Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

Հաջորդ հեղինակը, որն անդրադարձել է Գրիգոր Զոհրապի կյանքին ու գործունեությանը, նրա գործը «մօտէն ուսումնասիրել»՝ «ունենալով գիտակից համակրութիւն մը իրեն (Զոհրապի՝ Մ. Գ. ) հանդէպ» [1], Ստեփան Շահպազն է:

1959 թվականին Բեյրութում լույս տեսած «Գրիգոր Զօհրապ» գրքում նա Զոհրապի գործունեությունը համակողմանի ուսումնասիրության է ենթարկում, ներկայացնում Զոհրապ մարդուն, գրողին, նորավիպագրին, վիպողին, լրագրողին ու հրապարակագրին, բանաստեղծին, ուրվագծողին, հեղափոխականին՝ կիրառելով կենսագրական-հոգեբանական մեթոդը:

Արշակ Ալպոյաճյանից հետո Ստեփան Շահպազը երկրորդ հեղինակն է, որ իր աշխատության առանձին ենթաբաժնում՝ «Հրապարակագիրը եւ լրագրողը» վերնագրով, անդրադառնում է Զոհրապի հրապարակագրությանը:

Սակայն այդ անդրադարձը ոչ թե այդ հրապարակագրության խորը, բազմակողմանի վերլուծություն է, այլ Զոհրապին իր գործունեության եւս մեկ բնագավառում ցուցադրելու, տեսանելի դարձնելու, գնահատելու ջանադրություն:

Առանձին հոդվածների մասնակի վերլուծություններն ուղղված են ապացուցելու կամ բացահայտելու Զոհրապի խառնվածքի, բնավորության հատկանշական կողմերը, համոզմունքներն ու սկզբունքները:

Ի տարբերություն Ալպոյաճյանի, որն իր գրքում առատորեն օգտագործում է ժամանակի մամուլում տպագրված

Զոհրապի հրապարակագրական նյութերը՝ հանդիսանալով դրանց առաջին վերլուծողը եւ գիտական շրջանառության մեջ դնողը՝ Շահպազը հաճախ հանդես է գալիս հոդվածների լրացուցիչ վերլուծությամբ եւ մեկնաբանությամբ՝ հիմնավորումներ բերելով նախորդ ուսումնասիրողների՝ հատկապես

Արշակ Ալպոյաճյանի, ինչպես նաեւ Մինաս Հյուսյանի աշխատություններից, օգտվելով 1945 թվականին Կահիրեում լույս տեսած «Գրիգոր Զօհրապ. Մեր կեանքէն» (Առաջաբանը՝ Հայկ Ժամկոչյանի) ժողովածուից:

Հրապարակագրության դերի մասին Ստեփան Շահպազը գրում է. «Սխալ տեսակէտով մը, մեր մէջ, հրապարակագիրը կամ լրագրողը գրականութեան պատմութենէն դուրս կ՚ուզուի ձգել. կեպով մը՝ հոն «քաղաքացիի իրաւունքը», աթոռ մը, անկիւն մը, չտալ իրեն: Կը դաւանին անոնք, ուրեմն, թէ լրագրական յօդուածները՝ իրենց հրատարակութեան հետեւեալ օրն իսկ դատապարտուած են մեռնելու, մոռցուելու, անհետանալու: Բայց Զօհրապ ասոր հակառակը փաստեց: Իր գրութիւններուն ձեւովը եւ խորքովը» [2]:

Ստեփան Շահպազը Զոհրապի հրապարակագրության մեծագույն արժանիքներից է համարում այժմեականությունը: «Այս յօդուածները այսօ՛ր եւս շահեկան ու այժմէական են տակաւին, բոլո՛րն ալ», - վստահեցնում է հեղինակը եւ հավատարիմ մնալով իր ուսումնասիրության նպատակին՝ շարունակում, - «Զօհրապին տաղանդին մեծութիւնը, փայլը, թարմութիւնը՝ ա՛յս իրողութեան մէջն ալ փնտռելու է. հո՛ս կը գտնուի իր գիւտը. նաեւ այս սուր աչքով մարդուն գաղտնիքը» [3]:

Շահպազը, համաձայն ուսումնասիրության իր նախընտրած՝ կենսագրական-հոգեբանական մեթոդի, հետեւյալ կերպ է մեկնում Զոհրապի տաղանդի գործադրության պատճառակիրները. «Իր տեսնելու, էականն ու տեւականը գրաւելու կարողութիւնը արտակարգ երեւոյթ մը կը կազմէ: Եւ որովհետեւ մարդոց ժեսթերը, շարժումները, հակազդեցութիւնները տեղի կ՚ունենան, կը հիմնուին անոնց տեսակէտներուն, հոգեբանութեան ու շահուն վրայ, Զօհրապ կրցաւ՝ իր այս բնատուր կարողութեանը շնորհիւ համադրութիւններ հանել ու եզրակացնել՝ զանոնք դիտելով, նոյնիսկ եթէ անոնք առօրեայի մաս կազմեն, ու նկատուին, ամէնուն կողմէ, շատ պարզ, շատ հասարակ բաներ» [4] (Ընդգծումները մերն են՝ Մ. Գ. ):

