Դրուագներ Հայաստանի պատմագրութեան (V-VIII դդ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԵԲԵՈՍԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Սեբեոս պատմագրի մասին էլ դժբախտաբար տեղեկություններ չեն պահպանվել: «Հայոց կանոնագրքից» իմանում ենք, որ նա մասնակցել է Ներսես Գ կաթողիկոսի ժամանակ 645 թ. Դվինի ժողովին եւ իբրեւ ութերորդ անդամ ստորագրել է «Տէր Սեբեոս եպիսկոպոս Բագրատունեաց»:

«Դվնա ժողովին ներկա լինելը, - գրում է Ստ. Մալխասյանցը, - թելադրում է կարծել թե նա մասնակցած կլինի դավանության թղթի հորինման, գուցե եւ գլխավոր խմբագիրը»:

Սեբեոսի ծննդյան եւ մահվան թվականները նույնպես հայտնի չեն, Ստ. Մալխասյանցը գտնում է որ եթե նա իր «Պատմությունը» վորջացրել է 661 թվականով, եւ մինչեւ 628 թ. Եղել է Պարսկաստանում, հավանական է նրա ծննդյան տարին դնել վեցերորդ դարի վերջին տասնամյակում, ուրեմն նա պատմությունը գրել է 70 տարեկան հասակում:

Մեր այս պատմագիրն էլ «Պատմությունը» գրել է ոչ իր նախաձեռնությամբ, այլ մի ավագ անձի  հանձնարարությամբ եւ կամ առաջարկությամբ:

Ստ. Մալխասյանցը ենթադրում է, որ այդ անձը կարող է լինել Բագրատունյաց իշխաններից մեկը, հավանորեն վերջինը, որին նա հիշում է «Պատմության» մեջ, Վարազտիրոցը: Այս ենթադրությունը ճիշտ պետք է լինի եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա իր երկում բավականին մեծ տեղ է տվել Բագրատունի իշխանների գործունեությանը:

Ի տարբերություն Խորենացու, որը նույնպես իր « «Պատմությունը» գրել է մի Բագրատունու առաջարկությամբ սակայն առանց իդեալականացնելու եւ առասպելաբանելու Բագրատունիներին, ընդահակառակը, հակառակ տիրող մտայնությանը նրանց ծագումը չի կապել Աստվածաշնչի հետ, այլ նրանց հրեական ծագում է վերագրել եւ չի խնայել քննադդատելու իր իսկ մեկենասին: Սեբեոսը սակայն, ոչ միայն փառաբանել է Վարազտիրոց Բագրատունու տոհմը, այլեւ իր ամբողջ «Պատմության» ընթացքում առասպելաբանել է միայն Բագրատունիների տան  ներկայացուցչին Սմբատին:

Սեբեոս պատմագիրն էլ քիչ չի զբաղեցրել հայ եւ օտարազգի բանասերների մտքերը: Բանավեճի հարց է եղել եւ ներկայումս էլ դեռ շարունակում  է մնալ այդպիսին  նրա «Պատմության» առաջին չորս գլուխների հեեղինակության հարցը, մնացած ամբողջ երկի հեղինակի խնդիրը, եւ դրանց հետ առնչվող մի քանի հարցեր:

Սեբեոսի «Պատմությունը» երկար ժամանակ կորած է համարվել: Միայն անցյալ դարի առաջին տասնամյակներում Հովհ. Շահխաթունյան եպիսկոպոսի Էջմիածնի ձեռագրատանը գտել է պատմական մի գրվածք առանց հեղինակի անվան եւ խորագրի: Ծանոթանալով ձեռագրի բովանդակությանը նա ենթադրել է որ այն «Սեբեոսի վաղուց կորած «Պատմությունն» է, ըստ այդմ էլ ձեռագիրը խորագրել է «Սեբեոսի եպիսկոպոսի պատմութիւն ի Հերակլն» եւ 1842 թվականին այն հրատարակել է:

Սեբեոսը իր «Պատմությունը» սկսել է այնտեղից, որտեղից իր երկը վերջացրել է Ղազար Փարպեցին, այսինքն Վահանի գլխավորած ազատագրական ապստամբությունից եւ հասցրել է մինչեւ 661 թվականը- Մուավիայի խալիֆ դառնալը: Շարադրանքի հիմնական մասը վերաբերվում է պարսկա-բյուզանդական հարաբերություններին, այդ պետությունների գահակալներին, նրանց եւ վերջիններիս զորավարների մղած պատերազմներին, արաբական արշավանքներին, քաղկեդոնականության հետ կապված կրոնական վեճերին: Բուն Հայաստանի պատմությունը, նրա ներքին կյանքը գրեթե չկա, կա այն չափով որչափով այն առնչվում է վերոհիշյալ իրադարձությունների հետ: Շատ համառոտ տրված է 481-484 թվականների Վահանի գլխավորած ազատագրական ապստամբությունը, Վահանից հետո Հայաստանում նշանակված պարսիկ մարզպաների անունները, հունական բաժնում հայերի մի երկու ապստամբական փորձերը, Վարազտիրոցի մարզպան նշանակվելը եւ գործունեությունը, Թեոդորոս Ռշտունու գործունեությունը, արաբների Հայաստան կատարած արշավանքները, մի քանի կաթողիկոսների ծավալած շինարարական աշխատանքները (Ավանի եկեղեցին, Հռփսիմեի տաճարը, Դվինի Ս. Գրիգոր եկեղեցին, Զվարթնոց տաճարը): Մի փոքր ավելի տրված են կրոնական հալածանքները, մի քանի կարեւոր թղթերի պատճեններ կապված բյուզանդական  կայսերի  հայերի նկատմամբ վարած կրոնական քաղաքականության հետ:

Պատմագրի մոտ հայերը հանդես են գալիս պարսկա-բյուզանդական եւ արաբա բյուզանդական հակամարտությունների թատերաբեմում իբրեւ երկրորդական, առանձին դեպքերում նաեւ գլխավոր դերակատարների դերում մե՛րթ պասիկների, մե՛րթ հույների կողմում:

Օգտագործած աղբյուրների մասին գրեթե ոչինչ չի ասում Սեբեոսը, հիմնականում նա ականատես, ականջալուր ստուգապատում աղբյուր է:

Արաբների արշավանքների մասին գրելուց հետո, նշում է թե « «զայս լուանք յարանց գերելուց ի Խուժաստան Տաճկաստանէ, որոց ինքեանք իսկ ականատես եղեալ պատմեցին մեզ զայս բան»»:

Սեբեոսի առանձին ակնարկենրից երեւում է որ տիրապետել է հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուներին եւ ժամանակի զարգացած ու հեղինակավոր հոգեւորականներից է եղել, շատ բանով զիջելով իհարկե հինգերորդ դարի իր գրչակիցներին:

***

Սեբեոս պատմագիրը քաջ գիտակցել է հայ պետականության անկումից հետո, աշխարհակալության ձգտող երկու պետությունների հակամարտությունների պայմաններում Հայաստանի համար ստեղծված ծանր ու անելանելի վիճակն եւ նրա դերն այդ հակամարտություններում: Նա միանգամայն ճիշտ բացահայտել է Հայաստանի եւ հայերի նկատմամբ այդ պետությունների վարած քաղաքականության էությունն ու վերջնական նպատակը: Այն ժամանակ գրում է պատմիչը հունաց Մորիկ թագավորը Հայաստանի իշխանների եւ նրանց զորքերի մասին ամբաստանական նամակ է գրել պարսից թագավորին, ասելով «Ազգ մի խոտոր եւ անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում եւ  պղտորեն: Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ եւ ի Թրակէ եթէ   գումարեմ, եւ դու զքոյք ժողովէ եւ հրամայէ   յԱրեւելս տանել: Զի եթե մեռանին թշնամիք մեռանին, եւ եթե սպանեն զթշնամիս սպանեն, եւ մեք կեցցուք խաղաղությամբ: Զի եթէ դոքա յերկրի իւրեանց լինիցին մեզ հանգչել ոչ լինի»:

Երկուսն էլ համաձայնվել են: Կայսրը հրաման է տվել, որպեսզի բոլորին հավաքեն եւ Թրակիա ուղարկեն եւ շատ է շտապել հրամանը կատարելու: Պատմիչը ասում է որ այդ հրամանից հետո կայսրության սահմաններում բնակվող հայ նախարարները, մանավանդ նրանք որոնց տիրույթնորը գտնվում էին Պարկաստանի տիրապեետության տակ, փախել  եւ մտել են պարսից ծառայության մեջ: Պարսից թագավորը բոլորին ընդունել է մեծարանքով եւ մեծամեծ պարգեւներով, քան նրանց կայսրն էր պարգեւում, մանավանդ որ տեսնում էր նրանց փախուստը կայսրից, առավել  եւս մեծ սիրով ցանկանում էր կորզել նրանց:

Պատմագիրը կայսրի այդ խորհուրդը նենգավոր է համարում եւ տալիս է նենգավոր այդ խորհրդի իրականացման ծանր հետեւանքները, դառնությամբ արձանագրում է որ կայսրը դարձյալ հրաման տվեց Հայաստանից հավաքել բոլոր տղամարդկանց եւ նախարարներից նրանց, որոնք ռազմունակ էին: Դրանից հետո նոր հրաման է տալիս շտապ կերպով Հայոց աշխարհից զորք հանել, գունդ կազմել եւ ուղարկել Թրակիա, թշնամու դեմ: Թրակիայում տեղի է ունենում մեծ պատերազմ, թշնամին բռնում է Հայոց զորքի հրամանատար Մուշեղ Մամիկոնյանին եւ սպանում է: Հայ նախարարներից եւ զորքից շատերը այդ պատերազմում զոհվում են:

Դրանից որոշ ժամանակ անց, նշում է Սեբեոսը, նորից հրաման տվեց Հայաստանից հավաքել երկու հազար ընտիր սպառազինված հեծելազոր տալ երկու հավատարիմ հրամանատարների եւ շտապ ուղարկել:

Երկու-երեք նախադասությամբ Սեբեոսը շատ դիպուկ բնութագրում  է պարսիկներին եւ բյուզանդացիներին: Մորիկ կայսրը Խոսրովի օգնություն ստանալու մասին խնդրանքի կապակցությամբ ցանկացել է իմանալ իր պալատականների կարծիքը: Վերջիններս նրան ասել են, թե արժանի չէ խնդրանքն ընդունել, որովհետեւ անօրեն ազգ են եւ բոլորովին սուտ, իրնց նեղն ընկած ժամանակ խոստանում են անել, իսկ երբ խաղաղություն են ձեռք բերում, չեն կատարում խոստացածը, ատում են, թող իրար սպառեն, եւ մենք հանգիստ կլինենք: Պատմիչն այսպիսով բացահայտում է արեւելյան եւ արեւմտյան բռնակալների ավանդական քաղաքականության էությունը: Հիրավի, պարսիկները դժվարությունների ժամանակ ամեն ինչ խոստացել են, բայց հենց որ իրենց գործերը հաջող են ընթացել, տված խոստումները մոռացել են, հայ ժողովուրդը քիչ չի տուժել այդ ստոր ու նենգ քաղաքականությունից:

Բյուզանդիան էլ փաստորեն իրականացրել է Հռոմեական կայրությունից ժառանգած «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Հռոմեական, հետո եւ բյուզանդական կայսրերը նույնպես քիչ չեն խաբել հայերին, ելնելով իրենց հենց այդ ավանդական սկզբունքից: Այս իմաստով չարաչար սխալվում է մեր պատմիչը, երբ պարսից Խոսրով թագավորի բերանով ասում է. Բյուզանդացիները քրիստոնյա են եւ ողորմած, եւ երբ երդվում են, երդումը չկատարել, ստել չեն կարող:

Եթե 5-րդ դարում հայ պետականության անկումից հետո, հայ նախարարների մոտ դեռ վառ է եղել ինքնուրույնության պահպանման համար միասնության, համախմբվածության անհրաժեշտության գիտակցումը, հայ առաջավոր մտածողների այդ թվում եւ պատմագիրների, անսահման հայրենասիրությունը ունեցել է քաղաքական նպատակասլացություն եւ մարտական ոգի, ապա  7-րդ դարում, Սեբեոսի ապրած ժամանակաշրջանում, այդ գիտակցումը կարծեք թե որոշ չափով թուլացել էր:

Պարկաստանի եւ Բյուզանդիայի, հայերի նկատմամբ վարած նենգ քաղաքականության պայմաններում, երբ գիշատիչ այդ պետությունները ամեն ինչ արել են կոտրելու հայերի դիմադրողական ուժը, երկրից դուրս են բերել ռազմական ուժերը, բնակչության մարտունակ մասը, նախարարների մեջ չի եղել միաբանություն, ընդհակառակը, տեղի են ունեցել անընդհատ դավաճանություններ: Սեբեոսի կերպարներից եւ ոչ մեկը փորձ չի կատարել, համախմբելու, միավորելու հայկական ուժերը: Նրանք ինքնամփոփ են, նրանք անասելի խիզախություններ են կատարել ոչ թե հայրենիքի, այլ տիրակալների փառքի ու հաղթանակների համար, նրանց առասպելական քաջագործությունների խթանող ուժը տիրասիրությունն է եղել եւ ոչ այնքան հայրենասիրությունը: Նրանց մոտ հայրենիք, հայրենասիրություն հասկացությունները երկրորդական պլանի վրա են դրվել:

Սեբեոսը եթե Վահան եւ Վարդան Մամիկոնյանների եւ նրանց գլխավորած ապստամբությունների նկատմամբ բարյացկամ է տրամադրաված եւ գոհունակությամբ է արձանագրում, ապա իր ժամանակների ապստամբական մի քանի փորձերը ներկայացնում է իբրեւ դավադրություն: Թրակիայում մեր կրած կորուստներից հետո կենդանի մնացած հայ նախարարները սկսել են միաբանվել եւ որոշել դուս գալ հունաց թագավորի հպատակությունից եւ սեփական թագավորություն ստեղծել, քանի որ միեւնույն է, նրանց էլ է հերթը հասնելու Թրակիայում մեռնելու, ուստի ավելի լավ է ապրել եւ մեռնել իրենց երկրի-հայրենիքի համար, սակայն ոչ բոլորն են համաձայվել դրան: Ոմանք նախարարների այդ որրոշման մասին հայտնել են կայսրին եւ իրենք այս ու այն կողմ փախել:

Կայսրի հրամանով Սմբատ Բագրատունին յոթ նախարարների հետ ձերբակալվել է ու տարվել կայսրի մոտ:

Սամվել Վահեւունի, Ատատ Խոռխոռունի, Մամակ Մամիկոնյան, Ստեփանոս Սյունի, Կոտիտ Ամատունյաց, եւ Թեոդորոս Տրպատունի նախարարները երկու հազար հեծյալերով, Ատրպատականի սահմանի մոտ հարձակվել են Պարսկաստանից եկող քարավանի վրա, որը բազում գանձ էր բերում Հայաստան, Բյուզանդիայից փախած եւ պարսիկների կողմն անցած հայ նախարարների համար իբրեւ պարգեւ, խլել են գանձը, շարժվել են դեպի Նախիջեւան: Նպատակ ունենալով այդ գանձերով հոներին իրենց կողմը գրավել եւ նրանցից ստանալ օգնություն եւ պատերազմել պարսիկների եւ բյուզանդացիների դեմ եւ բռնությամբ երկիրը վերադարձնել իրենց: Սակայն հասնելով Նախիջեւան նախարարների միաբանությունը քայքայվել է, միմյանց չեն վստահել, գանձը բաժանել են իրաի մեջ եւ բանակել Ճահուկ կոչված վայրում:

Ահա հայ պետականության վերականգնաման երկու մտահաղացում եւ ոչ փորձ, սակայն առաջինը դավաճաության, երկրորդը անմիաբանության հետեւանքով խափանվել են:

Ստեղծված այս պայմաններում պատմագիր Սեբեոսի վերաբերմունքը կարծեք բացասական է նման մարդկանց նկատմամբ եւ նա ստիպված հայտարարում է, թե կայսրի խոսքերը արդարացան, այսինքն եթե հայերը իրենց երկրում մնան, մեզ հանգիստ չի լինի: Ոմն Վահրամի՝ Մերհեւանդակ «իշխան արեւելից կողմանց աշխարհի պարսից», բերանով Սեբեոսը կարծեք կշտամբում է հայ նախարարներին իրենց անմիաբանության համար, հիշեցնում է նրանց նախնիների հայրերի գործերը, հայրենիքի երբեմնի սահմանները, Սասանյանների պատճառած չարիքները:

Վահրամն քաջագործություններ է կատարում, ապստամբում ու տիրում է Սասանյանների գահին, փախուստի մատնում Խոսրով թագավորին։ Ստանում է անհրաժեշտ օգնություն եւ պարկա-բյուզանդական, վերջինիս մեջ նաեւ հայկական, ուժերով շարժվում է Վահրամի դեմ։ Վահրամը նամակով դիմում է հայկական զորքի հրամանատար Մուշեղ Մամիկոնյանին, ասում, թե ես կարծում էի, որ երբ ես ձեր թշնամու դեմ կռվեմ եւ դուք այդ կողմից գաք ինձ օգնության, ես եւ դուք միանբանված մեջտեղից կվերցնենք տիեզերական պատուհասը, Սասանի տունը։ Իսկ դուք ահա հավաքված գալիս եք իմ դեմ պատերազմելու, որպես նրան օգնողի։ Դուք հայերդ, որ անտեղի տիրասիրություն եք ցուցաբերում, ո՞չ ապաքէն տունդ Սասանան եբարձ զերկիրդ ձեր եւ զտէրութիւն», Ինչո՞ւ ձեր հայրերը ապստամբեցին եւ նրանց ծառայությունից դուրս եկան եւ մինչեւ օրս էլ պատերազմում են ձեր աշխարհի համար։ Իմացած եղեք, եթե Խոսրովը հաղթի կայսրի հետ միաբանված ձեզ մեջտեղից կվերցնեն։ Բայց եթե ցանկանաք դրանից հեռանալ եւ միաբանվել ինձ հետ  եւ օգնություն տալ եւ եթե ես հաղթեմ, երդվում եմ մեծ աստվածներով, Հայոց թագավորությունը ձեզ կտամ եւ ում որ ցանկանաք թագավոր կնստեցնեք։ Ես Զարասպից այն կողմը չեմ անցնի, արյաց թագավորության գանձը կբավարարի ինձ եւ ձեզ, ձեզ ավելի շատ կլինի մինչեւ ձեր թագավորության հաստատվելը։

Եվ ի՞նչ․ Մուշեղը նամակը կարդում է, վախենալով իրենց անմիաբանությունից, նամակի մասին ոչ-ոքի չի ասում, բացի իր մտերիմներից։

Ինչպես տեսնում ենք, Սեբեոսը պարկական տիրապետությունը տիեզերական պատուհաս է համարում, իսկ կայսրությունը «լոյս աստուածասէր թագավորութիւն»։

Երբեմնի հայ ազատագրական պայքարի դրոշակակիրներ Մամիկոնյանների տան այս ներկայացուցչի- Մուշեղի պատասխան նամակը չափազանց խղճուկ տպավորություն է թողնում, նա գրում է,   թէ աստծուց-մարդասիրությունից է կախված, ում կամեցավ տվեց թագավորություն, եւ այնուհետեւ ահաբեկում է նրան, առանց անդրադառնալու Վահրամի նամակում գրված հիմնական խնդրին։ Վարդանի եւ Վահանի անարժան ժառանգին հայրենիքի ճակատագիրը չի հետաքրքրել, եւ ինչո՞ւ, որովհետեւ ինչ որ կատարվել է աստծու կամքով է կատարվել։ Նման պատասխանի պատճառը ոչ թե այդ էր, այլ ինչպես Սեբեոսն է հասկացնում, տիրասիրությունն էր։ Նա կռվելու է կայսրի հրամանով վերջինիս հովանավորողին պաշտպանելու նպատակով, հետեւապես Վահրամին դրական պատասխան տալով, նա կայսրի կամքին հակառակ կգնար։ Դեպի Բյուզանդիա հակված Սեբեոսն այլ կերպ չէր կարող վարվել, իր հերոսին հակադրեր կայսրի կամքին, սակայն միաժամանակ խիստ անհրաժեշտ է համարել ժամանակակիցներին հասկացնելու, որ բոլոր չարիքների պատճառը անմիաբանությունն է, որ անցյալում չի եղել եւ դրա համար նրանց հայրերը հաջողություն են ունեցել։ Ահա այդ նպատակով էլ պատմիչը մեջ է բերել  Վահրամի նամակը։ Հայրենասեր պատմիչը դառնությամբ բացականչում է, թե բոլոր ազատները անմիաբան լինելով հայոց երկիրը կորցրին: Մինչ դեռ երկրորդ Վարդանի ժամանակ այդպես չէր, ասում է նա եւ ընդգծում է, որ Վարդանը ամբողջ հայության հետ միաբանված դուրս եկավ պարսից հպատակությունից, ծառայությունից: Ժամանակները փոխվել էին, եթե Վարդանի ժամանակ այդ միաբանությունը ծառայում էր ժողովրդի շահերին, ապա Սեբեոսի ապրած օրերում միաբանությունը հայ  նախարարները ծառայեցնում էին իրենց անձնական շահերին, ի վնաս հայրենիքի ու ժողովրդի:

Արաբները ցուրտ ձմռան պատճառով Հայաստանից հեռանում են, Հայաստանի երկու բաժնի նախարարները հավաքվում են մի տեղ, հաշտվում են միմյանց հետ, միաբանվում եւ որոշում, այլեւս իրաի մեջ սուր եւ արյունահեղություն չլինի: Ձմեռը խաղաղ անց են կացնում, որպեսզի, հեգնանքով ու դառնությամբ ընդգծում է Սեբեոսը, «շինականներին ապրեցնեն»: Քանի որ Թեոդորոս Ռշտունին հիվանդ էր եւ գտնվում էր Աղթամար կղզում, ի վիճակի չէր տեղից շարժվել եւ խորհել: Նախարարները երկիրը բաժանում են միմիյանց մեջ եւ ըստ իրենց հեծյալների թվի, ոսկու եւ արծաթի հարկապահանջներ նշանակում:

Պետք էր տեսնել, սրտի խոր կսկիծով բացականչում է մեր հայրենասեր ու ժողովրդասեր պատմիչը, աղքատության աղետը, մարդկանց փախուստի եւ թաքնվելու տեղ չկար, ոչ էլ երկրում գթություն, այլ ինչպես մեկն ընկնի ծովը եւ դուրս գալու ելքն չգտնի:

Ահա հայ նախարարների միաբանության արդյունքները: Հայաստանի օրհասական պահին նրա ճակատագրի համար չէ, որ կյանք էր կոչվել նրանց այդ միաբանությունը, այլ իրենց իսկ ժողովրդին կողոպելու նպատակով: Սեբեոսը դրանով իսկ ցույց է տալիս, թե նախարարները ինչպես էին հոգում հայրենիքի ու ժողովրդի մասին, ինչպես էին շինականներին ապրեցնում:

Սեբեոսի գործող կերպարներից բացառություն է կազմել միայն Թեոդորոս Ռշտունին, որին իսկապես անհանգստացրել  հայրենիքի ճակատագիրը եւ նա լինելով հեռատես ռազմաքաղաքական գործիչ, ստեղծված պայմաններում, արտաքին ուժերի նոր հարաբերակցությունից ելնելով, ստիպված կողմնորոշվել է դեպի արաբները, հակառակ մեր հունասեր պատմագրի կամքին: Սեբեոսը ընդհանրապես բարյացկամ չէր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ոտնձություն են կատարում կայսրության դեմ, այդ պատճառով նա Ռշտունուն ապստամբ է համարել, իսկ քանի որ Ռշտունին հակաքաղքեդոնական էր բավարարվել է միայն այդ պիտակով:

Սեբեոս պատմագրի վիճակը բավականին դժվարին է եղել: Նա անհաշտ հակաքաղքեդոնական է, դավանանքի հարցերում անզիջում հույների հանդեպ, իսկ քաղաքացիական-քաղաքական հարցերում հակված է դեպի հույները: Միաժամանակ հակաքաղքեդոնական լինելու հանգամանքը թելադրել է նրան բարյացկամ վերաբերմունք ցուցաբերել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր լուսավորչական քրիստոնյա էին: Նա ատել է պարսիկներին ու արաբներին, բայց դա չի խանգարել դրվատական խոսքեր ասել պարսից արքա Խոսրով Անուշրվանի մասին, որը դավանանքի ազատություն էր տվել:

Խոսելով Թեոդորոս Ռշտունու եւ Մուավիայի միջեւ կնքված դաշինքի մասին Սեբեոսը գրում է, որ հայերը ապստամբեցին, հունաց թագավորի հպատակությունից դուրս եկան եւ մտան Իսմայելի թագավորի ծառայության տակ, մահվան եւ դժոխքի հետ ուխտ եւ դաշինք կնքեցին: Թեոդորոս Ռշտունին հայոց բոլոր իշխանների հետ թողեց աստվածային դաշինքը:

Այդ նույն Թեոդորոս Ռշտունու մասին մինչ այդ դաշինքը նա գրել է, թե բայց միայն աստվածասեր ու քաջ Ռշտունյաց իշխանը- Թեոդորոսը շտապ իր կողմերի զորքերը հավաքել էր ու գիշեր-ցերեկ զգուշացել էր ըստ իր քաջ իմաստության եւ քիչ վնաս չէր հասցրել թշնամիներին:

Խոսելով Մուավիայի տված խոստումների մասին, որին Սեբեոսը «Նեռի արբանյակ» է համարում գրում է, Նեռի արբանյակը հայ նախարարներին այնպես էր իր կողմը գրավել ու հեռացրել հույներից, որ չնայած կայսրը նրանց շատ աղաչանք պաղատանք էր գրել եւ կանչել իր մոտ, սակայն նրանք չեն լսել նրան: Կայսրը ասել է. Ես կգնամ Կարին, դուք եկեք ինձ մոտ, կամ ես գամ ձեզ մոտ, տամ օգնություն ձեզ, ռոճիկ եւ միասին խորհենք, թե ինչ անենք, ինչպես վարվենք, սակայն, դժգոհությամբ ավելացնում է պատմիչը, նախարարները անդրդվելի են մնացել, չեն  ցանկացել կայսրին լսել:

Հունասիրությունը մի կողմից, եւ մյուս կողմից արաբների նկատմամբ ատելությունը, հարկադրել են մեր պատմագրին մեղանչելու պատմության առաջ: Հայտնի է որ արաբական առաջին իսկ ներխուժուների ժամանակից, չնայած հայերի բազմաթիվ խնդրանքներին, անհրաժեշտ քանակով զորք ուղարկելու Հայաստան, կանխելու արաբների ասպատակությունները, կայսրությունն անուշադրության էր մատնել եւ բավարարվել մի փոքր կայազոր թողնելով, այն էլ վճռական պահերին նահանջել էր մարտից, լքել հայերին:

Սեբեոսը Հայաստանին տիրած պետություններին գազաններ է համարում ասելով, թե երանելի Դանիելը մարգարեաբար կանխագուշակել էր հայերի սպասվող արհավիրքները: Չորս թագավորությունները, որոնք ասպատակելու ու տիրելու էին Հայաստանին, գազանների ձեւով է ներկայացրել: Առաջին գազանը արեւմտյան թագավորությունն է, որը չարությամբ առավել է քան բոլոր թագավորությունները եւ ուտելու է բոլոր երկրները:

Աստվածաբանական պատմական համըմբռնումն իր ավարտական ձեւակերպումը ստացել է  Դանիելի չորս, մեկը մյուսին փոխարինող բռնատիրական ու շահագործողական թագավորությունների մասին, գրքի մարգարեություններում: Այդ չորս թագավորություններից հետո գալու է հինգերորդ, հավերժական  աստավծային թագավորությունը:

Չնայած չորս միապետությունների տեսությունը ծագել է Պարսկաստանում, Դանիելի գրքի գրելուց քիչ առաջ, բայց հատկապես  Աստվածաշնչի այդ հեղինակի ձեւակերպան մեջ եւ դրա մեկնաբանողի  սուրբ Հերոնիմոսի միջոցով պատմության պարբերացումը ըստ չորս թագավորությունների, դարձել էր ամբողջ միջնադարի ընթացքում պատմության աշխարհայացքի հիմնաքարը:

Ըստ այդ համըմբռնման, չորրորդ միապետությունը կործանելու է մեսիայի(Աստծու օծյալի- Քրիստոսի) հանդես գալուց հետո, իսկ «հավիտենական» աստվածային թագավորության հաստատմանը նախորդելու է մեռյալների հարություն առնելը: Այդ երկու իրադարձությունները նշանավորելու են ամբողջ մարդկային պատմության վերջը:

Այդ համըմբռնման հետագա զարգացումն էլ ավելի խորդրդապաշտական ոգով է նոր կտակարանի ամենավաղ գրքերից, Հովհան աստվածաբանի «Հայտնություն» կամ «ապոկալիպսիսի», Հովհաննու Հայտնությունը, գրքի մեջ, որ գրվել է մ. թ. 67-68 թվականներին: Այն 2-5 դարերում եկեղեցու հայրերի երկերի հիմքում է դրվել:

Սեբեոսն արաբների լուծը «դառն ու դժնդուկ, չար» ծառայություն է համարում, վիշապ ու դառնաշունչ գազան: Խոսելով արաբների դեմ մարերի ապստամբության մասին, նա գրում է, թե որովհետեւ չկարողացան տանել դառն ու դժնդակ ծառայությունը եւ հարկի ծանրությունը, լավ համարեցին մահը, քան ապրելը, երկուսից մեկը- կամ մեռնել կամ ազատվել չար ծառայությունից, այդպիսով թերեւս կարողանան ազատվել վիշապի չարիքներից եւ դառնաշունչ գազանից:

***

Սեբեոսի ապրած ժամանակաշրջանում, եթե նա, ելնելով ստեղծված իրավիճակից, հարկադրվախ էր հնազանդություն քարոզելու եւ ապտամբության փորձերը կշտամբելու, ապա դա չի նշանակում թե պատմիչը ուզում է ասել, որ հայերի մոտ մարել էր քաջությունը ու խիզախությունը, ռազմունակությունը, ընդհակառակը հայրենասեր պատմիչը անհրաժեշտ է գտել ցույց տալ, որ ժամանակակիցները իրեց հայրերի արժանի ժառանգներն են, նրանք էլ քիչ սխրաքներ չեն արել մարտի դաշտերում, հայերի դարավոր թշնամիներ- պարսիկների դեմ, սակայն ոչ հայրենիքի համար այլ Բյուզանդիայի: Այդ իսկ նպատակով նա դյուցազնացրել է իր ժամանակակիցներին, չխորշելով անգամ առասպելություն անելուց:

Նրա հիմնական գործիչները կռվել են թրակիացիների, պարսիկնրի, քուշանների  եւ ուրիշ ժողովուրդենրի դեմ բայց ոչ հույների, նրանց գլխավորած հայկական զորքերը միշտ հաղթանակներ են տարել: Ի պաշտպանություն Խոսրովի-Մորիկ կայսրի դաշնակցին, հայկական զորքը կայսրական բանակի կազմում, կռվի է գնացել պարսից գահը գրաված Վահրամ Չուբինի դեմ: Հայոց աշխարհի 13 հազարանոց զորքը, գրում է Սեբեոսը, զորահանդեսի ժամանակ անցել է ըստ նախարարական գնդերի իրենց դրոշակներով: Բոլորը սպառազինված ընտիր պատերազմողներ էին, քաջությամբ վառված իբրեւ հուր, անվախ ու թիկունքը չդարձնողներ: Նրանք առյուծի տեսք ունեին, վայրի այծերի ոտքերի թեթեւությամբ վազում էին դաշտերի վրայով:

Պատմիչն ասում է, թե հայերի քաջությունը զարմացրել է Խոսրով թագավորին, իր Վշտամ քեռու դեմ պատերազմելիս:

Պարսից Շահեն զորավարը Կեսարիայում սպանել է Վասակ Արծրունուն, որը պարսից զորքերին շատ վնասներ էր պատճառել, սակայն, ընգծում է Սեբեոսը, պարսից ամբողջ զորքը նրան ողբացել է քաջության եւ արիության համար:

Խոսրով թագավորը նենգությամբ ուզեցել է սպանել Մուշեղ Մամիկոնյանին: Կարեւոր գործի պատրվակով նրան հրավիրել է իր մոտ, յուրայիններին հրամայել խորանի մուտքի մոտ զինաթափ անել Մուշեղին, որից հետո միայն թողնել իր մոտ: Մուշեղը ժամանել է , նրանից պահանջել են զենքերը հանձնել, ասելով զինված օրենք չէ թագավոորին ներկայանալ, Մուշեղը պատասխանել է թե մանկությունից ի վեր սննդակից է եղել թագավորներին, անգամ իր տանը, ուրախության ժամանակ զենքերը, կամարը եւ գոտին չի հանում, եւ ասել է. Կուզե իմանալ պարսիկներիդ չար մտադրությունը եւ հեռացել:

Սեբեոսի մոտ Մուշեղի մասին շարադրանքը շատ բանով հիշեցնում է Բուզանդի Մուշեղին:

Ասվեց Սեբեոսի ամբողջ «Պատմության» մեջ առասպելաբանված է նրա հիմնական հերոսը, Սմբատ Բագրատունին: Ըստ պատմագրի, Սմբատը տեսքով գեղեցիկ էր, բարձր հասակով, հզոր ու պատերազմող, շատ պատերազմներում էր ցուցաբերել իր քաջությունն ու ուժը: Հաղթանդամ եւ ուժեղ ձիու վր նստած խիտ անտառով, հաստ ու բարձր ծառերի միջով անցնելիս, քաշում էր ծառը արմատով տեղից հանում: Մեջքով ձիուն գետնից բարձրանում էր, ամբողջ զորքը այդ տեսնելով զարմանքից ահաբեկ լինում:

Սմբատին մեղադրում են ապստամբելու փորձ կատարելու մեջ, եւ կայսրը նրան դատապարտում է,   հրամայում է կրկես տանել եւ գազաններ բաց թողնել վրան: Սմբատն ըստ մեր պատմագրի հաղթում է բոլոր գազաններին, ամբոխը աղաղակում է եւ խնդրում կայսրից ներում շնորհել: Կայսրը ներում է ու մեծ պատիվ տալիս, հետո իբրեւ պատիժ աքսորում մի կղզի, այնտեղից էլ Աֆրիկա տրիբունի պաշտոնով: Որոշ ժամանակ անց Սմբատը գալիս է Արեւելյան Հայաստան, հրավիրվում է Խոսրով թագավորի կողմից եւ նշանակվում «մարզպան Վիկանալ»:

Խոսրովը նրան է տալիս իր հոր Որմիզդի կամարն ու սուրը, պարսիկներից ու Հայաստանից զորք է հավաքում, տրամադրում Սմբատին ու հրամայում է գնալ իր մարզպանությունը: Պատմիչն ասում է որ այդ ժամանակ պարսից արքայի դեմ ապստամբել էին մի քանի երկրներ: Սմբատն գնում է, պատերազմում նրանց հետ եւ նորից հպատակեցնում արքային: Նա շենացնում է, բարեկարգում է իր մարզպանությունը, որը մինչ այդ ավերակ էր:

Պատմիչը հպարտությամբ գրում է, որ քուշանների թագավորի դեմ Սմբատն փայլուն հաղթանակից հետո Խոսրովը զվարճացել է  մեծ խնդությամբ եւ հրամայել զարդարել մի մեծ փիղ եւ բերել դահլիճ, ամբոխի մեջ դրամ է ցրել եւ մեծ գոհունակությամբ հրովարտակ է գրել Սմբատին, կանչել մեծ պատվով ու շքեղությամբ, հրամայել է բոլոր նախարարներին եւ զորքին, ընդառաջ գնալ նրան, արքունի ախոռից նժույգ տանել արքունական զարդերով, մեծ շուքով ու փառքով Սմբատը ներկայացել է թագավորին, վերջինս ուրախությամբ դիմավորել է, Սմբատը արքայի ձեռքը համբուրել է եւ երեսնիվայր ընկել գետնին: Թագավորն իր գոհունկությունն է հայտնել, ասել է այլեւս չպատերազմես, այլ ինձ մոտ կմնաս կերուխումի, եւ մեր ուրախությանը կմասնակցես: Եվ նա, ասում է Սեբեոսը, Խոսրովի թագավորության երրորդ նախարարն էր:

***

Պատմիչի համար էլ Քրիստոսը սքանչելագործ է , ճարտարապետ, գթության հայր եւ բոլոր մխիթարությունների աստվածը: Թագավորությունները հաստատված են աստծու կողմից, եւ ոչ ոք չի կարող վերացնել: Հերակլ կայսրը պարսից զորավարին ասել է, թե ձեր թագավորը ինչ է ուզում ինձանից, որ հաշտություն չի կնքում ինձ հետ, իմ թագավորությունը վերացնել է ցանկանում, թող չջանա, քանի որ  այն աստծու կողմից հաստատված է եւ ոչ ոք չի կարող վերացնել: Հույների մոտ թագավորը աստծու տեղապահն է  ասում է Սեբեոսը, նա թեպետ մարմնով մարդկային ազգից է, մարդ է, բայց գրավում է աստվածային աթոռի տեղը եւ երկքնից է պսակված-հատատված:

Ըստ ֆեոդալական-եկեղեցական պատմագրության, գերագույն իշխանության աստվածային ծագման մասին քարոզչությունը իր ուժի արդյունավետությամբ եւ ազդեցությամբ ավելի զորեղ էր, քան իշխանությանը հպատակեցնելու ֆիզիկական հարկադրման միջողները: Այդպես է մտածել նաեւ մեր այս պատմիչը: Նա գտնում է որ ընդհանրապես կրոնը ճշմարտության ճանապարհն է եւ Մահմեդն էլ է քարոզել ճշմարտության պաշտանմունքը, դարձել դեպի կենդանի աստվածը:

Քրիստոնեությունը, ըստ մեր պատմագրի, լույս է ծագեցնում, նշելով ինչ-որ «Կոդրեաց ազգի» մասին, որոնք անհավատ էին, նա գրում է բայց քրիստոնյաների վրա մեծ լույս էր ծագում, նրանք համոզված էին իրենց հավատի մեջ, սովորում էին դպրություն եւ լեզու:

Դարի զավակ Սեբեոսի համար էլ քրիստոնեությունը բարեպաշտության պտուղ է, աստվածային պողոտա է: Այն պաշտպանելու համար է, որ գրում է Սեբեոսը, չարագործ Հազկերտի թագավորության ժամանակ, որը կամենում էր աստվածային կարգը ապականել, հայոց քաջ նախարարները եւ մոլեռանդ աստվածապաշտ Մամիկոնյաննեերի նահապետը կարմիր կոչված Վարդանն իր միագունդ սպառազեն նիզակակից ընկերներով եւ իրենց զորքերով պատերազմի են պատրաստվել, իրենց ձեռքը վերցրել հավատի վահանը հագնելով իբրեւ ամրության զրահ աստվածային խոսքի պաշտանմունքը, արհամարել մահը, լավ համարելով մեռնել աստվածային պողոտայի համար:

Ըստ մեր պատմագրի, պետք է  լինի դավանանքի ազատություն եւ որովհետեւ պարսից թագավոր Խոսրովը տվել էր այդ ազատությունը, նա չի խորշում դրվատական խոսք ասելու նրա մասին: Խոսրովը հրամայել էր, որ անօրեններից ոչ ոք չհամարձակվի քրիստոնյա դառնալ եւ քրիստոնյաներից ոչ ոք անօրեն չդառնա, այլ յուրաքանչյուրն իր հայրենի դավանանքում ամուր մնա: Իսկ նա ով չի կամենում պաշտել իր հայրենի դավանանքը, ապստամբում է եւ ուրանում իր դավանանքը, պետք է մեռի:

Հավատքի ազատության գաղափարն է, որ մեր հունասեր պատմագրին անհաշտ է դարձնում կայսրության դավանանքի հարցում վարած քաղաքականության հետ:

Մորիկ կայսրը հրամանով հայերին նորից պարտադրել է ընդունել քաղքեդոնականությունը եւ հաղորդությամբ միավորել կայսրության եկեղեցու հետ: Հայ եկեղեցականներից շատերը փախել են օտար երկրներ: Մեծամասնությունը արհամարել է հրամանը եւ անդրդում մնացել իր հավատին: Շատերը, նշում է Սեբեոսը, փառասիրությունից ենթարկվել են հրամանին: Կաթողիկոսության աթոռր երկու մասի է բաժանվել: Արեւելյան մասում կաթողիկոսը Մովսեսն էր, Արեւմտյանում՝ Հովհանը:

Հովհանը, սակայն, երկար չի վայելում այդ փառասիրությունը, կայսրի հրամանը ձախողվում է, գոհունակությամբ ընգծում է Սեբեոսը:

Հետագայում Կոստանդ կայսրը հայերից նորից է պահանջել ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումը: Ապստամբ վիշապը, գրում է պատմագիրը, չդադարեց իր խորամանկությունից, կամեցավ աստվածամարտ լինել, հալածանք սկսել հայոց եկեղեցիների դեմ, այդ նպատակի համար օգտագործելով Հայաստանում գտնված կայսերական զորքը: Որովհետեւ, հպարտությամբ շեշտում է Սեբեոսը, հայերը երբեք չէին ընդունի քաղկեդոնականությունը: Նրանք ամբաստանության նամակ են գրել կայսրին եւ հայրապետին ու հայտնել որ իրենք Քաղկեդոնի ժողովը եւ Լեւոնի տոմարը անարգանք են համարում եւ նզովում են նրանց: Կայսրը Դավիթ անունով մի փիլիսոփա է ուղարկել Հայաստան, որ համոզի հայերին որ չհակառակվեն ու հրամանը կատարեն, Դվինում հավաքվել են եպիսկոպոսները ու նախարարները: Ներսես կաթողիկոսն ու Թեոդորոս Ռշտունին, կարդացել են կայսրի նամակը, լսել են Դավթին, որոշել են մերժել կայսրի պահանջը, չփոխել ս. Գրիգոր ճշմարիտ վարդապետությունը, այնուհետեւ պատասխան են գրել կայսրին:

Դավանության այդ թուղթը, որը բերում է Սեբեոսը եւ որի հեղինակ կամ թերեւս խմբագիր նրան են համարում, մի սուր մեղադրանք ու քննադատություն է կայսրության հասցեին հայերի նկատմամբ վարած կրոնական քաղաքականության առթիվ:

Այդ թղթում պատմագիրը կայսրին ասում է թե, հայերը անդրդվելի են մնացել իրենց հավատի մեջ պարսից չար ու անօրեն թագավորների ժամանակ որոնք հայոց թագավորությունը վերացրին եւ գերեվարեցին տղամարդկանց ու կանանց, իսկ մնացածներին ջանացին սիրով դավանափոխ անել, մոլորություն բերել, սակայն չկարողացան, ավելին, անօրենները իրեց ունայնության համար ամաչեցին: Դրանից հետո է, որ Կավատը ու նրա որդին Խոսրովը, ստիպված հրաման են տվել որ ամեն մարդ իր հավատում մնա, ոչ ոք չհամարձակվի հայերին նեղել, բոլորը մեր ծառաներն են, մարմնով մեզ են ծառայում, իսկ դավանանքով, ինչպես հոգին կթելադրի, կորոշի:

Վարդան-Վահանյան հերոսամարտերն էին մեր պատմագրին հասցրել նման եզրակացության: Նա մեծ գոհունակությամբ է գրում այդ տողերը, հասկացնել է տալիս հույներին, միաժամանակ եւ արաբներին, որ հայերը դավանանքում անդրդվելի են եւ իզուր ջանքեր են գործադրում նրանք, ոչինչ չի ստացվի:

Համոզելու համար, որ հայերի վարդապետությունն է ճիշտ եւ ոչ հույներինը, Սեբեոսը դատավորի դերում, եթե կարելի է այսպես ասել, հանդես է բերում պարսից թագավորին նպատակ ունենալով դրանով ցույց տալ, որ անգամ հայերի դարավոր թշնամիները, որոնք ամեն ինչ արել են հայերին դավանափոխ անելու համար, դիմելով վայրագ ու բիրտ միջոցների, իրենց նպատակին չեն հասել:

Խոսրովը հրաման էր տվել Արեւելյան կողմերի եւ Ասորեստանի եպիսկոպոսներին գալ հայրենիք եւ ասել էր, լսել եմ որ քրիստոնյաները բաժանված են երկու մասի եւ միմիյանց անիծում են եւ մեկը մյուսին իրավացի-ճշմարիտ չի համարում: Ապա հանձնարրել է արդարությամբ քննարկել եւ իրեն հայտնել ճմարտությունը, թե որն է ուղիղ հավատը: Պատմագիրն ասում է. Բոլորը հավաքվել են արքունի դահլիճը, աղաղակել, քանի որ ներկա են եղել հենց թագավորների կողմից հաստատված եւ կնքված ուղափառ հավատի կողմակիցները, նեստորականները եւ շատ այլ խառնիճաղանջ աղանդներից: Ծանոթանալով նեստորականների, քակեդոնականնների եւ մյուս աղանդների ու հայերի վարդապետությունների հետ, Խոսրովը հրամայել է, որ իր իշխանության սահմաններում եղած բոլոր քրիստոնյաները հայերի հավատը պահեն:

Կայսրին ուղղած այդ նամակում, Խոսրովի այս որոշումը տալուց հետո, Սեբեոսը Աստվածաշնչից մեջբերումներ է կատարում, հիմնավորելու համար հայերի վարդապետության ճշմարիտ լինելը եւ քաղկեդոնականների, ոչ ճիշտ լինելը:

Այնուհետեւ, հպարտությամբ նշում է, թե մեր հավատը նոր չի սահմանված, այլ այն մենք ընդունել ենք սուրբ Գրիգորի ձեռքով, 30 տարի առաջ քան Կոստանդիանոսը այն ընդունել է: Որ մեր հավատը հաստատել է Նիկիայի ժողովը, ուր հավաքվել էին սուրբ ու ճշմարիտ հայրերը, աստվածասեր Կոստանդիանոս թագավորի հրամանով: Նրանք վերացրել են անբարիշտ աղանդի մոլեգնությունը եւ սերմանել հավատը ամբողջ տիեզերքում:

Ըստ Սեբեոսի, քաղկեդոնականությունը « մահաբեր խորշակ էր » որ տապախառն է արել-չորացրել բուրաստանների մատաղատունկ, մեծ-մեծ ճյուղերով գեղեցիկ ծառերը, պատկերավոր ձեւով ասում է նա:

Քաղկեդոնականությունը « ամբարշտության խորհուրդ է », « դառնության թույն », Ներսես կաթողիկոսի մասին Սեբեոսն ասում է, որ նա հակված էր ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումը եւ Լեւոնի տոմարը: Սակայն մինչեւ աշխարհի եպիսկոպոսության եւ հետո կաթողիկոսության աթոռին հասնելը այդ մասին ոչ ոքի չէր ասել, ցույց չէր տվել: Առաքինի վարքով մարդ էր, բայց սրտում թաքնված էր դառնության թույնը եւ մտածում էր հայերին քաղկեդոնիկ դարձնել, բայց բացահայտ այդ մասին չէր համարձակվում ասել: Պատմիչն ասում է որ Ներսեսի մտադրությունը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Կոստանդին կայսրը եկավ, նստեց կաթողիկոսի տանը եւ կիրակի օրը  սուրբ Գրիգորի եկեղեցիներում քարոզեց Քաղկեդոնի ժողովի որոշումը եւ մատուցեց պատարագ հունարեն լեզվով հույն երեցի միջոցով: Հաղորդվեցին կայսրն ու կաթողիկոսը եւ բոլոր եպիսկոպոսները, ոմանք կամավոր, ոմանք հարկադրված:

Սեբեոսը ցավով ասում է, որ այսպես կաթողիկոսը փոխեց ս. Գրիգորի ճշմարիտ հավատը, որը բոլոր կաթողիկոսների ժամանակ կայուն հաստատուն հիմքերով ունեին ս. Եկեղեցիներում, սկսած ս. Գրիգորից մինչեւ իր ժամանակը: Ըստ նրա, Ներսեսն իր այդ քայլով պղտորեց սուրբ, վճիտ, զուլալ աղբյուրների ջուրը: Կայսրի ներկայությունը Ներսեսն օգտագործեց եւ իր մտքինը իրականացրեց, եպիսկեոպոսներին բռնի, մահվան երկյուղի տակ հարկադրեց հաղորդություն կատարել, մանավանդ այդ ժամանակ մահացել էին երանելիները:

Սեբեոս հակաքաղկեդոնական պատմագրին անհրաժեշտ էր   մերկացնել իր հակառակորդին եւ միաժամանակ ընթերցողին համոզել, որ եթե կայսրի եւ զորքի առկայությունն ու մահվան սարսափը չլիներ հայերը երբեք չէին ընդունի քաղկեդոնականությունը:

Հաղորդության ժամանակ մի եպիսկոպոս, որին հանձնել էին Դվինի ժողովի կայսրին գրած նամակը պահելու, չի հաղորդվել, թողել հեռացել է: Դրա վրա կայսրը խիստ զայրացել է  հրամայել իր մոտ կանչել նրան: Կայսրը հարցրել է , թե ինչու  նա իր եւ կաթողիկոսի եւ իրենց հոր հետ արժանի չհամարեց հաղորդվելու: Նա պատասխանել է, որ ինքը մեղավոր մարդ է, անարժան է նրանց հետ հաղորդվելու: Այն հարցին, թե կաթողիկոսի հետ հաղորդվում ես, եպիսկոպոսը պատասխանել է այնպես, որպես ս. Գրիգորի հետ: Իսկ ինչու այսօր չհաղորդվեցիր, հետեւում է պատասխանը ինքը մինչեւ այդ օրը կայսրին միայն նկարով է տեսել, ճանաչել եւ դողացել է վախից, հիմա է որ դեմ առ դեմ տեսնում է ու խոսում է նրա հետ: Ապա ասել է, թե իրենք տգետ եւ տխմար մարդիկ են, ոչ լեզու գիտեն եւ ոչ դպրություն, բայց եթե սովորեն եւ հասկանան կայսրի բարերար հրամանը, ով կհամարձակվի չկատարել: Այս երկրի կարգուկանոնի բոլոր հրամանները կաթողիկոսարանից ու կաթողիկոսից են դուրս գալի: Չորս տարի սրանից առաջ, շարունակել է կաթողիկոսը, Ներսեսը բոլոր եպիսկոպոսներին այստեղ հավաքեց եւ ժողով արեց ու հավատի մասին նամակ գրել տվեց, կնքեց նախ իր եւ հետո մեր եւ բոլոր իշխանների մատանիներով: Այդ նամակը այժմ նրա մոտ է, հրամայեցեք բերել եւ դուք տեսեք: Ներսեսը պապանձվել էր ասում է Սեբեոսը: Կայսրը իմանալով նրա նենգությունը, հունարեն լեզվով նրան շատ հանդիմանել է: Հրամայել է  եպիսկոպոսին գնալ եւ կաթողիկոսի մոտ հաղորդվել: Հաղորդվելուց հետո եպիսկոպոսը օրհնել է կայսրին, նա էլ եպիսկոպոսին է օրհնել, ասելով, այնպես վարվիր, ինչպես վայել է քո իմաստությանդ եւ ես շնորհակալ եմ:

Կայսրը վերադարձել է, նրա հետ գնացել է նաեւ Ներսեսը եւ բնակություն հաստատել Տայքում, չի վերադարձել Դվին, որովհետեւ Թեոդորոս Ռշտունին եւ նրա հետ եղած իշխանները սաստիկ զայրացած են եղել նրա վրա, իր այդ վարքագծի համար, Ներսեսը Ռշտունու մահից հետո է միայն վերադարձել Դվին:

Սեբեոսի վկայությունից չի երեւում, թե Ներսեսը հարկադրված է ընդունել քաղկեդոնականությունը, ինչպես կարծում են առանձին բանասերներ:

Վերը նշված եպիսկոպոսը, որի անունը պատմագիրը չի տալիս, ամենայն հավանականությամբ, ինչպես ճիշտ ենթադրում է Մ. Աբեղյանը, ինքն է-Սեբեոսը: Նա է, որ հանգնել է Ներսեսի վարքագիծը նենգություն համարել, ելնելով իր դավանաբանական սկզբունքներից ու համոզմունքներից:

Հինգերորդ դարի մեր պատմագիրների հոգեւոր գործիչները մահվան սարսափի տակ ոչ միայն դավանափոխ չէին եղել, այլեւ Ավարայրում եւ այլուր քարոզով եւ զենքով, իսկ Տիզբոնում խոսքով կատաղի կռիվ են մղել թշնամու դեմ եւ նահատակվել իրենց դավանանքի համար: Այնինչ Սեբեոսի ժամանակ մի եպիսկոպոս է հանգնություն ցուցաբերել: Պատմագրի այն վկայությունը, թե կայսրը եպիսկոպոսին ասել է. «Վարվիր այնպես, ինչպես վայել է քո իմաստությանը», քիչ հավանական է, մեծաքանակ զորքով Դվինում նստած, մահվան սարսափի տակ բռնի դավանափոխ անող կայսրը, դժվար թե նման բացառություն աներ, զիջեր իր դիրքերը մի եպիսկոպոսի առաջ: Դա ամենայն հավանականությամբ Սեբեոս պատմագրի սրտի ցանկությունն է եղել, որպեսզի ցույց տա, որ ի վերջո եպիսկոպոսն է հաղթանակ տարել եւ ոչ Ներսեսը:

***

Սեբեոսի ապրած դարաշրջանում միջնադարյան աշխարհայեցողությունն արդեն խոր արմատներ էր գցել: Նա էլ, իր գրչակիցների պես, տեղի ունեցող դեպքերի, երեւույթների պատճառը մարդկանց գործած մեղքերն է համարում: Ըստ Սեբեոսի, ամեն ինչ աստծու կամքով ու հրամանով է կատարվում: Ռշտունին հանդգնել էր դուրս գալ կայսրության տիրապետությունից, մեղք էր գործել, դրա համար էլ աստված նրան տանջամահ էր արել:

Մուավիան մեղք էր գործել, կասկածի տակ էր առել Քրիստոսի զորությունը Կոստանդին գրած նամակում: Գրել էր, թե այն Հիսուսը, որին դու Քրիստոս ես կոչում, իր անձը հրեաներից չկարողացավ փրկել, քեզ ինչպես կարող է փրկել իմ ձեռքից: Կոստանդը կարդալով այդ տողերը, խոցված մտել է եկեղեցին, երեսնիվայր ընկել գետնին ու ասել, տես տեր, թե հագարացիները քեզ ինչպես են անպատվում, ապա խնդրել է աստծուց, որ նա անիծի նրանց եւ նրանք նրան կընդունեն, կը ճանաչեն:

Մուավիան ցամաքով եւ ծովով շարժվել է դեպի Կոստանդնուպոլիս, Պարսկաստանից, Խուժաստանից, Հնդկաստանից եւ Արուաստանի կողմից ու Եգիպտոսից հավաքագրված անթիվ զորքերով, երեք հազար մեծ ու հինգ հազար փոքր նավերով, առաջիններում նստեցրել է յուրաքանչյուրում 1000, երկրորդներում, 100 ընտիր մարտիկ մինչեւ ատամները զինված: Քաղաքը պաշարվել է ծովից եւ ցամաքից: Պատմիչը երեւում է լավ է իմացել պատերազմական գործը, հանգամանորեն տվել է արաբների ռազմանավերի, ռազմական մեքենաների, զորատեսակների նկարագրությունը եւ յուրաքանչյուրի անելիքները քաղաքի վրա հարձակման ժամանակ:

Պաշարված քաղաքում սարսափ է տիրել: Աստված ի կատար է ածել կայսրի եւ ողջ բնակչության աղոթքը, ցույց է տվել իր զորությունը: Թշնամու ռազմանավերը գտնվել են ցամաքից  երկու ասպարեզ հեռավորության վրա եւ հանկարծ սաստիկ քամի է բարձրացել, սկսել է մեծ փոթորիկ, ծովը ներքին անդունդներից դղրդացել է դեպի վեր, բարձրացող ալիքները նման են եղել  բարձր լեռների  կատարների, քամին փոթորկելով նրանց վրա ճայթել է որպես ամպ եւ բարձր ձայներ հանել: Եվ ի՞նչ, նավերի աշտարակները ընկել են, մեքենաները կործանվել, նավերը փչացել են, զորքի բազմությունն ընկղմվել է ծովի խորքը, ծովը բերանը բացել է եւ բոլորին կուլ տվել: Փոթորիկը տեվել է վեց օր: Այս բոլորի պատճառը Մուավիայի գործած մեղքն էր, աստված այդպես դաժանորեն վրեժխնդիր է եղել: Ահա Սեբեոսի նպատակը:

Սեբեոսն էլ է հավատացել հրաշքներին, առասպելներին, երազներին, տեսիլներին, սակայն դրանցով չի տարվել:

Մորիկ կայսրը Խոսրով թագավորից խնդրել է Դանիելի մասունքները: Խոսրովը հակառակ Շիրին թագուհու կամքի, որ քրիստոնյա էր, համաձայնվել է տալ: Թագուհին հրամայել է բոլոր քրիստոնյաներին աղոթել, որպեսզի մասունքները մնան իրենց երկրում: Բոլորը հավաքվել են մասունքների պահված վայրը, մեծ աղաչանքներով եւ արտասվելի ողբով Քրիստոսին խնդրեել են արգելի: Արքունական  պատգարակի   վրա դրված մասունքները տարել են: Երբ սափորը քաղաքի դռնից դուրս է եկել, հանկարծ աղբյուրները ցամաքել են, քաղաքի ամբողջ բնակչությունը վայ ու աղաղակով սափորի հետեւից գնացել է, երբ քաղաքից երեք ասպարեզ հեռացել են, հանկարծ պատգարակին լծած ջորիները կանգնել են եւ ոչ մեկը չի կարողացել շարժել նրանց այդտեղից: Այնուհետեւ ամբոխը հարձակվել է պատգարակի պահակախմբի վրա, խլել մասունքնեերը եւ վերադարձել քաղաք: Երբ քաղաքի դռնից ներս են մտել, գետերի ջրերը առաջվա պես բխել են: Այդ հրաշքի մասին Սեբեոսը լսել է, հավատացել եւ գրի առել:

Հավատացել ու գրի է առել նաեւ ոմն Հովսեփի երազի մասին լսածը:

Սեբեոս պատմագիրը եկեղեցու, հոգեւորականության պատմությունը չի շարադրել, երկար ու բարակ քարոզներ չի բերել, երկերի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններում հոգեւորականությանը գրեթե տեղ չի տվել, անգամ Ներսես կաթողիկոսի մասին բավարարվել է նշելով միայն նրա շինարարական գործունեությունը եւ քաղկեդոնիկ դառնալու փաստը:

Սխալված չէինք լինի, որ ասենք, եթե Սեբեոսի «Պատմությունից» հանենք դավանության թուղթը, Նիկիայի ժողովի հանգանակը եւ հրաշապատումները, ապա այն գրեթե աշխարհիկ բովանդակություն պարունակող երկ կլինի:

Մ. Աբեղյանը գրում է. «Դեպքերի ուսումնասիրությունը Սեբեոսը չի անում եւ բացատրություններ չի տալիս: Նա չի քննադատում պատմական երեւույթները նրանց մեջ եղած բնական կապը գտնելու եւ պատճառներով բացատրելու համար դրանք, այլ սովորաբար պարզապես պատմում է անցքերը, մեկ-մեկ էլ հրաշալի դեպքեր մեջ բերելով  ... Յոթերորդ դարից առաջ կատարված դեպքերի համար Սեբեոսը սովորաբար թվականներ չի հիշատակում, բայց 6-րդ դարի վերջերից սկսած նշանակում է թվականներ, երբեմն հայտնում է նույնիսկ ամսաթվերն ու օրերը, կամ տարվա եղանակը.... Սեբեոսի գիրքն իր ժամանակի համար առաջնակարգ աղբյուր է իր ստուգությամբ:

«Մեր թվագրության յոթերորդ դարը, գրում  է Գ. Աբգարյանը, հայտնի է  համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություններով, ինչպիսիք են պարսկա-բյուզանդական պատերազմները, Երուսաղեմի առումը, արաբների քաղաքական ասպարեզ իջնելը եւ նրանց առաջին արշավանքները, Սասանյան Պարսկաստանի անկումը: Բյուզանդական կայսրության տիրապետությունների նվաճումը արաբների կողմից եւ այլն: Չնայած սրան, ոչ պարսկական, ոչ էլ հունական, լատինական, ասորական կամ այլ գրականություններ յոթերորդ դարում չեն ստեղծել զուտ պատմագրական որեւէ երկ, ուր ամփոփված լիներ նշված դեպքերի նկարագրությունը: ... Միակ բացառությունը միջազգային պատմագրության մեջ կազմում է Սեբեոսի «Պատմությունը», որի հեղինակը ժամանակակից ու ականատես է դարաշրջան կազմող այդ դեպքերին եւ իր գրվածքով մեզ է հասցրել Անդրկովկասի, Իրանի, Մերձավոր Արեւելքի եւ Բյուզանդիայի քաղաքական կյանքին վերաբերվող ուշագրավ տեղեկություններ: Այսպիսով «Սեբեոսի Պատմության» շնորհիվ հայ մատենագրությունը գրավում է առաջնակարգ դեր 7-րդ դարի համընդհանուր պատմագրության ասպարեզում:

Աղբյուրագիտական մեծարժեք այդ Պատմությունը, որպես հայ գրավոր մշակույթի հուշարձան, օգտագործել են շատ անվանի հայ եւ օտարազգի մասնագետներ: Բավական է ասել, որ գերմանացի ականավոր գիտնական Հ. Հյուբշմանը համալսարանական դասախոսի իրավունք ստանալու համար մրցանակաբաշխության է ներկայացրել «Սեբեոսի Պատմությանը» նվիրված մի ուսումնասիրություն եւ այդ պատմության արաբական արշավանքներին վերաբերվող գլուխների թարգմանությունը:

Սեբեոսի Պատմությունը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: