Հեղինակ

Բաժին

Թեմա

3. Յովհաննէս Երզնկացի-Ծործորեցի

Միջնադարեան հայ մատենագիրները քաջ տեղեակ էին, որ XIII-XIV դդ. ապրել ու ստեղծագործել են երզնկացի երկու Յովհաննէսներ՝ Պլուզը եւ Ծործորեցին։ Հայ մեկնիչների սի ցանկի մէջ, օրինակ, գրուած է. «Զքերականն բազումք (մեկնեցին), բայց յետոյ Յոհաննէս վարդապետն Եզնկացին, յետ նորա՝ Եսային, յետ նորա՝ Յոհաննէս Ծործորեցին» [1], իսկ Ղ. Ջահկեցին ոչ միայն տարանջատում է նոյնանուն այդ երզնկացիներին, այլեւ համառօտակի ներկայացնում դրանցից իւրաքանչիւրի գրական վաստակը՝ վերջինիս մասին գրելով. «Յոհաննէս Ծործորեցին, այլ քաջուսումն եւ մտապերճ։ Սա մեկնեաց զԱւետարանն Մատթէոսի պարզ եւ դիւրահաս ոճով, եւ մեկնեաց զքերականութիւնն» [2] ։

Մ. Չամչեանն էր հաւանաբար առաջինը, յանիրաւի միաձուլելով նոյնանուն այդ գործիչներին, կեանքի կոչեց անգոյ մի մատենագիր՝ Յովհաննէս Երզնկացի-Պլուզ-Ծործորեցի եռայարկ մակդիրներով, որ ապրել է, իբր, շուրջ մէկ դար, կեանքի վերջին տասնամեակներում հրաժարուել գաղափարական իր սկզբունքներից ու կնքել իր մահկանացուն որպէս Կաթոլիկ եկեղեցու սպասաւոր [3] ։ Այսպէս են պատկերացրել Յովհաննէս Երզնկացու կեանքն ուգործունէութիւնը եւ Գ. Զարպհանալեանը, եւ Ղ. Ալիշանը, եւ նրանց հետեւող բոլոր բանասէրները՝ մինչեւ վերջին տարիներս, երբ միացեալ ջանքերով լուծուեց այդ թիւրիմացութիւնը, Պլուզ եւ Ծործորեցի կոչուած Յովհաննէսների կրկին տարանջատումներով [4] ։

Յովհաննէս Պլուզ-Երզնկացու մասին գրուել են արդէն լուրջ ուսումնասիրութիւններ, որոնց մէջ տրուել է բազմավաստակ այդ մատենագրի երկերի գրեթէ ամբողջական ցանկը, հրապարակուել են նրա չափածոյ ստեղծագործութիւնների մեծ մասը եւ այլ գործեր։

Անհամեմատ քիչ աշխատանք է կատարուած Ծործորեցի Յովհաննէսի կենսագրութեան եւ գիտա-մանկավարժական գործունէութեան կարեւոր դրուագների բացայայտման ուղղութեամբ։ Ա. Սրապեանը, ուսումնասիրելով XIV դ. յիշատակարանների հրապարակուած ժողովածուն, նշել է, որ նրա կենսագրութեան հնագոյն տուեալը 1302 թ. -ից է եւ որ նա Ծործորեցի մականունն է ընդունել 1314 թ. յետոյ [5] ։ Հ. Քիւրդեանը Վենետիկի Մխիթարեանց մատենադարանի 2019 ձեռագրում գտել է «Խոստովանութիւն գաղտնեաց», «Խրատ ոգեշահք վասն զղջման եւ արտասուաց» եւ այլ խորագրերով մի քանի չափածոյ գործեր, որոնց հեղինակն է ոմն Յովհաննէս Երզնկացի՝ «որոյ գիւղն Պարկանց կոչի»։ Նոյն ձեռագրի մէջ գտնւում են նաեւ նոյն Յոհվաննէսի խնդրանքով Գեւորգ վարդապետի գրած ինչ-որ մեկնութիւններ։ Այս Գեւորգին նոյնացնելով նշանաւոր Գեւորգ Սկեւռացու հետ (մհ. 1301 թ. ), Քիւրդեանը ենթադրել է, որ Պարկանցի Յովհաննէսն էլ ոչ եյլ ոք է, քան ինքը՝ Ծործորեցի Յովհաննէսը, որ մինչեւ Արտազում հաստատուելը, իր ծննդավայր գիւղի անունով կոչուել է Պարկանցի [6] ։

Հարկ է նշել, որ փաստական ոչ մի հիմք յղչունենք ի հաստատութիւն այս նոյնացումների։ Ծործորեցին մինչեւ Արտազի համանուն վանք տեղափոխուելը երալ է մի շարք յիշատակարաններ, որոնցից եւ ոչ մէկում իրեն Պարկանցի չի կոչել, իսկ մի յիշատակարանում, ինչպէս կտեսնենք ստորեւ, աստուած է ուղղակի, որ նա «էր ի հռչակաւոր քաղաքէն Երզնկայ կոչեցեալ»։ Անընդունելի է նաեւԳեւորգ վարդապետին Սկեւռացու հետ նոյնացնելը, որը Երզնկային կողմերում երբէք չի գործել [7] ։ Կարծում ենք ուստի, որ վերոյիշեալ ձեռագրի մէջ յիշատակուած վարդապետը՝ նշանաւոր Գեւորգ Երզնկացին է (մհ. 1406 թ. Յովհան Որոտնեցու աշակերն ու Գրիգոր Տաթեւացու դասընկերը, որ XIV դ. վերջին Երզնկային մօտ գտնուող Կապոսի վանքում դպրոց էր հիմնադրել եւ իր շուրջ համախմբել ուսման կարօտմի տասնեակ աշակերտների։ Հաւանաբար սրանցից մէկն էր սխալմամբ Յովհաննէս Ծործորեցու հետ նոյնացուած Յովհաննէս Պարկանցին [8] ։

Յովհաննէս Երզնկացին, իր իսկ վկայութեամբ, եղել է «երջանիկ վարժապետ» Եսայի Նչեցու աշակերտը։ Գլաձորի համալսարանում սովորելու տարիներին ընդօրինակել է մի քանի ձեռագիր, բոլորն էլ իմաստասիրական ուշագրաւ նիւթերի ժողովածուներ։ 1298 թ. «ի գաւառիս Վայոց ձոր, ի վանս Գլաձոր» արտագրել է Մ. Խորենացու խմբագրած ճարտասանական գիտելիքների ձեռնարկը՝«Պիտոյից գիրքը», որի յիշատակարանում իրեն կոչում է «յոգնամեղ ծառայ... աշակերտ բանի» [9] ։ Չորս տարի յետոյ՝ 1302 թ., նոյն վայրում («ի սուրբ եւ ի գերահռչակ ուխտն Գլաձոր անուանեալ, որ է երկրորդ Աթէնս»)։ Յովհաննէսն ընդօրինակել է Ներսէս Լամբրոնացու «Մեկնութիւն սաղմոսաց» աշխատութեան մի մասը. յաջորդ մասի գրիչ Մկրտիչը իր գործընկերոջը ներկայացնում է ոչ որպէս «բանի աշակերտ», այլ «սպասաւոր... բանի մերձ ի կատարելութիւն», այսինքն՝ վարդապետական աստիճան ստանալու նախադռանը կանգնած մի անձնաւորութիւն [10] ։ Մէկ տարի անց Յովհաննէս Երզնկացին յիշատակւում է արդէն որպէս վարդապետ. նրա աշակերտներից մէկը, որի անունը ցաւօք անյայտ է մնում, նրա պատուէրով ընդօրինակում է քերականագիտական, բնագիտական եւ իմաստասիրական արժէքաւոր յօդուածների մի ժողովածու, որի յիշատակարանում դրուատում է իր ուսուցչին, ընդգծելով գրչութեան արուեստի մէջ նրա քաջավարժ լինելը [11] ։ Յաջորդ տեղեկութիւնը մեր գործչի մասին ստանում ենք 1306 թ. Գլաձորի վանքում իր իսկ ընդօրինակած ձեռագրի չափածոյ եւ արձակ յիշատակարաններից։ Ձեռագիրը պարունակում է ուշագրաւ եւ հազւագիւտ բնագրեր՝ Ստեփանոս Սիւնեցու եւ Նանա վարդապետի գրած «Յովհաննու Աւետարանի մեկնութիւն»-ները, Անդրէաս Կապադովկացու «Մեկնութիւն Յայտնութեան Յովհաննու» աշխատութիւնը եւ այլ հետաքրքրական բնագրեր։ «Դարձեալ, - գրում է Յովհաննէս վարդապետն իր աշխատանքի մասին, - յիշեսջիք ի Քրիստոս եւ զիս՝ զտարժանեալ մեղսաներկ ոգիս՝ զնուաստ Յով[աննէս] Եզընկայեցի սպասաւոր բանի, որ յարեալ ցանկութեամբ սիրոյ ի փափաք սորին, գրեցի իմով իսկ տխեղծ մատեամբս ի մխիթարութիւն վշտացեալ հոգւոյ իմոյ, եւ ի վարժ կրթութեան երկասէր անձին բանասիրի, եւ ի յիշատակ արձանի հոգւոյ իմոյ ամենայն նախնեաց» [12] ։

Հաւանաբար հէնց այս տարիներին «ի դառն գաղափարաց ստուգեալ», այսինքն վերծանելով դժուարընթեռնելի ձեռագրեր ու սրբագրելով աղաւաղուած տողերը, Յովհաննէս Երզնկացին ընդօրինակել է եւս մի ձեռագիր, որը պարունակում է Վահրամ Րաբունու Փիլիսոփայակակն երկերը, Գր. Նարեկացու «Ողբերգութեան մատեանի», Կիւրեղ Աղեքսանդրացու «Պարապմանց գրքի», Գրիգոր Նիւսացու եւ Աստուածաբանի աշխատութիւնների լուծմունքներ եւ այլ հետաքրքրական նիւթեր [13] ։

Սրանք են Յովհաննէս Երզնկացու նախածործորեան շրջանի մասին առկայ տեղեկութիւնները։ Դրանք համադրելով պարզւում է, որ նա, ծնուել է շուրջ 1270-ական թթ. Երզնկա քաղաքում, XIII դ. վերջին տարիներին սովորել է Գլաձորում. վարդապետական գաւազան է ստացել 1302-1303 թթ. ու դարձել նշանաւոր ուսումնական այդ հաստատութեան ուսուցիչ, Եսայի րաբունապետի օգնականներից մէկը, այդ պաշտօնում մնալով, հաւանաբար, մինչեւ Ծործորի վանք տեղափոխուելը։

Գլաձորում սովորելու եւ աշխատելու տարիներին Յովհաննէսն ընդօրինակել է մի շարք ձեռագրեր. դրանցից առնուազն չորսն հասել են մեզ ու վկայում են գրչի լայն հետաքրքրութիւնների մասին։ Նա, մասնաւորապէս, ուշադրութիւն է դարձնում գիտական եւ իմաստասիրական ծանրակշիռ աշխատութիւնների վրայ, որոնցից վերծանման եւ ընդօրինակման համար ջանքեր չի խնայում։

Որոշակի տուեալներ չունենք պարզելու, թէ երբ եւ ինչ պարագաներում է Յովհաննէս Երզնկացին Սիւնիքից Արտազ փոխադրուել եւ հաստատուել Ծործորի վանքում, բայց գիտենք, որ այդ տեղի է ունեցել 1314 թ. առաջ։ Հէնց այդ թուականին «Ճանճին խուղ» կոչուած ինչ-որ վայրում Խաչիկ անունով մի գրիչ օնդօրինակել է իմաստասիրական ու մեկնողական նիւթերի հարուստ մի ժողովածու, որի մէջ տեղ է յատկացրել նաեւ մեր Յովհաննէսի երեք քարոզներին, դրանցից առաջինի խորագրում՝ Երզնկացի կոչմանն առընթեր՝ դնելով նաեւ «որ եւ Ծործորեցի» որոշիչը [14] ։

Ծործորեան շրջանի առաջին տարիները գիտական վաստակի առումով Յովհաննէսի համար բեղմնաւոր չեն եղել։ Մեր վարդապետի կեանքում, ինչպէս կտեսնենք ստորեւ, դարձակէտային նշանակութիւն է ունեցել 1316 թ. նրա շուրջ համախմբուել են, ինչպէս ինքն է ասում՝ «բանասէր անձինք ի յուսումն կրթութեան աստուածաշունչ տառից լսողութեան», եւ նա, իրագործելով ուսումնական իր ծրագիրը եւ գոհացում տալով ուսումնասէր աշակերտների հարցասիրութեանը, շարադրել է իր աշխատութիւնները՝ գիտական մեկնութիւններ, քարոզներ եւ այլ գործեր։

Ստորեւ որոշ հերթականութեամբ ներկայացնում ենք Յովհաննէս Ծործորեցու մեզ յայտնի բոլոր աշխատութիւնները, անհրաժեշտ տեղեկութիւններ հաղորդելով իւրաքանչիւր բովանդակութեան, գրութեան հանգամանքների, գիտական ու ճանաչողական նշանակութեան եւ յարակից հարցերի մասին։

ա. Համառօտ տեսութիւնք քերականի

Ամբողջական խորագիրն է «Նուաստ վարդապէտի Յոհանիսի Եզընկայեցւոյ, որ եւ Ծործորեցի, արարեալ համառօտ տեսութիւն քերականի» [15] ։

Գրութեան հանգամանքների մասին ակնարկներ կան աշխատութեան սկզբում զետեղուած փոքրիկ յիշատակագրութեան մէջ [16] եւ ընծայական-վերջաբանում, այստեղ, հաւանաբար դիմելով պատուիրատու Վարդանին, հեղինակը գրում է. «Յորմէ տեղեկացեալքոներհուն հմտութեամբ ի սակաւ աշխատութենէս բարձօղդ արուեստիս՝ մի անճաշակ զմերս թողցես փափագ, այլ յիշմամբ բարոյն ի տէր եւ զմեզ մասնաւորեսցես յագեցումն ի Քրիստոս Յիսուս ի տէր մէր, որ է օրհնեալ ընդ հօր եւ արարչակից հոգւոյն իւրոյ, որպէս էրն ի սկզբանէ եւ այժմ եւ յանբաւ յաւիտեանս» [17] ։

Քերականութեան այդ դասագրքի հիմքում դրուած օ Յովհանէս Պլուզի համահաւաք «Մեկնութիւն քերականին», որ աղբիւր է հանդիսացել նաեւ Եսայի Նչեցու, Առաքել Սիւնեցու եւ այլ քերականագէտների համար։ Նիւթի ընդգրկման առումով հետեւելով իր մեծանուն հայրենակցին, Ծործորեցի դարձած վարդապետը տարբերւում է յունաբան հայերէնով շարադրուող նախկին քերականագէտներից իր պարզ լեզուով ու յստակ ձեւակերպումներով. «Եթէ նոյնիսկ, - գրում է այդ կապակցութեամբ Լ. Խաչիկեանը, - առանձին նախադասութիւնների բառային կազմը նրա իմա՛ Ծործորեցու» մօտ հիմնականում նոյնն է լինում Երզնկացու (իմա՛ Պլուզի) համեմատութեամբ, ապա դրանց շարադասութիւնը ամբողջութեամբ փոփոխութեան է ենթարկւում համապատասխանեցուելով ժամանակի լեզուամտածողութեանը [18] ։

Այս երկի գիտական արժանիքների գնահատականը թոնելով լեզուաբաններին, նշենք այստեղ, որ Յովհաննէս Ծործորեցին մեծ ճիգ է գործադրել Դիոնիսիոս Թրակացու եւ նրա հայ մեկնիչների ժամանակավրէպ դատողութիւններից ձերբազատուելու եւ ժամանակի գիտական պատկերացումներին համապատասխան եւ ուսումնական նպատակների համար դիւրամատչելի մի ձեռնարկ ստեղծելու համար։

Աշխատութիւնը արժէքաւոր է նաեւ հեղինակի փիլիսոփայական հայեացքների ուսումնասիրութեան առումով։ Մասնաւորի (անհատի) եւ ընդհանուրի (տեսակի) յարաբերակցութեան հարցը քննութեան նիւթը դարձնելով, մեր հեղինակը մերժում է Պլատոնի իդեալիստական տեսակէտը, պաշտպան կանգնելով Արիստոտելին. «Յայսմ տեղւոջ, - գրում է նա, - արուեստաւորս (իմա՛ Դիոնիսիոս Թրակացին) Արիստոտելի կարծեացն հետեւի, որ զանհատն պատուական եւ առաջին գոյացութիւն վարկանի, քան զտեսակն, թէպէտ Պղատոն զառասականն [19] ասաց առաջին, իբրեւ թէ ի տեսակաց ոմանց տիրական գաղափարեալս ըստ ժամանակի։ Բայց Արիստոտել զիսկն ասելով, թէ տեսանելն հաստատուն է քան զլուրն, որպէս զարեգակն ոչ ոք կարէ ժխտել, որ է անյայտ, իսկ զաներեւելի ինչ՝ բազումք, վասն որոյ եւ սա նախադասեաց առասականին» [20] ։

«Յամառօտ տեսութիւն քերականին» աշխատութեան մէջ ուշագրաւ տուեալներ կան հատկապէս պնդելու, որ Յովհաննէս Ծործորեցի վարդապետը քաջ լեզուագէտ է եղել, տիրապետել է յունարէն, լատիներէն, թերեւս նաեւ պարսկերէն լեզուներին [21] ։

 

բ. Մեկնութիւն Մատթէի Աւետարանին

Հեղինակային ընդարձակ խորագիրն՝ այսպէս է. «Լրումն թերոյն համառօտ տեսութեամբ սրբոյ յԱւետարանին որ ըստ Մատթէի, հաւաքեալ նուաստ վարդապետի Յովհաննու Երզնկայեցւոյ, որ եւ ասի Ծործորեցի»։

Ներսէս Շնորհալին, մինչեւ կաթողիկոսանալը, սկսել էր մեկնել Մատթէոսի Աւետարանը, հասնելով մինչեւ V գլխի 17-րդ համարը. կարեւոր այդ աշխատանքն ինչ-ինչ պատճառներով անկատար էր մնացել. որոշ փորձեր կատարուել էին շարունակութիւնը լրացնելու, բայց անյաջող։ Նկատի ունենալով այդ եւ ընդառաելով Ծործորի վանքում իր շուրջ համախմբուած աշակերտներին՝ Յովհաննէս Երզնկացին 1316 թ. լրացնում է այդ թերին, իր կատարածի մասին գրելով ընդարձակ յիշատակարան, որի կարեւոր մասը մէջ ենք բերում ստորեւ. «... Ես՝ նուաստս ի Քրիստոս եւ յետինն յորդիս Սիոնի՝ ապիկար ոգիս Յոհաննէս Եզնկայեցի սպասաւոր բանի, բնակեալ ի վիճակ սուրբ առաքելոյն Թադէոսի, ի Վանս Ծործորու կոչեցեալ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս, այլ եւ ժողովեալ առ մեզ բանաէր անձինք ի յուսումն կրթութեան աստուածաշունչ տառիս լսողութեան, յորոց յորդորմանէ եւ ի փափաքելի խնդրոյ եդեալ ի մտի առնել հաւաքումն մեկնութեան սրբոյն աւետարանին Մատթէի, լնլով զթերի նորին ըստ կարողութեան իմում» [22] ։

Ղ. Ալիշանի հեղինակաւոր կարծիքով՝ Շնորհալու թերին լրացնողը մեծատաղանդ բանաստեղծի «անուշ գրչէն հեռու չի մնար», այսինքն՝ կարողացել է ստեղծել համահաւասար մակարդակի աշխատութիւն [23], իսկ Ներսէս Տէր-Ներսէսեանի վկայութեամբ՝ նա «հմուտ է աստուածաբանական եւ բարոյական հարցերու» [24]. ի լրումն կարող ենք աւելացնել, որ Մատթէոսի մեկնութեան Ծործորեցու բաժինը, կեանքի տարբեր բնագաւառներից քաղուած հետաքրքրական օրինակներ պարունակելով, օգտակար նիւթ է ընձեռում պատմաբաններին՝ ուսումնասիրելու ժամանակի սոցիալ-տնտեսական այլազան երեւոյթները։ Մի առիթով նա յայտնում է, որ «գոն յաշխարհի ըստ քաղաքի-քաղաքի սովորութիւն՝ տալ զարծաթն ի սեղանաւոր շահի», մի այլ առիթով արձանագրում, որ շատերը տրտնջում են եւ, նոյնիսկ, մեղադրում Արարչին՝տեսնելով սոցիալական անարդարութիւններ, տեղեկութիւն է հաղորդում վարձկան հնձուորներին տրուող աշխատավարձի եւ կերակուրի մասին, լլկիչ ու հալածիչ համարում օտարերկրեայ բռնակալներին, որոնք «կեղեքեն զկեանս մեր դառնութեամբ եւ ապա ի հայրենեաց մերոց արտալածեալ վարեն» եւ այլն։ Այստեղ կարելի է գտնել նաեւ անսպասելի բնագաւառների մասին ուշագրաւ տուեալներ, որոնցից է, օրինակ, մրգերի բարձրորակ տեսակներ ստանալու եղանակի նկարագրութիւնը, անշուշտ քաղուած հայ այգեգործներիկենցաղից. «Թողում ասել եւ զայն, - գրում է նա, - թէ եւ զանբան բնութիւն տնկոց կարեն մարդիկ ի հաւանութիւն ածել, որպէս զթթուութիւն նռան քաղցրացուցանեն եւ կամ զդառնութիւն նշի անուշացուցանէն ի ձեռն արուեստին, զի զբեւեկնի եպերկես փայտ վարսեալ ուռամբ յարմատս ասացեալ տնկոցդ՝ փոփոխեն զբնութիւն» [25] ։

Մինչ «Մեկնութիւն Մատթէի Աւետարանին» աշխատութեան մասին մեր ասելիքն աւարտելը անհրաժեշտ է անդրադառնալ Ներսէս Տեր-Ներսէսեանի «Պատարագ վասն ննջեցելոց» յօդուածին, որի 12-րդ բաժինն ամբողջապէս նուիրուած է Յովհաննէս Ծործորեցու դաւանաբանական հայացքների վերլուծութեանը։ Յարգելի բանասէրը իրաւամբ նշում է, որ նդրոյ առարկայ աշխատութեան Կ. Պոլսի տպագրութեան մէջ կատարուել են աղճատումներ՝ կոծկելու համար հեղինակի Կաթոլիկ եկեղեցու դաւանանքին յարած լինելը, բայց ինքն էլ շեղւում է ճշմարտութիւնից, երբ Ծործորեցուն ներկայացնում է որպէս Հայոց եկեղեցու դաւանաբանական սկզբունքների ջատագով [26] ։ Նա հաշուի չի առնում, որ Արտազ տեղափոխուելուց եւԶաքարիաեպիսկոպոսի կուսակիցը դառնալուց յետոյ՝ այսինքն դոմինիկեան քարոզիչների Հայաստան ներթափանցելուց շուրջ մէկ տասնամեակ առաջ, Յովհաննէս վարդապետի արդէն ծառայագրուել էր ունիթորական շարժմանը՝ ձայնափողը դառնալով Կաթոլիկ եկեղեցու։

 

գ. Մեկնութիւն մարգարէութեանն Դանիէլի

Այս մեկնութեան մատենադարանեան բնագիրը (ձեռ. 1187, էջ 305ա-379բ)՝ սկզբից եւ միջին մասերից թերի է [27], բայց վերջում ունի ընդարձակ յիշատակարան. գրութեան հանգամանքների մասին տուեալներ կան նաեւ աշխատութեան միջին մասերում. Նեռի գալստեան եւ աշխարհի կործանման կանխագուշակումների կապակցութեամբ արուած դատողութիւններից յետոյ։ Ըստ այդ տուեալների՝ շարադրուած է 1316 թ., Ծործորի վանքում Վարդան վարդապետի խնդրանօք [28], նախորդ մեկնիչների՝ Հիպողիտի, Եփրեմի եւ Վարդան Արեւելցու աշխատութիւնների քննական օգտագործման ճանապարհով )ինչպէս ինքն է ասում՝ «յղկեալ ըստ չափու տարազու մտաց մերոց»)։

Միջնադարեան ընթերցողի համար այս մեկնութիւնը զգալի հետաքրքրութիւն էր ներկայացնում, մանաւանդ իր այն մասերով, որոնց մէջ տեղեկութիւններ կան գրանցուած Հին Արեւելքի պատմութեան եւ առասպելաբանութեան մասին՝ ի լրումն Հին Կտակարանի մէջ առկայ պատմութիւնների։

Աքեմէնեան Իրանի մասին, օրինակ, ի թիւս այլ տուեալների ասուած է նաեւ հետեւեալը. «Յետ Կիւրոսի յարեաւ Դարեհ, ապա Արտաշէս Ուշեղ, ապա Արտաշէս Քսերքսէս, եւ չորրորդն մեծասցի (՞) յետին Դարեհ, որ յարեաւ ի վերայ թագաւորութեանցն Յունաց, զօր սպան Աղեքսանդր՝ որդի Փիլիպոսի, եւ եբարձ զթագաւորութիւնն պարսից, որ տեւեաց ամս Մլ (230) [29] ։ Բայց գիտել պարտ է, զի նշանաւորսն ասաց Դ. թագաւոր, ապա թէ ոչ՝ չորեքտասան թագաւոր նստան Կիւրոսիւ եւ վերջին Դարեհիւ աթոռն Պարսից, որ զօրաժողով եղեւ ի վերայ Աղեքսանդրի» [30] ։

Ծործորեցին մի երկու տեղ փորձ է կատարում Հին Արեւելքի պատմութեան առանձին դրուագների մասին Աստուածաշնչի եւ թարգմանական պատմական երկերի մէջառկայ տուեալները շաղկապելու հայոց հին պատմութեան իրեն յայտնի տուեալների հետ։ Բէլի մասին խօսելիս, օրինակ, նա անհրաժեշտ է համարում յիշեցնել, որ հայոց նախահայր Հայկն է նետահարել ու սպանել նրան եւ այլն։

Ասացինք, որ այս մեկնութեան գրութեան հանգամանքների մասինկարեւոր տեղեկութիւններ կան հեղինակային յիշատակարանի եւ շարադրանքի մէջ։ Նախ ծանօթանանք գլխաւոր յիշատակարանին.

«Ընդ որում եւ մեզ լիցի մասն անարժանի անձինս սակաւ ինչ վաստակողի ի բանս սրբոյս՝ նուաստ Յոհանիսի Երզնկացւոյ, որ եւ Ծործորեցի կոչեցելոյ, վայելել ի փառս շնորհեաց նորա, հանդերձ կրկին ծնօղօք, ի գթութեանն հօր ամենակալին եւ յաւեժախաղաց պարգեւ Որդւոյն Միածնի Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ եւյուխտս սիրոյ մարդասէր Հոգւոյն Աստուծոյ որում վայել է փառք անեզրական եւ պատիւ վայելչական եւ գոհութիւն անվախճան այժմ եւ միշտ։

Եղեւ աշխատութիւնս մեր ի նպաստաւորութենէ Հոգւոյն Սրբոյ եւ սրբոց հարցն մերոց վարդապետացն առաջնորդաց՝ Հիպողիտեայ, Եփրեմի եւ Վարդան վարդապետի եւ այլոց, ի թիւս Հայոց ՉԿԵ (1316) [31] եւ ի մարդեղութենէ ամաց Յիսուսի Քրիստոսի ՌՅ եւ ԺԶ ամին, գրեալ եւ յղկեալ ըստ չափու տարազու մտաց մերոց, եւ կշիռ առ բանին եդեալ զմեկնութիւնն ի գաւառս հռչակաւոր Արտազ կոչեցեալ, ի վիճակ սուրբ առաքելոյն Թադէոսի, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս Ծործորու կոչեցեալ, ձեռամբ նուաստ սպասաւորի Յոհանիսի Եզընկեցւոյ, ի խնդրոյ եղբօր մերոյ բանի աշակերտելոյ Վարդան կոչեցեալ վարդապետի, եւ յիշատակ ինձ՝ անարժանիս հոգւոյ եւ մարմնոյ, այլ եւ ձեզ մասն եղիցի ընդ յիշման յիշեցելոյս անմոռաց յիշումն Արարչին, որում փառք յաւիտեանս, ամէն» [32] ։

Յիշատակարանի բնոյթ ունեն նաեւ Նեռի գալստեան ժամանակի կապակցութեամբ արուած դատողութիւններին յաջորդող ստորեւ մէջբերուող տողերը. «... Եւ դարձեալ, ոչ զՆեռինն ժամանակ թուէ աստ, քանզի զայն ի վեր անդ ասաց, այլ թուէ յառաջին գալստենէն տեառն այսչափ ամ, յորում կարապետք Նեռինն ըստ վարդապետութեանն եւ առաքելոցն հալածեն եւ չարչարեն, վշտացուցանելով զեկեղեցի, կեղեքելով զկեանս քրիստոնէից հոգեպէս եւ մարմնապէս, որպէս տեսանեմք այսօր։ Իսկ ի լրմանց ամաց նախ քան զգալ Նեռինն անդորրանայ եկեղեցի եւ խաղաղանայ առ ժամանակ մի, եւ բարձցի գայթակղութիւնք, եւ այլասեռիցն կրօնք եւ հերձուածոց խափանեցի, եւ Աւետարանն պայծառանայ ընդ ամենայն տիեզերս, եւ եկեղեցի բարձրանայ, եւ ապա յետոյ երեւի Նեռին, եւ լիցի լրումն աշխարհի։

Արդ՝ ի գրելս մեր զմեկնութիւն թուոյս էր թիւն Տեառն ըստ մեզ մարդեղութեանն ՌՅ եւ ԺԶ ամ. եւ յորժամ այս հասանէ յերեսուն եւ հինկն, զի է պակաս ԺԹ ամ, կատարին ասացեալ երանութիւնքս ի մարգարէէս ի վերայ համբերողաց։ Եւ դու եթէ ժամանեսցես ի թիւն յայն եւ տեսցես զբարութիւնն եկեղեցւոյ՝ յիշեսցես եւ նուաստս Յոհան Եզնկեցի, որ Ծործորեցի, զի ես այսպէս զթիւս զայս մտացեծի, եւ եթէ ոչ լիցի այս, ընկալ զառաջինն ասացեալն ի սրբոցն, որ վասն աւուրց նեռինն, եւ զմեզ ատատ ի պարսաւանաց արասցես» [33] ։

 

դ. Քարոզներ

Միջնադարեան բարձրագոյն դպրոցների ծրագրերի մէջ յատուկ նշանակութիւն էր տրուած այն գիտելիքներին, որոնք անհրաժեշտ էին նկատւում կրօնա-բարոյախօսական ու խրատական բովանդակութեամբ քարոզներ հիւսելու համար։ Վարդապետացու ուսանողը, մինչեւ գաւազան ստանալն ու ինքնորոյն գործունէութեան ասպարէզ մտնելը, հրապարակաւպէտք է ցոյց տար բերած գիտելիքներն ու շնորհքը, յաւուր պատշաճի քարոզ կարդալով՝ Աստուածաշնչից քաղուած որեւէ բնաբանի շուրջ կամ եկեղեցական որեւէ տօնի կապակցութեամբ։

Ըստ ձեւի եւ բովանդակութեան կուռ եւ գեղեցիկ քարոզներ շարադրելու հմտութիւնը անհրաժեշտ նախապայման էր համարւում Գլաձորեան համալսարանի շրջանաւարտների համար։ դրանով պէտքէ բացատրել այն հանգամանքը, որ պահպանուել են այդ ուսումնական հաստատութեան կամարների տակ ստեղծուած՝ աւարտուն քարոզներ կամ քարոզների նախաբան ու վերջաբաններ պարունակող մի քանի ձեռագիր ժողովածուներ։ Դրանց մանրակրկիտ ուսումնասիրութեամբ հնարաւոր է լինելու աւելի հանգամանօրէն բացայայտել միջնադարեան Հայաստանի ուսումնական կենտրոնների կազմակերպչական սկզբունքների, ուսանողներին հրամցուող գիտելիքների, ուսուցման եղանակների հետ առնչուող խնդիրները [34] ։

Յովհաննէս Երզնկացին, լինելով Գլաձորեան համալսարանի շրջանաւարտ ու դասախօս, չէր կարող այս կամ այն չափով չառնչուել քարոզչական աշխատանքներին։ Եւ իրօք, աշխարհասփիւռ հայերէն ձեռագրերի էջերում պահպանուել են ե՛ւ առանձին՝ հատուկենտ քարոզներ, ե՛ւ մի շարք քարոզներից բաղկացած փնջեր՝ մեր հեղինակի անունով։ Ձեռի տակ չունենալով քարոզչական այդնիւթերի ամբողջական բնագրերը, հնարաւորութիւն չունենք այսօր հանգամանալից խօսք ասելու նրանց բոլորի բովանդակութեան ու պատմա-գիտական նշանակութեան մասին։ Բաւարար տուեալներ չկան նոյնիսկ որոշելու քարոզներից շատերի շարադրման ժամանակը, թէ որոնք են դրանցից հնագոյնները, երբ եւ ում կողմից են շարադասուել կողք-կողքի՝ փոքր ու մեծ խմբերի գոյացման հիմք հանդիսանալով եւ այլն։ Ըստ այդմ՝ Յովհաննէս Ծործորեցու գրաւոր ժառանգութեան այս բնագաւոռի համակողմանի ուսումնասիրութիւնը վաղաժամ համարելով, փորձելու ենք սոսկ խմբաւորել առկայ նիւթը։

Յովհաննէս վարդապետի Ծործորի վանքում հաստատուելու ժամանակը որոշելիս անրդդարձել ենք արդէն Մատենադարանի 627 ձեռագրին, որի մէջ ընդօրինակուած է Ծործորեցու երեք քարոզներից բաղկացած մի փունջ. դրանցից առաջինը վերնագրուած է այսպէս «Յովհաննիսի Եզնկաեցո, որ եւ Ծործորեցի տիեզերալոյս վարդապետի ասացեալ» (սկսւում է «Յարաչական բանէ անեղանակ լուսոյն հաստատեալ գոյացան բոլոր եւ մասնաւոր արարածք... » բառերով). քարոզն ամբողջական չէ. ձեռագրարի մէջ յաճախակի հանդիպող քարոզից նախերգանքների կամ Գլաձորեան համալսարանի սաների աւարտաճառերի ընծայական մասի տպաւորութիւն է թողնում։

Երկրորդ քարոզը՝ «Յոհանիսի Ծործորեցո հոգացեալ զբանքս» խորագրով (սկսւում է «Վստահացեալ յուսո քաջութեամբ... » բառերով)՝ պահպանուել է անվթար։ Հակառակ այն բանի, որ խորագրի մէջ հեղինակն արդէն Ծործորեցի է կոչուած, բովանդակութիւնից պարզւում է, որ շարադրուած է ուսանողութեան տարիներին։ Վերջաբանում կանտողեր՝ ուղղուած այնպիսի ունկնդիրների, որոնք գիտութեամբ կատարեալ են, մտքով՝ լուսափայլ. նրանցից հեղինակը ներողամտութիւն է հայցում [35] ։ Ըստ այդմ՝ այս քարոզը շարադրուած պէտք է լինի Գլաձորեան համալսարանում, որպէս աւարտաճառ։ Զգալի հետաքրքրութիւն է ներկայացնում գիտական բովանդակութիւն ւոնեցող հատուածներով. օգտակար տուեալներ է պարունակում միջնադարեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում դասաւանդւող առարկաների բնոյթն ու տարողութիւնը որոշելու համար։ Մասնաւորապէս ուշագրաւ է քարոզի այն հատուածը, որ նուիրուած է մարդկային հոգու բնական ու ստացական կարողութիւնների բացայայտմանը. «Արդ, - ասուած է այտեղ, - բնական զօրութիւնք յերկուս բաժանին՝ ի գիտնականս եւ ի կենդանականս. եւ են այսոքիկ՝տրամախոհութիւնք՝ միտք, կարծիք, երեւակաութիւնս, զգայութիւն, կամք, ընտրողութիւն, յօժարութիւն, բարկութիւն, ցանկութիւն... ։ Իսկ ստացական զօրութիւն հոգոյն այն իսկ է՝ յորժամ զխորհուրդս աճեցուցանելով ի քնին ելցէ ուսման եւ կամ առաքինութեան, եւ ստասցի իմաստասիրութիւն, որ է գիտութիւն էակացս, եւ զտրամաբանական հանճարս։ Եւ սոքօք են մասունք ուսմանց զքերականութիւն ասեմ, զճարտասանութւին, զաստեղաբաշխութիւն, զերաժշտութիւն, զերկրաչափութիւն, զթւականութիւն եւ զայլսն, որ տեսակք են տեսականին։ Նմանապէս եւ զգործնականին մասունք՝ զօրէնսդրութիւն եւ զդատողութիւնն, եւ կամ զեւս բարձրագոյնն՝ զանախտութիւն վարուց, զարդարութիւն, զողջախոհութիւն, զպարզմտութիւն, զհեզութիւն, զչափաւորութիւն» եւ այլն [36] ։

Քարոզի մէջ կան նաեւ հեթանոսական հաւատալիքների եւ տիեզերագիտական պատկերացումների (մասնաւորապէս՝ «Արամազդի մանկուք» կոչուող երկնային մարմինների) մասին հետաքրքրական տեղեկութիւններ։

Երրորդ քարոզը, որ 627 ձեռագրում կրում է «Նորին Յովհանէս վարդապետի ասացեալ ի փոխումն սուրբ կուսին եւ ի ծնունդն» խորագիրը, միջնադարեան ձեռագրերում հանդիպում է նաեւ առանձին ընդօրինակութիւններով [37] ։ Այն տեղ է գրաւել նաեւ Ծործորեցու քարոզների ժողովածուի մէջ, որին անդրադառնելու ենք քիչ յետոյ։

 

Սրանցից բացի տեղեկութիւն ունենք մեր հեղինակի «միայնակ» ընդօրինակւած երկու այլ քարոզների մասին եւս։ Մէկի միայն խորագիրն է յայտնի. «Ս. Յօհաննոյ Երզն[կացւոյ], զոր մականուն Ծործորեցի յորջորջի, մեկնութիւն աւետարանի Մարկոսի ի Ե. կիրակէին աղուհացիցն, վասն մահու եւ կատարածի աշխարհի, ի բանն որ ասէ. Արթուն կացէք, զի ոչ գիտէքյորում ժամու գող գայցէ» (սկսւում է «Նախախնամութիւնն Աստուծոյ եւ բարերարութիւնն յամենայն ժամ յայտնի... » բառերով) [38] ։ Միւսի մասինտեղեկութիւն ենք քաղում Ղ. Ալիշանի «Յուշիկք հայրենեաց Հայոց» աշխատութիւնից. վերնագրուած է այսպէս. «Յովհաննէս վարդապետի Ծործորեցոյն արարեալ ի բանէն Եսայեայ, որ ասէ. Հոգի տեառն ի վերայ իմ». վերջաբանի մէջ, գոհաբանական խօսքեր ուղղելով Աստծուն, հեղինակն անուանի մի գործչի եւ ի անձի մասին ուշագրաւ ակնարկներ է անում. «Եւ ի մտաւորն ծնունդ եւ ի բանին ծնօղութիւն եւ յերկունս մտաւոր աշխատութեանցն արժանացայ տկար եւ ցաւագին մարմնով. եւ ի մէջ ծփան ալեաց ծովածուփ աշխարհիս եւ տրտմաբեր կրից կենցաղոյս, առաջնորդեաց ինձ հոգին եւ էառ առ ոտս բարիոք նաւուղղելի եւ իմաստուն կատարողապետի» [39] ։ Ըստ Ալիշանի՝ այս խօսքերը վերաբերում են Գլաձորի րաբունապետ Եսայի Նչեցուն, ուստի քարոզը շարադրուած է Յովհաննէսի ուսանող եղած տարիներին։ Կարծում ենք, սակայն, որ մէջբերուած տողերը վերաբերում են Արտազի վեհաշուք եպիսկոպոսին. կատարողապետ բառը, որ քահանայապետ- եպիսկոպոս է նշանակում, պատշաճ է գալիս Զաքարիա Ծործորեցուն, որը նաւուղղի [40] դեր ստանձնելով՝ փորձում էր Հայոց եկեղեցին առաջնորդել Հռոմէական եկեղացու հետ համաձուլելու ազգադաւ ճանապարհով։ Իր մարմնի «տկար եւ ցաւագին» լինելու մասին հեղինակի ակնարկը նոյնպէս խօսում է յօգուտ այն ենթադրութեան, որ այս քարոզը յօրինուած է Յովհաննէսի կողմից Ծործորի վանքում հաստատուելուց տարիներ յետոյ։

Տարբեր ժամանակներում. այլեւայլ առիթներով Յովհաննէս Ծործորեցու շարադրուած քարոզներից առնուազն 15-ը, համախմբուել են մի ժողովածուի մէջ նրա երախտաւոր աշակերտներից մէկի կողմից, որը մեծարել է իր ուսուցչին «աղբիւր իմաստից», «այր կորովամիտ» յորջորջումներով եւ օժտել ժողովածուն «Երանաշնորհ եւ բազմիմաստ րաբունապետի Յովհաննու Ծործորեցւոյ կորովաբիբ մտացն տեսութիւն» խորագրով։

Քարոզների այդ ժողովածուից յայտնի է երկու ընդօրինակութիւն. մէկը Երուսաղէմի մատենադարանի 1003 ձեռագիրը, միւսը՝ Վիեննայի 646-ը [41] ։

Ն. Պողարեանն ու Գ. Զարպհանալեանը Ծործորեցուն են վերագրում իրենց ձեռքի տակ եղած ձեռագրերի մէջ առկայ քարոզներից 20-ը, ըստ Հ. Ոսկեանի նկարագրութեան՝ մեր հեղինակին են պատկանում նրա անուան տակ շարայարուած քարոզներից 15-ը։ Այս խնդիրը կարօտ է յատուկ ուսումնասիրութեան։ Ըստ երեւոյթին ճշգրիտ է դուրս գալու վերջին կարծիքը, քանի որ Զարպհանալեանն ինքը, թուարկելով իր ձեռքի տակ եղած ձեռագրի մէջ եղող 20 քարոզները, ԺԶ քարոզի կապակցութեամբ նշում է, որ սրա սկզբնաւորութիւնը նոյնն է «ընդ չորեքտասաներորդ ճառին», իսկ ԺԷ քարոզի առթիւ ասում, որ «յոմանց ի գրչագրաց՝ Տիրատուր վարդապետի կը տրուի այս ճառ»։

Քարոզգրքի առաջի միաւորի խորագիրն է. «Բաննոր առ Յովբ. Զինչ երկիր իցէ յորում լոյսն ագանիցի»։ Ասել ենք արդէն, որ այս քարոզը շրջանառութեան մէջ է եղել նաեւ որպէս առանձին միաւոր, ինչպէս եւ Ծործորեցուն պատկանողերկու այլ քարոզների հետ շղթայուած շարքով։ Հինգերորդ քարոզի վերջում պահպանուել էհեղինակի ընծայական-վերջաբանը, հասցէագրուած «Երջանիկ լուսաւորիչ տանս Արեւելեան», «ջահ անշիջանելի» կոչուած նշանաւոր մի գործչի, որի ջանքերով նրա գարդաստանի պայազատները մեծ դիրքի են հասել եւ այլն։ Ծործորեցին մաղթում է, որ նա եւ նրա մերձաւորները՝ «անսասան կենօք, հոգեկան եւ մարմնական ճոխութեամբ յղփացեալ՝ ժառանգեսցեն զսեփական հայրենիքս մինչ ի խորին ծերութիւն»։ Այս խօսքն, անտարակոյս ուղղուած է Զաքարիա եպիսկոպոսին ու Արտազի աւատատէր հայ գերդաստանի իշխանաշուք անդամներին [42] ։

Այս յիշատակարանի առկայութիւնն իսկ ընդհանուր շարքի մէջ մտած ու հինգերորդ տեղը գրուած քարոզի վերջում ամրապնդում է մեր եզրակացութիւնը՝ Ծործորեցու քարոզների ժողովածուի առանձին միաւորների տարբեր առիթով ժամանակներում գրուած լինելու եւ յետագայում, ուրիշ մէկի կողմից, մի կազմի տակ համախմբուելու մասին։ Այս կարծիքն աւելի է ամրապնդւում ԺԲ համարը կրող քարզոի ուսումնասիրութեամբ (Վիեննայի ձեռագրում սրան համապատասխանում է ԺԳ քարոզը)։ Սրա վերջում եղող յիշատակարնից պարզւում է, որ նրա հեղինակը Ծործորեցու աշակերտներից մէկն է. ամենայն հաւանականութեամբ հէնց այն աշակերտը, որին յանձնարարուած է եղել տարբեր ձեռագրերի մէջ ընդօրինակուած քարոզչական նիւթերի համախմբումով եւ խմբաերութեամբ ստեղծել իր ուսուցչի քարոզների մի փունջ։ Անունն անյայտ խմբագիր-աշակերտը սրանց մէջ ագուցել է նաեւ իր հեղինակած մի քարոզը, որի վերջում փառքի գովք է հիւսել իր ուսուցչի մասին, յայտնելով, որ նա՝ րաբունապետ Յովհաննէսը «յայսմ իրակերտութեան գործոյ եղեւ նպաստ եւ առիթ՝ յորդորական բանիւք քաջալերս տալով» [43] ։

Այս նախաբանից յետոյ մէջենք բերում Յովհաննէս Ծործորեցու քարոզգրքի ամբողջական ցանկը՝ յիշեցնելով նախ, որ նրա մէջ կան նաեւ ուրիշ հեղինակների պատկանող միաւորներ (յատկապէս վերջին մասերում), եւ որ Ծործորեցու ոչ բոլոր քարոզներն են տեղ գտել այս ժողովածուի մէջ։

Երանաշնորհ եւ բազմիմաստ րաբունապետի Յովհաննու Ծործորեցւոյ կորովաբիբ մտացն տեսութիւն.

ա. Բանն որ առ Յովբ. «Զինչ երկիր իցէ յորում լոյսն ագանիցի». Եթէ ոք իմաստուն խորհրդով ներակրթել զինքն կամիցի...

բ. «Մի երկնչիր հօտ փոքրիկ, զի հաճեցաւ հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն». Թէպէտ եւ ըմբռն ուրեմն էր մեզ աստանօր...

գ. «Կապեսցէ զորթոյ զյաւանակ իւր». Յաղագս խորհրդոյ լուսափայլ տօնիս...

դ. «Տէր զլուր քո լուայ եւ երկեայ». Զոր օրինակ մշակ ոք հմուտ, որ երկրագործութեան արուեստիւն իցէ հրահանգեալ...

ե. «Այր ոմն ազնուական գնաց յաշխարհ հեռի». Աստուածն բան հրամայէ ուրեք յիւրում վարդապետութեանն...

զ. «Այլ մեզէն եղեալ ականատես նորա մեծութեանն». Թէպէտ հրաման ի տեառնէ ընկալաք ոչ հոգալ յորժամ յատեան կոչիցիմք...

է. «Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ». Յիրաւի ի սկիզբն նախադրութեան բանիս եպերեցայ ի գերահրաշ եւ հոգիահրաւէր ժողովոյդ...

ը. «Լուր Իսրայէլ. տէր Աստուած մեր տէր մի է». Վստահացեալ յուսոյ քաջութեամբ... [44] ։

թ. «Որպէս ջուր ցուցտ՝ ծարաւելոյ անձին ախորժելի է». Ի տոգին սուրբ։ Բռնադատիմ ահա եւ յոյժ վարանիմ յերկաքանչիւր կողմանց...

ժ. «Ժամանակ ծնանելոյ եւ ժամանակ մեռանելոյ». –Բանական բնութիւնք արարածոց յերկուս մասունս բաժանեալ են...

ժա. «Առքեզ, տէր, համբարձի զաչս իմ». –Եւ ո՞րպէս համբառնայ անձն առ Աստուած...

ժբ. «Ահաւասիկ ես առաքեմ զհրեշտակ իմ». Յերիս բաժանի բանական բնութեանս սեռք...

ժգ. «Ես իմաստութիւն բնակեցայ ի խորագիտութեան». Յարարչական բանէ անեղական լուսոյն հաստատեալ գոյացան...

ժդ. «Զի՞ բարի եւ զինչ վայելուչ զի բնակեն». Հրամայէ տէր ի սրբում Աւետարանին, թէ որ խնդրէ ի քէն՝ տուր...

ժե. «Ահաւասիկ ես ածից զծառայ իմ զծագումն». Յարեւելեաց աստի ոչինչ ըղձալի գոլ քան զսիրելեացն կատարել բաղձանս...

ժզ. «Փոքրիկ էի ես յեղբարս իմ». Յերիս բաժանի բանական բնութեանս սեռք...

ժէ. «Զխորհուրդ արքայի ծածկել բարւոք է». - Եթէ ոք ի մարդկային բնութենէ մաքրեցաւ...

ժը. «Եւ ահաչորսկառք ելանէին». Բազում ինչ առնեմք զօր ոչ կարեմք...

ժթ. «Երդուաւ տէր Դաւթի ճշմարտութեամբ». Որպէս յաստեղս արեգակն եւ ի կենդանիս դիմակն...

ի. «Ի քէն է, տէր, աղբիւր կենաց». Ի կարգ բանիս հայելովերիս խորհուրդս ծանուցանի մեզ... [45]

Այս քարոզներից հինգերորդի մէջ Ծործորեցին, պատասխանելով «զի՞նչ է առակ» հարցին, յայտնում է, որ Սուրբ Գրքի մէջ առակ բառն օրինակ բառի իմաստով է գործածուած. «Իբր թէ օրինակաւ յայտնի կացուցանել զբանին իմաստ յորժամ լսօղքն անկատարք իցեն, որպէս առնեն կատարեալ վարժապետք ծանրալուր ծանօթից» [46] ։ Ղեկավարուելով այս սկզբունքով, Ծործորեցի վարդապետը, ինչպէս իր քարոզներում, այնպէս էլ միւս աշխատութիւնների մէջ, յաճախ է կիրառում կեանքի տարբեր բնագաւառներից քաղուած հանրամատչելի օրինակներով «ծանրալուր» մտքեր բացայայտելու եղանակը։ Այլեւայլ առիթներով նա անդրադառնում է վարձկաններին, շեշտելով այն հանգամանքը, որ նրանք աշխատում են վարձ ստանալու համար միայն. «Քանզի մարդկան սովորութիւն է, - գրում է նա, - որքան ոչ են ընկալեալ զվարձս վաստակոցն՝ արագ են ի փոյթն, իսկ յորժամ ընդունին՝ ծուլանալով կասին ի գործոյն» [47] ։ Մէկ ուրիշ քարոզի մէջ ասում է, որ «Վարձկանն զբովանդակ զգործս տեառն կատարելով եւ ոչ զմիովիւիք անցանէ ի գործեացն, ապա վարձուցն արժանասցի» [48] ։ Քանիցս նա անդրադառնում է ծառայ եւ ազատ մարդկանց գոյավիճակի տարբերութեանը. «Զօր օրինակ, - գրում է մի առիթով, - ի տան իշխանի առ որդիս սիրելի եւ առ ծառայս է տեսանել զանազանութիւն». երկուսն էլ հլու հպատակ են իրենց հօր կամ տիրոջ հրամանին, բայց նրանց հնազանդութեան հիմքում ընկած են միանգամայն տարբեր գործօններ. ծառայ «ըստ առաջի ախորժակաց», այսինքն՝ իր ազատ վիճակի քաղցր յուշերը փայփայելով՝ միշտ տենչում է ազատագրուելու ստրկական կապանքներից. նա ենթարկւում է տիրոջ կամքին՝ տանջանքի երկիւղից. «Ոչի սիրոյ սպասաւորեալ յորդորի, բայց... պակուցեալ յերկիւղէ տանջանացն՝ ամենայն հրամանինպատկառ կայ հնազանդութեամբ» [49] ։ Մի այլ առիթով գրում է. «Զօր օրինակ ծառայ ապստամբհեռացեալ ի տեառնէ իւրմէ, կցորդ լեալ գողոց եւ աւազակաց եւ զժառանգութիւնս տեառն իւրոյ գերեալ՝ ի ծառայութիւն վտարէ յաշխարհ հեռի» եւ այլն [50] ։ Աւելի ուշագրաւ է ծառաների եւ ազատ մարդկանց իրաւական վիճակի մասին Ծործորեցու մի դատողութիւնը. «Թէ իշխանի ուրուք ծառայ հարուստ իցէ եւ այլ ոք ազատ եւ աղքատ, ոչ կարէ նախագահ լինել ծառայն ազատին։ Նոյնպէս եւ նախադրութիւնն իբր ազատ իմն նախադասեցաւ մակբայիս, իսկ սա վասն փարթամութեանն՝ զկնի» [51] ։

Ժամանակի սոցիալ-տնտեսական կեանքի տարբեր բնագաւառների, դասակարգերի, նրանց փոխյարաբերութիւնների ու պայքարի եւ յարակից հարցերի մասին Յովհաննէս Ծործորեցու քարոզների մէջ առկայ մեծաքանակ ու կարեւոր տուեալները բարձրացնում են նրանց ճանաչողական արժէքը, նպաստելով միջնադարեան պատմութեան մթին ծալքերի լուսաբանման գործին։

 

ե. Չափածոյ ստեղծագործութիւններ

Գլաձորեան համալսարանի սաների ընդօրինակած ձեռագրերից շատերի մէջ կան չափածոյ յիշատակարաններ [52]. սրանից կարելի է հետեւեցնել, որ միջնադարեան Հայաստանի ուսումնական բարձրագոյն հաստատութիւնների ուսանողները ծանօթացել են չափածոյ գրուածքներ շարայարելու տարրական հնարանքներին։ Չափ ու յանգի մասին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերած, տնակապ տառերով որեւէ անուն կամ բառ յօդելու եղանակների ծանօթացած երիտասարդները դրանով, իհարկէ, բանաստեղծ չէին դառնում, բայց աւարտելով համալսարանը եւ գործունէութեան ասպարէզ մտնելով, ըստանհրաժեշտութեան՝ առաւել կամ նուազ յաջողութեամբ՝ շարադրում էին չափածոյ յիշատակարաններ, ողբեր ու գանձեր։

Ոտանաւոր գրուածքներ էր յօրինում նաեւ Յովհաննէս Երզնկացին։ Դեռեւս Գլաձորում գտնուած տարիներին նա չափածոյ մի յիշատակարան էր հիւսել 1306 թ. ընդօրինակած իր ձեռագրի մէջ, գովերգելով ուսումնական այդ հաստատութիւնը, բացայայտելով իր աշխատանքի հետկապուած դժուարութիւնները։»Տալիս ենք ստորեւ 26 տողից բաղկացած այդ յիշատակարանը.

«Կարգիս եւ զանձն իմ եղկելի

Եւմեղսաներկ արհեստ գրչի,

Զոր եւ մատամբ ծրագրեցի

Ես՝ Յով[աննէս] աղքատ ոգի.

Տառապանօք թանձրագունի,

Կարօտութեամբ անպատմելի.

Սակայն փափաք յոյժ տենչալի

Եւ ախորժանք անքննելի,

Զիս յորդորեաց զայս գործ իրի՝

Զսա շարել ի քարտիս։

Զի յայս տեղիքս յորում էի

Էր դպրութիւն հրաշալի,

Եւ ես կարօտայսմ տառի,

Զիյիւր տեղին սա հասանի՝

Շտապեցա յաւետ կարի,

բայց իւր տեղոջն ոչ հասուցի,

Զի եկն եհաս սա ի կարգի

Ընթեռնելոյ ի հանդիսի.

Տակաւ կիսով չափ է թերի,

Հանգէտ գոլով սա աւարտի։

Զորաղաչեմք, որք հանդիպի

Աստուածախօս այս մատենի,

Յիշման գոլով զմեզ արժանի

Զենման գառինըն առաջի,

Եւ մաղթանք աղերսալի

Խոշորութեանս ներելի» [53] ։

Յիշատակարանը, ինչպէս տեսնում ենք, շարադրուած է կանոնաւոր, չափածոյով եւ զուրկ չէ բանաստեղծական ներշնչումից։ Ուստի բնական է ենթադրել, որ սրան նախորդել ու յաջորդել են չափածոյ այլ ստեղծագործութիւններ։ Եւ եթէ աւելի վաղ շրջանի նշումներ չեն պահպանուել, յետագայ տարիների ստեղծագործութիւններից յայտնի են մի քանիսը։ Դրանցից մէկը հասել է մեզ՝ մուտք գործելով XV դ. սկիզբներին ստեղծուած «Գանձարան» կոչուող ժողովածուի տարբեր խմբագրութիւնների մէջ, կչուելով մերթ գանձ, մերթ երգ կամ քարոզ՝ առնչուելով Ծննդեան երկրորդ կամ երրորդ օրերին եւ ջրօրհնէքին. բաղկացած է 12 տներից, որոնց սկզբնատառերով յօդւում են «Յոհաննիսի երգ» բառերը [54] ։ Իր կառուցուածքով նմանւում է աւելի շարականատիպ ստեղծագործութիւնների, ձայնագրուած է հայկական հին խազերով, ուստի յօրինուել է որպէս երգ, վկայութիւն տալով նաեւ հեղինակի երաժշտական գիտելիքների մասին։ Տարբեր խորագրերից նախնական կարելի է համարել «Երգ ջրօրհնեաց»-ը, որ պահպանուել է 5951 ձեռագրում (էջ 42ա-44ա)։

Սկսւում է այսպէս.

«Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ Փըրկիչդ Էմանուէլ՝ ծնեալդ ի Կուսէն,

Եւ վերստին ծընընդեամբ մկըրտեցարայսաւր ի Յորդանան ի Մըկրըչէն,

Նորին բարեխաւսութեամբ ընգալ զաղաչանս քոց պաշտաւնէից, աղաչեմք։

Որ սրբեցեր ըզջուրսըն Յորդանանու՝ սըրբիչդ աշխարհի,

Տալով ըզկընիք նորոգման որդոց Սիովնի,

Տուր մաքրութիւն սուրբ եկեղեցոյ եւ ազատութիւն քում ժողովրդեանս, աղաչեմք... » [55] ։

Հայ եկեղեցու երկու հակառակորդ խմբակցութիւնների միջեւ ծաւալուած գաղափարական գօտեմարտերի արձագանքները եւ մեր հեղինակի դիրքաւորումն այդ պայքարում արտացոլուած եմք գտնում երգի 9-րդ տան մէջ, ուր նա ջատագովը լինելով Լատինական եկեղեցու հետ միաբանելու քաղաքականութեան, աղաչում է Աստծուն զօրավիգ լինել քրիստոնէական եկեղեցիների համախմբման ու միաւորման շարժմանը։ Նա գրում է.

«Ի խաղբից թըշնամոյն պարըսպեալ ամրացոյ սուրբ եկեղեցի,

Եւ յանուն քո ժողովելոցս շնորհեա զքաւութիւն յանցանաց եւ թողութիւն մեղաց՝ միածին որդի Աստուծոյ. Ահա յիշեա եւ եւս առաւել րամեա ըզցրուեալսն ի մի միաբանութիւն հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ, աղաչեմք» [56] ։

Յովհաննէս Ծործորեցին յատուկ ակնածանք է ունեցել Ներսէս Շնորհալու գրական ժառանգութեան նկատմամբ։ 1316 թ. լրացնելով Մատթէոսի Աւետարանի Շնորհալու մեկնութիւնը եւ հիւսելով այդ մասին յիշատակարան, նա մեծարում է իր սիրելի հեղինակին՝ կոչելով «գերապատիւ եւ գերահռչակ հայր», «երկրորդ լուսաւորիչ սուրս եկեղեցւոյ», եւ «կորովամիտ եւ համեղաբան կաթողիկոս» [57] ։

«Կորովամիտ եւ համեղաբան» Շնորհալու ստեղծագործութիւններից մի քանիսը, ե՛ւ իրենց բովանդակութեամբ ե՛ւ ձեւով, խորապէս ներգործել ենԾործորեցու վրայ, եւ նա նրանց նմանողութեամբ ստեղծել է նոր գործեր։ Շնորհալին, օրինակ, Սողոմոն Իմաստունի, նրան վերագրուած Առակաց գրքի Ժ («Որդի իմաստուն... ») եւ ԻԵ («Փառք Աստուծոյ... ») գլուխների, ինչպէս նաեւ Ժողովողն ու Երգ Երգոցի մասին գրել է բանաստեղծութիւններ [58] ։ Դրանց նմանողութեամբ Առակաց գրքի Թ («Իմաստութիւն... ») գլխի մասին մի բանաստեղծութիւն էլ գրել է մեր հեղինակը, որ տրւում է ստորեւ.

« Նուաստ Յոհանիսի Ծործորեցոյ

Իմաստութիւն գլխոյն

Յիմաստութիւն կենաց վերին

Շարժեա եւ զիմ սիրտ ըստորին

Որում ըղձամ տարփմամբ կրկին

Դըպիր լինել Սողոմոնին.

Հեղցես եւ յիս առատզհոգին,

Արփիաւոր զիմաստ բանին,

Առնուլ զտիպ, որ աստ քերին

Առակաւոր խորոց խրթին,

Նմանել տոհմի Իսրայէլին,

Որ այս պարգեւ վայելեցին.

Եկեղեցոյ սուրբ ժողովին,

Առնել եւ զիս հաղորդ նոցին,

Սրբել սիրով յաղտից զմարմին,

Այլ եւ զհոգիս իմ անմարմին՝

Ի փառս քո սուրբ տաճարին,

Երգել զերիս սուրբ սրովբէին.

Էիդ լուսոյ հօրդ երկնային,

Այլ եւ որդոյ քում միածնին,

Բըղխման հոգոյդ ի մի բնութիւն

Եւ կատարեալ երրեակ անձին,

Այժմ եւ յանցեալն, ապագային

Տալ աւրհնութիւն զյաւիտենին,

Նման իննեակ դասուց յերկին

Որք են սկսեալ ՚ւ ոչ դադարին» [59] ։

Ներսէս Շնորհալին ունի երեք ստեղծագործութիւն՝ նուիրուած հայոց այբուբենի տառերին, որով փորձում է նորավարժ մանկանց սրտերում բորբոքել սէր հանդէպ եկեղեցին, ուսումն ու գիտութիւնը.

«- Այբն անըսկիզբն եսէ զԱստուած,

Անեղ բնութիւն՝ ոչ արարած.

- Այբն Աստուծոյ զքեզ մերձակայ

Խրատ լինել, թէ հաւատա...

- Այբն առաջին ըզքեզ, տըղայ,

Հանէ յիմաստըն գերակայ... »։

Ահա սրանք են միջնադարեան Հայաստանում շատ տարածուած այդ գեղեցիկ ստեղծագործութիւնների սկզբնատողերը [60] ։

Յովհաննէս Ծործորեցին սրանց նմանողութեամբ յօրինել է «այբբենականը», որի մէջ նոյնպէս կենտրոնական տեղ է գրաւում խրատը, հնազանդութեան քարոզը, ուսման գովքը։ Այս բանաստեղծութեան վերջում, դարձեալ Շնորհալու հետեւողութեամբ, դրուած է չափածոյ յորդորակ-յիշատակարան՝ «Յոհանիսի բան» տնակապ բառերով, որից յետոյ ընդօրինակուած է Թ. Սաղմոսի մասին գրուած մեզ արդէն ծանօթ բանաստեղծութիւնը, եւ ապա՝ այս եզրափակիչ նախադասութիւնը. «Տունք ԻԳ (23), այբուբենիւ, ԾԹ (59) ընդ ամենայն, ՉՀԳ» [61] ։ Եւ իրօք, չափածոյ յորդորակը՝ Սաղմոսի գովքի հետ միասին, պարունակում է 23 երկտող տուն, բուն «այբբենականը»՝ 36 քառատող տուն, ընդամէնն՝ իսկապէս 59 տուն։ Վերջում դրուած ՉՀԳ-ը, անտարակոյս, միմեանց կից դրուած չափածոյ գրութիւնների յօրինման թուականն է՝ 1324 թ., որը Ծործորեցու ձեռքով գրուած ու մեզ յայտնի ամենավերջին տարեթիւն է։

Ստորեւ, ընդհանուրի մասին գաղափար տալու համար, մէջ ենք բերում ուշագրաւ այդ բանաստեղծութեան բուն մասից մի քառեակ, իսկ յորդորակ-յիշատակարանն՝ ամբողջութեամբ.

«Յոհաննէս վարդապետի Ծործորեցոյ ոգեալ ի չափ մերոյին տառից՝ ոտանաւոր ձեւով

Այբն՝

Արարած զքեզ ասէ

Մահկանացու ի բնութենէ,

Մերկ ես եկեալ ի յարգանդէ,

Մերկ դառնալոց ես յաշխարհէ։

Բենն՝

Բանալ տա քեզ զաչըս հոգւոյ

Բնաւ չըսիրել զկամըս մարմնոյ,

Զի մի բողոք բառնաս յետոյ

Զունայնութեան զհետ երթալոյ...

Կենն՝

Կատարած քեզ եւ յագումն,

Կաթն իմաստից առ ի յարբումն,

Այլ եւ կենաց կըցորդ զուսումն,

Զի մի յետոյ գաս ի զղջումն...

Շայն՝

Շուրջ պատեսցես ուսումն գրոց,

Որ զմիտս առնէ զինչ բով հալոց,

Մաքրագործէ ի յարքունուց,

Եւ արասցէ հաղորդ վերնոց...

Ջեն՝

Ջանիւ ստիցէ ըզքեզ ի խրատ,

Զի գիտութիւն առցես առատ,

Եւ մի մնասցես յուսմանց աղքատ,

Զի հայցես վրէժ եւ դատ...

  (Յորդորակ)

Յորդորական ձայնիւ գոչեմ, Նախ եկելոցըդ բողոքեմ,

Որ գրեցի զբանըս պատմամ՝

Ես Յոհանէս ձեզ ծառայ եմև

Հեռի եղէք, ահա ասեմ,

Յախտից մարմնոյ, զձեզ աղաչեմ։

Ահա եհասաւրըն գըրեմ

Եւ ժամ մահու, որ ժամանեմ,

Նեղիմ տապով, զոր այժմ երկնեմ,

Չունիմ ջուապ, պատասխանեմ,

Ի դատաստան ես մտանեմ

Եւ յիմ մեղացն յոյժ ամաչեմ,

Սրբոցըն փառս, զոր տեսանեմ,

Վիշտ տանջանօք զանձս կոծեմ.

Ի մեղական մերդ, զայս գիտեմ,

Բնութեան նոցին հաւասար եմ,

Բայց ի գործոցն յոյժ հեռի եմ,

Զներհակ նոցին, եւ մըտածեմ,

Այս ինձ կրկին /// գործեմ

Զի զլաւն այլոց ուսուցանեմ,

Նման յեսանի՝ զայլըս սրեմ,

Ի սրոյ բանին զիս յոյժ բթեմ» [62] ։

Յովհաննէս Ծործորեցու չափածոյ ստեղծագործութիւնների մէջ յատուկ տեղ են գրաւում հանելուկները, որոնց անդրադառնում ենք առանձին պարբերութեամբ։

 

զ. Հանելուկներ

Ներսէս Շնորհալու՝ ժողովրդական բառ ու բանով համեմուած, դիւրալուր եւ հետաքրքրաշարժ հանելուկները սիրուած ստեղծագործութիւններ են եղել եւ լայն տարածում գտել ամէնուրեք։ Նրանց նմանողութեամբ միջնադարում ստեղծուել են հանելուկների նոր շարքեր, որոնք, ընդօրինակուելովյետագայում Շնորհալու հանելուկներին առընթեր՝ ձուլուել են նրանց հետ, զրկուելով իրենց հեղինակացոյց խորագրերից [63] ։ Շնորհալուց յետոյ հանելուկներ են ստեղծել Յովհաննէս Պլուզը, Գեւորգ Երզնկացին, Գրիգոր Ծերէնց Խլաթեցին [64], Յովհաննէս Ծործորեցին եւ ուրիշներ։ Ծործորեցու հանելուկների մեզ յայտնի միակ ընդօրինակութիւնը պահպանուել է մեր Մատենադարանի 7035 ձեռագրի մէջ, բաղկացած լինելով 20 միաւորներից։ Նկատի ունենալով դրանց բանասիրական արժէքն ու ճանաչողական նշանակութիւնը՝ ստորեւ հրապարակում ենքամբողջութեամբ.

« Յոհան վարդապէտ Ծործորեցւոյ արարեալ հանելուկս

1. Տեսի արուեստ մի զարմազան,

Զի նշտրակով զերկիր բանան,

Հանեն արիւն անդի զինչ թան

Եւ գիր գրեն կայսերական։ (Քարն)

 

2. Եկ եւ տես այլ սոսկալի,

Զի յատոցով երկիր բըրի,

Ելնէ կենդան ՚ւ ոչ կենդանի,

Առնէ կարմիր զգոյն սպիտակի։ (Որդն)

 

3. Ի սուլտանին մեծ քարխանայն

Կար մին ուսթայ խիստ աննման,

Առանց հորի եւ մաքոքայն

Գործէր բարակ գործ անխաբան։ (Սանդ)

 

4. Զերդ աղեղան լար է բարակ,

Հանց հնաւոր զերդ աղուսեակ,

Ի յամէն չորս եղանակ

Նա նորանա զերդ արծուակ։ (Աւձ)

 

5. Ըստ Արարչի մեծ սահմանի,

Նա բուրգն եւ հիմն է աշխարհի,

Աստուածայշէն տանն է տեղի,

Մարդկան ոտից անկոխելի։ (Մասիս)

 

6. Ազգ ունի զինչ առիւծու,

Կնճիթն է սուր զերդ աղուեսու,

Խաւարասէր է որպէս բու

Եւ ձայն ածէ որպէս հաւու։ (Մուկն)

 

7. Քան ըզշուն ինքն է վազան,

Սիւներն երկայն՝ զինչ զպարան,

Է թեւատ աքլալ նըման,

Կամ հաւասար ըղտու կոզռան։ (Մաքի)

 

8. Ի կարուակէ հանճարեղին

Կարեալ կապա զանմաշելին,

Զնիւթն ի քարէ կակղացուցին,

Ասեղն՝ սալն է դարբընին։ (Զրեհ)

 

9. Ի յերկու կողմանց է ծուռ,

Կուշտն կապած խիստ եւ կուռ,

Թէ կորովի է ոք եւ փուռ,

Ցրուէ զոսկերս մարդկան զերդ բուռ։ (Աղեղն)

 

10. Զինչ խեչեփառ ոտուի ունի,

Ընդ որ երթայ՝ հետն երեւի,

Նա ի մազէ կամուրջն անցնի,

Թէ եւ թընդայ՝ հող չթափի։ (Մկրատ)

 

11. Ոչ է մարդ եւ ոչ կընիկ,

Բայց բոքասուն զերդ առեւծիկ,

Թէ պիտենայ՝ քեզ է թախտիկ,

Եւ թէկամիս՝ լինի սայլիկ։ (Ջորի)

 

12. Է գովելի կտրիճ աղեկ,

անուն կոչին իւր ղարապէկ,

Զինչ ըզսեւ անէ զընմէկ մէկ (՞)

Լծուի եւ գայ յուս եւ ի թէկ։ (Մրջիմն)

 

13. Ղարապէկիս կայր շէկ եղբայր

Զինչ թուխարիկ ձի ռընվար (՞)

Որ գոլորշաւք ցաւին յերկար,

Նա հաքմութիւն գիտէ ճարտար։ (Մեղու)

 

14. Ի յերկու սալի միջի

Ինքն բնակէ զինչ ի փորի,

Եւ թէ մահու տա[ս] ըմպելի,

Նա խոտ ո[ւ]տէ ու չմեռանի։ (Կրեա)

 

15. Անուն անեղն ասել ի Գրոց,

Բայց ինքն վառի որպէս զբոց,

Անճառ փայլիւն առնէ գունոց

Եւ հաշտութեան նըշան ամպոց։ (Ծիածան)

 

16. Ի հրոյ ունի նա զգոյութիւն

Վառէ եւ զհուր ներգործութիւն

Խռիւ ցաւղնոյ յինքն միութիւն

Բայց ոչ այրէ նա քան զբնութիւն։ (Ծ[իրանի՞] ծով)

 

17. Մանուը մի կայր խիստ հրաշատես,

Անիւ սայլի եւ հուր ի ներս,

Չորս կենդանի լծեալ ետես

Եւ մարդ յաթոռն՝ նըման քեզ։ (Եզեկիէլ)

 

18. Զինչ պօղոսիկ գերան ի ցից

Կառաց լծեալ դիմաց չորից,

Նա վերանայր յերկինս երկնից

Բազմեալն աստուած էր ամենից։ (Կառքն)

 

19. Էին հրեշտակք աթոռ եղեալ,

Մին ըզչորից երես առեալ,

Նըման կառանց յաւդըդ թռեալ՝

ՅԵրուսաղէմ ի յօթ իջեալ։ (Այլ) [65]

 

20. Էր ինքն բոլոր զերդ արեգակ,

Ունէր սռնակ խաչատեսակ,

Անիւ սայլի համաքատակ

Եւ կենդանիս քառադիդակ» [66] ։

 

Այս հանելուկներից մի քանիսը յետագայում վերագրուել են Ներսէս Շնորհալուն եւ, նոյնիսկ, հրատարակուել նրա անունով [67] ։ Բայց հաստատապէս պատկանում են Յովհաննէս Ծործորեցու գրչին։ Այսապացուցւում է նաեւ այն իրողութեամբ, որ №7035 ձեռագրի մէջ Ծործորեցու հանելուկներին նախորդում է Շնորհալու շարքը բաղկացած շուրջ 140 միաւորից. ձեռագիրն ընդօրինակող գրչին քաջ յայտնի է եղել ե՛ւ Շնորհալու ե՛ւ Ծործորեցու վաստակը նոյնատիպ այս ստեղծագործութիւնների յօրինման մէջ։

Ծործորեցի բանաստեղծի չափածոն, վկայելով հեղինակի շնորհքիու հմտութեան մասին, մտածել է տալիս, որ նա ստեղծագործած պէտք է լինի նաեւ այլ գործեր։ Եւ կարելի է յուսալ, որ գիտական շրջանառութեան մէջ չդրուած հայերէն ձռեագրերից որեւէ մէկի ծալքերից առաջիկայում լոյս աշխարհ են բերուելու մեր հեղինակի բանաստեղծութիւններից ուրիշ նմուշներ եւս։

 

Է. Գիրք խորհրդոց եկեղեցւոյ

Կաթոլիկ եկեղեցու նշանաւոր գաղափարախօս Պետորս Լոմբարդացու (մհ. 1164 թ. ) «Վկայութիւնք» (Sententiarum) կոչուող քառահատորաշխատութիւնը մինչեւ ռեֆորմացիայի դարաշրջանը տարածուած էր ողջ Եւրոպայում եւ ճանաչուած որպէս կաթոլիկ դաւանանքի համապարփակ ուղեցոյց։ Այդ աշխատութեան մասին գրուել են տասնեակ մեկնութիւններ, որոնցմէջ ուրոյն տեղ է գրաւում Թովմա Աքուինացու համառօտ վերլուծութիւնը՝ «Գիրք խորհրդոց» (Liber Sacramentorum) խորագրով [68] ։

Արեւելեան երկրներում, մասնաւորապէս՝ հայկական միջավայրում Կաթոլիկ եկեղեցու ազդեցութիւնը տարածել ցանկացող գործիչները, բնականաբար, ձեռքիտակ պէտք է ունենային դիւրալուր ոճով շարադրուած համապարփակ մի ձեռնարկ՝ կաթոլիցիզմի հիմնական սկզբունքների մասին խօսել եւ քարոզել կարենալու համար։ Եւ ահա՝ համանման աշխատութիւններից լաւագոյնն է ճանաչւում Թովմա Աքուինացու վերոյիշեալ “Liber Sacramentorum” հատորը։ Յովհաննէս Ծործորեցին, լատիներէնով եւ կաթոլիկ դաւանանքին յարած լինելով, յարմարագոյն անձն է նկատուել այդ գրուածքի թարգմանութիւնն իրագործելու։ Եւ այդ պատասխանատու աշխատանքը յաջողութեամբ նա ի կատար է ածել Յովհաննէս ԻԲ պապի կարգադրութեամբ («հրամանաւ պապին Հռոմա»), Զաքարիա եպիսկոպոսի հոգածութեամբ եւ Մարաղայում բուն դրած Բարթուղիմէոս ֆռանկ եպիսկոպոսի օժանդակութեամբ՝ 1321 թ. ՝ անկիւաքարը դնելովհայ ունիթորական գրականութեան։

Յաջորդ տասնամեակների ընթացքում, ինչպէս Ծործորի վանքում, այնպէս էլ՝ աւելի մեծ ծաւալով՝ Քռնայում եւ հայ ունիթորների միւս կենտրոններում Յովհան եւ Յակոբ Քռնեցիների, Բարթուղիմէոս Մարաղացու, Պետրոս Արագոնացու եւ բազմաթիւ այլ հայ ու օտարազգի քարոզիչների ջանքերով ստեղծւում է հայ-կաթոլիկական ինքնատիպ մի գրականութիւն. ծիսական մատեաններից բացի հայերէն լեզուով շարադրւում կամ լետիներէնից թարգմանւում են փիլիսոփայական մեկնութիւններ, քերականագիտական երկեր, դատաստանագիրք, քարոզգիրք եւ բազմաթիւ այլ աշխատութիւններ, որոնց գիտական ուսումնասիրութիւնը դեռեւս չի կատարուած [69] ։

«Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» երկի թարգմանութեան վերջում Յովհաննէս Ծործորեցին թողել է ընդարձակ յիշատակարան գրքի արժանիքների եւ իր կատարած աշխատանքի մասին, որ բազմիցս հրապարակուել է հայագիտական աշխատութիւններում [70] ։

Զմմառի վանքի մատենադարանի «Անտոնեան հաւաքածու» շարքի մէջ պհաւում է աշխատութեան մի ընդօրինակութիւն (ձեռ. 105), որ կարող է Ծործորեցու ինքնագիրը լինել [71] ։

 

ը. Այլ գրուածքներ

Վերոյիշեալ աշխատութիւններից բացի, Յովհաննէս Ծործորեցին, անշուշտ, գրել է նաեւ այլ գործեր, որոնց մասին միջնադարեան աղբիւրներում կան ակնարկներ եւ ստուգման կարօտ վկայութիւններ։

Այսպէս՝ Ամրդոլու վանքի «Վարդապետական գրեաց» ցուցակի մէջ, որ կազմել է Վարդան Բաղիշեցին XVII դ. վերջերին, ՃԻԶ (126-րդ) համարը կրող ձեռագիրը նկարագրուած է այսպէս. «Ա. Գիրք Յովհաննու Երզնկացւոյ Պլզոյ ասացեալ Ժամանակագրութիւն եւ բազում նախերգանք եւ ասացուածք վարդապետաց. մանաւանդ բազում ասացուածխ երկանք միւս Յովհաննու Եզնկացւոյն արարեալ, ոչ Պլզոյն, այլ Յովհաննու Ծործորեցւոյն» [72] ։

«Բազում ասացուածք երկարք» արտայայտութեան տակ ի՞նչ պէտք է հասկանալ, Ծործորեցու քարոզնե՞րը, մեկնողական գրուածքնե՞րը, թէ՞ մեզ չհասած որեւէ այլ աշխատութիւն, դժուար է պատասխան տալ այս հարցերին։

Երուսաղէմի մատենադարանի 1171 ձեռագրում (էջ 335-339) ընդօրինակուած է «Յոհանէս Ծործորեցւոյ ընդդէմ սուրբ պատարագին» խորագրով մի բնագիր։ որ սկսւում է «Տէր ամենակալ, Աստուած հզօր, Արարիչ ամենայնի... » բառերով [73] ։ Սրա բովանդակութեան մասին աւելի բան չգիտենք։

Մեր Մատենադարանի 3522 ձեռագրում (էջ 171բ-186ա) գտնում ենք Զաքարիա եպիսկոպոսի Սիւնեաց մետրոպոլիտ Յովհան Օրբելին ուղղած պատասխան-նամակի մի ընդօրինակութիւնը՝ այսպիսի ուշագրաւ խորագրով. «Թուղթ եւ պատասխանի առարկութեանցն ընդդէմ հակառակորդաց, արարեալ մեծի եւ իմաստնոյն Յոհանու Ծործորեցոյն»։ Յովհաննէսի անունն այստեղ կարող է բացատրուել գրչագրական վրիպակով, իսկ եթէ այն գալիս է նախագաղափար օրինակից, ապա պէտք է ենթադրել, որ Յովհաննէս Ծործորեցին գործոն մասնակցութիւն է ունեցել Առաքելոց թեմի առաջնորդ Զաքարիա եպիսկոպոսի ստորագրած գրութիւնների շարադրման ու յարդարման աշխատանքներին։

Ծործորեցու անունը թիւրիմացաբար առնչւում է նաեւ Մխիթար Գոշի առակներին։ Մեր Մատենադարանի 2189 ձեռագրի մէջ ընդօրինակուած են Գոշի ՃԿԱ-ՃՂ առակները, ինքնուրոյն համարակալութեամբ (Ա-ԻԸ)՝ «Առակք ստեղծականք պիտանիք առնուլ ի զրուցատրութիւնս եւ յասացուածս, արարեալ Յովհանու Ծործորեցո» խորագրով, վերջում ունենալով այսպիսի յիշատակագրութիւն. «... եւ զվերջացեալ ի բարեաց գործոց՝ զտարտամ գրչիս զՅոհ[աննէս] ծանօթ բանի եւ տեղեաւ Եզնկացի, իսկ այժմ Ծործորեցի, աղաչեմ չմոռանալ ի բարիս զիս եւ զիմսն ամենայն, ի թւականիս փրկչին ՌՅԺԶ (1316)» [74] ։

Ակադեմիկոս Ն. Մառը, մանրակրկիտ ուսումնասիրելով այս ձեռագիրն ու յիշատակագրութիւնը, յանգել է այն ճիշտ եզրակացութեան, որ սխալմունքով պէտք է բացատրել վերոյիշեալ խորագրի մէջ Ծործորեցու անուան ներմուծումը։ Նա, 1316 թ. սոսկ ընդօրինակել է Մխիթար Գոշի առակների վերջին բաժինը՝ չնշելով հեղինակի անունը։ Տարիներ յետոյ (1394 թ. առաջ) Գրիգոր անունով մէկը, տարատեսակ նիւթերի հետաքրքրական մի ժողովածու կազմելով, Յովհանէս Ծործորեցու ձեռագրից արտագրել է նաեւ այդ առակները, բայց սխալ մեկնաբանելով Ծործորեցու յիշատակագրութիւնը, իրեն այլուստ անծանօթ առակների հեղինակ է համարել գաղափար հանդիսացող ձեռագրի գրիչ Ծործորեցուն [75] ։

Այսպիսով ժխտւում է Յովհաննէս Ծործորեցու մասնակցութիւնը միջնադարեան հայկական առակների ստեղծման աշխատանքներին, բայց բացայայտւում է, որ նա 1316 թ. երբ Ծործորի վանքում ծաւալել էր գիտա-մանկավարժական եռանդուն գործունէութիւն, ժամանակ է գտել շարունակելու ձեռագրերի բազմացման իր համար սովորական աշխատանքը՝ այս անգամ ընդօրինակման նիւթ դարձնելով Մխիթար Գոշի առակների «Առակք ստեղծականք» բաժինը [76] ։ Պէտք չէտարակուսել, որ դեռեւս չուսումնասիրւած հայերէն ձերագրի միջից յայտնաբերուելու են Յովհաննէս Ծործորեցու ստեղծագործութիւններին առնչուող նոր նիւթեր, ամբողջացնելով մեր գիտելիքները նրա կեանքի ու վաստակի մասին։

 

 

* * *

Յովհաննէս Երզնկացին մշտական բնակութիւն հաստատեց Ծործորում՝ նորակառոյց այդ վանքին կից բարձրագոյն դպրոց ստեղծելու կապակցութեամբ։ Նրա աշխատութիւններիմեծագոյն մասը՝ Քերականի մեկնութիւնը, Մատթէոսի եւ Դանիէլի մեկնութիւնները եւ այլն, շարադրուած են հէնց ուսուցողական նպատակներով, իր շորջ համախմբուած բանասէր անձանց եւ գրոց աշակերտների յորդորներով։ 1318 թ. Ծործորի վանքում շարադրուած իր մի յիշատակարանում Մխիթար գրիչը, ժամանակի նշանաւոր անձանց՝ հայոց թագաւորի, կաթողիկոսի, Արտազի եպիսկոպոսի անուններից անմիջապէս յետոյ, արձանագրում է Յովհաննէս Ծործորեցու անունը, մեծարելով նրան «վարժապետ եւ ուսուցիչ» տիտղոսով [77] ։ Ծործորեցու աշակերտներից մէկ ուրիշը, որի անունը չի պահպանուել, բայց արժանի էյիշատակութեան, որպէս խմբագիր իր ուսուցչի քարոզներից կազմուած ժողովածուի, վերը յիշատակուած ԺԲ քարոզի ընծայական-յիշատակարանի մէջ իր րաբունապետին համահաւասար է համարում Յովհան Ոսկեբերանին եւ Գրիգոր Աստուածաբանին, յետկապէս շեշտելով նրա հայրականխնամքն իր աշակերների նկատմամբ [78] ։

Ծործորի բարձրագոյն դպրոցը աւարտած եւ վարդապետական գաւազան ստացած անձնաւորութիւններից յայտնի է Իսրայէլ րաբունին [79], որ յիշատակուած է նաեւ Յովհան Քռնեցու հետ միասին «ֆռանգաց դաւանութիւն» ընդունած 12 վարդապետների շարքում, իր հայրենակից Առաքել վարդապետի ընկերակցութեամբ («Առաքել եւ Իսրայէլ վարդապէտք՝ ի գաւառէն Արտազու») [80] ։ Սրանք եւս Ծործորեցու աշակերտներից են։ Ուրիշ տեղեկութիւններ մեր րաբունապետի մանկավարժական աշխատանքի եւ սնուցած աշակերտների մասին չենք գտել։

Յովհաննէս Ծործորեցու գործունէութեանը վերաբերող վկայութիւններն ամփոփելու համար նշենք այստեղ, որ նա, Զաքարիա եպիսկպոսի հետ միասին, մասնակցել է 1317 թ. Ադանա քաղաքում գումարուած եկեղեցական ժողովի աշխատանքներին. այդ մասին սկզբնաղբիւրներում կան ուղղակի վկայութիւններ [81] ։

Բանասէր Յ. Քիւրդեանը չի հաւատում դրանց արժանահաւատութեանը՝ նշելով, որ 1317 թ. Ծործորեցին գտնւում էր Արտազում, զբաղուած լինելով գրական աշխատանքներով [82] ։ այս պնդումը, սակայն, հիմնազուրկ է. Յովհաննէս վարդապետի 1316 եւ 1318 ու յետագայ թուականներին Ծործորի վանքում լինելը վկայուած է սկզբնաղբիւրներով, մինչդեռ 1317 թ. մասին ոչ մի տեղեկութիւն չւոնենք։ Ուստի հարկ չկայ տարակուսելու, որ նա, Զաքարիա եպիսկոպոսի հետ միասին, մեկնել է Կիլիկիա ու մասնակցել Ադանայի ժողովի աշխատանքներին։ Հակուած ենք կարծելու, որ այս ճամփորդութիւնը չի սահմանափակուել Կիլիկիայով։ Ծործորեցին, հաւանաբար, ուղեւորուել է նաեւ Աւինիոն ու տեսակցել Յովհան ԻԲ պապի հետ։ Քիչ առաջ ասացինք, որ Թովմա Աքուինացու «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» երկի թարգմանութեանը նաձեռնարկել է, ինչպէս ինքն է գրում, «հրամանաւ պապին Հռոմա», իսկ այդպիսի հրաման Ծործորեցի վարդապետը կարող էր ստանալ՝ անձամբ տեսակցած լինելով Կաթոլիկ եկեղեցու վեհապետի հետ, հռոմէական եւ Հայկական եկեղեցիների միաւորման հետ առնչուող տեսական ու գործնական հարցերի շուրջ բանակցելու համար։ Պէտքչէ մոռանալ, որ 1317 թ. Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները նախապատրաստւում էին աւելի աշխոյժ քարոզչական աշխատանք ծաւալելու արեւելեան երկրներում՝ այնտեղ առաքելով դոմինիկեան մի խումբ կղերականների ու ստեղծելով եպիսկոպոսական նոր թեմ։

Այս փաստերի լոյսի տակ Յովհաննէս Ծործորեցին ներկայանում է պատմութեան դատական ատեանին, որպէս մի գործիչ, որ հայրենի երկրի ազատագրման ու բարգաւաճման հեռանկարները շաղկապած լինելով եւրոպական երկրներից ակնկալւող ռազմական օգնութեան հետ, ընդառաջ էր գնում Կաթոլիկ եկեղեցու գաղափարական եւ կազմակերպչական պահանջներին, հրաժարուել էր Հայոց եկեղեցու որոշ ծէսերից ու աւանդութիւններից, ընդունել պապի գերիշխանութիւնը եւ այլն։ Անհեռատես ու վնասակար այս քաղաքականութեան գործունեայ պաշտպաններից մէկը դառնալով, Ծործորեցի վարդապետը, սակայն, բնաւ չէր մտածում լուծարքի ենթարկել Հայոց եկեղեցու հինաւուրց կազմակերպութիւնը, դարձնելով այն սոսկ Հռոմէական եկեղեցու կամազուրկ կցորդը։ Նա ջատագով էր աւելի ճկուն ու զգուշաւոր քաղաքականութեան։ Այդ մասին որոշակի տուեալներ է ունեցել Մ. Չամչեանը։ Անդրադառնալով Սիւնեաց մետրոպոլիտ Յովհան Օրբելի եւ Զաքարիա Ծործորեցու պայքարի դրուագներին, նա յայտնում է, որ Արտազի եպիսկոպոսը, հետեւելով Յովհաննէս Ծործորեցու յորդորներին, ի վերջոյ համոզուել է, որ հնարաւոր չէ ընդառաջել Կաթոլիկ եկեղեցու բոլոր պահանջներին, ուստի որդեգրել է աւելի զգուշաւոր մի գործելակերպ. «Զայս թուղթ Որպէլի առեալ Զաքարիայ, - կարդում ենք Չամչեանի մօտ, - թէպէտ եւ ինչ ոչ անսաց նմա, բայց ըստ խորհրդոյ Յովհաննու վարդապետի Ծործորեցւոյ՝ որ էր առ նմա՝ սակաւ այնուհետեւ զգաստութեամբ վարիլ առ արտաքս, զգուշացեալ յՈրպէլէ եւ յայլոց. քանզիետես եւ ինքն, թէ անհնարին իմն էր միահաղոյն յայտնի կատարել զամենայն զօր կամէր կաթողիկոսն» [83] ։

1316-1325 թթ. գիտա-մանկավարժական աշխոյժ գործունէութիւնից չետոյ Յոհաննէս Ծործորեցին կարծէս չքւում է ասպարէզից։ Ոմանք ենթադրել են, թէ նա կնքել է իր մահկանացուն 1326 թ., հաւանաբար ելնելով այն փաստից, որ նրա կողմից շարադրուած յիշատակարանների մէջ նշուած վերջին տարեթիւը 1325 թ. է [84] ։ Յայտնուել են նաեւ այլ կարծիքներ [85] ։ Ծործորեցու մահուան ճշգրիտ թուականն այսօր էլ անյայտ է մնում, բայց վերջերս գիտական շրջանառութեան մէջր դրուած մի յիշատակարան հնարաւորութիւն է ընձեռում նոր լոյս սփռել նրա կեանքի վերջին շրջանի վրայ։ Ծործորեցու մեզ արդէն ծանօթ աշակերտներից Իսրայէլ րաբունին 1337 թ. Արտազի գաւառում, հաւանաբար հէնց Ծործորի վանքում, ընդօրինակել է տուել արժէքաւոր նիւթերիմի ժողովածու, որի մէջ կենտրոնական տեղ էր գրաւում Պետրոս Արագոնացու աշխատասիրութեամբ հայացուած «Գիրք դատաստանացը» [86] ։ Ձեռագրիս յիշատակարանում այս Իսրայէլի մասին ասուած է. որ «Սա սնեալ եւ վարժեալ եղեւ առ ոտս ամենապարկեշտ ծերունւոյն եւ մաքրամիտ րաբունապետին՝ որ մականուն Ծործորեցի, եւ որ դաստիարակեալ զսա յերկեղն Աստուծոյ եւ ի պաշտօն եկեղեցւոյ բազում աշխատութեամբ եւ խնամօք փոյթ արարեալ վասն սորա, մինչեւ յարբունս կատարելութեան հասուցեալ, զօր ըստ վաստակոցն եւ աշխատութեան նորատէր հատուսցէ յերանաւէտ կեանսն» [87] ։

Կասկած չի կարող լինել, որ «ամենապարկեշտ ծերունի»կոչուած Ծործորացի րաբունապետը այս յիշատակարանի գրութեան ժամանակ, այսինքն՝ 1337 թ. դեռ կենդանի էր, բայց համրում էր իր կեանքի վերջին օրերը. ըստայդմնա կեանքից հեռացած պէտք է լինի հաւանաբար 1338 թ. ։



[1]            Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Ա, Երեւան, 1959, էջ LXI

[2]        «Գիրք աստուածաբանական, որ կոչի Դրախտ ցանկալի, շարադրեալ ի Ղազարու աստուածաբան վարդապետէ Ճահկեցւոյ», Կ. Պոլիս, 1775, էջ 638 (հմմտ. Հ. Անասեան, նշ. աշխ., էջ XLVI)։

[3]        Մ. Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հտ. Գ, էջ 271-274

[4]        Այս հարցի շուրջը ժամանակագրական կարգով արտայայտուել են Լ. Խաչիկեանը, Յ. Քիւրդեանը, Ա. Սրապեանը եւ Է. Բաղդասարեանը։ Մանրամասնութիւնները տե՛ս Է. Բաղդասարեանի «Նոր տուեալներ Յովհաննէս Երզնկացու (Պլուզի) մասին» յօդուածի մէջ («Բանբեր Հայաստանի արխիւների», 1969, 2, էջ 131-140)։

[5]            Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, Երեւան, 1958, էջ 31-32

[6]            Յ. Քիւրդեան, Յովհաննէս Երզնկացի-Ծործորեցի (Նորագիւտ նիւթեր Ս. Ղազարու մէկ նոր ձեռագրէն, «Բազմավէպ», 1954, էջ 242-245)

[7]            Է. Բաղդասարեան, Գեւորգ Սկեւռացու «Վանքը» («Բանբեր Մատենադարանի», 7, 1964, էջ 399-434)

[8]            Նորայր եպս. Պողարեանը վերջերս հրատարակուած իր «Հայ գրողներ» արժէքաւոր աշխատութեան մէջ (Երուսաղէմ, 1971, էջ 406) տալիս է այդ աշակերտների ցանկը՝ «Աբրահամ աբեղայ, Արիստակէս Սեբաստացի, Աւետիք ռԿրօնաւոր, Յակոբ վրդ. Ղրիմեց եւ Յովհաննէս աբեղայ Երզնկացի»։ Այս Յովհաննէսին նոյնացնելով Պարկանցի Յովհաննէսի հետ՝ լրացնում են Նորայր եպիսկոպոսի ցանկը Խաչատուր կրօնաւորի անունով։ Սրանք բոլորն էլ վարժ ու ժիր գրիչներ են եղել։

[9]            ՄՄ ձեռ. 6273, էջ 100 (այս ձեռագիրը Ղ. Փիրղամէլեանի հաւաքած յիշատակարանների ժողովածուն է)

[10]          «Բայց առաջին սկիզբն գրութեան սորա, - գրում է նա, - եղեւ... ձեռամբ ուրումն սրբազան քահանայի՝ առն իմաստնոյ եւ ճարտարի, որ էր ամենայն աստուածաշունչ կտակարանաւքն վարժեալ՝ սպասաւոր գոլով բանի մերձի կատարելութիւն՝ Յովհաննէս անուն, որ էր ի հռչակաւոր քաղաքէն Երզնկայ կոչեցեալ» (ՄՄ ձեռ. 6558, էջ 637բ. հմմտ. «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 5-6)։

[11]          ՄՄ ձեռ. 598, էջ 213բ (հմմտ. «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 17-18)։

[12]          ՄՄ ձեռ. 2520, էջ 344ա. չափածոյ յիշատակարնը գտնւում է ձեռագրի 143բ էջում (հմմտ. «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 43-44)։

[13]          ՄՄ ձեռ. 59 (տե՛ս «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 649)

[14]          Յովհաննէս Երզնկացու կեանքի ծործորեան շրջանի մասին լրացուցիչ տուեալներ ձեռք բերելու ակնկալութեամբ ուշադիր քննեցինք Մաշտոցի անւ. Մատենադարանի 626, 627 եւ 4234 ձեռագրերը եւ պարզեցինք, որ դրանք ստեղծուել են XIV դ. առաջին երկու տասնամեակների ընթացքում, նոյն Խաչիկ գրչի ջանքերով։ Այդ ձեռագրերից միայն 627-ի մէջ է նշուած «Ճանճին խուղ» այլուստ անյայտ տեղանունը, որ թւում է, թէ ինչ-որ բնակավայրի անուն չէ, այլ յայտնի մի վանքի շրջափակում գտնուող մի նեղ խցի (խուղ՝ նշանակում է հիւղ, խուց, խցիկ) զաւեշտական յորջորջում։ 626 ձեռագրի յիշատակագրութիւնների մէջ Խաչիկ գրիչը տալիս է իր (էջ 94ա) եւ ձեռագրի պատուիրատու Վարդանի անունը՝ կոչելով նրան «սրբազան եւ երջանիկ, սուրբ եւ ընտրեալ եպիսկոպոս տէր Վարդան» (էջ 28ա)։ Նոյնացնելովա այս Վարդանին 1315 թ. Ս. Թադէի վանքում յիշուող Վարդանի հետ, որ պատուիրատուն է Մատենադարանի 3778 ձեռագրի (սրախնդրանքով Յովհաննէս Ծործորեցին 1316 թ. շարադրել է իր«Մեկնութիւն Դանիէլի» աշխատութիւնը), կարծում ենք, որ Խաչիկ գրիչն աշխատել է հէնց Ս. Թադէի վանքում։ Այսպիսով, «Ճանճին խուղ» կոչուածը մի նոր գրչվայրի անուն չէ, այլ Արտազի նշանաւոր այդ վանքի խցերից մէկի ծաղրական յորջորջումը։ Ծործորի վանքում հաստատուած Յովհաննէս Երզնկացին բնականաբար սերտ կարպերի մէջ է եղել մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող Ս. Թադէի վանքում աշխատող գրչի մշակների հետ՝ արդէն 1314 թ. ճանաչուած լինելով նրանց կողմից որպէս «տիեզերալոյս վարդապետ» եւ ստացած լինելով Ծործորեցի մականունը։

[15]          Օգտագործել ենք Մատենադարանի 7037 (էջ 12ա-75ա) ձեռագիրը։ Քերականութիւնը սկսւում է այսպէս. «Միշտ բաղձանք բանին բնաւորեալ է ի յոգիս բանականաց արաչական դրութեամբ, յորմէ զարթուցեալ յօժարիմք ի քննութիւն սորին, որոյ դուրն եւ մուտ է քերականութեանս արհեստս... »։

[16]          Յիշատակարգրութիւնն այս է. «... եւ զնուաստ աշխատողս Յոհ[աննէս] յաղաւթս յիշեա։ Զստացող սորա զՎարդան եւ զծնողսն իւր յիշեսցէք ի Քրիստոս» (ՄՄ ձեռ. 7037, էջ 11բ)։

[17]          ՄՄ ձեռ 7037, էջ 75ա

[18]          Եսայի Նչեցի, Վերլուծութիւն քերականութեան, աշխատասիրութեամբ Լ. Գ. Խաչերեանի, Երեւան, 1966, էջ 28 եւ հետ.

              Տեղին է նշել, որ Գ. Ջահուկեանի «Քերականական եւ ուղղագրական աշխատութիւնները հին եւ միջնադարեան Հայաստանում» (Երեւան, 1954) աշխատութեան մէջ Ծործորեցու քերականութեան մասին խօսք չկայ։ Հեղինակը, հետեւելով արդէն յաղթահարուած աւանդոյթի, մի անձնաւորութիւն է համարել Յովհաննէս Պլուզ եւ Յովհաննէս Ծործորեցի գործիչներին, ըստ այդմ էլ բաւարարուել է միայն Պլուզի քերականական հայեացքների վերլուծութեամբ։

[19]          Քիչ յետոյտալիս է «առասական» տերմինի բացատրութիւնը. «Եւ առասական է որ զհասարակաց էութիւն ցուցանէ, որգոն՝ մարդ, ձի»։

[20]          ՄՄ ձեռ. 7037, էջ 45ա

[21]          Պարսկերէնի իմացութեան մասին տուեալը որոշակի չէ. անդրադառնալով յարաբարդ բառերին Ծործորեցին ասում է, որ այդպիսիք շատ կան «ի պարսից եւ ի մերս լեզու, որպէս Նիւ-Խոսրով, Ջուան-Խոսրով, Վարազ-Տրդատ, եւ մերս Լեւոն, Քաջ-Վարդան եւ այլ սոյնպիսիք» (ՄՄ ձեռ. 7037, էջ 42ա)։ Յունարէն եւ լատիներէն լեզուների իմացութեան մասին աներկբայելի փաստեր ենք գտնում աշխատութեան բառերի սեռերին նուիրուած բաժնում. «Սէրք, - կարդում ենք այնտեղ, - ոչ ի գոյութենէ վերակոչին, զի ոչ զբնութիւնս յայտնեն, այլ զձայնի նշանակս, որք ի յունին եւ ի հռոմայեցին լիով է եւ յատուկ անուն արական եւ իգական եւ չէզոքին, զի արք յանուանց սկզբունս ունին զով, որպէս ասելն ով այիովս ապօստօլոս ԻgioV թpրstoloV), որ լսի սուրբ առաքեալք՝ արական է, իսկ ասելն իա՝ իա օդօկօս (հաւանաբար □dokՒV-գերան)՝ իգական է, իսկ տօ քսօլա (հաւանաբար՝ xՋlon-փայտ) չէզոք է, զի անուն որ ի սկիզբն տը ունի՝ չէզոք է. այսպէս եւ ի վախճանս անուանց յորում պատահին՝ զնոյն նշանակութիւն ունին։ Իսկ հռոմայեցոյն եւս յատուկ. քանզի անուն պատահական, որ ունիցի յանգի իւրում կուս՝ արական է, եւ որ ունի զայ՝ իգական է, իսկ զում՝ չէզոք է. այսպէս ալպուս, ալպայ, ալպում» (ՄՄ ձեռ. 7037, էջ 38բ)։

[22]       Ամբողջը տե՛ս Ղ. Ալիշան, Հայապատում, Բ, էջ 512-513. Հ. Տաշեան, Մայր ցուցակ, էջ 338. «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 124-125 եւ այլն։

[23]          Ղ. Ալիշան, Հայապատում, Ա, էջ 120

[24]          «Բազմավէպ», 1960, էջ 115

[25]          Մեկնութիւն սուրբ Աւետարանին, որ ըստ Մատթէոսի, արարեալ ի սրբոյն Ներսիսէ Շնորհալւոյ մինչեւ ի համարն 17 հինգերորդ գլխոյն, եւ անտի աւարտեալ յերանելւոյն Յօհաննու Երզնկացւոյ, որ եւ կոչի Ծործորեցի, Կ. Պոլիս, 1825, էջ 536, 422, 390, 129 եւ 178 (էջերը մատնացոյց են արուած ըստ վերոյիշեալ օրինակների հերթականութեան)։

[26]          «Բազմավէպ», 1960, էջ 114-124

[27]          Այդպէս թերի է նաեւ երուսաղէմեան օրինակը՝ ձեռ. 207, էջ 363ա-446ա (տե՛ս «Մայր ցուցակ», Ա, էջ 584-585)։

[28]       Նորայր եպս. Պողարեանը այս Վարդան վարդապետին, որ, ինչպէս ասացինք, պատուիրատուն է եղել նաեւ «Համառօտ տեսութիւն քերականի» աշխատութեան, հնարաւոր է համարում նոյնացնել Վարդան Բարձրբերդցու հետ (տե՛ս «Հայ գրողներ», էջ 35)։ Հազիւ թէ ճիշտ լինի այս ենթադրութիւնը։

[29]       Մի այլ տեղ, այս նոյն տուեալը հաղորդելուց յետոյ, ասում է, որ «այլք ՄԽԳ (243) ամ կալեալ ասեն Պարսից թագաւորութիւնն»։

[30]          ՄՄ Ձեռ. 1187, էջ 364-365ա

[31]       Ձեռագրում, ընդօրինակողի վրիպումով, գրուած է ՉԿԷ (1318). ուղղում ենք փրկչական թուականի, միւս յիշատակարանում առկայ տուեալի, ինչպէս նաեւ Գ. Զարպհանալեանի («Պատմութիւն հայ դպրութեան», էջ 765) հիման վրայ։

[32]          ՄՄ ձեռ. 1187, էջ 379բ

[33]          Նոյն, էջ 373ա-373բ

[34]          Այս առումով որոշ բան արդէն արուած է (տե՛ս «Գլաձորեան համալսարանը եւ նրա սաների աւարտական ատենախօսութիւնները» յօդուածը՝ տպագրուած Երեւանի պետ. համալսարանի գիտական աշխատութիւնների XXIII հատորում, 1946, էջ 423-450), սակայն ձեռագրական նորայայտ նիւթերը հնարաւորութիւն են ընձեռում յաջողութեամբ շարունակելու եւ խորացնելու ձեռք բերուած արդիւնքները։

[35]          «Իսկ մեք, - գրում է նա, - ըստ մրեում տկար զօրութեան սուղ ինչ պահճառ տվաք բանիս, վստահանալով առաջի կատարելոցդ, եւ զկատարեալն տեսութիւն՝ հոգին շնորհաց՝ բաց է առաջի լուսափայլ մտացտ ձերոց։ Եւ մեք ի լրման բանիս զօրհնեալն ամենայնի բանական սեռից անլռելի ձայնիւ բարեբանեսցուք, եւ անծախելի շնորհաց նորին, հանդերձ երկրպագութեամբ, գոհութիւն մատուսցուք, խնդրելով՝ խաղաղութիւն պարգեւեա ամենայն աշխարհի» (ՄՄ ձեռ. 627, էջ 37ա)։

[36]          ՄՄ ձեռ. 627, էջ 35ա

[37]          Դրանցից են, օրինակ, հետեւեալ ձեռագրերը. 734 (էջ 67ա-89բ), 2178 (էջ 361ա-370բ) եւ 5933 (էջ 65ա-82բ)։ Սրանցում հեղինակի անունը չի յիշատակուած։ Վերջին (№ 5933) ձեռագրի մէջ քարոզը վերագրուած է այսպէս. «Յաղագս արարչագործութեանն Աստուծոյ եւ լուսաւորացդ, որ ի չորեքշաբթի արարան, եւ փոխման Տիրամօրն, եւ վասն մերո հոգոյս բաժանման»։

[38]          «Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին», հտ. Բ, «Անտոնեան հաւաքածոյ», Վիեննա, 1971, էջ 116

[39]          Ղ. Ալիշան, Յուշիկք հայրենեաց Հայոց, Ա տպ., Վենետիկ, 1869, էջ 479, Բ տպ., 1921, էջ 420-421

[40]          Այսպէս («Նաւուղիղ» ձեւով) ենք սրբագրում քարոզից մէջբերուած հատուածի «նաւուղղելի» աղճատուած բառը՝ նրան տալով «ղեկն ձեռն առած նաւապետ» իմաստը։

[41]          Այդ ձեռագրերը նկարագրուած են Նորայր եպս. Պողարեանի («Մայր ցուցակ ձեռագրաց սրբաց Յակոբեանց», հտ. չորրորդ, Երուսաղէմ, 1969, էջ 4-6) եւ հ. Համազասպ Ոսկեանի («Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան մատենադարանին ի Վիեննա», հտ. Բ, Վիեննա, 1963, էջ 130) կողմից։ Քարոզների այդ ժողովածուն ծանօթ է եղել Գ. Զարպհանալեանին (տե՛ս «Պատմութիւն հայ դպրութեան», Վենետիկ, 1897, էջ 762-763). չգիտենք, սակայն, նա ձեռքի տակ ունեցել է վերոյիշեալ ձեռագրից որեւէ մէկի նկարագրութի՞ւնը, թէ՞ այդպիսի մի ձեռագիր էլ պահւում է Վենետիկի Մխիթարեանների մատենադարանում։

              1966 թ. Երուսաղէմում ուսումնասիրել ենք 1003 ձեռագրերը, որոշ քաղուածքներ կատարել առանձին քարոզներից, բայց նրանց հեղինակային պատկանելութեան հարցն այն ժամանակ մեր տեսադաշտից դուրս է եղել։

[42]          Ստորեւ մէջ ենք բերում այդ վերջաբան-յիշատակարանը առանց կրճատումների՝ հաշուի առնելով նրա մէջ գրանցուած տուեալների ու ակնարկների օգտակարութիւնը Արտազի հայ աւատատերերի, մասնաւորապէս Զաքարիա Ծործորեցու գործունէութեան ուսումնասիրութեան համար. «... Նոցին եւ մեզ մասնաւորեսցէ թագաւորն փառաց եկեալ յաշխարհ՝ արքայութեանն իւրոյ հաղորդս լինել, եւ զընտիր վիճակ ազգիս Հայկայ զքահանայութիւն եւ զթագաւորութիւն պահեսցէ, եւ թէ ինչ ի չարէն, որուն ընդ բարիոք սերմանցն իցէ մշակեալ յանդաստանս եկեղեցոյ՝ արմատաքի խլեսցէ։ Է լոյսն ճշմարիտ Քրիստոս, որ լուսաւորէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ, լուսաւորեսցէ զաչս սրտից մերոց եւ ընդ ծագման լուսոյ առաւօտուս ծագեսցէ Քրիստոս զգութ անճառելի խնամոց յարարածս իւր, եւ ընդ զգալի լուսոյս տարածման արեգակն արդարութեան Քրիստոս ծաւալեսցէ զլոյս հոգեւոր գիտութեանն իւրոյ յամենայն ազգս քրիստոնէից, եւ լուսաւորեալս բանիւն ճշմարտութեան զերջանիկ լուսաւորիչ տանս արեւելեան, լոյսն մշտնջենաւոր պահեսցէ զսա ջահ անշիջանելի ի սուրբ եկեղեցի, եւ զլապտեր հոգւոյ սորա պայծառացուսցէ օրըստօրէ հայել ի խորս անճառ գիտութեան նորա, եւ ամենայն ներհակք սորա՝ երեւելիք եւ աներեւոյթք՝ տապալեսսցին ի ներքոյ ոտից սորա, եւ դիցէ զսա իբրեւ զվէմ անդամանդեայ պարսպին հաւատոյ, զի ամենայն որ ոք հարցի ընդ սա՝ փշրեսցի, որ յոյր վերայ անկցի՝ հոսեսցէ զնա։ Եւ որք սովաւ կարգեալ են իշխանութիւնք եւ զարմից սորին շառաւիղեալք բարեպաշտ պարոնայք՝ զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի նոցա յելս եւ ի մւոտս, եւ եղիցին կարօղ յամենայն գործս քաջութեան, եւ անսասան կենօք, հոգեկան եւ մարմնական ճոխութեամբ յղփացեալք ժառանգեսցեն զսեփական հայրենիքս մինչ ի խորին ծերութիւն, տեսանելով զորդիս եւ զորդիս որդւոցմինչ յերսի եւ չորիս ազգս, որպէս զի մի պակասեսցէ ճիռ օրհնութեան եւ զաւակ բարեպաշտութեան ի տանէն յայսմանէ՝ մինչ ի գալուստ երկնաւոր թագաւորին Քրիստոսի» (Երուսաղէմ, ձեռ. 1003, էջ 68)։ Քարոզի միջին մասերում եւս կան Զաքարիային հասցէագրուած մեծարանքի խօսքեր, դրանցից է, օրինակ, հետեւեալը. «Նոյնպէս եւ դու ըստ անարգամեծար չնաշխարհիկ քոյին ճոխութեանդ, ընդունելով զմերս ի գոհութիւն անկարօտին փառաց վերացուսցես։ Եւ արդ՝ օն առեալ զաղօթս քո՝ մխեսցուք ի քննութիւն» (նոյն, էջ 57)։

[43]          Ն. Պողարեան, Մայր ցուցակ..., հտ. չորրորդ, էջ 5

[44]          Վիեննայի ձեռագրում այս քարոզից յետոյ, 9-րդ համապի տակ, ընդօրինակուած է Երուսաղէմի ձեռագրից բացակայող հետեւեալ քարոզը. «Խորհուրդն, որ ծածկեալն էր յաւիտեանց. Խուրհ[եայ] զբարիս առ[նել եւ] մարդկան» - Բարի առնելն յերեք տեղ է՝ ի խորհուրդն, ի բերանն, ի գործն... ( Հ. Ոսկեան, Ցուցակ ..., էջ 130)։

[45]          Այս ցանկն արտագրել ենք Գ. Զարպհանալեանի վերոյիշեալ աշխատութիւնից՝ սրբագրելով ու ճշտելով միւս աղբիւրներով (տե՛ս 54-րդ ծանօթագրութիւնը)։

[46]          Երուսաղէմ, ձեռ. 1003, էջ 60

[47]          Նոյն, էջ 31

[48]          ՄՄ ձեռ. 627, էջ 36ա

[49]          Երուսաղէմ, ձեռ. 1003, էջ 23

[50]          Նոյն, էջ 65

[51]          Այս նախադասութիւնը քաղուած է Յովհաննէս Ծործորեցու «Համառօտ տեսութիւն քերականի» աշխատութիւնից (տե՛ս ՄՄ ձեռ. 7037, էջ 63ա)։

[52]          Տե՛ս, օրինակ, Մխիթար, Ստեփանոս, Վարդանեւ Եզեկիէլ գրիչների յիշատակարանները («ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 103-104, 745, 165, 300, 302 եւ այլն)։

[53]          «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 43-44

[54]          Պահպանուել է բազմաթիւ ձեռագրերում, որոնցից մի մասի խորագրերից բացակայում է հեղինակ Յովհաննէս Ծործորեցու անունը։ Հեղինակի մասին վկայութիւն պահպանել է Մաշտոցի անւ. Մատենադարանի 474, 5899, 5951, 6489 եւ այլ ձեռագրերը, ինչպէս նաեւ Զմմառի վանքի 510 ձեռագիրը (տե՛ս «Ցուցակ», հտ. Բ, էջ 108)։

[55]          ՄՄ ձեռ. 5899, էջ 56բ

[56]          ՄՄ ձեռ. 5899, էջ 58բ, 474, էջ 33ա-33բ

[57]          «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 124

[58]          Տե՛ս «Տեառն Ներսէսի Շնորհալւոյ ՀԱյոց կաթողիկոսի բանք չափաւ», Բ տպ., Վենետիկ, 1928, էջ 380-395։

[59]          ՄՄ ձեռ. 2407, էջ 201ա-201բ, 2079, էջ 143բ։ Երկեակ տողերի սկզբնատառերով յօդւում են «Յոհանեսի բան» բառերը։

[60]          Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ, էջ 335-345, 351-367, 369-379

[61]          ՄՄ ձեռ. 2079, էջ 143բ

[62]          ՄՄ ձեռ. 2037, էջ 142ա-143բ

[63]          Հաստատապէս Ներսէս Շնորհալուն են պատկանում շուրջ 120-140 հանելուկներ (տե՛ս «Բանքչափաւ», էջ 609-639, ձեռ. 7035, էջ 117ա-130ա եւ այլ ձեռագրեր)։ Կան, սակայն, բազմաթիւ ձեռագրեր (օրինակ՝ 2079, էջ 278բ-283բ), որոնցում հանելուկները բազմացել են ի հաշիւ այլ հեղինակների ստեղծագործութիւնների։ Ներսէս Շնորհալու հանելուկներն արժանի են մանրակրկիտ ձեռագրագիտական ուսումնասիրութեան, որով պարզուելու են այդ ուշագրաւ ժանրի ստեղծման ու զարգացման ընթացքի հետ կապուած լուսաբանութեան կարօտ շատ խնդիրներ։

[64]          Այս երեք նշանաւոր մատենագիրների յօրինած հանելուկների մասին տեղեկութիւն ենք քաղում Տրդատ վրդ. Պալեանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Ս. Սիոն եւ Ս. Լուսաւորիչ եկեղեցեաց ի Մաղնիսա (Զմիւռնիոյ վիճակ)» (Զմիւռնիայ, 1897) աշխատութիւնից (ձեռքի տակ ունեցել ենք ոյնի հատուածաբար տպագրութիւնը «Արեւելեան մամուլ» պարբերականի մէջ, 1897, էջ 140-142)։ Այստեղ նկարագրուած է 1526 թ. Աղթամարում ընդօրինակուած մի ժողովածու, որի մէջ եղել է 6 հանելուկ Յովհաննէս Պլուզից, 5 հանելուկ՝ Գեւորգ Երզնկացուց եւ 16 հանելուկ՝ Գրիգոր Ծերենցից։ Տ. Պալեանը իւրաքանչիւրից մէկական օրինակ նմուշ է բերել։

 

[65]          «Այլ» ասելով նկատիունի նախորդ (18-րդ) հանելուկի պատասխանը՝ «Կառք»։ Եզեկիէլի կառքի մասին է նաեւ վերջին հանելուկը։

[66]          ՄՄ ձեռ. 7035, էջ 130ա-132ա

[67]          Այս հարցի հանգամանալց քննութիւնը դուրս համարելով մեր նպատակից՝ մատնանշում ենք 2079 ձեռագիրը (էջ 282բ) եւ Յակոբ Մեղապարտի «Տաղարանը» (Վենետիկ, 1513, էջ 52-53), որոնցում զետեղուած Ն. Շնորհալու հանելուկների շարքի մէջ տեղ են գտել նաեւ Յ. Ծործորեցու հանելուկներից առանձին միաւորներ։

[68]          Միջնադարեան հայկական ձեռագրերում կոչուած է «Գիրս խորհրդոցեկեցացւոյ» կամ «Յաղագս եւթն խորհրդոց եկեղեցւոյ»։

[69]          Ունիթորական գրականութեան ցանկը կարեւոր պարզաբանումներով տուել է Markus Antonius v. d. Oudenrijn-ը իր “Linguae Haicanae Scriptores” (Bern, 1960) մեծարժէք աշխատութեան մէջ. այդ գրականութեան գիտական ուսումնասիրութիւնը, սակայն, դեռ չի կատարուած։

[70]          Տե՛ս, օրինակ, Գ. Զարպհանելեան, Մատենադարան թարգմ. նախնեած, էջ 274-275. Հ. Տաշեան, Մայրցուցակ, էջ 777. «բազմավէպ», 1906, էջ 257. «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 173-174. M. A. v. d. Oudenrijn, էջ 182-183 եւ այլն։

[71]          Նոր ջուղայի հայերէն 614 ձեռագրի մէջ (85ա-91բ) ընդօրինակուած է «Նուաստ վարդապետի Յոհանու Եզնկացոյ, որ եւ Ծործորեցի թարգմանեալ զխորհուրդ պսակին ի լատին լեզուէ ի հայ բարբառ» խորագրով մի փոքրիկ բնագիր (տե՛ս Լ. Մինասեան, Ցուցակ ձեռագրաց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանաց թանգարանի, հտ. Բ, Վիեննա, 1972, էջ 91)։ «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» աշխատութեան եւ ձեռագրական այս հատուածի բաղդատումից ետոյ միայն հնարաւոր կլինի որոշել՝ ուրոյն սի աշխատութի՞ւն է սա, թէ՞ Թովմա Աքուինացու վերոյիշեալ գործի մի բաժնի առանձնակի ընդօրինակութիւն։

[72]          «Այս են վարդապետական գրեանք ի վանքն Ամիրդոլու՝ համարով անջինջ յիշատակ գրեալ իմովս ձեռամբ Վարդանայ վարդապետի» («Արարատ», 1903, էջ 187)։

[73]          Ն. Պողարեան, Մայր ցուցակ, Դ, էջ 270

[74]          ՄՄ ձեռ. 2189, էջ 424ա-434ա։ Նոյնը, ուղղագրական աննշան տարբերութիւններով, գտնում ենք նաեւ Երուսաղէմեան 1376 ձեռագրում (էջ 497-524)։

[75]          Н. Я. Марр, Сборники притч Вардана, ч. I, СПб, 1899, էջ 73-74։ Ն. Մառի եզրակացութիւնն ըստ ամենայնի ճիշտ է. պէտք է աւելացնել միայն, որ մեր Մատենադարանի 2189 (նախկին 2238) ձեռագրի նիւթերի համախմբողն ու գրիչը ինքը՝ Գրիգոր Տաթեւացին է։ Ըստ այդմ՝ բովանդակալից այդ ժողովածուն թանկագին մի մասունք է, արժանի յատուկ ուշադրութեան։

[76]          Հմմտ. Մխիթար Գոշ, Առակներ (տեքստը ձեռագրերի համեմատութեամբ եւ ներածութիւնը Է. Պիւազեանի, Երեւան, 1951, էջ 119-133)։

[77]          «Յորժամ գծագրեցաւ մատեանս զայս, - գրուած է այդ յիշատակարանում, - թուկան Հայոց ՉՃԿԷ (1318) էր, եւ թագաւոր Օշին, եւ կաթողիկոս տէր Կոստընդին, եւ բնակութիւնս Ծործորու վանք, եւ տեղոյս առաջնորդ տէր Զաքարիայ, եւ վարժապետ եւ ուսուցիչ Յովհաննէս՝ ստացող գրոցս, եւ անուն գծողիս Մխիթար» (ՄՄ ձեռ. 2104, էջ 164բ)։

[78]          Այս գեղեցիկ ներբողեանը, որ պարունակում է Յովհաննէս Ծործորեցու մասին կենսագրական եւ բնութագրական տեղիներ, մէջ ենք բերում ստորեւ գրեթէ ամբողջութեամբ.

              «Բեր այժմ ի մէջ առցուք զաղբեւրն իմաստից՝ զայրն կորովամիտ՝ զշքեղացեալն զանազան իմաստիւք բանականութեանն արգասեօք, զերկրորդն Ոսկիաբան, եւ կամ համարձակեցայց ասել Աստուածաբան, զհայրն մեր հոգեւոր, զրաբունապետն Յոհան։ Որ զի թէպէտ եղեալ ոմանք եւ փայլայլք ի վերայ երկրի, եւ են, եւ լինին, որք համաբաւեալ հռչակին ի խումբս աստուածեղէն տառիս, սակայն ոմն այսու եւ ոմն այնու շնորհացն պայծառութեամբ յարգին ըստ առաքելոյ, եւ ըստ այնս եւ զգովութեանն տարան մրցանակ, եւ կամ տանին։ Իսկ նա զբովանդակն ընկալաւ իմաստ, եւ բոլորին եղեւ ընդունակ հանճարոյ։ Քանզ թէպէտ մասն էր ինքն բոլորին, սակայն զհանուրն եւ զմասանցն ստացաւ գիտութիւն, եւ ի ձեռն վարժից կրթութեան, եւ բնական շնորհացն աջողութեան, նաեւ առաքինի եւ հեզ վարուց պարկեշտութեան։ Եթէ ըստ մտացն տեսողութեան եւ ծննդական գոլոյն ի գիւտս հնարից դարձուածոց բնաից՝ արագ էր քան զամենեսեան, եւ թէ ըստ առատ եւ յորդաբուղխ բանին բղխողութեան, եւ համեղ եւ ախորժ ի շահ օգտութեան ի լուր լսողաց՝ ամենեցուն էր նա ըղձալի։ Զորս զամենեսեան ի բաց թողեալ իբրեւ զյայտնիս, զմին միայն եւեթ յիշեցից, զգութ հայրական խնամոցն, որ առ մեզ, զի սնոյց եւ վարժեաց զմեզ յոգնաբեղուն խտրութեամբ, իբրեւ զորդի սիրելի, եւ կամ զճշմարտագոյնն ասել՝ ի վեր քան զբնական սիրոյն ցուցակութիւն, վասն զի կրկնակի տածմանն եցոյց առ իս օրինակ, մանաւանդ յայսմ իրակերտութեան գործոյ եղեւ նպաստ եւ առիթ՝ յորդորական բանիւք քաջալերս տալով» (Երուսաղէմ, ձեռ. 1003, էջ 119, հմմտ, Ն. Պողարեան, Մայր ցուցակ, Դ, էջ 5)։

[79]          Մ. Քեշիշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Վիեննա, 1964, էջ 579

[80]          ՄՄ ձեռ. 1361, էջ 341ա

[81]          Զաքարիա եւ Յովհաննէս Ծործորեցիների անունները բացակայում են ժողովականների ցուցակից, բայց նրանց մասին տեղեկութիւն է հաղորդում Յովհան Քռնեցին. «Եւ ի մէջ եպիսկոպոսաց, որք եկեալէին այն ժողովն եւս եղեւ արհեպիսկոպոսն Զաքարիա, որ էր իշխող եկեղեցւոյն սրբոյն Թադէոսի առաքելոյն... եւ ի մէջ նոցին էր եւ մեծ վարդապետն Յոհան Ծործորեցին» ( Կ. Գալանոս, Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռոմայ աշխարհի, Հռոմ, 1690, էջ 517-518)։ Համանման տեղեկութիւն գտնում ենք «Պատմիչ ժողովոցն Կիլիկիոյ» աղբիւրի մէջ. «Հինգերորդ ընդհանրական ժողով, - գրուած է այնտեղ, - եղեւ ի մայրաքաղաքին Ատանայ Կիլիկոյ... յամի տեառն ՌՅԺԷ-ին եւ ի թվ. Հայոց ՉԿԶ-ին. այսու պատճառաւ, զի տգէտք եւ կամապաշտք ոմանք միակեացք խռովէին զպարզամիտս իբր թէ ողովն Սսոյ իցեր հակառակ աւանդութեանց սրբոյն Լուսաւորչին... համագումարեցին ի քաղաքն Ատանայ, ընդ որս էր եւ մեծ արքեպիսկոպոսն Մեծին Հայաստանի Զաքարիայ... եւ վարդապետն հռչակաւոր Յօհան Ծործորեցի» ( Յ. Տաշեան, Մայր ցուցակ, էջ 115)։

[82]          Յ. Քիւրտեան, Երիզա եւ Եկեղեաց գաւառ, հտ. Ա, Վենետիկ, 1953, էջ 195-196, 241։

[83]          Մ. Չամչեան, Պատմութիւն Հայոց, հտ. Գ, Վենետիկ, 1786, էջ 308

[84]          Այս թուականին է մաքրագրուել ու շրջանառութեան մէջ դրուել Թ. Աքուինացու «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» աշխատութեան Յ. Ծործորեցու թարգմանութիւնը։

[85]          Պատշաճ է այստեղ ծանօթանալ այս հարցի մասին Ա. Սրապեանի ուսումնասիրութեան մէջ առկայ տողերին, «Ղ. Ալիշանը եւ Գ. Զարպհանալեանը (Յովհաննէս Երզնկացուն) համարել են մահացած 1326 թ., Մ. Պոտուրեանն ու Ա. Զամինեանը՝ 1332 թ., Ա. Չոպանեանը՝ 1330 թ. կամ 1340 թ. եւ այլն։ Յ. Քիւրտեանը հաւանական է համարում 1325-1326 թթ. » (նշ. աշխ., էջ 31)։

[86]          «Գիրք դատաստանաց եւ կանոնաց թարգմանեալ ի լաթին լեզուէ ի հայ բարբառ նպաստաւորութեամբ Ֆրա Պետրոսի ի կարգէ Դօմինիկոսի, միջնորդութեամբ Առաքել վարդապետի ի մերս զարմէ՝ նոցին դպրութեան հետեւողի» (Զմմառի վանքի մատենադարան, ձեռ. 251, էջ 290բ)։

[87]          Մ. Քեշիշեան, Ցուցակ, էջ 579