Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ XIII–XV ԴԱՐԵՐՈՒՄ

Հռոմեական կայսրության անկումից ընդհուպ մինչեւ խաչակրաց արշավանքները, Եվրոպան, փաստորեն, դադարեցրել էր Արեւելքի հետ ունեցած քաղաքական եւ տնտեսական ամեն տեսակի կապերը։ Խաչակրաց արշավանքները որոշ առումով վերականգնեցին նախկին վիճակը։ Կողոպտելով Արեւելքի առասպելական հարստությունները, կաթոլիկ աշխարհի որոշ երկրներ, եւ մասնավորապես Վենետիկն ու Ջենովան, զարկ տվեցին իրենց սեփական քաղաքային տնտեսությանը։ «Քրիստոնյա ենիչերիները», երեւալով Արեւելքում, մասնավորապես Հայկական Կիլիկիայում, անկախ իրենց հետապնդած թալանչիական նպատակներից, որոշ առումով նպաստեցին Կիլիկյան հայկական պետության դիրքերի ամրապնդմանը։ Սակայն Կիլիկիայում հայկական պետության հիմնադրումը բացառապես պայմանավորված չէր խաչակրաց արշավանքներով, ինչպես այդ ուզում են իրենց ընթերցողներին հավաստիացնել անցյալի ու ներկայի բուրժուական որոշ պատմաբաններ։ Կիլիկյան հայկական պետությունը ստեղծվել էր դեռեւս մինչեւ խաչակրաց արշավանքները։ Միակ դրականը հայկական պետության դիրքերի ամրապնդման համար այն էր, որ խաչակրաց առաջին արշավանքի հետեւանքով սելջուկյան հորդաները ստիպված եղան նահանջել Միջերկրականի ափերից եւ որ թուլացավ փոքրասիական սելջուկյան Իկոնիայի սուլթանությունը։

Այսուհանդերձ անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ XII դարում Կիլիկյան հայկական պետության ռազմաքաղաքական հզորացման գլխավոր պատճառը ոչ թե խաչակիրների մուտքն էր Կիլիկյան հայկական հողի վրա, այլ արդեն այս ժամանակ հոծ ու կազմակերպված հայ բնակչության առկայությունը։

Խաչակիրների ժամանակավոր օգնությունը Կիլիկյան հայկական պետականությանը հետագայում պարզապես վերածվեց չարիքի։ Հուսախաբված կաթոլիկ ասպետներից, դեպքերի ժամանակակից Մ. Ուռհայեցին գրում էր, թե՝ «փառաւոր իշխանքն եւ գլխաւորքն նոցա հատան, եւ իշխանութիւն նոցա յանարժանսն եւ յաչոքսն անկաւ եւ վասն այնորիկ յարուցին հալածանս եւ չարչարանս ի վերայ հաւատացելոցն Քրիստոսի ի ձեռն սաստիկ արծաթասիրութեան իւրեանց» [1] ։ Մի այլ տեղ նա նշում է, թե «Ի զրկանս եւ ի յանիրաւութիւնս եւ յաւերս անողորմապէս վարեցան ի վերայ քրիստոնէից» [2] եւ , որ «…փոխանակ փրկութեան անցումն արարքն հաւատացելոցն» [3] եւ որ «Զի հանապազ վասն գանձի առնելոյ անիրաւաբար չարչարանօք յաւեր եւ յապականութիւն դարձուցին զերկիր եւ յամենայն ժամ պարապեալ կային եւ այլ ոչինչ առնէին, բայց միայն նստեալ խորհէին զչարութիւն, զհիլա եւ զամենան ճանապարհս չարեաց սիրէին, բարեաց եւ ամենայն երախտեաց մոռացողք» [4] ։

Չնայած այս իրավիճակին, 1198 թ. մինչեւ անկախության վերջնական կորուստը (1375), Կիլիկիայի հայ գործիչները, ինչպես ցույց են տալիս հայ եւ օտար աղբյուրները, ձգտում էին ընդհանուր լեզու գտնել կաթոլիկ աշխարհի հետ, որպեսզի կարողանային դիմագրավել իրենց հարեւան մուսուլմանական երկրների եւ Բյուզանդիայի ոտնձգություններին։ Հենց այդ նպատակով է, որ սկսած Լեւոն Մեծագործի ժամանակվանից, Կիլիկիայի հայոց թագավորները այլեւայլ տնտեսական եւ քաղաքական արտոնություններ էին շնորհում Մերձավոր արեւելքում հաստատված խաչակիր պետությունների, Վենետիկի եւ Ջենովայի հանրապետությունների ներկայացուցիչներին։ Անցնելով հակահարձակման, Եգիպտոսի էյուբյան տիրակալները մեկը մյուսի հետեւից Մերձավոր արեւելքի քաղաքական քարտեզից ջնջեցին խաչակիր պետությունները եւ Կիլիկիան Վիկտոր Լանգլուայի խոսքերով ասած «հարկադրված եղավ ընկնել այն հորձանուտի մեջ, որ Արեւմուտքից եկած խաչակիրներին դուրս էր քշում Ասիայից» [5] ։

Կրելով պարտություն Մերձավոր արեւելքի արաբական երկրներում, կաթոլիկ աշխարհն առավել ուշադրություն դարձրեց Կիլիկիային, մանավանդ Քյոսա-դաղի ճակատամարտից (1243) հետո, երբ Իկոնիայի սուլթանությունն այլեւս խոչընդոտ չէր կարող հանդիսանալ Արեւմուտք-Արեւելք ծավալվող առեւտրին։ Մերձավոր արեւելքի երկնակամարում մոնղոլների երեւալը նոր հույսեր առաջացրեց պապական ճամբարում այն հարցում, թե հնարավոր չէ արդյո՞ք մոնղոլների զինական դաշնակցությամբ հարվածել գլխավոր թշնամուն՝ իսլամական աշխարհին։

Դեռեւս XIII դարի 30-ական թվականներին պապական Սինոդը ուշիուշով հետեւելով Ռուսաստան եւ Արեւելյան Եվրոպա մոնղոլների կատարած արշավանքներին, նրանց կատարած ավերածություններին՝ հետախուզական նպատակներով հարավ-ռուսական տափաստաններ էր ուղարկել դոմինիկյան օրդենից հունգարացի Յուլիանին [6] ։ Այնուհետեւ ինքը՝ Իննոկենտիոս 4-րդ պապը, ժամանելով Լիոն՝ այնտեղ հրավիրեց տիեզերաժողով, որը որոշում ընդունեց մոնղոլների մոտ հատուկ պատվիրակություն ուղարկել Ջովաննի Պլանո Կարպինիի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվեց «թաթարների թագավորին», որի անունը չգիտեին, հանձնել սիրաշահողական մի նամակ, ուր մոնղոլներին կոչ էր արվում դադարեցնել Արեւելյան Եվրոպայի երկրների ասպատակումն ու ընդունել «ճշմարիտ հավատ», այսինքն՝ կաթոլիկություն։ Պապի ուղերձը փաստորեն ուղղված էր Բաթու խանին, քանզի մեծ խան Ուգեդեյն այն ժամանակ մահացել էր, եւ դեռեւս չէր որոշված նրա փոխանորդը։ Բաթու խանն ընղունելով Պլանո Կարպինիին, նրան ուղարկում է Կարակորում, որտեղ պապի պատվիրակը 1246 թ. ականատես է լինում նոր մեծ խանի՝ Գույուկի ընտրության արարողություններին։ Հռոմի պապի այս առաջին դիվանագիտական քայլն անգամ անհանգստություն է առաջացնում մուսուլմանական արաբական աշխարհում [7] ։

Պլանո Կարպինիի դիվանագիտական այս առաքելությունը հաջողություն չունեցավ։ Գույուկ խանն անուշադրության մատնելով պապի ուղերձը՝ պապից ու կաթոլիկ աշխարհի մյուս ներկայացուցիչներից պահանջեց անվերապահ իրեն ենթարկվել [8] ։ Այսուհանդերձ Պլանո Կարպինիի դիվանագիտական այս առաքելությունը մեծ նշանակություն ունեցավ մոնղոլների մասին գիտական ու ստուգապատում տեղեկություններ հաղորդելու իմաստով։ Պլանո Կարպինիի «Historia Mongolarum» («Մոնղոլների պատմություն») աշխատության մեջ մանրամասն խոսվում է մոնղոլական կայսրության պետական կառուցվածքի, մոնղոլների կենցաղի ու սովորությունների, նրանց ռազմարվեստի, նվաճված երկրներում մտցրած վարչական համակարգի մասին եւ այլն, եւ այլն։ Պլանո Կարպինին իր տեղեկությունները մոնղոլների մասին հաղորդում է կամ իբրեւ անմիջական ականատես, կամ էլ ականջալուր։ «Եվ այսպես այն բոլորը, ինչ մենք խոհեմաբար գրում ենք Ձեզ պիտանի լինելու համար դուք պետք է դրանց հավատ ընծայեք, նամանավանդ, որ այս բոլորը (ինչ նկարագրում ենք) կամ մենք դրանց տեսանք սեփական աչքերով, քանի որ մենք նրանց (մոնղոլների Մ. Զ. ) մեջ շրջագայեցինք մեկ տարի եւ չորս ամիս եւ ամենին ականատես եղանք, եւ կամ թե ոչ որոշ տեղեկություններ մենք քաղեցինք մոնղոլներին գերեվարված ու արժանահավատ քրիստոնյաներից» [9] ։

Պլանո Կարպինին խոսում է մոնղոլների կողմից Հայաստանի ու Վրաստանի նվաճման եւ բնակչությանը ծանր հարկատվության ենթարկելու մասին։ «Այդպիսի վիճակում գտնվում են եւ ներկայումս» [10], գրում է Պլանո Կարպինին։ Այնուհետեւ նա խոսում է փոքրասիական սելջուկյան սուլթանության ջախջախման մասին։ Մոնղոլները, գրում է նա, «…շարժվեցին Ուռումի սուլթանի երկիրը, որը բավականին ազդեցիկ էր ու հզոր։ Նրանք մարտնչեցին նրանց հետ ու հաղթեցին։ Եվ շարունակեցին իրենց հաղթական արշավանքը մինչեւ Հալեպի սուլթանի երկիրը» [11] ։

Պլանո Կարպինին գրում է մոնղոլների արծաթասիրության եւ հպատակված եըկրները կողոպտելու պրակտիկայի մասին։ «Իմիջիայլոց առանց որեւէ մի խոչընդոտի նրանք (հպատակներից) խլում են ոսկին ու արծաթը եւ այն ամենը ինչ եւ ինչքան որ իրենք ցանկանում են» [12] ։ Պլանո Կարպինին նկատել է, որ մոնղոլ խաներն իրենց ենթարկված քրիստոնյա իշխաններից պահանջում են բացահայտ հնազանդություն ու սիրում են, երբ նրանք գալիս են իրենց ոտները այս կամ այն հարցը լուծելու [13] ։ Եվ ի դեպ, մանրամասն խոսում է վրաց արքայազուններ Ուլու Դավիթի եւ Դավիթ Նարինի միջեւ գահակալական վեճերի ու մոնղոլական արքունիքի համապատասխան վերաբերմունքի մասին։

Պլանո Կարպինիի դիվանագիտական առաքելությանն առընթեր, Իննոկենտիոս 4-րդ պապը նույն այդ՝ 1245 թվականին մոնղոլներին ենթակա Անդրկովկաս եւ Իրան ուղարկեց մի այլ պատվիրակություն Անդրե դե Լոնժյումենի եւ Ասցելինի գլխավորությամբ։ Լոնժյումենի ուղեւորությունն ընթացավ Սիրիայի ու Միջագետքի վրայով դեպի Թավրիզ։ Այնտեղ նա հանդիպում ունեցավ նեստորական եկեղեցական գործիչ Սիմեոն Ռաբան Աթայի հետ, որն ամենալայն կապեր էր հաստատել Կարակորումի եւ Իրանի ու Անդրկովկասի մոնղոլ կառավարիչ Բայջու-նոյոնի հետ։ Ռաբան Աթան 1235 թ. գտնվում էր Հայաստան արշավող Չարմաղանի բանակում, եւ ինչպես հայտնում է Կիրակոս Գանձակեցին, հանդես է եկել հայ բնակչության հովանավորի դերով [14] ։ Ասորի այս քաղաքական գործիչը կողմնակից է եղել մոնղոլների եւ Փոքր Ասիայի քրիստոնյա երկրների (Հայաստանի, Վրաստանի) քաղաքական դաշինքի գաղափարին [15] ։ Հայ-վրացական զորքերը գործուն մասնակցություն են ունենում մոնղոլների մեծ ու փոքր արշավանքներին։ Մոնղոլական բանակներում հատկապես մեծ դեր էին կատարում հայ եւ վրաց այրուձին։ «Նրանք, մոնղոլների մասին գրում է կաթոլիկ Մատթեյ (Մատթեոս) Պարիսենսիսը, կողմնակիցներ են հավաքագրում պարտվածների միջից եւ ենթարկում նրանց իրենց՝ դաշինք կնքելով նրանց հետ» եւ որ «նրանց բանակում կան շատ կոմաններ եւ վատթար քրիստոնյաներ» («Pessimi christiani») [16] ։ Հիրավի, Քյոսա դաղի ճակատամարտի ժամանակ Իկոնիայի սուլթանի դեմ մարտնչում էին Ավագ ու Շահնշահ Զաքարյանները, Գագի Վահրամը, Խաչենի Հասան-Ջալալը, Ծարի Աղբուղա եւ Գրիգոր Դոփյանները։ 1258 թ. Բաղդադի գրավման ժամանակ Հուլավու խանի բանակում էական դեր կատարեցին Վայոց ձորի Պռոշ իշխանը եւ իր որդիները։ Հետագայում հայ իշխանական զորամասերը մասնակցում էին նաեւ եգիպտական մամլյուկների դեմ մոնղոլների ապագա պատերազմներին [17] ։ Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ, Տարսայիճ Օրբելյան իշխանը մասնակից էր եղել մոնղոլական պատերազմներին՝ «…ի Խորասան, ի Շամ, Ի Հոռոմս, ի Համս եւ ի Համայ ընդ Մսրացւոյն եւ ի Դարբանդ՝ ինն անգամ վանեալ անձամբ զպատերազմ եւ մղեալ մարտս» [18] ։ 1292 թ. մի հիշատակարանում Պռոշյան իշխաններից Ամիր Հասանի մասին ասված է, թե սիրված էր Հուլավու եւ Աբաղա խաների կողմից, վասն արիական քաջութեան եւ խոհեմութեան իւրոյ, մինչեւ զինակիր եւ հառաջադէմ լեալ յամենայն գործս արքունի։ Եւ յանձնէ իւրեանց բազում անգամ զարդարեցին ոսկեհուռ դիպակաւք եւ կամար ոսկեղէն ընդելուզեալ ակամբ եւ մարգարտօք կապեալ ի մէջս նորա եւ այնպես շքեղութեամբ ճոխացուցանէին զնա։ Եւ նա յառաջանային օրըստօրէ ի գործ քաջութեան եւ յամենայն պատերազմունս անուանք լեալ ի համադասսն, մինչեւ լուր համբաւոյ նորա տարածեցան ընդ յաշխարհին հռոմեացւոցն եւ Յունաց» (ընդգծումը մերն է—  Մ. Զ.

