Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

XVI դարում, երբ Օսմանյան կայսրությունը հասնում էր իր հզորության գագաթնակետին, եվրոպական պետությունների մոտ առավել ուժեղացավ հետաքրքրությունը այդ պետության նկատմամբ, որի անմիջական արդյունքն էր պատմական մեծ ու փոքր աշխատությունների հրապարակումը Եվրոպայում։ Միայն XVI դարի առաջին կեսին եվրոպական հասարակությանը հայտնի դարձան 901 նման աշխատություններ, որոնց համառոտ նկարագրությունը տրված է գերմանացի արեւելագետ Կարլ Գյոլների 1961 թ. Բեռլինում ու Բուխարեստում հրատարակված գրքում [1] ։ Այս ժողովածուում մատնացույց արված աղբյուրների մեջ հայ ժողովրդի պատմության տեսակետից առավել կարեւոր են 1535 թ. «Մեծ թուրքի (իմա՝ սուլթանի Մ. Զ. ) նկատմամբ Սոֆիի տարած հաղթանակի մասին Կոստանդնուպոլսից ուղարկված մի նամակի պատճենը»։ Իտալացի Ջիովիի (Պաոլո) 1538 թ. ֆրանսերեն թարգմանված ու Փարիզում հրատարակված հետեւյալ վերնագրով աշխատությունը. «Թուրքիայի կայսրերի պատմությունը վերջերս լատիներենից ֆրանսերեն թարգմանված» [2] եւ 1547 թ. դարձյալ Փարիզում հրատարակված «Կոստանդնուպոլսից ուղարկված նամակների պատճենը, որը պարունակում է Պարսկաստանի թագավոր Սոֆիի մեծ թուրքին վերջերս հասցրած մեծ պարտությունը…» գիրքը [3] Կարլ Գյոլների կողմից հրատարակված աղբյուրների ցանկից երեւում է, որ Թուրքիայի մասին Եվրոպա ուղարկված նյութերի մեծ մասը գրված է լատիներեն։

Եվրոպական պետութունների հետ Օսմանյան կայսրության հարաբերությունները XVI դարում դարձան ավելի կայուն։ Միմյանց նկատմամբ թշնամական դիրք գրաված եվրոպական պետությունների տարբեր խմբավորումներ աստիճանաբար սկսեցին իրենց կողմը գրավել Թուրքիային։ Մյուս կողմից, թուրքական վտանգը Եվրոպայի կենտրոնից հեռացնելու նպատակով, եվրոպական պետությունները ձգտեցին կանոնավոր դեսպանություններ ուղարկել Կոստանդնուպոլիս։ Ավելի ու ավելի հաճախ տարբեր մասնագիտությունների տեր եվրոպացիներ սկսեցին ուղեւորություններ կատարել Թուրքիայում։ Եվ ահա, դեսպանությունների զեկուցագրերը եւ առանձին ուղեգրությունները բավականին պատմական նյութեր են հաղորդում Օսմանյան կայսրության հասարակական-տնտեսական եւ քաղաքական պատմության մասին։ Այս նյութերից միայն մի մասն է առ այսօր հրապարակված, մյուսը, դժբախտաբար, դեռեւս մնում է Եվրոպայի տարբեր երկրների արխիվներում։ Մասնակիորեն հրատարակված նյութերի շարքին կարելի է դասել 1839-1846 թթ. ընթացքում Ե. Ա. Ալբերիի կողմից լույս ընծայված «Սենատին հղված վենետիկյան դեսպանների զեկուցագրերը» վերնագրված փաստաթղթերի ժողովածուն [4] ։ Այդ փաստաթղթերն արտացոլում են 1527-1577 թթ. Արեւելքում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։ Համանման փաստաթղթերի մի ժողովածու, որն ընդգրկում է 1515-1580 թթ. ժամանակաշրջանը, պարունակում է նաեւ 1848-1853 թթ. Է. Շարիերի կողմից հրատարակված չորս հատորանոց գիրքը [5] ։

XVI դարի 40-ական թթ. հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունի ֆրանսիական թագավոր Հենրիխ 2-րդի դեսպան դ’Արամոնի ուղեգրությունը [6] ։ Նա 1548-1549 թթ. մասնակցում էր սուլթան Սուլեյման Կանունիի (1520-1566 թթ. ) իրանական արշավանքին ու օրը-օրին նկարագրում է դրա ողջ ընթացքը։ Նա արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ամասիայի, Թոխատի, Սեբաստիայի, Էրզրումի, Վանի, Մուշի, Բիթլիսի, Դիարբեքիրի եւ պատմական Հայաստանի մյուս քաղաքների մասին։ Դ’Արամոնի հաղորդած վկայություններից եւս մի անգամ պարզվում է այն իրողությունը, որ արշավող թուրքական բանակի սարսափից բնակչությունը ստիպված լքում էր հայրենի երկիրը։ Ֆրանսիական դեսպան դ’Արամոնի վկայությունները գրի է առել իր քարտուղար Ժան Շեզնոն։ Բնագիրը հրատարակել է ֆրանսիացի հայտնի արեւելագետ-պատմաբան Շառլ Շեֆերը, որը գրքին կցել է առաջաբան, ծանոթագրություններ եւ ֆրանսիական արխիվային նյութեր, որոնց թվում սուլթան Սուլեյմանի 1549 թ. Հենրիխ 2-րդին հղած նամակը, ուր սուլթանը մասնավորապես նկարագրում է շահ Թահմասպի հետ հր պատերազմները եւ թուրքական բանակի հարձակումը դեպի Վրաստան։

XVI դարի 50-60-ական թթ. Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության ուսումնասիրության տեսանկյունից մասնակի հետաքրքրություն են ներկայացնում նաեւ բելգիացի դիվանագետ Օժիե Դիսլեն վան-Բուսբեկի (1522-1592) թողած հուշագրությունները [7] ։ Բուսբեկը որպես ավստրիական կայսր Ֆերդինանդ 2-րդի դիվանագիտական ներկայացուցիչ, 1553 թ. հաշտություն կնքելու նպատակով ուղարկվեց Թուրքիա, ուր մնաց մինչեւ 1562 թ. ։ Թուրքիայի մասին իր տպավորությունները Բուսբեկը շարադրեց չորս ընդարձակ զեկուցագիր-նամակների ձեւով, որոնք 1589 թ. առաջին անգամ լույս տեսան ֆրանսերենով։ Հետագայում այդ աշխատությունը հրատարակվում է նաեւ եվրոպական այլ լեզուներով։

Նույն դարի 70-ական թթ. մեզ հետաքրքրող աղբյուրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում շահ Թահմասպի իշխանության վերջին տարիների Իրանի ներքին կացության վերաբերյալ Վենետիկի հանրապետությանը իտալացի Վինչենցո դ’Ալեսանդրիի հղած ընդարձակ զեկուցագիրը [8] ։ 1571 թ., երբ թուրքերը սպառնում էին Կիպրոսին, Վինչենցո դ’Ալեսանդրին Վենետիկի հանրապետության կողմից ուղարկվեց Իրան՝ շահ Թահմասպին հորդորելու համատեղ հանդես գալ Թուրքիայի դեմ։ Վինչենցո դ’Ալեսանդրիի Վենետիկ հղած վերոհիշյալ զեկուցագիրը հեղինակի՝ Իրանում երկար ժամանակ ապրելու ու շահական պալատի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփվելու անմիջական արդյունքն է։ Իրանի եւ Արեւելյան Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքին վերաբերող արժեքավոր վկայություններից բացի, Վ. դ’Ալեսանդրիի մոտ տվյալներ կան XVI դարի 70-ական թթ. Բիթլիսի քուրդ կառավարիչ Էմիր Շարաֆի ապստամբության ու թուրքերի կողմն անցնելու եւ այս առթիվ՝ տեղեկություններ նաեւ Բիթլիսի, Վանի, Ոստանի, Բերկրիի, Արճեշի, Արծկեի եւ հարավային Հայաստանի այլ քաղաքների մասին [9] ։

XVI դարի 70-80-ական թթ. անգլիական առեւտրական կապիտալը ամենաեռանդուն ձեւով սկսեց իր պայքարը Արեւելքում եվրոպական մյուս պետությունների ներկայացուցիչների դեմ՝ առեւտրի բնագավառում առանձնաշնորհումներ ձեռք բերելու նպատակով։ Մշտապես զարգացող անգլիական արդյունագործության համար առանձնակի հետաքրքրություն ուներ Իրանի հում մետաքսը՝ բոժոժը։ Ե՛վ հայկական բամբակը, ե՛ւ իրանական մետաքսը ներմուծման կարեւորագույն ապրանքներն էին դառնալու Անգլիայի համար։ Անգլիացիներն առաջինն էին, որ Ջ. Բարբարոյից ու Ա. Կոնտարինիից հետո իրենց ուշադրությունը սեւեռեցին Վոլգա-կասպիական առեւտրական ուղու վրա։ XVI դարի կեսերին վոլգյան ուղին, ընդհուպ մինչեւ Աստրախանը ներառյալ, անցել էր Մոսկովյան պետության գերիշխանության ներքո։ Ուստի անգլիացիները շտապեցին ռուսների հետ առեւտրական գործարքներ կնքել։ Այդ գործի առաջամարտիկը հանդիսացավ անգլիացի նավագնաց Անտոնի Ջենկինսոնը, որը 1557-1571 թթ. ընթացքում Վոլգա-կասպիական առեւտրական ուղով ճանապարհորդություն կատարեց Բուխարա եւ Իրան։ Հետագայում Ա. Ջենկինսոնի ձեռնարկած գործը շարունակեցին անգլիական առեւտրական կապիտալի մյուս ներկայացուցիչները, որոնց թվում Բերրոուն, Չափմանը, Էդվարդը, Ջոնսոնն ու այլք։ Անգլիացիներին հաջողվեց ոչ միայն ձեռք բերել, ինչպես նշվեց, Վոլգա-կասպյան առեւտրի մենաշնորհը, այլեւ ազատ իրավունք՝ իրանական ապրանքներն առանց որեւէ մաքսի Ռուսաստանի վրայով փոխադրելու Անգլիա։

Վոլգա-կասպիական ուղիների յուրացմանը զուգընթաց, անգլիական առեւտրական կապիտալը ձգտում էր իր համար տեղ ապահովել այսպես կոչված լեւանտյան ավանդական ուղիներում։ Դեռեւս 1553 թ. նույն ինքը՝ Ա. Ջենկինսոնը, սուլթան Սուլեյման Կանունիից ստացավ հատուկ առեւտրական արտոնագիր, որով անգլիացիները դասվում էին «… առավել առանձնաշնորհյալ ազգերի» թվին [10] ։ Այդ արտոնագիրը հետագայում՝ 80-ական թվականներին, դարձավ ապագա անգլիական կապիտուլյացիայի հիմքն ու լեւանտյան ընկերության հիմնադրման սկիզբը [11] ։ Այդ բոլորը իրավական ձեւակերպում ստացավ անգլիական թագուհի Էլիզաբեթի եւ սուլթան Մուրադ 3-րդի միջեւ կնքված հատուկ պայմանագրով։ Երկու կողմերն էլ փորձեցին այդ առեւտրական պայմանագրին տալ քաղաքական բնույթ [12] ։ Անգլիական առեւտրական կապիտալի համար բարենպաստ այս պայմաններում 1599-1600 թթ. առաջինը Թուրքիա ուղեւորվեց Թոմաս Դալլամը, որի ուղեգրությունը [13] սույն թեմայի համար նույնպես որոշակի արժեք ունի։

Հայ ժողովրդի պատմության հարցերն ուսումնասիրողների համար առավել հետաքրքիր են Ա. Ջենկինսոնի ընդարձակ ուղեգրության այն էջերը, որոնք վերաբերում են Իրանի ներքին կացության նկարագրությանը եւ նրա առեւտրական հնարավորություններին։ Չնայած Ա. Ջենկինսոնը հիշատակում է այն մասին, թե ինքը եղել է Հայաստանում, սակայն որեւէ մասնավոր տեղեկություն չի հաղորդում։ Իրանի վերաբերյալ Ա. Ջենկինսոնի հաղորդած վկայություններն արժեքավոր են Արեւելյան Հայաստանի ընդհանուր վիճակը հասկանալու առումով։ Այդ տեղեկություններն ամենից շատ արտացոլվել են 1561-1563 թթ. ընթացքում Իրան կատարած նրա ուղեւորության հուշագրություններում։ 1561 թ. հունիսի 1-ին դուրս գալով Աստրախանից, Ա. Ջենկինսոնը Դերբենդի, Շամախու, Թավրիզի վրայով նոյեմբերի 2-ին ժամանում է Ղազվին՝ շահ Թահմասպի նստավայրը։ Վերջինս, նկատի ունենալով թուրքերի հետ կնքված հաշտության պայմանագիրը, նպատակահարմար է համարում անգլիացիներին չտալ որեւէ առեւտրական առանձնաշնորհում։ Հետագայում, սակայն, ինչպես շահ Թահմասպը, այնպես էլ նրա հաջորդները, անգլիացիներին տալիս են նման առանձնաշնորհումներ։

Ա. Ջենկինսոնի հաղորդած վկայությունները հիմնականում վերաբերում են Իրանի տնտեսությանն ու առեւտրին, սակայն կան նաեւ քաղաքական պատմությանը, մասնավորապես թուրք-իրանական պատերազմների վերաբերյալ նյութեր։ Այսպես. խոսելով Թավրիզի մասին, նա գրում է, որ Իրանի մեծագույն քաղաքը «…չունի այն առեւտուրը կամ վաճառականությունը, ինչ որ նախապես ուներ, կամ ինչպես ուրիշ (քաղաքներն) են այս ժամանակ, թուրքական արշավանքների պատճառով, որոնք Սոֆիից գրավել են գրեթե մինչեւ հիշյալ Թավրիզ քաղաքը» [14] ։

XVI դարի վերջի Իրանի տնտեսությանն ու քաղաքական պատմությանը վերաբերող նյութերի կարելի է հանդիպել նաեւ Ա. Ջենկինսոնի գործընկերներ Արթուր էդվարդսի, Լորենս Չափմանի, Ջոն Սպարքի, Թոմաս Բանիստրի ու այլոց իրանյան ուղեգրություններում, որոնք նույնպես թարգմանված են հայերեն՝ Հովհ. Հակոբյանի կողմից [15] ։ Այս հեղինակների մոտ խոսվում է նաեւ Եվրոպայի ու մասնավորապես Վենետիկի հետ Ջուղայի հայ խոջաների ունեցած առեւտրական հարաբերությունների մասին։ Ինչպես երեւում է անգլիացի այս ուղեգիրների վկայություններից, անգլիական առեւտրի ներկայացուցիչներն ուղիներ են փնտրել խանգարելու հայ խոջաների եւ Վենետիկի միջեւ ծավալված ապրանքափոխանակությանն ու տիրանալու Իրանի հում մետաքսի արտահանման մենաշնորհին։ Բայց եւ այնպես, նրանք խիստ վախեցել են Արեւելքում առեւտրական հարաբերությունների համար գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներից եւ այն աստիճան, որ բացականչում են. «…ավելի լավ է ամբողջ կյանքում մշտապես մնալ մուրացկան Անգլիայում, քան լինել հարուստ վաճառական Իրանում» [16] ։

Վերջապես, XVI դարի վերջին քառորդին է վերաբերում անգլիացի մի ուրիշ վաճառականի՝ Ջոն Նյուբերիի թողած ուղեգրությունը, ուր նույնպես հանդիպում ենք հայերի եւ Հայաստանի մասին ուշագրավ վկայությունների։ Ջոն Նյուբերին որեւէ առնչություն չի ունեցել անգլիական-մոսկովյան ընկերության հետ։ Նա 1581-1582 թթ. ընթացքում առեւտրական նպատակներով ճանապարհորդել է Իրան եւ Հնդկաստան։ Վերադարձին՝ 1581-1582 թթ. ձմռան ամիսներին, եղել է Հայաստանում եւ ուղեւորվել դեպի Թոխաթ։ Թավրիզից մինչեւ Թոխաթ ուղեգրության թարգմանությունը դարձյալ տրված է Հովհ. Հակոբյանի կողմից [17] ։

Շահ Թահմասպի մահից հետո Իրանում ծայր առած գահակալական կռիվներն առժամանակ դադարեցրին դիվանագիտական այն բանակցությունները, որ վարում էին եվրոպական պետությունները Իրանի հետ՝ վերջինիս հակաթուրքական դաշինքի մեջ ներգրավելու նպատակով։ Դարավերջին, սակայն, երբ Իրանում իշխանության գլուխ է անցնում Շահ Աբասը, որի ժամանակ ոչ միայն վերջ է տրվում գահակալական կռիվներին, այլեւ սանձահարվում են կենտրոնախույս ուժերը, եվրոպական պետությունների հակաթուրքական դաշինք կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Անգլիան, պայքարելու Վենետիկի դեմ՝ իրանական հում մետաքսի արտահանությունն իր մենաշնորհը դարձնելու նպատակով։ Անգլիան ձգտում էր ամեն կերպ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որ Թուրքիան հարուցում էր իրանական մետաքսի արտահանության առաջ։

1599 թ. Շահ Աբասի պալատում հայտնվեց անգլիացի սըր Անտոնի Շիրլեյը, որն առաջարկում էր իր զինվորական ծառայությունները։ Անգլիական կառավարության ներկայացուցիչների կողմից Անտոնի Շիրլեյը ուղարկվել էր Իրան՝ համոզելու Շահ Աբասին մտնել հակաթուրքական դաշինքի մեջ ու անգլիական հպատակներին որոշ առեւտրական առանձնաշնորհումներ տալ։ 1598 թ. մայիսի 24-ին իր եղբոր Ռոբերտ Շիրլեյի ու այլոց հետ նա մեկնեց Վենետիկից եւ ուղեւորվեց դեպի Իրան։ Այստեղ Շահ Աբասի զորավար Ալլահվերդի խանի միջնորդությամբ Շահ Աբասը տվեց հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին իր համաձայնությունը։ Նա Անտոնի Շիրլեյին լիազորեց իր անունից բանակցություններ վարելու գերմանական կայսր Ռուդոլֆի, Հռոմի պապի, Վենետիկյան հանրապետության եւ իսպանական թագավորի հետ։ Ապա Անտոնի Շիրլեյի հետ նա Եվրոպա ուղարկեց նաեւ իր ներկայացուցիչ Հյուսեին Ալի Բեկին։ Իրանում գտնվելը, ապա նաեւ եվրոպական երկրներում շահի անունից վարած բանակցությունները Անտոնի Շիրլեյը գրի է առել ուղեգրության ձեւով [18] ։

Հռոմում Անտոնի Շիրլեյը կաթոլիկ եկեղեցու պետին հավաստիացնում էր, որ իրանաբնակ բոլոր «հերձվածողները», այսինքն հայերը, վրացիները եւ այլք, հպատակություն են հայտնելու իրեն, եթե պապը կազմակերպի եվրոպական պետությունների հակաթուրքական դաշինքը [19] ։ Նման հավաստիացման հիմքում ընկած կարող է լինել Անտոնի Շիրլեյի տեղեկությունը հայերի, վրացիների կողմից եվրոպական պետություններին արված օգնության դիմումների մասին եւ Շահ Աբասի մտադրությունը օգտագործել հայ բանագնացներին Եվրոպայի հետ վարվելիք դիվանագիտական բանակցություններում։

Երբ Շահ Աբասի դիվանագիտական ներկայացուցիչ Հյուսեին Ալի Բեկը շրջագայում էր եվրոպական մայրաքաղաքներում, գերմանական կայսր Ռուդոլֆը Շահ Աբասի մոտ էր ուղարկել հատուկ պատվիրակություն տրանսիլվանացի իշխան Կակաշ դե Զալոնկեմենիի ղեկավարությամբ՝ Եվրոպայի հետ Շահ Աբասի ծրագրած դաշինքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։ Մյուս կողմից, Էտիեն Կակաշը կայսեր կողմից հանձնարարություն ուներ ռուսական ցարին ներգրավելու հակաթուրքական դաշինքի մեջ [20] ։ Դեպի Իրան ուղեվորության ժամանակ Էտիեն Կակաշին ուղեկցում էր Գեւորգ Թեկտանդեր ֆոն դեր Յաբելը։ 1603 թ. հոկտեմբերի 25-ին Լենքորանից ոչ հեռու գտնվող իրանական Լանցեն քաղաքում պատվիրակության ղեկավարը մահանում է, եւ Թեկտանդերը ստիպված է լինում ինքը կազմել կայսերը ներկայացվելիք զեկուցագիրն Իրան այցելելու մասին։ Մենք օգտագործել ենք Շառլ Շեֆերի հրատարակությունը [21] ։

Թեկտանդերը գտնվել է Շահ Աբասի բանակում, որը թուրքերի դեմ պատերազմ էր վարում Արեւելյան Հայաստանը նրանց ձեռքից հետ խլելու նպատակով։ Նա, որպես ականատես, նկարագրում է Թավրիզի, Մարանդի, Նախիջեւանի, Երեւանի գրավումը Սեֆյանների կողմից։ Շահի թույլտվությամբ նա եղել է նաեւ Էջմիածնում ու տեսակցություն ունեցել հայոց կաթողիկոսի հետ։ Թեկտանդերի հաղորդած վկայությունները համընկնում են հայկական աղբյուրների հաղորդած տվյալներին։

Իսպանիան դեռեւս Ֆիլիպ 2-րդ թագավորի ժամանակ՝ XVI դարի 80-ական թթ., շահ Մուհամմեդ Խուդաբանդայի հետ բանակցություններ էր վարում մի կողմից առեւտրի բնագավառում առանձնաշնորհումներ ստանալու, մյուս կողմից՝ Թուրքիայի դեմ միացյալ ճակատ կազմելու նպատակով։ Սակայն դիվանագիտական այդ փորձերը հաջողություն չէին ունեցել։ Ֆիլիպ 2-րդը ընթանալով իր հոր ծրագրած ուղիով, Իրանի հետ նոր դիվանագիտական շփման մեջ մտավ՝ 1601 թ. այդ երկիր ուղարկելով եւս մի պատվիրակություն՝ բաղկացած Հնդկաստանի իր ներկայացուցիչներից։ Այդ պատվիրակության մեջ էր նաեւ ավգուստինյան հոգեւորական Անտոնիո դե Գուվեան, որը եւ դարձավ Շահ-Աբասի կյանքին ու քաղաքական գործունեությանը նվիրված մեծարժեք ու հավաստի գրքի հեղինակը [22] ։ Իսպանական պատվիրակությունը 1602 թ. փետրվարի 15-ին դուրս է գալիս Գոայից եւ սեպտեմբերի 4-ին հասնում իրանական Մաշհադ քաղաքը՝ Շահ-Աբասի այն ժամանակվա նստավայրը։ Իսպանական պատվիրակությունն ընդունելության ժամանակ շահին հավաստիացնում է, որ Հնդկաստանի փոխարքան որեւէ մտադրություն չունի ռազմական արշավանք կազմակերպելու Պարսից ծոցում։ Ապահով իր թիկունքից, ինչպես այդ մասին գրում է Անտոնիո դե Գուվեան, Շահ-Աբասը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Անտոնիո դե Գուվեայի աշխատությունն ընդգրկում է Շահ-Աբասի կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված պատերազմի սկզբից, այսինքն 1602 թ. աշնանից ընդհուպ մինչեւ 1608 թ. ընկած ժամանակաշրջանը։ Հաղորդված նյութերի առատությամբ ու խորությամբ, արված նուրբ դիտողություններով Անտոնիո դե Գուվեայի այս գիրքը հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար բացառիկ արժեք ունի։ Բերված վկայությունները հավաստի են եւ զերծ իրանական ու թուրքական աղբյուրների միակողմանի մեկնություններից։ Աշխատության մեջ հեղինակը մեծ համակրանքով ու ցավով է գրում թուրք-իրանական պատերազմների ընթացքում հայ ժողովրդի կրած անլուր տառապանքների մասին. երկասիրության երրորդ գրքում, որ վերնագրված է «Հայերի ստրկացման ու նրանց բռնագաղթի մասին», սրտաճմլիկ տողերով մանրամասն նկարագրվում է հայերի բռնագաղթի դժնդակ պատկերը [23] ։

Անտոնիո դե Գուվեայի գլխավորած պատվիրակությունից հետո Իսպանիան 1618 թ. Իրանի հետ անմիջական դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ հաստատելու մի նոր փորձ կատարեց։ Այդ նպատակով Իրան ուղարկվեց Մադրիդի պալատի նոր պատվիրակությունը, որին գլխավորում էր Գարսիա դե Սիլվա Ֆիգուերան, որը եւ թողեց պատմական որոշակի արժեք ներկայացնող իր ուղեգրությունը [24] ։ Ճիշտ է, Գարսիա դե Սիլվան բուն Հայաստանում չի եղել, այլ հասել է մինչեւ Թավրիզ, սակայն Նոր Ջուղայի հայերի մասին խոսելիս նա անդրադառնում է նաեւ ոչ հեռավոր անցյալում հայերի բռնագաղթի հետ կապված որոշ հարցերի, Եվրոպայի հետ հայ, մասնավորապես Նոր Ջուղայի խոջայության ունեցած առեւտրական հարաբերություններին եւ այլն։

XVII դարի 20-ական թթ. Շահ-Աբասն Անգլիայի հետ դաշնակցած գրավեց Հորմուզը եւ վերջ տվեց Պարսից ծոցում պորտուգալացիների գերիշխանությանը։ Անգլիացիների այս օգնությունը Իրանին մեծապես ուժեղացրեց անգլիական Արեւելահնդկական առեւտրական ընկերության ազդեցությունը երկրում։ Նման պայմաններում Ֆրանսիան, հանձինս կարդինալ Ռիշելիեի, արեց առավելագույնը՝ Իրանի հետ իր տընտեսական ու քաղաքական հարաբերությունները բարելավելու նպատակով։ 1626 թ. դե Հեյի գլխավորությամբ Իրան ուղարկվեց ֆրանսիական հատուկ պատվիրակություն։ Սակայն թուրքական կառավարության պահանջով դե Հեյը ստիպված եղավ Կոստանդնուպոլսից վերադառնալ Ֆրանսիա։ Իրանի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու պաշտոնը դրվեց հայր Պասիֆիկի վրա։ Նորջուղայեցի խոջա Նազարի միջնորդությամբ Հայր Պասիֆիկը Ղազվինում ընդունվում է Շահ-Աբասի կողմից։ Ֆրանսիական պատվիրակությանը հաջողվում է դիվանագիտական եւ կրոնական կենտրոններ հիմնել Սպահանում եւ Բաղդադում՝ ուղղված, անշուշտ, անգլիական ազդեցության դեմ։ Հայր Պասիֆիկը թողել է Իրան կատարած իր այցելության հանգամանալից շարադրանքը, ուր հազվադեպ խոսվում է նաեւ իրանահայերի ու Հայաստանի մասին [25]: Հայր Պասիֆիկի աշխատությունը հետաքրքիր է մի շարք վավերագրերի հրատարակմամբ։ Դրանցից է սուլթան Մուրադ 4-րդի 1627 թ. ապրիլի ֆերմանը կապուչիններին Օսմանյան կայսրության պետական սահմաններում արտոնություններ շնորհելու մասին, Շահ-Աբասի համանման շնորհագիրը նույն կապուչիններին՝ Իրանում ազատ գործունեություն ծավալելու արտոնություն տալու մասին եւ, վերջապես, Շահ-Աբասի նամակը ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 13-րդին։

Կարդինալ Ռիշելիեի ձեռնարկած գործը հետագայում շատ ավելի մեծ ընդգրկումով շարունակեցին Լյուդովիկոս 14-րդը եւ նրա հեռատես մինիստր Կոլբերը։ Նրանց հիմնական նպատակն էր թուլացնել Անգլիայի եւ Հոլանդիայի ազդեցությունն Իրանի վրա, Ֆրանսիայի համար Իրանում առեւտրի բնագավառում մենաշնորհային իրավունք ապահովել։ Իրան ուղարկվեցին նորանոր պատվիրակություններ, որոնք հայերի մասին թողեցին արժեքավոր գրառումներ, սակայն մինչ այդ Հայաստանի եւ հայերի մասին կան այլ հեղինակների պատմական բնույթի աշխատություններ, որոնք ժամանակագրական կարգով նախորդում են վերը մատնանշվածներին։ Այսպես, իսպանացի Տեխեյրան, որին կարելի է դասել ուղեգիրների շարքը, թողել է Իրան կատարած իր այցելության նկարագրությունը [26] ։ Նա Հայաստանում չի եղել, սակայն Իրանի հասարակական-տնտեսական եւ քաղաքական պատմության վերաբերյալ նրա հաղորդած որոշ վկայություններն անմիջական առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։ Բացի այդ, Տեխեյրան կատարել է XV դարի պարսիկ հայտնի պատմագիր Միրխոնդի «Ռօուզաթ-աս-սաֆա» («Մաքրության այգի») հայտնի աշխատության քաղվածական թարգմանությունը, որը մասնագետների հավաստիացումով թերություններ ունի [27] ։ 1605 թ. Տեխեյրան Հորմուզի, Բասրայի ու Բաղդադի վրայով վերադառնում է հայրենիք։ Հաջորդ հեղինակը, որի ուղեգրությունը Արեւելքի, ներառյալ նաեւ Հայաստանի պատմության ուսումնասիրության կարեւոր աղբյուրներից է՝ Պիետրո դելլա Վալլեն է (1586-1652 թթ. Ուղեգիրը դեռեւս երիտասարդ հասակում աչքի էր ընկել որպես բանաստեղծ ու գրականագետ եւ ստացել Ֆանտաստիկ մականունը։ 1614 թ. նեապոլցի բժիշկ–պրոֆեսոր Մարիո Սկիպանոյի խորհրդով Պիետրո դելլա Վալլեն ձեռնարկում է մի մեծ ճանապարհորդություն դեպի Արեւելք։ Նույն թվականին նա ժամանում է Կոստանդնուպոլիս, ուր մնում է մի տարի եւ սովորում թուրքերեն։ Կոստանդնուպոլսից Պիետրո դելլա Վալլեն ուղեւորվում է Կահիրե, ապա Երուսաղեմ, իսկ այնուհետեւ՝ Դամասկոս, Հալեպ եւ Բաղդադ։ Այստեղ նա ամուսնանում է ասորուհի Սիտտի Մաանիի հետ եւ ընտանիքով 1616 թ. մեկնում Իրան։ Ուղեգիրը սիրալիր ընդունելության է արժանանում Շահ-Աբասի կողմից՝ Ֆարրահաբադի պալատում եւ 1618 թ. մասնակցում է Արդեբիլի մոտ թուրքերին շահի տված ճակատամարտին ու մանրամասն նկարագրում այն։ 1621 թ. Պիետրո դելլա Վալլեն մեկնում է Սպահան, այնուհետեւ՝ Շիրազ, այցելում է Պերսեպոլիսի ավերակներն ու այդ բոլորը մանրամասն նկարագրում իր աշխատության մեջ։ Իրանում նա մնում է մինչեւ 1623 թ., այնուհետեւ ուղեւորվում է Հնդկաստան։ Պիետրո դելլա Վալլեն հայրենիք է վերադառնում Մակվի, Բասրայի, Հալեպի եւ Կիպրոսի վրայով։ 1626 թ. մարտին Հռոմում նա արժանանում է Ուրբանոս 8-րդ պապի ընդունելությանը, որը նրան առաջարկում է բարձր պաշտոն պապական պալատում։

Պիետրո դելլա Վալլեի ուղեգրությունը [28], ինչպես նաեւ Շահ-Աբասի մեծարմանը նվիրված նրա հատուկ աշխատությունը [29] ժամանակի միջազգային սուր հարաբերությունների վերաբերյալ պարունակած ստուգապատում ու թարմ նյութերի շնորհիվ վաղուց են գրավել մասնագետների ուշադրությունը։ Ուղեգրի աշխատությունը կազմված է նամակների ձեւով՝ ուղղված իր բարեկամ Մարիո Սկիպանիին։ Շահ-Աբասի պալատում եղած ժամանակ դելլա Վալլեն իրանական տիրակալին խորհուրդ էր տալիս դաշինք կնքել իր պալատը դեսպանություն ուղարկած ռուս կազակների հետ՝ ընդդեմ թուրքերի։ Ուղեգրին թվում էր, թե այդ ճանապարհով իրանցիները թուրքերին կվտարեն Սեւ ծովից ու կգրավեն Կոստանդնուպոլիսը։ Հայերի, Հայաստանի ու մասնավորապես իրանահայերի մասին Պիետրո դելլա Վալլեի մոտ կան ընդարձակ տեղեկություններ։ Ուղեգրի նամակները, չնայած երբեմն ավելորդ մանրամասնություններին ու ձգձգվածությանը, կարդացվում են հափշտակությամբ։ Պիետրո ղելլա Վալլեի աշխատության շնորհիվ մենք հստակ պատկերացում ենք կազմում XVII դարի 20-ական թթ. Շահ-Աբասի վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին։

1629 թ. առաքելական նկրտումներով Արեւելք ուղարկվեց ֆրանսիական միսիոներների եւս մի փոքրաթիվ խումբ, որի մեջ էր նաեւ հայր Ֆիլիպը։ Նա 1649 թ. Լիոնում լատիներենով [30] հրատարակում է Թուրքիա, Հայաստան եւ Իրան կատարած իր ուղեւորության նկարագրությունը, որը մի քանի տարի անց լույս է տեսնում նաեւ ֆրանսերենով [31] ։

XVII դարի սկզբում Եվրոպայի մայրաքաղաքներում սկսում են լույս տեսնել նաեւ աշխատություններ՝ նվիրված Թուրքիայի պատմությանը, որոնց մեջ արժանահիշատակ է 1609 թ. Լիոնում լույս տեսած Ժակ Էսպրինշարի «Օսմանցիների կամ թուրքերի կայսրերի պատմությունը մինչեւ Մեհմեդ 3-րդը» [32] ։ Մինչեւ XV դարի վերջին քառորդն ընկած ժամանակաշրջանի պատմությունը մի քաղագրություն է Եվրոպայում լույս տեսած համանման աշխատություններից, ըստ որում պատմական անունները, տեղանունները եւ տերմինները խիստ աղավաղված են։ Հայ ժողովրդի պատմության տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում գրքի վերջում զետեղված գլուխը հետեւյալ վերնագրով «1577 թ. սկսած պարսկական պատերազմի եւ այն բոլորի մասին, որ տեղի ունեցան մինչեւ 1588 թ. », ուր մանրամասն խոսվում է Անդրկովկասում թուրք-պարսկական պատերազմների եւ Իրանի կրած պարտության մասին։

Այս գրքի լույս ընծայումից մի քանի տարի առաջ նույն Լիոն քաղաքում 1606 թ. հրատարակվում է եվրոպական պետությունների ղեկավարներին հասցեագրված մի ուղերձի լատիներենից կատարված ֆրանսերեն թարգմանությունը [33] ։ Գրքի առաջին մասում խոսվում է թուրքական վայրագ կարգերի մասին, որոնք քրիստոնյա ժողովուրդներին բերեցին ստրկություն բառիս լայն իմաստով։ Ի դեպ, հենց առաջին մասում էլ նկարագրվում է այսպես կոչված «եսիր բազարներում» (ստրկաշուկաներ) քրիստոնյա գերեվարվածների վաճառքի ցնցող պատկերը։ Գրքի երկրորդ մասում շեշտվում է Եվրոպայում թուրքերի ունեցած ռազմական հաջողության գլխավոր պատճառը՝ եվրոպական պետությունների անմիաբանությունը։

XVII դարի սկզբի Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի պատմությանը վերաբերող եվրոպական աղբյուրների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 1605-ից մինչեւ 1610 թթ. Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան բարոն դե Սալինյակի նամակները ֆրանսիական թագավորին [34] ։ Նամակներում արծարծվում են Թուրքիայի այդ տարիների քաղաքական պատմոuթյան կարեւորագույն հարցերը՝ ջալալիների շարժումը, թուրք-իրանական, թուրք–ավստրիական պատերազմները եւ այլն, եւ այլն։ Հաղորդված նյութերը միանգամայն ստույգ են։ Օսմանյան կայսրության վիճակը XVII դարի սկզբին այն աստիճան ծանր էր, որ բարոն դե Սալինյակին թվում էր, թե այդ պետության վերջնական կործանումը մոտ է։ Բարոն դե Սալինյակի նամակներին նվիրված ժողովածուում տեղ են գտել նաեւ Ֆրանսիայի թագավորի (1607 թ. մարտի 26-ի), ենիչերիների պետի (նույն թվականի սեպտեմբերի 10-ի)՝ դեսպանին ուղղված նամակները, որոնցում շոշափվում են ջալալիների շարժման հետ կապված հարցերը [35] ։

XVII դարի 30–40-ական թթ. Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի պատմության կարեւորագույն եվրոպական աղբյուրների շարքին են դասվում գերմանացի արեւելագետ Ադամ Օլեարիուսի [36] եւ ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեի ուղեգրությունները [37] ։ Վերջինս թողել է պատմական արժեք ներկայացնող եւս մի աշխատություն [38], որը նպաստում է լրացուցիչ տվյալներ քաղելու Օսմանյան կայսրության կառավարչաձեւի, ավատական հարաբերությունների ու բազմաթիվ այլ հարակից հարցերի մասին։

Ադամ Օլեարիուսը (մոտ 1600-1671) գերմանացի արեւելագետ էր, մաթեմատիկոս ու փիլիսոփա։ Ավարտել է Լայպցիգի համալսարանը։ Երիտասարդ հասակում նա ծառայության մեջ է մտնում Հոլշտայնի հերցոգ Ֆրիդրիխ 3-րդի մոտ։ Շուտով նա, որպես դեսպանության քարտուղար, իսկ հետագայում՝ խորհրդատու, մտնում է Ֆիլիպ Կրուզեի եւ Օտտո Բրուգեմանի՝ Մոսկվա ու Իրան մեկնող դեսպանության կազմի մեջ։ Այդ դեսպանության գլխավոր նպատակն էր իրանական բոժոժը Մոսկվայի վրայով Հոլշտայն տեղափոխելու համար վերոհիշյալ երկու երկրների հետ առեւտրական պայմանագրերի կնքումը։ Դեսպանության կազմում Ադամ Օլեարիուսը երկու անգամ եղավ Մոսկովյան պետությունում, 1636-1639 թթ. ՝ Անդրկովկասի մերձկասպյան շրջաններում (Շամախի, Դերբենդ եւ այլն) ու Իրանում։ Ուղեւորության ընթացքում Ադամ Օլեարիուսը սովորում է ռուսերեն, պարսկերեն ու արեւելյան այլ լեզուներ եւ հայրենիք վերադառնալուց հետո մշակում հավաքած հարուստ նյութերն ու հրատարակում իր ուղեգրությունը [39] ։

Ադամ Օլեարիուսի աշխատության հիմնական մասը նվիրված է Իրանի վիճակի նկարագրությանը, այնտեղ մեծ տեղ է տրված նաեւ Սեֆյան հարստության քաղաքական պատմության հարցերին՝ սկսած նրա հիմնադիր շահ Իսմայիլից մինչեւ հեղինակի ժամանակ իրանական գահին բազմած Աբաս 2-րդի իշխանության առաջին տարիները, ավելի ճիշտ՝ մինչեւ 1643 թ. [40] ։ Մեզ անհայտ են հեղինակի օգտագործած աղբյուրները, ինչ վերաբերում է XVII դարի 30–40-ական թթ., մասնավորապես շահ Սեֆիի ժամանակաշրջանի պատմության շարադրանքին, ապա դրանք մեծ մասամբ գրված են ականատեսի վկայությամբ։ Շամախիի հայերին ու մասնավորապես ջուղայահայերին նվիրված են ընդարձակ էջեր [41] ։

Ժան Բատիստ Տավերնիեն ծնվել է Փարիզում 1605 թ. եւ իր մահկանացուն կնքել Մոսկվայում՝ 1689 թ. ։ Հայրը՝ Գաբրիել Տավերնիեն, լինելով փորագրիչ եւ աշխարհագրական քարտեզների հրատարակիչ, որդու մեջ վաղ հասակից առաջացնում է սեր դեպի ճանապարհորդությունը։ Նրա երեւակայությունն առանձնապես շոյել էր առասպելական Արեւելքը։

1636 թ. Ժ. Բ. Տավերնիեին պատեհ առիթ է ներկայանում իրագործելու իր երազանքները։ Նա Կոստանդնուպոլսի վրայով անցնում է Փոքր Ասիա եւ Թոխաթ-Էրզրում-Երեւան ճանապարհով մտնում է Իրան։ 1636-ից մինչեւ 1663 թ. ընկած ժամանակահատվածում նա Արեւվելքում ձեռնարկում է վեց ճանապարհորդություն. Իրանում եւ մասնավորապես Հնդկաստանում նա զբաղվում է թանկարժեք քարերի առեւտրով։ Ուղեգրությունների մեջ հայ ժողովրդի պատմության համար առավել հետաքրքրականն առաջին գիրքն է։ Ժ. Բ. Տավերնիեի երկասիրությունը գրված է կենդանի ու վառ լեզվով, թեեւ հաղորդված անձնանունների ու տեղանունների մի մասը աղավաղված են։ Հեղինակը փաստորեն չի տիրապետել արեւելյան լեզուներից որեւէ մեկին։ Իրանի մասին եղած հաղորդումների մեծ մասը վերցված են երկրում երկար տարիներ ապրած հայր Ռաֆայել դյու Մանից եւ հայր Գաբրիել Շինոնից։ Հիրավի, երբ մենք համեմատում ենք Ժ. Բ. Տավերնիեի եւ հայր Ռաֆայելի դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1660 թվականին» աշխատությունը, ապա նկատում ենք, որ ուղեգրության ամբողջ հատվածներ պարզ փոխադրություններ են հայր Ռաֆայել դյու Մանի վերոհիշյալ աշխատությունից։ Մեր խոսքը, նախ եւ առաջ, վերաբերում է Նոր Ջուղայի հայերի, նրանց կենցաղի ու սովորությունների մասին հաղորդված տեղեկություններին, ինչպես նաեւ հայերի դավանանքին ու նորջուղայեցիների շրջանում եվրոպական միսիոներների ծավալած կաթոլիկական քարոզներին հատկացված էջերին [42] ։

Ինչ վերաբերում է Ժ. Բ. Տավերնիեի մյուս աշխատությանը, ապա ինչպես խոստովանում է հեղինակը, դրա նյութը վերցված է թուրքական պալատում երկար տարիներ ծառայած երկու եվրոպացիներից։ Իմ գրքում, գրում է նա, ես ընթերցողներին ներկայացրի թուրքական պալատի հավաստի ու մանրամասն նկարագրությունը՝ հենվելով այն նյութերի վրա, որոնք «… ես նշմարեցի Կոստանդնուպոլիս կատարած իմ բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում եւ այն ամենի վրա, որ ես իմացա երկու իմաստուն մարդկանցից, որոնք բարձր պաշտոններով երկար տարիներ ծառայել էին Սերայում (թուրքական պալատում— Մ. Զ. [43] ։ Գրքի առաջաբանում ֆրանսիական թագավորին հղած իր խոսքում Ժ. Բ. Տավերնիեն ուզում է հավաստիացնել, որ սուլթանական պալատի եւ առհասարակ Թուրքիայի մասին իր դիտողությունները լավագույնն են մինչ այդ Եվրոպայում լույս տեսած նույնատիպ աշխատությունների մեջ [44] ։ Սակայն դա հեռու է իրականությունից։ Ժ. Բ. Տավերնիեից առաջ եւ նրանից հետո Օսմանյան կայսրության վերաբերյալ լույս տեսան մեծ քանակությամբ տրակտատներ՝ այսպես կոչված «էտաներ» (ֆրանսերեն «état» կացություն, վիճակի իմաստով), ուր ավելի խոր ու գիտականորեն են լուսաբանվում օսմանյան ռազմաավատատիրական կարգերի բազմաթիվ կողմերը։ Այդպիսի աշխատությունների թվին նախ եւ առաջ պետք է դասել անգլիական թագավոր Կարլոս 2-րդի դեսպան Ռիկոյի կամ Ռայկոտի հուշերը [45] XVII դարի 60-ական թթ. Թուրքիայի մասին։ Նա 1661 թ. գալիս է Թուրքիա եւ այնտեղ մնում տասնութ տարի, ըստ որում տասներկու տարի՝ որպես անգլիական հյուպատոս Զմյուռնիայում։ Նա բազմաթիվ ճանապարհորդություններ է կատարում Օսմանյան կայսրության տարբեր նահանգներում ու հիմնավորապես տիրապետում էր թուրքերենին։ Ռիկոն այլեւայլ ուղիներով ստույգ տեղեկություններ է ստանում Մեհմեդ 4-րդի ժամանակաշրջանի թուրքական բանակի, պետական ֆինանսների վիճակի, պալատական կյանքի մանրամասնությունների մասին եւ այլն, ու այդ բոլորը գրի է առնում, ինչպես նշվեց, «Օսմանյան կայսրության արդի վիճակի պատմությունը» խորագրով աշխատության մեջ, որը թարգմանված է եվրոպական մի շարք լեզուներով եւ վկայում է աշխատության խիստ արժեքավորության մասին։

Բացի այս երկասիրությունից, Ռիկոն ունի նաեւ 1628-ից մինչեւ 1677 թ. ընկած ժամանակաշրջանի օսմանյան գահակալների պատմությանը նվիրված առանձին ուսումնասիրություն [46] ։ Աշխատության առավել հետաքրքիր մասերը նվիրված են հեղինակի ապրած ժամանակաշրջանի քաղաքական պատմության հարցերի լուսաբանմանը։ Ռիկոյի այս աշխատության շատ դրվագներ անմիջական առնչություն ունեն հայ ժողովրդի պատմության հետ։

Ռիկոյի հետ միաժամանակ թուրքական մայրաքաղաքում էր ֆրանսիական դեսպանության քարտուղար Ֆրանսուա Պետի Դելակրուան։ Նա Արեւելք էր ուղարկվել դեռեւս 1670 թ. եւ Պոլսում էր գտնվում 1676-1680 թթ. ։ 1684 թ. նա Փարիզում հրատարակում է իր հուշերը [47], որոնք հետաքրքիր ու արժեքավոր նյութեր են պարունակում թուրքական կառավարչաձեւի, պետական պաշտոնների, բանակի, ֆինանսների, Պոլսի բնակչության եւ մասնավորապես հայերի մասին։

1672–1673 թթ., որպես ֆրանսիական դեսպան մարքիզ դե Նուանտելի անձնական քարտուղար, Պոլսում էր գտնվում արեւելագետ-սեմագետ Անտուան Գալլանը։ Նա թողել է մեզ իր օրագիրը, որը հրատարակվում է 1881 թ, Փարիզում՝ Շառլ Շեֆերի կողմից [48] ։ Այստեղ հեղինակը հիմնականում կանգ է առնում ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա, եւ դրա հետ մեկտեղ տեղեկություններ է հաղորդում Պոլսի բնակչության առօրյա կյանքի, կենցաղի ու սովորությունների մասին։ Օրագրում Ա. Գալլանը տալիս է իր ժամանակակից վեզիր Կարա Մուստանա փաշայի կենսագրությունը։ Քանի որ խոսք եղավ դեսպան մարկիզ դե Նուանտելի մասին, ապա նշենք, որ XIX դարի վերջի ֆրանսիացի հայտնի պատմաբան Ալբեր Վանդալը հրատարակեց նրա ուղեգրությունները [49], ուր կան խիստ հետաքրքիր նյութեր՝ կապված Լյուղովիկոս 14-րդի արեւելյան քաղաքականության հետ։ Այնտեղ խոսվում է Կրետեի կամ Կանդիայի պատերազմին (1645–1669 թթ. ) Ֆրանսիայի մասնակցության, ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման եւ արեւելյան քրիստոնյաների, ի թիվս որոնց հայերի՝ Ֆրանսիայից ակնկալած օգնության մասին եւ այլն։

XVII դարի 60–80-ական թթ. Եվրոպայի տարբեր երկրներում լույս են տեսնում տարբեր բնույթի տրակտատներ (էտաներ) եւ պատմական աշխատություններ Թուրքիայի մասին, առանց որոնց ուսումնասիրության հնարավոր չէր լինի ամբողջական պատկերացում կազմել Օսմանյան կայսրության հայ ժողովրդի իրավաքաղաքական վիճակի մասին։ Այդպիսի աշխատություններից Նիկոլոզ Մաքիյավելու [50], Դյու Լուարի [51], Ժակ դե Ժանտի [52], Միշել Ֆեբուրի [53], դե Շասեպոյի [54], Դյու Վինյոյի [55], դե լա Մագդելենի [56] ու այլոց տրակտատները։ Հատկապես պետք է առանձնացնել Միշել Ֆեբուրի պատմական աշխատությունները, որոնցում հայերի մասին հաղորդումները խիստ ընդարձակ են։

Միշել Ֆեբուրի Թուրքիայի մասին գրած ուսումնասիրությունը ոչ այլ ինչ է, քան մի կոչ՝ ուղղված «ամենաքրիստոնյա» արքային՝ Լյուդովիկոս 14-րդին, նվաճելու Մերձավոր արեւելքը։ Հեղինակը թուրքական կայսրությունը ներկայացնում է մռայլ գույներով ու իրեն մի պահ թվում է, որ Լյուդովիկոս 14-րդը, հենվելով Արեւելքում քրիստոնյա հպատաակների օգնության ու աջակցության վրա, Ֆրանսիայի դրոշը կպարզի Օսմանյան կայսրության փլատակների վրա։ «Դուք, Ձերդ Մեծություն, Լյուդովիկոս 14-րդին դիմելով, գրում է Մ. Ֆեբուրը, որ միշտ էլ համարվել եք թուրքական հողերի ապագա նվաճողը, Եվրոպայում Ձեր (վերջին) հաղթանակների համբավի ներքո հույսեր եք ներշնչում (քրիստոնյա հպատակների մեջ), որ Դուք ավելի քիչ խոչընդոտներով ու ավելի մեծ փառքով մի օր նվաճելու եք Արեւելքը» [57] ։

Միշել Ֆեբուրը Թուրքիայում ապրել է տասներկու տարի, սովորել է, համաձայն գրքի հրատարակչի հավաստիացման, թուրքերեն, արաբերեն, քրդերեն, մի հանգամանք, որը նրա ուսումնասիրությանը տալիս է արժանահավատություն։ Հավանաբար այդ է պատճառը, որ դեռեւս հեղինակի կենդանության ժամանակ այդ գիրքն ունեցավ նաեւ իտալերեն ու գերմաներեն հրատարակություններ։

XVII դարի 60—80-ական թթ. Արեւելքի պատմության ուսումնասիրության համար որոշակի արժեք ունեն եվրոպացի հեղինակների՝ գերազանցապես Իրան կատարած ուղեւորությունների մասին հուշերը։ Դրանց թվին են պատկանում նախ եւ առաջ Լա Բուլլեյ լե Գուզի [58], Ժ. Տեվենոյի [59], Ժ. Շարդենի [60], Պետրոս Պետիկի [61], Յ. Ստրյույսի [62], Ն. Սանսոնի [63], երեք կաթոլիկ միսիոներների ու այլոց ուղեգրությունները։

Ֆրանսուա դե լա Բուլլեյ լե Գուզը ծնվել է Ֆրանսիայի Բոժե քաղաքում՝ 1610 թ., մահացել է Սպահանում՝ 1669 թ. ։ Լե Գուզը, դեռեւս երիտասարդ հասակում ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի Արեւելք։ Նա Վենետիկից ուղեւորվում է Կոստանդնուպոլիս եւ Փոքր Ասիայի ու Հայաստանի վրայով հասնում Սպահան։ Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո նա մեկնում է Հնդկաստան, իսկ այնուհետեւ վերադառնում հայրենիք։ Լա Բուլլեյ լե Գուզի ուղեգրությունը գրված է առանց որեւէ մեթոդական սկզբունքի, վատ ոճով եւ Ամասիայի, էրզրումի, Հասան-Կալայի, էջմիածնի, Երեւանի, Թավրիզի մասին նրա հաղորդած վկայությունները խիստ համառոտ են ու գիտական լուրջ արժեքից զերծ։

Իսկ դրան հակառակ, Ժան Տեվենոյի ուղեգրությունը XVII դարի ամենակարեւորագույն աղբյուրների շարքն է դասվում թե՛ նյութերի առատության եւ թե´ հեղինակի կատարած նուրբ դիտողությունների առումով։ Ժան Տեվենոն ծնվել է Փարիզում (1633 թ. հունիսի 7-ին), մահացել Իրանական Ադրբեջանում (1667 թ. նոյեմբերի 28-ին)։ 1655 թ, նա մեկնում է Կոստանդնուպոլիս, այնտեղ մնում է մեկ տարի ու հաջորդ թվականի ապրիլին վերադառնում Փարիզ։ Յոթ տարի անց նա ձեռնարկում է իր երկրորդ ուղեւորությունն Արեւելք ու Բաղդադի վրայով գալիս է Իրան։ Սպահանում նա հինգ ամիս շարունակ լինում է հայր Ռաֆայել դյու Մանի հյուրը։ 1667 թ. Պերսեպոլիսի ավերակները ուսումնասիրելիս հանդիպում է Շարդենին եւ Տավերնիեին։ Այնուհետեւ նա որոշում է հայրենիք վերադառնալ Հյուսիսային Իրանի վրայով, ուր եւ կնքում է իր մահկանացուն։

Իրանի, իրանահայերի, Պոլսի եւ պոլսահայերի մասին Ժան Տեվենոյի տվյալները միանգամայն ստույգ են։ Հեղինակը բավականին սովորել էր թուրքերեն ու պարսկերեն եւ պատահական չէ, որ արեւելյան անձնանունների, տեղանունների եւ տերմինների տառադարձությունը մեծ մասամբ ճիշտ է տվել։ Ուղեգրությունը գրված է կենդանի ու վառ լեզվով։ Իրանի մասին նա իր գիտելիքների մի զգալի մասը ստացել է հայր Ռաֆայել դյու Մանից։

Ինչ վերաբերում է Ժան Շարդենին, ապա մասնագետների համընդհանուր կարծիքով, Սեֆյան Իրանի վարչական, հասարակական-քաղաքական եւ այլ հարցերին նվիրված նրա բազմահատոր աշխատությունը դասականն ու լավագույնն է XVII-XVIII դդ. ողջ եվրոպական գրականության մեջ։ Կարելի է առանց չափազանցության ասել, որ Ժան Շարդենի ուղեգրություններում մասնագետ ընթերցողը կհանդիպի բազմակողմանի ու հարուստ տեղեկությունների։

Ժան Շարդենը ծնվել է Փարիզում (1643 թ. հունվարի 24-ին), դավանանքով բողոքական հարուստ ոսկերիչի ընտանիքում, մահացել է Լոնդոնում՝ 1713 թ. ։ 1664 թ. Ժ. Շարդենը առեւտրական նպատակներով հոր կողմից ուղարկվում է Սուրաթ, ուր ուղեւորվում է Իրանի վրայով։ Այս ճանապարհորդությունը կարճ է տեւում։ Վերադառնալով Փարիզ, նա այստեղ երկար չի մնում եւ 1665 թ. կրկին ուղղություն է վերցնում դեպի Իրան, ուր այս անգամ մնում է հինգ տարի եւ հիմնավոր սովորում պարսկերեն։ 1660 թ. Ժան Շարդենը շահ Աբաս 2-րդի կողմից ստանում է շահական վաճառականի կոչում։ 1670 թ,, վերադառնալով Փարիզ, նա հրատարակում է իր «Պարսկաստանի թագավոր Մոդեյման 3-րդի թագադրումը եւ թե ինչ հիշարժան դեպքեր տեղի ունեցան նրա իշխանության առաջին երկու տարիներին» խորագրով աշխատությունը։ 1671 թ. ժան Շարդենը դարձյալ մեկնում է Իրան, իր հետ տանելով մեծ քանակությամբ թանկարժեք քարեր եւ Իրանի համար հազվագյուտ իրեր։ Այս անգամ նա Իրանում մնում է շուրջ տասը տարի։ 1681 թ., գալով Անգլիա, Ժան Շարդենը անգլիական թագավոր Կարլոս 2-րդի կողմից նշանակվում է Արեւելահնդկական ընկերության ներկայացուցիչը Հոլանդիայում։

Իր ուղեգրությունների առաջաբանում Ժան Շարդենը տալիս է հետեւյալ ուշագրավ ինքնակենսագրական տվյալները. «Ես Փարիզից մեկնեցի առաջին ճանապարհորդության 1664 թ. եւ այնտեղ վերադարձա 1670 թ. ՝ վեց ամբողջական տարիներ մնալով Արեւելքում, սակայն մեծ մասամբ Պարսկաստանում, որտեղ իմ (առեւտրական) գործերը ինձ առանձնապես կապում էին։ Ես այս ճանապարհորդությունից ունեմ ավելի շատ հուշեր, քան որեւէ այլ մի ճանապարհորդ, որոնք ինձ նախորդել էին այս ուղու վրա եւ ես ավելի գիտեի պարսկերենը, քան մինչ այդ բոլոր նրանք, ովքեր տվել էին այս մեծ թագավորության մասնակի նկարագրությունը» [64] ։ Երկրորդ ճանապարհորդության ընթացքում (1671-1681 թթ. ) գրում Է Ժ. Շարդենը, ես ջանացի իմ ողջ ժամանակն «ինչքան դա ինձ հնարավոր եղավ, օգտագործել ուսումնասիրելու երկրի լեզուն, ավելի ստույգ իմանալու նրա ժողովուրդների կենցաղն ու սովորույթները։ Կանոնավոր կերպով հաճախելու պալատ եւ այստեղ զրուցելու. մեծամեծների եւ գիտնականների հետ, որպեսզի խնամքով ուսումնասիրեմ այն ամենը, ինչ կարող է արժանանալ Եվրոպայի հետաքրքրությանը» [65] ։ Ժ. Շարդենը այն աստիճան է ուսումնասիրում Իրանը, որ գրում է, թե ինքը «…Սպահանը ավելի լավ գիտի, քան Լոնդոնը, չնայած այնտեղ ապրում է ահա քսանվեց տարուց ի վեր» [66] ։

Ինչ վերաբերում է աշխատության բովանդակությանը, ապա Ժ. Շարդենը դարձյալ առաջաբանում տալիս է հետեւյալ բացատրությունը. «Բաժանված է տասը հատորների, առաջին հատորը մի տեսակ օրագիր է այն ամենի մասին, թե ինչ պատահեց ինձ հետ կամ թե ինչ առավել ուշագրավ երեւույթների հանդիպեցի իմ ճանապարհորդության ընթացքում Փարիզից մինչեւ Մինգրելիա։ Երկրորդը այս օրագրի շարունակությունն է Մինգրելիայից մինչեւ Թավրիզ, երրորդը՝ Թավրիզից մինչեւ Սպահան։ Այս երեք հատորները պարունակում են Փարիզից մինչեւ Սպահան կատարած ճանապարհորդության նոտագրման ողջ բովանդակությունը։ Չորրորդ հատորն ընդգրկում է Պարսկաստանի կայսրության, նրա կառավարության, օրենքների, բնակչության, կենցաղի ու սովորույթների համընդհանուր նկարագրությունը։ Հինգերորդը՝ պարսիկների գիտության ու արվեստների, նրանց արտադրության նկարագրությունն է. վեցերորդը՝ նրանց քաղաքական-ռազմական եւ քաղաքացիական կառավարության նկարագրությունն է, յոթերորդը՝ նրանց կրոնի ու դավանանքի նկարագրությունն է. ութերորդը՝ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի հատուկ նկարագրությունն է…» [67] ։ Վերջապես իններորդ եւ տասներորդ հատորներն ընդգրկում են 1674 թ. Սպահանից դեպի Բենդեր-Աբաս եւ Պերսեպոլիս հեղինակի կատարած ուղեւորությունների նկարագրությունը։

Չնայած թույլ տված որոշ անճշտություններին ու թյուրիմացություններին, Ժան Շարդենի ուղեգրությունները շահեկան են ոչ միայն Սեֆյան Իրանի, այլեւ Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։

Պետրոս Պետիկը, ծագումով Կիլիկիայի Քիլիս քաղաքից, կաթոլիկական հայ ընտանիքի զավակ էր։ Փոքր հասակում նա զրկվում է հորից։ Կրթությունը ստանում է Հռոմում։ Ուսումն ավարտելուց հետո պապի ներկայացուցիչ Մատթեոս Ավանիացու հետ մեկնում է Իրան՝ պապի, ֆրանսիական թագավորի եւ Վենետիկի դուքսի նամակները շահին հանձնելու համար։ Եվրոպա վերադառնալով նա գրում է «Ջեհիլ սություն» («Քառասուն սյուն») կոչված աշխատությունը։ Այն արժանահավատ տեղեկություններ է պարունակում իրանահայ կյանքի, հայ խոջայության եւ հայ հասարակական շարժումների վերաբերյալ։ «Ծանոթանալով Պետիկի գրքին, գրում է Աշ. Հովհաննիսյանը, դժվար չէ համոզվել, որ քաղաքական եւ իդեական իր բովանդակությամբ, ընդհանուր առմամբ դա արժանահավատ մի փաստագրություն է եւ կարեւոր մի աղբյուր՝ 1675-1678 թվականների հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից նշանակալից իրադարձությունների լուսաբանության համար» [68] ։

Յանս Կանեցսոն՝ Ստրաուսը կամ Ստրույսը հոլանդացի նավաստի էր։ 1656 թ. Կանդիայի պատերազմի ժամանակ մասնակցել էր Դարդանելի ծովամարտին, ուր թուրքական ռազմական նավատորմը ոչնչացվեց։ 1668 թ. նա ընդունվում է ռուսական ծառայության, ուր այն ժամանակ հավաքագրում էին օտարերկրացի նավաստիներին՝ Կասպից ծովի առեւտրական նավատորմի կառուցման համար, որպեսզի իրանական բոժոժը տեղափոխեն Ռուսաստան։ Այդ նպատակով, ինչպես հայտնի է, 1667 թ. Ռուսաստանն առեւտրական պայմանագիր կնքեց Նոր Ջուղայի հայ առեւտրական ընկերության հետ։ 1670 թ. ամռանը մի խումբ ընկերների հետ Ստրույսը Աստրախանից ուղեւորվում է դեպի Կասպից ծով։ Տարկուում գերի է ընկնում տեղացի մի ֆեոդալի մոտ եւ ստրուկ վիճակում դեգերում է Երեւանում, Դերբենդում, Շամախիում եւ այլուր։ Փրկագնով ազատվելուց հետո Ստրույսը ծառայության է մտնում Իրանի լեհական դեսպանի մոտ, որի հետ ճանապարհորդում է Արդեբիլ-Ղազվին-Սպահան ուղիով ու մանրամասն նկարագրում Իրանի քազաքական-հասարակական կացությունը XVII դարի 70-ական թվականներին։

Յան Ստրույսի ուղեգրությունը լայն ճանաչում է գտնում Եվրոպայում ու թարգմանվում մի շարք եվրոպական լեզուներով։ Հայ ժողովրդի պատմության տեսակետից հետաքրքրական են Յան Ստրույսի ուղեգրության այն էջերը, որոնցում խոսվում է Անդրկովկասի հայաշատ քաղաքների ու հատկապես Նոր Ջուղայի հայության մասին։

Նիկ. Սանսոնը միսիոներական առաքելությամբ Իրան ժամանեց 1683 թ. ։ Այստեղ նա սովորեց հայերեն, պարսկերեն եւ թուրքերեն, սակայն արեւելյան լեզուներից նրա կատարած տառադարձությունից դատելով, կարելի է եզրակացնել, որ նա մատնանշված երեք լեզուներից ոչ մեկն էլ հիմնավոր չգիտեր։ Մյուս կողմից, Նիկ. Սանսոնի մոտ որեւէ նոր վկայություն չկա Իրանի մասին, որը չլիներ, ասենք, Ժ. Բ. Տավերնիեի, Ժ. Շարդենի ու այլոց մոտ։ Այսուհանդերձ, այս աղբյուրը հաստատում է նախորդ հեղինակների հաղորդած տեղեկությունները։

Քանի որ խոսք եղավ կաթոլիկ միսիոներների մասին, անդրադառնանք Իրանում եւ հայերի միջավայրում երկար տարիներ ապրած, նրանցից մի քանիսի թողած պատմական երկասիրություններին, որոնք վաղուց արդեն գրավել են պատմաբան-մասնագետների ուշադրությունը։ Նկատի ունենք հայը Գաբրիել դե Շինոնի [69] եւ հայր Ռաֆայել դյու Մանի [70] ու այլոց աշխատությունները։

Հայր Գաբրիել դե Շինոնը շուրջ քսան տարի ապրել է Սպահանի կապուչինների վանքում ու եղել է հայր Ռաֆայել դյու Մանի մերձավորագույն գործընկերներից մեկը։ Նա սովորել է պարսկերեն, թուրքերեն եւ հայերեն։ Խոսելով հայերենի մասին, դե Շինոնը, ընկնելով չափազանցությունների մեջ, նշում է, որ իբր «…հայոց լեզուն Արեւելքի, գուցե եւ աշխարհի ամենադժվար լեզուներից է» [71] ։ Դե Շինոնը նոր Ջուղայի հայերի մեջ երկպառակություններ է սերմանել, որի հետեվանքով հայ համայնքի ներկայացուցիչների խիստ բողոքի հիման վրա կառավարության ներկայացուցիչները նրան տեղափոխել են Թավրիզ։

Շինոնը սուր հարձակումներ է գործում «հերձվածող» հայերի դեմ, որոնց միակ «մեղքը» եղել է այն, որ չեն ենթարկվել կաթոլիկական պրոպագանդային։ «Ես չեմ կարծում, գրոււմ է նա, թե աշխարհում գտնվի մի այլ ժողովուրդ, որը ավելի կապված լիներ իր ավանդույթներին, քան հայերը» [72] ։

Հայր Ռաֆայելը (Ժակ Դյուտերտրը) ծնվել է Ֆրանսիայի Ման քաղաքում՝ 1613 թ, օգոստոսին։ Երիտասարդ հասակում ստացել է փայլուն կրթություն, հատկապես աչքի է ընկել մաթեմատիկայի բնագավառում։ Նա քառասուն տարի ապրել է Սպահանում, եղել է կապուչինների վերատեսուչը եւ վայելել է ինչպես ֆրանսիական արքունիքի, այնպես էլ Իրանի տիրակալների (սկսած Աբաս 2-րդից մինչեւ շահ Հյուսեինը) հովանավորությունը։ Ռաֆայել դյու Մանի մասին առաջին անգամ հիշատակում է Ժ. Բ. Տավերնիեն՝ 1644 թ. ուղեւորության ժամանակ։

Իրանական արքունիքի հետ ամենասերտ կապեր ունենալով՝ դյու Մանը քաջատեղյակ էր XVII դարի երկրորդ կեսի թուրք-իրանական քաղաքական հարաբերություններին։ Ռաֆայել դյու Մանի «Պարսկաստանի վիճակը 1666 թվականին» աշխատությունը գրված էր հատուկ Կոլբերի համար, որը, ինչպես տեսանք, ձգտում էր ընդլայնել ֆրանսիական առեւտուրը Արեւելքում։

Ռաֆայել դյու Մանի գրքի վերջում կցված է խիստ արժեքավոր մի հավելված, ուր տեղ է գտել թուրքերի դեմ սեֆյան շահ Իսմայիլի տարած հաղթանակների՝ իտալացի Ռոտայի կողմից գրված պատմության ֆրանսերեն թարգմանությունը։ Այս թարգմանությունից հետո գրքի հրատարակիչ Շառլ Շեֆերը զետեղել է Իրանից ու Երեւանից Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներ դե Լալենի եւ դե լա Բուլլեյ դե Գուզի նամակները Լյուդովիկոս 14-րդին։ Վերջում տրվում է Իրանի առեւտրի վերաբերյալ Ժ. Բ. Տավերնիեի հուշագիրը [73] ։

Հայաստանում եւ իրանահայերի մեջ XVII դարի վերջին քառորդին միսիոներական գործունեության պատմության ուսումնասիրության համար կարեւորագույն աղբյուր է 1694 թ. Փարիզում լույս տեսած «Հայաստանի ներկա վիճակը, ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր առումով» աշխատությունը [74] ։ Հրատարակիչն է ճիզվիտների կենտրոնի ղեկավարներից Թոմա Շառլ Ֆլեորիոն։ Գրքի առաջաբանում ճիզվիտ միսիոներների նամակներից քաղվածքներ են բերված՝ բնութագրելու համար հայ ժողովրդին։ «Աշխարհում քիչ ժողովուրդ կգտնվի, ասվում է զեկուցագրում, որ հայ ժողովրդի նման լավագույն բարեմասնություններ ունենա։ Ամենուր նշմարելի է, որ հայերը մեծ ողջամտություն եւ խոհականություն ունեն։ Նրանք քիչ են խոսում, շատ են խորհրդակցում ու իրենց ձեռնարկած բնագավառներում մեծ հաջողություններ ունեն։ Այդ նրանք են, որոնք անում են Արեւելքի ողջ առեւտուրը եւ մեծապես նպաստում են Եվրոպայի բազմաթիվ մեծ քաղաքների առեւտրի բարգավաճմանը» [75] ։

Առաջաբանում հատուկ ընդգծվում է նաեւ հայերի ընթերցասիրությունը, գիտության նկատմամբ նրանց ծարավն ու հյուրասիրությունը։ «Հայաստանի ներկա վիճակը.., » աշխատության շնորհիվ մասնագետ-պատմաբանները ոչ միայն որոշակի գաղափար կկազմեն Հայաստանում կաթոլիկ միսիոներների ծավալած քայքայիչ գործունեության մասին, այլեւ առանձին արժեքավոր տեղեկություններ կքաղեն Հայաստանի հասարակական-տնտեսական եւ քաղաքական պատմության հարցերի վերաբերյալ։

«Հայաստանի ներկա վիճակը…» աշխատության յուրահատուկ շարունակությունը կարելի է համարել 1730 թ, Փարիզում լույս տեսած «ճիզվիտական միաբանության մի միսիոների ճանապարհորդությունը Թուրքիայում, Պարսկաստանում, Հայաստանում, Արաբիայում եւ Բարբարիայում» գիրքը [76], ուր դարձյալ որոշ մանրամասնություններով տրվում է նույն ճիզվիտ միսիոներների գործունեությունը Հայաստանում XVII դարի 80-90-ական թվականն երին։ Անանուն վերնագիր ունեցող այս աշխատության հեղինակը Վիլլոտն է, որն իր ժամանակին նույնպես միսիոներական նպատակներով եղել է Հայաստանում։ Վիլլոտի այս աշխատության համար եւս աղբյուր են ծառայել կաթոլիկ միսիոներների նամակները Հայաստանից։ Ուղեգրության մեջ տեղ են գտել նաեւ Իրանի XVIII դարի 20-ական թթ. քաղաքական պատմությանը վերաբերող նյութեր, հավանաբար ներկայացված ականատեսի վկայությամբ [77] ։ Գրքի վերջին մասում խոսվում է ճիզվիտ միսիոներների կողմից Նախիջեւանի հայ կաթոլիկ համայնք այցելության ընթացքում իրանական հարկահավաքների թույլ տված բռնությունների, կամայականությունների եւ հայ կանանց ընդվզումի մասին [78] ։ Ուղեգրության մեջ կարելի է հանդիպել նաեւ Հայաստանի հասարակական, տնտեսական եւ քաղաքական պատմությանը վերաբերող այլ բնույթի նյութերի։

Խոսելով Հայաստանում միսիոներական գործունեության մասին, չի կարելի զանց առնել ամենակարեւորագույն աղբյուրներից մեկը թեատինյան կրոնավոր Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի Սուրբ եկեղեցւոյն Հռոմայ» աշխատությունը, որը լույս տեսավ Հռոմում նաեւ լատիներեն [79] ։ Կղեմես Գալանոսը Ուրբանոս 8-րդ պապի կողմից 1626 թ. Կովկաս էր ուղարկվել վրացիների եւ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու առաքելությամբ։ Այնուհետեւ նա 1640 թ, անցնում է Պոլիս, ուր եւ հիմնավորապես սովորում է հայոց լեզուն։ Կղեմես Գալանոսն իր բուռն բնավորությամբ եւ հայ եկեղեցու նկատմամբ ունեցած չքողարկված ատելությամբ առաջացրել է հայ հասարակայնության զայրույթը։ Կաթոլիկ պրոպագանդայի կողմից նա անվանվել է «աստծու խարազանը՝ Արեւելքի հերձվածողների նկատմամբ»։ Նրա մոտ ի մի էին ձուլված կիրքն ու նենգությունը, ճարտարությունն ու խարդավանքը։ «Այս հոգեւոր գործիչն արդեն բոլորովին մի ուրիշ երեւույթ է ներկայացնում իր անսովոր խանդով եւ ընդունակություններով, գրում է Լեոն, բայց մանավանդ իր խառնվածքով։ Նա 1636 թ. ուղարկված էր Վրաստան, ուր քարոզչական պաշտոնը ծածկում էր բժշկի մասնագիտության տակ։ Վրացիների մեջ նա երկար չմնաց, այլ սովորելով հայերեն լեզուն, սկսեց հայերի մեջ «աստծու հունձ»-ը։ Մի եռանդով, որ միանգամայն պակասում էր Պիրոմալիին (իր նախորդին— Մ. Զ. ) եւ մի ճարպկությամբ, որ միայն եզվիտներին կարող էր պատիվ բերել։ Իր հայրենագիտությունը նա ծառայեցրեց միսիոներական նպատակներին, հորինելով կրոնական վիճաբանությունների գրքերի» [80] ։

XVII դարի վերջին քառորդին (1693-1698 թթ. ) է վերաբերում իտալացի Կարլո Ջեմելի Կարերի ճանապարհորդությունն Արեւելքում, ներառյալ նաեւ Հայաստանում։ Նա այցելել է Էրզրում, Ֆարս, Երեւան, Նախիջեւան եւ հայերի մասին հաղորդում է ուշագրավ տեղեկություններ [81] ։

Եվս մի երկու աղբյուրներում խոսք է գնում հռոմեական եկեղեցու հետ հայերի դավանաբանական վեճերի, միսիոներների գործունեության եւ օսմանյան տիրապետության ներքո հայ եկեղեցու իրավական ստատուսի հետ կապված հարցերի մասին։ Դրանք Դելակրուայի [82] եւ Լակրոզի [83] աշխատություններն են։

XVII դարի վերջի եւ XVIII դարի սկզբի հայ ժողովրդի պատմությանը վերաբերող եվրոպական աղբյուրների մեջ կարեւոր տեղ է գրավում Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունը [84] ։ Պիտտոն դե Տուրնեֆորը (1656-1708) ազնվականական ծագում ունեցող ֆրանսիացի ականավոր բուսաբան էր եւ 1691 թ. սկսած Ֆրանսիայի ակադեմիայի իսկական անդամ։ 1700-1702 թթ. Տուրնեֆորը ֆրանսիական կառավարության առաջարկով կատարում է մեծ ճանապարհորդություն դեպի Փոքր Ասիա, Հայաստան եւ Անդրկովկաս, որտեղից նա Ֆրանսիա է բերում 1356 նոր տեսակի բույսեր ու դեղաբույսեր, որոնց մի զգալի մասը՝ պատմական Հայաստանի տարածքից (ուղեգրության մեջ բերված են դրանց նկարները՝ արված հեղինակի կողմից)։ Այս առումով նա մեծ ծառայություն է մատուցել հայ բուսաբանությանը։

Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունը ներկայացված է Ֆրանսիայի պետական քարտուղար կոմս Ժերոմ դե Պոնշարտրենին հղված նամակների ձեւով, ուր մանրամասն տեղեկություններ են հաղորդվում Թուրքիայի վարչատնտեսական կյանքի եւ Հայաստանի իրավիճակի մասին, ինչպես նաեւ պատմական էքսկուրսներ են կատարվում դեպի Հայաստանի անցյալի պատմությունը՝ կապված աշխարհագրական միջավայրի այս կամ այն տեղանվան հետ։ Ուղեգրությանը կցված են պատմական Հայաստանի տարբեր քաղաքների հայերի տարազը պատկերող գծանկարներ։

Պիտտոն դե Տուրնեֆորը Փարիզից դուրս է գալիս 1700 թ, մարտի 9-ին, ժամանում Կոստանդնուպոլիս, ապա Սեւ ծովով մեկնում Տրապիզոն, այնուհետեւ Էզրումի (հունիսի 15), Կարսի (հուլիսի 12-16) եւ Թիֆլիսի վրայով գալիս հասնում է էջմիածին եւ Երեւան (1701 թ. օգոստոս)։ Պիտտոն դե Տուրնեֆորը առաջին եվրոպացի ուղեգիրն էր, որ անհաջող փորձ կատարեց բարձրանալու Արարատ լեռան գագաթը [85] ։ Ուղեգիրը նկարագրում է Արարատ լեռան բուսական ու կենդանական աշխարհը եւ ի դեպ նշում է իրեն հանդիպած վագրերի մասին։ Նա Կարսի, Հասան Կալայի, Սեբաստիայի, Թոխատի, Ամասիայի վրայով վերադառնում է Զմյուռնիա, որտեղից մեկնում է Մարսել։

Պիտտոն դե Տուրնեֆորի ուղեգրությունն աչքի է ընկնում շոշափված նյութերի հարստությամբ, գիտականությամբ, հեղինակի նուրբ դիտողություններով եւ այլն։ Հիացած Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքով, նա այդ վայրը համարում էր «երկրային դրախտ»։ Նա ջերմ խոսքեր է գրել նաեւ հայերի մասին, նշելով, որ «հայերը աշխարհի լավագույն մարդիկ են» [86] ։ Հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար առանձնապես մեծ հետաքրքրություն ունեն հայ վաճառականության եւ, մասնավորապես, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առեւտրի զարգացման բնագավառում Նոր Ջուղայի խոջայության կատարած դերի ու նշանակության մասին իր քսաներորդ նամակում Տուրնեֆորի արած դատողությունները [87] ։ Եվ առհասարակ պետք է նշել, որ նրա հաղորդած նյութերը բազմաբովանդակ են։

Պիտտոն դե Տուրնեֆորի Արեւելքում գտնվելու տարիներին Փոքր Ասիայոսմ էր ճանապարհորդում հոլանդացի նկարիչ Կորնելիզ լե Բրույնը կամ լե Բրենը (1652-1726) [88] ։ 1701-1708 թթ. ընթացքում նա կատարեց իր երկրորդ ուղեւորությունը դեպի Իրան եւ Հնդկաստան՝ (Ռուսաստանի տարածքով։ Նա Ռուսաստանից Իրան մեկնեց հայ վաճառականների ուղեկցությամբ եւ ճանապարհին այցելեց Շամախի, Թավրիզ ու Սպահան։ Անդրկովկասի ու Իրանի վերաբերյալ նրա հաղորդած նյութերի մեծ մասը վերաբերում է տեղական բնակչության կենցաղին, սովորույթներին, հավատալիքներին։ Նույնը կարելի է ասել նաեւ Թուրքիայի մասին նրա բերած տվյալների վերաբերյալ։ Սակայն, այսուհանդերձ, լե Բրենի մոտ էլ կան վկայություններ, որոնք լրացնում են մեր գիտելիքները Թուրքիայի եւ Իրանի հասարակական-տնտեսական ու քաղաքական կյանքի վերաբերյալ։

XVII դարի վերջի եւ XVIII դարի առաջին քառորդի Իրանի, ինչպես նաեւ իրանահայերի եւ Արեւելյան Հայաստանի պատմության համար որոշակի արժեք են ներկայացնում Սպահանի կարմելիտների միաբանության նոթագրություններն ու ճիզվիտ միսիոներների զեկուցագրերը, նամակներն Իրանից [89] ։

Տվյալ ժամանակահատվածի պատմության համար եվրոպական պատմագիտության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում եւս երկու աշխատություն։ Առաջինը լեհ ճիզվիտ միսիոներ Յուդե Կրուշինսկու հուշերն են [90], իսկ մյուսը՝ եվրոպացի հեղինակ Մամիյ-Կլերակի «Պարսկաստանի պատմությունն» է՝ գրված նույն Կրուշինսկու եւ եվրոպացի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների զեկուցագրերի հիման վրա [91] ։

Յուդե Կրուշինսկու հուշերի հրատարակիչ Ժան Անթուան դյու Սերսոն գրքի առաջաբանում հեղինակի մասին տալիս է շատ կարեւոր կենսագրական տվյալներ։ Գիրքը ամբողջովին հիմնված է ականատեսի վկայությունների վրա, «… քանզի ես այն կազմեցի, գրում է նա, բացառապես լեհ ճիզվիտ հայր Յուդե Կրուշինսկու հուշերի հիման վրա, որը քսան տարի Սպահանում ապրելուց հետո, այնտեղից դուրս եկավ (աֆղանների կողմից) քաղաքի պաշարման վերջում, եւ առիթից օգտվելով պիտի ասեմ, որ նա մասնավորապես իրադարձություններին ծանոթ էր խորությամբ» [92] ։ Նա, որպես թարգմանիչ, մասնակցում է շահական արքունիքի հետ եվրոպական այն պետությունների պատվիրակության ներկայացուցիչների բանակցություններին, որոնք Հռոմի պապի, գերմանական կայսեր ու ֆրանսիական թագավորի անունից նամակներ էին բերել շահին։ Այդ բանակցությունների ընթացքում նա ճարպկորեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներից անհրաժեշտ տեղեկություններ է ձ֊եռք բերել Իրանի քաղաքական կացության եւ շահ Հուսեինի ժամանակ իրանական ավատատիրական հասարակության ճգնաժամի մասին [93] ։ Իրանը աֆղանների կողմից գրավվելուց հետո հայր Կրուշինսկին կապեր է հաստատել նաեւ Իրանի նվաճողների հետ եւ իմացել վերին աստիճանի հետաքրքիր ու ստույգ տեղեկություններ [94] ։ Նոր Ջուղայի պաշարման ու այնուհետեւ գրավման ժամանակ հայր Կրուշինսկին գտնվել է Նոր Ջուղայի ճիզվիտների տանը եւ դարձել հայերի գլխին պայթած աղետի անմիջական ականատեսը [95] ։ Հայր Կրուշինսկին, լինելով բժիշկ, բուժում է աֆղանական բարձրաստիճան պաշտոնյային. դառնում է նրա բարեկամն ու նրանից կարեւորագույն տեղեկություններ իմանում աֆղանական արշավանքի մասին։ Հայր Կրուշինսկու հուշերը ժամանակագրական առումով հասնում են մինչեւ 1725 թ. ։ Հաջորդ տարիների Իրանի քաղաքական դեպքերը, ինչպես նաեւ 1727 թ. թուրքերի եւ Իրանի աֆղանական տիրակալ Աշրաֆի միջեւ կնքված պայմանագրի կետերը տրված են արժանահավատ աղբյուրների հիման վրա։ Ճիզվիտ միսիոների հուշերի սկզբում տրվում է Սեֆյան հարստության քաղաքական պատմությունը շահ Իսմայիլից մինչեւ շահ Հյուսեինի տիրապետությունն ընկած ժամանակաշրջանը։ Նա այդ գրել է Ադամ Օլեարիուսի, Տավերնիեի, Շարդենի եւ, չի բացառված, նաեւ պարսկական ժամանակագրությունների հիման վրա։ Այնուհետեւ մանրամասն ու գիտականորեն ստույգ պատմվում է շահ Հյուսեինի ժամանակ Իրանում ծայր առած ճգնաժամի աղետաբեր հետեւանքների մասին, երկրի ու նրա աշխատավոր բնակչության համար։ Չափազանցություն չէր լինի ասել, որ Կրուշինսկու աշխատության այս հատվածը, Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյանի «Աղվանից պատմության» հետ, պատկանում է Իրանի այս ժամանակահատվածի պատմության լավագույն աղբյուրների թվին։

Ինչ վերաբերում է Մամիյ-Կլերակի «Պարսկաստանի պատմություն» եռահատոր աշխատությանը, ապա պետք է ասել, որ աֆղանական արշավանքի, ինչպես եւ նախորդ շրջանի Իրանի պատմության համար հիմնական աղբյուր դարձյալ ծառայել են Յ. Կրուշինսկու հուշերը։ Իսրայել Օրու իրանական դեսպանության մասին հաղորդված ընդարձակ վկայությունները [96] նույնպես վերցված են Կրուշինսկուց։ 1725 թ. հաջորդող նյութերը, որոնք տեղ են գտել երկրորդ եւ երրորդ հատորներում, պատմական որոշակի արժեքով օժտված տարբեր բովանդակության զեկուցագրեր են։ Այդպիսիների շարքին են պատկանում՝ «Զեկույց Պարսկաստանում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին, որը կազմված է 1730 թվականին Սպահան արշաված մեծ Վեզիրին ներկայացված հաշվետվությունների հիման վրա» [97], «Մի թուրք էֆենդիի կողմից գրված ու Կոստանդնուպոլսի վերջին խռովությանը վերաբերող զեկուցագրի թարգմանությունը, որին կցված են այս իրադարձության տարբեր պարագաներին վերաբերող նյութեր, քաղված այլ հուշադրություններից» [98] ։ Այստեղ պետք է նշել, որ երրորդ հատորի զգալի մասը նվիրված է 1730 թ. Կոստանդնուպոլսում Պատրոնա Խաշիլի ապստամբությանը եւ այդտեղ տեղեկություններ կան պոլսահայերի մասին։

Հետաքրքրությունից զուրկ չեն, անշուշտ, այն էջերը, որոնք նվիրված են Թահմազկուլի խանի (հետագայում Նադիր շահի)՝ թուրքերի դեմ մղած պատերազմների պատմությանը [99] ։



[1]            Karl Gölner, Turcica, Die europäischen Türkendrucke des XVI Jahrhunderts. Band 1, Bucuresti–Berlin, 1961.

[2]            Giovio (Paulo). L’histoire des empereurs de Turquie… Nouvellement traduit de latin en français. Paris, 1538.

[3]            La copie des lettres envoyées de Constantinople qui contiennent la grande deffaicte que nouvellement Sophy Roy de Perse a faict contre le grand Turc. Traduite de language italien en français, Paris, 1547.

[4]            E. Albéry, Relagìoni degli ambasciatori Veneti al Senato, T. III, Firenze, 1859-1863.

[5]            Ernest Charrière, Négociations de la France dans le Levant, ou correspondances, mémoires et actes diplomatiques des ambassadeurs de France à Constantinople, Vol. I–IV, Paris, 1848-1853.

[6]            La voyage de Monsieur d’Aramon, ambassadeur pour le roy en Levant, escrit par le noble homme Jean Chesneau, l’un des secrétaires dudict seigneur ambassadeur. Publié et annoté par M. Ch. Schéfer. Paris, 1887.

[7]            Busbequis Augier-Guislain (Baron de Busbec). Lettres, traduites en français avec les notes historiques at géographiques par M. L’abbé de Froy. T. I–II, Paris, 1748.

[8]            Տե´ս Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 331-354։

[9]            Նույն տեղում, էջ 338։

[10]          Early voyages and travels in the Levant. London, 1893, Introduction, p. V.

[11]          Նույն տեղում։

[12]          Նույն տեղում։

[13]          Նույն տեղում, էջ 1—68։

[14]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 378։ Ընդհանրապես ներկա աշխատության մեջ օգտագործել ենք Հովհ. Հակոբյանի թարգմանությունը՝ Ա. Ջենկինսոնի Ռուսաստան եւ Իրան կատարած ուղեւորության մասին, տե´ս նաեւ Early voyages and travels to Russia and Persia by Anthony Jenkinson and other Englishmen. Vol. I–II, Edited by E. Delwar Morgan and C. H. Coste, London, 1886.

[15]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, 408-447։

[16]          Նույն տեղում, էջ 418։

[17]          Նույն տեղում, էջ 448-459։

[18]          Տե՛ս Sir Anthony Shirley, His relation of his travels into Persia. London, 1613; A new and large discourse of the travels of sir Antony Shirley by sea and overland to the Persian empire, written by William Parry. London, 1601: Dépéches du Piedro Duedo, ambassadeur de la seigneurie de Venise, prés de la cour d’Allemagne, relatives à la mission de sir Anthony Shirley et de Hussein Aly bek. Estat de la Perse en 1660, p. 277-284.

[19]          Տե՛ս Estat de la Perse en 1660, էջ

[20]          Նույն տեղում, էջ 11։

[21]          Iter Persicum ou description du voyage enterprise en 1602, Paris, 1887. Կա նաեւ 1609 թ. հրատարակությունը հետեւյալ վերնագրով՝ Bréve, mais non moins détaillée et véridique description du voyage en Perse…, Altenbourg, 1609.

[22]          Այս աշխատությունը առաջին անգամ լույս է տեսնում Լիսաբոնում 1611 թ. հետեւյալ վերնագրով՝ ,, Relacam en cuoe tratam as guerias et grandes victorias que alcancon o Grande Rey de Persia xa Abbas do Grea Turco Mahometto et seu filho Amethe". Շուտով այդ աշխատությունը թարգմանվում ու հրատարակվում է հին ֆրանսերենով, որր եւ մենք օգտագործել ենք. տե՛ս Relation des grandes guerres et victoires obtenues par le roy de Perse Chan Abbas contre les empereurs de Turquie Mahomet et Achmet son fils. Par le P. Fr. Anthoine de Gouvea, traduit de l’original portugais. Rouen, 1646

[23]          Anthoine de Gouvea, էջ 341-385։

[24]          Մենք օգտագործել ենք Գարսիա դե Սիլվայի աշխատության ֆրանսերեն թարգմանությունը. տե՛ս L’ambassade de D. Garcias de Silva Figueroa en Perse, contenant la politique de ce grand empire, les moeurs du roy Schah Abbas et une relation exacte de tous les lieux de Perse, des Indes cet ambassadeur a esté l’espace de huit années qu’il y a demeuré. Traduite de l’Espagnol par monsieur de Wicqueford Paris, 1667.

[25]          Relation du voyage de Perse fait par le R. R. Pacifique. Paris, 1631.

[26]          Relationes de Pedro Texeira descendemia y succession de los reyes de Persia y de Hormuz y de u viaje hecho pօr el mismo autor don de la India Oriental hasta Italia por terra. Ambres. Կոտոլենդին կատարում է սույն աշխատության թարգմանությունը ֆրանսերեն. տե՛ս Voyages de Texeira ou l’histoire des rois de Perse, traduite d’Espagnol en françois, Vol. I, II, Paris, 1681.

[27]          Միրխոնդի եվրոպական լեզուներով թարգմանությունների մասին տե՛ս A. E. Крымский, История Персии, её литературы и дервишской теософи, т. III, M., 1917.

[28]          Տե՛ս Pietro della Valle, Viaggi in lettere familiare al suo amico Mario Schipanno divisi in tre parti cioe la Turchia, la Persia et l’India, Roma 1650.

              Շուտով աշխատությունը լույս է տեսնում նաեւ ֆրանսերեն Էտյեն Կարնոյի եւ Ֆրանսուա Լե Կոնտի թարգմանությամբ. տե՛ս Pietro della Vallé. Voyages de Pietro della Vallé, gentilhomme romain dans la Turquie, L’Egypte la Palestine, la Perse les Indes Orientales et autres lieux. Vol. I–IV, Paris. 1561–1663.

[29]          Pietro della Vallé, Delle conditioni di Abbas, re di Persia, Venetia, 1628. Տե՛ս նաեւ Ժ. Բոդուենի կատարած ֆրանսերեն թարգմանությունը՝ Histoire apologétique d’Abbas, roy de Perse, traduite de l’italien de messire Pierre de la Vallé. Paris, 1631.

[30]          Itinerarium orientale, in quo varli itineraris successus, plures orientis regiones, earum montes, maria et flumina, series principum qui in eis dominati sunt, incolae tam christiani quam infideles, populi, animalia, arbores, plantae et fructus, religiosorum in Oriente missiones ae varii celebres aventus describuntur. Lyon. 1649.

[31]          Voyage d’Orient du R. P. Phlippe de la Très Saincte Trinité, carme déchaussé, ou il décrit les divers succez de son voyage, plusieurs régions d’Orient, leurs montagnes, mers et leurs fleuves, la chronologie des princes qui y ont dominé, leurs montagnes, habitans tant chrestiens qu’infidèles. Lyon, 1652, 1669.

[32]          Histoire des ottomans ou empereurs des Turcs jusque’ à Mahomet III. Revue et augmentée depuis la impression… Item un bref de la dernière guerre de Perse, par Jacques Esprinchard. Lyon, 1609.

[33]          Տե՛ս Discourse parénitique sur les choses turques. Lyon, 1606.

[34]          Ambassade en Turquie de Jean Goutand Biron, baron de Salignac 1605 à 1610, Paris, 1889.

[35]          Նույն տեղում, էջ 124-127։

[36]          Relation du voyage d’Adam Oléarius en Moscovie, Tartarie et Perse. Traduit de l’allemand par A. de Wicquefort. Paris, 1679.

[37]          Տե՛ս Les six voyages de Jean Baptiste Tavernier en Turquie, en Perse et aux Indes. T. I–IV, Paris. 1692.

[38]          J. B. Tavernier, Nouvelle relation de l’intérieur du sérail du Grand Seigneur. Paris, 1675.

[39]          Adam Oléarius, հ. I. էջ 172-174։

[40]          Նույն տեղում, էջ 612 637։

[41]          Նույն տեղում, էջ 386–390, 497–500, 581–633 եւ այլն։

[42]          Տե´ս J. B. Tavernier, Les six voyages…, I, էջ 459-470, 495-518։

[43]          J. B. Tavernier. Nouvelle relation de l’intérieur du sérail, préface, p. III.

[44]          Նույն տեղում։

[45]          Histoire de l’état présent de l’empire ottoman, contenant les maximes politiques des turcs, les principaux points de la religion mahométane, ses sectes, ses hérésiers et ses divers sectes de religieux, leur discipline militaire avec une supputation exacte de leur force par mer et par terre et du revenu de l’état. Traduit de l’anglois de monsieur Ricaut. Paris, 1670.

[46]          Histoire des trois derniers empereurs des Turcs, depuis 1623 jusq’à 1677. Traduite de l’anglais du steur Ricaut. T. I—IV, Paris, 1683.

[47]          François Petit de la Croix. Mémoires du sieur de la Croix. Paris, 1684.

[48]          Journal d’Antoine Galland pendant son séjour à Constantinople (1672-1673), publié et annoté par Charles Schéfer. T. I–II, Paris, 1881.

[49]          Les voyages de marquis de Nointel (1670-1680) par Albert Vandal. Paris, 1900.

[50]          Nic. Machiaveli, Political reflexions upon the government of the Turks. London, 1656.

[51]          Les voyages du sieur du Loir. Paris, 1654.

[52]          Jacques de Jant. L’histoire du prince Osman, fils du sultan Ibrahim. Paris, 1670.

[53]          Michel Febvre, L’état présent de la Turquie… Paris, 1675; Théâtre de la Turquie sont représentées les choses les plus remarquables qui s 'y passent aujourd'hui avec les moeurs, le goavernement, les coutumes et la religion des Turcs et des tռeize autres sortes de nations qui habitent dans l'empire ottoman. Traduit de l'italien par sieur Michel le Febvre. Paris, 1687.

[54]          De Chassepoe. Histoire des grands vizirs. Paris, 1676.

[55]          Du Vigneau. L'état présent de la puissance ottomane avec les cause; de son accroissement et celles de sa décadence. Paris, 1678.

[56]          De la Magdalaine. Le miroir de l'empire ottoman ou l'état présent la cour et de la milice du grand seigneur. Paris, 1681.

[57]          Michel Febvre, L'état présent.., I -II.

[58]          Les voyages et observations du Sieur de la Boullaye Le Gouz. Paris, 1653. Երկրորդ Հրատարակությունը՝ 1637 թ. ։

[59]          Jean Thévenot. Relation d'un voyage fait au Levant dans laquelle il est curieusement traité des Etats sujets au Grand Seigneur, des moeurs, religions, forces. gouvernements politiques, langues et coutumes de ce grand empire, Paris 1664. ժ. Տեվենոյի սույն աշխատությունն ունեցել է մի շարք հրատարակություններ։ 1889 թ. Ռուանում՝ հինգ հատորով, Ամստերդամում՝ 1705, 1725 եւ 1727 թ. ։ XVII դարի վերջին լույս են տեսնում նաեւ անգլիական, հոլանդական եւ գերմանական հրատարակությունները։ Մեր ձեռքի տակ է Ամստերդամի 1727 թ. հրատարակությունը։

[60]          Jean Chardin. Voyages en Perse et autres lieux de l'Orient tome I—X. Paris, 1811. Idem. Récit du couronnement du roi de Perse Soliman III, Paris. 1671.

[61]          Bedros Bedik. Cehil Sutun. Viennae. 1678.

[62]          Առաջին անգամ Յան Ստրույսի աշխատությունը լույս է տեսնում հոլանդերեն 1677 թ., ապա թարգմանվում է ֆրանսերեն եւ լույս է տեսնում Ամստերդամում 1681 թ., Լիոնում՝ 1682 թ. եւ դարձյալ Ամստերդամում 1718 եւ 1720 թթ. ու վերնագրված է այսպես. ,, Les voyages de Jean Struys en Moscovie, en Tartarie, en Perse, aux Indes et en plusieurs autres pais étrangers’’.

[63]          Nicolas Sanson, Voyage ou relation de l'état présent du royaume de Perse, Paris, 1695.

[64]          Jean Chardin, I. préface, I—II.

[65]          Նույն տեղում, էջ 2-3։

[66]          Նույն տեղում:

[67]          Նույն տեղում։

[68]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 2, էջ 199։

[69]          P. Gabriel de Chinon. Relations nouvelles du Levant ou traités de la religion, du gouvernement et des coutumes des Perses, des Arméniens et des Gaures. Lyon, 1671.

[70]          (Raphael du Mans). Estat de la Perse en 1660.

[71]          Gabriel de Chinon, էջ 239։

[72]          Նույն տեղում, էջ 271։

[73]          Raphael du Mans. Appendice, p. 259-356.

[74]          Estat présent de l'Arménie, tant pour le temporel que pour le spirituel. Avec une description du pays et des moeurs de ceux qui l'habitent par le Père Th. Ch. Fleuriau. Paris, 1694.

[75]          Նույն տեղում, էջ

[76]          Voyages d'un missionnaire de la compagnie de Jésus en Turquie, en Perse, en Arménie et en Barbarie. Paris, 1730.

[77]          Նույն տեղում, էջ 67-80։

[78]          Նույն տեղում, էջ 248-258։

[79]          Տե´ս Cl. Galanus, Consiliatio ecclesiae Armenae cum Romanae. Vol. I-III, Roma, 1650-165 Ունի նաեւ այլ լատիներեն աշխատություն նույն հարցի շուրջը՝ Historia armena ecclesiastica et politica. Coloniae, 1686.

[80]          Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, Երեւան, 1946, էջ 327։

[81]          C. Gemelli-Careri, Voyages autour du monde. Paris, 1719.

[82]          La Croix, Etat Présent des nations et églises grecques, arméniennes et maronites en Turquie. Paris, 1695.

[83]          M. V. La Crose. Histoire du christianisme d'Ethiopie et d'Arménie. Paris. 1739.

[84]          Տե´ս Relation d’un voyage du Levant fait par ordre du roy, par M. Pitton de Tournefort. T. I-II. Paris, 1717.

[85]          Նույն տեղում, էջ 357-359։

[86]          Նույն տեղում, էջ 369 396։

[87]          Տե´ս Voyages au Levant, c’est-à-dire dans les principaux endroits de l’Asie Mineure, dans les îles de Chio Rhodes, Cհypres etc… par Corneille le Brun. T. I-V, Paris, 1725.

[88]          A Chronicle of the Carmelites in Persia, T. I-II, London, 1939.

[89]          Choix des lettres édifiantes…. T. V; Missions du Levant, Paris, 1809.

[90]          Histoire de la dernière révolution de Perse par le père Y. Krusinski. T. I-II. Paris, 1723.

[91]          Mamiye-Clairac, Histoire de Perse depuis le commencement de ce siècle. T. I-III, Paris, 1750.

[92]          P. Y. Krusinski, էջ 3.

[93]          Նույն տեղում, էջ

[94]          Նույն տեղում, էջ

[95]          Նույն տեղում, էջ 54-112։

[96]          Mamiye-Clairac, Histoire de Perse. T. 1, p. 47-57.

[97]          Նույն տեղում, հ. 3, էջ 90-105։

[98]          Նույն տեղում, էջ 119—250։

[99]          Նույն տեղում, էջ 250-354։