Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայ ժողովրդի կամքն ու ուժը Կովկասում

Համառուսական յեղափոխութիւնից յետոյ, մինչեւ բոլշեւիկեան յեղաշրջումը, ամբողջ Ռուսաստանում մեծ ուժ էր կենտրոնացած սոցիալ-դեմոկրատների մօտ, որոնք, յիրաւի, ներկայացնում էին յեղափոխութեան ոգին։ Անդրկովկասում, մանաւանդ վրացիների մէջ, մեծամասնութիւն էին սոցիալ-դեմոկրատ մենշեւիկները (բառը ռուսերէնով նշանակում է փոքրամասնական), եւ կարելի է ասել, թէ վրաց ժողովրդի կամքն ու ազգային շահերն էին մարմնացնում։ Մահմեդական ազգայնական տարրերը, մեծ մասամբ մտաւորականներ, համախմբուած էին Մուսաւաթ (բառը թրքերէնով նշանակում է հաւասարութիւն) կուսակցութեան շուրջ, որ փանթուրանական գաղափարների եւ Կովկասի մահմեդականութեան մէջ ազգայնական զգացումների առաջատարն էր դարձել։ Իսկ Կովկասի մէջ ցրուած հայութիւնը, բացարձակ մեծամասնութեամբ, հետեւում էր Դաշնակցութեան։ Քաղաքական ուժերի կենտրոնացման այս պատկերը ի հարկէ, նկատի ունենալով նաեւ Անդրկովկասի ժողովուրդների թուական համեմատութիւնը իր հարազատ արտացոլքը գտաւ Համառուսական Սահմանադիր Ժողովում Անդրկովկասի պատգամաւորների ընտրութեան ընթացքում։ Ընտրուած պատգամաւորներից 12-ը սոցիալ-դեմոկրատ էին, մեծ մասամբ՝ վրացիներ, 10-ը՝ մուսաւաթական, ի հարկէ բոլորը մահմեդականներ, եւ 9-ը՝ դաշնակցական [1] ։

Կովկասահայութեան մէջ Դաշնակցութեան վայելած վարկի մէկ այլ ապացոյցն էր 1917-ի Մայիսին գումարուած Երեւանի նահանգային գիւղացիական համագումարի մթնոլորտը, իսկ այդ համագումարից բխած որոշում-բանաձեւը ամբողջապէս համապատասխանում էր Դաշնակցութեան դիրքորոշումին ու նպատակներին։ Համագումարում արծարծուած մանաւանդ երկու հարցեր ցուցաբերում էին կովկասահայութեան կամ Դաշնակցութեան մտահոգութիւնները եւ միեւնոյն ժամանակ՝ ակնկալիքը յեղափոխութիւնից։ Այդ հարցերն էին՝ հայոց լեզուի ճանաչումը իբրեւ պետական պաշտօնական լեզու եւ ճշտումը Կովկասի ներքին ազգային, տնտեսական ու աշխարհագրական սահմանների։ Առաջինը ենթադրում էր Հայաստանի հայկականացում եւ մանաւանդ ձերբազատում ռուս պաշտօնեաների տիրական ներկայութիւնից, իսկ երկրորդը դնում էր հիմքը ինքնիշխան Հայաստանի։

Հ. Յ. Դաշնակցութիւնը, ինչպէս պիտի տենենք, գերիշխող ներկայութիւն էր նաեւ 1917-ի Հոկտեմբերի 11-ին Թիֆլիսում գումարուած Արեւելահայոց Համագումարում եւ նրանից բխած Ազգային Խորհրդի մէջ։

Անդրկովկասի հայ իրականութեան մէջ գործունէութիւն ունէին նաեւ ռուս Սոցիալ-յեղափոխական եւ Սոցիալ-դեմոկրատ կուսակցութիւնների հայկական փոքրաթիւ ճիւղերը [2] ։ Ներկայութիւն էր նաեւ Ժողովրդական կուսակցութիւնը [3] ։ Միջազգայնական գաղափարաբանութեան հետեւորդ, ռուս կուսակցութիւններին յարած հայ մտաւորականութիւնը Անդրկովկասի նոր իրադարձութիւնների ոլորտում փորձում էր կողմնորոշուել եւ հայ ժողովրդի ճակատագրի մէջ դերակատարութիւն ստանձնել։

Փետրուարեան համառուսական յեղափոխութեան մանաւանդ սկզբնական շրջանի ընձեռած պայմաններում եւ ստեղծուած ոգեւորիչ մթնոլորտի մէջ, Հ. Յ. Դաշնակցութիւնը շարունակում էր գործել՝ հաւատարիմ մնալով 1905-ին Դաշնակցութեան Խորհրդի առաջադրած եւ 1907-ին Հ. Յ. Դ. Չորրորդ Ընդհանուր Ժողովում վաւերացուած նպատակներին։ Այդ նպատակներն էին ամէն գնով իրագործել Թրքահայաստանի ներքին անկախութիւնը՝ «իբրեւ Օսմանեան ֆեդերատիւ պետութեան մի մասը». իսկ Ռուսահայաստանի համար՝ ներքին ինքնավարութիւն Անդրկովկասի Ռամկավար Հանրապետութեան մէջ, որ դաշնակցային կապով կապուած պիտի մնար Ռուսաստանին [4] ։ Կուսակցութեան գործունէութեան բնոյթն ու ուղին ճշտող այս ընդհանուր նպատակը նոյնութեամբ հաստատուել էր 1914-ի Հ. Յ. Դ. Ութերորդ Ընդհ. Ժողովում։ Յստակ է, ի հարկէ, որ 1914-ի Հ. Յ. Դ. Ընդհանուր Ժողովին յաջորդած Ա. Համաշխարհային Պատերազմը, հայկական ջարդերն ու տեղահանութիւնները եւ համառուսական յեղափոխութիւնը իրենց ազդեցութիւնն էին թողել Դաշնակցութեան քաղաքական ուղեգծի ու նպատակների վրայ։ Թէեւ այդ ուղեգծի յստակեցման համար Դաշնակցութեան բարձրագոյն ժողովի գումարումը անկարելի էր այդ օրերին, սակայն խմորւում էին գաղափարներ, որոնք պիտի արտացոլէին Ստոկհոլմում գումարուելիք խորհրդաժողովին ներկայացրած յուշագրում։

Հ. Յ. Դաշնակցութիւնը հաւատաց համառուսական յեղափոխութեան եւ նրա խոստացած ազատութեան։ Այս լաւատեսութիւնը համակեց մինչեւ անգամ Ռոստոմին։ Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան այս միակ ողջ մնացած ներկայացուցիչը սկզբնական շրջանում չէր խանդավառուել համառուսական յեղափոխութեամբ, բնազդաբար զգալով, որ պատերազմի մթնոլորտում պայթած այդ յեղափոխութիւնը նոր չարիքներ պիտի բերի հայ ժողովրդին։ Այնուամենայնիւ, 1917-ի Ապրիլի 6-ին Թիֆլիսում, Հ. Յ. Դաշնակցութեան Ռայոնական Ժողովի բացման նրա ճառը տոգորուած էր այն յոյսով, թէ ստեղծուած ազատ Ռուսաստանը այն չի լինի ինչ որ էր «Տաճկաստանի «ազատութիւնը», որ այնքան աղէտաւոր եղաւ մեզ համար» [5] ։ Ամէն պարագայում, պատեհութիւնը օգտագործել էր պէտք, եւ Ռոստոմն էլ էր նետուել ասպարէզ՝ նոր մթնոլորտում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու։

Դարձեալ, նախորդ Ընդհանուր Ժողովում տիրող ոգու հետեւողականութեամբ, Դաշնակցութիւնը Կովկասը դիտում էր որպէս անբաժանելի մի մասը Ռուսաստանի եւ հայոց ազգային շահերը պետութեան շահերի հետ համերաշխ էր նկատում։ Այս համոզումը թելադրում էր հաւատալ Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան հետ համագործակցելու կարեւորութեանը։ Այնուամենայնիւ, յստակ էր նաեւ, որ այդ կառավարութիւնը դեռ բացարձակ հեղինակութիւն չունի երկրում, եւ դեռ երկար ճամբայ կայ մինչեւ խաղաղութիւն եւ հաւասարակշռուած մթնոլորտ։

 



[1] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 33։ Ըստ այս աղբիւրի, ամէն 62. 044 քուէ տալիս էր մէկ պատգամաւոր. Դաշնակցութեան վստահուած քուէների թիւն էր 558. 400, այսինքն՝ Անդրկովկասի հայութեան քուէների 95%-ը։

[2] Այս կուսակցութիւնների հայ անդամները աւելի միջազգայնականներ էին եւ հայ ժողովրդի իրավիճակին այնքան էլ չէին առնչւում։

[3] Հայ Ժողովրդական կուսակցութիւնը կազմուել էր 1917-ի Մարտին, Ռուս Սահմանադրական-դեմոկրատ (Կադետ) կուսակցութեան հայ անդամներից։

[4] Տես՝ «Հ. Յ. Դաշնակցութիւն Ծրագիր» (Ժընեւ, Հրատ. «Դրօշակ»ի, 1907), էջ 17-19։

[5] «Ռոստոմ» (Բէյրութ, Հրատ. Հ. Յ. Դ. «Համազգային»ի Վահէ Սէթեան Տպարան, 1979). Ռոստոմի ճառը մէջբերուած է էջ 73-75։ Սիմոն Վրացեանի վկայութիւնը այդ մասին տես՝ նոյն տեղում, էջ 207։