Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բաքւում բոլշեւիկեան մենատիրութիւն հաստատելու փորձեր

Բոլշեւիկները փորձում էին ամբողջ Կովկասում խորհրդային կարգեր հաստատել եւ Կովկասը Ժողկոմսովետի իշխանութեան տակ բերել: Այսպէս, Բաքուի պաշտպանութեան արտակարգ յաջողութիւնը միայն իրեն վերագրելով՝ Շահումեանը այլեւս բոլշեւիկեան իշխանութիւնը ամբողջ Կովկասում տարածելու իր գերագոյն նպատակին էր ձգտում եւ ինքնավստահ կերպով խոստանում էր կռուել «մուսուլմանական նացիոնալիստների» դէմ, որոնք «բոլշեւիկներին զրկում են բանուոր դասակարգի ազատութեան համար իրենց պայքարը շարունակելու իրաւունքից»: Նոյն ոգով՝ «Անողոք պայքար» էր յայտարարում «հայ-նացիոնալիստների քաղաքականութեան դէմ, նաեւ հայկական ազգային գունդեր կազմելու դէմ»: [1]

Այդ նոյն ինքնավստահութեամբ, Շահումեանը հրաման է արձակում լուծարել հայկական զօրամասերը կամ դրանք յանձնել Ռազմա-Յեղափոխական Կոմիտէին: Ապրիլ 8-ին արդէն Ռազմա-Յեղափոխական Կոմիտէն բոլոր ազգային զօրամասերը եւ ազգային խորհուրդները լուծարուած է համարում: Բանուորների, զինուորների եւ նաւաստիների դեպուտատների Սովետի Ապրիլ 19-ի նիստին, «խօսելով ընթացիկ մոմենտի մասին», Շահումեանը յստակօրէն ներկայացնում է իր կեցուածքը հայ ազգային կառոյցների հանդէպ. «Մենք անգամ ստիպուած էինք դիմել հայկական գնդի օգնութեանը: Մենք նոյնիսկ չկարողացանք թոյլ տալ մեզ նրանց ծառայութիւնից հրաժարուելու շռայլութիւնը: Անհրաժեշտ էր օգտուել հայկական գնդի ծառայութիւնից, իսկ յաղթանակն այնքան էր խոշոր, որ այդ հանգամանքը քիչ է մթագնում իրականութիւնը: Եւ ահա, յանուն ինտերնացիոնալիզմի յաղթանակի, չպէտք է հնարաւորութիւն տալ ամրանալու ազգային խորհուրդներին եւ գնդերին»: [2]

Հ. Յ. Դ Կենտրոնական Կոմիտէի եւ Հայոց Ազգային Խորհրդի որոշումով Համազասպի կազմակերպած գումարտակները յանձնւում են իշխանութեան: Ռազմա-Յեղափոխական կոմիտէի եւ Ազգային Խորհրդի միջեւ Ապրիլ 14-ին կայացած հայկական զօրաբաժնի փոխանցման համաձայնագիրը ստորագրել էին Ստեփան Շահումեանը, Աբրահամ Գիւլխանդանեանը եւ ուրիշներ: [3] Շահումեանը այս առիթով վկայում է, թէ լուծարուեցին բոլոր ազգային զօրամասերը, Կարմիր Բանակի մէջ առնուեց նաեւ հայկականը: [4] Ապրիլ 14-ին, բոլշեւիկեան ճնշման տակ, Հայոց Ազգային Խորհուրդը եւս իր ամբողջ ուժը զիջել էր Ռազմա-Յեղափոխական Կոմիտէին:

Ապրիլ 25-ին կազմւում է Բաքուի Ժողովրդական կոմիսարների Սովետը՝ ամբողջութեամբ կոմունիստներից բաղկացած եւ սերտօրէն կապուած կենտրոնական իշխանութեան հետ: Սովետը բնականաբար նախագահում է Ստ. Շահումեանը:

Բաքւում իրականացած էր արդէն բոլշեւիկեան տիրապետութիւնը: Յունիս 4-ի ելոյթում Շահումեանը շնորհաւորում է բանուորներին նաւթահորերի ազգայնացման եւ Բաքուի աշխատանքային կոմունա դառնալու առիթով: [5] Ճիշտ է, միահեծան տէրերը բոլշեւիկներն էին, սակայն դեռ անժխտելի ուժ ու ներկայութիւն էին թէ՛ Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ թրքական ընդհանուր վտանգի առջեւ շարունակում էր համագործակցել բոլշեւիկների հետ, թէ՛ հայոց եւ միւս ազգերի, մանաւանդ թուրքերի, ազգային խորհուրդները: Ներկայութիւն էին նաեւ որոշ թուով անգլիացիներ, որոնց հանդէպ Շահումեանը դեռ վարում էր զգուշաւոր քաղաքականութիւն: [6]

Այս ամբողջ ընթացքում, Բաքուից ճողոպրած եւ շրջաններում ապաստանած մուսաւաթական ղեկավարները խլրտումներ էին կազմակերպում, շարունակում էին հայերի հալածանքն ու կոտորածը: Այս յարձակումներին նոյնպէս Բաքուի կառավարութեան կարգադրութեամբ դէմ է գնում Համազասպը իր գումարտակներով: Համազասպի ուժերից կրած պարտութիւնը չէր յուսահատեցրել թուրքերին, որոնք այս անգամ տաճկական զօրքի օգնութեան սպասելով՝ կազմակերպւում էին: Եւ իրօք, տաճկական զօրքերի մերձեցման լուրը տարածուել էր Բաքւում: Հաւանական յարձակման դէմ պաշտպանուելու համար, Բաքուի բոլշեւիկ իշխանութիւնը մեծ բանակ էր կազմակերպում. նպատակն էր, ոչ միայն դէմ դնել օսմանեան զօրքին, այլ անցնել Գանձակ, հասնել Թիֆլիս եւ խորհրդային կարգեր հաստատել ամբողջ Անդրկովկասում: Այս գործողութեան մէջ օգտագործւում էին նաեւ հայկական գնդերը՝ Համազասպի ղեկավարութեամբ: [7] Այլ էր, սակայն, բանակին միացած հայկական զօրամասերի նպատակը. նրանք գնում էին թուրքերից վրէժ առնելու, հայ բնակչութեան պաշտպանելու եւ Թիֆլիսի վրայով օր առաջ Հայաստանին օգնութեան հասնելու: Մայիսի կէսերին ամբողջ բանակը, զօրավար Բագրատունու հրամանատարութեամբ, շարժուեց դէպի Գանձակ: Հենց այս առաջին գործողութեան ընթացքում էր, որ զօրավար Բագրատունին թաթարների կողմից ահաբեկման ենթարկուելով՝ երկու ոտքերը կորցրեց: [8]

Յունիս 5-ին բանակը հակայարձակողականի է դիմում թուրք-ազրբէյջանական ուժերի դէմ եւ որոշ յաջողութիւններ արձանագրում: Յուլիս 5-ին վերջապէս Բաքու է հասնում գնդ. Լազար Բիչերախովը իր զօրամասով եւ նշանակւում է Բաքուի պաշտպանութեան պետ, որը մեծ ոգեւորութիւն է առաջացնում: Յուլիս 9-ին սկսում են նոր հակայարձակողականները, բայց յաջողութիւնները երկար չեն տեւում: Թուրքերի գործողութիւնները ուժեղ էին, իսկ ռուս զօրքի ու հրամանատարութեան վրայ իզուր էր յոյս կապել Բաքուի բոլշեւիկեան իշխանութիւնը: Յուլիս 26-ին Բիչերախովը իր զօրամասով փախուստ տուեց դիրքերից:

Շահումեանը, ի հարկէ, Լենինին ու Ստալինին հեռագրով տեղեկացրել էր իրավիճակի մասին եւ յայտնել Բաքուի Սովետի վճռականութիւնը՝ «Կարմիր Բանակի դրօշի տակ պաշտպանելու Բաքուի պրոլետարիատին՝ ամբողջ Անդրկովկասը ստրկացնող գերմանա-թուրքական եւ մենշեւիկեան բանդաների դէմ»: [9] Այնուամենայնիւ, Ստալինը Շահումեանին յղած մի նամակում, այդ հարցերը անտեսած, դեռ կարգադրում էր օգնել Թուրքեստանին՝ անգլիացիների խաղերին կուլ չգնալու համար: [10] Աւելին, միեւնոյն ժամանակ, երբ Շահումեանը Թուրքիայից սպառնացող վտանգի մասին անդադար զեկոյցներ էր յղում Մոսկուա, երբ նա թուրք-գերմանական համաձայնութիւնը Կովկասի խորհրդային իշխանութեան ամենամեծ թշնամին էր ներկայացնում, երբ Բաքուի պրոլետարիատի անունից երդւում էր ո՛չ մի կաթիլ քարիւղ չտալ թուրքերին, [11] Լենինը, թուրքերին բարեկամութեան ձեռք մեկնած համաձայնութիւններ էր կնքում ու գերմանացիներին Բաքուի քարիւղ էր խոստանում: Ստալինին յղած մի հեռագրում Լենինը կարգադրում էր Շահումեանին տեղեակ պահել, որ գերմանացիները Բեռլինում Եօֆֆէին խօսք են տուել արգիլել թուրքերի յարձակումը Բաքուի վրայ, եթէ իրենք Բաքուի քարիւղից բաժին ունենան: [12] Յունիս 23-ին Լենինին գրած մի նամակում Շահումեանը վերլուծում էր դէպքերի հոլովոյթը եւ կշռադատում իրավիճակը: Նրա ոճը դրսեւորում է նրա անհանդուրժող կեցուածքը ազգային, մանաւանդ՝ հայկական անկախութեան հանդէպ. «Մեր դրութիւնը միջազգային տեսակէտից իսկապէս սոսկալի է: Անկախ Վրաստան, անկախ Ադրբէյջան, որպէս թէ անկախ Հայաստան»: [13]

 



[1] Տես՝ սոյն գլխի ծանօթ. 9:

[2] Շահումեան, «Երկեր», էջ 149-150:

[3] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 166։

[4] Շահումեան, «Երկեր», էջ 154:

[5] Նոյն տեղում, էջ 254:

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 166-167:

[7] Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Դ., թղթածրար թիւ 1406ա, փաստաթուղթ թիւ 1:

[8] Այս գործողութիւնների մանրամասները տես՝ «Բագուի Հերոսամարտը», «Հայրենիք» ամսագիր, Գ. Տարի, թիւ 8, Յունիս, 1925, էջ 112-115:

[9] Շահումեան, «Երկեր», էջ 309-310:

[10] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 169:

[11] Շահումեան, «Երկեր», էջ 305:

[12] Գաբրիէլ Լազեան, «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 196:

[13] Շահումեան, «Երկեր», էջ 324: