Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դարձ Կաթուղիկոսին յԷջմիածին` եւ լինիլ ՚ի դիպահոջ:


Մինչ էր Կաթուղիկոսն Յակոբ ՚ի Կոստանդնուպօլիս, միւս Աբաս խանն էր յԵրեւան, եւ եկն փոխանակ նորա Սաֆի խանն` ազգաւ Լակզի: Սա ՚ի գալն իւրում` երեւեցոյց զինքն լաւ յաչս ամենայնի. բայց յետոյ եղեւ չար. եւ յաւուր միում ելեալ գնաց ՚ի զբօսանս, եւ եհաս մինչեւ ՚ի ծովն` զոր Կաթուղիկոսն արարեալ էր, ետես զծովն եւ զայգին, եւ զգեղեցկութիւն վայրացն, ցանկացաւ նմա. եւ առաքեաց առ Աթոռակալ Մատթէոս վարդապետն, եւ խնդրեաց զտեղին: Իսկ Աթոռակալն պատասխան արար, թէ ո'չ կարեմ տալ. զի տէր դորա է յԱշխարհին Հայոց, գուցէ եկեսցէ` եւ անարգանս եւ նախատինս արկցէ` մինչեւ լինիմք կատակ: Զայս իբրեւ լուաւ, ՚ի խոր խոցեցաւ, եւ որպէս զսլաք եմուտ ՚ի սիրտն նորա: Եւ եղեւ գալ Յակոբ Կաթուղիկոսին յԱթոռն իւր ՚ի սուրբ Էջմիածին. եւ գնացեալ առ խանն, եւ տարեալ ընդ իւր աղերս ըստ պատշաճին, եւ խօսեցան բազումս վասն աշխարհին Օսմանցւոց պատերազմին եւ վասն այլ բազում իրաց: Եւ եղեւ դարձեալ գալ խանին յԷջմիածին. եւ գնացեալ ՚ի զննին առ ծովն, այժմ եւս խնդրեաց խանն զծովս: Ասէ Կաթուղիկոսն, զիա՞րդ տաց զնա քեզ, քանզի կեանք մեր եւ կենդանութիւն` նա է ՚ի տեղի սերմանելոյ, եւ հանգստարան միաբանից մերոց: Ասէ խանն, փոխեա' զնա ընդ այգւոյ, եւ կամ վաճառեա': Ասէ Կաթուղիկոսն, մեք զնա վաղմ արարաք Էջմիածնի, այլ ո'չ գոյ հնար ելանել նմա ՚ի դրանէ նորա: Եւ աստ եւս խոցեցեաւ խանն. զի Բ անգամ արհամարհեալ ելեւ բան նորա. եւ հնարիւք կամէր յորոգայթ արկանել զԱթոռն: Եւ ապա յետ աւուրց գնաց Կաթուղիկոսն առ խանն` եւ ասէ, ես գնալ առ Շահն, եւ առնուլ հրաման ՚ի նմանէ վասն իմ: Ասէ խանն, դու մի' գնասցես, մեք աստի հոգասցուք զբանն քո: Ասէ Կաթուղիկոսն, գոյ պարտս ՚ի վերայ մեր բազում, գնամ ժողովել անտի` եւ հատուցանեմ զպարտսն: Ասէ խանն, աստ առցուք ՚ի վաճառականացն` եւ տացուք զպարտս քո: Ասէ Կաթուղիկոսն, եթէ առնումք ՚ի վաճառականաց, ուստի՞ հատուցանեմք նոցա. քանզի գոն եւ գործք մեր ՚ի դրան արքային, եւ վասն այնոցիկ եւս գնամ հոգալ: Զայս ասացեալ` ելեալ գնաց. եւ յետ աւուրց ել եւ գնաց, եւ եհաս մինչեւ ցԱստապատ: Իսկ իշխանն խորհեցաւ ՚ի մտի իւրում` եւ ասէ, ես բազում անարգանս ասացի նմա, մի' գուցէ երթեալ գանկատեսցէ յինէն առ Շահն ընդ այլ գանկատաւորացն, եւ փորձութիւն բերցեն ՚ի գլուխ իմ: Եւ վաղվաղակի առաքեաց զկնի նորա զինուորս` եւ ասէ, ուր եւ իցէ նա` գտեալ` ածէ'ք առ իս: Եւ գնացեալ զօրականացն յԱստապատ, եւ բռնութեամբ բերեալ հասուցին յԵրեւան, եւ ծանուցին իշխանին. Եւ կոչեաց առ ինքն` եւ ասէ, ես ասացի քեզ մի' գնալ, զի աստի հոգամք զգործն քո. արդ երթեալ նի'ստ յԱնապատն Երեւանայ, եւ ես հատուցից զպարտս քո: Եւ այսպէս ՚ի դիպահոջ արար զնա. եւ ետ պահապան նմա Աբաս-անուն ոմն տաճիկ, եւ պատուիրեաց նմա զգուշութեամբ պահել` զի մի փախիցէ: Իսկ Կաթուղիկոսն առաքեաց առ նա պատգամս խիստս` եւ ասէ, ես երթայի առ ոտս Շահին, եւ դու կալանաւոր արարեր զիս որպէս մահապարտ: Արդ թէ արժանի եմ մահու` սպան զիս, ապա թէ ոչ` ընդէ՞ր կամ ՚ի բանտի: Իսկ իշխանն առաքեաց առ նա` եւ ասէ, ոչ սպանանեմ զքեզ եւ ոչ արձակեմ, այլ այդր կաց մինչեւ մեռցիս: Եւ ինքն ժողովեաց զամենայն փարթամ եւ մեծատուն մարդիկ, եւ էառ ՚ի նոցանէ ՌՅ թուման դրամ. եւ պատճառ եդ` թէ աթոռին պարտն տամք, եւ յետոյ ձեզ հատուսցեն Էջմիածնի նստօղքն: Եւ պատրեաց զամենեսեան, եւ ինքն լափեաց, եւ ոչ ետ նմա փող մի: Եւ այսպէս արար զԿաթողիկոսն կալանաւոր, եւ ինքն կայր սնոտի յուսով: