Հեղինակ

Բաժին

Թեմա

Անդրկովկասի եւ Թրքահայաստանի վարչամեքենան

Դաշնակցութեան դրական կեցուածքը Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան հանդէպ ենթադրում էր համագործակցութիւն այդ կառավարութեան տնօրինած կովկասեան վարչամեքենեայի՝ Օզակոմի հետ (Օսոբիյ Զակաւկազսկիյ Կոմիտետ Անդրկովկասեան Յատուկ Կոմիտէ)։ Օզակոմը կեանքի էր կոչուել 1917-ի Մարտ 9-ին (նոր տոմարով Մարտ 22-ին), եւ որպէս բարձրագոյն մարմին պիտի ղեկավարէր Անդրկովկասը եւ Օսմանեան Կայսրութիւնից գրաւուած տարածքները։ Մարմինը կազմուած էր մեծ մասամբ կադետներից եւ ուղղակի հաշուետու էր Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան։ Օզակոմի մէջ հայութեանը ներկայացնում էր Պապաջանովը, որ անդամ էր Կադետ կուսակցութեան, մօտիկ կապեր ունէր կենտրոնական իշխանութեան հետ, բայց նուազ առնչութիւն՝ հայութեան հետ։ Նրա նշանակումը մտածել է տալիս, թէ եթէ Ժամանակաւոր Կառավարութիւնը Պապաջանովին կազմի մէջ նշանակել էր հայերի կողմից ներկայացուցիչ ունենալու միտումով, ինչպէս վրացիների եւ թաթարների պարագայում էր, ինչո՞ւ էր ընտրութիւնը կատարել կադետներից։ Օզակոմի վրաց եւ թաթար ներկայացուցիչները ազդու ներկայութիւն էին Օզակոմի մէջ եւ զգայուն պաշտօններ էին վարում։

Օզակոմի նշանակման առաջին օրերից իսկ յայտնի էին նրա վրաց եւ թաթար (կամ ազերի, ինչպէս կոչուեցին դրանք 1920-ական թուականներից յետոյ) անդամների ազգայնական ուժեղ դիրքորոշումն ու աննպաստ կեցուածքը դէպի հայկական խնդիրները։ Դեռ աւելին, Օզակոմի ստեղծած կովկասեան վարչամեքենայի մէջ վրաց եւ թաթար ազգայնականները իրար հետ համերաշխ էին, մանաւանդ՝ երբ հարցը հայոց ազգային շահերին էր վերաբերում։ Այս բոլորի մէջ Պապաջանովը շատ թոյլ էր՝ հակակշռել կարողանալու համար։

Օզակոմի ներքին վարչական բաժանումները աւելի էին շեշտում ճեղքուածութիւնը։ Նրա կազմում վրաց մենշեւիկ Չխենկելին ստանձնել էր ամենակարեւոր դերը՝ ներքին գործերի նախարարութիւնը, մուսուլման Ջաֆարովը՝ հաղորդակցութեան նախարարն էր, իսկ Պապաջանովին յանձնուած էր արդարադատութեան նախարարի պաշտօնը։ Նիկոլ Աղբալեանը Արեւելահայոց Համագումարում ունեցած իր ելոյթում ամենախօսուն պատկերն է տալիս Օզակոմի անբաւարար եւ ոչ հայանպաստ գործունէութեան ու նրա հայ ներկայացուցչութեան աննշան ազդեցութեան։ Աղբալեանը Պապաջանովին մեղադրում է նաեւ նրանում, որ նա իր քայլերը կատարում է «ո՛չ ազգի բազմութեան ձայնը ներկայացնող հոսանքների խորհրդատւութեամբ»։ [1]

Այսպէս, աստիճանաբար սրւում էին հայ ժողովրդի, այդու նաեւ՝ Դաշնակցութեան դժգոհութիւնները, որոնք բխում էին մանաւանդ Թրքահայաստանի վարչական գործում Օզակոմի թոյլ տուած աններելի եւ անընդունելի երեւոյթներից։ Օրինակ՝ այդ շրջանների ռուս կառավարիչները, որոնք իրենք անկարող էին տեղում կարգ ու կանոն հաստատել եւ հայ բնակչութեանը թուրքի ու քուրդի յարձակումներից պաշտպանել, զինաթափ էին անում ժողովրդին եւ նրան զրկում ինքնապաշտպանութեան միջոցներից։ Յետոյ, Օզակոմի թուլութեան պատճառով, կառավարական շրջանակներում դեռեւս ազդեցիկ դեր ունէին նախկին ցարական պաշտօնեաները, որոնք շարունակում էին տիրողի ու կեղեքողի վերաբերմունքը հայութեան հանդէպ։

Դաշնակցութիւնը, իբրեւ Թրքահայաստանում գործող միակ կուսակցութիւն, փորձում էր հակազդել այդ իրադրութեան, մանաւանդ՝ ճիգ էր թափում Թրքահայաստանը հայերով վերաբնակեցնել, այսինքն՝ ապահովել գաղթականների վերադարձը հայրենիք։ Ռամկավար եւ Հնչակեան մարմինները Եղեռնի օրերին տեղահանուելով, Կովկաս էին փոխադրուել եւ անյտեղ էլ մնացել. այս կուսակցութիւնները Թրքահայաստանի վերականգնման գործում այլեւս մեծ ներդրում չունեցան։ Դաշնակցութեանն էր վիճակուած շրջանի ղեկը իր ձեռքն առնել եւ իր տեղական մարմինների ու հասարակական կազմակերպութիւնների միջոցով ստեղծել զինուորական, բանուորական եւ գիւղացիական խորհուրդներ (սովետներ), իսկ դրանց համագումարի միջոցով՝ հաւաքական մարմիններ։ Այս վարչական ցանցով, ինչպէս վկայում է Թրքահայաստան գործուղուած Կարօ Սասունին, հիմքն էր դրւում Թրքահայաստանի գիւղատնտեսական եւ զինուորական կառոյցի։ [2]

Թրքահայաստանի իրավիճակը բարելաւելու եւ հաստատուն հիմքերի վրայ դնելու համար, պէտք էր շրջանցել Օզակոմը եւ ունենալ Ժամանակաւոր Կառավարութեան լիակատար եւ ուղղակի գործակցութիւնն ու հովանաւորութիւնը։ Օգտագործելով կուսակցական ընկերների ունեցած կապերը, Դաշնակցութիւնը կարողացաւ յարաբերութիւնների մէջ մտնել Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան հետ։ Լիպարիտ Նազարեանցի վկայութեամբ, բանակցութիւնները մեծ մասամբ տարւում էին Կերենսկու հետ՝ նախ իբրեւ պատերազմական նախարարի, ապա իբրեւ վարչապետի եւ ընդհանուր հրամանատարի։ [3] Բանակցութիւնները արդիւնաւէտ եղան։ Բժ. Յակոբ Զաւրեանի եւ Լիպարիտ Նազարեանցի հետապնդումների շնորհիւ, Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութիւնը համաձայնուեց Թրքահայաստանի գրաւեալ հողերը Անդրկովկասից եւ նրա վարչական կառոյցից՝ Օզակոմից բաժանել եւ իր անմիջական իշխանութեան տակ առնել։

Վերամշակուեց 1916-ի ցարական իշխանութեան հռչակագիրը եւ հրապարակուեց Ապրիլ 26-ին (Մայիս 9)։ Հռչակագիրը վերաբերում էր Օսմանեան Կայսրութիւնից գրաւուած հողերին։ Յատուկ կոմիսար նշանակուեց զօր. Աւերիանովը, իսկ նրա քաղաքացիական գործերի օգնական՝ Զաւրեանը։ [4] Հռչակագիրը ստորագրել էին Ժամանակաւոր Կառավարութեան վարչապետ Լվովը եւ արտաքին գործոց նախարար Միլիւկովը։

Վարչական այս նոր տնօրինումով մեծ թափ առաւ վերաշինութիւնն ու վերակազմակերպումը Թրքահայաստանում։ Հայ գաղթականները սկսեցին աստիճանաբար վերադառնալ իրենց տեղերը։ Արտակարգ կենսունակութեամբ էին տոգորուել մանաւանդ Վասպուրականի եւ Տարօն-Տուրուբերանի շրջանները։ Նոր եռանդով աշխատանքի էին լծուել տեղի Հ. Յ. Դ. մարմինները եւ դաշնակցական զինեալ ուժերը։ Գործուղուել էին բարեսիրական, մշակութային, բժշկական եւ գիւղատնտեսական մարմիններ։ Իրականութիւնն այն էր, որ զօր. Աւերիանովը եւ Թրքահայաստանի համար նրա նշանակած ռուս կառավարիչները ընդհանրապէս մնում էին Թիֆլիսում եւ հետաքրքրութիւն ցոյց չէին տալիս Թրքահայաստանի նկատմամբ։ Կարօ Սասունին նրանց որակում է իբրեւ «Ռուսիոյ անուանական շուքը» ու հետեւցնում. «Ռուսաստանը կը հեռանար մեր երկրէն… Մենք ժառանգորդը կը մնայինք այն ամբողջ հարստութեան եւ ապարատին, որ Ռուսաստանը կը թողուր Տաճկահայաստանի ճակատներու վրայ»։ [5] Հայութիւնը իր կեանքը տնօրինելու որոշ ազատութիւն էր վայելում։ Իրավիճակը յուսադրիչ էր։

Գաղթականների հարցերի կարգաւորման եւ գրաւեալ հողերը հայերով վերաբնակեցնելու գործում մեծ էր դերը Արեւմտահայ Առաջին Համագումարի, որ տեղի ունեցաւ Երեւանում, 1917-ի Մայիսին։ Համագումարի կազմակերպման խթան ուժը Դաշնակցութիւնն էր, բայց, ինչպէս Կարօ Սասունին է բնութագրում, «կուսակցական լայնասրտութիւնն ու բոլոր հոսանքներէն հաւաքական կամք մը ստեղծելու մտահոգութիւնը» մղել էր Դաշնակցութեան՝ համագումարին մասնակից դարձնելու ռամկավարներին, հնչակեաններին եւ սոցիալ-դեմոկրատ բոլշեւիկներին։ Այնուամենայնիւ, մեծամասնութիւն էր Դաշնակցութիւնը եւ 64 հոգինոց համագումարին մասնակցում էր 41 պատգամաւորով, [6] իսկ համագումարից ընտրուած Կեդրոնական Խորհրդի 15 անդամներից 8-ը դաշնակցական էին։ Կեդրոնական Խորհրդից ընտրուեց Արեւմտահայ Բիւրօ՝ նախագահութեամբ Վահան Փափազեանի (դաշնակցական)։ Բիւրոյի միւս անդամներն էին՝ Կարօ Սասունին (դաշնակցական), Արտակ Դարբինեանը, Յակոբ Տէր-Զաքարեանը եւ Աւետիս Թերզիբաշեանը (ռամկավարներ) եւ Հրանդ Գալիքեանը (հնչակեան)։

Թրքահայաստանի ճակատը ամրապնդելու նպատակով Զաւրեանի, Արմէն Գարոյի եւ Պետերբուրգի ու Մոսկուայի միւս դաշնակցական գործիչների միջոցով դիմում կատարուեց Կերենսկիին՝ Եւրոպայի ճակատներից հայ սպաներին ու զինուորներին Կովկաս վերադարձնելու։ [7] Դիմումն ընդունուեց, եւ շուտով հայ զինուորական ջոկատները դէպի Կովկաս շարժուեցին։ 1917-ի Նոյեմբերին Ստոկհոլմում, դանիական մի թերթի (անունը արձանագրուած չէ արխիւներում) տուած հարցազրոյցի մէջ Ռոստոմը զարգացնում էր ռուս բանակում ծառայող հայ զօրականներից հայկական բանակ կազմելու գաղափարը։ Նա պատկերացնում էր, թէ շուտով 150, 000 հոգինոց բանակ պիտի կազմուի թրքական ճակատում կռուելու, եւ թէ դրանց կողքին կլինեն նաեւ արեւմտահայ առանձին գունդերը։ [8] Անդրկովկասում կազմակերպուելով՝ նրանք Բաքու-Թիֆլիս գնացքով ռազմաճակատ պիտի մեկնէին, բայց մահմեդականները փոխադրական ճամբաները փակելով՝ արգիլեցին նրանց յառաջացումը դէպի ճակատ։ Այս երեւոյթը հետզհետէ աւելի սուր բնոյթ ստացաւ, քանի որ գնալով աւելի շեշտուեց մահմեդականների թեքումը դէպի օսմանեան պետութիւն ու նրանց թշնամութիւնը՝ դէպի Բաքուի Խորհուրդը։ Բաքու-Թիֆլիս այս կարեւոր երկաթուղագիծը հսկողութեան տակ պահելով, նրանք արգելում էին իրենց համար անցանկալի տարրերի, դրանց մէջ բնականաբար նաեւ թրքական ռազմաճակատ շտապող հայ զինուորների անցումը։ Եւ ջոկատները այդպէս էլ Բաքուի մէջ արգելափակուած մնացին։

 



[1] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 41-43։

[2] Կ. Սասունի, «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ (1914-1918)», (Բոստոն, 1927) (այսուհետ՝ «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ»), էջ 132-133։ Նոյն աշխատութիւնը որոշ յաւելումներով եւ ընդլայնումներով լոյս է տեսել 1966-ին (Բէյրութ, «Սեւան» Տպարան), «Թրքահայաստանը Ա. Աշխարհամարտի Ընթացքին (1914-1918)» խորագրով։

[3] Տես՝ Լիպարիտ Նազարեանց, «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Եւ Խորհրդային Իշխանութեան Միջեւ Համաձայնութեան Փորձեր», «Դրօշակ», Փարիզ, 1928, թիւ 8-9 (այսուհետ՝ Նազարեանց, «Դրօշակ»ի յօդուած), էջ 231։

[4] Հռչակագրի բնագրից կատարուած մէջբերումը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 24-25։

[5] «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ», էջ 143։

[6] Նոյն տեղում, էջ 137։

[7] Այդ ժամանակ Կերենսկին Լվովի դահլիճում պատերազմական նախարարի պաշտօն ունէր։ Յետագային նա փոխարինեց Լվովին։

[8] Հարցազրոյցը թարգմանաբար տպագրուել է «Յուսաբեր»ի 16 Նոյեմբեր, 1917 համարում եւ տեղադրուել «Ռոստոմ» հատորում, էջ 91-92։