Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Եվրոպացի հեղինակները հայերի եւ Հայաստանի մասին թողել են ուղեգրություններ, դիվանագիտական զեկուցագրեր, արեւելյան երկրների հետ եվրոպական երկրների կնքած առեւտրական պայմանագրեր, ճիզվիտ միսիոներների զեկուցագրեր Հայաստանից, Թուրքիայից ու Իրանից, երկարամյա դիտողությունների, ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող պատմական երկեր եւ այլն։ Այդ հեղինակների մոտ կան խիստ շահեկան ու երբեմն էլ բացառիկ արժեք ունեցող նյութեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի հասարակական-տնտեսական եւ քաղաքական պատմությանը, կաթոլիկ աշխարհի հետ նրա ունեցած քաղաքական առնչություններին, դավանաբանական վեճերին, մշակույթի հարցերին, աշխարհագրական միջավայրին եւ բազմաթիվ այլ բնագավառների ու խնդիրների։ Հենց սկզբից ընդգծենք, որ եվրոպական այս աղբյուրներին պետք է քննադատաբար մոտենալ։ Գալով Արեւելք, եվրոպացի հեղինակներից շատերն իրենց պետությունների որոշակի հանձնարարություններն են կատարել եւ որոշակի դիրքերից նկարագրել այս կամ այն երկրի կացությունը։ Եթե նա վաճառական է եղել, ապա առավել ուշադրություն է դարձրել տվյալ երկրի առեւտրի հնարավորություններին եւ առեւտրական ուղիներին։ Եթե նա դիվանագիտական ներկայացուցիչ է եղել, ապա նրան նախ եւ առաջ հետաքրքրել է երկրի քաղաքական ու ռազմական վիճակը։ Կաթոլիկ միսիոներների առաջ խնդիր էր դրված զբաղվել հոգեորսությամբ, այսինքն՝ «հերձվածող» արեւելյան քրիստոնյաներին կաթոլիկադավան դարձնել կաթոլիկ աշխարհի հեռու գնացող քաղաքական ծրագրերն իրագործելու նպատակով։ Այս բոլորը սակայն, չեն նսեմացնում եվրոպական այս աղբյուրների գիտական ու պատմական նշանակությունը։

Հատուկ կուզենայինք ընդգծել, որ մեր շարադրած աղբյուրների այս տեսությունը սպառիչ տեղեկություն չի տալիս հայ ժողովրդի պատմության վերաբերյալ եվրոպական աղբյուրներում եղած նյութերի մասին։ Կասկածից վեր է, որ եվրոպական արխիվներում առ այսօր մեզ հետաքրքրող չհրապարակված շատ նյութեր կան, իսկ հրատարակվածներից էլ ոչ բոլորն են, որ այստեղ հիշատակվել են։

Ցավոք պետք է նշել, որ այս նյութերը հատուկ ուսումնասիրության առարկա չեն հանդիսացել հայ իրականության մեջ, եթե զանց առնենք Գ. Վ. Զարբհանալյանի 1 [1] եւ Կ. Կոստանյանցի 2 [2] երկու գրքույկները, որոնց մեջ առավել ուշադրություն է դարձված հայոց լեզվի եւ բանահյուսության ուսումնասիրությանը Եվրոպայում՝ XIII-XIX դարերում։ Այդ երկու գրքույկներն էլ ավելի արժեքավորվում են մատենագրական տվյալներով։

1932 թ. Երեւանում լույս տեսավ Հովհ. Հակոբյանի «Ուղեգրություններ» [3] վերնագրով երկասիրությունը, ուր ոչ միայն թարգմանական քաղվածքներ են բերված XIII-XVI դդ. եվրոպացի ուղեգիրներից, այլեւ դրանց կցված են ծանոթագրություններ եւ ուղեգիրների մասին որոշ կենսագրական տվյալներ։ Հովհ. Հակոբյանի գրքում, սակայն, ոչ միայն տեղ չեն գտել բոլոր ուղեգրությունների նյութերը Հայաստանի եւ հայերի մասին, այլեւ ժամանակագրական առումով ընդգրկված է միայն մինչեւ XVI դարն ընկնող ժամանակահատվածը։

Խորհրդային պատմագիտության մեջ երկու աշխատություններ անմիջական առնչություն ունեն խնդրո առարկա այս թեմայի հետ։ Մեկը ականավոր արեւելագետ Վ. Վ. Բարտոլդի «Արեւելքի ուսումնասիրության պատմությունը Եվրոպայում եւ Ռուսաստանում» [4], իսկ մյուսը՝ Մ. Ա. Պոլիեւկտովի «XIII-XVIII դարերի եվրոպական ուղեգիրները Կովկասում» [5] աշխատություններն են։ Վերջինը տեղեկությունների ժողովածու է XIII-XVIII դդ. եվրոպացի հեղինակների կենսագրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ որոշ մատենագիտական նյութերի հաղորդում։ Ինչ վերաբերում է Վ. Վ. Բարտոլդի աշխատությանը, ապա դա համառոտ շարադրանք է եվրոպացի հեղինակների՝ Արեւելք կատարած ուղեվորությունների պատմական շարժառիթների մասին։ Եվս երկու աշխատություններ աղերս ունեն սույն հարցի հետ։ Առաջինը Զ. Ի. Յամպոլսկու [6], իսկ երկրորդը՝ Ն. Կ. Օռլովսկայայի «Վրաստանը XVII-XVIII դարերի Արեւմտյան Եվրոպայի գրականության մեջ» [7] վերնագրով գրքերն են։ Զ. Ի. Յամպոլսկու հրատարակած հատորում տեղ են գտել անցյալում տարբեր ժամանակ ռուսերեն թարգմանված XIII-XVIII դդ. եվրոպացի մի շարք ճանապարհորդների, որոնց թվում՝ Վիլհելմ Ռուբրուկի, Մարկո Պոլոյի, Կլավիխոյի, Յոսաֆաթ Բարբարոյի, Ամբրոզիո Կոնտարինիի, Անտոնի Ջենկինսոնի, Ադամ Օլեարիուսի, Յա. Ստրեյսի ուղեգրությունները Ադրբեջանի մասին, ինչպես նաեւ առանձին քաղվածական հատվածներ ռուսերեն մի քանի հայտնի ուղեգրություններից։ Բերված նյութերի մի զգալի մասը վերաբերում է պատմական Հայաստանին։ Որոշ ծանոթագրություններ գրված են ոչ ճիշտ դիրքերից եւ ակնհայտ է պատմական իրականությունը կեղծելու միտումը Զ. Ի. Յամպոլսկու կողմից։

Ինչ վերաբերում է Ն. Կ. Օռլովսկայայի վերոհիշյալ գրքին, ապա այնտեղ XIII—XVIII դդ. եվրոպական հեղինակներից Վրաստանի մասին բերված նյութերը խիստ համառոտ են։ Գրքում ավելի մեծ տեղ է տրված եվրոպական պատմագիտության մեջ վրացերեն լեզվի ու բանասիրության հարցերին։

Խորհրդահայ պատմագիտության մեջ եվրոպական հեղինակների աոանձին վկայություններ օգտագործել են Լեոն [8], Հ. Ս. Անասյանը [9], Աշ. Հովհաննիսյանը [10], Մ. Կ. Զուլալյանը [11], Վ. Ա. Բայբուրդյանը եւ այլք։ Այս առումով հատկապես պետք է առանձնացնել Աշ. Հովհաննիսյանին, որն իր մեծարժեք «Դրվագներում» գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ նոր նյութեր՝ անելով համապատասխան գիտական եզրակացություններ։

Եվրոպացի հեղինակների աշխատությունները բազմաբովանդակ են։ Գ. Վ. Զարբհանալյանը դրանք բաժանում է երեք խմբի՝ «ա) դիվանագիտական, երբ արեւմտյան ազգք եւ ժողովուրդք, ընդհանրապես արեւելքի, եւ մասնավորաբար մեր աշխարհին հետ ունեցած հարաբերությանց պատճառաւ սկսան ծանոթանալ Հայաստանի, եւ անոր բնակչաց պատմությանը, աշխարհագրության եւ լեզվին։ բ) Երբ այն առիթով, եւ նախ եւ առաջ մեր թագավորաց ոմանց խնդրանք՝ (sic!) սկսան արեւմտյան հոգեւորականք մուտ գտնել ի մեր աշխարհ, եւ հմտանալով մեր լեզվին՝ աշխատիլ կրոնական եւ բանասիրական տեսակետով։ գ) Ուսումնականք» [12] ։ Այստեղ հեղինակը նկատի ունի XVII-XIX դդ. եվրոպացի հայագետների գիտական հետազոտությունները։ Անշուշտ, մեզ առավել հետաքրքրող նյութերը դիվանագիտական ուսումնասիրություններն են։

***

Հանրահայտ է, որ Արեւելքի հետ եվրոպական երկրների ունեցած քաղաքական-դիվանագիտական հարաբերությունները սկսեցին XI դ. վերջերից՝ կապված խաչակրաց արշավանքների հետ։ Խաչակիրները եվրոպացի ավատատերերի եւ առեւտրականների առաջ բաց արեցին հեքիաթային Արեւելքը, որն իր ստեղծած նյութական ու գրական մշակույթով ոչ միայն չէր զիջում, այլ որոշ առումով գերազանցում էր Արեւմտյան Եվրոպայի երկրներին։ Խաչակիրները Արեւելքում երեւացին ոչ թե քրիստոնեական սուրբ վայրերը եւ արեւելյան քրիստոնյաներին ազատագրելու, ինչպես միամտորեն այն ժամանակ կարծում էին հայ պատմիչներից ոմանք [13], այլ երկրամասը կողոպտելու նպատակով։

Խաչակիրների քրիստոնյա քարոզչությունից խաբված Կիլիկիայի հայ իշխողները նրանց տրամադրեցին ընդարձակ կալվածքներ, այլեւայլ արտոնագրեր առեւտրի ու այլ բնագավառներում։ Աստիճանաբար ամրապնդելով իրենց դիրքերը Կիլիկիայում, խաչակիր արկածախնդիրները կանգ չառան նույնիսկ Կիլիկիայի հայոց իշխանների ամրոցների հափշտակման առաջ, իսկ հետագա դարերում արդեն կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչները Կիլիկիայում հայերից պահանջում էին ենթարկվել հռոմեական եկեղեցուն, հոգեպես ձուլվել նրանց հետ՝ հրաժարվելով նույնիսկ մայրենի լեզվից։ Արեւելքում գտնվելու հարյուրամյակների ընթացքում խաչակիր ասպետները ոչ միայն ոչնչով չնպաստեցին Կիլիկիայի հայկական պետության ամրապնդմանը, այլեւ ընդհակառակը ամեն կերպ նպաստեցին նրա թուլացմանն ու քաղաքական անկմանը։

Իսկ մինչեւ այդ կաթոլիկ Եվրոպայի երկրները, մասնավորապես Վենետիկն ու Ջենովան, Կիլիկիայի վրայով Արեւելքի երկրների հետ ծավալեցին լայն առեւտրական գործարքներ։ Դեռեւս 1201 թ. նրանք հայոց թագավոր Լեւոն 2-րդից (1198-1219) կորզեցին առեւտրական մի պայմանագիր, որն իրենց վաճառականներին ապահովում էր բացառիկ արտոնյալ վիճակ։ Ես իտալական վաճառականներին արտոնում եմ, գրում էր Լեւոն 2-րդ-ը իր շնորհագրում, որ նրանք իրենց գույքերով ու ապրանքներով իմ ամբողջ թագավորության մեջ, քաղաքներում թե գյուղերում, երկրի ողջ տարածքում երթեւեկեն անվտանգ գան ու վերադառնան, ազատ ու հանգիստ գնեն ու վաճառեն առանց որեւէ մի հարկադրանքի, հարկերի, առեւտրատուրքերի ու մաքսերի գանձման» [14] ։ Այդ արտոնությունների շարանը գնալով աճեց եւ, փաստորեն, Ջենովայի ու Վենետիկի համայնքները դարձան մի տեսակ պետություն պետության մեջ։ Այս բոլորը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կիլիկիայում հաստատվեց հայկական թագավորությունը։ Ճիշտ չէ, անշուշտ, Վ. Հեյդի այն ենթադրությունը, թե Վենետիկն ու Ջենովան կարող է առեւտրական արտոնություններ ունեցած լինեին մինչեւ հայկական թագավորության հիմնադրումը Կիլիկիայում։ Վ. Հեյդի այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ XII դարում Կիլիկիան անվանապես համարվում էր Բյուզանդիայի նահանգներից մեկը, իսկ վերջինս այս երկու քաղաքապետությունների հետ կնքել էր առեւտրական պայմանագիր [15] ։ Վ. Հեյդը հաշվի չի առնում, որ այդ ժամանակ (1132 թ. ) Դաշտային Կիլիկիան (Ադանան, Տարսոնը, Մամեստիան) գտնվում էր սելջուկների գերիշխանության տակ։

Խաչակրաց առաջին իսկ արշավանքից հետո Բյուզանդիայի՝ որպես Եվրոպայի ու Արեւելքի միջեւ միջնորդ պետության դերը խիստ նվազեց։ Այժմ արդեն առեւտուրն Արեւելքի հետ կատարվում էր սիրիական նավահանգիստների միջոցով։ Սելջուկների արշավանքներից հետո խիստ անկում էին ապրել այն առեւտրական ուղիները, որոնք անցնում էին Սեւ ծովի ու Հայաստանի վաճառաշահ կենտրոնների (Տրապիզոն, Արծն, Կարս, Անի եւ այլն) միջով։ Առեւտրական նոր ուղիներն անցնում էին Կիլիկիայով ու մտնում Փոքր Ասիայի այն տարածքը, որը զավթված էր սելջուկների կողմից։ Հենվելով Իբն Բիբայի ու այլ աղբյուրների վրա, Գ. Միքայելյանը ցույց է տվել, որ հաճախ սելջուկների ու Կիլիկյան հայկական պետության միջեւ ռազմական ընդհարումների գլխավոր պատճառը առեւտրական ուղիների զավթման ձգտումն էր սելջուկների կողմից [16] ։ «Մուսուլմանական, հունական եւ հայկական աղբյուրները արժեքավոր վկայություններ են հաղորդում Փոքր Ասիայում կարավանային ուղիների, առեւտրական կենտրոնների ու նավահանգիստների զավթելու նպատակով Ռումի սուլթանների նվաճողական արշավանքների մասին» [17], կարդում ենք դարձյալ Գ. Միքայելյանի մոտ։

Այդ պատերազմների անմիջական արդյունքը եղավ այն, որ սելջուկները 1207 թ. գրավելով Ատտալիան, իսկ 1214 թ. Սինոպը, դուրս եկան Միջերկրական ու Սեւ ծովերը եւ դրանով իսկ սկսեցին իրենց ձեռքում պահել կարավանային առեւտրի կարեւորագույն ուղիների մի մասը։ Այսուհանդերձ, Արեւելքի հետ Եվրոպայի առեւտուրը հիմնականում XII ու հետագա դարերում կատարվում էր Կիլիկիայի տարածքի միջոցով։ «Առեւտրի տեսանկյունից, գրում Է Վ. Հեյդը, Հայկական թագավորությունը գտնվում էր առանձնահատուկ նպաստավոր պայմաններում։ Նրա ամենամեծ տարածման ժամանակ, այսինքն Լեւոն 2-րդի իշխանության օրերին, նա գրավում էր մի զգալի ծովափ, որն ընդգրկում էր արեւելքում Ալեքսանդրեթի ծոցից մինչեւ Ատտալիայի ծովախորշին մի քանի մղոն չհասած տարածքը» [18] ։ Կիլիկիայի վրայով դեպի Եվրոպա էին առաքվում հնդկական, չինական եւ պարսկական ընտիր գործվածքեղեն, Միջագետքի, Փոքր Ասիայի եւ Կիլիկյան Հայաստանի արհեստագործական նուրբ արտադրությունն ու գյուղատնտեսական մթերքները։ Հատկապես XIII դ. երկրորդ կեսից սկսած միջազգային առեւտրում մեծ դեր սկսեց խաղալ Այաս նավահանգիստը։ Այն հանգամանքը, որ կաթոլիկ Եվրոպայի հետ Կիլիկիայի թագավորների կնքած առեւտրական պայմանագրերում Այաս նավահանգստի անունը առաջին անգամ հիշատակվում է 1261 թ., Աշ. Հովհաննիսյանին թույլ է տվել եզրակացնելու, որ Այասը «խոշոր նշանակություն ստացավ ոչ թե խաչակիր թագավորությունների կամ լատինական իմպերիայի ժամանակ, այլ դրանց անկումից հետո» [19] ։ Այստեղից էլ, բնականաբար, բխում է, որ անհիմն են եվրոպացի բուրժուական պատմաբանների այն պնդումները, թե Եվրոպայի հետ կիլիկյան հայոց թագավորների կնքած առեւտրական պայմանագրերը, գործարքները մեծապես նպաստել են տեղական առեւտրին ու արդյունաբերությանը, քաղաքների զարգացմանը։

Եվրոպայի հետ Կիլիկիայի հայոց թագավորության ունեցած տնտեսական, քաղաքական եւ այլ բնույթի մի քանի հարյուրամյակ տեւած այս առնչություններն արտացոլվել են եվրոպական աղբյուրներում։ Դրանք Կիլիկիայի հայոց պատմության մասնագետներից մեկը՝ Ս. Վ. Բոռնազյանը, բաժանում է մի քանի խմբերի։ «Առաջին խմբին են պատկանում, գրում է նա, արեւմտաեվրոպական երկրների, Սիրիայի խաչակիր պետությունների, արաբական եւ բյուզանդական հեղինակների մատենագրական եւ իրավաբանական երկերը։ Երկրորդ խմբին են պատկանում՝ եվրոպական մի շարք երկրների պետական արխիվներում պահպանված արխիվային նյութերը, Կիլիկիայի հայկական պետության արքունիքի կամ նոտարական գրասենյակների կողմից բաց թողնված ակտերը, կամ թե պապի, արեւմտաեվրոպական պետությունների, հարեւան արաբական պետությունների եւ Կիլիկիայի հայկական թագավորության միջեւ եղած թղթակցությունները… պետական ատյանի կողմից բաց թողնված առեւտրական շնորհագրերի եւ պայմանագրերի, հողային նվիրատվությունների եւ հաշտության պայմանագրերի լատիներեն, ֆրանսերեն, արաբերեն եւ հայերեն լեզուներով գրված բնագրերն ու պատճենները» [20] ։ Արխիվային նյութերի զգալի մասը պահպանվել է Ջենովայի, Վենետիկի, Միլանի, Տուրինի, Մալթայի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի, Նեապոլի, Վատիկանի եւ Մադրիդի պետական արխիվներում, որոնց ընդհանուր քանակն ըստ Վ. Լանգլուայի եւ Էդ. Դյուլորիեի հաղորդումների, հասնում է 351-ի։

Այս բոլոր նյութերի զգալի մասը, շնորհիվ Վ. Լանգլուայի [21], Էդ. Դյուլորիեի [22], Վ. Հեյդի [23], Վ. Հ, Ռուդտ-Կոլլենբերգի [24], Ռ. Գրուսսեի [25], Ֆ. Տուրնեբիզի [26] ու այլոց աշխատությունների, մտել է գիտական շրջանառության մեջ։ Կիլիկիայի քաղաքական պաամության տեսանկյունից հիշարժան են խաչակրաց արշավանքներին նվիրված ժողովածուները [27], ինչպես նաեւ Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը» [28] ։ Վերջինս եղել է Լեւոն 6-րդ թագավորի խորհրդականն ու խոստովանահայրը ու հավանաբար իր «Ժամանակագրությունը», որն ընդգրկում է Կիլիկիայի ավելի քան մի հիսնամյա քաղաքական պատմությունը, գրել է հենց թագավորի թելադրությամբ Կահիրեում, գերեվարության ընթացքում։ Վերջապես, որոշ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ 1211-1212 թթ. Կիլիկիա այցելած Վիլլեբրանդ Օլդենբուրգցու՝ ավստրիական դքսի դեսպանի, «Ուղեգրությունը» [29] ։

Եվրոպական երկրների ուշադրությունը դեպի Արեւելք խիստ մեծացավ XIII դարում՝ կապված մոնղոլական արշավանքի հետ։ Եվրոպայում վաղուց էր տարածված մի խուլ լուր, որ իբր հեռավոր Ասիայում գոյություն ունի քրիստոնյա աստվածապետական մի պետություն ոմն Հովհաննես երեցի գլխավորությամբ, 1165 թ. նույնիսկ լատիներեն լեզվով հրապարակ հանվեց ձեռագիր մի գրքույկ, ուր Հովհաննես երեցի անունից Եվրոպայի քրիստոնյա պետություններին համագործակցելու կոչ էր արվում։ Հռոմի պապն ու ֆրանսիական թագավորներն Արեւելք ուղարկեցին Պլանո Կարպինիին (1246 թ. ), Լոնժյումեին (1240 թ. ), Ռուբրուկին ու այլոց՝ Արեւելքի քրիստոնյա այդ պետության մասին ստույգ տեղեկություններ հավաքելու նպատակով։ Իսկ ինչ էր իրականում այդ «քրիստոնյա պետությունը» Արեւելքում։ Լոկ մի առասպել, որի հիմքում «…ընկած էր այն իրողությունը, որ հեռու Արեւելքում միսիոներական եռանդուն աշխատանք էին կատարում սիրիացի նեստորականները, որոնց, ինչպես նշում են եվրոպական հետազոտողները, հաջողվել էր XI դարի առաջին կեսերին քրիստոնեության առաքյալ դարձնել Չինգիզ խանի նախորդներից մեկին՝ Ունչխանին։ Հովհան անունը Ունչխանի քրիստոնեական անունն էր» [30] ։

Եվրոպացիներին նաեւ հայտնի էր դարձել, որ մոնղոլները կատաղի ատելությամբ են լցված մուսուլմանական աշխարհի նկատմամբ ու հովանավորում են քրիստոնյաներին։ Նման լուրեր տարածողները հենց իրենք՝ մոնղոլներն էին, որոնք հետամուտ էին քաղաքական նպատակների։ Խոսելով մոնղոլների հետախուզական արշավանքների մասին, Կիրակոս Գանձակեցին գրում է, թե «համբավ ստութեան գայր զնոցանէ (ընդգծումը մերն է - Մ. Զ. ), թե մոգք են եւ քրիստոնեայ հաւատով եւ նշանագործք, եւ եկեալ են ի վրէժխնդրութիւն քրիստոնէից որ ի բռնութեան Տաճկաց. եւ ասէին՝ թե ունին եկեղեցի վրանեայ եւ խաչ սքանչելագործ… եւ այսպիսի ստութեան համբաւոք լցաւ աշխարհս մեր» [31] ։ Սա մի միջոց էր չեզոքացնելու Արեւելքի քրիստոնյա պետություններին, հպատակեցնելու նրանց ու նրանց զինական օգնությամբ հարվածելու մուսուլմանական աշխարհին։

Պլանո Կարպինին, ֆրանցիսկյան այդ հոգեւորականը, Արեւելք ուղարկվեց 1246 թ. Լիոնի եկեղեցական ժողովի որոշմամբ, պապ Իննոկենտիոս 4-րդի կողմից։ Նա թողել է «Մոնղոլների պատմություն» վերնագրված աշխատությունը [32], որը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում մոնղոլների կենցաղի, սովորույթների, ռազմական արվեստի, ինչպես նաեւ XIII դարի 20-40-ական թթ. Վրաստանի քաղաքական պատմության մի քանի հարցերի շուրջ։ Պլանո Կարպինին նկարագրածի անմիջական ականատեսն է. «…քանզի մենք եղանք նրանց մեջ, գրում է նա, եւ նրանց հետ (իմա՝ մոնղոլների Մ. Զ. ) ավելի քան մի տարի ու չորս ամիս… նրանց մասին մենք իմացանք նաեւ նրանց մոտ գերության մեջ գտնվող արժանահավատ քրիոտոնյաներից» [33] ։

Մոնղոլների ու նրանց հպատակեցած երկրների մասին հավաստի ու հարուստ տեղեկություններ կան Վիլհելմ Ռուբրուկի [34] (մոտ 1215-1270) գրվածքում: Նա ֆրանցիսկյան միաբան էր Ֆլանդրիայից. ծնվել է Ֆրանսիայի ծայր հյուսիսում գտնվող Ռուբրուկ գյուղում, այստեղից էլ նրա մականունը։ 1253-1255 թթ. ընթացքում նա Լյուդովիկոս 9-րդի կողմից ուղարկվեց մոնղոլական մեծ խան Մանգուի մոտ։ Ռուբրուկն իր ուղեւորությունը սկսում է Կոստանդնուպոլսից, որտեղից հեռանում է 1253 թ. մայիսի 7-ին։ Ապա Սեւ ծովի վրայով ուղեւորվելով դեպի Սոլդայա (Սուտակ, Ղրիմում), այնտեղից էլ Մատրիգայի (Ազովի մոտ), Տանայիսի (Դոնի), Իտիլի (Վոլգայի) վրայով շարժվում է Մեծ խանի նստավայր հանդիսացող Կարակորում, ուր հասնում է 1253 թ. դեկտեմբերի 27-ին ու այնտեղ մնում մինչեւ 1254 թ. հուլիսի 10-ը։ Մոնղոլիայից Ռուբրուկը վերադառնում է Դերբենդի, Շամախու, Մուղանի դաշտավայրի վրայով ու մտնում է Հայաստան։ Շարունակելով իր ուղեւորությունը, նա Արաքսի երկայնքով հասնում է Անի, այնուհետեւ՝ Կարին եւ Երզնկա, ապա՝ Կիլիկիա, Կիպրոս, Անտիոք եւ Տրիպոլի, որտեղից էլ 1255 թ. օգոստոսի 15-ին Լյուդովիկոս 9-րդին հաշվետվություն է հղում ուղեւորության ու իր վրա դրված հանձնարարության կատարման մասին։

Վ. Ռուբրուկը մեզ տվյալներ է հաղորդում Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի ժողովուրդների վերաբերյալ, խոսում է Թավրիզի, Շամախու, Թիֆլիսի, Նախիջեւանի, Կարինի մասին, հատուկ նշում, որ «Դաշանց թղթի» գաղափարը մեծապես տարածված էր հայերի միջավայրում։ Վ. Ռուբրուկի շնորհիվ մենք տեղեկանում ենք, որ մինչեւ Հեթում թագավորի Մոնղոլիա մեկնելը հայերն ասորիների հետ միասին վաղուց մոնղոլների մոտ միսիոներական գործունեություն էին ծավալել։

XIII դարում Արեւելքում եվրոպացիների հետաքրքրության հիմնական թեման ոչ միայն քաղաքական էր (մոնղոլների հետ դաշինք կնքելու ձգտումը), այլեւ առեւտրական, ինչպես նախորդ դարում։ Դրա փայլուն վկայություններից է Մարկո Պոլոյի ուղեւորությունը Մոնղոլիա XIII դարի 60-ական թվականներին։ Երբ Պոլո եղբայրները ձեռնարկեցին իրենց առաջին ուղեւորությունը Մոնղոլիա, Վենետիկը գտնվում էր ծաղկման գագաթնակետում եւ իր ձեռքում էր կենտրոնացրել Արեւելքի հետ կատարվող առեւտրի զգալի մասը։ Սակայն շուտով 1261 թ., երբ Պոլո եղբայրները գտնվում էին Վոլգայի ափին, Վենետիկի հավերժ ախոյան Ջենովայի օգնությամբ Անգելոս Պալեոլոգը տապալեց Լատինական կայսրությունն ու վերականգնեց բյուզանդականը։ Ջենովացիներն Արեւելքում գրավեցին վենետիկցիների տեղը։ 1298 թ. Գուրզոլայի ճակատամարտում, որին մասնակցում էր նաեւ Մարկո Պոլոն, Վենետիկը ծանր պարտություն կրեց Ջենովայից, որի շնորհիվ վերջինս Միջերկրականում հաստատեց իր գերիշխանությունը ընդհուպ մինչեւ 1380 թ., երբ վճռական հարված ստացավ Վենետիկից։ Այսուհանդերձ Մարկո Պոլոն հեռավոր արեւելք կատարած ուղեւորությամբ մեծագույն ծառայություն մատուցեց իր հայրենիք Վենետիկին եւ ողջ Արեւմուտքին՝ եվրոպական առեւտրականների առաջ բացելով Արեւելքի առասպելական դռները։ «Մարկո Պոլոյի գիրքը, գրում է Վ. Շկլովսկին, գերազանցում է իր ժամանակի ողջ եվրոպական գրականությանը իր հստակությամբ, որոշակիությամբ, հզոր գրելաոճով եւ նյութերի առատությամբ։ Չմոռանանք, որ այս աշխատանքում փորձ է արված նկարագրել մի երկիր, որը տարածվում է Սառուցյալ օվկիանոսից մինչեւ հասարակած գոտին, Վենետիկից մինչեւ Յանցզիի գետաբերանը» [35] ։

Մարկո Պոլոն (1245-1325 թթ. ) ծնվել է Վենետիկի Ռիալտո կղզում։ Նիկոլա Պոլոյի որդի Մարկո Պոլոն Արեւելք կատարած՝ երկրորդ ուղեւորության ընթացքում միանում է իր առեւտրական եղբայրներին, ծառայության մտնում մոնղոլական մեծ խան Խուբիլայի մոտ, շուրջ տասնյոթ տարի վարում բազմաթիվ պետական բարձր պաշտոններ, որից հետո վերադառնում է հայրենիք։

Վենետիկցիների ուղեւորությունը սկսվում է Կիլիկիայի Այաս նավահանգստից եւ շարունակվում է Հայաստանի վրայով։ Մարկո Պոլոն իր «Ուղեգրության» մեջ մեզ հաղորդում է արժեքավոր վկայություններ՝ Կիլիկիայի, որին նա անվանում է Փոքր Հայք, Մեծ Հայքի, Թավրիզի եւ Հայաստանի հարակից այլ շրջանների վերաբերյալ։ Մարկո Պոլոն իբրեւ ջերմեռանդ կաթոլիկ ցավով արձանագրում է, որ Կիլիկիայում հայերը, չնայած քրիստոնյաներ են, բայց նրանց հավատը «այնպես չէ, ինչպես հռոմեացիների մոտ»։ Նա մնում է, նախ եւ առաջ, առեւտրական եւ, որպես կանոն, խոսելով իր այցելած քաղաքների մասին, նշում է, որ «բնակիչները առեւտրականներ են» եւ կամ թե «քիչ են ունակ առեւտրին»։ Նրա աշխատության Հայաստանին վերաբերող նյութերը հիմնականում թարգմանված են Հովհ. Հակոբյանի կողմից [36] ։

Մարկո Պոլոյից մի քանի տարի անց, մոտավորապես 1318 թ. Արեւելք ու Մոնղոլիա ուղեւորություն կատարեց Օդերիկ Ուդինացի հոգեւորականը, իսկ 1332 թ. ՝ Ժան դը Մանդեւիլը։ Այս երկու հեղինակների թողած ուղեգրությունները հար եւ նման են իրար ու, հավանաբար, վերջինն իր նյութերի մեծ մասն արտագրել է նախորդից։ Երկուսի մոտ էլ առասպելախառն ու անարժանահավատ տեղեկությունները զգալի տեղ են գրավում։ Ժան դը Մանդեւիլի, ինչպես նաեւ հրեա Բենիամին դե Տյուդելի, Ն. Ասցելինի ուղեգրությունները հրատարակված են Պիեռ Բերժերոնի ժողովածուի [37] մեջ։

1330 թ. դեպի Արեւելք ու Մոնղոլիա ուղեւորություն է կատարում նաեւ Վիլհելմ Բուլդեֆելը, որը Բենեդիկտոս 12-րդ պապին է բերում 1328 թ. մեծ խան Խուբիլայի բարյացակամ ոգով գրած նամակները։ Այս ուղեգրությունը հետաքրքիր է Մոնղոլիայի ու Արեւմտյան Եվրոպայի քաղաքական պատմության առնչության տեսանկյունից։ Հայերի մասին տեղեկությունները համարյա բացակայում են (հեղինակը Մոնղոլիա է ուղեւորվել Արաբիայի վրայով) [38] ։ Ի դեպ Հռոմի պապերի հետ մոնղոլական խաների ունեցած գրավոր բանավարությունների մասին եղած վկայությունները դարձյալ բերված են Պիեռ Բերժերոնի [39] մատնանշված աշխատության մեջ։

Մոնղոլական կայսրության ժամանակաշրջանի պատմության հարցերին է նվիրված հայ պատմիչ Հեթումի «Արեւելքի երկրների պատմության ծաղկաքաղ» խորագրով աշխատությունը, որը, ուսումնասիրողների համընդհանուր կարծիքով, լավագույնն է մոնղոլներին նվիրված եվրոպական աղբյուրների մեջ։ «Նրա երկի կարեւոր առանձնահատկությունն այն է, գրում է Լ. Հ. Բաբայանը, որ այն հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում, ավելի խորն է բացահայտում համաշխարհային թատերաբեմում մոնղոլ նվաճողների հանդես գալու նախադրյալները, քան այդ արել են Կարպինին, Ռուբրուկը, Ասցելինը եւ ուրիշներ» [40] ։ Հեթում պատմիչի այս աշխատությունը, ինչպես ճիշտ նկատել է Աշ. Հովհաննիսյանը, «…խաչակրաց նոր արշավանքի ռազմաքաղաքական մի ծրագիր էր» [41] եւ սոսկ մոնղոլների պատմությունը չէ, այլ կերպ ասած՝ հայոց Հեթում արքայի զարմիկ պատմիչը իր աշխատությունը գրելիս որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդել։ 1842 թ. Հեթում պատմիչի այս աշխատությունը լատիներենից հայերեն է թարգմանել Մ. Ավգերյանը եւ հրատարակել Վենետիկում [42] ։

XIV դարի վերջին եւ XV դարի սկզբին, Կիլիկիայի հայկական պետության անկումից քիչ անց Կիլիկիա ու նրա հարակից շրջաններն է այցելում Ֆրանսիայի Ֆիլիպ Բարի թագավորի խորհրդատու Բերտրանդոն դե լա Բրոկիերը [43] ։ Իր ուղեգրության մեջ, որը վերնագրված է «Անդրծովյան ուղեգրություն», Բերտրանդոն դե լա Բրոկիերը արժեքավոր վկայություններ է հաղորդում Կիլիկիայի քաղաքական կացության ու նրա բնակչության իրավազուրկ վիճակի մասին։ Այնտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես Ռամազան-օղլու, Զուլքադար-օղլու եւ Կարաման-օղլու թուրքմենական ցեղերը տեր ու տնօրինություն էին անում Կիլիկիայի տարբեր մասերում ու նրա հարակից շրջաններում։ Գրավելով Կիլիկիայի մեծագույն մասը ու անվերջ պայքարելով Եգիպտոսի սուլթանների ոտնձգությունների դեմ, թուրքմեն տիրակալները կարողացան երկրամասն իրենց իշխանության տակ պահել ընդհուպ մինչեւ 1516 թ., երբ Կիլիկիան ընկավ օսմանյան տիրապետության ներքո։ Թուրքմեն տիրակալներն այդ ժամանակ իշխում էին նաեւ Մեծ Հայքում եւ եվրոպացի ուղեգիրները երկիրն անվանում էին «Թուրքոմանիա»։ Նույն բառով է Կիլիկիան կոչում նաեւ Բերտրանդոն դե լա Բրոկիերը։ «Երբ ես մեկնեցի Սիրիայից, գրում է նա, ես մուտք գործեցի թուրքմենների երկիրը, որին մենք անվանում ենք Հայաստան (խոսքը Կիլիկիայի մասին է Մ. Զ. )»։ Ուղեգրի վկայություններից երեւում է նաեւ, որ Կիլիկիան հայկական պետության անկումից հետո էլ քաղաքային կյանքն ու առեւտուրը դեռեւս լրիվ անկում չէին ապրել։ Այսպես, խոսելով Ադանայի մասին, նա գրում է. «Ադանան մի շատ լավ վաճառականական քաղաք է, որը ամուր պաշտպանված է պարիսպներով» [44] ։

Հեթում պատմիչից հետո ընդհուպ մինչեւ XV դարի սկզբները, եվրոպական պատմության մեջ աչքի ընկնող գրական հուշարձան չի պահպանվել։ Միայն Լենկ-Թիմուրի ժամանակաշրջանն է, որ արտացոլվել է Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի «Ուղեգրության» մեջ։

Այսուհանդերձ, պատմական արժեքից զուրկ չեն գերմանացի Հանս Շիլդբերգերի [45] հաղորդած վկայությունները Հայաստանի եւ հայերի մասին։ 1394 թվականին ծառայության մեջ գտնվելով հունգարական Սիգիզմունդ թագավորի մոտ, նա Նիկոպոլիսի ճակատամարտում գերի է ընկնում թուրքերի ձեռքն ու սուլթան Բայազետ 1-ինի կարգադրությամբ ուղարկվում է Փոքր Ասիա։ 1402 թվականին Անկարայի ճակատամարտում գերի է ընկնում Թիմուրի ձեռքը եւ այնուհետեւ մասնակցում նրա արշավանքներին։ 1417 թվականին նա փախչում է գերությունից ու վերադառնում հայրենիք։ Լինելով անգրագետ, նա հետագայում թելադրել է իր տեսածն ու վերապրածը։ Նրա միամիտ նկարագրությունները պահանջում են խիստ քննադատական մոտեցում ունենալ եւ առասպելական ու հաճախ աղավաղված նյութերից քաղել ճշմարիտն ու պատմականը։

Որոշ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ իտալացի ֆրանցիսկյան Օդորիկոս Պորդենոնցու 1316 թ. Կոստանդնուպոլիս եւ Տրապիզոնի վրայով Հայաստան կատարած ուղեւորության մասին վկայությունները [46] ։ XIX դարի վերջին Բալկաններում թուրքերի ունեցած ռազմական հաջողությունները մեծապես վնասել էին Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ կատարվող առեւտրին։ Եվրոպական երկրների պարբերաբար կազմակերպած «խաչակրաց» արշավանքներն անվերջ պարտություն էին կրում թուրքերից։ Բալկանյան երկրների դաշինքին հատկապես մեծ հարված հասցրեց սուլթան Բայազետ Յըլդըրըմը՝ 1396 թ. Դանուբի ափին կայացած Նիկոպոլիսի ճակատամարտում։ Ահա այս ժամանակ Արեւելքում հանդես եկած նոր բռնակալ Թիմուրը, որը 1402 թ, Անկարայի ճակատամարտում գլխովին ջախջախել էր թուրքական բանակն ու գերի վերցրել Բայազետ սուլթանին, եվրոպացիների կողմից դիտվում էր որպես հնարավոր դաշնակից գլխավոր թշնամու՝ օսմանյան Թուրքիայի դեմ։ Ռույ Գոնսալես դի Կլավիխոն՝ կաստիլիացի այդ ազնվականը, ծնվել է Մադրիդում։ Ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ. մահացել է 1412 թ. ։ 1403 թ. Կաստիլիայից երկրորդ դեսպանությունն ուղարկվեց Թիմուրի մոտ, որին մասնակցում էին Ալֆոնսո Պաեսա դե Սանկտա Մարիան, Կլավիխոն եւ Գոմես դե Սալասարը, որոնք եւ 1406 թ. վերադարձան Կաստիլիա։

Կլավիխոն թողել է այդ ճանապարհորդության օրագիրը [47] ։ Ուղեգիրը 1403 թ. մայիսի 21-ին դուրս է գալիս Կադիսից եւ Միջերկրական ու

Սեւ ծովերի վրայով ուղեւորվում է Կոստանդնուպոլիս, Սինոպ եւ Տրապիզոն։ Այստեղից նա շարունակում է իր ճանապարհը դեպի Երզնկա, Էրզրում (Arseron), Ալաշկերտ, Իգդիր, Բայազետ, Խոյ, Թավրիզ, Սուլթանիե, Թեհրան եւ 1404 թ, սեպտեմբերի 8-ին հասնում է Սամարղանդ, ուր հատուկ ընդունելության է արժանանում Թիմուրի կողմից ու այնտեղ մնում մինչեւ նոյեմբերի 21-ը։ Վերադարձին Կլավիխոն, անցնելով Իրանի վրայով, այցելում է Անի, Կարս, Սպեր, Տրապիզոն եւ այլ վայրեր ու քաղաքներ։

Հիշարժան են Մակվում պահպանված հայկական իշխանություններից մեկի մասին Կլավիխոյի հաղորդած վկայությունները։ «Կիրակի, հունիսի 1-ին (1404 թ. ), գրում է Կլավիխոն, մենք հասանք մի բերդ, որ կոչվում էր Մակու, եւ այդ վայրը պատկանում էր մի իշխանի, որ հռովմեական կաթոլիկ քրիստոնյա էր, բայց անունը Նուրադդին էր, եւ այն զինվորները, որոնք պահպանում էին այս բերդը նույնպես պատկանում էին հռովմեական կաթոլիկ հավատքին։ Նրանք իրականում ազգությամբ հայ էին, խոսում էին հայերեն, բայց միեւնույն ժամանակ հասկանում էին թուրքերեն եւ պարսկերեն։ Մակվում Դոմինիկյան միաբանության մի վանք կա» [48] ։

1402 թվականին Անկարայի ճակատամարտը միայն ժամանակավորապես կանգնեցրեց թուրքերի հետագա առաջխաղացումը Բալկաններում ու հետաձգեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկումը։ XV դարի 40-ական թթ. օսմանցի թուրքերը վերսկսեցին իրենց զավթողական պատերազմները Եվրոպայի արեւելքում։ 1444 թ. սուլթան Մուրադ 2-րդը Վառնայի մոտ ջախջախեց լեհական ու հունգարական բանակները եւ գրավեց բալկանյան երկրների զգալի մասը, իսկ 1448 թ. Կոսովոյի դաշտում պարտության մատնեց հունգարական վոյեվոդ Յանուշ Խունիատայի գլխավորությամբ արեւելաեվրոպական երկրներից կազմված դաշնակից բանակը, որից հետո Մուրադ 2-րդի հաջորդ Մեհմեդ 2-րդին ոչինչ չէր մնում, քան առանց մեծ արգելքի 1453 թ. մայիսի 29-ին գրավել Կոստանդնուպոլիսը։ Այս բոլոր քաղաքական իրադարձությունները հսկայական վնաս պատճառեցին Եվրոպայի լեւանտյան առեւտրին։ Ամենից շատ տուժեցին Վենետիկն ու Ջենովան։ Այս երկու քաղաք-հանրապետություններն առեւտրական խոշոր կենտրոններ ունեին Կոստանդնուպոլսի Պերա ու Ղալաթիա թաղամասերում եւ այստեղից էին կատարում Արեւելքի հետ ողջ առեւտուրը։ Իտալիայի այս երկու հանրապետությունների համար կարեւոր առեւտրական կենտրոններ էին նաեւ Տրապիզոնն ու Կաֆան (Թեոդոսիան), որտեղից նրանք իրենց ապրանքները տեղափոխում էին Իրան, մասնավորապես Թավրիզ։ Այնտեղից էլ ստանում էին Հնդկաստանի ապրանքները Հորմուզի վրայով ու տեղափոխում Եվրոպա։ Սակայն շուտով թուրքերը գրավեցին սկզբում Տրապիզոնը (1461 թ. ), իսկ այնուհետեւ՝ 1475 թ., Ղրիմի թերակղզին [49] ու Եվրոպայի առաջ փակեցին Արեւելքի առեւտրական ուղիները։

Այս բոլորը մասնավորապես Վենետիկին ստիպեցին դաշնակիցներ փնտրել Արեւելքում, եւ այդպիսի դաշնակից գտնվեց՝ հանձինս ակկոյունլու թուրքմենների ականավոր տիրակալ Ուզուն Հասանի (1453-1477 թթ)։ Վերջինս ոչ միայն սիրալիր ընդունեց Վենետիկի հանրապետության դեսպաններին, այլեւ, իր հերթին, բարեկամական դեսպանություններ ուղարկեց Եվրոպա։ Ուզուն Հասանը Եվրոպայի հետ ունեցած իր բանավարություններում օգտագործում էր հայ դիվանագետներին, որոնցից մեկն էր Նախիջեւանի շրջանից հայ խոջա Միրաքը՝ Ուզուն Հասանի «հավատարիմ ծառան ու ներկայացուցիչը» [50] ։ Վենետիկի հանրապետության դեսպանները գրի են առել այն քաղաքական իրադարձությունները, որոնց ականատես են եղել իրենց ճանապարհորդությունների ընթացքում։ Այդ գրառումները պատմական որոշակի արժեք են ներկայացնում։ XV դարի 70-ական թթ., երբ ռազմական գործողություններ էին մղվում մի կողմից Ուզուն Հասանի զորքերի, մյուս կողմից՝ թուրքերի միջեւ, օսմանցիների բանակում էր գտնվում մի ուրիշ վենետիկցի՝ Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն, որի թողած պատմական վկայությունները նույնպես խիստ ուշագրավ են։

Կատերինո Զենոն ամուսնացած էր Կալոյոաննես կայսեր՝ Վիոլետա թոռան հետ, հետեւաբար, Ուզուն Հասանի կնոջ՝ Դեսպինայի, մոտիկ ազգականն էր։ 1474 թ., վերադառնալով Վենետիկ, Զենոն սենատին է հանձնում Արեւելք կատարած ուղեւորության մասին իր զեկուցագիրը [51] ։ Դրանից պարզվում է, որ իտալական դեսպանների հետ բանակցությունների ընթացքում Ուզուն Հասանի հետ կայացել էր զինական դաշնակցություն, եւ որ գործող դաշնակից զորքերը պետք է հանդիպեին Կարամանիայում։ Սակայն այդ դաշինքին վիճակված չէր կյանքում իրականանալ, քանի որ 1473 թ. օգոստոսին Դերջանի ճակատամարտը ավարտվել էր հօգուտ թուրքերի ու դրանով իսկ կանխորոշել այդ դաշինքի հետագա ճակատագիրը։

Ջոզեֆո Բարբարոն ծնվել է Վենետիկում XV դարի սկզբին ու մահացել 1493 թ. ։ Իր առեւտրական գործարքների համար 1436-1452 թթ., ապրել է Տանայում (Ազով) ու մոտիկից ծանոթացել արեւելյան ժողովուրդներին։ 1471 թ. Ջ. Բարբարոն մեկնել է Իրան՝ Կիպրոսի, Կիլիկիայի, Եփրատի վրայով դեպի Թավրիզ, Սուլթանիե եւ Իսպահան։ Վերադառնալիս նա կրկին եղել է Թավրիզում, Շամախիում, Դերբենդում, իսկ այնուհետեւ մեկնել է Մոսկվա եւ Լեհաստանի ու Գերմանիայի վրայով հասել հայրենիք [52] ։

Ջ. Բարբարոյի «Ուղեգրությունը» ներկայացնում է նրա «օրագրի» հետագա մշակումը։ Նա հանդես է գալիս մերթ որպես անմիջական ականատես, մերթ՝ որպես իր լսածների գրառող։ Բացի Կիլիկիայի մասին թողած հիշատակություններից, առավել արժեքավոր է Թավրիզից մինչեւ Դերբենդ ընկած տարածության նկարագրությունը։ Նա տալիս է աշխարհագրական միջավայրի, բնակչության թվական կազմի, սովորույթների ու բարքերի, քաղաքական պատմության վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ։ Գտնվելով Ուզուն Հասանի բանակում, նա մասնակցել է թուրքմենական տիրակալի՝ 1477 թ, Վրաստան կատարած արշավանքին եւ նկարագրել այն։

Ամբրոզիո Կոնտարինին Իրան ուղեւորվեց Գերմանիայի, Լեհաստանի, Ղրիմի, Վրաստանի եւ Հայաստանի վրայով։ Բաթումից մինչեւ Թավրիզ, Կոնտարինիի ուղեւորությունը տեւում է 1474 թ. հունիսի 29-ից մինչեւ օգոստոսի 4-ը։ Իսպահանում Կոնտարինին հանդիպում է Ջ. Բարբարոյի հետ եւ նոյեմբերի 4-ին երկուսով արժանանում են Ուզուն Հասանի ընդունելությանը։ Կոնտարինին նպատակադրվել էր հայրենիք վերադառնալ նույն ճանապարհով, որով մեկնել է Իրան, սակայն Բաթումի մոտերքում տեղեկանալով թուրքերի կողմից Ղրիմի գրավման մասին (1475 թ. ), ստիպված է լինում վերադառնալ Թիֆլիս եւ Շամախու ու Դերբենդի վրայով շարժվել դեպի Աստրախան, այստեղից էլ Ռուսաստանի, Լեհաստանի, Գերմանիայի վրայով 1477 թ. ապրիլի 10-ին հասնում է Վենետիկ։

Ա. Կոնտարինիի «Ուղեգրությունը» [53] հար եւ նման Ջ. Բարբարոյի նկարագրածին, սակայն եւ այնպես տարբերվում է նրանից։ Բարբարոյի «Ուղեգրությունը», գրում է Մ. Ա. Պոլիեւկտովը, ավելի շուտ հանդիսանում է ճանապարհորդության ընթացքում իր հավաքած նյութերի, ինչպես նաեւ ուրիշ մարդկանցից ստացած տեղեկությունների մշակում, հետեւաբար ամեն պարագայում հեշտ չէ առանձնացնել, թե որտեղ է Բարբարոն խոսում որպես ականատես եւ որտեղ՝ ուրիշի խոսքերով։ Կոնտարինիի «Ուղեգրությունը» իր ուղեւորության օրագիրն է, ուր նա բերում է համարյա բացառապես իր անձնական տպավորությունները» [54] ։

Ա. Կոնտարինին ընթերցողներին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում իր այցելած վայրերի մասին։ Ուղեգիրը, որպես ջերմեռանդ հռոմեադավան, իդեալական գծերով է ներկայացնում Նախիջեւանի շրջանի՝ կաթոլիկ հայերով բնակեցված տասնմեկ գյուղեր, որոնք, իր բառերով ասած՝ «ամենահաճելի ու ամենաարգավանդ վայրերն են ողջ Պարսկաստանում» [55] ։ Ուղեգրության մեջ բերված են Հայաստանի քաղաքական պատմությանը վերաբերող տվյալներ։ Այսպես, Ուզուն Հասանը մի առիթով ասել է Ա. Կոնտարինիին. «Ասեք ձեր ղեկավարներին, որ ես շուտով ռազմական գործողությունները կտեղափոխեմ Օսմանյան կայսրության տարածքը, թող նրանք իրենց կողմից կատարեն իրենց (հանձն առած) պարտականությունը, ինչպես ես անում եմ իմը» [56] ։

Գտնվելով Ուզուն Հասանի վրա արշավանք ձեռնարկած Մեհմեդ 2-րդի բանակում, Ջիովաննի Մարիա Անջիոլելլոն հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում թուրքական բանակի մարտունակության, կազմի, ռազմական տեխնիկայի մասին։

1475 թ. Դերջանի ճակատամարտի մասին արժեքավոր տվյալներ բերելուց հետո Անջիոլելլոն խոսում է Ուզուն Հասանի հետագա ճակատագրի, 1477 թ. նրա մահվան, ակկոյունլուների պետության մեջ ծայր առած գահակալական կռիվների մասին եւ այլն։ Ուղեգրությունը Սեֆյանների պետության հիմնադրման պատմության կարեւոր աղբյուրների շարքին է դասվում։ Այնտեղ խոսվում է Սեֆյանների պետության հիմնադիր շահ Իսմայիլի՝ 1501-1510 թթ. ընթացքում Իրանում եւ Արեւմտյան Հայաստանում ծավալած ռազմական գործողությունների մասին [57] ։

Նշենք, որ շահ Իսմայիլի վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենահետաքրքիր նյութերն ընդգրկում է Իրան մեկնած մի անանուն վաճառականի թողած «Ուղեգրությունը»։ Հեղինակը նշում է, որ Արեւելքի ժողովուրդների կենցաղի, սովորույթների եւ այցելած քաղաքների մասին նյութերը հավաքել է ութ տարիների եւ ութ ամիսների ընթացքում։ Այդ նյութերը իրենց թարմությամբ մեծապես կարող են հետաքրքրել ընթերցողներին։ Նա գրում է նաեւ, որ ինքը մասնակցել է շահ Իսմայիլի մի շարք արշավանքներին [58] ։

Անանուն վաճառականի դեպի Իրան կատարած ճանապարհորդությունն ընթացել է Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններով (Դիարբեքիր, Մերդին), որոնց մասին նա թողել է տնտեսական ու դեմոգրաֆիկ բնույթի վկայություններ։ Նա խոսում է նաեւ Շահ Իսմայիլի զորավար Ուստաջլու խանի կողմից այդ շրջանների գրավման մասին։ Հատկապես գիտական մեծ հետաքրքրություն ունեն Բիթլիսին, Վանին, Ոստանին, Դատվանին, Արճեշին եւ հարավ-արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներին ու գավառներին նվիրված վկայությունները, որոնք գերազանցապես վերաբերում են քուրդ բեկերի եւ շահ Իսմայիլի քաղաքական հարաբերություններին։ Ընդարձակ են հեղինակի թողած տեղեկությունները Մերձավոր արեւելքի խոշորագույն առեւտրական կենտրոններից մեկի՝ Թավրիզի մասին։ Դրանք որոշակի գիտական նշանակություն ունեն տվյալ ժամանակաշրջանի տնտեսական պատմության ուսումնասիրության համար։

Սեֆյան պետության հիմնադրման պատմությունը, Ակկոյունլու պետության վերջին տիրակալների, շիրվանշահերի եւ օսմանյան թուրքերի դեմ շահ Իսմայիլի պայքարի պատմությունն արտացոլվել է նաեւ վենետիկյան դիվանագետ Ռոտայի թողած հիշատակարանում, որը զետեղված է Ռ. Դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1660 թ. » գրքի հավելվածում [59] ։ Իր աշխատության սկզբնական մասում Ռոտան տալիս է Սեֆյան հարստության ծագումնաբանությունը, այնուհետեւ շարադրում իր՝ շահ Իսմայիլի, կենսագրությունը։ Իշխանության գլուխ անցնելուց հետո, շահ Իսմայիլը, վկայում Է Ռոտան. «…մեծ ատելություն է տածում դեպի թուրքերը» [60] ։ Այնուհետեւ Ռոտան պատմում է շահ Իսմայիլի մղած պատերազմների ու նվաճած երկրների մասին։ Նա հատուկ ընդգծում է, որ շահ Իսմայիլի հեղինակությունը գյուղացիների ու սոցիալական այլ շերտերի նկատմամբ վարած խաբեպատիր քաղաքականության շնորհիվ երկրում մեծ էր. «Իր պալատականների ու իր ենթակաների կողմից նա (շահ Իսմայիլը– Մ. Զ. ) պաշտված է, եւ ինքը ավելի մեծ հեղինակություն ձեռք բերելու համար (մարդկանց մեջ) ներկայացնում է միայն դեմքը շղարշով քողարկված, ինչպես դա մի ժամանակ անում էր Մովսես (մարգարեն) Իսրայելի զավակների առաջ» [61], գրում է նա։ Ռոտան իր աշխատության վերջին գլուխը վերնագրել է այսպես. «Այն մեծ ատելությունը, որ տածում է իշխան Սոֆին դեպի հրեաները, թուրքերը եւ սարակինոսները (իմա արաբները— Մ. Զ. ), եւ թե ինչպես է նա համակրում քրիստոնյաներին…», որտեղից պարզվում է, որ շահ Իսմայիլի թշնամանքն ուղղված էր սուննիների դեմ եւ քրիստոնյաներին «հովանավորելը» պայմանավորված էր եվրոպական պետությունների հետ թուրքերի դեմ ուղղված դաշինք կնքելու նպատակով։ «Քրիստոնյաներին, կարդում ենք Ռոտայի մոտ, —նա (շահը— Մ. Զ. ) ցույց է տալիս բարյացակամ (վերաբերմունք), որովհետեւ նա անձեռնմխելի էր թողնում նրանց բոլոր եկեղեցիներն ու մատուռները՝ առանց բռնություն գործադրելու։ Եվ տանում էր իր հետ հայոց պատրիարքին եւ մեր հավատին հետեւող բազմաթիվ վանականների ու հոգեւորականների, դրանով իսկ ակնհայտ դարձնելով մահմեդական օրենքը (իմա՝ սուննիզմը— Մ. Զ. ) հիմնովին ոչնչացնելու նրա ցանկությունը» [62] ։

XV դարի եվրոպական պատմագրության մասին մեր խոսքը ավարտելուց առաջ նշենք եւս մի երկու կարեւոր բյուզանդական աղբյուրների մասին, որոնք XVII դարում հրատարակվել են Ֆրանսիայում՝ այլեւայլ աղբյուրներից քաղված խիստ արժեքավոր լրացումներով։ Առաջինը բարոն դե Գիյեի կողմից հրատարակվածն է՝ «Մեհմեդ 2-րդի պատմությունը», վերնագրով [63] ։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության համար հատկապես որոշակի հետաքրքրություն ունի երկրորդ հատորը, որը բացառապես նվիրված է Ուզուն Հասանի ու այլոց հետ Մեհմեդ 2-րդի գրագրություններին։ Նամակներից մեկում սուլթանը մանրամասն նկարագրում է Դերջանում իր տարած հաղթանակը Ուզուն Հասանի նկատմամբ։ Երկրորդ հատորի վերջում բերված են նաեւ աղբյուրներ, ուր խոսվում է Սեֆյանների ծագման մասին։

Երկրորդ աղբյուրը, որի մասին այստեղ ակնարկեցինք, Լառնիկոս Խալկոկոնդիլի կամ Խալկոնդիլի (ծննդյան եւ մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ծնվել է XV դ. 30-ական թթ. ու մահացել նույն հարյուրամյակի վերջում)՝ «Թուրքերի եւ Մեհմեդ 2-րդի ծագման ու գործունեության մասին» վերնագրով աշխատությունն է։ Այստեղ մանրամասն շարադրված է օսմանյան պետության քաղաքական պատմությունը 1298-1463 թթ., կարճ՝ տրվում է թուրքերի կատարած նվաճումների պատմությունը Փոքր Ասիայում եւ Բալկաններում [64] ։ Կա Բլեզ դե Վիժեների կատարած ֆրանսերեն թարգմանությունը, որին կցված են Թովմաս Արթուսի եւ դե Մեզերեի կողմից կատարված ժամանակագրական լրացումներն ընդհուպ մինչեւ 1661 թ. ։



[1]            Գ. Վ. Զարբհանալյան, Ուսումնասիրություններ հայ լեզվի եւ մատենագրության ի Արեւմուտս, Վենետիկ, 1895։

[2]            Կ. Կոստանյանց, Հայագիտությունն Արեւմտյան Եվրոպայում, Թիֆլիս, 1910։

[3]            Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, Երեւան, 1932։

[4]            В. В. Бартольд, История изучения Востока в Европе и России. Л., 1925.

[5]            М. А. Полиевктов, Европейские путешественники ХIII-XVIII вв. по Кавказу, Тифлис, 1935.

[6]            «Путешественники об Азербайджане», т. I., Составил 3. И. Ямпольский, Баку, 1961.

[7]            Н. К. Орловская, Грузия в литературах Западной Европы XVII—XVIII веков, Тбилиси, 1965.

[8]            Լեո, Հայոց պատմություն, հ. 3, Երեւան, 1946։

[9]            Հ. Ս. Անասյան, 17-րդ դարի ազատագրական շարժումներն Արեւմտյան Հայաստանում, Երեւան, 1961։

[10]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 2, Երեւան, 1959։

[11]          Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVI—XVIII դդ., Երեւան, 1980։

[12]          Գ. Վ. Զարբհանալյան, նշվ. աշխ., էջ

[13]          «Իւրաքանչիւր զօրօքն գային օգնութիւն քրիստոնէից եւ առ փրկել յայլազգեաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ եւ ազատել ի Տաճկաց զսուրբ գերեզմանն աստուածընկալ, արք փառաւորք եւ թագաւորազունք, հաւատով եւ ամենայն աստուածապաշտութեամբ զարդարեալք եւ էին սնեալք ի գործս բարութեան, գրում է առաջին խաչակիրների մասին Ս. Ուռհայեցին (տե՛ս Մ. Ուռհայեցի, ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1888, էջ 254)։ Իր հերթին Ս. Անեցին էլ գրում է, թե «Հռոմեացիք էին ընդ թիրակ ի կողմանս Ասիացւոց խնդրել զքէն վրիժուց տառապանաց քրիստոնէից՝ ի Սկիւթացւոց եւ ի Պարսից հանդերձ Տաճկաստանու» (Սամվել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 120)։

[14]          V. Langlois , Le trésor des chartes d'Arménie , Venise, 1863, p. 107

[15]          Այդ մասին ավելի մանրամասն տե՛ս W. Heyd. Histoire du commerce du Levant. т. I. Paris, 1965, р. 367—373.

[16]          Նույն տեղում, էջ 369։

[17]          Г. Г. Микаелян, էջ 191։

[18]          W. Heyd 1, էջ 367։

[19]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ..., հ. 1, Երեւան, 1957, էջ 59։

[20]          Ս. Վ. Բոռնազյան, Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան պետությունում, Երեւան, 1973, էջ 23։

[21]          V. Langlois, Le trésor der chartes d'Arménie, Venise, 1863, Essai historique et critique sur la constitution sociale et politique de l'Arménie. St. Pétersbourg, 1860, Inscriptions grecques, romaines, byzantines et arméniennes de Cilicie. Paris, 1867 Voyage dans la Cilicie. Paris. 1861.

[22]          Еd Dulaurier, Etude sur l'organisation politique, religieuse et administrative du royaume de la petite Arménie, Journal Asiatique, 1861, serie, t. XVII, XVIII.

[23]          W. Heyd. Histoire du commerce du Levant. T. I-II.

[24]          W. Н. Rudi-Сollenberg. The Rupenides, Hethumids and Lusignans. Раris, 1963.

[25]          R. Grousset. Histoire des croisades et du royaume frane de Jérusalem. Vol. I-III, Рагis, 1936.

[26]          F. Tournebize. Histoire politique et religieuse de l'Arménie, Paris. 1900.

[27]          Recueil des historiens des croisades. T. I. Documents arméniens. T. II. Documents latins et francais relatifs à l'Arménie. T. III, Recueil des historiens des croisades. Historiens occidentaux. Paris. 1906.

[28]          J. Dardel, Chronique d'Arménie, -Recueil des historiens des croisades I. Paris, 1906. Տե՛ս նաեւ Հովհաննես Դարդելի հայերեն հրատարակութունը՝ ժամանակագրութիւն, Հայոց, ՍՊբ., 1891։

[29]          Willebrand d'Oldenbourg, Itinéraire, Hambourg, , 1959.

[30]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, գիրք աոաջին, էջ 317։

[31]          Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1909, էջ 100 եւ հտ. ։

[32]          Մենք օգտագործել ենք ֆրանսերեն վերջին թարգմանությունը, տե'ս Jean de Plan Carpin. Histoire des mongols, traduit et annoté par Dom Jean Becquet et par Louis Hambis. Paris, 1965.

[33]          Նույն տեղում, էջ 24։

[34]          Մենք օգտագործել ենք ինչպես Pierre Bergeron-ի, այնպես էլ 1877թ. Փարիզում լույս տեսած Լուի դե Բակերի հրատարակած տեքստերը, տե՛ս Voyages faits principalement en Asie dans les XII, XIII, XIV et XV siècles par Benjamin Tudel, Jean de Plan-Carpin, N. Ascelin, Guillaume de Rubruquis, Marc Paul vénitien, Haiton, Jean de Mandeville et Ambroise Contarini par Pierre Bergeron, T. I. Paris, 1735; Guillaume de Rubruquis, ambassadeur de Saint Louis en Orient. Récit de son voyage, traduit de l'origine latin et annoté par Louis Backer. Paris, 1877.

[35]          Victor Chklovski. La voyage de Marco Polo. Paris, 1948, p. 45.

[36]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 37-64։

[37]          Pierre Bergeron, էջ 54։

[38]          Նույն տեղում։

[39]          Նույն տեղում, գլ. 10, էջ 61—65։

[40]          Լ. Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9—13-րդ դարեր), Երեւան, 1981 էջ 341:

[41]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 1, էջ 175։

[42]          Հեթում պատմիչ թաթարաց, Վենետիկ, 1842։

[43]          La voyage d'outremer de Bertrandon de la Broquière, publié et annoté par Charles Schéfer. Paris, 1892.

[44]          Նույն տեղում, էջ 40։

[45]          Հ. Շիլդբերգերի ուղեգրությունը դեռեւս XV դարում մի քանի անգամ հրատարակվել է Գերմանիայում։ 1852 թ. Մյունխենում Կ. Ֆ. Նոյմանը հրատարակում է քննական տեքստը՝ „Reisen in Europa, Asia und Africa von 1394 bis 1427" վերնագրով։ Ռուսերեն թարգմանությունը հրատարակել է Լ. Ֆ. Բրունը (Путешествие Ивана Шильдбергера по Европе, Азии и Африке с 1394 по 1427 гг.. 3aписки Новороссийского университета, Т. I, Oдecca, 1867); Կա անգլերեն թարգ մանությունը (Buchan Telfer. The Bondage and Travels of John Shiltberger. London, 1878).

[46]          Odoric de Pordoenone. Les voyages en Asie au XIV siècle. Paris, 1891.

[47]          Օրագիրն առաջին անգամ լույս է տեսնում 1582 թ. Գոնսալես Արգոյեդի Մոլինայի ջանքերով, հետեւյալ վերնագրով՝ „Vida y Hasanas de Grand Tamerlan… escrita por Ruy Gonzalez de Glavijo… con un itinerario de la succedito en le embajada. Sevilla. 1582. 1782 թ, այս գիրքը վերահրատարակվում է, որից եւ կա տարվել է ռուսերեն թարգմանությունը. Рюи Гонзалес до Клавихо, Дневник путешествия ко двору Тимура в Самарканд…, подлинный текст с переводом и примечаниями. Сборник отделения русского яз. и словесности AH, T. XXVIII, 1, СПб., 1871. Կա նաեւ անգլերեն թարգմանությունը (Clements Markhan. Narrative of embassy of… Ciavijo to the court of Timour. London, 1859. Hakluyt series, t. XXVI. Guy de Strange Clavijo embassy to Tamerlan. London, 1928.

[48]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա. էջ 113:

[49]          Ղրիմի թերակղզում, ինչպես հայտնի է, XIII-XIV դդ. մեծ էր հայերի թիվը։ Ջենովացիների հետ նրանք գտնվում էին մշտական առեւտրական եւ այլ առնչությունների մեջ։ Այդ տեսակետից որոշակի գիտական արժեք է ներկայացնում Վ. Ա. Միքայելյանի Հայ-իտալական առնչություններ, ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին» գիրքը (Երեւան, 1974 թ.

[50]          Ղ. Ալիշան, Հայ-Վենետ, Վենետիկ, 1896, էջ 186-187։

[51]          Կատերինո Զենոյի զեկուցագիրը առաջին անգամ լույս է տեսել Վենետիկում 1558 թ. (տե՛ս Del commentari del viaggio in Persia Caterino Zeno)։ Կա նաեւ անգլերեն թարգմանությունը (տե՛ս Hakluyt series, 11)։

[52]          Ջ. Բարբարոյի «Ուղեգրությունն» առաջին անգամ լույս է տեսնում Վենետիկում, 1453 թ., վերահրատարակվում է 1545 թ. հետեւյալ վերնագրով. Viaggi fatti de Venetia alle Tana in Persia, India et della Porto del Gran Turco։ Հետագայում կատարվել է լատիներեն (1606 թ. ) եւ ռուսերեն (1831 թ. ) մասնակի թարգմանությունը (դեպի Տանա ուղեւորության նկարագրությունը)։

[53]          Ա. Կոնտարինիի «Ուղեգրությունը» առաջին անգամ է լույս տեսնում Վենետիկում 1487 թ. հետեւյալ վերնագրով. Viaggio di Messer Ambrosio Conterini, ambasciadore di Venezia ad Uzun Cassan Re di Persia per Annibale Fosco. Venezia, 1487. Կա ֆրանսերեն թարգմանությունը Պ. Բերժերոնի կողմից, որից եւ մենք օգտվել ենք։

[54]          М. А. Полиевктов, с. 98.

[55]          Pierre Bergeron, III, էջ 21։

[56]          Նույն տեղում, էջ 30։

[57]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 276-285։

[58]          Նույն տեղում, էջ 286-287։

[59]          ,, Estat de la Perse en 1660" par le P. Raphael du Mans, publié avec notes et appendice par Charles Schéfer. Paris, 1890, Appendice, p. 259-276.

[60]          Նույն տեղում, էջ 264-265։

[61]          Նույն տեղում, էջ 274-275։

[62]          Նույն տեղում, էջ 274-275։

[63]          Histoire du règne de Mahomet II, empereur des Turcs par le sieur Guillet, T. I–II, Paris, 1684.

[64]          (Chalcondyle). Histoire générale des turcs, contenant l’histoire de Chalcondyle, trad. De Blaise de Vigenaire et continuée jusque en l’an 1612 par Thomas Artus et par le sieur Meseray jusque en l’an 1661. T. I–II, Paris, 1662.