Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ

Ֆեոդալական հասարակարգին բնորոշ կենտրոնախույս ուժերի պայքարը, որը որպես կանոն ավարտվում էր եղբայրասպան անրյունահեղ մարտերով, իր անասելի չափերի հասնող բացասական հետեւանքներով հանդերձ, դարերի ընթացքում առաջ էր բերում եւ նոր երեւույթներ, որոնք իրենց նշանակությամբ, պատմական առումով, դրական դեր են կատարել հայ ժողովրդի շինարական ու մշակութային կյանքում։

Մրցակցող հակամարտ ուժերը ձգտում էին հիմնավորել իրենց տոհմերի հնամենիությունն ու գերադասությունը մյուսների նկատմամբ, անմահացնել իրենց եւ իրենց նախնիներին։ Այդ ձգտումը դրսեւորվում էր հիմնականում նշանավոր նախարարական տների տիրույթների սահմաններում եւ տեղական բնույթ էր կրում: Այդ նոր երեւույթի արգասիք հանդիսացան քաղաքների թագուհի Անին, Աղթամարն իր հիասքանչ կառույցներով եւ շատ ու շատ անկրկնելի կոթողներ: Այդ մրցակցության մեջ  X-XI դարերում Արծրունիները Մամիկոնյաններից ավելի առաջ գնացին: Իրենց տոհմի գերադասությունը ցույց տալու նպատակով նրանք ստեղծեցին իրենց պատմությունը՝ նախնիների ծննդաբանությունից սկսած մինչեւ իրենց ապրած օրերը: Պատահական չէ, որ միմյանցից ոչ շատ հեռու ժամանակահատվածներում հրապարակ են եկել Արծրունիների պատմությանը նվիրված պատմական երեք երկ [1], որոնցից պատմական առումով ամենարժեքավորը IX դարի երկրորդ հիսնամյակում եւ X դարի առաջին քառորդում ապրած Թովմա Արծրունու «Պատմությունն» է:

Այս պատմագրի մասին կեսագրական տվյալներ մեզ չեն հասել: Իր «Պատմությունից» իմանում ենք, որ Արծրունիների տոհմից է, հավանաբար ժամանակին մեծ դիրք ու պաշտոն ունեցող վարդապետ: Ապրել ու գործել է Վասպուրականում: ինչպես ինքն է վկայում, «Պատմությունը» գրել է IX դարի երկրորդ հիսնամյակում, Արծրունիների նախարարական տան գահերեց իշխան Գրիգորի (Դերենիկ) հրամանով: Գրիգորը ցանկացել է տեղծել իր տոհմի պատմությունը սկզբից մինչեւ իր ապրած օրերը [2]: Սակայն առաջին դպրության Զ գլխում էլ գրում է, թե գրել է «Գագիկ Զօրավար Հայոց եւ Վասպուրական իշխանի» հրամանով [3]: Կարելի է ենթադրել, որ հոր՝ Գրիգոր-Դերենիկի եւ ավագ եղբոր՝ Աշոտի մահից հետո ստանձնելով գահերեցությունը, Գագիկը մինչ Վասպուրականի թագավոր դառնալը (908 թ. ) նպատակ էր դրել իրականացած տեսնելու հոր նախաձեռնությունը, ուստի հրամայում է Թովմային շարունակել սկսած գործը: Ավելին, հավանաբար, չբավարարվելով Թովմայի գրածով, ինչպես կարծում է Մ. Աբեղյանը, ցանկանալով փառաբանել իր հորը, եղբայրներին եւ հատկապես իրեն, մի երկրորդ պատմիչի էլ գրել է տալիս իր ժամանակի պատմությունը: Այս երկրորդ երկի սիկզբը մեզ չի հասել, առաջին մասի վերջում տրված է հետեւյալ ծանոթությունը «կատարեցաւ կարգ ծննդաբանութեան երից որդւոց մեծանուն եւ քաջամարտիկ իշխանին Գրիգորի, յորում եւ գործք նորին ամենայաջողակք եւ զրաւ նորուն ի դաւելոյ ոմանց Հայաստանեայց եւ Պարսից եւ ողբք ի վերայ նորին» [4]: Որ Գագիկն է հանձնարարել երկրորդ պատմիչին պատմություն գրել, երեւում է հեղինակի վկայութունից: Նկարագրելով Գագիկ թագավորի շինարարական գործունեությունը, այս Անանուն պատմիչը դիմում է նրան ասելով. «… զոր եւս քեզ սիրելի քաջ, եւ քաջի արանց նախնական, որ եւ զպատմութիւնս յինէն պահանջեցեր, ոչ իբրու յայլոց համբաւուց տեղեկացեալ ընծայեալ արձանացուցանեմ քեզ ստայօդ բանից  պաճուճեալ առասպելս, այլ ականատես եւ ականջալուր, եւ իմով ձեռօք շօշափեալ՝պատմեմ քեզ հաւաստապէս զեղելոցն զարմանս» [5]:

Թովմա պատմագիրը, ի տարբերություն նախորդ պատմիչների, իր կարողություններից վեր չի համարում իրականացնելու Գրիգոր Արծրունու հրամանը՝ գրելու Արծրունիների տան պատմութունը: Նա Գրիգորին, որին «քաջդ բանասիրաց» է անվանում, ասում է. «…անյապաղ հնազանդութեամբ ըստ  հրամանի քո ձեռն ի գործ արկից, եւ ըստ կարի իմում անցից  համառօտիւք ընդ կարեւորագոյնսն, եւ որքան ինչ վայելուչքն են՝ եդից ի պատմութեան աստ, առ փոքր ինչ եւ դուզնաքեայ զմնացորդս յիշատակարանացն ի յառաջագոյն եւ ի հին պատմագրացն զմեր զբնիկ տերանց տոհմին  Արծրունեաց զիրն եւ զտեղին բացահայտեսցուք ի պատմութեան աստ, զի յայտ յանդիման երեւեսցին արիութիւնք առաքինութեաց ըստ անուանց եւ տեղեաց եւ ժամանակաց: Եւ խուզեցից զկարեւորագոյնսն խորհրդոց ի խաղացմունս բանիցս կարգադրութեանց, թէ ո՛վ ոք էին, եւ ե՛րբ, եւ յորմէ՛, եւ ո՛ւր, զիա՛րդ, եւ որքա՛ն, եւ որպիսի՛ք» [6]:

Իսկ Գագիկ Արծրունուն, որին եւս «քաջդ բանասիրաց» է անվանում, ասում է. «…ջան յանձին տարեալ ընդ համառօտութիւն զրուցատրութեանցն անցեալ, յառաջ խաղացուցից զբանսն, արագաքայլ արշաւանօք անցեալ գնացից ընդ շարագրածս անցնիւր պատմագրաց, զազգաբանութիւնն միայն ոճով դրոշմեցից ի շարի աստ, մինչեւ եկից հասից ի լայնանիստ ընդարձակ ասպարէզս մատենից պատմութեանցս՝ ոճով մի ըստ միոջէ շարեցից, կարգեցից զախորժելին քեզ» [7]:

Այնուհետեւ խոսելով Խերենացու գրած «Պատմության» մասին. դիմում է նույն Գագիկին. «Ուստի եւ մեք ըստ կարի մերում անցեալ գտաք զհամառօտութիւն զրուցատրութեանս, զոր շարագրեալ յայտարարութեամբ յանդիման կացուցաք քեզ, քաջդ բանասիրաց, Գագիկ Վասպուրական եւ մեծ զօրավար Հայոց, իսկ որպէս գրեալ հաստատեալ կայ հաւատարմապէս վարդապետացս քաջաբան եւ լի իմաստութեամբ շարագրածք հրաշափառագոյն» եւ անմիջապես ավելացնում է. «Ապա փոյթ ինձ Թովմայի, որ ոչ վերջոտնեալ կալայ ամօթով զյետին տեղին, այլ փոխանակ սոցա մատեայ ի տեղիս յայս, ձեռն արկեալ անիմաստաբար լի անհմտութեամբ եւ անհանճարութեամբ բուռն հարկանելով զմեծ զայս քերթածութենէ: Բայց հրաման քո ճոխութեանդ ձգեաց զիս յայս մեծ ձեռնարկութիւնս, սակս որոյ բացաձգեցայց արտաքոյ շաղակրատոյ լեզուաց փառամոլ ոգոց» [8]:

Պատմիչը իր ստանձնած գործը «մեծ քերթածութիւն», «մեծ ձեռնարկութիւն» է համարում: Միանգամայն ճիշտ է նկատում Մ. Աբեղյանը, որ Թովման հարկ եղած դեպքում չի զլանում տալու իր հմտությունն աստվածաբանական խնդիրների մեջ եւ արտահայտելու իր հայացքներն ու կարծիքները: Երեւում է, որ ժամանակի գիտակ ու հետաքրքիր մարդկանցից է եւ լրջությամբ է վերաբերվում իր գործին: Հաճախ հիշատակում է թվականներ [9]: Թովման զգացել է իր ձեռնարկած գործի դժվարությունը [10]:

Հին պատմության շարադրման համար Թովման օգտագործել է, ինչպես ինքն է ասում, բազմաթիվ հայ եւ օտար աղբյուրներ, որոնցից սակայն շատերի  անունները չի տալիս: Թվարկված աղբյուրների մի մասը հայտնի են, մի մասը անծանոթ: Թովման հայտնում է, որ իբր V դարում ոմն Վահան Արծրունու հրամանով  Մամբրե վերծանողը, նրա եղբայր Մովսեսը, Թեոդորոս Քերթողը, որոնք Ղեւոնդի աշակերտներն են  եղել «փոյթ յանձին կալեալ՝ խուզել քննել կարգել ի համառօտ բանս զաճմունս ազգացն անցելոց՝ ոչ կարի ինչ ընդ երկայնագոյնս աշխատասիրաբար անցանել պատմութիւնս» [11]: Ինքը Արծրունիների ազգաբանությունը ցույց տալու համար նրանց գրած զրույցները համառոտել է ու շարադրել: Նշում է նաեւ, որ Ավարայրի ճակատամարտի մասին վերցրել է Աբրահամ Խոստովանողի գրածից: Սակայն Թովմայի վկայակոչած այդ անձնավորությունները, իբրեւ պատմագիրներ, անծանոթ են հայ պատմագրությանը: Հին պատմության համար Թովման առատորեն օգտվել է նաեւ Ս. Գրքից, Խորենացուց, Բուզանդից, Եղիշեից, Սեբեոսից, Ղեւոնդից: Զրադաշտի մասին խոսելիս աշխարագրական մի վայրի կապակցությամբ նշում է, որ ինքը այդ մասին գիտե «յաշխարհագրութեանց անտի Պտղոմեայ» [12]: Առանձին հարցերի մասին խոսելիս հաճախ նշում է, թե պատմագիրները ասում են, գրում են, պատմում են, «ոմանք ի պատմագրաց ասեն» [13], «պատմէ մեծ քերթողն Մովսէս» [14], «որպէս ցուցանեն մեզ առաջինքն ի պատմագրացն» [15], «որպէս բացայայտեն գիրք պատմագրացն» [16] ։  Նախճավանի Սահակ եպիսկոպոսի եղբոր՝ Ապուսահակի մարտիրոսանալու կապակցությամբ գրում է «Պատմեաց զայս մեզ մեծ քահանայն Սամուէլ յաւանին Արտամետ. նորա լուեալ էր ի պարսկէ ումեմնէ, ի ձորոյն Շատուանոյ, որ էր ընդ դահիճսն» [17] ։

Պատմագիրը հաճախ նշում է նաեւ, որ իրեն այս կամ այն բանը հայտնի չէ, կամ կարեւոր չի համարում գրել։ Սասանյանների տիրապետության հաստատման կապակցությամբ գրում է. «Աստանօր ոչ է ինձ յայտ թե զի՞նչ կամ ո՞րպես դիպեցաւ լինել տոհմին Արծունեաց» [18] ։ Խոսելով հայոց Խոսրով թագավորի մասին ասում է. «…բայց զտոհմէն Արծրունեաց ոչ ինչ այլ իմանալ կարացաք,թէ զինչ գործ գործեալ նոցա» [19] ։

Նշելով,որ նախարարները Դերենիկին զեկուցում են Աշոտ Կյուրապաղատի մասին,ավելացնում է. «…եթէ ստութեամբ եւ եթէ ճշմարտութեամբ՝ մեզ չէ յայտ» [20] ։ Հայր Մարդպետը Արշակին ասում է Աշտիշատը հարքունիս գրավելու մասին. Թովման այդ ասելուց հետո ավելացնում է. «Բայց այս ոչ իմացեալ եմ,թէ արդէօք թագաւորն դրդուեցաւ ի հրապոյրս նորա թէ ոչ»։ Եւ զոր ոչ հաւտարմանայ մէզ՝ եւ ոչ գրել կարեւոր համարեցայ» [21] ։

Պատմագիրը մի քանի անգամ համոզում է Գագիկին,որ ինքը ճշմարիտն է պատմելու. «…առանց երկբայութեան հաւատասցես,իբրեւ ճշմարիտ եւ անսուտ պատմողի» [22] ։ Այս վկայակոչումներից պետք է ենթադրել,թե նա գրել է միայն ճշմարտությունը։ Սակայն ըստ էության ոչ բոլոր դեպքերում է,որ նա հավատարիմ է մնացել իր այդ խոստմանը։

Հետեւելով Խորենացուն,Թովման առանձին դեպքերում քննադատական մոտեցում է ցուցաբերում իր աղբյուրների եւ լսածների նկատմամբ։ Խոսելով տապանի շինության մասին, նկատում է. «Իսկ ոմանք ասեն ի Ղաւոդիկեայ Փռիւգացւոց շինեալ տապանին, որ յերից մասանց երկրի՝ Ասիական կոչի կողմ. եւ յոյժ անհաւաստի են ասացեալքն, քանզի սուրբ նահապետացն տասանց բնաւ ոչ երբէք ումեք երեւի ասել ի մէջերկրայս ունել բնակութիւն» [23] ։ Մի այլ կապակցությամբ գրում է. «Իսկ ոմաք ի պատմագրաց ասեն, թէ (տապանը նստել են-Լ. Բ. ) եւ դուստր Նոյի եւ ճարտարապետ նաւին կնաւ եւ որդւովք եւ կարեւոր բարեկամօք. որ եւ ինձ հաւանականք այսոքիկ թուին» [24] ։

Նշելով, որ Վաղարշակը Սանասարյանց Կյուրոսին բնակեցնում է Հայաստանում եւ նրան անվանոմ է Արծրունի, Թովման գրում է. «Բայց ոչ գիտեմ,թէ յանուն աշխարհի՞ն թէ ըստ կերպարանին անուանեաց զնոսա Արծրունիս» [25] ։ Այդ կապակցությամբ երեք հավանական ենթադրություն է անում, առաջին՝ Կյուրոսը բնակություն է հաստատում Արծուիք կոչվող դաշտավայրում,երկրորդ՝ Արծրունիների նախնիները՝ Ադրամելիքը եւ Սանասարը,բնակվել են Արզնում,այստեղից էլ Արզրունիք,եւ երրորդ՝ պատերազմներում նրանց արծվաբար,քաջասրտապես կռվելու համար «յարծուիս առակեցին»։ Այնուհետեւ ավելացնում է. «Բայց թէպէտ եւ երկոքին պատճառք անուանակոչութեանցն պատկանաբար վարկանելի է՝ որպես իմաստասիրացն հաճոյ թուի,այլ ինձ զառաջինն ախորժելի զհաւատարմութիւնն ի մէջ առնուլ» [26] ։

Մ. Աբեղյանը նկատում է,որ իբրեւ Արծրունիների տոհմի պատմիչ,Թովման հաճախ է գովաբանում Արծրունի իշխաններին,բայց իբրեւ եկեղեցական՝ պարսավում է նրանց ուրացությունը,չար գործերը եւ վատ վարքը։ Երբեմն էլ լռությամբ անցնում է այնպիսի դեպքերը, որոնք պատվաբեր չէին լինի իր տոհմի համար։ Այսպես,ըստ Դրասխանակերտցու,Թուխ գետի մոտ Սմբատ թագավորի պարտության պատճառը Արծրունի Ապումրվան իշխանի դավաճանությունն է եղել,սակայն Թովման այդ մասին ոչինչ չի ասում,բայց գրում է,թե երբ Սմբատ թագավորին հայտնում են Ապումրվանի սպանության մասին,նա ասում է. «Արժանապէս այն գործ նոյն գործեցաւ» [27] եւ այլն։

* * *

Հայաստանի հին եւ միջին դարերի քաղաքական կյանքում բախտորոշ դեր խաղացած նախարարական տներից էր եւ Արծրունիների տոհմը։ Այդ տոհմի ծագման մասին տեղեկությունները Թովման նախ եւ առաջ քաղել է Մովսես Խորենացու երկից։

Մ. Աբեղյանը նկատում է,որ Թովման, հետեւելով Խորենացուն,Արծրունի տոհմի համար հնագույն ժամանակներում դնում է անունների շարք եւ արարքներ,որոնք ոչ մի նշանակություն չունեն [28] ,այլ խոսքով մտացածին են։ Իր տոհմի ներկայացուցիչներին մեծարելու նպատակով,նա նրանց մասնակից է դարձնում պատմական նշանավոր իրադարձությունների,որոնց մասին այդ իրադրաձություններին ժամանակակից կամ ժամանակով մոտ կանգնած պատմագիրները ոչ մի ակնարկ անգամ չունեն։ Այսպես. Արծրունիներին սերված համարելով Ասորեստանի Սենեքերիմ թագավորի Ադրամելեք եւ Սանասար որդիներից դեպ, Սենեքերիմին նա համարում է. «ազգապետ տանս Արծրունի») [29], սրանց մասնակից է դարձնում Մերձավոր արեւելքում տեղի ունեցած խոշոր ռազմաքաղաքական իրադարձություններին՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներից։

Ըստ Թովմայի,Արծրունիները ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման գործին։ Խորենացու մտացածին հայոց Աբգար թագավորի ժամանակակից է համարում Թովման «Մեծ իշխանն Արծրունեաց Խուրան»,որը իբր Աբգարի հետ մկրտվել է Թադեոս առաքյալի կողմից [30] ։

Գրում է,թե Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատին եւ հայ մեծամեծ նախարարներին մկրտելու ժամանակ նրանց հետ մկրտվել է նաեւ Տիրոց անունով Արծրունի իշխանը եւ նա հայոց մեծ նախարարների հետ Գրիգորին ուղեկցել է Կեսարիա։ Բայց որտեղից է Տիրոց անունը։ Չէ՞ որ Ագաթանգեղոսը նշելով հայ 16 նախարարներին,որոնք Լուսավորչին պետք է ուղեկցեին մինչեւ Կեսարիա,վերջին 16-րդ տեղում դրել էր միայն «Իշխանն Արծրունեայ» [31] ,առանց անվան։ Թովման,ինչպես ճիշտ նկատում է Ստ. Մալխասյանցը,չէր կարող տանել յուր տոհմի այս անարգությունը,ուստի հնարում է Տիրոցի խոնարհ բնավորությունը,իբրեւ թե ինքը՝ Տիրոցն է խնդրած եղել Ագաթանգեղոսից,որպեսզի նա իր անունը նախարարների ցանկի վերջին տեղում նշանակի [32] ։

Տոհմիկ պատմագիրը թագավորական ծագում վերագրելով Արծրունիներին եւ դրանից իսկ ելնելով,ձգտում է V դարում ապրած ոմն Վահան Արծրունու ներկայացնել թագավորական տիտղոսով։ Նա գրում է,թե իբր Ավարայրից առաջ Դվինում հայ նախարարները խորհել էին վերականգնել հայոց թագավորությունը եւ այդ Վահան Արծրունուն նստեցնել հայոց գահին,«Բայց յետոյ անմիաբան գտեալք… թողին զոր խորհեցանն վասն թագաւորելոյ Վահանայ, եւ անցին գնացին առ մեծն Վարդան» [33] ։

Ավելին,Թովման Վահան Արծրունուն դնում է Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի կողքին,«…մեռանին ի միասին քաջքն եւ ընտիրքն,մեծ նահատակք Վարդան եւ Վահան» [34] ։

Եվ քանի որ Ավարայրի պատմիչի մոտ Թովմայի հերոսի մասին ոչինչ չի ասված,ուստի նա վկայակոչում է Աբրահամ Խոստովանողին։ Եղիշեն եւ Փարպեցին Վարդանի քաջ զորավարների թվում նշում են Ներշապուհ Արծրունուն,որին եւ Վարդանը Ավարայրի ճակատամարտում նշանակել էր առաջին զորամասի հրամանատար։

Ղազար Փարպեցին իր ուսուցիչ Աղան Արծրունու կապակցությամբ Արծրունիների տոհմը «հոյակապ եւ ականավոր» է համարում,սակայն Թովմայի Վահանին չի հիշում։

Թովման գրում է,որ իբր Եղիշեն Վարդան Մամիկոնյանի հրամանով գրած է եղել «զպատմողական գիրսն Հայոց»,հետո պարսից Պերոզ թագավորի կողմից հովանավորվող մի նեստորական Բարսումա անունով (նրա մոտ Բարծումա) եկել է Մոկաց աշխարհը սերմանելու նեստորական աղանդը։ Այդ ժամանակ Մոկաց աշխարհում էր գտնվում Եղիշեն,Բարսուման նրանից խնդրում է այդ գրվածքը եւ ստանում է այն։ Արծրունյաց մեծ իշխան Մերշապուհը (հավանաբար Եղիշեի եւ Փարպեցու մոտ հիշված Մերշապուհը) իմանալով Մոկաց աշխարհում Բարսումայի ծավալած գործունեության մասին,նրանից պահանջում է հեռանալ երկիրից եւ «Նորա զչարեալ ընդ հասանել պատգամին՝ առ զայրուցս բարկութեան քինահանութիւն վրէժխնդրութեան արարեալ՝ ի բաց եհան ի գրոցն պատմութենէ՝ որ ինչ վասն տանն Արծրունեաց էր գործոց հանգամանք,եւ որ ինչ օրինակ մարտիրոսութեան Վահանայ Արծրունոյ… Իսկ ի դառնալ գրոցն ի յաշխարհն Մոկաց՝ ոչ ինչ ումեք փոյթ վասն այն լինելով,կարծել՝ վարդապետին զայս այսպէս կանոնեալ» [35] ։

V դարի հայ պատմագիրներից Խորենացին էլ ճանաչում է ոմն Բարսումայի,սակայն նրա որեւէ աղանդի պատկանելու եւ այդ ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին ոչինչ չգիտե։ Խորենացին գրում է,որ Շապուհ թագավորի դպիրը՝  Խոռոհբուտը,թարգմանել է հին թագավորների պատմությունը պարունակող մի մատյան,որ գրել է Խոռոհբուտի հետ գերի ընկած մի ոմն Բարսումա եւ ինքը օգտվել է այդ մատյանից. «…որտեղից առնելով մենք այս գրքում կրկնում ենք,դեն գցելով նրանց առասպելների բարբաջանքը» [36] ։

Եղիշեն վերոհիշյալ գրվածքի մասին ոչինյ չի գրում,նշում է,որ Վարդանանց պատերազմի մասին գրել է ոմն Մամիկոնյան Դավիթ երեցի խնդրանքով։ Եղիշեի ժամանակակից եւ հետագա պատմագիրներն էլ այդ գրվածքի մասին գաղափար չունեն։ Ինքը Թովման էլ չի նշում Վահանի մասին իր շարադրածի աղբյուրը։  Հետեւապես պետք է ենթադրել, որ նրա այս հերոսն էլ մտացածին է։

Ավարայրը խոշոր իրադարձություն է հայ ժողովրդի կյանքում,եւ Արծրունիների պատմության ստեղծողը եւ նրանց ջատագովը չէր կարող չհորինել մի Վահան Արծրունի եւ չդնել այդ մաքառման ու մարտիրոսության իսկական հերոսի կողքին։

Եղիշեի եւ Փարփեցու իրական Ներշապուհ Արծրունուն Թովման չէր կարող թագավորեցնել, քանի որ նա հանհրահայտ դեմք էր եւ ժամանանակակից պատմագիրները ցույց էին տվել նրա տեղն ու դերը Ավարայրի ճակատամարտում։ Թովմային անհրաժեշտ էր ստեղծել մի հերոս,որին հայ նախարարները գերադասեին բոլորից,անգամ Վարդան Մամիկոնյանից եւ վերականգնված հայկական թագավորության գահը փորձեին հանձնել նրան։ Թովմայի այդ նպատակը իր ապրած դարի ոգով եւ իր տոհմի շահերով էր թելադրված,ըստ նրա,Սենեքերիմյան զարմերը պետք է թագավորեն Հայաստանում։ Եթե Թովման առաջին երկու Բագրատունի գահակալների օրոք բացահայտ չի դրսեւորում այդ միտքը,սակայն նրանց հաղթանակները պայմանավորում է Արծրունի իշխանների օգնությամբ։ Ուղղակի գրում է,թե արաբ մեծամեծները խալիֆին ասում են. «…նախ ձեռս արկցէ  յԱշոտ եւ ի տուն նորա (խոսքը Աշոտ Արծրունու մասին է-Լ. Բ. ) եւ ի Բագարատ եւ ի տուն նորա, զի ասեն, թէ նոքա ի միջոց բառնայցեն՝ ոչ ոք կարասցէ կալ ի կայի իւրում ունել զդէմ մեր» [37] ։ Ապա Արծրունիների տան Անանուն պատմիչը հպարտությամբ գրում է, թե Յուսուֆը՝ Ատրպատականի կառավարիչը, որին նա ներկայացնում է իբրեւ «Պարսից արքա», «թագաւորեցուցանէ զնա (Գագիկին-Լ. Բ. ) ի վերայ ամենայն Հայոց… Եւ այսպիսի փառաւորութեամբ հաստատեալ տայ ի ձեռս նորա զբոլոր Հայաստան աշխարհս հանդերձ մեծամեծ քաղաքօք եւ ամենայն վայելչութեամբք» [38] ։

* * *

Թովմա Արծրունու «Պատմության» մեզ հասած բնագիրը բաժանվում է երեք դպրությունների, սակայն պարունակած նյութով այն բաժանվում է երկու մասի՝ հին պատմություն, որ Ադամից սկսած գալիս է մինչեւ Բուղայի աշխավանքը (850 թ. ),եւ նոր պատմություն՝ 850 թ. -ից հետո ընկած ժամանակահատվածը,մինչեւ X դարի 10-ական թվականները։

«Պատմության» առաջին մասը,ուր պատմիչը,կատարելով պատվիրատուի ցանկությունը, ինչպես ինքն է գրում «ախորժակի փափագելիք զքեզ»,շատ հերյուրած բաներ է մտցրել եւ այն առանձին արժեք չի ներկայացնում [39] ։

Մ. Աբեղյանը,սակայն,նկատում է,որ ինչքան էլ շատ բան Թովմայի սնափառության հետեւանքով ստեղծված լինի,այնուամենայնիվ բոլորը նրան վերագրել չի կարելի. դրանց մի մասը տոհմի տան մեջ ժամանակի ընթացքում հետզհետե կազմված զրույցներ են,որոնք կարող են նույնիսկ պատմական հիմքի վրա հորինված լինել։

Մ. Աբեղյանը նշում է նաեւ որ Թովմայի երկում կան եւ ժողովրդական զրույցներ,ինչպես օրինակ Լեզուոյ գյուղի հետ կապված զրույցը,որով Արա Գեղեցիկը կենդանանում է [40] ։

«Պատմության» երկրորդ մասը Թովման գրել է իբրեւ ժամանակակից ու ականատես,«Բայց մեզ կայ առաջի ասել, - գրում է նա, - վասն Ջափրայ եւ չար գործոց նորա,անգիրս մնացեալ յայլոց,զոր կատարեաց ի վերայ աշխարհի Հայոց երկայնագոյն ժամանակաւ,եւ անըմբերելի նեղութեամբ ի մերս հանդիպեալ աւուրս,որ էր Հայոց  Յ(851) թուական» [41] ։

Խութեցիների կողմից հարկահան Յուսուֆին եկեղեցու գմբեթում սպանելու կապակցությամբ էլ գրում է. «Եւ ես աչօք իմովք տեսի զայրն զայն,որ հարեալն էր զնա,եւ ի նմանէ ստուգեցի վասն նորա» [42] ։

Այդ մասի պատմությունը  սկսվում է Բ դպրության Ե գլխից։ Այնտեղ նա մանրամասն նկարագրում է արաբների դեմ Տարոնում բռնկված ապստամբությունը, սասունցիների հաղթանակը, Բուղայի արշավանքի պատճառած արհավիրքները, նախարարների գերեվարումը։ Այնուհետեւ պատմում է նախարարների գերությունից ազատվելու եւ հայրենիք վերադառնալու մասին։

Լինելով տոհմիկ պատմիչ, բնականաբար, նա իր ուշադրությունը կենտրոնացնում է Արծրունիների պատմության վրա, հատկապես մանրամասն պատմուոմ է Աշոտ ու նրա որդի Գրիգոր-Դերենիկ իշխանների, վերջինիս որդիներ Աշոտի, Գագիկի եւ Գուրգենի մղած կռիվների եւ շինարարական գործունեության մասին։

* * *

Պատմագիր Թովմա Արծրունու ապրած օրերում քաղաքական ամենահուզող հարցերն էին արաբական լծի թոթափումը, ձեռք բերած ազատության ամրապնդման համար մղվող պայքարը, Ատրպատականի արաբ կուսակալների՝ Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների  կանխումը, քաղաքական կողմնորոշման  համար չափազանց սուր բնույթ ստացած կենտրոնաձիգ ու կենտրոնախույս ուժերի պայքարը, ֆեոդալական ներքին հակամարտությունների խիստ ուժեղացումը, որոնք ավարտվում էին եղբայրասպան, արյունահեղ մարտերով, սոցիալ-դասակարգային ակտիվացող շարժումները եւ դավանաբանական պայքարը: Հասկանալի է, որ նման բարդ իրադրությունների  պայմաններում քաղաքական կողմնորոշման հարցը էլ ավելի վճռական ու բախտորոշ նշանակություն է ստանում ու պայմանավորում իրադարձությունների ընթացքը:

Թովման Արշակունիների ժամանակաշրջանի մասին գրելիս կարծեք հակված է դեպի Բյուզանդական կայսրությունը: Ասում է՝ Հայաստանի բաժանումից հետո, Արշակ թագավորը եւ մի քանի նախարարներ գնացին Միջագետքի կողմերը «…լաւ համարեալ ընդ ձեռամբ քրիստոնեայ թագաւորի հնազանդել, քան Պարսկականն հնազանդել տէրութեանն»: Հակառակ դրան, մի խումբ ավագ նախարարներ գնում են Պարսկաստան  «հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ  բարբարիկոն ազգին Սասանականին» եւ դա ըստ Թովմայի «կորստեան պատճառք գտաւ աշխարհիս Հայոց» [43]:

Նա դատապարտում է հայ  այն նախարարներին, որոնք պատճառ դարձան Արշակունիների թագավորության անկման: Սակայն, եթե այդ նախարարները գնային բյուզանդական կայսրի մոտ, նա չէր մեղադրի «իսկ որք գնացին առ Վռամ, եւ ոչ առ Թէոդոս բարեպաշտ եւ զուգափառ քրիստոնեայ թագաւոր, զեղխեցան ամբարշտաբար առանց խորհրդոց» [44]:

Իր ապրած օրերի մասին գրելիս, եթե մինչեւ Աշոտ, Գագիկ եւ Գուրգեն Արծրունի եղբայրները, նա Վասպուրականի ազատությունն ու անկախությունը չի պայմանավորում դրսի որեւէ ուժի հետ, եւ դատապարտում է բոլոր նրանց, ովքեր դավաճանում էին հայերի միաբանությանը  եւ աջակցում թշնամուն, ապա Բագրատունիների հզորացման պայմաններում Աշոտ Արծրունու՝ Ափշինին հպատակվելը տոհմիկ պատմիչը չի դատապարտում, այլ սառնասրտությամբ, առանց իր վերաբերմունքը ցույց տալու արձանագրում է:

Թովման Հայաստանում արաբական տիրապետության շրջանի մասին գրել է Բուղայի արշավանքից սկսած, շատ համառոտ տալիս է Մահմեդի եւ նրա հաջորդների պատմությունը, Սասանյանների թագավորության վերացումը, ապա թվարկելով ըստ հաջորդականության, խալիֆներին ու նրանց իշխած տարիները, ավելացնում է «Եւ զրոյցք ժամանակաց սոցա յայլոց գրեալ յառաջագոյն, աւելորդ համարեցաք երկրորդել» [45]: Նշում է, որ ինքը գրելու է Ջափր (Մութավաքիլ ) խալիֆի եւ Հայաստանի նկատմամբ կատարած նրա չար գործերի մասին:

Պատմագիրը ճիշտ է հասկացել ու վերարտադրել Հայաստանի  իրադրությունը IX դարի երկրորդ կեսում եւ Բագրատունիների ու Արծրունիների խաղացած դերը արաբական լուծը թոթափելու համար ծավալված պայքարում, գերադասությունը, սակայն, տալով Արծրունիներին ու ռազմաքաղաքական   իրադարձությունների հիմնական թատերաբեմը դարձնելով Վասպուրականը: Աբուսեթ հարկահանը մեծ  զորքով  գալիս է ասպատակելու Հայաստանը եւ պատժելու Աշոտ Արծրունի եւ Բագրատ Բագրատունի իշխաններին: «…պատիր խաբէութեամբ կարասցեն բառնալ զնոսա յիւրաքանչիւր տէրութէնէ»: Սակայն հասնելով Տարոնի սահմաններին եւ իմանալով «…անլոյծ միաբանութիւն ուխտի ընդ միմեանս Աշոտոյ եւ Բագարատայ՝ ոչ ինչ  յայտնեաց զխորհուրդս չարութեանն, զոր խորհեալ էին ի վերայ նոցա. բայց միայն զհարկաց եւ զայլ հոգաբարձութենէ ծանուցանէ զպատճառ գալստեանն. եւ նոքա տան տանել նմա զհարկս եւ հասս արքունի եւ դարձութանեն զնա ընդ նոյն ուստի եկն» [46]:

Աբուսեթը վերադառնալով, խալիֆին հայտնում է թե «…զիարդ են առ միմեանս միաբանութեամբ, իշխանք Հայոց: Եւ զչարեալ ընդ խափանումն խորհրդոցն իւրոց՝ ամբաստան յոյժ լինէր Աշոտոյ» [47]: Իսկ այդ Աշոտ Արծրունին «հոյակապ եւ անուանի եղեալ քան որ յառաջագոյն քան զնա էին կացեալ իշխանք ընդհանուր Հայաստանեայցս, որ յարեւելս եւ ի կողմանս հիւսիսոյ, մանաւանդ որ ի Վասպուրական աշխարհիս էին կացեալ նախարարք յիշխանական պետութիւնս» [48]:

Աբուսեթի ձախողումից հետո, խալիֆը Մուսե անունով մի նոր հարկահանի մեծաքանակ զորքով ուղարկում է Հայաստան, որը նույնպես Աշոտ Արծրունուց չարաչար պարտություն է կրում: Խալիֆը գազազում է, պալատականները նրան խորհուրդ են տալիս «…զիշխանս աշխարհին Հայոց ի բաց բարձցէ յիւրաքանչիւր տէրութենէ, զի մեր լիցի ժառանգութիւն նոցա, եւ նախ ձեռս արկցէ յԱշոտ եւ ի տուն նորա եւ ի Բագարատ եւ ի տուն նորա, զի ասեն, թէ նոքա ի միջոյ բառնայցեն՝ ոչ ոք կարասցէ կալ ի կայի իւրում ունել զդէմ մեր» [49]:

Թովմա պատմագիրը եւ նրա Արծրունի գործիչները արաբ նվաճողների նկատմամբ վարել են  նույն քաղաքականությունը, ինչ պատմիչ Ղեւոնդի Բագրատունի գործիչները՝ խնայել սեփական ուժերը, չապստամբել բռնակալների դեմ, քանի որ նրանք դեռ հզոր են, կատարել իրենց պարտականությունները նրանց նկատմամբ:

Աշոտ Արծրունին Մուսե հարկահանին գրում է. «Ելեր դու յաշխարհս Հայոց հրամանաւ արքունի՝ առնուլ զհարկս արքունի. մի՞թէ եւ  հրաման ունիս յարքունուստ, գերել գերփել յաւեր դարձուցանել զաշխարհս մեր: Բայց մեք քանզի ոչ երբէք ստունգանեցաք հրամանի թագաւորին եւ ոչ խափանիչ գտաք հարկաց արքունի, իբրեւ զապստամբս եւ զանհնազանդս եւ զստահակս ի ծառայութենէ տէրանց՝ արդ դու յարուցեալ գնասցես ի մի քաղաքացդ Հայոց, որպէս օրէն է աշխարհակալաց, եւ մէք տացուք քեզ զհասս հարկացն եւ հաճեսցուք զմիտս քո, եւ մի յանխնայ ասպատակելով յաւեր դարձուցանես զերկիր իմ» [50]:

Մուսեի պարտությունից հետո, խալիֆը նոր, ավելի մեծ բանակ է ուղարկում Յուսուֆի (ըստ Թովմայի Յովսեփի) հրամանատարությամբ: Աշոտ Արծրունին նրան էլ է նամակ գրում. թէ աշխարհակալ թագավորների օրենքն է մեծ հոգատարությամբ խնամ տանել աշխարհի շենության եւ բռնության ծանր լուծը թեթեւացնելու համար, քանի որ երկրի շենությունը եւ խաղաղությունը կապահովեն արքունի հարկերի կանոնավոր գանձումը եւ ինքը ցանկանում է, որ Յուսուֆն էլ այդպես անի, որից հետո իրենք հավատարիմ կծառայեն ու  կկատարեն նրա հրամանները [51]:

Նման քաղաքականություն ու գործունեություն վարող իշխանները, ըստ մեր պատմագրի ստանում էին  «ճոխագոյն հոյակապ անուն ի մէջ Հայաստանեայց»: Այդպիսիք էին Դերենիկ եւ Գագիկ Արծրունիները, Աշոտի որդիները: Նրանք նեկայանում են Հիսե ոստիկանին «խօսեցան բանս խաղաղութեան, ետուն պատանդս յանձնառութեամբ հարկացն արքունի, եւ դարձուցին… ոչ թողացուցին նմա ելանել ընդ աշխարհն Վասպուրական… եւ այլ ոչ եւս այնուհետեւ համարձակ յանձն առնոյր մտանել ընդ աշխարհս Վասպուրական» [52]:

Ի տարբերություն, սակայն, Ղեւոնդի Բագրատունիների, Թովմայի Արծրունիներն իրենց արժանապատվությունը ոտնահարող, իրենց խոսքը արհամարհող արաբ զորավարներից դաժանորեն վրեժ են լուծում: Աշոտի նամակ-հրովարտակներին չպատասխանող Օվայի բանակը Աշոտը գլխովին ջախջախում է, իսկ Օվան հազիվ «սակաւ ոմամբք գնաց փախստական» [53]:

Ժամանակները փոխվել էին, ուժերի հարաբերակցության մեջ լուրջ տեղաշարժեր էին տեղի ունեցել եւ դա իր արտահայտությունն է գտել Թովմայի «Պատմության» մեջ: Արծրունի գործիչների նամակ-հրովարտակներում՝ ուղղված արաբ զորավարներին, իրենց պարտականությունները նրանց նկատմամբ կատարելու խոստման հետ արդեն զգացվում է նաեւ մարտական շունչ, դրանք սովորական աղերսներ չէին, այլ մի տեսակ նախազգուշացում «մի սպառ սպուռ տապալիցի զօրութիւն շինուածոյ աշխարհի», «մի յանխնայ ասպատակելով յաւերդարձուցանես զերկիր իմ»:

Թովմայի մեկ այլ գործիչը՝ հարավային Արցախի իշխան Ապումուսեն նամակով Բուղայից պահանջում է հեռանալ իր տիրույթներից խաղաղությամբ, հակառակ դեպքում «պատերազմ եւ կռիւ եւ ճակատամարտ, եւ դու նպատակ՝ եւ աղեղն իմ խոցոտիչ, դու ախոյան՝ եւ մանկունք իմ յաղթանակ, դու ոսոխ՝ եւ զօրք իմ  դատապարտիչք, քո պատերազմ՝ եւ մեր յաղթութիւն» [54]: Նամակի շարունակության մեջ նույն ոգով սպառնում է ջնջել նրա բանակները: Դրանից հետո Ապումուսեն քաջությամբ ետ է տալիս Բուղայի 28 հարձակումները եւ ընկրկում միայն նրա խարդավանքով:

Պատահական չէ, որ  Թովման գրում է թե արքունիք գերի տարված հայ իշխաններին խալիֆը ասել է «…տեսանեմք զձեզ անձնեայս եւ  գեղեցիկս …եւ որդիք թագաւորացն այսր աշխարհի լեալ էք դուք, եւ արժանի էք արգահատելոյ, եւ արք զօրութեան էք դուք, եւ ի դիմաց ձերոց երեւի, զի զօրութիւն բազում գոյ ի ձեզ, զի այդչափ վնասս գործեալ է ձեր առ իս» [55]: Հայ իշխաններից շատերն առերես կատարում են խալիֆի պահանջը՝ դավանափոխ են լինում, եւ կենդանի մնում: Եկեղեցու գաղափարախոս Թովման, որ ռազմաքաղաքական խոշոր իրադարձությունների հիմքում դնում է դավանանքի խնդիրը, ուրացությամբ է պայմանավորում նրանց կենդանի մնալը եւ ոչ «զօրութիւն բազումով» եւ  նա այդպես է վարվում, որպեսզի հետո ցույց տա ուրացության ծանր հետեւանքները հայ իշխանների վարք ու բարքում, որը հանգեցնում է այն բանին, որ նրանք «սիրեցին զփառս մարդկան առաւել քան զփառս Աստուծոյ» [56]:

«Զօրութիւն բազումը» գերեվարված բոլոր հայ իշխաններին է վերաբերում, սակայն այդ մեր պատմագրին չի բավարարում, անհրաժեշտ էր ցույց տալ, որ այդ զորությունը Արծրունիներն էին ներկայացնում եւ նա այդպես էլ անում է: Բանից պարզվում է, որ այդ նույն խալիֆը դրանից առաջ իր մոտ էր հավաքել նվաճված երկրների բոլոր մեծամեծերին իրենց զորքերով եւ դիմելով նրանց ասել էր. «… ի սկզբան թագաւորութեան նախնեաց մերոց, յորժամ ետ Աստուած զաթոռ բազում թագաւորաց ի ձեռս նոցա, եւ մինչ առ մեզ հասեալ՝ ոչ ոք զօրեաց կալ ընդդեմ մեր, ոչ ի հեռաւոր աշխարհաց եւ ոչ ի մերձաւորաց: Եւ ոչ ոք այսքան աղէտս տարակուսանս հասոյց ի վերայ մեր եւ ի վերայ ազգի եւ զօրաց եւ զօրավարաց մերոց, որչափ գործեաց Աշոտ իշխան Վասպուրական» [57]: Եվ հրամայում է գնալ Հայոց աշխարհը «… սովով եւ սրով եւ գերութեամբ. զիշխանս եւ զտեարս կողմնակալս եւ զկուսակալս աշխարհին, զազատս եւ զազատորդիս փութով առ մեզ հասուսջիկ կապանօք… Բայց նախ զԱշոտ եւ զտուն նորա ածջիք այսր, եւ մի այլում ումեք փոյթ առնիջիք յառաջ քան զնա ըմբռնել» [58]:

Եվ այսպես, ըստ Թովմայի, Բուղայի ավերիչ արշավանքի առաջնահերթ խնդիրն է եղել գերեվարել Աշոտ Արծրունուն:

Պատմագրի համար Աշոտը «…զնազելի եւ զբարձրագահ ճոխացելոյ վսեմապատէ, յընդհանուր նախագահանստեալ ի մէջ բոլոր Հայաստանեայցս» [59] է, եւ Աշոտի մահը ողբում են բոլորը եւ ասում  «վա՛յ, կորաւ մեծանուն իշխանն, եւ անտերունչ մնաց երկիրս Հայոց» [60]: Ոչ պակաս չափով է գովերգում նաեւ Գուրգեն եւ Դերենիկ Արծրունիներին:

Արծրունի պատմագրի տոհմային այսօրինակ սնապարծությունը շատ բանով խանգարել է նրան օբյեկտիվորեն ներկայացնելու երկրում ստեղծված իրական վիճակը, գործող անձերին ու նրանց օբյեկտիվորեն ներկայացնելու երկրում ստեղծված իրական վիճակը, գործող անձերին ու նրանց ճշմարիտ գնահատականները եւ այլն: Ամբողջ երկում քաղաքական բուռն իրադարձություններում Բագրատունիներին երկրորդական տեղ է հատկացված, եթե չասենք՝ անտեսված է նրանց ծավալած ռազմաքաղաքական գործունեությունը:

Անտեսված է նաեւ Սյունյաց մեծ նախարարության գործունեությունը: Թովման գրում է միայն, որ Սյունյաց Սմբատ իշխանը ապստամբել էր Սմբատ թագավորի դեմ, վերջինս անմիջապես դիմում է Աշոտ Արծրունուն, խնդրում իրեն օգնել, Աշոտը գալիս է եւ խաղաղ ճանապարհով, առանց պատերազմի հաշտեցնում է նրանց: Սա էլ գրել է նրա համար, որ առիթ դարձնի ասելու, թե թագավորը իր խնդրագրում Աշոտին հիշեցնում է նրա՝ «զհոյակապ անուն ստանալը» Ապահունիքում տեղի ունեցած պատերազմում ձեռք բերած հաղթանակի համար եւ խոստանում է օգնության դիմաց Աշոտին տալ քաղաքներ, գաւառներ, գյուղեր, ագարակներ [61]:

Հայ մյուս իշխանական տների եւ իշխանազունների մասին նա բավարարվում է թվարկումով: Բացառություն են կազմում ծանարների եւ արցախցիների մասին գրված հատվածները, որոնց մասին քիչ հետո կխոսվի:

* * *

Պատմագիր Թովմա Արծրունին նույնպես հայրենասեր է. միայն ի տարբերություն  նախորդ պատմագիրների, նրա մոտ այն որոշ չափով գավառական բնույթ է կրում: Նա էլ հայերի հաջողությունները թե՛ պատերազմներում եւ թե՛ խաղաղ ժամանակ պայմանավորում է նրանց միաբանությամբ: Մեծ գոհունակությամբ գրում է, թե թշնամին իմանալով Աշոտի եւ Բագարատի «անլոյծ միաբանութեան» մասին, պատերազմական գործողություններ չի սկսում, այլ հասանելիք հարկը վերցնում ու հեռանում է: Աբուսեթ զորավարը զարմացել էր հայերի միաբանության վրա, նա խալիֆին զեկուցում է, «զիարդ են առ միմեանս միաբանութեամբ իշխանք հայոց» [62]: Արձագանքելով, որ «զի թէպէտ նեղեալք եւ չարչարեալք լինեաք պէսպէս կտտանօք ի զօրացն իսմայէլական ազդացն տաճկական տէրութենէն՝ այլ սակաւագոյնք եւ առ փոքր ինչ ժամանակս, եւ բազում այն էր որ ի մէնջ հարեալ լինէին, քան թէ մեք հարկանէաք, քանզի դեռ միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց ազատագունդ բազմութեամբ եւ զօրաց նոցա, թէպէտ եւ ի ծածուկ ունէին զերկբայութիւն նենգութեանց» [63]: Ճշմարտախոս պատմիչը չի թաքցնում ընթերցողներից, որ հայ իշխանների մեջ կային ներքին հակասություններ սակայն հայրենասիրությունը պահանջում է մոռացության տալ կամ ետին պլանի վրա դնել այդ հակասությունները միաբանվելով ծառանալ թշնամիների դեմ: Թովման ցույց է տալիս, որ մինչ Բուղայի ավերածությունները հայ իշխանները այդպես էլ վարվել են:

Մուսե զորավարը մեծ բանակով գալիս է Տարոն՝ արքունի հարկը գանձելու: Բագարադ Բագրատունին տեսնելով թշնամու թվական գերակշռությունը, անմիջապես Աշոտ Արծրունուն օգնության է կանչում: Պատմագիրը մեծ գոհունակությամբ գրում է, թե Աշոտը հիշելով իրենց նախնիների բարեկամությունն ու հարազատությունը եւ Բագարատի հետ երդումով կնքված ուխտը, ժողովում է զորքերը, շտապ գնում նրան օգնության [64]:

Նկարագրելով Նկան ամրոցի պաշարումը Բուղայի զորքերի կողմից եւ պաշարված մի քանի իշխանների դավադրությունը Աշոտ Արծրունու դեմ, Թովման գրում է, թե դավադիրները Բուղային գրած իրենց թղթում խոստանալով Աշոտին հանձնել արաբների ձեռքը, միաժամանակ զգուշացնում են, թե «բայց մի եւ այսմ անտեղյակ լինիցիս, զի Գուրգէն եղբայր իշխանիս եւ այլ տոհմն Արծրունեաց եւ բազմութիւն ազատաց եւ ազատորդեաց եւ նոցուն զօրաց քաջաց Վասպուրական տէրութեանս, ամենեքան ընդ նմա անցեալ գնացին ի կողմն Ատրպատականի, եւ անդր գումարեալ են ամենայն զօրք եւ ռամիկք աշխարհիս, արք կորովիք եւ պատերազմողք, որք ոչ դառնան ի սրոյ» [65]: Նշում են, որ եթե ամրոցի գրավումը ձգձգվի եւ Գուրգենը գա օգնության, քեզ եւ քո զորքին մեծ վնաս կպատճառի «Զի այր քաջ է եւ պատերազմող, եւ միաբանք են որք ընդ մնա են զօրքն, եւ զանձինս ի մահ դնիցեն ի վերայ տանց եւ աշխարհաց եւ ազանց եւ տոհմից իւրեանց… զքեզ կորակնեալ  ամօթալից ի պարտութիւն մատնիցին, որպէս զյառաջագոյն եկեալ հազարապետն արքունուստ, զի ոչ կարաց կալ ընդդէմ սոցա, եւ ոչ Ճ այր առ ժ զօրացն Հայոց» [66]:

Գուրգենն իրեն հետապնդող արաբական զորաբանակի հրամանատար Ապուհեշմին առաջարկում է պատերազմական գործողություններ չսկսել իր դեմ՝ խոստանալով տալ նրան գանձ, գյուղեր, ագարակներ: Սակայն վերջինս չի համաձայնում: Գուրգենը հրամայում է իր զորքին նախապատրաստվել մարտի: Թովման հիացմունքով գրում է. «Եւ զօրացն քաջալերեալ ընթացան յիւրաքանչիւր զէնսն, եւ հեծեալ յընտիրս երիւարացան՝ կացին ի հանդիպոջ եւ հանդիսացան զումարեցան ի մի  վայր եւ պնդեցան կարգեցան մածեան հոլովեցան յինքեանս, եւ եղեն իբրեւ զմի այր կամ թէ իբրեւ զվէմ մի բլրաձեւ, արձանացան կարծրացան պնդութեամբ՝ անմատոյց լինել ի նոսա զօրութիւն երկաթի, եւ իբրեւ զպարիսպ անդամանդեայ՝ այնպէս եղին զանձինս ի վերայ բազմութեան գաղթականին աշխարհակոյտ ամբոխիցն, իբրեւ զքաջ հովիւ ի վերայ խաշանց մեռանել յանձն առին» [67]:

Թովման այստեղ էլ հայ իշխանների միաբանությունը ընդգծելու նպատակով թվարկում է Գուրգենի հետ կռվող Վասպուրականի նախարարական տների ներկայացուցիչների անունները [68]: Ապա մեծ գոհունակությամբ ասում է. «Եւ դիմէցին խուռն յանդուգն յարձակմամբ եւ բախեցին զգունդն եւ պատառեցին զռազմն եւ դարձուցին զայլազդինս եւ գոչէին վիշապաձայն եւ բեկանէին առիւծաբար եւ հարկանէին վարազաբար, եւ մատնեցին ի սատակումն եւ ի պարտութիւն» [69]:

Բուղան  նենգությամբ Գուրգենին  էլ է ձեռբակալում եւ կապանքներով ուղարկում Սամառա: Պատմագիրը վշտացած գրում է, որ դրանից հետո նախարարները ցրվեցին՝ շտապելով ամրանալ Վասպուրականի իրենց բերդերում եւ զորքն էլ ցրվեց, քայքայվեց:

Ցավով նշելով, որ արաբներին հաջողվել էր քայքայել հայ իշխանների միաբանությունը, Թովման տալիս է նաեւ դրա կործանարար հետեւանքները [70]: Սակայն Թովման չի հուսահատվում, նա մեր առաջին պատմագիրն է, որ իր հայրենիքի (Վասպուրական) ազատագրումը չի պայմանավորում հարեւան աշխարհակալ պետություններից որեւէ մեկի հետ, այդ պետություններից որեւէ ակնկալություն չունի, այլ ամբողջ հույսը դնում է սեփական ուժերի վրա: Մինչ միաբանության քայքայումը Վասպուրականի իշխաններն իրենց զորքերով ոչ միայն ջախջախում են արաբական բանակները, այլեւ հաճախ օգնում ու պայմանավորում են Բագրատունյաց տոհմի պայազատների հաղթանակները հակառակորդի նկատմամբ:

Երկրորդ դպրության Զ գլուխը կրում է «Վասն պատերազմին Բագարատայ իշխանին Հայոց եւ Մուսէի եւ յաղթութեանն ի ձեռն Աշոտոյ վասպուրական իշխանին, զի եկն զօրավիգն Բագարատայ» խորագիրը:

Թովման մեծ խանդավառությամբ է  նկարագրում ծանարների եւ արցախցիների՝ թշնամու դեմ մղած հերոսամարտերը՝ նպատակ ունենալով նրանց սխրանքների օրինակով ոգեշնչել հայրենակիցներին, ցույց տալ միասնության ուժը հայրենիքի պաշտպանության գործում: Նա գրում է, թե ծանարների դեմ արաբները 13 անգամ պատերազմեցին «եւ հարան սատակեցան պակասեցան զօրքն արքունի ի զորացն Ծանարաց, եւ դարձան կորակնեալք ամոթալից խայտառակեալք, լի ծանականօք եւ մեծ բեկմամբ» [71]:

Արցախի (Թովման Աղվանք է անվանում) Ապումուսե իշխանը, որի մասին ասվել է, լսելով Բուղայի դեպի Արցախ արշավելու մասին, երկրամասի բնակչությանը եւ զորքին հավաքում է Քթիշ ամրոցը, նախապատրաստվում դիմադրելու թշնամուն: Դիմելով զորքին. «Ոչ, ասէ, վատագոյն մեք քան զԾանարսն եղիցուք, զի եւ ամուրս հզօրագոյնս եւ բարձրագոյնս քան զնոսա ունիմք եւ  դիւրափակս՝ առ ի յունել զմուտս կրճիցն. միայն միաբանութեամբ սրտիւ կացցուք ապաւինեալ յօգնականութիւնն Աստուծոյ. եւ թէ մեռանիլ եւս ումեք հասցէ՝ ի պարծանս անձին եւ ազգին իւրոյ համարեալ է» [72]: Վերեւում արդեն բերվել է Ապումուսեի նամակը Բուղային: Թովման ասում է Ապումուսեին ոգեշնչել է ծանարցիների հաղթանակը՝ «հրաման ետ բոլոր աշխարհին իւրոյ ելանել ունել զլեռնակողմն, ուշ եդեալ ուժեղութեամբ եւ քաջութեամբ սրտիւ ընդդիմանալ, մանաւանդ ի Ծանարացն զնա տեսեալ ի պարտութիւն մատնեալ եւ յաղթահարեալ» [73]:

Ծանարները ոգեշնչել են նաեւ Արծրունի իշխաններին: «Ի սոյն աւուրս որք մնացեալ էին ի տանէն Արծրունեաց իբրեւ լուան զպարտումն զօրացն արքունի ի Ծանարացն՝ ի մի վայր եկեալ գունդ կազմեալ հետեւազօրքն մարտակցօք հանդերձ խառնաղանջ ամբոխիւ՝ լինին թուեալ արք Տ եւ առաջնորդ կացուցանէին իւրեանց զԱպուջափր Արծրունի» [74]:

Ապստամբներին առաջին գործողությունները ծավալում են Ճուաշ եւ Թոռնավան գավառներում: Բուղան Վասպուրականի ապստամբներին ճնշելու գործը հանձնարարում է Նախճավանի արաբ կառավարիչ Իբրահիմին: Վերջինն իր զորքով շարժվում է դեպի Նախճավան, Բերկրիի մոտ նրանց են միանում եւ արաբական ութմանիկ ցեղերի ուժերը: Առաջին իսկ ճակատամարտում, որ տեղի էր ունեցել Վասպուրականի Խոզաղբերք գյուղի մոտ թշնամին գլխովին ջախջախվում է ու դիմում փախուստի, սակայն այստեղ զոհվում է հաղթանակի կազմակերպիչներից մեկը՝ Ապուջափրի օգնական Ապումըկդեմը: Քաջ զորավարի մահը մի պահ խուճապ է առաջացնում ապստամբների շարքերում, սակայն Ապուջափրը անցենլով Աղբակ գավառը, համալրում է իր զորքը եւ ազատագրում է Ոստան քաղաքը: Ապուջափրին շուտով փոխարինում է Գուրգեն Արծրունի իշխանը՝ պատմագրի սիրած հերոսներից մեկը: Նա գրավում է Ջղմար եւ Սրինգ ամրոցները, կարճ ժամանակ անց նա «… առնէր հարուածս մեծամեծս այլազգեացն. եւ սատակ էր զնոսա սրով եւ աղեղամբ, եւ եբարձ զամենայն ազգս Տաճկաց, որ բնակեալ էին ի Վասպուրական տէրութեանն» [75]: Շնորհիվ Գուրգենի եւ նրա զինակիցների ծավալած ռազմական գործողությունների, թշնամու նորանոր ուժերը մեկը մյուսի ետեւից պարտություն են կրում «Եւ ոչ եւս այնուհետեւ համարձակ ելանէին եւ մտանէին յաշխարհս Վասպուրական զօրքն Տանկաց. զի անկաւ ահ սաստիկ ի վերայ նոցա» [76], - հպարտությամբ արձանագում է Թովման: Բուղան ստիպված դիմում է զիջումների, Գուրգենին ճանաչում է Վասպուրականի գահերեց իշխան, ուղարկում է թանկարժեք նվերներ, նժույգ, զենքեր եւ այլն:

* * *

Թովմա Արծրունին էլ V դարի պատմագիրների նման դեմ է բացարձակ, բայց ոչ կենտրոնացված, ուժեղ պետականությանը: Ֆեոդալական մասնատվածության պրոցեսի խորացման պայմաններում հայրենիք հասկացությունը գավառական շրջանակներում պատկերացնող պատմագրի համար էլ Արշակունի վերջին գահակալների կենտրոնաձիգ քաղաքականության իրականացման ամեն մի քայլը երկրի կործանում է նշանակում: Նման դատողությունը Թովմայի կողմից նույնպես թելադրված էր դարի ոգով: Եթե Բուզանդը, եկեղեցու եւ Մամիկոնյանների շահերից ելնելով դեմ էր Արշակունի գահակալների այդ քաղաքկանությանը, ապա տոհմիկ պատմիչ Թովման, որ նպատակ էր դրել ցույց տալ իր տոհմի «ազգք ճոխք եւ երեւելիք, քաջք եւ անուանիք, եւ ամենեցուն պատկառելիք» [77] լինելը, մի կողմից տոհմային արժանապատվությունից եւ մյուս կողմից, որը եւ ամենահիմնականն է, Բագրատունիների թագավորության առկայությունից ելնելով՝ դեմ էր նման քաղաքկանության:

Շարադրանքը հիմնականում վերցնելով Բուզանդից եւ հետեւելով նրան, Թովման Հայր Մարդպետի մասին գրում է. «Չարախորհուրդն հայր Մարդպետ որդին սատանայի ոչ բաւականացաւ չարեօք մարդկան՝ այլ եւ առ Աստուած եւս եւ առ սուրբս նորա յաւակնեալ՝ յերկինս բացեալ զգայռալիր բերանն եւ որպէս շուն լիրբ պատուհաթափ եղեալ ածէր զլեզուն զերկրաւ» [78]: Ինչու, որովհետեւ Մարդպետը հանդգնել էր Արշակ թագավորին ասելու, թե Աշտիշատը պետք է արքունի տիրույթ դարձնել:

Տիրան թագավորը «պղծութեան աղտեղութեամբն զգառեալ մատնի ի ձեռս Շապհոյ, եւ կուրացեալ աչօք կեցեալ եւ մեռեալ ըստ արժանի իւր վաստակոցն, զոր գործեաց ընդ սուրբսն Վրթանէս եւ Յուսիկ եւ ընդ քահանայն մեծ Դանիէլ, ըստ այնմ եւ հատուցաւ նմա» [79]:

Ճիշտ է, Թովման մեծ հարգանքով է խոսում Աշոտ եւ Սմբատ Բագրատունիների մասին, գովերգում է նրանց, ընդունում է նրանց սուվերենությունը Արծրունիների եւ մյուս նախարարների նկատմամբ (նշենք, որ նա իր «Պատմությունը» գրել է մինչ Գագիկ Արծրունու թագավորելը), բայց եւ այնպես Արշակունի գահակալների մասին խոսելով վարկաբեկիչ ձեւով եւ թերեւս ավելի մեծ ատելությամբ, քան V դարյան մեր պատմագիրները, ժամանակակիցներին հասկացնում է գահակալների կողմից կենտրոնաձիգ քաղաքականություն վարելու բացասական հետեւանքները: (Արծրունյաց տան երկրորդ Անանուն պատմիչը, Վասպուրականում թագավորություն ստեղծվելուց հետո, արդեն, բացասական վերաբերմունք է  ցուցաբերում Սմբատ Բագրատունու նկատմամբ):

Թովման գրում է, թե չնայած Հովհաննես կաթողիկոսը , խրատում էր թագավորներին ու  իշխաններին, բերում էր Եսայի մարգարեի խոսքերը, թե «թագաւոր արդար կանգնէ զաշխարհ, կործանումն է աշխարհի թագաւոր անօրէն, …Եւ յորդորականիւ հրաժարեցուցանէր զնոսա ի  բաց կալ յապիրատ եւ ի վնասակար գործոցն զոր գործէին, եւ սաստիկ կսկծեցուցանէր զնոսա բանիւք…»: Նշում է նաեւ, որ Սողոմոնն էլ ասել է. «…թագաւոր արդար թագաւորեսցէ, եւ իշխանք իրաւամբք իշխեսցեն, : Զայս եւ առաւել քան զսոյն խրատէր եւ ուսուցանէր սուրբ հայրապետն եւ քաջ հովիւն տէր Յոհաննէս կաթողիկոս Հայոց մեծաց: Բայց նոքա ոչ վերակնեալք յօրէնս Տեառն, այլ ստացան իւրեանց անունկնդիր լսարանս, զչարագոյնն իժի եւ զանբժշկական քարբի, արբեցան գինով յիմարութեանն… մինչեւ եկին հասին ի վերայ մեր մեծամեծ չարիքս այսոքիկ եւ անկանգնելի  գլորումնս…» [80]:

Թովման Աշոտ եւ Սմբատ Բագրատունի թագավորների «անարդար» գործերի մասին ոչինչ չի ասում, սակայն անհրաժեշտ է համարել վկայակոչել Եսայի եւ Սողոմոն մարգարեներին: Դրանով արդյոք պատմագիրը չի՞ ուզեցել ասել, թե թագավորները ոտնձգություններ չանեն իշխանների իրավունքների նկատմամբ, թողնեն, որ նրանք իրավունքով իշխեն: Այդպես են մտածել նաեւ Թովմայի Աշոտը, Գագիկը, Գուրգենը եւ Գրիգոր-Դերենիկի որդիները, որոնց մեջ էլ հղացել է Վասպուրականում  թագավորություն ստեղծելու գաղափարը եւ Բագրատունի գահակալների հետ  մրցակցելու տենչը: Սմբատի «անարդարացի» գործողությունը չէ՞ր  արդյոք պատճառը, որ նշված Արծրունի եղբայրները՝ Սմբատի քրոջ տղաները, ծառանում էին նրա դեմ եւ գերադասում  հպատակություն հայտնել Ատրպատականի արաբ Ափշին կուսակալին:

Աշոտ Արծրունին ներկայանում է Ափշինին, նրա այդ քայլը շատ է զայրացնում Սմբատ թագավորին. «Սմբատ անպատկան վարկանելով զերթալն Աշոտի առ Աւշին (Թովմայի մոտ Ափշինի անունը Աւշին է գրված Լ. Բ. ), մի գուցէ արդեօք եւ այլք դրդուիցին յիշխանացն զնորայն հետեւել ուղեւորութիւն, եւ յարգելուլն զԱշոտ՝ չանսաց ումեք: Նոյնժամայն ի բարկութիւն ցասմամբ մեծաւ շարժեալ թագաւորն Սմբատ՝գրէ առ Գուրգէն Անձաւացեաց տէր եւ առ Գագիկ Ապումրուան, ասէ. «բնութեամբ ճշմարտութեամբ աշխարհգ Վասպուրական ձեր լեալ էր ժառանգութիւն, եւ զձեզ արտաքս հանեալ թողեալ են նախնեանց Աշոտի: Արդ ելէք ի վերայ աշխարհիդ զօրացեալ զօրութեամբ, եւ ձեր լիցի երկիրդ ի ժառանգութիւն»: Որոյ հրամանն փութով զկատարումն առնոյր ըստ ցանկութեան իշխանասիրութեան նոցա, եւ ելեալ ի վերայ աշխարհիս՝ յերկուս բաժինս հատին  զաշխարհս» [81]:

Թովման Աշոտի այդ արարքի իսկական պատճառը չի ասում եւ  ցույց չի տալիս իր վերաբերմունքը: Պատճառն Արծրունիների եւ Սյունյաց իշխանների միջեւ կռվախնձոր հանդիսացող Նախճավան քաղաքն էր, որ  Սմբատը վերցրել էր  Արծրունիներից եւ հանձնել Սյունեցիներին: Լարված մրցակցության պայմաններում այդ առիթ էր ծառայել Արծրունիների համար դիմելու օտար բռնակալների օգնությանը եւ վրեժ լուծել հայոց արքայից իրենց իրավունքների ոտնահարման եւ թերեւս հայոց գահին տիրելու համար: Արծրունիների այդ հավակնությունն իր դրսեւորումն է գտել Անանուն պատմագրի մոտ: Նա Գագիկ Արծրունուն այլ կերպ չի անվանում, բայց միայն «ամենայն հայոց թագավոր»: Յուսուֆը Գագիկին «…թագաւորեցուցանէ զնա ի վերայ ամենայն Հայոց… տայ ի ձեռս նորա զբոլոր Հայաստան աշխարհս…» [82]:

Ընդհանրապես պետք է նկատենք, որ Թովմայի մոտ գրեթե բացակայում է իրադարձությունների, երեւույթների ներքին պատճառական կապը:

* * *

Պատմագիր Թովմա Արծրունին ցավով ու ցասումով է խոսում ֆեոդալական ներքին հակամարտությունների մասին Նրա «Պատմությունը» հավաստի աղբյուր է IX դարի երկրորդ կեսին եւ X դարի սկզբին Վասպորականում ծավալված եղբայրասպան այն արյունահեղ ընդհարումների պատմության  ուսումնասիրության համար, որ մղում էին միմյանց դեմ Արծրունիների տարբեր ճյուղավորումները, նրանց վասալ իշխանները եւ հարեւան իշխանական տները:

Տալով Բուղայի արշավանքից հետո Վասպուրականում ստեղծված անիշխանական վիճակը, Թովման թվարկում է Վասպուրականում մնացած Արծրունի իշխանների անունները եւ դառնությամբ գրում է. «Եւ  սկսան յաւելուլ ի վերայ չարեացն այլ չարիս, զի ընդ միմեանս մարտ եւ կռիւս դնէին յաղագս իշխանութեանն ցանկութեան, եւ ճեղքեցան ի  միմեանց եւ զօրս գումարեցին ի զերծելոցն ի սրոյն եւ ի գերութենէն  Բուխայի (Բուղայի Լ. Բ. )…» [83]:

Նկարագրելով Դերենիկ եւ Գագիկ  Աբումրվան Արծրունիների միջեւ բռնկված կռիվները, Թովման վշտացած գրում է. «Աստանօր ոչ հեշտալիր թուին ինձ պատմութիւն ճառիս շարագրութեան: Յապուշ կրթին միտք իմ զմտաւ ածել զաղետիցն, խորհրդածել գրել յիշատակարանս. լքեալ լինին ընթացք ձեռացս առ կորովություն գրաւորականիս. երկունք իբրեւ ծննդականի ի վերայ իմ հասեալ լինին՝ մատենաւորել զայսր աղետաբէր համբաւուց ցոյցս. ցաւ է ինձ ի վերայ բեկմանն որ ի նախատորդէն խորտակեցայ» [84]:

Արծրունի պատմագիրը դառնությամբ ու ատելությամբ է գրում հայրենիքի դավաճանների՝ Մերուժան ու Շավասպ Արծրունիների, Վասակ Սյունեցու ու  հատկապես իր ապրած օրերի հայ դավադիր ու դավաճան իշխանների մասին:

Բուղան պաշարել է Նկան ամրոցը, որը պաշտպանում էր Աշոտ Արծրունին իր զինակիցների հետ միասին: Աշոտի ազատներից ոմանք դավադրություն են կազմակերպում նրա դեմ. «… խորհուրդ չար ի մէջ առեալ եւ զբարեկամութիւն կեղծաւորեալ, որպէս յերէկն եւ յեռանդն՝ եւ յանձն առնուն երթալ առ զօրաւարն, խնդրել խաղաղութիւն… տանել հրովարտակ… լի թունիւք սատանայական խորհրդոցն, ծածկեալ յաչս իշխանին գառնենի զգեստիւք ի հանդերձս ոչխարաց, եւ ներքոյքն զապականիչ գայլոցն բերելով զլրբութիւն, իբրեւ շունք համրացեալք, որ ոչ կարեն հաջել, որպէս ասէ Եսայի մարգարէ, ընդդէմ Տեառն փոխելով զկատաղութիւն մահածին թիւնիցն սատակչական զօրութիւնն, լինել տիրակորոյսք եւ աշխարհաւերք, բանսարկուք եւ քսսիչք, խռովասէրք մանաւանդ քան թէ խաղաղասէրք, որք քակէին գոլ նոցա ամենայն ուրեք ուր եւ դիպէին զմիաբանութիւն ուխտի խաղաղութեան եղբարց եւ ազգականաց եւ բարեկամաց» [85]:

Դավադիրները խոստացել էին առանձ կռվի Աշոտին հանձնել Բուղային, «… միայն թէ ընդարձակեսցես մեզ եւ տոհմի մերոյ, բնակաց երկրի մերոյ՝ մնալ յիւրաքանչիւր տունս բնակութեանց կալ խաղաղութեամբ» [86]:

Իմանալով դավադրության մասին, Աշոտ Արծրունին անձնատուր է լինում եւ տարվում խալիֆի արքունիքը եւ երկար ժամանակ մնում է գերության մեջ:

Թովման ատելությամբ է խոսում նաեւ մի ոմն Վասակ Արծրունու մասին, որն իր բազում գանձերը թաքցրել էր գետնափոր տան մեջ եւ վախենալով, թե արաբները կարող են գտնել գանձերի իր պահեստը եւ վերցնել, ներկայանում է խալիֆին, ուրանում կրոնը եւ առաջնորդում թշնամու զորքը դեպի Վասպուրական [87]:

Եկեղեցական գաղափարախոսության դրոշակակիր Թովման անզուսպ ատելությամբ է արտահայտվում նաեւ դավանանքն ուրացողների մասին, անգամ եթե դրանց թվում են եւ իր տոհմի ներկայացուցիչները:

Ըստ Թովմայի՝ աստվածուրացությունը, «…եբաց զպողոտայն լայն եւ ընդարձակ, զշաւիղն կորստեան, որ տանի յանգիւտ կորուստն» [88]:

Խոսելով Աշոտ Արծրունու եւ մյուս իշխանների մասին, որոնք Սամառայում հարկադրաբար «առ վտանգի նեղութեանցն» ստիպված են եղել ուրանալ իրենց կրոնը եւ հետո որոշ ժամանակ անցնելուց վերադարձել են հայրենիք, Թովման նրանց արարքը գնահատում է իբրեւ ամենանողկալի երեւույթ, որն արժանի է միայն ամոթի եւ լուտանքի [89]:

Ինչպես տեսնում ենք, դավանանքի հարցում մեր պատմագիրն անզիջում է, անգամ չի խնայում իր սիրելի Աշոտին:

Թովման համաձայն չէ, որ իշխաններն «իբրեւ թե ի վերին երեսս հաճիցեն զմիտս թագաւորին, եւ ի ներքին խորհուրդս պահիցեն զխոստովանուիթիւնն որ ի Քրիստոս, որում անհնար է երկոցունց ի միասին բնակել, եւ ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել, որպէս ասաց Փրկիչն» [90]:

Նա համաձայն չէ նաեւ Բագարատ Բագրատունու հարցադրման հետ, որը ասել էր թե «յուրացութեանն իւրում, առ վտանգի նեղութեանցն՝ ուրացութիւնն ոչ ինչ վնասէ, եթե ի սրտին գաղտնի պահէ զխոստովանութիւնն հաւատոց» [91]: Թովման ասում է, թե այսպես մտածում էին ու գործում եղկղեսիանոս աղանդին պատկանողները [92]:

Թովման դառնությամբ ու ողբով գրում է. «Սաստիկ եւ  վտանգաւորք եւ լի դառնութեամբ են որ ինչ ի ճառի աստ են յիշատակարանք, սակս յանձնառութեան մեծ  նախարարացն եւ իշխանացն մերոց, լի  արտասուօք է բանս եւ ոչ եմ բաւական պատմել զանցս անցիցն կորստականութեանն նոցա մոլորութեանն, վրիպել յուղիղ եւ յամբիծ առաքելաքարոզ դաւանութեան հաւատոց կաթողիկէ եկեղեցւոյ…» [93]:

V դարի մեր պատմագիրները Վարդան Մամիկոնյանին եւ մյուս նախարարներին Տիզբոնում առերես դավանափոխության համար այդպես խիստ չէին դատապարտել: Այն ժամանակ առերես ուրացողներն էին  իրենց դատապարտում ու տանջվում կատարած այդ քայլի համար:

Ժամանակները փոխվել էին: Թովման իմացել, տեսել էր եւ  զգացել ուրացության կործանարար հետեւանքները երկրի ու ժողովրդի համար: IV դարում մի Մերուժան Արծրունու, մի Վահան Մամիկոնյանի եւ նրանց հետեւող մի քանի տասնյակ ուրացողների դեմ ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը, կրոնի համար պատրաստ էին մարտիրոսանալ բոլորը՝ իշխան թե ռամիկ: Այլ էին Թովմայի ապրած օրերը: Թովմայի իսկ վկայությամբ, այն ժամանակներում ուրացությունը խոր արմատներ էր գցել: Դավանափոխ լինելու խալիֆի պահանջին, Սողովմոն եւ Կախայ անուններով անձնավորությունները  «…ոչ խոտորեցան ի բանս թագաւորին եւ ոչ եղեն ունկնդիր մաղձահամ եւ ժախահոտ բանիցն, իբրեւ ի փեռեկեալ գերեզմանէ զնեխահոտութիւնն արտաքս հատանելոյ, որով զբազումս դրգուեցոյց ի յաստուածային օրինացն եւ յերկրպագութենէ յաստուածորդւոյն» [94]:

Բռնի դավանափոխությունը մեր այս պատմագրի մոտ ոչ միայն բավական չափազանցումով է ներկայացված, այլեւ ստացվում է այնպես, որ այն եղել է քաղաքական բոլոր իրադարձությունների հիմնական պատճառը կամ դրդապատճառը եւ արաբ տիրակալների վարած քաղաքականության հիմնական նպատակը: Մի բան, որ չեն հաստասում ոչ Ղեւոնդ եւ ոչ Հովնան Մամկոնյան պատմագիրները եւ ոչ էլ Թովմայի ժամանակակից Անանուն զրուցագիրը եւ Հովհ. Դրասխանակերտցին:

Մոլեռանդ եկեղեցական Թովման, արաբական գիշատիչ հարկային քաղաքականության դեմ ոտքի ելած հայ  ժողովրդի ազատագրական պայքարը ներկայացնում է իբրեւ հոգեւոր պատերազմ եւ ոչ մարմնավոր: Խոսելով Գուրգեն Արծրունու մղած մարտերից մեկի մասին, պատմագիրը գրում է. «Ձեռնամուխ եղեն ի գործ պատերազմին եւ քահանային, որ կային ի բազմութեան գաղթականին, զի հոգեւոր էր պատերազմն եւ ոչ մարմնաւոր, եւ ի վերայ սուրբ եկեղեցեաց եւ ժողովրդեան Աստուծոյ պատերազմէին» [95]:

Թովմայի մոտ խալիֆները գերեվարված բոլոր հայերին, լինի իշխան, թե հոգեւորական եւ թե ռամիկ, խոստանում են կենդանի թողնել՝ անկախ նրանցից յուրաքանչյուրի գործած հանցանքի եւ արաբներին պատճառած վնասների չափերին եւ միշտ մի պայմանով միայն՝ ուրանալ իրենց կրոնը, եւ ընդունել մահմեդականություն [96]:

Թովմայի «Պատմությունը» կարեւոր աղբյուր է՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես հայ իրականության մեջ կրոնափոխ են եղել հիմնականում հայ աշխարհիկ ֆեոդալները, իսկ հոգեւորականները, ռամիկներն ու ազատների մի մասը մաքառել են դրա դեմ [97]:

Հետեւապես, Թովման դավանանքի համար մարտիրոսանալ է քարոզում եւ բերում է մի շարք օրինակներ, թե ինչպես մարդիկ նահատակվել են դավանանքի համար, որը մեր պատմագիրը  «գեղեցիկ խորհուրդ» է համարում: Արաբները մեծ թվով գերիներ են տանում, մի խումբ հայեր զինված հարձակվում են նրանց վրա, արաբներից շատերին կոտորում են ու վիրավորում եւ գերիների մեծ մասին ազատում, սակայն արաբները կարողանում են շրջապատել հայ կտրիճներին եւ գերեվարել: Խալիֆը նրանց խոստանում է պատվի արժանացնել եւ մեծ պարգեւներ տալ, միայն թե կրոնափոխ լինեն «Նոցա գեղեցիկ խորհուրդ ի մէջ առեալ՝ ընտրեցին զմահ քաջութեան, քան զկեանս խղճիւ» [98], - գրում է Թովման:

Վանանդի ազատներից ոմն Մուկաթլուի գերում են արաբները եւ տանում Բուղայի մոտ, վերջինիս կողմից կրոնափոխության պահանջին նա ասում է. «Իսկ սպառնալիք քո եւ չարչարանք, զոր ասես ի վերայ իմ հասուցանել՝ խաղ մանկտոյ կամ զառանցելոց թուի յաչս իմ, եւ բանք քո նոյնպէս, որպէս առն անմտի եւ խելագար եւ ցնորեալ ծերոյ» [99], որից հետո զոհվում է, ենթարկվելով դաժան մահվան:

Ըստ Թովմայի՝ խութեցի հովիվ Հովնանը, ժողովրդական այդ հերոսն էլ է իբր Քրիստոսի համար կռվել: Նա խալիֆի պահանջին՝ թողնելու քրիստոնեությունը, շատ հանդուգն ու համարձակ պատասխանում է. «Ընդ՞էր որպէս մանուկ տղայ համարիս, արկանել առաջի իմ զպատրանս, սնոտի, առասպելաբան, խաբեբայ եւ պատիր յոյս խոստանալով ինձ՝ հանել զիս ի ճշմարիտ յուսոյն, զոր ի մանկութենէ ի վերայ հասեալ ճշմարտութեանն» [100]:

Եթե Բագարատ Բագրատունին, Աշոտ Արծրունին եւ մյուս  հայ իշխանները «առ վտանգի նեղութեանցն» են ուրացել, ապա խութեցի Հովնանը առ վտանգի նեղությունը ոչ միայն արհամարում է, այլեւ հերոսաբար իր պատրաստակամությունն է հայտնում մարտիրոսանալու Քրիստոսի համար: Նա խալիֆին ասում է. «… տեսանեմ զքեզ որպէս զմի ի զառանցելոց խելագարեալ որպէս խօսիսդ. ես վաղ անարգեցի զքեզ, եւ ոչ փոքր ինչ երկիւղ կալայ ի սրտի իմում վասն քո, զի քամահելով ի վերայ քո՝ զզօրավարն քո հանդերձ զօրօքն ի սուր մատնեցի, եւ զաւար նորա բաշխեցի, եւ յերկրորդումն ոչ փոքր նախճիրս համարեցի զօրացն քոց, արդ ընդ արութիւնս իմ վատութի՞ւն խառնիցեմ եւ ընդ երկիւղիւ մահու անկանի՞ցիմ: Վասն մարմնաւորացն այնչափ նահատակեցայ, որպէս գիտացերն եւ որպէս այժմ լսես յինէն, վասն Քրիստոսի եւ վասն յաւիտենական կենացն ո՛չ մեռանիցիմ, կամ արդեօք ի քէ՞ն երկնչիցիմ, քա՛վ լիցի. ահավասիկ կամ, մի դանդաղիր կատարել՝ զոր ինչ կամիս առնել» [101]:

Ֆեոդալական դասակարգի գաղափարախոսը չի խորշել դավանանքի պաշտպանության համար մղվող պայքարում գերադասությունը տալու ռամիկին: Մեր կածիքով՝ դա էլ դարի ոգին էր թելադրում: Իշխող աշխարհիկ Ֆեոդալներն իրենց իսկ շահերից ելնելով, ուրացությամբ կարողանում էին պահպանել իրենց գերիշխող դիրքը եւ տիրույթները, իսկ ռամիկը կորցնելու բան չուներ: Դա շատ լավ հասկացել է մեր պատմագիրը: Նա քաջ գիտակցել է, որ ստեղծված տայմաններում, երբ աշխարհիկ իշխող վերնախավի մեջ ուրացությունը որոշ արմատներ է գցել, իշխանի բերանով Հովնանի ասածներին ժամանակակիցները չէին հավատա, հետեւապես եւ այս դեպքում մարտիրոսանալու կոչը ազդեցություն չէր ունենա, ցանկալի արդյունք չէր տա: Թովման գիտակցել է, որ նման կոչ պետք է արվի ռամիկի եւ մանր ազնվականի բերանով, որովհետեւ իր դարում նրանք են զենքը ձեռքն առել ու հերոսաբար մարտնչել հայրենիքի ազատության համար. «Սասնա ծռերն» են որոշել հայրենիքի բախտը, ժողովրդի գոյության եւ դավանանքի պաշտպանության հարցերը: Պատահական չէ, որ նրա այդ ռամիկ հերոսը Հովնանն է՝ թշնամու զորավարին ու զորքին ոչնչացնողը, նրա օրինակով կրոնի համար նահատակվելու կոչը վարակիչ կլինի ժողովրդի համար եւ կծառայի պատմագրի նպատակին: Ի դեպ նկատենք, որ Թովման բավական բարյացակամ է տրամադրված ռամիկի, հատկապես սասունցիների հանդեպ: Յուսուֆ զորավարի սպանության կապակցությամբ, որը ձմեռել էր Մուշ քաղաքում գրում է. «Յայնժամ բնակիչք լերինն իբրեւ տեսին, թէ վարեցաւ իշխանն ի գերութիւն, ինքեանք պատրաստեալ են զնոյն փարշմանն կրել զոր դաշտայինքն կրեցին՝ հասին միաբան բազմութիւնն մեկնակազէնքն Խութայ ի հնարս արուեստգիտութեանն իւրեանց, զոր ի պէտս օժանդակութեան ձմերայնոյ հնարաւորեալ էին: Եւ բարձեալ աշտեայս հանապազակիրս ի պատրաստութիւն գազանացն որ ի մայրիսն որջանան, կամ թշնամեաց ի վերայ հասելոց, եւ եկեալ ի վերայ քաղաքին պաշարեն զնա, եւ զզօրսն մատնեն ի սատակումն սրոյ, եւ զպատանդսն Վասպուրականի հանեն յարգելանէն. եւ գերեացն ընդարձակեն, զկապուտ նոցա բաժանեն յինքեանս» [102]: Այնուհետեւ նկարագրելով խութեցիների նիստ ու կացը, բարքերը, ավելացնում է. «Այլ եւ ի ժամանակս հասելոց թշնամեաց յերկիրն իւրեանց՝ գան միաբան լեռնայինքն յօգնութիւն իշխանացն, զի են տիրասէրք»: Եվ, ըստ Թովմայի, այդ տիրասերները ոչ այլ ոք են, եթե ոչ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի Սանասար որդու  զարմերը եւ այդ պատճառով էլ նրանք իրենց անվանում են  «Սանասնայք» [103]:

Նկան ամրոցի պաշարման օրերին, Աշոտի դեմ դավադրություն կազմակերպող իշխանները Բուղային գրած իրենց նամակում հայտնում են, որ Գուրգենը գնացել է Ատրպատականի կողմերը զորքը համալրելու եւ  «…անդր գումարեալ են ամենայն զօրք եւ ռամիկք աշխարհիս, արք կորովիք եւ պատերազմողք, որք ոչ դառնան ի սրոյ…» [104]:

Ռամիկներին նկատի ունի Թովման, երբ խոսում է Ապուջափր Արծրունու գլխավորած ապստամբության մասին: Հավանորեն հենց այդ ամբոխն է իր մարտունակությամբ ոգեշնչել ու թեւավորել Արծրունի իշխաններին ապստամբելու թշնամու դեմ:

  Թովմայի բոլոր գործիչները տոգորված են իրական գծերով: Պատմիչը նրանց չի դյուցազնացնում, հեքիաթային, արկածախնդրային հաղթանակներ չի վերագրում նրանց: Թշնամին հաղթում է, որովհետեւ նենգությամբ է գործում եւ ոչ զենքով:

Մ. Աբեղյանը ճիշտ նկատել է, որ «Ոճի կողմից՝ բառացի նմանողությամբ (Թովման Լ. Բ. ) ենթարկվում է ավելի Եղիշեին, մնալով, սակայն, անճաշակ ճոռոմաբան: Հորինում է ոչ միակերպ, մերթ պարզ ու դյուրին, մերթ մթին շարահյուսությամբ՝ խորթ ու բորտ արտահայտություններով, երբեմն էլ ձգտում է գեղեցիկ գրելու, նմանություններով եւ այլ ձեւերով զարդարելու իր գրությունը» [105]:

Թովմայի «Պատմությունը» ականատեսի ստուգապատում աղբյուր է, հատկապես, IX դարի երկրորդ կեսում Հայաստանում ծավալված քաղաքական բուռն իրադարձությունների, արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի, հայ պետականության վերականգնման, միջֆեոդալական խորացող հակամարտությունների, կենտրոնաձիգ եւ կենտրանախույս ուժերի պայքարի սրման ու դրա հետեւանքների պատմության ուսումնասիրության համար:

 



[1]            «Թովմայի վարդապետի Արծրունոյ, Պատմութիւն տանն Արծրունեաց», Թիֆլիս, 1917. Անանուն պատմագիր, տե՛ս Թովմայի «Պատմության» 419 էջի երկրորդ պարբերությունից մինչեւ 516 էջը, «Պատմութիւն Անանուն զրուցագրի (կարծեցեալ Շապուհ Բագրատունի)», Երեւան, 1971: (Այսուհետեւ՝ Թովմա եւ Անանուն զրուցագիր):

[2]            Թովմա, էջ 21:

[3]            Նույն տեղում, էջ 430:

[4]            Նույն տեղում, էջ 430:

[5]            Նույն տեղում էջ 474:

[6]            Նույն տեղում, էջ 21-22:

[7]            Նույն տեղում, էջ 85:

[8]            Նույն տեղում, էջ 134:

[9]            Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հտ. 1, Երեւան, 1944, էջ 447

[10]          Թովմա, էջ 140:

[11]          Նույն տեղում, էջ 85

[12]          Նույն տեղում, էջ 60:

[13]          Նույն տեղում, էջ 53:

[14]          Նույն տեղում:

[15]          Նույն տեղում, էջ 72:

[16]          Նույն տեղում, էջ 96-97:

[17]          Նույն տեղում, էջ 218:

[18]          Նույն տեղում, էջ 104:

[19]          Նույն տեղում, էջ 107

[20]          Նույն տեղում, էջ 355:

[21]          Նույն տեղում, էջ 110:

[22]          Նույն տեղում, էջ 253

[23]          Նույն տեղում, էջ 42:

[24]          Նույն տեղում, էջ 43:

[25]          Նույն տեղում, էջ 83-83:

[26]          Նույն տեղում, էջ 84:

[27]          Նույն տեղում, էջ 384:

[28]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ. հտ. 1, էջ 447

[29]          Թովմա, էջ 47:

[30]          Նույն տեղում, էջ 88:

[31]          Տե՛ս «Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», Թիֆլիս, 1914, էջ 404

[32]          Ստ. Մալխասայնց, Մատենագիտական դիտողություններ, Երեւան, 1961, էջ 212:

[33]          Թովմա, էջ 138:

[34]          Նույն տեղում, էջ 140:

[35]          Նույն տեղում, էջ 141:

[36] Մովսոս Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1940, էջ 139:

[37]          Թովմա, էջ 196:

[38]          Նույն տեղում, էջ 466-467:

[39]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 2, էջ 447

[40]       Նույն տեղում:

[41]          Թովմա, էջ 181:

[42]          Նույն տեղում, էջ 202:

[43]          Նույն տեղում, էջ 121:

[44]          Նույն տեղում, էջ 128:

[45]          Նույն տեղում, էջ 180:

[46]       Նույն տեղում, էջ 183:

[47]          Նույն տեղում:

[48]          Նույն տեղում, էջ 182:

[49]          Նույն տեղում, էջ 196:

[50]          Նույն տեղում, էջ 189:

[51]          Նույն տեղում, էջ 197-198:

[52]          Նույն տեղում, էջ 343-349:

[53]          Նույն տեղում, էջ 190-191:

[54]          Նույն տեղում, էջ 292:

[55]          Նույն տեղում, էջ 256-257:

[56]          Նույն տեղում, էջ 259-260:

[57]          Նույն տեղում, էջ 209-210:

[58]          Նույն տեղում, էջ 210:

[59]          Նույն տեղում, էջ 398-399:

[60]          Նույն տեղում, էջ 427:

[61]          Նույն տեղում, էջ 397:

[62]          Նույն տեղում, էջ 183:

[63]          Նույն տեղում, էջ 205:

[64]          Նույն տեղում, էջ 185-186:

[65]          Նույն տեղում, էջ 224:

[66]          Նույն տեղում, էջ 225:

[67]          Նույն տեղում, էջ 242:

[68]          Նույն տեղում, էջ 244:

[69]          Նույն տեղում, էջ 244:

[70]          Նույն տեղում, էջ 205-506:

[71]          Նույն տեղում, էջ 289:

[72]          Նույն տեղում, էջ 289-290:

[73]          Նույն տեղում, էջ 289:

[74]          Նույն տեղում, էջ 317:

[75]          Նույն տեղում, էջ 319:

[76]          Նույն տեղում, էջ 321:

[77]          Նույն տեղում, էջ 108:

[78]          Նույն տեղում, էջ 110: Բուզանդ, էջ 120, 174:

[79]          Նույն տեղում, էջ 108-109:

[80]          Նույն տեղում, էջ 194-195:

[81] Նույն տեղում, էջ 375-376:

[82] Նույն տեղում, էջ 466-467:

[83]          Նույն տեղում, էջ 311-312:

[84]          Նույն տեղում, էջ 364:

[85]          Նույն տեղում, էջ 222-223:

[86]          Նույն տեղում, էջ 224:

[87]          Նույն տեղում, էջ 191, 261-262:

[88]          Նույն տեղում, էջ 260:

[89]          Նույն տեղում, էջ 259-260:

[90]          Նույն տեղում, էջ 260:

[91]          Նույն տեղում, էջ 267-268:

[92]          Նույն տեղում, էջ 268:

[93]          Նույն տեղում, էջ 252-253:

[94]          Նույն տեղում, էջ 304:

[95]          Նույն տեղում, էջ 244-245:

[96]          Նույն տեղում, էջ 257:

[97]          Նույն տեղում, էջ 371:

[98]          Նույն տեղում, էջ 233:

[99]          Նույն տեղում, էջ 303:

[100]        Նույն տեղում, էջ 307-308:

[101]        Նույն տեղում, էջ 308:

[102]        Նույն տեղում, էջ 201-202:

[103]        Նույն տեղում, էջ 204:

[104]        Նույն տեղում, էջ 224:

[105]        Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 448-449: