Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ա] ՀՌՈՎՄ

Իբրեւ մերձեցաք ի մեծն Հռոմ. եւ աւուր մի ճանապարհէ երեւէր սուրբ Պետրոսի գմպէթն։ Եւ իբրեւ մտաք ի դուռն քաղաքին, տեսաք գեղեցիկ մարմարէ արձան եւ վերեւն ոսկի խաչ. եւ երեք տակ պարիսպ ունէր նա [1] ։ Եւ էր մեծ քան զըՍտամպօլ. բայց կէսն աւեր։ Եւ այնչափ գնացաք որ ձանձրացաք. եւ յետինքն հազիւ հասաք ի Հայոց եկեղեցին եւ շբիթալն։

Եւ տեսեալ զցանկալին ամենեցուն զմեծահամբաւ եւ հռչակաւոր կայսերանիստ եւ հայրապետական մայրաքաղաքն զմեծն Հռոմ [2] ։ Եւ մէջ քաղքին երթայր մեծ գետ մի եւ սրընթաց՝ պղտոր նման Խըզըլ Երմախին, ուրախացուցանելով զքաղաքն, ըստ այնմ թէ Գնացք գետոց ուրախ առնեն զքաղաք։

Եւ եկեղեցին Հայոց քարէ մեծ եւ տասն օտա քարէ ունէր վասն ըխտաւորաց. այլ եւ դարպասնի եպիսկոպոսաց, քահանայից եւ այլ կրօնաւորաց, տօշակ, անկողին [3] ։ Իսկ վարդապետն Զաքարիայ տեսեալ զիս ուրախացաւ [4]. եւ էառ առ ինքն եւ համբուրեալ զմիմիանս հաշտեցաք։ Եւ յետ աւուրց ինչ կոչեցաք զՀայոց թարճիմանն Յակոբ անուն [5] Ամթեցին, որ քառասուն ամ կամ աւելի [6] էր անդ. եւ Փափն հինգ հարիւր ղուռուշ թային էր արել նմա վասն թարգմանելոյն։ Զնա յղարկեց Փափն։ Եւ արարեալ էին Վարդապետին թային նաֆաղայ օրն ԺԲ հաց, հինգ օխա միս, երկու հաւ, երկու օխայ գինի, աղն, քացախն եւ այլն. այլ շաբաթն հինգ ղուռուշ ճէպ խարճի։ Եւ էր անդ էրէց մի հայի Թօխաթցի, Բարթուղիմէոս անուն [7], որ պըզտկուց անդ էր սնել եւ ի չափ հասել. զմեր գիրն եւ զլեզուն գիտէր, բայց նոցան այլ աւելի. զի նոցա օրէնքն կու բռնէր. նոքա օրհնել էին զնա էրէց. եւ տարին հարիւր կարմիր ոսկի թային օլօֆայ ունէր. եւ եկեղեցին եւ շբիթալն եւ խցերն ամէն իր ձեռքն էր։ Եւ ունէր ժամն էգիք, վախըֆ տներ։ Ապա հիւրոց աղտոտնին պիտոր լուանար եւ զամենայն պէտս նոցա հոգայր։ Եւ կայր ի նմա ԺԲ հոգի։ Կացաք անդր եօթն ամիս, ի թվին Հայոց ՌԿ (1611) ի փափկութեանն Պօղոսի Երրորդի։

Եւ մեր քարտինալն էր Պուռկէզ, քւերորդին Փափին. զի ՀԲ քարտինալ ունէր Փափն. եւ ամէն քարտինալն [8] ազգի մի նազր էր. իսկ գլուխն եւ մեծն Հայոց լինի. զի ՀԲ ազգ որ ասի, Հռոմ գտանի։

Օր մի եկին եպիսկոպոսք տանել զՎարդապետն ի Փափն։ Եւ գնացեալ տեսաք զսարայն մեծ եւ լայնանիստ, գեղեցիկ վիմօք եւ աշտարակօք [9] շինեալ։ Եւ ի դուռն սարային բազում սուսերամերկ զինաւորք. եւ ի ձեռին ամենեցուն լայնասլաք գեղարդք, որ [10] փայլզփայլի տային. եւ զգեստ էր նոցա այլաձեւ [11] եւ ուրիշ ազգ. այլ եւ ունէին երկայն մօրուս. զի Ֆրանկն չունի մօրուս, բայց միայն սոքա։ Եւ ասին մեզ թէ չունի Փափն քան զդոսա հաւատարիմ եւ սիրական ծառայ. եւ են երեքհարիւր։ Եւ [յ]որժամ Փափն տեղ երթայ կամ ժամ, սոքա ի մէջ պիտի առնուն եւ ինքեանք երկու կողմանց գնան։ Եւ ասին թէ սոքա են, որ Լուսաւորիչն եթող անդ՝ յորժամ էրն ի Հռոմ, եւ ա՛ռ ի նոցանէ երեքհարիւր այր. նոքա իւրեանց հաւատն կու պահեն, իսկ մերն դարձան [12] ։

Եւ իբրեւ մտաք ի սարայըն, ասին թէ եօթն դուռն պիտի անցնիք։ Ի ամէն դռանն դարպասնին [13] զարդարած էր ազգի ազգի լիպասով. եւ առաստաղն ոսկ[ւ]ով նկարած։

Եւ առաջինն սկէռլէթ էր չորս պատն. զի աշխարհն քրիստոնէից չի նստին ի վերայ գետնի եւ ոչ զարդարեն զգետինն որպէս Թուրքի աշխարհն. եւ նստին ի վերայ աթոռոց եւ սկէմլոց. այլ եւ ունին սեղան մեծ եւ բարձր ուր ճաշակեն։ Երկրորդն էր մօռ եւ ծիրանի սօֆ. երրորդն՝ թաֆդայ. չորրորդն՝ քամխայ. հինգերորդն՝ աթլազ. վեցերորդն՝ զէրպապ. եւթներորդն՝ ուր Փափն նստէր՝ սէրասէր։ Եւ ինքն նստեալ էր յոսկիակազմ աթոռ. եւ ունէր ալմաս ակնով մատանի մի ի մատն, որ քան զջահ վառէր։ Եւ առաստաղն սաֆի լաճվարտ եւ զուտր ոսկի էր եւ ազգի ազգի դեղրանք խաղցուցած. աչք հազար պիտէր որ հայէր եւ վայելէր զգեղեցկութիւնն։ Եւ Վարդապետն գնաց եպագ զոտն, զի հրաման չկար ձեռաց, միայն թագաւորաց։ Եւ ի փառաց անտի եւ յահեղ մեծութենէն եւ վասն ամօթոյն ահ եւ դողումն կալաւ, մինչ զի քրտունք հոսէին յերեսաց մերոց։ Փափն եհարց թէ ուստի՞ գան. եւ թէ որպէս են Հայք ի տնօրինաց ձեռս։ Եւ նա [14] ասէ թէ ի Սուրբ Էջմիածնա[յ] գամ, յԱրարատ լեռնէ. եւ թէ բարիոք են Հայք աղօթիւք ձեր, սուրբ Հայր։ Եհարց թէ ո՞ղջ է Մելքիսեթ կաթողիկոսն. եւ նա ասէ. Այո [15], ողջ է ի սէր քո բաղձալի. եւ ետուր նմա նամակ եւ երկու սօֆ եւ խալի մի եւ փիլոնի կոճակ խաչաձեւ յիսուն ալմասով եւ բանզահր հինգ դրամ։ Առեալ զնամակն՝ զընծայս ո՛չ կամեցաւ առնուլ, ասելով թէ Մեզ չէ պարտ այդպիսի տրօք սիրել զմիմիանս։ Եւ վարդապետն շնորհակալեցաւ գնաց եւ չէառ։ Եւ նա զկնի առաքեաց. եւ պատվիրեաց լաւ հարկիք առնել Վարդապետին։ Իսկ Վարդապետն դարձեալ ուղարկեց եւ ասէ. Ընդէ՞ր ոչ առնու. միթէ ո՞չ հաճեցաւ կամ թէ իւր լայեխ չէ՞ զի չնչին եւ ոչինչ է մեր տուրքն սակաւ։ Ապա հազիւ էառ զխաչն. զբանզահրն եւ զայլն յետ ղրկեց։

Եւ անցեալ շաբաթ մի՝ յոյժ նեղանայաք եւ տառապէաք. առաւել որ զլեզու նոցա չի գիտէաք։ Այլ ես յոյժ տագնապէի՝ յորժամ անկանէր ի միտս իմ գաւառս իմ եւ սիլաս, քորք եւ փեսայքս իմ, եւ ամենայն ազգականք եւ սիրելիքս. լայի եւ հառաչէի [16], ակն ունելով թէ ոք տրտմեսցի. եւ ոչ ոք էր. այլ եւ մխիթարիչ ինձ ոչ ոք գտաւ. վասն որոյ խորովէր սիրտս իմ, գալարէին աղիքս, ցնորէր միտքս եւ նուաղէր յիս հոգի իմ եւ յիշէի զբան Սաղմոսին, թէ Տա՜յր ինձ ոք թեւս աղաւնոյ, զի թռչէի վերանայի ՚ւ առ իմ երամս [17] հասանէի. եւ ասի զողբս ի վերայ տալէհիս անաջող.

Իմ Տէր եւ ստեղծող Աստուած

ամենից ես դու ողորմած.

Իսկ ես վասն է՞ր եմ անկած,

՚ւ ի օտար աշխարհ վըտարած։

Ամէնքն են իւր տեղ նստած,

մեծամեծ փառաց են հասած.

Իսկ ես ամէնէն զրկած,

խիստ ողորմ սիրելեաց զատած։

Աւաղ թէ զտեղս ալ առին

՚ւ իմ փոխան զայլ ոք կացուցին.

Զիմ անունս մեռած հանին

՚ւ ի ժառանկ գրէն ջնջեցին։

Տէրն օգնէ ամէն ղարիպին,

հասցնէ զիւրենք մուրատին.

Հասցուր եւ զիս իմ ուխտին,

ողջ պահէ հոգի ՚ւ ի մարմին։

Եւ էր ազգն յոյժ [18] բարի եւ մարդասէր, զի որպէս զեղբայր եւ զ[ը]նկեր այնպէս զմեզ ընդունէին եւ իշարաթով զամէն բան հասկացուցանէին։



[1]            նայ

[2]            ի մեծն հրոմ

[3]            յանկողին

[4]            լուրախացաւ

[5]            յամթեցի… յաւելի

              Յակոբ թարգման կը յիշուի ի Հռոմ արդէն 1597- ին ( հմմտ. Ղ. Ալիշան, Հայ - Վենետ, էջ 354)։

[6]            Տե՛ս ծնթ. 231։

[7]            Սա ինք զինքը կը կոչէ «տէր Բարթուղիմէոս Աբգարցի», նաեւ «Աբգարի ազգէն» եւ լատիներէն գրութեամբ՝ D. Bartholomeus Abagarus. ծանօթ են իր գրչէն տողերս. «Ես տէր Բարթուղիմէոս Աբգարի ազգէն եւ աստուածաբան քահանայ, մտայ այս մեր ազգին տան հովուապետ եւ խոստովանահայր. եւ էր թուին ՌՈ (1600), հրամանաւ Կղեմենթոս Ը. սուրբ Փափին. բաւ է» ( Հ. Գ. Զարբանալեան, Պատմութիւն հայկ. տպագրութեան, էջ 42)։

[8]            քարտնալն

[9]            յաշտարակօք

[10]          փայլսփայլն… այլ եւ ձեւ

[11]          Տե՛ս ծնթ. 236։

[12]          Այսպէս հաւատացուցած են մեր ուղեգրին։ Քահանայապետին պահակը սկսեալ 1505- էն մինչեւ մեր օրերը կազմուած է բնիկ զուիցերիացիներէ։

[13]          դարպսնին

[14]          նայ

[15]          այոյ

[16]          հառաջէի

[17]          յերամս

[18]          ոյժ