Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Բ
ԾԱԳՄԱՆ ԵՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ. ԹԷ ՈՐՏԵՂԻ'Ց ՍԵՐՈՒԵՑ ՍԻՍԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՈՀՄԸ` ԱԴԱՄԻՑ ՅԵՏՈՅ

 

Աստուածապատուէր հրամանով կաշկանդուած պրպտող ժամանակագիրների [համար] անվիճելի օրէնքով, որ ասում է` «ձեզ չի վերաբերում իմանալ ժամերն ու ժամանակները, որ հայրը սահմանեց իր իշխանութեան մէջ», միայն հետագայ [մարդկանց] անուններին ու ծննդաբանութեանը հետամուտ կլինենք ստոյգ շարադրանքով` մարդկութեան սկզբնաւորումից մինչեւ Սիսական տոհմի նահապետութեան սկիզբը:

Եւ սա նրա համար, որ չկարծես, թէ այս տոհմի մարդիկ խառնիճաղանջ ամբոխներից են կամ ինչ-որ առաջադիմութեան պատճառով եւ կամ պատահաբար են ստացել նախաթոռ նահապետութիւնը, այլ աստուածաստեղծ մարդու նախասկզբնական ազնիւ տոհմից սկսած ակնյայտ հարազատութեամբ որդիները հայրերին փոխարինելով հասան նախարարութեան: