Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կովկասեան Անկախ Պետութիւն

Սէյմի վրացի անդամները, որոնք կողմնակից էին պատերազմը շարունակելու եւ մանաւանդ, պնդում էին Բաթումը ամէն գնով պաշտպանելու կարեւորութեան վրայ, ի տես դէպքերի զարգացման, համոզուել էին, որ միակ ելքը Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելն է, իսկ դա հայերի համար նշանակում էր Թրքահայաստանը կորցնել վերջնականապէս:

Ապրիլ 22-ի Սէյմի նիստը զբաղուեց թուրքերի վերջնագրում ընդգրկուած պայմանների, դրանց մէջ նաեւ Անդրկովկասի անկախութեան հարցի քննարկումով: Գրաւիչ էր այս գաղափարը, բայց երբ թշնամին էր պահանջում անկախութիւն յայտարարել, դա չէր կարող ոգեւորութիւն առաջացնել: Վրացեանը վկայում է, թէ վրաց մենշեւիկներն անգամ զգում էին, որ անկախութեան յայտարարութիւնը փրկութիւն չի բերելու եւ չի կասեցնելու թուրքերի յառաջխաղացքը: Այս իրավիճակը ենթադրում էր միանգամայն ստրուկ դառնալ թուրքերին: Ցնծութեան մէջ էին միայն մուսաւաթականները: Նիստի ընթացքում Յ. Քաջազնունին արտայայտեց կուսակցութեան դիրքորոշումը. «Պարոնա՛յք Սէյմի անդամներ, Դաշնակցութեան ֆրակցիան գիտակցելով շատ պարզ այն մեծ պատասխանատւութիւնը, որ առնում է իր վրայ այս պատմական վայրկեանին, միանում է ինքնուրոյն անդրկովկասեան պետութեան յայտարարութեան»: [1] Նրա ելոյթը տոգորուած էր պարտուածի ու յուսալքուածի խորը յուզումով։ Երկար վիճաբանութիւնից յետոյ ձեւակերպւում է մի բանաձեւ, ուր ասւում էր, թէ «Անդրկովկասեան Սէյմը որոշեց՝ յայտարարել Անդրկովկասը ռամկավար դաշնակցային հանրապետութիւն»: Ապա խօսք է առնում Չխենկելին եւ զեկուցում ռազմաճակատի վերջին իրադարձութիւնների, կովկասեան բանակի կրած անյաջողութիւնների մասին եւ ակնարկում է կովկասեան մահմեդականների դաւաճանութեան:

Սէյմի այս նիստում հրաժարւում է Գեգեչկորու կառավարութիւնը, որ համամիտ էր պատերազմը շարունակելուն եւ դէմ էր Ռուսաստանից անջատուելու եւ անկախութիւն յայտարարելու գաղափարին: Չխենկելուն յանձնարարւում է նոր կառավարութիւն կազմել: Նա իր դահլիճով Սէյմին է ներկայանում Ապրիլ 26-ի նիստին եւ կատարում է կառավարութեան յայտարարութիւնը: [2] Նիստի ընթացքում աւելի յստակ են դրսեւորւում մուսաւաթականների համաթուրքական նպատակները, որոնց արտայայտիչն էր Սէյմի մահմեդական ներկայացուցիչ Ռասուլզադէն: Այս թրծուած քաղաագէտը նորաստեղծ պետութեան նկատմամբ իր կուսակցութեան հաւատարմութիւնն է յայտնում եւ առաջարկում է Դաղստանին եւս ներգրաւել Անդրկովկասի հանրապետութեան մէջ եւ այսպէս հանրապետութիւնը ընդլայնելով՝ նրա մէջ առնել բոլշեւիկեան լծի տակ տառապող մահմեդականների այլ տարածքներն ու հիւսիսային Կովկասը եւս: Նպատակը պարզ էր. մահմեդական ժողովուրդներին մէկտեղել մէկ պետութեան դրօշի ներքոյ: Ապա խօսք է առնում Կարճիկեանը եւ դաշնակցական ֆրակցիայի անունից խոստանում է սատար կանգնել կառավարութեան քաղաքական ծրագրին: Նա Անդրկովկասի անկախութեան իրողութիւնը ներկայացնում է իբրեւ արդիւնք արտաքին ճնշման: Այնուամենայնիւ, այդ անկախութիւնը համարում է իբրեւ փրկութեան ուղի: Ապա մտահոգութիւն է յայտնում Կովկասի հայութեան ներկայ իրավիճակի մասին: Նա մատնանշում է, մանաւանդ՝ ժողովրդավարական կարգերի խախտումներ, որոնք վնասում են հայութեան: Ցաւ է յայտնում ի տես այն իրողութեան, որ ընդհանրապէս փլուզման է ենթարկուել Անդրկովկասի ժողովրդի հաւատը ժողովրդավարութեան հանդէպ: Կարճիկեանը արծարծում է նաեւ «Անդրկովկասի տերիտորեալ միաւորումների» ստեղծման անհրաժեշտութիւնը: Այս վերջինը ցուցանիշն էր Դաշնակցութեան անդրդուելի նպատակի՝ հայ ժողովրդի համար որոշակի սահմաններով եւ ինքնորոշման իրաւունքով տարածաշրջան ապահովելու:

Փաստօրէն Սէյմը իր Ապրիլ 26-ի նիստում վաւերացրեց նոր կառավարութիւնը, մինչդեռ Ապրիլ 22-ից արդէն Չխենկելին անկախ Անդրկովկասի անունից ապօրինի յայտարարութիւններ էր կատարում եւ ռազմաճակատում գաղտնի կարգադրութիւններ անում: [3] Այս երեք օրերը ճակատագրական նշանակութիւն ունեցան Կովկասեան ժողովուրդների եւ մանաւանդ հայերի համար: Իսկ դրա պատճառը, Խատիսեանի կարծիքով, Գեգեչկորի-Կարճիկեան-Ռամիշվիլի երրորդութեան ժամանակից շուտ իշխանութիւնը լքելը եւ Չխենկելուն ազատ գործունէութեան առիթ տալն էր: [4]

Անդրկովկասեան Հարապետութեան անունից եւ առանց Ազգային Խորհրդի գիտակցութեան Չխենկելին յայտնում է թուրքերին, որ Անդրկովկասը ընդունել է նրանց պայմանները, աւելին հրաման է արձակում զինուորական գործողութիւնները դադարեցնել: Հրամանը բնականաբար զարմանք ու յուսալքում է առաջացնում ռազմաճակատի հայ հրամանատարութեան մէջ եւ դժգոհութեան ալիք բարձրացնում այն հայ զինուորների մէջ, որոնք վճռել էին հայրենիքի փրկութեան համար կռուել մինչեւ մահ: Իսկ Հայոց Ազգային Խորհրդի հեռագրային կապը հայկական զօրամասի (կորպուսի) հետ կտրուած էր եւ մարմինը տեղեակ չէր անցուդարձից:

Չխենկելու հրամանով ռազմական գործողութիւնները դադարեցուեցին, բայց դա չկասեցրեց թուրքերի շարունակական յարձակումներն ու առաջխաղացքը, որոնք պատճառ դարձան Կարսի անկման: Երբ վերջապէս Ազգային Խորհուրդը եւ Սէյմի դաշնակցական ֆրակցիան տեղեկացան այդ միակողմանի զինադադարի եւ Կարսի անկման մասին, այլեւս ուշ էր: [5] Այս անգամ Կարսի հայ բնակչութիւնն էր խուճապահար դէպի Երեւան փախչում:

Չխենկելու կարգադրութիւններից անտեղեակ էին նոյնիսկ Քաջազնունին եւ Խատիսեանը, որոնք նրա դահլիճի մէջ պաշտօններ ունէին: Ստեղծուած իրավիճակում միակ միջոցը բողոքն էր Սէյմի մէջ՝ ընդդէմ Չխենկելու ապօրինի արարքների եւ պահանջ՝ նրա հրաժարման: Այդ բողոքներն էլ, ի հարկէ, ի զուր անցան, ապարդիւն էին նաեւ որոշ վրաց ղեկավարների ձայնակցութիւնը այս բողոքներին: Չխենկելին մնաց գործի գլուխ եւ իր դահլիճը վաւերացնել տուեց Ապրիլ 26-ի Սէյմի նիստում:

Կարսի անկումից երեք օր յետոյ Վեհիբ փաշան յայտնում է, թէ Թուրքիան պաշտօնապէս ճանաչում է Անդրկովկասի հանրապետութիւնը եւ ընդունում է Չխենկելիի առաջարկը՝ բանակցութիւնները սկսելու: Կովկասեան պատուիրակութիւնը Մայիս 5-ին մեկնում է Բաթում, ուր տեղի պիտի ունենային բանակցութիւնները: Պատուիրակութեան մաս էին կազմում Քաջազնունին եւ Խատիսեանը, իսկ որպէս խորհրդական մասնակցում էին Մ. Բունեաթեանը եւ Սիմոն Վրացեանը:

Բանակցութիւնների առաջին նիստը բացուեց Մայիս 11-ին. մասնակցում էին նաեւ Գերմանիոյ ներկայացուցիչները: Թուրքիոյ ներկայացրած պահանջները իբրեւ հաշտութեան պայմաններ, կարծես միտում էին վերջ տալ Կովկասի սահմանները քշուած Հայաստանի գոյութեան ու խլել Վրաստանից նրա հարաւ արեւմտեան մի կարեւոր մասը: Թուրքերը Կարսից, Արդահանից եւ Բաթումից բացի պահանջում էին Ախալքալաքը, Ախալցխան, Սուրմալուն եւ Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի այն շրջանները, որտեղով Կարս-Ջուլֆա երկաթուղին էր անցնում: Հաշտութիւնը այս պայմաններում անկարելի էր:

Բանակցութիւնները դեռ շարունակւում էին Գերմանիոյ ներկայացուցչի մասնակցութեամբ, բայց յստակօրէն զգալի էր օրէցօր ծանրացող լարուածութիւնը թուրքերի եւ գերմանացիների միջեւ: Միւս կողմից վարագոյրի ետեւում տարւում էին վրացիների եւ գերմանացիների գաղտնի համաձայնութեան նախապատրաստական աշխատանքները: Վրաց ղեկավարները, զգալով Կովկասում տիրող մահմեդական սպառնալիքը եւ մահմեդականներին զօրացնելու Թուրքիայի մտադրութիւնը, գերմանացիների հովանաւորութիւնն էին փնտրում՝ անջատուելու եւ անկախ հանրապետութիւն կազմելու: Սակայն շարունակւում էր թրքական բանակի յառաջխաղացքը Կովկասի մէջ, եւ այն Ալեքսանդրապոլի միջով շարժւում էր դէպի հայկական շրջանները, դէպի Երեւան:

Մայիսի 26-ին թուրքերը հաշտութեան պատուիրակութեան ներկայացրին մի վերջնագիր, ուր նշուած էր, թէ տուեալ պայմաններում, երբ այլեւս փաստօրէն գոյութիւն չունի Անդրկովկասի միութիւն, անիմաստ է շարունակել բանակցութիւնները: Այլ խօսքով, պահանջւում էր Անդրկովկասի Սէյմը լուծարել: Թուրքերի պահանջով անկախ յայտարարուած Անդրկովկասի հանրապետութիւնը այժմ նրանց իսկ պահանջով տարրալուծուելու սեմին էր կանգնած. այնուամենայնիւ, վերջնագրի ոգին իրականութեան արտայայտութիւնն էր: Նոյն օրը Սէյմի նիստում, վրացիների պնդումով Սէյմը ցրելու որոշում առնուեց: [6] Մի քանի ժամ յետոյ վրաց Ազգային Խորհուրդը յայտարարեց Վրաստանի անկախութիւնը եւ վերջնական անջատումը Ռուսաստանից: Անկախ Վրաստանի վարչապետ էր նշանակուած Ռամիշվիլին, արտաքին գործոց նախարար՝ Չխենկելին: Նախորդ օրը Բաթումում Ժորդանիան Խատիսեանին դիտել էր տուել, թէ քանի հայերը դեռ շարունակում են դէմ դնել թուրքերին, իսկ նրանք առաջանում են սանձարձակօրէն, Վրաստանը պարտաւոր պիտի լինի անկախութիւն հռչակել: Խատիսեանի բողոքին, թէ այս պահին, երբ հայերը արիւն են թափում, «ինչպէս կրնաք մեզ լքել, միթէ՞ ազնիւ բան է այս», Ժորդանիան պատասխանել էր սառնօրէն. «Ազնիւ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովուրդին… Մենք չենք կրնար խեղդուիլ ձեզի հետ միասին»: [7]

 



[1] Քաջազնունիի ճառի բովանդակութիւնը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 105:

[2] Սէյմի Ապրիլ 26-ի նիստի արձանագրութիւնները տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 197:

[3] Չխենկելիի դահլիճը կազմուած էր 4 վրացիներից, 5 թուրքերից եւ 4 հայերից: Դահլիճի հայ անդամներն էին, Ալեքսանդր Խատիսեան՝ ֆինանսների, Աւետիք Սահակեան՝ պարենաւորման, Յ. Քաջազնունի՝ պետական խնամատարութեան եւ Արամայիս Երզնկեան՝ աշխատանքի նախարարներ: Առաջին երեքը դաշնակցականներ էին, իսկ վերջինը՝ սոցիալ-դեմոկրատ: (Այս տեղեկութիւնը առնուած է Սէյմի Ապրիլ 26-ի նիստի արձանագրութիւններից, տես՝ Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 197: ) Վրացիները գրաւում էին ամենազգայուն պաշտօնները. նրանցից յետոյ գալիս էին թաթարները, իսկ հայերին տրուած էին ամենաանկարեւոր պաշտօնները: Անկախ Անդրկովկասի մասին բացատրութիւններ եւ մեկնաբանութիւններ տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 107: Միջանկեալ, Սէյմի Ապրիլ 26-ի նիստում էր (հին տոմարով՝ Ապրիլ 13), որ որոշուեց ընդունել նոր տոմարը, որ արդէն ընդունուել էր Ռուսաստանում: Պատմագիտական աղբիւրների մէջ մինչեւ այդ թուականը գործածուած է հին տոմարը:

[4] Տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 56: Այդ օրերի ճակատագրական դէպքերի մանրամասները եւ անցուդարձը անդրկովկասեան կառավարութեան մէջ, տես՝ նոյն տեղում, էջ 52-61:

[5] Զօր. Նազարբէկեանի պատասխանը Ս. Վրացեանի հարցապնդումին՝ Կարսը փրկելու միջոցներ խորհելու համար, ցուցաբերում է նրա խորը ցաւը՝ կամքից անկախ կառավարութեան հրամանը կատարած լինելու համար: Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 113:

[6] Սէյմը ցրելու համար ընդունուած բանաձեւը տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 84: Փաստաթուղթը՝ տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 148, էջ 222:

[7] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 82: