Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ) ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲՆՈԻՅԹԸ

Դասակարգային հասարակության ոգին կազմող այս ընդարձակ թեմայից մենք համառոտակի կանգ ենք առնելու միայն մի քանի հարցերի վրա նկատի ունենալով, որ դրա մեջ ընդգրկվող շատ հարցեր ու իրողություններ բավական մանրամասնությամբ լուսաբանված են աշխատության երրորդ գրքում [1] եւ սույն գրքի տնտեսական վիճակին վերաբերող գլուխներում։ Ահա այն հարցերը, որոնք քննարկվելու են «Սոցիալ-տնտեսական հարաբերությունների բնույթը» վերնագիրը կրող գլխում։

 

Հասարակության խմբերը։ Հասարակության արտոնյալ դասի դիրքն ու արտոնությունները։ Աշխատավոր բնակչության խմբերն ըստ զբաղմունքի։ Հարկերն ու հարկադիր աշխատանքները եւ աշխատավոր բնակչության ծանր դրությունը։ Վարձու աշխատողները եւ նրանց իրավական ու տնտեսական դրությունը

 

Մեզ հետաքրքրող դարերում ամբողջ երկրի հետ միասին Երեւանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Իր ընդհանուր բնույթով այն կազմում էր նախորդ ժամանակաշրջանի շարունակությունը եւ դրանից տարբերվում էր միայն որոշ առանձնահատկություններով ու զարգացման ուղղությամբ։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների, թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, սեֆեւյանների ու թուրքերի երկարատեւ տիրապետությունն իր ազդեցությունն էր թողել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների վրա, ինչպես նկատում է Ի. Պ. Պետրուշեւսկին [2] ։ Սակայն անընդունելի է վերջինիս այն թեզը, թե իբր օտարի երկարատեւ տիրապետության ընթացքում Ադրբեջանում եւ Արեւելյան Հայաստանում առաջացել էին ֆեոդալական գրեթե նույնատիպ հարաբերություններ [3] ։ Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ փաստեր նշված ժամանակաշրջանում Արեւելյան Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների տարբերությունների ու առանձնահատկությունների մասին։ Սակայն նեղ առումով Երեւանի պատմության հետ այդ հարցը քիչ է առնչվում եւ հազիվ թե անհրաժեշտություն զգացվի այստեղ դրա քննարկումը։

Երկրի ֆեոդալական հասարակարգին համապատասխան թե´ գյուղական եւ թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական տարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ, մելիքներ, բարձրաստիճան հոգեւորականներ, խոշոր վաճառականներ) եւ շահագործվողների (գյուղացիներ, արհեստավորներ, մանր առեւտրականներ, վարձու աշխատողներ): Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն հասարակության այդ մեծ խմբերы՝ շահագործողներն ու շահագործվողները, այլ նաեւ դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առեւտրականները, գյուղացիները եւ այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես ենթարկված էր շերտավորման։

Մի քանի խոսք երկրի հասարակության տարբեր շերտերի մասին՝ կապված Երեւան քաղաքի հասարակության հետ։

Երեւանում եւ Երեւանի խանության մեջ պարսից տիրապետության շրջանում արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն կետում գտնվում էր սարդարը [4] ։ Նրան էին ենթակա հայ, ադրբեջանցի, թուրք եւ պարսիկ մյուս բոլոր մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները՝ խաները, մելիքները, աղալարները, պարոնները, բեկերը եւ այլք։ Այդ է եղել պատճառը, որ Երեւանի խանը սարդար տիտղոսից բացի (այդ տիտղոսը նա կրում էր Անդրկովկասի խանությունների մեծ մասի պարսից զորքերի զորահրամանատարը լինելու համար) սովորաբար կոչվում էր նաեւ բեյլերբեյ (բեկերի բեկ)։ Երեւանի խանը մեծ իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր կալվածատեր ու վաճառական։ Բացի այդ, ինչպես տեսանք, նա մոտ կես միլիոն ռուբլու եկամուտ էր ստանում խանության ուղղակի եւ անուղղակի հարկերից։ Խանության մյուս բոլոր մեծամեծները ենթակա էին բեյլերբեյին, պարտավոր էին կատարել վերջինիս բոլոր կարգադրությունները։

Ազնվականությունը հիշատակվում է տարբեր հորջորջումներով։ Մահմեդական ազնվականները սովորաբար կոչվում էին խան, աղա, բեկ, իսկ հայ ազնվականությունը՝ մելիք եւ պարոն [5] ։ Երեւան քաղաքի հայ հասարակությունը ենթակա էր հայ մելիքներին, իսկ ադրբեջանցիները՝ ադրբեջանական ավադին։ Սակայն մելիք տիտղոս կրողները իրավական եւ տնտեսական առումով համասեռ զանգված չէին կազմում, դրանք բաժանված էին տարբեր դիրք ու տնտեսական տարբեր վիճակ ունեցող խավերից։ Գոյություն ունեին երեք կարգի մելիքներ, ինչպես իր ժամանակին գրել է Լեոն [6] ։ Դրանց մեջ բոլորից բարձր դիրք ու արտոնություններ ունեցողները Ղարաբաղում, Սեւանա լճի ավազանում եւ այլ տեղերում պահպանված հայկական մանր իշխանությունների՝ մելիքությունների իշխանավորներն էին, որոնք օժտված էին ներքին ինքնուրույնությամբ եւ ունեին լայն իրավունքներ։ Երկրորդ կարգին պատկանում էին խանությունների, որոնց թվում եւ Երեւանի խանության հայաբնակ գավառների (մահալների) կառավարիչները, որոնք նույնպես կրում էին մելիք տիտղոսը, ենթակա էին բեյլերբեյին եւ սովորաբար մտնում էին արտոնյալ խավի մեջ։ Մելիքների ցածրագույն խավին պատկանողները վարում էին գյուղական տանուտերերի պաշտոնները։ Դրանք այդ պաշտոնում ընտրվում էին գյուղական համայնքների կողմից, որը հաստատում էր Երեւանի խանը։ Գյուղական տանուտեր-մելիքները չունեին առանձնաշնորհումներ։ Այդ կարգի մելիքներ էին համարվում նաեւ Երեւանի թաղային վերակացուները, որոնք ենթակա էին հայ համայնքի ընդհանուր կառավարիչին՝ քալանթարին։ Վերջինիս դիրքը բավական բարձր էր եւ հեշտությամբ կարող էր անցնել ազնվականության շարքերը [7] ։ XVIII դարի առաջին կեսում Երեւանում կային 9 թաղ եւ յուրաքանչյուր թաղն ուներ իր մելիք-կառավարիչը։ Թաղային մելիք-կառավարիչները ենթակա էին քալանթարին եւ հլու հնազանդ էին վերջինիս։ Բացառված չէին այն դեպքերը, երբ քաղաքի թաղային մելիքները իրերի բերումով նույնպես կարող էին անցնել ազնվական արտոնյալ խավի շարքերը։ Այսպես, օրինակ՝ սկզբնական շրջանում Երեւանի Մելիք-Աղամալյանների տոհմի ներկայացուցիչները թաղային հասարակ կառավարիչներ էին, բայց հետագայում կարողացան գրավել շատ ազդեցիկ դիրք, անցնել ազնվականության շարքերը եւ ձեռք բերել հսկայական կալվածքներ ու դառնալ հայտնի հողատերերից մեկը [8] ։

XVIII դարի երկրորդ կեսում եւ XIX դարի սկզբներին պարսից իշխանությունները Մելիք-Աղամալյաններին փաստորեն ճանաչում էին որպես ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ [9] ։ Հաքստհաուզենը, խոսելով հայ մելիքների իրավունքների եւ գրաված դիրքի մասին, գրում է» «Հայ մելիքը ուներ մեծ իշխանություն եւ վայելում էր մեծ հարգանք ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ պարսիկների մոտ... Դատավճռից դժգոհ լինելու դեպքում նրան էին գանգատվում եւ բոլոր կարեւոր, հատկապես դատական գործերով ուղղակի դիմում էին նրան, նա իրավունք ուներ կալանավորել, պահել բանտում եւ, ընդհանրապես, պատժել, բայց առանց մահվան դատապարտելու, որը կարող էր անել միայն պարսկական փոխարքան՝ սարդարը» [10] ։

Այնուհետեւ նա նշում է, որ նախկինում այդքան լայն արտոնություններ ունեցող հայ մելիքների իրավունքների մի մասը (հատկապես դատական գծով) պարսկական տիրապետության վերջին շրջանում սարդարները խլել էին եւ հանձնել գավառական դատարաններին [11] ։

Պարսից շահերն ընդհանուր առմամբ սիրաշահում էին հայ մելիքներին, նրանց տալով զանազան իրավունքներ ու արտոնություններ։ Պարսից պետության քաղաքական շահերից ելնելով՝ մելիքների նկատմամբ սիրաշահող քաղաքականություն էր վարում հատկապես Նադիր-Շահը։ 1736 թվականին Մուղանում կատարված թագադրության վերջին արարողության ժամանակ նա Երեւանի սարդարին հանձնարարում է հաշտ ու խաղաղ լինել հայոց կաթողիկոսի, Երեւանի մելիքների (Մելիք Մկրտումի եւ Մելիք Հակոբջանի), քալանթարի եւ աղաների հետ, նշելով նրանց հավատարիմ ծառայությունները Պարսկաստանի նկատմամբ։ Ահա թե ինչ է գրում այդ մասին նշված անձնավորությունների հետ միասին Նադիրի թագադրությանը մասնակցած Աբրահամ Կրետացի կաթողիկոսը.

«Եւ ապա դարձեալ ի կողմն խանին, եւ ասաց. «Փիր Մահմատ խան. պու քիշիլարու գորուսան, պունլար մանում տուր, պու Ղալֆանի չօք եախշի քիշի տուր, Ուչքիլիսայ պիր եախշի եէր տուր. ինտի սանայ թափշուրիամ. կէրէք նէտէսայ գուլաք ասասան, նախշի մեհրապանլուխ էլասան, խաթրըն սախլյեասան. պիր եհտիպարլու քիշի տուր օլ քեաեայ րահաթայ. վէ դիւանայ մուղիաթ օլուք տուր։ Պու Քալանթար տա եախշի ղուլուղ էյլէիպ տուր. պու Երեւանըն աղզընայ կէնտուր, եախշի եօլայ գէտուփ տուր։ Եւ վասն Մէլիք Մկրտումին ասաց. պու Մելիք տա օ աղալքի քօհնայ մէլիքին ղարտաշի տուր. պու տա եախշի ղուլուխ էյլէիպ տուր։ ԵԼ վասն Մէլիք Յակոբջանին ասաց. պու Մէլիք տա ղալայ տա իտի օսմանլու իչինտայ, օնըն տայ ղուլուխի մանա եէթմիշ տուր. Իմտի պուլարի սանայ թափշիրմիշամ մանում տուր լար. կէրէկ պանլարուն սօզինտան չըխմայասան, հէր զադի մասլահաթ Ղալիֆայ իլան, մունլար իլան էյլեասնըն. Ղզլպաշլարայ, Երեւան աղալարընայ Էհտիպար էյլէմէյէսըն. էհտիպարուն մունլարայ օլսուն. սըզի Երեւանուն աղալարըն ուղարինայ աղայ էթթմիշամ։ Վիլայէիթ ռահաթի օզունուզտան պիլիրամ» [12] ։

Հավանական է համարվում, որ բարձր դիրք ունեցող գավառատեր մելիքները սերած էին հայկական հին իշխանական տներից։ Իսկ մյուսները, որոնց թվում նաեւ Երեւանի մելիքները համալրվում էին հասարակության մյուս խավերից, որոնք պետության համար կատարած աչքի ընկնող ծառայությունների համար նույնպես կարող էին հասնել բարձր դիրքի ու պաշտոնի։ Երեւանի մելիքական տոհմերի մեջ, ինչպես ասվեց, ամենահայտնին Մելիք-Աղամալյանների տոհմն էր, որը հիշատակվում է XVII—XVIII դարերից։ XVIII դարի սկզբներին վերաբերող մի ավետարանի հիշատակարանում այդ տոհմի հին սերնդի երկու հայտնի ներկայացուցիչների՝ Մելիք Ծատուրի, նրա որդի Մելիք Աղամալի եւ վերջինիս որդիների ու թոռների մասին հետեւյալն է ասված.

«Զփրկագործ եւ զարմանահրաշ կենսաբուխ սուրբ աւետարանս ըստացեալ եղեւ ի յումեմէ բարեպաշտ եւ երկիւղած հոգիընկալ քրիստոնէի, Մելիք Աղամալ կոչեցեալ, որդւոյ Մելիք Ծատուրի, սեռին գոլով ի մայրաքաղաքէն Երեւանու, զի եռափափագ եւ ըղձաչոր սիրոյ սրտի իւրոյ գնեաց...

Յիշեցեք... զպարոն Մելիք Աղամալն եւ զորղիքն իւր զհանգուցեալ աղայ Մելիքնաշն եւ Ծատուր եւ նորաբողբոջ զպարոն Սահակն... նաեւ զԱղավելին եւ Մկրտուն եւ Յովհաննէս... Մելիք Աղամալն եւ կենակիցքն իւր զՓարիխանն եւ զԽանիկին... եւ զթոռունքըն իւր զԱկոբջանն ել Աղաջանն եւ Մաթէոսն... ի թուաբերութեան արամեան տոհմի ՌՃԿԳ (1714 թ. )... » [13]:

Մելիք-Աղամալյան մելիքական տոհմին վերաբերող այս հիշատակարանում, ինչպես տեսնում ենք, թվարկված են Մելիք Ծատուրը, նրա որդի Մելիք Աղամալը, վերջինիս որդիներ Մելիքնաշն ու Ծատուրը, Սահակը, Աղավելը, Մկրտունը, Հովհաննեսը եւ թոռները՝ Ակոբջանն ու Մաթեոսը։ Հետագայում Մելիք-Աղամալյանների տոհմի նշանավոր ներկայացուցիչների մասին արդեն բավական տեղեկություններ են հաղորդում պատմագիրներն ու հիշատակագիրները։

Երեւանի մելիքական մյուս հայտնի ընտանիքը Գեղամյաններն էին, որը հայկական հին իշխանական տներ շառավիղներից էր [14] ։ Մինչեւ Շահ-Աբաս I-ի կազմակերպած 1604 թվականի բռնագաղթը հայտնի էր նաեւ Մանուչարյան ազնվական ընտանիքը։ Մանուչարյանները բուն երեւանցի էին եւ սերում էին հայկական իշխանական ընտանիքից։ Իբրեւ ազնվականներ դրանց մասին հիշատակություններ կան նաեւ վրաց թագավորների մոտ։ Սակայն, ինչպես նշում է Ղուկաս կաթողիկոսը, մյուս հազարավոր տարագիրների հետ միասին 1604 թվականի բռնագաղթով Պարսկաստան քշվեցին նաեւ Մանուչարյանները։ Ըստ երեւույթին հետագայում դրանցից մի քանիսը վերադարձել էին եւ բնակություն հաստատել տարբեր տեղերում։ Ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի վկայությամբ նույն ազնվական ընտանիքից էին նաեւ XVIII դարի երկրորդ կեսում Սանկտ. Պետերբուրգում ապրող Մանուչարյանները [15] ։

Արտոնյալ, շահագործող խավին պատկանողները, ինչպես ասվել է հողային հարաբերությունների մասին խոսելիս, ազատված էին պետական հարկերից։ Սակայն պետք է ասել, որ մահմեդական բարձր խավայինները հայերի համեմատությամբ գտնվում էին ավելի արտոնյալ վիճակի մեջ։ Նրանք ամենուրեք վայելում էրն պարսից պետության եւ Երեւանի բեյլերբեյերի վստահությունն ու համակրանքը։ Նրանց նշանավոր ներկայացուցիչները՝ խաներն ու բեգերը ունեին ընդարձակ կալվածքներ եւ տեր էին դարձել հսկայական հարստությունների։

Արտաքին ու տարանցիկ առեւտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային տրոհվածության խորացման հետեւանքով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում գոյություն ուներ նաեւ վաճառականության եւ պրոֆեսիոնալ խոշոր առեւտրականների խումբը, որը ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն իրավունքներ։ Նրանք առեւտրի, վաշխառուական գործունեության, հողի առուվաճառքի եւ այլ գործարքների միջոցով կուտակել էին մեծ հարստություններ ու հասարակության մեջ ձեռք էին բերել բարձր դիրք։

Պատմական աղբյուրների վկայություններից երեւում է, որ առանձին հարուստ ու ազդեցիկ խոջաներ կարող էին անցնել ազնվականության շարքերը։ Իբրեւ արտաքին ու տարանցիկ առեւտրի կարեւոր հանգրվան՝ Երեւանում XVII-XVIII դարերում կային մեծ թվով վաճառականներ ու խոշոր առեւտրականներ։ Եթե դրանց մի մասը շարունակում էր հարստանալ եւ մեծ գումարների հասնող ունեցվածքների տեր դառնալ, ապա այդ խմբի առանձին ներկայացուցիչներ սնանկանալով իսպառ կորցնում էին իրենց դիրքն ու հարստությունը։ Զաքարիա Ագուլեցու հիշատակություններից ելնելով, Լեոն գրում է, որ սնանկացած վաճառականները բավական թիվ էին կազմում հայ վաճառականության մեջ [16] ։

Իրենց թվով ազնվականությունը, բարձրաստիճան հոդեւորականությունը եւ վաճառականներն ու խոշոր առեւտրականները միասին վերցրած, այնուամենայնիվ, կազմում էին հասարակության փոքր տոկոսը։ Հասարակության մեծագույն մասը բաղկացած էր տնտեսական ու իրավական առումով տարբեր աստիճանների վրա գտնվող աշխատավոր եւ շահագործվող բնակչությունից՝ գյուղացիությունից, արհեստավորությունից եւ մանր առեւտրականներից։ Դրանց վրա էր ծանրացած պարսից ու թուրքական կառավարությունների հարկային ծանր լուծը, որի մասին անհրաժեշտ ենք համարում ասել մի քանի խոսք։

Պարսկական տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանում եւ Ադրբեջանում XVI—XVIII դարերում հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի եւ զանազան տեսակի հարկադիր աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր մի քանի տասնյակի։ Օգտվելով տարբեր աղբյուրների վկայություններից, Ի. Պ. Պետրուշեւսկին կազմել է այդ ժամանակվա հարկերի, տուրքերի ու հարկադիր աշխատանքների ցուցակը, ըստ որի դրանց թիվը հասնում է 35-ի [17] ։ Ընդ որում այդ բոլորը նա բաժանում է 5 խմբի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը եւ վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին ու ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների» (3 տեսակ), գլխահարկի ու ծխահարկի (3 տեսակ) եւ պետության ու ֆեոդալների օգտին կատարվող պարտադիր աշխատանքների եւ զինվորական ծառայության (3 տեսակ) [18] ։ Դրանց մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ Երեւանի խանությունում, որի XIX դ. առաջին քառորդի հարկերի, տուրքերի եւ հարկադիր աշխատանքների մասին բավական մանրամասնությամբ խոսված է աշխատության երրորդ գրքում։ Անցանկալի կրկնություններից խուսափելու համար այստեղ գերազանցապես միայն քննարկելու ենք մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի հարկային սիստեմի վերաբերյալ սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները՝ հարկերի ու հարկադիր աշխատանքների բնույթի, դրանց նշանակման ու գանձման, չարաշահումների, բռնությունների, կոռային աշխատանքի, պատերազմների ժամանակ սահմանված արտակարգ պարտադիր աշխատանքների մասին։

Հարկադրման ենթակա օբյեկտները թե´ գյուղերում եւ թե՜ քաղաքում հարկադրվում էին միեւնույն կարգով ու չափով։ Այլ կերպ ասած, Երեւանի խանության հարկային սիստեմը, որը լիովին համապատասխանում էր պարսից պետության մեջ գործող օրենքին, առանց էական տարբերության տարածվում էր նաեւ Երեւան քաղաքի վրա։ Այնպես որ խանության տարբեր մահալների ու բնակավայրերի հարկերի մասին մեզ հասած սկզբնաղբյուրների վկայությունները լիովին կարող ենք վերագրել նաեւ Երեւանին, մանավանդ այն պատճառով, որ վերջինիս բնակչության զբաղմունքների մեջ գյուղատնտեսությունը համարվում էր կարեւորներից մեկը։ Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիրներ՝ հարկերը նշանակելու համար։ Նրանք հաշվառման էին ենթարկում հարկադրման ենթակա բոլոր կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի ենթակա մարդկանց եւ այլն, եւ այլն։ Այդ բոլորը նրանք գրանցում էին հատուկ մատյաններում (դաֆտարներ), նշելով յուրաքանչյուրից վերցվող հարկի քանակությունը [19] ։ Հարկահանության համար կատարվող այդ հաշվառումներն ու գրանցումները մեր աղբյուրներում սովորաբար կոչված են աշխարհագիրներ։ Մեզ հետաքրքրող ժամանակներում կատարվել են մի շարք ընդհանուր (երբ հաշվի էին առնվում հարկատու բոլոր օբյեկտները) եւ մասնակի (երբ հարկ նշանակելու համար հաշվառում էին հարկադրման ենթակա ոչ բոլոր օբյեկտները) աշխարհագիրներ։ Հայտնի է, օրինակ՝ Հուսեին շահի ժամանակ (1694-1722) կատարված ընդհանուր աշխարհագիրը։ Շահի հրամանով կատարված այդ աշխարհագրին մասնակցել են բազմաթիվ աստիճանավորներ։ Աշխարհագիրը կատարվել է հարկերն ավելի բարձրացնելու նպատակով եւ ինչպես մյուս, այնպես էլ այս աշխարհագրի ժամանակ պարսկական աստիճանավորները կատարում էին անասելի անօրինականություններ եւ գործադրում բռնություններ [20] ։

Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը շատ մանրամասնություններ է հաղորդել պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի նշանակման ու գանձման մասին, որոնք վաղուց արդեն գրավել են հայագետների ուշադրությունը։ Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նրա մի ընդարձակ հիշատակությունը Ամիրգունայի հաջորդի՝ Թահմազ-Ղու֊ լիի ժամանակ, թուրք Ասլան-փաշայի ղեկավարությամբ կատարված ընդհանուր աշխարհագրի մասին։ Պատմիչը գրում է. «Եւ յետ Ամիրգունայ խանին նստաւ Թահմազ-ղուլի բէկն։ Եւ սա եւս սիրեաց զնոսա, եւ արար Մուրատ բէկն (Ասլան աղայի եղբայրը— Թ. Հ. երկրորդ իւր, եւ Ասլան աղայն՝ վերակացու հարկացն։ Այս Ասլան աղայն առաքեաց յերկիրն, զի գրեսցէ գլուխս արանց եւ ամենայն իրացն։ Եւ եկն նախ ի Քանաքեռ յաւուրս ձմերայնոյ. եւ կոչեալ առաջի իւր զգեղականս՝ ցուցանել զգլուխն իւրեանց, եկն նախ Մելիք Դաւիթ՝ եւ եբեր Ը (8) որդին իւր, եւ զորդի դստերն, եւ եցոյց, Գային ամենեքեան որդւոք իւրեանց՝ եւ մտանէին ի գիրն։ Իսկ հայր իմ Մկրտիչ շալակեաց զիս զԶաքարիայս, եւ զեղբայրն իմ զԽաչատուր առաջի արկեալ՝ գնաց. եւ իբրեւ ետես զմեզ փոքր եւ կազ՝ եւ թիւր ոտամբ, բարկացաւ՝ եւ ասէ, զառողջ որդիւն քո պահեալ ես, եւ զանդամալոյծքդ բերեալ ես. եւ հրամայեաց արկանել յերկիր ի վերայ երեսացն. եւ բերեալ ջուր թափեցին ի վերայ անձինն, յոտաց մինչեւ ցգլուխն՝ ջրողող արարին. եւ նստոյց այր մի ի վերայ գլխոյն եւ այր մի ի վերայ ոտիցն. եւ հրամայեաց չորից զինուորաց՝ Բ կողմամբ հարկանել. եւ այնքան հարին, մինչզի մորթն ի մարմնոյն ի բաց ուտեաւ, եւ ինքն անշնչացաւ... ։ Եւ այր մի Բարսեղ անուն, եւ այր մի Ղազար անուն՝ հանին զի եղնգունսն. եւ այլ ոմն Մարուգե անուն Երեւակի կախեցին զմիոյ ձեռանէն, եւ այնքան հարին, մինչեւ յօդուածքն ամենայն խախտեցան։ Եւ այսպէս ահ նորա տիրեաց ի վերայ ամենեցուն՝ մեծաւ սաստիւ։ Վասնորոյ ոչ մնաց ստնդեայ մանուկ՝ զոր ոչ ցուցին։ ... Եւ այսպէս՝ գրեաց զմարդ, զկով, զձի, զջորի, զէշ, զոչխար, զջրաղաց, զձիթաղաց, զարուեստս, զբրնձաղաց, զայգիս, զպարտեզս, եւ այլ որ ինչ գտաւ՝ գրեաց ի ներքոյ հարկի արար։ Եւ էարկ ի դիւան արքունի զամենայն գրեալսն» [21] ։

Ականատես պատմագրի վկայությունը ստույգ ու որոշակի է։ Այն երկար ծանոթագրությունների կարիքը չունի։ Դրանից մենք իմանում ենք, որ պարսկական աշխարհագիրներին ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական ճնշումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի ցասումից վախենալով հարկային վերակացուները հարկ սահմանելու նպատակով հարկատու բոլոր օբյեկտների՝ այգիների, պարտեզների, անասունների, ձիթհանքերի ու ջրաղացների, արհեստների եւ այլնի հաշվեառման համար երկրում շրջում էին զինվորական ջոկատների ուղեկցությամբ։ Զաքարիայի նկարագրություններից երեւում է, որ հարկային վերակացուները ավելի դաժան եւ տմարդի էին վերաբերվում մանավանդ գլխահարկի ենթականերին գրանցելիս՝ անաշխատունակները (մանուկներին ու ծերերին) որոշելու ժամանակ [22] ։ Նույն կարգով հարկման ենթակա էին նաեւ Երեւանի այգիները, բանջարանոցները, ցանքերը, անասունները, արհեստները, ջրաղացներն ու դինդերը, աշխատավոր բնակիչները։

Բռնությունները, կաշառքը եւ անօրինականությունները մեծ չափերի էին հասնում, մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Զաքարիա Սարկավագը վկայում է, որ կաշառքով Երեւանի քալանթար դարձած պարսիկ Ղարա-Ղուպաթը, որ տնօրինում էր հարկերի հավաքման գործը՝ միանգամայն կամայական կերպով այս կամ այն գյուղին հարկադրում էր այնպիսի ապրանքներով, որ տվյալ տեղին չէր համապատասխանում, այդպիսին տվյալ գյուղում չէր ճարվում։ Օրինակ՝ Էջմիածնից պահանջում էր ածուխ, Ապարանից՝ եղեգ, Քանաքեռից փայտի գերաններ եւ այլն՝ այդ եղանակով մեծ տառապանքներ պատճառելով աշխատավոր բնակչությանը՝ ռամիկներին։ Ահա թե ինչ է գրում Զաքարիան խանական այդ լկտի աստիճանավորի մասին. «Ղարայ-Ղուպաթս այս էր ազգաւ Պարսիկ ի տոհմէ մելիք Սալահենց։ Եւ մինչ էր Շահ-Սաֆին ի վերայ բերդին Երեւանայ, Ղուպաթս այս շրջէր ի դրունս իշխանացն, եւ բազում կաշառօք էառ զքալանթարութիւն երկրին Երեւանայ, որ ասի Պարսկերէն՝ Շահրիարի, եւ հայերէն ոչ գիտեմ զինչ ասի. սակայն ինչ եւ իցէ՝ հաստատեցաւ ի վերայ գործոյն։

Եւ էր գործ նորա այս. զի զոր ինչ հարկ տան իշխանին, սա գրէ գաւառապետացն, եւ գաւառապետքն գրեն զգեզօրէիցն. եւ ժողովեալ ձեռամբ ոստիկանաց՝ եւ տանին իշխանին (խանին Թ. Հ. Իսկ Քալանթարն Ղարայ-Ղուպաթ՝ զոր ինչ փոքր հարկն էր՝ գրէր գաւառապետացն, եւ զոր ինչ մեծ լինէր՝ ինքն գրէր ներհակ եւ հակառակ. զի գրէր յԷջմիածին՝ ածուղ, եւ յԱպարան՝ եղեգ, ի Քանաքեռ՝ գերան մարեաց, եւ ի Ծազկունեաց ձոր՝ ազոխ։ Եւ այսպիսի վտանգոք տառապեցուցանէր զռամիկսն» [23] ։

Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ խմբերով, որոնց ուղեկցում էին ոստիկանների ջոկատները։ Հարկային վերակացուն բազմաթիվ աստիճանավորների հետ միասին հարկերը հավաքելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էր մնալ միեւնույն գյուղում եւ հարկատուների հաշվին ապրել արեւելյան ճոխությամբ։ Այդ մասին հակիրճ, բայց պարսկական հարկային քաղաքականության լուսաբանման համար բավական արժեքավոր մի հուշ է թողել Խաչատուր Աբովյանն իր երիտասարդ հասակում։

«Ես այստեղ կբերեմ Աբովյանի երիտասարդությունից մի հիշողություն (գրում է Հաքստհաուզենը— Թ. Հ. ). «Ամեն տարի ամռանը մեր գյուղն (Քանաքեռ) էր գալիս սարկիսարը (վերակացուն— Թ. Հ. ), պետական հացահատիկի մասը հավաքելու համար։ Այդ հասարակ խնդրի համար, որը պահանջում էր փոքր ժամանակ, նա գյուղում ապրում էր երեք կամ չորս ամիս։ Այդ ժամանակաընթացքում նրան տրամադրում էին գյուղի ամենալավ սենյակը, նա պահանջում էր ամենահոգատար սպասարկում եւ լավ ուտելիք ծառայողների ու ձիերի համար, ամեն օր նրա տունը տանում էին մթերքներ, հավեր, ձու, յուղ, միս եւ այլն, անգամ գինի, որովհետեւ ոչ բոլորն էին խուսափում այդ խմիչքից» [24] ։

Ինչպես տեսնում ենք, պարսկական հարկահանները պատուհաս էին դարձել մեր ժողովրդի գլխին։ Եթե միայն հացահատիկի պետական հարկը հավաքելու համար մեծ խմբով գյուղում գյուղացիների հաշվին ապրում էին 3-4 ամիս, ապա պարզ է, թե նրանք հարկատու բնակչության վրա ինչքան թանկ էին նստում նաեւ մյուս հարկերն ու տուրքերը հավաքելիս, որոնք մի երկար շարք էին կազմում։

Այդ բազմաթիվ հարկերի մեջ աշխատավոր բնակչության վրա առանձնապես ծանր են նստել բահրան՝ պետական հարկը։ Բահրան ամբողջովին գանձվում էր խանի օգտին, եթե հարկադրման ենթակա հողամասը կալվածատիրական՝ մուլքադարական կամ թիուլդարական չէր։ Կալվածատիրական լինելու դեպքում տվյալ հողից ստացվող բերքի 1/10-2/15 մասը՝ մյուլքը՝ պատկանում էր մուլքադարին, իսկ 1/5-ը՝ բահրան խանին (բեյլերբեյին Եթե խանը որպես առանձնաշնորհում իր բաժինը եւս տալիս էր մյուլքադարին որպես թիուլ, ապա վերջինիս էր անցնում հողային ամբողջ ռենտան [25] [26] ։

Պակաս ծանր չէր նաեւ գլխահարկը՝ բաշ-փուլին, որը գանձվում էր խանության աշխատունակ հարկատու բոլոր տղամարդկանցից [27] ։ Հարություն Արարատյանի վկայության համաձայն XVIII դարի վերջերին ռուսական դրամով հաշված ամուսնացածներից իբրեւ գլխահարկ վերցնում էին 4 ռուբլի, իսկ ամուրիներից՝ 2 [28] ։

Քրիստոնյա եւ մահմեդական ամբողջ հարկատու բնակչությունից գանձվող բնամթերային ու դրամական բազմապիսի հարկերից բացի, հայերը վճարում էին նաեւ հավատի «ջիզիա» («կամ ջաղիա») կոչված հարկը [29] ։ Վ. Ռ. Գրիգորյանը, վկայակոչելով մատենադարանի կաթողիկոսական դիվանում պահպանված Հայկական մարզի կառավարիչ Ա. Ճավճավաձեի 1828 թ. մարտի 22-ին թվագրված պաշտոնական գրությունը, ենթադրում է, որ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակներում հավատքի հարկ գոյություն չուներ։ Նա կարծում է, որ 1736 թվականին Նադիր-Շահի կողմից հավատքի հարկը վերացնելուց հետո 320 ա այն այլեւս չի վերականգնվել [30] ։

Բնակչության վրա ծանր են նստել նաեւ մյուս հարկերը։ Այդ պարզ կերպով երեւում է նրանից, որ հարկերից ստացվող Երեւանի խաների եկամուտներն այն ժամանակվա պայմաններում հասնում էին հսկայական գումարների։ Այսպես, XVII դարի 30-ական թվականներին Պարսկաստանում ճանապարհորդած Ադամ Օլեարիի վկայությամբ Երեւանի խանությունը շահին տալիս էր տարեկան մեկ միլիոն դուկատի հասնող եկամուտ [31], իսկ նույն դարի 70-ական թվականներին, ինչսլես Ժան Շարդենն է հաղորդում, Երեւանի խանը տարեկան ուներ 32 հազար թումանի (ֆրանսիական դրամով մինչեւ կես միլիոն էքյու) եկամուտ, չհաշված հարկադրանքներից, «փեշքեշ»-ներից եւ անուղղակի այլ ճանապարհներով եկող եկամուտները, որոնք նույնպես կազմում էին մեծ զումարներ [32] ։

Ճիշտ է նկատում Ի. Պ. Պետրուշեւսկին, XVII դարի երկրորդ կեսից սկսած հարկերն աստիճանաբար ավելանում են՝ [33] հասնելով անհավատալի չափերի։ Սակայն Երեւանի խանությունում այդ պրոցեսն սկսվում է ավելի վաղ։ Մի անանուն գրիչ 1630 թվականին գրած իր հիշատակարանում ողբում է հայոց ծանր վիճակը, որ հետեւանք էր գլխավորապես ծանր հարկապահանջության. «Փառք... ի թվ. հայոց ՌՀԹ (1630 թ. ) ամին. ի դառն եւ ի նեղ ժամանակիս, յորում նեղիմք ի հարկապահանջութենէ անօրինաց», գրում է նա [34] ։ Դրանից մոտ 50 տարի առաջ Մինաս, գրիչը մի գանձարանի հիշատակարանում նույնպես տրտնջում է թուրքերի կողմից ծանր հարկահանության համար։ Նա գրում է, որ 1581 թվականին «եկեալ Վեզիր փաշայն բազում եւ անթիւ զաւրաւք եւ գնաց դէպի յարեւելս ի Շահաստան, եւ յոյժ պեղեցին եւ չարչարեցին զքրիստոնեայսն ի հարկապահանջութիւն» [35] ։

Երեւանի խանության հարկերը XVII դարի 50-ական թվականներին կտրուկ կերպով ավելացնում է Մահմադ-Ղուլի խանը, որը փոխարինել էր տանելի հարկային քաղաքականություն վարող Խոսրով խանին։ Զաքարիա Սարկավագը տեղեկացնում է, որ Մահմադ-Ղուլի խանը «գոռոզ էր եւ ինքնահաւան եւ ագահ։ Վասնորոյ եւ քայքայեաց զամենայն ուղղութիւնս՝ զոր եղեալ էր՝ Խոսրով խանն։ Վասնզի ծանրացոյց զհարկն. եւ հաստատեաց զմաքսն ճանապարհաց, եւ զոր ինչ վաճառիւր ծանրագնի թէ ցորեան եւ թէ այլ ինչ։ Այլ եւ յամենայն ամի առաքէր քննիչս արտորէից գրել, եւ զհնգորդն ամ յամէ յաւելուին։ Նոյնպէս զթուօղս խաշանց, զչափօղս այգեաց եւ զգլխագիրս. եւ այսպէս ի ներքոյ հարկի էր զամենայն, եւ զոր ինչ Խոսրովն թեթեւացուցեալ էր, սա ծանրացոյց եւ մեծագին արար» [36] ։

Պատմիչը վկայում է, որ Խոսրով խանի ժամանակ հարկերը որոշ չափով թեթեւացնելու շնորհիվ երկրի տնտեսության ճյուղերը բավական առաջադիմել էին, ճանապարհային մաքսի վերացման հետեւանքով աշխուժացել էր մանավանդ առեւտուրը, որի հիմնական կենտրոնը Երեւանն էր։ Սակայն Մահմադ-Ղուլին նորից է վերականգնում մաքսը եւ մեծապես ծանրացնում հարկերը։ Պատմիչի ասելով նա ամեն տարի հատուկ վերակացուների միջոցով կատարում էր հարկման ենթակա բոլոր օբյեկտների՝ ցանքատարածությունների, ոչխարի գլխաքանակի, այգիների, գլխահարկի ենթակա մարդկանց եւ այլնի աշխարհագիր՝ պետական բահրան (հնգորդ կոչված) ու մյուս հարկերը ծանրացնելու համար։ Մահմադ-Ղուլիի հարկային այդպիսի դաժան քաղաքականությունը քայքայում է երկրի տնտեսական կյանքը եւ տեղի տալիս ցասումնալից բողոքների [37] ։

Ինչպես տեսանք, հարկերի ծանրացում կատարվել են նաեւ XVII դարի վերջերին եւ XVIII դ. սկզբներին, ինչպես եւ XVIII դարի 40-ական թվականներին՝ Նադիր-Շահի թագավորության վերջին տարիներին։ Սարդիս գրիչը Հայսմավուրքի վերջում թողած իր հիշատակարանում (1747 թ. ) Նադիր-Շահի վարած հարկային ծանր քաղաքականությունը հետեւյալ կերպ է ներկայացնում, «Եղեւ ստացումն սորին (հայսմավուրքի ձեռագրի Թ Հ. ) ի թուահաշուեն՝ Հայոց [38] ՌՃՂՁ (1747 թ. ) ամսեանն. ապրիլի ԺԱ ին. որ էր ի ժամանակս պարսից անագորուն եւ անորա. նադրշահին. զոր յոյժ ղեղուի ունէին պարսից իշխանուե ենթ ժողովուրդքն. թող զանիրաւ հարկապահանջուին զոր առաւել էր քան զառաջինսն. յայել (= յաւել) եւս չար ի վր չարեաց եւ վէրք ի վր վիրաց. զոր նախջեւանայ երկրին վերայ ձըգել էին լե Ռ (թումն, եւ երեւանու երկիրն խռ (թումն. որ բազումք հանդերձ տամբք մեծաւ տառապանօք ելեալ ի տանց եւ ի հայրենեաց փախեան յերկիրն օսմանցոց, եւ այլ մնացելոցն, բազում վիշտս եւ ոճիրս հասուցին. ոմանց զինչսն ասպատակեալ վաճառեցին եւ այլոցն ներքոյ փայտի մահացուցին, եւ այլոց զկին եւ զորդիս եւ զղուստրս վաճառել տային եւ զայլ անթիւ անըմերելի (=անըմբերելի) նեղուիս գոյր. զորս ոչ կրեցաք զոր պետն բարեաց զինքն բաուսիս արասցէ նոցին ամէն... » [39] ։

Ականատես գրիչի վկայությունից ակնհայտ է դառնում, որ պարսից բռնակալն իր վարած պատերազմների մեծ ծախսերը քամում էր ենթակա ժողովուրդներից, որոնց թվում էին եւ հայերից։ Նա գրում է, որ Նադիր-Շահի սահմանած հարկերը նախորդներից շատ ծանր էին, որ Նախիջեւանի խանության վրա դրել էին 35 հազար թուման հարկ, իսկ Երեւան խանության վրա՝ 40. 000 թուման, որ հարկատուները միջոցներ չունենալու դեպքում հափշտակելով վաճառում էին նրանց ունեցվածքը, կանանց ու որդիներին եւ որ նրանք ենթակա էին բռնությունների ու մահվան։ Այնուհետեւ սրտի կսկիծով գրիչը գրում է, որ շահի ծանր հարկերից խուսափելու համար շատերը նույնիսկ փախել են թուրքական տիրապետության տակ գտնվող շրջանները։

Պարսկական հարկային ծանր քաղաքականությունն ընդհանուր գծերով շարունակվում էր նաեւ Նադիր-Շահից հետո՝ կիսանկախ խաների տիրապետության ժամանակներում։

Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ որոշ խաներ (Ամիրգունա, Խոսրով-խան եւ ուրիշներ) երկրի տնտեսական վիճակը մի փոքր բարելավելու եւ խանական եկամուտները հետագայում ավելացնելու նպատակով զգալի չափով թեթեւացրել են մի քանի տեսակի հարկեր, բայց դրանք խիստ ժամանակավոր երեւույթներ էին եւ էապես չէին խախտում շահական-խանական կողոպտիչ հարկային քաղաքականության ընդհանուր բնույթը։

Գյուղական բնակչության վրա ծանրացած էր նաեւ կոռը։ Աղբյուրների վկայություններից երեւում է, որ կոռը հասել է մեծ չափերի։ Ի տարբերություն մյուս հարկադիր աշխատանքների, կոռը սովորաբար կոչվել է սուխրա։ Կոռային աշխատանքն առանձնապես մեծ է եղել դարի սկզբներին՝ Ամիրգունա խանի օրոք։ Պարսկական այս փոքրիկ բռնակալը պատերազմների ժամանակ ավերված երկիրը վերականգնելու, ջրանցքներ անցկացնելու, գյուղերը շենացնելու, այգիներ տնկելու հիմնական միջոցը տեսնում էր կոռային աշխատանքի մեջ։ Զաքարիա Սարկավագի վկայություններից երեւում է, որ Ամիրգունան ոչ թե հարկերն ընդհանրապես թեթեւացրել է, ինչպես ընդունված է ասել շատերի կողմից, այլ բնատուրքային եւ դրամական որոշ հարկերի փոխարեն մեծացրել է աշխատավճարայինը՝ կոռը [40] ։ «Սա (Ամիրգունա խանը) ի տիրելն իւրում Երեւանայ, իսկոյն ձեռն էարկ շինութեան եւ մարդաշատութեան։ Նա սկսաւ շինել բերդն, եւ ապա ապարանս, եւ զայգիս, եւ զբուրաստանս, եւ զպարտեզս, եւ հանել զառուս, եւ առաւելուլ զջուրսն։ Այլ եւ ի տեղիս տեղիս թեթեւացոյց զհարկն, եւ եբարձ զծանր լուծ ի պարանոցէ ռամկաց։ Բայց զի բազմացոյց զսուխրայն՝ այսինքն կոռն. քանզի որպէս ասացուք՝ թէ՝ շինուածս առնէր, վասն այնորիկ բազմացոյց զկոռն», գրում է Զաքարիա Սարկավագը [41] ։ Այդ պատճառով, պատմիչի ասելով Ամիրգունայի ժամանակներում ժողովուրդն ստեղծել էր առասպել այն մասին, թե կնոջը հղի թողնելով մարդուն տանում էին կոռի եւ նրան չէին ազատում մինչեւ որ որդին չծնվեր, չմեծանար ու չգար իրեն փոխարինելու. «Վասնորոյ առասպելեցին, թէ՝ կին յղի գոլով՝ այր նորա տանէին կոռ, եւ ո´չ թողուին գնալ ի տուն իւր. եւ կինն ծնանէր որդի եւ զարգանայր, եւ առաքէին զնա՝ կոռն, զի հայրն երթիցէ ի տուն։ Զայս առասպելս վասն բազմութեան կոռին ասացին», վկայում է նա։

Սակայն կոռով չէին սահմանափակվում հարկադիր աշխատանքներն առհասարակ։ Պատերազմների եւ բնական աղետների ժամանակ պարսից խաներն ու թուրքական փաշաները գյուղի եւ քաղաքի աշխատավոր բնակչությանը քշում էին պարտադիր աշխատանքի՝ իրենց նստավայր-բերդը վերաշինելու, ճանապարհներ անցկացնելու, պատերազմական պաշարներ տեղափոխելու, ջրանցքներ անցկացնելու եւ այլնի համար։ Պատերազմներն ու ավերումները այնքան էին հաճախակի կրկնվում, որ հարկադիր աշխատանքները դարձել էին սովորական, գրեթե ամենամյա «պարտականություն»։ Բերենք միայն մի քանի օրինակ։ Գրիչ Մինասը 1581 թվականին վերաբերող իր հիշատակարանում գրում է, որ թուրքերը «հանին բազում արուեստաւորս վասն շինութեան Ղարսայ բերդին» [42] ։ Նրա ընդարձակ հիշատակարանից երեւում է, որ այդ արհեստավորները Կարսի բերդի կառուցման համար հարկադիր աշխատանքի էին քշվել հիմնականում Արեւելյան Հայաստանի քաղաքներից։ «Արտակարգ» հարկադիր աշխատանքների մասին մի շարք վկայություններ ունի Զաքարիա Ագուլեցին։ Նա հաղորդում է, որ շահի հրամանով 1672-1674 թվականների ընթացքում Ագուլիս եւ Դաշտ գյուղերից բավական երկար ժամանակով տասնյակ մարդկանց ուղարկում են Երեւանի բերդի կիսատ մնացած շինարարությունն ավարտելու։ Ժամանակագիրը վկայում է, որ նշված երկու բնակավայրերը Երեւանի բերդի եւ դրա պարսպի շինարարության համար պետք է տային ավելի քան 1000 բանվորական օր [43] ։ Հարկադիր աշխատանքի բազմաթիվ օրինակներ են հայտնի նաեւ հետագա ժամանակներում՝ Նադիր-Շահի եւ կիսանկախ խաների տիրապետության շրջանում։ Հարություն Արարատյանը վկայում է, որ Երեւանի խանը՝ Մահմեդ-Ղուլին, լուր առնելով Աղա-Մամադ շահի արշավանքի մասին՝ հրաման է արձակում՝ ամբողջ խանությունից հարկադիր աշխատանքի քշել բազմաթիվ մարդկանց իր աթոռանիստ Երեւանի բերդը ամրացնելու եւ անհրաժեշտ քանակությամբ մթերապաշարներ կուտակելու համար։ Միայն Աշտարակ գյուղն այդ նպատակի համար պարտավոր էր տալ 40 մարդ իրենց բեռնակիր ձիերով հանդերձ։ Նրանք պետք է Շարուրից հացահատիկ տեղափոխեին Երեւանի բերդը [44] ։

Հարկադիր աշխատանքները կատարվում էին կամ միանգամայն անվճար, կամ նվազագույն աշխատավարձով։ Աշխատավարձը տրվում էր պետական գանձարկղից։ Սակայն սովորական էին դարձել այն դեպքերը, երբ պետությունը տալիս էր առանց այն էլ այնքան քիչ աշխատավարձի միայն մի մասը, մյուս մասը թողնելով, որպեսզի համայնքները վճարեն։ Զաքարիա Ագուլեցու հիշատակության համաձայն Ագուլիսից եւ Դաշտից Երեւանի բերդի կառուցման վրա աշխատողների աշխատավարձի մի մասը, օրինակ՝ տվել են այդ գյուղերի բնակիչները [45] ։

Նշվածներով չեն վերջանում աշխատավոր բնակչությունից գանձվող հարկերը, կոռն ու մյուս հարկադիր աշխատանքները։ Հարկատու բնակչության հաշվին էին ապրում նաեւ մահմեդական ու քրիստոնյա հոգեւորականությունը։ Այսպես, օրինակ, Էջմիածնին ենթակա բոլոր թեմերի բոլոր հայերը հօգուտ Մայր աթոռի ենթարկված էին հատուկ տուրքերի՝ «նվիրական», «գանձանակի», «հոգեբաժինք» [46], «պտղի» եւ այլն։ Եկեղեցական հարկերն ու տուրքերը հավաքվում էին ըստ թեմերի, որոնցից մեկն էլ Երեւանի թեմն էր։ Էջմիածնի մայր աթոռի կողմից նշանակված հոգեւորական-հարկահավաքները (նվիրակները) շրջելով իրենց հանձնարարված թեմերում, հավաքում եւ Էջմիածին էին ուղարկում նշված հարկերը [47] ։ 1652 թվականին Երեւանում գրված մի հիշատակարանի համաձայն, երեւանցի խոջա Գրիգորը ի հիշատակ իր եւ իր ծնողների «յԵրեւանու քաղաքին մուլքն ազատեալ վախմ» էր արեր [48] ։ Էջմիածինը դրանով հնարավորություն էր ստանում վերը նշված հարկերից բացի, Երեւանից ստանալ լրացուցիչ մեծ եկամուտներ։ Իսկ Երեւանի շրջակայքի գյուզերը, որոնք սերտորեն կապված էին քաղաքի հետ եւ դրանցից մի քանիսը փաստորեն նրա արվարձաններն էին, Էջմիածնին տալիս էին նաեւ «պտղի» բնահարկը։ Օրինակ, Նորք գյուղը, ըստ արխիվային նյութերի, XIX դարի սկզբներին Էջմիածնին իբրեւ «պտուղ» տարեկան տալիս էր մի քանի խալվար ցորեն [49] ։

Մեզ հետաքրքրող ժամանակների Հայաստանի քաղաքներում բավական տարածում էր գտել վարձու աշխատանքը։ Երեւանում մասամբ վարձու աշխատանքով էին կատարվում խանական, կաթողիկոսական եւ տերունական այլ այգիների բացումը, էտը, բերդի եւ նրա պարսիպների կառուցումներն ու վերակառուցումները եւ այլն։ Բ. Մ. Հարությունյանը, ուսումնասիրելով վարձու աշխատանքի բնույթն ու ծավալը Երեւանի խանության մեջ XVIII դարում եւ XIX դարի առաջին քառորդում՝ հանգում է այն եզրակացության, որ այդ ժամանակներում վարձու աշխատանքի համար կային բավական նպաստավոր պայմաններ ու աղբյուրներ [50] ։ Վարձու աշխատանքը սովորաբար Երեւանում սեզոնային բնույթ էր կրում, եւ վարձու աշխատողները հասարակության մեջ դեռեւս առանձին խումբ չէին կազմում, դրանք բացառապես կազմված էին սեզոնային աշխատանքի համար քաղաք եկած գյուղացիներից եւ քաղաքի հասարակության հարկատու բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչներից։

Արխիվային եւ այլ կարգի աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա Բ. Հարությունյանը գրում է, որ վարձու աշխատողների տնտեսական վիճակը աննախանձելի էր։ Նրանք ամռանն օրական աշխատում էին 14-15 ժամ [51] եւ ստանում էին չնչին վարձ (երբեմն միայն մի «փոր հացով»)։ XVIII դարի երկրորդ կեսին եւ հաջորդ դարի առաջին քառորդում անվանական աշխատավարձի նկատելի բարձրացումը ոչնչով չէր փոխում օրավարձով աշխատողների տնտեսական ծանր դրությունը, որովհետեւ կարեւոր սննդամթերքների (ցորեն, գարի, բրինձ, միս, յուղ եւ այլն) եւ լայն սպառման մյուս ապրանքների (գործվածքներ, ոտնաման եւ այլն) գները նույնպես արագորեն բարձրանում էին [52] ։ Նրանց ռեալ աշխատավարձը մնում էր աննախանձելի ցածր եւ նույնիսկ չէր բավարարում օրվա աղքատիկ ապրուստի համար։

Այդպիսին էին Երեւան քաղաքի եւ Երեւանի խանության հասարակության խմբերն ու դրանց սոցիալ-տնտեսական հարաբերությունները։ Իսկ դրանից հետեւում է, որ անընդունելի է Երեւանի պատմության հայտնի երախտավոր Երվանդ Շահազիզի այն թեզը, թե հին Երեւանում «դառն չքավորություն չի եղել», թե նահապետական կյանքի ու սահմանափակ պահանջների հետեւանքով, իբր, «քաղաքի ժողովուրդը կարողացել է բավարարել յուր համեստ պահանշները» [53] եւ այլն։ Պատմագիտական տեսակետից քննադատության չի կարող դիմանալ հատկապես նրա այն հետեւությունը, թե քաղաքի աշխատավոր բնակչությունը «հլու-հնազանդ է եղել տիրող կարգ ու կանոնին եւ անտրտունջ կատարելով իշխանավորների պահանջը, համակերպվելով նրանց կամայականության եւ ժամանակի ընթացքում մշակելով յուր համար մի կյանքի եղանակ..., որ հնարավորություն է տվել նրան ապրելու, ինչպես ասվում է, աչքն յուր դրանը» [54] ։

Սոցիալական ու ազատագրական շարժումների մասին խոսելիս մենք տեսանք, որ մեր ժողովուրդն ու նրա մի հատվածը կազմող երեւանցիները երբեք էլ «հլու-հնազանդ» չեն տարել օտար բռնակալների եւ սեփական իշխանավորների ծանր լուծը։ Ժամանակի պայմաններին համապատասխան նրանք զանազան եղանակներով պայքարել են օտարի լուծը թոթափելու եւ իրենց կյանքի պայմանները բարելավելու համար։


[1]            Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 214-218 եւ այլուր:

[2]            Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 64։

[3]            Նույն տեղում, էջ 64— 65։

[4]            Տե՛ս Барон Август фон-Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 181-184։

[5]            Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին Պարսից, էջ 27-28, Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց . Ա. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. III, էջ 565-566)։

[6]            Լեո. Հայոց պատմություն, հ. III, էջ 147։

[7]            Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին Պարսից, էջ 61, Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565- 566 եւ այլն։

[8]            А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 181։

[9]            Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 147։

[10]          А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 183—184։

[11]          Նույն տեղում, էջ 184։

[12]          Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրոց եւ Նատիր-Շահին Պարսից, էջ 56։

[13]          Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ավետարանք, 1385, 1691 թվական, էջ 292։

[14]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 213-215։

[15]          Տե՛ս Գյուտ Աղանյանց, Դիւան Հայոց պատմութեան, գիրք Դ, Թիֆլիս, 1899, էջ 516-517։

[16]          Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 157։

[17]          И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отн. в Азерб. и Арм..., էջ 265։

[18]          Նույն տեղում, էջ 266։

[19]          Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 122, И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 120:

[20]          И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отн. в Азерб. и Армении..., էջ 296-298:

[21]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 65— 67։

[22]          Նույն տեղում, էջ 66։

[23]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 39-40։

[24]          Տե´ս А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 185-186:

[26]          Տե՛ս И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Арм..., էջ 267։

[27]          Նույն տեղում, էջ 283։

[28]          Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը, էջ 113։

[29]          Տե´ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն անցիցն իւրաց եւ Նատր-Շահին Պարսից, էջ 24։

320 ա      Վ. Ռ. Գրիգորյան, Երեւանի խանությունը 18-րդ դարի վերջում, էջ 53-54։

[30]          Նույն տեղում։

[31]          Տե´ս А. Гакстгаузен, Закавказский край, ч. I, էջ 213:

[32]          Путешествие Шардена по Закавказью в 1672-1673 гг., էջ 186:

[33]          И. П. Петрушевский, Очерки по истории феодальных отношений в Азерб. и Армении..., էջ 296:

[34]          Տե՛ս «Ցուցակ հայերէն ձեռագրաց ս. Նշանի վանուց ի Սեբաստիա», կազմեց Թորգոմ արք. Գուշակեան, Վիեննա, 1961, էջ 84։

[35]          Նույն տեղում, էջ 85։

[36]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 44-45։

[37]          Տե´ս նույն տեղում, էջ 45-47։

[38]          Մեջբերումը կատարված է նույնությամբ՝ պահպանելով ձեռագրի հապավումներն ու ուղղագրությունը։

[39]          Տե՛ս Հ. Աճառյան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր-Բայազետի, Բ ցուցակ ձեռագրաց ս. Կարապետ եկեղեցւոյն, Վիեննա, 1924, էջ 47։

[40]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 45-46, հ. II, էջ 38 եւ այլուր։

[41]          Նույն տեղում, հ. I, էջ 45-46։

[42]          Տե´ս «Ցուցակ հայերէն ձեռագրաց ս. Նշանի վանուց ի Սեբաստիա», էջ 84։

[43]          Տե՛ս Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, էջ 109, 119։

[44]          Տե՛ս Жизнь Артемия Араратского..., էջ 194-195։

[45]          Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, էջ 109, 112-113, 119։

[46]          Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 133։

[47]          Նույն տեղում, էջ 133։

[48]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ֆ. Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, գ. 221, էջ 104։

[49]          Տե՛ս նույն տեղում, ֆ. կաթ. դիվան, թղթ. 12, վավ. 164։

[50]          Տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1969, 1, էջ 87։

[51]          Նույն տեղում, էջ 89։

[52]          Նույն տեղում, էջ 91 եւ 97։

[53]          Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 52։

[54]          Նույն տեղում, էջ 51-52։