Հեղինակ

Բաժին

Թեմա

Բաքուի իրավիճակը բոլշեւիկեան իշխանութեան հաստատումից առաջ

Տապալուել էր Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութիւնը, եւ Ժողկոմսովետը, առ նուազն երեւութապէս, տէրն էր կացութեան։ Այդ տիրապետութիւնը աւելի երեւութական էր Կովկասում, ուր միշտ աւելի թոյլ էր բոլշեւիկների ազդեցութիւնը։ Իբրեւ ապացոյց այդ իրականութեան, դեռ Դեկտեմբեր 16-ին Կովկասի ընդհանուր կոմիսար նշանակուած Ստեփան Շահումեանը ապրում էր Թիֆլիսում, առանց կարողանալու իր դերը ստանձնել եւ բոլշեւիկեան իշխանութիւնը հաստատել Կովկասում։ Այդ իշխանութիւնը լիակատար չէր նոյնիսկ Բաքւում, ուր ամենից մեծ ազդեցութիւնն ունէին բոլշեւիկները։ Բաքուն եւս մերժել էր ճանաչել խորհուրդների (սովետների) իշխանութիւնը։ 1918-ի Յունուար 1-ին բացուած Բաքուի Բանուորա-զինուորա-նաւաստիների Պատգամաւորների Խորհուրդը, որ Բաքուի իշխանութեան բարձրագոյն մարմինն էր, իր բաղկացուցիչ տարրերով հեռու էր բոլշեւիկեան լծակ լինելուց։ Նրա շուրջ 300 պատգամաւորներից 60-ը միայն բոլշեւիկներ էին, մնացեալը՝ 50 ձախ սոցիալիստ-յեղափոխականներ, 45 աջ սոցիալիստ-յեղափոխականներ, 55 դաշնակցականներ, 52 մուսաւաթականներ եւ ուրիշներ։ [1] Այս Խորհրդից ընտրուած գործադիր կոմիտէն շրջանի լիիրաւ իշխանութիւնն էր ներկայացնում եւ բաղկացած էր 5 մեծ կուսակցութիւնների ներկայացուցիչներից։ Գործադիր մարմնի մէջ դաշնակցական բլոքի մաս էր կազմում նաեւ Աւիս Նուրիջանեանը, որ այդ ժամանակ դեռ Դաշնակցութեան շարքերում էր։ [2]

Յետադարձ հայեացքով կարելի է ասել, որ մուսաւաթականների մասնակցութիւնը Բաքուի այս նոր վարչամեքենային սկզբից էլ ձեւական է եղել։ Նրանք ձգտում էին Թուրքիոյ օժանդակութեամբ իրագործել Ազրբէյջանի անջատումը Կովկասի վարչամեքենայից եւ անկախութեան հասնել։ Բայց հակառակ վրացիների, որոնք ունէին կազմակերպուած ղեկավարութիւն ու անցեալի փորձ եւ ծրագրուած քայլերով դէպի անկախութիւն էին գնում, թաթարները չունէին ո՛չ փորձառու ղեկավարութիւն եւ ո՛չ էլ ծրագրուած ռազմավարութիւն։ Մուսաւաթը նորակազմ կուսակցութիւն էր եւ նրա միակ գրաւիչ գաղափարաբանութիւնը Ազրբէյջանը օտարներից մաքրելն էր, գաղափար, որ լիակատար արձագանքն էր փանթուրանիզմի։ Եւ հենց այդ գաղափարաբանութեան հետեւորդներն էին, որ կարճ ժամանակում բազմացրին Մուսաւաթի շարքերը եւ իրագործեցին մաքրագործումների, այսինքն՝ կոտորածների հրահանգները։ Դրանք էին դարձեալ, որ քանիցս ճակատից վերադարձող զինուորներին զինաթափ արին ու հսկայ քանակութեամբ զինամթերք թալանեցին։

Բաքուի այլազան տարրերի ազդեցութեան այս դաշտում, Թիֆլիսի Հ. Յ. Դ. Ռայոնական Ժողովի եւ Հայոց Ազգային Խորհրդի որոշմամբ, 1917-ի վերջերին Բաքւում կազմուեց Ազգային Խորհուրդ՝ Թիֆլիսի մարմնին ենթակայ։

Մարմինը բաղկացած էր 3 դաշնակցականներից՝ Աբրահամ Գիւլխանդանեան (նախագահ), Վարդան (Խանասորի), Կ. Պարունակեան (որին յետոյ փոխարինեց Սարգիս Արարատեանը), մէկ սոցիալ-յեղափոխական՝ յանձին Լեւոն Աթաբէկեանի (փոխ-նախագահ), մէկ սոցիալ-դեմոկրատ՝ յանձին Ն. Տէր-Ղազարեանի, երկու հայ ժողովրդականներ՝ յանձին Հայկ Տէր-Միքայէլեանի եւ Ս. Տէր-Ղազարեանի, ընդամէնը 7 հոգի։ Անմիջապէս, ձայնի իրաւունքով մարմնի ժողովներին հրաւիրուեցին մասնակցելու Ռոստոմը, Յովհ. Քաջազնունին եւ բժ. Իսախանեանը։ [3] Բաքուի Ազգային Խորհրդի կազմի վրայ յետագայում խորհրդակցական ձայնով աւելացան Զապէլ Եսայեանը եւ Ռուբէն Քաջբերունին՝ որպէս արեւմտահայոց ներկայացուցիչներ։ Կազմի մէջ իբրեւ քարտուղար աշխատում էր Ռուբէն Դարբինեանը . Չիլինգարեան)։

Այդ օրերին Ռոստոմը, որ Ստոկհոլմից նոր էր վերադարձել, բոլշեւիկեան յեղափոխութեան շփոթի մէջ բռնուած, լծուել էր Պետերբուրգից մինչեւ Նախիջեւան ցրուած ռուսական բանակի հայ սպաներին ու զինուորներին ի մի հաւաքելու եւ դէպի Բաքու ուղարկելու գործին։ Նա Բաքու էր եկել յոյս ունենալով, որ այստեղ կարելի կլինի մի ռազմական ուժեղ միաւոր կազմակերպել եւ Ղարաբաղի ու Երեւանի վրայով ռազմաճակատ ուղարկել։ [4] Ի հարկէ, դէպքերը տարբեր ընթացքով զարգացան. 1918-ի Յունուարի կէսերին Շամխորի ընդհարումներից յետոյ, մահմեդականները մեծ քանակութեամբ զէնքի ու զինամթերքի տիրացան. աւելի համարձակ ու յաճախակի դարձան նրանց եւ ընդհանրապէս թաթարների ոտնձգութիւնները։ Նրանք նոյնիսկ զէնքի ուժ գտնելով՝ երկաթուղին իրենց հսկողութեան տակ պահեցին եւ արգելեցին հայ զինուորների փոխադրութիւնը դէպի Թրքահայաստանի ռազմաճակատները եւ Ղարաբաղ։ Փաստօրէն, Բաքուն կտրուեց թէ՛ Թիֆլիսից եւ թէ՛ Ղարաբաղից։ [5] Այսպէս, հազարաւոր հայ զինուորներ, շաբաթներով Անդրկովկասի երկաթուղու բացման սպասելով, Բաքուի երկաթուղակայանի դիմացի հրապարակներում ամենաաննպաստ ու դժնդակ պայմանների մէջ մնացին։ Հայ զինուորների անցումը դէպի ճակատ կարելի դարձնելու համար Հայոց Ազգային Խորհրդի եւ Հ. Յ. Դաշնակցութեան վարած բանակցութիւնները թուրք Ազգային Խորհրդի հետ ապարդիւն անցան։ Մելիք-Եօլչեանը վկայում է, որ միայն հայ ղեկավարութեան ջանքերի շնորհիւ էր, որ հայ զինուորները, տարիներով թրքական ռազմաճակատներում տառապած ու այժմ թուրքերի յարուցած արգելքներին դէմ առած, այդ ծանր իրավիճակում իրենց զայրոյթը չթափեցին թուրք բնակչութեան վրայ։

Թէեւ Բաքուի տարազան ազգաբնակչութեան մէջ առաջացած էին անհամաձայնութիւններ ու բախումներ, սակայն, կարելի է ասել, որ բաւական մեծ համագործակցութիւն կար ո՛չ միայն Դաշնակցութեան եւ բոլշեւիկ ղեկավարների, այլ նաեւ Գործադիր Կոմիտէի մէջ գործող կուսակցութիւնների միջեւ։ Բաքուի Խորհրդի եւ դրա Գործադիր Կոմիտէի նախագահ՝ բոլշեւիկ Ալեօշա Ջափարիձէն յարատեւօրէն տանում էր համերաշխ գործունէութեան քաղաքականութիւն։

 



[1] Տես՝ Սերգէյ Մելիք-Եօլչեանի «Բագուի Հերոսամարտը» (այսուհետ՝ «Բագուի Հերոսամարտը»), «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 7, Մայիս, 1925։ Հեղինակը մաս է կազմել Բաքուի ղեկավարութեան, ինչպէս եւ Բաքուի Խորհրդից ընտրուած գործադիր կոմիտէին։ Նա մասնակցել է Բաքուի պաշտպանութեան եւ յետագային գրի է առել իր յուշերը։ Բաքուի Կոմունայի եւ ընդհանրապէս Սփիւռքում լոյս տեսած Բաքուի պատմութեան կարեւոր աղբիւր է նաեւ նախապէս յիշուած Ռանըլդ Սիւնիի The Baku Commune, 1917-1918- ը, որի մէջ Բաքուի Խորհրդի բաղկացուցիչ տարրերի ցուցակը այլ կերպ է ներկայացուած. տրուած է երկու աղբիւր, ըստ որոնց բոլշեւիկների թիւը 48 է 200-ի վրայ կամ 51 է 190-ի վրայ։ Բաքուի անկման մանրամասները տես նաեւ՝ Ֆիրուզ Քազեմզադեհ, The Struggle for Transcaucasia (1917-1921), (New York, Oxford, 1951), էջ 128-146. նաեւ՝ Ջորջ Ա. Բրինքլի, The Volunteer Army and Allied Intervention in South Russia, 1917-1921 (Notre Dame, Indiana, Notre Dame University Press, 1966), էջ 67-69. Բաքուի հերոսամարտի մասին տես՝ նաեւ «Ռոստոմ», էջ 320-406։

[2] Աւիս Նուրիջանեանը, որի անուան աւելի յաճախ պիտի հանդիպենք յետագային, դուրս եկաւ Դաշնակցութեան շարքերից, միացաւ բոլշեւիկեան կուսակցութեան եւ Մոսկուայի կողմից նշանակուեց Հայաստանի Յեղկոմի անդամ դեռ նախքան Հայաստանի խորհրդայնացումը։

[3] Բաքուի Ազգային Խորհրդի ցանկը առնուած է «Հայաստանի Հանրապետութիւն»ից, էջ 157։ Ըստ Սերգէյ Մելիք-Եօլչեանի տուած տեղեկութեան, Բաքուի Ազգային Խորհուրդը հետեւեալ պատկերն էր ներկայացնում. դաշնակցականներ՝ Ա. Գիւլխանդանեան, Ս. Արարատեան, Ա. Չիլինգարեան, ժողովրդականներ՝ Հ. Տէր-Միքայէլեան, Ս. Տէր-Ղազարեան, սոցիալիստ-յեղափոխական՝ Լ. Աթաբէկեան, սոցիալ-դեմոկրատ մենշեւիկ՝ Ն. Տէր-Ղազարեան։ Տես՝ «Բագուի Հերոսամարտը», էջ 115։

[4] «Ռոստոմ», էջ 208։

[5] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 158։