Իսկ «անդամագրուելը» հրապարակագրությանը հետազոտողը բացատրում է պարտականությունը խորապես գիտակցող Զոհրապի էությամբ. «Զօհրապ կը զգար, մանաւանդ որպէս հայ, թէ հանրութեան, բայց ամենէն առաջ իր արենակից հանրութեան հանդէպ ազգային պարտականութիւն մը ունենալը, եւ անիկա չլքեց այս պարտականութիւնը մինչեւ իր եղերական մահը» [5]:

Անդրադառնալով «Մանանա» վերնագրով առաջնորդողին, որտեղ ներկայացված են ճշմարիտ լրագրության վերաբերյալ Զոհրապի հայտնի տեսակետները, ըմբռնումները՝

Շահպազը դարձյալ մատնանշում է Զոհրապի՝ «բովանդակ էութեամբ» պայմանավորված վարքագիծը. «Զօհրապ՝ հարազատօրէն, անկեղծօրէն, իր բովանդակ էութեամբը, հո՛ս է, ներկայ, զգալի, վճռական» [6]:

Նա զուգահեռներ է անցկացնում հայ պարբերական մամուլի պատմության երկու երախտավորների՝ Գրիգոր Արծրունու եւ Գրիգոր Զոհրապի միջեւ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ «մեր մամուլին մէջ նիւթական կացութեան տէր երկու հոգի միայն գտնուեցան հրապարակագրութեան ծառայող. առաջինը եղավ Գրիգոր Արծրունին, որ մեծ հարստութիւն մը ժառանգած էր եւ հայերէն լրագիր հիմնեց, իսկ երկրորդը Գրիգոր Զօհրապ՝ որ եթէ չէր ժառանգած, կը շահէր սակայն մեծ գումարներ, բայց եւ նուիրուեցաւ հայ գրականութեան, եւ աւելին ալ կրնար շահիլ, եթէ երբեք հայ գիրին չծառայէր» [7]:

Շարունակելով համեմատությունը, երկուսին էլ համարելով անվախ, անվերապահ հանդուգն եւ անշահախնդիր լրագրողներ՝ հետազոտողը մի վերապահում է անում. «Գրիգոր Արծրունին միայն իր անկախութիւնը ունէր, բայց անձնական քէնե՛ր ալ» [8]:

Նա Զոհրապին որակում է որպես անզուգական դեմք հայ հրապարակագրության պատմության մեջ եւ դասական համարվելու չափ օրինակելի հրապարակագիր՝ իր անկախ գաղափարներով, անկեղծությամբ, ըմբռնումներով:

Սրբուհի Տյուսաբի «Մայտա» ֆեմինիստական վեպի առիթով Զոհրապի ելույթները Շահպազը գնահատում է որպես մամուլում ծավալված վիճաբանության ու «հակաճառութեան» դասական դարձած օրինակ:

Սակայն նա կարծում է, որ Զոհրապը, «նայելով իր յառաջադիմութիւնը սիրող բնութեան» [9], պետք է պաշտպաներ ֆեմինիզմը, որպես նոր գաղափար, որը պոլսահայ իրականություն էր թափանցել Եվրոպայից:

Ըստ Շահպազի՝ Զոհրապը բուռն կերպով քննադատեց ֆեմինիստական շարժումը, քանի որ «կինը կը նկատէր պարզապէս յետադիմութեան, նախապաշարումի, մոլեռանդութեան կողմնակից ու պաշտպան»: «Ուրիշ կերպ կարելի չէ բացատրել իր ելոյթը՝ այս մասին» [10], - համոզված է նա:

Ուսումնասիրության նախընտրած մեթոդը եւ իմացաբանական մեկնակետը, որոնցով առաջնորդվում է հեղինակը, թույլ չեն տալիս, հատկապես այս խնդրում, վեր հանել Զոհրապի դիրքորոշման իրական պատճառները, համոզմունքի ակունքներն ու տրմաբանական ատաղձը:

Ինչպես ցույց տվեցին հետագա գրականագիտական ուսումնասիրությունները, Զոհրապի կենսափիլիսոփայությունը հնարավոր է բացատրել իմացաբանական այն մակարդակի դիրքերից, որոնք թելադրված են Շոպենհաուերի կամապաշտական եւ պեսիմիստական փիլիսոփայությամբ, ինչպես նաեւ Ռուսսոյի կարեկցանքի փիլիսոփայությամբ:

Ստեփան Շահպազն անդրադառնում է նաեւ Զոհրապի «Անբարոյական գրականութիւն» հոդվածին: Նա պաշտպանում է բարոյականության զոհրապյան ըմբռնումները՝ դրանք համարելով առաջադեմ:

Հեղինակը հատկանշում է այն հանգամանքը, որ Զոհրապն ամենապարզ երեւույթներից կարողանում է հրապարակագրական արժեքավոր նյութեր պատրաստել լրագրական սյունակների համար:

Այս առումով նա հիշատակում է «Շիշլիի ազգային գերեզմանատունը Մեռելոցի կիրակին» հոդվածը՝ մեջբերելով որոշակի հատվածներ, որոնք հրապարակագրական եզրահանգումներ են՝ ծնված գերեզմանատուն այցելությունից: [11]

Ավարտելով իր գրքի՝ «Հրապարակագիրը եւ լրագրողը» բաժինը՝ Շահպազը Զոհրապին ներկայացնում է իբրեւ «գիտակից, քաղաքացիական իր պարտականութիւնները ճանչցող, անկախ ու ազատ» հրապարակագիր, որը «սիրեց յառաջադիմութիւնը, ճշմարիտը, գեղեցիկը, ճաշակը, մարդիկը, բարեկամութիւնը. պաշտպանեց անիրաւուածները, ազգային շահերը. եղաւ քաջ, յանդուգն, անվախ, առանց յետին միտքի, անկաշառ» [12]:

Ստեփան Շահպազի այս աշխատությունը չի ընդգրկում Զոհրապի հրապարակագրական ժառանգության համակարգված եւ հանգամանալից վերլուծություն՝ ասպարեզ թողնելով հետագա ուսումնասիրողների համար:

Զոհրապի գեղագիտական հայացքներին հեղինակն անդրադարձել է թե՛ առանձին բաժնում՝ «Զօհրապին մտածումները իր արուեստի գործերուն մէջ», ե՛ւ թե մյուս բաժիններում՝ մասնակիորեն:

«Յօդուածի մը, նոյնիսկ առօրեայ ամենէն պարզունակ յօդուածի մը խմբագրութեան ատենն անգամ՝ Զօհրապին մէջ կը յայտնուի վաւերական արուեստագէտը. ինչպէս ե՛ւ իր գրականութեան մէջ, իր արուեստի ստեղծագործումներուն մէջ, կը յայտնուի մտածողը, գաղափարի մարդը, խորքին կապուած գրիչը: Այս երկու երեսները կարելի չէ իրարմէ զատել, իր որեւէ մէկ գրութեան մէջէն» [13], - համոզված է հեղինակը:

Սակայն նա կարծում է, որ մտածող Զոհրապին գտնելու համար անհրաժեշտ է դիմել նորավեպերին, քանի որ նրա գաղափարները, ըմբռնումները երեւում են գեղարվեստական երկերի մեջ:

Ըստ Շահպազի՝ Զոհրապը շատ սիրեց գրականությունը, որի միջոցով ցանկացավ արտահայտել իր մտքերն ու տեսակետները մարդկանց ու նրանց գործունեության վերաբերյալ, իսկ նորավեպերը հրատարակեց երեք առանձին հատորներով եւ տվեց վերնագրեր՝ «Լուռ ցաւեր», «Կեանքը ինչպէս որ է» եւ «Խղճմտանքի ձայներ», որոնք արդեն իսկ գաղափարներ են: [14]

Շահպազը Զոհրապի նորավեպերն առանձնացնում է ըստ նրանցում արտահայտված հիմնական գաղափարների, որոնցից մեկը՝ ազատությունը, մղում է ճշմարտություն փնտրելու, ստուգելու, հետո՝ պաշտպանելու կամ հարձակվելու, պաշտպանելու տկարին, հարվածելու անարդարին, պարսավելու անհավասարությունները:

Պատվի, բարոյականության եւ պարտականության վերաբերյալ Զոհրապի տեսակետները եւս հեղինակը «պեղում է» նորավեպերում. «Ես պատիւը մարդոց իրարու օգտակարութեան մէջ կը տեսնեմ միայն. այն մարդը որ իր նմաններուն ամենէն աւելի օգտակարն է՝ ամենէն պատուաւոր մարդն է ինծի համար» , 273): [15]

Հետազոտողի աչքից չի վրիպում Զոհրապի հպարտության զգացումը, որը նրա շատ հերոսների առավելությունն է, առաքինի վարքագիծը պայմանավորող կողմերից մեկը: Ըմբոստությունը եւ հեղափոխական խառնվածքը, որ բնավ խորթ չեն Զոհրապին, նրա հերոսներից անպակաս են:

«Մարդոց տգեղ արարքները, անարդարութիւնները, նախապաշարումը, մոլեռանդութիւնը միշտ ալ զինքը ըմբոստացուցած են» [16], - փաստում է Շահպազը:

Նորավեպերում արտացոլված են նաեւ Զոհրապի «սկեպտիկ, հեգնող» միտքը, դիտելու կարողությունը եւ փորձառությունը, որոնց դրսեւորումները մատնացույց է անում հետազոտողը:

«Հանդէպ Գեղեցիկին՝ Զօհրապ տկարութիւն մը, պաշտում մը ունեցած է: Սիրած է ամէն ինչ որ գեղեցիկ կ՚երեւար իրեն: Այս կը վկայեն՝ իր բոլոր երկերը, մտածումները, անձնական ապրումը: Ներած է, լայն միտքով դիտած է ամէն անգամ, որ վայելչութեամբ, ճաշակով ու գեղեցկօրէն կատարուած են դէպքերը, ըսուած խօսքերը» [17], - այսպես է պատկերում Ստեփան Շահպազը գեղեցիկի ընկալման զոհրապյան համակարգը:

Նա մատնանշում է, որ ամուսնական բարքերի քննադատությունը եւս տեղ է գտել Զոհրապի ստեղծագործություններում, շահի վրա հիմնված, անհամապատասխան ամուսնությունները հայտնվում են գրողի քննադատության նշավակին:

«Հին ատեններէն եկող ու արմատացած, լայնօրեն արմատացած, տարածուած այս ցաւերուն վրայ քիչ չէ խորհած անիկա (Զոհրապը՝ Մ. Գ. [18], - եզրակացնում է Շահպազը եւ ավելացնում. - «. Նախապաշարումները, մոլեռանդութիւնը կ՚ատէր իր ամբողջ հոգիովը: Կրօնական մոլեռանդութիւնը՝ մանաւանդ, միշտ ձաղկեց ու քննադատեց» [19]:

«Զօհրապ՝ ինք, հաւատացեա՞լ էր», - իր իսկ հարցին Շահպազը փորձում է պատասխան տալ. «Անկասկած կը հաւատար Աստուծոյ: «... Չէ բացատրած, սակայն, թէ ինչո՛ւ կը հաւատար Աստուծոյ: Թերեւս պէտքը չէ զգացած: .

Զօհրապ կը հաւատար նաեւ եկեղեցիին: Եւ սիրած է հա՛յ եկեղեցին…. ե՛ւ հայ եկեղեցականերէն անոնք, որ եղած են՝ ազգասէր, անկաշառ, անկախ…. ու աղաներու ամէն քմահաճոյքին գլուխ չծռող» [20]:

Շահպազը, ամփոփելով իր աշխատության հերթական բաժինը, գրում է, որ Զոհրապի ստեղծագործություններն իբրեւ արվեստի գործեր ամբողջական են եւ ենթակա չեն

«սրբագրութեան» կամ «մկրատի», «.... ինչքան ալ տեղ տեղ աւելորդ կերպով, «Լուռ Ցաւեր»ու հեղինակը արտայայտած ըլլայ, իր արուեստի գործերէն ներս, գրական թերութիւն, կամ գրական խորթութիւն նկատուող ձեւերուն մէջ, մտածումներ եւ մինչեւ անգամ բացատրութիւններ, որոնց պէտք չունէին իր երկերը: Եւ, սակայն, ասիկա չվնասեց իր արուեստին՝ ընդհանրապես, որովհետեւ ճապաղութեան եւ դանդաղութեան մէջ չինկավ. եւ ինպէս ինք կ՚ըսէ. «վայելցնելը՝ մեծ ու գուցէ ճշմարիտ արդարացումն է»: Ասիկա իր գրական գաղտնիքը եղաւ» [21]:



[1]      Տե՛ս Ս. Շահպազ, Գրիգոր Զօհրապ, 1959, Պէյրութ, էջ 289:

[2]      Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 163:

[3]      Նույն տեղում, էջ 164։

[4]      Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 164:

[5]      Նույն տեղում, էջ 165։

[6]      Նույն տեղում, էջ 166։

[7]      Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 169:

[8]      Նույն տեէում, էջ 168-169։

[9]      Նույն տեղում, էջ 171։

[10]    Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 171։

[11]    Տե՛ս նույն տեղում, էջ 175։

[12]    Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 176:

[13]    Նույն տեղում, էջ 250։

[14]    Տե՛ս Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 252:

[15]    Տե՛ս նույն տեղում, էջ 256։

[16]    Նույն տեղում, էջ 260

[17]    Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 267:

[18]    Նույն տեղում, էջ 273։

[19] Նույն տեղում, էջ 276։

[20]    Ս. Շահպազ, նշված գիրքը, էջ 275-277:

[21]    Նույն տեղում, էջ 285։