Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջաբան

 

Ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում սփիւռքահայ պատմաբան, բանասէր Ռուբինա Փիրումեանի «Հայաստանը ՀՅԴ Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում
(1917-1921)» խորագրով աշխատութիւնը։ Ռ. Փիրումեանը ինքնատիպ գիտնական է։ Նրա պատմագիտական տեսակէտները իրենց դրսեւորումն են գտել սփիւռքահայ դպրոցի համար գրուած «Հայ Դատ» եռահատոր դասագրքում, որը հրատարակուել է 1990-1995 թուականներին։ Այս յաջողուած դասագիրք-աշխատութիւնը Հայկական Հարցին նուիրուած ուսումնասիրութիւնների մէջ առանձնայատուկ տեղ է գրաւում։

Խնդրոյ առարկայ ժամանակահատուածը չափազանց բարդ է եւ բնութագրման իմաստով ոչ միանշանակ։ Աւելին, սոյն ժամանակահատուածի «բախտը չբերեց», գոնէ երկար ժամանակ, նաեւ այն առումով, որ այն գտնւում էր քաղաքական, կուսակցական շահարկումների ոլորտում։ 1917-1921 թթ. հայ ժողովրդի ազգային ու ընկերային կեանքը ընթացել է կուսակցական պայքարի պայմաններում։ Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ այդ պայքարում Հ. Յ. Դաշնակցութիւնը յենւում էր սեփական ժողովրդի վրայ, իսկ բոլշեւիկները՝ Ռուսաստանի։ Դաշնակցութիւնն ունէր ազգային խոր արմատներ, մինչդեռ բոլշեւիկների արմատները սնունդ էին ստանում Ռուսաստանում։ Եթէ Դաշնակցութիւնը պայքարում էր կորցրած պետական անկախութիւնը վերականգնելու համար, ապա բոլշեւիկները բոլոր հնարաւոր միջոցներով ձգտում էին Հայաստանը միացնել Ռուսաստանին՝ դրա մէջ տեսնելով հայ ժողովրդի փրկութեան երաշխիքը։ Այս երկու կուսակցութիւնների միջեւ պայքարը անողոք էր եւ անզիջում։ Չնայած պատմական իրավիճակը նրանց հարկադրեց գնալ բանակցութիւնների եւ փոխ-զիջումների, սակայն այդ գործընթացն աւարտուեց անարդիւնք։

Անդրկովկասեան Յատուկ Կոմիտէի, Անդրկովկասեան Կոմիսարիատի ու Սէյմի օրօք հայոց ազգային-ազատագրական պայքարի ղեկավարը եղել է Հ. Յ. Դաշնակցութիւնը։ Հայ միւս քաղաքական կուսակցութիւնները շատ թոյլ էին նման յաւակնութիւն ունենալու համար։

1918 թ. Մայիսին հռչակւում է Հայաստանի անկախ հանրապետութիւնը, որի ղեկը ինչպէս եւ պէտք էր սպասել, անցնում է Դաշնակցութիւն կուսակցութեանը։

Սակայն 1917 թ. Հոկտեմբերին Ռուսաստանում իշխանութեան գլուխ էր եկել բոլշեւիկեան կուսակցութիւնը, որը աւարտելով քաղաքացիական կռիւները, ձեռնամուխ է լինում ռուսական կայսրութեան կորցրած տարածքների վերամիաւորմանը։ Հայաստանին սպառնացող ռուսական վտանգը 1920 թ. կէսերից դառնում է անխուսափելի։ Փոքրիկ Հայաստանը ռուսական վտանգից փրկուելու ոչ մի հնարաւորութիւն չունէր։ Արեւմուտքի օգնութեան խնդիրը ռէալ չէր։ Սակայն միայն Ռուսաստանով չէր սահմանափակւում այդ վտանգը։

Դեռ 1919 թ. պարտուած Թուրքիայում թափ է առնում քեմալական շարժումը, որը նպատակ էր հետապնդում փրկել օսմանեան կայսրութեան տարածքային ամբողջականութիւնը։ Քեմալականների նուազագոյն ծրագրի համաձայն, Թուրքիան պէտք է նուաճէր Արեւմտեան Հայաստանը եւ Կարսի մարզը, իսկ առաւելագոյն ծրագրի համաձայն՝ նաեւ Անդրկովկասը կամ գոնէ ամբողջ Հայաստանը։ Ինչպէս տեսնում ենք, ռուս-թուրքական շահերը չէին համընկնում։ Մի պահ թւում էր, թէ այդ երկու պետութիւնների միջեւ ռազմական ընդհարումն անխուսափելի է։ Սակայն միւս կողմից, միջազգային աննպաստ իրադրութիւնը Ռուսաստանին եւ Թուրքիային հարկադրում էր գնալ փոխ-զիջումների եւ միասնական ճակատի ստեղծման։

Ի վերջոյ, Ռուսաստանի եւ Թուրքիայի մրցակցութիւնն աւարտուեց փոխ-զիջումային տարբերակով։ Հայաստանը բաժանուեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ընդ որում, բոլշեւիկեան Ռուսաստանը զէնք, զինամթերք, հանդերձանք եւ ոսկի տրամադրեց քեմալականներին, որը ամբողջովին ուղղուեց թուրքերի դէմ ազգային-ազատագրական պայքար մղող Հայաստանի եւ Յունաստանի դէմ։ Առանց այդ օգնութեան, ինչպէս ցոյց են տալիս փաստաթղթերը, քեմալականները դատապարտուած էին պարտութեան։

Անկախ դրանից, Հայաստանի բաժանումը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ հայ ժողովրդի պատմական ճակատագրի իմաստով, միանշանակ չէր։ Թուրքերը հայ ժողովրդին բերում էին ֆիզիկական ոչնչացում։ Իսկ Ռուսաստանի տիրապետութեան տակ հայերը, կորցնելով պետական անկախութիւնը, այնուամենայնիւ փրկւում էին ֆիզիկական ոչնչացման վտանգից, ու կար յոյսը ազգային համախմբման եւ հոգեւոր ու տնտեսական զարգացման հնարաւորութիւններ ստանալու։

Ահա այսպիսին է հայոց պատմութեան այն ժամանակահատուածի ընդհանուր բնութագիրը, որի ուսումնասիրութեանը ձեռնամուխ է եղել Ռուբինա Փիրումեանը սոյն աշխատութեամբ։

Այս շրջանը միշտ էլ գտնուել է ոչ միայն արհեստավարժ պատմաբանների, այլեւ քաղաքական գործիչների ու կուսակցութիւնների ուշադրութեան կենտրոնում։ Անցած տասնամեակների ընթացքում ստեղծուել է ծով գրականութիւն, որը սակայն եղել է կուսակցականացուած։ Դաշնակցութեան եւ բոլշեւիկների պայքարը Հայաստանի համար, եթէ 1920 թ. Դեկտեմբերի 2-ին աւարտուեց Հայաստանի բռնի խորհրդայնացմամբ, ապա յետագայում շարունակուեց նաեւ պատմագրութեան մէջ։ Յետագայ շրջանում ստեղծուած գրականութիւնը եղել է բեւեռացուած. մի կողմում՝ բոլշեւիկեան եւ բոլշեւիկամէտ, միւս կողմում՝ դաշնակցական եւ դաշնակցականամէտ։

Հասկանալի է, որ բռնի ուժով իշխանութեան գլուխ եկած բոլշեւիկների պատմագրութիւնը յենուած էր սխալ եւ անընդունելի ելակէտների վրայ։ Այդ պատմագրութեան առանցքը եղել է պատմութեան կեղծարարութիւնը։

Անցած տասնամեակներում քննարկուող պրոբլեմների շուրջ հարուստ պատմագրութիւն է ստեղծել նաեւ Դաշնակցութիւն կուսակցութիւնը։ Այդ պատմագրութիւնը, անկախ նրանում տեղ գտած առանձին թերութիւններից, որոնք արտայայտւում են՝ հիմնահարցի կուսակցականացուածութեամբ, սեփական կարեւոր սխալների շրջանցմամբ եւ այլն, այնուամենայնիւ, ելնում է պատմական իրողութիւնների ճշմարիտ վերլուծութիւնից եւ հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանութիւնից։

Իւրաքանչիւր երկրում տարբեր կուսակցութիւնների պատմագրութեան առկայութիւնը բնական երեւոյթ է։ Սակայն ցանկացած ժողովուրդ, բացի կուսակցական պատմագրութիւնից, առաջին հերթին ստեղծում է բարձր մակարդակի ազգային, ակադեմիական պատմագրութիւն, որը բխում է ազգային գաղափարախօսութիւնից եւ դասաւանդւում է ազգային դպրոցում եւ բուհում։ Ընդ որում, ազգային, ակադեմիական պատմագրութիւնը ներառում է այն լաւագոյնը, որը ստեղծել է կուսակցական պատմագրութիւնը։

  Ցաւօք, այդ ազգային, ակադեմիական պատմագրութիւնն է, որ հայ ժողովուրդը դեռ չի ստեղծել։ Վերոյիշեալից բխում է, որ մեր պատմաբանների հիմնական խնդիրը նման պատմագրութեան ստեղծումն է, հայոց ազգային գաղափարախօսութեան մշակումը։

Համարձակօրէն կարելի է ասել, որ Ռուբինա Փիրումեանը կարողացել է լուծել իր առջեւ դրուած չափազանց բարդ խնդիրները։ Նա խորացել է քննարկուող ժամանակահատուածի գրեթէ բոլոր հիմնախնդիրների մէջ, ի հարկէ, տարբեր խորութեամբ եւ տարբեր ընդգրկումներով, եւ տուել լուծումներ, որոնք մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ ընթերցողին ներկայացուող սոյն աշխատութիւնը ազգային պատմագրութիւն ստեղծելու առաջին յաջողուած փորձերից է։

 

Լենդրուշ Խուրշուդեան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս