Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ

 

XVII դարի առաջին տասնամյակների Հայ մտավոր կյանքի զարթոնքի ծնունդ է նշանավոր պատմագիր Առաքել Դավրիժեցին, որի Պատմությամբ եւ նշանավորվեց ուշ միջնադարի Հայ պատմագրության վերածնունդը

Նա ծնվել է Ատրպատականի Թավրիզ քաղաքում եւ ծննդավայրի անունով էլ հորջորջվել` «Դավրիժեցի»: Նրա ծննդյան թիվը հայտնի չէ, ենթադրում են XVI դարի վերջին տասնամյակը [1], մահացել է 1670 թ., թաղված է Էջմիածնում, տապանաքարի վրա գրված է` «Պատմագիրն այս է տապան Առաքել վարդապետի ՌՃԺԹ»:

Իր ուսումնառւթյունը նա ստացել է Էջմիածնի միաբանությունում, աշակերտել է Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսին եւ նրանից ստացել վարդապետական աստիճան:

«Իսկ նուաստս եւ տրուպս յամենեսին Առաքեալ կոչմամբս, սպասաւոր բանի, գոլով իմ տեղեաւ ի քաղաքէն Թաւրիզու, եւ յաշակերտութենէ սոյն տեառնս Փիլիպպոսի կաթողիկոսի, եւ ի միաբանութենէ լուսակառոյց աթոռոյն սրբոյ Էջմիածնի, որ եւ աստէն իսկ անեալ ե ւ վարժեալ, ե ւ յաւուրս ծերութեան ժամանեալ» [2], գրել է իր մասին պատմագիրը:

Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրության» Մատենադարանում պահպանված մի ձեռագրից իմանում ենք նաեւ, որ Դավրիժեցին մեկ տարի եղել է Հովհանավանքի վանահայրը (1636 թ), որից հետո գնացել է Էջմիածին [3]:

Ժամանակակիցները նրա մասին պատկառանքով են խոսել: Ստեփանոս Լեհացին իր հիշատակարաններից մեկում, ուր խոսում է Էջմիածնի ուսումնարանի մասին, գրել է. «Զայնու ժամանակաւ բազում էին երեւելի վարդապետք (յԷջմիածին), քաջաբանք, բանաստեղծք աստուածային գրոց, քաջք գիտունք եւ հմուտք, յորոց մի է եւ Առաքել վարդապետն վիպասան, որ զժամանակագրութիւնս հայրապետաց եւ թագաւորաց գեղեցիկ յարմար բանիւ դրոշմեալ [4] »:

Զաքարիա Քանաքեռցին էլ գրել է. «Թաւրիզեցի Առաքեալ վարդապետն, որ տեղեակ էր ամենայն պատմագրաց, որ եւ արար զպատմութիւնս աւերման աշխարհիս Արարատեան ի մեծ Շահ-Աբասէն» [5]:

Դավրիժեցու ծավալած գործունեության ու պատմություն գրելու շարժառիթների մասին տեղեկություններն իմանում ենք նրա գրած պատմությունից, որ մեզ է հասել «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ սակս դիպուածոց Հայաստանեայց եւ գաւառին Արարատայ եւ ի մասին Գողթան գաւառի, սկսեալ ի ՌԾԱ թուականին Հայոց մինչ ի ՌՃԺԱ թ. » խորագրով եւ «Պատմության» վերջում տրված նրա Հիշատակարանից:

Ըստ երեւույթին, Առաքել Դավրիժեցին Էջմիածնի միաբանության ճանաչված դեմքերից մեկն է եղել, իբրեւ Փիլիպպոս կաթողիկոսի նվիրակ շատ է ճանապարհորդել արեւելքում եւ արեւմուտքում, եղել է Հունաստանում, Ամասիայում, Սեբաստիայում, Ուռհայում, Հալեպում, Սպահանում եւ ուրիշ շատ քաղաքներում ու գավառներում [6]: Նա իրեն համարում է Փիլիպպոս կաթողիկոսի «ձեռնասուն աշակերտը [7] »: Լինելով այդպիսին, նա այդ կաթողիկոսից հրաման է ստացել գրելու ժամանակակից կարեւոր իրադարձությունների պատմությունն ապագա սերունդների համար: Դավրիժեցին վկայում է, որ իր ժամանակակից շատերն են խնդրել կաթողիկոսին «արձանացուցանել ի գիրս յիշատակի ի գիտութիւն յապայ եկելոց, որք յանցնիւր դարս եւ ժամանակս յառաջագային [8] »

Պակաս շահագրգռված չի եղել եւ կաթողիկոսը  «Եւս եւ ինքն կաթողիկոսն Փիլիպպոս, ընդգծում է Դավրիժեցին, զառաւելագոյն փոյթ ունէր քան զամենեսեան սակս սմին իրաց, վասն որոյ հարկէր երբեմն զայս, եւ երբեմն զայն, զի կատարեսցեն զայս գործս [9] », ինչպես նշում է պատմագիրը, բոլորն էլ հրաժարվել են իմանալով գործի դժվարությունն ու բարդությունը եւ միայն ինքն է կատարել կաթողիկոսի «ահեղ հրաման [10] »-ը, այնուհետեւ պատճառաբանում է, թե ինչու է համաձայնվել կատարել հրամանը՝ գրել պատմությունը: Ասում է, չնայած ինքը շատ է աշխատել կաթողիկոսին համոզելու իր տկարության, հետեւաբար եւ, անկարողության մասին, բայց իզուր: Հարկ է նշել սակայն, որ Դավրիժեցին կատարել է ոչ միայն Փիլիպպոսի, այլեւ նրան հաջորդած Հակոբ Ջուղայեցու հրամանը, որովհետեւ առաջինի մահից հետո ինքը կիսատ է թողել պատմությունը «զի կարի բաղմախոնջ եւ աշխատաւոր եւ արժանի թուեցաւ ինձ այս գործ, վասն որոյ ի բաց կացի եւ հրաժարեցայ ի սորին առնելոյն» [11]: Սակայն հետագայում Ջուղայեցին հարկադրում է պատմագրին շարունակելու ու ավարտելու սկսած գործը եւ այն նա ավարտում է 1662 թ., տալով 60 տարվա ռազմաքաղաքական բուռն իրադարձությունների հարուստ պատմությունը (1602–1662 թթ. ): Դավրիժեցին «Պատմությունը» գրել է 9 տարում (սկսել է գրել 1651 թ. 1655 թ. դադարեցրել է եւ 1658 թ. շարունակել):

Նրա պատճառաբանությունների մեջ կարեւոր են երրորդը եւ չորրորդը, որոնք բնութագրում են պատմագրին իբրեւ ջերմառանդ հայրենասերի: Այնտեղ կարդում ենք, «Երրորդ եւ ես ինձէն իսկ տեսանելով զաւերս Հայաստան աշխարհին, եւ զնուազիլն մերոյս ազգին, եւ զչարութիւն մահմետականաց, կսկծալի մորմոքմամբ այրիւր սիրտ իմ, վասն որոյ յօժարեցայ յարձագրութեան սոցին: Չորրորդ… զի հայելով ի յոլովութիւն յանցանաց.. իբրեւ զլոմայս այրւոյն արկի ի գանձակն Տեառն, զի թերեւս սովաւ գտայց ներումն աններելեաց իմոցս պարտեաց» [12] ։

Զերմ հայրենասիրության ներքին մղումն է ուժ ներշնչել ծերության հասակն առած ու տկար Դավրիժեցուն «յանձն առի զայսպիսի յոքնաշխատ եւ բազմաերկ եւ զտաժանելի գործս՝ եւ աւուրս յոլովս ի սմին դեգերելով ի յոլով երկիրս եւ յաշխարհս շրջագայելով ի խնդիր զրուցաց պատմութեան, ոչ միայն ի քրիստոնէից, այլ յայլոց ազանց հարցանելով, եւ ամենեցունց զասացեալսն գրելով, եւ վասն զստուգութիւն բանին գտանելոյ, եղեւ զի զմի պատմութիւն, տասն անգամ եւ այլ աւելի կրկնելով գրեցի, եւ զամս ինն ի սմին դեգերելով եւ զինչս ծախսելով, հազիւ թէ զայսքան պատմութիւնս ի մի վայր հաւաքեցի եւ գրեցի, եւ բնաւ ոչ ոք եղեւ ինձ ձեռնտու…» [13]:

Պատմագիրը գիտակցել է «այսքան պատմությունները» ի մի վայր հավաքելու ձեւով պատմություն գրելու պակաս ու թերի կողմերը: Դիմելով ընթերցողներին նա գրում է. «իսկ թերին եւ թիւրն եւ այլ սոյնպիսիքն յիմս տգիտութենէ եւ ի տկարութենէ, վասնորոյ աղաչանօք խնդրեմ ի ձէնջ ներումն»: Եվ ավելացնում է. «Այլեւ դիպեցաւ պատահել ինձ այս գործ ոչ ի ժամանակս առոյգ երիտասարդութեան, այլ յողորմելի ծերութեան, վասն զի ծեր էի. նաեւ յոյժ ցաւագար մարմնով, եւ ի լուսոյ աչքս պակասեալ եւ ի պնտութենէ ձեռքս թուլացեալ դողայր. սոյնպէս եւ յայլոց յամենայն կարողութեանց տկարացեալ…» [14]:

Պատմության «Նախադրութիւն»-ում Դավրիժեցին ընթերցողին ասում է, թե ինչի մասին է գրել եւ տալիս է իր շարադրանքի սկզբունքները: Պարզվում է, որ նա ժամանակագրությանը շատ մեծ եւ կարեւոր տեղ է տվել: «Այլ եւ գիտելի է, նշում է նա, զի ըստ պահանջելոյ հարկին աստանօր պարտ է դնել զթուականն իբր զհիմն, եւ ապա յարել ի նոյն զպատմութիւն որպէս զշինուածս, ըստ օրինի պատմագրաց, բայց քանզի ազգս մեր յաւարառուաց եւ ի գերչաց եւ ի հարկապահանջողաց ցիր եւ ցան եղեալ են… ոչ գտաք գիտող այր այնպիսի, որ զի ընդ պատմութեան եւ զթուականն եւս ծանուցեալ էր: Բայց մեր յոլով աշխատութեամբ խոյզ արարեալ՝ զորս գտաք, կարգեցաք ընդ պատմութեանն եւ զթուականն եւս, եւ զորս ոչ գտաք, առանց թուականի պատմեցաք եւ դու ընկալ զայս այսպես առանց մեղադրելոյ…» [15]:

Առաքել Դավրիժեցին անհրաժեշտ պատրաստություն չի ունեցել, Էջմիածնի դպրոցը նրան սովորեցրել է գրաբարը, այն էլ ոչ դասականը, եւ «նա ավելի հետեւել է ժողովրդական պարզ շարադրությանը, կենդանի ժողովրդական ձեւերիի ու դարձվածքներին, չխորշելով, ինչպես ճիշտ նկատում է Մ. Աբեղյանը, ճշտության ու պարզության համար նույնիսկ գավառական ու թուրքերեն բառերից, որ եւ ոչ թե պատմագրի պակասություն, այլ առավելություն պետք է համարել, զի ամեն պատմություն կամ զրույցների ժողովածու, ինչպես եւ Առաքելի Պատմությունը, յուր կենդանությունը, գույնն ու երանգը ստանում է միայն ժամանակի կենդանի լեզվով պատմվելով» [16]:

Էջմիածնի դպրոցը պատմագրին բավական ծանոթություն է տվել նաեւ ս. գրքերի մասին, որոնց ոգով եւ նա դաստիարակվել է եւ իր «Պատմության» մեջ առատորեն օգտագործել դրանք: Նա ամեն կերպ հասկացնել է տալիս, որ ինքը գիտե ս. գրքերը, նա դրանցից վերցրել է ոչ միայն գրելու ձեւերը, այլեւ շատ խրատական ու նկարագրական օրինակներ ու տեղայնացրել, հարմարեցրել իր ապրած օրերին:

Առաքել Դավրիժեցին մինչ XVII դարը հայ պատմագիրների մեջ այն. բացառիկ դեմքն է, որի կենդանության ժամանակ տպագրվել է գրվաժքը: Նրա «Պատմությունը» հրատարակվել է 1669 թ. Ամստերդամում, հետեւաբար հավանական է, որ նա տեսել է այդ հրատարակությունը: Հետաքրքիր է, որ «Պատմությունը» Հրապարակ գալուց (1662 թ. ) 6 տարի հետո տպագրվել ու լայն ընթերցող հասարակությանն է ներկայացվել: Կարծում ենք, որ այս հանգամանքը բացատրել միայն տպագրական հնարավորությունների առկայությամբ ճիշտ չէր լինի, այդ առկայությունը կար, երբ Դավրիժեցին ավարտել էր իր «Պատմությունը»,. բայց այնուհանդերձ, իր «յողորմելի ծերութեան» հասակում նա ստիպված է եղել, ինչպես, ինչպես վկայում է «Պատմությունը» 1666 թ. արտագրող-գրիչ Ավետիքը, թե «Հոգեբարձութեամբ, ծախիւք եւ արդեամբք` Առաքեալ վարդապետի, որ է նոյն ինքն այս պատմագրքիս շինօղքն եւ արարօղն… որ վասն զօրինակն բազմացուցանելոյ ետ գրել զայս գիրքս, որ եւ այս հինգերորդ գիրք է, որ ինքեան Առաքեալ վարդապետի ձեռացագիր օրինակէն գաղափարեցաւ, որ յոլով ջանիւ եւ բազում հոգաբարձութեամբ ծախէ ինչս եւ ձեռամբ գրչաց գրել տայ առաջին վասն օրինակին բազմանալոյ, եւ երկրորդ վասն առ տէր յիշատակի…»: Ավետիք գրիչը իր հիշատակարանում նշում է նաեւ, որ Դավրիժեցին «զանազան եւ պէսպէս կերպիւ բազում աշխատանս կրեաց վասն պատմագրքիս, եւ տակաւին եւս ի նոյն աշխատանս կայ…» [17]:

Պատահական չէ, որ հայ պատմագիրների թողած հարուստ պատմագրական ժառանգությունից առաջինը հրատարակվել է Դավրիժեցու «Պատմությունը»: Արդ, ինչով էր պայմանավորված այդ, ինչու XVII դարի 60-ական թվականներին ապրած հայ մշակույթի գործիչները հրատարակության գործում առաջնությունը տվել են Դավրիժեցու «Պատմությանը» եւ ոչ թե ամբողջ միջնադարում, չհաշված ս. Գիրքը, Հայ պատմական ու պատմագրական մտքի վրա իշխած Պատմահոր Մովսես Խորենացու «Պատմությանը», որը տպագրվել է Դավրիժեցու գրքի լույս ընծայումից 16 տարի հետո միայն` 1685 թ. նույն Ամստերդամում: Մեր կարծիքով այդ թելադրված էր Դավրիժեցու պատմության պարունակած բովանդակությամբ, որն էլ իր հերթին կյանքի էր կոչվել ժամանակի պահանջով:

* * *

XVII դարը հայ ժողովրդի համար սկսվեց ավերիչ ու օրհասական իրադարձություններով: Մերձավոր արեւելքում գերիշխող դիրք գրավելու եւ Անդրկովկասը նվաճելու համար աշխարհակալության ձգտող Իրանի եւ Թուրքիայի միջեւ Հակամարտություններն իրենց գագաթնակետին էին հասել, Հայաստանն ու հարեւվան շրջանները շարունակում էին մնալ պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմ, ոտնատակ տրվում փոփոխակի հաջողություններ ունեցող իրանա-թուրքական բանակների կողմից: Դարի առաջին տասնամյակում հայ ժողովրդի վրա հասավ ամենասոսկալի եւ ամենակործարար հարվածը՝ շահ-աբասյան բռնագաղթը, երկրի շատ նահանգների ավերում ու ամայացումը, որոնք զուգորդվում էին հայերի ազգային ու կրոնական հալածանքների անասելի ուժեղացմամբ ու դաժանությամբ: Հենց այդ տասնամյակի արյունալի իրադարձություններում, կրակի մատնված քաղաքների ու գյուղերի բոցերում, Արաքսի փոթորկալից ու արյունաշաղախ ալիքներում ծնվեց հայ քաղաքական կյանքի զարթոնքը: Հայ դավանանքը եւ ազգային ինքնատիպությունը խիստ վտանգված էր: Դրանք պահպանելու համար նորից էր ըմբոստացել հայի ազատատենչ ոգին, ժամանակը հերոսական էր, հայակործան իրադարձությունները դյուցազներ ու դյուցազնուհիներ էին ծնում:

«Կանայք եւ տղայք եւ աղջկունք՝ որք մնացին ի սպանմանէն, գրում է Դավրիժեցին գառնեցիների մասին, իբրեւ տեսին զինքեանս մատնեալս ի ձեռս անիրաւ մարդադէմ գազանաց` որ վարեն զնոսա ի գերութիւն՝ եւ պէսպէս աղտեղութեամբ ապականեն զարբութիւն նոցա, վասն որոյ լաւ համարեցան զարբութեամբ մահն իւրեանց քան զապրուստ սուղ ինչ ժամանակեայ կենաց… բազումք ի նոցանէ պատէին զերեսս փակեղամբ եւ ձորձով իւրեանց եւ յանբաւ բարձրութենէն ի յայրէ անտի ի վայր արկանէին զինքեանս եւ մեռանէին» [18]:

Դավանանքի համար նահատակվելը, մարտիրոսանալը հաճախացել էր եւ առատ նյութ էր դառնում վկայաբանական, վարքագրական պատմությունների համար, որոնք միշտ էլ սիրելի էին ժողովրդին, մեծ հետաքրքրությամբ էին ընթերցվում, եւ որ կարեւորն է, խթանում էին ժամանակակիցների ու գալիք սերունդների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Մ. Աբեղյանը ճիշտ նկատում է, որ «բազմաթիվ քաջ նահատակներով ավելի եւս զորանում էր ժողովրդի մեջ ազգային եկեղեցու հավատը, ջերմեռանդ փափագանոք համբուրելով «զսուրբսն», նրանց մարմնի մասունքը եկեղեցիների մեջ դնելով եւ բոլոր բազմությամբ դիմելով սրբի թաղմանը, մի ազգային մեծ հանդես կատարելով այն տխուր ժամանակին, երբ հայը զրկված էր ամեն հանդեսից ու մի տեղ խմբվելու հնարավորությունից, թեպետ եւ մահմեդականներն այդպիսի տխուր հանդեսներ կատարելն անգամ արգելում էին:

Մինչդեռ ազգային մխիթարությունն այդպիսիների գլխին լույս է իջեցնում, չարաչար պատժում է հավատուրացներին, որ միեւնույն է՝ «ազգուրացներին» [19]:

Եկեղեցու հարազատ զավակ պատմագիր Առաքել Դավրիժեցին, նրա շրջապատը« արյունալի իրադարձությունների պատմությունը գրի առնելու անհրաժեշտությունը գիտակցողները ճիշտ էին ըմբռնել վկայաբանական պատմությունների դաստիարակիչ դերը եւ նրանք չէին կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ: Դրանով պետք է բացատրել, որ Դավրիժեցու Պատմությունը հագեցված է այդպիսի վկայաբանական պատմություններով, որոնք եւ նրա ժամանակակիցների վրա մեծ տպավորություն են թողել, այն ձեռագիր վիճակում ժողովրդի մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչպես ասում են, բռնել է իր քննությունը եւ անհետաձգելի պահանջ դարձրել նրա տպագիր հրատարակությունը:

Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» դարձել է սիրելի ու ժողովրդական մի գիրք: Նա միանգամայն ճիշտ է ըմբռնել իր ժամանակակիցների զգացմունքները, տենչանքներն ու ոգին եւ շատ գեղեցիկ կերպով արտահայտել է դրանք, թերեւս ժամանակակից հրատարակիչները ելնելով իրենց ժամանակի համար այդ երկրի ակտուալությունից, առաջինը տպագրել են նրա «Պատմությունը»:

Կարծում ենք դժվար է անվերապահորեն ընդունել Դավրիժեցու մասին Մ. Աբեղյանի այն կարծիքը, որ իբր «նա չէր կարող, անշուշտ, պատմական առողջ դատողություն ունենալ եւ ոչ իսկ պատմական ընդարձակ աշխարհահայեցողություն, որ կարողանար իրողությունները կշռադատել իրենց պատճառներով ու ծանրակշիռ հետեւանքներով» [20]: Մեծանուն բանասերը գտնում է, որ պատմագիրը պատրաստություն չուներ, նրա «նրա բոլոր գիտությունը մի քանի կրոնական գրքեր կարդացած լինելն էր եւ շատ ճանապարհորդությունների ժամանակ յուր հարցասիրությամբ ձեռք բերած ծանոթությունները» [21]: Մ. Աբեղյանը նկատում է նաեւ որ նա շատ միամիտ ու սնոտիապաշտ է եղել եւ դրանով նա «ոչնչով բարձր չէ ռամիկ ու տգետ ժողովրդից» [22]: Ինչպես հայտնի է Դավրիժեցուն գրչակից բոլոր նախորդները ավելի կամ պակաս չափով հավատացել են հրաշքներին, տեսիլներին, երազներին, սակայն նրանք բարձր են կանգնած եղել «ռամիկ ու տգետ ժողովրդից», ուստի Դավրիժեցու` դրանց նկատմամբ հավատքն ու հասկացողությունը դժվար թե չափանիշ կարող է լինել նրա գիտելիքների ու կարողությունների աստիճանը որոշելու համար: Չպետք է մոռանալ, որ միջնադարի մեր պատմագիրները իրենց երկերում հրաշքների, տեսիլների, կանխագուշակ քնի, երազների մասին զրույցները օգտագործել են պրակտիկ նպատակների համար: Դրանցով նրանք սանձահարում էին եկեղեցու հակառակորդներին, ավելի ազդու դարձնում իրենց հետապնդած քարոզչական հոգեւոր ու քաղաքական նպատակներն ու գաղափարները: Որպես կանոն, այդ կարգի զրույցներում հիմնականում տեսիլները, հրաշքները, երազները վերագրված են հոգեւոր վերնախավի ներկայացուցիչներին, որոնք աստծո ու Քրիստոսի օգնությամբ կատարում էին այդ հրաշագործությունները: Նկատենք նաեւ, որ նման զրույցները կամ պատմությունները ստեղծվել ու ավելի տարածում են գտել հատկապես այն ժամանակաշրջաններում երբ հայոց եկեղեցուն, հայերի հավատին վտանգ է սպառնացել եւ հոգեւոր հայրերը, եկեղեցու գաղափարախոսները ամեն ինչ արել են ժողովրդի մեջ ամրապնդելու հավատը՝ հանդեպ իրենց դավանանքը:

