45] ։ Սրանց եւ համքարությունների միջեւ ընդհուպ մինչեւ XIX դարի 40-ական թվականները մրցակցության եւ պայքարի տենդենց քիչ էր նկատվում, իսկ Երեւանում այդ դրությունը շարունակվել է մինչեւ նույն դարի 60-ական թվականները։ Այդ բացատրվում է նրանով, որ ազատ արհեստավորներն ու առեւտրականները վճարում էին նույնքան հարկ ու տուրք, որքան համքարությունների մեջ ընդգրկվածները, կատարում էին նույն հարկադրական աշխատանքները, ինչ որ վերջիններս էին կատարում։ Սակայն այդ նրանց միջեւ պայքարի թույլ լինելու միակ պատճառը չէր։ Երեւանում (ինչպես եւ Անդրկովկասի մյուս քաղաքներում) արհեստավորների եւ առեւտրականների համար արհեստն ու առեւտուրը միակ զբաղմունքները չէին, դրանք տակավին չէին կլանել մյուս զբաղմունքները՝ այգեգործությունը, բանջարաբուծությունը եւ, նույնիսկ, հացահատիկների մշակությունն ու անասնապահությունը։ Արհեստավորի եւ առեւտրականի ապրուստն ամբողջովին չէր կախված քաղաքային զբաղմունքից, այլ այն մեծ չափով դեռ կախված էր գյուղական բնույթի նշված զբաղմունքներից։ «Մաքուր արդյունաբերական գործունեությունը համքարություններին վտանգ չէր սպառնում», համքարություններն իրենց նյութական գոյության համար ազատ աշխատանքի ներկայացուցիչներին չհանդուրժելու, նրանց դեմ պայքարելու կարիք քիչ ունեին [46], երկու այդ հատվածների, եթե այդպես կարելի է ասել, միջեւ եղած մրցակցությունը համքարությունների համար ճակատագրական վախճան չէր կարող ունենալ [47] ։

XVI—XVIII դարերի Երեւանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն մի քանի տասնյակի հասնող արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին նաեւ տնայնագործական տիպի այնպիսի ձեռնարկություններ, որոնք որոշ չափով տարբերվում էին հասարակ արհեստանոցներից։ Տնայնագործական տիպի այդ ձեռնարկություններից էին՝ կաշեգործական արհեստանոցները, ներկատները եւ այլն։ Դրանք ամբողջապես ձեռքի աշխատանքի վրա խարսխված հասարակ ձեռնարկություններ էին, որոնք գոյություն ունեին նախորդ ժամանակներից եւ առանց էական փոփոխության շարունակեցին իրենց գոյությունը նաեւ XIX դարում։

XVII—XVIII դարերում պարսկական տիրապետության տակ գտնվող քաղաքների արհեստավորներն ու առեւտրականները ենթակա էին ծանր հարկադրման։ Եսայի Հասան-Ջալալյանի հիշատակության համաձայն գյուղացիներին համահավասար հարկադրվում էին նաեւ առեւտրականներն ու արհեստավորները։ Հարկերը նշանակելու նպատակով ամեն տարի կատարում էին աշխարհագիրներ՝ գլխահարկը որոշելու համար։ Բացի դրանից, պարսից իշխանությունների կողմից սահմանվում էին նաեւ երեք կարգի հարկեր, որոնք կոչվում էին ապիքուրան, շահզադի ախրաջաթ եւ շեշտինար [48] ։

Պարսից տիրապետության շրջանում արհեստավորներից ու առեւտրականներից վերցվող ուղղակի եւ անուղղակի հարկերի ու տուրքերի բավական լրիվ ցուցակը, սակայն, հաղորդում է Ի. Շոպենը, որն օգտվել է վերջին խանի արխիվից, եւ որի հաղորդած տեղեկությունները համեմատաբար վստահելի են։ Օգտվելով նրա հաղորդած տեղեկություններից, Երեւանի հարկատու բնակիչներից վերցվող ուղղակի եւ անուղղակի հարկերի համար կարելի է ներկայացնել հետեւյալ աղյուսակը։

Պարսկական տիրապետության վերջին շրջանում Երեւանի բնակիչներից վերցվող ուղղակի եւ անուղղակի հարկերը [49] ։

 

Ուղղակի եւ անուղղակի հարկերի տեսակներն ու եկամտի այլ աղբյուրները

Արտահայտված պարսկական
դրամական միավորներով

Արտահայտված ռուսական դրամական միավորներով

թուման

մինալթուն

ռուբլի

կոպեկ

1

2

3

4

5

Ուղղակի հարկերը

 

 

 

 

ա) Քաղաքի բնակչությունից վերցվող ընդհանուր հարկը

1724

5

6898

բ) Պարտադիր նվերներ (փեշքեշներ)

100

400

գ) Միրաբի վարձ

145

580

դ) Ջուվարների վարձ

330

1320

ե) Քաղաքի պահապանների վարձ

72

288

Ընդամենը ուղղակի հարկեր

2371

5

9486

 

 

 

 

 

Անուղղակի հարկերն ու եկամտի այլ եւ այլ աղբյուրները

 

 

 

 

ա) Մաքս

2500

10000

բ) Պետական կրպակներից ու խանութներից

1300

5200

գ) Քաղաքի հրապարակներից

195

780

դ) Ներկատներից

300

1200

ե) Օճառագործությունից եւ քաղաքի մեծ ու փոքր սպանդանոցներից

1208

5

4834

զ) Պետական այգիներից

835

3340

է) Պետական ջրաղացներից

540

2160

ը) Մեծ ու փոքր կշեռքներից

715

2860

թ) Քարվանատներից

700

2800

ժ) Բաղնիքներից

390

1560

ժա) Շուկա-հրապարակներից

348

1392

ժբ) Դրամահատությունից

300

1200

ժգ) Ակցիզ՝ գինու ու օղու վաճառքից

80

320

ժդ) Ակցիզ՝ ծխախոտի վաճառքից

72

288

ժե) Կաշիները դրոշմանշելուց

50

200

ժզ) Սավզի-երիի կապալից

20

80

ժէ) ոստիկանապետի համար վերցվող գումարներ

819

3276

Ընդամենը անուղղակի հարկեր

10363

5

41490

 

 

 

 

 

Ուղղակի եւ անուղղակի հարկերը միասին վերցրած ընդամենը կազմում էին

12734

10

50976

 

Ինչպես տեսնում ենք, հարկատու քաղաքացիներից՝ արհեստավորներից, առեւտրականներից եւ հողագործներից գանձվող հարկերն ու տուրքերը երկար ցուցակ կին կազմում։ Հիմնականում դրանք էին այն եկամուտները, որ սարդարն ստանում էր Երեւանի բնակիչներից՝ ուղղակի եւ անուղղակի դրամական հարկերի ու տուրքերի ձեւով։ Սակայն այդ թվերը նույնիսկ մոտավոր չափով չեն կարող արտահայտել այն ծանր հարկերն ու տուրքերը, որոնք ընկած էին քաղաքային բնակիչների վրա։ Համապատասխան աղբյուրների բացակայության պատճառով նրանց մեջ չեն մտել. ա) շուկաների, ջրաղացների, այգիների եւ այլ կարգի դրամական աղբյուրների կապալագնից ավելի բարձր գանձվող այն միջոցները, որոնք մնում էին մենավարձողներին, իսկ այդ միջոցները հավանաբար կապալավարձից պակաս չէին, բ) ոստիկանապետի եւ պետական այլ պաշտոնյաների կողմից չարաշահման ճանապարհով բնակչությունից խլվող դրամական միջոցներն ու անօրինական փեշքեշները, գ) սարդարի, նրա ընտանիքի, հարեմի եւ պալատի կողմից օգտագործելու համար մենավարձով տրված պետական այգիներից ու բանջարանոցներից վերցվող մրգեղենն ու բանջարեղենը, որոնք հասնում էին մեծ չափերի, դ) կաշառքները, սարդարին տարեկան տրվող 60 գլուխ շաքարը, ե) խանական բարձրաստիճան մյուս ծառայողների, ինչպես եւ բարձրադիր ազնվականների կողմից անօրինական ճանապարհներով խլվող միջոցները, զ) եկեղեցիներին ու մզկիթներին տրվող հարկերն ու պարտադիր աշխատանքները, որոնց մասին խոսք կլինի իր տեղում։ Սակայն նշված հանրագումարային թվերի մեջ մտել են եւ այնպիսի գումարներ, որոնք բռնագանձվում էին ոչ միայն Երեւանի բնակիչներից, այլեւ խանության մահալներից եւ հարեւան շրջաններից ու երկրներից եկող վաճառականներից։ Այսպես, օրինակ՝ Երեւանում ստացված մաքսը միայն Երեւանի վաճառականներից չէր վերցվում, դրա մի մասը տալիս էին այլ տեղերից եկող ու գնացող վաճառականները։ Նույնպիսի բնույթ ունեին նաեւ մյուս անուղղակի հարկերը, որոնց մի մասը նույնպես ստացվում էր ոչ քաղաքաբնակներից [50] ։

Բացառություն էին կազմում միայն ուղղակի հարկերը։ Սրանք ամբողջապես գանձվում էին քաղաքի հարկատու բնակչությունից։ Մեր ձեռքի տակ եղած տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ հաշվարկի մեջ մտած գումարներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան այն գումարները, որոնք ստացվում էին ոչ երեվանաբնակ բնակիչներից, որոնք սակայն հաշվված են սրա անուղղակի հարկերի մեջ։ Եթե նույնիսկ այդ երկու կարգի գումարները համարենք իրար հավասար եւ ընդունենք, որ Երեւանի բնակչությունից զանազան եղանակներով բռնագանձվող հարկերի գումարը ( առանց հարկադիր աշխատանքների ու եկեղեցուն եւ մզկիթներին տրվող հարկերի) հավասար էր միայն 12734 թումանի (50976 ռուբլի), ապա խիստ մոտավոր ու կոպիտ հաշիվներով ստացվում է, որ Երեւանի յուրաքանչյուր հարկատու մարդուց, սեւագործ բանվորի աշխատավարձով հաշված, պետությունը տարեկան վերցնում էր 3-4 ամսվա աշխատավարձ, իսկ դա գալիս է ասելու, որ քաղաքային բնակչության հարկերի ծանրությունը գյուղական բնակչության հարկերից շատ չնչին տարբերություն ուներ։ Ս. Ա. Եղիազարովը գրում է, թե քանի որ այդ ժամանակ Պարսկաստանում եւ Անդրկովկասում քաղաքի ու գյուղի միջեւ գոյություն չուներ խիստ տարբերություն, ապա քաղաքային բնակչությունը էապես կրում էր այնպիսի հարկեր ու պարհակներ, ինչպիսիք գյուղականը։ Տարբերությունը, եթե այդպիսին էլ գոյություն ուներ, վերաբերում էր տուրքադրման օբյեկտներին. հարկային ծանրության տեսակետից այն սկզբունքային տարբերություն չուներ [51] ։

Եվ իրոք, չնայած Երեւանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում գյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Այդ շատ պարզորեն երեւում է հետեւյալ թվերից։ Այսպես, եթե ամբողջ Երեւանի խանությունից գանձվող պետական դրամական ուղղակի եւ անուղղակի հարկերը կազմում էին 39. 709 թուման [52] 2 մինալթուն 12 1/2 շահի (ռուսական դրամով 158. 837 ռուբլի) [53], ապա դրանից միայն Երեւանին բաժին էր ընկնում 12. 734 թուման (ռուսական դրամով՝ 49. 656 ռուբլի [54], չհաշված քաղաքի 11 ջուվարներին իբրեւ վարձատրություն տրվող 330 թումանը։ Այդ այն դեպքում, երբ ամբողջ Երեւանի խանության հարկատու բնակիչների թիվը XIX դ. առաջին քառորդում հասնում էր մոտավորապես 80. 000-ի, իսկ Երեւան քաղաքի հարկատու բնակչության թիվը մոտավորապես 10. 000 մարդ էր։ Այլ կերպ ասած, Երեւանի հարկատու բնակչությունը կազմում էր ամբողջ խանության հարկատու բնակչության մոտ 1/8 մասը, սակայն տալիս էր պետական դրամական հարկերի ու տուրքերի ավելի քան 31, 3 տոկոսը [55] ։ Այսպիսով, եթե Երեւանի բնակչությունն ազատված էր բնամթերային տուրքերից, ապա այդ ամենեւին էլ չէր նշանակում, թե նրանցից գանձվող պետական հարկերը ավելի քիչ էին, քան գյուղական բնակչությունից գանձվող հարկերը։ Երեւանի բնակչությունից գանձվող դրամական հարկերն ու տուրքերը այնքան շատ էին, որ դրանք հարաբերականորեն, վերջին հաշվով, գրեթե հավասարվում էին բնակիչներից գանձվող դրամական ու բնամթերային հարկերին ու տուրքերին։

Պետական տուրքերի մեջ նշանակալի տեղ էին գրավում աշխատավճարայինը, այսինքն՝ պարտադիր պարհակները։ Երեւան քաղաքի հարկատու բնակիչների վրա շատ ծանր էին նստում պարհակները, մանավանդ այն պատճառով, որ դրանք կատարվում էին այգեգործական ու գյուղատնտեսական այլ աշխատանքների եռուն պահերին։ Երեւանի բնակչությունը քաղաքի շրջակայքի գյուղերի բնակչության հետ միասին, հավանաբար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։ Նրանք մշակում էին սարդարի այգիները, անց էին կացնում ոռոգման առուներ, կառուցում ամբարտակներ, կամուրջներ եւ այլն [56] ։ Ի. Շոպենի վկայության համաձայն, սարդարապատկան միայն Սավզի-երիի բանջարանոցը մշակելու համար քաղաքը պարտավոր էր տարեկան տալ մինչեւ 400 մարդ [57], իսկ պետական այգիների մշակումը պահանջում էր ավելի մեծ թվով բանվորական ձեռքեր, որոնց մի զգալի մասը հարկադիր եղանակով տալիս էր քաղաքային բնակչությունը [58] ։

Հարկադրման եւ պարհակների ենթակա էին քաղաքի ռանչպարները, այգետերերը, առեւտրականները եւ արհեստավորները։ Հարկերից եւ պարհակներից ազատ էին միայն թարխաններն ու ոչ մեծ թվով հարուստ վաճառականները՝ սովդաքյարները [59] ։

Հարկերի նշանակումն ու գանձումը Երեւանում ուներ այնպիսի կարգ, ինչպիսին գոյություն ուներ ամբողջ Պարսկաստանում։ Արեւելյան պետություններում, դրանց թվում եւ Պարսկաստանում, եւ՛ գյուղական, եւ՛ քաղաքային բնակչության հարկերն ու տուրքերը իրենց մեջ համեմատաբար ճիշտ բաշխելու եւ դրանով իսկ այն որոշ չափով տանելի դարձնելու նպատակով՝ համայնքների ներսում խմբավորվել էին ավելի փոքր միավորներ, որոնք ձգտում էին նույնպես թեթեւացնել ու տանելի դարձնել հարկերն ու տուրքերը։ Քաղաքում համեմատաբար մեծ համայնքների ներսում այդպիսի փոքր խմբավորումներ կազմվելու հիմքը արհեստը կամ այլ կարգի զբաղմունքն էր։ Քաղաքներում, որոնց թվում եւ Երեւանում, արհեստավորների ու առեւտրականների այդպիսի մանր խմբավորումները, որոնք կոչվում էին համքարություններ եւ գոյություն ունեին վաղուց, ծառայում էին իբրեւ հարկային միավորներ։ Պարսկական պետությունը, որոշակի գումարի հարկ նշանակելով քաղաքի մեծ համայնքներին, դրանց ավագներից (մելիքներից, բեկերից) էլ գումարով պահանջում էր այն, առանց խառնվելու համայնքի ներսում հարկերի ու տուրքերի բաշխման ու հավաքման գործին [60] ։ Երեւանի սարդարները պետական հարկերը նշանակում էին ըստ քաղաքի չորս համայնքների, որոնցից երկուսը կազմում էին մահմեդականները, իսկ երկուսը՝ հայերը [61], չհաշված Կոնդի հայ բոշաներին, որոնք հարկային առումով, ըստ երեւույթին, ենթարկվում էին հայկական այդ երկու համայնքներից որեւէ մեկի մելիքին։ Մելիքներն ու բեկերը իրենց տնօրինության ներքո գտնվող համայնքների հարկերը համքարությունների գլխավոր վարպետների մասնակցությամբ բաշխում էին ըստ համքարությունների։ Իսկ վերջինիս ներսում համքարության վրա դրված հարկը նրա անդամների վրա բաշխելու համար գլխավոր վարպետի ղեկավարությամբ գումարվում էր համքարության ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովն ամբողջ հարկը բաշխում էր ըստ համքարության անդամների, որոնք տարեկան երկու նվագով իրենց հարկերը տալիս էին համքարության գլխավոր վարպետին, սա էլ ամբողջը գումարելով, հանձնում էր մելիքին կամ բեկին, վերջինս էլ` այդ եղանակով ամբողջ համայնքի հարկը հավաքելուց հետո հանձնում էր պետական գանձարանին։ Բացառված չէին նաեւ այն դեպքերը, երբ խանական պաշտոնյաները հարկերի ու տուրքերի գծով անմիջական գործ ունեին ոչ թե մելիքի կամ բեկի հետ, այլ համքարական ընկերությունների ղեկավարների։ Երկու դեպքում էլ կարգն ըստ էության նույնն էր. սարդարը եւ նրա պաշտոնյաները, առանց «նեղության ու գլխացավանքի», արտադրական կամ առեւտրական այդ մանը խմբերի ղեկավարների միջոցով, առանց գումարներ ծախսելու եւ հատուկ պաշտոնյաներ պահելու, բռնագանձում էին պետական հարկերը։ Իբրեւ հարկային միավոր հանդես էր գալիս համքարությունը, որը «կանգնած էր պետության ու անձի միջեւ..., համքարական վարպետը ճանաչում էր իր համքարության գլխավորին, վաճառականը՝ վաճառականության գլխավորին եւ այլն» [62] ։ Հարկերի թեթեւացման, կարգի փոփոխման, պարհակների եւ այլ հարցերով կառավարությանը դիմում էին ոչ թե անհատ հարկատուները, այլ համքարությունները [63] ։

Դրամական հարկերի նշանակման եւ գանձման նման պարհակները նույնպես բաշխվում էին ըստ համայնքների եւ համքարությունների։ Յուրաքանչյուր անհատի կատարելիք հարկադիր աշխատանքի չափը եւ հերթը դարձյալ որոշվում էր համքարության ընդհանուր ժողովներում [64] ։

Անուղղակի հարկերի գանձումը միանգամայն այլ ձեւով էր կատարվում։ Դրանք բոլորը տրվում էին կապալով։ Կապալառուն պետական ունեցվածքից, առեւտրից եւ այլ բնագավառներից սահմանված գումարներն ինքն էր հավաքում եւ հանձնում սարդարական գանձարկղին։ Չնայած անուղղակի հարկերի ու այլ մուծումների համար սահմանված էին որոշ նորմաներ (մաքսի, քարավանատներից, շուկա-հրապարակներից, պետական խանութներից օգտվելու, օճառագործությամբ զբաղվելու եւ այլն), սակայն կապալային ձեւը շատ հաճախ անտեսում էր այդ նորմաները։ Կապալառուն աշխատում էր որքան կարելի է շատ բռնագանձել, որպեսզի կապալագինը վճարելուց հետո ավելի մեծ գումարներ մնան իրեն։ Այս եղանակով անուղղակի հարկերը մինչեւ անմիջական գանձողներին հասնելը մեծապես ավելանում էին [65] ։ Այնպես որ, սահմանված հարկադրույքները միայն կողմնորոշիչ նշանակություն ունեին եւ խախտվում էին ամենուրեք։

Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի եւ անուղղակի եղանակներով հսկայական միջոցներ եւ աշխատանք էր կլանում նաեւ քրիստոնեական ու մահմեդական հոգեւորականությունը։ Շոպենի հաղորդած տվյալներով, պարսկական տիրապետության վերջին շրջանում հայ լուսավորչական բնակչությունից Էջմիածնի բռնագանձած դրամական տուրքը որոշակի չափ չուներ [66], հոգեւոր տերերը բնակչությունից հավաքում էին այնքան, ինչքան հնարավոր էր։ Բայց եւ այնպես, դրամական տուրքն ամեն մի ընտանիքին բաժին էր ընկնում 1 1 / 2 թուման (ռուսական դրամով՝ 6 ռուբլի) [67] ։ Դրանից բացի, գյուղական բնակչությունը պարտավոր էր վանքին տալ իր ստացած բերքի մի մասը, որոշ վարձատրությամբ աշխատավոր ձեռքեր տրամադրել եւ անվճար սայլեր տալ՝ հացահատիկը, խոտն ու այլ արդյունքներ վանքապատկան դաշտերից տեղափոխելու համար։ Հնձի ժամանակ յուրաքանչյուր գյուղական ընտանիք պարտավոր էր փորհացի կարգով՝ մեկական հնձվոր տրամադրել վանքի բերքը հավաքելու համար [68] ։

Նշվածներից Երեւան քաղաքի բնակիչները տալիս էին միայն իրենց բաժին ընկնող դրամական տուրքը։ Ըստ երեւույթին, քաղաքի բնակիչները վանքին բնամթերային տուրքեր չէին տալիս, նրա համար հարկադիր աշխատանք չէին կատարում։ Դրամական տուրքը բաշխված էր ըստ քաղաքի հայաբնակ երկու թաղամասերի (Շահար եւ Կոնդ) եւ քաղաքին կից գտնվող Նորք գյուղի [69] ։ Սակայն քաղաքային բնակչությունը վանքերից չէր փրկվում միայն դրամական ուղղակի հարկը վճարելով։ Քաղաքի հայակագմ բոլոր համքարությունները զանազան նվերներ էին տալիս եկեղեցիներին, կատարում էին զոհաբերություններ, նվիրատվություններ, քաղաքում զանազան եղանակներով Էջմիածնին եւ այլ վանքերին էին անցնում այգիներ, բանջարանոցներ, ջրաղացներ եւ այլն։ Եկեղեցիները բավական եկամուտներ էին ստանում նաեւ պսակադրումից, թաղումից, համքարություններում վարպետներ օծելուց եւ այլ արարողություններից։

Ուղղակի եւ անուղղակի զանազան հարկեր էին բարդված նաեւ մահմեդական բնակչության վրա մահմեդական հոգեւորականության կողմից։ Մահմեդական հոգեւորականության եկամտի հիմնական աղբյուրներն էին մզկիթապատկան (վակիֆ), անժառանգ մնացած եւ նրանց կտակված ունեցվածքներից ստացվող միջոցները, ամուսնության, թլպատման, թաղման, ապահարզանի համար տրվող գումարները, թալիսմանների, վկայագրերի եւ փաստաթղթերի համար կատարվող մուծումները, ինչպես եւ տասանորդ կոչվող տուրքը, որը վերջին ժամանակներում ոչ թե հավաքվել է մի տեղ եւ բաշխվել հոգեւորականների միջեւ, ինչպես անում էին ավելի վաղ ժամանակներում, այլ յուրաքանչյուր հարկատու իր այդ տուրքը տալիս էր այն մոլլային կամ ախունդին, որը «նրան ավելի շատ է հարգանք ներշնչում» [70] ։ Երեւան քաղաքի մահմեդական բնակչությունը պարտավոր էր տալ այդ բոլոր հարկերն ու տուրքերը։ Ըստ երեւույթին, նրանք ազատված են եղել միայն տասանորդից։ Քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի նման մզկիթներն էլ նշվածներից բացի, ունեցել են եկամտի այլ եւ այլ աղբյուրներ։ Մահմեդական հոգեւորականության եւ աշխարհականների միջեւ այնպիսի սահման չի եղել, ինչպիսին կար քրիստոնեական հոգեւորականության եւ աշխարհականների միջեւ։ Նրանցից ոմանք՝ հատկապես սեիդիները, Երեւանում մասնակցում էին առեւտրին, արհեստագործությանը, իսկ մահալներում նույնիսկ զբաղվում էին երկրագործությամբ [71] ։

Մահմեդական հոգեւորականությունը քրիստոնեականից ավելի արտոնյալ վիճակում էր գտնվում։ Նա ազատված էր պետական բոլոր կարգի հարկերից ու տուրքերից, նրա առանձին ներկայացուցիչները, որոնք մեծ ազդեցություն ունեին հասարակության մեջ, պետության կողմից վարձատրվում էին դրամով կամ ստանում որեւէ գյուղ՝ մուլքի կամ թիուլի իրավունքներով [72] ։

Այսպիսով, շատ դառն է եղել Երեւանի աշխատավոր բնակչության վիճակը պարսկական տիրապետության շրջանում։ Սարդարն իր ծանր հարկային քաղաքականությամբ ու առեւտրի մեջ անսահման իրավունքներով [73], խանական պաշտոնյաներն իրենց կամայականություններով ու օրինազանցություններով, մահմեդական եւ քրիստոնեական հոգեւորականությունն իրենց պահանջներով կատարյալ պատուհաս էին դարձել քաղաքի աշխատավոր բնակչության համար եւ նրան հասցրել էին աղքատության դուռը։ Երեւանի արհեստավորը, մանր առեւտրականը, այգեգործը տնտեսապես անապահով վիճակում էին, նրանց պահանջները սահմանափակ էին, շատ դեպքերում կարիքն ուղղակի հալումաշ էր անում նրանց։ Քաղաքում դեռեւս իր գոյությունը պահպանած նահապետական կյանքի պայմանները եւ դրանց հետեւանքը հանդիսացող ժողովրդի պահանջների սահմանափակությունը միայն հիմք դարձնելով՝ պնդել, թե պարսկական տիրապետության շրջանի Երեւանում «դառն չքավորություն չի եղել» [74], ինչպես արել է Երվանդ Շահազիզը, չի համապատասխանում պատմական իրականությանը։

Երեւանի բնակչությունից բռնագանձվող հարկերի ու տուրքերի չափից եւ երկար ցուցակից, հարկադիր աշխատանքների բնույթից ու քանակից, հոգեւորականությանը տրվող հարկերից երեւում է, որ պարսկական տիրապետության շրջանի Երեւանի քաղաքացիներն իրենց նյութական դրությամբ եւ նույնիսկ իրավական վիճակով շատ քիչ էին տարբերվում գյուղացիությունից, իսկ վերջինիս դրությունը ողորմելի էր բառիս իսկական իմաստով։

Այնպես որ, վերջին սարդար Հուսեին-Ղուլի խանի սպառնալիքը, թե ինքը գյուղացիությանը կհասցնի «այնպիսի դրության, երբ յուրաքանչյուր յոթ ընտանիք կուտեն մեկ եւ այն էլ ծակ ամանից» [75], գրեթե լիովին վերաբերում է նաեւ Երեւանի աշխատավոր հայ եւ մահմեդական բնակչությանը։



[1]            Վ. Ա. Աբրահամյան, Արհեստները Հայաստանում XIV-XVIII դդ., Երեւվան, 1956, էջ 37։

[2]            Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 33-89։

[3]            Տե՛ս Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 4501, էջ 205 բ, նույն տեղում, ֆ. կաթողիկոսական դիվան, թղթ. 1 բ, վավ. 209, թղթ. 5, վավ. 13, Սիմեոն Երեւանցի, Ջամբռ, էջ 182, 207, «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կյանքը», էջ 57, 150 եւ այլ տեղերում։

[4]            Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 38։

[5]            Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 4501, էջ 205 բ։ Հմմտ. Վ. Ռ. Գրիգորյան, Երեւանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 45։

[6]            Барон Август фон-Гакстгаузен, Закавказкий край, ч. I, С. -Петербург, 1857, էջ 168։

[7]            Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 150։

[8]            Տե՛ս «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», էջ 150։

[9]            Жизнь Артемия Араратского..., ч. I, էջ 87:

[10]          Жизнь Артемия Араратского..., ч. I, էջ 87։

[11]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 54։

[12]          И. Шопен, Исторический памятник Армянской области..., էջ 842։

[13]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 54:

[14]          Նույն տեղում, էջ 54-55։

[15]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, Казань, 1891, էջ 82:

[16]          И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 850:

[17]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 81:

[18]          Նույն տեղում, էջ 81-82։

[19]          Միք. Մանվելյան, Երեւան (հատված համանուն վեպից), Հին Երեւանը («Խորհրդային գրականություն» ամսագիր, 1938, 6-7, էջ 99)։

[20]          Տե՛ս Վ. Աբրահամյան, Արհեստները Հայաստանում, էջ 250։

[21]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 381—390:

[22]          Նույնը, Исследование по истории Армянского права. Публичного и частичного, вып. I, Киев, 1919, էջ 25:

[23]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 82։

[24]          Նույն տեղում։

[25]          Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, Тифлис, 1883, էջ 1:

[26]          П. Шаншиев, Два слова об амкаре, Тифлис, 1857, էջ 31:

[27]          Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 1-8, П. Шаншиев, Два слова об амкаре. էջ 31:

[28]          Տե´ս Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 81։

[29]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье ч. II, էջ 11:

[30]          Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 8-10:

[31]          Տե՛ս «Մշակ», 1889 թ. №№ 134 եւ 136, 1890 թ., 108, 1891 թ., №№ 6 եւ 65-68։

[32]          Տե՛ս Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 81։

[33]          Гакстгаузен, Закавказский край, ч. I, СПб, 1857, էջ 106-107, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 15, 20-22, 29-30։

[34]          Л. Загурский, Поездка в Ахалцихский уезд, էջ 25—27, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 12-21 եւ այլն։

[35]          Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 38-44, «Մշակ», 1890, 108, 1891 №№ 6 եւ 65-68:

[36]          Л. Загурский, Поездка в Ахалцихский уезд, էջ 25-27, Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 12-21 եւ այլն։

[37]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, էջ 72։

[38]          Նույն տեղում, էջ 183։

[39]          Տե´ս Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ 9, С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, էջ 238-239:

[40]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 244-246։

[41]          Նույն տեղում, էջ 8-9։

[42]          «Кавказский календарь на 1874 г. », отд. III, էջ 172։

[43]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 83- 84։

[44]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 9:

[45]          Տե´ս «Сборник статистических данных и Закавказье, т. I, отд. III, էջ 30—60:

[46]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, город. цехи, էջ 19-20 եւ 23:

[47]          Համքարությունների մասին մանրամասն տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 55-84, Երեւանի պատմությունը (1879-1917 թթ. ), Երեւան, 1963, էջ 91-94։

[48]          Եսայի կաթողիկոս Հասան–Ջալալյան, Պատմութիւն համառոտ Աղուանից երկրի, Երուսաղեմ, 1868, էջ 15-16։

[49]          Աղյուսակի տվյալները վերցված են Ի. Շոպենի “Исторический памятник Армянской области” գրքից էջ (1054 -1058):

[50]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 206։

[51]          С. А. Егиазаров, Исследование по истории учреждений в Закавказье, ч. II, городские цехи, էջ 247։

[52]          Ներսես Աշտարակեցու տվյալներով Երեւանի սարդարի գանձած դրամական եւ բնամթերային բոլոր տուրքերը միասին, արտահայտված Երեւանի թումանով, կազմում էին 114633 թուման (ռուսական արծաթ դրամով՝ 458. 532 ռ. ) (տե՛ս ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 133, գ. 1, թ. 80), իսկ ըստ Շոպենի տվյալների՝ 653150 ռուբլի ("Исторический памятник Армянской области", էջ 1135-1136)։

[53]          И. Шопен, Исторический памятник Армянской области, էջ 986։

[54]          Նույն տեղում, էջ 477, 1135-1136։

[55]          Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801 1879 թթ. ), էջ 208։

[56]          Նույն տեղում։

[57]          И. Шопен, Исторический памятник Арм. области, էջ 984։

[58]          Ըստ Ջեմս Մորիերի հիշատակության Երեւանի խանության ամբողջ բնակչությունը XIX դ. երկրորդ տասնամյակում հասնում էր 100 հազար մարդու (տե´ս Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Զ, էջ 324), իսկ ըստ 1829 32 թթ. կամերալ ցուցակագրման՝ 17 հազար ընտանիքի (տե՛ս И. Шопен, Ист. пам. Арм. области, էջ 542) կամ մոտ 85 հազար մարդու, յուրաքանչյուր ընտանիքը միջին թվով հաշվելով 5 անձից բաղկացած։

[59]          С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, город. цехи, էջ 251-252։

[60]          И. Шопен, Ист. пам. Арм. области, էջ 268, С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, էջ 238։

[61]          Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 60։

[62]          С. А. Егиазаров, Исследование по истории учрежд. в Закавказье, ч. II, էջ 252—253։

[63]          Նույն տեղում, էջ 253։

[64]          Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, էջ

[65]          X. Г. Гуланян, Очерки истории экономической мысли XIX века, էջ 9:

[66]          И. Шопен, Ист. пам. Армянской области, էջ 681:

[67]          Նույն տեղում։

[68]          Նույն տեղում, էջ 681-682։

[69]          Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. կաթ. դիվան, թղթ. 52, վավ. 336, թ. 3-4։

[70]          И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 697-698:

[71]          И. Шопен, Ист. памятник Армянской области, էջ 698-699, АКАК, I, VII, էջ 432, 373:

[72]          И. Шопен, Ист. пам. Арм. обл., էջ 697:

[73]          АКАК, т. VII, էջ 493, 446:

[74]          Տե'ս Ե. Շահազիզ, Հին Երեւանը, էջ 52։

[75]          И. Шопен, Исторический пам. Арм. области, էջ 13: