Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Բ]  ՍԻՄԷՈՆ Ի ԶԱՄՈՍՑԱ 1620-1624։

Եւ կացի անդ հինգ ամ։ Եւ յետ ամաց ինչ բազում անցք [1] անցին ի գլուխս, այլ եւ յոլով չարի եւ փորձանաց դիպայ [2]. վիշտք եւ նեղութիւն գտի ես եղկելիս ի գաւառս իմ, ի տուն եւ յազգատոհմիս, ի չար եւ ի յապիրատ մարդկաց։ Զոր յառաջն սիրով ընկալան եւ պատվով մեծարեցին եւ յետոյ վնասք մահու եւ դժոխոց ի վերայ իմ եդին. եւ ոչ թէ մի ոք կամ երկու, այլ ի բազմաց եւ յոլովից, մանաւանդ ի կարգաւորաց. զի ոչ [3] ոք մնաց, որ զիս ոչ եխած. ըստ բանի սուրբ Աւետարանին. Ոչ ոք է անարգ թէ ոչ ի տան եւ գաւառի եւ [4] յազգատոհմի։ Զի որպէս Հրեայքն [5] Քրիստոսի արարին, յորժամ աւանակաւ գայր յԵրուսաղէմ, ընդ առաջ ելեալ ծերք եւ տղայք ոստովք ձիթենօք եւ [6] արմաւենօք, ովսաննա գոչելով, մեծաշուք պատվով մուծին ի քաղաքն. բայց յետոյ նախանձու վառեալ՝ ըստ այնմ թէ Նախանձ տան քո եկեր զիս, զամենայն չարիս անցուցեալ ի գլուխ նորա, որպէս գրեալ կայ՝ Հանին ի խաչ։ Նոյնպէս եւ զապիրատս բազում սիրով եւ մեծարանօք ընկալան. ապա նախանձու հարեալ ոմանք, ըստ այնմ թէ Նախանձու բանսարկվին եմուտ մահ յաշխարհս, ասէին. Սա է ժառանկ, եկայք սպանցուք, արտաքս ընկեսցուք, զի ոչ կամիմք զդորա կարգաւորիլն. եւ գոչէին՝ Ոչ գիտեմք զքեզ, ի բաց գնայ ի մէնջ, ով շատաշրջիկ, որ թողեր զտուն քո եւ գնացիր օտար երկիր, հեռացար. այժմ դարձեալ՝ կամիս տիրել եւ ժառանկել զթողեալն քո օտարաց [7]. զի այլք էին տիրապիտել եւ ժառանկ եղեալ, զիս յիմոցն ի բաց ընկենուին, կամակից առեալ զիւրեանց [8] սիրելիս. եւ կատարեցաւ առ իս բանն, թէ Մարգարէ ի գաւառի իւրում պատիւ ոչ ունի։ Եւ միշտ զայն ասէին. Է՞ր չնստար, այլ թողեր տեղտ ու գնացիր, այժմ դարձեալ եկիր. զի՞նչ կամիս, եւ թէ զի՞նչ շահ եղեւ քեզ այդ չափ շրջելդ, յԵրուսաղէմ գնալդ. թէ աստ էիր՝ վաղ քահանայ էիր. զի՞նչ օգտեցար։ Իսկ ես շիւարեալ պապանձէի եւ ոչինչ տայի նոցա պատասխանի. քանզի եւ զազգատոհմս իմ դարձուցին յինէն. զի ես որպէս ղարիպ էի եւ նոքա տեղացիք։ Եւ էի միշտ եւ հանապազ տրտում եւ ի սուգ. եւ ոչ գիտէի վասն է՞ր եւ ո՞ւստ եհաս ինձ այս չարիք. եւ ապա իմացայ [9] եւ ծանեայ [10], որ վասն իմ ծովացեալ մեղացս՝ Հասին ինձ անօրէնութիւնք եւ ես ոչ կարացի տեսանել. Զի հատուցին ինձ չար ընդ բարւոյ. եւ թէ Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ ոյք ատէին զիս ի տարապարտուց. եւ Զոր ինչ ոչ գիտէի՝ հարցանէին ցիս. եւ Բան անօրէնութեան եդին ի վերայ իմ. մատնէին, զրպարտէին, հարկանէին եւ դատաստան մահու կացուցանէին, թէ դու չի պիտիս մեզ եւ ոչ ես պէտք, զի մեք ունիմք քահանայ. եւ Ես եղէ որպէս մարդ որ ոչ գոն [11] խօսք ի բերան. եւ թէ Որպէս մեռեալ յաւիտենից. եւ թէ Որպէս մարդ առանց օգնականի. եւ Զոր ոչ յափշտակեալն էի՝ տուժէի նոցա. Յարեան ի վերայ իմ վկայք չարեաց. այլ եւ ասէին Այո՛ այո՛ [12] տեսին աչք մեր։

Բայց ես համբերելով համբերի Տեառն եւ նայեցաւ առ իս. եւ ասեմ. Տեսեր Տէր, մի լռեր Տէր, մի բ…։ Բարեկամք իմ եւ մերձաւորք իմ հեռի եղեն յինէն. այլ ես ԶԱստուած յիշեցի եւ ուրախ եղէ. մխիթարեցայ եւ կեցի [13]. [14] ՅԱստուած յուսացայ եւ ոչ երկեայց [15], զի՞ արասցէ ինձ մարդ։ Վասն որոյ ես զայս ամենայն յանձն առի, Զի Տէր է որ արդարացուցանէ եւ դատապարտէ. Տէր խոնարհեցուցանէ եւ Տէր բարձրացուցանէ։ Եւ Տէրն ասէ թէ Յաշխարհի [16] աստ նեղութիւն ունիցիք. եւ թէ Համբերութեամբ ստասջիք զոգիս ձեր. զոր եւ Պաւղոս ասէ թէ Որք կամիցին աստուածպաշտութեամբ ի Քրիստոս Յիսուս կալ, ի հալածանս կացցեն։ Եւ ընթերցեալ [17] զսուրբ Գիրս առի զմարգարէն Դաւիթ ի խրատ, թէ Ապրեցո [18] զիս, Տէր, ի մարդոյ չարէ։ Թէպէտ մարգարէ էր եւ թագաւոր, երկնչէր ի [19] վատաց. եւ յամենայն աղաչանս զայս խնդրէր, թէ Յառնէ յանիրաւէ եւ չարէ փրկեա զիս [20]. եւ թէ՝ Ի մարդոյ մեղաւորէ, նենկաւորէ փրկեա զիս Տէր. եւ թէ՝ Նեղութիւն եւ զանձկութիւն գտի։ Այլ եւ տեսայ զի լաւ է կեանքս չարչարիլ, անարգիլ, արհամարհիլ, քան թէ փառաց եւ մեծութեան հասանիլ. այլ եւ գտի ի սուրբ Գիրս, զի ամենայն ընտրեալք եւ սուրբքն Աստուծոյ՝ սկսեալ ի [21] մարգարէից, առաքելոց, հայրապետաց, թագաւորաց, մարտիրոսաց եւ ամենայն մաքուր անձանց, զի ոչ ոք ի նոցանէ եղեւ ընդունակ փառաց կամ պատւոյ, այլ բազում նեղութեանց, չարչարանաց, զզուանաց եւ ազգի ազգի տանջանաց. բայց նոքա անմեղք էին եւ բազում բարեաց արժանի. միայն վասն անուանն Քրիստոսի կրէին. իսկ ես արժանի այսմ եւ առաւել քան զայս. քանզի զՏէրն իմ բարկացուցի չար եւ զազիր գործովք իմովք եւ մեղօք զանազան եւ աղտեղի դիզեցի, բարդեցի [22] զմեղս ի վերայ մեղաց. եւ յանցանք [23] իմ հեռացուցին զիս ի շնորհաց Աստուծոյ եւ ամենայն խնամոցն, որոց արժանիս եմ. վա՜յ ինձ։



[1]            յանցք

[2]            դիպա

[3]            որ ոչ

[4]            ազգատոհմի… հրէայքն

[5]            Տե՛ս ծնթ. 1142։

[6]            յարմաւենօք, յովսաննա

[7]            յօտարաց

[8]            զիւր

[9]            իմացա

[10]          ծանեա

[11]          գօն

[12]          այոյ

[13]          կեցցի

[14]          աստուած ուսացա… երկայց

[15]          Տե՛ս ծնթ. 1152։

[16]          աշխարհի

[17]          ընթերձեալ

[18]          ապրեցոյ

[19]          չիք ի (վատաց)

[20]          չիք (փրկ)եա զիս

[21]          չիք ի

[22]          բարթեցի

[23]          անցանք