Դավրիժեցու ապրած օրերում էլ հայոց դավանանքը խիստ վտանգված էր եւ նա այլ կերպ չէր կարող վարվել, նա էլ թերեւս շատ բաների չի հավատացել, բայց իր հետապնդած նպատակներն ավելի ազդու ու նպատակասլաց դարձնելու համար ստիպված է եղել իր «Պատմության» մեջ բերելու այդ զրույցները, պատմությունները՝ ժամանակի ժողովրդական կենդանի ու պարզ լեզվով:

Վկայաբանական պատմությունների համոզչականությունը, վարակիչ ու ազդու լինելը պահանջում էր դրանք հագեցնել հրաշապատումներով: Այդ էր պահանջում Դավրիժեցի պատմագրի ապրած ժամանակաշրջանը եւ նրա «Պատմությունն» էլ այդ ժամանակաշրջանի արգասիք էր: Անհրաժեշտ էր ցույց տալ, համոզել ընթերցողին, որ դավանանքի համար նահատակվածները «ամենքեան արժանացեալք էին շնորհաց սրբոյ հոգւոյն», այդպիսի պատմությունները Դավրիժեցին համարում է «արժանի լսելոյ… վասն զի Հոգին Աստուած վերակացու էր նոցա» [23]:

Մ. Աբեղյանը ճիշտ է նկատում, որ «ժամանակի վիճակն էր այդ. կրոնի պատճառով հայ ազգը հալածվում էր, եւ կարելի է ասել, որ Առաքելի ամբողջ գրվածքը գրեթե մի համազգային վկայաբանություն եւ նահատակություն է ինչ որ ընդհանուր ազգին է վերաբերում, բայց եւ մասնավոր նահատակություններով էլ լի է Առաքելի «Պատմությունը»… որոնք մի տեսակ հավելված են Առաքելի «Պատմության», եւ կարեւոր հավելված՝ ժամանակի վիճակը լավ ըմբռնելու համար» [24]:

Նշելով XVII դարում հայ պատմագրության վերակենդանացման մասին Լ. Դանեղյանը միանգամայն ճիշտ գրում է, թե «Այս պայմաններում Դավրիժեցի պատմագրի ծնունդը օրինաչափ ու անհրաժեշտ երեւույթ էր, եւ նրա «Պատմությունը» օրգանական շարունակությունն էր սկսված նորոգության» [25]:

Վերեւում ասացինք, որ դժվար է անվերապահորեն համաձայնվել Մ. Աբեղյանի կարծիքին՝ Դավրիժեցու պատմագիտական աշխարհայեցողության մասին: Այս հարցում անվանի բանասերը, կարծեք, հակասում է իրեն՝ գրելով. «չնայած յուր մեծ միամտությանը, նա (իմա՝ Դավրիժեցին— Լ. Բ. ) լավ կերպով ըմբռնել է ժամանակի ոգին եւ մանավանդ Շահաբասի քաղաքականությունը, ձգտումներն ու նպատակը, գործ դրած խորամանկ միջոցները, մինչդեռ իր ժամանակակիցները չեն հասկացել այդ թագավորին, եւ նրա զանազան զրույցների հերոս դարձած, նույնիսկ քրիստոնեասեր է համարվել» [26]: Ինչքան մեզ հայտնի է, «պատմական առողջ դատողություն չունեցող» մարդը չէր կարող լավ կերպով ըմբռնել իր ապրած օրերում հայրենիքին ու ժողովրդին սարսափներ ու աղետներ բերող թագավորի նենգ ու բիրտ, աշխարհակործան քաղաքականության էությունը: Ինչպես Եղիշեն ու Փարպեցին էին իրենց ժամանակին հասկացել Շապուհի` հայերի նկատմամբ վարած քաղաքականության հետապնդած նպատակները, ինչպես Սեբեոսն ու Ղեւոնդն էին հասկացել բյուզանդական կայսր Մորիկի՝ հայերի նկատմամբ վարած քաղաքականության էությունը, այնպես էլ Առաքել Դավրիժեցին էր խորը կերպով ըմբռնել շահ Աբբաս Ա-ի հետապնդած նպատակները, նրա՝ հայերի նկատմամբ վարած քաղաքականության կործանարար հետեւանքները Հայաստանի ու հայերի ճակատագրի համար: Եւ ոչ միայն այդ, Դավրիժեցին քաջ գիտակցել է նաեւ անապատների ու անապատականների խաղացած դերը ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման գործում, քաղաքական ու հոգեւոր կյանքի զարթոնքի համար եւ զգալի տեղ է տվել իր «Պատմության» մեջ նրանց ծավալած բեղմնավոր գործունեության նկարագրությանը:

Մոլի կրոնասիրության եւ անարատ բարոյականության հետ՝ պատմագիր Դավրիժեցու մոտ սակայն, հայրենասիրության ոգին գերազանցում է ամենին, այն ավելի հզոր է ու սրտառուչ: Միանգամայն ճիշտ է նկատում Մ. Աբեղյանը, որ Դավրիժեցին Խորենացու հայրենասիրությամբ, բայց եւ առանց Խորենացու ճարտասանության, պարզ ու բնական, Խորենացուց ավելի սրտառուչ է ողբում յուր հայրենիքը, որից ավելի գեղեցիկ չէր կարող ոչ մի իրեն ժամանակակից բանաստեղծ ողբալ» [27]:

Պատմագիրը նախքան շահ Աբբաս Ա-ի հայերին պատճառած ավերածությունների մասին պատմելը, դառնացած գրում է հայ ժողովրդի ճակատագրի մասին, որից հետո անցնում է իր հիմնական նպատակին՝ մեծ գաղթի՝ սուրգունի պատմության շարադրմանը:

«Ազգս հայոց, գրում է նա, որք մատամբն եւ կամօքն իւրեանց կուրացուցին զաչս իւրեանց. զի ինքեանք կործանեցին զթագաւորութիւնն իւրեանց՝ նենգութեամբ եւ անհնազանդութեամբն իւրեանց, եւ եղեն ոտից կոխան, եւ ծառայք եւ գերիք այլոց ազգաց եւ թագաւորաց, եւ ի ժամանել նեղութեանց իրիք ի վերայ ինքնեանց, իբրեւ ոչ գտանեն օգնութիւն յուստեքէ, անճար մնացեալ փախստական լեալ ճողոպրին այսր եւ անդր (ավանդաբար տիրող այս սխալ դրույթին տուրք է տվել նաեւ պատմագիր Դավրիժեցին— Լ. Բ. ):

Արդ՝ եթէ յայսմ պատճառէ, եւ թէ կանխաւ պատմեալ մեծ սովին եւ Ջալալոց պատճառէն ամենայն ազգն Հայոց ելեալ վտարանդիք եղեն յիւրաքանչիւր տեղեաց, ի հայրենի բնակութեանց եւ յաշխարհաց, եւ տարադէմ գնացեալ ընդդէմ երեսաց՝ ցիր եւ ցան եղեալ սփռեցան ընդ ամենայն աշխարհ» [28]: Այնուհետեւ թվում է այն երկրներն ու քաղաքները, ուր ապաստան են գտել գաղթած հայերը:

Դավրիժեցին անզուսպ ատելությամբ է լցված շահ Աբբաս Ա-ի եւ պարսկական արքունիքի նկատմամբ: Զայրույթով եւ ցավով բացահայտում է նրանց՝ հայերի նկատմամբ գործադրված միջոցառումների բուն էությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր կյանքի բնագավառներում, քայլ առ քայլ մերկացնում է պարսիկ բռնակալների՝ Անդրկովկասի ժողովուրդների նկատմամբ վարած նենգ ու բիրտ քաաղաքականությունը, մինչդեռ Դավրիժեցու ժամանակակիցները, իր իսկ վկայությամբ, չեն հասկացել այդ քաղաքականության բուն էությունն ու հետապնդած նպատակները:

Դավրիժեցին այնքան խորն է ապրել իր հայրենիքին ու ժողովրդին Արեւելքի այդ բռնակալի կողմից պատճառած արհավիրքները, որ նրա ամեն մի ձեռնարկումը նկարագրելուց առաջ, կարծեք թե թափանցել է շահ Աբբասի ներաշխարհը, կռահել նրա չար դիտավորությունները:

Անարգանքի սյունին գամելով Դավիթ եւ Մելիքսեթ կաթողիկոսներրին, որոնք Մայր Աթոռը ֆինանսական ծանր վիճակից փրկելու համար որոշել էին գնալ շահ Աբբասի մոտ, պատմագիրը գրում է. «Խորհեցան խորհուրդ՝ եւ ոչ տերամբ ըստ գրեցելումն, ի կորուստ անձանց իւրեանց, ի կործանումն եւ ի տապալումն աշխարհին, եւ ի ջնջումն ազգին իւրեանց» [29]: Այնուհետեւ նշելով Մելիքսեթ կաթողիկոսի եւ երկու եպիսկոպոսների հանդիպումը շահի հետ Դավրիժեցին հենց սկզբից ընթերցողին տալիս է նրա բնութագիրը ու նրա հեռու գնացող նպատակադրումները:

Ասում է նշված հոգեւորականները «զեկուցին նմա զխորհուրդս իւրեանց: Իբրեւ զայն լուաւ շահն եւ ծանեաւ, ցնծացաւ ի յոգի, բերկրեցաւ ի միտս, զուարթացաւ ի մարմին, եւ ըստ խորամանկ բարուց իւրոց Շահաբաս սկսաւ մեծարել եւ պատուել զնոսա տրօք եւ պարգեւօք երեւելեօք, եւ օր ըստ օրէ կոչեալ զնոսա առ ինքն՝ խօսէր ընդ նոսա ըստ մտաց նոցա, եւ զսիրտս նոցա յինքն յանկուցանէր եւ զինքն նոցին հաւատարիմ եւ բարեկամ ձեւացուցանէր, եւ խոստանայր մեծաց բարեաց հասուցանել զնոսա, եւ այնքան սնոտի եւ պատիր խաբեութեամբ կեղծաւորեալ զինքն նոցին մտերիմ ցուցանէր, մինչ զամենայն խորհուրդս սրտից նոցա յինքն գողացաւ. եւ զամենայն որպիսութիւն աշխարհաց նոցա զել եւ զմուտ եւ զաշխարհակալ արանց իմացաւ» [30]:

Նկարագրելով Ջուղայում շահին ցույց տված ընդունելությունը Դավրիժեցին ավելացնում է. «Իսկ վիշապն անդընդային Շահաբաս, որ ի սկզբանէ զբարս օձի ունի բնաւորեալ յինքեան ընդդէմ քրիստոնէից, իբրեւ տեսանէր զայնքան հարստութիւն՝ եւ զբարեվայելչութիւն քրիստոնէից՝ մախայր, եւ զգայռէր ի սրտի՝ թէ զիարդ պատճառ եւ ժամ գտցէ նենգել զնոսա: Բայց առ ժամն ծածկեալ զթոյնսն առ երեսս սրտահաճուկ լինէր» [31]:

Նշելով, որ «հանճարեղն ի խորհուրդս չարեաց Շահաբասը» [32], Դավիթ եւ Մելիքսեթ կաթողիկոսներին կանչել է իր մոտ եւ ասել թե նրանք պարտավոր են օսմանցիներին վճարելիք պարտքը պարսկական գանձարանին տալ, Դավրիժեցին կարծեք հեգնանքով նկատում է. «Այս կաթուղիկոսքս վասն պարտուցն փախեան եւ ապաւինեցան ի շահն, զի թերեւս շահն զնոսա ազատեսցէ ի պարտատեարցն. արդ այժմ շահն ինքն յառաջ ածեալ պահանջէ ի նոցունց զպարտքն, արդ այս է օգնութիւն շահին յոր ապաւինեցան նոքա» [33]:

Նա զայրույթով է խոսում այն աշխարհիկ ու հոգեւոր մարդկանց մասին, որոնք չտանելով թուրքական դաժան լուծը, կամովին հպատակություն էին հայտնում շահ Աբբաս Ա-ին, լքում էին հայրենիքը, գաղթում Պարսկաստան: Նրանց նա «անմիտներ» է անվանում: Հայրենիքի լքումը, գաղթը, գաղթականությունը Դավրիժեցին ամենամեծ չարիքն է համարում, ինչպես Հայաստանի, այնպես եւ ժողովրդի համար, եւ այդ միտքը կարմիր թելի նման անցնում է նրա ամբողջ «Պատմության» միջով:

Պարսկաստան գաղթեցած հայերի մասին Դավրիժեցին դառնացած գրում է. «Իսկ արբշիռ, եւ անագորոյն, եւ անիմաստ, ազգս Հայոց` ոչ ի սկիզբն խորհեցան, եւ ոչ ի վերջն հայեցան` թէ զի՜նչ է լինելոց վերջ գործոյս այսորիկ, այլ… գոլով` գնացին եւ առին զթագաւորական գանձն, որ էր որպէս զմահարար թոյնս օձի, եւ պատճառ նոցին կորստեան. եւ ոչ եղեն մտախոհ, թե որպես զփուշս օձի է գանձն այն մահացուցանող» [34]:

Հայրենիքին անհուն նվիրված, սակայն սիրտը մորմոքված պատմագիրը ցավով բացահայտում է «աւերիչն աշխարհաց` եւ վատնիչն քրիստոնեայ ազանց` թագաւորն Շահաբաս»-ի [35] կողմից` 1604 թ. բռնագաղթի դրդապատճառները: «Եւ զոր ի վաղ ժամանակաց, գրում է Դավրիժեցին, ունէր ի մտի զքշելն ազգին քրիստոնէից` եւ զաւերելն աշխարհին Հայոց… քշել յաշխարհն Պարսից: Զի եկեալ Օսմանցւոցն անբնակ գտանիցեն զերկիրն ի մարդկանէ: Եւ ո՛չ գտցի կերակուր եւ ռոճիկ եւ այլ ինչ պիտոյք նոցա եւ անասնոց նոցա, եւ առ ի չգոյէ հարկաւորաց վտանգեսցին զօրքն Օսմանցւոց: Նաեւ տարեալ ժողովուրդքն լինիցին նմա անզերծանելի հարկատուք` ծառայք, եւ հողագործք մինչեւ ցյաւիտեան» [36]:

Լսելով թուրքական բանակի առաջխաղացման մասին շահ Աբբասը Երվանդակերտում իր մոտ է կանչում հայերի մեծամեծերին «եւ զինքն կեղծաւորաբար ցաւակից ցուցանելով ազգին հայոց» ասում է, թե ահա տեսնում եք թուրքական անհուն զորքը գալիս է ձեր երկիրը, մեր զորքն էլ անթիվ է, երկու կողմերից էլ կլինեն ելուզակներ ու ավազակներ, որոնք ձեզ կկողոպտեն, կգերեն, ժողովուրդը կոչնչանա «վասն որոյ ողորմեալ ձեզ հնարիմ փրկել զձեզ այդու կերպիւ», բնակչությունը թող իրենց գավառներից դուրս գա եւ մի քանի օրվա ճանապարհ գնա դեմի արեւելք, այդ ժամանակ մենք կպատերազմենք թուրքերի դեմ, եթե մենք հաղթենք դուք կվերադառնաք ձեր տեղերը, եթե թուրքերը հաղթեն, մենք կթողնենք կգնանք, իսկ դուք նորից կվերադառնաք ձեր տները: Հայ ավագանին, ասում է Դավրիժեցին, «ծանեան զդաւաճանեալ նենգութիւնն, եւ ոչ հաճեցան ի բանս նորա» [37]: Նրանք պատճառաբանում են, որ ժամանակը աշնանային է եւ իրենք նախապատրաստված չեն դրան ու խնդրում են հետաձգել տեղահանումը գարնանը: Հայերի խնդրանքը շահը մերժում է եւ իր զորավարներին հրամայում բռնի ուժով գաղթեցնել: Պատմագիրն այդ հրամանը «աշխարհակործան» է համարում ու դառնությամբ նկարագրում բռնագաղթը: «Իբրեւ հողմնախառն հուր ընդ եղէգն ընթացեալ, հապճեպ տագնապաւ վաղվաղակի զամենայն բնակիչս գաւառացն կորզեալք յիւրաքանչիւր բնակութեանց, եւ արտասահման արարեալ յիւրաքանչիւր տեղեաց, իբրեւ զջոլիրս բազմութեան հօտից եւ անդէոց զառաջեաւ արարեալ` բռնութեամբ վարեալ` ածեալ բերեալ հասուցին ի գաւառն Արարատու, եւ զլայնանիստ դաշտն նորա լցին ծագէ ի ծագ. քանզի ի ստորոտէ լերանցն Գառնւոյ մինչ ի յեզրն Երասխայ մեծի գետոյն, լայնութիւնն էր բանակին, իսկ զերկայնութիւնն… ասեմ աւոր միոյ ճանապարհ եւ յայլուր տեսի` որ հինգ աւոր ճանապարհ էին գրեալ» [38]:

«Եւ եղեն երեք բանակք մեծամեծք եւ անհունք, շարունակում է մեր պատմագիրը այդ հրեշավոր իրողության պատկերավոր նկարագրությունը, առաջին` բանակն ժողովրդեանն, երկրորդն` բանակն Պարսից, երրորդն` բանակն Օսմանցւոց: Եւ այնպէս դիպեցաւ պատահումն` զի յորժամ չորժամ չուէր բանակ ժողովրդեանն, իջեալ բանակէր ի հանգրուանս նոցա Շահաբասն զօրօքն Պարսից եւ ի չուելն նոցա բանակէր ի նոյն տեղին Ջղալօղլին զօրօքն Օսմանցւոց» [39]: Այսպես առաջին երկու բանակները հասնում են Ջուղա գյուղը, իսկ երրորդը` Նախճավան: Հետո շարժվում են առաջ: Պարսիկները թուրքերի ահից դրանից հետո ժողովրդին հանգիստ չէին տալիս «սաստիկ տագնապաւ նեղէին զժողովուրդն, զոմանս մահու հարուածով գանելով, եւ զոմանց զունչս եւ զականջս հատանելով, եւ զոմանց զգլուխն կտրեալ ի ձող ցցէին… իսկ ողորմելի ժողովրդեանն հայէին յառաջ զանհուն գետն տեսանէին իբրեւ զծով` որ խեղդէր, եւ յետուստ զսուրն Պարսից` որ սպանանէր… եւ առհասարակ աղիողորմ ողբս, եւ յորդ արտասուս յաչաց հեղեալ առնէին երկրորդ Երասխ. եւ ձայն լալեաց, եւ հառաչանաց, ճչանաց, վայոց, կսկծանաց, մորմոքանաց ընդ միմեանս խառնեալ գոչեցուցանէին ուժգին աղաղակաւ, իսկ ողորմութիւն եւ փըրկութիւն ոչ ուստեքէ էր… եւ անողորմ զօրացն Պարսից վարեալ զժողովուրդն լնուին ի գետն… Եվ որք անհմուտք էին լողելոյ եւ անզօրք, ծերք եւ պառաւունք, տղայք եւ աղջկունք, եւ մատաղ մանկտիք լցեալք էին յերեսս ջրոյն եւ գետն առեալ տանէր զնոսա իբրեւ զխռիւ ի ժամանակս գարնայնոյ, եւ գետատար մարդով ծածկեալ էր երեսն գետոյն, եւ թէպէտ անցին, որք անցինն, այլ բազումք այնք էին` որք հեղձմամբ ջրոյն մեռան» [40]:

Այնուհետեւ նկարագրում է գետն անցնելուց հետո գաղթեցրածների կրած տառապանքները մինչեւ Սպահան եւ այլ գավառներ:

Շահ Աբբասի 1604 թ. այս գազանաբարոյ բռնագաղթի ողբ-նկարագրությունը հայրենասեր պատմագիրը վերջացնում է ցավով ու զայրույթով բացականչելով «զի թշուառութիւնք` եւ արհաւիրք անտանելիք հասին ի վերայ ազգիս մերոյ, եւ ոչ բաւեմ թէ որով տարազու հիւսեցից ողբս դամբանականս եւ աշխարանաց ի վրայ բեկման հայկական սեռիս, որք այսքան չարակրութեանց եղեն ընդունակք» [41]:

Միանգամայն իրավացի է Մ. Աբեղյանը, որ «Այսպիսի նկարագիրներ մեր պատմության մեջ քիչ կպատահենք Եղիշեի ժամանակից ի վեր» [42]: Հիրավի, կարծում ենք սխալված չենք լինի եթե ասենք` Դավրիժեցի պատմագիրն էլ ողբասաց է, եւ վարպետ ողբասաց:

Դավրիժեցու` բռնագաղթի նկարագրությունները ամբողջությամբ հաստատվում են ժամանակակից ականատես մարդկանց թողած հիշատակարաններով ու ժամանակագրություններով, ինչպես նաեւ եվրոպական ճանապարհորդների հուշագրություններով» [43]:

Դավրիժեցին գոհունակությամբ գրում է, որ բռնագաղթի ժամանակ գառնեցիներն ու Գեղարդի ձորի բնակիչները ուժեղ դիմադրություն են ցույց տվել բռնագաղթն իրականացնող Երեւանի Ամիրգունա խանին, Հավուց Թառի Մանվել եւ Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսների գլխավորությամբ: Այդ եպիսկոպոսները, երբ լսել են բռնագաղթի մասին, անհրաժեշտ պաշարներով իրենց մերձավորների հետ ամրացել են Գեղարդա ձորի այրերում եւ քարանձավների ծերպերում: Սակայն ի վերջո պարսիկները մեծ ջանքեր գործադրելով կարողացել են գրավել այդ այրերն ու հաշվեհարդար տեսնել նրանցում ապաստանածների, այդ թվում եւ Մանվել եւ Աստվածատուր եպիսկոպոսների հետ:

Այնուհետեւ նկարագրելով այրերում պարսիկների կատարած գազանությունների մասին, Դավրիժեցին դառնացած բացականչում է. «Եւ զայս ամենայն լսելով եւ գրելով մեր, ճմլին սիրտք մեր, եւ գալարին աղիք որովայնի մերոյ, եւ աչք մեր վտակս արտասուաց թորեալ իջուցանեն, վասն եկելոյ հասելոյ թշվառութեանս ժողովրդեանս մերոյ… քանզի անմարդաբնակ արար միահաղոյն զամենալի եւ զյուռթի աշխարհս Հայոց: Վասն զի ի քշելն զերկիրս` ո՛չ թէ զմի կամ զերկու զաւառս վարեաց ի Պարսկաստուն, այլ զբազումս» [44]: Ապա թվարկում է այն գավառներն ու քաղաքները, որտեղից պարսիկները գաղթեցրել են բնակչությանը [45]:

Շատ ավելի սրտառոչ, բայց եւ գեղեցիկ է ողբում պատմագիրը բռնագաղթի հետեւանքները ավերակ ու անմարդաբնակ դարձած «զվայելուչ աշխարհս Հայոց»-ի համար:

«Որ եւ այժմ տեսանեմք զարգաւանդ եւ զբերրի զհողս զարտ եւ զանդաստանս սորա, եւ զաւերակս բազմապատիկ գեղօրէիցն եւ զմեծանիստ աւանացն:

Նա եւ զաւերումն եւ զտապալումն եւ զքայքայումն զանառիկ եւ զամուր եւ զհաստահեղոյս վիմարդեամբք եւ կրով մածուցեալ զանմատոյց բերդօրէիցն…

…Եւ զայլ ամենայն վայելչութիւնս սորա տեսանելով հեղձամղձուկ եղեալ փղձկիմք եւ հարեալ յարտասուս ողբամք եւ աշխարեմք` զի անապատ եղեւ վայելուչ եւ քաղցր աշխարհս մեր: Եւ ազգ եւ ժողովուրդ մեր խլեալք ի տեղեաց եւ անջատեալք ի հայրենի եւ բնիկ ժառանգութեանց, եղեն վտարանդեալք եւ տարամերժեալք յերկիր օտար եւ յազգ այլասեռ եւ այլալեզու, որ եւ թշնամիք հոգւոյ եւ հաւատոյ, եւ արեան ծարաւիք մարմնոյ:

Որք եւ անդէն օր աւուր առ սակաւ սակաւ նուազին, ոմանք մահուամբ եւ կորստեամբ, եւ ոմանք հաւատոյ ուրացութեամբ…» [46]:

Պակաս սրտառոչ չէ պատմագրի մոտ «զամենափարթամ գիւղաքաղաքն Ջուղայու» բնակչության բռնագաղթի նկարագրությունը: Այդ կապակցությամբ Մ. Աբեղյանը նկատում է, թր այն «որքան սրտառոչ եւ տխուր իր պարզության մեջ, կարծես ամբողջ վիշտ լինի եւ իրավ, արտասուքով գրված մի բանաստեղծության կենդանի պատկեր է» [47]:

Կիրառելով նույն գազանություններն ու բռնությունները, ինչ մյուս գավառներում, կողոպտելով բնակչությանը, պարսիկները ջուղայեցիներին շտապ դուրս էին հանել քաղաքի պարիսպներից եւ քշել:

Պատմագրին պակաս չափով չի անհանգստացրել ու հուզել Պարսկաստան եւ այլուր գաղթացների` «ղարիպականքի» ճակատագիրը եւ նա առիթ բաց չի թողնում ընթերցողին տեղյակ պահելու նրանց առօրյա կյանքի, սնանկացման, զանազան պատճառներով նոսրացման ու ազգային ու կրոնական հալածանքների մասին: Այդ բոլորի մասին նա գրել է իբրեւ ականատեսի, եղել է գաղթավայրերում, զրույցել գաղթականների հետ, «յորոց հարցեալ տեղեկացայ» [48], «զոր մերով աչօք տեսաք» [49]. «Նաեւ ի յիշատակարանաց գրոց` զորս ընթերցայ» [50]: Կարեւոր է նշել, որ պատմագրին առաջին հերթին հետաքրքրել է ամբողջ ժողովրդի եւ հիմնականում ստորին խավերի վիճակը եւ այդ զգացվում է ամեն քայլափոխում: Սպահանում ու նրա շրջակայքում բնակեցրած հայերի մասին ասում է, թե բացի ջուղայեցիներից եւ երեւանցիներից մյուսները «չքաւորեցան` զի զոր ինչ ունեէին վաճառեցին եւ կերան» [51], որովհետեւ, պատճառաբանում է նա, Սպահանում ամեն ինչ շատ թանկ էր, ունեւորները զբաղվում էին առեւտրով ու արհեստներով, իսկ մնացածները հավանաբար այդ քաղաքների ստորին խավերից էին: Ծայր աստիճան չքավորության հասածները դիմում են ամեն տեղ, օգնություն խնդրում, լուրը հասնում է շահին: Վերջինս իր մոտ է կանչում նրանց առաջնորդներին` մելիքներին ասում է. ես ձեզ արքունի գանձարանից դրամ կտամ` պայմանով, որ երեք տարուց հետո դուք այդ գումարը վերադարձնեք, իսկ ով չի կարողանա ստացած գումարը վերադարձնել, նա պետք  է դավանափոխ լինի, կամ որդուն եւ դուստրին դարձնի «թագաւորական ծառայ»: Հայերը ստիպված համաձայնվում են եւ ստանում 400 թուման դրամ: Երեք տարուց հետո շահը պահանջում է դրամը, շատերն իհարկե ի վիճակի չէին ետ վճարելու, եղած միջոցներն էլ ստիպված էին կաշառք տալ դրամը գանձող զինվորներին, կերակրել նրանց ու նրանց ձիերին, որպեսզի մի կերպ ազատվեն տանջանքներից, ծեծից, կախաղանից ու բանտից: Նրանց բոլոր աղերսանքները շահին ապարդյուն են անցնում եւ «իբրեւ կարի ստորանկել խոնարհեցաւ կողմն Հայոց», դառնացած գրում է Դավրիժեցին, վերցնում են իրենց տղաներին ու աղջիկներին տանում թագավորի մոտ ու ասում. քանի որ դրամ չունենք տալու, վերցրու սրանց դրամի փոխարեն, ինչպես նախօրոք պայման էիր դրել: «Ընդ ուստերաց եւ դստերաց` զորս հարք նոցա ածեալ էին` եւ առ գութ աղետի նոցա եկեալ էին եւ ամենայն ազգականք նոցին, մարք, եւ եղբարք եւ այլք, որք միագումար կային եւ բարձրակական ողբովք եւ արտասուօք լային որ զտեսողացն ամենեցուն զսիրտ եւ զաղիս մորմոքմամբ ճմլեցուցանէին» [52]: Պատմագիրն ասում է, շահը հրաժարվել է վերցնել որդիներին եւ ավելացնում է, թե ոմանք ասում են որ չվերցնելու պատճառը հայերի ողբն ու հառաչանքն է եղել, ոմանք էլ` թէ չի վերցրել, որպեսզի բոլորին ստիպի մահմեդական դառնալ: Դավրիժեցին նշում է, որ վերջին պատճառաբանությունն իրեն ավելի հավանական է թվում, հաշվի առնելով երկու հանգամանք: Նախ շահը վերակացուի վրա զայրացել է, որ նա հայերին բերել է իր մոտ եւ ասել է «զի՜նչ օգուտ է մեզ յածելն քո զտղայն, զի կամիմ ես զամենեսեան դարձուցանել ի տաճկութիւն» [53]:

Այստեղից էլ խորհաթափանց պատմագիրը սկսում է բացահայտել շահ Աբբասի հեռու գնացող նենգ քաղաքականությունը հայերի նկատմամբ, ինչպես ասում են` բացել նրա խաղաթղթերը:

Ըստ Դավրիժեցու, շահ Աբբասը «ղարիպականքի» ստորին խավերի նկատմամբ անզիջող ու դաժան է եղել, ամեն վայրագություն գործադրել է նրանց տնտեսական սնանկության հասցնելու եւ ստիպելու դավանափոխ լինել, մինչդեռ հայ առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների, հիմնականում ջուղայեցիների նկատմամբ, որոնց բնակեցրել էր Սպահանում, ելնելով իր պետության շահերից, բարյացակամ է եղել, ավելին, արտոնություններ է շնորհել նրանց [54]:

Այնուհետեւ բացատրում է, թե ինչու Սպահանում բնակություն հաստատածները չհեռացան, այլ շարունակեցին բնակվել այնտեղ:

Ըստ Դավրիժեցու, շահ Աբբասը մտադրված է եղել Սպահանում նոր Էջմիածին կառուցել եւ մայր աթոռր տեղափոխել այնտեղ: Եվ իբր դրա պատճառն այն է եղել, որ գաղթեցած ժողովուրդը «յոյժ բաղձային գնալ յաշխարհն Հայոց» [55]: «…Լուաք յոմանց, գրում է պատմագիրը, թէ զայն եւս ասացեալ են, թէ կամի շահն որ հաստատուն մնան ազգն Հայոց յաշխարհիս Պարսից. պարտ է նմա բերել զաջն սրբոյ Գրիգորի Լուսաւորչին յԱսպահան, եւ անդ շինել նոր Էջմիածին…»: Եվ ավելացնում է «Ա՜րդ օձն դարանակալ եւ խորամանկ թշնամին կենաց, եւ հոգւոց, եւ հաւատոց քրիստոնէից, որ յար հանապազ ի տարակուսի կայր վասն ազգին հայոց… հաստատուն եւ անփոփոխելի եդ ի մտի իւրում` քակել զսուրբ Էջմիածինն եւ խափանել որ անդ զկաթուղիկոսութիւնն եւ բերել զաջն Լուսաւորչին, եւ զքարինսն Էջմիածնի յԱսպահան, եւ անդ շինել նոր Էջմիածին. զի անդ նստցի կաթուղիկոսն, եւ անտի սփռեսցի մեռոն ընդ ամենայն աշխարհ. որպէս զի այնու մնասցեն ազգն Հայոց ի Պարսկաստուն, եւ այլ եւ շահք եւ մուտք ամենայն աշխարհաց ժողովեցի ի քաղաք եւ յազգ իւր» [56]:

Այնուհետեւ ասում է, սակայն արշավանքը դեպի Վրաստան խափանել է նրա այդ մտադրության իրականացումը [57]:

Ա՛րդ, ինչով բացատրել, որ շահ Աբբասը «ղարիպականքի» վերնախավի նկատմամբ ոչ միայն հանդուրժողական, այլեւ չափազանց բարյացակամ է վերաբերվել եւ օժտել արտոնություններով: Թերեւս պատմագիրն իր հետագա շարադրանքում, ընթերցողին ավելի համոզելու եւ իր ասելիքը ավելի ցցուն դարձնելու համար, չափազանցությունների մեջ է ընկել, այնուամենայնիվ այդ հարցի սպառիչ պատասխանը հենց ինքն է տալիս ու բացատրում նման վերաբերմունքի հետապնդած բուն նպատակները:

Բնական է, որ շահ Աբբասի այդ վերաբերմունքը մոլեռանդ պարսիկների հոգեւորականության ու մեծամեծների շրջաններում, զայրույթ պետք է առաջացներ, եւ Դավրիժեցին հաստատում է այդ: Նա գրում է, թե նրանք դիմել են շահին, ասել «ը՞նդ էր այնքան թոյլ տաս քրիստոնէից (խոսքն արտոնյալ խավի մասին է— Լ. Բ. ) համարձակիլ, եւ կամ ը՞նդ էր ոչ դարձուցանես ի մոլար օրինացն այն, ի ճշմարիտ օրէնս Մահմետի» [58]:

Շահն իր մեծամեծների հարցերին հետեւյալ պատասխանն է տվել «Դուք ընդ սուղ ինչ սնոտի սէրն իմ, զոր առնեմ ընդ նոսա, մի վշտանայք` եւ մեղադրէք ինձ, զի ես բազում ծախիւք, ջանիւք եւ հնարիւք հազիւ թէ կարացի բերել զնոսա յայս աշխարհ. ո՜չ թէ վասն օգտի նոցա` այլ վասն օգտի մեր` զի աշխարհս մեր շինեսցի` եւ ազգն մեր յաւելցի: Եւ այժմ եթէ զմարդիկս ազգին քրիստոնէից որք յաշխարհէն իւրեանց եկեալ են` եւ այժմ կան, եթէ զամենեսեան զնոսա մասն կոտորեալ յօդ յօդ բաժանէք, ո՜չ ոք ի նոցանէ դառնայ յօրէնս մեր: նա եւ այլքն խրտուցեալ սկսանին մի մի թաքնաբար փախչիլ` եւ դառնալ յաշխարհն իւրեանց. եւ վաստակն մեր լինի ընդունայն: Եւ վասն այնորիկ առնեմ ես զայս սէրս ընդ նոսա, զի այսու կապեալ մնայցեն յաշխարհս ծնանին, նոքա ամենեքեան առանց մեր կոչելոյ եւ աշխատելոյ ինքեանք ինքեանց յօժարութեամբ գան յօրէնս մեր: Արդ` եթէ դուք եւս կամիք զօգուտն ազգին մերոյ` դուք եւս արարէք որպէս եւ եսս առնեմ: Եւ ապա նոքա հաճեալ ի բանս շահին, գովելով զիմաստութիւն նորա գնացեալք են ի բաց» [59]:

Պատմագիր Դավրիժեցին ցավով գրում է, որ իր ապրած օրերում իրականություն էր դարձել շահ Աբբասի ծրագիրը: Եվ ոչ միայն իրականություն էր դարձել, այլեւ ազգակործան չարիք: Այնտեղ ծնվածներից շատերը դավանափոխ էին եղել ու պարսիկների օգնությամբ ստոր ու նենգ միջոցներով հալածում էին հայոց դավանանքում հաստատուն մնացողներին, կողոպտում ու հափշտակում նրանց ունեցվածքը, անելանելի վիճակ ստեղծում նրանց համար: Պատմագիրն ասում է, նրանց վիճակը շատ ավելի անտանելի դարձավ շահ Աբբասին հաջորդած շահ Սեֆիից հետո գահակալած շահ Աբբաս Բ-ի ժամանակ: Պարսիկներն ու Հայ ուրացողները ավելի սանձարձակ էին դարձել եւ ավելի բիրտ միջոցներ էին գործադրում քրիստոնյաների նկատմամբ [60], եւ նրանք ի վիճակի չէին վերադառնալ հայրենիք քանի որ պարսիկները չէին թույլատրում [61]:

Պատմագիրը հավասար չափով ողբում է նաեւ Վրաստանից գաղթածների վիճակը: «Բայց գնացեալ ժողովուրդքս… զոր ինչ ունէին վաճառեալ կերին. եւ ի պատճառէ չքաւորութեան բողոք բարձին ազգն Վրաց առ շահն… Եւ շահն պատասխանի արար նոցա, թէ ուրացէք զձեր հաւատն… եւ ես տամ ձեզ յոլով ինչս, որով ապրիք` եւ ուտէք: Եւ նոքա, ցավով գրում է Դավրիժեցին, հարկեալք ի կարեաց սովուն` արարին զհրամանս շահին, եւ եղեն Մահմետականք եւ շահն ոչ ետ նոցա զինչս յոլովս ըստ իւրում խոստմանն` այլ ստեաց, քանզի խաբեաց զնոսա» [62]: Այնուհետեւ նշում է, որ 1658 թ. երբ գրել է իր «Պատմությունը», բոլոր բռնագաղթված վրացիները դավանափոխ են եղած եղել եւ ճանապարհին պատահելիս իրենց բարեւը չեն ընդունել, մեղք էին համարել քրիստոնյաներին բարեւելը [63]:

Ժողովրդի տառապանքներով մորմոքված Դավրիժեցին, որ խոր գիտակցել էր շահի` հայ առեւտրական դասի եւ հոգեւոր վերնախավի նկատմամբ վարած քաղաքականության բուն էությունը, թերեւս մխիթարվել է այն բանով, որ նոր Ջուղան դիտել է իբրեւ հայապահպանման օրրան եւ շահ Աբբասի հաջորդներին, կարծեք, հասկացնել է տվել, թե նա ոչ թե քրիստոնեասիրության, այլ իր երկրի շահերից ելնելով է նման վերաբերմունք ցուցաբերել երկիրը շենացնողների, հայ առեւտրականների նկատմամբ եւ դուք էլ հետեւեցեք նրան: Պատահական չէր, որ մեծ գաղթի ժամանակ 5 հարյուր տուն բնակեցրել էին Շիրազի նահանգում. «Քանզի Ալահվէրտի խանն, գրում է պատմագիրը, որ էր տէր Շիրազու` խնդրեաց ի Շահաբասէն շնորհել նմա մասն ինչ յազգէն Հայոց վասն բարեմտութեան եւ հաւատարմութեան ազգին Հայոց, զի լիցին նմա ի ժողովուրդ» [64]:

Մի պահ թվում է, թե պատմագիրը շահ Աբբասի բնութագրման մեջ հակասության մեջ է ընկել, սակայն դա միայն թվում է, դրանում համոզվում ենք Դավրիժեցուց ստորեւ բերվող ընդհանրացումից: «Արդ` որք գովեն զայս շահս, գրում նա, թէ քրիստոնէասէր եւ աշխարհաշէն եւ խաղարարար թագաւոր էր, այս է նորա քրիստոնէասիրութիւնն, որր զամենայն աշխարհն քրիստոնէից զՀայոց եւ զՎրաց աւերեաց, եւ զամենեսեան սպառեաց սրով եւ սովու եւ գերութեամբ, եւ զմնացեալսն վարեալ տարաւ ի Ֆահրապատ եւ յԱսպահան, որ նոքա եւս օր աւուր անդէն սպառին պէս պէս կերպիւ: Եւ ով ոք որ գովել կամի զնա, թող յառաջ հայեցեալ նկատեսցէ զարարեալ գործս նորա, զոր արար ընդ քրիստոնէից` եւ ապա գովեսցէ զնա» [65]:

Դավրիժեցին շահ Աբբաս Ա-ին համարում է «աւերողն Հայաստան աշխարհին եւ կործանողն Հայոց ազգին» [66]:

Ահա թե ինչպես է նա ներկայացնում պարսկա-թուրքական հակամարտությունների թատերաբեմ դարձած Հայաստանի վիճակը իր ապրած օրերում. «…զքանդումն համբարաց` ցորենոյ եւ զայլ սերմանեաց, եւ աւարումն, եւ յափշտակումն ընչից եւ ստացուածոց, զուստերաց եւ զդստերաց, եւ սպանումն անպարտ անձանց, զորս ի յայտնի եւ զորս ի գաղտնի, եւ զայլ ամենայն չարիսն զոր ածին ի վերայ աշխարհի, մեզ ոչ գոյ կար թեւելոյ, այլ այնմ, որ թուէ զբազմութիւն աստեղաց, եւ ստեղծ զայնքան անձինս որք մատնեցան անողորմ եւ մարդադէմ գազանացն այնոցիկ» [67]:

* * *

Մանրամասն նկարագրելով ջալալիների պատճառած ավերածությունների, կողոպուտի, կոտորածի, գերեվարման մասին, պատմագիրը գրում է. «Եւ ոչ միայն այս Ջալալիքս այսպէս առնէին. գոյին եւ այլք Ջալալիք` ոմանք յոլովք` եւ ոմանք սակաւք, որ ի տեղիս տեղիս զկայ առեալ եւ որջացեալք էին` զայսպիսի գործս գործէին»: Այնուհետեւ դառնացած նշում է թե «Այլ եւ ի քրիստոնէից ազգէ` արք ոմանք, որք ոչ ունէին զերկիւղն Աստուծոյ յինքեանս. իբրեւ տեսանէին թե այլազգիքն որպէս առյօժարեցան, եթէ յայտնի յափշտակութեամբ` եւ թէ գաղտնի գողութեամբ այնպէս առնէին. քանզի երկիրն անտէր եւ ամայի էր յաշխարհակալ բռնաւորաց. եւ ամենայն ոք զախորժակս կամաց իւրոց կատարէր» [68]:

Դավրիժեցին ընդհանրապես խիստ բացասկան է տրամադրված ջալալիների նկատմամբ, նա չի ըմբռնել այդ շարժումների բնույթն ու էությունը, դրանք «աշխարհաւերք եւ աշխարհակործանք» է համարում: Ասում է, թե «ուր եւ լսէին զհամբաւ շինութեան, դիմեալ անդր հասանէին, տւարեալ կողոպտէին եւ զշինուածան հրդեհեալ այրէին:

Ի մերձակայից Կոստանդնուպօլսի` մինչեւ ցԵրեւան քաղաք. ի Բաղդատայ մինչ ցԴամուրղափուն, զՍպիտակ ծովու մէջն եւ զՍեաւ ծովու մէջն. այս եզերքս` զորս ծրագրեցի. զսոցա մէջն զայսքան աշխարհս յաւեր եւ յապականութիւն դարձուցին:

Եւ յայսմ պատճառէ հողագործք եւ երկրագործք` որք յիւրաքանչիւր տեղիս գոյին, յերկիւղէ եւ յահէ փախուցեալք ի բերդս եւ ի դղեակս, եւ ի փապարս լերանս ամրանային. եւ ոչ կտրէին  առնել զերկրագործութիւն, վասն որոյ սերմանել եւ հնձել եւ կալ եւ կուտ բարձաւ ամենեւին եւ սկսաւ լինիլ սղութիւն հացի եւ ամենայն ուտելի իրաց եւ ոչ գտանիւր, եւ թէ ուրեք ուրեք եւս գտանիւր, եւ այն եւս ծանր գնոյ» [69]: Այնուհետեւ ցավով ավելացնում է, «Եւ յայսմ ժամանակի եղեն ցիր եւ ցան ազգն Հայոց եւ գնացին իւրաքանչիւր ոք հանդէպ երեսաց իւրոց գտանել տեղի կելոյ եւ ապրելոյ» [70]:

Ապա պատմագիրը նույնպիսի ցավով նկարագրում է 1606-1610 թթ. սաստիկ սովը, պատճառած ավերածությունները, մարդակերության տարածվելը [71]:

Դավրիժեցին զայրույթով է գրում շահ Աբբասի` Կախեթի եւ Քարթլիի թագավորների նկատմամբ գործադրած նենգ ու ստոր միջոցառումների մասին [72]: Կարեւոր ու հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում վրաց Թամրազ եւ Լավասափ (ճիշտը` Լուարսաբ), թագավորների` պարսից զորքին ցույց տված դիմադրության [73], ինչպես նաեւ Գեորգի Սահակաձե թագավորի` թուրքերի դեմ ապստամբելու ու նրա հաղթանակների մասին ու իր համակրանքը դրսեւորում նրանց նկատմամբ [74]:

Ինչպես ջալալիների, այնպես եւ սովի մասին Դավրիժեցու նկարագրությունները հաստատվում են ժամանակակից, ականատես ու ականջալուր գրավոր հայերեն ու պարսկերեն աղբյուրներով եւ հատկապես Գրիգոր Դարանաղցու կողմից [75]: Սակայն Դավրիժեցին նրանց համեմատ ավելի լայն ու բազմակողմանի է ծավալում մեր առջեւ ժողովրդի ահռելի թշվառությունը [76]:

Պատմագրին շատ է ուրախացրել 1639 թ. թուրք-իրանական երեսնամյա հաշտության պայմանագիրը:

Դավրիժեցի պատմագիրն իր ապրած ժամանակաշրջանի մղձավանջային պայմաններում, հայրենիքին ու ժողովրդին վրա հասած աղետները ողբալու հետ, տեսել է եւ լուսավոր ծալքեր ու հիացմունքով ու հպարտությամբ գրել նրանց մասին:

Այդ լուսավոր ծալքերը, հայ հոգեւոր կյանքի, մշակույթի զարթոնքի սկիզբն էին ազդարարում եւ մեր պատմագիրը չէր սխալվել, որ մեծ հույսեր էր կապել դրանց հետ եւ մորմոքված սիրտը մխիթարել ու ժամանակակիցներին հուսադրել:

Սաղմոսավանքի Սարգիս եպիսկոպոսի կապակցությամբ, որը որոշել էր «հետեւել լուսաշաւիղ երկնաչու ճանապարհին առաքինական վարուց», Դավրիժեցին ցավով գրում է. «Բայց ոչ գոյր ի ժամանակին յայնմիկ անապատ եւ կամ գիտող կարգաց կրօնաւորական վարուց, վասն բազում հինից թշնամեաց եկելոց ի վերայ եւ վրդովմանց` եւ աւերանաց աշխարհիս Հայոց, ամենեւին բնաջինջ եղեալ էր եւ բարձեալ նշոյլ եւ նշմարան առաքինի գործոց` եւ բարի կարգաց յաշխարհէս Հայոց» [77]:

Այնուհետեւ նույնպիսի ցավով, ինչպես ասվել է առաջաբանում, նա նկատում է, թե «անպիտացեալ էր գիրքն յաչս մարդկան, եւ իբրեւ զկոճեղս փայտից անկեալ յանկեան ուրեք` լցեալ հողով եւ մոխրով» [78]:

Սարգիս եպիսկոպոսը, որին հետեւել է եւ տրապիզոնցի Կիրակոս քահանան (տէր), գնում են Երուսաղեմ: Այնտեղ մտերմանում են. «յետ աւուրց ինչ, գրում է պատմագիրը, առ միմեանս կելոյ, գտին զիրեարս միով դիտաւորութեամբ եւ միով յօժարութեամբ եւ կրիւք ախտացեալս. եւ միակամ եւ միաբան եւ միախորհուրդ եղեալ յայնմ օրէ եւ առ յապա կենցաղավարիւ ի միասին» [79]: Նրանք փնտրում են անապատ տեղ, իմանում են, որ Սյունիքում հին ժամանակներից կան այդպիսի տեղեր, Երուսաղեմից գալիս են Տաթեւ, ընտրում են հարմար տեղ եւ շինում մեծ անապատ, կառուցում են եկեղեցի, մենակյացների խցեր: Շուտով նրանց բարի համբավը տարածվում է եւ նրանց շուրջն են համախմբվում «անուանի արք», աշխարհականներ եւ հոգեւորականներ` վարդապետներ, եպիսկոպոսներ, քահանաներ: Նշված Սարգիսը եւ Կիրակոսը, այսպիսով, Հայաստանում հիմ են դնում անապատական շարժմանը: Անվանի վարդապետներն ու եպիսկոպոսները միառժամանակ մեծ անապատում մնալուց հետո գնացել են Հայաստանի զանազան գավառները եւ տեղերում շինել անապատներ ու րենց շուրջը համախմբել ուսումնասեր մարդկանց: Ներսես Մոկացին գնացել էր Լիմ կղզին, Թումա եպիսկոպոսը` Շամախի, Կարապետ եպիսկոպոսը` Սեւան եւ այլն:

«Սոքա երկոքին արքս, գոհունակությամբ նկատում է Դավրիժեցին, եղեն սկիզբն անապատիս, եւ անապատս եղեւ մայր եւ ծնող ամենայն անապատաց, եւ առիթ լուսաւորութեան ազգիս Հայոց» [80]:

Մեծ անապատից էր եւ Մովսես Խոստանանցի, կամ Սյունեցի կաթողիկոսը, որը եւ գլխավորել է ժամանակի առաջադեմ հոգեւորականության պայքարը հետամնաց, տգետ հոգեւորականության դեմ:

Այնուհետեւ գրում է, թե Սարգիսն ու Կիրակոսը եւ նրանց շուրջը հավաքվածները «սկսան յընթերցմանէ եւ յուսուցանելոյ գրոց վերստին նորոգել եւ յարդարել զամենայն կարգս բարիս անապատաց եւ վանօրէից եւ ժամատեղաց» [81]: Ապա մանրամասն տալիս է նրանց կողմից սահմանած անապատակների ներքին կանոնները, կյանքը, նիստ ու կացը, օրվա ռեժիմը, ուտելիքը, հագուստը եւ այլն:

Հրճվանքով ասում է` ս. հոգին «բանայր առաջի մաքուր մտաց նոցա (Սարգսի եւ Կիրակոսի— Լ. Բ. ) զդրունս գիտութեան, եւ խելամուտ առնէր զնոսա շաւղաց գրոց, որովք լուսաւորեցան ինքեանք, եւ լուսաւորեցին զմերձակայս եւ նոքօք` զազգս Հայոց» [82]:

«Եթե Մեխլոն եւ իր հետնորդները կամենում էին վերջ տալ գյուղացիների կեղեքումներին` վանականներին ոչնչացնելու ճանապարհով, գրում է Աշ. Հովհաննիսյանը, նրա հակառակորդների շարքերից դուրս եկան եռանդուն քարոզիչներ, որոնք ձգտում էին վերջ տալ պորտապարար վանականությանը` մտավոր աշխատանքով զբաղվելու եւ անապատական կենցաղ կազմակերպելու միջոցով» [83]:

Չի կարելի, սակայն համաձայնվել Աշ. Հովհաննիսյանի այն կարծիքի հետ, որ իբր «Անապատական շարժումը շփման որոշ կետեր ուներ Մեխլու աղանդապետի գլխավորած շարժման հետ: Անապատականները եւս մերժում էին վանականների մասնավոր սեփականությունը, սակայն ի տարբերություն Մեխլուի, նրանք ոչ թե գյուղական համայնքների այլ վանքերի «հասարակաց սեփականություն» էին հռչակում վանականների մասնավոր գույքը:

…Եթե Մեխլուի շարժումը հանգում էր վանականության ժխտմանը, ապա անապատական շարժման գաղափարախոսները ձգտում էին բարենորոգման ենթարկել վանական կարգերը, վերականգնել հայ եկեղեցու հեղինակությունը եւ ընդլայնել նրա գործունեության ոլորտը» [84]:

Դրանք միանգամայն տարբեր նպատակներ էին` թելադրված դասակարգային պատկանելիության շահերից եւ դրանց մեջ «շփման որոշ կետեր» տեսնելը սխալ է իհարկե:

Ժողովրդի անգրագիտության ահռելի դժբախտությունը խոր գիտակցել է մեր պատմագիրը եւ նրա դեմ ուղղված պայքարի ամենափոքր փորձը, միջոցառումը ուրախացրել է նրան:

Նա քաջ գիտակցել է, Լեոյի թեւավոր խոսքերով ասած, որ շահ Աբբաս Ա կարող էր բնաջինջ անել հայ ազգաբնակչությունը, բայց սպանել մի ազգի պատմական բնազդը, սպանել նրա մեջ դարավոր եռանդը, որ պատմությունն ստեղծել է տալիս հայրենի հողի վրա, այդ արդեն դուրս էր գալիս նույնիսկ մեծ բռնակալի կարողությունից [85]: Այդ գաղափարը Դավրիժեցին կարմիր թելի նման անց է կացրել իր «Պատմության» մեջ ու ժամանակակիցներից ու հետագա սերունդներին հասկացնել տվել, որ հայերի մեջ պատմական բնազդն ու դարավոր եռանդը մեռած չէ, որ իր ապրած օրերում արդեն հանդես են եկել մարդիկ, ճիշտ է դեռ անհատներ, որոնք իրենց կյանքը նվիրել են այդ բնազդին ու եռանդին նոր շունչ ու ոգի տալուն: Մտավոր վերածնությունը, որ սկսվել էր Հայաստանում XVII դարի սկսզբներին, շատ է ոգեւորել մեր պատմագրին եւ նա հրճվանքով նկարագրում է Սյունյաց, Բաղեշի եւ Սպահանի դպրոցների, Սարգիս, Կիրակոս, Մովսես, Պողոս, Բարսեղ, Ներսես, Մելիքսեթ, Խաչատուր, Ստեփանոս, Սիմեոն վարդապետների ծավալած կրթական ու գիտական քրտնաջան, բեղուն ու հայրենանվեր գործունեությունը [86]: Առանձին հիացմունքով է մեր պատմագիրը գրում հատկապես վերջին չորս վարդապետների կողմից արտաքին գիտության վերակենդանեցման ու ուսուցման մասին: Մելքիսեթ գիտնական վարդապետի մասին գրում է. «Եւ լինէր յորժամ Մելքիսէթ վարդապետն կանխեր ի դաս եւ ի քարոզ իբրեւ զյորձանս ուղխից եւ հեղեղաց ընթանայր բանն ի բերանոյ նորա, յորոյ իմաստութիւնն ամենեքեան ապուշ եղեալ` հիանային եւ բաղձային» [87]:

Պատմագիրը Մովսես վարդապետի, հետագայում կաթողիկոսի բերանով կոչ է անում հայ մտավորականությանը անապատական շարժումը սկսել բուն Հայաստանում: Մովսեսը Սարգիս եւ Կիրակոս վարդապետներին ասում է «յաշխարհին յայնմիկ (Սյունյաց— Լ. Բ. ) կարի առւել պատշաճ է շինել զանապատ. զի բուն Հայաստան է» [88]:

* * *

Պատմագիրը հիացմունքով է խոսում նաեւ առաջադեմ հոգեւորականության խուլ եւ բացահայտ պայքարի դրսեւորումների մասին` հետադեմ, տգետ հոգեւորականության դեմ: Նա անզուսպ ատելությամբ է խոսում վերջիններիս մասին, բացահայտում ու անարգանքի սյունին գամում նրանց` արատավոր բարքերի ու վարքագծի, կաշառակերության ու ագահության համար, հայրենի դավանանքի դոգմաներն ու ավանդական սովորույթները ոտնահարելու, օտար բռնակալներին քծնելու ու շողոքորթելու համար: Հակառակ դրան, մեծ գովեստով ու բերկրալի հրճվանքով գրում հայոց դավանանքի անաղարտության վերականգնաման, Հայոց եկեղեցու վերանորոգչության, տգիտության ու խավարի վերացման համար պայքարի ելածների մասին: Դավրիժեցու «Պատմության» կարեւոր արժանիքներից մեկն էլ այն է, որ նա որոշակի պատկերացում է տալիս Հայաստանում վերանորոգչության սկզբում հոգեւոր վերնախավի շրջաններում ծավալված այն պայքարի մասին, որ տեղի էր ունեցել հին սերունդի` ի դեմս Դավիթ, Մելքիսեթ, Սահակ կաթողիկոսների եւ նրանց համախոհների, որոնք հետապնդելով իրենց նեղ անձնական շահերը մայր աթոռը հեղինակազրկել էին, ֆինանսական անասելի ծանր վիճակի հասցրել, եւ նոր սերնդի` ի դեմս Մովսես եւ Փիլիպպոս կաթողիկոսների, Պողոս վարդապետի, որոնք համառ պայքարում հաղթանակ էին տարել հին սերնդի նկատմամբ եւ լայն գործունեություն ծավալել ու կաթողիկոսարանը դուրս բերել ճգնաժամային վիճակից: Մեր պատմագիրն էլ պատկանում էր այդ նոր սերնդին ու նրա ջատագովն էր: Սխալված չենք լինի եթե ասենք, որ նա հայ զարթոնքի պատմագիրն է` իր ամբողջ էությամբ:

Նկարագրելով մեծ անապատի սան Կարապետ վարդապետի աշակերտ Պողոս վարդապետի առաքինություններն ու Գողթան գավառում նրա ծավալած գործունեությունը, Դավրիժեցին ընդգծում է, որ մինչ նրա այդտեղ գալը «ի խոր խաւարի անգիտութեան նստեալ կային, որպէս թէ ի ժամանակս կռապաշտութեան, գալուց հետո, բացաւ դուռն հաւատոյ աշխարհիս արեւելեան, քարոզութեամբ եւ անբիծ եւ անկեղծ վարդապետութեամբ սորա, զի առաքելաբար շրջէր յամենայն տեղիս, քարոզէր զբանն կենաց, կարգէր զքահանայս, շինէր զեկեղեցիս. եւ հաստատէր զբարի կարգս յեկեղեցիս եւ ի գիւղս, ժողովէր մանկունսն յուսումն սրբոց գրոց, եւ ի տեղիս տեղիս հաստատէր դպրատունս, եւ յիրոց աշակերտաց կացուցանէր դպրապետս…» [89]:

Պատմագիրը դառնությամբ նշում է, որ գավառի հոգեւորականությունը ըմբոստանում է Պողոսի դեմ, եւ երբ վերջինս հիասթափված հեռանում է Աստապատ գյուղաքաղաքից, «Ժողովուրդքն իբրեւ զգացին զգնալն վարդապետին, յայնժամ դիմեալ ի վերայ աբեղայիցն, հարկանելով քարիւ եւ փայտիւ արտաքս վարեցին ի գեղջէն, եւ վաղվաղակի ընթացեալ զկնի վարդապետին` բազում աղաչանօք դարձուցեալ զնա ածին ի գիւղ անդր. եւ սկսան շինել զեկեղեցին…» [90]:

Ժողովրդի պաշտպանությունն ու աջակցությունը վայելող Պողոս վարդապետին, դառնացած ասում է պատմագիրը, հետապնդում ու հալածանքների են ենթարկում ոչ միայն տեղի հոգեւորականությունը, այլեւ Մելքիսեթ կաթողիկոսը: Նա «բազում անգամ առաքեաց առ վարդապետն բանս սպառնականս եւ յանդիմանութեան. թէ ելցես յերկրէս մերմէ, եւ գնասցես յերկիր քո` ուստի եկեալ ես, զի ոչ է պիտոյ մեզ խաբեբայ եւ նորահանուկ քարոզութիւն քո, եւ ոչ կեղծաւոր վարքն քո, ապա թէ ոչ, առակ նշաւակի, եւ այպն կատականաց լինիցիս ի ձեռս իմ» [91]:

Պողոսի հայրենանվեր գործունեությունը հետադեմ հոգեւորականությունն ու նրանց պարագլուխ կաթողիկոսը «Խաբեբայ եւ նորահանուկ քարոզութիւն» են համարել: Վերջինս անգամ սպառնացել է թե Պողոսին կմատնի «ի ձեռս աշխարհակալ իշխանաց» [92]: Դավրիժեցին ասում է, թե Պողոսին ոչ ոք չէր կարողանում օգնել, «վասն զի ամենեքեան երկնչէին ի կաթուղիկոսէն, զի թագաւորական իշխանութեամբ վարէր զկաթուղիկոսութիւնն» [93]:

Այնուհետեւ գրում է, թե Պողոսը հարցրել է իր աշակերտներից. «զի՞նչ բարւոք թուի ձեզ, արիանալ ընդդէմ փորձութեանս, եւ դիմակայիլ խռովութեանս այսմիկ եւ քարոզել զբանն կենաց, թե՞ տեղի տալ եւ հեռանալ ի շփոթէ սոցա»: Աշակերտները նրան պատասխանում են, «դու ինքնին տեսանես զխաւար անգիտութեան, թէ որպէս սփռեալ է ի վերայ ժողովրդեանս, եւ զայն եւս թէ, որպէս եբաց Տէր զդուռն քարոզութեան. քանզի զոր ինչ եւ քարոզես` վաղվաղակի արդիւնանայ: Արդ` մի գուցէ վհատիցիս, պարտ է քեզ արիանալ եւ համբերել փորձութեան վասն օգտի ժողովրդեանն եւ քարոզել զԲանն կենաց» [94]:

Պատմագրի ապրած օրերում «զԲանն կենաց»-ը լուսավորությունն էր, հոգեւոր կյանքի վերածնունդը, վերանորոգչությունը, եւ պատմագիրը Պողոսի աշակերտների բերանով կոչ է արել Պողոսին եւ նրա նմաններին չվհատվել, այլ շարունակել դիմակայել թշնամիներին` հետադեմներին, տգետներին ու համառորեն առաջ տանել սկսած գործը:

Պողոսը շարունակել է իր գործունեությունը բավական լարված ու թշնամական մթնոլորտում: Դավրիժեցին, սակայն, ցավով գրում է, թե տգիտությունն ի վերջո հաղթանակել է: «Բայց ներհակքն կարի յաւէտ եւ բազմահնար պարաւանդիւք խորամանկութեան եւ զրպարտութեան մեքենայիւք ճմլեալ կորացուցին զնա ասելով. դու մի եւս յաւելցիս ի շրջել առ ժողովուրդս եւ քարոզել, այլ տուր մեզ ձեռագիր վկայութեամբ մահմետականաց, թէ այսուհետեւ քարոզես` լինիցիս թշնամի թագաւորին, եւ մահու եւ սպանման պարտական» [95]:

Պատմագիրը դառնացած գրում է, որ Պողոսը ստիպված կատարել է նրանց պահանջը եւ քաշվել Մեծ Անապատը, ուր եւ իր մահկանացուն է կնքել:

Պակաս վիշտ չի կրել եւ Մովսես Սյունեցին: Պատմագիրն ասում է, թե երբ նա եկել է Տաթեւ, սկզբում սիրալիր ընդունելություն է գտել տեղի եպիսկոպոսներից ու աբեղաներից, սակայն շուտով «յետոյ յետս չոգան ի նմանէ, քանզի ոչ ընկալան զքարողութիւն նորա» [96]: Մովսեսը տեսնելով այդ, հեռացել է Տաթեւից, գնացել Մեծ Անապատը: Դավրիժեցին ընդգծում է, թե «Իսկ զքարոզութիւն Մովսէս վարդապետին ամենայն ժողովուրդք խնդութեամբ ընդունէին եւ յոժարութեամբ կատարեին, եւ ուրախութեամբ փառաւորէին… Բայց եպիսկոպոսք գաւառաց, եւ աբեղայք վանօրէից թչ հաճէին ի քարոզութիւնն Մովսէսի» [97]:

Պողոս վարդապետին ասպարեզից հեռացնելուց հետո, «միայն գտեալ զՄովսես վարդապետն, սկսան սաստիկ մրցանօք մաքառիլ ընդ նմա» [98]: Այնքան են նեղել նրան, որ նա ստիպված իր փիլոնն ու գավազանը ուղարկել է Մելքիսեթին, հրաժարվել վարդապետությունից, սակայն կաթողիկոսի խորհրդատուները չեն թողել կաթողիկոսին ընդունելու նրա հրաժարականը: Պատմագիրն ասում է, թե «Թէպետ ետ հրաման քարոզութեան Մելքիսէթն Մովսէսի, այլ ի նենգելոյ ոչ դադարեաց, զի հանապազ հարստահերէր, դատափետեալ պարտաւոր առնէր, եւ զրպարտէր, ինքն եւ համախոհքն իւր անխնայաբար նեղութիւնս ի վերայ նորա ածէին» [99]:

Մովսեսը որոշում է գնալ Էրզրում, սակայն Ամիրգունայ խանը [100] թույլ չի տալիս, պահում է Երեւանում: Դավրիժեցին հպարտությամբ ասում է, թե շուտով Մովսեսի համբավը «հռչակեցաւ ընդ ծագս աշխարհի, ի Հոռոմաստան, ի Վրաստան, ի Պարսկաստան. զի յամենայն աշխարհաց վաճառականք գային անդր եւ տեսանէին, եւ զհամբաւն տանէին» [101]: Եվ անմիջապես ավելացնում է. «Զայս ամենայն յաջողութիւնս, զառաջադիմութիւնս Մովսէս վարդապետին տեսանելով Մելքիսէթ կաթողիկոսին զչարէր եւ հեղձամղձուկ լինէր ի սրտի, բայց ոչ կարէր զչար ինչ առնել Մովսէսի վասն երկիւղի խանին, զի նա յոյժ սիրէր զվարդապետն» [102]: Այնուհետեւ նշում է, որ «մաքրակենցաղ եւ սրբասնունդ, երկայնամիտ եւ ողորմած» [103] Մովսեսը կաթողիկոս եղած ժամանակը շատ գերիներ է ազատել փրկագնով ու մեծ բավականությամբ ավելացնում է. «Եւ եկաց սա ի բարձրագահ Աթոռն ի սուրբ Էջմիծին` ուղիղ վարդապետութեամբ նորոգեաց զաւերական նորոգ շինութեամբ, եւ պայծառացոյց միաբանօք եւ վարդապետօք, եւ յարմար եւ հաստատուն ժամանակարգութեամբ, եւ փարթամացոյց եկեղեցական անօթով եւ մարմնական ստացուածով» [104]:

Դավրիժեցին գովաբանում է նաեւ Մովսեսի աշակերտ ու նրան հաջորդած Փիլիպոս կաթողիկոսին, որն ավելի մեծ թափով ու մասշտաբներով շարունակել է Մովսեսի սկսած վերանորոգչական գործունեությունը: Նկարագրում է Փիլիպպոսի գործադրած ջանքերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի պարտքերը մարելու ուղղությամբ, ծավալած շինարարական աշխատանքները Էջմիածնում եւ այլուր, կրթական գործը ամուր հիմքերի վրա դնելու համար նրա ձեռնարկած միջոցառումները եւ այլն: Այնուհետեւ հանգամանորեն բնութագրում է Փիլիպպոսին: «Այլ եւ էր, գրում է պատմագիրը, այր կարի խորհրդական եւ հանճարեղ` աշխարհաշէն եւ արդիւնարար. եւ ի գիրս աստուածային` սրամիտ եւ նրբաքննին, եւ ի խրատս եւ ի քարոզս համեղաբան եւ արդիւնաւոր… Վասն որոյ յոյժ հռչակեալ համբաւեցաւ անուն նորա յամենայն աշխարհ, ոչ միայն ի մէջ Հայոց, այլ եւ մահմետականաց եւ Վրաց. եւ ամենքեան սիրէին եւ պատուէին զնա… յոյժ երկնչէին ի նմանէ, ոչ թէ ռամիկք, այլ եւ աշխարհակալք` իշխանք եւ զօրագլուխք. քնզի զբազումս տեսին ի թշնամեաց նորա, որք կործանեալ բարձան ի միջոյ, եւ ի սիրելեաց նորա` որք զօրացեալ յառաջադէմ եղեն» [105]:

Դավրիժեցուն ուրախացրել են ոչ միայն Մեծ Անապատի` սաների ու հոգեւոր գործիչների ծավալած գործունեությունը, այլեւ իր ապրած օրերում նշանավոր նկարիչ-վարդապետներ Մինասի եւ Հակոբջանի գործերը: «Այլ եւ պարտ վարկանիմ մեզ ականատես եղելոցս, գրում է պատմագիրը նրանց մասին, ոչ զանց առնել եւ այլովք եւս շնորհալից արամբք. Թէպէտ եւ են աշխարհականք, որք են պարծանք եւ օգուտ մերում ազգի» [106]: Այնուհետեւ մեծ գոհունակությամբ նկարագրում է Մինասի` Սպահանի հայ խոջաների տներում եւ շահ Սեֆիի արքունիքում կատարած գործերի մասին [107]:

Պատմագրի համար լուսավոր ծալքեր են հանդիսացել եւ Սիմեոն վարդապետի գրած տրամաբանության գիրքը «իբր ներածութիւն արտաքին գրոց» [108], վերջինիս եւ լվովցի Ստեփանոս վարդապետի` անտիկ պատմագիրների եւ փիլիսոփաների գրքերի թարգմանությունները եւ այլն.

* * *

Ինչպես հայտնի է, սկսած Մ. Խորենացուց ու Ղազար Փարպեցուց, հետագայում նաեւ մեր մի քանի այլ պատմագիրներ, դառնությամբ ողբացել են հայ հասարակախավերի եւ առանձնապես հոգեւորականության շրջաններում արմատացած արատավոր բարքերը: Առաքել Դավրիժեցի պատմագիրն էլ անհուն ատելությամբ է գրել այդ մասին «…իւրաքանչիւր սեւագլուխ ունէր իւր զինչս առանձին, այգի եւ բուրաստան, փէթակ եւ տուն, եւ մարան, եւ համբարանոցս, եւ զմուտս ստացուածոց. նաեւ զմուտս հասարակաց վանիցն մասունս արարեալ` յինքեանս բաժանէին: Եւ զայն ամենայն ինքնեանց, եւ ազգայնոց եւ իւրեանց հաճելեաց արանց ծախէին ի պէտս կարեաց: Եւ զնուիրեալ տեղիսն Աստուծոյ… լցեալ էին զայնոսիկ կանամբք եւ տանտիկնօք, եւ իւրեանց ազգայնօք» [109]: Ապա ընդգծում է. «Սոյնպէս եւ գեղական երիցունք` անուամբ միայն քահանայք, այլ ոմանք առեալ զիշխանութիւն մէլիքութեան, եւ ոմանք  տանուտէրութեան` եւ ոմանք պոռնիկք եւ երկկանայք, ոմանք յարեցեալք յիշխանս այլազգեաց. արբանեակք չարեաց գործոց նոցա` եւ մատնիչք քրիստոնէից, ոմանք ի մարմնաւոր արուեստս եւ ի հողագործութիւնս պատաղեալ իբրեւ զաշխարհականս. եւ բնաւին թողեալ զժամ եւ զպատարագ» [110]: Այնուհետեւ, սրտի անհուն կսկիծով պատմագիրն ավելացնում է. «Եւ ոչ միայն գեղական երիցունք եւ աբեղայք ըստ ասացելումս անուղղայ կարգօք լեալ թափառականք, այլեւ կաթուղիկոսքն` զի ոչ թէ մի էր, այլ երեք եւ չորք կաթուղիկոսք, վասն զի յաղագս փառամոլութեան, եւ ագահութեան իբրեւ զմաքսաւորս ղաբալայիւ եւ հարկիւ ի Պարսից թագաւորէն առնուին զիշխանութիւն կաթուղիկոսութեան` եւ զսուրբ Աթոռն Էջմիածին. եւ ի շրջագայութեան իւրեանց ի մէջ ժողովրդեանն, թագաւորական ծառայ եւ այլազգի զօրականս շրջեցուցանէին ընդ ինքնեանս, եւ զիրաւունս եւ զհասս` որք ի ժողովրդենէն ճշդիւ եւ բռնութեամբ ուժգին առնուին… [111]:

Իր հավատքին ջերմորեն նվիրված մեր վարդապետն այդ գրելուց հետո դառնացած բացականչում է, թե եթե եկեղեցականներն են այդպես, «զի՞նչ ես ասացից զաշխարհականաց» [112]: Այդ բոլորի հետեւանքով «Եկեղեցիք եւ վանօրայք, ամենքեան անշուք եւ անպատիւք, բնաւին կողոպտեալք ի զարդուց եւ ի սպասուց… Բազմաժամանակեայ փակեալ դրամբք, խաւար եւ անլոյս, լռեալ ի պաշտամանց եւ ի պատարագաց. աւերեալ եւ խախտեալ շինուածք նոցա, տանիք եւ որմունք, իբրեւ զանտէր եւ այրի զրկեալ ի փեսայէն եւ օտարացեալ յորդւոց` նստեալ թախծեալ ոգւով եւ անմխիթար լայր ընդ երեսս մարդոյ» [113]:

Վաղարշապատի եկեղեցիների մասին գրում է. «էին աւերեալ խախտեալ եւ խարխալեալ եւ անշքացեալ, իբրեւ զտաղաւար յագւոջ մրգապահաց եւ իբրեւ զհովանի ի մէջ սեխենեաց… Եւ յԷջմիածին կային միայն միաբանք սակաւք, եւ այնք եւս յոյժ տգէտք եւ գռեհիկք: Իսկ Գայիանեայ եւ Հռիփսիմեայ ամենեւին անբնակ եւ անպարիսպ» [114]:

Պատմագրին առանձնապես հուզել ու զայրացրել է Էջմիածնի մայր աթոռի` XVII դարի առաջին տասնամյակների ողբալի վիճակը եւ նրան այդ վիճակին հասցնողների` Դավիթ, Մելքիսեթ եւ Սահակ կաթողիկոսների գռփողական, կաշառակերական, փառամոլական գործունեությունը: Այստեղ է, որ նա չի խորշել անգամ անզուսպ ատելությամբ գրելու նշված կաթողիկոսների եւ պարսից պաշտոնյաների խարդախ ու նենգ գործարքների ու մեքենայությունների մասին, որոնք ոչ պակաս չարիքներ ու ավերածություններ էին պատճառում երկրին եւ ժողովրդին:

Ասում է` Դավիթ կաթողիկոսը ստանձնելով գահը, միառժամանակ անցնելուց հետո, կաթողիկոս է ձեռնադրել Աղջոց վանքից ոմն Մելքիսեթի: Ժամանակակիցներից ոմանք այդ պատճառաբանել են նրանով, որ այլազգիների հարկապահանջությունը այդ ժամանակ խիստ ծանրացել էր, մայր աթոռն էլ էր հարկադրվել: Բայց Դավիթը ի վիճակի չէր պահանջված հարկագումարը վճարել, ստիպված փախստական կյանք էր վարում հալածանքներից խուսափելու համար եւ, իբր, ձանձրանալով այդ վիճակից` որոշում է ընկերակից կաթողիկոս ձեռնադրել, որպեսզի իրար օգնեն, կարողանան դուրս գալ ծանր վիճակից: Ուրիշներն էլ այդ բացատրել են Մելքիսեթի փառամոլությամբ, վերջինս կաթողիկոս դառնալու համար բոլորին առատ պարգեւներով սիրաշահել էր եւ տեղի իշխանին կաշառք տվել: Սա էլ հարկադրել էր Դավիթին, Մելքիսեթին կաթողիկոս ձեռնադրել: Պատմագիրն իր կարծիքը` թե այդ պատճառաբանություններից որն է իրականության համապատասխանում, չի ասում, բավարարվում է միայն գրելով. «Արդ թէ այսպէս եւ թէ այնպէս` եղեն երկու կաթուղիկոսք միոյ աթոռի ի միում ժամանակի» [115]:

Միաժամանակ առաջին պատճառաբանության կապակցությամբ ասում է, որ Մելքիսեթը փոխանակ օգնական դառնալու` «Եղեւ խոչնդակն եւ հակառակ նմա, որպէս եւ զկնի պատմութիւնքն ցուցանեն» [116]: Սակայն նրա կողմից` Մելքիսեթի գործունեության մասին բերված պատմությունները հենց կասկած չեն թողնում երկրորդ պատճառաբանության հավանականության վերաբերյալ:

Առաքել Դավրիժեցին դառնացած գրում է «Թէպէտ երկու կաթողիկոսք… զի թերեւս թեթեւացուսցեն զպարտսն, եւ եւս առաւել բազմացուցին, զի մինչեւ ցարդ մի էր կաթուղիկոսն, եւ մի էր մսխող, այլ այժմ եղեն երկու կաթուղիկոսք եւ երկու մսխողք: Արդ եթէ ի ծախելոյն նոցա եւ թէ ի հարկապահանջութենէ ժամանակին, եւ թէ յայլ ինչ պատճառէ, սակայն բազմացաւ բարդեցաւ, դիզացաւ պարտքն ձեռամբ նոցա ի վերայ սրբոյ աթոռոյն Էջմիածնի» [117]:

Պատմագիրը նշում է, որ նրանք պարտատերերից եւ թագավորական ու իշխանական հարկահաններից թաքնվում էին, փախուստի դիմում, որովհետեւ ոչինչ չունեին, որ կարողանային վճարել, մի տեղում երկու-երեք օր չէին կարողանում մնալ, մի գյուղից մյուսը գնում էին գիշերները, որ ոչ ոք չտեսնի նրանց: «Յոյժ ողորմելիք էին կեանք նոցա… որպէս եւ պատմեն տեսողքն» [118] հավաստում է Դավրիժեցին:

Այնուհետեւ ասում է` կաթողիկոսները երկար մտածելուց հետո փրկության ելքը գտնում են. նամակ է գրում Տիգրանակերտի առաջնորդ Սրապիոն վարդապետին, որ մեծ դիրքի եւ կարողության տեր էր, հրավիրում են Էջմիածին` պայմանով, որ նա վճարի բոլոր պարտքերը եւ դառնա կաթողիկոս, իսկ իրենք իրենց կամքով կհրաժարվեն: Պատմագիրը գրում է, թե Սրապիոնը ոչ թե փառքի, այլ աթոռի փրկության համար համաձայնվում է, գալիս Էջմիածին եւ օծվում կաթողիկոս ու սկսում է բարենորոգչական գործունեություն: Շուտով, սակայն Դավիթն ու Մելիքսեթը ըմբոստանում են Սրապիոնի դեմ, հեռանում են Էջմիածնից եւ մտածում են ինչպես անեն, որ կաթողիկոսությունը իրենց ձեռքից բաց չթողեն, եւ ելքն, ինչպես վերը ասվեց, գտնում են, գնում են եւ իրենց հպատակությունն են հայտնում շահ Աբբասին:

Երեւանը գրավելուց հետո Սրապիոն կաթողիկոսը ներկայանում է շահ Աբասսին, սակայն վերջինս նրան չի ընդունում, քանի որ ցանկանում էր Մելքիսեթին կարգել կաթողիկոս:

Դավրիժեցին այնուհետեւ հաղորդում է, որ Սրապիոնին Ջուղայում պարսիկները բռնել են, տանջանքների ենթարկել, նա ունեցած չունեցածը տվել է, սակայն նրանք չեն բավարարվել, ստիպված նա մեծ գումար է փոխ վերցրել, տվել է եւ հազիվ ազատվել ու գնացել է Տիգրանակերտ:

Դավիթն ու Մելքիսեթը այսպիսով շարունակել են մնալ կաթողիկոս, սակայն Դավիթն արդեն Մելիքսեթի կողմից հետին պլանն էր մղվել, վերջինս միանձնյա էր հանդես գալիս, էր «հետեւող նախագահ իշխանության» [119]: Պատահական չէ, որ պատմագիրը գրում է. «Ի ժամանակս առաջնորդութեան Մելքիսէթ կաթուղիկոսին» [120]: Եվ միաժամանակ մի քանի անգամ ընդգծում է. «որ զիշխանութիւն կաթուղիկոսութեան ղաբաղաւ առեալ էր ի Պարսից թագաւորէն» [121]: Այս Մելքիսեթը մեծ սուրգունի ժամանակ կես ճանապարհից ետ է դարձել Էջմիածին եւ վարել կաթողիկոսությունը: «Բայց, դառնացած նշում է պատմագիրը, ինքն Մելքիսէթ կաթուղիկոսն ոչինչ բնաւ փոյթ ունէր վասն շինութեան, եւ պայծառութեան, եւ ժամակարգութեան Էջմիածնի, այլ իւր տեղի բնակութեան կալեալ յԵրեւան քաղաքի… եւ ի վերայ իւր ժողովեալ զազգականս եւ զմերձաւորս իւր եւ նոքօք յօրանայր լոյծ եւ ընդարձակ կենօք, մտիւքն եւ արդեամբքն սրբոյ Աթոռոյն Էջմիածնի» [122]: Նա միաժամանակ հայտնում է, որ Էջմիածնում եղել են մի քանի եպիսկոպոսներ եւ աբեղաներ, որոնք զայրացրել են կաթողիկոսի նման վարքագծի համար, եւ հանդիմանել նրան, սակայն վերջինս արհամարհել է նրանց, նրանք ստիպված դիմել են Ամիրգունա խանին, որի կողմից հովանավորում էր Մելքիսեթը [123]:

Խանը սկզբում տուգանել է կաթողիկոսին, հետո զղջացել եւ նրան սիրաշահելու համար տուգանել է բողոքող եպիսկոպոսներին: Նրանցից Կարապետ եպիսկոպոսը հուսալքված, հեռացել է Էջմիածնից, իսկ Մարտիրոս եպիսկոպոսին Մելքիսեթը խանի միջոցով արտաքսել է Էջմիածնից [124]:

Պատմագրին անչափ վրդովեցրել է Մելքիսեթի պատճառով մայր աթոռը շահի կողմից տարեկան 100 թումանի հարկադրման` մուղադայի հանգամանքը: «Ի նորին պատճառէ անկաւ մուղադայն ի վերայ սրբոյ Աթոռոյն Էջմիածնի, դառնացած գրում է նա, եւ մնաց Աթոռն ի ներքոյ ղաբալի: Եւ այս եղեւ բեռն ծանր, եւ լուծ տաժանելի, եւ անուր անխզելի եւ վերայ սրբոյ Աթոռյն Էջմիածնի ի զուր եւ ի տարապարտուց. եւ ամենայն ազին Հայկայ սուգ անմխիթար եւ տրտմութիւն անփարատելի եկեղեցականաց եւ աշխարհականաց» [125]:

Նկատենք, որ պատմագիրը մայր աթոռի վիճակի, Դավիթ եւ Մելքիսեթ կաթողիկոսների մրցակցության, հետագայում Սահակ կաթողիկոսի գործելակերպի նկարագրություններում օբյեկտիվորեն ցույց է տվել, թե ինչպիսի նենգ ու բիրտ մեքենայություններով էին պարսիկ ու թուրք կառավարող շրջանները հայ եկեղեցին ու հոգեւորականության վերնախավին, ծառայեցնում իրենց շահերին, նրանց մեծամեծ եկամուտների աղբյուր դարձնում: Դրան հասնելու համր էր, որ նրանք ոչ միայն ընդառաջում էին, այլեւ շատ անգամ իրենք էին հրահրում այն ամենը, ինչը խորացնում էր եկեղեցու տնտեսական քայքայվածությունը եւ ուժեղացնում նրա տնտեսական կախումը իրենցից: Դրա համար էր, որ նրանք հովանավորում էին հայ եկեղեցու անմիաբանությունը, նրա խախուտ վիճակը խորացնող մարդկանց, հանդուրժում` երկու երեք կաթողիկոսների միաժամանակյա առաջնորդությունը:

Դավրիժեցին Դավթի եւ Մելքիսեթի կոնկրետ օրինակով տվել է, թե ինչպես շահ Աբբասը նրանց միջեւ մրցակցությունը նենգաբար ծառայեցրել է անվանապէս ապահարկ մայր աթոռը «օրինականացված» ճանապարհով հարկատու դարձնելու համար: Պատմագիրը նշում է, որ շահը հակված է եղել դեպի Դավիթ կաթողիկոսը, որովհետեւ նա սուրգունի հետ գնացել էր Սպահան եւ Հլու հպատակվել էր իրեն, մինչդեռ Մելքիսեթը ոչ միայն Սպահան չէր գնացել, այլեւ շահի կողմից գահընկեց արվելուց հետո էլ շարունակել էր կաթողիկոսությունը, կաշառքով սրբերի ոսկորներ է վաճառել: Այդ բոլորը շահին հայտնի դառնալուց հետո, որոնց մասին նրան հայտնել էր Մելքիսեթի դեմ բողոքի գնացած Դավիթը, նրան ձերբակալել են, տանջանքների ենթարկել, երեք հարյուր թուման տուգանել: Սակայն հալածանքներից ազատվելու եւ կաթողիկոսությունում վերստին հաստատվելու համար նա շահին խոստանում է տալ «ամ յամէ ի դիւան թագաւորին յիւրաքանչիւր տարի հարիւր թուման ռոճիկս ծառայից թագաւորին: Իսկ թագաւորին տեսանելով օգուտս յոլովս իւրոյն կողման, վասն որոյ… Ետ նմա զիշխանութիւն կաթուղիկոսութեան` հանդերձ թագաւորական նոմոսիւ գրեալ եւ կնքեալ» [126] եւ արքունական դիվանի մատյանում էլ գրում է թե «Մելքիսեթ կաթուղիկոսն խնդրեաց զԷջմիածնի կաթուղիկոսութիւնն, եւ խոստացաւ ի տարին հարիւր թուման մուղադայ տալ ի դիւան թագաւորին, վասն որոյ եւ մեք շնորհեցաք նմա զիշխանութիւն կաթուղիկոսութեան, զի նա վարեսցէ» [127]:

Պատմագիրը ընդգծում է, որ որոշողը դրամն էր, կաշառքը եւ ոչ արդարությունը: Դավիթը, որ մեծ ակնկալություններ ուներ շահի միջոցով վրեժ լուծելու Մելիքսեթից, իր նպատակին չի հասնում եւ փաստորեն արջի ծառայություն է մատուցում` առիթ տալով շահին Հայ եկեղեցին հարկատու դարձնելու:

Նրա մասին Դավրիժեցին գրում է. «եւ Դաւիթ կաթուղիկոսն կայր ի բացեայ` մախալով նհանջեալ ի ներհակութենէ, եւ իբր զգազան կապեալ ի գառագեղի, սպասէր եւ ըղձայր դիպող ժամու» [128]:

Այնուհետեւ դառնորեն նկարագրում է Մելիքսեթ կաթողիկոսի` ժողովրդին պատճառած չարիքները: Մեկ տարի լրանալուց հետո շահը «մուղադայն» գանձելու համար Մելիքսեթի մոտ է ուղարկել իր ծառաներից չորս բեկ իրենց սպասավորներով ու զինվորներով «Եւ այս եղեւ վտանգ եւ աղէտ դառնագին, զայրույթով գրում է պատմագիրը, եւ անուր անխզելի ի վերայ կաթուղիկոսարանին, զի բեռն ի վերայ բեռին բարձեալ եղեւ», որովհետեւ Մելիքսեթը 100 թուման չուներ որ վճարեր եւ եկածները մնացել էին Էջմիածնում, նրանց բոլոր ծախսերն ու պահանջները պիտի հոգար կաթողիկոսը: Պահանջված գումարը հավաքելու համար Մելքիսեթը շրջել է գավառները, նրա հետ են եղել եւ շահի ուղարկած մարդիկ, որոնք ծանր բեռ են դարձել ժողովրդի համար իրենց շռայլ ու անզուսպ կյանքով: Մելիքսեթը պարսիկ զինվորների միջոցով ապօրինի գումարներ էր հափշտակում, կողոպտում հոգեւորականներին եւ աշխարհականներին` ենթարկելով նրանց անասելի տանջանքների:

«Այլ եւ այու պատճառով, գրում է Դավրիժեցին, մտին բազում անկարգութիւնք եւ օրինազանցութիւնք յազգս Հայոց, կաշառօք անարժանից ձեռնադրութիւն տալ` եթէ եպիսկոպոսաց, եթէ քահանայից, եւ կաշառօք զսեփհական վիճակն այսմ վանացս կտրել եւ այլում վանաց շնորհել եւ չհասի, եւ մեղօքի, կնաթողութեան, եւ երկակնութեան համարձակ հրաման տալ ամուսնութեան: Զայսոսիկ եւ որ սոցին նման բազում անկարգութիւնս գործէին կաթուղիկոսն եւ եպիսկոպոսունքն իւր» [129]: Ժողովրդից վայրագ միջոցներով հափշտակած գումարներն իրենց վրա էին ու այն անընդհատ կուտակվում էր: Հասնելով 800 թումանի: Բացի այդ, նա մեծ գումարներ էր փոխ վերցնում բարձր տոկոսներով, որ կարողանար բավարարել իր հետ գտնվող պարսիկների անհագուրդ պահանջները:

Դավրիժեցին ասում է. ի վերջո Մելքիսեթը որոշում է հրաժարվել կաթողիկոսությունից, այն հանձնել մեկ ուրիշին, որ նա վճարի «մուղադայն»: Կաթողիկոս է ձեռնադրում իր եղբորորդուն` Սահակին, նրա իսկ խնդրանքով, որին ինքն էր եպիսկոպոսություն տվել: Սահակը մեկնում է Սպահան շահի համաձայնությունը ստանալու, իսկ Մելքիսեթը որոշ ժամանակ մնում է Էջմիածնում, հետո գաղտնի փախուստի է դիմում. «Այսպէս թագնաբար գաղտագողի գնացութեամբ զերծաւ Մելքիսեթ կաթողիկոսն ի մասն բաժնի աշխարհի Օսմանցւոց» [130], գրում է Դավրիժեցին: Այնուհետեւ նշում է, որ նրան Կոստանդնուպոլսում չեն ընդունում, այնտեղից նա գնում է Լվով, ուր մինչեւ իր կյանքի վախճանը (1626 թ. ) նորից ծավալում խարդախ գործունեություն:

Լեոյի խոսքերով ասած` «եկեղեցու այս ոճրագործ պետի» [131] Մելքիսեթ կաթողիկոսի վարքագծի խիստ բացասական բնութագրումը պատմագրի կողմից` հաստատվում է նաեւ այլ աղբյուրներով [132]:

Պատմագրին քիչ չափով չի հուզել նաեւ հայ գաղթօջախների ճակատագիրը եւ առանձնապես Լվովինը, որը զոհ էր դարձել Հռոմի պապի եւ ճիզվիտների խարդախ մեքենայություններին եւ համառորեն պայքարի էր ելել նրանց դեմ: Դավրիժեցին քիչ էջեր չի նվիրել այդ իրադարձությունների նկարագրությանը եւ իր վերաբերմունքը դրսեւորել դրանց նկատմամբ: Այդ մասին առավել հանգամանորեն քիչ հետո:

* * *

Դավրիժեցին ատելությամբ է խոսում նաեւ թուրքական արքունիքի ու պաշտոնեության մասին, անաչառ մերկացնում է նրանց կատարած մեքենայությունները հայ եկեղեցու ու հոգեւորականության նկատմամբ:

Խոսելով Կոստանդնուպոլսի պատրիարքարանի վճարելիք 40 հազար ղուրուշ պարտքի մասին, նա բացահայտում է այդ պարտքի առաջացման պատճառները. «Եւ պատճառ պարտուցս էին, գրում է Դավրիժեցին, նախ սոսկ միայն կոչմամբ եւեթ պատրիարգք անուանեալ առաջնորդքն, որ նստին թագաւորական իշխանութեամբ, եւ արծաթոյ ընտրութեամբ սպրդեալ ի ներքս մտանեն` յանձանց, եւ ի սուտակասպասից ընծայեալք, եւ ոչ յԱստուծոյ: Եւ երկրորդ` խազմասէրքն եւ խռովարարքն ի ժողովրդականաց, որք վասն փառասիրութեան, եւ վասն նախանձու, եւ վասն մարմնաւոր շահուց ակնկալութեան, գումարտակ լինէին, ոմանք ի վերայ այսմ առաջնորդի, եւ ոմանք այնմ առաջնորդի, եւ սուտակասպաս արբանեակք, եւ զօրավիգք լինէին նոցա. եւ ապա գնացեալ առ դավթարդար, եւ առ վէզիր եւ առ թագաւորն, տային կաշառս յոլովս նոցա, եւ վանէին զախոյեանն, եւ առնուին զիշխանութիւն սոսկ անուն պատրիարգութեան եւ առաջնորդութեան: Եւ այլ եւս բազմապատիկ կաշառս ի դրունս իշխանացն ցրուէին աստ եւ անդ, եւ այսպէս առնելով բազմացաւ բարդեցաւ, եւ դիզացաւ պարտքն եւ եհաս մինչ ի ԽՌ (40 հազար) ղուռուշն» [133]: Այնուհետեւ պատմագիրը սրտի անհուն կսկիծով նկարագրում է մայր աթոռի եւ Մովսես կաթողիկոսի դեմ` Սահակ կաթողիկոսի ծավալած պառակտիչ ու նենգ գործունեությունը Արեւմտյան Հայաստանում, որի նպատակն էր այնտեղ ինքնուրույն կաթողիկոսություն ստեղծել, անջատվել Էջմիածնից, դրանով իսկ տնտեսական հարված հասցնել ֆինանսական խիստ ճգնաժամի մեջ գտնվող Էջմիածին: Նրան գործակցել ու հովանավորել են Սսի կաթողիկոսի եղբորորդին` Պողոս վարդապետը, Կոստանդնուպոլսի առաջնորդ Զաքարիա վարդապետը եւ ուրիշները:

Չնայած Էջմիածնին հավատարիմ հոգեւորականներն ու աշխարհականները խիստ հանդիմանել են, խնդրել, խոստացել նյութապես ապահովել նրա կյանքը, սակայն Սահակը անդրդվելի է մնացել եւ իր Հովանավորյալների միջոցով արքունի մեծ վեզիրին գրել է. «խնդրեմք զի շնորհեսցես մեզ զիշխանութիւն կաթուղիկոսութեան ազգին Հայոց… մեք յաւելումք ի գանձարանն արքունի ամ յամէ իւրաքանչիւր տարւոշ ԺՌ զուռուշ… տամք» [134]: Պատմագիրն ասում է. մեծ վեզիրը «ընթերցաւ եւ մտօքն հաւանեցաւ» [135]: Էջմիածնականները, որոնց թվում եւ մի քանի հարուստ ու անվանի խոջաներ, նույնպես դիմել են մեծ վեզիրին, թե «մի մատնեսցէս զաղքատ եւ զտառապեալ ժողովուրդս ի ձեռս դոցա, զի դոքա վասն փառամոլութեան եւ ագահութեան իւրեանց մատնեն զողորմելի ռիաթն ի ներքոյ ծանր հարկի, որ է ժողովրդեանն մեծ սիթամ (տուգանք) եւ գործողացն մեղք»: Դավրիժեցին գրում է, թե այդ կարդալուց հետո նա բերողներին ասել է. «անխելք Հայեր, զիա՜րդ ոչ տամ նոցա զկաթողիկոսութիւն, զի նոքա ի տարւոջն զԺՌ ղուռուշ յաւելուն ի գանձարան թագաւորին» [136]: Պատմագիրը ցավով նշում է, թե այդ լսելով Էջմիածնական` վանեցի խոջա Ռուհիջանը, որ անվանի էր եւ հավատարիմ մեծ վեզիրին, ասել է վերջինիս. «եթէ զողորմելի եւ զտառապեալ ազգն Հայոց վասն գանձի վաճառես նոցա, ինձ վաճառեա, եւ ես ոչ թէ ԺՌ ղուռուշ, այլ ԻՌ ղուռուշ տամ»: Վեզիրը կատարել է նրա պահանջը: Այստեղ էլ կաթողիկոսության հարցը կաշառքով է լուծվել, Սահակը եւ նրա գործակից Պողոս վարդապետը տանջանքների են ենթարկվել ու միայն խոջաների միջամտությամբ ազատ են արձակվել ու հեռացել: Էջմիածնում կաթողիկոսությունը շարունակել է վարել այդ իրադարձությունից առաջ նոր ջուղայեցի խոջաների միջնորդությամբ ձեռնադրված Մովսես Սյունեցի վարդապետը, որը եւ հիմք է դրել Էջմիածնի վերանորոգչությանը ու արժանացել մեր պատմագրի մեծարմանը: [137]

Դավրիժեցին մեծ գոհունակությամբ հայտնում է, որ շահ Աբբաս Ա-ի մահից հետո, նրան հաջորդած շահ Սեֆիի ժամանակ Մովսես վարդապետին հաջողվել է նոր ջուղայեցի խոջա Նազարի միջնորդությամբ, մեծ գումարներ տալով եւ շատ չարչարվելով, հազիվ վերացնել տալ 100 թումանի «մուղադայն» նորընծա շահի կողմից եւ կաթողիկոսության հրաման ստանալ նրանից:

* * *

Հավատքում անզիջող պատմագիր Դավրիժեցու մերկացումից չեն վրիպել նաեւ Հռոմի պապը եւ ճիզվիտները, որոնք հովանավորել են Լվովի կաթոլիկություն ընդունած Նիկոլ (Նիկողայոս Թորոսովիչ) եպիսկոպոսին, թեւավորել նրա սանձարձակ ու կամայական գործելակերպը: Պատմագիրը ցավով գրում է, թե Մելքիսեթ կաթողիկոսը երբ Լվով է գնացել, այնտեղ բազում ոսկի կաշառք ստանալով տեղացի Նիկոլ աբեղային, հակառակ ժողովրդի համառ դիմադրությանը, գաղթօջախի եպիսկոպոս է ձեռնադրել, ժողովուրդը չի ընդունել նրան, իր նպատակին հասնելու համար նա ներկայացել է Լվովի ճիզվիտների միաբանությանը, ընդունել կաթոլիկություն: Նրանց միջոցով քաղաքի իշխանից ստացել զինական ուժ ու բռնի տիրել է եկեղեցիներին ու վանքերին, իր հակառակորդներից շատերին բանտարկել ու տուգանել է, բոլորին ստիպել ընդունել կաթոլիկություն, հափշտակել ու վատնել եկեղեցիների հարստությունն ու ունեցվածքը, կողոպտել ժողովրդին, թաղման, պսակի, մկրտության եւ շատ այլ բաների համար դրամ պահանջել, խախտողներին մեծ տուգանքների ենթարկել: Հայ գաղթօջախի բոլոր ջանքերը ազատվելու նրանից` ապարդյուն են անցել, ճիզվիտները միշտ ձախողել են այդ ջանքերը, անգամ արգելել Լեհաստանի թագավորին, որին, դիմել էր Մովսես կաթողիկոսը, խառնվելու այդ գործին: Նրանք պապի մոտ էլ խափանել էին Մովսես եւ Փիլիպոս կաթողիկոսների դիմումներն ու Լեհաստանի թագավորի եւ հոգեւոր առաջնորդի միջնորդությունը «…անդ եւս, —զայրացած գրում է Դավրիժեցին, անիրաւ Եզվայիդայքն (ճիզվիտները— Լ. Բ. ) ներհակացան Հայոց եւ ձախեցին զբանս նոցա» [138]:: Այսպես, մոտ 25 տարի պապի եւ ճիզվիտների պատճառով բախտանդիր այդ Նիկոլը տանջել է Լվովի գաղթօջախի հայությանը:

Պատմագիրը Նիկոլի հետ կապված այս իրադարձությունների կապակցությամբ հետաքրքիր ու կարեւոր տեղեկություններ է հաղորդում Լվովի գաղթօջախի ներքին ինքնավարության, կառավարման սիստեմի, դատավարության, կենցաղի եւ պապականության դեմ համառ ու անզիջում պայքարի մասին, որոնք եւ հաստատվում են արխիվային փաստաթղթերով» [139]

* * *

Խորաթափանց պատմագիր Դավրիժեցին քաջ գիտակցել է հայ հասարակական կյանքում տեղի ունեցող նոր երեւույթյների խաղացած դերն ու նշանակությունը, որոնք եւ պայմանավորել են նրա զարթոնքն ու զարգացումը:

Պատահական չէ, որ նա իր «Պատմության» մեջ զգալի տեղ է տվել հայ առեւտրավաշխառուական կապիտալի վերնախավի ծավալած գործունեությանը XVII դարի սկզբին Հայաստանում, Պարսկաստանում ու Թուրքիայում, բազմաթիվ կոնկրետ փաստերով համակողմանիորեն ցույց տվել նրա որոշիչ ու կարեւոր դերը հայ քաղաքական-հասարակական, տնտեսական-մշակութային ու շինարարական կյանքում, հայ ժողովրդի վերապրած զարթոնքում: Այդ խավի գործունեության մեջ հակառակ Դարանաղցու, նա տեսել է լուսավոր այն ծալքերը, որոնք հող են նախապատրաստել զարթոնքի ու ազգային ինքնագիտակցության բարձրացման համար եւ մեծ հույսեր կապել այդ գործունեության հետ ու մխիթարվել:

Պատմագիրը հիացմունքով ու հպարտությամբ է գրում Հին եւ Նոր Ջուղաների հարստության ու փարթամության մասին եւ ցավագին ողբում Հին Ջուղային ճակատագիրը: Նա գոհունակությամբ է խոսում նաեւ Արեւմտյան Հայաստանի, Կոստանդնուպոլսի ու Լվովի հայ խոջաների ու դովլաթավորների մասին: Նկարագրելով Հին Ջուղայում շահ Աբբաս Ա-ի ընդունելության արարողությունը, նա նշում է. «Իշխանք` եւ ծերք, եւ երիտասարդք` ի զարդ եւ ի զէնս ոսկէհուռն սխրատեսիլ հանդերձից պճնազարդեալք ընդ առաջ ընթանային: Եւ նորաբողբոջ դեռահաս մանկունք ոսկի բաժակաւ զանուշահամ, եւ ազնիւ գինի մատուցանէին…

…Եւ զճանապարհս անցից արքայի զարդարեցին. եւ յեզէրէ գետոյն մինչեւ ցապարանս խօջայ Խաչիկին արկին փայանդազ առաթուր թագաւորին, պատուական եւ վայելուչ կումաշս, որոց վերայ էանց թագաւորն… Եւ ի տան անդր, խօջայ Խաչիկն ոսկի սկուտեղ լցեալ ոսկւով եդեալ ի ձեռն որդոյ իւրոյ մատոյց առաջի թագաւորին, նոյնպէս եւ ամենայն մեծամեծքն Ջուղայու մատուցին ընծայ… Եւ զաւուրս երեք եկաց անդ շահն, եւ ջուղայեցիք պատուեցին զնա համադամ կերակրօք եւ ծաղկեհամ գինեաւ» [140]:

Նոր Ջուղայի մասին հիացմունքով գրում է, որ ջուղայեցիները «շինեցին յարկս եւ բնակութիւնս ինքեանց` հրաշալի յօրինուածովք, կամարակապ փողոցօք, թեւաւոր ապարանօք, եւ ամարասուն հովանոցօք, բարձաբերձ եւ արքայակերպ շինուածօք, զարդարեալ եւ յօրինեալ ի ծաղիկս ոսկւոյ եւ լաջվարդի` եւ պէս պէս երանգաց ակնախտիղ տեսողաց: Սոյնպէս շինեցին եւ զեկեղեցիսն հրաշազան յօրինուածովք… երկնանման խորանօք, եւ գերամբարձ կաթուղիկէիւք, բովանդակ ծաղկեալ պէս պէս երանգովք ոսկւով եւ լաջվարդով… Եւ ի գլուխ կաթուղիկէից ամենայն եկեղեցեաց կառուցեալ զնշան սրբոյ խաչին նոցին եկեղեցեացն ի պսակ եւ ի պարծանս քրիստոնէից» [141]:

Դավրիժեցին ցասումով նկարագրելով Սպահանի մահմեդական բնակչության պահանջով քաղաքից հայ բնակչության տեղահանումը 1655–1658 թթ. եւ Նոր Ջուղայի մոտ բնակության տեղ հատկացնելը, բացահայտում է այդ տեղահանման դրական կողմերը, հանգամանորեն տալիս է եւ դրա պատճառները եւ հայերի համար դրանից ստացած օգուտները: Հարկ է նկատել, որ Դավրիժեցու կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա վերհանում է իր կողմից նկարագրվող իրադարձությունների պատճառները, ամեն իրողություն նրա մոտ փաստարկված է, այդպես է եւ տեղահանման պատմությունը: Ըստ նրա` տեղահանման պատճառն իբր քաղաքում տարածված հարբեցողությունն է եղել, մահմեդականները դրանում մեղադրել են քաղաքի հայ բնակչությանը, որի զբաղմունքի մի ճյուղը եղել է գինեգործությունը եւ գինեվաճառքը, հետեւապես հայերն են մեղավոր, որ պարսիկները զբաղվում են հարբեցողությամբ: Այս իհարկե պատրվակ էր եւ ոչ պատճառ: Հիմնական պատճառը, որ մեր պատմագիրը չի կռահել, քաղաքի տնտեսական կյանքում այն խորացող մրցակցությունն էր, որ սկսել էր ծավալվել հայերի ու պարսիկների միջեւ առեւտրավաշխառության եւ արհեստագործության բնագավառներում:

Պատմագիրը միաժամանակ նկատում է, որ չկա չարիք առանց բարիքի: Նրա կարծիքով, այդ տեղահանումից հայերը շատ են շահել: Սկզբում դժվար էր թողնել տուն-տեղն ու հեռանալ, բայց հետո գոհ են եղել «վասն բազում պատճառի» ու թվարկում է դրանք: Նախ, քրիստոնյաների եւ մահմեդականների համատեղ բնակությունը պարարտ հող էր ստեղծում հայ «թերահավատ մարդկանց» դավանափոխ դառնալու համար: Նրանք ապրելով մահմեդականների միջավարյում, կրելով նրանց ազդեցությունը, հեռանում էին քրիստոնեությունից: Երկրորդ` քրիստոնյաների աղջիկներին ու տղաներին «ծածուկ ու գաղտնի» միջոցներով համոզում ու ամուսնացնում էին իրենց աղջիկների ու տղաների հետ եւ մահմեդական դարձնում: Ցավով նշում է, որ «Եւ զայսպիսիս բազումս տեսաք մերովք աչօք»…

Երրորդ` քրիստոնյաների տեղը քաղաքում նեղ էր եւ սակավաջուր, որի համար շատ դժվարություններ էին կրում: Իսկ նոր տեղում ստացան ընդարձակ հողեր եւ շինեցին մեծածախ ու վայելուչ տներ «վերամբարձ վերնայարկօք եւ ամարասուն հովանոցօք, որոց առաջի տեղիք զբօսանաց, պարտէզք, եւ ծաղիկք, եւ ծառք մրգաբերք: Չորրորդ` զի անջատեալ տրոհեցան յօձաբարոյ ազգէն մահմետականաց, որ հանապազօր խածատեալ նենգէին եւ զզուէին զքրիստոնեայսն, եւ այժմ ամենայն քրիստոնեայքն ի միում տեղւոջ գումարեալ կան եւ ուրախութեամբ գոհանան…» [142]:

* * *

Դավրիժեցին գոհունակությամբ ընդգծում եւ կոնկրետ փաստերով ցույց է տալիս, որ հայ առաջադեմ եւ ետադեմ հոգեւորականության միջեւ տեղի ունեցած համառ պայքարում հայ խոջաներն ու դովլաթավորները զորավիգ են հանդիսացել առաջիններին, նյութական ու բարոյական աջակցություն ցույց տվել նրանց, ամեն ջանք գործադրել ձախողելու ետադեմների պառակտողական ձգտումները: Այսպես, շնորհիվ Արեւմտյան Հայաստանի «բարեպաշտ քրիստոնյա» [143] խոջաների ու դովլաթավորների, Սահակ կաթողիկոսին չի հաջողվել արեւմտահայ հատվածն անջատելու Էջմիածնի մայր աթոռից, չնայած գործադրած մեքենայություններին:

Նրանք, գրում է Դավրիժեցին «բազում աւուրս գնային առ Սահակ կաթողիկոսն, աղաչէին ու խնդրէին, մի մատներ զտառապեալ ազգս Հայոց ի բերան այլազգի բռնաւորաց եւ մարդադեմ գազանաց» [144]: Տեսնելով վերջինիս եւ Մելիքսեթ կաթողիկոսի անվայել վարքագիծը, արեւելահայ եւ արեւմտահայ խոջաները արհամարհել են նրանց եւ ամեն կերպ նպաստել ու ապահովել են առաջադեմների հաղթանակը, դրանով իսկ Էջմիածինը դուրս բերել անկումային վիճակից:

Դավրիժեցին զայրույթով գրելով Լվովի հայ գաղթօջախի Նիկոլ եպիսկոպոսի մասին, միաժամանակ հպարտությամբ ու շոշտված ձեւով, ցույց է տալիս, որ պապականության ու ճիզվիտների դեմ լվովցիների ավելի քան քսանամյա համառ պայքարը հաղթանակով էր ավարտվել շնորհիվ գաղթօջախի ժողովրդի, այդ թվում եւ մեծահարուստների ու իշխանավորների անդրդվելիության, չնայած թշնամիները հզոր էին ու նենգ:

Պատմագիրը երախտագիտությամբ է նշում Հայ առեւտրական վերնախավի ցույց տված նյութական ու բարոյական օգնությունը անապատական շարժման ծավալման ու զարգացման, ուսումնակրթական ու հոգեւոր-քարոզչական գործերի վերածննդի, վերանորոգչության ու հայոց հոգեւոր կենտրոնի դիրքերի վերականգնման ու ամրապնդման բնագավառներում:

Նկարագրելով Պողոս Մոկացի վարդապետի` Թավրիզում ծավալած քարոզչական գործունեությունը, Դավրիժեցին նկատում է. «Քանզի յամենայն կողմանց եկեալ վաճառականքն, որք գային ի Թարվէզ, իբրեւ պատահէին լրոյ քարոզութեան սրբոյ վարդապետին` մխիթարեալ զուարճանային հոգւով, եւ օրհնութիւն մատուցանէին Աստուծոյ` տուողին այնպիսեաց շնորհաց» [145] եւ այնուհետեւ ավելացնում է. «Եւ ժողովուրդքն յոյժ սիրէին զնա վասն ճշմարիտ վարուց նորա, եւ վաճառականքն` որք էին յերկրէն Գողթնեաց, աղաչէին զնա գնալ յերկիրն իւրեանց ի քարոզութիւն, յորոց մի էր Ցղնեցի խօջայ Հայրապետն եւ այլք եւս ընդ նմա եւ զայս բան ի բազում աւուրս թախանձէին» [146]:

Պատմագիրը գոհունակությամբ նշու է, որ նույնպիսի վերաբերմունքի է արժանացել Մովսես Սյունեցին Կոստանդնուպոլսում: Երուսաղեմից նա գնացել է Պոլիս Գրիգոր Կեսարացի վարդապետի մոտ, որն այն ժամանակ տեղի պատրիարքն էր, Մովսեսն իր վարքագծով շատ շուտով վայելել է ժողովրդի համակրանքը: «Առ որ հաճեալ եւ հաւանեալ ամենայն ժողովուրդքն Կոստանդնուպօլսի, եկեղեցականք եւ աշխարհականք, եւ երեւելի արք` որպէս Շահին չալապին, որ էր այր նշանաւոր ի դրան թագաւորին, եւ այլք եւս յոլովք: Նաեւ վաճառականք արեւելեան աշխարհին, որք պատահեցան ի Կոստանդնուպօլիս, եւ մանաւանդ Ջուղայեցիք եւ Գողթնացիք. զի գիտէին թէ Մովսէսն յարեւելեան աշխարհէն է. ամենեքեան մատուցեալ առ Գրիգոր Վարդապետն խնդրէին տալ տէր Մովսէսի` վարդապետութիւն» [147]:

Այնուհետեւ նշելով, որ Ամիրգունա խանը Մովսես վարդապետին պահել էր Երեւանում ու առաջարկել վերաշինել քաղաքում գտնվող Անանիա առաքյալի դամբարանի վրա վաղուց կառուցված, բայց հետո ավերակ ու անմարդաբնակ դարձած մատուռը եւ այն դարձնել իր բնակատեղին, Դավրիժեցին ընդգծում է. «այլ եւ ամենայն ժողովուրդք քաղաքականք եւ վաճառականք աղաչելով զնոյն խնդրէին ի վարդապետէն»: Մովսեսը համաձայնվում է եւ «արդեամբք եւ ձեռնտուութեամբ քրիստոնէից տեղեկանաց եւ վաճառականաց, որք յօժարութեամբ տային տուրս ողորմութեան ի շինումն տեղւոյն, վասն սիրոյ վարդապետին… բնակեցաւ անդէն վարդապետն իւրովք միաբանօքն, կարգաւն եւ սահմանաւն այն, զօր կարգեցին ի մեծ անապատն: Առ որ ժողովեցան միաբանք բազումք, միայնակեացք եւ գրոց աշակերտք իմաստունք եւ սրբակեացք. կային ի միասին մեծք եւ փոքերք սիրով հանդարտեալք ի խցի, հանապազօր կանխեալ յաղօթս եւ յընթերցումն սուրբ գրոց» [148]:

Պատմագիրն ասում է, որ այդ տեղը անվանել են Անապատ [149]:

Ջուղայեցի վաճառականները, որոնք ներկա են եղել Էջմիածնում մեռոն օրհնենքին Մովսեսի կողմից արված «զբարեվայելուչ արարողութիւնսն»-ին, վերադառնալով Սպահան, պատմել են այդ մասին ջուղայեցիներին, բոլորը փափագել են տեսնել Մովսեսին իրենց մոտ, պատվիրակություն են ուղարկել նրա ետեւից, «Նա եւ գլուխն Ջուղայեցւոց, ողորմութեանցն Քրիստոսի արժանին խօջայ Նազարն գրեաց ի վերայ որդյոյ իւրոյ Խօջայ Սարֆրազին, որ յաւուրսն Մովսէս յԱսպահան» [150]:

Ի դեմ այդ խօջա Նազարի մասին պատմագիրը հպարտությամբ գրում է. «որոց պետ եւ գլուխ էր խօջայ Նազարն, ոչ միայն Ջուղայեցւոց այլ եւ ամենայն հայազուն քրիստոնէից բնակելոցն ընդ թագաւորութեամբն Պարսից, քանզի յոյժ հզօր եւ երեւելի էր խօջայ Նազարն, նաեւ սիրելի թագաւորին Պարսից Շահաբասին» [151]:

Բջնիի ավերված տաճարը Փիլիպոս կաթողիկոսի հրամանով վերանորոգվել է «ծախիւք եւ արդեամբք քրիստոսասէր մեծի պատրկի Ջուղայեցի խօջայ Պետրոսին» [152]:

Աշտարակի կամուրջը, որ կիսավեր վիճակու էր, երեւանցի մահտեսի խոջա Գրիգորը քանդել էր, տեղը փոխել եւ նոր` ամուր ու գեղեցիկը կառուցել [153]: Այնուհետեւ պատմագիրը գոհունակությամբ թվարկում է այն քաղաքներն ու գյուղերը, որոնցու նորոգվել են վանքերն ու կառուցվել եկեղեցիներ, տեղի կամ դրսի մեծահարուստների աջակցությամբ ու ծախսերով [154]:

Պատմագիրը երախտագիտությամբ է խոսում նաեւ բուրսացի մեծահարուստ Անտոն Չելեբիի մասին, որի տված գումարներով կառուցվել է Էջմիածնի զանգակատունը: «Այս Անտօն չալապի յոյժ երեւելի եւ հռչակեալ այնքան, գրում է Դավրիժեցին, մինչ զի յայտնի էր ի դուռն թագաւորին Օսմանցւոց, նա եւ ի հեռաւոր աշխարհս ի Ֆռանկաց, ի Պարսից, զի կարի ընչաւէտ եւ փարթամ էր ստացուածովք: Եւ իւր գործ վաճառականութիւն…» [155]:

Խորաթափանց Դավրիժեցին գիտակցել ու թերեւս կանխատեսել է նաեւ հայ մելիքությունների խաղալիք դերը գալիք բուռն իրադարձություններում: Նրան շատ է ուրախացրել, որ շահ Աբբաս Ա Գեղարքունիքի Մելիք Շահնազարին մելիքության իշխանություն է տվել: Նշելով, որ շահը գնացել է Մազրա եւ իջեւանել է Մելիք Շահնազարի տանը, Դավրիժեցին գրում է. «Եւ էր Մէլիք Շահնազարս յազգէն Հայոց` եւ հաւատով քրիստոնեայ, իշխան հզօր եւ փառաւոր… էր ինքն բարեկամ եւ մտերիմ եւ արգոյ առաջի թագաւորին: Վասն որոյ եւ թագաւորն պատուական եւ ազնիւ զգեստուք շքեղացուցեալ խիլայեաց. եւ պարգեւեաց նմա զիշխանութիւն մէլիքութեան գաւառին, եւ այլ եւս դաստակերտս եւ գեղօրայս ետ նմա եւ եղբարց նորա: Եւ հաստատուն նոմոս գրեաց եւ կնքեաց թագաւորական կնքով եւ ետ նոցա զի անփոփոխ լիցի ժառանգութիւնն այն նոցա եւ զաւակաց նոցա յազգէ յազգ մինչեւ յաւիտեան» [156]:

Սխալված չենք լինի եթե ասենք, որ Դավրիժեցին գիտակցել է հայ հոգեւոր վերնախավի առաջադեմ թեւի եւ «բարեպաշտ քրիստոնյա» խոջաների համագործակցության անհրաժեշտությունը ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացման եւ ուժերի համախմբման գործում, որ եւ հետագայում նպաստավոր հող պիտի հանդիսանար ազատագրական մտահղացումների եւ ավելի ուշ խմորումների ու բացահայտ շարժուների համար:

Հարկ է նշել սակայն, որ պատմագիր Առաքել Դավրիժեցին, լինելով հոգեւոր առաջադեմ վերնախավի ու հայ առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների շահերի արտահայտիչն ու գաղափարախոսը, գերագնահատել ու իդեալականացրել է նրանց խաղացած դերը հայ հոգեւոր ու մշակութային կյանքում, Խավարի. մղձավանջային իրողության, որճրագործ հոգեւոր պետերի դեմ պայքարի ելած իդեալիստ պատմագիրն այլ կերպ չէր կարող վարվել, նրան հարկավոր է եղել դրանց դեմ հակադրել նորոգչական, առաջավոր գաղափարներն ու դրանց կրողներին, ավելի ցցուն դարձնելու համար իր ապրած օրերում տիրող իրավիճակի պատճառները եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Դավրիժեցին չի տեսել, կամ ավելի ճիշտ, չի ցանկացել տեսնել հայ առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների գործունեության արատավոր կենցաղվարությունը, որոնց մասին ցասումով գրել է Դարանաղցին եւ մասամբ Զաքարիա Ագուլեցի օրագրողը:

* * *

Դավրիժեցին որոշ տեղեկություններ է հաղորդում կաթոլիկ միսիոներների` Պարսկաստանում եւ Հայաստանում ծավալած գործունեության մասին եւ իր վերաբերմունքը ցուցաբերում նրանց նկատմամբ: Բացառությամբ մի ֆրանկ «երեւելի եւ փարթամ» եպիսկոպոսի, որն այն ժամանակ, երբ Սպահանի հայերը չարաչար տանջանքների էին ենթարկվում պարտքը չվճարելու համար, գտնվել էր Սպահանում եւ տեսնելով նրանց անելանելի վիճակը, 250 թուման էր տվել նրանցից պահանջածը վճարելու համար [157], մյուսների նկատմամբ բացասական է տրամադրված: «նոքա, գրում է պատմագիրը, ըստ մարդելոյզ եւ երեսահաճ եւ խաբուսիկ բարոյից իւրեանց զամենեսեան հաճեցուցանէին յինքեանս» [158]: Նրան շատ են զայրացրել Ֆրանկ պատրիկները, որոնք եկել էին Էջմիածին, կաշառել Մելիքսեթ կաթողիկոսին եւ սկսել սրբերի նխարները գաղտագողի հայտնաբերել ու յուրացնել: Դավրիժեցին ասում է. նրանք ունեցել են իրենց լեզվով գրված մի գիրք-աշխարհացույց, ուր «հաւաստեաւ եւ անվրէպ ցուցանէր թէ ուրանօր իցեն գերեզմանք եւ դամբարանք սրբոցն` որք կան ի վանօրայս Հայոց… այն գրովն գտանէին զնշխարս սրբոցն, եւ տային ինչս բնակչաց վանիցն` եւ զնշխարսն առնուին» [159]: Հռիփսիմե կույսի նշխարների հայտնաբերման կապակցությամբ էլ գրում է, թե նրանք «ըստ մարդելոյզ հնարից իւրեանց հաւատարիմք երեվեալք յաչս վանականացն եւ գեղականացն` հաճեցուցեալ են զնոսա յինքեանս» [160]:

Դավրիժեցին չի ասում, թե այդ պատրիկներն ինչ նպատակով են նշխարներ հավաքել, թերեւս պետք է ենթադրել, որ նրանք նշխարները վաճառելու եւ հարստություն ձեռք բերելու նպատակ են հետապնդել, ինչպես այդ ցույց է տվել Դարանաղցին իր «Ժամանակագրության» մեջ:

* * *

Միջնադարի պատմագիրների նման Դավրիժեցին էլ ժողովուրդներին վրա հասած սարսափները նրանց` աստծու հանդեպ գործած մեղքերով է բացատրում:

Նկարագրելով մեծ սուրգունի ժամանակ գետանցը, ողբերգու պատմագիրը գրում է. «քանզի յորդութիւնք մեղաց մերոց փակեցին ընդդէմ մեր զդուռն ողորմութեան գթածին Աստուծոյ» [161]: Նա էլ հավատացել ու գրել է զանազան հրաշքների, տեսիլների, երազների մասին [162]:

Իր ապրած օրերի շատ թե քիչ կարեւոր իրադարձությունները չեն վրիպել պատագրի տեսադաշտից եւ նա գրել է դրանց պատմությունը իբրեւ ականատեսի, շատ բաների մասին էլ, ինչպես ինքը բազմիցս նշում է, իրեն պատմել են ականատեսները, կամ գործող անձինք [163]: Դավրիժեցու հարցասիրությունը որոշ չափով վնասել է գործին: Առանձին դեպքերի մասին տարբեր մարդկանց պատմածները գրի առնելու հետեւանքով, «Պատմության» մեջ կրկնողությունները շատ են, հատկապես բռնագաղթի, շահ Աբբասի, Մելիքսեթ ու Մովսես կաթողիկոսների, Պողոս վարդապետի մասին:

Քրիստոնյաների նահատակությունների նկարագրությունները, որոնց նվիրված է հինգ գլուխ (44–48) գրեթե նույնն են, միայն անուններն են փոխված [164]:

Դավրիժեցու պատմության ամենաստվերոտ կողմը գրքի բովանդակության հետ առնչություն չունեցող կողմնակի նյութերի առատությունն է, որոնք որոշ դեպքերում խճողել են շարադրանքը, խախտել տրամաբանական կապը: Պատմագիրը հաճախ ընդհատում է այս կամ այն իրադարձության եւ կամ անձի մասին պատմածը, մեջ է բերում մոլորովին կողմնակի զրույց ու նորից վերադառնում ընդհատված պատմությանը:

Այս կապակցությամբ Լեոն գրում է. Դավրիժեցին «մի հավատացյալ վանական է, լցված մի վառ սիրով դեպի հայրենի աշխարհը, դեպի ազգային մտավոր-կուլտուրական ստացվածքը ներկայացնող եկեղեցին: Այդ սերը դարձնում է նրան երկարաբան, ուշադիր դեպի բոլոր մանրամասնությունները, դեպի ամեն մի հանգամանք, որ հարազատ ժողովրդի նահատակության փաստերն էր ցոլացնում» [165]:

Դավրիժեցու «Պատմության» մեջ զետեղված են նրա բովանդակությանը չառնչվող եւ ուրիշների գրած այլ պատմվածքներ, որոնցից են Կոստանդնուպոլսի հրդեհի (գլուխ Ծ) նկարագրությունը` ականատես Ստեփանոս Մեղրեցի վարդապետի հեղինակությամբ, Աղվանից աշխարհի պատմությունը` (գլ. ԾԵ) ծարեցի Հովհաննես վարդապետի, թանկարժեք քարերի նկարագրությունը նվիրված գլուխները (ԾԳ-ԾԴ)` հալեպցի Սարգիս անունով մի ակնագործ քահանայի, հրեաների մասին հատվածը (էջ 651-665):

Կոստանդնուպոլսի հրդեհի կապակցությամբ Դավրիժեցին ասում է թե այդ մասին Ստեփանոսը գրել էր ու ուղարկել Էջմիածին եւ ինքը նրա գրածը «Նովին շարադութեամբ արդէն աստ գծագրեցի» եւ բացատրում է թե ինչու. «Նախ` զի զառ ձեռն պատրաստ գրեալն ոչ ի դէպ համարեցայ երկրորդել. եւ երկրորդ` վասն իմոյս բազմակի աշխատանացս, որով ձանձրացեալ եմ, զի արդէն ի մետասան ամն մտի, որ աշխատիմ ի վերայ այսր պատմագրիս… եւ տակաւին աշխատիմ ի վերայ սորա. եւ երրորդ` զի ծերացեալ եմ եւ կարի պակասեալ ի զօրութեանց, եւ մահն եկեալ հանապազօր յանդիման իմոյս աչաց կանգնեալ է, եւ գիտեմ թէ ես մեռանիմ եւ այս գիրքս մնայ կիսակատար, կրեալ աշխատանքն իմ ամենայն ընդ վայր կորնչին, զի ոչ ումեք փոյթ է մտանել յաշխատութիւն իմ գրաւ հանեալ կատարել, վասն որոյ փութամ, ճեպիմ, զի թերեւս հանից յաւարտ` զի մի անկատար մնասցէ, եւ աշխատանքն իմ կորիցէ» [166]:

Թանկարժեք քարերի կապակցությամբ էլ գրում է, որ ինքն է խնդրել ակնագործ Սարգսին, «զոր բանիւ ասես, գրով շարադրեալ տուր մեզ վասն օրինակի, եւ նա վասն մերոյ խնդրոյ գրեալ ետ, եւ մեք վասն հասարակաց օգտի ի մէջ այս պատմագրիս շարակարգեալ գրեցաք» [167]:

Պատմության 620—650 էջերում (գլուխ ԾՉ) զետեղված է մի շատ համառոտ ժամանակագրություն, որն ընդգրկում է մեր թվարկության 613 թվից մինչեւ մեր պատմագրի ապրած օրերի իրադարձությունների ժամանակագրական թվարկումը: Անխորագիր այդ գլխից առաջ հեղինակը պատճառաբանում է այդ ժամանակագրության գրելու անհրաժեշտությունը. այնտեղ կարդում ենք. «Թուականաւ նշանակեալ համառօտ բանիցս` թէպէտ օրինակն յառաջնոյ ժամանակաց զոյր, այլ ոչ էր կարգաւ ըստ կարգի թուականին, եւ մեք կարգաւորեցաք: Երկրորդ` ոչ էր ժողով ի մի վայր` այլ մասն ինչ անդ, եւ այնպէս ցիր եւ ցան, իսկ մեք ժողովեցաք ի մի վայր զորս եւ գտաք: Երրորդ` եւ զոր ինչ ի մեր ժամանակս գործեցաւ նշանաւոր բանք` զայնս եւս ընդ սոցին դասաւորեալ գրեցաք զիւրաքանչիւրսն յիւրում տեղւոջ եւ հոգալով տքնութիւնս յոլովս կրեցաք, եւ լայն սակս ի գիրս մեր դասակարգեալ գրեցաք…» [168]:

Ինչպես այս ժամանակագրության, այնպես եւ «Պատմությունում» զետեղված ԾԱ եւ ԾԲ գլուխներում, ուր տրված են օսմանական ու պարսկական տիրակալների տոհմաբանությունն ու ժամանակագրությունը, ինչպես նաեւ ԼԱ եւ ԼԲ գլուխներում` Սսի եւ Էջմիածնի կաթողիկոսների ու վարդապետների ժամանակագրությունը, հայագետների մի մասը վերագրել է ուրիշ հեղինակների, մի մասն էլ` Դավրիժեցուն: Կոստանդնուպոլսի հրդեհի մասին Ստեփանոս Մեղրեցու կապակցությամբ Դավրիժեցու վերը բերված պատճառաբանությունը թերեւս խոսում է վերջին կարծիքի օգտին: Ծերությունը հնարավորություն չի տվել ավարտելու, ամբողջացնելու սկսած գործը եւ նա ստիպված, որպեսզի իր կատարած քրտնաջան աշխատանքը չկորչի իզուր, հավաքած նյութերը ժամանակագրական կարգով շարադրել է իր ժամանակներում տարածված ժանրի` մանր ժամանակագրությունների ձեւով:

Պատմագիր Դավրիժեցին ունի եւ մի այլ կարեւոր առանձնահատկություն: XV—XVI դարերի պատմությունը շարադրելիս, նա ամենայն բարեխղճությամբ նշում է իր աղբյուրները: Այսպես. Զահանշահի կողմից Շամշուլդե բերդին պատճառած աղետների մասին նա նյութը վերցրել է. «Գնացեալ յԱսպահան քաղաք ի մէջ Ջուղայեցւոց, գտաք Յայսմաւուրք մի որոյ յիշատակարանն էր այսպէս գրեալ» [169]:

Զաքարիա կաթողիկոսի այցը Զահանշահին եւ դրա արդյունքների պատության նյութը վերցրել է Անկյուրիա քաղաքի եկեղեցում գտնված մի հայսմավուրքի հիշատակարանից «կարի երկարաբան, բայց վասն` կարեւոր գոլոյ բանին զամենայն բանն նոյն շարադրութեամբն անպակաս գրեցի աստ. եւ վասն երկարութեան ոճոյն մի ինձ լիցիս մեղադիր եւ մի առաջին շինողին, զի ոճ պատմութեան այնպէս պահանջէ, քանզի երկար է պատմութիւն» [170]:

Էջմիածնում կաթողիկոսությունը վերահաստատվելու մասին նյութը վերցրել է Թովմաս Մեծոփեցուց. ասում է «որպէս եւ պատմէ Թովմայ վարդապետն» [171] եւ այլն:

* * *

Դավրիժեցու «Պատմությունը» կարեւոր աղբյուր է նաեւ XVII դարի առաջին կեսի Անդրկովկասի, Թուրքիայի եւ Պարսկաստանի սոցիալ-տնտեսական կյանքի պատմության ուսումնասիրության համար: Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Թուրքիայի եւ Պարսկաստանի կառավարչական սիստեմի, հարկային գիշատիչ քաղաքականության եւ դրանց ծանր ու ավերիչ հետեւանքների մասին: Պատմությունը ոչ պակաս կարեւոր աղբյուր է նաեւ այդ ժամանակահատվածում նշված երկրների հասարակական-քաղաքական կյանքի հետազոտման համար: Նրանում քիչ էջեր չեն նվիրված ջալալիների շարժմանը, հայ աշխատավորական զանգվածների կրոնական շղարշով քողարկված ընդվզումներին ու պայքարին` ուղղված թուրք-պարսկական ռազմաֆեոդալական կարգերի դեմ, վրաց ժողովրդի ազատագրական շարժումներին, պապականության դեմ լվովցիների համառ պայքարին:

Դավրիժեցու «Պատմությունը» ստուգապատում աղբյուր է հատկապես նշված երկրների այդ ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների ուսումնասիրության համար: Հանգամանորեն նկարագրված են Հայաստանի տարածքում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմական գործողությունները. դրանց կործանարար հետեւանքները Անդրկովկասի ժողովուրդների ու երկրների համար:

Հ. Փափազյանը նշում է, որ «Մատենադարանի պարսկերեն հրովարտակների» երկրորդ պրակի մեջ ընդգրկված մեծ թվով վավերագրերը կրկին անգամ հաստատում են Դավրիժեցու «Պատմության» տվյալները եւ ավելի քանի ամրապնդում ուսումնասիրողների հավատը նրա հաղորդած պատմական կարեւոր տեղեկությունների նկատմամբ [172]:

Ճիշտ է նկատում Լ. Դանեղյանը, որ Դավրիժեցու երկը որպես արժեքավոր պատմական աղբյուր սկսվում է օգտագործվել հենց XVII դ.: Կարելի է ասել, որ Դավրիժեցու «Պատմությունից» հետո հայ պատմագրության մեջ չկա շատ թե քիչ խոշոր որեւէ երկ, որտեղ XVII դ. առաջին կեսի պատմական իրողությունների նկարագրման համար լայնորեն օգտագործված չլինեն Դավրիժեցու հաղորդած տեղեկությունները [173]:

Իր դարաշրջանի ճշմարիտ արտացոլումը լինելով, գրում է Դանեղյանը, Դավրիժեցու երկը մինչեւ օրս էլ նպաստում է վեր հանելու եւ ճիշտ լուսաբանելու պատմության որոշ հարցեր: Մերկացնելով թուրք կեղծարարների այն պնդումները, ըստ որոնց` հայերը թուրքական գերիշխանության ներքո մինչեւ 1878 թ. իրենց շատ լավ են զգացել, գերմանացի պրոֆեսոր Յ. Մարկվարտը գրում է, որ բավական է ծանոթանալ Առաքել Դավրիժեցու «Պատմությանը»` պատկերացնելու համար օսմանցիների վերաբերմունքը հայերի եւ ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ դեռեւս XVI Դ. [174]:

Իր արծարծած հարցերով ու ընդգրկումներով Դավրիժեցու աշխատությունը դուրս է գալիս Հայաստանի պատմության շրջանակներից, այն հավասար չափով կարեւոր աղբյուր է Վրաստանի, Ադրբեջանի, Պարսկաստանի, Թուրքիայի, անգամ Պարսկական Իրաքի XVII դարի առաջին կեսի պատմության համար: Իր այդ բնույթով այն անզուգական կոթող է արեւելագիտության համար ընդհանրապես:

Դավրիժեցու «Պատմության» մեջ բազմակողմանի ցույց է տրված հայ հասարակախավերի բռնած դիրքն օտար բռնակալների նկատմամբ, ինչպես եւ հատկապես ժողովրդի ստորին խավերի անելանելի դրությունը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հիրավի Անդրկովկասի ժողովուրդների պատմագիրն է: Նա միաժամանակ հայ հոգեւոր ու մտավոր կյանքի զարթոնքի, խավարի դեմ լուսավորության պայքարի պատմագիրն է: Գտնվելով օտար բռնակալների դաժան լծի տակ, նա է, որ խիզախել է ի լուր ամբողջ աշխարհի ու հետագա սերունդների, անարգանքի սյունին գամելու իր հայրենիքին ու ժողովրդին մռայլ կացության հասցնողներին, լինեն դրանք պարսիկ թե թուրք շահեր ու սուլթաններ, զորավարներ, պետական պաշտոնյաներ, թե հայազգի ոճրագործ հոգեւոր պետեր, թե պապականության ներկայացուցիչներ: Ֆիզիկական գոյությունը պահպանելու համար թափառաշրջիկ կյանք վարելով, գավառից գավառ, քաղաքից քաղաք շրջելով, դավրիժեցին ստեղծել ու դարերին է թողել Հայաստանի ու հայ ժողովրդի 60-ամյա պատմության անկրկնելի կոթող:

300- տարուց ավելի է, ինչ այդ հուշարձանը հուզում է ընթերցողին, հայրենիքին ու ժողովրդին անհուն սիրով նվիրված Առաքել Դավրիժեցի պատմագիրը, «հայ միջնադարյան հարուստ պատմագրության վերջին խոշոր երախտավորն» է [175]: Միանգամայն իրավացի է Լեոն, երբ գրում է. «Առաքելը հանդիսանում է առաջնակարգ գրական մի աստղ, որ չունի իր նմանը թէ նախորդ դարում եւ թէ իր ժամանակակիցների մեջ» [176]:

 



[1]            Տես Մ. Աբեղյան, Հայող հին գրականություն, գիրք երկրորդ, Երևան 1946, էջ 443:

[2]            Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, Վաղարշապատ, 1896, էջ 668: Այսուհետև` Դավրիժեցի:

[3]            Մատենադարան, ձեռ 3024, թ. 143 բ:

[4]            Տես Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 442:

[5]            Զաքարիա Սարկաւագի Պատմութիւն, Հ. Գ., գլուխ Գ., էջ 4, Վաղարշապատ, 1870 թ.:

[6]            Տես Դավրիժեցի, էջ 414-418:

[7]            Նույն տեղում, էջ 414:

[8]            Նույն տեղում, էջ 667:

[9]            Նույն տեղում, էջ 668:

[10]          Նույն տեղում:

[11]          Նույն տեղում, էջ 669:

[12]          Նույն տեղում:

[13]          Նույն տեղում, էջ 669-670

[14]          Նույն տեղում, էջ 671:

[15]          Նույն տեղում, Նախադրութիւն:

[16]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ 444:

[17]          Դավրիժեցի, էջ 673:

[18]          Նույն տեղում, էջ 51-52:

[19]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., էջ 450:

[20]          Նույն տեղում, էջ 451:

[21]          Նույն տեղում:

[22]          Նույն տեղում:

[23]          Դավրիժեցի, էջ 258-259:

[24]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., էջ 449:

[25]          Լ. Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի 17-րդ դարի պատմության սկզբնաղբյուր, Երևան, 1978, էջ 11:

[26]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., էջ 451:

[27]          Նույն տեղում, էջ 448:

[28]          Դավրիժեցի, էջ 147:

[29]          Նույն տեղում, էջ 14:

[30]          Նույն տեղում, էջ 17-18:

[31]          Նույն տեղում, էջ 25:

[32]          Նույն տեղում, էջ 27, 32:

[33]          Նույն տեղում, էջ 28:

[34]          Նույն տեղում, էջ 150:

[35]          Նույն տեղում, էջ 39:

[36]          Նույն տեղում, էջ 38:

[37] Նույն տեղում, էջ 39:

[38]          Նույն տեղում, էջ 40:

[39]          Նույն տեղում, էջ 41:

[40]          Նույն տեղում, էջ 42-44:

[41]          Նույն տեղում, էջ 44:

[42]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., էջ 446:

[43]          Տես Ավգուստինոս Բաջեցի (կաթոլիկ հայ քահանա), Նշխարք մատենագրութեան հայոց, Պետերբուրգ, 1884, էջ 6-7; Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, с. 468-474; Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, էջ 98, 100, 103, 104:

[44]          Դավրիժեցի, էջ 52:

[45]          Նույն տեղում, էջ 53:

[46]          Նույն տեղում, էջ 53-54:

[47]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ. Էջ 448:

[48]          Դավրիժեցի, էջ 148:

[49]          Նույն տեղում, էջ 68:

[50]          Նույն տեղում, էջ 148:

[51]          Նույն տեղում, էջ 149:

[52]          Նույն տեղում, էջ 152-153:

[53]          Նույն տեղում, էջ 153:

[54]          Նույն տեղում:

[55]          Նույն տեղում, էջ 198:

[56]          Նույն տեղում, Էջ 199-200:

[57]          Նույն տեղում, էջ 201:

[58]          Նույն տեղում, էջ 66:

[59]          Նույն տեղում:

[60]          Նույն տեղում, էջ 69:

[61]          Նույն տեղում, էջ 67:

[62]          Նույն տեղում, էջ 133:

[63]          Նույն տեղում, էջ 134:

[64]          Նույն տեղում, էջ 46:

[65]          Նույն տեղում, էջ 134:

[66]          Նույն տեղում, էջ 447-448:

[67]          Նույն տեղով, էջ 78-79:

[68]          Նույն տեղում, էջ 85:

[69]          Նույն տեղում, էջ 87:

[70]          Նույն տեղում, էջ 88:

[71]          Նույն տեղում, էջ 87-92:

[72]          Նույն տեղում, էջ 98-105:

[73]          Նույն տեղում, էջ 115-132:

[74]          Նույն տեղում, էջ 617-619:

[75]          Ժամանակագրությիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ, Երուսաղեմ, 1915, էջ 13-14, 24-26 և այլն:

[76]          Առաքել Առաքելյանը միանգամայն սխալ եւ հակապատմական ընդհանրացում է անում: Գրում է, թե, «ջալալիների մասին պատմելուց առաջ Դավրիժեցին նշում է, թե Շահաբասը հայտնի ավարառությունից հետո քաշվում է իր որջը, իսկ Զղալօղլին մեռնում է: Այդ ժամանակ Արարատյան դաշտին չէր տիրում դրանցից եւ ոչ մեկը, նրանք միաբան չէին (հայտնի է, որ այդպիսի վիճակ չի ստեղծվել, Արարատյան դաշտը ոտնատակ էին տալիս մերթ պարսկական մերթ թուրքական հրոսակները, չի հասկացվում թե նրանք ինչու չէին միաբան- Լ. Բ. ): Այդ անտեր վիճակից հայերը չեն օգտվում, չեն կազմակերպում իշխանություն և երկրի ղեկավարությունն իրենց ձեռքը չեն առնում: Նրանց միտքը կարծրացել էր, քաղաքական անկախության ձգտումը մեռել: Հայի գիտակցությունն այն աստիճան թանձրացել էր ստրկահոգության եւ ուրիշին հպատակվելու մոլուցքի մեջ, որ նա օրինաչափ երեւույթ էր համարում օտարին ծառայելը և օտարի լծի տակ կքվելը: Քիչ չեն պատմական բարեպատեհ պայմանները, երբ հայությունը կարող էր հանդես գալ որպես մի կոմպակտ զանգված, քաղաքական մի զորեղ միացյալ ուժ եւ անկախության դրոշ բարձրացնելով ստեղծել ինքնուրույն պետական կյանք . Առաքելյան, նշվ. աշխ., էջ 533):

              Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են, ասենք միայն, որ նման ընդհանրացումը մի ժողովրդի մասին, որ օտար նվաճողների դեմ հերոսական մաքառման 1000-ամյա հարուստ պատմություն ունի, հակապատմական է:

[77]          Դավրիժեցի, էջ 250-251:

[78]          Նույն տեղում, էջ 255:

[79]          Նույն տեղում էջ 252: Թե այդ գործում ինչ դեր է կատարել Գրիգոր Դարանաղցին, ասվել է` նրա մասին շարադրանքում:

[80] Նույն տեղում, էջ 254:

[81] Նույն տեղում, էջ 255-256:

[82] Նույն տեղում, էջ 255:

[83] Տես Հայ ժողովրդի պատմություն, Հ. IV, էջ 118:

[84]          Նույն տեղում:

[85]          Լեո, Հայոց պատմություն, Հ. Գ, Երեւան, 1946, էջ 272:

[86]          Դավրիժեցի, էջ 390-409:

[87]          Նույն տեղում, էջ 398:

[88]          Նույն տեղում, էջ 286:

[89]          Նույն տեղում, էջ 269:

[90]          Նույն տեղում, էջ 271:

[91]          Նույն տեղում, էջ 271-272:

[92]          Նույն տեղում, էջ 272:

[93]          Նույն տեղում:

[94]          Նույն տեղում, էջ 272-273:

[95]          Նույն տեղում, էջ 282-283:

[96]          Նույն տեղում, էջ 287:

[97]          Նույն տեղում, էջ 288:

[98]          Նույն տեղում, էջ 293:

[99]          Նույն տեղում, էջ 293:

[100]        Նույն տեղում, էջ 294:

[101]        Նույն տեղում, էջ 295:

[102]        Նույն տեղում:

[103]        ույն տեղում, էջ 312:

[104]        Նույն տեղում:

[105]        Նույն տեղում, էջ 325:

[106]        Նույն տեղում, էջ 409:

[107]        Նույն տեղում, էջ 410-413:

[108]        Նույն տեղում, էջ 406:

[109]        Նույն տեղում, էջ 288:

[110]        Նույն տեղում, էջ 289:

[111]        Նույն տեղում, էջ 289:

[112]        Նույն տեղում, էջ 290:

[113]        Նույն տեղում:

[114]        Նույն տեղում, էջ 180:

[115]        Նույն տեղում, էջ 7:

[116]        Նույն տեղում, էջ 6:

[117]        Նույն տեղում, էջ 8:

[118]        Նույն տեղում, էջ 9:

[119]        Նույն տեղում, էջ 7, 204-205:

[120]        Նույն տեղում, էջ 178:

[121]        Նույն տեղում, էջ 271:

[122]        Նույն տեղում, էջ 202:

[123]        Նույն տեղում, էջ 209:

[124]        Նույն տեղում, էջ 203-204:

[125]        Նույն տեղում, էջ 221-222:

[126]        Նույն տեղում, էջ 220:

[127]        Նույն տեղում, էջ 221:

[128]        Նույն տեղում, էջ 220:

[129]        Նույն տեղում, էջ 223:

[130]        Նույն տեղում, էջ 228:

[131]        Նույն տեղում, էջ 281:

[132] Տես Դարանաղցի, նշվ. աշխ., էջ 52; և Վանի Թեմի հոգևորականների` Մելիքսեթին ուղարկած հրահանգը, ուր նկարագրված են նրա արարքները, տես Գ. Վ. Սրուանձտեան, Թորոս Ազբար, Հ. Բ., Պոլիս, 1884, էջ 280-293:

[133]        Դավրիժեցի, էջ 335-336:

[134]        Նույն տեղում, էջ 244:

[135]        Նույն տեղում:

[136]        Նույն տեղում, էջ 244-245:

[137]        Նույն տեղում:

[138]        Նույն տեղում, էջ 382:

[139]        Տես Аракел Даврижеци, Книга историй, перевод с армянского, предисловие и комментарии Л. А. Ханларян, М., 1973, стр. 34, примеч. 12.

[140]        Դավրիժեցի, էջ 24-25:

[141]        Նույն տեղում, էջ 63-64:

[142]        Նույն տեղում, էջ 453-454:

[143]        Նույն տեղում, էջ 242:

[144]        Նույն տեղում, էջ 243:

[145]        Նույն տեղում, էջ 266-267:

[146]        Նույն տեղում, էջ 267:

[147]        Նույն տեղում, էջ 286-287:

[148]        Նույն տեղում, էջ 294-295:

[149]        Նույն տեղում, էջ 296:

[150]        Նույն տեղում, էջ 297:

[151]        Նույն տեղում, էջ 524:

[152]        Նույն տեղում, էջ 352:

[153]        Նույն տեղում:

[154]        Նույն տեղում, էջ 353:

[155]        Նույն տեղում, էջ 338-339:

[156]        Նույն տեղում, էջ 96:

[157]        Նույն տեղում, էջ 154:

[158]        Նույն տեղում, էջ 178:

[159]        Նույն տեղում, էջ 178-179:

[160]        Նույն տեղում, էջ 179-180:

[161]        Նույն տեղում, էջ 43:

[162]        Նույն տեղում, էջ 262-263, 323-324, 530, 539, 559…

[163]        Նույն տեղում, էջ 88, 148, 194-195, 214, 219-221, 426, 432-433:

[164]        Նույն տեղում, էջ 526-560, Լեոն գտնում է, որ դրանք ուրիշների գրածներն են տես նշվ. աշխ. Էջ 363:

[165]        Լեո, նշվ. աշխ., էջ 362-363:

[166]        Դավրիժեցին, էջ 561-562:

[167]        Նույն տեղում, էջ 595-596: (Լեոն կարծում է, որ այդ երկու գլուխները ուրիշներն են զետեղել Դավրիժեցու գրքում: Տես նշվ. աշխ. Էջ 363):

[168]        Նույն տեղում, էջ 619:

[169]        Նույն տեղում, էջ 417:

[170]        Նույն տեղում, էջ 420:

[171]        Նույն տեղում, էջ 436:

[172]        Տես Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ 2, Երևան, 1968, էջ 27, կազմեց Հ. Փափազյան:

[173]        Լ. Դանեղյան, Նշվ. աշխ., էջ 34-35:

[174]        Նույն տեղում, էջ 45:

[175]        Նույն տեղում, էջ 11:

[176]        Լեո, Նշվ. աշխ., էջ 362: