Հայոց Հարցի վաւերագրերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հայոց հարցը նոյնքան հին է, որքան ինքը հայ ազգը: Քրիստոսից 6 դար առաջ էր, որ հայ ազգը դուրս եկաւ խաւարի անյայտութիւնից պատմութեան լուսաւոր ասպարէզը եւ հէնց այդ առաջին քայլերի հետ նա անյայտութեան մութից իր հետ լոյս է բերում իր ազգային գոյութիւնը պահպանելու մեծ հոգսը: Իսկ հայոց հարցը, ինչպէս գիտէք ամենքդ, հայ ժողովրդի ազգային գոյութեան հարցն է:

Այսպիսով հայոց հարցի պատմութիւնը հայ ազգի պատմութիւնն է սկզբից մինչեւ մեր օրերը: Հայոց պատմութիւնը 25 դարերի ընթացքում մի քանի մեծ կերպարանափոխութիւններ է ներկայացրել: Այսպէս է եւ հայոց հարցը, որ ունեցել է մի քանի մեծ շրջաններ:

Այն շրջանը, որի մէջ հայոց հարցը գտնւում է եւ այսօր, մենք անուանում ենք Միջին-Ասիական:

Տասնեւմէկերորդ դարը համաշխարհային պատմութեան մէջ հռչակուած է երկու մեծ շարժումներով: Արեւելքից դէպի Արեւմուտք շարժւում են սելջուկեան թիւրքերը, նուաճելով Պարսկաստանը, Հայաստանը, Սիրիան, Պալեստինը: Դա մահմեդականութեան հզօր առաջընթացութիւնն էր, որի ժամանակ խորտակուեցին հայկական անկախութիւնները Վասպուրականում, Շիրակում եւ Վանանդում:

Այդ ահեղ շարժումից դրդուած՝ ոտքի է կանգնում Արեւմտեան Եւրոպան, իբրեւ քրիստոնեայ աշխարհ, որ շարժւում է դէպի Արեւելք, սելջուկեան արշաւանքների դէմ, քրիստոնէութեան գործը ազատելու համար: Այդ գործի մարմնացումը Քրիստոսի գերեզմանն էր, որի ազատութեան համար էլ կազմակերպւում են խաչակրաց արշաւանքները:

Կորցնելով իրանց ազգային անկախութիւնը, ընկնելով սելջուկների տիրապետութեան տակ, հայերը չը կորցրին իրանց յոյսը, որ մի ժամանակ իրանց հայրենիքը պիտի ազատուի եւ դարձեալ դառնայ իրանց անկախութեան որրան: Մի փոքրիկ ու թոյլ ազգ, իհարկէ, չէր կարող իր այդ ազատութեան յոյսերը ամբողջովին իր ձեռքով իրականացնել: Ի՞նչ կարող էին անել նրա սեփական ոյժերը, երբ նոյն իսկ Բիւզանդական կայսրութիւնը ահեղ հարուածներ էր ստանում սելջուկեան գոռ բաղխումներից: Խաչակրաց արշաւանքները յուսադրում էին ամբողջ քրիստոնեայ Արեւելքը: Եւ ահա հայերի մէջ նորից վերակենդանանում է հին յոյսը քրիստոնեայ Արեւմուտքի հզօր աջակցութեան եւ պաշտպանութեան վրայ:

Մեր գրականութիւնը պահպանել է իր մէջ հայոց ազգային յոյսերի մի շատ հետաքրքրական յիշատակարան: Դա Մեսրոպ երէցի անունով մեզ հասած երկասիրութիւնն է, որ պատմում է Ներսէս Մեծի կեանքը: Այդտեղ կայ մի գլուխ, որ տալիս է չորրորդ դարի այդ բազմահռչակ հայ հոգեւորականի գուշակութիւնը Հայաստանի ապագայի մասին: Հայերը, ըստ այդ գուշակութեան, պիտի կորցնեն իրանց ազատութիւնը եւ ենթարկուեն Արեւելքից եկած մի դաժան եւ անողորմ ազգի լուծին: Բայց վերջը Արեւմուտքից պիտի գան քաջարի հռովմայեցիները կամ ֆրանկները, որոնք պիտի ազատեն Երուսաղէմը եւ վերականգնեն հայկական անկախութիւնը:

Մեսրոպ երէցը, որ պատմում է այս գուշակութեան մանրամասնութիւնները, ապրում էր տասներորդ դարում, երբ դեռ կանգուն էր Բագրատունեաց թագաւորութիւնը: Սակայն գուշակութեան մանրամասնութիւնները ոչ մի կասկած չեն թողնում, որ նրանք ներկայացնում են խաչակրաց արշաւանքների ժամանակները, այսինքն XI դարից յետոյ սկսուող դէպքերը: Կասկած չը կայ, ուրեմն , որ այդ գուշակութիւնը յետոյ է աւելացրած Մեսրոպի գործին եւ պարզ ի պարզոյ արտայայտութիւն է այն ակնկալութիւնների, որ հայ ժողովուրդը փայփայում էր իր մէջ իր անկախութիւնը բուն Հայաստանում կորցնելուց յետոյ:

Եւ նա սխալուած չէր իր այդ ակնկալութիւնների մէջ: Խաչակիրների օգնութեամբ հայերը վերականգնեցին իրանց կորցրած անկախութիւնը եթէ ոչ բուն Հայաստանում, գոնէ Կիլիկիայում, Միջերկրական ծովի ափին:

Այդ անկախութիւնն էլ, սակայն, վերջ ի վերջոյ խորտակուեց մահմեդականութեան եւ քրիստոնէութեան բաղխումների մէջ: Իսկ բուն Հայաստանը, որ միանգամայն ենթարկուած էր նուաճողների կամքին, դժբախտութիւն ունեցաւ ընդունել մոնղոլներին, Լէնկթիմուրի եւ ուրիշ, պակաս հռչակուած, բայց ոչ նուազ անգութ նուաճողներին, որոնք ոչնչացրին հայ ազգի մեծ մասը: Այս զարհուրելի աղէտների մէջ, որոնք դարեր տեւեցին, հայ ազգը չը կորցրեց իր վաղեմի յոյսը եւ շարունակեց ապրել նրա մէջ այն նուիրական ակնկալութիւնը թէ պիտի գան արեւմտեան ֆրանկ ազգերը եւ ազատեն քրիստոնեաներին: Բայց քրիստոնեայ Արեւելքին վիճակւում էր աղէտ աղէտի ետեւից: Ամենից ահաւորը, որ ցնցեց Արեւելքն էլ, Արեւմուտքն էլ, այն էր, որ տեղի ունեցաւ 1453 թուականին, երբ Կ. Պօլիսն ընկաւ օսմանեան թիւրքերի ձեռքը:

Այս ժամանակից հայ ազգին եւ նրա հետ Ասիայում տանջուող միւս քրիստոնեայ ազգերին վիճակակից են դառնում եւ Բալկանեան թերակղզում ապրող քրիստոնեաները, յոյները, սերբերը, բոլգարները եւ այլ սլաւոնական ցեղերը: Կ. Պօլսի առումը նորից վերարծարծում է հայերի մէջ յոյսը քրիստոնեայ ֆրանկների ազատարար արշաւանքի վրայ: Այս ակնկալութիւնը արտայայտուած է այն ողբերի մէջ, որ հայերը յօրինեցին Կ. Պօլսի անկման վրայ [1]: Եւ միեւնոյն այդ յոյսը ինքնաբերաբար տարածւում էր եւ յոյների ու սլաւոնների մէջ:

Սկսւում են այս քրիստոնեայ ազգերի ջանքերը մահմեդական լուծից ազատուելուհամար: Եւ մենք տեսնում ենք որ գործողութեան եղանակը մի եւնոյն է ամեն տեղ: Հայերը թէեւ շատ հեռու են յունական եւ սլաւոնական երկիրներից, թէեւ ոչինչ կապ չունին նրանց հետ, բայց նրանց ընդգրկած գաղափարներն ու տակտիկան միեւնոյն կերպարանքն ունին, ինչ Բալկանեան թերակղզում: Այսպէս, նախ լինում են դիմումներ Եւրոպային: XVI դարի կէսում յոյները յանուն իրանց հին քաղաքակրթութեան, յանուն հելլենականութեան խնդրում էին Եւրոպայի օգնութիւնը թիւրքական լուծից ազատուելու համար: Համարեա միաժամանակ հայոց կաթողիկոսներն էին դիմում նոյն Եւրոպային, աղերսելով հայերի ազատութեան մասին յանուն քրիստոնէութեան:

XVII դարի երկրորդ կէսում կարծես սկսում էր իրականանալ Արեւելքի ակնկալած ֆրանկների ազատագրական արշաւանքը:

Ֆրանսիական Լուդովիկոս XIV թագաւորը ծրագրել էր Թիւրքիայի նուաճումը եւ Արեւելքի ամբողջ քրիստոնէութեան ազատութիւնը իր հզօր իշխանութեան տակ: Ֆրանսիական գործակալները, գլխաւորապէս հոգեւորականներ, եռանդով տարածում էին այդ միտքը Արեւելքում [2]: Քրիստոնէութիւնը լցուեց մեծամեծ յոյսերով: Հայաստանում գործող ֆրանսիացի հոգեւորականներից մէկը գրում էր թէ ազատուելուտենչանքը շատ մեծ է հայ ժողովրդի մէջ, թէ նա դեռ խորապէս հաւատում է որ պիտի կատարուի Ներսէս Մեծի գուշակութիւնը [3]:

Սակայն ֆրանսիական ազատարար արշաւանքը տեղի չունեցաւ: Եւ Լուդովիկոսի տարածած պրոպագանդան միայն օգուտն ունեցաւ որ Բալկանեան թերակղզում կազմակերպուեցին ազատագրական շարժումն եր, որոնք ներկայացնում էին այսպիսի մի ծրագիր. իրանք, ընկճուած ժողովուրդները կազմակերպում են զինուորական ոյժ, ազատագրական կռիւներ են սկսում տիրողների դէմ, իսկ քրիստոնեայ պետութիւններից մէկն ումէկը իր հովանաւորութեան տակն է առնում այդ շարժումը, օգնական զօրք է ուղարկում, որ միացնում է իր գործողութիւնները ապստամբուած քրիստոնեաների հետ, ղեկավարում է պատերազմական գործողութիւնները:

Ֆրանսիական ազատարար ծրագրին հայերին էլ հաղորդակից են անում Լուդովիկոս XIV-ի գործակալները [4]: Այստեղից ծնունդ է առնում այն մեծ շարժումը, որի սկզբում կանգնած են Իսրայէլ օրին եւ Յակոբ կաթողիկոսը: Սկզբում Հայաստանից պատգամաւորութիւն է գնում խնդրելու, որ քրիստոնէութեան անունով ազատուի հայութիւնը: Եւ երբ այդ բանը չէ աջողւում, Իսրայէլ Օրին Հայաստան է վերադառնում, բերելով իր հետ մի ծրագիր, որ նման էր Բալկանեան ազգերի ընդգրկած ծրագրին:

Առաջին անգամն է որ մեր աչքի առջեւ հանդէս է գալիս գրաւոր փաստերով հարուստ եւ պարզ ու լայն գծագրուած մի քաղաքական ծրագիր, որ հայ ժողովրդի կողմից առաջադրւում էր իբրեւ իր հայրենի երկրի ճակատագիրը տնօրինելու մի տենչանք: Այս ծրագրի հիմքը կազմում էին հայ ժողովրդի վաղեմի նուիրական ակնկալութիւնները արեւմտեան քրիստոնէութեան օգնութիւն եւ նրա միջոցով՝ Հայաաստանի անկախութեան վերականգնում: Այս նպատակին հասնելու համար հայ երկիրը լարում է իր ամբողջ ռազմական կարողութիւնը, իր վրայ է վերցնում ազատարար պատերազմի ծանրութեան մեծ մասը, բայց պատերազմ սկսում է այն ժամանակ, երբ նրա սահմաններին մօտենում է քրիստոնեայ պետութեան ուղարկած զօրքը: Ազատարար պատերազմի վերջնական նպատակն է հաստատել անկախութիւն հայ աշխարհի սահմաններում: Հարց չէ թէ ով կը լինի այդ անկախութեան գլուխը: Հայերը ամենայն յօժարութեամբ տալիս էին իրանց իշխանութեան թագը հէնց այն պետութիւններին, որոնք յանձն կառնէին իրանց զօրքերով ազատել Հայաստանը [5]:

Օրիի ծրագիրը վերաբերւում էր Հայաստանի այն մասին միայն, որ գտնւում էր պարսից տիրապետութեան տակ: Հայոց հարցի այս մասնակի լուծումը պէտք էր ընդունել իբրեւ միակ հնարաւորը այն ժամանակուայ պայմանների մէջ: Բայց թիւրքահայերը միանգամայն անմասնակից չէին մնում ազատագրական շարժման. նրանք զիուորական ոյժ էին հանում պարսկահայերի հետ միասին գործելու համար. նրանց հարուստները միացնում էին իրանց խոշոր նուիրաբերութիւնները պարսկահայերի տուած գումարներին:

Օրիի այս ծրագիրը օդային չէր: Պետրոս Մեծը ընդունեց այդ պայմանները, եւ սրա հետեւանքով իրագործուեց այդ ծրագրի ամենադժուար մասն էլ, այն է հայ զինուորութիւնը, որ կազմակերպուեց Ղարաբաղի լեռնաշխարհում ամենակարճ միջոցում: Թէեւ Պետրոս Մեծը չը կատարեց իր ժամադրած խոստումը եւ նոյնիսկ դաշնադրութիւն կնքեց թիւրքերի հետ ի վնաս Վրաստանի եւ Հայաստանի, բայց հայ զինուորութիւնը իրագործեց եւ Օրիի ծրագրի այն մասը, որ հայկական անկախութիւնն էր նախատեսում: Դաւիթ-բէկը Սիւնիքում կատարեալ անկախութիւն ստեղծեց՝ նոյն իսկ դրամ կտրելու իրաւունքով [6]: Սակայն սա եղաւ մի մասնակի երեւոյթ. եւ երբ Պարսկաստանում ուժեղացաւ կենտրոնական իշխանութիւնը, Ղարաբաղի եւ Սիւնիքի ազատագրական շարժումները դատապարտուեցին մոռացութեան:

XVIII դարի երկրորդ կէսում դարձեալ արծածւում է հայ հայրենիքի ազատագրութեան հարցը: Այս անգամ գործիչն է մի հնդկաստանցի հայ, Յովսէփ Էմինը: Նրա ծրագիրը միայն Պարսկական Հայաստանին չէր վերաբերում: Անձամբ շրջելով Թիւրքաց Հայաստանի շատ տեղերը, նա արծարծում էր հայրենիքի ազատութեան գաղափարը, հասկացնում էր ամենքին որ այդ գործը կատարել կարելի է միայն ապստամբական շարժումներով: Այդ քարոզութիւնը գտնում է համակրութիւն եւ Մուշի ս. Կարապետի վանքը դառնում է ծրագրուած կերպով գործողութիւններ պատրաստելու մի կենտրոնավայր:

Մնում էր դարձեալ այն հարցը թէ պետութիւններից ո՞րը կարող կը լինի Հայաստանի ապստամբական շարժման գլուխն անցնել: Էմինը դիմում է ռուսաց արքունիքին, բայց այստեղ մոռացուած էին Պետրոս Մեծի քաղաքական ծրագիրները եւ Էմինը հասկանում է որ պէտք է որոնել մի ուրիշ օժանդակիչ պետութիւն: Այդ պետութիւնը, նրա կարծիքով, կարող էր լինել Վրաստանը, ուր այդ միջոցին թագաւորում էր իր քաջարի գործողութիւններով անուն վաստակած Հերակլը: Ենթադրւում էր որ Հերակլը կանցնի հայ զինւուորութեան գլուխը եւ կը նուաճէ Հայաստանի երկու բաժիններն էլ, պարսկականը եւ թիւրքականը: Այս ուղղութեամբ էլ Էմինը բանակցութիւններ էր վարում Հերակլի հետ Թիֆլիսում [7]:

Այսպիսով, մենք տեսնում ենք որ նորից փորձ է լինում կենդանացնելուԻսրայէլ Օրիի ծրագիրը: Սակայն այդ միջոցին Էջմիածնում կաթողիկոսն էր Սիմէօն Երեւանցին, որ ուզում էր հայերի ազատութիւնը, բայց մի հզօր պետութեան ձեռքով, առանց հայերի գործօն մասնակցութեան. Էմինի ապստամբական ծրագրին նա հակառակուեց իր ոգու ամբողջ կարողութեամբ:

Բայց Էմինի քաղաքական ծրագիրը միանգամից չը թաղուեց, երբ նա, չը գտնելով ոչ մի տեղ օգնութիւն, վերադարձաւ Հնդկաստան: Այդտեղ այդ ծրագիրը յայտնի է դառնում հայ վաճառական Շահամիրեանի նեղ շրջանում եւ հիմք է լինում որ Հայաստանի ազատագրութեան գաղափարը ստանայ գրական կերպարանք: Շահամիրեանի ընտանիքում ուսուցչի պաշտօն էր վարում մի ղարաբաղցի հայ, Մովսէս Բաղրամեան անունով: Շահամիրեանը բաց է անում տպարան, իսկ Բաղրամեանը, Շահամիրեանի աջակցութեամբ, կազմում է երկու գիրք, որոնք առաջին անգամ հանդէս են բերում հայ քաղաքական միտքը: Այդ գրքերից մէկը, որ կոչւում էր «Նոր Տետրակ, որ կոչի Յորդորակ», լոյս տեսաւ Մադրասում 1772 թուին: Նրա մէջ Բաղրամեանը կրկնում էր այն քարոզութիւնները, որ արել էր Յովսէփ Էմինը Հայաստանի զանազան կողմերում: Յանդիմանելով հայերի անշարժութիւնը, ծուլութիւնը, տգիտութիւնը, նա հայ ազգի երեսին էր տալիս նրա ստրկութիւնը եւ ապացուցանում էր որ նա ինքն է իր դժբախտութեան պատճառը, որ ազատութիւն գտնելն էլ դարձեալ նրա ձեռքին է, մնում է դրա համար շարժուել, զգալ, գործել: Ազատագրութիւնը կատարւում էր, ճիշտ ինչպէս Էմինն էր կարծում, Հերակլ թագաւորի միջոցով:

Բայց հնդկաստանցի գրողը բաւական չէր համարում այդքանը: Ի՞նչ տեսակ կազմակերպութիւն պիտի ստանար ազատուած Հայաստանը: Այս հարցին նա նուիրում էր ամբողջ մի մեծ հատոր, որ կրում էր «Որոգայթ Փառաց» տարօրինակ անունը եւ որ լոյս տեսաւ Շահամիրեանի տպարանից հետեւեալ տարին, 1773-ին: Սա արդէն ընթերցանութեան գիրք չէր, այլ յատուկ նպատակով էր տպուած շատ սահմանափակ թուով: Շահամիրեանը այդ օրինակներից ուղարկեց Հերակլ թագաւորին: Սիմէօն կաթողիկոսին, Ղարաբաղի մէլիքներին եւ այլ այնպիսի մարդկանց, որոնք կարող էին ազդեցութիւն ունենալ գրքի մէջ դրուած ծրագիրն իրագործելու համար: Այդ հատորը պարունակում էր իր մէջ օրէնքներ ազատուած Հայաստանի համար, օրէնքներ, որոնք կրում էին իրանց մէջ XVIII դարի ամենառաջադէմ հոսանքների ազդեցութեան խոր հետքերը: Ազատուած Հայաստանը, ըստ այդ օրէնքների, ոչ միայն անկախ է միանգամայն, այլ եւ ստանում է սահմանադրական-հանրապետական կառավարութիւն: Գործադիր իշխանութեան գլուխն է միայն որ կարող է լինել մի անգամ ընտրուած եւ այնուհետեւ ոչ միայն անփոփոխ. այլ եւ ժառանգական: Այդ իշխանութիւնը յանձնւում էր Հերակլ թագաւորին, որ Հայաստանի վրայ իրաւունք ունէր նախ եւ առաջ իբրեւ Բագրատունեաց ցեղի ներկայացուցիչ եւ երկրորդ՝ իբրեւ մի զինուորական գործիչ, որի ձեռքով իրագործուելու էր Հայաստանի ազատութիւնը:

Պետական կազմակերպութիւնը խիստ ազգայնական գոյն ունի. խղճի եւ անձնաւորութեան կատարեալ ազատութիւն է, բայց իւրաքանչիւր մարդ, որ ապրում է Հայաստանում, պիտի իրան պատիւ համարէ հայ կոչուելը եւ պիտի սովորէ հայերէն: Բոլոր պետական եւ հասարակական պաշտօնները տրւում են մի միայն լուսաւորչական-ազգային եկեղեցուն պատկանող հայերին, թէեւ միւս կրօնները ազատութիւն են վայելում: Կառավարչական ամբողջ մեքենան հիմնուած է ընտրողական սկզբունքի վրայ: Ձայնատւութեան իրաւունքը չէ սահմանափակուած, ընդհանուր է: Սահմանւում է պատգամաւորների, կամ ինչպէս ասուած է «Որոգայթի» մէջ, փոխանորդների օրէնսդիր ժողով: Պատգամաւորները ընտրւում են երեք տարով եւ զրկուած չեն վերընտրուելու իրաւունքից: Ամբողջ պաշտօնէութիւնը ընտրւում է պատգամաւորներից, երեք տարուց յետոյ պաշտօնեաները փոխւում են, եթէ չեն վերընտրւում իբրեւ պատգամաւոր: Գործադիր իշխանութեան գլուխը (հանրապետութեան նախագահ այժմեան խօսքերով) կոչւում է նախարար: Միւս պաշտօնէութիւնները (մինիստրութիւն) են. լրտեսապետութիւն, զինապետութիւն, վառօդապետութիւն, կառապետութիւն, վրանապետութիւն, կերակրապետութիւն, գանձնապետութիւն, երկրաչափութիւն, պետ տկարների եւ աղքատների: Առաջին հինգ հիմն արկութիւնները զինուորական էին. կերակրապետութիւնը մի տեսակի երկրագործական մի նիստրութիւն էր, գանձնապետութիւնը–ֆինանսների: Ընտրովի պաշտօնեաներ ամեն տեղ են՝ թէ՛ զօրքի, թէ՛ քաղաքացիական վարչութեան եւ թէ՛ դատարանի մէջ: Կայ եւ մի պատուաւոր պաշտօն, որ կոչուած է «Հայր Հայաստանեայց». սա ընտրւում է երեք օրուայ ժամանակով եւ պաշտօն ունի երդուեցնելու բոլոր պաշտօնեաներին: Ժողովրդապետութեան ամենագլխաւոր սկզբունքը պաշտօնեաների պատասխանատւութիւնը ազգի առաջ չէր մոռացուած օրէնսդրութեան մէջ, պաշտօնը չէր արգելում որ զանցառու կամ կաշառակեր պաշտօնեան, սկսած նախարարից, դատի ենթարկուի եւ հրաժարեցուի իր տեղից: Նախարարի պաշտօնի հետ կապուած են հետեւեալ պարտաւորութիւններն ու իրաւունքները. խստութեամբ պահպանել օրէնքները, լինել հայ ազգի ներկայացուցիչ եւ բերան, վարել արտաքին քաղաքականութիւնը՝ պատերազմ հրատարակելու եւ հաշտութիւն կնքելու իրաւունքով: Նախարարը զօրքերի ծայրագոյն հրամանատարն է, իրաւունք ունի ներում շնորհել մահապարտներին, բայց տարին եօթն անգամից ոչ աւել:

Պետութեան գլխաւոր նեցուկը զօրքն է: Բանակը 90 հազարից է, ձիաւոր եւ հետեւակ: Դրօշակների գոյներով բանակը բաժանւում է երեք սպարապետութեան կարմիր, կապոյտ եւ դեղին: Սպարաապետութիւնն էլ ընտրովի է: Առաջին անգամից զարմանալի է թւում որ հրամանատարներ ընտրողը զօրքը չէ, այլ պատգամաւորների ժողովը: Բայց պէտք է իմանալ որ հնդկահայ օրէնսդիրների դրած կարգն այն էր, որ զինուորութիւնը առանձին կաստա չէ, իւրաքանչիւր հայ զինուոր է, 12 տարեկան հասակից պիտի զինավարժութիւն եւ զինուորական ծառայութիւն սովորէ:   Գործող բանակի մէջ երիտասարդները մտնում են ընդհանուր զինուորագրութեան կանոնով-վիճակահանութեամբ. 100-ից 5-ը զինուոր պիտի գնան վիճակով եւ ծառայեն զօրքի մէջ 7 տարի:

Պետական եկամուտները գոյանում են հարկերից եւ տուրքերից: Գլխահարկ չը կայ, որովհետեւ նա ստրկութեան նշան է, իսկ Հայաստանի իւրաքանչիւր բնակիչ միանգամայն ազատ մարդ է: Ազգաբնակութիւնը հարկ է տալիս իր կերած կերակրից, հագած զգեստից եւ գործ ածած աղից: Այստեղ մենք տեսնում ենք հարկային ծանրութիւնը աւելի ունեւորների վրայ դնելու ձգտումը. թէեւ կեանքի ամենաանհրաժեշտ պիտոյքները հարկի ենթարկելը զգալի ծանրութիւն է աղքատ ազգաբնակութեան համար, բայց կայ եւ այն հանգամանքը, որ ունեւոր դասակարգը, իբրեւ աւելի շատ սպառող, շատ էլ հարկ էր տալիս: Նոյն սկզբունքին էր ձգտում եւ կողմնակի հարկերի սիստեմը, որ համարեա միայն շքեղութեան, արդուզարդի առարկաների վրայ է ծանրացած:

Հոգեւորականութեան պատուաւոր տեղ էր յատկացւում հայկական հանրապետութեան մէջ: Պատգամաւորների ժողովում նախարարից յետոյ առաջին տեղը պատկանում էր կաթողիկոսի ներկայացուցիչ եպիսկոպոսին, որ, ինչպէս եւ նախարարը, երկու ձայն ունի: Բայց եւ այդպէս, եկեղեցին բաժանուած է պետութիւնից, ո՛չ պետութիւնը պիտի խառնուի հոգեւորականութեան գործերի մէջ, ոչ հոգեւորականութիւնը՝ պետութեան գործերի մէջ:

Այսքանն էլ բաւական է՝ այդ կանոնադրութեան մասին մի հասկացողութիւն կազմելու համար: Թէեւ նա առանձին ընդունելութիւն չը գտաւ ազգի մէջ, ընդհակառակն՝ գրգռեց Սիմէօն կաթողիոսի բարկութիւնը, թէեւ նա աւելի մի ուտօպիա էր՝ եւրոպական ձեւերի վրայ կարակատած, բայց եւ այնպէս, վերին աստիճանի հետաքրքրական է իբրեւ հայ մարդկանց իդէալ, իբրեւ գաղափար՝ հայրենի երկիրը ազատելուեւ բարեկարգելու մասին: Նա մեզ ցոյց է տալիս թէ որքան մեծ եւ վեհ հասկացողութիւն էր կազմւում մեր մէջ հայրենիքի վերաբերմամբ: Նա ներկայացնում էր խիզախ, որոնող եւ պահանջող միտքը, որ ազատուելով կրօնական կապանքներից, սաւառնում էր քաղաքական լայն հորիզոնների վրայ:

Այս քաղաքական գրականութիւնը լոյս էր տալիս ժամանակին, երբ նորից սկսուել էր արծարծուել հայոց հարցը: Եկատերինա II-ի եւ Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանի ժամանակներն էին: Եւ հանրապետական Հայաստանի կանոնադրութիւնից հազիւ մի 6 տարի անցած, 1779-ի ձմեռը Պետոգրադում վերին աստիճանի կարեւոր բանակցութիւններ սկսուեցին Հայաստանի ազատութեան մասին: Հայ ազգի դատը ներկայացնում էին Արղութեան արքեպիսկոպոսը եւ Յովհաննէս Լազարեանը, իր փայլուն դիրքով, իր հարստութիւնով եւ խելքով աչքի ընկնող այն հայրենասէր հայը, որ Լազարեան ճեմարանի հիմնադիրը դարձաւ: Ռուսների կողմից, իշխան Պօտեմկինի յանձնարարութեամբ բանակցում էր հռչակաւոր զօրավար Սուվորովը: Ահա ինչպէս էին ձեւակերպում հայերը իրանց հայրենիքի կազմակերպումը.

«Հայաստանը մի քանի դար է, ինչ զրկուել է իր թագաւորից եւ առանձին կառավարութիւնից, շատ տեղերի տիրել են թիւրքերը եւ պարսիկները, իսկ մի փոքրիկ մասը, այսինքն Ղարաբաղը, այժմ էլ մնում է անկախութեան մէջ: Բայց եթէ ազգից մի որ եւ է գլխաւոր դուրս գայ, շատ հեշտ միջոցով կարող է Հայաստանը նորից վերականգնել եւ մի կարճ մի ջոցում տեղի կունենայ ժողովրդի մի ոչ փոքր հոսանք դէպի Հայաստան: Բնական ամուր տեղերը բաւական լաւ մի ջոց կարող են դառնալ ինքնապաշտպանութեան համար, հողի յատկութիւնը եւ կլիման, առանց որ եւ է պակասութեան, կարող են տալ բոլոր հարկաւոր մթերքները, նոյն իսկ սեփական վառօդ, երկաթ եւ արճիճ էլ կարող են ստանալ: Ղարաբաղի մէլիքները թէեւ ոչ ոքից կախում չունին, բայց իրանց անմիաբանութեամբ պատճառ են դարձել, որ իրանց ոյժերը ջլատուեն: Բացի դրանից, այդ հայ տիրողների տգիտութիւնը բոլորովին անպէտք է դարձնում նրանց՝ թէ իրանց եւ թէ ամբողջ ազգի համար: Միւս տեղերի հայերը, լինելով պարսիկ խաների իշխանութեան տակ, հարստահարուած են եւ նրանց մեծ մասը փախել է Թիւրքիա:

«Եթէ ժողովրդի ընտրութեամբ կամ բարձրագոյն (կայսրուհու) բարեհաճութեամբ ազգից մի գլխաւոր դուրս գար, առաջին անգամի համար բաւական կը լինէր որ նա կարողանար հաստատուել Դերբենդում եւ նրան օգնութիւն տրուէր տիրելուՇամախուն ու Գանձակին: Այն ժամանակ Ղարաբաղից եւ Սղնախից, որոնք անկասկած կը միանան, բաւականաչափ զօրք հաւաքելով, կարող է Երեւանն ուուրիշ քաղաքները գրաւել: Դրա համար հարկաւոր է երկու կամ երեք հազարից ոչ աւել զօրք երկուտարուայ ընթացքում, մինչեւ որ այդ գլխաւորը կը գրաւէ Երեւանը. գրաւելուց յետոյ, հայկական գաւառների եկամուտներով, առանց որ եւ է պակասութիւն զգալու, կարելի է պահել զօրքերի մի մեծ քանակութիւն: Բայց հայոց պետը սկզբում պիտի ունենայ մի քիչ թնդանօթաձիգ եւ հետեւակ զօրք, որպէս զի կարողանայ պաշտպանուել եւ ապահով լինել, մինչեւ որ ազգային զօրքը կը սովորէ կանոնաւոր կրթութիւն եւ այնուհետեւ նա ինքը կարող կը լինի ամրացնել իր սահմանները եւ պաշտպանուել Թիւրքիայի եւ Պարսկաստանի յարձակումներից:

«Այսպիսի մի ձեռնարկութիւն կարող է կայսերական մի խօսքով եւ ամենահեշտ միջոցով, առանց ամենափոքր կասկածի անգամ, գլուխ գալ եւ նրա (կայսրուհու) հովանաւորութեամբ մի կարճ միջոցում ոչ միայն կամրապնդուի ի յաւիտենական փառս Ռուսաստանի, այլ եւ ապագայում կարող է ծառայել Թիւրքիան եւ Պարսկաստանը ճնշելուհամար, որովհետեւ երբ հայ ժողովուրդը կը համախմբուի իր կառավարութեան իշխանութեան տակ եւ մի քիչ էլ կը տարածէ իր սահմանները, այն ժամանակ կը ստանայ աւելի մեծ եկամուտներ, քանի որ կունենայ առատ բերքեր բերող շատ տեղեր եւ մշտապէս կը պահէ 15-ից մի նչեւ 20 հազար զօրք, իսկ Թիւրքիայի կամ Պարսկաստանի դէմ պատերազմ լինելու դէպքում, ժամանակով կարող կը լինի գործածել մինչեւ 60, 000 եւ աւել զօրք: Բացի դրանից նոր ազգը պարտաւորուել կարող է, հարկաւոր դէպքերում, Ռուսաստանին տալ զօրք այնքան, որքան կարող կը լինի ամեն միանգամ, եւ միշտ երախտապարտ կը մնայ Ռուսաստանին իր փրկութեան եւ վերականգման համար: Իսկ թիւրքաց պետութիւնը ժամանակով այս փոփոխութիւնից առաջացած մեծ վնասը կը նկատէ թէ իր ժողովրդի եւ թէ իր եկամուտների մէջ» [8]:

Ռուսաց կառավարութեան կողմից դրական հաւաստիացումներ եղան որ այդ միտքն ընդունւում է եւ Անդրկովկասում պիտի կազմակերպուի մի անկախ Հայաստան՝ Ռուսաստանի հովանաւորութեան տակ: Յայտնի էր դառնում որ Հայաստանի թագը ստեղծւում էր կայսրուհու մտերիմ իշխան Պօտեմկինի համար: Հայաստանին այսպիսի կազմակերպութիւն տալու հետ միասին Ռուսաստանը ծրագրում էր ուժեղացնել Վրաստանը եւ այսպիսով, այս անդրկովկասեան երկու քրիստոնեայ պետութիւնների միջոցով մի հզօր պատուար ստեղծել մահմեդականութեան դէմ:

Քանի որ այստեղ մեր նպատակն է ներկայացնել այն ծրագիրները, որոնք կազմւում էին ազատուած Հայաստանին քաղաքական մի որոշ կերպարանք տալու համար, չենք կարող անտես անել հէնց այդ բանակցութիւնների ժամանակ կազմուած երկու դոկումենտներ: Ոգեւորուած Եկատերինայի արքունիքի արած դրական խոստումներից, Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանը, ոչ, իհարկէ, առանց Յովհաննէս Լազարեանի գիտութեան եւ թելադրութեան, կազմեց մի դաշնադրութիւն, որ պիտի որոշէր անկախ Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները: Դաշնադրութիւնը բաղկացած էր երկու կտորից մէկը Հայաստանի կողմից, միւսը Ռուսաստանի կողմից եւ սահմանում էին երկու երկիրների իրաւունքներն ու պարտականութիւնները: Այս թղթերը երբէք ստորագրուած ու վաւերական դոկումենտների նշանակութիւն չը ստացան, որովհետեւ ռուսաց կառավարութիւնը յայտնեց Արղութեանին թէ պետութիւնները կարող են դաշնադրութիւն կնքել պետութիւնների հետ, այն ինչ հայերը դեռ պետութիւն չեն կազմում [9], բայց եւ այդպէս, այդտեղ արտացոլում են այն ժամանակուայ հայ գործիչների քաղաքաման իդէալները իրանց հայրենիքի վերաբերմամբ, ուստի եւ բերում ենք այստեղ այդ երկութղթերն էլ.

Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց, Ռուսաց եւ Հայոց

I

Ա) Նախքան զամենայն հաստատել զսէր եւ զմիաբանութիւնն ի մէջ երկուց ազգացս՝ ըստ այնմ՝ «Դուք ամենքին եղբարք էք». որք ի մէջ իւրեանց չունիցին ամենեւին խտրութիւն օրինաց ոչ Ռուսաց առ հաւատս եւ յեկեղեցիս մեր, եւ ոչ մեր առ նոսա. «զի Քրիստոս ոչ այլ ինչ է եթէ ո՛չ հաւատ սիրով յաջորդեալ» (Գաղատացւոց 7 գլուխ 6 համար) այլ համարել զմիմեանս միոյ եւ նոյնոյ հաւատոյ եւ եկեղեցւոյ ծնունդ հիմն եալ ի վերայ Փրկչական բանի թէ «այսու ծանիցեն զձեզ թէ իմ աշակերտ էք, թէ զմիմեանս սիրեցէք». վասն որոյ եւ համարձակեալ եւ մուտ առնել յեկեղեցիս իրերաց, որպէս զի մի՛ մնասցէ նիւթ խռովութեան, վասն զի միապէս դաւանեմք զպաշտելի սուրբ երրորդութիւն եւ մարդեղութիւն բանին Աստուծոյ՝ Աստուած եւ մարդ կատարեալ, եւ վասն մեր չարչարեալ զոր ի Հաւատամք-ի պաշտի եւ ի նոցանէ ի մէնջ որ հիմն քրիստոնէական ազգաց են ի վերայ կարծեցեալ դատողութեան մարդկան:

Բ) Զհեստալս յիւրաքանչիւր ազգացս չնկալնուլ ի հաղորդութիւն իբր զպղտորիչս եւ զխռովարարս սիրոյ եւ խաղաղութեան:

Գ) Ի հաւատս գալ ոմանց տաճկաց եւ հեթանոսաց, որ ազգի կրօն կամի ցին ըմբռնել նա նովաւ մկրտել, թարց գայթակղութեան արգելման լիցին ըստ հաճոյից նոցա որպէս միեւնոյն քրիստոնէական օրինաց պաշտօնէից:

Դ) Կապակցութիւն երկուց թագաւորութեանց մեծ դաշամբ յաւիտենականաւ:

Ե) Լինիցին ի Հայաստան չափաւոր զօրք Ռուսաց երանալով միով յազգին պահպանութիւն եւ երկիւղի այլ թագաւորաց՝ Պարսից եւ Օսմանցոց եւ ի ժառանգաց թագաւորութեան մինն դնիցի ի դրունս Կայսեր:

Զ) Հպատակութիւն մեր այնպէս եղիցի, որպէս լինիւր երբեմն Յունաց եւ Պարսից տալով ի յարքունիս հարկացն եւ ի հանքաց ոսկւոյ եւ արծաթոյ. եւ ի ժամանակի պատերազմի յօգնութիւն միմեանց հասանեն որքան եւ հարկն պահանջեսցէ:

Է) Մինչ ամենաողորմած եւ օգոստափառ Կայսրուհին կամի օգնութիւն առնել տարաբախտ աշխարհի մերոյ եւ կործանեալ թագն նորոգել, ընտրութիւն թագաւորին մերոյ կախեալ լինիցի ի կամաց նորա միայն, եթէ յազգէ մերմէ եւ եթէ դրան իւրոյ հաւատարմաց:

Ը) Որ ոք թագաւոր կացուսցի լինիցի հայոց օրինօք եւ ի Վաղարշապատ թագաւորական քաղաքն, ի սուրբ Էջմիածին օծանիցի որպէս նախնի թագաւորքն մեր:

Թ) Զթագաւորական քաղաքն պատրաստեալ ի Վաղարշապատ կամ յԱնի թագաւորական քաղաքն կամ յայլ պատշաճաւոր տեղի յԱյրարատ գաւառի:

Ժ) Սահմանեալ կաւալերն (օրդըն նշան) լինել տապան Նոյի, եւ լենտն երեք գոյն կարմի ր, կանաչ եւ կապոյտ ըստ գունոյն աղեղան որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան:

ԺԱ) Եթէ հաստատեսցի եւ այլ կաւալեր լինիցի յանուն սուրբ Լուսաւորչին օրտն պատկեր նորա եւ լենտն որպէս հաճոյ լինիցի:

ԺԲ) Հաստատեսցի եւ առաջին նշան մեր դաստառակի Քրիստոսի, զոր եւ առաքեաց առ Աբգար թագաւորն մեր, տացի յաղթանակողացն միայն կարմիր լենտիւ:

ԺԳ) Յարմարեսցի կնիք թագաւորական ըստ սովորութեան առաջնոց թագաւորացն մերոց Արշակունեաց արծիւն միագլխի, որ նախքան զքրիստոնէութիւնն, գառն ի ժամանակի քրիստոնէութեան եւ երկուառիւծն ի Փոքր Հայաստան եւ նօքօք զարդարեսցին հանդերձք թագաւորաց մերոց եւ դրոշակքն եւ դրամքն:

ԺԴ) Յազգէ առաջնոյ նախարարացն մերոց եւ իշխանաց յայտնեսցի ոք որքան հայրենիք ունեցեալ իցէ որ վկայութեամբ հաստատեսցէ վերադարձուցեալ եղիցի առ նա եւ պատիւ նախագահութեան ազգին պահպանեսցի:

ԺԵ) Ի նորոգել իշխանութեան մերոյ մի լինիցին ծառայք իշխանաց (ստրուկք) որք կարիցեն զմի մի վաճառել ի նոցանէ, այլ լինիցին այնպէս որպէս յառաջ եղեալ են ի ժամանակս թագաւորաց մերոց եւ Օսմանցւոց եւ Պարսից, որք թագաւորին միայն են ծառայք, եւ երբ թագաւորն կամիցի ուրուք իշխանի շնորհ ինչ առնել զգիւղ ինչ, բնակչաւն շնորհեսցէ նմա, բայց շնորհընկալ իշխանն կարող է զգիւղն ընդ բնակչաց ի միասին ծախել եւ ոչ թէ բնակիչսն. այլ գիւղն ընդ մլքոյն այսինքն ընդ հողոյն եւ ջրոյն, զոր գործեն մարդիկք. Յոյնք յորժամ տիրեցին մեզ զկնի անկման թագաւորութեան Արշակունեաց՝ կամեցան զմեզ սեփական ծառայ իշխանաց իւրեանց առնել. ուստի ազգ մեր ոչ հաճեցաւ առ նոսա, այլ մտին ընդ իշխանութեամբ Բաղդադու խալիֆային զի ազատ մնասցեն:

ԺԶ) Յաղագս վաճառականութեան սահմանեսցի օրէնք ի մէջ երկուց թագաւորացս եւ յատկացուսցի մաքս իւրաքանչիւր վաճառելի իրաց եւ տացի մեզ նաւահանգիստ ի Կասպիսական ծովուն:

ԺԷ) Փախուցեալ զինւորաց եւ հպատակաց սահմանել օրէնք, եւ վասն որպիսաբար ընդունելոյ եւ ռուսաց իշխանս, զազնիւս եւ զպատւաւոր անձինս ազգի մերում:

ԺԸ) Ընտրութիւն Հայրապետին մերոյ լինիցի յառաջարկութիւն թագաւորին մերոյ (որպէս յայնմ ընտրի ի բոլոր ազգէն): Որովհետեւ պայծառափայլ Գրիգոր Ալէքսանդրիչ Պոտեմկինն է յատուկ խնամակալ ազգի մերում, որ ըստ հաճութեան ամենաողորմած Կայսրուհոյն է կառավարիչ գործոյս այսմիկ, եւ ազգի մերում յատուկ խնամակալ եւ բարերար, զոր ինչ նա տնօրինեսցէ, զի շնորհ ողորմութեան մարդասէր Կայսրուհոյն, նորին մի ջնորդութեամբ յառաջանայ որպէս յաթոռոյ Աստւածութեան ի հրեշտակաց առ մարդիկ:

II

Ա) Նախարարութիւն Հայաստանեայց լիցի հրովարտակաւ ի տանէ հայոց ըստ օրինացն Հայաստանեայց:

Բ) Նախարարն Հայոց լիցի ի բուն ազգէն եւ ի ժառանգութենէ Հայոց դաւանութեան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ:

Գ) Ի զօրաց Կայսերութեան Ռուսաց 2000 ձիաւորք, 2000 հետեւակք եւ 2000 ռմբաձիգք (թնդանօթաձիգ) ըստ կարգի պետօք թօփխանայիւք, ճեպխանայիւք եւ կերակրովք, եւ այլ ամենայն հարկաւոր գործովք եւ պիտոյիւք, քսան ամ ժամանակօք կայսերական ծախիւք կալով մնասցեն յերեսս երկրին Հայաստանեայց վասն պահպանութեան երկրին եւ ազգին Հայոց:

Դ) Ամենայն ամրոցք եւ պատրաստութիւնք զինուց լինիցին ի ներքոյ հրամանի սպարապետին ռուսաց մինչեւ ելանել նոցա ի Հայաստան աշխարհէ:

Ե) Ի տանէն Հայոց հատուցումն լինի կայսերութեան վասն ծախուց 6000 զինւորաց եւ պետաց ռուսաց իւրաքանչիւր տարւոյ 60000 թուման յորոց 30000 լիցի ոսկի եւ արծաթ իսկ մնացեալ 30000 հաց, միս եւ գինի:

Զ) Վերոյիշեալ 6000 զօրքն Ռուսաց անդրէն դառնան առ կայսրութիւն իւրեանց այսպիսի կերպիւ. 2000 զօրքն յետ տասն ամաց, 2000 հնգետասաներորդ տարին եւ 2000 քսաներորդ տարին. եւ իւրաքանչիւր ի վերոյ յիշեալ ժամանակաց ելանողին լիցին չափաւորութեամբ իւրաքանչիւր պաշտօնի զինւորաց, եւ նմանապէս պակասեսցի ի տանէն Հայոց հատուցումն վասն ծախուց նոցին իւրաքանչիւր ելանողաց 2000 զօրաց 20000 թուման տարեկան:

Է) Ի լրանալ քսան ամի վերոյիշեալ հատուցումն ի տանէն Հայոց մեծի կայսերութեան, եթէ զբոլորն ոչ լինիցի արարեալ, որ ինչ լինի մն ացեալն, այն պարտք լիցի անժխտելի ի վերայ տան Հայոց: Զի հատուսցէ գանձարանի կայսեր տասնեւվեց տարի ժամանակաւ իւրաքանչիւր տարւոյն այն պարտք ի տասն բաժնէն մէկն առանց շահի:

Ը) Ի տանէն Հայոց իւրաքանչիւր տարւոյ միանգամ ընծայեցուցեալ լինի Կայսեր Ռուսաց եւ ի նշան հնազանդութեան քսան մսխալ զուտ ոսկի, երեք ձի եւ վեց խոյ:

Թ) Տունն հայոց ծանիցէ զկայսերութիւն Ռուսաց զիւր ազատիչ ի գերութենէ կալով մնասցէ բարեկամ ընդ բարեկամս, եւ թշնամի ընդ թշնամիս Կայսեր եւ մեծ Կայսրն սիրեսցէ զբարեկամս եւ ատեսցէ զթշնամիս Հայոց:

Ժ) Եթէ հրաման ի կայսերութեան ելանէ ընդունել ի տանէն Հայոց զզինւորս, տունն Հայոց պարտական լիցի տալ մինչեւ ց6000 զօրս եւ միեւնոյն կերպիւ ստանալ ծախս նոցա ի կայսերութենէ, որպէս կայսերութիւն ի հայոց զիարդ ի վերն ի հինգերորդ պայմանին գրեալ է:

ԺԱ) Ամենայն ոք թէ կարգաւորք եւ թէ զինւորք որ ընդ հաւանութեամբ Կայսեր է պարտաւոր լիցի ի մէջ աշխարհի եւ ազգին Հայոց, սոյնպէս զկարգաւորս եւ զզինւորս, որ յազգէն Հայոց լիցի պատւելի ի մէջ ազգին Ռուսաց որպէս զազգըս իւրեանց:

ԺԲ) Զկերպ աստւածպաշտութեան Ռուսաց պատւեսցեն Հայք եւ Հայք պաշտեսցեն զամենայն ըստ սովորութեան իւրեանց յեկեղեցւոջ եւ զնոյն պատւեսցեն Ռուսք:

ԺԳ) Ընդարձակապէս մտցեն եւ ելցեն ամենայն արհեստաւորք եւ վաճառականք յաշխարհէ Ռուսաց, որ եւ իցէ ամենայն ձեռագործք աշխարհին Հայոց հատուցանելով զհարկն, զմաքսն եւ ըստ սովորութեան եւ կերպի կառավարութեան ազգին Հայոց, նմանապէս եւ Հայք մտցեն եւ ելցեն աներկիւղ եւ անկասկած յաշխարհ Ռուսաց եւ ինչեւիցէ ձեռագործք հատուցանելով զհարկն, զմաքսն եւ ըստ սովորութեան եւ կերպի կառավարութեան ազգին Ռուսաց:

ԺԴ) Քրէական մեղապարտք, փախստականք եթէ ի ռուսաց աշխարհն հայոց եւ ի հայոց յաշխարհ ռուսաց ընկալնուն պահպանութիւն միայն կենաց. բայց զրկեալքն ի պատւոյ եւ զոր ինչ պաշտօնէ իցէ, կամ փախստական եթէ լինիցի պարտաւոր ոսկւոյ եւ արծաթոյ, եւ եթէ հայոց, պարտ է նմա դատել ըստ օրինաց աշխարհին, յորում գտանիցի անձն նորա, եւ փախստականն իցէ եկեղեցական պարտ իցէ դարձուցանել զնա առ առաջնորդն իւր:

ԺԵ) Տունն Հայոց կառավարեսցէ զազգ իւր եւ զաշխարհն ըստ օրինի Հայոց եւ զոր ինչ աւելին յայնմանէ դիպւած եւ կառավարեսցին ի հաստատութեան նոյնոյ օրինաց:

ԺԶ) Կայսերութիւն Ռուսաց ծանիցէ զտունն Հայոց իբրեւ զթագաւոր Հայաստանեայց, եւ որոց զդեսպանն մեծ, բերան հայոց, որ նստիցի ի Պետերբուրգ:

ԺԷ) Որովհետեւ երկրակցութիւնք եւ ազգաբնակութիւնք Հայոց, Աղւանից եւ Վրաց ի հնոյ ժամանակէ իբրեւ զմի են, որ եւ այժմոյս սիրելի են միմեանց, վասնորոյ ի հարկաւոր ժամանակի տալով Հայոց 6000 զօրս Ռուսաց, ունիցին եւս ազատութիւն օգնական լինելոյ Աղւանից եւ Վրաց որքան կարող լինիցին:

ԺԸ) Վասն հատուցումն լինելոյ զտարեկան ծախուց 6000 զօրաց Կայսեր գրաւ լիցի չորս ի տասն մասնէ բոլոր եկամտից Հայաստան աշխարհին, այսպէս տասնէն զչորս մասն Հայրապետին Հայոց վասն ծախուց կրօնաւորաց, տնանկաց, աղքատաց եւ նորոգութեան վանօրէից եւ այլոց պիտոյից. իսկ մասն գանձարանին ընդհանուր տանն Հայոց:

ԺԹ) Հատուցմունք որ ի վերայ պարտին լինիլ ի չորս եղանակս տարւոյն, այսինքն նախ՝ ի մարտի 20երորդ, յունիսի 20րդ, սպետեմբերի 20րդ եւ չորրորդ դեմկտեմբերի 20:

Ի) Եթէ հանդիպեսցի ինչ սխալանք յանդիմանութիւնք կամ զանազանութիւնք ի մէջ երկուց ազգաց տէրութեանց Ռուսաց եւ Հայոց, առ որս խռովութիւնք բոլորովիմբ արգելեալ է եւ վրէժխնդրութիւնք փակեալ, պարտ լիցի երկուց կողմանց զգանգատս եւ զպատասխանիս իւրեանց ընծայել առ ի սպաս ամենայն փառաց արժանի Կայսերն Հռովմայ այսինքն Գերմանիոյ. եւ ի վերայ որոց ի նմանէ լեալ վճիռն լիցի երկուց կողմանց արդարութեան. արդ եթէ հաճոյ թւեսցի կամաց Հայրապետին եւ իշխանաց եւ տանուտէրանց Հայոց յայսմանէ տպեսցի երկուհարիւր հատ յամի տեառն 1779 [10]:

 

Հայաստանի ազատութիւնը վճռուած էր իրագործել 1784-ին, երբ ռուսական զօրքերը Ղզլարից եւ Մոզդոկից պիտի արշաւէին դէպի Անդրկովկաս: Հաստատապէս վճռուած էր ոչնչացնել Շուշու Իբրահիմ խանին եւ Ղարաբաղից ու Ղարադաղից կազմել մի հայկական պետութիւն, որ ոչ ոքից կախում չունենար, բացի Ռուսաստանից: Պետութեան տալ մի այնպիսի ժողովրդական կազմակերպութիւն, որ մի ւս տեղերի հայերն էլ ենթարկուէին Ղարաբաղի օրինակին, այսինքն՝ նոյնպէս ձգտէին անկախութեան [11]:

Բայց արշաւանքը չը կայացաւ եւ հայկական հարցը դարձեալ սկսեց ձգձգուել: Իշխան Պօտեմկինի մահը (1791) չը վերացրեց հարցը: Նրան յաջորդեցին ուրիշ մարդիկ, որոնք նրա ծրագիրներից աւելի համարձակ եւ անիրագործելի ծրագիրներ էին կազմում, որոնց մէջ իր տեղն ունէր եւ Հայաստանը: Բայց այս միջոցին առաջ է գալիս դարձեալ հնդկահայ միտքը՝ հայրենիքի ազատութեան վերաբերեալ: Դարձեալ նոյն Շահամի րեանն է, որ այժմ սկսում է ապացուցել թէ հայոց հարցի լուծման ամենահեշտ միջոցն այն է, որ Հայաստանը տրուի վրաց Հերակլ թագաւորին: Ղուկաս կաթողիկոսին գրած իր նամակում նա ասում էր թէ պէտք է որոնել Հայկի սերունդներից մէկին, եթէ այդպիսին չը գտնուի, պէտք է կանգ առնել Բագրատունեաց ազգատոհմի վրայ եւ նրան առաջարկել Հայաստանի կառավարութիւնը: Այդպիսին կարող էր լինել Հերակլը, որ նոր մտել էր Ռուսաստանի հովանաւորութեան տակ եւ հետեւաբար այս ծրագիրն իրագործելուժամանակ կը գտնէ Ռուսաստանի կողմից կատարեալ աջակցութիւն: Անմիջական բանակցութիւններ սկսելով եւ Հերակլի հետ, Շահամիրեանն այսպէս էր նրան ներկայացնում իր ծրագիրը. Հերակլը պիտի գրէր «գիր շնորհաց», այսինքն բոլոր հայերին ուղղած մի նամակ, որի մէջ նա խոստանում էր իր հովանաւորութիւնը հայ ազգին եւ հրաւիրում էր հայրենիքից հեռացածներին վերադառնալ իրանց երկիրը: Այդտեղ հայերն ստանում էին արտօնութիւններ, վճարում էին չափաւոր հարկ: Ապա Հերակլը պէտք է կանոններ պատրաստէր ժողովրդի համար եւ այդ կանոնները, իհարկէ, պէտք է վերցուած լինէին իր հրատարակած «Որոգայթ Փառաց» գրքից, ուր, ինչպէս գիտենք, որոշւում էր Հայաստանի համար հանրապետական կառավարութիւն: Ամբողջ Հայաստանը Շահամիրեանը համարում էր Հերակլի ժառանգութիւն: Եւ յիշեցնելով, որ այդ ժառանգութեան մի մասը դեռ գտնւում է պարսից տիրապետութեան տակ, յիշեցնելով թէ որքան ամօթալի բան է որ քրիստոնեաները ենթարկուած լինեն մահմեդականների լուծին, Շահամիրեանն ասում է որ այժմ, երբ վաղուց վերջացած է Սէֆէվիների տոհմը եւ Պարսկաստանը երերուն ալիքների է նմանւում, եկել հասել է ժամանակը որ Հերակլը տարածէ իր իշխանութիւնը եւ պարսիկների վրայ: Դա հեշտ է, պէտք է միայն գոյքի, կեանքի ապահովութիւն եւ դաւանական ազատութիւն խոստանալ: Ինչ վերաբերւում է ժառանգութեան այն բաժնին, որ գտնւում է Թիւրքիայի տիրապետութեան տակ, Շահամիրեանը խորհուրդ էր տալիս կամաց կամաց պատրաստուել եւ այդ ժառանգութեան ստանալու: Պէտք էր սպասել յարմար ժամանակի, իսկ մինչեւ այդ՝ հարկաւոր էր գրաւել այն կողմերի հայերի սիրտը: Գրաւելու ամենագեղեցիկ միջոցը դարձեալ նոյն ազատ, ժողովրդական օրէնսդրութիւնն էր: Երբ միանգամից այդ օրէնքները կը մտցուեն Հերակլի ազատած Հայաստանի մէջ, այն ժամանակ Թիւրքիայի հայերն էլ կը հասկանան թէ ինչ գեղեցիկ բան է դա եւ հարկաւոր դէպքում արդէն միանգամայն համոզուած կը լինին թէ պէտք է իրանց երկիրն էլ միացնել ազատ Հայաստանին: [12]

Այս բանակցութիւնների գործնական արդիւնքն այն եղաւ որ Հերակլը Շահամի րեանին ընծայեց ամբողջ Լօռին իր բոլոր գիւղերով: Հարուստ հնդկահայը, ունենալով բաւական ընդարձակ սեփական հող, կարող էր այնտեղ փորձել իր ծրագիրների գործադրութիւնը, բայց չը կարողացաւ թողնել իր առեւտուրը Հնդկաստանում եւ երբէք չը տիրապետեց իր ստացած կալուածին [13]:

Երեւի այս նոյն աղբիւրից էր բղխում եւ այն թուղթը, որ 1792 թուին ուղարկուեց Եկատերինա կայսրուհուն եւ որի մէջ բացատրւում էր թէ ինչ ահագին օգուտներ կունենայ Ռուսաստանը, եթէ ուժեղացնէ Վրաստանը եւ վերականգնէ հայոց թագաւորութիւնը, տալով նրա թագը վրաց թագաւորին: Այս դէպքում հայերը մի շտ հաւատարիմ կը մն ան Ռուսաստանին, կը ծաղկեցնեն նրա առեւտուրը. ամեն կողմից կը հաւաքուեն իրանց թագաւորի շուրջը [14]:

Բայց վրաց թագաւորութիւնն աւերուեց Աղա-Մամէդ-խանի արշաւանքից 1795-ին: Յաջորդ տարին ռուսական զօրքը սկսեց արշաւանք դէպի Անդրկովկաս, պարսից Շահին պատժելու համար:

Արղութեանն էլ հրաւիրուեց մասնակցելուայդ արշաւանքին: Վաղուց էր սպասւում այդ ազատարար շարժումը եւ Արղութեանը նորից ոգեւորուեց, կարծելով թէ այժմ արդէն եկել է վաղեմի խոստումների իրագործումը: Բանակի մէջ նա ամեն կերպ աջակցում էր ռուսական զօրքի աջողութեան եւ իր ցուցմունքների մէջ նա յիշեցնում էր թէ պէտք է ոյժ տալ Ղարաբաղի մէլիքներին, գործադրել նրանց զինուորական ոյժը, կազմակերպել նրանց իշխանութիւնը եւ այլն:

Արդէն ռուսաց մի զօրաբաժին հրաման էր ստացել արշաւել դէպի Գանձակի կողմերը: Այս արշաւանքով էլ պիտի իրագործուէր հայերին խոստացած ազատութիւնը [15]: Բայց այդ մի ջոցին վախճանուեց Եկատերինա Կայսրուհին: Նրա որդի Պաւել կայսերը իսկոյն յետ պահանջեց զօրքերն Անդրկովկասից եւ վերջ տուեց իր մօր քաղաքականութեան: Սկսւում էր քաղաքական նոր ուղղութիւն, որի մէջ կար Անդրկովկասը, բայց չը կար այնտեղ քրիստոնեայ պետութիւն հիմնելու միտքը: Ռուսաստանը ձեռնարկեց այդ երկրի նուաճման՝ պարզապէս իր երկիրներին կցելու համար:

Այս գործողութիւնը վերջանում էր 1827 թուի հոկտեմբերի 1-ին, երբ ռուսական զօրքը գրաւեց Երեւանը: Անդրկովկասում այլ եւս հայկական հարց չէր մնում, հասկանալով այս հարցը իր դարաւոր մտքով, այսինքն մահմեդական տիրապետութեան լուծից ազատուելու մտքով:



[1]            Օր. Աբրահամ Անկիւրացին («Պատմութիւն Հայերէն Նոր Դպրութեան», Վենետիկ, 1878, եր. 169: )

[2]            L. Drapeyron - «Un Projet Francais de Conquête de l’Empire Ottoman au XVI et XVII siècles» («Revue de Deux Mondes», Paris, 1876 liv. du 1 Nov., p. 122-147.

[3]            Michel Febvre - «L’Etat Present de la Turquie», Paris 1675 p. 407.

[4]            P. Du Mans - «Estat de la Perse en 1660». Paris, 1890, p. 302.

[5]            Г. Эзовъ - «Сношенiя Петра Великаго съ Армянскимъ народомъ», СПБ. 1898, с. 28-44.

[6]            Հ. Մ. Չամչեան - «Պատմութիւն Հայոց», Հատ. Գ. Վենետիկ, 1786, եր. 797:

[7]            Տ. իմ յօդուածները «Հայոց Գրականութիւն XVIII դարում»: («Մուրճ» ամսագիր 1903 թ. N 11 եւ 12):

[8]            “Собранiе актовъ, относящихся до обозрънiя Исторiи Армянскаго народа” ч. II, Москва, 1838, с. 68-70.

[9]            Տ. Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանի նամակները Շահաﬕրեանին, Հնդկաստան. - Էջﬕածնի գրադարան:

[10]          «Դիւան Հայոց Պատմութեան» հրատ. Գիւտ ա. քահ. Աղանեանի, գիրք Դ., Թիֆլիս 1899, եր. 731-737 . նաեւ «Հայոց Պատմութիւն» Վարդան եպիս. Օձնեցու, ձեռագիր Էջﬕ ածնի մատենադարանում):

[11]          П. Бутковъ, “Матерiалы по новой исторiи Кавказа”, томъ II, Спб. 1869, с. 142.

[12]          «Դիւան Հ. Պատմ. » Հ. Դ. եր. 600:

[13]          Ս. Վ. Թէոդորեան, «Պատմութիւն Մուրատեան վարժարանին», Հատ. Ա., Պարիզ, 1866 եր. 594:

[14]          А. Цагарели– “Граматы и другiе историческiе документы XVIII столътiя, относящiеся до Грузiи”. т. II, Спб. 1902, с. 73.

[15]          Бутковъ–“Матерiалы по новой исторiи Кавказа”, т. II СПБ. 1869, с. 209.