Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

1618 թ. աշնանը կնքված հաշտությունը այս անգամ եւս երկար չտեւեց։ Վերսկսված պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմ դարձավ Միջագետքը։ Օգտագործելով Բաղդադի թուրքական կայազորի հրամանատարի դավաճանությունը, շահ Աբասը գրավեց քաղաքը։

Սուլթան Օսմանի մահը պատրվակ բռնելով, կենտրոնական կառավարության դեմ ապստամբություն բարձրացրած Աբազա փաշայի [1] նոր բուռն ելույթները (1623-1627 թթ. ), Եգիպտոսում ծայր առած ընդվզումները, Միջագետքում սեֆյան բանակի առաջխաղացումը Թուրքիային կաշկանդում էին ձեռնարկելու պատերազմական գործողություններ Իրանի դեմ՝ Անդրկովկասին տիրելու համար։

Թուրքերի համար միանգամայն անբարենպաստ այս հանգամանքները հետեւյալ ձեւով է ներկայացնում անգլիական դեսպան Ռիկոն «Պարսկաստանի հետ պատերազմը բավականին անհանգստացնում էր (թուրք) կառավարողներին։ Աբազայի ապստամբությունը գնալով դառնում էր ավելի ու ավելի վտանգավոր, քան ենթադրում էին։ Բաբելոնի (Բաղդադի) կառավարիչ Բեշիր փաշայի դաշինքը ապստամբների հետ (վերջիններին) թույլ էր տալիս դիմելու ամեն տեսակի ելույթների, եւ նրանք արդեն ճամբար էին դրել Կոստանդնուպոլսից ընդամենը հինգ օրվա հեռավորության վրա։ Միաժամանակ, զորքերի ընդհանուր հրամանատար Հաֆիզ փաշան, որը գտնվում էր Բաղդադի նահանգում, տեղեկացրեց արքունիքին, որ Պարսկաստանի թագավորը մի մեծ բանակի գլուխ անցած մտել է Թուրքիա։ Այս լուրր կառավարողներին նետեց սարսափելի ահազանգման մեջ։ Եվ նրանց անհրաժեշտ էր արի ոգի եւ խոհեմություն՝ ելք գտնելու բոլոր կողմերից հարձակման ենթարկված պետությունը փրկելու» [2] ։

Հաշվի առնելով իրանական ասպատակությունների նոր վտանգը, թուրքական կառավարող շրջանների մեջ գտնվեցին մարդիկ, որոնք կողմնակից էին Աբազա փաշային որոշ զիջումներ անել եւ նրան սիրաշահելով համատեղ հանդես գալ Իրանի դեմ։ «Այսուհանդերձ ամենախոհեմները, գրում է Ռիկոն, գտնում էին, որ ավելի լավ է Աբազայի բոլոր պահանջները բավարարելով զինաթափ անել նրան եւ նրա ռազմական ուժն օգտագործել պետության թշնամիների դեմ։ Սակայն ենիչերիներին հնարավոր չեղավ համոզել բանակցել մի մարդու հետ, որի նկատմամբ ունեին անսքող ատելություն, եւ որը, իր հերթին, ատում էր նրանց (ենիչերիներին) ոչ պակաս, քան իրենք՝ պարսիկները» [3] ։

Երբ թուրքական ղեկավար շրջաններն արծարծում էին Աբազայի հետ բանակցելու հարցը, 1626-27 թվականների թուրքերի գործերը թե Միջագետքում եւ թե Արեւմտյան Հայաստանում գնալով ավելի ու ավելի էին վատանում։ «Աբազան ասպատակում էր Փոքր Ասիան։ Պարսկաստանի թագավորը տեր էր դառնում կարեւոր նշանակություն ունեցող Բաբելոնին եւ համանուն նահանգին, թուրքերից խլում իրենց ամենաաչքի ընկնող զորավարներից մեկին՝ Քյոր Հասան փաշային, զավթում էր Մոսուլն ու Լեսկան եւ որեւէ դիմադրության չհանդիպելով իր բանակը բաժանում էր չորս մասի։ Առաջինը, որը անձամբ ղեկավարում էր թագավորը, շարժվում էր դեպի Միջագետք։ Երկրորդը ներխուժելու էր Սրբազան հողերը (Երուսաղեմը)։ Երրորդն ասպատակում էր Սեւ ծովի ափերը։ Չորրորդը շարժվում էր դեպի Մեկկա։ Այս ամենի նպատակն էր անդամահատել օսմանցիների կայսրությունը եւ նրա արեւելյան մասերը միացնել պարսկական գահին» [4], կարդում ենք Ռիկոյի մոտ։

«Գործերի վատ վիճակն ի վերջո իշխանություններին ստիպեց, այնուհետեւ հանդիպում ենք Ռիկոյի մոտ, չեզոքացնել Աբազային, նրան տալով այն ամենը, ինչ նա կարող էր պահանջել։ Սակայն միանգամայն անհնարին եղավ համոզել ապստամբներին Դիվանի (կառավարության) բարի կամքի մասին Մյուս կողմից օրը օրին ավելի բացահայտ էին դառնում նրա (Աբազայի) կապերը Պարսկաստանի [5] հետ, որտեղից նա ստանում էր մեծ օգնություն։ նա նկատելիորեն ամրացրել էր Էրզրում քաղաքը եւ այնտեղ տեղակայել մի մեծ կայազոր։ Սակայն դա ենիչերիներին չխանգարեց, որ ցանկանան հարձակվել նրա վրա։ Վեզիրը [6] ստիպված եղավ բավարարել նրանց։ Քաղաքը պաշարվեց։ Ամենաքաջերը նետվեցին առաջ ու փորձության ենթարկեցին կայազորի զինվորների ռազմական ոգին, որոնք պաշտպանվում էին արիաբար ու թույլ չէին տալիս որեւէ մեկի առաջխաղացումը, քանզի նրանք գիտեին, որ ամոթալի մի մահ է սպասում բոլոր նրանց, ովքեր կընկնեին պաշարողների ձեռքը, ուստի գերադասում էին պատվով ընկնել ռազմի դաշտում, քան թե արժանանալ տանջալի մահվան Մյուս կողմից քաղաքն այն աստիճան լավ էր ամրացված ու ապահովված մեծ քանակի ռազմամթերքով, որ որեւէ մի հույս չկար այն վերցնելու, եթե զանց առնենք սովի վտանգը։ Սակայն այդ հույսն էլ ի դերեւ ելավ ապստամբների հոգատարության պատճառով, որոնք տեղում մեծ քանակությամբ սննդամթերք էին պահեստավորել։ Անհաջողության մատնված թուրքերը մեծ խուճապով թողեցին պաշարումը, հետեւում թողնելով իրենց հրետանու մի մասը։ Կայազորը հետապնդեց նրանց ու սպանեց մեծ թվով զինվորների։ Այս անհաջողության լուրը մեծ հուսախաբություն առաջացրեց Կոստանդնուպոլսում»։

Թուրքական ղեկավար շրջանների համար գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ առանց Աբազայի ապստամբության հարցը լուծելու անհնարին է Իրանի դեմ հաջող ռազմական գործողություններ ծավալել։ Այդ մասին է նշում դեպքերի ժամանակակից Ռիկոն։ «Դիվանի կարեւորագույն խնդիրն էր, գրում է նա, Վերջ տալ Աբազայի ապստամբության հետեւանքներին ու փառքով ավարտել պարսիկների դեմ մղվող պատերազմը»։

Մեծ վեզիր Մերխոշ փաշան [7] 1628 թ. սկզբներին ղեկավարում էր բանակը։ Նրա ճամբարը գտնվում էր այսօր Կոնիա կոչվող Իկոնիայում։ Շարժվելով դեպի Աբազայի զավթած վայրը՝ Կեսարիա, ենիչերիները միահամուռ ցանկություն հայտնեցին հարձակվել նրա վրա։ Մեծ վեզիրը որը հրաման ուներ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, առանց դիմելու բախտի քմահաճույքին խուսափեց, ինչքան դա իրեն հաջողվեց տեղի տալ իր զորքերի մտադրություններին։ Այս ձգձգումից կատաղած ենիչերիները, որոնք անտեղյակ էին բուն պատճառներին, ըմբոստացած, կտրեցին մեծ վեզիրի վրանի պարանները, քարկոծեցին նրան ու վիրավորեցին նրա գլուխը։ Այս բռնությունը մեծ վեզիրին ստիպեց նրանց ծանոթացնել իր ստացած հրամանների հետ։ Հավաքված ենիչերիների եւ սիփահիների սպաներին նա ասաց, որ սուլթանը մտադիր է ներքին պատերազմին վերջ տալու, պարսիկների դեմ հաջող պատերազմներ մղելու եւ կորցրածը ետ վերադարձնելու նպատակով՝ նրա հետ բանակցել, ու ցանկանում ներքին պատերազմին վերջ տալ խաղաղ ճանապարհով։ Ռազմական խորհուրդն իրավացի համարեց մեծ վեզիրին, գտնելով, որ նա առաջնորդվում է սուլթանի հրամաններով։ «Սակայն դժվար էր փափկացնել այն մարդկանց սիրտը, ովքեր միայն վրեժ էին տենչում եւ ղեկավարվում էին միայն սեփական կրքով։ Այսուհանդերձ սպաները այն աստիճան մշակեցին զինվորների միտքը, որ նրանք հարկադրվեցին լսել բանականությանը։ Ենիչերիները հասկացան, թե ինչքան էր այս պատերազմն իրենցից պահանջում անհանգստություն, հոգնություն ու արյուն եւ համաձայնվեցին, որ բանակցեն Աբազայի հետ ու նրան դարձնեն իրենց զինակիցը։ Ապստամբները սկզբում խուսափեցին թուրք զորահրամանատարի հետ բանակցելուց, վախենալով, որ հարցի խաղաղ լուծման անվան տակ նրանք կարող էին իրենց համար թակարդ լարել։ Սակայն մեծ վեզիրը ցրեց նրանց մտավախությունները՝ իրենց մոտ պատանդ թողնելով իր եղբայր Կարամանիայի բեկլերբեկին եւ Փոքր Ասիայի փաշային։ Համաձայնություն կայացավ բանակցությունների տեղի եւ օրվա մասին, որի ընթացքում ստորագրվեց հետեւյալ պայմանագիրը՝ Էրզրումի կառավարումը թողնվում է Աբազային, Բասրայինը՝ իր որդուն, իսկ Մարաշինը՝ իր Քեդխուդային՝ թիկնապահին, ընդհանուր ներում է շնորհվելու ինչպես իրեն՝ Աբազային, այնպես էլ իր կողմնակիցներին… Մեծ տիրակալը՝ (սուլթանը) հավանություն տվեց իր մեծ վեզիրի այս համաձայնագրին եւ ստորագրեց այն։ Էրզրում քաղաքը նորից հանձնվեց իր նախկին տիրոջը եւ Աբազայի բանակն օգտագործվեց պարսիկների դեմ» [8] ։

Կոստանդնուպոլսում սուլթան Մուրադ 4-րդը Աբազային ընդունում է արքայավել դրանով ընդգծելով վերջինիս վաստակն օսմանյան գահին, «սակայն վախենալով, որ այդքան շքեղ մեծարանքների արժանացնելը կարող է զայրացնել ենիչերիներին եւ Աբազայի հակառակորդներին, որոշվեց, որ նա մասնավորապես հեռու պահվի Մեծ Տիրակալից» [9] ։

Իրանի դեմ պատերազմը եւ Աբազա փաշայի ապստամբությունը ճնշելու համար կատարված արտակարգ ծախսերը փակելու համար Ռիկոյի հաղորդմամբ «…Մեծ վեզիրը քրիստոնյաներին եւ հրեաներին ծանր հարկատվության ենթարկեց» [10] ։ Այս նույն հեղինակի վկայությամբ դա էլ չօգնեց գործին եւ Օսմանյան կայսրության ներքին վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում։ «Ի վերջո բոլոր գործերն այնպիսի վիճակում էին, որ մի պահ թվում էր, թե պետությունը պետք է կործանվի։ Միակ բանը, որը կարող էր շտկել դրությունը, Պարսկաստանի դեմ որոշ հաղթանակներ տանելն էր» [11] ։

Եվ ահա, օգտվելով շահ Աբասի մահից (1629 թ. ), 1630 թ. սկզբին թուրքերը Միջագետքից Համադան ձեռնարկեցին մի շարք ասպատակիչ ու ավերիչ արշավանքներ։ Դեպքերին ականատես հայր Ֆիլիպ Ավրիլը այդ մասին գրում է. «Այս ժամանակ Մեծ տիրակալը ցանկանալով ետ նվաճել Բաբելոնի թագավորությունը, ուղարկեց մի մեծ բանակ, որն ինչպես ասում էին, բաղկացած երեք հարյուր հազար մարդուց, եւ որը պիտի ասպատակեր ու ավերեր ողջ Պարսկաստանը։ Հենց որ այստեղի անտանելի շոգերն անցան, բանակը մտավ Խալդեա (Միջագետք) Եվ հիրավի, թուրքերի այս բանակը այն աստիճան խորացավ (դեպի Պարսկաստան), որ եկավ ու ավերեց Իսպահանից վեց օրվա հեռավորության վրա գտնվող Համադան քաղաքը» [12] ։ Համադանում թուրքերի բարբարոսությունը սահման չուներ։ Սերասեքեր Խոսրով փաշայի հրամանով, որ ստացել էր «Անգութ Խոսրեվ» մականունը, թուրքերը հրի մատնեցին քաղաքը, քանդեցին տները, իսկ բնակչությանը զանգվածորեն կոտորեցին։ «…Յայսմ ամի (1630), ասված է հայերեն մի ձեռագրի հիշատակարանում, ազգս հայոց ի մեծ վտանգի է, զի այլազգիքն զօրացեալ են ի վերայ քրիստոնէից զի էլ ոզիրն Ըստըմբօլայ բազում զօրօք եւ գնաց ի Բաբելոն, որ այժմ այսի Բաղդատ, եւ հասեալ գետն Տիգրիս, որ պատէ զԱսորեստան, եւ այլ ճանապարհաւ գնաց ի յարեւելս մինչեւ ի դուռն պարսից, եւ բազում ոճիր գործեաց զԱմատուն եւ զՔառքու եւ Շարազուի զամէն քանդեաց եւ աւերեաց զայն, (այնպէս) արարին, որ մարդ ոչ կարէ մեկնել կամ (ընդ) գրով արկանել զարհաւիրքն եւ զպատերազմն, որ անդ եղեւ» [13] ։

Այս նույն ժամանակ թուրքական մի այլ բանակ ասպատակում էր Նախիջեւանն ու նրա շրջակայքը։ Ղ. Փիրղալեմյանի հրատարակած վերոհիշյալ հիշատակարանում այնուհետեւ կարդում ենք հետեւյալ տեղեկությունները։ «Եւ Ալի փաշան Վանայի ելեալ բազում հեծելօք եւ գնաց ի վերայ Նախչուանայ եւ շատ աւեր ետուր եւ բազում արիւնահեղութիւն արար, եւ բազում առ եւ աւար եւ գերին բերեալ ի Վան։ Ոհ թէ զինչ տեսաք աչօք մերովք՝ զդառն կսկիծ եւ զաղիողորմ արտասուքն քրիստոնէից գերելոցն, զլալումն, զողբումն եւ զհառաչումն նոցա ոչ կարեմք հայել» [14] ։ Մեծատուն հայ վաճառականները փրկագնով ազատում են հայ գերիներին [15] ։ Ի պատասխան թուրքերի այս արշավանքի, Սեֆյանները եւս մի քանի անգամ ասպատակում են Արեւմտյան Հայաստանի գավառները. «Ես յետոյ ազգն պարսիցն զօրացն, կարգում ենք այդ նույն հիշատակարանում, եւ եկին ի վերայ Արճիշու եւ յերկիրն Արճիշու բազում աւերս արարին զառ եւ զալար, եւ զզերին քան զՆախչուանայն երկու աւելի տարան, եւ այլ ոչ երեւացան» [16] ։ Հետագա տարիներին թշնամի կողմերը շարունակում էին ասպատակությունները թուրք-իրանական սահմանի տարբեր մասերում։ Գրիչ Մարութան խոսելով իրանական ոմն՝ Ռուստամ խանի դեպի Վան կատարած արշավանքի մասին հայտնում է հետեւյալը. «Եւ դարձեալ եկն անտի (Ռուստամ խանն) եւ գնաց ի վերայ Վանայ եւ դ(4) ամիս պաշարեաց, եւ նստաւ ի վերայ նորա, եւ ոչ կարաց առնուլ զնա եւ շատ աւերութիւն արար։ Եւ դարձեալ, յետս գնաց ի Թավրէզ առ թագաւորն իւր շահ Սեֆին, եւ անդ նստաւ, այլ ոչ գիտեմք վերջն զինչ է լինելոյ…»։

Հենվելով թուրքական ժամանակագրությունների վրա, Կանտեմիրը Ռուստամ խանի դեպի Վան կատարած արշավանքի մասին գրում է հետեւյալը. «Պարսիկների զորավար Ռուստամ խանը ասպատակություն սփռեց (Օսմանյան) կայսրության տարածքում եւ Վանի շրջակայքն ավերելուց հետո պաշարեց այս քաղաքը։ Ասիայում չկար մի բանակ, որ ի զորու լիներ դիմադրելու պարսիկներին։ Եվ քաղաքն այն աստիճան պաշարված էր, որ չէր կարող երկար դիմանալ։ Եվ ահա այս ժամանակ Ռումելիի Բեկլերբեկը իր Եվրոպայում տեղակայված զորքերով եկավ ու ստիպեց պարսիկներին հեռանալ Վանից, որն արդեն գտնվում էր հանձնվելու շեմին» [17] ։ Այս նույն դեպքերի մասին Գրիգոր Երեցը Վանից, որպես ակնատես, չափածո պատմում է հետեւյալը.

«Ի յայսմ դառն եւ նեղ ժամանակիս
Յիսար ընկաւ Վան քաղաքիս,
Կարմրագդակն պատեց, նստաւ վերայ քաղաքիս,
Շատ նեղութիւն հասոյց ի մեզ,
Ծզ (56) օր պաշարեց զմեզ,
Ի թվականութիւնս հայոց ազգիս
ՌՁ եւ երեքիս (1634)
Ըստամբօլայ հասաւ ի մեզ, Ազգին տաճկաց ՃՌ (100. 000)-իս
Ժողովեցան Քառափոսիս (Գյուղ Վանի մոտ)
Խմբեցան մեծ պատերազմիս,
Փախուցին կարմրագդակն,
Աւարն առին հասին ի մեզ,
Աւետիս մատուցին մեզ,
Կարմրագդակն փախեաւ ի յետս» [18] ։

1635 թ. կրկին պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմը դարձավ Հայկական լեռնաշխարհը։ Նույն տարվա գարնանը հսկայական օսմանյան բանակի գլուխ անցած սուլթան Մուրադ 4-րդը երեւաց Էրզրումում։ Այդ առթիվ Ռիկոն հայտնում է հետաքրքիր մանրամասնություններ։ Նա գրում է. «Այս ժամանակ (1635 թ. ) Մեծ Տիրակալը եկել էր Պարսկւսստանի սահմանում գտնվող Էրզրում քաղաքը։ Արդարության առաջին գործը, որ նա այստեղ կատարեց, հանդիսացավ քաղաքի կառավարիչ փաշայի գլխատումը (ժողովրդի նկատմամբ) թույլ տված չարաշահումների եւ թալանի պատճառով։ Այնուհետեւ տեսնելով, որ պատերազմի արհավիրքները հատկապես տարածվել էին Վերին ու Ստորին Հայքերում ու այս երկու նահանգներն ամբողջությւսմբ ամայացված էին, նա հրամայեց (երկիրը լքած) բոլոր բնակիչներին վերադառնալ իրենց բնակավայրերը։ Այդ բանն անելու համար նրանց տրվեց ընդամենը քսան օր ժամանակ։ Սակայն քանի որ նրանցից ոմանք իրենց գաղթած նահանգներում գնել էին տներ ու հողեր, ուստի հնարավոր չեղավ նրանց նկատմամբ կիրառել հրամանն իր ամբողջ խստությամբ։ Սակայն տեղում մնացողներն ստիպված եղան պետական գանձարանին վճարել որոշակի գումար ու ստանալ անդորագիր։

Հուլիսի սկզբներին Մուրադը Էրզրումի շրջակայքում անցկացրեց զորահանդես։ Միացյալ բանակը… բաղկացած էր խիստ կարգապահ շուրջ երեք հարյուր հազար մարտիկներից» [19] ։ Էրզրումից թուրքական բանակը Կարսի, Գյոկ-Կյումբեթի (Գեղանիստ) վրայով եկավ ու պաշարեց Երեւանը։ Ամբողջ մի շաբաթ պաշարողների հրետանին կրակ էր տեղում պաշարված քաղաքի վրա, քանդելով նրա կավե պարիսպները։ Երեւանի հողե պարիսպները, Ժ. Բ. Տավերնիեի սրամիտ արտահայտությամբ, ավելի շուտ կարող էին քանդվել անձրեւից, քան թե թնդանոթից [20] ։

Երեւանի պաշարումն ու գրավումն ահա թե ինչպես է ներկայացնում իր ընթերցողներին Ռիկոն։ Սուլթանը, ասում է նա, իր ենթականերին «…ծանոթացրեց իր նպատակադրումները, այն է՝ պաշարել Երեւանը։ Նա ավելացրեց, որ եթե տասն օրվա ընթացքում քաղաքը չգրավվի, ապա քառասուն հազար մարդկանց թողնելով պաշարման գծում, ինքը իր բանակի մնացորդով ներխուժելու է Պարսկաստան։ Բանակը բաժանելու է երեք մասերի եւ ուղարկելու է տարբեր երեք ուղղություններով։ Անմիջապես վրանները դրվեցին, ռազմական ճամբարը կազմվեց, թմբուկները զարնվեցին, խրամատները փորվեցին, պաշարումը սկսեց։ Ամիրգունայի հրամանատարության ներքո գտնվող (Երեւանի) կայազորը բաղկացած էր տասնհինգ հազար մարդուց։ Ամրոցը ապահովված էր ամեն տեսակի զինամթերքով, այնտեղ չէին պակասում ոչ սննդամթերքը եւ ոչ էլ արիասիրտ պաշտպանները։ Այսուհանդերձ նա հանձնվեց իններորդ օրվա վերջին՝ պայմանով, որ զինվորները ու քաղաքաբնակիչները կենդանի կմնան եւ իրենց ինչքերը կմնան անձեռնամխելի։ Այս կամավոր անձնատվությունը, որը կատարվեց Պարսկաստանի ամենանշանավոր երեւելիների մեկի կողմից, առաջացրեց սուլթանի բարեհաճ վերաբերմունքը (Երեւանի) կուսակալի նկատմամբ, վերջինն էլ, իր հերթին, սկսեց ավելի ու ավելի կուրորեն հաճոյանալ նրան։ Այսպես նա մասնավորապես նրան հաճոյանում էր այդքան նշանակալի հաջողություններից հետո Մեծ Տիրակալի տված խնջույքների ժամանակ։ Կոստանդնուպոլիս ուղարկվեց Երեւանի գրավման լուրը Դոնալման (հանդիսությունները) նշվեց փառահեղ շքեղությամբ։ Նույնիսկ քրիստոնյա դիվանագետներին ստիպեցին մասնակցել հանդիսություններին այն պատրվակով, որ եթե իրենք հանդիսանում են սուլթանի բարեկամները, ապա պարտավոր են երեւալ եւ ցուցաբերել իրենց ուրախությունը նորին մեծության հաջողությունների նկատմամբ» [21] ։

