Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հրապարակագրութան գիտականացման պատմականությունը

«Անզուգական դէմք մըն է Զօհրապ՝ մեր հրապարակագրական պատմութեան մէջ: Իր անկախ գաղափարներովը, անկեղծութեամբը, իր ձեւին մէջ, անշահախնդիր տրամադրութեամբը, իր ըմբռնումներուն ու մտածումներուն առողջ եւ տեւական առաւելութիւններովը, իր յօդուածներուն միշտ շահեկան երանգովը, իր աննախապաշար ու յանդուգն ու անկախ կեցուածքովը: Եւ այսօր ալ, դասական սեպուելու չափ օրինակելի հրապարակագիր մըն է անիկա» [1]:

Նման ջատագովական բնութագրումները, որոնք հատուկ են զոհրապագիտությանը, անշուշտ, առարկության ենթակա չեն: Սակայն  կարծում  ենք, որ  Զոհրապի  հրապարակագրության կարեւորագույն արժեքը՝ որպես գրապատմական մշակութային երեւույթ, հրապարակագրությունը գիտականացնելու նրա հետեւողական ջանադրությամբ պետք է իմաստավորել:

Զոհրապի աշխարհայացքը, որը ձեւավորվել էր արդեն նոր, ճանաչողության առավել բարձր սանդղակ ներկայացնող գիտական եւ փիլիսոփայական մշակույթի ազդեցությամբ (Ռուսսոյի եւ Շոպենհաուերի կարեկցանքի փիլիսոփայություն, իրավունքի փիլիսոփայություն, անհատի էության, հոգեբանության կենսաբանական պատճառաբանություն՝ ըստ Շոպենհաուերի կամապաշտ իմաստասիրության եւ այլն) [2], բնականաբար, արմատական հակասության մեջ է հայտնվում ավանդական «հայկաբանության» պատմաբանասիրական՝ արդեն ժամանակավրեպ իմացականության եւ լուսավորական շարժման շեշտված բարոյաբանական, ուսուցողական եւ սուբյեկտիվիստական ինչ-ինչ դրսեւորումների հետ:

«Սերվիչէներու, Օտեաններու, Ռուսինեաններու պէս միտքերուն ներգործումի շրջանը աւարտած ու փակուած է» , 277), - անվերապահորեն հնչեցնում է Զոհրապը:

Հրապարակագրությունը գիտության եւ ճանաչողության նոր մակարդակներին կամրջելու անձնական փորձը Զոհրապի հրապարակագրության արմատական բնութագրիչն է, ինչպես նաեւ բազմաթեմա, բազմախնդիր նրա հրապարակագրական ժառանգությունը միասնական եւ նպատակասլաց դարձնող բարձրարժեք հատկանիշը:

Տեսական գրականությունից հայտնի է, որ հրապարակագրության  հիմնական  գործառույթը  գրականության  կամ  լրագրության միջոցով հասարակական կյանքի բոլոր ոլորտների (տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային, եկեղեցական, կրոնական եւ այլն) առօրյա, հրատապ խնդիրներին անդրադառնալն ու արձագանքելն է՝ հեռանկարում հետապնդելով որոշակի գործնական նպատակներ:

Հրապարակագրությունն ուղղված է հասարակական կարծիքի ձեւավորմանը եւ հասարակության համակարգում դերառույթ ունեցող հաստատությունների կենսագործունեությունը բարեշրջելուն՝ դավանած ուսմունքների, գաղափարների, պատկերացումների, բարոյական ըմբռնումների համաձայն:

Հանրության կյանքն իր մասնակի ու համանշանակ դրսեւորումներով հրապարակագրի ուշադրության կենտրոնում է, հետեւաբար հրապարակագրությունն առնչվում է կյանքի հրատապ հարցերին, առանձնակիորեն ծանոթ անձերին ու երեւույթներին: Այս իրողությունն է հենց հիմնականում պայմանավորում հրապարակագրության յուրահատուկ բնույթը եւ արտահայտման ժանրային դրսեւորումները (ակնարկ, հոդված, պամֆլետ, ֆելիետոն, գրախոսություն, խմբագրական, առաջնորդող, վիճաբանական, քրոնիկ եւ այլն):

Իր դասական արտահայտությամբ հրապարակագրությունն արդյունք է տպագրության գյուտի եւ հատկապես լրագրության ի հայտ գալու: Վերջիններս նպաստեցին հասարակական կարծիքի դերի մեծացմանը:

«. Ազգային կեանքը ամենից աւելի բոցավառում են լրագիրները, եւ այդ դէպքում գիրքը չէ կարող մրցել նրանց հետ: Լրագիրը միշտ ձեռք է տալիս ամենանոր, ժամանակակից, գործնական բաներին, մինչդեռ գիրքը աշխատում է զբաղեցնել կարդացողին իր տուած որոշ մտքերի կենդրոնացումով: «.. Լրագիրն ու միա՛յն լրագիրն է կազմում այն զօրեղ հեղեղի արտայայտիչը, որ «հասարակական կարծիք» է կոչւում (սակայն ո՛չ հայերի մեջ - Խմբ. ): Սրանից երեւում է, թէ ինչ տեսակ կրթող ոյժ կարող էր լինել, եթէ կամենար: Առ այժմ ամենօրեա մամուլի մեծ մասը՝ ինքն է յարմարւում հասարակական կարծիքին (ընդգծումը մերն է` Մ. Գ. ) ու իր վրայ է առնում նրա արտայայտութեան ու տարածելու դերը. բայց տպագրական խօսքը կարող էր առաջնորդ լինել ու իր յետեւից տանելով հասարակական կարծիքը՝ քիչ-քիչ բարձրացնել նրան վսեմ գաղափարների ո՛ր աստիճանին էլ որ կամենաք» [3], - կարդում ենք հայկական մամուլի էջերում:

Ներկայացնելով ընդդիմամարտ ճաշակների առջեւ կանգնած ու «շվարած» իր ժամանակի լրագրությունը՝ Զոհրապն այս կարծիքը հնչեցրել է դեռեւս 1893 թվականին, «Ոչ մին՝ հարկ եղած արիութիւնը ունեցած է ի բաց վանելու հանրութեան այս կամքերը ու թօթափելու ընթերցողներուն հաճելի ըլլալու տկարութիւնը որ նիւթական տկարութիւնն է ապաքէն: . Ընթերցողն է, հասարակութիւնն է որ կ՚ապականէ թերթը: . Եւ լրագիրը, նախ՝ առանց զգալու եւ վերջէն՝ գիտակցութեամբ կը դադրի առաջնորդ ըլլալէ, խոնարհ հետեւորդ մը դառնալու համար (ընդգծումը մերն է` Մ. Գ. , 215-216):

Դառնալով հասարակական կարծիքի կրավորական արտահայտողը՝ գիտությունից չսնվող հրապարակագրությունն ընդգծված սուբյեկտիվիստական, մասնավոր եւ պատեհապաշտական երանգներով է գործառականացվում:

Գրիգոր Զոհրապն իր հրապարակագրությամբ տարբեր առիթներով հաճախակի է շեշտադրել, որ անհրաժեշտ է իրականության հրատապ խնդիրների քննությունը հասարակական  կամ  մասնավոր  կարծիքի  թյուրըմբռնումների  տիրույթից տեղափոխել գիտական եւ փիլիսոփայական ճանաչողության ոլորտ, որտեղ «նայուածքը պարզ է ու վճիտ», «ուր ճշմարտութիւնը կը ցոլայ ու միշտ կը գրաւէ զքեզ» եւ ոչ թե «բռնազբօսիկ ու արուեստակեալ» միջոցներով կփորձի հմայել: Այս ընկալումն ունի «իր ստոյգ գեղեցկութեան» գիտակցությունը՝ «վեհապանծ գեղեցկութիւնը Գիտութեան» , 484):

Ըստ Զոհրապի՝ «Պէտք է որ բժշկի եւ դեղագործի նման երկրին բարոյական զարգացման վրայ մեծ ազդեցութիւն ունեցող այս անձերն ալ (լրագրերի պատասխանատու տնօրենները՝ Մ. Գ. ) վկայական ունենան» , 221): Նշանակում է, որ անհրաժեշտ է հաղթահարել ազգային, հանրային խնդիրները դիտարկող, իմաստավորող եւ դրանց ուղղություն տվող գրական, լրագրական միջավայրում տիրող սիրողական փորձը: Թերեւս այս պատկերացումը եւ մտահոգությունն են հուշում նոր լրագրություն ունենալու առաջադրումը Գրիգոր Զոհրապի կողմից:

Գրականության պատմաբանի կարծիքով. «Անիկա (Զոհրապը՝ Մ. Գ. ) տարբեր ոգիով մը կդատէր մարդիկը, հեռու այն հին ուղղութիւնէ, որով կը դատէին երբեմն, այնքան հեգնանքի ու քաշքշուքի առարկայ եղած «իրերագովական»ին անդամները, որոնք միայն իրար խնկարկելով կը բաւականային» [4]:

Լրագրական պրոֆեսիոնալիզմը, Զոհրապի պատկերացմամբ, պետք է փոխեր լրագրության ե՛ւ թեմատիկան, ե՛ւ խնդրադրության յուրացման ճանաչողական աստիճանը: «Պոլսոյ նոր լրագրութիւնը Արեւելքով կ՚սկսի. աւելի շատ իմաստասիրութիւն հանրային խնդիրներու, աւելի մօտ տեղեկութիւն եւրոպական ազգերուն վրայ, անհատական գձուձ խնդիրներն ու վէճերը՝ տեղի տալով ընդհանուր տեսութիւններու. հայ լեզուն, այս կամ այն խմբագրապետի գծած անձուկ սահմանները կոխոտելով, վերստացած իր ժողովրդեան բարբառի անկախութիւնը. խմբագրութիւնը՝ դադրելով արհեստ մը լինելէ, արուեստ դառնալու համար. գրական նոր սեռեր՝ գրական նոր մարդերու ձեռքով, ամենքը միեւնոյն անփոփոխ նպատակին կապուած, հասարակութեան պէտքերուն (ընդգծումները մերն են՝ Մ. Գ. ) ըմբռնումը: Ահաւասիկ նոր լրագրութիւնը» , 142):

Զարգացման եւ առաջադիմության տրամաբանությունը, ըստ Զոհրապի, ենթադրում է որոշակի առաքելության կոչված բարձրակարգ եւ ընտրյալ լրագրություն. «. Բարձրացնենք Մամուլը որ մեծ մասամբ իւր անուան, իւր կոչման անարժան հետնագոյն ստորնութեան խոնարհած է» , 52):

Իսկ այդ պահանջը Զոհրապի լրագրական փորձով կյանքի է կոչվում հետեւյալ կերպ. «Հանրային խնդիրներու մէջ երբեք սնոտի վէճերով չզբաղեցանք. սկիզբէն մինչեւ վերջը մեր մատնանիշ ըրած նիւթերը միշտ ուշի ուշով քննելէ վերջը կարծիք յայտնեցինք, երբեմն խստութեամբ, երբեք կիրքի տպաւորութեան տակ, ամեն առթիւ պնդելով զարգանալու պէտքին վրայ, կրթական ու գրական հնոտի համոզումները, եղանակները մէկդի ընելու հարկը ջատագովելով: «… Մեր համոզումն այն է որ ամեն գաղափար պէտք է արտայայտուի ու մտիկ ըլլուի իր ապացոյցներուն ու բացատրութիւններուն հետ (ընդգծումները մերն են՝ Մ. Գ. ), առանց քէնի, առանց նախապաշարումի» , 181):

Հայ հասարակական մտքի պատմության մեջ լուսավորական գաղափարախոսության մշակութային-գործնական դրսեւորումների համատեքստում էր գործառականացվում հրապարակագրությունը, որը Զոհրապի աշխարհայացքի լույսի ներքո արդեն դիտարկվում էր որպես իր ժամանակն ապրած պատմամշակութային արժեք, քանի որ հայ լուսավորական հրապարակագրության բազմաբնույթ հարցադրումները հիմնականում որոշակիանում էին կյանքի ավատական ձեւերի դեմ տարվող պայքարում:

«Հայ գրականության եւ հրապարակախոսության մեջ XX դարի կեսերին սկսված այս աշխույժը հաճախ դիտվել է որպես «վերանորոգչություն» կամ «վերածնություն»: Սակայն «վերանորոգչությունից» կամ «վերածնությունից» առավել գրական-իդեական զարթոնքի ու հեղաբեկման մի ժամանակամիջոց էր այս, որի համար ցուցանշական է լուսավորության շրջանի եւ լուսավորական շարժման հատուկ ձգտումը դեպի գիտության ու բանականության հաղթանակը՝ կրոնի եւ տրադիցիայի հանդեպ, հավատը դեպի հասարակական պրոգրեսը, պայքարը ազգային կյանքի ընդհանուր բարելավման ու ազգային-քաղաքական ինքնորոշման համար» [5]:

Պատահական չէ, որ հրապարակագրությունը հատկապես գործառականացվում է վերարժեքավորման պատմական ժամանակշրջաններում:

Լուսավորական հրապարակագրությունը, բնականաբար, ուներ իր իմացաբանությունը: Նույնիսկ այն կարելի է անվանել փիլիսոփայական կամ քաղաքական հրապարակագրություն: Լուսավորիչների համար երբեմն գեղարվեստական գրականությունն էր դառնում այն միակ ամբիոնը, որի միջոցով հնչեցվում էին նրանց գաղափարները: Այս հրապարակագրությունն ուներ ուսուցողական, բարոյաբանական, քարոզչական բնույթ, քանի որ, լուսավորական իմացաբանության համաձայն, հանրային կյանքի արմատական խնդիրների լուծումը կապվում էր գիտական կարծիքների, գաղափարների, ինչպես նաեւ նոր բարոյական ըմբռնումների ու պատկերացումների տարածման հետ: Մինչդեռ Զոհրապի ճանաչողությամբ՝ «գրականութիւնը բարոյախօսութեան հետ շփոթելու համար մինչեւ Սահակ Մեսրոպ երթալու չափ ետադէմ ըլլալու է մարդ» , 261):

Նա միանգամայն պարզորոշ հայտարարում է, որ ո՛չ քարոզիչ է, ո՛չ հանրային բարոյականի առաջնորդ: Այդ մասին է վկայում Հակոբ Օշականը. «…. Իր (Զոհրապի՝ Մ. Գ. ) գորովը որ ոչինչ ունի վարդապէտական, ուսուցողական ու հեռու է ընթացիկ բարոյախօսութեան տարազակէրպ քարոզէն» [6]:

Հետեւաբար, Զոհրապի մտածողությունն էապես տարբերվում էր ավանդականից, որը բացարձականացնում էր գաղափարների ու բարոյական նորմերի դերն անհատի վարքագծի եւ մարդկային հարաբերությունների կարգավորման ոլորտում:

Բանավիճելիս լուսավորիչ հրապարակագիրն ի դեմս հակառակորդի տեսնում է ոչ այնքան մոլորված կամ սխալվող տեսաբանի, որքան կրողի եւ պաշտպանի մի վնասակար աշխարհայեցողության, որի տարածումը հասարակության համար կործանարար է որակում: Այս պարագայում արդեն դյուրին անցումը հակառակորդի հայացքներից անձին ծնունդ է տալիս պամֆլետին:

«Հասարակական կյանքի արագացված ընթացքը հրապարակախոսությանը կասկածի եւ տարակուսանքի տեղիք չի տալիս: Հասարակական-քաղաքական այս կամ այն ուղղության համար պայքարում, որը գոյատեւման պայքարի սոսկ բարդացված ձեւն է, հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք ավարտված կամ ճշգրիտ է խնդրո առարկայի հետազոտությունը գիտության կողմից: Ստիպված հաճախ հրապարակախոսն ինքնավստահորեն կանխում է զգուշավոր գիտության եզրահանգումները եւ լուծում է խնդիրներ, որոնք պետք է այս կամ այն կերպ իսկույն լուծվեն» [7]:

Նման դեպքերում լուսավորական հրապարակագրությունը հիմք է ընդունում ոչ այնքան անցյալի փաստերի մանրակրկիտ եւ առարկայական հետազոտությունը, որքան ապագայի իդեալը՝ հրապարակագրին հաղորդելով զգուշավոր գիտությանն անսովոր ինքնավստահություն: [8] Վերացական իդեալականությունից ծագած նման ինքնավստահությունն ու հոգեբանական կեցվածքը, Զոհրապի կարծիքով, արդյունք են քննախույզ գիտական մտածողության աղոտ արտահայտվածության:

«Իբրեւ վիպագիր՝ հաւատք ունի ամեն բանի վրայ. ատով՝ իր իմաստասիրութիւնը կ՚ամրապնդի, երբ մերը՝ ինքնագլուխ քալելու դատապարտուած, կը տկարանայ, կը սայթաքի ամեն վայրկեան» , 467), - գրում է Զոհրապը Սիպիլի դիմանկարում:

Մինչդեռ նոր, բանականության մանրադիտակով ստուգվող հետազոտությունը զուգահեռաբար ուղեկցվում է սկեպտիցիզմով, ճշմարտությանը հասնելու կասկածամտությամբ:

Գիտության զարգացման եւ հասարակագիտության ձեւավորման շնորհիվ աշխարհի նախախնամական եւ լուսավորական պատկերացումներն աստիճանաբար փոխարինվում են, քանի որ բացահայտվում են կյանքն առաջ շարժող այլ պատճառակիրներ, ինչպես նաեւ հասարակությունը դիտվում է որպես զարգացող եւ փոփոխվող, բարեշրջվող համակարգ:

Ի տարբերություն լուսավորական հրապարակագրության, որի համար կյանքից քաղած փաստերը հիմնականում որոշակի գործնական եզրակացությունների հանգելու միջոց են սոսկ՝ նոր գիտական ճանաչողությունը թելադրում է վերլուծական միտք եւ հրապարակագրությունը գիտության հիմքերի վրա ձեւելու անհրաժեշտություն:

«Վերլուծման եւ հետազոտման ոգին մեր ժամանակի ոգին է: Հիմա ամեն ինչ ենթակա է քննադատության, նույնիսկ ինքը՝ քննադատությունը» [9], - գրում է Վ. Գ. Բելինսկին: Ի տարբերություն ավանդական եւ լուսավորական ժամանակների ոգու եւ ըմբռնման՝ գիտական նոր ճանաչողությունը, նոր ժամանակը «ոչինչ չի ընդունում անվերապահորեն, չի հավատում հեղինակություններին»: «Այո, անվերադարձ անցել են մարդկության այն ֆանտաստիկ դարաշրջանի երանավետ ժամանակները, երբ զգացմունքն ու ֆանտազիան նրա բոլոր հարցերին պատասխաններ էին տալիս, եւ երբ վերացական իդեալականությունը նրա կյանքի երանությունն էր: Աշխարհը չափահաս է դարձել. նրան պետք է ո՛չ թե երեւակայության խայտաբղետ գեղադիտակ, այլ բանականության մանրադիտակ ու հեռադիտակ, որոնք մոտեցնում են նրան հեռավորին, տեսանելի դարձնում անտեսանելին» [10], - շարունակում է ռուս քննադատը:

Զոհրապն այն եզակի անհատներից էր, որ քայլում էր ժամանակի հետ, յուրացնում ժամանակի գիտական, իմաստասիրական ճանաչողության բարձրակարգ փորձը եւ, ինչպես Արշակ Ալպոյաճյանն է նշում, հայ իրականություն բերում «իրերը ու դէպքերը տեսնելու ու դատելու մասնաւոր եղանակ»: «Ուրիշին ծալքերը առնելու անտրամադիր իր եսը դէմքերը, դէպքերը կը դիտէր միշտ իր առանձնայատուկ հաեացքովը, եւ կը տեսնէր զանոնք ուրիշի տեսածէն տարբեր» [11], - գրում է նա:

Հանրային կյանքի խնդիրների առնչությամբ հրապարակագրությունը գիտությանը եւ փիլիսոփայությանը մերձեցնելու անհրաժեշտության տեսանկյունից է Զոհրապը գնահատում հայ հրապարակագիրներին, իմաստավորում նրանց գործունեությունն ու ժառանգությունը «Ծանօթ դէմքեր» շարքի դիմանկարներում:

«Երբ դիպուածով կը կարդամ հին օրերէ մնացած տգէտ խմբագրապետի մը բարբաջանքը ի գիր առնուած, արգահատանքով կը լեցուի սիրտս. ոչ, հէք մարդը զինքը շրջապատող նոր միջավայրին գիտակցութիւնը չունի. գիտութեան բոցովը այրած (ընդգծումը մերն է՝ Մ. Գ. ) մոխիր դարձած նախապաշարումներու, անհեթեթ կարծիքներու աւերակին մէջ՝ վտիտ ու սեւցած ծխնելոյզի մը պէս կանգուն է. շատ բան կը փոխուի, կը քանդուի, կը վերաշինուի իր շուրջը, ինքը մինակ կը մնայ պինդ ու ամուր կապուած վաղեմի գաղափարներուն. …» , 141):

Նույն մտահոգությամբ Արփիար Արփիարյանի դիմանկարում գրում է. «Իր մշտնջենական պատիւը պիտի ըլլայ մեր մէջ, իր Օրուան Կեանքերովը, առաջին ինքը տանիլը, մօտեցնելը գրականութիւնը ժողովրդին՝ փոխանակ ժողովուրդը բերելու անխախտ գրականութեան մը անմատչելի բարձունքին: Իրմով սկսած ու քաջալերուած է միշտ այն երիտասարդ գրողներու շարքը որ մեր հրապարակագրութեան այժմու ռամիկ, թէ որ կ՚ուզէք, բայց հասկնալի ու սրտի մօտիկ հանգամանքը տուած են» , 471): «Իր սե՞ռը. բայց սեռ չունենալն է իրենը եւ ահա ասոր համար է, որ գրագէտը (ընդգծումը մերն է՝ Մ. Գ. ) չափելու համար ամեն բաղդատութեան եզր բացարձակ կերպով կը պակսի մեզի» , 469), - նշում է Զոհրապը:

Եվ հակառակը, Հովսեփ Յուսուֆյանի դիմանկարում շեշտադրվում եւ գնահատվում է հատկապես նրա ստեղծագործական ժառանգության գիտականությունը. «…. Իր ջանքը եղած է գիտական յօդուածներով, որ Արեւելքի ամենէն պատուաբեր էջերը կը կազմեն, գիտութիւնը ռամկացնել, հասկնալի ու մատչելի, նոյն իսկ հրապուրիչ ընծայել ամեն անոնց՝ որոնք կը կարծեն թէ չոր ու ցամաք անապատ մըն է ան» , 483):

«Սամաթիացի հրապարակագիրը մեծ գրագէտ մը չէր…. » , 522), - կարդում ենք Օգսեն Խոճասարյանի դիմանկարում:

Երբեմն նաեւ գնահատելով հրապարակագրությանը բնորոշ անձնական-հեղինակային սկիզբը , անձնականությունը, որը փոխանցում է հրապարակագրի խառնվածքն ու գաղափարները պաշտպանելու, դրանց համոզչականություն հաղորդելու տրամաբանական եւ ոճական զինանոցը՝ Զոհրապը, այդուհանդերձ, առանձնացնում է ամենակարեւոր եւ անհրաժեշտ բաղադրիչը՝ գրագիտությունը, որը նշանակում է երեւույթների, փաստերի, իրողությունների գիտականացված ընկալում:

Կյանքի եւ իրականության վերաբերյալ Զոհրապի բոլոր հարցադրումները հանգում են գիտական նոր ճանաչողության ոլորտում բացատրվելու եւ իմաստավորվելու անհրաժեշտությանը:

«Գլխաւոր բանը որ կը պակսի մեզի, մեր յետամնացութեան աստիճանին վրայ ճշմարիտ գիտակցութիւնն է» , 129):

Նման առաջադրումը ենթադրում էր պայքար, բանակռիվ, երբեմն նաեւ մեծ անհատի չհասկացվածության հիասթափություն: Զոհրապը ճանաչողություն էր ներմուծում երեւույթների, կյանքի, մարդու իմացության գիտական, իմաստասիրական նոր պատկերացումներ, որոնք, հաճախ գրական ասուլիսներում կամ հետագա զոհրապագիտության կողմից չընկալվելով համարժեք խորությամբ եւ իմացաբանական պատճառաբանվածությամբ, տեղիք էին տալիս տարակուսանքների, թյուրընկալումների, առարկությունների, հաճախ էլ՝ թյուր բացատրությունների:

Մեծ է մամուլի դերը հասարակական մտքի կազմակերպման գործում:

«…. Օրագիր մը, իր ճշմարիտ կոչումին պատասխանելուն, կը դադրի ասոր կամ անորը ըլլալէ, հանրութեան կը պատկանի ա՛լ, ամբողջ հասարակութեան սեպհականութիւնը կ՚ըլլայ եւ պատճառ մը չի կայ, որ անոր վիճակակից, չի շարունակուի այդ հասարակութեան կեանքին բոլոր տեւողութեամբը՝ իր վրայ անեղծ պահելով դրոշմը բոլոր պատմական անցքերուն» , 412):

Ընդգծելով գիտականության անհրաժեշտությունը՝ Զոհրապը միաժամանակ շեշտում է օրագրության եւ հրապարակագրության կողմից իրենց բարոյական սկզբունքներն անխախտ պահելու կարեւորությունը:

«. Ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտ երեւալ ամենուն. անձնուէր բարեկամներ ու ոխերիմ թշնամիներ կ՚ունենայ միշտ: Իր բարոյական յաջողութիւնը ադով միայն պիտի չափէի: Պէտք է որ մէկը անարգէր զայն ու միւսը՝ յարգէր: Այն ատեն իր գոյութեան պիտի հաւտայի: Կապոյտ կամ սեւ, փոյթ չէ, բայց աչքերուն գոյնը կ՚ուզէի տեսնել: Գամելէոնի այլակերպութիւններէն կը վախնամ. ամեն ճաշակի պատշաճելու ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ» , 217), - Զոհրապը կնքում է «իր հրապարակագրի հանգանակը, խիզախ, յանդուգն ու յարձակող մարդու հաւատամքը» [12], որով էլ միայն չափում է թերթի «բարոյական յաջողութիւնը»:

Նման մթնոլորտից է, ի դեպ, սերվում բանավեճը՝ դառնալով հրապարակագրի համար կենսակերպ:

«Այժմ միանգամայն որոշակի զգում եմ, որ ես ծնվել եմ տպագիր ճակատամարտերի համար, եւ որ իմ կոչումը, կյանքը, երջանկությունը, օդը, սնունդը բանավեճն է» [13], - գրում է Վ. Բելինսկին իր նամակներից մեկում:

«Յեղափոխական մտաւորական մըն եմ» , 96), - խոստովանում է Զոհրապը, որի կյանքը համակ պայքար է եղել, «համակ զարտուղութիւն» , 506):

Գիտականության անհրաժեշտությունն էր մղում Զոհրապին հիշեցնել, որ հրապարակագրությունը պահանջում է պրոֆեսիոնալիզմ: «Արդարեւ ճշմարիտ օրագրութիւնը համոզումի պէս անկեղծ, հաւատքի պէս հաստատ, ու կրօնքի պէս սուրբ է, այնքան՝ որ ներելի չէ ամենուն ձեռք երկնցնել անոր: Պաշտամունք մըն է աս որ իր ծէսերը, արարողութիւնները ունի: Հոն՝ ուխտի մը ձգողութիւնը ու անոյշ անուրջի մը անդիմադրելի հրապոյրը չզգացողները օտարոտի եկամուտներ են եւ չպիտի կրնան բնիկ մը դառնալ…. » , 277):

Հանրային խնդիրները լրագրության էջերում չի կարելի հաստատել կամ բացասել անձնական կամայական տպավորության, անմիջական զգացմունքի, անհատական համակրանքների կամ հակակրանքների հիման վրա:

«. Ինձ դուր է գալիս, դուր չի գալիս» արտահայտությունները կարող են կշիռ ունենալ, երբ խոսքը ուտելիքի, գինիների, վարգուն ձիերի, որսկան շների եւ այլնի մասին է. այս դեպքում կարող են լինել նույնիսկ հեղինակություններ: Սակայն, երբ խոսքը պատմության, գիտության, արվեստի, բարոյականության երեւույթների մասին է, ապա այդտեղ ամեն մի ես, որ դատում է ինքնակամ եւ անապացույց՝ հիմնվելով լոկ իր զգացմունքի ու կարծիքի վրա, հիշեցնում է գժանոցի այն դժբախտին, որ թղթե թագը գլխին՝ փառահեղորեն եւ բարեհաջող կառավարում է իր երեւակայած ժողովրդին, պատժում ու ներում է, պատերազմ է հայտարարում ու հաշտություն կնքում. լավ որ ոչ ոք չի խանգարում նրան այդ անմեղ զգացմունքի մեջ: Քննադատել՝ նշանակում է մասնավոր երեւույթի մեջ փնտրել ու հայտնաբերել բանականության ընդհանուր օրենքները. …» [14]:

Գրիգոր Զոհրապը «Արեւելք»-ի խմբագրապետի (Բյուզանդ Քեչյանի) հրապարակագրությունը որակում է որպես «հակասութեան հազուագիւտ մէկ մարմնացում»:

«Երբեք պաշտպանողական ոգին՝ այսքան յարձակողական մարդու մը մէջ մուտ գտած չէր» , 450), - գրում է նա:

Ո՞րն էր այդ հակասության պատճառը: «Ծայրայեղ արմատականի մը վայելուչ հարուածելու տրամադրութենէն դատելով՝ իր յետախաղաց դեգերումները չեն կրնար իր բուն համոզումը, իր ճշմարիտ դաւանանքը ըլլալ: Բայց երբ կը տեսնենք թէ բարոյականի եւ պահպանողական գաղափարներու այս համոզիչ ջատագովը՝ որ մեր հասարակութենէն դուրս ալ, ամեն կողմ, իր պաշտպանած եւ ջատագոված գաղափարներուն յաղթանակովը կը հրճուի ու պարտութեամբը կը դառնանայ, որ համաշխարհային պարգեւաբաշխութեան հանդէսի մը նախագահին պէս՝ մէկուն մրցանակ եւ միւսին յանդիմանութիւններ կուտայ. այս միամտութիւնը կը զարմացնէ մեզ. …» ( Ա, 451):

Գրիգոր Զոհրապի հրապարակագրության նոր էջը սկսվում է «Հայրենիք»-ի շուրջ նոր եւ «մտասեւեռեալ գաղափարներովը» խանդավառված մտավորականության (որի «ներշնչող հոգին» Արփիար Արփիարյանն էր) խմբվելով: [15]

1891 թվականին Բյուզանդ Քեչյանի «Արեւելք»-ի բացարձակ տիրապետության անկումից եւ պառակտումից հետո պոլսահայ լրագրության մեջ ծնվում են երկու դպրոց, որոնք արմատականորեն հակադրվում են միմյանց: Հետագայում դրանք առավել ինքնորոշվեցին Զոհրապի եւ նրա համախոհների կողմից գրական հանդես ստեղծելու գաղափարով, որն իրականություն դարձավ «Հայրենիք»-ի հրատարակությունից վեց ամիս անց՝ 1892 թվականի հունվարին «Մասիս»-ի հրատարակությամբ՝ խմբագրապետությամբ Գրիգոր Զոհրապի: Հանդեսն իր անդրանիկ հայտարարությամբ ծանուցեց, որ «գրականութիւնը Հայկաբանութեան ուսուցիչներուն եւ Մխիթարեան Հարց չի պատկանիր միայն…. » ( Գ, 92):

Ակնհայտ էր, որ պոլսահայ մշակույթի մեջ եվրոպական գիտության եւ մշակույթի ազդեցությամբ տարբերակված նոր ճանաչողությունն ու նոր աշխարհընկալումը ենթադրում էին մաքառումների եւ պայքարի շրջան «կրթական ու գրական հնոտի համոզումների» դեմ, «ամեն առթիւ պնդելով զարգանալու պէտքին վրայ»: Հանդեսի շուրջ եղածներից «ամենէն բեղունը, եռանդունը, եւ միանգամայն յանդուգն ու ծայրայեղը» [16] Զոհրապն էր:

Իրավացի է գրականության պատմաբանը՝ գրելով, որ Զոհրապի աշխատասիրությամբ լույս տեսնող լրագրերը գտնվում էին հանրության մեծ մասի համար «անմատչելի բարձրութեան մը վրա»: «Արդարեւ 1898-1899-ի Մասիս-Արեւելքը մեր հասարակութեան մտաւոր մակարդակէն վեր ու շուկայիկ բարքերէ հեռու լրագրութեան մը մէկ նմոյշ էր, որ եթէ ընտրելագոյն դասակարգի մը՝ մտաւորականներու կողմէ, գնահատուեցաւ, սակայն հասարակութեան ամէն խաւերէն ներս չկրցաւ թափանցել» [17]:

Զոհրապը հիմնավորում է այդ իրողությունը՝ պատճառաբանելով, որ «Մասիս»-ը գրական հանդես է, եւ «մենք այն կարծիքէն չենք որ մեր շաբաթաթերթը ամենուն հասկնալի, մատչելի հրատարակութիւն մըն է, երբ հրապարակագիրներ կան որ չեն հասկնար զայն, անշուշտ հասարակության մէջ ալ այնպիսինները չպիտի պակսին» , 263):

Իրականում հանրության մտածողությունը, հոգեբանությունը, հետաքրքրությունները դեռեւս մասնավոր, անհատական խնդիրների մտահոգությունից չէին վերաճել ընդհանուրի, հանրայինի. հանգամանք, որը պատմական զարգացման որոշակի աստիճան է ենթադրում:

Ընդունված կարծիքների եւ սխալ ըմբռնումների կեղծիքը սրբագրելը, նախապաշարումները ձաղկելը, «ընկերային վերքերը» մատնանշելը դարձան Զոհրապի հրապարակագրության առանցքը: Այդ ամենին կարմիր թելի պես ուղեկցում էր խնդիրների քննությունը գիտականացնելու մտահոգությունը:

Եվ, իրոք, Զոհրապի հրապարակագրությամբ, լրագրային հոդվածներով գիտական քննության դրվեցին գրական, լեզվական, ֆեմինիստական, կրթական, բարոյական, կրոնական, քաղաքական, իրավական բազմաթիվ խնդիրներ, վիճարկվեցին երբեմն ավանդական, երբեմն արդեն մասնակիորեն ժամանակավրեպ լուսավորական շատ ըմբռնումներ, առաջադրումներ:

Հանդեսի շուրջ խմբված մտավորականությունը կարողացավ լուծել ոչ միայն գրական, այլեւ լեզվական խնդիրներ: «Արդի աշխարհաբարին ոգին կատարելապէս կը տիրէր իր («Մասիս»-ի՝ Մ, Գ, ) մէջ» [18]: Նոր բովանդակությունը թելադրում էր լեզվական նոր մտածողություն: «Հնաւանդ կաշկանդումները եւ կապանքները խզելով, հայերէն լեզուն կարող եղաւ արտայայտել զգալու եւ խորհելու ամեն եղանակները»՝ հանգեցնելով «լեզուական արդիւնաւոր այլափոխման մը» , 92):

«Մասիս»-ի գրական եւ հրապարակագրական քաղաքականությունն ու սկզբունքները շատ որոշակի բանաձեւվեցին Զոհրապի «Տարեդարձ մը» խմբագրականով. «Հաշիւի ու Նիւթի դարու մը մէջ կ՚ապրինք եւ Երազի ու Մտքի դարու զաւակներն ենք: Ուրիշներ դէպի առաջ կը նային ոգեւորուելու նպատակով, մենք դէպի ետ երթալու պարտաւոր ենք շատ հեղ, օրինակելի դաս մը փնտռելու համար: Մեր մէջ, ինչպես ուրիշ տեղեր, Օրագրութիւնն ալ զերծ մնացած չէ այն նիւթապաշտ վարակումէն որ, Պատմութեան մէջ, այս դարուն վերջին կէսին տխուր յատկանիշը պիտի կազմէ:

Ամէն բանի մէջ դրականութիւնը փնտռելու այս ոգին այնքան ծանր ու ընդհանուր մթնոլորտ մը ձեւացուցած է որ երբ, այսօրուան պէս դիպուածով ձեռքէս կ՚անցնին յիսուն տարի առաջ գրուած առաջնորդողներ, որոնց մէջ հրապարակագիրները աւելի կը քարոզեն, քան թէ կը խօսին, լեզուիս ծայրը կուգայ ըսել իրենց.

- Միամիտնե՜ր... » , 276):



[1]      Ս. Շահպազ, Գրիգոր Զօհրապ, Պէյրութ, 1959, էջ 170:

[2]      Առավել համակարգված եւ ամբողջական տե՛ս Ա. Ալեքսանյան, Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը, Ե., 1997:

[3]      «Լումայ», հանդէս, Թիֆլիս, 1904, թիվ 5, էջ 191-192:

[4]      Ա. Ալպօյաճեան, Անհետացող դէմքեր, Գրիգոր Զօհրապ, Կ, Պոլիս, 1919, էջ 117:

[5]      Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955, էջ 133:

[6]      Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, Երուսաղէմ, 1952, էջ 162:

[7] Տե՛ս Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Эфрона, С. -Петербург, 1897, т. 21, стр. 746.

[8]      Տե՛ս նույն տեղում:

[9]      Վ. Գ. Բելինսկի, Փիլիսոփայական ընտիր երկեր, հ. 1, Ե., 1954, էջ 437:

[10]    Նույն տեղում, էջ 438:

[11]    Ա. Ալպօյաճեան, նշված գիրքը, էջ 126:

[12]    Ա. Ալպօյաճեան, նշված գիրքը, էջ 123:

[13]    Գ. Վ. Պլեխանով, Գեղարվեստ եւ գրականություն, Ե., 1949, էջ 250:

[14]    Վ. Գ. Բելինսկի, նշված գիրքը, էջ 441:

[15]    Տե՛ս Ա. Ալպօյաճեան, նշված գիրքը, էջ 99:

[16]    Նույն տեղում, էջ 126:

[17]    Ա. Ալպօյաճեան, նշված գիրքը, էջ 114:

[18]    Ա. Ալպօյաճեան, նշված գիրքը, էջ 103: