Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԷՕ, Հայոց Հարցի վաւերագրերը, Թիֆլիս, 1915։

Ներկայ եւրոպական ահեղ պատերազմը, շնորհիւ այն հանգամանքի, որ նրա մէջ մասնակցում է եւ Թիւրքիան իբրեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի թշնամի, նորից օրուայ հրատապ հարց է դարձրել Թիւրքաց Հայաստանի բախտը: Նորից այդ բազմաչարչար երկիրը միացրել է աշխարհի բոլոր կողմերում ցրուած հայութիւնը, որ անհամբեր սպասում է թէ այսօր-վաղը ինչ լուծում կը ստանայ հայոց արիւնոտ հարցը:

Պատմական այս մեծ օրերին մենք գալիս ենք հայ ժողովրդին նիւթ տալու թէ ինչպէս պիտի նա ըմբռնէ թիւրքահայ դատը եւ թէ ինչ հնարաւոր ուղղութեամբ կարող է եւ պիտի ընթանայ հայոց հարցի լուծումը: Այդ նիւթը պարունակում է իր մէջ անցեալի պատմութիւնը:

Մենք սակայն չենք տալիս այստեղ հայոց հարցի ամբողջական պատմութիւնը: Մեր նպատակն աւելի համեստ է. մի տեղ հաւաքել թիւրքահայոց հարցին վերաբերեալ դիւանագիտական վաւերագրերը, որոնք ա՛յնքան կարեւոր են այդ միջազգային հարցը ուսումն ասիրելուհամար:

Բայց այդ վարերագրերը պատշաճաւոր շրջանակների մէջ դնելուհամար մենք դրինք եւ մի Ներածութիւն ու մի Յաւելուած:

Առաջինի մէջ ամփոփուած է համառօտ մի տեսութիւն, որ ցոյց է տալիս թէ մինչեւ XIX դարը ինչ դրութեան մէջ է եղել առհասարակ հայկական հարցը եւ թէ հայ գործիչները ինչ հայեացքներ են ունեցել իրանց հայրենիքի քաղաքական կազմակերպման մասին:

Այստեղ մենք տալիս ենք պատմական, հնար եղածին չափ ամփոփ վաւերագրեր:

Իսկ յաւելուածի մէջ ընթերցողը կը գտնէ ամփոփ տեղեկութիւններ թէ ինչպէս եւ ինչ հիմունքներով են լուծուել Թիւրքիայի հպատակ միւս ազգութիւնների հարցերը: Եւրոպական դիւանագիտութիւնն աշխատել է թիւրքահպատակ ազգերի վիճակը բարելաւել բարենորոգումների (րէֆորմների) միջոցով: Մենք դրել ենք եւ այդ բարենորոգումների համառօտ բովանդակութիւնը: Այսպիսով ընթերցողի առջեւ պարզւում է թէ ընդհանրապէս ազատագրական ինչ ձեւեր մշակեց եւրոպական դիւանագէտների միտքը մօտ մի դարի ընթացքում՝ Թիւրքիայում ապրող ազգերի ճակատագիրը արդարութեամբ կարգադրելու համար:

Ի վերջոյ յայտարարում ենք որ մենք, հակառակ մեր ցանկութեան, չը կարողացանք մըտցնել այս ժողովածուի մէջ հայոց հարցին վերաբերեալ բոլոր վաւերագրերը:

ԼԷՕ

1915, մայիս.