Դրուագներ Հայաստանի պատմագրութեան (V-VIII դդ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԸ ԵՎ ՆՐԱ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Հայ առաջին պատմագիրներ Կորյունը եւ Ագաթանգեղոսը, ինչպես տեսանք, իրենց պատմական երկերը նվիրել են հայ ժողովրդի կյանքում ճակատագրական ու բախտորոշ նշանակություն ունեցած երկու մեծագույն իրադարձությունների պատմության շարադրմանը: Առաջինը՝ գրերի գյուտին ու նրա հանճարեղ ստեղծողի կյանքին, երկրորդը՝ հայերի քրիստոնեություն ընդունելուն եւ Գրիգոր Լուսավորչի վարքին:

Նրանց երկուսի նպատակը, ըստ էության, հիմնականում այն է եղել, որ հնարավորին չափ կարճ ժամանակում քարոզեն ու արմատավորեն քրիստոնեության գաղափարախոսությունը՝ այն ժամանակ ժողովրդի ինքնուրույնության պահպանման ամենահիմնական գրավականը:

V դարում, երբ Հայաստանի հարեւան երկու աշխարհակալության ձգտող պետությունները՝ Պարսկաստանը եւ Բյուզանդիան, ինչպես ասվեց, զենքի ու խարդախ դիվանագիտության միջոցով սպառնում էին հայ ժողովրդի ինքնուրույնությանը, անհետաձգելի ու հրամայական պահանջ էր առաջացել նաեւ անկախության եւ ազատության պաշտպանության համար հայ ժողովրդի խիզախումներով ու հերոսական մաքառումներով հարուստ անցյալի պատմւոթյան օրինակով դաստիարակել ու բարձրացնել ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունը եւ հայրենասիրությունը:

Այդ բնույթի պատմության շարադրման առաջին փորձը կատարել է V դարում գրված «Բուզանդական պատմութիւնք» երկի հեղինակը, որի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ: Ժամանակակից Ղազար Փարպեցին նրան ճանաչում է իբրեւ հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակ եւ չափազանց արհամարական վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ: Նա ասում է, թե երկրորդ գրքի հեղինակ են համարում մեկին, որ կոչվում է Բյուզանդացի Փավստոս եւ որ ոմանք նրա շարադրանքների մեջ տեղ-տեղ անճշտություններ, մի քանի անհարմար ու անվայել խոսքեր նկատեցին, բայց վախենալով՝ հարկադրվեցին Բյուզանդացի գիտնականի գրածը վատ չհամարել [1]:

Այնուհետեւ, Փարպեցին գրում է, որ Բյուզանդիոնի պես քաղաքում եւ այնքան կրթված բազմության մեջ սովորած-վարժված Փավստոսը արդյոք անդուրեկան խոսքեր կգրեր իր պատմության մեջ, ոչ, երբեք: Ուստի եզրակացնում է Փարպեցին. «այն գործն իմ տկարամտությանն անհավատալի երեւալով՝ ասում եմ մի գուցե մի ուրիշ հանդուգն եւ տկար մարդ լրբաբար իր ցանկությամբ գրեց խելքի փչածը, ինչ-որ կամենում էր եւ կամ մեկը հարմարը չկարողանալով՝ նմանեցնելով վնասեց, եւ Փավստոսի անունով՝ իր սխալները կամեցավ ծածկել եւ այն հայտնի երեւում է բոլոր տեսնողներին, ըստ որում այնպիսիները կան Հունաստանում, եւս առավել Ասորիքում: Շատ տգետ եւ հանդուգն մարդիկ դիմեցին այդպիսի անամոթության, գրեցին դատարկ եւ անպիտան բովանդակությամբ ճառեր, եւ միացնելով մտցրին գիտունների գրքերի մեջ, բայց հասկացողները պարզապես ճանաչում են գիտունների խոսքերն ու տգետների փչախոսությունները, շաղփաղշփոթությունները» [2]:

     Սկսած Ղազար Փարպեցուց եւ նրա ժամանակակիցներից մինչեւ XIX դարի վերջին քառորդը, այդ երկի ու նրա հեղինակի նկատմամբ պատմական անարդարություն է ցուցաբերվել. հեղինակն արհամարվել է, իսկ երկը անվստահելի աղբյուր համարվել: Ս. Մալխասյանցը այս կապակցությամբ նկատում է, որ Փարպեցու վերը տրված աննպաստ գնահատականից ազդված կամ ինքնուրույնաբար՝ հետագա հայ պատմագիրներն եւս արհամարանքով են վերաբերվել Փավստոսի աշխատության եւ իրենց պատմությունները գրելիս ընդհանրապես հետեւել են Մ. Խորենացուն, բայց ոչ Փավստոսի պատմությանը:

Միաժամանակ մեծանուն բանասերը գտնում է, որ «... Փարպեցու այս դիտողությունը, փոքր բարեփոխությամբ, միանգաայն հիմնավոր է» [3]: Նման հարցադրման հետ, ինչպես կտեսնենք, հնարավոր չէ համաձայնվել: Փավստոսի երկը ամբողջությամբ վերցրած, նման անվերապահ եզրակացության հիմք չի տալիս:

     Փավստոս Բուզանդ հեղինակի եւ նրա պատմական երկի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց այն բանից հետո միայն, երբ ֆրանսիացի հայագետ Սեն-Մարտենը եւ ավելի ուշ՝ հատկապես գերմանացի գիտնական Գուտշմիտը առաջին անգամ ըստ արժանվույն գնահատեցին Փավստոսի երկը եւ գտան, որ այն ավելի ճիշտ գաղափար է տալիս IV դարի Հայաստանի վիճակի մասին: Հեղինակին համարեցին առաջին իսկական պատմագիրը, իսկ երկը՝ կարեւոր աղբյուր, որը, սակայն, պետք է զգուշությամբ օգտագործվի՝ նրա չափազանցությունների եւ մոլեռանդ բյուզանդական կողմնորոշման պատճառով [4]:

Այս կապակցությամբ Հ. Մանանդյանը գրում է, որ Խոսրով Գ-ից մինչեւ 387 թվականի՝ Հայաստանի բաժանման պատմության համար գլխավոր աղբյուրներից մեկը Փավստոս Բուզանդի երկն է: Բայց քանի որ նրա պատմությունը հիմք է ծառայել գլխավորապես հայ ժողովրդական վեպը, ուստի այն պետք է օգտագործել ամենամեծ զգուշությամբ: Անհրաժեշտ է, ընդծում է Հ. Մանանդյանը, ոչ միայն վերացնել անախրոնիզմները, այլեւ որոշել պատմական եղելությունների ճիշտ ժամանակը, մերժել Բուզանդի պատմության միտումնավոր լուսաբանությունները ի նպաստ եկեղեցու եւ Մամիկոնյանների: Ապա վաստակավոր գիտնականը գտնում է, որ այդ քննական աշխատանքը կատարելիս անհրաժեշտորեն պետք է դիմել արտաքին աղբյուրների օգնությանը [5]: Եվ նա այդպես էլ վարվել է. Փավստոսի վկայությունները բաղդատել է Ամմիանոս Մարկելլինոսի եւ Հուլիանոս կայսեր (IV դար) երկրների արժանահավատ վկայությունների հետ եւ պատմական անցքերը հնարավորին չափ ճշտել ու վերականգնել է:

1880-ական թվականներից մեծ հետաքրքրություն է առաջացնում այդ երկի ու նրա հեղինակի շուրջը: Շատ բանասերներ ու պատմաբաններ հրապարակում են բանասիրական բնույթի հոդվածներ, անգամ մենագրություններ, ուր քննության են առնում հեղինակի ով լինելը, երկը ինչ լեզվով է գրված եղել, գրության ժամանակը, այն լրիվ է հասել մեզ, թե պակասում են առաջին դպրությունները, օգտագործված աղբյուրները, երկի հավաստիությունը եւ դրանց հետ առնչված այլ հարցեր:

Ոմանք հեղինակին հույն են համարել, իսկ երկը հունարենից թարգմանություն . Զամչյան, Մ. Ավգերյան, Գ. Զարբհանալյան, Ա. Գարագաշյան, Ն. Բյուզանդացի, Ե. Մատաթյան, Ն. Ադոնց, Ա. Մատիկյան, Մ. Էմին, Ա. Գուտշմիտ եւ ուրիշներ), ոմանք՝ հայ, երկը գրված հայերեն . Ինճիճյան, Հ. Գաթըրճյան, Հ. Տաշյան, Բ. Սարգիսյան, Ս. Մալխասյանց, Ղ. Ալիշան, Ն. Մառ, Մ. Աբեղյան, Հ. Մանանդյան եւ ուրիշներ), Ք. Պատկանյանը հեղինակին համարում է ասորի, գրվածքը՝ թարգմանություն ասորերենից:

     Այդ հարցերի մասին խոսելիս հիմք ենք ընդունում հայ բանասիրության վերջին խոսքը: Նշենք, սակայն, որ թերեւս իրավացի է Մ. Աբեղյանը, որ գտնում է, թե Փավստոսի մասին գրված հոդվածներն ու գրքերը մեծ մասամբ ներկայումս արժեք չունեն [6]:

Ստ. Մալխասյանցը եւ Մ. Աբեղյանը համոզիչ ձեւով ցույց են տվել, որ «Բուզանդարան պատմութիւնք»-ի կամ «Փաւստոսի Բիւզանդացւոյ պատմութիւն հայոց» երկի հեղինակը հայրենասիրությամբ տոգորված մի հայ է եւ երկը գրել է հայերեն, V դարի երկրորդ կեսին:

Ստ. Մալխասյանցը գտնում է, որ Փավստոս Բուզանդ պատմիչի հայ լինելու եւ հայերեն գրելու ամենակարեւոր փաստարկը՝ նրա լեզուն է, որ իրեն նմանը չունի ոչ մեր հին եւ ոչ մեր նոր գրականության մեջ [7]: Մալխասյանցը նշում է նաեւ, որ նրա լեզուն ամենից առաջ բնական է, ազատ որեւէ արվեստականությունից եւ հեղինակի մտածողության անմիջական արտահայտությունն է, որ հորդաբուխ դուրս է հոսում: Այն պարզ է ու ընտանի, կրում է մայրենի լեզվի ամբողջ քաղցրությունն ու հմայքը: Միաժամանակ, Ստ. Մալխասյանցը նկատում է, որ պատմիչի լեզվի մեջ տեղ են գտել անհարթություններ եւ անկանոնություններ [8]:

Բուզանդի Պատմությունը բաղկացած է չորս դպրությունից, որոնք ընդգրկում են 50 տարվա պատմություն՝ սկսած 337 թվականից մինչեւ Հայաստանի բաժանումը՝ 387 թվականը:

Փավստոսի երկն ընդգրկում է Խոսրով, Տիրան, Արշակ, Վարազդատ եւ Արշակ Գ թագավորների իշխած տարիների քաղաքական պատմությունը, իսկ եկեղեցականը՝ Գրիգոր Լուսավորչի եւ Արիստակեսի մահից սկսաց մինչեւ Ասպուրակ կաթողիկոսը. Մեծ տեղ է տրված  հատկապես Ներսես կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը:

Միանգամայն ճիշտ է Ստ. Մալխասյանցը, որ Փավստոսի Պատմության վիպական նյութը կարելի է բաժանել երեք գլխավոր ճյուղի հոգեւոր վեպ, արքունական տան վեպ եւ Մամիկոնյան տան վեպ՝ ամեն մեկն իր հերոսներով [9]:

Փավստոսի «Պատմության» հիմնական աղբյուրներն են եղել բանավոր ավանդությունները՝ ժողովրդական վեպեր, զրույցներ, երգեր: Միաժամանակ լայնորեն օգտագործված են Աստվածաշնչի եւ Կորյունի երկերը, Բարսեղ Կեսարացու «Պատարագամատույցը» եւ «Թադեոս առաքյալի վկայաբանությունը»:

Օժտված լինելով վիպասանական շնորհքով, ինչպես ճիշտ նկատում է Մ. Աբեղյանը, հեղինակը հորինել է իր երկը, գրելով ինչ որ գիտե, լինի առասպել թե իրական, պատմական եղելություն, առանց որեւէ քննադատական մոտեցման, տարբերություն չդնելով առասպելի եւ իրողության միջեւ [10]:

Փավստոս պատմագիրը ժամանակագրություն չունի. ինչպես ավանդական վեպի մեջ, միայն որոշ չափով պահել է դեպքերի հաջորդականությունը, այն էլ ոչ լիովին ստույգ պատմական [11]: Դեպքերը, իրադարձությունները պատմված են, ինչպես ժողովրդական վեպի մեջ՝ «ապա յայնմ ժամանակի, յետ այնորիկ», եւ նման արտահայտություններով կապակցելով դրանք: Բացակայում է դեպքերի ներքին կապակցությունը: Մ. Աբեղյանը իրավացիորեն նկատում է, որ շատ են անախրոնիզմները, որոնք եւ ապացուցում են հեղինակի նկարագրած դեպքերին ոչ ժամանակակից լինելը:

Եթե աշխարհական պատմվածքները կազմում են մի ամբողջություն, մի մեծ ավանդական վեպ, ապա եկեղեցական պատմվածքները, որոնք նույնպես ծագում են ավանդությունից ու պատմված են ժողովրդական ձեւվով, անկախ ավանդական զրույցներ ու հիշողություններ են եւ դրանցում է գլխավորապես երեւում Փավստոս Հեղինակը, որը պատմում է հրաշքներ, տեսիլներ, մեջ բերում  աղոթքներ, քարոզներ, խրատներ, օգտվում է Ս. Գրքից, պատմելով նրա խոսքերվ, կամ բառացի կտորներ բերելով [12]: Դրանցով է Փավստոսը արտահայտում իր զայրութն ու հանդիմանությունը, բողոքը թագավորների ու նախարարների գայթակղեցուցիչ արարքների ու անպատեհ վարքագծի նկատմամբ, դրսեւորում իր քրիստենեական վարդապետությունն ու բարեպաշտական զգացումները: Մ. Աբեղյանը իրավացիորեն նկատում է նաեւ, որ աշխարհական զրույցների մեջ էլ հեղինակի սեփական խոսքը, հայացքները քիչ են, եղածն էլ, մեծ մասամբ, արտահայտված են կաթողիկոսների բերանով (Վրթանես, Ներսես) [13]:

Եկեղեցական զրույցների զետեղումը երկրորդ վեպից (որը պայմանականորեն կոչվում է «Պարսից Պատերազմ») վերցրած նյութի մեջ, կատարված է մեխանիկորեն, նրանք ոչ մի առնչություն չունեն նախորդ եւ հետնորդ շարադրանքի հետ [14]: Նրանց անջատումը վեպին ոչնչով չի վնասում, ընդհակառակն, այն ավելի ամբողջական է դարձնում:

