Դրուագներ Հայաստանի պատմագրութեան (V-VIII դդ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԵՒՈՆԴ ՊԱՏՄԱԳԻՐԸ

Ամեն մի պատմագիր իր մտածելակերպով ու աշխարհայացքով իր իսկ ապրած դարաշրջանի արգասիքն է, նա արտահայտել է այդ դարաշրջանում իշխող գաղափարախոսությունն ու մտայնությունը։ Ղեւոնդ մատմագիրն էլ իր դարաշրջանի արգասիքն ու զավակն է։ Մի դարաշրջանի, երբ նրա հայրենիքն ու հարազատ ժողովուրդը մղձավանջային ու օրհասական ժամանակներ են ապրել։  Աշխարհակալության ձգտող հզոր հարեւանները Հայաստանին տիրելու, կողոպտելու, ավերելու, հայերին ոչնչացնելու եւ գերեվարելու համար, մրցել են իրար հետ, իրականացնելով անասելի գազանություններ ու վայրագություններ, հաճախակի պատերազմի թատերաբեմ դարձնելով երկիրը։ Արյան մեջ են խեղդել հայերի ամենափոքր ըմբոստություններն ու տրտունջները, երբ նրա նախկին ու նոր բռնակալները իրենց վարած նենգ քաղաքականությամբ հյուծել են Հայաստանի դիմադրողական ուժն ու մարտունակությունը։ Դարաշրջան, երբ պատմության թատերաբեմում հանդես էր եկել եւ իր սարսափները տարածել մի նոր հզոր գիշատիչ—արաբական խալիֆաթը։ Ահա արհավիրքներով հարուստ VII դարը եւ ծնել է Ղեւոնդ պատմագրին, որը եւ իր սրբազան պարտքն է համարել հետագա սերունդներին իրազեկ դարձնել իր եւ հարեւան երկրների կրած սարսափների ու արհավիրքների մասին, գրել ու թողել իր դարաշրջանի խատմությանը նվիրված գրավոր հուշարձան այդ դարաշրջանի պատմության ուսումնասիրության համար։

Ղեւոնդ պատմագրի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Այս կապակցությամբ Մ. Աբեղյանը նկատում է. «Հին շրջանում անհատն առանձին արժեք չուներ, գրագետ եկեղեցականները կրթվում էին ճգնավորական ոգով, արհամարհանք տածելով դեպի իրենց սեփական անձը: Իր մասին խոսելով իր գրքի մեջ՝ կհամարվեր ընդհանրապես խոնարհության հակառակ մի գործ: Դրա համար մենք, բացի սակավաթիվ բացառություններից, շատ բան չգիտենք գրեթե մեր բոլոր հին հեղինակների, նույնպես եւ այս պատմագրի վերաբերյալ: Միայն այսքանը կարելի է ասել, որ Ղեւոնդը եղել է եկեղեցական, ոմանք նրան վարդապետ են կոչում, ուրիշները` երեց: Իր գրքի վերջում դրված հիշատակարանից իմացվում է, որ իր աշխատությունը նա հրել է «Ի հրամանէ տեառն Շապոյ Բագրատունւոյ» [1]:

Մեր այս պատմագիրը հայ հին պատմագիրների մեջ այն բացառիկ երջանիկներից է, որին կասկածի տակ չեն առել, տեղահան չեն արել:

Ղեւոնդի երկը, որ մեզ է հասել, կրում է «Պատմութիւն Ղեւոնդէայ մեծի վարդապետի Հայոց յաղագս երեւելոյ Մահմեդի եւ զկնի նորին, թե որպէս եւ կամ որով օրինակաւ տրեցին տիեզերաց, եւս առաւել ագիս Հայոց» խորագիրը, ընդգրկում է 632 թվականից- Մահմեդի մահից մինչեւ 787 թվականը:

Ղեւոնդն էլ Սեբեոսի հման եկեղեցու, հոգեւորականության պատմություն չի գրել, եթե նրա Պատմությունից դուրս գցենք Օմար Խալիֆի եւ Լեւոն Գ Իսավրացի կայսրի դավանաբանական բովանդակությամբ նամակները, որոնք գրքի մեկ երրորդն են կազմում, ապա այն հիմնականում, աշխարհիկ բնույթի երկ է, նվիրված քաղաքական պատմության հարցերին, ավելի ճիշտ պատերազմների պատմությանը:

  Մահմեդի հաջորդից մինչեւ 774թ. իրադարձությունների մասին նա տվել է շատ համառոտ եւ ամփոփ ժամանակագրության ձեւով, 774 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի պատմությունը շարադրել է համեմատաբար ավելի հանգամանորեն, իբրեւ ականատես եւ ականջալուր: Ղեւոնդը ընդհնարապես գրավոր աղբյուրներ, որոնցից օգտվել է, չի հիշատակում: Իրադարձությունների մի մասի պատմությունը նա լսել է ճշմարտախոս անձերից, այդպիսի դեպքերում նշում է «ասում են, լսեցինք, սովորեցինք»:

Սահակ կաթողիկոսի ճանապարհորդության եւ մահվան կապակցությամբ գրում է. «ինչպես լսեցինք ճշմարտախոս մարդկանցից» [2]: Ղեւոնդը քննադատական մոտեցում չունի իր աղբյուրների, նկարագրվող դեպքերի եւ երեւույթների նկատմամբ: Մ. Աբողյանը ճիշտ է նկատում, որ Ղեւոնդն ընդարձակ պատմական հայացք չունի [3]: Նա չի հասկացել մի շարք կարեւոր իրադարձությունների դրդապատճառները եւ հիմնականում դրանք սխալ է բացատրել ու մեկնաբանել: Այսպես, չհասկանալով ստեղծված պայմաններում Թեոդորոս Ռշտունու՝ դեպի արաբները կողմնորոշվելու անհրաժեշտությունը, նրան վերագրել է դավաճանություն, որ իբրեւ թե Ռշտունին Սահակ Բագրատունու սպառնալիքից վախեցած՝ իր որդուն ուղարկել է նրա մոտ, եւ հրաման է տվել, թե  «նենգություն անել սիրելիներին եւ միաբանել թշնամիների հետ» [4], այսինքն՝ դավաճանել յուրայիններին եւ  միանալ թշամուն արաբներին:

Ըստ երեւույթին Ղեւոնդ պատմագիրն սկզբում մեծ հույսեր է դրած եղել Բյուզանդական կայսրության վրա, համոզված է եղել, որ նա իր հայրենիքը կազատագրի արաբներից: Դրանով պետք է բացատրել այն, որ կայսրության դեմ ամեն մի ոտնձգություն կամ ըմբոստացում նա դավաճանություն ու նենգություն է համարել:

Թեոդորոս Ռշտունին, գրում է Ղեւոնդը, հայտնել է բյուզանդական զորավար Պրոկօպիոսին, որ արաբներն իրենց վրա են հարձակվում, իսկ վերջինս արհամարհել է եւ ոչ մի ծոսք չի գրել հայոց իշխանին: Ռշտունին ցավելով հայրենիքի կորուստը եւ զրավարի ծուլությունը, հանգիստ չի ունեցել, երկար խորհելուց հետո հրամայել է իր իշխանության տակ եղած զորքերին դուրս գալ թշնամու դեմ: Հարձակվել են թշնամու վրա եւ նրանցից շատերին սպանել [5]: Արծափի ամրոցում տարած հաղթանակի կապակցությամբ էլ գրում է, թե իշխան Թեոդորոսը արագ հարձակվելով, իբրեւ խոյացող արծիվ, 600 հոգով հասել է թշնամուն, 3000 հոգի սպանել, կապվածներին արձակել, թշնամու մնացորդներին փածուստի մատնել, գերիներին վերադարձրել եւ ավարն ու թշնամու կողոպտածը վերցնելով խնդությամբ վերադարձել է [6]:

Սակայն հունական կողմնորոշում ունեցող մեր պատմագրին շատ է զայրացրել Ռշտունու կողմից արաբների հետ բանակցություններ վարելու եւ պայմանագիր կնքելու փաստը: Նա չի հասկացել կամ չի ցանկացել հասկանալ, որ նոր պայմաններում հայրենիքը ավերածություններից եւ ժողովուրդը բնաջնջումից փրկելու միակ ելքը մեծ հայրենասեր, հեռատես ռազմա-քաղաքական ականավոր գործիչ Թեոդորոս Ռշտունու նախաձեռնությունն է եղել, որը պատմիչը դավաճանություն եւ նենգություն է համարում, միայն այն բանի համար, որ նա հանդգնել է դուրս գալ կայսրության հպատակությունից:

Հետագա իրադարձությունները սակայն, շուտով հիասթափեցրել են Ղեւոնդին եւ փաստորեն նա հրաժարվել է բյուզնադական կողմնորոշումից:   Ուժերի նոր փոխհարաբերկցության պայմաններում, երբ արաբները վերջնականապես հաղթանակել են ու ստեղծել հզոր աշխարհակալ պետություն, Բյուզանդիան կորցրել էր վաղեմի փառքն ու հզորությունը, հյուսիսային ցեղերն էլ անընդհատ ասպատակել են Հայաստանը, Ղեւոնդն այլեւս հույս չի դրել կայսրության վրա, եկել է այն եզրակացությանը, որ հայրենիքին ու ժողովրդին նորանոր արհավիրքներ չպատճառելու համար, ստիպված պետք է հպատակվել արաբներին, չըմբոստանալ նրանց դեմ, այն ինչ իրականացրել էր «աշխարհի կորստով մորմոքվող» Ռշտունին եւ կշտամբանքի արժանացել պատմիչի կողմից: Ստեղծված անելանելի իրողությունն էր ի վերջո Ղեւոնդին հանգեցրել այդ եզրակացությանը:

Մինչ քաղաքական կողմնորոշման փոփոխումը Ղեւոնդը ապստամբությունը, ապստամբելը «անմիտ խորհուրդ» չի համարել, դրանից հետո է, որ ինչպես կտեսնենք, բոլոր դեպքերում նրա համար նման փորձերը անմիտ խորհուրդ են:

Այդ փոփոխումով պետ է բացատրել նաեւ Ղեւոնդի վերաբերմունքը դեպի Մամինկոնյանները: Երբ դեռ հույսը դրել էր կայսրության վրա եւ Մաիկոնյանները գլխավորել են արեւմտյան կողմնորոշումը, նա այդ տան ներկայացուցիչներին չափազանց գովում է: Գրում է, որ հայոց Գրիգոր իշծանն իր իշխանության ժամանակ Հայոց աշխարհը խաղաղեցրեց թշնամիներից եւ հարձակումներից, որովհետեւ այստծուց երկյուղ էր կրում, եղբայրասեր եւ օտարասեր էր, աղքատներին դարմանող [7]: Գրիգորից հետ եկող Մամիկոնյանները, որոնք արաբների դեմ ուղղված ապստամբական շարժումների նախաձեռնողներն էին, արդեն, ինչպես կտեսնենք «գայթակղիչներ» են, «անօրեններ»:

Հակառակ նրանց, Բագրատունիները, որոնք Ղեւոնդի սկզբունքով են ղեկավարվել, անձնապահ են, նենգությունից զգուշացող, գովելի:

Եթե VII դարում, երբ դեռ հայերի մեջ կար դիմադրողակամ պոտենցիալ ուժ, Սեբեոսը, կարծես, հույս ուներ օտարի լուծը թոթափելու, նախարարներին կոչ էր անում միաբանվելու, ուժերը համախմբելու, VII դարում, սակայն, Ղեւոնդը ստիպված էր ոչ միայն նման կոչ չանել, այլ ընդհակառակը, դատապարտել այն մարդկանց , որոնք անգամ ամենափոքր փորձ են արել միավորելու ուժերը, միաբանվելու ու ապստամբելու թշնամու դեմ։ Պատճառը ուժի պակասն էր, թուլությունն ու անվստահությունն իրենց իսկ ուժերի նկատմամբ։ Ղեւոնդն ասում է, հայոց զորքը նախարարների եւ իշխանի հետ երբ տեսան, թե ինչպիսի սաստիկ պատուհաս է իրենց վրա հասել, պատերազմողների ձեռքերը թուլացան ( չկարողացան հարձակվել թշնամու վրա), չնայած տեսնում էին, որ իրենց կանանց եւ երեխաներին գերության են տանում, չկարողացան, որովհետեւ թվով քիչ էին, չէին կարող դիմադրել թշնամուն, միայն նստել ու ողբում էին իրենց կանանց ու երեխաների համար [8] ։ Այս այն նախարարներն ու զորքերն էին, որոնց նախնիները, ըստ Եղիշեի, Բուզանդի կամ Փարպեցու, 30—40 հոգով թշնամու մի քանի հազարանոց բանակներն են ոչնչացրել կամ փախուստի մատնել։

Պատմիչ Ղեւոնդի գործող կերպարները հրաշքներ չեն գործում, դյուցազուններ չեն, այլ սովորական մահկանացուներ։ Անգամ այնտեղ, որտեղ Ղեւոնդը կարող էր եւ պետք էր, որ հպարտանար հայերի քաջությամբ, առանց որեւէ հրաշքներ վերագրելու նրանց, նա այդ չի անում , այլ աշխատում է պատճառաբանել թշնամու պարտությունը։ Նկարագրելով Վարդանակերտի ճակատամարտը եւ հայերի հաղթանակը, գրում է, թե հայերը թեպետ թվով քիչ էին, ընդամենը 2000 հոգի, սակայն նրանց սրերից թշնամուց շատերը սպանվեցին, եւ անմիջապես ավելացնում է, թե քանի որ օրերը ցրտաշունչ ու սառնամանիք էին եւ առավել եւս սաստկացնող դառնաշունչ օդը զրկում էր Իսմայելի զորքին իրենց արիական զորությունից [9] ։ Հայերի հաղթանակը ոչ թե նրանց քաջության արդյունքն էր, այլ թշնամու զորքերի մարտունակությունից զրկված լինելու։ Այլ խոսքով Ղեւոնդը ժամանակակիցներին հասկացնել է տվել, որ եթե այդպիսի օրեր չլինեին, նրանք չէին հաղթանակի, որովհետեւ թշնամին արիական զորություն ուներ։

  Ղեւոնդը Սեբեոսի նման շատ լավ հասկացել էր թշնամու հիմնական նպատակը, այն է՝ ոչնչացնել հայերի դիմադրողական ուժը՝ նախարարներին իրենց զորքերով, դրանով իսկ ապահովեն իրենց տրապետությունը: Վլիթ խալիֆն էլ Մորիկ կայսրի նման է մտածել, որ եթե նրանց չոչնչացնեն՝ իրենց իշխանությունը միշտ անապահով կլինի [10]: Վարդակերտում կրած պարտությունից հետո գալով նման եզրակացության, խալիֆը հրամայել է Մահմեդ զորավարին իրականացնել իր ծրագիրը, որը Ղեւոնդը «անիրավ հրաման» է համարում:

Ղեւոնդն ասում է, թե Վլիթից առաջ այդ ծրագիրը հղացել էր Մահմեդ զորավարի մոտ եւ երբ հայ նախարարներն իմացել են զորավարի «վատ խորհրդի» մասին, նրանք խորհել են, թե ինչպես փրկեն իրենց կյանքը, որոշել են թողնել հայրենիքը, գնալ հունաց թագավորի մոտ: Վասպուրականի նախարարներից ոմանք անջատվել են նրանցից եւ գնացել Վասպուրական, որպեսզի մի ոմն սուրբ, ընտրյալ եւ լի հոգեւոր իմաստությամբ մարդու հարցնեն, թե իրենք ինչպե՞ս վարվեն, ի՞նչ անեն:

Աշխարհի կորուստը, եկեղեցիների կործանումը, նախարարական տոհմերից զրկվելը ողբացող այդ մարդը ոչ մի խորհուրդ չի կարողացել տալ բացի այն, որ ասել է.   միայն անձնապահ լինել եւ զգուշանալ նենգությունից [11]:

Փարպեցու մոտ Վարդան Մամիկոնյանն էլ էր Տիզբոնում առերես ուրացությունից հետո որոշել թողնել հայրենիքը, հեռանալ Բյուզանդի, սակայն այն ժամանակ հայ նախարարները միաբանված, մեկ մարդու պես ստիպել են նրան ետ կանգնել իր այդ քայլից եւ գշխավորել ապստամբությունը: Ղեւոնդի մոտ ոչ միայն նախարարներին իրենց այդ որոշումից ետ կանգնեցնող չկա, այլեւ ընդհակառակը, նրանք, ինչպես տեսնում ենք, դիմել են սուրբ, ընտրյալ միայնակյացին. եւ ի՞նչ, Ղեւոնդը միայնակյացին հորինել է, որպեսզի նրա բերանով ասի իր կարծիքը, ծրագիրը ավելի համոզիչ դարձնելու համար: «Ընտրյալն» է ասել՝ ելքը միայն «անձնապահ լինել եւ զգուշանալ նենգությունից» եւ ոչ թե ինքը՝ պատմագիրը:

Խոսելով 760-ական թվականներին Ատրպատականի արաբների կողմից Վասպուրականին պատճառած արհավիրքների եւ հայերի դիմադրության մասին, պատմիչը որոշակի ասում է, թե շատերը զգուշանալով անձնապահ են եղել, քանի որ այն ժամանակ չեն կարողացել այդպիսի նեղությունը տանել: Հայոց նախարարներից ոմանք, լքել են իրենց ժառանգությունը եւ փախել Հունաց աշխարհը: Իսկ Գագիկը, որ Արծրունյաց տան տերն էր, իբրեւ չգտնելով փախուստի տեղ, գնացել ամրացել է Նկան ամրոցում, եւ իր մոտ հավաքելով Վասպուրական նախարարներին, իրենց հեծյալներով, գնացել ասպատակել է Ատրպատական աշխարհի կողմերը, այնտեղ նրանք ատծուն անհաճո գործեր են կատարել, անօրեններին նմանվելով, որ վայել չէր քրիստոնյաներին: Աշխարհից պահանջել էր հարկ բազում տագնապով, չարաչար տանջանքներով [12]:

Գագիկ Արծրունին «զգուշանալով, անձնապահ» չէր եղել եւ ոչ էլ լքել էր հայրենիքն ու փախել հեռացել: Նա իր հայրենիքը ներծուժած եւ արհավիրքներ պատճառող թշնամու դեմ անցել էր հակահարձակման՝ հայրենիքը պաշտպանելու եւ թշնամուց իր եղբայրների վրեժն առնելու նպատակով: Վասպուրականին ծանր պարտության մատնելով արաբներին, նա նրանց մնացորդներին հետապնդել է, ապա ներխուժել է Ատրպատական, հասել մինչեւ Հեր եւ Զարեւանդ եւ թշնամու հետ վարվել է այնպես, ինչպես նրանք են վարվել հայերի հետ՝ դաժանորեն հաշվեհարդար է տեսել: սակայն հզոր թշնամու դեմ երկար չի կարողացել պատերազմել, ստիպված նահանջել է, ամրացել Նկան ամրոցում, մեկ տարի դիմադրելուց հետո ի վերջո խաբեությամբ ձերբակալվել ու ուղարկվել է խալիֆի մոտ, ուր եւ մահացել է:

Գագիկի եւ նրա համախոհների հերոսական դիմադրությունը կոտրելուց հետո, արաբները նորանոր արհավիրքներ են պատճառել Վասպուրականին:

Գագիկի ծավալած մարտերը, սակայն, Ղեւոնդին չեն ոգեւորել, ընդհակառակը, նա դրանք աստծուն անհաճո գործ է համարել, վայրագ թշնամու հետ իր իսկ բնում հաշվեհարդար տեսնելը՝ քրիստոնյաներին ոչ վայել գործ:

Այդպես չեն դատել V դարի մեր պատմիչները: Նրանք մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ ներկայացրել են թշնամիների դեմ հայերի մղած ամենափոքր հերթոսամարտերը, թշնամիների երկրում Վասակի, Մուշեղի, Մանվելի, Սմբատի եւ ուրիշների փայլուն հաղթանակները: Նրանք բոլոր հաղթանակներն ու հերոսամարտերը համարել են ոչ միայն անտծուն հաճելի գործ, այլեւ աստծու կամքով ու օգնությամբ կատարված իրողություններ:

Գագիկ Արծրունին գործել էր Ղեւոնդի սկզբունքին հակառակ, այդ իսկ պատճառով էլ նա Գագիկի եւ նրա համախոհների գործունեեությունը անօրեններին վայել գործ է համարում: Պատմիչ Ղեւոնդի նպատակն է եղել ժամանակակիցներին ցույց տալ եւ համոզել, որ չհետեւեն գագիկներին, որ նման քայլերը նորանոր չարիքներ են բերում հայրենիքին ու ժողովրդին, որ պետք է համբերել, զգուշանալ, անձնապահ լինել, կամ թողնել հայրենիքը հեռանալ: սահակ կաթողիկոսի՝ արաբ զորավարին գրած նամակում էլ Ղեւոնդը հայ նախարարների ու ռազմիկների անունից արաբներին էլ հասկացնում, խորհուրդ է տալիս, թե եթե իմ ժողովրդի հետ խաղաղություն անես, նա քեզ կծառայի, հարկ տալով: Սուրդ հեռու պահի արյունից եւ ձեռքդ՝ ավարառությունից, եւ նրանք քեզ ամենայն սիրով կհնազանդվեն: Այնուհետեւ ասում է, որ բռնի դավանափոխ չանեք, իրավունք ունենանք պաշտելու մեր հավատը եւ, ավելացնում է, թե եթե խնդրածներս կատարես, տերը քո իշխանությանը հաջողություն կտա, եւ քո կամքի խորհուրդները կկատարվեն, եւ տերը բոլորին կհնազանդեցնի քո փեռքի տակ: Իսկ եթե չկամենաս լսել իմ խոսքերին, եւ իմ աշխարհին վնաս հասցնես, տերը կցրի քո ծորհուրդը, քայլվածքդ հաստատուն չի դարձնի, քո զորքերի սիրտը շուռ կտա՝ չկատարել քո կամքը եւ բոլոր կողմերից քո անձին նեղիչներ կահրուցի, եւ քո իշխանությունդ հաստատուն չի լինի [13]:

Ամեն ինչ անողը տերն է, աստվածը, չկա մարդը: Խաղաղության պայմաններում ըստ Ղեւոնդի, մարդը ի սրտե հնազանդվող է, բռնությունների դեպքում գործող անձն տերն է եւ ոչ մարդը:

Խոսելով 740-ական թվականների վերջին Գրիգոր Մամիկոնյանի գլխավորած ապստամբության մասին, Ղեւոնդը արդեն այն «անօգուտ խորհուրդ», «ապիրատության գործ» է համարում, իսկ մասնակիցներին՝ հանցավորներ, չարասերներ եւ այլն:

Օգտվելով խալիֆայության ներսում բռնկված ներքին խռովություններից, Անդիկովկասի ժողովուրդները ապստամբել են, հայերին գլխավորել է Գրիգորը: Սակայն ըստ Ղեւոնդի, Գրիգորը ապստամբել է ոչ թե արաբների լուծը թոթափելու, այլ իշխանությունը Աշոտ Բագրատունուց խլելու համար:

Այն ժամանակ երկրի բոլոր նախարարները խորհել են, գրում է Ղեւոնդը, հնազանդության լուծը թոթափել եւ ապստամբել. եւ այդ հորդորել է Գրիգորը, որը այդ խորամանկությունը նյութել էր Աշոտից իշխանությունը խլելու համար: Հայոց բոլոր նախարարները եկել են Աշոտ իշխանի մետ, ստիպել են նրան կամակցել եւ միաբանել «անօգուտ խորհրդին»: Տեսնելով նախարարների եւ նրանց այլուծիի միաբանությունը, որոնք «անօգուտ խորհրդի» կողմն էին, Աշոտը նախարարներին մեկ առ մեկ կանչել է իր մոտ եւ խնդրել չմասնակցել «ապիրատության» գործին: Պատճառաբանել է, որ դա խելացի մտածված գործ չէ, որ իրենք ուժ չունեն, թվով քիչ են, որ թշնամուն չեն կարող դիմակայել եւ երկիրը հանել «վիշապի բերանից», որ դրանով իրենք չարչարանքի եւ վտանգի կենթարկեն իրենց: Խրատել էր, թե մի արեք այդ բանը եւ շարունակեցեք հարկը վճարել եւ պահպանեք ունեցվածքը—այգիները, անտառները, եւ անդաստանները [14]: Եթե Նախիջեւանի եղեռնական դեպքից առաջ հայ նախարարները չտանելով արաբների լուծը, որոշել էն իրենց փրկելու համար լքել հայրենիքը, արաբներին թողնել իրենց բնակության տեղերը, այգիները, անտառները, անդաստանները եւ  գնան Բյուզանդիա, ապա դարի երկրորդ կեսին, երբ Բյուզանդիան թուլացել էր, եւ հայերը նրանից սպասելիքներ չունեին, Աշոտ Բագրատունին հայերի կյանքը եւ ունեցվածքը փրկելու միիակ ելքը հնազանդությունն է համարել: Այդպես է դատել պատմիչ Ղեւոնդը եւ իր կերպարների բերանով քարոզել այդ գաղափարը:

Ղեւոնդին քաջ հայտնի է եղել նախորդ դարերում Մամիկունյանների խաղացած դերը հայ ժողովրդի ազատագրական պայքարում, սակայն ժամանակները փոխվել էին, Ղեւոնդին հարկավեր է եղել նրանց ներկայացնել ոչ թե համազգային շահերի պաշտպանների, որ թե օտարի լծի դեմ ժողովրդի ուժերի համախմբողի ու կազմակերպչի, պայքարի դրոշակակրի դերում, այլ պաշտոնի, դիրքի ձգտողների:

Գրիգոր Մամիկոնյանը հնազանդության լուծը թոթափելու համար է ապստամբել, իսկ Բագրատունի Աշոտը դեմ է եղել ապստամբությանը, ելնելով անձնական շահերից:

Նախարարները անդրդվելի են մնացել եւ աշոտին ասել են, եթե չմիաբանի իրենց որոշմանը, նրա մոտ իր զորքերից ոչ մեկը, չի մնա, որ իրենք չեն կարող հաշտվել այն դառն վիճակի հետ, որում գտնվում է Հայոց երկիրը [15]:

Ղեւոնդին անհրաժեշտ է եղել ցույց տալ, որ այդ վճռականությունն ու միաբանությունը երկրին ոչ թե օգուտ է տվել, այլ նոր չարիքների առիթ: Եվ ահա, Աշոտը հարկադրաբար միացել է ապստամբներին եւ նրանք անցել են Տայոց երկիրը: Այնտեղ ասում է պատմիչը, ապստամբերի գնդին են խառնվել «հանցանքի» որդիները, որոնք չեն ճանաչել որ աստծու երկյուղը, ոչ իշխանների ահը եւ ոչ ծերերի պատիվը, այլ իբրեւ այլազգի եւ օտարացյալ՝ ասպատակել են, գերել իրենց եղբայրներին եւ ազգակիցներին եւ շատ ավարառություն արել, չարաչար տանջելով իրենց եղբայրներին: Դրա համար աստված քայքայել է նրանց միաբանությունը, եւ նրանց «ապիրատության գործը» հաջողություն չի ունեցել [16]:

Ղեւոնդն այստեղ էլ մեղանչել է պատմության առաջ, «հանցանքի որդիները», «այլազգիները», «օտարացածները» ոչ այլ ոք են եղել, քան պավլիկյանները [17], որոնք օտար բռնակալների դեմ կռվելու հետ մեկտեղ առաջ են քաշել նաեւ սեփական շահագործողների դեմ պայքարի հարցը, որպիսի հանգամանքը եւ վախեցրել էր ապստամբների շարքում անվճռական ու տատանվող նախարարներին, որոնք եւ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ դրժել են իրենց երդումը, լքել զինվորներին եւ դավաճանաբար ետ փախել Բարգեւանդ: Գրիգորը «իբրեւ լեռներով թռչող ագռավ», ասում է Ղեւոնդը, հասել է դավաճաններին, բռնել, կուրացրել է Աշոտին, «ամբողջ երկրի պարծանքին» [18], հավանաբար եւ մյուսներին:

  Ըստ Ղեւոնդի, Գրիգորը Աշոտից իր եղբոր վրեժն է լուծել եւ ոչ թե դավաճանության համար նրան պատժել, այդ մասին Ղեւոնդը լռում է։ «Հանցանքի որդիներին» նման ձեւով ներկայացնելու նպատակն այն էր, որպեսզի ցույց տա, որ Աշոտը ճիշտ էր, իսկ Գրիգորը սխալ, որի համար եւ աստծու դատաստանին է արժանացել։ Շատ օրեր հետո, գրում է պատմիչը, Գրիգորի վրա է հասել «աստծու դատաստանը նրա գործերին արժանի», որովհետեւ որովայնը ուռել է, սաստիկ ցավերից տառապել եւ այդպես «սատկել» է հիշատակ չթողնելով, չհիշվելով [19] ։

Ղեւոնդի համար «անմիտ խորհուրդ» է եղել նաեւ 774 թվականին Արտավազդ եւ Մուշեղ Մամիկոնյանների գլխավորած ապստամբությունը, ավելին՝ այն «վնասակար աղետի գործ» էր:

Նա ասում է, թե նախարարները տեսնելով Մուշեղի հաղթանակը, բոլորը միացել են «անմիտ խորհրդին», քանի որ կարծել են թե Իսմայելի իշխանության վերջը եկել է, մանավանդ առավել խաբվել են իրենց կարծիքի մեջ մի ոմն մոնոզոնից, որն ասել էր, թե արդեն մոտ է ձեր փրկության ժամը, կոչ էր արել ժողովրդին՝ վրեժ լուծել, «յազգէն Իսմայելի», վերականգնել «Թորգոմյան տան» թագավորությունը, որ ճիշտ է, իրենք քիչ են, բայց նրանցից ամեն մեկը հազարին կհալածեր, իսկ երկուսը՝ տաս հազարին:

Ղեւոնդը խիստ բացասաբար է տրամադրված մոնոզոնի նկատմամբ: Դյուրահույզ «ռամիկ ժողովրդին» իր կողմը գրաված եւ ժողովրդի կողմից «տեսանող» հռչակված մոնոզոնի քարոզը որակել է որպես սնոտի եւ ընդունայն մարգարեախոսություն, ամբոխը գրգռող եւ պատռող «տեսիլ սուտ» եւ «ըղձանք ի սրտից» եւ մոնոզոնին՝ խաբեբայ եւ մոլեկան առն [20]:

Հակառակ մոնոզոնի մարգարեությանը, Ղեւոնդը նորից մի Բագրատունու բերանով (Աշոտի), որ «էր այր խոհական հանճարով», «վնասակար աղետի գործին» չի միաբանել, այլ ապստամբներին համոզել է հրաժարվել վնասակար որոշումից, որ նրանք կայացրել են մոլեկան մոնոզոնի վնասակար քարոզից: Նա էլ է խորհուրդ տվել անձնապահ լինել։ Ղեւոնդը նորից իր ծրագիրն է առաջ քաշում, այս անգամ էլ այդ Աշոտի միջոցով։ Վերջինս նախարարներին ասում է․ թշնամին հզոր է, անթիվ զորք կա նրա ձեռքի տակ, զենքի անչափ պատրաստություն, բոլոր թագավորությունները, որոնք նրա իշխանությանը հակառակվեցին, բրուտի անոթի պես փշրվեցին, եթե հռրմեացիների (կարդա բյուզանդացիների— Լ․Բ․) թագավորությունը չկարողացավ ձեռք բարձրացնել նրա վրա, այլ սարսափահար դողում է նրանից եւ տերունական հրամանի դեմ չի հանդգնում, չէ՞ որ դուք տեղյակ եք հունաց արքայի զորությանը, նրա քաջությանը, զորքի բազմությանն ու պատրաստականությանը, մարտունակությանը, բայց նրա մտքով երբեք չի անցնում Հայոց աշխարհը նրա ձեռքից առնելու: Եթե այդ այդպես է, ասում է պատմիչը, դիմելով ապստամբ նախարարներին, արդյոք ու՞մ եք ապավինել, կամ ի՞նչ զորությամբ եւ ի՞նչ ուժով եք նրա անհաղթելի իշխանությամ դեմ դուրս գալիս: Ձեր օգուտը եւ աշխարհի կարիքներն ու խաղաղությունը ես տեսնում եմ: Ելքը հետեւյալն է. կամ ետ դառնալ, հնազանդվել նրանց եւ հանդարտվել ու ապրել խաղաղությամբ ձեր երկրում եւ կամ ընտանիքներով հանդերձ փախչել ձեր երկրից եւ լքել, թողնել ձեր հայրերի ժառանգությունը, ձեր բնակության տեղերը, անտառները, անդաստանները, ձեր հայրերի գերեզմանները եւ գնալ հունաց արքայի մոտ պանդխտության: Եվ կամ մի օր նեղիչների ձեռքը կընկնենք, եւ անախորժելի մահով ձեր կյանքից կզրկեն նրանք, քանի որ ես գիտեմ Իսմայելի իշխանի անաստվածությունը՝ չի հանգստանա մինչեւ չկատարի իր կամքը [21]:

  Այդ նույն Աշոտը, որ գտնվել էր Խլաթում, երբ արաբական զորքը ապստամբներին պատժելու նպատակով ժամանել է Խլաթ, այդ մասին տեղեկացրել է նախարարներին եւ կոչ արել նրանց, թե ուր էլ որ նրանք կան, մի տեղ հավաքվեն եւ ապրեն ու մեռնեն միմյանց համար [22]: Պատմիչը այստեղ հակասում է իրեն, նրա Աշոտը մի դեպքում պահանջում է նախարարներից հրաժարվելու ապստամբելու որոշումից, իսկ այս դեպքում՝ միաբանության կոչ է անում: Պատմիչի այդ հակասությունը բացատրելի է: Պետք էր ցույց տալ, որ եթե ապստամբները լսեին Աշոտին, պարտություն չէին կրի, կամ կմեռնեին միմյանց համար: Ապստամբները չեն վստահել նրան, թերեւս ճիշտ են հասկացել նրա նպատակը՝ դավող խորամանկությամբ ցանկացել էր պաշարումից փրկել քաղաքը եւ ցույց տալ, որ ինքն է իսմայելացիների մտերիմը [23]:

  Աշոտին չվստահողների վախճանը պարզ էր: Արճեշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը չարաչար պարտություն են կրել, հետեւակ զորքի, որ աշխարհազորայիններ էին, մեծ մասը կոտորվել էր, պատճառը՝ նրանք մերկ էին եւ առանց զենքի, պատերազմի փորձ չունեին, հմուտ չէին, թշնամին ցնծության մեջ է, Հայոց աշխարհը՝ ցավագին հառաչանքի մեջ, Աշոտը ճիշտ էր, հայերը ուժ ու զենք չունեին, թշնամին հզոր էր, անթիվ զորք ուներ միչեւ ատամները զինված: Ղեւոնդ այնուհետեւ նկարագրում է այդ դեպքերից հետո արաբական զորքերի պատճառաց արհավիրքները, ավերածություններն ու զանգվածային կոտորածները [24]:

«Բազմագլուխ հզոր վիշապին հնազանդվելու կոչ անող Ղեւոնդի հայրենասիրական զգացումները թելադրում էին նրան ընդգծելու, շեշտելու, որ ստեղծված պայմաններում, չնայած հայերը «նուազունք էին» նրանց ապստամբական փորձերը նորանոր չարիքներ էին պատճառում, սակայն «նուազունք» այդ հայերը քիչ սխրանքներ ու վնասներ չեն պատճառել հզոր թշնամուն»։

  Ղեւոնդը պատմում է, որ Կարինը պաշտպանող հայոց զորքը Արճեշի պարտության լուրն ստանալուց հետո, չնայած կարող էր անցնել հույների կողմը, եւ փրկել իր կյանքը, սակայն լավ է համարել մահը, քան տեսնել աշխարհի կորուստը եւ Քրիստոսի եկեղեցու անպատվությունը։ Նրանք թեպետեւ քիչ էին, սակայն ինքնակամ հոժարությամբ դիմել են դեպի վիշտը, թշնամին հաղթել է։ Քաջահաղթ նահատակները ոգեշնչել են միմյանց, ասելով՝ քաջությամբ մեռնենք մեր աշխարհի եւ մեր ազգի համար։ Եվ մինչեւ վերջը քաջաբար կռվել են [25] ։

Ղեւոնդի «Պատմության» մեջ այս ճակատամարտն է, որ «անմիտ խորհուրդ» չի համարված։ Թերեւս դա բացատրվի նրանով, որ հայոց այդ զորքը գլխավորել է սպարապետ Սմբատ Բագրատունին, որը հունաց կողմը չէր կարող անցնել, քանի որ Բագրատունիները հունական կողմնորոշման երդվյալ թշնամիներն էին եւ նրանց ուրիշ բան չէր մնում, քան ճակատամարտ տալ թշնամուն եւ շատերի հետ նահատակվել իր բարձակից նիզակակից Սահակի հետ։ Հավանական է, որ այս հանգամանքն է Բաբրատունիներին ջատագով պատմիչ Ղեւոնդին ստիպել մի պահ նահանջ կատարել իր սկզբունքից—քաղաքական ծրագրից եւ «անմիտ խորհուրդ» չհամարել այդ ճակատամարտը։ Ամբողջ VIII դարում արաբների դեմ ուղղված ապստամբություններին Բագրատունիների նախարարական տնից այդ երկու իշխաններն են, որ բացառություն են կազմել մասնակցելով այդ ճակատամարտին։

  Ղեւոնդի ազգային արժանապատվությունը պահանջում էր ցույց տալ, որ հայը ամենաօրհասական պահին երբեք չի խնայել իր կյանքը հայրենիքի ու ժողովրդի համար, անգամ այն պայմաններում, երբ համոզված է եղել, որ ելքը սեփական անձի կորուստն է։ Սակայն ստեղծված պայմաններում, երբ դեռ խալիֆաթը հզոր էր, պատմիչը նորից ստիպված է ողբալ երանելի քաջ նահատակների քաջագործությունների պատճառած ծանր հետեւանքները։ Նա ցավով գրում է, որ ապստամբությունը ճնշելուց հետո Հայոց աշխարհի ողբը եւ չարչարանքը սաստիկ ուժեղացավ, որովհետեւ մեծ առաջնորդները եւ պատվական զորագլուխները միաժամանակ հեռացան, ամբողջ երկիրը խոր տխրության մեջ ընկկավ՝ լալիս էին եւ ցավում հզոր եւ քաջ նահատակների մահը, քանի որ նրանց օգնությունից զրկվեցին, մատնվեցին գազանաբար թշնամիների ձեռքը։ Անգամ տեղ չկար, որ մարդիկ համարձակ ու ազատ արտասվեին եւ ողբային ննջեցյալներին [26] ։

 

***

 

Ղեւոնդ պատմիչի հայրենասիրությունը ավելի շատ եւ ավելի վառ դրսեւորվել է հայրենիքի եւ ժողովրդի դրության՝ օտար եւ տեղական իշխողների պատճառած սարսափների նկարագրություններում, քան ժամանակակիցներին, V դարի պատմագիրների օրինակով, հայրենիքի անցյալի փառքով դաստիարակելու, նախնիների սխրանքներով ոգեշնչելու մեջ։

Խորենացին էլ է ողբացել, սակայն նրա ողբը մի տեսակ մարտակոչ էր, Փարպեցին էլ է ողբացել, սակայն միաժամանակ հանդես է եկել ահեղ դատավորի դերում։ Ուրիշ էր Ղեւոնդի ապրած ժամանակը։ Նրան, որ փաստորեն քարոզում էր Բագրատունիների վարած քաղաքականությունը, նրան, որ իր «Պատմությունը» գրել է մի Բագրատունու հանձնարարությամբ, ուրիշ բան չէր մնում, քան ողբալ անելանելի վիճակը եւ միաժամանակ քարոզել, խրատել համբերատարություն եւ հնազանդություն։

Նախիջեւանի եւ Խռամի աղետի մասին գրելուց հետո, ցավով նկատում է, որ այն ժամանակ Հայոց աշխարհը զրկվեց նախարարական տոհմերից, հայերը թափուր մնացին ինչպես ոչխարը գայլերի մեջ։ Թշնամին անօրինակ չարությամբ հարձակվեց ժողովրդի վրա, աղետալի վիճակի մեջ էր պահում նրան։ Սարսափները չտանելով, երկրի բնակիչները ցավագին հառաչանքի աղաղակ էին բարձրացնում երկինք [27] ։

Խոսելով ծանր հարկապահանջության մասին, Ղեւոնդը վշտացած ու զայրույթով գրում է, որ Հայոց աշխարհի վրա խիստ ծանրացավ հարկապահանջության լուծը, քանի որ վայրենի թշնամու դժոխաձեւ ագահությունը չբավարարվեց Քրիստոսի հոտի ընտրյալների միսն ուտելով եւ նրան արհամարհողների արյունը իբրեւ ջուր խմելով, այլ ամբողջ Հայոց երկիրը գցեց անասելի աղքատության մեջ, երկրում վերջացավ արծաթ վաստակելը եւ ամեն մեկը տալով իրենց ունեցած-չունեցածը՝ իրենց անձի փրկության գինը չէին գտնում, եւ չարաչար տանջանքներով գելարաններով եւ կախաղաններով տանջում էին մարդկանց։ Շատերը փախչում էին, թաքնվում այրերում եւ կիրճերում, ոմանք ձյունահեղձ եւ գետավեժ էին լինում անտանելի աղետի պատճառով, որովհետեւ վաստակ չկար, որ վաստակեին, գտնեին պահանջվող ոսկի արծաթը, սակը—հարկը պահանջում էին ըստ տղամարդկանց գլխաթվի։ Նրանց, որոնք զրկվել էին իրենց ունեցվածքից , պարաններով կապում էին, աղքատացավ Հայոց երկիրը, առհասարակ աղքատության հնոցից ճաշակում էին նաեւ նախարարներն ու մեծամեծները [28] ։

Սրտի անհուն կսկիծով է գրում Ղեւոնդը այդ դառնությունների մասին։ Հայրապետներն արհամարհված են, եպիսկոպոսները ծաղրված, քահանաները՝ ծեծի եւ խոշտանգումների ենթարկված, իշխանները եւ նախարարները չարչարված ու քայքայված, ռամիկների բազմությունը չարաչար տանջանքների ենթարկված, ոմանց հարկապահության պատճառով սաստիկ փոկահարությամբ տանջում էին, ոմանց դառնաշունչ ձմռանը մերկացնում էին, լիճը գցում։ Չտանելով այդ բոլորը, երկրի զորագլուխները հեկեկում ու հառաչում էին [29] ։

Հարուն-ալ-Ռաշիդի դաժանությունների կապակցությամբ Ղեւոնդն ընդգծում է, որ այդ ժամանակ ոչ ոք իր ունեցվածքի տերը չէր, ամեն ինչ ավարի էր ենթակա, շատերը ինքնակամությամբ դիմում էին փախուստի։ Զրկվելով ամեն ինչից, մերկ եւ բոբիկ, սովամահների թվով 12 հազար տղամարդ իրենց կանանցով եւ երեխաներով փախել էին հունաց երկիրը ապրուստի միջոց գտնելու նպատակով [30], դառնությամբ արձանագրում է պատմիչը։

Սուլեյման ոստիկանը մարդկանց վրա անբառնալի ծանր լուծ էր դրել, հրաման էր տվել հարկը միանգամից գանձել։ «Սատանայի» այդ որդին [31] հրամայել էր կապարե կնիք դնել բոլորի պարանոցներին, ամեն մի կնիքի համար «պահանջել էր բազում գուզայս» մինչեւ մարդկանց հասցրել էր հետին սնանկության։

Ղեւոնդը դառնությամբ արձանագրում է, որ իր հայրենիքն ավերել են ոչ միայն արաբները, այլեւ հույներն ու հյուսիսային ցեղերը։

 

***

 

Այս բոլորից հետո, հասկանալի է, թե ինչպիսի ատելությամբ պիտի խոսեր եւ խոսում է մեր պատմագիրը արաբների մասին։ Նա նրանց համարել է օձեր, վիշապներ, գայլեր, վայրենամիտ, անողորմ ազգ։

Բագրատունի աշոտների բերանով ասում է, թե չենք կարող մեր երկիրը հանել «վիշապի բերանից» [32] ։

Արաբ պաշտոնյան՝ «գայլի կերպարանք էր հագել-ստացել» [33] ։

Թեոդորոս Ռշտունին իր զորքով չէր կարողացել հասնել արաբական բանակին, որովհետեւ արաբները օդաթեւ արագությամբ հարձակվել են իբրեւ թեւավոր օձեր եւ առաջ շարժվել [34] ։

Գերի ընկած արաբ զորավարը խնդրել է չսպանել իրեն, ասել է քրիստոնյաները ողորմած են։ Վասպուրականի իշխան Սմբատի բերանով Ղեւոնդը նկատում է, որ ողորմությունը ողորմածներին է արժանի անել, իսկ դուք «անողորմ ազգ եք եւ ողորմության ոչ արժանի» [35] ։

Ըստ պատմիչի, արաբները նենգ են ու խարդախ։ Նախիջեւանի եւ Խռամի եկեղեցիներում բանտարկված հայ նախարարներից արաբ զորավարները շատ ոսկի ու արծաթ են պահանջել, խոստանալով այն ստանալուց հետո նրանց կենդանի թողնել եւ ազատ արձակել, սակայն պահանջվածը ստանալուց հետո բոլորին սպանել են [36] ։

Իր ատելությունն արտահայտելու նպատակով Ղեւոնդը հորինել է Ճենաց թագավորի պատասխան նամակը արաբ Մահմեդ զորավարին, որը նամակով նրանից պահանջել էր հպատակություն հայտնել արաբներին։

Ճենաց թագավորը գրել է․ «Գիտասջիր, զի լիրբ քան զամենայն շուն իցես դու եւ ի տոռն պագշոտութեան վարանեալ եւ այդորիկ աղագաւ չար ցանկութիւն քո ի համբաւ գեղեցիկ կուսից իմոց խեղբս արկեալ՝ հարկեցոյց զքեզ դնել զանձն քո եւ զանձիս զօրացդ եկելոց ընդ քեզ, իբրեւ թե ոչ գոյին գերեզմանք ի Դամասկոս անձանց ձերոց։ Այլ արդ գիտասջիր, զի աշխարհս մեր ոչ է մտեալ ընդ հարկաւ ուրուք, եւ ոչ ես ի յանձին կալայց բայց թէ ընծայ յինէն  խնդրեսցես ըստ օրինի թագաւորաց տաց քեզ, եւ յուրացեալ երթիցես խաղաղութեամբ ի տեղի քո» [37] ։

Այնուհետեւ գրում է, թե ինչպիսի խորամանկությամբ Ճենաց թագավոր Ճենբակուրը, ջարդել է Մահմեդի զորքը եւ նա «կորագլուխ ամոթով» վերադարձել է [38] ։

Այսպես, ատելությամբ տրամադրված դեպի արաբ բռնակալները, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, հեռատես հայրենասեր պատմիչը գերադասել է ու քարոզել չըմբոստանալ նրանց դեմ, այլ անձնապահ լինել եւ զգուշանալ նենգությունից։ Ժամանակներն էին պահանջում այդպես մտածել ու գործել։

VII—IX դարերի մեր պատմագիրները, այդ թվում եւ Ղեւոնդը, որոնք քարոզել են համբերատարություն ու հպատակություն օտար տիրակալներին, սակայն աչք չեն փակել նրանց դաժանությունների եւ կամայականությունների  փաստերի նկատմամբ եւ այդ արել են նրա համար, որպեսզի հենց իրենց՝ այդ տիրակալներին ցույց տան իշխանության ոչ չափավոր օգտագործման վնասն ու չարիքը։

Ղեւոնդը, սակայն չի խորշել նաեւ դրվատական խոսք ասելու արաբ առանձին պաշտոնյաների մասին, որոնք հարկադրված, իրենց պետության ու անձնական շահերից ելնելով, աշխատել են սանձահարել արաբների չարաշահումներն ու բռնությունները, կողոպուտը։ Այսպես, Աբդլ-Ազիզ ոստիկանը խորագետ է եղել, լի երկրավոր իմաստությամբ, որովհետեւ իր իշխանությունը հաստատելուց հետո, հրովարտակով, կայսրության սահմաններում բնակություն հաստատած հայ նախարարներին, որոնք ապստամբության պարտությունից հետո հարկադրված ապաստան են գտել այնտեղ, համոզել է վերադառնալ Հայաստան եւ տիրել իրենց տիրույթներին։ Այդ ոստիկանը անիրավ հարձակումներից երկիրը խաղաղեցրել, Իսմայելի որդիների խրոխտացյալ անզգամությունը սաստիկ կշտամբանքով սահմանափակել է, վերաշինել է Դվին քաղաքը առաջինից ավելի հզոր ու ընդարձակ, ամրացրել պարիսպների մուտքերը եւ այլն [39] ։

Դրվատանքի խոսքի է արժանացել նաեւ Մրվան ոստիկանը, որը նույնպես սահմանափակել է բռնությունը, անիրավության գործը, մահվան է դատապարտել ավազակներին, գողերին եւ բարեկարգության թշնամիներին [40] ։

Ղեւոնդը դատապարտում է անազնվությունը։ Ապիրատություն է համարում այն հայ նախարարների արածը, որոնք կայսրության կողմից որպես բնակատեղի տրված Փոթի քաղաքի  գանձերը եւ եկեղեցիների սպասքը, Աբդլ-Ազիզի հրովարտակին վստահելով, հափշտակել են ու վերադարձել Հայաստան [41] ։

 

***

 

Ղեւոնդ պատմագիրն էլ, Սեբեոսի պես, համոզված է եղել, որ արաբներն իրենց արշավանքներն ու նվաճումները, տիրապետության հաստատումը կատարել են աստծու հրամանով։

Սահակ կաթողիկոսը Մահմեդ զորավարին գրած նամակում ասել է, թե ձեր Իսմայել հորը աստված է խոստացել եւ տվել տիեզերքը ի ծառայություն եւ ի հնազանդություն [42] ։

Ղեւոնդն էլ համոզված է, որ մարդկանց գործած մեղքերի համար աստված նրանց պատժում է։

Հրեաները, որոնք ըստ Ղեւոնդի, արաբներին հրահրել են աշխարհակալության եւ նրանց առաջնորդել են դեպի Հայաստան, արաբներին ասել են, թե աստված Աբրահամին է խոստացած եղել երկրի բնակիչներին տալ ի ծառայություն։ Բայց մեր նախնիների չարության վրա աստված բարկացել է եւ մեր թագավորությունը վերցրել է տվել ձեզ եւ մեզ մատնել ստրկական ծառայության [43] ։

Կոստանդնուպոլսում արաբական զորքերի խորտակումից հետո, Մսլիմն աղաչել է կայսրին իրեն չսպանել։ Ղեւոնդը գրում է․ տերը թշնամիներից վրեժխնդրությունը հատուցեց, Լեւոնի բերանով էլ ասում է․ թե իմ տերը դատեց եւ քո անօրենությունը քո գլխին բերեց-դարձրեց։ Կայսրը Մսլիմին ազատել է, որպեսզի նա գնա պատմի աստծու մեծամեծ զորությունների մասին, որ նա տեսել է [44] ։

Աստված վրեժ է լուծել արաբներից նաեւ Արծափ ամրոցում, նրանց գործած վայրագությունների համար։ «Ամենատես աստվածը անտես չառավ իր  հավատացյալներին, այլ վրեժխնդիր եղավ գործած չարիքների համար» [45], գրում է Ղեւոնդը։

Ըստ Ղեւոնդի, արաբ Հասան զորավարը եկել էր Հայոց երկիրը հնազանդեցնելու աստծու կամքով եւ ոչ իր, որովհետեւ աստված բարկացել էր հայերի վրա, դրա ապացույցն է նաեւ, ասում է պատմիչը, մորեխի, կարկուտի, երաշտի հաճախակի լինելը [46] ։

Հակառակ Սեբեոսի, Ղեւոնդն էլ V դարի պատմագիրներ Ագաթանգեղոսի, Բուզանդի, Փարպեցու նման դժվարության, օրհասական վիճակի, աղետի ելքը աղոթքն է համարել։ Նա Էլ նեղն ընկածներին աղոթեցնում է, եւ մեծ մասամբ աղոթքները դուրս են գալիս ծանր վիճակից, փրկվում են։ Աստված ամենակարողն է, նեղյալների ապավենը, վտանգի մեջ գտնվողների օգնականը, չարչարվածներին հանգստացնողը [47] ։ Աստված «կյանքի շտեմարան է» [48], Քրիստոսը աշխարհների փրկիչը [49] ։

Բյուզանդական Պրոկոպիոս զորավարը հաջող պատերազմելու, հաղթանակելու համար ապավինել էր ոչ թե աստծուն, այլ իր զորքի բազմության վրա եւ դրա պատճառով էլ չարաչար պարտվել է ու փախուստի դիմել, ասում է Ղեւոնդը։

Հրաշքներով, տեսիլներով, երազներով շատ չտարվող Ղեւոնդը, սակայն, ընդօրինակելով Սեբեոսին, հրաշապատում ձեւով է նկարագրում Կոստանդնուպոլսի պաշարումն արաբների կողմից եւ ազատագրումը։ Հիմնական նյութը վերցնելով Սեբեոսից, փոփոխելով կայսրի ու արաբ զորավարի անունները, յուրովի է պատմում։ Սեբեոսի մոտ կայսրը Կոստանդն է, զորավարը՝Մուավիան, Ղեւոնդի մոտ Լեւոնն է կայսրը, Մսլիմը՝ զորավարը։ Արաբական թիվ չունեցող հեծելազորը եւ հետեւակը ցամաքից, հզոր նավատորմը՝ ծովից պաշարել են Կոստանդնուպոլիսը։ Սիրտը խոցված Լեւոն կայսրը 3 օր շարունակ աղոթել է եւ հրամայել քաղաքի ողջ բնակչությանը նույնպես աղոթել։ Մսլիմը ստանալով կայսրի պատասխան նամակը, գազանացել է, հրամայել՝ սկսել հարձակումը։ Կայսրը կարգադրել է հայրապետին եւ քաղաքի ամբողջ բնակչությանը ջերմ հավատով իրենց մարտակից անել Քրիստոսի անհաղթելի եւ պայծառացյալ խաչը։ Կայսրը անձամբ վերցրել է խաչը եւ ամբողջ բազմությամբ գնացել է, բացել քաղաքի դռները, դուրս եկել քաղաքից, մոտեցել է ծովին։ Լեւոնը խաչը բարձրացրել է ջրի վրա եւ ասել․ «Օգնիր մեզ աստծու որդի Քրիստոս, աշխարհների փրկիչ»։ Սուրբ խաչի զորությունից ծովն անմիջապես ալեկոծվել է, սաստիկ նավաբեկություն է եղել, թշնամու զորքի մեծ մասն իր մահկանացուն է կնքել ծովում, մնացածին ալիքները նետել են Թրակիա, իսկ ոմանց էլ հեռավոր մի կղզի։ Իսկ նրանք, ովքեր այդ արհավիրքից ազատվել են, ցամաքի վրա են մնացել, սրի չեն քաշել, այլ պաշարել եւ թողել են, որ սովամահ լինեն, քանի որ ուտելիք չեն ունեցել։ Պաշարվածները ձիերը, ջորիները սպառելուց հետո, սկսել են հարճերին ու ծառաներին ուտել, այդ նրանց սովորությունն է եղել [50] ։ Խաչի զորությունը, իբրեւ թե, ոչնչացրել է թշնամու 500 հազարանոց բանակը։

 

***

 

Ի տարբերություն V դարի պատմագիրների, որոնք խարազանել են հայ հոգեւորականության մի մասի արատավոր կողմերը, Ղեւոնդն ընհակառակը, գովաբանում է նրանց, ցույց տալիս հոգեւորականության գործունեությունը եւ այդ գործունեության արդյունքները։

Տալով արաբների կողմից Ս․ Գրիգորի ուխտի գրավման պատմությունը, պատմիչը գրում է, որ նրանք տեսել են այնտեղ երեւելի եւ պատվական արդուզարդի վայելչությունը, որ ամբարել էին երկրի թագավորները, իշխանները ու նախարարները։ Քահանայական հրեշտակակերպ դասի կարգուկանոնը, վարդապետի եւ պաշտոնյաների բարեկարգությունը [51] ։

Երբ նախարարները իմացել են, որ խալիֆ Աբդլ Մելիքը հրամայել է Մահմեդ զորավարին՝ բազմաթիվ զորք վերցնել եւ գնալ Հայոց աշխարհը սրով ու գերությամբ նվաճել, վտանգը կանխելու նպատակով նրանք Սահակ կաթողիկոսին եւ նրա հետ մի քանի եպիսկոպոսների ուղղարկել են արաբների մոտ, որպեսզի բանակցեն նրանց զորավարի հետ։

Սահակը Խառան քաղաքում մահացել է, չտեսնելով զորավարին, սակայն մինչեվ մահը նամակ է գրել, որ հանձնեն նրան, ուր շարադրել է իր գալու նպատակը։ Նամակի բովանդակության մասին վերեւում արդեն ասվել է։

Մահմեդ զորավարը, ասում է Ղեւոնդը, Սահակի դիակի մոտ նամակը կարդակուց հետո, ասել է, որ իմացավ նրա իմաստության մասին իրեն գրած նամակից, քաջ հովիվի նման իր հոտի մասին հոգալով, շտապել է գալ ընդառաջ, չվախենալով իր սրից։ Մահմեդը որոշել է իր սուրը անմեղ մարդկանց վրա չբարձրացնի։ Խոստացել է կատարել Սահակի բոլոր խնդրածները եւ եթե որեւէ բանում ինքը սխալվի, նամակում գրած անեծքներեը թող գան իր վրա [52] ։

Այսպիսով, Ղեւոնդի նպատակը պարզ է՝ Սահակը փրկել է Հայաստանը ավերածություններից եւ ժողովուրդը՝ բնաջնջումից։

Ղեւոնդի մոտ հոգեւորականներից միակ բացասական տիպը Ստեփանոսն է, որ մեծ կաշառքով կարողացել էր տիրել կաթողիկոսական աթոռին եւ վատնել մայր եկեղեցու աթոռի ամբողջ ունեցվածքը [53] ։

Արաբական արշավանքների ու նվաճումների, արաբա-բյուզանդական հակամարտությունների՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին պատճառած չարիքների ու նրանց հետեւանքների, խալիֆների իշխած տարիների, արաբների ծանր հարկային քաղաքականության, հայ ազնվականության ոչնչացման, հայերի ազատագրական ապստամբությունների  եւ դրանց հետ առնչված հարցերի պատմության սուգապատւմ աղբյուր է Ղեւոնդի պատմական երկը, այն հիմնականում ականատեսի ու ականջալուրի ստեղծագործություն է։

Ղեւոնդի պատմական երկով ավարտվում է Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրությունը։ Այն IX դարում թեւակոխում է իր զազարգացման նոր փուլը։



[1]            Մ․ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, հատ․ 1, Երեւան, 1994, էջ 428։

[2]            Պատմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի Հայոց, Ս․ Պետերբուրգ, 1887, էջ 30։

[3]            Տե՛ս Մ․ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 429։

[4]            Տե՛ս Ղեւոնդ, էջ 13։

[5]            Տե՛ս նույն տեղում, էջ 7—8։

[6]            Տե՛ս նույն տեղում, էջ 11—12։

[7] Տե՛ս նույն տեղում, էջ 15։

[8] Տե՛ս Ղեւոնդ, էջ 10—11։

[9] Տե՛ս նույն տեղում, էջ 25։

[10]          Տե՛ս նույն տեղում, էջ 31։

[11]          Տե՛ս նույն տեղում, էջ 23—24։

[12]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 133—134։

[13]          Ղեւոնդ, էջ 29։

[14]          Տե՛ս նույն տեղում, էջ 121-122։

[15]          Տե՛ս նույն տեղում, էջ 122։

[16]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 123։

[17]          Р. Бартикян, К вопросу о павликианском движении в первой половине VIII в., см. Византийский временник, т. VIII, 1956, стр. 127.

              Ս․ Հակոբյան, Հայ գյուղացիության պատմություն, հատ․ 1, Երեւան, 1957, էջ 516-517։

[18]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 124։

[19]          Նույն տեղում, էջ 124։

[20]          Նույն տեղում, էջ 142

[21]   Տե՛ս Ղեւոնդ, էջ  142-144:

[22]   Տե՛ս նույն տեղում, էջ 145:

[23]   Տե՛ս նույն տեղում, էջ 146:

[24]          Տե՛ս նույն տեղում, էջ 148-152:

[25]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 148-150։

[26]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 151-152։

[27]          Տե՛ս նույն տեղում, էջ 35։

[28]          Տե՛ս նույն տեղում, էջ 135-136։

[29]          Տե՛ս նույն տեղում, էջ 137։

[30]          Տե՛ս նույն տեղում, էջ 168։

[31]          Տե՛ս նույն տեղում, էջ 167։

[32]          Տե՛ս նույն տեղում, էջ 122-123։

[33]          Տե՛ս նույն տեղում, էջ 163, 35, 166։

[34]          Տե՛ս նույն տեղում, էջ

[35]          Նույն տեղում, էջ 27, 137։

[36]          Տե՛ս նույն տեղում, էջ 34։

[37]          Նույն տեղում, էջ 38-39։

[38]          Տե՛ս նույն տեղում, էջ 39։

[39]          Տե՛ս նույն տեղում, էջ 35-36։

[40]          Տե՛ս նույն տեղում, էջ 114։

[41]          Տե՛ս նույն տեղում, էջ 36։

[42]          Տե՛ս նույն տեղում, էջ 29։

[43]          Տե՛ս նույն տեղում, էջ

[44]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 110-111։

[45]          Նույն տեղում, էջ 11։

[46]          Տե՛ս նույն տեղում, էջ 136։

[47]          Տե՛ս նույն տեղում, էջ 33։

[48]          Տե՛ս նույն տեղում, էջ 29։

[49]          Տե՛ս նույն տեղում, էջ 108։

[50]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 109-110։

[51]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 20։

[52]          Տե՛ս նույն տեղում, էջ 28-30։

[53]          Տե՛ս Ղեւոնդ, էջ 170։