Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Ի
ՍԻՒՆԻՔԻ` ԱՆԱՆԻԱՅԻՆ ՅԱՋՈՐԴԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ, ԱՅԼԵՒ ՏԷՐ-ԵՐԻՑԱԿԻ ՍՔԱՆՉԵԼԻ ՕԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սիւնիքի աստուածային սուրբ եպիսկոպոս տէր-Անանիայից յետոյ աթոռակալում է տէր-Նուն` բարի ու լաւ մի մարդ, ութ տարի, նրանից յետոյ` Գաղատը`տասնեօթ տարի, սրանից յետոյ` Մուշէն` երեսունվեց տարի: Եւ ապա Երիցակավանքի սուրբ վանահայր, մեծ տնտեսվար, խարազնազգեստ ու խստակրօն ճգնաւոր Երիցակին հարկադրելով` բերում, նշանակում են Սիւնիքի եպիսկոպոս: Նա մնաց մէկ տարի, որի հանգամանքները արժանի են [առանձին] համառօտ յիշատակութեան: Պարսից Կաւատ արքայի տարիներին, Վահան Մամիկոնեանին` հայոց մարզպանութեան եւ տէր-Մուշէ կաթողիկոսի հայրապետութեան ժամանակ վախճանւում է Սիւնիքի երանելի եպիսկոպոս Մուշէն` աթոռակալելով երեսունվեց տարի: Եւ քանի որ Սիւնի իշխանը մեռել էր, բայց կար նրա կինը` մեծահաւատ, լի ամենայն բարեպաշտութեամբ` Սահակիա անունով, իսկ [բնակիչները] հոգեւոր առաջնորդ չունէին, ուստի նահանգի բոլոր ազնուականները, տանուտէրերն ու աւագ քահանաները բողոք բարձրացնելով դիմեցին բարեպաշտուհի Սահակիային, իրենց համար առաջնորդ պահանջեցին: Եւ նա պատուիրակութիւն կազմեց մեծ ու պատուաւոր մարդկանցից, ընտիր քահանաներից, բազմաթիւ ընծաներով ու պիտանի նուէրներով ուղարկեց հայոց սուրբ կաթողիկոս Մուշէի մօտ եւ թախանձանքով խնդրեց նրան գալ իր աշխարհը, ընտրել արժանաւոր մարդու եւ դնել Սիւնիքի մետրոպոլիտութեան աթոռը: Եւ նա տիրաբար ունկնդրեցու, գթալով իր հօտին, գալուց ոչ թէ հրաժարուեց, այլ հրամայեց ըստ հայրապետական ճոխութեան կազմակերպել ուղեւորութիւնը: Հեծած ոսկեզօծ թամբով սպիտակ ջորի` եպիսկոպոսներով, բազմախումբ սպասաւորներով, առջեւում բռնած աստուածընկալ ոսկեփայլ, արեւակերպ ցոլքերով խաչը, սաղմոսներով ու քաղցրաձայն երգերով ուղեւորուեցին: Եւ երբ հասան Սիւնիքի սահմանները, Վայոց ձոր գաւառը, տեսան, որ երկար ժամանակ երաշտ է եղել, եւ բոլոր բոյսերը ողորմելի տեսքով թարշամել են: Ապա հայրապետը, արտասուագոչ պաղատանքներով ձեռքերըվեր բարձրացնելով, գթութիւն խնդրեց Աստծուց: Եւ հէնց նոյն ժամին Տէրը հաճելի անձրեւ բերեց: Երեք օր ու գիշեր տեղումը չէր դադարում, ու ամբողջ բնակչութիւնը զարմացած մեծ գոհունակութեամբ փառաբանութիւն էր յղում երկինք:

Իսկ երբ մօտենում էին Սիւնիքի իշխանների գահատեղին, առջեւից լրաբերներ ընթացան: Եւ տիկինըիր որդով, ամբողջ ազատագունդ հեծելազօրով եւքահանաների ու տանուտէրերի մեծ ամբոխով ընդառաջելաւ կաթողիկոսին: Մեծ խնդութեամբ հանդիպելով`նրանք բոլորով ծնկի իջան ու երկրպագեցին: Աջ ու ձախկողմերից մի մասը հետիոտն, մի մասը ձիով էրընթանում եւ օրհնութեան երգեր էին երգում այնքանբարձր ձայնով, որ ամբողջ գաւառի ձորը լցւում էր` ինչպէս ամպերի որոտումից: Իսկ այսպէս փառաւորութեամբ տարան, իջեցրին արքունական դահլիճ, նստեցրին ոսկեթել ու մարգարտազարդ բազմոցին, իշխանների գահի վրայ, Կից վտակաց կոչուածտեղում: Այնտեղ երեք օր հանգստանալուց յետոյ հայրապետը հրաման տուեց բազմութեանը` իրենց համար առաջնորդ ընտրեն, որ ինքը ձեռնադրի: Ապա ամբողջ բազմութիւնն աղաղակ բարձրացնելով միաբերան ասաց. «Մենք մեր հոգիների վերատեսուչ ենք ուզում հայրԵրիցակին. նրանից բացի, մեզ ուրիշ ոչ ոք պէտք չէ»: Հայրապետը հրամայեց երիվարներ պատրաստել, որ [մարդիկ] շտապ կերպով գնան նրա կացարանը: Իշխանին էլասաց. «Դու գնա որսի պատրուակով եւ վանքի դուռը բռնիր, որ չլինի թէ իմանայ ու դուրս գայ, փախչի, մեր չարչարանքն էլ իզուր անցնիե: Իսկ տիկին Սահակիան նրանց տուեց արքունի վրանը ամբողջ կահոյքով եւ նստեցրեց սպիտակ ջորիների ոսկեպատ կառք: Նաեւամբողջ բազմութիւնը, գրոհ տալով, գնաց նրա ետեւից: Երբ նրանք հասան Երիցավանքի դուռը, որը գտնւում է Բաղք, այսինքն` Քաշունիք, իսկ այժմ Բարկուշատկոչուող գաւառում, սուրբ Երիցակն ուզեց պարաններով պարսպից իջնել ու փախչել, բայց պահակները չթողեցին: Այնտեղի վանքը գեղեցիկ էր, զարմանալի տեսքով. եկեղեցին մի բարձրադիր տեղում էր` կառուցուած նոյն Երիցակի ձեռքով, սուրբ Նախավկայի անուամբ պարսպապատուած մեծամեծ քարերով. պարսպից ներս կային շուրջ քառասուն խցիկներ` քուրձ հագնող լռակեաց մշտական ճգնաւորներով, որոնք, ինչպէս մշտավառ ու անշէջ կանթեղներ` իւրաքանչիւրն իր հիւղի մէջ, անընդհատ տքնութեամբ վառւում էին հոգու շնորհների բոցով

Այս Երիցակը նախ երկար տարիներ ապրել էրԲաղք գաւառում, մի քարանձաւ տեղում` ապա գնացել էրերանելի Գիւտի վանքը եւ այնտեղ անտանելի ճգնութեամբ անցկացրել շատ օրեր: Այնուհետեւ սուրբ տէր-Գիւտի օժանդակութեամբ ու հրամանով գալով այդ տեղը` տասներկու կրօնաւորներով ու հայր Գիւտի պարգեւած բազմաթիւ ունեցուածքներով, շինեց եկեղեցին, որը կոչուեց Նոր Երուսաղէմ: Բայց բորոտները, որ ժամանակին քշւում էին անբնակ տեղեր, հայր Գիւտի կողմից բնակեցուել էին այդ վայրում: Նրանք դիմադրում էին Երիցակի շինարարութեանը: Սուրբ հայրը այդ լսելով եկաւ, նրանց համոզեց, որ խաղաղուեն, եւ սահմանեց համապատասխան չափով վանքից [նրանց] կարիքները [հոգալու հնարաւորութիւն] ընձեռել: Ինքն էլ օրըստօրէ մասնակցում էր շինարարութեանը ու կառուցողներին ճաշ էր ուղարկում: Եւ [Երիցակն] այսպէս շինելով Աստծոյ տուն եւ կանգնեցնելով փառաբանութեան տեղ` այն յարմարեցնում է հրեշտակակրօն մարդկանց բնակութեան համար:

Այժմ` երանելի Մուշէ հայրապետը մտնելով վանքը` ողջունում է եկեղեցին ու [այնտեղ] բազմելով պատգամաւոր է ուղարկում այրու որդուն եւ մէկուրիշին` Արագածոտնի Յովհաննավանքից, որը սարկաւագապետ էր եւ հայրապետի գրագիրը: Նոյնպէս [գնում են] նաեւ իշխաններ ու այլ պատուիրակութիւններ, բայց չեն կարողանում համոզել Երիցակին: Այնուհետեւ կաթողիկոսն ինքն է գնում հայր Երիցակի մօտ, նրա սրահը եւ բարկութեամբ լցուածու զայրանալով խաչակնքում է եւ ասում. «Ինչո՞ւ ես այդպէս յամառած մնում, քո մէջ դեւ կայ, Աստուած թող սաստի ու հալածի չարին»: Այն ժամանակ սրբի խօսքից թանձր ծուխ բարձրացաւ որպէս փոթորիկ եւ շէնքից վերացաւ: Ապա եկան սպիտակ աղաւնիների երամներ, իջան սրահի տանիքին: Եւ աղաւնիներից մէկը սլանալով եկաւ, իջաւ կաթողիկոսի վրայ, նրա վրայից էլ բարձրանալով` իջաւ Երիցակի վրայ ու շրջում էր նրա խոշոր կնգուղի վրայ, բարակ ձայնով մարդու պէս ասում. «Արժանի' է, արժանի' է»: Իսկ բազմութիւնն այդ տեսնելով միաբերանուժեղ ձայնով գոչում էր. «Արժանի' է, արժանի' էե: Սուրբ հայրն այս տեսնելով էլ չհամարձակուեց հակաճառել, այլ ծնկի գալով կաթողիկոսի առաջ`արտասուաթոր աղերսանքով ասաց. «Թող լինի քո` տիրոջդ կամքը եւ ոչ թէ իմը»: Ապա կաթողիկոսը, նրա ձեռքից բռնած, տանում է եկեղեցին եւ հանելով բեմի վրայ` օծում Սիւնիքի մետրոպոլիտ ու բերում, նստեցնում է աթոռին: Իսկ ինքը մեծարանքներով ու անսահման շքեղութեամբ հրաժեշտ է տալիս բոլորին, գնում էհայրապետական աթոռը, Դուին կենտրոնական քաղաքը`բազում փառք ու շնորհակալութիւն յղելով Ամենատիրոջը: Երանելի Երիցակն էլ, աթոռին մնալով մէկ տարի, փոխադրւում է վերին Երուսաղէմ, որտեղ սրբերի բազմութիւնն է, որոնց քաղաքապետը բոլորի Աստուած Յիսուս Քրիստոսն է:

Նաեւ աւանդաբար զրոյց է պատմւում Երիցակի մասին, թէ գնալով Երուսաղէմ սուրբ քաղաքը եւ այնտեղ մնալով մինչեւ սուրբ յայտնութեան մեծ ճրագալոյցի օրը, Բեթղեհէմում գտնուող սուրբ քարայրի դռանը մտաբերում է իր սուրբ մենաստանն ու կրօնաւոր եղբայրներին, սաստիկ կարօտից դառնապէս լալիս է եւ ցանկանում է նոյն ժամին լինել իրկրօնակից եղբայրների հետ: Մի կախարդ կին դա լսելով, թերեւս Սուրբ Հոգու ազդմամբ, հարցնում է այդ հօրն ու ասում. «Ինձ ասա'` ինչի՞ համար ես դառնագին արտասւում»: Եւ նա յայտնում է պատճառը: Ապա կինը խնդրում է նրան. «Ո'վ Աստծոյ սուրբ, Քրիստոսից ներում խնդրիր իմ անչափելի յանցանքների համար, եւ հէնց այս պահին քեզ ցոյց կտամ քո փափագածը»: Հայրը այս լսում է եւ, Աստծոյ գթառատութիւնից համարձակութիւն առած ու կարօտից հարկադրուած, համաձայնում է [կատարել] նրա խնդրանքը: Եւ կինը մի ինչ-որ անօթ է պատրաստում` ջրով լի, իր կախարդանքով այն յարմարեցնում է ու սրբին նստեցնում վրան, որը եւ իսկոյն յայտնւում է Երիցավանքում, եկեղեցու դռանը, երբ դեռ չէր վերջացել փրկական արարողութիւնը: Ապա Երիցակն իմաց չտուեց ու չերեւաց կրօնաւորներին, մինչեւ որ հաւաքուեցին ճաշի: Եւ այն ժամանակ ծանօթութիւն տալով ողջունեց բոլորին ու անհաւատալի բաներ պատմեց նրանց. ցոյց տուեց հետը բերած նշանները, այսինքն` կանաչներ, նարինջներ ու թուրինջներ եւ դրանցով հաւաստեց իր խօսքը: Ճաշելուց յետոյ վեր կացան, գնացին եկեղեցու դուռը եւ այն գիշեր ժամերգութեան արարողութեամբ գթութիւն խնդրեցին այն կնոջ համար: Մարդասէր Աստուածը լսելով` ներում շնորհեց նրան եւ սուրբ հօրը յայտնեց տեսիլքով: Այդպիսի մարդասիրութեան համար բիւրապատիկ օրհնութեամբ շնորհակալութիւն եւ փա~ռք նրան անվախճան ու յաւիտենաբար: