Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ռուսաստանի բոլշեւիկեան իշխանութիւնը - Ժողկոմսովետ

1917-ի Նոյեմբեր 7-ին, ամիսներ շարունակուող բոլշեւիկեան խլրտումներից ու Ժամանակաւոր Կառավարութեան դէմ կազմակերպուած ապստամբութիւններից յետոյ, վերջապէս իրագործուեց բոլշեւիկեան յեղաշրջումը: Առանց զինուորական ուժի, առանց արիւնահեղութեան, բոլշեւիկները տէր դարձան երկրի իշխանութեան: Պետերբուրգի «ռազմառեւոլիւցիոն» (ռազմայեղափոխական) կոմիտէն նոյն օրը դիմում է «Ռուսաստանի քաղաքացիներին» ու յայտարարում, թէ «բանուորների, զինուորների եւ գիւղացիների ռեւոլիւցիայով» ապահովուած է «դեմոկրատական հաշտութեան առաջարկում, հողի կալուածատիրական սեփականութեան վերացում, արտադրութեան վրայ բանուորական վերահսկողութիւն, Սովետական կառավարութեան ստեղծում»: [1] Յաջորդ օրն իսկ ընտրուեց Սովնարկոմը կամ Ժողովրդական կոմիսարների սովետը (Ժողկոմսովետ)՝ Լենինի գլխաւորութեամբ: Տրոցկին ստանձնեց արտաքին գործոց կոմիսարի պաշտօնը, իսկ Ստալինը՝ ազգութիւնների կոմիսարի:

Ժողկոմսովետը կեանքի էր կոչուել մեծ ծրագրերով եւ Ռուսաստանի բոլոր մեծ ու փոքր ժողովուրդների ու ազգային փոքրամասնութիւնների համար ազատութեան եւ հաւասարութեան խոստումներով: Նոյեմբեր 16-ին հրապարակուեց այդ նոյն ոգին մարմնացնող «Ռուսաստանի ժողովուրդների իրաւունքների դեկլարացիան»: Խոստումները փայլուն էին, տառապած ժողովրդի կարիքներից ու ձգտումներից խօսող: Չէ՞ որ Լենինը դեռ 1917-ի Մայիսին յայտարարել էր, թէ «Եթէ վաղը Սովետն իշխանութիւնն իր ձեռքը վերցնի այն ժամանակ մենք կասենք՝ Գերմանիա՛, զօրքերդ դո՛ւրս Լեհաստանից, Ռուսաստա՛ն, զօրքերդ դո՛ւրս Հայաստանից»: [2]

Յամենայնդէպս, խոստումները մնացին հենց շողշողուն ճառերի սահմաններում, իբրեւ անիրաւուած ժողովուրդներին գրաւելու քարոզչական միջոց: Ազգերի ինքնորոշման իրաւունքը դիւանագիտական զէնք դարձաւ միայն: Իրողութիւնը Ստալինի մէկ յայտարարութեան մէջ էր խտացած, այն է՝ թէ, ինչպէս նախապէս յիշուեց յեղափոխութեան այս փուլի մէջ սահմանամերձ շրջանների պահանջը՝ բաժանուելու Ռուսաստանից, միանգամայն հակայեղափոխական է: Իսկ ազգերի ազատութեան մասին Լենինի կատարած առատաձեռն յայտարարութիւնների «սխալ» մեկնաբանութեան առաջն առնելու համար, Ստալինը բացատրում էր, թէ Լենինի մատնանշած ազգերի ինքնորոշման իրաւունքը վերապահուած է բանուորներին եւ ո՛չ բուրժուազիային եւ յիշեցնում էր, թէ ինքնորոշման իրաւունքը միջոց է սոցիալիզմին հասնելու պայքարում: [3] Այդ օրերի շփոթ իրադարձութիւնների եւ տարազան յայտարարութիւնների տեղատարափի մթնոլորտում պարզւում է, թէ բոլշեւիզմի յաղթանակն ապահովելու համար ինչպէս շահագործուեցին ազգութեան գաղափարն ու մարդկային իդեալները:

Բոլշեւիկների ազդեցութեան դաշտը յեղաշրջման սկզբնական շրջանում շատ սահմանափակ էր՝ Պետերբուրգից Մոսկուա երկարող տարածութիւնը միայն: Պէտք էր բացարձակ իշխանութիւն հաստատել ամբողջ երկրում, միջոցը՝ քաղաքացիական կռիւ, հալածանք եւ ահաբեկում, յեղափոխութեան հակառակորդների մաքրագործում: Եւ Չեկայի միջոցով ի գործ դրուեցին այդ բոլորը: Լացիսի «Կարմիր Տերրոր» յօդուածից մէջբերումներ կատարելով՝ Վահան Նաւասարդեանը այսպէս է նկարագրում այդ օրերի իրողութիւնը. «Մեղադրեալին գնդակի բռնելու համար բնաւ անհրաժեշտ չէր հաստատել, թէ նա գործով (գէթ մէկ անգամ) կամ խօսքով (որեւէ) պայքարել է (երբեւէ) խորհրդային իշխանութեան դէմ: Բաւական էր ապացուցել, որ նա «հակաբոլշեւիկեան» «կրթութեան» կամ «արհեստի» տէր է եւ կամ «հակաբոլշեւիկեան» ընկերային ծագում ունի»: [4] Պարզ է, թէ որքան մեծ էր Չեկայի դերը բոլշեւիկեան յեղափոխութիւնը իր լրումին հասցնելու գործում։ Լենինի կարծիքով, համաբանուորական յեղափոխութիւնը պիտի տարածուէր ամբողջ աշխարհում, եւ այդ ճամբին պիտի ոչնչացուէր ամէն խոչընդոտ: Չեկան այդ խոչընդոտները ոչնչացնելու դերն էր ստանձնել:

Բոլշեւիկեան յեղափոխութեան ալիքները Կովկաս էին հասել եւ շփոթի մատնել դեռ նոր ձեւաւորուող կովկասեան վարչամեքենան: Բաքուի Սովետը միակն էր, որ անմիջապէս իր հաւատարմութիւնն էր յայտնել Ժողկոմսովետի կառավարութեան եւ ընդունել Ստեփան Շահումեանի նշանակումը իբրեւ Կովկասի յատուկ կոմիսար (նշանակումը կատարուել էր 1917-ի Դեկտեմբեր 16-ին): Միւս խորհուրդները, հաւատացած լինելով, որ բոլշեւիկեան յեղաշրջումը պիտի ձախողի, դեռ կառչած էին մնացել Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան։

 



[1] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 66, էջ 103:

[2] Լ. Ա. Խուրշուդեան, «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը» (Այսուհետ՝ «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական հարցը») (Երեւան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1977), էջ 10. մատնանշուած աղբիւր՝ Վ. Ի. Լենին , «Երկեր», հատ. 24, էջ 367:

[3] Armenia on the Road to Independence, էջ 95։

[4] Վ. Նաւասարդեան, «Հ. Յ. Դաշնակցութեան «Լիկուիդացիան»» (Գահիրէ, Տպարան «Յուսաբեր», 1924), էջ 14