Ռիկոյի այն հայտարարությունը, թե քաղաքի հարստությունները» իբր չպիտի հափշտակվեին թուրք զավթիչների կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Հակառակն են վկայում նույնիսկ թուրք պատմագրության ներկայացուցիչները։ Այսպես, պատմագիր Նաիման այդ մասին գրում է, որ սուլթանական դաֆթարդարները (ֆինանսական հաշվառուները) «…Ներսի ու դրսի բոլոր գույքերը, ինչպես եւ առկա ու պահված բոլոր հարստությունները հաշվառման ենթարկեցին ու վերցրեցին։ Նրանք հափշտակեցին իրենց համար անսպասելի այն գանձերն ու անհաշիվ հարստությունները, որ երեսուն տարվա ընթացքում կուտակել էին Երեւանի տիրակալն ու նրա հայր Ամիրգունա խանը։ Մտնելով խազինան (պետական գանձարանը) ու պահեստները (դաֆթարդարները) այնտեղ այնքան հարստություն ու մթերք հայտնաբերեցին, որ բանակին երկու տարի կբավարարեր» [22] ։

1657 թ. Քյոլնում հրատարակված ու Թուրքիայի պատմությանը վերաբերող մի աշխատության մեջ ասված է, որ «թուրքերը ոչ միայն չբավարարվեցին քաղաքի բնակչության կոտորածով, այլեւ ամենավայրագ ձեւով կենդանի կանանց մորթազերծ արեցին» [23] ։ Թուրքական բանակը Երեւանից Մարանդի վրայով շարժվեց դեպի Թավրիզ եւ սեպտեմբերի 12-ին մտավ եւ հրկիզեց քաղաքը՝ կողոպտելով ու կոտորելով բնակչությանը։ Հայաստանի վրայով արշավող թուրքական բանակի կատարած գազանությունների մասին ընդարձակ տեղեկություններ դարձյալ պահպանված են Ռիկոյի մոտ։ Ավելորդ չենք համարում բերել այդ վկայությունները։ «Պարսկաստան արշավելիս, գրում է նա, թուրքերն անզգուշորեն ընկան ծուղակի մեջ եւ հենց տեղում կորցրեցին յուրայիններից տասներկու հազար։ Սակայն այս անհաջողությունը չընկճեց նրանց կամքը եւ զորաբանակի մնացորդներով շարունակեցին առաջխաղացումը՝ ահռելի ավերածություններ սփռելով ամենուր, որտեղից որ անցնում էին։ Ահազանգված ու ահաբեկված գյուղական բնակչությունը ժամանակ էր գտնում փախչելու իր հետ տանելով ամենաթեթեւ անհրաժեշտ իրերը, մնացածը թողնելով թշնամու տնօրինմանը։Այսուհանդերձ, թուրքերը կանգնեցին չնախատեսված մեծ դժվարությունների առաջ։ Սրի օգտագործմանն ու հեծելավարժությանը հմուտ պարսկական հեծելազորը անվերջ հարվածներ էր հասցնում նրանց, մաս առ մաս ոչնչացնելով արյունալի ընդհարումներից հետո …Աշխարհի ամենաարգավանդ այս շրջաններում բնակչությունը դրանից հետո զրկվեց սննդամթերքից» [24] ։ Թուրքական բանակն ընկնում է սովի ճիրանների մեջ։ Մյուս կողմից, մոտալուտ ձմեռը սուլթանին ստիպում է անհապաղ նահանջել դեպի Դիարբեքիր, այնտեղից էլ մայրաքաղաք։ «Մուրադի հեռանալը, այնուհետեւ կարդում ենք Ռիկոյի մոտ, սրտապնդեց պարսիկներին։ Հազիվ էին թուրքերը դիմել նահանջի, երբ նրանք վերսկսեցին ռազմական գործողությունները եւ վերանվաճեցին կորցրած երկիրը» [25] ։ Շահ Սեֆիի կողմից շուտով պաշարվում է Երեւանը եւ գրավվում։ Հայերեն մի ձեռագրի հիշատակարանում Երեւանի պաշարումը շահ Սեֆիի կողմից թվագրված է 1635-ի դեկտեմբերի 15-ով, իսկ գրավումը՝ 1636 թ. մարտի 15-ով. «Ի թուին ՌՁԵ (1636) ի դառն եւ դիժար ժամանակիս, կարդում ենք հիշատակարանում, որ սուլթան Մուրատ թագաւորն ելաւ ի Բիւզանդիայ քաղաքէն եկաւ ի վերայ Արարատեան գաւառին յԵրեւան քաղաքն էառ, գնաց ի Թավրէզ աւերեաց, յուլիսի ամսոյ ելն քաղաքն էառ եւ դարձաւ։ Զաշխարհս վրդովեաց որ Վանայ երկիրն գարին ամառն ԺԵ (15) ղուռուշ եղեւ։ Դարձեալ պարսից շահն եկաւ անչափ հեծելուք ի վերայ Երեւանայ քաղաքին, դեկտեմբերի ամսոյ ԺԵ (15) քաղաքն ծեծեց մինչեւ ի մարտի ամսոյն ԺԵ (15) առաւ զքաղաքն» [26] ։ Ադամ Օլեարիուսի ու այլոց վկայությամբ, շահ Սեֆին Երեւանը նվաճում է մեծ կորուստների գնով։ «Թագավորը տեսնելով, որ չորս ամիս պաշարումից հետո ոչինչ առաջ չէր գնում, գրում է եվրոպացի հեղինակը, անհամբերությունն ու հուսահատությունը մղեցին նրան անձամբ գլխավորելու քաղաքի պաշարումը, ասելով, որ ավելի լավ է այստեղ մեռնել, քան թե ամոթալի նահանջի դիմել մի վայրից, որը սրանից առաջ թուրքերը գրավել էին երեք օրվա ընթացքում։ Նա արդեն հագել էր իր մի ծառայի հագուստը, որպեսզի չճանաչվեր ամբոխի մեջ եւ հարձակման հրաման էր արձակել, երբ իշխանները չհանդգնելով հանդերձ նրան հակաճառել, նրա իշխանուհի մորը աղաչեցին հասկացնել նրան, որ անհնարին էր ամրոցի գրավումը առանց ճեղքվածք բաց անելու, եւ որ պատահականությունը կարող էր նրա մահվան եւ ամբողջ բանակի ամոթալի կորստյան պատճառ հանդիսանալ։

Նա (մայրը) որպես պատասխան ստացավ վիրավորանք։ Եվ թագավորը մուրճը վերցրած ուզեց ուղիղ նետվել հարձակման։ Սակայն մեծամեծ իշխանները նետվեցին նրա ոտքը եւ աղաչեցին, որ իրենց տրվի եւս մի օր, որի ընթացքում նրանք վերջին ճիգերը կթափեին ամրոցը գրավելու համար։ Ամբողջ բանակը գործի դրվեց ու գրոհով գրավեց քաղաքը, բայց եւ տեղում կորցրեց ավելի քան հիսուն հազար մարդ (ընդգծումը մերն է— Մ. Զ. [27] ։ Բացի այդ Երեւանը գրավելու համար նույն Ադամ Օլեարիուսի վկայությամբ, սեֆյան զինվորները նետերի միջոցով ամրոց են նետել հեղձուցիչ թունավոր նյութեր, «…սրանք այն աստիճան վարակեցին օդը, որ ամբողջ կայազորը շարքից դուրս եկավ եւ ի վիճակի չեղավ պաշտպանել քաղաքը» [28] ։ Սա, հավանաբար, տեղի է ունեցել պաշարման վերջին օրերին, այլապես դիմադրությունը թուրքերի կողմից չէր կարող չորս ամիս տեւել։ Թե ինչքանով են հավաստի Ադամ Օլեարիուսի այս հաղորդած վկայությունները, որոնք, անշուշտ, քաղված էին իրանական աղբյուրներից, դժվար է ասել։ Մի քիչ այլ կերպ է նկարագրված շահ Սեֆիի կողմից Երեւանի գրավումը Ժ. Բ. Տավերնիեի մոտ։ «Մուրադը Երեւանում թողեց, գրում է նա, —քսաներկու հազարանոց մի կայազոր… Սակայն շուտով Պարսկաստանի թագավոր շահ Սեֆին մի մեծ բանակի հետ եկավ եւ ամրանալով քաղաքի վրա իշխող բլուրներից մեկի վրա, ութ թնդանոթների միջոցով կրակի տակ վերցրեց։ Թնդանոթները տեղակայված էին շատ կարճ ժամանակվա ընթացքում կառուցված մի փոքրիկ ամրոցի վրա։ Չորրորդ օրվանից սկսած նա ճեղք առաջացրեց եւ այս իշխանը, որն առաջներում չէր վայելում քաջի համբավը, առաջինը նետվեց հարձակման ու վերցրեց քաղաքը» [29] ։

Արեւելյան Հայաստանն ու Արեւելյան Վրաստանը վերանվաճելուց հետո, Ադամ Օլեարիուսի վկայությամբ, շահ Սեֆին Իրան բռնագաղթված հայերի եւ վրացիների մի մասին թույլ է տվել վերադառնալ հայրենիք։ «Միակ լավ արարքը, որ նա (շահ Սեֆին՝) կատարեց իր իշխանության ժամանակ, գրում է նա, այն էր, որ թույլ տվեց այս թշվառ մարդկանց, որոնց շահ Աբասը քշել էր Երեւանից, Նախիջեւանից, Շիրվանից եւ Վրաստանից, թվով՝ յոթ հազարից ավել մարդիկ, որոնց տեղավորել էր Ֆարրահաբադում, ուր նրանք աշխատում էին խոշոր կառույցների վրա եւ ապրում էին ողորմելի ստրկության մեջ, վերադառնալ իրենց տուն։ Եվ սակայն միայն երեք հարյուր հոգի կարողացան օգտվել այս առանձնաշնորհումից, քանզի մնացածները մահացել էին քաղցից ու թշվառությունից» [30] ։

Երեւանի գրավումից հետո շահական զորքերը նորից ասպատակում են Արեւմտյան Հայաստանի գավառները։ «Երբ թուրքական բանակը նահանջելուց հետո գտնվում էր Էրզրումում, գրում է Ռիկոն, լուր ստացվեց, որ պարսիկները պաշարել են Դիարբեքիրի կամ Հին Միջագետքի սահմանում գտնվող ու անմատչելի մի ժայռի վրա կառուցված, կարեւորագույն քաղաք հանդիսացող Վանը։ Քաղաքը պաշտպանվեց համառորեն, եւ պարսիկները չկարողացան տիրել նրան ոչ ուժով, ոչ էլ սովի միջոցով։ Սակայն պաշարումը նրանց թույլ տվեց ասպատակելու ամբողջ երկրամասը եւ այն աստիճան այն ավերելու, որ թուրքերը չկարողացան ոչ ձմեռել այստեղ եւ ոչ էլ սննդամթերք ձեռք բերել։ Այս անհաջողությանը հաջորդեց մի ուրիշը, որը (սուլթանի համար) նույնպես զայրացուցիչ էր, քանզի Մեծ Տիրակալը կորցրեց եւս տասնհինգ հազար մարդ։ Ոմն մի քուրդ պատճառաբանելով, որ ինքը Պարսկաստանի թագավորի կողմից հալածանքի է ենթարկվել, հանձնվեց թուրքերին։ Սկզբում նա նրանց բավականին օգտակար եղավ, առաջնորդելով նրանց (թուրքերին) վտանգավոր ու անծանոթ կածաններով։ Աննշան ծառայություններով նա այնպիսի հավատ վաստակեց, որ նրան համարում էին վստահելի անձնավորություն, որին կարելի էր հաղորդակից դարձնել կարեւորագույն հարցերի։ Կուրացած այդ հավատով, թուրքերը առաջնորդվելով (քրդի կողմից) շարժվեցին դեպի թշնամու ճամբարը։ Նոր էին մտել մի լեռնանցք, ընկան ծուղակի մեջ, իսկ նա միացավ պարսիկներին։ Այս դավաճանությունը պատճառ հանդիսացավ տասնհինգ հազար թուրքերի կորստին» [31] ։

Այս ռազմական գործողություններից առավել տուժողը, անշուշտ, հայ խաղաղ բնակչությունն էր։ «Եւ ի շարժմանէ այս երկուց ինքնակալ թագաւորաց, գրում է Առ. Դավրիժեցին, աւերեալ ապականեցան աշխարհք՝ արեւելք եւ արեւմուտք եւ մանաւանդ աշխարհն Արարատա իւր շրջակայ գաւառոքն» [32] ։

1637-1638 թթ. պատերազմական գործողությունների թատերաբեմը կրկին տեղափոխվեց Միջագետք։ Ի վերջո՝ Բաղդադն ընկավ թուրքերի ձեռքը (15 դեկտեմբերի 1638 թ.

Բաղդադի պաշարման ընթացքում սուլթանի հրամանով Էրզրումի կառավարիչ Քենան փաշայի զորքերն օգնական թաթարական զորքերի հետ միասին ասպատակեցին Արարատյան նահանգը։ «Դարձյալ յայսմ եւ թուին ՌՁԷ (1638), գրում է Գր. Դարանաղցին, կրկին զԵրեւան եւ զշրջակայ գաւառին գերեցոյց տաթարն, այլ յորժամ թագաւորն գնաց անհուն զօրօք դեպի կողմն Պաղտատու, հրաման արար տաթար խանին ամենայն զօրօք գնալ ի յԱրզրումն, իսկ տէր Արզրումին Քենան փաշան զօրագլուխ լիցի ամենայն զօրաց անդ հաւաքելոցն, զի միաբանութեամբ գնասցեն ի վերայ Երեւանա գաւառացն եւ գերեսցեն առհասարակ զամենայն հայք եւ զտաճկահաւատսն, եւ զամենայն անասունք զորս գտցեն՝ յաւարի առցեն, որպէս եւ արարին իսկ» [33] ։ Քենան փաշայի դեպի Երեւան կատարած ասպատակության մասին խոսում է նաեւ Ռիկոն [34] ։

Բաղդադը գրավելուց հետո սուլթան Մուրադ 4-րդը նպատակադրվել էր նորից հարձակվել Իրանի վրա, սակայն հրաժարվում է այդ մտքից, նկատի ունենալով մարդկային ու նյութական այն մեծ կորուստները, որ թուրքական բանակը ունեցավ Բաղդադի արշավանքի ժամանակ։ Բաղդադի գրավումից հետո, գրում է Ռիկոն, «…բանակի ընդհանուր ստուգումից հետո, նա (սուլթանը) նկատեց, որ այն նվազել է հարյուր հազար մարդով, որից երկու երրորդը սպանվել, իսկ մնացած մասը մահացել է համաճարակից եւ ճամբարում տարածված այլ հիվանդություններից» [35] ։ Ուստի եւ սուլթանը, այս անգամ ստիպված է լինում ունկն դնել թշնամու կողմից առաջ քաշված հաշտության առաջարկներին։ «Պարսիկներն ու թուրքերը հավասարապես ձգտում էին խաղաղության։ Առաջինները հոգնել էին մի պատերազմից, որը նրանց կործանում էր։ Մյուսները, այդքան կորուստներից հետո, երբ ի վերջո հասել էին հաջողության, չէին ուզում իրենց կայսրության փառքը դնել բախտի քմահաճույքին» [36] ։

1639 թ. մայիսի 17-ին Կասր-ե Շիրին կոչված վայրում երկու պետությունների միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, որի համաձայն վերականգնվում են 1555 թ. մայիսի 26-ի Ամասիայի հաշտության պայմանները։ Թուրքերին չի հաջողվում իրենց ձեռքում պահել Երեւանը։ Բանակցությունների ընթացքում նրանք համառորեն պահանջել են իրենց թողնել Արեւելքում ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող այդ վայրը։ «Գոյություն ուներ մի խոչընդոտ, դա էլ այն հարցն էր, թե ում է պատկանելու Երեւանը, գրում է դարձյալ Ռիկոն, որին հավակնում էին ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը։ Սակայն այդ խոչընդոտը հանվեց (թուրք) վեզիրի կողմից եւ Երեվանը մնաց պարսիկներին, իսկ Բաբելոնը (Բաղդադը) թուրքերին» [37] ։

Պատերազմից չարաչար տուժած հայ ժողովուրդը, բնականաբար, ուրախությամբ ընդունեց հաշտության լուրը։ «Փառք իւր առատ բարերարութեան, գրում է գրիչ Մարտիրոսը, 1639 թ., իւր առատ գթութեամբն գթութիւն ձգեալ ի սիրտս թագաւորաց վասն ողորմեալ հայոց ազգիս եւ արարեալ սահման ի խաղաղութիւն եւ բարիշութիւն։ Եւ ետուր թագաւորն արեւել(ե)ան Բաբելոնի բերդն ի ձեռն արեւմտյան թագաւորին եւ եղեւ բարիշութիւն հայոց ՌՁԸ (1639)» [38] ։ Պետք է ուրախանային, անշուշտ, հայերը, քանզի, ինչպես կարդում ենք Ժ. Շարդենի մոտ, «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունալի ճակատամարտեր Նա հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմը թուրքերի եւ պարսիկների մղած վերջին պատերազմներում։ Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն բաժանելով պարսիկների հետ, այդուհանդերձ նրանք տիրեցին նրա մեծագույն մասին» [39] ։

* * *

Հաշտության կնքումից հետո, եթե Արեւելյան Հայաստանում ստեղծվում են քիչ թե շատ խաղաղ պայմաններ եւ երկիրը, որոշ առումով, բռնում է վերելքի ուղին, ապա արեւմտահայ բնակչության քաղաքական անդորրը հաճախակի խանգարվում էր փաշաների հակակառավարական ապստամբություններով, ինչպես նաեւ Էրզրումի, Վանի փաշաների ու քուրդ ցեղապետերի ընդհարումներով, վերջիններիս թալանչիական արշավանքներով դեպի հայկական գավառներն ու, երբեմն, վանքերը եւ այլն։

1646 թ. Աբազա անունով մի ապստամբ, որն իրեն ներկայացնում էր որպես Էրզրումի նախկին կուսակալ, բարձրացրեց խռովության ալիքը եւ պատճառ հանդիսացավ արյունալի ընդհարումների [40] ։

Նույն թվականին սուլթանական կառավարության դեմ խռովություն է բարձրացնում Կարսի կառավարիչը։ Մեծ վեզիր Ահմեդ փաշան Էրզրումի կուսակալ Մուհամմեդ փաշային կարգադրում է ճնշել ապստամբությունը, սակայն վերջինս վախենալով, որ դա իր դեմ ուղղված թակարդ է, ապստամբում է եւ գալով Սեբաստիա՝ միանում է մեծ հռչակ ու հեղինակություն ձեռք բերած Զարդար Ալի փաշայի հակակառավարական զորքերին [41] ։ Վերջինիս ապստամբության շարժառիթների մասին Յոզ. Համմերի մոտ կարդում ենք հետեւյալը. «Շիտակ անձնավորություն հանդիսացող ու անկախությունը սիրող Ալի փաշան որոշեց իր ենթականերին ոտքի հանել օսմանյան բռնակալության անտանելի լծի դեմ։ Այլեւս չկարողանալով հանդուրժել հարեմի կանանց գերիշխանությունը, կառավարիչների անվերջ փոփոխության պատճառով անիշխանությունը, որ տիրում էր կայսրության մեջ, նա մի շարք կառավարիչների հետ համատեղ դիմեց (սուլթան) Իբրահիմին, որ նա հրովարտակ հրապարակի այն մասին, որ հետ այսու քաղաքացիական եւ վարչական բարձրագույն պաշտոնյաները փոփոխվելու են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ [42] ։

Կառավարությունը, դրան ի պատասխան, նենգության միջոցով սեպ խրեց ապստամբների շարքերում եւ դաժանորեն ճնշեց ապստամբությունը։

Հազիվ էր սուլթանը ճնշում մի ապստամբությունը, երբ այն սկսվում էր մի այլ վայրում, գերազանցապես հայաբնակ շրջաններում։ Պատճառը միշտ եւ բոլոր դեպքերում միեւնույնն էր՝ սուլթանական կառավարության բռնակալությունները եւ առանձին ֆեոդալների նկատմամբ վարած հալածանքի քաղաքականությունը։ «Հարեմական բռնակալությունը, սուլթանի անիմաստ պճնանքն ու մեծ վեզիրի բռնակալությունն աճում էին օրավուր» [43], գրում է Յոզ. Համմերը։ «Վաճառքի հանելով պետական պաշտոնները, այնուհետեւ շարունակում է նա, մեծ վեզիրը կառավարչության մեջ ստեղծել էր ավազակության մի համակարգ, որը եւ ծնունդ էր տալիս ամեն տեսակի չարաշահումների ու գազանությունների» [44] ։

Նույն այդ՝ 1646 թվականին Ակշեհիրի շրջանում ապստամբություն բարձրացրած Հայդար օղլին եւ Կաթըրջի օղլին իրենց խռովության շրջանակը ծավալեցին մինչեւ Ապարտա։ Ապստամբները, ինչպես վկայում է Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանը, սպառնում էին նույնիսկ մայրաքաղաքին։

Ընդ աւուրս ոմն Հայտար օղլի
զզօրաայս ընդ իւր ժողովեալ.
Եւ բազում անգամ փաշայք
վերայ երթան, զորս աւերեալ։
Ղաթըրճի օղլին խրոխտայր,
ուր հանդիպէրւ՝ զվնաս բերեալ,
Մուրատ փաշան պատգամ յըղէ,
որոյ բանիցն ոչ յաւանեալ։
Մուրատն ասեր. «Ցըրուես՝ ըղզօրսդ,
մանսուպ (պաշտոն) տացուք, լիցիս նըստեալ,
Եւ նա գայր մինչ յՈւսկիւտար
ընդ վեզիրին պատերազմ տալ [45] ։

Այս Կաթըրջի օղլին շուտով իր ապստամբ զորքերը միացնում է Նեբի Գյուրջի անվանված մի այլ ապստամբի զորբաների հետ, որոնք Փոքր Ասիայի տարբեր մասերում կողոպտում էին գյուղերը, ավանները ու առեւտրական կարավանները [46] ։ 1649 թ. ամռանն ապստամբ զորքերը մի քանի անգամ ծանր պարտության մատնեցին կառավարական զորքերին, սակայն, ի վերջո, ստիպված եղան զենքերը վար դնել։

1651 թ, հակակառավարական այս ապստամբություններից առանձնապես տուժեցին Վանն ու Վասպուրականը, որի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում Առ. Դավրիժեցին եւ այլ հայկական աղբյուրներ։ Այդ տարին, կարդում ենք Մ. Չամչյանի մոտ, «…գրգռեալ էր խռովութիւն ի կողմանս Վասպուրականի ի մէջ երկուց տաճիկ իշխանաց, որոց մին էր հրամանատար Վանայ երկրին՝ Հիւսեյին անուն, եւ միւսն իշխան Խոշաբայ բերդին՝ Սիւլեյման անուն, առ որ յարեցաւ եւ իշխան ոմն Չոմար անուն՝ անկեալ բդեշխութենէ՝ եւ ապստամբեալ ի թագաւորէն օսմանցւոց՝ այր անյաղթ եւ անգութ։ Երկոքին սոքա Սիւլեյման եւ Չոմար յարձակեալ զօրօք իւրեանց ի գիւղօրէս եւ յաւանս Հիւսեյին իշխանին՝ յաւարի առին զամենայն» [47] ։

Ապստամբ զորքերը, ինչպես դա արդեն սովորույթ էր, զբաղվում էին առեւտրական կարավանների կողոպուտով։ Նրանցից մեկի՝ Սուլեյման-բեկի մասին Առ. Դավրիժեցին գրում է. «…Եղեւ երբեմն զի զճանապարհորդ կարաւանս, որ ի Վանայ գնային ի Թարվէզ եւ ի Թարվիզու ի Վան, սա (Սուլեյման բեկը) զկարանաւանաց բեռինսն բռնութեամբ բանայր եւ որ ինչ իրաց եւ հաւանէր, սուղ ինչ գին ձգէր ի վերայ տիրոջն եւ կորզեալ ի տիրոջէն յինքն առնոյր զինչսն, եւ պատճառէր թէ գնով գնեցի» [48] ։

Այս Սուլեյման բեկն ու վերոհիշյալ Չոմարը համատեղ հարձակվում են Վարագա վանքի վրա ու կողոպտում նրա հարստությունները։ Ի վերջո, մի քանի տարի տեւած այս ապստամբությունները ճնշվում են։ Վանքի կողոպտված հարստությունը Վանի մեծահարուստ հայ խոջաները, եւ նախ եւ . առաջ, Մարխաս Չելեբին, այդ «…այր երեւելի եւ փարթամ»-ը քսակի ուժով գնում ու վերադարձնում են Վարագա վանքին։

1654 թ. ծանր ու մղձավանջային օրեր են ապրում նաեւ Բաղեշի ու նրա շրջակայքի հայ բնակիչները՝ Վանի կուսակալ Մելիք փաշայի եւ Բաղեշի ցեղապատ Աբդալ խանի զինված ընդհարումների ժամանակ։ Այդ մասին մանրամասն տեղեկություններ են պահպանված Վարդան Բաղիշեցու մոտ [49] ։ Ընդհարման համար գլխավոր պատճառն էր ջիզիե հարկի գումարի զավթումը քուրդ ցեղապետի կողմից [50] ։ Զինված ընդհարումն ավարտվում է Աբդալ խանի պարտությամբ։ Մելիք Փաշայի զորքերը մտնում են Բաղեշ եւ կողոպտում քաղաքը. «…իսկ զօրք փաշային մտին ի քաղաքն եւ յաւարի առին, եւ կողոպտեցին զքրիստոնեայս, եւ աստ էր տեսանել զաղաղակ եւ զողբն մեր, զի զբազումս սպանին, այսինքն քառասուն այր քրիստոնեայ սպանին» [51] ։

Այս դեպքերը հետեւյալ արտահայտությունն են գտել Երեմիա Քյոմյուրճյանի օսմանյան պատմությանը նվիրված աշխատության մեջ։

«Ի Պիթլիս քաղաք Մարաց
այն, որ Բաղեշն է կոչեցեալ,
Ապտալ խան ոմն անդ նստեր,
Ի վաղ ամաց մեծ օճաղ լեալ։
Օսմանցոց արքայք ոչ ոքն
զՆոսա նեղէ եւ կամ սպանեալ,
Վանայ ինչ սուղ պատճառաւ
ի մէջ զօրաց դաւ ինչ ցուցեալ։
Վանայ փաշայն կարծես էառ,
Վընասապարտ զնա գերացեալ,
Յանկարծ կոխէ զյար Ապտալին
եւ Իստամպօլ ըզնա յըշեալ» [52] ։

XVII դարի 50-ական թվականների վերջերին Փոքր Ասիայի եւ Հայաստանի տարածքի տարբեր մ ասերում առանձին ֆեոդալների հակակառավարական ելույթները նոր թափ ու նոր երանգ ստացան։ Դա կապված էր մեծ վեզիր Մեհմեդ Քյոփրյուլյուի հետամտած կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականության հետ։ Նա անխնա ոչնչացնում էր ամեն տեսակի կենտրոնախույս ուժերին, հաճախ ռազմական ընդհարումների թատերաբեմ դարձնելով Փոքր Ասիայի մերթ այս, մերթ այն մասը։

1657 թ. քաղաքական դեպքերին անդրադառնալիս, Մ. Չամչյանը գրում է. «Ի նոյն աւուրն հրաման յղեաց Եպարքոսն . Քյոփրյուլյուն) առ այլեւայլ Բդեշխօ կողմանց գալ ժողովել զօրօք առ ինքն՝ ի պատրաստութիւն պատերազմի ընդդեմ մաճառաց, եւ յանսաստ գտանիլ նոցա՝ իբրեւ սկսաւ փոխել զոմանս ի նոցանէ, ապստամբեցան բազումք թուով ութ եւ տասն, եւ եղեն ելուզակք, այսինքն՝ ճելալիք» [53] ։

Ելնելով աղբյուրների հաղորդած կցկտուր տեղեկություններից, կարելի է եզրակացնել, որ թուրք-իրանական սահմանը հաճախակի խախտվել է նաեւ 1639 թ. հաշտությունից հետո։ Հաճախ նման խախտումներն արդարացվել են ավազակախմբերին հետապնդելու իրավունքի պատրվակով։ Հայաստանում ճիզվիտ միսիոներների գործունեությանը նվիրված աշխատությունից իմանում ենք, որ թուրք-իրանական ընդհարումների պատճառով միսիոներներից ոմանք չեն կարողացել Երեւան մեկնել Բայազետի վրայով։ «Երբ նրանք (միսիոներները) գտնվում էին Բայազետի մերձակայքում, նրանց տեղեկացրին, որ Երեւանի խանը Բայազետի բեգի կամ իշխանի հետ պատերազմի մեջ է եւ որ նրանց վտանգ էր սպառնում գերեվարվել եւ կողոպտվել պատերազմող կողմերի որեւէ մեկի կողմից» [54] ։

1699 թ., Կարլովիցի հաշտության պայմանագրի կնքումից հետո, երբ Օսմանյան կայսրությունը Եվրոպայում մեծ տարածքային կորուստներ ունեցավ ու էապես թուլացավ, կենտրոնախույս խռովարար տարրերը Փոքր Ասիայի տարբեր մասերում նորից գլուխ բարձրացրին՝ ստեղծելով վերին աստիճանի ծանր իրավիճակ։ Հատկապես հաճախակի դարձան քուրդ բեգերի ապստամբությունները Քրդստանում եւ քրդական ազդեցության ոլորտի տակ ընկած արեւմտահայ գավառներում։ 1702 թ. մայիսին խոշոր ապստամբություն բարձրացրեց Շեհրիզորի քրդերի առաջնորդ Բեբե Սուլեյմանը։ Մեծ վեզիր փաշային միայն մեծ զոհողությունների գնով հաջողվեց ճնշել ապստամբությունն ու հաշվեհարդար տեսնել ապստամբների հետ [55] ։ Շուտով ապստամբություններ բռնկվեցին նաեւ Ուրֆայում, Մալաթիայում եւ այլուր, որոնք երկար ժամանակ լարված վիճակում պահեցին կառավարությանը։

Համաձայն հայկական աղբյուրների վկայությունների, նույն 1702 թ. քրդական ապստամբական ելույթներ են տեղի ունեցել Վանում ու Վասպուրականի տարբեր վայրերում՝ Արճեշում, Արծկեյում, Բերկրիում, Բաղեշում եւ այլուր [56] ։ Քրդական բեգերի ապստամբություններ Վանում-Վասպուրականում արձանագրված են նաեւ 1711 եւ 1715 թվականներին [57] ։

1703 թ. ենիչերիները գահընկեց արեցին Մուստաֆա 2-րդին։ Սուլթան հռչակվեց Ահմեդ 3-րդը (1703-1730), որը դաժանորեն հաշվեհարդար տեսավ իրեն գահ բարձրացրած «խռովարարների» հետ։ Լա Մոտրեյի վկայությամբ, մի քանի տարվա ընթացքում սուլթանի հրամանով սպանվեց ավելի քան 30 հազար մարդ։ Անընդհատ փոփոխվում էին մեծ վեզիրները։ Քաղաքական կյանքը երկրի ներսում շարունակում էր մնալ անկայուն եւ խռովահույզ։

Սուլթան Ահմեդի օրոք ռուս-թուրքական հարաբերությունները ծայր աստիճան սրվեցին։ Պալատական վերնախավի հետադիմական թեւը ձգտում էր ամեն գնով ետ վերադարձնել Կարլովիցի հաշտության պայմանագրով կորցրած տարածքը, այլ կերպ ասած՝ ծարավ էր պատերազմի։

Սուլթանական պալատի հետադիմական ուժերին ոգեշնչում էին օսմանյան մայրաքաղաքում Անգլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Նրանք Ռուսաստանին մեղադրում էին Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյաներին հովանավորելու մեջ։

Ռուսաստանի միջազգային հեղինակությունը XVIII դարի սկզբներին խիստ մեծացել էր։ 1696 թ. Ազովը գրավելուց հետո Ռուսաստանն արդեն աստիճանաբար մոտենում էր Կովկասին ու Անդրկովկասին եւ, բնականաբար, Թուրքիայի եւ Իրանի կողմից ստրկացված Անդրկովկասի ժողովուրդները, նախ եւ առաջ քրիստոնյաները, Հյուսիսի այդ նոր հսկային դիտելով որպես իրենց ամենահուսալի հովանավորն ու դաշնակիցը, օգնություն ու հովանավորություն էին հայցում նրանից։

1701-1703 թվականներին թուրքական տիրապետության տակ գտնվող Վրաստանում, Բոսնիայում, Չերնոգորիայում եւ Բալկանյան թերակղզու այլ վայրերում անվերջ ապստամբություններ էին տեղի ունենում ։

1711 թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը նոր ոգեւորություն առաջացրեց թուրքերի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդների մոտ, սակայն Պրուտ գետի ափին ռուսական զորքերի կրած անհաջողությունը նրանց ստիպեց առժամանակ հետաձգել իրենց փայփայած երազանքների իրականացումը։ Այնուամենայնիվ, առաջվա նման հայերն ու վրացիները շարունակում էին փրկություն սպասել Ռուսաստանից, որը մնում էր Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների միակ հովանավորն ու հետեւողական պաշտպանը։



[1]            Աբազա փաշայի ապստամբության մասին մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը…, էջ 191-220, նույնի՝ «Արեւմտյան Հայաստանը XVI- IVIII դդ. », էջ 160-173։

[2]            Histoire drs trois derniéres empereurs des Turcs", էջ 17։

[3]            Նույն տեղում։

[4]            Նույն տեղում, էջ 18։

[5]            Աբազա փաշան իրանական կողմի հետ հարաբերությունների մեջ է մտնում միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իր պարտությունն անխուսափելի է. նա երբեք էլ ապստամբության չի դիմել Իրանի կողմից դրդված, նրա նպատակը երբեք էլ չի եղել տապալել օսմանյան գահը։ Ավելի մանրամասն տե՛ս Մ. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը… էջ 197-199։

[6]            Հավանաբար, հեղինակը նկատի ունի մեծ վեզիր Խալիլ փաշային։

[7]            Ռիկոյի ողջ շարադրանքներից երեւում է, որ խոսքը գնում է մեծ վեզիր Խոսրով փաշայի մասին։ Տե´ս Ա. Կ. Զուլալյան, Ջալալիների շարժումը…, էջ 208-214։

[8]            Ricaut, էջ 39։

[9]            Նույն տեղում, էջ 41։

[10]          Նույն տեղում։

[11]          Նույն տեղում, էջ 52։

[12]          Voyage d'Orient du R. P. Philippe, էջ 39:

[13]          Ղ. Փիրղալեմյան, Նշխարք…, հ. Ա., 733, էջ 204բ-205ա։

[14]          Նույն տեղում։

[15]          Նույն տեղում։ Նախիջեւանի շրջակայքի ավերման ու ավարման, բնակչության գերեվարման մասին վկայում է նաեւ Հովսեփ Թացուեցի գրիչը. «Յանկարծ շարժեցաւ Օսմանլուն ի Վանայ, գնաց ի նախշուանայ երկիր, գրում է նա, քանդեցին, աւերեցին, զառ ու գերին բերին ի Վան, ի Մահմըտունք, ի Բերկրի ի յԱրճէշ, ի Պաղէշ ԴՌ (4000) ԵՌ (5000) հարիւր գերի բերին, թող ոչխար եւ տաւար։ Սուղ Փարթալ աւաղ զհայոց ազգս ի բերել Տաճկաց։ Ով կարէ պատմել կամ ընդ գրով արկանել զաղիողորմ հայոց ազգիս» . Ղ. Փիրղալեմյան, Նշխարք…, հ. Բ, էջ 413-415)։

[16]          Նույն տեղում։

[17]          Cantémir, Histoire ottomane, էջ 84։

[18]          Մատ., ձեռ. 5397, էջ 103բ։

[19]          „…Ces murailles n'estant que de terre la pluye y feroit plus de ma que le canon" (J. B. Tavernier, I, էջ 38)։

[20]          Նույն տեղում։

[21]          Ricaut, էջ 105։

[22]          „Tarih-i Nâima", I, էջ 264:

[23]          Vincent Stochow, L'Ottoman ou l'abrégé des vies des empereurs turcs depuis Ottoman I jusques à Mahomet IV à présent régnant, Cologne, 1657. p. 106.

[24]          Ricaut, էջ 106։

[25]          Նույն տեղում, էջ 107։

[26]          Ղ. Փիրղալեմյան, Նշխարք… հ. Ա, էջ 209ա-209բ։

[27]          Adam Oléarius, էջ 646։

[28]          Նույն տեղում, էջ 650։

[29]          J. B. Tavernier, էջ 40-41։

[30]          Adam Oléarius, էջ 646։

[31]          Ricaut, էջ 115։

[32]          Առ. Դավրիժեցի, էջ 317։

[33]          Գր. Դարանաղցի, էջ 579։

[34]          Ricaut, էջ 143:

[35]          Նույն տեղում, էջ 153:

[36]          Նույն տեղում։

[37]          Նույն տեղում, էջ 154:

[38]          Մատ., ձեռ. 7087, էջ 367բ:

[39]          Jean Chardin, II, էջ 158։

[40]          J. Hammer, X, էջ 129-130։

[41]          Նույն տեղում, էջ 145-146։

[42]          Նույն տեղում, էջ 139-140։

[43]          J Hammer, X, էջ 156։

[44]          Նույն տեղում, էջ 162։

[45]          Երեմիա Քյոմյուրճյան, Պատմութիւն…, էջ 241։

[46]          J. Hammer, X, էջ 212-213։

[47]          Մ. Չամչյան, Գ, էջ 643։

[48]          Առ. Դավրիժեցի, էջ 494։

[49]          «Մանր ժամանակագրություններ», հ. II, Երեւան, 1956, էջ 395-397։

[50]          Նույն տեղում, էջ 396։

[51]          Նույն տեղում, էջ 397։

[52]          Երեմիա Քյոմյուրճյան, էջ 275-276։

[53]          Մ. Չամչյան, Գ, էջ 668։

[54]          „Estat présent de l'Arménie", էջ 257։

[55]          J. Hammer, XIII, էջ 59։

[56]          «Մանր ժամանակագրություններ», հ, I, էջ 362։

[57]          Նույն տեղում, էջ 363։