Ասցելինի ճանապարհորդությունն ընթանում էր Կիլիկիայի, Իկոնիայի, Սեբաստիայի, Կարսի եւ Թիֆլիսի վրայով դեպի Բայջու (Բաջու)՝ խանի պալատը։ Ասցելինի բանակցությունները մոնղոլների հետ ունեցան մասնակի հաջողություն։ Առաջին անգամ մոնղոլները ռազմական դաշինք կնքելու նպատակով կաթոլիկ աշխարհ են ուղարկում հատուկ պատվիրակություն՝ Այբեգի եւ նեստորական Սարգիսի գլխավորությամբ։ Չնայած բանակցությունների արդյունքները հայտնի չեն, ֆրանսիացի հայտնի արեւելագետ Պ. Պելիոն գրում է, թե Բայջուի գահանիստ վայրն առաքված Ասցելինին հաջողվեց «…ամրապնդել մուսուլմանների դեմ պայքարում ֆրանկների եւ մոնղոլների համագործակցության գաղափարը» [19] ։

Արեւմուտքի մոնղոլների հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցում մեծ դեր կատարեցին Կիլիկյան Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք քաջատեղյակ էին մոնղոլների հետ Մեծ Հայքի որոշ իշխանների համագործակցությանը։ Կիլիկիայի պետական գործիչները համոզված էին, որ կաթոլիկ աշխարհն ի զորու չէ ապահովելու իրենց պետական անվտանգությունը հարեւան հզոր մուսուլմանական աշխարհի ոտնձգությունների դեմ։ Ուստի, XIII դարի 40-ական թվականներին եւ, մասնավորապես, Քյոսա դաղի ճակատամարտից հետո, Կիլիկիայի հայոց Հեթում 1-ին (1226-1270) թագավորն ու նրա համախոհները փորձեցին զինական համագործակցության մեջ մտնել մոնղոլների հետ։

1243 թ. Իկոնիայի սուլթանության դեմ տարած հաղթանակից հետո, Բայջու խանի հետ Կիլիկիան բարեկամական հարաբերություններ հաստատեց։ Մոնղոլների հետ հետագա բանակցություններ վարելու նպատակով Հեթում 1-ին թագավորը մեծ խան Գոյուկի մոտ՝ Կարակորում ուղարկեց նշանավոր ռազմական գործիչ ու մատենագիր Սմբատ սպարապետին, իսկ այնուհետեւ` մեծ խանի պահանջով Կարակորում մեկնեց նաեւ ինքը։ Դրանով Մանգու խանը ձգտում էր, նկատի ունենալով Կիլիկիայի ռազմաստրատեգիական խոշոր նշանակությունը, երկիրը կախյալ վիճակում պահել։ Սակայն մոնղոլական կայսրությունից այդ կախումը շատ հարցերում, մասնավորապես ներքին կյանքում մնում էր լոկ ձեւական։ Ակնարկելով այդ մասին, Լյուդովիկոս 9-րդի հատուկ պատգամավոր Վ. Ռուբրուկը նշում էր, որ Մանգու խանը հայոց թագավորին «…շնորհեց այն առավելությունը, որ ոչ մի դեսպան չպիտի մտներ իր երկիրը», այսինքն՝ մոնղոլ կառավարիչներ չպիտի լինեն այնտեղ, եւ որ Մանգու խանը մեծապես զիջել է տուրքը [20] ։

Մոնղոլների հետ բարեկամական հարաբերությունների ստեղծումը բնավ էլ չէր նշանակում, որ Կիլիկյան հայկական պետությունը որդեգրել էր արեւելյան՝ մոնղոլական կողմնորոշում, ինչպես կարծում են որոշ պատմաբաններ, այլ այդ քայլով Փոքր Հայքի Հայոց պետությունն է՛լ ավելի էր ամրապնդում իր պետական անվտանգությունը։ Դա չէր նշանակում միաժամանակ, որ Կիլիկիայի Հայոց թագավորը բարեկամանալով մոնղոլների հետ, ծառայում էր կաթոլիկ աշխարհի դիվանագիտական նկրտումներին։ Իրականում նա առաջնորդվում էր լոկ սեփական պետության գերագույն շահերով։ Մյուս կողմից, Հեթումը, իրոք, ձգտում էր Արեւելքում ստեղծել հակաիսլամական դաշինք։ Հենց իրենց՝ մոնղոլների, քաղաքականությունը ձեւավորվում էր այն իրավիճակից, որ կաթոլիկ Արեւմուտքն ու հեթանոս մոնղոլները Մերձավոր արեւելքում հետամտում են միեւնույն նպատակները։

Եվ ահա այդ էր պատճառը, որ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 9-րդը, 1253 թվականին Վիլհելմ (Գիյոմ) Ռուբրուկի գլխավորությամբ մոնղոլների մոտ առաքեց նոր պատվիրակություն՝ մուսուլմանների դեմ համատեղ գործելու առաջարկով։ Վ. Ռուբրուկի առաքելությունը մասնակի հաջողություն ունեցավ։ Մեծ խան Մուկեն Կարակորումում Վ. Ռուբրուկին հանձնեց Լյուդովիկոս 9-րդին հղված պատասխան նամակը եւ արդեն 1254 թ. նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեց Եգիպտոսի դեմ կատարվելիք արշավանքի համար։ Վերադարձին Վ. Ռուբրուկի ճանապարհն անցավ նաեւ Հայաստանի վրայով եւ, ինչպես արդեն նշվեց, իր «Ուղեգրություն դեպի Արեւելյան երկրները» վերնագրված խիստ շահեկան գրքում թողեց կարեւոր վկայություններ Հայաստանի մասին։ Չիմանալով տեղական լեզուները, Վ. Ռուբրուկը բացառիկ դիտողականության շնորհիվ կարողացել է տալ մոնղոլական հասարակական կառուցվածքի կարեւորագույն առանձնահատկությունները։

Գալով հայ իրականության հետ առնչված հարցերին, Վ. Ռուբրուկը նախ նշում է, որ մոնղոլական մայրաքաղաքում վխտում էին այլեւայլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, որոնց թվում հայերը, որոնք հետամտում էին մուսուլմանների դեմ մոնղոլների հետ դաշինք կնքելու գաղափարը։ Վ. Ռուբրուկը քաջ գիտեր, որ Հեթում 1-ինը ծրագրել էր այցելել մեծ խանին եւ որ նա անհամբեր մայրաքաղաքում սպասել է հայոց թագավորի գալստյանը։ Վերադարձի ճանապահին Վ. Ռուբրուկը տեղեկանում է, թե Հեթում 1-ինը արդեն մեկնել է Կարակորում։ Վ. Ռուբրուկը նկատել է, որ օտար, եւ, մասնավորապես, մուսուլմանական տիրապետության հետեւանքով Հայաստանը վայրէջք է ապրել։ Այսպես, խոսելով Նախիջեւանի մասին, նա նշում է. «Բաչուն տարած էր ինձ մի քաղաք, որ կոչվում էր Նախուա (Նախիջեւան), որ ժամանակով մի մեծ թագավորության մայրաքաղաք եւ ընդարձակ ու գեղեցիկ մի քաղաք էր։ Այնտեղ կար ժամանակ, որ ութսուն եկեղեցիներ կային, բայց հիմա մնացել են երկու փոքրիկ եկեղեցիներ միայն, որովհետեւ սարակինոսները (մուսուլմանները—Մ. Զ. ) ոչնչացրել են» [21] ։ Դրությունը մխիթարական չէր նաեւ մոնղոլների տիրապետության ժամանակ։ Այսպես է նկարագրում Վ. Ռուբրուկը հայոց իշխան Շահնշահ Զաքարյանի իշխանության քաղաքական կացությունը. «Մենք այս քաղաքից (Նախիջեւանից) հեռացանք հունվարի 13-ին, որովհետեւ ձյան պատճառով մենք ստիպված էինք մնալ այնտեղ։ Չորս օրից եկանք Սահենսահի (Շահինշահ) երկիրը, երբեմնի ամենազորավոր վրացի իշխանը, բայց հիմա հարկատու թաթարներին, որոնք կործանած են իր բոլոր ամրոցները» [22] ։ XIV դարի 20-ական թվականներին ֆրանցիսկյան միսիոներ Օդորիկո Պորդենոնն այցելելով Էրզրում, քաղաքը տեսնում է ավերված վիճակում։ «Թողնելով Տրապիզոնը, գրում է նա, ես ուղեւորվեցի Մեծ Հայքի քաղաք, որին անվանում են Արզիրոն (Էրզրում), որը մի ժամանակ եղել է շատ գեղեցիկ, հարուստ։ Եվ այդպես էլ նա կմնար, եթե նրան պարբերաբար չավերեին թաթարներն ու սարակինոսները» [23] ։

Բնականաբար, այս իրավիճակն էր պատճառը հայերի մոտ ազատագրական պայքարի նոր ձգտումների, դրսեւորումների, որոնք արտահայտվում էին «մարգարեությունների» ձեւով [24] ։ Նախիջեւանի մոտ նա տեղեկանում է երկու «հայ» մարգարեների մասին, որոնք գուշակել են իրենց ժողովրդի ապագան։ «Այդ մարգարեներից մեկը, պատմում է Ռուբրուկը, Մեթոդիոսն է, հայ մի նահատակ, որը ամենայն պարզությամբ նախատեսել էր իսմայելացիների ներխուժումը։ Մյուսը կոչվում է Ակակրոն (var. Ակարոն) մի մարդ, որը մահվան անկողնում, գուշակել է նետողների հյուսիսից խուժելու մասին։ Սրանք, ասել է նա, նվաճելու են ամբողջ Արեւելքը, բայց խնայողաբար են վարվելու, որպեսզի նվաճեն նաեւ Արեւմուտքը։ Սակայն, ինչպես ասել է նա, մեր եղբայր կաթոլիկ ֆրանկները չեն ենթարկվելու նրանց։ Նետողները գրավելու են բոլոր երկրները, հյուսիսից մինչեւ հարավ, մինչեւ Կ. Պոլիսը, որպեսզի իրենց տիրապետության տակ առնեն այստեղ նրա նավահանգիստը։ Նրանց գլխավորներից խելահաս մեկը մկրտություն է ընդունելու այդտեղ եւ ցույց է տալու ֆրանկներին թաթարների պետին սպանելու եւ նրանց շփոթության մեջ գցելու հնարը։ Այս խորհրդին հետեւելու են աշխարհի կենտրոնում (ասել է՝ Երուսաղեմում) գտնվող ֆրանկները։ Նրանք հարձակվելու են նաեւ իրենց հարեւան թաթարների վրա, ապա մեր ժողովրդի (այսինքն հայերի) օգնությամբ ետ են քշելու նրանց ավելի հեռու։ Այսպիսով, ֆրանկների թագավորը առաջ է գնալու մինչեւ Թավրիզ քաղաքը եւ հիմնելու այդտեղ իր գահը։ Ապա նրանք քրիստոնեության են դարձնելու ամբողջ Արեւելքը ու բոլոր անօրեններին, հաստատելով երկրի վրա այնպիսի մի խաղաղություն, որ վերապրողներն ավաղելու են մեռածներին, որոնց չէր վիճակված տեսնելու նոր դարաշրջանի երանությունը» [25] ։

Վ. Ռուբրուկը խոսում է Հայաստանում այս «մարգարեությունների» լայն ժողովրդականության մասին։ «Այս մարգարեությունը ես կարդացել էի Կ. Պոլսում, այնտեղ բերված տեղացի հայերի կողմից, բայց մասնավոր ուշադրություն չէի դարձրել նրան, սակայն, երբ այս խոսակցությունն ունեցա եպիսկոպոսի հետ, արթնացավ իմ հիշողության մեջ, եւ ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը, այնքան վստահ, որքան ավետարանի մասին։ Նրանք ինձ ասում էին նաեւ «ինչպես հոգիները իրենց քավարանում սպասում են Քրիստոսի գալստյան իրենց փրկության համար, այնպես էլ մենք սպասում ենք ձեր գալստյան՝ փրկելու համար մեզ այն կապանքից, որի մեջ գտնվում ենք երկար ժամանակից ի վեր» [26] ։

Եվ շատ բնական է, որ Զաքարյան տան անդամները պիտի ատեին մոնղոլական լուծը եւ գերադասեին հեռանալ երկրից։ «Ես ճաշեցի մի անգամ այս Շահնշահի հետ, այնուհետեւ կարդում ենք Վ. Ռուբրուկի մոտ, եւ նա շատ մեծ քաղաքավարություն ցույց տվեց իմ հանդեպ, ինչպես նաեւ իր կինը եւ զավակը՝ Զաքարիա անունով մի շատ գեղեցիկ ու իմաստուն երիտասարդ, որ հարցրեց ինձ, եթե ձեզ մոտ գամ՝ դուք կպահեք ինձ, որովհետեւ նա արքան ծանր է զգում թաթարների տիրապետությունը, որ թեեւ նա ամեն բան առատորեն ունի, սակայն նախընտրում է թափառել օտար երկրներ, քան կրել նրանց տիրապետությունը։ Այսուհանդերձ, նրանք ինձ ասացին, թե իրենք հոովմեական եկեղեցու զավակներ են, եւ եթե պապը մի քիչ օգնություն ուղարկի իրենց նրանք դրացի բոլոր երկրները պիտի ենթարկեն եկեղեցուն [27] ։

Վ. Ռուբրուկի կարծիքով, մոնղոլները պետք է պայքարեն միայն մուսուլմանների դեմ։ Քրիստոնյաների դեմ մղված ամեն մի պատերազմ անարդարացի է եւ անբարոյական։ Արեւելքի քրիստոնյան, ըստ նրա, «անմեղ է եւ արդար» եւ որ «երբեք չեն ոչնչացնի անմեղին եւ արդարին»։ Իսկ ո՞վքեր են լինելու արեւելյան քրիստոնյաների փրկարարները, եթե ոչ «ֆրանկները», որոնց, ինչպես ճիշտ նկատել է Աշ. Հովհաննիսյանը, մեր հեղինակը հայրենասիրությունից դրդված, նույնացնում է ֆրանսիացիների հետ։ «Առաջին հեղինակն է Ռուբրուքկ, կարդում ենք Աշ. Հովհաննիսյանի «Դրվագներում», որի մոտ նկատում ենք հետագա միսիոներներին տարբերանշող տենդենցը շահավետել հայ ազատագրական լեգենդը հօգուտ այն պետության կամ ի նպաստ այն երկրի, որին ինքն է պատկանում կամ որի շահախնդրությունն ինքն է բորբաքում» [28] ։

Ուշագրավ է Վ. Ռուբրուկի այն վկայությունը, թե հայերը «թուրքերի երկրում», այսինքն՝ Իկոնիայի պետության սահմաններում կազմում են բնակչության ճնշող մեծամասնությունը։ «Դուք պետք է գիտենաք թուրքերի մասին, որ նրանց (երկրում) տասը մարդուց մեկը սարակինոս է, գրեթե ամբողջությամբ հայեր են եւ հույներ» [29] ։ Մի այլ տեղ, խոսելով Երզնկայի մասին, Վ. Ռուբրուկը գրում է. «Այդ քաղաքից (Նախիջեւան) տասնհինգ օր հետո մենք մտանք Թուրքիայի սուլթանի երկիրը փետրվար 15-ին, եւ առաջին քաղաքը, որ մենք հասանք, Մարզենկանն (Երզնկա) էր։ Ավանի բոլոր բնակիչները քրիստոնյաներ են՝ հայեր, վրացիներ եւ հույներ» [30] ։ Ինչպես կտեսնենք հետագա շարադրանքի ընթացքում, եվրոպացի հեղինակները միաբերան վկայում են այն մասին, որ Մեծ ու Փոքր Հայքերի հիմնական բնակչությունը քաղաքական անկախության վերացումից հետո էլ շարունակում էին մնալ հայերը։ Նշենք միայն, որ Վ. Ռուբրուկից շուրջ քսան տարի հետո Հայաստան այցելած Մարկո Պոլոն նույնպես նշում է, որ Հայաստանի հիմնական բնակչությունը հայերն են։ Մեծ Հայքը, ասում է Մ. Պոլոն, «…Մի մեծ երկիր է։ Սկսվում է մի քաղաքից, որը կոչվում է Արզինգա (Էրզընկա), ուր հյուսում են աշխարհի լավագույն բեհեզները (buckram)… երկրի ժողովուրդը հայեր են, որոնք հպատակվում են թաթարին»։ Մարկո Պոլոն, մի այլ տեղ նշում է, որ սելջուկ-թյուրքերն ու թուրքմենները հիմնականում ապրում են լեռներում ու զբաղվում անասնապահությամբ։ Թուրքմենները, այնուհետեւ կարդում ենք Մ. Պոլոյի մոտ, «բնակվում են լեռներում եւ սարահարթերում, ուր որ գտնում են լավ արոտավայրեր, որովհետեւ նրանց զբաղումը խաշնարածությունն է… Մյուս երկու դասակարգերն են հայերն ու հույները, որոնք աոաջինների հետ խառն ապրում են քաղաքներում եւ գյուղերում, զբաղվելով առեւտրով եւ արհեստներով։ Նրանք հյուսում են աշխարհի ամենանուրբ եւ ամենագեղեցիկ գորգերը, եւ նույնպես մեծ քանակությամբ մետաքս, որդան կարմիր եւ ուրիշ գույներով եւ առատությամբ ուրիշ կտորեղեններ» [31] ։ Այս բոլորից հետո, ցավալի է նշել, որ արդի թուրք պատմագիտության ներկայացուցիչները կեղծելով պատմությունը, իրենց խաշնարած նախնիներին են վերագրում գորգարվեստի եւ այլ արվեստների բնագավառում Փոքր Ասիայի եւ Հայաստանի տարածքում ստեղծված արվեստի, նախ եւ առաջ, գորգարվեստի նմուշները։ Որ Հայաստանի տարածքը ընդարձակ է եղել, վկայում է նաեւ XIV դարի 20-ական թվականներին Հայաստան այցելած ֆրանսիացի միսիոներ Ժուրդեն դե Սեվերակը։ «Այս Հայաստանը, գրում է նա, երկարությամբ ձգվում է Սեբաստիայից մինչեւ Օրոգանի (Մուլղանի) դաշտավայրը, իսկ լայնությամբ՝ Պարխար լեռներից մինչեւ Թավրիզ» [32] ։

Մարկո Պոլոյի հաղորդած մյուս արժեքավոր վկայությունների մեծ մասը վերաբերում են Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը, որոնք քննվելու են սույն աշխատության երկրորդ մասում։ Նշենք միայն, որ վենետիկցի ճանապարհորդ դիվանագետը չափազանցրած գույներով ներկայացնում է XIII դարի 60-ական թվականներին Կիլիկիայում հայ ռազմիկների մոտ մարտունակության անկումը, որը հետեւանք էր, ինչպես այդ մասին նշում է Կիլիկյան Հայաստանի պատմության հմուտ մասնագետ Գ. Միքայելյանը, Կիլիկիայի հասարակական կյանքում տեղի ունեցած որոշակի փոփոխությունների։ Կիլիկյան հայերի մոտ ռազմական ոգու անկումը նկատել է նաեւ Սմբատ Գունդստապլը [33] ։ Անցյալում, նշում է Մ. Պոլոն, Կիլիկիայի «…ազնվականները քաջարի զինվորականներ էին եւ կատարում էին հերոսական գործեր, բայց ներկայումս ողորմելի արարածներ են եւ ոչ մի բանի շնորհք չունեն։ Հարբենալու մեջ նշանավոր են» [34] ։

XIII դարի 50-80-ական թվականների հայ-մոնղոլական քաղաքական կապերի, մոնղոլների վարած արտաքին քաղաքականության հարցերը եւ ոչ մի պատմական աշխատության մեջ այնքան խոր ու բազմակողմանի չեն լուսաբանված, ինչպես դա արված է Հեթում պատմիչի հին ֆրանսերենով գրված «Ծաղկաքաղում» [35] ։ Ուստի այստեղ հարկ ենք համարում Պիեռ Բերժերոնի հրատարակած բնագրի [36] հիման վրա անդրադառնալ այդ հարցերին։ Այնտեղ պատմական դեպքերի շարադրանքն սկսվում է Ալփ-Արսլանի արշավանքներով։

Հեթում պատմիչը նույնպես նշում է, որ սելջուկյան նվաճումներից հետո Փոքր Ասիայի տարածքի հիմնական բնակչությունը կազմել են քրիստոնյաները։ Փոքր Ասիայի տարածքում, գրում է նա, «…ապրում են չորս տարբեր ազգեր՝ հույներ, հայեր, հակոբիկներ (ասորիներ), որոնք զբաղվում են առեւտրով եւ գյուղատնտեսությամբ, եւ թուրքերը, որոնք մուսուլմաններ են եւ որոնք հույներից խլել են այս կայսրությունը» [37] ։

Հեթում պատմիչը Արեւմուտք-մոնղոլներ դաշինքի ջերմ պաշտպանն է։ Ըստ նրա, գլխավոր թշնամուն՝ մուսուլմանական աշխարհին, հարվածը պետք է հասցնել միաժամանակ՝ խաչակրաց արշավանքների եւ մոնղոլների եւ համընդհանուր հարձակման միջոցով։ Նա 1307 թ. Կղեմես պապին ներկայացրած զեկուցագրում նորից առաջ էր քաշում խաչակրաց նոր արշավանքի գաղափարը եւ ընկնելով ուղղակի պատրանքների մեջ, մոնղոլ խաներին ներկայացնում է քրիստոնեական մկրտության ընդունելուն պատրաստակամություն։ Այնուհետեւ անդրադառնալով Հեթում թագավորի Կարակորումում վարած բանակցությունների պատմությանը, Հեթում պատմիչը գրում է, «Թագավորը յոթ պահանջներ ներկայացրեց նրան (Մանգու խանին— Մ. Զ. Առաջինը՝ խնդրում էր կայսեր իր ողջ ժողովրդի հետ քրիստոնյա դառնալ եւ հրաժարվելով ամեն տեսակի պաշտամունքներից, ընդունել մկրտությունը։ Երկրորդ պահանջն էր, որ մշտական բարեկամություն ու խաղաղություն լինի քրիստոնյաների եւ թաթարների միջեւ։ Երրորդ (պահանջն) էր՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիները լինեն ազատ, աշխարհիկ ու հոգեւորական քրիստոնյաները ստրկության չմատնվեն եւ լինեն ապահարկ։ Չորրորդը՝ սարակինոսներից (մուսուլմաններից) (Մեծ խանը) հետ խլի սուրբ երկիրը ու մեր տիրոջ գերեզմանը եւս այն հանձնի քրիստոնյաներին։ Հինգերորդ՝ որ նա պատերազմ հայտարարի Բաղդադի խալիֆին…։ Վեցերորդը՝ որ իրեն՝ (հայոց թագավորին) տրվի հատուկ առանձնաշնորհում կարիքի դեպքում օգնության դիմել թաթարներին, հատկապես նրանց, ովքեր Հայաստանի թագավորության հարեւաններն են եւ այդ օգնությունը կատարվի անհապաղ եւ վերջապես յոթերորդ՝ նա պահանջում է Հայաստանի թագավորությանը պատկանող այն բոլոր հողերը, որոնց մուսուլմանները զավթել էին եւ (այժմ) գտնվում են թաթարների գերիշխանության տակ վերադարձվեն նրան՝ (հայոց թագավորին)» [38] ։

Հայոց թագավորի այս պահանջներին Մանգու խանը, իբր, պատասխանել է հետեւյալ կերպ. «Մենք հայտարարում ենք, ով Հայոց թագավոր, որ հաճույքով ընդունում ենք Ձեր առաջարկները եւ դրանք աստուծո օգնությամբ կիրագործենք։ Նախ՝ ես թաթարների տիրակալս՝ կմկրտվեմ ու կդառնամ քրիստոնյա եւ հետո կանեմ այնպես, որ իմ հպատակները անեն նույնը, չնայած ես ոչ ոքի իմ կամքը չեմ թելադրում։ Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ պահանջին, պատասխանում ենք, որ մեր նպատակադրումն է՝ հավիտենական խաղաղություն եւ բարեկամություն հաստատել թաթարների եւ քրիստոնյաների միջեւ» [39] ։ Համաձայնվելով Հայոց թագավորի մյուս պահանջներին, Արղուն խանը, իբր, հատուկ նշել է, «Երբ պատշաճ գտնվի, մենք հանուն Հիսուս Քրիստոսի նկատմամբ տածած հարգանքի անձամբ կգնանք սուրբ երկրի ազատագրմանը։ Եվ քանի որ այստեղ մենք խիստ զբաղված ենք, ապա մեր եղբայր Հուլավուին կհանձնարարենք ձեռնարկել այդ միջոցառումը» [40] ։

Հեթում պատմիչի այս վկայությունները մասնագետների կողմից, իրավամբ, կասկածի տակ են առնվել, քանի որ հեղինակի հետամտած քաղաքական միտումը խիստ ակնբախ է։ Ի վերջո, Հեթում պատմիչի փայփայած երազանքը կատարվում է. կնքվում է հայ-մոնղոլական զինակցությունը եւ հայերը մոնղոլների հետ լծվում են եգիպտական սուլթանների դեմ ծավալված ռազմական պայքարին։ «Այս ժամանակներում, կարդում ենք Հեթում պատմիչի մոտ, —Հայաստանի թագավորությունը այն աստիճան ծաղկուն վիճակում էր, որ կարող էր տրամադրել տասներկու հազար այրուձի եւ քառասուն հազար հետեւակ» [41] ։

Հուլավու խանի գլխավորությամբ Եգիպտոսի դեմ ձեռնարկված արշավանքը, որին մասնակցում էին ոչ միայն Կիլիկիայի հայոց թագավորը, այլեւ Մեծ Հայքի իշխանները, սկզբնական շրջանում ունեցավ որոշ հաջողություն, սակայն այն բանից հետո, երբ Հուլավուն սուրհանդակի միջոցով իմացավ իր եղբոր՝ Մեծ խանի մահը, շտապեց Կարակորում։ Օգտվելով առիթից, Եգիպտոսի սուլթանը անցնում է հակահարձակման եւ պարտության մատնում մոնղոլա-քրիստոնեական բանակը։ Շուտով հիվանդանում ու մահանում է նաեւ Հուլավուն [42] ։

Հուլավուի հաջորդը՝ Աբաղա խանը, պատերազմի մեջ գտնվելով իրենց ցեղակից ուլուսներ Ջուջիների եւ Չաղաթայների հետ, չէր կարող օգնել Կիլիկիայի թագավորությանը, որի հետեւանքով եգիպտական սուլթան Բեյբարսը 1268 թ.. Սիրիան գրավելուց ու Անտիոքի խաչակիր իշխանությունը ոչնչացնելուց հետո մուտք գործեց Կիլիկիա, ավերեց երկիրը, գերեվարեց բնակչությանը։ եւ Կիլիկիայի Հայոց թագավորը ստիպված եղավ հաշտություն խնդրել եգիպտական սուլթանից։ Հեթում պատմիչը խոսում է կնքված այդ պայմանագրի ծանր պայմանների մասին [43] ։

1282 թ. մոնղոլներն ու դաշնակից քրիստոնյա զորքերը նոր ծանր պարտություն են կրում եգիպտացիներից։ Հեթում պատմիչի խոսքերով ասած՝ «Հայոց թագավորի բանակի մեծ մասը եւ ապայական կազմի մի ստվար հատվածը ոչնչացվեցին» [44] ։

Աբաղա խանին հաջորդած Թոգուտար խանն ընդունելով իսլամը, ստանում է Ահմեդ խան անունը եւ սկսում անողոք հալածել քրիստոնյաներին։ «Սատանայի որդի այս Ահմեդը, գրում է Հեթում պատմիչը, խորտակել տվեց բոլոր քրիստոնեական եկեղեցիները…, նա խորտակել տվեց Թավրիզի բոլոր քրիստոնեական եկեղեցիները։ Նա իր դեսպաններին Եգիպտոսի սուլթանի մոտ ուղարկեց, նրա հետ դաշինք կնքեց եւ խոստացավ սարակինոսներին ուղարկել իր հպատակության տակ գտնվող քրիստոնյաներին եւ ովքեր որ կհրաժարվեին մեկնել գլխատել էր տալու» [45] ։ Սակայն, երկու տարի իշխելուց հետո, Ահմեդ խանը տապալվում է հնամենի ավանդություններին հավատարիմ մոնղոլական ավագանու կողմից եւ իշխանությունն անցնում է Արղուն խանին (1284—1291)։ Ահմեդ խանի սպանության առթիվ Հեթում պատմիչը բացականչում է. «Եվ այսպես սատկեց քրիստոնեական հավատքի թշնամի կատաղի շուն՝ Ահմեդը» [46] ։

Արղուն խանի ժամանակաշրջանը բնորոշվում է Եվրոպայի հետ վարվող ամուլ բանավարություններով [47] ։ 1291 թ. փետրվարի համար ծրագրված Արղուն խանի եւ ֆրանսիական թագավոր՝ Ֆիլիպ 4-րդի համատեղ ռազմական գործողությունները եգիպտական սուլթանի դեմ այնպես էլ չիրականացան։ 1292 թ. մամլյուկները դարձյալ ասպատակեցին Կիլիկիան եւ հուսախաբ եղած Հեթում 2-րդը ստիպված եղավ եգիպտական սուլթանին հանձնել Կիլիկիայի մի քանի բերդեր եւ ամրոցներ, որոնց թվում Մարաշը։

Շուտով Կիլիկիային ռազմական աջակցություն ցույց տվեց ոչ թե կաթոլիկ աշխարհը, այլ իսլամին փարված Ղազան խանը (1295- 1304), որին հետեւյալ կերպ է բնութագրում Հեթում պատմիչը. «իր իշխանության սկզբում նա չէր համարձակվում նեղել մահմեդական հանդիսացող մարդկանց, որոնք նրան կայսրության ղեկին էին բերել եւ. չկատարել նրանց տրված խոստումները։ Այդ էր պատճառը, որ սկըզբում, նա շատ դաժան գտնվեց քրիստոնյաների նկատմամբ, բայց երբ ամրապնդեց իր կայսերական գահը, նա սկսեց նրանց (իմա՝ քրիստոնյաներին— Մ. Զ. ) սիրել ու հարգել։ Նա իր կյանքի ընթացքում շատ բաներ արեց նրանց օգտին… նա սկսեց պատժել այն մեծամեծ իշխանավորներին, որոնք իրեն ձգտում էին համոզել հովանավորել իսլամը եւ հալածել քրիստոնյաներին։ Այնուհետեւ նա հրամայեց իր կայսրության բոլոր թաթարներին ռազմական պատրաստություններ տեսնել որովհետեւ նա ծրագրել էր արշավելու եգիպտական թագավորության դեմ, եւ եթե հնարավոր լինի, ոչնչացնել սուլթանին։ Իր ծրագրի մասին նա հայտնեց հայոց եւ վրաց թագավորներին եւ Արեւելքի մյուս բոլոր քրիստոնյաներին» [48] ։

Դժվար է հավատալ, որ Հեթում պատմիչը այսպես բնութագրեր մի մարդու, որը իլխանների պատմության մեջ հռչակվել էր որպես իսլամի մոլեռանդ պաշտպանի։ Ըստ երեւույթին, պատմիչը Կիլիկիայի գլխավոր թշնամի համարելով Եգիպտոսը, իդեալականացնում է իր երկրին օգնության հասած մոնղոլական այդ քաղաքական գործչին։

Ղազան խանը եգիպտական սուլթանի դեմ կազմակերպում է երեք արշավանքներ (1299, 1300, 1303 թվերին), որոնց անձամբ մասնակցում էր նաեւ Հեթում 2-րդը [49] ։ Չնայած ունեցած մասնակի հաջողություններին, Ղազան խանը գնալով ավելի ու ավելի էր համոզվում, որ առանց եվրոպական երկրների հետ համատեղ ռազմական գործողությունների հնարավոր չէ հաղթել եգիպտական ֆաթիմյաններին։ Երրորդ արշավանքի ժամանակ, Ղազան խանը պարտություն էր կրել եգիպտական սուլթանից։ Դամասկոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչպես պատմում է Հեթում պատմիչը, որպես դեպքերի անմիջական ականատես [50], «…բազմաթիվ հայեր, ինչպես եւ թաթարներն ու վրացիները, իրենց ձիերով հանդերձ, ոչնչացվեցին» [51] ։ Ճակատամարտից հետո, Հեթում պատմիչի հավաստիացմամբ, Հեթում 2-րդը մեկնում է Իրան՝ Ղազան խանի մոտ, որը Հեթում պատմիչի վկայությամբ, «…ի նկատի ունենալով նրա կորուստները, նրան առանձնահատուկ շնորհ արեց եւ նրան տրամադրեց իր սեփական ռոճիկով պահվող հազար թաթարների, որոնք պիտի հսկեին հայոց թագավորությունը» [52] ։ Ղ. Ալիշանի հավաստիացմամբ, Ղազան խանը տվեց Հայոց թագավորին «ազատութիւն ե՛ւ հարկապահանջութիւնս յիւր երկրէն յամենայն ամի» եւ խոստացավ անձամբ վրեժ լուծել «ի տաճկաստանեացն»։ Այս խոստման կատարմանը, Հեթում պատմիչի ասելով, խանգարեց Ղազան խանի մահը [53] ։ Եգիպտական զորքերը նորից են ներխուժում Կիլիկիա (1305 թ. ) «…Եվ մինչեւ Տարսոն ամեն ինչ կողոպուտի ու ասպատակության ենթարկելով… հետ են վերադառնում հսկայական վնասներ պատճառելուց հետո» [54] ։

Ղազան խանի մահից հետո իլխան է դառնում Խարբանդան (Խուդաբանդան), որն ընդունելով իսլամը, դառնում է Օլջեյթու խան (1304-1316), որի ժամանակ վատանում է ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Կիլիկիայի վիճակը։ XIV դարի մի ձեռագրի հիշատակարանում Օլջեյթու խանին գրիչը սրամտորեն դարձնելով խարբանդա («իշու ծառա») գրում է «…զօրէնս Քրիստոսի ոչ ծանեաւ եւ բազմիմաց հնարիւք գերծեաց զազգս մեր յամենայն կարասեաց, զի պահանջեաց հարկս ի յազազաց եւ յաւտարաց» [55] ։ Օլթեյջու խանի օրվանից, փաստորեն, Կիլիկիայի փոխհարաբերությունները մոնղոլների հետ խզվոմ են, եւ Կիլիկյան հայոց թագավորները՝ ե՛ւ Հեթումյանները, եւ՛ նրանց հաջորդած Լուսինյանները գնալով ավելի ու ավելի թեքվում են դեպի կաթոլիկ աշխարհը, որը միայն ուժեղացնում էր եգիպտական սուլթանների թշնամանքը եւ արագացնում Կիլիկյան հայկական թագավորության վերացումը։

Սկսած 1321 թվականից եգիպտական մամլյուկների եւ Փոքր Ասիայի տարածքի վրա հաստատված թուրքմենների ներխուժումը Կիլիկիա կատարվում էր պարբերաբար՝ յուրաքանչյուր հինգ-տասը տարին մեկ անգամ մինչեւ նրա վերջնական կործանումը (1375 թ. Եվրոպան տալիս էր միայն խոստումներ, եւ դրանց իրականացումը կապում կիլիկյան հայերի հավատափոխության հետ։ Բոլոր կողմերից շրջապատված ու հոգեվարքի մեջ գտնվող Կիլիկյան հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Ահա այսպես պատկերավոր ձեւով է ներկայացնում Կիլիկյան Հայաստանը շրջապատած թշնամիներին, որոնց մեջ էին նաեւ կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչները՝ Վենետիկը եւ Ջենովան, վենետիկցի Սանուտոն։ «Հայկական թագավորությունը, գրում է նա, ժանիքներով հոշոտում են չորս գազաններ, մի կողմից՝ առյուծը, այսինքն՝ թաթարները, որոնց հայոց թագավորը մեծ տուրք է վճարում, մյուս կողմից՝ հովազը, այսինքն՝ (եգիպտական) սուլթանը, որը յուրաքանչյուր տարի ավերում է երկիրը եւ ոչնչացնում քրիստոնյաներին, երրորդ կողմից՝ գայլը, այսինքն՝ (սելջուկ) թյուրքերը, որոնք ավերում են տնտեսությունը եւ թագավորությունը, չորրորդ կողմից՝ օձը, այսինքն մեր ծովի ծովահենները (վենետիկցիները եւ ջենովացիները), որոնք յուրաքանչյուր օր ջարդում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորները» [56] ։



[1]            Մ. Ուռհայեցի էջ 303 եւ հետ։

[2]            Նույն տեղում, էջ 284 եւ հետ։

[3]            Նույն տեղում, էջ 315 եւ հետ։

[4]            Նույն տեղում, էջ 309 եւ հետ։

[5]            V. Langlois, Le trésor des chartes d’Arménie, էջ 84։

[6]            А. Свет, После Марко Поло, М., 1964, с. 12.

[7]            Նույն տեղում, էջ 13.

[8]            P. Pelliot, Les mongols et la papauté, T. I, Paris, 1913, էջ 10-21։

[9]            Jean de Plan Carpin. Histoire des mongols, traduit et annoté par Dom Jean Becquet et par Louis Hambis, p. 24.

[10]          Նույն տեղում, էջ 70։

[11]          Նույն տեղում, էջ 72։

[12]          Նույն տեղում, էջ 86։

[13]          Նույն տեղում, էջ 87։

[14]          Կիրակոս Գանձակեցի, էջ 261—262։ «Նախախնամողն Աստուած, որ զամենայն Կեալն Կամի, նա՝ մարդասիրութեամբն իարավ երեւեցոյց ի մէջ նոցա այր մի երկիւղած եւ աստուածապաշտ, Ասորի ազգաւ, որ հայր անուանեալ իր արքային նոցա, զոր խազանն կոչէին, անուն նորա Սիմեօն, զոր ռաբան Աթա կոչէին։ Իբրեւ լուաւ զանխնայ կոտորումն քրիստոնեից՝ որ ի զօրաց թաթարին, մատուցեալ առ խազանն՝ խնդրեաց ի նմանէ թուղթ առ զօրան իւր, զի մի այնպէս առհասարակ կոտորեսցեն զանմեղ մարդիկ, որի ոչ պատերազմին ընդ նոսա, այլ թողուլ զնոսա, զի ծառայեսցեն նմա։ Իսկ նա զնոյն ինքն առաքեաց մեծ եւ արեւելի շքով, գրեալ հրովարտակ առ զօրագլուխս իւր, զի ամենեքեան անսայեցեն հրամանի նորա։ Եվ նա եկեալ, բազում ինչ նպաստ եղեւ քրիստոնէից, թափելով ի մահուանէ եւ ի գերութենէ…»։

[15]          P. Pelliot, I, էջ 58–59։

[16]          Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ.. 1, էջ 168-169։

[17]          Նույն տեղում, էջ 169։

[18]          «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբելէան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910, էջ 423-424։

[19]          P. Pelliot., I, էջ 112։

[20]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 26։

[21]          Նույն տեղում, էջ 16։

[22]          Նույն տեղում, էջ 18։

[23]          А. Свет, էջ 171։

[24]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 1, էջ 83-84։

[25]          Այս հատվածը բերված է Աշ. Հովհաննիսյանի «Դրվագների…» 1-ին հատորից։ Այն թարգմանվել է լատիներեն բնագրից (նույն տեղում, էջ 83-84)։

[26]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 19։

[27]          Նույն տեղում, էջ 20։

[28]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 1, էջ 86։

[29]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 30։

[30]          Նույն տեղում, էջ 20։

[31]          Նույն տեղում, էջ 46։

[32]          А. Свет, էջ 138։

[33]          Г. Г. Микаелян, էջ 341-342։

[34]          Հովհ. Հակոբյան, Ուղեգրություններ, հ. Ա, էջ 44։

[35]          Հեթում պատմիչի աշխատությունը բազմիցս տպվել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում։ Նրա մասին տե´ս Ս. Մ. Միրնու աշխատությունը՝ С. М. Мирный, La flor des estoires de la Terre d'Orient Гайтона как историко-географический источник по Востоку и по истории монголов, - «Советское востоковедение», 1956, 5.

[36]          P. Bergeron, XXXVIII, էջ 11-84։

[37]          Նույն տեղում, էջ 17։

[38]          Նույն տեղում, էջ 88։

[39]          Նույն տեղում, էջ 37։

[40]          Նույն տեղում, էջ 38-39։

[41]          Նույն տեղում, էջ 42։

[42]          Նույն տեղում, էջ 45։

[43]          Նույն տեղում, էջ 47։

[44]          Նույն տեղում, էջ 51։

[45]          Նույն տեղում, էջ 52։

[46]          Նույն տեղում, էջ 54։

[47]          Г. Г. Микаелян, էջ 418-492։

[48]          P. Bergeron, XLI, էջ 56։

[49]          Նույն տեղում, XLII–XLIII, էջ 53-62։

[50]          «Ես՝ Հայտոն եղբայրս, կարդում ենք Հեթում պատմիչի մոտ, որ գրեցի այս պատմությունը, բոլոր իրադարձություններին անձամբ ներկա էի»։ Տե´ս P. Bergeron, XIV, էջ 65)։

[51]          Նույն տեղում։

[52]          Նույն տեղում։

[53]          Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 524։

[54]          P. Bergeron, XLV, էջ 62:

[55]          Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, հ. 1, էջ 402։

[56]          M. Sanutus. Liber secretorum fidelium crucis. Hanoviae, 1611, p. 32.