Փավստոսը ժողովրդական վեպից վերցրած նյութը, ինչպես ճիշտ նկատում է Մ. Աբեղյանը, աշխատել է հագեցնել քրիստոնեական գաղափարախոսությամբ [15]:

Փավստոսը հնագույն առաջին հայ պատմագիրն է, որ պատկերացում է տալիս հայ ժողովրդի, հատկապես իշխող խավերի ներքին կյանքի, նրանց բարոյական եւ քաղաքական հայացքների, դասակարգային էության, հավատալիքների, հայրենասիրության, նիստուկացի, սովորությունների, աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների, նախարարների ու թագավորի հարաբերությունների եւ հակամարտությունների, թագավորի անսահմանափակ իրավունքների ու իշխանության, հասարակական կյանքի արտավոր կողմերի, տիրող բարքերի մասին: Չենք սխալվի, եթե ասենք, որ Փավստոսը նախարարական միջավայրի մտայնության արտահայտիչն է:

Փավստոսի երկը, չնայած հրաշապատում բովանդակության, որոշակի պատկերացում է տալիս նաեւ հոգեւոր տերերի՝ կաթողիկոսների ու եպիսկոպոսների, հասարակական կյանքում նրանց խաղացած դերի, ազգային ինքնուրույն եկեղեցի ստեղծելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների, եկեղացական ժողովի ու նրա ընդունած կանոնների եւ կյանքի շատ այլ կողմերի մասին:

* * *

«Բիւզանդարան պատմութիւնք»-ի հեղինակ Փավստոս Բուզանդը ստեղծել է չափազանց կարեւոր ու հայրենասիրական ոգով տոգորված մի երկ:

Հեղինակի հիմնական նպատակն է եղել, ինչպես ասվեց, ելնելով իր ապրած ժամանակաշրջանում հայրենիքում տիրող վիճակից, ցույց տալ Հայաստանի երբեմնի հզորությունը, անպարտելիությունը, հայրենիքի անկախության ու ազատության համար ժողովրդի՝ դարերով մղած հերոսական մաքառումները, եւ որ կարեւոր է ցույց տալ ժողովրդի հայրենասիրությունը եւ միաժամանակ քարոզել այն գաղափարը, որ այդ բոլորն արդյունք էին ժողովրդի եւ աշխարհիկ ու հոգեւոր տերերի մոլի աստվածապաշտության, եւ ընդհակառակը, անհաջողությունները, պարտությունները, ավերումները, պետականության կորուստը՝ եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհավատարմության, ուխտադրժության:

Հայրենասեր պատմագիրը պետականության ու անկախության պահպանման ամենահիմնական երաշխիքը տեսնում է կենտրոնացված հզոր պետականության մեջ, դրա համար էլ առիթը բաց չի թողնում ցույց տալու, որ Արշակունիների դեմ կենտրոնախույս ուժերի, Սասանյանների ու բյուզանդացիների մղած պատերազմները անարդարացի են ու կործանարար, որ ներքին ուժերի՝ Արշակունիների դեմ ուղղված ամենափոքր ոտնձգությունը հայրենադավություն է, որովհետեւ, ըստ Բուզանդի եւ Մամիկոնյանների, Արշակունիները Հայաստանի բնիկ տերերն են եւ այդ պատճառով էլ պատմագրի Մամիկոնյան դյուցազները անողոք են այդ ուժերի նկատմամբ, անգամ այն դեպքում, երբ նրանց մեջ են նաեւ իրենց հարազատները:

Խոսելով Արտավազդ Մամիկոնյանի դաստիարակության մասին, հեղինակը գրում է, թե Վրթանես Կաթողիկոսը եւ թագավորը հրաման են տվել Արշավիրին եւ Անդոկին՝ սնուցանել պատանի Արտավազդին, որպեսզի մեծանալով իր նախնիների եւ իր հոր տեղը բռնի, քաջության գործեր կատարի Քրիստոսի եւ իր մարմնավոր բնիկ տերերի՝ Արշակունիների համար [16]:

Հայոց զորքը միաբան, միասիրտ, հոժարակամ կռվում էին թշնամու դեմ իրենց հավատի ու աստծո եւ իրենց բնիկ տերերի՝ Արշակունիների համար [17]:

Ըստ Բուզանդի, Արշակունի գահակալները պացարձակ միապետներ են: Առանց նրանց թույլատվության նախարարները իրավունք չունեն իրար դեմ պատերազմելու: Մինչդեռ Մանավազյան եւ Որդունի տոհմերի նահապետները միմյանց դեմ պատերազմում են առանց իրավունքի եւ պղտորում Հայոց մեծ աշխարհը [18]: Այդ իսկ պատճառով Խոսրով Թագավորը սաստիկ զայրանալով, նրանց դեմ է ուղարկում Վաչե Մամիկոնյանին, որ գնա ոչնչացնի այդ երկու նախարարական տները [19]:

Նրանք բռնագրավում են ապստամբ եւ ըմբոստ նախարարների ամբողջ տիրույթները եւ տալիս են եկեղեցիներին ու հավատարիմ նախարարներին: Բզնունյաց նախարարական տոհմը Դատաբեն նահապետի դավաճանության պատճառով ոչնչացվում է եւ կալվածները արքունիքր գրավում [20]: Աղձնյաց բդեշխ Բակուրի ապստամբությունը ճնշելուց հետո, ոչնչացվում է նրա ամբողջ տոհմը , տիրույթը հանձնվում է Վաղինակ Սյունիին, եւ նա դառնում է Աղձնյաց բդեշխ [21]: Մանավազյանների տիրույթները հանձնվում են Աղբիանոս եպիսկոպոսին՝ հօգուտ եկեղեցու, իսկ Որդունիները՝ Բասենի եպիսկոպոսին [22]:

Բուզանդի վկայությամբ, Տրդատ Գ-ն եւ Խոսրով Գ-ն աշխարհաշեն, քաջ ու առաքինի թագավորներ են եղել, որովհետեւ նրանք հաշվի են նստել հօգեւոր տերերի հետ, կատարել են նրանց հրահանգները: Տրդատ Գ-ի եւ Գրիգոր Լուսավորչի ժամանակ Հայոց աշխարհը լուսավորվել է սիրով եւ աստվածապաշտությամբ [23]: Խոսրով Գ-ի եւ Վրթանես կաթողիկոսի ժամանակ տիրել է խաղաղություն, աճել շինարարությունը, պտղաբերությունն ու առատությունը, գործի հաջողությունը, աստվածային մեծ պաշտպամունքը եւ աստվածահաճո բարի վարքը, բազմացել բնակչությունը [24]:

Ըստ պատմիչի, դրությունն արմատապես փոխվում է Տիրանի գահակալությունից սկսած: Ո՞րն էր դրա պատճառը: IV դարի առաջին կեսում Հայաստանում ֆեոդոլական հարաբերությունները հաղթանակել էին եւ գերիշխող դարձել, երկիրը թեւակոխել էր վաղ ֆեոդալիզմի շրջանը: Ֆեոդալիզմի գաղափարախոսությունը մարմնավորող հայ եկեղեցին ձգտում էր հզորանալ ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքական կյանքում թելադրողի դեր ստանձել: Մի ձգտում, որ հակասում էր իշխողների՝ Արշակունիների՝ շահերին: Վերջիններիս համար թե՛ ներքին եւ թե՛ արտաքին կյանքում սուր ճգնաժամ էր ստեղծվել. Պարսկաստանը եւ Բյուզանդիան ակտիվացրել էին իրենց նվաճողական քաղաքականությունը: Օգտվելով դրանից, ակտիվացել էին նաեւ կենտրոնախույս ուժերը, որոնք չհաշտվելով Արշակունի գահակալների կենտրոնաձիգ քաղաքականության հետ, հաճախ ապստամբում էին եւ հովանավորվում հայրենիքի թշնամի օտար պետությունների կողմից, «պղտորում էին հայոց մեծ աշխարհը»: Արշակունիների այդ քաղաքականությունից դժգոհ էր նաեւ հայ հոգեւորականությունը, որն իր հերթին հովանավորում էր Արշակունիներից դժգոհ տարրերին:

Պատահական չէ, որ Բուզանդն ընգծում է, թե Տրդատի թագավորության ժամանկից ի վեր, երբ հայերը աստծուն ճանաչում են, վերջինս խաղաղություն է պարգեւում նրանց, թշնամիներին լռեցնում, պատերազմները հեռացնում նրանց սահմաններից եւ ոչ ոքի հետ թշնամություն կամ խռովություն չեն ունենում եւ ապրում են կատարյալ խաղաղության մեջ: Հետագայում սակայն, երբ մոռանալով տիրոջը եւ նրա պատվիրանները, թագավորը, նախարարները, իշխանները, եւ մյուս մարդիկ ամեն տեսակ չարիքներ են գործում, աստված բարկանալով նրանցից երես է դարձնում, նրանց ոտնակոխ անում, թշնամիներին զորեղացնում, ուրիշ ազգերի թագավորներն էլ թշնամի են դառնում հայերին [25]:

Իր հիմնական գործրղ անձերից մեկը՝ Վասակ Մամիկոնյանը, Շապուհին ասում է, թե քանի դեռ աստված մեզ հետ էր՝ քեզ էլ էի գետնում, կայսրին էլ [26]: Նրա խոսքերը լսում էինք եւ նրա խրատով էինք վարվում՝ կարողացանք քեզ խրատ տալ, մինչեւ որ մենք ինքներս բաց աչքերով  խորխորատի մեջ ընկանք մոռացանք աստծու պատվիրանները [27]:

Փավստոսը գիտակցել է իր հայրենիքի ռազմա-ստրատեգիական կարեւոր նշանակությունը պարսկա-բյուզանդական հակամարտություններում եւ աշխատել է ցույց տալ, որ երբեմնի հզոր Հայաստանի թագավորների ու զորավարների հետ հաշվի են նստել հարեւան շատ ուժեղ տիրակալներ, այդ թվում եւ պարսից արքաները: Բռնակալ Շապուհը Արշակ թագավորին գրում է. «Բարեհաճիր եղբայր ինձ այս պատերազմում օգնել: Քո գնդովդ եկ ինձ օգնության. Եթե դու մեր կողմը լինես՝ գիտեմ որ հաղթությունը մերը կլինի» [28]: Ավելին, նա մեծ աղաչանքներով, ընծաներով ու հրովարտակներով՝ Արշակ Թագավորին սիրով իր մոտ է կանչում, որպեսզի իրար մեջ սեր, խաղաղություն եւ մեծ բարեկամություն հաստատեն [29]:

Ըստ պատմագրի, Շապուհը հարկադրված էր նման դիրքը գրավել, որովհետեւ նա այդ ժամանակ մեծ վտանգի ու տագնապի մեջ էր՝ Բյուզանդիայի կայսրերի վարած «անարդար պատերազմների» պատճառով [30]:

Կոստանդնապոլսում Ներսես կաթողիկոսի բանտարկության կապակցությամբ պալատականները կայսրին ասում են, թե նա օտար ու հեռավոր երկրից ուղարկված է մի հզոր թագավորի կողմից գործի համար, որ նա մեծ տիրոջ պատգամավոր է եւ մեր կողմից նրան վնաս չպիտի հասնի, հակառակ դեպքում մեծ պատերազմ կծագի մեր եւ հայոց թագավորի միջեւ [31]:

Ըստ Բուզանդի, պարսիկները, հայոց թագավորների ոսկորները ուզում էին տանել իրենց աշխարհը, որպեսզի Հայաստանի Թագավորների փառքը, բախտն ու քաջությունը նրանց ոսկորների հետ իրենց աշխարհը փոխադրվեն [32]:

Այդ հակամարտություններում Հայաստանի խաղացած վճռական դերն ավելի որոշակի ընդգծում է Բուզանդի կողմից դյուցազնացռած Վասակ սպարապետը: Պարսից արքունիքում Շապուհը շղթայված Վասակին ասում է. «Աղվես, այդ դու էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ եւ քաջերին չարչարեցիր, դու էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին»: Վասակը պատասխանում է, «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով եւ սուրս էլ վրաս չէ՝ իմ մեծության չափը չիմացար, որովհետեւ մինչեւ այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի՝ ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան, երբ աջ ոտքիս վրա էի հենվում՝ աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս էի հենվում՝ ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհի հարցին, թե «Դրանք ինչ լեռներ են», Վասակը պատասխանում է. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Բյուզանդիայի թագավորը» [33]:

Հայրենասեր պատմագիր միանգամայն ճիշտ է հասկացել Պարսկաստանի եւ Բյուզանդիայի կայսրության՝ Հայաստանի նկատմամբ վարած ստոր ու նենգ քաղաքականության էությունը եւ նրանց վերջնական նպատակը: Նա գրում է, թե Բյուզանդիայի եւ պարսից թագավորները իրար հետ խորհուրդ են անում եւ համաձայնության գալիս՝ Հայոց աշխարհը երկու մասի բաժանելու իրենց մեջ: Նրանք ասում են, գրում է Բուզանդը, թե մեր երկուսի միջեւ ընկած է այն հզոր ու հարուստ թագավորությունը. Լավ կլինի, որ այդ միջոցով թուլացնենք նրան՝ նախ երկու մասի բաժանենք իրենց երկու Արշակունի թագավորներով: Հետո կաշխատենք նրանց էլ վերացնել, աղքատացնել եւ մեր ծառայությանը ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել [34]:

Այդ նպատակի իրականցումը սակայն չի արդարացնում նրանց հուսերը, հայերը մի քանի անգամ թե՛ Արեւելյան եւ թե՛ Արեւմտյան Հայաստանում գլուխ են բարձրացնում, ծառանում նրանց դեմ: Այդ ըմբոստացման փայլուն էջերից են են դառնում Զիրավի եւ Ավարայրի հերոսամարտերը: Այն շատ շատերին համոզում է, որ հայրենիքի ազատության ու անկախության եւ ժողովրդի ինքնուրույնության համար մղվելիք պայքարում, հաջողության հիմնական գրավականը կուռ միասնությունն է, նվիրվածությունը հայրենիքին: Այդ շատ լավ է գիտակցում նաեւ մեր պատմիչը: Նա առիթը բաց չի թողնում հրաշապատում ձեւով շեշտելու, որ անցյալում էլ հայերի հաղթանակների հիմնական գործոնն այդ միասնությունն ու նվիրվածությունն է եղել: Մի գործոն, որը անպարտելի է դարձրել հայեին, նրանց թշնամիների բյուրավոր բանակներ անխտիր ոչնչացել են. Մարտի դաշտերից, բոլոր դեպքերում, պարսից արքայից արքան, կամ դավաճան Մերուժան Արծրունին հազիվհազ կարողացել են փախուստի դիմել, որովհետեւ հայերը միշտ միաբան, միասիրտ հոժարակամ գնացել են պատերազմի եւ իրենց կյանքը զոհաբերել իրենց կանանց ու որդիների, իրենց բնակավայրերի համար [35]:

Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ,   շարունակում է հայրենասեր պատմագիրը,   ավելի մեծ միասնությամբ են համախմբվում հայոց աշխարհի մարդիկ: Այսպես Տիրան թագավորին կուրացնելուց հետո, մեծեմեծ նախարարները, ավագները, կուսակալները, զրրագլուխները, պետերը, նույնիսկ շինականները մեծ միաբանությամբ հավաքվում են եւ որոշում՝ աշխարհը պահպանել եւ բնիկ տիրոջ համար վրեժխնդիր լինել [36]:

Փավստոսն ընդգծված ձեւով շեշտում է, որ հայրենիքի համար զոհվածները քաջ գիտակցել են պայքարի անհրաժեշտությունը եւ իրենց կյանքը չեն խնայել ու մինչեւ վերջին շունչը հերոսաբար կռվել են թշնամու դեմ: Նա Վրթանես կաթողիկոսի բերանով ասում է. Մխիթարվեցեք Քրիստոսով, որովհետեւ նրանք որ մեռան՝ մեր աշխարհի, եկեղեցիների եւ հավատի համար մեռան, որպեսզի մեր աշխարհը չգերվի, քարուքանդ չլնի, եկեղեցիները չպղծվեն, մարտիրոսները չանարգվեն, ժողովուրդը գերի չտարվի ու չմատնվի անհավատների պաշտամունքի զանազան պղծություններին

Նա հայրենակիցներին զգուշացնում է, որ եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն, կհաստատեն իրենց անօրեն, անհավատ կարգերը: Դրա համար էլ մեր բարեպաշտ նահատակները կռվեցին եւ չարիքը մեր աշխարհից հալածելով ու հեռացնելով մեռան, որպեսզի անհավատությունն այս աստվախապաշտ ու աստվածասեր աշխարհը մուտք չգործի եւ չարի կամքին ծառա չդարձնի: Նրանք քանի կենդանի էին՝ արդար աշխատանքով աշխատեցին, դրա համար էլ մեռնելիս հաստատ պահեցին իրենց հավատարմությունը եւ իրենց անձերը զոհեցին աստվածային ճշմարտության համար եւ նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին, նրանք պետք է սրբացվեն եւ նրանք, որոնք նույն կերպով աշխարհի փրկության համար կմեռնեն [37]:

Հայտնի է, որ պարսիկերի կողմից դավանափոխության հարցը ամենայն խստությամբ դրվել է Ավարայրի նախօրյակին եւ 470-ական թվականներին, Շապուհի ժամանակ այն սրությամբ չի դրվել եւ սպառնացող վտանգ չի հանդիսացել: Մեր պատմիչն իր ապրած օրերում հայոց դավանանքին սպառնացող վտանգից ելնելով, ձգտել է ցույց տալ, հայերը IV դարում էլ չեն խնայել սեփական դավանանքի պաշտպանության համար: Դրա անհրաժեշտությունը V դարի երկրորդ կեսում կար նաեւ այն պատճաով, որ ուրացությունը որոշ շրջաններում իր արմատներն էր գցել եւ քիչ ավերածություններ չէր պատճառել հայրենիքին:

Փավստոսը հաստատում է Ագաթանգեղոսի այն վկայությունը, որ Հայաստանում IV դարի սկզբին քրիստոնեությունը չնայած պետական կրոն է հայտարարվել, սակայն հեթանոսությունը ծայրամասերում դեռեւս կենսունակ է եղել: Դրա պատճառը հիանալի է բացահայտում պատմիչը: Ըստ նրա, հայոց աշխարհի «կամակոր ազգը» քրիստոնեությունն ընդունել է հարկից ստիպված՝ իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց գերմառանդ հավատի. Նրանք կրոնը գիտակցված ձեւով, հույսով ու հավատով չեն ընդունել, այլ միայն քչերը, որոնք փոքր ի շատե ծանոթ էին հունական կամ ասորական գրագիտությանը՝ մասամբ հասկանում էին այդ կրոնը, իսկ նախարարների ու շինականների մյուս խառնիճաղանջ բազմությունը, որ գրագիտությունից զուրկ էր, ավելացնում է Բուզանդը, եթե ուսուցիչները նստելով գիշեր ու ցերեկ ամպերի նման ուսումն ինչպես հորդ անձրեւ նրանց վրա հոսեցնեին՝ նրանցից եւ ոչ մեկը լսածներից ոչինչ չէին հասկանում: Որովհետեւ նրանց մտքերը զբաղված են եղել անպիտան, անօգուտ բաներով: Նրանք իրենց ժամանակը վատնել են պարսավելի կրթություններով, հին հեթանոսական սովորություններով: Նրանք սիրել են իրենց առասպելների երգերը, վիպասությունները, նրանցով կրթվել են, նրանց հավատացել ու նրանց մեջ հարատեւել [38]:

     Փավստոսը վկայում է, որ մոտ երկու հազար հոգի, որոնք գաղտնի պահել են հեթանոսական-կռապաշտական սովորությունները, ցանկացել են սպանել Վրթանես կաթողիկոսին [39]: Մինչդեռ կաթողիկոսները, շարունակում է պատմիչը, թագավորներին, նախարարներին, ժողովրդին անընդհատ հանդիմանել են աստվածապաշտության մեջ թերանալու, աստծո պատվիրանները չկատարելու համար: Այսպես. երբ Ներսեսին ստիպում են կաթողիկոս դառնալու, նա զայրացած դիմում է հավաքված բազմությանը ասելով, թե նրանք անօրեն են ու պիղծ եւ նա չի կարող նրանց հովիվը լինել ու նրանց մեղքերն իր վրա վերցնել [40]:

Ներսեսը մեծ ջանքեր է գործադրում քրիստոնեությունն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Պատմագիրն ասում է, որ նա շատ հայրենական կարգեր ու կանոններ է հաստատել [41]:

Ոչ միայն հավատի ընդհանուր կանոններ սահմանելու, այլեւ աշխարհական կարգերը բարեկարգելու նպատակով նա Աշտիշատում հրավիրում է առաջին եկեղեցական օրենսդիր ժողովը, որի կանոնական որոշումները վերաբերել են ոչ միայն կրոնական, եկեղեցական խնդիրներին, այլեւ աշխարհիկ կյանքին ու հասարակական, սոցիալական հարաբերություններին:

Փավստոսը խոր գիտակցել է, որ ժողովրդի ինքնուրույնությանը եւ դավանանքին սպառնացող վտանգի պայմաններում, ժողովրդի անցյալի պատմությունը չափազանց կարեւոր դաստիարակչական միջոց է ու հայրենասիրության զարգացման եւ ուժերի մոբիլիզացման հզոր զենք: Անհրաժեշտ էր անցյալի սերունդների սխրանքների օրինակներով ոգեշնչել ժամանակակիցներին եւ հետագա սերունդներին: Պետք էր ցույց տալ, որ բոլոր թշնամիները, անկախ իրենց թվական գերակշռության եւ ռազմական տեխնիկայի առավելության, իրենց մահկանացուն են կնքել Հայաստանում: Ինչպես, օրինակ, Շապուհը, որը անթիվ անհամար զորքով եւ բազմաթիվ փղերով հարձակվում է Հայաստանի վրա: Հայերն հսկայական զորք են հանում: Համառ կռիվներում հայերից սպանվում է միայն զորավարներից մեկը՝ Բագոսը, իսկ պարսկական բանակն ամբողջապես ոչնչացվում է, եւ միայն Շապուհին է հաջողվում ճողոպրել [42]: Ըստ հեղինակի, այսպես են ավարտվել Վաչե, Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյան դյուցազների վարած գրեթե բոլոր պատերազմները: Նրանք ամենաուժեղ, ամենաիմաստուն, ամենամարդկային, ամենամեծ հայրենասերներն ու տիրասերներն են: Մամիկոնյանները աներկյուղ ու քաջասիրտ են, քաջանուն, բարենշան, բարեհամբավ ու բարեգործ, պատերզամական գործում էլ հաջողակ [43]: Երկինքը նրանց միշտ եւ հանապաղ պարգեւում է հաղթություն եւ քաջություն, բարի անուն պատերազմական գործերում [44]:

Մամիկոնյանների մի այսպիսի քաջագործության մասին է վկայում Փավստոսը. Պարսկաստանում Վասակը սպանում է արքայից արքայի ախոռապանին այն բանի համար, որ վերջինս հանդգնել էր հայոց թագավորին՝ Արշակին, ասել «այծ հայերի թագավոր»: Վասակը գերադասում է անխուսափելի մահը, քան իր տիրոջը հասցված անարգանքը: Արքան զարմանում է նրա քաջասրտության ու անսահման աներկյուղության վրա եւ խորին շնորհակալություն է հայտնում ու նվերներ տալիս [45]:

Փավստոսի մոտ Մամիկոնյան գործիչները բոլորն էլ քաջ են եւ իրենց ամբողջ կյանքում լի են եղել նախանձախնդրությամբ: Նրանք հավատարմությամբ եւ արդար աշխատանքով, միշտ ջանասիրությամբ աշխատել են հայոց աշխարհի եւ թագավորության համար: Գիշեր ու ցերեկ աշխատանքի մեջ են եղել, ճիգ են թափել, պատերազմներ մղել, թույլ չեն տվել, որ թեկուզ մի կորեկի չափ հող հայոց աշխարհի սահմաններից խլվի: Նրանք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, շարունակ քաջարի պատերազմներ են մղել, իրենց բնիկ տերերի, հայկական աշխարհի բնակիչների եւ քրիստոնեական հավատի համար [46]: Այսպես, Մուշեղը մանուկ Վարազդատի թագավորության ժամանակ առաջնորդվում է հայերին եւ զգուշությամբ պահպանում է Հայաստանի սահմանները, աշխատում է, որ թագավորությունը հաստատ մնա: Նա համոզված է, որ թագավորները աստծու կողմից են դրված, թեեւ նրանք իր հայրենիքին սարսափներ են պատճառում, սակայն քանի որ նրանք իրենց գլխին թագ են կրում, Մուշեղը զենք չի բարձրացնում. թագավորին թագավորը կարող է սպանել: Մուշեղը պատերազմի դաշտում Աղվանից Ուռնայր թագավորին բռնում, բայց չի սպանում, ասելով. շնորհակալ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում. ես թագավոր մարդու չեմ սպանի, մինչեւ անգամ եթե շատ նեղն էլ ընկնեմ [47]:

Մուշեղը դաժան է թշնամիների նկատմամբ, սակայն վերին աստիճանի վեհանձն ու ազնիվ է. Շապուհի գերի վերցված կանանց նա թույլ չի տալիս անարգել եւ ետ է ուղարկում: Շապուհը զարմանում է նրա բարեսրտության եւ ազնվության վրա: Մինչդեռ ինքը հայոց թագուհուն անասնական, պիղծ խառնակության միջոցով է սպանում [48]:

Կայսրության դրածո Վարազդատին երկրից քշելուց հետո Մանվել Մամիկոնյանը երկիրը նվաճում է, հայոց բոլոր մեծամեծներին ու նախարարներին իր մոտ հավաքում, ղեկավարությունը վերցնում իր ձեռքը, թագավորի փոխանակ հրամաններ է տալիս եւ աշխարհը շեն պահում [49]: Մահից առաջ նա իր որդուն պատվիրում է հնազանդ ու հավատարիմ լինել Արշակ թագավորին, ջանալ եւ աշխատել: Հայոց աշխարհի համար պատերազմել, ուրախությամբ հանձն առնել մահը աշխարհի համար, ինչպես եղել են նրա քաջ նախնիքը [50]. Մամիկոնյան դյուցազները փափազել են պատերազմի մեջ մեռնել եւ անպատվություն են համարել անկողնում մահանալը [51]:

Մամիկոնյանների դյուցազնացումը պատմիչի կողմից պատահական չէ, այն թելադրված էր ստեղծված իրավիճակով: Երկը գրվել է Արշակունիների անկումից մի քանի տասնամյակ հետո, այն ժամանակ, երբ հայ ժողովրդի ինքնուրույնության պահպանման համար ազատագրական պայքարի դրոշակիրն են եղել Մամիկոնյանները: Անհրաժեշտ էր նախարարներին եւ ամբողջ ժողովրդին համախմբել նրանց շուրջը, շեշտել, որ անցյալում էլ հայ կյանքում գլխավոր գործիչները Մամիկոնյաններն են եղել, եւ եթե նրանք չլինեին, Հայաստանը շատ վաղուց կորցրած կլիներ իր անկախությունը, հայ եկեղեցին վաղուց կործանված կլիներ, Արշակունիները այդքան երկար չէին իշխի:

Պատմիչի վկայությամբ Մամիկոնյան սպարապետները մի քանի գլխով վեր են կանգնած եղել Արշակունի գահակալներից: Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ վերջիններս խույս են տվել թշնամուց, հույսերը դրել են կաթողիկոսների աղոթքի վրա, մինչդեռ Մամիկոնյան դյուցազները համախմբել են ժողովրդին, հերոսամարտեր մղել պատերազմի դաշտերում: Նրանց շնորհիվ թշնամիները հայերին քնած չեն գտել, այլ՝ կազմ ու պատրաստ [52]: Պատահական չէ, որ հայրենասեր Փավստոսը Ներսես Մեծի բերանով Մուշեղին ասում է. «Քո ձեռքով, քո տոհմի ձեռքով նա (Քրիստոսը)  կփրկե հայոց աշխարհը մինչեւ հավիտյան» [53]:

Մանվելի մահից հետո Արշակի թագավորությունը անհաստատ է դառնում, եւ հայոց նախարարներից շատերը գնում են պարսից արքայի մոտ ու հայոց աշխարհը նրան հանձնում [54]:

Նոր գոտեմարտերը պահանջում էին Մամիկոնյանների իդեալականացումը, եւ մեր պատմագիրը ջանքեր չի խնայել պատվով կատարելու նաեւ այդ խնդիրը:

Ջերմ հայրենասիրությամբ տոգորված, նա խորը գիտակցել է հայրենիքի, հայրենի հողի կենարար ուժը, հող, որ մարդուն արիություն եւ անպարտելիություն է ներշնչում, արժանապատվության զգացումով լցնում: Մայր հողի վրա Արշակն արհամարում է անխուսափելի կորուստը, այն հզոր է քան մահը: Միանգամայն ճիշտ է նկատել Ստ. Մալխասյանցը, որ այս սքանչելի վեպը բանալի է դառնում՝ հասկանալու վեպի նախորդ անցքերը հայի անպարտելի ուժը թշնամու բյուրավոր բանակների դեմ կռվելիս ու հաղթաարելիս: Մայրենի հողում հայերը անպարտելի են այնպես, ինչպես հունական դիցաբանության վեպի Անթեոս հսկան, որին Հերակլեսը կարողանում է սպանել միայն այն բանից հետո, երբ նրա ոտքերը գետնից մայր հողից կտրում է [55]:

Փավստոսը գիտակցաբար այդ գաղափարի հեղինակներ է դարձնում թշնամիներին՝ արքայից խորհրդատուներին ու գուշակողներին, դրանով կարծեք ցույց տալով, թե հայերի թշնամիներն էլ գիտեն, որ հային հայրենիքը անսպառ ուժ է ներշնչում եւ դարձնում անպարտելի ու խիզախ:

Ըստ Փավստոսի, Արշակը երեսուն տարուց ավելի պատերազմներ է մղել Շապուհի դեմ եւ միշտ հաղթանակել: Հաշտություն եւ բարեկամություն հաստատելու պատրվակով Շապուհը Արշակին հրավիրում է Տիզբոն եւ հանդիմանում է հայոց թագավորին. վերջինս մեղանչում է իր արածների համար եւ հպատակություն հայտարարում: Արքայից արքան կասկածում է նրա անկեղծության վրա եւ խորհրդակցում է իր գուշակողների եւ խորհրդատուների հետ: Նրանց հարցին, թե հիմա ի՞նչպես է քեզ հետ խոսում, ի՞նչպես է իրեն պահում, Շապուհը պատասխանում է, որ Արշակը իրեն համարում է իր ծառաներից մեկը: Խորհրդատուները նրան առաջարկում են Հայաստանից հող եւ ջուր բերել, շաղ տալ վրանի հատակի կեսին, հետո հայոց թագավորին խոսեցնել բնական գետնի, ապա՝ հայկական հողի վրա: Եթե հարազատ հողի վրա խիստ լեզվով խոսի, կնշանակի հայրենիք վերադառնալուց պատերզամը կվերսկսի, թշնամությունը կշարունակի: Շապուհի խորհրդատուները չեն սխալվում: Պարսկական հողի վրա Արշակը մեղանչում է, ասում է սպանիր ինձ, որովհետեւ ես՝ քո ծառադ, շատ հանցավոր եմ, մահապարտ եմ: Հայկական հողի վրա նա բոլորովին փոխվում է եւ զայրութով գոռում. «Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, եւ ես չեմ ների քեզ եւ քո որդոց քո նախնիների վրեժն ու Արտավան թագավորի մահը» [56]:

Շապուհը նրա ձեռքից բռնած դարձյալ դառնում է պարսկական հողի վրա. այն ժամանակ Արշակը զղջում է ասածների համար. Խոնարհվում է, ոտներն է ընկնում, սակայն նորից, երբ ոտքը դնում է հայկական հողի վրա՝ ավելի խիստ է խոսում ու ըմբոստանում [57]:

Երեկոյան ընթրիքի ժամանակ, հակառակ ընունված սովորության, Արշակին, որ պետք է նստեր Շապուհի կողքին, նույն տաշտի վրա, նստեցնում են ամենաներքեւում: Արշակը անարգված է, նա անմիջապես ոտքի է կանգնում հատակին փռած հայկական հողի վրա եւ ասում Շապուհին, թե «Իրենն է այն տեղը, որտեղ բազմել է Շապուհը, նա պետք է ազատի տեղը, որ ինքը բազմի, որովհետեւ նրանց (Արշակունյաց) ազգի տեղն այդ է եղել եւ եթե նա իր աշխարհը դառնա՝ Շապուհից մեծ վրեժ կդառի» [58]:

Փավստոսը ընդգծում է, որ հայի բնական սովորությունն է կարոտել իր տունն ու տեղը, հայրենիքը [59]: Եվ իրավացի է Ստ. Մալխասյանցը, որ թյուրիմացություն է համարում հին բանասերների կարծիքնն այն մասին, թե Փավստոսը ատում է հայերին [60]: Պատմագրի երկը նման եզրակացության հիմք չի տալիս, ընդհակառակը, ամբողջ գրվածքը հագեցած է ջերմ հայրենասիրությաբ, նվիրվածությամբ հայրենիքին ու գահակալող հարստությանը: Ազգային պատվին նախանձնախնդիր պատմիչը փառաբանում է իր ժողովրդի դրական կողմերը. քաջությունը, միաժամանակ պախարակաում նրա արատավոր կողմերը: Նա հիացմունքով է խոսում հատկաես հայկական զորքի, նրա տիրատիրության մասին: Ասում է, թե չորս հարյուր հազարանոց զորքը բաղկացած է եղել լավ սպառազինված ընտիր ու արիասիրտ կռվողներից: Նրանք անսխալ խփող եւ ուժեղ նետաձիգներ են, թշնամու առաջ տեղի չեն տալիս [61]: Անգամ հայերի ոխերիմ թշնամին է զարմանում ու հիանում հայկական զորքի քաջագործություններով ու տիրասիրությամբ: Շապուհը իր իշխաններին պատմում է, որ ինքը զարմացել է տեսածից, մանկությունից ի վեր միշտ կռվի մեջ է եղել, շատ տարի թագավորել է, ոչ մի տարի առանց կռվի չի ացկացրել, բայց իսկապես ջերմ կռիվը հայերի կռիվն էր, հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ՝ հզոր ու անշարժ աշտարակ:

Շապուհն ասում է, որ ավելի զարմացել է հայկական գնդի միասիրտ հավատարմության եւ տիրասիրության վրա: Թեեւ Արշակը վաղուց կորած է եղել նրանց համար, բայց հայերը նրանով են քաջալերվել պատերազմի ժամանակ. երբ հետապնդել են թշնամուն, միշտ ասել են՝ «Արշակի համար»: Իսկ Մուշեղի մոլեգնած գնդից Շապուհին թվացել է, թե բոց ու կրակ էին թափում, զենքերն այնպես էին փայլում գնդի մեջ, կարծես հրդեհի բոց է անցնում եղեգնի միջով: Հայերի արյունռուշտ թշնամին՝ Շապուհը, բացականչում է, թե՝ «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան եւ հավատարիմ զորքի» [62]:

Ժողովրդի ինքնուրույնությանը եւ դավանանքին սպառնացող վտանգի պայմաններում մեր պատմագիրը, սակայն, մնացել է լավատես. նա ցույց է տալիս իր ժողովրդի հերոսական անցյալը եւ կարծեք կոչ անում ու հուսադրում հայրենակիցներին, Վրթանեսի բերանով ասելով՝ եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն՝ այստեղ կհաստատեն իրենց անօրեն կարգերը, «որ հուսանք, թե երբեք լինելու չէ» [63]:

Հայրենիքի ու ժողովրդի, դավանանքի համար անձնազոհություն են ցուցաբերում ոչ միայն Մամիկոնյաններն ու զորքը, այլեւ հոգեւորականները, շարքային մարդիկ: Այսպես. Արտաշատից գերիներ են տանում: Նրանց է միանում քաղաքի երեցը Զվիթը: Պարսիկ զորավարները նրան ասում են՝ « Դուրս եկ գերների շարքից եւ գնա ուր ուզում ես». Նա պատասխանում է, թե՝ «Ուր որ տանում եք այդ խաշինքը՝ հովվին էլ նրա հետ տարեք. պետք չէ, որ հովիվը իր խաշինքը թողնի, նա պետք է իր կըանքը զոհի աշխարհի համար» [64]:

Ճակատամարտում, մի ներքինի, Դրաստամատ անունով, փրկում է Շապուհի կյանքը: Վերջինս ցանկանում է հատուցել եւ նրան ասում է, թե՝ խնդրիր, ինչ որ ուզում ես: Դրաստամարտը խնդրում է իրեն մեկ օրով թույլ տալ այցելելու Անուշ բերդում բանտարկված Արշակ թագավորին: Շապուհը զարմանում է ու ասում, թե՝ դժվար բան խնդրեցիր, բայց որովհետեւ մեծ է ծառայությունդ՝ թույլատրում եմ: Շապուհը իր այդ արածը բացառություն է համարում արյաց թագավորության օրենքից [65]:

Տիրասեր ներքինին մեկ օր անց է կացնում Արշակի հետ, նրան թագավորական զգեստներ է հագցնում, թագավորին արժանավայել ճաշասեղան պատրաստում: Արշակը կերուխումից հետո ինքնասպան է լինում: Չկարողանալով տանել տիրոջ ողբերգական մահը, փառքի գագաթնակետին հասած Դրաստամատը նույնպես ինքնասպան է լինում:

Եթե Ագաթանգեղոսը բերում է քրիստոնեության տարածման ու արմատավորման համար անվեհեր մաքառումների օրինակներ, ապա Բուզանդը՝ քրիստոնեությունը եւ Արշակունիներին պաշտպանելու անձնվիրության ու անձնազոհության փաստեր:

Գրիգոր Լուսավորչի տոհմի ներկայացուցիչներին՝ կաթողիկոսներին, հատկապես Ներսես Մեծին, պատմիչը վիպականացրել է եւ ներկայացրել որպես իդեալ արթուն ու առաքինի հովիվների: Կաթողիկոսները անվախ ու համարձակ են անգամ թագավորների առաջ, հանդիմանում են նրանց անբարոյական վարքագիծը: Փավստոսը Մամիկոնյաններին դյուցազնացնելու եւ կաթողիկոսներին հրեշտակային վարք վերագրելու նպատակով վերջիններիս բերանով խարազանում է Արշակունի վերջին գահակալների արատավոր կողմերը, սակայն, միաժամանակ, քանի որ նրանք, ըստ իրեն, աստծու կողմից են տրված, կոչ է անում պաշտպանել նրանց, ձգտել ուղղել-դաստիարակել եւ ոչ լքել:

Նախարարներն ու իշխանները, բացի Մամիկոնյաներից, ապստամբում են Արշակի դեմ եւ գալիս Ներսեսին հայտնում են, որ ձանձրացել են 30-ամյա պատերազմից եւ որոշել են թողնել հայոց թագավորին ու գնալ հպատակվել պարսից թագավորին: Պատմագիրը Ներսեսի բերանով նրանց ասում է, «Լավ մտածեք, հիշեցեք տիրոջ պատվիրանը միաբանության մասին, որ ծառաները պետք է հնազանդ լինեն իրենց տերերին: Դուք բոլորդ Արշակունյաց ազգից եք ձեռք բերել ձեր դիրքը, ձեզանից ոմանց նրանք են նշանակել գավառների տերեր, աշխարհների մեծամեծներ: Արշակունյաց ազգը պիղծ ու հանցավոր է արարիչ աստծու առաջ, բայցձեզ բոլորիդ բարձրացրել ու պարեցրել է՝ մեկին գործ տալով, մյուսին պատիվ, մեկին իշխանություն, մյուսին գործակալություն: Թեպետ Արշակը մեղավոր է աստծու առաջ եւ պարտավոր է պատիժ կրել, բայց աստված իր մեծ ու անչափ մարդասիրությամբ խնայում է նրան եւ նրա պատճառով՝ ձեզ: Իսկ դուք կամենում եք հեթանոսների ծառայության տակ ընկնել, մերժել ձեր բնիկ տերերին, որոնք տրված են եղել աստծուց, ծառայել օտար տերերին եւ նրանց անաստված կրոնը ցանկալ: Արշակը թեկուզ բյուր անգամ էլ չար լինի՝ սակայն աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, այնուամենայնիվ ձեր թագավորն է» [66] ։

Պետք է ենթադրել, որ հետագայում Պատմահայրը հայ նախարարներին ուղղված Սահակի հանդիմանությունը գրելիս, օգտվել է Բուզանդի այդ հատվածից: Փավստոսն Ագաթանգեղոսի նման նույնպես կողմնակից է ժառանգական տիրապետության: Երկրի մեծամեծները Արշակ թագավորին ասում են, թե ինչպես որ աստված նորոգեց ձեր թագավորությունը, այնպես էլ դուք պետք է Գրիգորի սերնդից նորոգեք հոգեւոր նահապետությունը [67]:

* * *

IV դարի 50-ական թվականներից Արշակունիների թագավորությունը զգալիորեն թուլանում է, գահակալները, որոնք փորձում են շատ թե քիչ ինքնուրույն քաղաքականություն վարել, վերականգնել թագավորության երբեմնի հեղինակությունը, հանդիպում են նախարարների ու եկեղեցու համառ դեմադրությանը: Այդ փորձերը հակասում են կենտրոնախույս ուժերի եւ եկեղեցու շահերին: Հատկապես Արշակը եւ Պապը վճռական քայլերի են դիմում այդ ուղղությամբ, որի համար էլ արժանացել են մեր պատմագրի հակակրանքին, վարկաբեկվել: Չնայած նա կենտրոնացված պետության կողմնակից է, սակայն այդ պետության գահակալները պետք է հաշվի նստեն հոգեւոր տերերի սպարապետների հետ:

Ֆեոդալական-եկեղեցական պատմագրությունը, այդ թվում եւ Փավստոսը, գտել է, որ եկեղեցին ու պետությունը երկվորյակներ են եւ կոչված են համագործակցելու, որպեսզի պայքարեն իրենց թշնամի ուժերի, մասնավորապես հեթանոսության մեջ համառող ժողովուրդների դեմ:

Այդ պատմագրությունը գտնում էր, որ աստծու կողմից հաստատված կարգերը, հավիտենական են ու անփոփող: Մարդկանց բոլոր փորձերը՝ այդ կարգերը ոչնչացնելու ուղղությամբ, հաջողություն չեն կարող ունենալ: Քաղաքական եւ սոցիալական փոփոխությունների ձգտումը նրա կողմից համարվել է մեղսագործություն:

Ֆ. Էնգելսը նկատում է, որ եկեղեցին տվել է ֆեոդոլական սկզբունքներով հիմնված աշխարհիկ պետական կարգին կրոնական լուսաբանում, որ եկեղեցական դոգման հանդիսացել է ամեն մի մտածողության ելակետն ու հիմքը [68]:

Արշակունի վերջին գահակալները, ըստ Փավստոսի, խախտել են այդ դոգման, դաժան հաշվեհարդար են տեսնում կենտրոնախույս ուժերի նկատմամբ, ասպարեզից հեռացնում են իրենց միջոցառումների իրականացմանը: Նրանց զոհերն են դառնում հոգեւոր պետեր Հուսիկը, Դանիելը, Ներսեսը: Գահակալները ձգտում են կաթողիկոսական աթոռին նստեցնել իրենց հավատարիմ, կամակատար մարդկանց: Պատահական չէ, որ Փավստոսը զայրութով նշում է թե նրանք չշտապեցին կաթողիկոս ընտրել ոչ նրա համար, որ իսկապես իրենց հովիվ եւ առաջնորդ լինի, ժողովրդի հոտապետ դառնա, այլ փնտրել են այպիսի մեկին, որ իրենց զրույցընկեր լինի եւ իրենց ուզածի պես վարվի [69]: Պատմիչը գրում է, թե Արշակը փորձել է թանկագին նվերներով Խադ եպիսկոպոսին կաշառել, որպեսզի նա իր ուզածով գործի [70]:

Մամիկոնյանները եւ կաթողիկոսները, անտեսելով նոր իրադրությունը, կառչել են իրենց նախկին քաղաքականությանը: Ըստ նրանց, Հայաստանի բախտը պետք է կապել Արեւմուտքի հետ, քանի որ այն քրիստոնյա է: Պապի սպանությունից հետո նախարարները Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ որոշում են հեթանոս պարսիկների ծառայության տակ չմտնել եւ դրանով չթշնամացնել Բյուզանդիայի թագավորին, եւ քանի որ գտնում են, թե առանց որեւէ մեկի թիկունքի, իրենք չեն կարող ապրել, ուստի գերադասում են շարունակել ծառայել Բյուզանդիայի թագավորին [71]:

Փավստոսի համար բոլոր նրանք, ովքեր այս կամ այն ձեւով պաշտպանել են Արշակունի գահակալների քաղաքականությունը, անօրեն, սատանայի գործիք դարձած չարամիտ, չարասիրտ, չարագործ մարդիկ են եղել:

Միանգամայն ճիշտ է նկատում Հ. Մանանդյանը. «Փավստոսի մոտ, որ կուսակցական պատմիչն է Գրիգոր Լուսավորչի տոհմի եւ Մամիկոնյանների, պատմական այս շրջանի անցքերը ներկայացված են այլայլված ձեւով, իսկ պատմական խոշոր դեմքերը, որ հակառակորդ էին այդ տոհմերի, նկարագրված են ամենամռայլ ու քստմնելի գույներով» [72]:

Դժբախտաբար Բուզանդի խիստ սուբյեկտիվությունը նրան շատ դեպքերում միտումնավոր է դարձրել, եւ նրա շատ նկարագրություններ չեն հաստատվում օտար աղբյուրների կողմից: Այսպես. Մարկվարտը միանգամայ ճիշտ է նկատում, որ Հայր մարդպետները, որոնք թագավորի կանանոցի վերակացուներն էին, թագավորական ամրությունների ու բերդերի, արքունի գանձերի վերահսկողը, նպատակ են ունենում վերականգնել Արշակունիների թագավորության երբեմնի փայլը եւ թուլացնել նախարարների ու եկեղեցու ուժը [73]: Մինչդեռ Բուզանդը շանթ ու թույն է թափում մարդպետների վրա, նրանց է վերագրում թագավորության քայքայումը:

     Արշակունիների թուլահոդ թագավորության վերջին գահակլաների կենտրոնաձիգ քաղաքականության իրականացման փորձերը ակտիվացնում են նախարարների կենտրոնախույս ձգտումները. նրանք մեկը մյուսի ետեւից ապստամբում են: Մարդապետները չէին կարող հանդուրժել նման վիճակը եւ դաժանորեն ճնշում են ապստամբությունները:

Պատմագրի մոտ, սակայն, հայրենասիրությունը զիջում է քաղաքական կողմնորոշմանը եւ բացահայտում նրա սուբյեկտիվությունը: Եթե կենտրոնախույս ուժերի դեմ մարդապետների մղած պայքարը նա դավաճանություն է համարում, ապա նույն ուժերի դեմ Մամիկոնյանների ծավալած գործողությունները՝ հերոսություն [74]: Այս դեպքում ապստամբ ուժերը հայենիքի դավաճաններ են, անօրեն են, մատնիչ, չարագործ, տիրանենգ, տիրասպան: Առանձնապես ատելությամբ է խոսում պատմիչը Մերուժան Արծրունու մասին, տալիս է նրա դավաճանության ծանր հետեւանքները հայրենիքի եւ ժողովրդի համար: Մերուժանի առաջնորդությամբ պարսկական զորքը Հայոց աշխարհը կրակի ու ավերածության է ենթարկում, ոմանց փղերին ոտնակոխ էին անել տալիս, կանանց սայլերի ցցի վրա հանում, բնակիչներին կոտորում էին [75]:

Փավստոսը կենտրոնախույս ուժերի ակտիվացումը դիտում է որպես պետության քայքայում: Նշելով, որ Արշակ թագավորի դեմ ապստամբել էին նախարարներից շատերը, ավելացնում է, թե «Հայոց թագավորությունը մեծապես քայքայվեց» [76]: Ապա նկատում է, որ ներքին այդ պայքարը իր հերթին պակասեցնում է հայերի թիվը [77]: Ցավով է արձագանքում, որ Վարազդատ թագավորը խաղալիք է դարձել նախարարների ձեռքում [78]:

Արշակ թագավորը կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում ձգտել է ամուր ու վստահելի հենարան ստեղծել: Այդ նպատակով նա կառուցում է Արշակավան քաղաքը: Հայտնի է, որ ստրկատիրական հասարակության քաղաքական կյանքում քաղաքները խոշոր դեր են խաղացել եւ գահակալների հիմնական հենարանը հանդիսացել: Սակայն ժամանակները փոխվել էին: Հայաստանը թեւակոխել էր վաղ ֆեոդոլիզմի պատմաշրջանը, քաղաքները կորցրել էին իրենց նախկին դերը: Ֆեոդոլական դասակարգի շահերը անհամատեղելի էին արտոնություններ վայելող քաղաքների գոյության հետ: Բնական է, որ Արշակավանի կառուցումը եւ նրա բնակիչներին տրված արտոնությունները թշնամանք եւ զայրույթ պետք է առաջացնեին եւ Արշակունի գահակալի դեմ ոտքի հանեին կենտրոնախույս ուժերին եւ եկեղեցուն: Նախարարներն ու եկեղեցին պատերազմ են հայտարարում թագավորին. նա ստիպված  անցնում է Վրաստան՝ օժանդակ զորք ձեռք բերելու նպատակով: Նախարարների միացյալ ուժերը հարձակվում են Արշակավանի վրա, սրի անցկացնում բնակչությանը եւ հիմնովին ավերում այն [79]: Եթե Խորենացին քաղաքի ավերումն ու բնակչության ոչնչացումը համարում է նախարարների ձեռքի գործը, ապա Փավստոսը այն վերագրում է Ներսեսին: Վերջինի անեծքով քաղաքի 20 հազար ընտանիք 3 օրվա ընթացքում հիվանդանում եւ մեռնում են, քաղաքը անմարդաբնակ է դառնում [80]: Փավստոսը նախարարներին Արշակի դեմ է հանում ոչ թե Արշակավանի, այլ իբրեւ Պարսկաստանի դեմ նրա մղած 30-ամյա պատերազմների կապակցությամբ: Եվ Արշակի կողմից նրանց հետ դաժան հաշվեհարդար տեսնելը անմտություն է համարում [81]:

Փավստոսը Արշակավանի կառուցումը վերագրում է Արշակի ագահությանը եւ Ներսեսի բերանով ասում. «Ամբողջ երկիրը լալիս է, վայ է կանչում այն զրկանքների ու հափշտակությունների պատճառով, որոնցով դու կամեցար մեծանալ, դու չհագեցար քր ընդարձակ թագավորության հարստություններով» [82]:

     Արշակավանի կապակցությամբ Արշակի նկատմամբ ատելությունն այնքան ուժեղ է եղել, որ պատմիչ Փավստոսն ինքն իրեն հակասում է: Ասում է, թե մինչ Արշակավանի կառուցումը Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, որոնք կորել էին, փախել ու թաք էին կացել՝ հավաքվեցին եւ ապահով ու խաղաղ ապրեցին Արշակ թագավորի հովանավորության ներքո: Աշխարհն էլ երկու թագավորների միջեւ խաղաղացավ, բարեկարգվեց, կազմակերպվեց, եւ բոլորն իրենց բնակության տեղերում վայելում էին խաղաղություն: Հայոց աշխարհի թագավորությունը նորոգվում է ու պայծառանում [83]:

Քաղաք շինելուն պատմիչը դեմ չէ: Ներսեսն Արշակին ասում է. «Եթե դու այն տեղին շատ ես փափագում՝ ես ինքս կշինեմ արդարությամբ եւ շեն կպահես քեզ համար»:

Ըստ Փավստոսի, Արշակի հանցանքը, անարդարությունը, ոչ թե քաղաքի շինելն, այլ քաղաքի բնակիչներին արտոնություններ տալը, դժգոհ տարիներին համախմբելը, որոնց նա որոմ է համարում: Արշակավանի աղետից հետո Ներսեսը Արշակին ասում է. «Այս աշխարհում արդարներն ու մեղավորները խառն են ապրում, արդարների պատճառով մեղավորներն էլ խնայվում են եւ ապրում: Ինչպես թշնամու ձեռքով  մաքուր ցորենի մեջ ցանած որոմը, որ նրա հետ միասին բուսնում է՝ խնամվում է, մաքուր ցորենի հետ աճում է եւ կեղտոտ որոմը, մի գուցե որոմը, քաղհան անելիս ցորենն էլ պոկվի: Այդ պատճառով որոմն էլ ցորենի պես առժամանակ դարմանվում է ցողով, անձրեւով, ոռոգումով, ջերմությամբ եւ պայծառ արեգակի լույսով: Այդ այդպես կշարունակվի մինչեւ հունձքի ժամանակը, երբ ցորենի բերքը հնձում ու ժողովում են արքայության շտեմարաններում, իսկ որոմը հավիտենական կրակի մեջ են ածում ու այրում:

Դեռ հունձի ժամանակը չհասած՝ դու որոմը քաղհան արեցիր ցորենից եւ վաղաժամ մի տեղ հավաքեցիր առանց ցորենի, ուստի եւ կրակը վաղաժամ եկավ եւ բոլոր որոմը միանգամից ոչնչացրեց» [84]:

Հայ պատմագրության մեջ վաղուց կարծիք է հայտնվել, որ Արշակավանում բնակություն են հաստատել գլխավորապես իրենց տերերից դժգոհ, ունեզրկված ու սնանկացած տարրերը   ֆեոդոլական կախյալ գյուղակիցները եւ քաղաքային ստորին խավերի ներկայացուցիչները [85]:

Դասակարգային պայքարի այս ամենապասսիվ ձեւը   տերերին լքելը, հեռանալը մեծ անհանգստություն է պատճառել աշխարհիկ եւ հոգեւոր տերերին: Նրանք քաջ գիտակցել են, որ իրենց դեմ մղած պայքարում այդ դժգոհ տարրերը վստահելի ուժ կարող են հանդիսանալ Արշակի ձեռքում: Արշակի այդ միջոցառումը հարվածել է նաեւ նրանց տնտեսական շահերին. կորցնում էին աշխատուժ եւ հարկատու բնակչություն: Սրանով Արշակը խախտել էր Աստվածաշնչի՝ ժողովրդին աստվածային վախով դաստիարակելու, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանություններին ենթարկելու սկզբունքը:

Պատահական չէ, որ պատմիչը շեշտում է, թե քաղաքը Արշակը շինեց մեղքերով, անօրենությամբ, չարությամբ եւ հափշտակությամբ [86]: Թերեւս կարելի է ենթադրել, որ Բուզանդը «Հափշտակելով» ասելով նկատի ունի շինականներին, որ իբր Արշակը հափշտակել է նրանց իրենց տերերից:

Դարի զավակ մեր պատմագիրը, պարզ է, որ ատելությամբ պետք է խոսեր Արշակավանի կառուցման ու բնակեցման մասին եւ արտահայտեր իր վերաբերմունքը քաղաքում բնակություն հաստատածների նկատմամբ: Նա ասում է, թե Արշակը հրաման է տվել, որ եթե մեկը մեկին պարտք է, եթե մեկը ուրիշին մի բանով վնասել է՝ թող բոլորը գան այդ դաստակերտը եւ ապահով կլինեն: Եթե մեկը (ուրիշի) արյուն է թափել, մեկին վնասել է, կինը տարել  է կամ պարտապան է, կամ մեկի գույքը գրավել է, կամ որեւէ մեկից երկյուղ ունի՝ թող գա այն տեղը, նրա դեմ դատ ու պահանջ չի լինի: Եվ եթե մեկը մեկին մի բան պարտք է եւ պարտատերը այդ տեղը գա պահանջելու՝ նրան առանց դատի ու արդարադատության բռնեն ու դուրս հանեն [87]:

Փավստոսը զայրացած ու ատելությամբ արձագանքում է, որ նորակառույց քաղաքում հավաքվել են «Բոլոր գողերը, ավազակները, արյունապարտները, մարդասպանները, ստախոսները, խաբեբաները, վնասարարները, գրպանահատները, զրկողները, դատի մեջ ստողները, կողոպտողները, հափշտակողները, ժլատները: Որ մարդիկ շատ հանցանքներ էին գործում եւ այնտեղ սպավինում» [88]:

Գողերի, ավազակների այդ հավաքատեղը, սակայն, շուտով բազմամարդ քաղաք է դառնում, մեծանում, ամբողջ հովիտը բռնում [89]: Այնտեղ կառուցվում է թագավորական պալատ, եկեղեցի: Սակայն, գողերն ու ավազակները երբեք քաղաքներ չեն շինել ու մեծացրել, ընդհակառակը, նրանք քանդել ու կողոպտել են եղածները: Այնուհետեւ, նրանցով բնակեցված քաղաքում արքունական ապարանք չէին կառուցի: Արշակավանը շինվել է տարանցիկ առեւտրական բանուկ ճանապարհի վրա, որպիսի հանգամանքը եւ խթանել է նրա արագ բարգավաճմանը: Եվ հենց այդ բարգավաճումն է, որ խիստ զայրացրել է աշխարհիկ եւ հոգեւոր տերերին, որոնք եւ «բազմագութ հայր եւ գթած մայր» [90], Ներսեսի միջոցով դաժան հաշվեհարդար են տեսել նրա հետ: Այն Ներսեսի, որը, ըստ պատմագրի, եղել է ամենահայրենասերը, ամենամարդասերը, աղքատների հետ ճաշասեղան նստողը, այրիներին, որբերին ու չքավորներին օգնության հասնողը, անտեղի սպանությունների դեմ պայքարողը: Ահա սակայն, նա չի զլանում այդ նույն Ներսեսի անեծքով 20 հազար ընտանիք միանգամից ոչնչացնելու [91]: Նա չի զլանում նաեւ նույն Ներսեսի բերանով նզովելու Արշակին, ասելով. «Որովհետեւ դու քո տիրոջ Քրիստոսին դեմ դարձար՝ ուստի անպիտան ու անարգ դառնաս ինչպես թափված ջուրը եւ տկարանաս՝ երբ նա  աղեղը լարե: Եվ այն կործանմանը, որ մարգարեի բերանով ասվեց՝ կհասնի ձեր վերա, որ դուք, Արշակունյաց ցեղդ, կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք, եւ այլեւս չեք կանգնի» [92]:

     Այս նզովքը գրվել է Արշակունիների անկումից հետո, ուստի կանխագուշակում չէ, այլեւ կատարված փաստի սոսկ արձանագրում:

     Փավստոսի մոտ, նկատում է Աշ. Հովհաննիսյանը, Ներսեսը հանդես է գալիս որպես մեկը հայ եկեղեցու կազմակերպողներից, որպես հեղինակավոր մի գործիչ, որը հայ Արշակունիների պետական քաղաքականությունը հակադրում էր Լուսավորչի կաթողիկոսական դինաստիայի տարած քաղաքականությանը, որը եկեղեցական կալվածատիրությունից զատ հենված էր մերթ կենտրոնախույս նախարարների, մերթ բյուզանդական նվաճողների զինակցության վրա: Պայքարն աշխուժանում է մանավանդ, երբ նախարարների շարքերում եւ արքունիքում ուժ է ստանում իրանական կողմնորոշումը, վտանգելով Լուսավորչի տանը պատկանող կաթողիկոսների ու նրանց պաշտպանող նախարարների դիրքը եւ հող պատրաստելով Պարսկաստանի կողմից հովանավորված Աղբիանոսի տան կաթողիկոսական թեկնածուների հաղթանակի համար: Եկեղեցու եւ պետության հին Հայաստանի խոշորագույն երկու կազմակերպությունների (ինստիտուտների Լ. Բ. ) եւ դրանց գլխավորող երկու դինաստիաների՝ Պարթեւների եւ Արշակունիների պայքարը Ներսես Պարթեւի ժամանակ հասնում է ծայրահեղ լարման՝ հանգելով հայ թագավորի՝ Պապի բանադրման [93]: Այդ պայքարի պատմության ուսումնասիրության հիմնական աղբյուրը հենց Փավստոսի երկն է:

* * *

Լինելով կենտրոնաձիգ պետության կողմնակից, Փավստոսը, սակայն, Ագաթանգեղոսի նման առաջնությունը տալիս է հոգեւոր տերերին, նրանց իդեալականացնում է, հրաշագործություններ է վերագրում, նրանք ինչ ուզում են՝ ստանում են աստծուց: Նման պատկերացումը պատմիչի մոտ նույնպես պատահական չէ. ժամանակն էր պահանջում այդ: Հայ եկեղեցուն սպառնացող վտանգի պայմաններում անհրաժեշտ էր ժողովրդին եւ նախարարներին ցույց տալ, որ անցյալում երկրի քաղաքական կյանքում եկեղեցին եւ հոգեւոր տերերը վճռական դեր են խաղացել, որ նրանք ամենաջերմ հայրենասերներն են ու տիրասերներն են եղել, որ նրանք իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի երբեմնի հզորության ու հեղինակության վերականգնման, Արշակունի գահակալներին ուղիղ ճանապարհի բերելու համար: Ավելին, բազմիցս նախազգուշացրել են նրանց գալիք արհավիրքների եւ մոտալուտ անկման մասին:

Հուսիկ կաթողիկոսի գազանաբար սպանության կապակցությամբ, նրա հոգեւոր գործիչներից մեկի՝ Դանիել եպիսկոպոսի բերանով, պատմագիրը Տիրան թագավորին ասում է, թե ձեր ստությունների ու պղծությունների պատճառով տերը ձեր թագավորությունը եւ քահանայությունը կվերացնի, դուք կցրվեք ու կբաժանվեք, ձեր սահմանները ցրիվ կգան, կմնաք անտեր, անխնամ, ոչ ոք ձեզ չի խնայի, դուք խաշներ կդառնաք, որոնք հովիվ չունեն, ինչպես ոչխարների հոտ, կմատնվեք գազանների ձեռքը, օտար թշնամիների ձեռքը կընկնեք իբրեւ գերի, նրանց կծառայեք, եւ այդ ցառայության լուծը երբեք չի վերանա [94]: Մինչդեռ այդ ժամանակաշրջանում, քաղաքական ճգնաժամերի ժամանակ, կանխատեսությունների մեջ վերհիշվում էր Դանիել առաքյալի գուշակած վերջին այն տիեզերապետությունը, որի ընթացքում, ըստ Ավգուստինի, քրիստոնեությունը որպես թե կենսագործելու էր իր լիակատար հաղթանակը, սահմանելով այս աշխարհում հարատեւ երանություն եւ հանգելով ի վերջո «արարածոց նորոգման» քրիստոնեական ստանդարտ հեռանկարին [95]: Պատմիչի կողմից այդ մասին չակնարկելը կամ չնշելը նույնպես թելադրված էր ապրած օրերի իրողությամբ: Հոռետեսական այդ հարցադրումը կթուլացներ ուժերի համախմբման ջանքերը:

Փավստոսը քարոզում է այն գաղափարը, որ քանի գահակալներն ու նախարարները գործել են հոգեւոր տերերի պատգամներով ու խորհուրդներով, երկրում խաղաղություն է տիրել, նա անպարտելի ու հզոր է եղել: Սակայն, հետագայում, երբ նրանք հաշվի չեն նստել նրանց հետ, արհամարել են նրանց հանդիմանությունները, հայրենիքը կորցրել է իր փառքը, դարձել է սարսափների թատերաբեմ, թշնամիները երկիրը ոտնատակ են տվել, իշխել է անարդարությունն ու անբարոյականությունը, մարդիկ անհավատ են դարձել:

Դանիելը դառնությամբ կանխագուշակում է Հայաստանի անկախության կորուստը: Փավստոսը, ինչպես տեսնում ենք, արձանագրել է 387 թվականից հետո Հայաստանին վիճակված իրողությունը, որը նույնպես վկայում է, որ հեղինակը նկարագրվող դեպքերին ժամանակակից չէ:

Հայտնի է, որ V դարի 30–40-ական թվականներից, ինչպես ասվել է, հայ եկեղեցում իշխող դիրք են ձեռք բերել ասորի հոգեւորականները, որոնք հովանավորվել են պարսից արքունիքի կողմից: Անհրաժեշտ էր ցույց տալ, որ անցյալում ասորի հոգեւորականները, անգամ ծագումով պարսիկ եպիսկոպոսը, նույնպես ջանք ու եռանդ չեն խնայել պահպանելու Հայաստանի հզորությունը, խաղաղությունն ու բարոյական կերպարը: Ահա այդ նպատակն է հետապնդել Բուզանդը եւ դրանց էլ վիպականացրել ու առաքելացրել է:

Ծագումով պարսիկ Հակոբ եպիսկոպոսը Հայաստան է գալիս տեսնելու Նոյան տապանը: Երբ իմանում է, որ Ռշտունյաց Մանաճիհր իշխանը, «չար եւ անզգամ մարդ է» [96], գնում է նրա մոտ խրատելու նպատակով, սակայն նրա ջանքերը ապարդյուն են անցնում եւ նա անիծում է ու հեռանում. երկու օրից հետո իշխանը եւ նրա ամբողջ ընտանիքը չարամահ են լինում [97]:

Վերը նշված ասորի Դանիել եպիսկոպոսը սուրբ եւ սքանչելի է: Նա համարձակորեն հանդիմանում է Տիրան թագավորին եւ նախարարներին, նրանց համարում բարքերը ապականողներ եւ դառնացած բացականչում է «Դուք կործանեցիք ու ընկաք, ետ կանգնեցիք արդարության ճանապարհից» [98]: Փավստոսի համար արդարության ճանապարհը կաթողիկոսների ցույց տված ճանապարհն է, որից սակայն շեղվում են թագավորներն ու նախարարները:

Ըստ Փավստոսի, Գրիգոր Լուսավորչի սերունդներից ծնվելու են զավակներ, որոնք Հայաստանի հոգեւոր իմաստության աղբյուրներ կդառնան, նրանցից կբխեն աստծու պատվիրանների շնորհքներ, լիուչի խաղաղություն եւ շենություն, նրանք շատ մոլորվածների կդարձնեն դեպի ճշմարտության ճանապարհը [99]: Այստեղ նույնպես ակնարկություն կա V դարի հոգեւոր գործիչների մասին:

Կաթողիկոսները միշտ խրատում, նադիմանում, մեղադրում են թագավորներին ու նախարարներին նրանց գործած մեղքերի համար: Հուսիկն անգամ հանդգնում է Տիրան թագավորին եկեղեցի չթողնել, որի համար եւ սպանվում է:

Իդեալականացված է, ինչպես ասվել է, պատմիչի հիմնական գործող անձը, Ներսես կաթողիկոսը: Նրա նման գեղեցիկ ու իմաստունն աշխարհում չկա, նա է, որ բոլորին առաջնորդում է դեպի կյանքի ճանապարհը: Նա Հայաստանի լույսն է, խիզախ, համարձակ, անասելի հրաշալիքներ գործող: Նա միշտ դիմադրում է Պապ թագավորին, նրան նախատում ու հանդիմանում է ծանր, փաստացի հանդիմանություններով, բազմաթիվ չար գործերի պատճառով նրան թույլ չի տալիս եկեղեցի մտնել: Միշտ նրան խրատում է, որ կորստաբեր գործերից հրաժարվի, ճիշտ վարքագիծ ունենա, ապաշխարության գա: Պապ թագավորը նրանից վախենում է, նրա դեմ խստություն չի կիրառում, որովհետեւ ժողովուրդը եւ զորքը թույլ չէին տա անարգել կամ սպանել մի մարդու, որին սիրում էին հայոց աշխարհի բոլոր մարդիկ՝ նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով [100]:

Չնայած Պապը ատում է նրան, ցանկանում է նրա մահը, սակայն կայսրի հրամանով նրան աքսորելը մեծ անպատվություն է համարում իր պետության համար եւ տարի շարունակ վրեժխնդիր է լինում, ասպատակում կայսրության արեւելյան նահանգները: Զայրանում է կայսրի դեմ, որ համարձակվել է աքսորել այնպիսի մեծ եւ պատվավոր մարդու, որ իր աշխարհի եւ թագավորության գլխավորը, ուսուցիչն ու առաջնորդն էր [101]:

Ավելին, Փավստոսը ընդգծում է, որ կայսրության արքունիքում գիտեին, որ Ներսեսը մի աշխարհի գլխավոր է եւ որ  «դրանց աշխարհում թագավորն ու դա մի հաշիվ են» [102]: Ահա երկրի կյանքում կաթողիկոսների գրաված դիրքի եւ տեղի մասին մեր պատմիչի պատկերացումը:

Դատապարտելով Արշակունի գահակալների եւ նախարարների վարքագիծը, փառաբանելով Լուսավորչի տոհմի ներկայացուցիչներին եւ մյուս հոգեւոր գործիչներին, պատմագիրը միաժամանակ ցավով արձանագրում է նաեւ հոգեւորականության միջավայրում արմատացած արատավոր կողմերը: Օրինակ է բերում ոմն Հոհան եպիսկոպոսի, որը կեղծավոր է, չափից դուրս ագահ է, ագահության պատճառով աստծու առաջ ահն էլ է մոռացել այն աստիճան, որ անարժան ու անհավատալի բաներ է անում: Հոհանը խեղկատակություններ է անում թագավորի առաջ ու ամեն անգամ նվերներ ստանում: Պատմիչը ծաղրում է նմաններին, ասում է, որ Հոհանը ճանապարհին մի ավազակ է բռնել ու հարկադրաբար երեց դարձրել: Նա թագավորների խեղկատակն էր, նրանց առաջ ձեռքերի ու ոտքերի վրա ընկնելով՝ չորեքթաթ է տալիս, ուղտի նման կառաչում եւ կառաչելու ժամանակ ասում է. ուղտ եմ, ուղտ եմ, թագավորի մեղքերը բառնում եմ, վրաս դրեք թագավորի մեղքերը, որ բառնամ: Թագավորը գյուղեր կամ ագարակներ է պարգեւում նրան իր մեղքերի փոխարեն [103]:

* * *

Լինելով Մամիկոնյանների եւ Գրիգոր Լուսավորչի տոհմի ջատագովը, Փավստոսը, սակայն, քաղաքական կողմնորոշման մեջ հետեւողական չէ: Երկի բովանդակությունը հիմք չի տալիս նրան անվերապահորեն արեւմտյան կողմնորոշման կողմնակից համարել: V դարի 60 70 թվականներին գրել մի ժողովրդի պոտմություն, որը սերտորեն առնչվում էր հարեւան, աշխարհակալության ձգտող, պետությունների պատության հետ, չափազանց դժվարին ու բարդ խնդիր էր: Եթե Կորյունը իր մտքերը քողարկում է Աստվածաշնչից բերված ցիտատներով, Ագաթանգեղոսը նավարկությամբ եւ վաճառականությամբ, ապա Փավստոսը Արշակունի վերջին գահակալներին պախարակելու միջոցով:

Նա, որ քաղաքական-հասարակական ու սոցիալական շատ նրբություններ է նկատել եւ տվել շատ հիանալի մեկնաբանություններ, բացահայտել նրանց էությունը, քաղաքական կողմնորոշման հարցում միամիտ է ձեւանում, չի գիտակցում կամ թե չի ցանկանում գիտակցել, որ արտաքին աշխարհում քաղաքական եւ ռազմական արագ ու փոփոխակի հաջողություններով տեղի ունեցող իրադարձություններն էին պայմանավորում Արշակունի գահակալների քաղաքական կողմնորոշումը: Ելնելով իր պատկերացումից, որ Հայաստանը միշտ անպարտ է եղել եւ անհաջողությունները միշտ Արշակունի գահակալների ու ասվածուրաց նախարարների՝ աստծու նկատմամբ գործած մեղքերի պատճառով է եղել, քաղաքական կողմնորոշման հիմքում դնում է պատահականությունները, քմահաճույքները, դրանով ավելի շեշտված լինելով գահակալների անճարակությունը երկրի կառավարման գործում եւ բավական խտացրած գույներով նկարագրելով այդ անճարակության պատճառով երկրին հասցված արհավիրքները: Այսպես, հայոց Տիրան թագավորի եւ Ներսես արքայից արքայի միջեւ տիրել է սերտ բարեկամություն, եւ հանկարծ մի ձիու պատճառով ոխերիմ թշնամիներ են դառնում, պարսիկները երկիրը ավերում են: Հայերը դիմում են Բյուզանդիայի օգնությանը [104]: Հայ-բյուզանդական ուժերը չարաչար պարտության են մատնում պարսիկներին: Ներսեսը, երբ իմանում է հայերի դեմ պատերազմ սկսելու պատճառը, հանցագործին՝ Վարազ Շապուհին, Ատրպատականի կուսակալին, սպանում է եւ կայսրի հետ հաշտություն կնքում [105]: Արշակի եւ Շապուհի միջեւ մեծ սեր եւ բարեկամություն կար: Վերջինս հայոց թագավորին իր եղբայրն է համարում, ավելին, ուզում է իր քրոջը ամուսնացնել Արշակի հետ: Արշակի կնոջ՝ Փառանձեմի հայրը՝ Անդոկը, իմանալով այդ մասին, կաշառքի միջոցով (պատմիչը չի զլանում անգամ իր դյուցազնացրած Վասակին էլ կաշառակեր դարձնել), խախտում է այդ բարեկամությունը, Արշակը լքում է Շապուհին եւ հեռանում [106]: Արքայից արքան, որ զբաղված էր բյուզանդացիների կողմից մղվող «անարդարացի պատերազմներով», միառժամանակ վրեժխնդիր չի լինում հայոց թագավորից: Ընդհակառակը, խնդրում, աղաչում է նրան խաղաղության դաշինքով, սիրով ու հաշտ ապրել իրար հետ: Սակայն երբ կայսրությունը դավաճանում է իր դաշնակից հայերին, Շապուհին կայսրը գրում է, թե Հայաստանի ներքին նահանգներից ձեռք է քաշում եւ եթե նա կարող է՝ թող հաղթի հայերին ու իշխանության տակ առնի եւ որ ինքը նրանց օգնության չի գա [107], Շապուհը հայերից վրեժ է լուծում:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ Փավստոսը պարսիկների նկատմամբ բավական զուսպ է. պարսիկների կողմից հայերի դեմ մղված պատերազմների պատճառը, ըստ նրա, հայոց թագավորների անհավատարմությունը եւ ուխտադրժությունն է: Միայն մի տեղ է պատմիչը Տիրանի բերանով պարսիկներին համարում չարասիրտ, նախանձոտ, նենգ [108]:

Պապ թագավորը, որ հաշվի էր առել նոր իրավիճակը արտաքին աշխարհում եւ փորձել էր կայսրության կամակատարը չլինել, սպանվում է վերջինիս կողմից [109]:

Քաղաքական կողմնորոշման հարցում պատմագրի միակողմանիությունը ցցուն կերպով դրսեւորվում է հատկապես Մանվել Մամիկոնյանի գործունեությանը նվիրված հատվածներում: Հակառակ Մամիկոնյան նախորդ դյուցազունների, որոնք միշտ հենվել էին կայսրության ռազմական օգնության վրա, Մանվելը հակառակ քաղաքականություն է տանում:

Փավստոսը այստեղ փաստորեն տալիս է արեւմտյան եւ արեւելյան կողմնորոշումների քաղաքական ծրագրերը:

     Մուշեղ Մամիկոնյանը, որն արեւմտյան կողմնորոշման պարագլուխն է եղել, ըստ երեւույթին, ինչպես միանգամայն ճիշտ եզրակացնում է Հ. Մանանդյանը, այլեւս վստահություն չի ունեցել Արշակունյաց թագավորության կենսունակության վրա, ուստի եւ, Հայաստանը պարսկական տիրապետության վտանգից փրկելու համար, նպատակահարմար է համարել նրա պաշտպանությունը ապահովել Բյուզանդական կայսրության միջոցներով եւ օգնությամբ, դարձնելով Հայաստանը ամրացված եւ անմատչելի մի պատվար կայսրության թիկունքում [110]:

Փավստոսը նշում է, որ Մուշեղը առաջնորդում է հայերին եւ զգուշությամբ պահպանում է Հայաստանի սահմանները եւ բարի խրատներ էր տալիս մանուկ Վարազդատ թագավորին: Նա միշտ հոգ է տանում Հայոց աշխարհի թագավորության համար, ուղիներ է փնտրում՝ թե ինչպես շեն պահի երկիրը: Մուշեղը խորհրդակցում է Բյուզանդիայի իշխանների եւ նրանց միջոցով կայսեր հետ, ձգտում է համոզել, թե հարկավոր է Հայոց աշխարհում ամուր պարիսպներով՝ մշտական կայազորների համար քաղաքներ շինել՝ ամեն մի գավառում, մինչեւ Գանձակ սահմանագլուխը, հայոց բոլոր ազնվականներին զինվորագրել ու զինել եւ պահել կայսրության հաշվին, նրա հաշվին պահել նաեւ Հայոց աշխարհի զորքերը եւ ամեն զգուշություն ձեռք առնել իրենց թշնամիների՝ պարսից զորքերի դեմ: Կայսրն իբրեւ թե մեծ ուրախությամբ հանձն է առնում Մուշեղի այդ ծրագիրը իրականացնել, որպեսզի Հայոց աշխարհը հաստատ ու ամուր կապվի իր հետ, եւ պարսից թագավորը չկարողանա Հայաստանը գրավել [111]: Մուշեղի մահից հետո, սակայն, նոր իրադարձությունները հնարավորություն չեն տալիս իրականացնել այդ ծրագիրը: Կայսրությունը քաղաքական սուր ճգնաժամի մեջ է ընկնում: Վեսագոթերի հարձակումները հնարավորություն չեն տալիս նրան միջամտելու Մերձավոր Արեւելքի գործերին: Հայաստանը թողնում է բախտի քմահաճույքին: Օգտվելով դրանից, Պարսկաստանը նորից իր տիրապետությունն է հաստատում Հայաստանի մեծագույն մասում: Ահա այս պայմաններում Մանվել Մամիկոնյանը ստիպված է հաշվի առնել նոր իրավիճակը. կայսրությունը Արեւելքում հեղինակազրկվել էր, Հայաստանում ակտիվացրել էին իրենց գործունեությունը արեւելյան կողմնորոշման կուսակիցները [112]: Հետեւապես Մանվելի պարսկական կողմնորոշումը թելադրվել է ստեղծված իրավիճակով, Զարմանդուխտ թագուհին եւ Մանվելը Պարսկաստան են ուղարկում հատուկ պատվիրակություն՝ իրենց հպատակությունը հայտնելու: Արքայից արքան ուրախությամբ, մեծ ընծաներով ընդունում է պատվիրակությունը եւ ապա Հայաստան է ուղարկում իր նշանավոր նախարարներից՝ Սուրենին, տասը հազար այրուձիով՝ իբրեւ թիկունք Մանվելին:

Զարմանդուխտն ու Մանվելը մեծ պատիվ են տալիս Սուրենին եւ երկիրը հանձնում են նրա ձեռքն ու հնազանդվում նրա հրամաններին. հարկ են տալիս նրան, հոգում Սուրենի եւ տասը հազար այրուձիի ծախսերը:

Փավստոսն ասում է, որ նրանք անկեղծ սրտով են իրենց տեր դարձնում պարսից արքայից արքային: Վերջինս շատ է սիրում Մանվելին եւ շատ մեծարում:

Փավստոսին, սակայն, այդ չի բավարարում, Մանվելին պետք էր դյուցազնացնել, ցույց տալ, որ նա անկախ ու ինքնուրույ է եղել եւ ոչ թե ուրիշ պետության ենթակա իշխան: Եվ ահա Մերուժանի նենգամիտ դրդումով նա ըմբոստանում է պարսից դեմ, կոտորում Սուրենի տաս հազարանոց բանակը: Այնուհետեւ թշնամու մի քանի անգամ թվական գերակշռություն ունեցող զորքերին ու զորավարներին, այդ թվում եւ իբր Մերուժանին, Մանվելը ոչնչացնում է եւ յոթ տարի խաղաղ կառավարում երկիրը: Պատմիչը հպարտությամբ շեշտում է, որ ամբողջ հայոց աշխարհը Մանվելի հովանու տակ ապրում էր խաղաղության մեջ՝ մինչեւ նրա մահը եւ Հայաստանի բաժանումը [113]:

Պարսկաստանի դեմ Մանվելի մղած պատերազմների՝ Բուզանդի նկարագրությունները վիպական ու հեքիաթային բնույթ ունեն. անդամահատված ու քայքայված Հայաստանը ի վիճակի չէր, իհարկե, պատերազմ վարել հզոր Պարսկաստանի դեմ:

Եթե վիպականը մի կողմ թողնենք եւ Մանվելին հատկացված շարադրանքում փորձենք բացահայտել պատմիչի քաղաքական հայացքները, կստացվի հետեւյալը. Ավարայրի ճակատամարտի նախօրյակին, հայ իշխող վերնախավի շրջաններում պետականության վերականգնման հույսեր են առաջացել, անգամ գահի հավանական թեկնածուների անուններ են արծածվել: Անհրաժեշտ էր պարսիկներին հասկացնել, որ նրանց գահակալները Հայաստանը զենքով չեն նվաճել, այլեւ հայերն են իրենց կամքով ընդունել նրանց գերիշխանությունը, պայմանով, որ պահպանվի հայոց թագավորությունը եւ վասալական հարաբերություններ ստեղծվեն երկու պետությունների միջեւ, Պարսկաստանը թիկունք դառնա հայերին, իսկ հայերը հարկատու լինեն: Փավստոսը իրականացրած է ներկայացնում այդ ծրագիրը կամ հույսերի այդ նախաձեռնությունը եւ ցույց տալիս, որ դրա իրականացումն ապահովել է սեր եւ խաղաղություն երկու պետությունների համար:

Անհրաժեշտ էր նաեւ երկրի ներսում հայ իշխող վերնախավին հասկացնել, որ անցյալում էլ Մամիկոնյաններն են եղել երկրի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովողները, հայոց թագավորությունը փրկողները: Մանվելը հանդիսանալով մանկահաս գահակալի խնամակալը, փաստորեն ինքնուրույն, առանց որեւէ պետության հովանավորության յոթը տարի երկիրը կառավարել է իբրեւ թագավոր: Հիացմունքով ներկայացնելով Մանվելի սկզբում վարած քաղաքականությունը Պարսկաստանի նկատմամբ եւ նրա հետեւանքները, Փավստոսը կարծեք կոչ է անում իր ժամանակակիցնեին, ստեղծված իրավիճակից ելնելով, նորից օրակարգի հարց դարձնել Մանվելի քաղաքական այդ ծրագիրը եւ դրանով իսկ ապահովել երկրի եւ ժողովրդի ինքնուրույնությունը:

Նա ասես կանխագուշակել է Պարսկաստանի դեմ հայերի 481–484 թվականների ապստաբության հաղթական վախճանը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, որի շնորհիվ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել ժողովրդի ինքնուրույնության համար:

Քաղաքական կողմնորոշման հարցում, ինչպես տեսնում ենք, Բուզանդը ավելի հակված է եղել Մանվելի ինքնուրույն քաղաքականության կողմը, եւ ոչ Մուշեղի: Վերջինիս ծրագիրը անիրագործված է ներկայացնում, մինչդեռ Մանվելն ամբողջ յոթ տարի տալիս է իր դրական արդյունքները: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փավստոսի առանձնահատկությունն այն է, որ լինելով Մամիկոնյանների եւ Լուսավորչի տոհմերի պատմիչը, քաղաքական կողմնորոշման հարցում նա ինքնուրույնություն է հանդես բերել: Հետեւելով Սահակին եւ Մեսրոպին, նա էլ փաստորեն կողմնակից է եղել ազգային կողմնորոշման քաղաքականությանը: Տալով երկու ծրագրերը, նա կանխագուշակել է դրանց իրականացման ճակատագրական հետեւանքները, երկու դեպքերում էլ՝ թագավորության անկում, անկախության կորուստ: Մինչդեռ չեզոքություն պահպանելու դեպքում, հայրենիքի բախտը չկապելով որեւէ պետության հետ, Մանվելը հենվելով ժողովրդի վրա, ամբողջ յոթը տարի խաղաղ կառավարել է երկիրը:

* * *

Փավստոսը գիտե, որ աշխարհը շենացնողները, աշխարհը կերակրողները շինականներն են: Ելնելով իր դասակարգի շահերից, նա էլ, ինչպես միջնադարի հայ մյուս պատմագիրները, քարոզել է տերերին՝ չափավորել շինականների նկատմամբ ագահությունը, ապահովել նրանց հարկունակությունը: Այսպես. Ներսեսը պատվիրել է թագավորին, նախարարներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն, որ գութ հանդես բերեն իրենց ծառաների, ստորադրյալների եւ աշակերտների նկատմամբ, սիրեն նրանց իբրեւ իրենց ընտանիներին, ապօրինի կերպով ու ծանր հարկերով չնեղեն նրանց: Ծառաներին էլ պատվիրել է հավատարիմ ու հնազանդ լինել իրենց տերերին [114]:

* * *

Փավստոսը դավանանքի հարցում էլ անզիջող է: Նա ատելությամբ է խոսում Արիանոս Ալեքսանդրացու եւ նրա հետեւորդների մասին, նրա ուսմունքը համարում է «անիծված տաղանդ» [115], «հերետիկոսություն», «սուտ ու պիղծ մկրտություն» [116]: Արիանոսականությանը հարելու համար Փավստոսի մոտ Վաղես «մեծ» կայսրը դառնում է «անօրեն» [117], որովհետեւ նա հրամայել էր բոլորին ընդունել արիանոսական աղանդի սխալ դավանությունը [118]: Գտնում է, որ Վաղեսի այդ հրամանի պատճառով բոլոր ճշմարիտ ու ուղղափառ վարդապետները վտարվել են իրենց հոտերից, նրանց տեղերը գրավել են սատանայի մշակները եւ պաշտոնյաները, քրիստոսի հավատացյալները ենթարկվել են տեսակ-տեսակ ներողությունների, բոլոր ժողովուրդները սգի ու տրտմության մեջ ընկել [119]:

Արիանոսականները նրա մոտ «սատանայի մշակներ», «սատանայի պաշտոնյաներ են» [120], «խոզեր» են [121]: Նա հրճվանքով արձագանքում է, թե երբ Վաղես կայսրը «սատկել» է, աքսորված, հալածված եպիսկոպոսները վերադարձել են իրենց տեղերը [122]:

Փավստոսը Ներսեսի աստվածասիրությունը եւ հավատի համար անվախությունը շեշտած լինելու նպատակով աղավաղում է իրականությունը: Նա Ներսեսին տանում է Կոստանդնուպոլիս, ակտիվ մասնակից դարձնում արիանոսականության եւ Վաղեսի դեմ պայքարին [123]: Իրականում սակայն Ներսեսը Կոստանդնուպոլիս գնացած պետք է լինի 353 թվականին [124], իսկ Վաղեսը գահակալել է 364–378 թվականներին, ուստի Ներսեսն այդ պայքարին մասնակից չէր կարող լինել: Փավստոս պատմիչը ատելությամբ է խոսում նաեւ հեթանոսության մասին, նրանց համարում է աշխարհավեր, չարագործ մարդիկ [125], խուժադուժ բարբարոսական միտք ունեցողներ [126]:

* * *

Փավստոս պատմիչի համար էլ ամեն ինչի արարիչը, ստեղծողը աստված է: Նա հավատում է Քրիստոսի գալստյան, նրա երկրորդ հարություն առնելուն եւ մարդկանց քարոզում է հույսը չկորցնել, մահացածների վրա լաց չլինել: Ըստ Փավստոսի, ոչ միայն թագավորների ու իշխանների, այլեւ ծառաների համար էլ երկնքում կա աստված [127]: Փավստոսն էլ համոզված է, որ հայրենիքին եւ ժողովրդին վրա հասնող սարսափները, պատերազմները, ավերածությունները, կոտորածները, գերեվարումը, բնական աղետները աստծո պատիժներն են. նա դրանցով վրեժխնդիր է լինում մարդկանցից՝ իր նկատմամբ գործած հանցանքների համար: Օրինակ, աստված Տիրան թագավորից վրեժխնդիր է լինում երկու կաթողիկոսների սպանության [128], Վաղես կայսրը պատժվում է արիանոսականությանը հարելու [129], Արշակը ողբերգական վախճան է ունենում Արշակավանի կառուցման եւ անմեղ մարդկանց սպանության համար:

Փավստոսի համար էլ քրիստոնեությունը կենարար խոսք է, «զբանն կենաց» [130], իսկ հոգեւորականները կյանքի խոսքի մատակարարներն են [131], կյանքի խոսքը վարդապետողները [132] ։

Բուզանդը քարոզում է կյանքի խոսքը սրբությամբ կատարել, այդ խոսքը ամուր հիմքերի վրա դնել եւ դրա համար, Ագաթանգեղոսի նման, նա էլ քարոզում է բարին գործել. նրա Ներսեսը, ուսուցանում է, որ ամենամեծ բարիքները սերն է, հույսը եւ հավատը [133]: Ավարայրից հետո ահա այդ բարիքները անհրաժեշտ էին, դրանք պետք է ապահովեին ժողովրդի միասնությունը, հույսն ու հավատը իրենց ուժերի ու հաղթանակի նկատմամբ: Պողոս առաքյալի նման Ներսեսն էլ ստիպում է բարի գործերի նախանձավոր լինել [134]:

* * *

Բուզանդը նույնպես հավատում է առասպելներին, հրաշքներին, տեսիլներին եւ բազմաթիվ հատվածներ է բերում Աստվածաշնչից: Աստծու զորողությունը ցույց տալու նպատակով նա 2000 հեթանոսների, որոնք ցանկացել են Վրթանես կաթողիկոսին սպանել, բազուկները ետ է շրջեցնում թիկունքի վրա, կապում առանց որեւէ մեկի միջամտության, եւ միայն նույն Վրթանեսի աղոթքներով նրանք բուժվում են:

Մեծամեծ նշաններ եւ սքանչելիքներ են գործում Հակոբ եւ Դանիել եպիսկոպոսները, Շաղիտա եւ Եփիպան անապատականները: Աքսորավայրում Ներսեսի պահանջով, աքսորված հոգեւորականները երեք անգամ ծունր են դնում ու աղոթում. ծովում սաստիկ քամի է բարձրանում եւ մեծ քանակությամբ ձուկ եւ փայտ նետում կղզու ափը, փայտն ինքն իրեն վառվում է, ու նրանք ձուկը եփում են եւ ուտում [135]: Խադ եպիոսկոպոսի եզները գողացողների աչքերը մյուս օրը կուրանում են, եզները ետ են բերում, եւ նրա աղոթքով գողերի աչքերը անմիջապես բուժվում են [136]:

Պապ թագավորի մեջ մտած բազմաթիվ դեւեր սպիտակ օձերի կերպարանքով փաթաթվում են նրա ոտքերին, ուսերին [137]: Շաղիտա անապատականի ընկերները վայրի գազաններն են, նա ջրի վրայով գնում է, սակայն ոտքերը չեն թրջվում [138]:

Նման հրաշքների նկարագրություններով շատ ու շատ հարուստ է Փավստոսի երկը:

Փավստոսը հավատում է նաեւ, որ Բարսեղ կայսրը կարող է սատանայի դավաճան նենգությունը խափանել [139]: Մեր պատմիչի մոտ բոլոր երազները իրականանում են. Հուսիկը երազում տեսնում է, որ ունենալու է երկվորյակներ, որոնք անարժան մարդիկ են դառնալու. հրեշտակը տեսիլքում երեւում է նրան եւ կանխագուշակում է, թե այդ ժառանգներից կծնվեն ուրիշ զավակներ, որոնք Հայաստան աշխարհի լուսավորիչներ եւ հոգեւոր իմաստության աղբյուրներ կլինեն [140]: Այդպես էլ լինում է. այդ զավակներից են Ներսեսը եւ Սահակը: Այդպես իրականացնում էնաեւ Բարսեղի երազը եւ մյուսները:

* * *

Պատմագիր Փավստոս Բուզանդն էլ է ճիշտ հասկացել պատմության դերն ու նշանակությունը ժամանակակիցներին ու հետագա սերունդներին դաստիարակելու գործում, հայրենասիրության, նվիրվածության, մարդկայնության վեհ գաղափարների արմատավորման ու զարգացման, ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության բարձրացման համար պատմությունը նա հզոր զենք է համարել եւ այն վարպետորեն օգտագործել է իր նպատակը իրականացնելու համար:

Փավստոսի պատմությունը հնարավորություն է ընձեռնում հայ ժողովրդի պատմության, հատկապես IV դարի ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հոգեւոր կյանքի շատ մութ ու խճճված ծալքերը լուսավորելու: Այն որոշակի պատկերացում է տալիս պարսկա-բյուզանդական հակամարտություններում Հայաստանի տեղի ու դերի, կենտրոնաձիգ ու կենտրոնախույս ուժերի բախումների մասին:

Չլիներ Փավստոսի Պատմությունը, մենք շատ քիչ բան կիմանայինք հայկական ժողովրդական ավանդական երկրորդ վեպի մասին. այն հիմնականում եւ առաջին անգամ Փավստոսն է գրի առել ու թողել հետագա սերունդներին:

Փավստոսի Պատմությունը առատ նյութ է մատակարարել հետագա պատմագիրներին, սկսած Խորենացուց ու հարստացրել նրանց պատմական գիտելիքները:

Հիրավի այն մեսրոպատառ հիասքանչ հուշարձան է հեղինակի ու նրա ապրած ժամանակաշրջանի համար:



[1]            Տե՛ս Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 9-10։

[2]            Նույն տեղում, էջ 11-12։

[3]            Փաւստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ս. Մալխասյանցի Ներածությունը, Երեւան, 1947, էջ

[4]            Նույն տեղում։

[5]            Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմության, հտ. Բ, մաս Ա, Երեւան, 1957, էջ 420։

[6]            Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, հտ. 1, Երեւան, 1944, էջ 168։

[7]            Փաւստոս Բուզանդ, էջ 52։

[8]            Տե՛ս նույն տեղում։

[9]            Տե՛ս նույն տեղում, էջ 60։

[10]          Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, հտ. 1, էջ 171։

[11]          Տե՛ս նույն տեղում, էջ 171։

[12]          Տե՛ս Մ. Աբեղյան, էջ 171։

[13]          Տե՛ս նույն տեղում։

[14]          Դրանք են Գ դպրության 2-6, 12-17, 19 գլուխները, Դ-ի՝ 4, 6-10, 44, 56, 57 գլուխները եւ Զ-ի՝ 2-16 գլուխները։

[15]          Տե՛ս Մ. Աբեղյան, էջ 172։

[16]          Փաւստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երեւան, 1947, էջ 105։

[17]          Տե՛ս նույն տեղում, էջ 198։

[18]          Տե՛ս նույն տեղում, էջ 89։

[19]          Տե՛ս նույն տեղում, էջ 89-90։

[20]          Տե՛ս նույն տեղում, էջ 97-98։

[21]          Տե՛ս նույն տեղում, էջ 99։

[22]          Տե՛ս նույն տեղում, էջ 90։

[23]          Տե՛ս նույն տեղում, էջ 86-87։

[24]          Տե՛ս նույն տեղում, էջ 87։

[25]          Փաւստոս Բուզանդ, էջ 119-120։

[26]          Պատմագրի մոտ Հունաստան, հունաց թագաւոր է գրված, մինչդեռ այն ժամանակ արդեն Բյուզանդական կայսրություն էր։

[27]          Փաւստոս Բուզանդ, էջ218։

[28]          Տե՛ս նույն տեղում, էջ 187։

[29]          Տե՛ս նույն տեղում, էջ 213։

[30]          Տե՛ս նույն տեղում, էջ 192։

[31]          Տե՛ս նույն տեղում, էջ 151-152։

[32]          Տե՛ս նույն տեղում, էջ 198-199։

[33]          Տե՛ս նույն տեղում, էջ 218։

[34]          Տե՛ս նույն տեղում, էջ 298։

[35]          Տե՛ս նույն տեղում, էջ 198։

[36]          Տե՛ս նույն տեղում, էջ 126-127։

[37]          Տե՛ս նույն տեղում, էջ 304։

[38]          Տե՛ս նույն տեղում, էջ 109։

[39]          Տե՛ս նույն տեղում, էջ 88։

[40]          Տե՛ս նույն տեղում, էջ 140։

[41]          Տե՛ս նույն տեղում, էջ 145։

[42]          Տե՛ս նույն տեղում, էջ 193։

[43]          Տե՛ս նույն տեղում, էջ 137։

[44]          Տե՛ս նույն տեղում։

[45]          Տե՛ս նույն տեղում, էջ 183։

[46]          Տե՛ս նույն տեղում, էջ 255։

[47]          Տե՛ս նույն տեղում, էջ 243։

[48]          Տե՛ս նույն տեղում, էջ 222։

[49]          Տե՛ս նույն տեղում, էջ 281։

[50]          Տե՛ս նույն տեղում, էջ 291։

[51]          Տե՛ս նույն տեղում, էջ 292։

[52]          Տե՛ս նույն տեղում, էջ 202։

[53]          Տե՛ս նույն տեղում, էջ 234։

[54]          Տե՛ս նույն տեղում, էջ 297։

[55]          Փաւստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ս. Մալխասյանցի Ներածությունը, Երեւան, 1947, էջ 63-64։

[56]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 217։

[57]          Տե՛ս նույն տեղում։

[58]          Տե՛ս նույն տեղում։

[59]          Տե՛ս նույն տեղում, էջ 190։

[60]          Փաւստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ս. Մալխասյանցի Ներածությունը, Երեւան, 1947, էջ 49։

[61]          Տե՛ս նույն տեղում, էջ 190։

[62]          Տե՛ս նույն տեղում, էջ 246-247։

[63]          Տե՛ս նույն տեղում, էջ 104։

[64]          Տե՛ս նույն տեղում, էջ 221։

[65]          Տե՛ս նույն տեղում, էջ 250-251։

[66]          Տե՛ս նույն տեղում, էջ 212։

[67]          Տե՛ս նույն տեղում, էջ 138։

[68]          Տե՛ս К. Маркс и Ф. Энгельс, Соч., т. 21, էջ 495։

[69]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 111։

[70]          Տե՛ս նույն տեղում, էջ 169։

[71]          Տե՛ս նույն տեղում, էջ 272։

[72]          Հ. Մանանդյան, Քննական պատմություն, հտ. Բ, մաս Ա, էջ 154։

[73]          I. Marqwart, Südarmenien und die Tigrisquellen, S. 155-156.

[74]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 252-255։

[75]          Տե՛ս նույն տեղում, էջ 196։

[76]          Տե՛ս նույն տեղում, էջ 211։

[77]          Տե՛ս նույն տեղում, էջ 211։

[78]          Տե՛ս նույն տեղում, էջ 273։

[79]          Տե՛ս Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1913, III, գլ. ԻԷ, էջ 289։

[80]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 172-173։

[81]          Տե՛ս նույն տեղում, էջ 186։

[82]          Տե՛ս նույն տեղում, էջ 171։

[83]          Տե՛ս նույն տեղում, էջ 136-137։

[84]          Տե՛ս նույն տեղում, էջ 172։

[85]          Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, Երեւան, 1966, հտ. Ա, էջ 462-463։

[86]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 171։

[87]          Տե՛ս նույն տեղում, էջ 168։

[88]          Տե՛ս նույն տեղում, էջ 168։

[89]          Տե՛ս նույն տեղում։

[90]          Տե՛ս նույն տեղում, էջ 148։

[91]          Տե՛ս նույն տեղում, էջ 173։

[92]          Տե՛ս նույն տեղում, էջ 179։

[93]          Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք առաջին, Երեւան, 1957, էջ 16-17։

[94]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 116։

[95]          Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, նշ. աշխ., էջ 20։

[96]          Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 101։

[97]          Տե՛ս նույն տեղում, էջ 102։

[98]          Տե՛ս նույն տեղում, էջ 114։

[99]          Տե՛ս նույն տեղում, էջ 92։

[100]        Տե՛ս նույն տեղում, էջ 257։

[101]        Տե՛ս նույն տեղում, էջ 166։

[102]        Տե՛ս նույն տեղում, էջ 152։

[103]        Տե՛ս նույն տեղում, էջ 303։

[104]        Տե՛ս նույն տեղում, էջ 127։

[105]        Տե՛ս նույն տեղում, էջ 128։

[106]        Տե՛ս նույն տեղում, էջ 191։

[107]        Տե՛ս նույն տեղում, էջ 193։

[108]        Տե՛ս նույն տեղում, էջ 124։

[109]        Տե՛ս նույն տեղում, էջ 271-272։

[110]        Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն, հտ. Բ, մասն Ա, էջ 224։

[111]        Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 273։

[112]        Ժամանակագրությունը չպահպանելու հետեւանքով Փավստոսը Մանվել Մամիկոնյանին է վերագրել Մերուժանի սպանությունը, մինչդեռ նրան սպանել է Աշոտ Բագրատունին Ձիրավի ճակատամարտում։

[113]        Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 286։

[114]        Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 145-146։

[115]        Նույն տեղում, էջ 102։

[116]        Նույն տեղում, էջ 148։

[117]        Նույն տեղում, էջ 158։

[118]        Նույն տեղում, էջ 153։

[119]        Նույն տեղում։

[120]        Նույն տեղում, էջ 153։

[121]        Նույն տեղում, էջ 159-160։

[122]        Նույն տեղում, էջ 170։

[123]        Նույն տեղում, էջ 148-153։

[124]        Տե՛ս Հ. Մանանդյան, նշ. աշխ., էջ 159։

[125]        Տե՛ս Փաւստոս Բուզանդ, էջ 88։

[126]        Նույն տեղում, էջ 109։

[127]        Նույն տեղում, էջ 146։

[128]        Նույն տեղում, էջ 124։

[129]        Նույն տեղում, էջ 163։

[130]        Նույն տեղում, էջ 143։

[131]        Նույն տեղում, էջ 93։

[132]        Նույն տեղում, էջ 147։

[133]        Նույն տեղում, էջ 144։

[134]        Նույն տեղում, էջ 147։

[135]        Նույն տեղում, էջ 156։

[136]        Նույն տեղում, էջ 170։

[137]        Նույն տեղում, էջ 207-208, 256-257։

[138]        Նույն տեղում, էջ 161։

[139]        Նույն տեղում, էջ 159։

[140]        Նույն տեղում, էջ 91-92։