Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԵ
ՎՐԹԱՆԷՍԻ ՎԱԽՃԱՆՈՒԵԼԸ ԳՐԻԳՈՐԻ ՈՒ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՅԱՋՈՐԴԵԼԸ ԵՒ ՆՐԱՆՑ ՕՐԵՐՈՒՄ ԵՂԱԾ [ԱՆՑՔԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ] ԶՐՈՅՑՆԵՐ

 

Տէր-Վրթանէսի` Սիւնիքի եպիսկոպոսի ժամանակներում նեստորական ու քաղկեդոնական որոշ մարդիկ եկան եւ խաբէութեամբ բնակուեցին մեր Սիւնեաց աշխարհում ու Աղուանքում: Ապատէր-Յովհաննէսը [այդ մասին]   լսելով գրութիւններով զգաստացրեց եւ ծանուցեց այն վտանգի մասին, որ թաքնուած էր յարդի տակ: Տէր-Վրթանէսը դրանից զարհուրելով [նրանց] դուրս քշեց իր թեմից եւ մեծ նզովքներով արգելք դրեց, որ չհամարձակուեն թոյլ տալ [նրանց մուտքը] իր սահմանները: Եւ այդպէս ճշմարիտ դաւանանքով ու առաքինի վարքով մետրոպոլիտութեան աթոռին մնալով քսաներեք տարի` վախճանուեց: Այնուհետեւ Աղուանքում ձեռնադրուելով` աթոռին տիրեց տէր-Գրիգորը`տասնհինգ տարի: Սրան յաջորդեց փառաբանուած ու երանելի Քրիստափորը` նոյնպէս ձեռնադրում ստանալով Աղուանքից: Իսկ Մովսէսի վախճանուելուց յետոյ երեք տարի [կաթողիկոսական] տեղապահ եղաւ Վրթանէս Քերթողը: Եւ քանի որ Հայաստանն իշխան չունէր, Մժեժի մահից յետոյ երեսունվեց տարի պարսիկ մարզպաններն էին Հայաստանը տնօրինում, այդ պատճառով [կաթողիկոսական] աթոռի խափանում եղաւ. Վասակի որդի Վարդ Մամիկոնեանն էլ ապստամբել էր պարսիկների դէմ ու անցել յոյների կողմը:

Ապա երկու կողմերի` Բիւզանդիայի եւՊարսկաստանի բաժինների, բոլոր հայերը համաձայնութեան եկան, եպիսկոպոսներն ու վանականները հաւաքուելով Դուինում կամեցանկաթողիկոս նստեցնել. բայց այդ անգամ դա չյաջողուեց: Դրա համար Սիւնեաց մետրոպոլիտ Քրիստափորը միացաւ ժողովին, կանոններ մշակեցին ու եկեղեցու համարկարգեր սահմանեցին: Իսկ յաջորդ տարի, քառասնորդի պասի օրերին կրօնաւորները հաւաքուեցին Դուինում ու ծառազարդի տօնի օրհնութեան օրը հայոց պատրիարք ընտրեցին Ռշտունեաց եպիսկոպոս տէր-Աբրահամին: ԵւՍիւնեաց բաժանուած աթոռն այս օրերին վերստին միաւորուեց ու դասուեց սուրբ Գրիգորի եւ [այժմ] յաջորդած տէր-Աբրահամի աթոռի գլխաւոր ու պատուականկարգում: Բայց այս ժամանակ Բիւզանդիայի, Վիրքի եւ Հայաստանի միջեւ եղան շատ խռովութիւններ, մեծամեծ յուզումներ` երկպառակութիւններ, բաժանումներ, վէճեր, պայքար ու աղմուկ, շփոթութիւններ, արհամարհանք` աստուածային օրէնքների հանդէպ` երբեմն Քաղկեդոնի ժողովի, երբեմն եկեղեցու ինը դասերի համար, մի ժամանակ էլ վրացիները յաւակնութիւն ունեցան ազդել Աղուանքի վրայ, այդ պատճառով վերջինս երես դարձրեց Հայաստանից, Մարդպետական եպիսկոպոսն էլ գոռոզացաւ ուպատուազուրկ եղաւ: Ուստի եւ բազմաթիւ ժողովներ [գումարուեցին], Աստուածաշնչի ուժեղ քննութիւն [եղաւ]: Եւ ապա հազիւ հազ հայերը հաշտուեցին, ու եկեղեցու խաղաղութիւն [եղաւ]: Այդ անցքերի բնոյթն ու դէպքերի պատճառները ըստ վերը մեր խոստացածի պիտի ցուցադրենք համառօտակի, ինչպէս որ հաւաստի կերպով ուսումնասիրեցինք Սեբաստիայի եպիսկոպոս Ուխտանէսից, Մաքենոցաց առաջնորդ սուրբ Սողոմոնի թղթից, որ զետեղուած է Աղուանքի պատմութեան միջին հատորում, սուրբ Մաշտոցի թղթից, որը նա գրել էտէր-Գէորգ կաթողիկոսի պահանջով: Այս երեք հաւաստապատում ու ճշմարտամիտ վարդապետներից քեզ ցոյց կտամ այն ամէնը, ինչ խոստացայ: