Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատմութիւն Մովսէս Կաթուղիկոսին` սակաւիկ:


Որ ինչ վասն Մովսէս Կաթուղիկոսի` գրեալ է Առաքել պատմագիր ՚ի ծննդենէն մինչեւ ՚ի մահ նորա: Այլ մեք (ես) զոր ինչ լուաք ՚ի Յակովբ Կաթուղիկոսէն վասն նորա, աստէն բացայայտեցից: Զի որպէս եւ գրեալ է Առաքել պատմագիր, թէ` Մելքիսէթ Կաթուղիկոսն թշնամացաւ ընդ Մովսէս վարդապետին, եւ ասաց, ե'լ յայսմ աշխարհէ եւ գնա' աստի` ուր եւ կամիս: Եւ նա գնացեալ ՚ի Խնկելոյ-ձոր գեղ, որ այժմ ասի Ձորագեղ` մերձ ՚ի բերդն Երեւանայ, եւ անդ քարոզէր զբանն Աստուծոյ զՔրիստոս, մինչզի գտցէ ընկերս ինքեան, եւ ընդ նոսին գնալ յաշխարհն Յունաց: Այլ նորա բանն եղեւ ըստ հրամանի Փրկչին` որ ասէ, լուցեալ ճրագ ո'չ թագչի, եւ թէ` պատրոյկ կայծեալ ո'չ շիջանի. որ եւ եղեւ այս առ սուրբ վարդապետն Մովսէս` այսպիսի' պատճառաւ: Էր այր մի յԵրեւան քաղաքի` Յովհաննէս անուն, եւ ունէր կին Աճապ-խան անուն. եւ քոյրն Աճապ-խանին էր կին Ամիրգունա-խանին` Հուսմի-խան անուն: Եւ եղեւ ատելութիւն Աճապ-խանին ընդ առն իւրում Յովհաննիսի, որպէս թէ` չքնաղագեղ ընդ անգեղոյ, եւ մեծազգի ընդ անչգոյ: Եւ այպէս հանապազ պճրանօք եւ պռոտելով կայր, եւ ո'չ հաղորդէր ընդ առն իւրում. եւ խրատու քահանայիցն ո'չ անսայր, մինչեւ Խանն եւս խրատեաց զնա, եւ նա ո'չ լուաւ նմա: Եւ յաւուր միում գնաց Աճապ-խանն ՚ի Ձորագեղ, զի լուիցէ զքարոզս վարդապետին: Եւ վարդապետն ՚ի կարգ քարոզին` ասաց, կին` եթէ ելցէ յառնէ իւրմէ` շնայ. զայս բանս ասելով` պատմեաց սուրբ վարդապետն` ժողովրդեանն: Իսկ Աճապ-խանն իբրեւ լուաւ զայս, եւ էր (գուցէ հարկանէր) զգլուխն իւր Բ [2] ձեռամբ` եւ ասէ, վա~յ ինձ, զի եւ ես շուն կոչիմ: Եւ մինչ վարդապետն ասէր զքարոզն, նա մտախոհ լինէր վասն այնմ բանին: Եւ յորժամ վերջ արար զքարոզն` եւ արձակեաց զժողովուրդն, ասէ Աճապ-խանն ցերէցն` որ աջ տայր, ունիմ ինչ ասել վարդապետին. խնդրեմ ՚ի քէն` կացցես աստ, եւ քումդ բերանով խօսեցայց ընդ վարդապետին. եւ յորժամ ել վարդապետն, կինն անկաւ յերկիր եւ համբուրեաց զոտս նորա, եւ հեծեծանօք ասաց զյանցանս իւր: Եւ երջանիկ Վարդապետն աստուածային բանիւն խրատեաց զնա. եւ ՚ի վաղիւն կոչեաց զայր նորա, եւ յանձն արար միմեանց, զի կացցեն երկիւղիւն Աստուծոյ` զգուշութեամբ: Եւ լուաւ Ամիրգունա-խանն` եւ ասէ, ես բազում անգամ խրատեցի զքենին իմ, եւ նա ո'չ լուաւ ինձ. եւ արդ` զի՞արդ եղեւ հաշտիլ նորա: Եւ ասեն, խրատովն Մովսէս վարդապետին եղեւ: Ասէ Խանն, կոչեցէ'ք զնա, զի տեսից զնա, թէ որպիսի՞ այր է նա, որ այս բարի համբաւս լսեմ: Եւ յորժամ ետես, սիրեաց զնա քան զչափն առաւել: Եւ այս եղեւ սկիզբն, որ ծանօթացաւ Շահին. որ եւ եղեւ Կաթուղիկոս: Իսկ Յովհաննէսն եւ Աճապ-խանն մնացին առ միմեանս ժամանակ ինչ, եւ յետոյ հրամանաւ վարդապետին հրաժարեցան ՚ի միմեանց սիրով: Յովհաննէս գնաց ՚ի Սեւան կղզին, եւ եղեւ միայնակեաց: Իսկ Աճապ-Խանն առեալ զդուստրն իւր Լուկիա` եւ մտին ՚ի վանս Կուսանաց. եւ եղեւ ՚ի կարգի հաւատաւոր կանանցն. եւ Աճապ-խանն անուանեցաւ Աթանասիա: